Պուտինը զանգել է Փաշինյանին, բայց չի շնորհավորել Հայաստանի Անկախության հռչակագրի օրը

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին։

Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար։

Հիշեցնենք, որ այօր ՀՀ Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձն է։ Պուտինը “չնկատելու է տվել” Հայաստանի համար այդ կարեւոր օրը, քանի որ ՀՀ Անկախության հռչակագիրը հղում է անում Հայաստանի եւ Արցախի միավորման մասին 1989 թ․ որոշմանը։  

Այս Հայաստանի Հանրապետության հիմքը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետություններն են. Արթուր Խաչատրյան

Գերագույն խորհրդի պատգամավորներն այսօր հավաք են անցկացնում՝ Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձի առթիվ։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ելույթում ասաց. «Անկախության հռչակագիրը ոչ միայն հիմք դրեց հայոց անկախ պետականության վերականգնմանը, այլ նաեւ ուղենշեց հիմնական քաղաքական կետերը եւ սկզբունքները, որոնց հիման վրա կառուցվեց Հայաստանի անկախ հանրապետությունը։ Եվ երրորդ հանրապետության ստեղծման, որի կործանմանը տանում է այսօրվա իշխանությունը, մի քանի հիմնական սկզբունք կա։

Առաջինը՝ համահայկական նպատակների իրականացումն է։ Հայաստանի Հանրապետությունը միայն 29 743 քառսկուսի կմ վրա ապրող հայերի եւ հայաստանցիների հայրենիքը չէ։ Հռչակվեց, որ դա համայն հայության հայրենիքն է։ Եվ ամենակարեւորը՝ այս պետության հիմքը 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ ստեղծված պետությունն է։ Այս Հայաստանի Հանրապետության հիմքը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետություններն են։

Այսօր Հայաստանի իշխանությունները, փորձելով սեպ խրել այս երկու պետությունների արանքում, արցախահայության ու սփյուռքահայության միջեւ, փորձում են պառակտել մեր ազգը եւ ջնջել հայկականություն։ Եվ այսօր, նշելով Հայաստան Անկախության հռչակագրի 34 ամյակը, մենք ուղերձ ենք հղում, որ ողջ հայ ժողովուրդն ունի համահայկական նպատակներր, հայոց պետականությունը Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության վերամիավորումն ուղենիշ հռչակող պետություն է։ Եվ այդ ընթացքից հնարավոր չէ մեզ շեղել։

Պետությունը, պետականությունը շատ թանկ հաճույք է, աշխարհի հազարավոր ազգերից մոտ 250 ազգ ընդամենն ունեն այդ երջանկությունը, այդ բախտը, այդ առավելությունը։ Եվ բոլոր այն պնդումները՝ սպառողական ու քաղքենիական, թե ինչքա՞ն պիտի պայքարենք, բա երբ ենք ապրելու, ընդամենը պետականության կործանմանը տանող գաղափարախոսություն ու փիլիսոփայություն է։ Ոչ, պետությունը թանկ հաճույք է, թանկ պարգեւ է, եւ այդ թանկ պարգեւը պահելու համար յուրաքանչյուր ոք յուրաքանչյուր օր պետք է ապացուցի, որ պատրաստ է պայքարել հանուն ազատ, անկախ եւ միացյալ պետության»։

Փաշինյանը չհիշատակեց 1989 թ․ Հայաստանի եւ Արցախի միավորման մասին որոշումը

Այսօր Հայաստանի Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձն է։ Այն նույն հռչակագրի, որի վրա հղում է անում ՀՀ Սահմանադրությունը, այդ թվում՝ Հայաստանի ու Արցախի միավորման մասին 1989 թ․ համատեղ որոշմանը։ Հենց այդ հղումն են խնդիր համարում Պուտինն ու Ալիեւը, ասելով, որ քանի այն կա Սահմանադրութան մեջ, Հայաստանը տեր է Արցախին։

Փաշինյանը գարնանը կարծես համաձայնվել էր այդ պահանջի հետ, նույնիսկ “հայրենիք-պետություն” հակադրության մասին անհեթեթ տեսություն է ներկայացրել ու ասել, որ Սահմանադրությունը պետք է փոխվի։ Հայաստանում ամռան սկզբին ծավալված բողոքի ակցիաների եւ դրանց չմիացած ժողովրդի խուլ դժգոհության ֆոնին Սահմանադրության փոփոխության թեման վտանգավոր դարձավ Փաշինյանի իշխանության համար։ Եւ նա հայտարարեց, որ սահմանադրական փոփոխություն կարող է տեղի ունենալ 2027 թ․ միայն՝ այսինք 2026-ի ընտրություններից հետո։

