Ինչո՞ւ Օսկանյանը, Արցախի խորհրդարանը զլանո՞ւմ է օգտագործել իր հզոր մանդատը

Արցախի Հանրապետության օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչները երեկ հանդիպել են Արցախի հարցով միջազգային հանձնախմբի անդամների հետ։ Նրանք հատկանշական են համարել, որ միջազգային կառույցների պատասխանատուների հետ բոլոր հանդիպումները ընդառաջվել են եւ նրանք պատրաստակամություն են հայտնել լսելու Արցախի տեսակետները։ Այս մասին հայտնում է «Ապարաժը»:

Ըստ հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանի զեկույցի՝ բազմաթիվ հանդիպումների հիմքում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ու միջազգային երաշխիքներով Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի և իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանությունն ու հետապնդումն է։

Հիշեցնենք, հանձնախումբը  ստեղծվել է Արցախի խորհրդարանի կողմից, կոչված է զբաղվելու Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի եւ նրանց իրավունքների պաշտպանության հարցերով։

Եթե հանձնախումբը ստեղծվել է Արցախի խորհրդարանի կողմից, նշանակում է, խորհրդարանը ճանաչում է արցախցիների իրավունքները ներկայացնելու սեփական մանդատը։ Ոչ ոք ավելի հզոր եւ հիմնավոր մանդատ չի կարող ունենալ, եւ եթե հանձնախումբը ղեկավարեր ոչ թե Օսկանյանը, այլ, ասենք, Արցախի ԱԺ ղեկավարը, այն շատ ավելի լուրջ կընդունվի միջազգային ասպարեզում։

Օսկանյանը կարող է գործի իր մասն անել, գուցե, շատ կարեւոր մասը, բայց նա չի կարող ներկայացնել Արցախի ժողովրդի իրավունքները։ Հանձնախումբը քաղաքական գնահատականներ չի տալիս, միայն խոսում է վերադարձի մասին, չմանրամասնելով պայմանները, ասենք, կարգավիճակի հարցը։ Իսկ Արցախի խորհրդարանը երեկ հայտարարություն է հրապարակել, որով կատարվածը որպես ցեղասպանություն է որակում, ինչը պետք է համապատասխան իրավական հետեւանքներ ունենա։ Ճիշտ է, խորհրդարանը կոչ է արել միանալ Հայ դատի եւ Օկամպոյի արշավին, բայց ակնհայտ է, որ արշավի նպատակը՝ գերեւարված արցախի ղեկավարությանն ազատելն է Բաքվում Կլիմայի փոփոխությանը նվիրված կոնֆերանսի համատեքստում։

Հայկական ԶԼՄ-ները գրում են, որ «Արցախի ինստիտուտների շարունակականությունն ապահովելու նպատակով Արցախի քաղաքական գործիչները քննարկում են իրավաբանների մասնագիտական խումբ ձեւավորելու հարցը, որոնք այս իմաստով լուծումներ կառաջարկեն, որպեսզի, եթե հնարավոր չլինի եկող տարի համապետական ընտրություններով նոր խորհրդարան ձեւավորել, ապա խորհրդարանի լիազորությունները երկարաձգելու հնարավորություն ընձեռվի՝ հենց օրենսդիրների որոշմամբ»։

Գրեթե մեկ տարի է անցել Արցախի օկուպացիայից, տեղահանումից հետո, բայց Արցախի օրինական իշխանությունները զլանում են իրենց վրա վերցնել արցախցիների համար ամբողջ պատասխանատվությունը, պատվիրակելով այն անհասկանալի կարգավիճակով մարդկանց։ Զլանալը բերում է դրան, որ արցախցիների իրավունքների, Արցախի կոլեկտիվ շահերի համար պայքարը շեղվում է իրական ճանապարհից եւ փոշիանում։

Պուտինը կզանգի Փաշինյանին. ռուսները մտադիր չեն ապահովել հայերի անվտանգությունը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ թվարկեց այն կետերը, որոնց հետ պաշտոնական Երևանը համաձայն չէ «հաղորդակցությունների բացման» հարցում։ «Երևանը սկսեց պնդել ռուս սահմանապահների առկայության հարցում փոխադարձության սկզբունքը՝ պահանջելով, որ նրանք ներկա լինեն ոչ միայն հայկական, այլ նաև ադրբեջանական կողմից։ Հայաստանի ներկայացուցիչները հրաժարվել են պայմանավորվել ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության կողմից տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկման շուրջ»,- ասել է Զախարովան։

