Աբխազիայի նախկին նախագահը մեկնում է Մոսկվա

Աբխազիայի նախկին նախագահ Ասլան Բժանիան, որ այս շաբաթ հրաժարական տվեց, ռուսական ՏԱՍՍ-ին ասել է, որ գտնվում է ինքնահռչակ հանրապետությունից դուրս։

«Ես հիմա Աբխազիայում չեմ, մի քանի օրով թռչում եմ Մոսկվա»,- ասել է նա։

Նոր ընտրությունների օրը դեռ որոշված չէ, սակայն Արցախի օրինակով կարելի է ենթադրել, որ “անկախ հանրապետություն” պռոյեկտը սպառել է իրեն, եւ եկել է ժամանակը “ինտեգրվել” Ռուսաստանին։

Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել 18 տարվա ազատազրկման

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սարգիս Գալստյանին լրտեսության մեղադրանքով դատապարտել է 18 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը՝ հղում անելով դատախազությանը։

Գալստյանը բարձր պաշտոններ է զբաղեցրել Արցախում, այդ թվում՝ Շուշիի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալի, կրթության նախարարի տեղակալի ու նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնները։

Գործի նյութերի համաձայն՝ 2020 թվականին Գալստյանը հավաքագրվել է օտարերկրյա պետության հետախուզական ծառայությունների կողմից։ 2020-2023 թվականներին նա տեղեկատվություն է փոխանցել Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական իրավիճակի, հասարակական տրամադրությունների, ռազմական գործողությունների նկատմամբ բնակչության վերաբերմունքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից հնարավոր ռազմական օգնության տրամադրման մասին, նույնիսկ 2023 թվականի սեպտեմբերի ագրեսիայի ժամանակ։

Արցախի օկուպացիայից հետո Գալստյանը Ստեփանակերտում մնաց մոտ վեց ամիս։ 2023 թվականի մարտի վերջին նա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանավորությամբ մեկնել է Հայաստան, որտեղ շուտով կալանավորվել է։

Արցախ, Նախիջեւան, Սյունիք կամ 1 տրիլիոն դոլար

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը մեկ շաբաթ առաջ հանդիպել է Ադրբեջանի ներկայացուցիչներին։ Նրանք, ըստ Մարուքյանի, պնդել են, որ իրենք արդեն ունեն վերջնական հաշվարկներ և մոտավորապես 1 տրիլիոն դոլարի պահանջ կարող են ներկայացնել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։

Մարուքյանը մնացածների հետ միասին լծվել է Փաշինյանի կառավարության, Ռուսաստանի եւ այլ «դաշնալիցների» կողմից «խաղաղության պայմանագրի» արդարացմանը․ եթե չստորագրենք եւ չհրաժարվենք Արցախից, Նախիջեւանից, Սյունիքից, ապա Ադրբեջանը մեզ 1 տրիլիոն դոլարի հայց կներկայացնի։

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իր հարցազրույցի մի դրվագ, որտեղ նույնպես ասում է, որ պետք է ժողովրդին ազնիվ ներկայացնի իրավիճակը։ Հավանաբար, նա կասի, որ պետք է հրաժարվել Անկախության հռչակագրից, ոչ չի ստացվում ստորագրել նույնիսկ սովետական սահմանների մասին պայմանագիր։

Արցախը փաստորեն ահագին թանկացել է․ Լուկաշենկոն ասում էր, որ Սերժ Սարգսյանին 5 մլրդ դոլար էին առաջարկում, բայց նա հրաժարվեց։ Հիմա գինը հասել է տրիլիոնի, բայց միայն Ադրբեջանի համար, որը գիտի հողի իրավունքի գինը։ Պաշտոնական Երեւանի համար Արցախը գրոշ չարժի։

«Միջազգային հանրությունը միաձայն, թուրքական պետության համաձայնությամբ, որոշել է, որ սա է լինելու Հայաստանը»

«Հայաստանի իշխանությունն այսօր Վիլսոնի իրավարար վճռի մասին ընդհանրապես չի խոսում, ի՞նչ պետք է աներ իշխանությունը․ առաջին հերթին Հայաստանի գլխավոր իշխանավորը պետք է հրավիրեր բոլոր դիվանագետներին, ներկայացներ պատմական այդ իրողությունը եւ ոտնձգությունների բոլոր հավակնությունները դրանով վերացներ։ Պետք է ներկայացներ, որ եղել է միջազգային հանրություն, որը միաձայն, ընդ որում՝ թուրքական պետության համաձայնությամբ, որոշում է ընդունել, որ սա է լինելու Հայաստանը»,- այսօր Ազատության հրապարակում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։