Բաքուն դա գնահատեց որպես “խաղաղ պայմանագրի” տորպեդավորում, դրան միացավ նաեւ Լավրովը, որը փաստորեն ասել է, թե Փաշինյանը սաբոտաժ է անում իր իսկ ստորագրված փաստաթղթերը։ Թեկուզ ակնարկը վերագրեցին Մեղրիի ճանապարհին, բայց այն կարող է հենց այս՝ Սահմանադրության հարցին վերաբերվել։ ՀՀ ԱԳՆ-ն հաստատեց, որ Լավրովը խոսում էր ինչ-որ գաղտնի պայմանավորվածությունների մասին։

Կա՞ արդյոք փաստաթուղթ, որով Փաշինյանը խոստանում է հրաժարվել Միացումի մասին 1989 թ․ որոշումից։  Նրա բանավոր հայտարարություները, որ ճանաչում է Արցախը “ադրբեջանի” մաս ոչ ոք լուրջ չի ընդունում։ Չէ՞ որ գերագույն փաստաթղթով Արցախը Հայաստանի մաս է, հատկապես, երբ հայտարարվեց “անկախ Արցախ” պրոեկտի ավարտի մասին։

Հիմա Փաշինյանը կա՛մ պետք է իրոք Սահմանադրություն փոխի, ինչը կբերի եւ Հայաստանի, եւ նրա իշխանության կործանման, կամ շուստրիություն անի եւ ասի “я не я, и лошадь не моя”։ Եւ նա ասաց։

Այսօրվա իր ուղերձում Փաշինյանն ասաց, որ “ի հեճուկս ամենատարբեր մեկնաբանությունների, սա /հղումը/ չի նշանակում, թե Անկախության հռչակագրի ողջ բովանդակությունը ներառված է ՀՀ Սահմանադրության մեջ և այս երկու փաստաթղթերի բովանդակությունը նույնական են”: Նա չհիշատակեց 1989 թ․ որոշումը կամ Հայոց ցեղասպանության հետեւանքների մասին դրույթները, այլ մի անհեթեթ օրինակ բերեց։

“ՀՀ Սահմանադրության մեջ արտահայտված են Անկախության Հռչակագրի միայն այն դրույթները, որոնք արտահայտված են ուղղակի, բառացի և տառացի և որևէ այլ մեկնաբանություն պարզապես պատեհ չէ”, ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության մեջ չկա 1989 թ․ ուղիղ հիշատակում։ Բայց դա չի նշանակում, որ Արցախը Հայաստան չէ, եւ Հայաստանի կառավարությունը պատասխանատու չէ Արցախի համար։ Ուզեն թե չուզեն, բոլորը պետք է բացեն աչքերը եւ ընդունեն՝ Արցախը Հայաստան է, նույնիսկ օկուպացված վիճակում։ Եթե այդպես չլիներ, Հռչակագիրը խոչընդոտ չէր լինի “խաղաղ պայմանագրի” համար։

Նաիրա Հայրումյան

«Սեպտեմբերյան պատվերների վերջին հնարավորությունները՝ Նախշունի ձեռագործ մազակալներով»

Նախշուն Ավագյանի պատմությունը խորհրդանշական է այն մարդկանց համար, ովքեր, չնայած դժվարություններին, շարունակում են պայքարել ու ստեղծագործել՝ պահպանելով իրենց մշակույթը և արժեհամակարգը: Նախշունը, լինելով Ստեփանակերտում ծնված և մեծացած արվեստասեր ընտանիքի զավակ, իր ամբողջ կյանքն ուղղել է դեպի արվեստը և ձեռագործությունը:

Նրա ստեղծագործական ուղին սկսվել է փոքր տարիքից, երբ նա մասնակցել է Շուշիում կազմակերպվող ցուցահանդես-վաճառքներին: Ավարտելով Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտը, նա դարձավ դիզայներ և շարունակեց զբաղվել ձեռագործությամբ, ինչը նրա կյանքի անբաժան մասն է: «ՆԱԽՇ» ապրանքանիշը, որը ստեղծել է իր անունից որոշակի կրճատումով, դարձավ կայուն բիզնես, հատկապես 2020 թվականի պատերազմից հետո, երբ վերադառնալով Արցախ՝ նա իր ձեռագործ աշխատանքներով սկսեց վաստակել։