Զախարովայի «վրդովված» տոնը պայմանավորված է հայկական կողմի այն առաջարկով, որ ռուսական կողմը պետք է ապահովի հայկական տրանսպորտի անվտանգությունը Ադրբեջանի տարածքում։ Ի վերջո, եթե բացվեն հաղորդակցությունները, և ՌԴ ԱԴԾ-ն վերահսկի ադրբեջանցիների անվտանգությունը Հայաստանի տարածքով, ապա ո՞վ է ապահովելու ադրբեջանում հայերի անվտանգությունը, ում համար նույնպես պետք է բացվեն հաղորդակցությունները։ Թե՞ հայերը օտար են կյանքի այս տոնին։

Հիշենք, որ 2020 թվականից հետո, երբ «եռակողմ պայմանավորվածությունների» համաձայն տարածաշրջանում պետք է իբր բացվեին կոմունիկացիաները, փակվեցին միանգամից մի քանի ճանապարհներ՝ Գորիս-Կապան մայրուղին, Արցախ տանող ճանապարհները՝ նախ Քարվաճառով, հետո՝ Բերձորով, վերջերս Տավուշում փակման սպառնալիքի տակ հայտնվեց հայ-վրացական ճանապարհը։ Նոր ճանապարհներ չբացվեցին, իսկ հին ճանապարհները փակվեցին։ Եվ սա ռուսական «միջնորդության» և «խաղաղության խաչմերուկի» քաղաքականության լավագույն գնահատականն է։

Սակայն Ռուսաստանը պնդում է եռակողմ ձևաչափիը՝ աջակցելով «խաչմերուկի» հայկական առաջարկին։ Ինչո՞ւ չաջակցել, ի վերջո, սա Հայաստանը մեծ տրանսպորտային հանգույցի վերածելու ծրագիր է՝ առանց սահմանների, ինքնիշխանության և անվտանգության։ Զախարովան վկա։

«Ռուսաստանի նախագահը նշել է, որ մտադիր է Ադրբեջան կատարած այցից հետո կապ հաստատել Հայաստանի վարչապետի հետ՝ շարունակելու երկխոսությունը կարգավորման թեմայի շուրջ», – ասել է Զախարովան։

Ինչի՞ մասին է լինելու զրույցը։

The Telegraph-ը կանխատեսել է Ղրիմի կամրջի մոտալուտ ավերումը

Ուկրաինայի Զինված ուժերի բրիգադները, որոնք ներկայումս վերապատրաստում են անցնում, կարող են տեղակայվել Դոնեցկի մարզում կամ Կուրսկի շրջանում զորքերն ուժեղացնելու համար, ուղղության ընտրությունը կախված կլինի նրանից, թե որտեղ թշնամին թուլություն կցուցաբերի։ Այս ճկունությունը կարող է Ուկրաինային հնարավորություն տալ հակահարձակում իրականացնել 2025 թվականին։ Այս մասին գրում է The Telegraph-ը՝ վերլուծելով Կուրսկի մոտ ուկրաինական ուժերի ընթացիկ գործողությունը։

Հոդվածում ուշադրություն է դարձվում նաև օկուպացված Ղրիմում ռուսական զորքերի խոցելիությանը։ Նրանք հայտնվել են աննախանձելի վիճակում՝ ուկրաինական զինված ուժերի հաջող հարձակումներից հետո Ռուսաստանի Սևծովյան նավատորմի և ՀՕՊ համակարգերի վրա։ Պարտիզանական հարձակումներն ուժգնանում են, և ուկրաինական հետախուզությունը ենթադրում է, որ հաջորդ թիրախը Ղրիմն է լինելու»,–գրում է թերթը։

Դիտորդների կարծիքով՝ Կերչի նեղուցով անցնող կամուրջը շուտով կքանդվի։ Ռուսական զորքերի շեղումը դեպի Կուրսկի շրջանի իրադարձությունները կարող է ճանապարհ բացել թերակղզում ուկրաինական գործողությունների ընդլայնման համար։