Նոյեմբերի 22-ը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի օրն է։ Հայրիկյանի խոսքով՝ այդ վճիռը կարեւոր էր նաեւ Հայոց ցեղասպանության հետեւանքները վերացնելու համար։ Բայց այսօր հայկական դիվանագիտությունը չի օգտագործում այդ հնարավորությունը, հայկական դիվանագիտությունը ոչ թե խարխափում է, այլ գոյություն չունի։

«Շատ քիչ պետություններ ունեն համաշխարհային հանրության միջոցով ընդունված, հետո Ամերիկայի պես պետության ղեկավարի կողմից հաստատված այդպիսի իրավարար ակտ։ Եվ Վիլսոնի իրավարար վճռի օրը նշելն այսօրվա պայմաններում կրում է շատ կարեւոր քաղաքական նշանակություն»,- հայտարարեց Հայրիկյանը։

Նա հավելեց․ «Եթե անցյալ դարի 20-ական թվականներին այս իրավիճակում հայտնվել էինք ռուս-թուրական դաշինքի պատճառով, հիմա նույն բանը կրկնվեց, այսինքն՝ 100 տարի հետո նույնը մեզ հետ կրկնվեց։ Սա ինչո՞վ է կարեւոր՝ պատմությունից դասեր քաղողներն են, որ կարողանում են պատմության հետագա ընթացքին ճիշտ դիրքերից նայել»։

Պարույր Հայրիկյանը նաեւ ասաց, որ այսօր հայ ժողովրդի գիտակցության, առողջ մտածելակերպի վրա ազդելու, մարդկանց իրենց հայրենիքից հեռանալուն տրամադրելու համար այս իշխանություններն օգտագործում են նաեւ սոցիալ-տնտեսական գործոնը։ Ըստ նրա՝ սա սոցիալ-տնտեսական տեռոր է, որպեսզի թշնամիների համար ճանապարհ բացվեն, եւ Հայաստանի տերը դառնան մեր թշնամիները։

Անդրադառնալով անելիքներին՝ Հայրիկյանը շեշտեց բացարձակ ժողովրևդավարության Սահմանադրության նախագիծը՝ նշելով, որ իշխանությունը պետք է փոխել, բայց իշխանությունը պետք է վերադարձնել իրական տիրոջը՝ ժողովրդին։

Վերջին հնարավորություն․ Լիաննա Պետրոսյանը կոչ է արել որոշել հրապարակ դուրս գալու օրն ու ժամը

Վերջին օրերի իրադարձություններն ու հաստատված որոշումները ցույց են տալիս, որ ՀՀ Կառավարությունը հանձնառու չէ կատարել տեղահանված, փախստական դարձած մեր հայրենակիցների առջև իր պարտավորությունները։ Այդ մասին գրում է հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը։
“Բնակվարձի համար տրամադրվող աջակցությունը նվազագույնն է, որ կարող է անել Հայաստանի Հանրապետությունը բռնի տեղահանվածների համար, քանի դեռ բոլորը չեն ապահովվել սեփական տանիքով”, գրել է նա։
Լիաննա Պետրոսյանը համարում է, որ սա “միասնական վճռական ձայնը բարձրացնելու և արդարության ու մեր իրավունքների համար պայքարելու վերջին հնարավորությունն է”։
“Հրավիրում եմ բոլոր միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ուշադրությունը. նաև հենց Ձեր կառավարությունների և/կամ կառույցների թերի աշխատանքի կամ անգործության արդյունքն է, որ 150.000 մարդ ստիպված եղավ լքել իր ծննդավայրը և հայտնվել նման ծանր իրավիճակում, որ չգիտի, թե վաղը որտեղ է լինելու և ինչպես է հոգալու իր ընտանիքի կենսական կարիքները”, գրել է Լիաննա Պետրոսյանը:
Նա կոչ է արել որոշել հրապարակ դուրս գալու օրն ու ժամը։

Մինչեւ չի ստեղծվում քաղաքական իրավիճակ, դատական որոշումները չեն կատարվում

Step1.am-ի զրուցակիցն է է Հայգերմանական իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանը։