Նախշունի պայքարը միայն նյութական չէ. այն նաև հոգևոր է և գաղափարական: Նա ձգտում է բարձր պահել Արցախի անունը և ապացուցել, որ որքան էլ ժամանակները լինեն բարդ, արցախցիները երբեք չեն հանձնվում։ Այս ոգով և հաստատակամությամբ նա նաև փորձում է նոր միջավայրում ինտեգրվել, շարունակելով կրթվել, նոր հմտություններ ձեռք բերել և իր արվեստով ու ձեռագործությամբ նպաստել իր ընտանիքի բարեկեցությանը:

Նրա պատմությունը վկայությունն է այն բանի, որ արվեստը և ստեղծագործությունը կարող են ուժեղ հիմք հանդիսանալ դժվարությունների հաղթահարման և նոր կյանք սկսելու համար։

Նախշունը հիշեցնում է, որ սեպտեմբերյան պատվերների համար շատ քիչ տեղ է մնացել։

Ներկայումս նա ապրում է Հրազդանում և ստեղծում է հետաքրքիր ու յուրօրինակ մազակալներ: Եթե ցանկանում եք աջակցել նրան և ակտիվացնել նրա ինստագրամյան էջը, ապա միացեք և հետևեք այստեղ:

Նախշունը ուրախ կլինի լսել ձեր կարծիքները իր աշխատանքների վերաբերյալ։

Տաթև Ազիզյան

Ինչպես են 2025-ին կազմակերպվելու Արցախի ԱԺ ընտրությունները

2025 թվականին լրանում է Արցախի Հանրապետության գործող Ազգային ժողովի ժամկետը։ Step1.am-ի թղթակիցը Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցին հարցրեց՝ 2025 թվականին ԱԺ նոր ընտրություննե՞ր են անցկացվելու, ինչպե՞ս են Հայաստանում կազմակերպելու այդ գործընթացը։

«Մենք, իհարկե, կողմնակից ենք, որ բոլոր օրինական պահանջները պահպանելով՝ հերթական ընտրություններ կազմակերպենք։ Բայց Արցախի էթնիկ զտման պատճառով բավական լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած։ Այնուամենայնիվ քննարակումներ կան, մշակվում են տարբերակներ։ Եթե մենք համոզված լինենք, որ այդ տարբերակները թույլ կտան նաեւ ՀՀ տարածքում գտնվելով՝ ընտրություններ կազմակերպել, կգնանք այդ ճանապարհով։ Չնայած, ներկա պայմաններում ես շատ դժվար եմ դա պատկերացնում՝ տեսնելով, թե ինչ վերաբերմունք է ցուցաբերվում ՀՀ իշխանությունների կողմից Արցախի պետական կառույցների նկատմամբ»,- ասաց նա։

Ըստ Գագիկ Բաղունցի՝ եթե հնարավոր չլինի ընտրություններ անցկացնել, կան հնարավորություններ՝ երկարաձգելու Արցախի ընտրված պետական կառույցների լեգիտիմության ժամկետները։ «Մենք այդ ուղղությամբ աշխատել ենք ու աշխատում ենք։ Մեր իշխանությունների կողմից կան մշակված մեխանիզմներ, հիմնավորումներ են ներկայացված, որոնք հղում են կատարում եւ մեր Սահմանադրության, եւ Արցախի ԱԺ կանոնակարգ օրենքի դրույթներին»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս համատեքստում ուսումնասիրվում է նաեւ միջազգային փորձը։

«Փորձելու ենք 2025 թվականի մայիսի 22-ին այնպիսի հիմնավորումներ տրամադրել, որ պահպանվի Արցախի Հանրապետության լեգիտիմ ընտրված մարմինների լեգիտիմությունը»,- ընդգծեց նա։

Ռոզա Հովհաննիսյան

Ինչն է միավորում պաշտոնական Մոսկվային ու Կիեւին․ «ադրբեջանի» հանդեպ խանդաղատագին սերը