«Տարիներով ստեղծածն ու հայրենիքը կորցրինք. մեր տարիքում ո՞նց գոյատևենք».արցախցի թոշակառուներ

Forrights

Արցախի Մարտակերտ քաղաքից անցած տարվա սեպտեմբերից տեղահանված 68-ամյա Նադյա Աղասյանն ու իր ամուսինը՝  74- ամյա Յուրա Առաքելյանը վարձով բնակություն են հաստատել Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում։ Ն. Աղասյանն իր ողջ գիտակցական կյանքն ապրել է Մարտակերտում, սակայն չորս անգամ հայտնվել փախստականի կարգավիճակում։

1992թ. արցախյան առաջին պատերազմի ժամանակ երբ օկուպացվեց Մարտակերտը, նա տեղափոխվեց Ստեփանակերտ և անդամագրվեց կազմավորվող տանկիստների ջոկատ ու մինչև 1996թ. ծառայեց որպես բուժքույր։ Նրա ազդականչն էր «գեներալ»։ Զինծառայության ընթացքում և հետո Ն. Աղասյանն արժանացել է ութ մեդալի, պատվոգրերի ու շնորհակալագրերի։

«Տղաս ծառայում էր Շուշիի, ես՝ Մարտակերտի գումարտակում։ Համընդհանուր ջանքերով 90-ականներին ազատագրվել է 7 շրջան, իսկ հիմա աներևակայելի իրավիճակ է՝ ամբողջ Արցախը բռնազավթած։ Ով կպատկերացներ… 44-օրյա պատերազմին ապաստանել էինք Չարենցավանում և մի օր  տեսանյութով տեսանք թշնամու կողմից արկակոծած մեր տունը։  Նոյեմբերի 11-ին քրոջս ընտանիքի հետ ճանապարհվել ենք Մարտակերտ։ Տեղ հասանք և ականատես եղանք ավերված մեր տանը, որտեղ ապրելու հնար չկար։ Ստիպված ՀՀ ուղևորվեցինք»,- նշեց 68- ամյա տիկին Նադյան։

Սակայն նրա ուշքն ու միտքը Մարտակերտի իր ավերված տունն էր։ Որոշ ժամանակ անց նա վերջապես ուղևորվել է դեպի Արցախ և տան վերականգնման հարցով դիմել պատկան մարմիններին և, ի վերջո, 2021թ. սեպտեմբերին խոստացել են օգնել մարտական ուղի անցած «գեներալին»։ Սկսվել են նրա տան վերանորոգման աշխատանքները, սակայն ինչ-ինչ պատճառներով այն ավարտին չի հասցվել։

«2023թ. սեպտեմբերյան պատերազմի արկակոծության ժամանակ մեր կիսավեր տանը ապաստանել էր նաև երիտասարդ հարևանուհիս՝ Անժելան իր մանկահասակ երեխաներով։ Տան պատերն այնքան ամուր ու հաստ էին, որ նույնիսկ 2020թ. արկակոծությունից չեն փլվել, մտածում էի, որ այս անգամ էլ կպաշտպանեն մեզ։ Ամբողջ գիշեր չենք քնել։ Ռազմական գործողությունները չէին դադարում։Հաջորդ օրն արդեն վառելիք էինք փնտրում։ Բայց ոչ մեկս չէինք պատկերացնում, որ ամեն ինչ կթողնենք և կտեղահանվենք։ Անհնար էր, որ Արցախն ամբողջովին հայաթափվեր, որովհետև երբ ժամանակին ազատագրում էինք մեր տարածքները՝ հզոր ու անպարտ էինք։ Այդ հողերն արյամբ են ազատագրվել և դրանք հանձնելը հանցագործություն է»,-վրդովմունքով պատմեց Նադյան։

Նրանք միանգամից  ուղևորվում են Ստեփանակերտ, որովհետև թշնամին արդեն շրջափակել էր Դրմբոնի ոսկու հանքավայրը։ Մեր զրուցակցի խոսքով՝ մինչև «Ցեխ ծյոր»-ի կամրջին հասնելը պաշտպանական մի դիրքում 90-ականներից ծանոթ զինծառայող Արայիկն իրենց վառելիք է տրամադրել, որ ավտոմեքենայով շարժվեն, սակայն երբ նրանք առաջացել են, թշնամու անօդաչուն խոցել է տղաների դիտակետը և բոլոր ութ հոգին էլ զոհվել են։ Մեր զրուցակցի խոսքով՝ չեն էլ կարողացել հետ դառնալ, որ օգնեն դիերը հանելուն։

