Իրավախախտում․ “պատուհանը փակ է”՝ առանց տուն ու նպաստ կմնաս

Շուշիից, այնուհետեւ Ստեփանակերտից բռնի տեղահանված Իննա Բարխուդարյանի ընտանիքը բնակարանի գնման հավաստագրի ծրագրի շահառու է, սակայն չեն կարողանում այդ ծրագրով բնակարան ձեռք բերել, քանի որ առցանց գրանցումը փակ է։

Ավելի վաղ Քաշաթաղի Հայկազյան համայնքի ղեկավար Արմեն Չոմոյանը step1.am-ի հետ զրույցում ասել էր, որ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված վերաբնակիչ համարվող մոտ 370 ընտանիքներ դուրս են մնացել բնակարանի գնման սերտիֆիկատի ծրագրից եւ այժմ չեն կարողանում գրանցվել, քանի որ գրանցման առցանց պատուհանը փակ է։ Այս ընտանիքները զրկվել են նաեւ «40+10» հազար աջակցության ծրագրից, քանի որ համարվում են բնակարանի գնման սերտիֆիկատի ծրագրի շահառու։ Ստացվում է աբսուրդ իրավիճակ՝ մարդիկ շահառու են, սակայն չեն կարողանում գրանցվել, որպեսզի բնակարան ձեռք բերեն։

ՀՀ կառավարության՝ վերաբնակիչների համար նախատեսված բնակապահովման սերտիֆիկատի ծրագրով Երեւանում բնակարան ձեռք բերելու համար մեկ ընտանիքին առաջարկվում է 8 մլն, մարզերում՝ 10 մլն դրամ։ Այս ծրագիրը, նախքան Արցախի ամբողջական բռնազավթումը, ուներ բաղադրիչ, որ Արցախ վերադառնալու դեպքում հատկացնում էին 12 մլն դրամ արժեքով վկայական։ Արցախից Հայաստան տեղափոխված վերաբնակիչ համարվող անձանց մեծ մասը Քաշաթաղի շրջանից են, կան նաեւ ընտանիքներ Շուշիից ու Քարվաճառից։

Իննա Բարխուդարյանն ասում է, որ 2020 թվականի պատերազմից հետո Շուշիից տեղահանվելուց հետո իրենք տեղափոխվել էին Ստեփանակերտ եւ դիմել էին Ստեփանակերտում բնակարան ստանալու համար։ «Մենք դիմում չենք ներկայացրել այդ սերտիֆիկատի ծրագրից օգտվելու համար, մենք չենք հասկանում, թե ինչպես ենք դարձել այդ ծրագրի շահառու։ 2020 թվականից, երբ Շուշիից տեղահանվել էինք, ուղղակի թղթեր էինք հանձնել Ստեփանակերտում տուն ստանալու համար, ոչ թե Երեւանում սետիֆիկատ ստանալու։ Ինչպե՞ս եմ իմացել, որ սերտիֆիկատի ծրագրի շահառու ենք, զանգահարել եմ 114 թեժ գծին՝ իմանալու, թե ինչո՞ւ չկա 40+10 հազար դրամ աջակցությունը, ինձ ասել են՝ դուք սերտիֆիկատի ծրագրի շահառու եք հանդիսանում։ Բայց մենք չենք կարող այդ սերտիֆիկատով բնարական ձեռք բերել, որովհետեւ պատուհանը փակ է, չկա հիմա այդպիսի ծրագիր։ Եթե գրանցվելու հնարավորություն լիներ, կգրանցվեինք, գոնե մի գյուղում մի բնակարան կգնեինք»,- մեզ հետ զրույցում ասաց Իննան։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից Իննա Բարխուդարյանին ասել են, որ տեղյակ չեն, թե երբ հնարավոր կլինի առցանց գրանցվել։ Իննա Բարխուդարյանի 5 անձից բաղկացած ընտանիքը, որից մեկը անչափահաս երեխա է, սոցիալական խնդիրներ ունի։ Նրանք ամսական 200 դրամ տան վարձ են տալիս, բայց որեւէ աջակցության ծրագրից չեն օգտվում։ «Ամուսինս ու սկեսրայրս բանվոր են աշխատում, ես էլ՝ սննդի կետում գանձապահ։ Երեխայի համար նաեւ նպաստ չենք ստանում, քանի որ մեր բալիկը 2022 թվականի ծնված է, ասում են՝ 2023 թվականի հունվարից ծնված բալիկներին են միայն նպաստ տալիս։ Ինչ եկել ենք Հայաստան, ընդհանրապես երեխայի նպաստ չենք ստացել»,- ասաց նա։

Իննա Բարխուդարյանի խոսքով՝ ստացվում է, որ Հայաստանի կառավարությունը արցացիների համար դժվար պայմաններ է ստեղծում․ «Սա էլ է մեր երկիրը, չէ՞, բայց ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որ մարդիկ թողնեն ու դուրս գան Հայաստանից։ Սկեսուրս երրորդ անգամ է փախստական դարձել՝ առաջին անգամ Սումգայիթից, երկրորդ անգամ Շուշիից, երրորդ անգամ՝ Ստեփանակերտից, երեք անգամ տուն է կորցրել»։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պարզաբանումը ստեղծված խնդրի վերաբերյալ կներկայացնենք ավելի ուշ։