-Պարոն Պետրոսյան, Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանն օրերս որոշում ընդունեց, ըստ որի՝ արցախցիները քաղաքացիություն չունեցող անձինք են եւ չեն կարող վերադառնալ Արցախ, քանի որ իրենց կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում։ Ի՞նչ նշանակություն ունի այս որոշումը եւ կարո՞ղ է այն նախադեպ դառնալ եվրոպական մյուս երկրների համար։

-Այո, դա կարող է նախադեպ դառնալ եվրոպական այլ պետությունների համար, քանի որ կա Դուբլինի առանձին համաձայնագիր, որին եվրոպական պետությունները պարտավոր են հետեւել, իրենք այսպիսի գործերը իրար հետ փոխանակում են եւ փորձում են կոնսոլիդացնել ու հարմոնիզացնել իրենց դատական համակարգերում։

-Միջազգային իրավունքի տեսանկյունից ի՞նչ է նշանակում քաղաքացիություն չունեցող անձ։

-Դա նշանակում է, որ անձը չունի քաղաքացիություն եւ երեւիցե պետության հետ իրավաբանական հարաբերության մեջ չի մտնում։ Եթե անձը չունի քաղաքացիություն, դատարանը սկսում է քննել՝ արդյոք որտեղ է իրենց կեցությունն ապահովված։ Եթե անձի կեցությունը մեկ տարի շարունակ ապահովվում է որեւիցե երկրում, անձը կարողանում է այնտեղ աշխատանք գտնել, ապրել, ապա այդ պետությունն է շարունակում այդ անձի համար լինել հովանավոր՝ չնայած նրան, որ նա քաղաքացիություն չունեցող անձ է։ Հիմա, ըստ գերմանական իրավունքի եւ ըստ միջազգային ստանդարտների, այն անձինք, ովքեր արդեն մեկ տարի շարունակ գտնվել են Հայաստանում, իրենց համար արդեն բարդ կլինի ապացուցել իրենց փախստականի կարգավիճակն այլ երկրում։ Այսինքն՝ եթե անձը մեկ տարի շարունակ ապրել է Հայաստանում, Հայաստանը հոգ է տարել այդ անձի իրավունքների, կեցության մասին, ապա վերադարձն ապահովվելու է դեպի Հայաստան։

-Այսինքն՝ այս որոշումը չի ենթադրո՞ւմ, որ եվրոպական երկրները կարող են ապաստան տալ արցախցիներին։

-Այն անձինք, ովքեր մեկ տարի շարունակ ապրում են Հայաստանում, իրենց արդեն փախստականի կարգավիճակ չեն կարող տալ։

-Իսկ Հայաստանն ապահով երկի՞ր է համարվում արցախցիների համար, ըստ այդ վճռի։

-Այդ մասին որեւէ բան չկա վճռում, որովհետեւ անձինք, ովքեր դիմել էին դատարան, իրենք երկար ժամանակ չէին մնացել Հայաստանում։ Եվ իրենց վերադարձը պետք է լիներ Արցախ, բայց քանի որ Գերմանիան չի ճանաչում Արցախը՝ որպես պետություն, եւ գերմանական դատարանը չի կարող անձին պարտադրել վերադառնալ Արցախ, քանի որ այնտեղ իրեն հետապնդում է սպառնում, արդյունքում՝ ինքը ստացել է փախստականի կարգավիճակ։

Այս որոշումն արձանագրում է, որ Ադրբեջանի իշխանությունները հետապնդող քաղաքականություն են վարում հայերի նկատմամբ։ Եվ հաշվի առնելով, որ կան դատավարություններ Արդարադատության միջազգային դատարանում հենց Ռասայական խտրականության կոնվենցիայի շրջանակներում, սա օգտակար է հենց այդ դատական գործընթացի համար, որ ազգային դատական ատյաններում արդեն կան առանձին նախադեպեր, որ առանձին դեպքերով անձը փախստականի կարգավիճակ է ստանում այն պատճառով, որ իր նկատմամբ կարող է հետապնդում լինել Ադրբեջանում։