Մի կերպ հասել են Ստեփանակերտ, որտեղ խառնաշփոթ էր՝ քաոս։ Վառելիքի փնտրտուքը «գեներալին» հասցնում է Հայկազովի վառելիքի պահեստի տարածք։

«Հենց հասա Հայկազով՝ միանգամից աչքիս առջև որոտաց ուժեղ պայթյունը և վառելիքի համար նախատեսված 20 լիտրանոց տարաները ձեռքիս մնացի կանգնած։ Ահեղ կրակի բոցը պատեց շուրջբոլոր։ Հարևանիս հաշմանդամ տղայի հետ էի։ Նա ինձ չթողեց առաջ անցնել։ Ահավոր վիճակ էր։ Այդքան ջահել երեխաներ վառվեցին։ Բառերով անհնար է նկարագրել այդ սարսափելի տեսարանները»,- հուզմունքով պատմեց Ն. Աղասյանը։

Ստեփանակերտից տեղահանվեցին սեպտեմբերի 26-ին և երկօրյա ծանր ճանապարհն անցնելով մի կերպ հասել են Հայաստան, մեկ ամիս մնացել իրենց բարեկամուհու տանը ու հետո տեղափոխվել Մարմարաշեն գյուղ։

Միայնակ ապրող թոշակառու ամուսիները դժվարանում են վճարել փոքր մակերեսով բնակարանի՝ 100 հազար դրամի ու կոմունալ ծառայությունների վարձավճարները, հոգալ սոցիալ- կենցաղային խնդիրները։ «Մարտակերտում շրջափակման ժամանակ ամեն ինչ մշակել էի, ամեն բարիք ամբարել, բայց այժմ մի գդալ դոշաբ էլ չունեմ։ Տներ ենք թողել, նռան այգի, բոստաններ։ Հիմա ամեն ինչի կարիքն ունենք, բայց հո լաց չեմ լինելու։ Բոստան էլ չկա, որ մի բան աճեցնենք, մշակենք։ ՀՀ կառավարության կողմից առաջարկվող բնակապահովման ծրագիրն էլ իրատեսական չէ մեզ նման միայնակ թոշակառուների համար։ Մեր տարիքում ո՞նց գոյատևենք։ Տարիներով ստեղծածն ու հայրենիքը կորցրինք. Ինչպե՞ս  ապրենք»,- հավելեց «գեներալը»։

Զառա Մայիլյան

Ուկրաինական անօդաչու սարքերը հասել են Մուրմանսկ

Ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչները ստիպված են փախչել Օլենյա ավիաբազայից, որը գտնվում է Կոլսկի թերակղզում, Մուրմանսկի շրջանում, ուկրաինական հարվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով։

Չորեքշաբթի՝ օգոստոսի 21-ին, նշված հինգ հրթիռակիր ռմբակոծիչները օդ են բարձրացել Սարատովի մարզի Էնգելսի օդանավակայանի ուղղությամբ։

Ալեքսեյ Նավալնիի շտաբի նախկին համակարգող Վիոլետա Գրուդինան հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքերն արդեն չորրորդ օրն է, ինչ գրոհում են Մուրմանսկի շրջանում գտնվող ռազմական օբյեկտները։ Նա տեսանյութ է հրապարակում, որտեղ, ըստ նրա, երևում է ուկրաինական անօդաչու թռչող սարք Վիսոկի փակ ռազմական գյուղի մոտ։

«Թռիչք հարավից է եկել։ Սկզբից 1300 մ բարձրության վրա, հետո իջել է 900 մ ու կորել։ 15-20 րոպեից սպասում էին ժամանելուն, տարհանեցին ձեռնարկությունները»,- ասվում է ականատեսների՝ Գրուդինային ուղարկված տեսանյութի մեկնաբանության մեջ։