Ինչն է միավորում պաշտոնական Մոսկվային ու Կիեւին․ այսպես կոչված «ադրբեջանի» հանդեպ խանդաղատագին սերը Հայաստանի հանդեպ թշնամական վերաբերմունքի ֆոնով։

Հակահայ այս բարդույթները հազարամյա պատմություն ունեն եւ սկիզբ են առնում այն ժամանակներից, երբ բյուզանդական հայ վերնախավը սլավոն վայրի ցեղերից ձեւավորեց Կիեւյան Ռուսիան եւ տարածեց քրիստոնեական հավատքը։

Գանք մեր ժամանակներին։ Կիեւը ողջունել է այսպես կոչված «ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը»։ Նկատենք՝ ողջունել է Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ ծրագրած եւ «ադրբեջանի» ձեռքով իրագործած ցեղասպան արշավը։ Ընդ որում, Հայաստանի դեմ արշավի հաջողությունից էր ուղիղ կախված Ուկրաինայի դեմ պատերազմի սանձազերծումը, ինչն էլ տեղի ունեցավ։

«ադրբեջանը» հայկական տարածքների ու հայերի ոսկորների վրա ստեղծել է Ռուսաստանը, Մոսկվան է «ադրբեջանցի» ցեղանվանման հեղինակը։ Կիեւն այս առումով «հարազատությո՞ւն» է զգում «ադրբեջանի» հետ․ օրինակ, Մոսկվան հայտարարում է, որ Ուկրաինա պետություն եւ ուկրաինացի ժողովուրդ գոյություն չունեն, դրանք արհեստական հասկացություններ են։ Ի դեպ, նույնը չի ասում «ադրբեջանի» մասին։

Կիեւի պաշտոնական քարոզչությունն ամեն կերպ արդարացնում է «ադրբեջանի» ռուսամետ քայլերը՝ ռուսական նավթի ու գազի արտահանման ստվերային սխեմաները, պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների մատակարարումները, ԲՐԻԿՍ-ին անդամակցության հայտը եւ այլն։

Կիեւի՝ «ադրբեջանին» արդարացնող քարոզչությունը հատկապես ակտիվացավ օրերս, երբ սկանդալ բռնկվեց Բաքվի ՍՈԿԱՐ պետական նավթագազային ընկերության շուրջ։ Ուկրաինացի բիզնեսմենները, զինվորականները, սոցցանցերի օգտատերերը տարակուսում են, որ Կիեւը չի դադարեցնում ՍՈԿԱՐ-ի հետ համագործակցությունը, որը վաճառում է ռուսական նավթ ու գազ, այսինքն՝ Կիեւը ֆինանսավորում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը (տես այստեղ

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ուկրայինայի հանդեպ ագրեսիայից առաջ կայացել են Պուտին-Ալիեվ “ռազմավարական” պայմանավորվածությունները։ Վերջին հանդիպման ժամանակ եւս ակնարկել են Հայաստանի եւ Ուկրաինայի դեմ գործողությունները։

Արժե ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե որն է ուկրաինական քարոզչության առաջատար ներկայացուցիչների «փորացավը» Բաքվի հարցում՝ Իսրայելի խնդիրները, որը Հայաստանի դեմ ռուս-թուրքական արշավի գլխավոր շահառուներից մեկն է։

Հայաստանի դեմ Արցախում իրագործված ցեղասպանությունը չափազանց թանկ է արժենալու դրա ծրագրողների ու շահառուների վրա։ Դա բոլորիս աչքի առաջ է։

Արամ Եգանյան

Կուտակայինի հարցը գրեթե լուծված էր․ հարցազրույց Գագիկ Բաղունցի հետ

Հայաստանում հաստատված արցախցիները սոցիալական բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնել, Արցախի Ազգային ժողովը փորձում է լուծումներ գտնել։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը։