-Արդարադատության միջազգային դատարանը 2024 թվականի նոյեմբերի 12-ին կայացրեց վճիռներ, որոնցով դատարանն ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվեցիայի շրջանակում ներկայացված Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով եւ բավարարեց Հայաստանի ներկայացրած առարկությունները Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով: Ի՞նչ նշանակություն ունեն այս վճիռները, ինչպե՞ս պետք է պարտավորեցնել Ադրբեջանին՝ կատարել միջազգային դստարանի որոշումները, այդ թվում՝ Արցախ վերադարձի մասին որոշումը։

-Այդ որոշումները կատարվում են պետությունների քաղաքականությունների հիման վրա։ Դատարանը չունի հարկադրանքի որեւէ միջոց, սա ավելի շուտ փաստի արձանագրում է, որը մնալու է պատմության մեջ հավերժ։ Ես պարբերաբար բերում եմ օրինակ, որ 1915 թվականին, երբ եղավ Հայոց ցեղասպանությունը, չկար որեւիցե ինստիտուտ, մարմին, որը կարձանագրեր, թե հայերի հետ ինչ է տեղի ունեցել։ Եվ երկար ժամանակ թուրքերն ինչի՞ վրա էին կառուցում իրենց ժխտողական քաղաքականությունը, ասում էին՝ դատարան չկար։ Իսկ հիմա մենք ունենք այդ դատարանները, այդ բոլոր ինստիտուտները, որտեղ հնարավոր է արձանագրել միջազգային իրավունքի խախտումը։ Դա արդեն բավարար է։ Բայց այդ որոշումները, որոնք կայացվում են, պետություններին պարտադրում են գործադրել բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի ուժ գործադրեն կոնկրետ պետության վրա՝ այդ որոշումները կատարելու համար։ Ինչպես տեսնում ենք Ռուսաստանի դեպքում, այդքան պատժամիջոցներ ու մեխանիզմներ կան, որոնք գործադրվում են։ Արդյունքում՝ մենք հանգում ենք եզրակացության, որ մինչեւ չի ստեղծվում քաղաքական իրավիճակ, որտեղ հնարավոր է բանակցությունների միջոցով դա պարտադրել, ցավոք, այդ որոշումները չեն իրականանում։ Ենթադրենք, հիմա Ադրբեջանը շատ վատ հարաբերությունների մեջ է գտնվում արեւմտյան երկրների հետ, բայց Ադրբեջանն ինչ-որ բան ուզում է եվրոպական պետություններից, այդ դեպքում եվրոպական սպետություններն իր առջեւ դնելու են պայմաններ՝ եթե ուզում ես սա իրականացնել, ապա պետք է դատարանի վճիռն իրականացնես։ Եթե դա չի արվում, ապա արեւմտյան պետությունները ոչինչ չեն տալիս Ադրբեջանին։ Այսինքն՝ սա դառնում է զուտ քաղաքական առեւտուր։ Պատմության մեջ սա շատ անգամներ է կիրառվել, օրինակ, երբ Սերբիայի նկատմամբ վճիռ էր կայացվել, եւ այդ երկիրն ուզում էր դառնալ Եվրոպական միության անդամի թեկնածու, ԵՄ-ն ասաց՝ հարկավոր է, որպեսզի այս պայմաններն իրականացնես։

Բայց միաժամանակ կարեւոր է նաեւ հայկական կողմի վարած դիվանագիտությունը, այդպես չէ՞։

-Այո, այնպիսի քաղաքականություն պետք է վարվի, որպեսզի կարողանաս եվրոպական պետություններին համոզել, որ կա այդ վճիռը։ Այսինքն՝ այստեղ քաղաքական շահերի համընկնումը կամ դասավորվածությունն այնպես պետք է լինի, որ Հայաստանը կարողանա այնպիսի ազդեցություն ունենալ եվրոպական պետությունների վրա, որ նրանք պատրադրեն Ադրբեջանին ի կատար ածել դատարանի որոշումը։

-Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ հնարավոր է միջազգային դատական ատյաններից հետ վերցնեն ընդդեմ Ադրբեջանի հայցերը։ Սա ի՞նչ հետեւանք կարող է ունենալ։

-Դա շատ վատ հետեւանք կարող է ունենալ։ Ներկա դրությամբ ես նույնիսկ հիմարություն կդիտարկեմ, եթե Արդարդատության միջազգային դատարանում այս վճիռներից հետո Հայաստանը հետ կանչի այդ գործերը։ Մենք այնտեղ ակնհայտ հաղթողի կարգավիճակում ենք։