Պուտինի` Բաքու կատարած այցը նախապես պլանավորած միջոցառում չէր

«Պուտինի համար անհրաժեշտություն էր դարձել այդ այցը կատարել Ադրբեջան, իմ կարծիքով՝ դա նախապես պլանավորած միջոցառում չէր, այլ պայմանավորված էր ՌԴ Կուրսկի մարզում Ուկրաինայի հարձակմամբ»,- step1.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցին ու հայտարարություններին։

«Եվրամիության երկրները սնուցող գազատար համակարգը, որը Ռուսաստանից դուրս է գալիս եւ անցնում է Ուկրաինայի տարածքով, ըստ էության հիմա գտնվում է ուկրաինական կողմի հսկողության տակ։ Եվ հիմա Ռուսաստանի հույսը Ադրբեջանն է։ Իմ կարծիքով՝ դրանով է պայմանավորված Պուտինի այցը Ադրբեջան, հավանաբար Պուտինը եւ Ալիեւը փորձում էին գտնել ուղիներ՝ ինչպես կարելի է պատժամիջոցները շրջանցել եւ լուծել գազի խնդիրը»,- ասաց Ղուկասյանը։

Ինչ վերաբերում է այցի շրջանակներում Հայաստանի մասին արված հայտարարություններին, Անդրիաս Ղուկասյանն ասաց․ «Հիշատակվեց արցախյան հարցը, որովհետեւ խաղաղության պայմանագրի տակ դա է քողարկված։ Դա էլ պայմանավորված է Ադրբեջանի անհանգստություններով։ Հունիսին ութ հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ ավարտեցին փաստահավաք առաքելությունը եւ եկան եզրակացության, որ Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում։ Այսինքն, ըստ այդ կազմակերպությունների եզրակացության՝ Իլհամ Ալիեւը ենթակա է քրեական հետապնդման Միջազգային քրեական կոնվենցիայի 7-րդ հոդվածի՝ մարդկության դեմ հանցագործության հատկանիշներով։ Հայաստանում իշխանություններն ու ԶԼՄ-ներն առանձնապես չեն լուսաբանում այդ փաստը, բայց Իլհամ Ալիեւի համար դա խնդիր է, որովհետեւ այդ իրավապաշտպան միջազգային կազմակերպությունները դիմեցին Եվրամիության ղեկավարությանը, ԱՄՆ-ին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ քրեական վարույթ հարուցել Ալիեւի դեմ»։

Ըստ Անդրիաս Ղուկասյանի՝ Ադրբեջանի ղեկավարության ակնհայտ խնդիրը հայկական հարցն է, փորձում են Ռուսաստանի միջոցով Հայաստանից ստանալ հերթական զիջում։ «Մեզ հայտնի են այդ պահանջները՝ միասին դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար, հայցերը միջազգային դատարաններից հետ կանչել։ Հավանաբար դրանով էլ պայմանավորված են ՌԴ արտգործնախարարի հայտարարությունները, որ Հայաստանն է խոչընդոտում խաղաղության պայմանագրի կնքմանը»,- հավելեց նա։

Անդրադառնալով Հայաստանի տարածքով միջանցքի մասին հայտարարություններին՝ քաղաքագետն ասաց․ «Միջանցքի շուրջ սպեկուլյացիաները շատ են, օրեր առաջ մենք լսեցինք, որ ադրբեջանական կողմն առաջարկում է հանել այդ հարցը խաղաղության պայմանագրից։ Այսինքն՝ իմ կարծիքով՝ խնդիրն ավելի մեծ է, ուզում են հասկանալ՝ հնարավո՞ր է խաղաղության պայմանագրի անվան տակ ինչ-որ փաստաթուղթ կազմել, որն Ալիեւին կազատի քրեական պատասխանատվությունից։ Ենթադրում եմ, որ դրան էր վերաբերում Ռուսաստանի այդ հայտարարությունը, որի էությունը Հայաստանին մեղադրելն է, որ Հայաստանը չի կնքում խաղաղության պայմանագիրը, որ մեղավոր կողմը Հայաստանն է»։

Ռոզա Հովհաննիսյան

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանումը որակվեց դժբախտ պատահար