«Արցախի Ազգային ժողովը, գտնվելով Հայաստանում, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն մտցրեց, որով հնարավորություն է ընձեռնվում կուտակային համակարգում ընդգրկված արցախցիներին ցանկության դեպքում հետ ստանալ իրենց կուտակած գումարը։ Հարցը գրեթե լուծված էր, բայց Հայաստանի կառավարության որոշմամբ, հետագայում ՀՀ ԱԺ կողմից համապատասխան օրենքի ընդունմամբ մեր քաղաքացիներն այդ հնարավորությունից զրկվել են։ Խոսքը մոտ 35 հազար քաղաքացիների եւ 17 մլրդ դրամ կուտակված  գումարների մասին է։ Տարբեր խողովակներով մեր դժգոհություններին ու պահանջներին, որ ապօրինի որոշումներ ու հակասահմանադրական օրենք են ընդունել, ոչ մի արձագանք չեղավ։ Եվ մենք խնդրեցինք ՀՀ ԱԺ մեր գործընկերներին՝ դատարան դիմելու իրենց հնարավորությունն օգտագործեն, որպեսզի ՀՀ կառավարության որոշումն ու ԱԺ օրենքը չեղարկվեն, եւ մեր քաղաքացիներին հնարավորություն տան օգտվել իրենց կուտակած գումարներից, որոնց կարիքը շատ կա»,- ասաց Բաղունցը։

Նրա խոսքով՝ արդեն կա տեղեկություն, որ 2024 թվականի դեկտեմբերին «40+10» հազար դրամ աջակցության ծրագիրը լուրջ սահմանափակումներով է իրականացվելու։ Այդ աջակցության գումարները ստանալու են միայն թոշակառուներն ու անչափահասները։ Հասարակության մի մեծ զանգված այդ գումարն այլեւս չի ստանալու, այնինչ, արցախցիներն այդ գումարներն ուղղում են բնակարանների վարձավճարների վճարմանը։ Գագիկ Բաղունցն ասաց, որ արցախցիների շրջանում արտագաղթի տեմպերն արդեն իսկ շատ մեծ են։ Եվ արտագաղթի ծավալը կաճի, եթե սոցիալական խնդիրները սրվեն։

«Տարբեր տվյալներով՝ խոսք է գնում, որ արդեն իսկ 15, 20, 25 հազար արցախցիներ լքել են Հայաստանը։ Ցավոք, այդ թվերը կկրկնապատկվեն, կեռապատկվեն, եթե Հայաստանի կառավարության կողմից շարունակաբար նման վերաբերմունք դրսեւորվի արցախցիների նկատմամբ։ Խոսքը եւ կուտակային կենսաթոշակային հիմնադրամի գումարների մասին է, եւ բնակարանային ծրագրի, եւ սոցիալական աջակցության»,- ընդգծեց Բաղունցը։

Արցախի Ազգային ժողովն առաջարկություններ է մշակել արցախցիների բնակապահովման ծրագրի վերաբերյալ եւ պատրաստվում է հնարավորության դեպքում դրանք ներկայացնել Հայաստանի կառավարությանը։ Բաղունցն ասաց, որ բնակապահովման աջակցության ծրագիրը մշակելիս Արցախի իշխանությունների առաջարկությունները հիմնականում հաշվի չեն առնվել։ Իրենք հիմնավոր առաջարկներ են մշակել, որոնց ներառում են եւ քաղաքական, եւ սոցիալական բաղադրիչներ, եւ ՀՀ իշխանությունները, Բաղունցի խոսքով, պարտավոր են հարցը քննարկել արցախցիների իշանությունների ու հասարակական սեկտորի հետ։

«Բնակապահովման ծրագիրը երեք փուլով է իրականացվելու, 2027 թվականի հունվարի մեկից երրորդ փուլն է մեկնարկելու։ Իմ մտավախությունն այն է, որ այս տեմպերով մենք արդեն 2026-2027 թվականներին շատ քիչ արցախցիներ կունենանք Հայաստանում»,- ասաց նա։ Ըստ Բաղունցի՝ իրենց առաջարկություններում համապատասխան որոշումներին հղումներ են անում եւ փորձում են ՀՀ իշխանություններին բացատրել, որ այս ծրագիրը ոչ միայն արժանապատիվ հնարավորություններ չի ստեղծում արցախահայության համար, այլ հուսահատություն է առաջացնում արցախցիների՝ ՀՀ-ում արժանապատիվ գոյության համար։ Եվ դրա վկայությունն այն է, որ արդեն հազարավոր արցախցիներ արտագաղթել են։

Նա նշեց, որ առայժմ բնակապահովման ծրագրի վերաբերյալ իրենց առաջարկությունները չեն հանրայնացնում։ Եթե հնարավորություն չստեղծվի այն քննարկելու Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ, Արցախի իշխանությունները հնչեղություն կտան հարցին ու հանրային քննարկումներ կանցկացնեն։