Ռոզա Հովհաննիսյան

Ոչ ոք չի կարող կանխատեսել՝ միջուկային «փոխհրաձգություն» կլինի՞, թե՞ ճգնաժամը կլուծվի

Համաշխարհային հանրությունն ապրում է օրեր, երբ միջուկային պատերազմն այլևս չի թվում ֆանտաստիկ ֆիլմի սյուժե, իսկ դատաստանի ժամացույցը մոտենում է 12-ին: Ոչ ոք չի կարող կանխատեսել, արդյոք միջուկային «փոխհրաձգություն» կլինի՞, թե ՞ընթացիկ ճգնաժամը կլուծվի վերջին պահին, ինչպես ճգնաժամը Կարիբյան ծովում։

ԱՄՆ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը մտադիր է միջուկային զենք կիրառել Ուկրաինայի հակամարտության ժամանակ, ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան պատասխանատու դիրք է գրավում միջուկային պատերազմը կանխելու հարցում և խորհուրդ է տալիս մյուս երկրներին սադրիչ հայտարարություններ չանել այս հարցում։

Նոյեմբերի 21-ին Պուտինը ասել է, որ Ռուսաստանը օգտագործել է «Օրեշնիկ» ոչ միջուկային հիպերձայնային բալիստիկ հրթիռը Ուկրաինայում՝ Դնեպրում գտնվող ռազմարդյունաբերական ձեռնարկությանը հարվածելու համար: Նախագահի խոսքով, սա պատասխան էր նոյեմբերի 19-ին և 21-ին ուկրաինական բանակի կողմից Բրյանսկի և Կուրսկի շրջաններում հեռահար ATACMS և Storm Shadow հրթիռների կիրառմանը։

Նա ընդգծել է, որ այս իրադարձությունների կապակցությամբ «տարածաշրջանային հակամարտությունն Ուկրաինայում ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր», և որ Ռուսաստանն այժմ իրեն իրավասու է համարում օգտագործել իր զենքը «այն երկրների ռազմական օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս օգտագործել իրենց զենքը մեր տարածքում»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի վրա արեւմտյան հրթիռներով հարձակումից հետո Կիեւում փակվել էին որոշ պետությունների դեսպանատներ։ Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ոչ միջուկային հրթիռ է կիրառվել, ԱՄՆ-ը վերաբացեց իր դեսպանատունը։ Սակայն վտանգը չի մարել՝ այսօր Գերագույն Ռադան չեղարկել է նիստը՝ հարձակման սպառնալիքի պատճառով։

Արցախցիներից հետո Փաշինյանը ցանկանում է մուրացկանի վերածել մնացած հայերին

Հայաստանի հարկային նոր օրենսգիրքն արդեն իսկական ցնցում է առաջացրել հայ հասարակության շրջանում. բերվում են բազմաթիվ թվեր, որոնք վկայում են այն մասին, որ քաղաքացիների եկամուտների գրեթե կեսը, անկախ եկամուտների չափից, որպես հարկ վճարվելու է պետությանը։ Փաշինյանը վերջերս առաջարկեց հանել հարկային արտոնությունները անհատ ձեռներեցներից, բացի այդ, առաջարկվում է ոչ միայն ավելացնել հարկերը, այլև բռնի ուժով վերցնել այն։

Աշխատեք և հարկ վճարեք, ասում է Փաշինյանը՝ վերջին կոպեկները քամելով ՀՀ քաղաքացիների գրպանից։

2025-ին թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրանա, զբոսաշրջային հոսքը նվազել է, ֆինանսական ցուցանիշները նույնպես, պետական ​​պարտքն աճում է թռիչքաձեւ, իսկ ՀՀ քաղաքացիները կառավարության ամեն նիստից հետո կուչ են գալիս՝ անընդհատ զգալով կառավարության ձեռքը իրենց արդեն իսկ դատարկ գրպաններում։