Իրանում ավարտվել է նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման հետաքննությունը․ միջադեպը որակվել է դժբախտ պատահար: Այս մասին հայտնում է իրանական Fars լրատվական գործակալությունը։
«Ռայիսիի ուղղաթիռում ուղևորների թիվը գերազանցել է նորման, ուստի այն չի կարողացել անհրաժեշտ բարձրություն հավաքել և մառախուղի պայմաններում բախվել է սարին»,- հայտնում է գործակալությունը:

Զորավարժություններ Հայաստանում եւ Ադրբեջանում

ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումներն օգոստոսի 20-21-ը համատեղ շտաբային մարզում են անցկացնում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ շտաբային մարզումների շրջանակում իրականացվում են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ:
«Ծավալված կառավարման կետերում առաջադրվում են խնդիրներ, ներկայացվում են մտահղացումներ, ստուգվում են ստորաբաժանումների ներդաշնակ գործելու կարողություններն ու պատրաստականության աստիճանը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Միեւնույն ժամանակ Ադրբեջանի ԶՈՒ-ի հակաօդային ուժերի ռադիոտեխնիկական ստորաբաժանումները «հատուկ տակտիկական վարժանքներ» են անցկացնում, այս մասին հայտնում է այդ երկրի ՊՆ-ի մամլո ծառայությունը:

«Զորավարժությունների հիմնական նպատակն է կատարելագործել ղեկավար անձնակազմի գործնական հմտությունները պայմանական թշնամու կողմից անակնկալ օդային հարձակումները հետ մղելու գործողությունները», – ասված է հաղորդագրությունում։

Ուրիշ երկիր չկա՞ր արցախցի երեխաներին ուղարկեք

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգմամբ՝  ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի․ տեղեկացնում են գերատեսչությունից։ ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն օգոստոսի 19-ին Զվարթնոց օդանակայանից ճանապարհել է ճամբար մեկնող երեխաներին։ Այդ մասին հայտնում է Factor-ը։

Հունգարիայի Բալատոն լճի ափին գտնվող Զանկայի Էրժեբեթ ճամբար են մեկնել 8-ից 14 տարեկան երեխաներ, ում ուղեկցում է շուրջ 30 աշխատակից՝  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգից և Արմավիրի մարզի տարբեր համայնքներից։

Ուղեկցողների թվում են սոցիալական աշխատողներ, հոգեբաններ, մանկավարժական աշխատանքի փորձ ունեցող անձինք, բժիշկներ։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների համար Հունգարիայում ամառային ճամբարի փորձնական ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համատեղ ջանքերով, աշխատանքների իրականացման գործընթացին աջակցում են երկու երկրներում հավատարմագրված դեսպանները։

Նախատեսվում է, որ նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ՝  ճամբար մեկնելու հնարավորություն տալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 1000 երեխայի։

Կարտոֆիլ, ձու, լոլիկ՝ ՀՀ-ում Բելառուսի դեսպանության շենքին

Ազատություն

«Հանուն Հանրապետության» կուսակցության մի խումբ անդամներ ու համակիրներ այսօր բողոքի ակցիա անցկացրին Հայաստանում Բելառուսի դեսպանատան առջև:

Նրանք “Вон из Армении” բացականչություններով ձվեր, կարտոֆիլ ու լոլիկ նետեցին դեսպանատան՝ Առինջում գտնվող շենքի պատերին:

Ակցիայի մասնակիցներին վրդովվեցրել էր այդ երկրի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի ձևակերպումը, թե «ո՞ւմ են պետք հայերը մեզնից բացի»:

Լուկաշենկոն այդ հայտարարությունն արել էր “Россия” հեռուսատաալիքին տված հարցազրույցում՝ հեթական անգամ կոշտ քննադատելով Հայաստանի իշխանություններին:

Ցուցարարներն այսօր պահանջեցին Հայաստանի իշխանություններից՝  խզել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ:

Եղանակը Հայաստանում. շոգ է լինելու

Շուշվա կլոխ

Օգոստոսի 22-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա եւս մի քանի աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +36+38։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +30+34,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +28+32,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +33+36,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +26+29,

Լոռիում գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +28+32,

Տավուշում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +30+35,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +28+31,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+19+22, ցերեկը՝ +33+37,

Արարատում գիշերը՝ +21+23, ցերեկը՝ +38+39,

Արմավիրում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +37+38,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +29+31,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+22, ցերեկը՝ +36+39,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +36+39,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +30+32։