Ռոզա Հովհաննիսյան

Իրանը չի նշում նախագահական ուղղաթիռի կործանման պատճառը

Իրանում ուղղաթիռի կործանման պատճառը, որը խլել է երկրի նախագահ Իբրահիմ Ռաիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների կյանքերը, գերծանրաբեռնվածությունն է եղել՝  ինքնաթիռում 2 ավելորդ մարդկանց պատճառով։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է իրանական Fars գործակալությունը՝ վկայակոչելով հետախուզական ծառայությունների իր աղբյուրներին։

Իրանի գլխավոր շտաբը ի պատասխան հայտարարել է, որ Fars գործակալության աղբյուրների վարկածը չի համապատասխանում իրականությանը։ Թե որն է այս դեպքում երեք ամիս առաջ տեղի ունեցած աղետի իրական պատճառը, իրանցի զինվորականները չեն ասում։

Գործակալությունը հիշեցնում է, որ Գլխավոր շտաբն ինքը դեռ մայիսին երկու զեկույցներում հայտարարել էր, որ ուղղաթիռի բեկորների վրա գնդակների կամ պայթյունի հետքեր չեն հայտնաբերվել, ինչպես նաև տեխնիկայում էլեկտրոնային պատերազմի սարքավորումների ազդեցության հետքեր չեն հայտնաբերվել։

Ինչո՞ւ երեք ամիս անց նախագահական ուղղաթիռի կործանման պատճառների մասին պաշտոնական վարկածներ չկան։

Հիշեցնենք, որ Ռաիսին վերադառնում էր Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգից՝ Ադրբեջանի հետ սահմանին, որտեղ Ալիևի հետ մասնակցել է սահմանային Արաքս գետի վրա ամբարտակի շահագործման հանձնման արարողությանը։

Բացի այդ, այդ հատվածներում՝ Արցախի օկուպացված տարածքներում, 2020 թվականի պատերազմից հետո իսրայելական ռազմական ենթակառուցվածքներ են հայտնվել։

Իրանի կողմից աղետի պատճառների մասին ցանկացած հայտարարություն կենթադրի կոնկրետ գործողություններ։ Եվ քանի որ ոչ ոք չի հավատում «գերբեռնվածությանը», սա նշանակում է, որ պատճառները արտաքին են, և կասկածյալներն ու մեղավորները պետք է հայտնի լինեն։ Եվ հետո՝ պատժվեն։

Ըստ ամենայնի, Իրանը դեռ չի կարծում, որ պատրաստ է նման քայլերի։ Թեհրանում էլ գիտեն, որ լռողները ժամանակ են շահում։ Իսկ նրանք, ովքեր սպասում են մեղադրանքների, սկսում են սխալվել։

Բլինքենը չկարողացավ համոզել Իսրայելին՝ Նեթանյահուին քիչ քայլ է մնացել

Չորեքշաբթի օրը նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կոչ է արել Գազայի հատվածում հրադադարի հասնել ՀԱՄԱՍ-ի հետ, քանի որ Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները փակուղի են մտել:

ԱՄՆ-ի և Իսրայելի ղեկավարները հեռախոսով զրուցել են պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մերձավորարևելյան շրջագայությունից ժամեր անց, որի նպատակն էր համաձայնության հասնել տարածաշրջանում աճող լարվածության պայմաններում:

Ավելի վաղ Axios լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Բայդենը պատրաստվում է Նեթանյահուի հետ քննարկել Իսրայելի պահանջը՝ վերահսկել Ֆիլադելֆիայի միջանցքը՝ Գազայի և Եգիպտոսի միջև սահմանը, որը իսրայելական ուժերը զավթել են Համասից:

Բայդենն աջակցել է Իսրայելին հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից երկրի հարավի վրա հարձակումից հետո: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի և Իսրայելի առաջնորդների հարաբերություններն այժմ սրված են, և Բայդենը Իսրայելին կոչ է արել նվազեցնել քաղաքացիական զոհերի թիվը:

Մեկ օր անց այն բանից հետո, երբ Բլինքենն ասաց, որ Իսրայելն արդեն համաձայնեցրել է Գազայից զորքերի դուրսբերման «ժամանակացույցը և վայրը», Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անհամաձայնություն է հայտնել հիմնական հարցերից մեկի՝ Ֆիլադելֆիայի միջանցքի շուրջ:

Պատասխանելով Նեթանյահուի խոսքերի մասին հարցին՝ Բլինքենն ասել է, որ «հակամարտության սկզբից բացարձակապես պարզ էր, որ Միացյալ Նահանգները չի ընդունի Իսրայելի կողմից Գազայի որևէ երկարաժամկետ օկուպացիան»:

Համաշխարհային վերլուծաբանները փորձում են պարզել, թե ինչ է ուզում Իսրայելը։ Նրանք ասում են, որ Համասի և Հեզբոլլահի առաջնորդներին սպանելը չի ​​հանգեցնի այդ կազմակերպությունների վերացմանը, որոնք հիմնված են ոչ թե անձերի, այլ գաղափարախոսության վրա։ Նույնիսկ հրեա վերլուծաբաններն ասում են, որ ժամանակն է ճանաչել Պաղեստինը և համագործակցություն հաստատել տարածաշրջանում: Բայց Նեթանյահուի համար սա նման է մահվան։

ՀԱՄԱՍ-ի և Հեզբոլլահի առաջնորդների սպանությունները, ըստ վերլուծաբանների, կարող էին նպատակ ունենալ Իրանին ներքաշել մեծ պատերազմի մեջ, սակայն Թեհրանը ռազմավարական զսպվածություն է ցուցաբերել: Իրանի կողմից հակահարված տալու միայն սպառնալիքներն արդեն իսկ մեծ իրարանցում են առաջացրել տարածաշրջանում: ԱՄՆ-ը 5 ավիակիր է ուղարկել Մերձավոր Արեւելք՝ փաստորեն ցույց տալով, որ Իսրայելն ի վիճակի չէ ինքնուրույն պաշտպանվել, եւ ժամանակավորապես ծածկել աքիլեսյան գարշապարը։

Ավելին, Իրանի սպառնալիքները հանգեցրին Իսրայելի ղեկավարության հայտարարությանը Ադրբեջանից, այսինքն՝ Արցախի օկուպացված տարածքներից իր զինուժի դուրսբերման մասին։

Այս ֆոնին Նեթանյահուին մնացել են քիչ քայլեր, և ԱՄՆ-ն ասում է, որ դրանց թիվը օրեցօր նվազում է:

Եթե ​​Լուկաշենկոյին ու Պուտինին հայերը պետք չեն, թող պոկ գան մեզնից

Իվան Այվազովսկի․ «Նոյն իջնում է Արարատից»

Բելառուսի առաջնորդ Լուկաշենկոյի հայտարարությունը, թե մեզնից բացի հայերը ոչ մեկին պետք չեն, մեկնաբանվում է «հակառակն ապացուցելու» տրամաբանությամբ։

Իրականում Լուկաշենկոն խոստովանեց, որ իրենք (ինքը, Պուտինը, Ալիևը և մյուսները) հայերի կարիքն ունեն, որ առանց հայերի նրանց մոտ ոչինչ չի ստացվի, քանի որ նրանց պատմությունը մի քանի հարյուր տարի էլ չի ձգում, իսկ հայերի բեքգրաունդը Նոյին է հասնում։

Ասենք, ֆրանսիացիներին, արևմուտքին և նույնիսկ Հայաստանի իշխանությանը հայերը պետք չեն։ Բայց ինչի՞ն են նրանք պետք Լուկաշենկոյին ու Պուտինին։ Եթե հայերի ոչ մի բանի պիտանի չեն, թող Լուկաշենկոն “անտառով անցնի”։ Ինչո՞ւ են մտցրել հայերին իրենց կողտոտ ՀԱՊԿ ու ԵԱՏՄ-ները, ինչո՞ւ են բոլոր շներին հայերի վրա անում, ինչո՞ւ չեն թողնում Արևմուտք գնանք, նույնիսկ թույլ չեն տալիս վայելել քաղաքակրթության հազարամյա բարիքները։

Հին քաղաքակրթությունների հետ կապված «երիտասարդ», դեռևս չձևավորված ազգերի հոգեբանական բարդույթները հանգիստ չեն տալիս նրանց։ Բելառուսներն այսօր կան, վաղը չէ, ռուսները դեռ չեն որոշել իրենց էթնոգենեզը, ադրբեջանցիները նույնիսկ հստակ էթնոանվանում չունեն, իսկ հայերը եղել են, կան և կլինեն։ Նոյը բանալիները հայերին է տվել։