Վտանգ են զգում նաեւ ՀՀ քաղաքացիները, որոնք արդեն երկրորդ տարին իրենց բնակարանները վարձով տալիս են ռուսներին, ապա արցախցիներին. եթե դադարեցվի արցախցիներին 50 հազար դրամի չափով օգնությունը, մարդիկ կսկսեն էժան բնակարան փնտրել, և քչերը կկարողանան 200 հազար վճարել Երևանի ծայրամասում երկու սենյականոց բնակարանի համար։ Այժմ ՀՀ քաղաքացիները Երևանում իրենց բնակարանները վարձակալության են տալիս 250-300 հազարով, գնում են Ռուսաստան, այնտեղ բնակարաններ են վարձակալում 70-80 հազար դրամով և մնացած գումարով ապրում են հարմարավետ։ Հիմա “լաֆան” կավարվի։

Մեկ տարի առաջ արցախցիներին մուրացկան դարձրին, հիմա հերթը Հայաստանի մնացած քաղաքացիներինն է։

Ոչ ոք չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել և սպասել պետության կողմից ողորմության, մարդիկ ուզում են աշխատել և արժանապատիվ վաստակել, բայց երբ կառավարությունը չի բարձրացնում նվազագույն աշխատավարձի շեմը, այլ, ընդհակառակը, բարձրացնում է հարկերը, երբ Կառավարությունը խոշորացույցի տակ է պահում նույնիսկ քաղաքացիների մասնավոր խնայողությունները, աշխատելն ուղղակի դառնում է անշահավետ և նույնիսկ վտանգավոր։

Հաջորդ տարվանից պետք է ակնկալել այն կազմակերպությունների թվի աճը, որտեղ կարելի է գումար աշխատել ֆինանսական խարդախություններից, և քրեական մակարդակի կտրուկ աճ։ Որքան բարձր է աղքատության մակարդակը, որքան բիրտ է կառավարության քաղաքականությունը, այնքան մեծանում է գողության գայթակղությունը։

Գերմանիա եւ ԱՄՆ․ ո՞վ է հիշում Արցախի ցեղասպանության մասին

Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը, լրատվամիջոցների աշխատակիցների, ակտիվիստների և ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները խիստ մտահոգիչ են, TURAN-ի փոխանցմամբ, երեկ Բաքվում, COP29-ի շրջանակներում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։

Գերմանիան աջակցում է նրանց ազատ արձակմանը և այդ հարցը կբարձրացնի Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը, հայտարարել է Բերբոքը:

«Կան նաև Գերմանիայի հետ սերտ առնչություն ունեցող դեպքեր», – ասել է Բերբեքը՝ շեշտելով՝ քաղբանտարկյալ Գուբադ Իբադօղլուի՝ երկրից հեռանալու արգելքը։

Բաքվում քաղբանտարկյալների հարցին երեկ Վաշինգտոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նաև ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն է անդրադարձել։

Փաստորեն, Գերմանիային եւ ԱՄՆ-ին Բաքվում անհանգստացնում են միայն քաղաքացիական ակտիվիստներն ու ընդդիմույունը։ Միայն ընդդիմադիրների իրավունքների խախտման մասին խոսելը ընդգծում է երկու գերտերությունների “հավանությունը” Բաքվի կողմից Արցախի օկուպացիային, 150 հազ․ մարդու ճակատագրի արհամարումը եւ միջազգային իրավունքի մեջ առաջացած “գրանդ կիրճը”։ 

Այդ ճեղքը առաջինը հասել է ԱՄՆ-ին, որտեղ իշխանության է եկել անկանխատեսելի Թրամփը, որին մի քանի հարյուր տարվա “սրոկ” է սպառնում, եւ Գերմանիային, որտեղ միանգամից փլվեց կառավարությունը։ 

“Բալանսի” համար Բաքվի ճանապարհին Հայաստանում գիշերած Բերբոքը մի բառ անգամ չի ասել արցախցիների մասին եւ Արցախի հարցի ահաբեկչական, ուժային “կարգավորման” մասին։ 

Գերմանիան միայն 101 տարի հետո է ճանաչել իր պատասխանատվությունը Հայերի ցեղասպանության հարցում։ Հայերի ցեղասպանության “մոռացության տալը” Հիտլեր է ծնել։ Քանի՞ տարի հետո Գերմանիայում նոր Հիտլեր կծնվի եւ կասի՝ ո՞վ է հիշում Արցախի ցեղասպանությունը։  