Մարդկության պատմության մեջ երկրորդ ամենամեծ ադամանդը հայտնաբերվել է Աֆրիկայում. RBC

RBC

Հանքարդյունաբերական Lucara Diamond ընկերությունը հայտարարել է Բոտսվանայի Karowe հանքավայրում 2492 կարատանոց (498,4 գրամ) ադամանդի հայտնաբերման մասին։ Գտնված գոհարը, որը դեռ չի ստացել իր սեփական անունը, մեծությամբ երկրորդն է մարդկության պատմության մեջ և ամենամեծը՝ այժմ գոյություն ունեցողների մեջ:

Սրանից մեծ միակ ադամանդը՝ 3106,75 կարատ կամ 621,35 գրամ, հայտնի «Կուլինանը» էր, որը հայտնաբերվել էր 1905 թվականին Հարավային Աֆրիկայում։ Բայց այս քարը 20-րդ դարի սկզբին բաժանվեց ավելի քան հարյուր կտորների։ Կուլինանի կտրված բեկորներից ամենամեծը՝ Աֆրիկայի մեծ աստղը ադամանդը, կշռում է 530,2 կարատ և զարդարում է Էդվարդ VII թագավորի գավազանը, որը պահվում է Բրիտանական աշտարակում։

Lucara Diamond ընկերությունը ոչինչ չի հայտնել իր ծրագրերի մասին։ 2015 թվականին նույն հանքավայրում հայտնաբերված ավելի քան 1100 կարատ կշռող ադամանդը ստացել է Lesedi La Rona («Մեր լույսը») անունը և վաճառվել է 2017 թվականին՝ ամբողջությամբ և չկտրված, 53 միլիոն դոլարով։

ԼՈՖԹ–ը աջակցում է արցախահայերին (վիդեո)

Արցախից բռնի տեղահանվածների իրազեկվածության, սոցիալականացման, ոչ ֆորմալ կրթության և զբաղվածության առաջնահերթությունները կարևորելով՝ «ԼՈՖԹ» հասարակական կազմակերպությունը միաժամանակ ծրագիր է գործարկել Երևանում, Վանաձորում և Գյումրիում։

Ծրագրի շրջանակներում հանդիպումներ են կազմակերպվում պաշտոնատար անձանց հետ, որտեղ բաց ձևաչափի շնորհիվ արցախահայերն անմիջապես պաշտոնյաներին են ուղղում  իրենց հուզող հարցերը։

Քննարկվել են բնակարանաշինության, ՀՀ  քաղաքացիություն ստանալու, զբաղվածության և հրատապ այլ հարցեր։

ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության սոցիալիզացմանը» ծրագրի շրջանակում նաև ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացմանն ուղղված միջոցառումներ են իրականացվում։ Կազմակերպվել է արցախցիների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես–վաճառք։

Ոչ ֆորմալ կրթության, երիտասարդության զարգացման ու զբաղվածության հարցերին ուղղված միջոցառումներին զուգահեռ կազմակերպվում են նաև ժամանցի միջոցառումներ։ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղին մասնակցել են 12–18 տարեկան շահառուները։

Սթրեսակայունության զարգացմանն ու սթրեսի կառավարման սկզբունքներին, ինքնակարգավորման մեթոդներին ուղղված հանդիպումներ են կազմակերպվում հոգեբանների  մասնակցությամբ։

Հաճախ տրվող հարցերի պատասխանը տեղադրվում է «Մենք ու Մունք» ֆեյսբուքյան հարթակում։

Վարպետության դասերը, աշխատաշուկայում կողմնորոշվելուն ուղղված միջոցառումները կազմակերպվում են պարբերաբար՝ ամիսը մի քանի անգամ, փորձագետների ու մասնագետների հետ համատեղ։

ԼՈՖԹ կենտրոնները շահառուների համար գործում են անվճար։ Ծրագրի մանրամասները ներկայացնում է «ԼՈՖԹ» կենտրոնների տնօրեն Արևիկ Համբարձումյանը։

 

Մարինե ՄԿՐՏՉՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիաակումբի նախագծի շրջանակներում