ՄԱԿ-ը, ԱՄՆ-ը, ԵՄ-ը, Ռուսաստանը չեն մարսի Արցախը․աշխարհն արդեն ճաք է տվել

Ակտիվիստների բողոքի ակցիա Բաքվում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն այսօր կրկին ժամանել է Բաքու՝ մասնակցելու COP29 համաժողովի աշխատանքներին։ Այցից առաջ Գուտերեշն X-ի իր էջում նշել է, որ հանածո վառելիքի դարաշրջանի ավարտն անխուսափելի է՝ հույս հայտնելով, որ այն շուտ կգա։

Ալիեւը COP29- ի հենց առաջին օրը ելույթում խոսեց ոչ թե հանածո վառելիքից հրաժարվելու մտադրությունների մասին, այլ դատապարտեց բոլոր նրանց, ովքեր քննադատում են Ադրբեջանի նավթագազային արդյունաբերությունը։ «Այդ ռեսուրսները Ադրբեջանը պարգև է ստացել Աստծուց», – պնդեց Ալիևը։

Վաղը СОР-29-ն ավարտվում է, եւ փորձագետներն խոսում են կատարյալ ձախողման մասին։

Բաքվի ներկայացրած փաստաթղթերի փաթեթում, դրանց բովանդակությանը ծանոթ աղբյուրների փոխանցմամբ, խոսք չկա՝ ինչ է արվելու հանածո վառելիքի կրճատման համար։ Չկա նաև կետ այն մասին, թե որքան հարուստ երկրները կհատկացնեն աղքատներին կլիմայի պաշտպանության համար։

Դա գնահատվում է որպես ծաղր անատամ եւ Բաքվի հանցակից դարձած ՄԱԿ-ի հանդեպ։

Այն, որ ՄԱԿ-ը իր գլոբալ գագաթնաժողովն անցկացնում է մի երկրում, որը բառացիորեն մեկ տարի առաջ օկուպացրել է Արցախը, ցեղասպանության ենթարկել եւ արտաքսել մի ամբողջ ժողովուրդ, արդեն խոսում է ՄԱԿ-ի, ինչպես նաեւ «քաղաքակիրթ աշխարհի» ներկայացուցիչների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի մասին։

Նրանք կարծում են, որ, չբարձրացնելով Արցախի հարցը, կպարտակեն այն ահռելի ճաքը, որը առաջացել է աշխարհակարգի վրա նրանց հանցավոր «կոնսենսուսի» պատճառով։ Նրանց թվում է, որ Բաքվում փոխկապնելով համաժողովներով կարելի է փակել արցախցի երեխաների դեմքերը, որոնց պապերը, ծնողները եւ իրենք միայն պատերազմ են տեսել եւ հիմա հայրենիք չունեն։ Ու միայն այն պատճառով, որ ինչ-որ ՄԱԿ, ԱՄՆ եւ Ռուսաստան նաֆթային եւ այլ շահեր ունեն Բաքվի հետ։

Այդ երեխաների հայացքը դեռ կքանդի կայսրություններ։

Ձերբակալման օրդեր՝ Իսրայելի վարչապետի, պաշտպանության նախկին նախարարի համար

Հինգշաբթի օրը Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, նրա պաշտպանության նախկին նախարարի և «Համաս»-ի պաշտոնյաների համար՝ մեղադրելով նրանց ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեջ՝ կապված Գազայում պատերազմի և 2023 թվականի հոկտեմբերյան հարձակումների հետ։

Որոշումը Նեթանյահուին և մյուսներին վերածում է միջազգային հետախուզման մեջ գտնվող կասկածյալների և, ամենայն հավանականությամբ, ավելի կմեկուսացնի նրանց և կբարդացնի ավելի քան մեկ տարի տևող պատերազմի հրադադարի շուրջ բանակցությունները: Սակայն դրա գործնական հետևանքները կարող են սահմանափակ լինել, քանի որ Իսրայելը և նրա գլխավոր դաշնակիցը՝ Միացյալ Նահանգները, դատարանի անդամ չեն, իսկ «Համաս»-ի մի քանի պաշտոնյաներ սպանվել են հակամարտության ընթացքում:

Թե՛ «Համաս»-ը, թե՛ Նեթանյահուն և իսրայելցի այլ առաջնորդներ դատապարտել են ՄՔԴ-ի գլխավոր դատախազ Քարիմ Խանի՝ օրդերի միջնորդությունը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես քննադատել է դատախազին և նշել, որ Իսրայելն իրավունք ունի իրեն պաշտպանել «Համաս»-ից։