Ռոզա Հովհաննիսյան

Բաքուն սպառնում է պատերազմով․ ՀՀ ԱԳՆ պատասխանը

Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հայտարարությունը Հայաստանի Հանրապետության բանակի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին սադրիչ գործողությունների մասին անհասկանալի են: Այս մասին Հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳն-ն:

«Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի դիվանագիտական խողովակներով և հրապարակայնորեն արված առաջարկները սահմանային միջադեպերի և/կամ դրանց մասին տեղեկությունների հետաքննության՝ Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին՝ շարունակում են անարձագանք մնալ Ադրբեջանի կողմից: Նման մեխանիզմի գործարկումը հնարավորություն կտար պարզաբանել ցանկացած իրավիճակ և կկանխարգելեր իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը:

Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են: ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և չի շեղվելու այս ռազմավարությունից:

Ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարեփոխումներին, սպառազինության և տեխնիկայի ձեռքբերմանը, բազմիցս նշել ենք, որ մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է, և Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության ու անվտանգության ոլորտում իր միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունից դուրս որևէ այլ նպատակ չունի: Բանակի բարեփոխումների գործընթացում Հայաստանի Հանրապետությունը գործում է բացառապես միջազգային իրավունքի շրջանակներում:

Նաև հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական խողովակներով և հրապարակային Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների վերահսկման փոխադարձ մեխանիզմ ստեղծել և համապատասխան պայմանագիր կնքել, ինչը նույնպես Ադրբեջանը թողել է անպատասխան: Չնայած սրան, նաև այս առաջարկն է շարունակում մնալ ուժի մեջ»,-ասվում է հայտարարությունում:

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական լկտի հայտարարությունն է տարածել՝ մեղադրելով ԱՄՆ-ին և Ֆրանսիային, միաժամանակ սպառնալով նոր պատերազմով Հայաստանին։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Հայաստանում անցկացվող զորավարժությունները, Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր զենքի տրամադրումը և Եվրոպական միության կողմից Հայաստանին ռազմական օգնության տրամադրումը Խաղաղության եվրոպական հիմնադրամի անվան տակ նախնական փուլում 10 միլիոն եվրոյի չափով, ոգեշնչում են օկուպացիոն Հայաստանին նմանատիպ սադրանքներ իրականացնել և մատնանշում են Ադրբեջանի դեմ հերթական պատերազմի նախապատրաստումը»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ-ում։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հայտարարության մեջ ասվում է. «Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ զգուշացնում է Հայաստանին և նրա հովանավորներին, որ պետք է ձեռնպահ մնան Հարավային Կովկասում պատերազմի նոր օջախ ստեղծելու մտադրությունից։ Եթե մեր երկրի դեմ նման սադրիչ գործողությունները չդադարեցվեն, ապա Ադրբեջանի զինված ուժերի զինանոցում առկա բոլոր միջոցներով ինքնապաշտպանության նպատակով կձեռնարկվեն համարժեք պատասխան միջոցներ»։

Նշենք, որ հայտարարությանը նախորդել էր ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումը Տավուշի ուղղությամբ, իբր, հետախուզական անօդաչու թռչող սարքի խոցման մասին։ Հենց նման տեղեկատվական ներարկումներով է Բաքուն նախորդում իր ագրեսիվ գործողություններին։

Ասկերանի քաղաքապետի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն․ Փաստաբան

Ասկերանի քաղաքապետի Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման  միջոց է կիրառվել վարչական հսկողությունը, հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը:

«Դատարանը, նախագահությամբ Ռ. Մարիկյանի, ՀՀ քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով, 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ ընտրված տնային կալանքը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը քննության առնելով` որոշեց այն մասնակի բավարարել` որպես խափանման միջոց կիրառելով վարչական հսկողությունը», – գրել է փաստաբան Եփրիկյանը։

Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի թիմը՝ պարալիմպիկ փառատոնի մասնակից

Հուլիսի 23-ից 25-ը Երեւանի օլիմպիական մարզական քոլեջում անցկացվեց Հայաստանի 20-րդ հանրապետական ​​պարալիմպիկ մարզական փառատոնը։

Փառատոնն այս տարի հոբելյանական է, այն կազմակերպվել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև Երևանի օլիմպիական մարզական քոլեջի աջակցությամբ։

Չեմպիոնի կոչման համար երկու օր շարունակ պայքարում էին Հայաստանի տարբեր մարզերի շուրջ 120 մարզիկներ՝ տղամարդիկ և կանայք։

Մարզիկները մրցում էին անվասայլակով բասկետբոլ, սայլակով մրցավազք, շախմատ, բոչե գնդակ, ծանրամարտ, սեղանի թենիս և մենամարտեր:

Փառատոնին մասնակցում էր նաեւ Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի թիմը, որը հաղթանակ տարավ՝ ավանդաբար զբաղեցնելով առաջին տեղը բոկչեի թիմային մրցույթում։ 2010 թվականից պարալիմպիկ մարզաձևի այս տեսակը Ստեփանակերտի Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի շնորհիվ ակտիվորեն զարգանում էր Արցախում։ Ամեն տարի, մինչև վերջին ողբերգական իրադարձությունները, Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի հիվանդները ակտիվ մասնակցություն են ունեցել ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում անցկացվող բոչեյի մրցույթներին և մեկ անգամ չէ, որ արժանացել են մրցանակների։

Շնորհավորում ենք մեր մարզիկներին հաղթանակի կապակցությամբ և մաղթում հետագա հաջողություններ և մեծ ձեռքբերումներ սպորտում։

Արսեն Աղաջանյան

Իսրայելի նկատմամբ վերաբերմունքն առանցքային ցուցիչ է. Հարիսն ու Թրամփը պետք է դիրքորոշում հայտնեն

Ջո Բայդենի նախընտրական մրցավազքը լքելուց անմիջապես հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանեց ԱՄՆ և արդեն ելույթ ունեցավ Կոնգրեսում։

Իսրայելի նկատմամբ վերաբերմունքը ԱՄՆ քաղաքական ուժերի հիմնական ցուցիչն է. Իսրայելն ինքը, աշխարհում ազդեցիկ հրեական շրջանակները և գլոբալ ուժերը, որոնք հանդես են գալիս իսրայելակենտրոն աշխարհակարգի պահպանման կողմ, պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի թույլ չտան մարդուն, ով ունի անբավարար դրական վերաբերմունք Իսրայելի նկատմամբ՝ ԱՄՆ նախագահ դառնալ։

Իլոն Մասկը ԱՄՆ-ի դեմոկրատական ​​կուսակցությունը համարում է հակասեմական՝ ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթում դեմոկրատ շատ օրենսդիրների բացակայության պատճառով։ Նեթանյահուի ելույթի ժամանակ սրահում էին միայն «100 կոնգրեսական Ներկայացուցիչների պալատի 212 դեմոկրատներից և 27-ը՝ Սենատի 51 դեմոկրատներից»:

Հանրապետականներն ավելի «լոյալ» են համարվում Իսրայելին, իսկ Թրամփը, ում դուստրն ամուսնացած է հրեայի հետ և ինքն ընդունել է հուդայականություն, երբեք չի հայտարարել, որ մտադիր է փոխել աշխարհակարգը։ Ի տարբերություն Բայդենի, ով ուղղակիորեն հայտարարեց, որ փոխելու է ներկայիս աշխարհակարգը։

Այժմ Բայդենի տեղը կզբաղեցնի Կամալա Հարիսը, ով ինքն ամուսնացած է հրեայի հետ և դեռևս չի բարձրաձայնել Իսրայելի մասին իր մոտեցումը։

Կոնգրեսի հետ զրույցում Նեթանյահուն ասել է. «Երբ մենք կռվում ենք Իրանի դեմ, մենք կռվում ենք Միացյալ Նահանգների ամենաարմատական ​​և արյունարբու թշնամու դեմ, մեր կռիվը ձեր կռիվն է, և մեր հաղթանակը կլինի ձեր հաղթանակը»:

Այսպիսով, Նեթանյահուն փորձում է Իսրայելը նույնականացնել ԱՄՆ-ի հետ և պատասխանատվությունը Մերձավոր Արևելքի ապագայի համար դնել դրա վրա:

Բայդենը կկարողանա՞ յուրովի լուծել հարցը իրեն մնացած 6 ամիսների ընթացքում։ Reuters-ի փոխանցմամբ՝ Մերձավոր Արևելքի գործարքի շուրջ բանակցությունները վերջին փուլում են. սպասվում է, որ Բայդենը և Նեթանյահուն հինգշաբթի «կքննարկեն մնացած բացերը»: Ասում են, որ հաջորդ շաբաթվա ընթացքում հանդիպումներ կանցկացվեն՝ ուղղված Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հասնելուն:

Հինգշաբթի օրը Նեթանյահուն կհանդիպի Ջո Բայդենի և Քամալա Հարիսի հետ, իսկ ուրբաթ օրը նա կմեկնի Ֆլորիդա՝ հանդիպելու Դոնալդ Թրամփին։

«Գազայի հատվածը պետք է ունենա քաղաքացիական վարչակազմ, որը կղեկավարվի պաղեստինցիների կողմից, ովքեր չեն ձգտում ոչնչացնել Իսրայելը: Սա շատ բան չէ»,- ասել է Նեթանյահուն: Սակայն նա ոչինչ չի ասել Պաղեստին պետության ճանաչման մասին։

Իր հերթին Դոնալդ Թրամփը Իսրայելին կոչ է արել «արագ դադարեցնել ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմը և հասնել պատանդների վերադարձին»։ Նա նաև քննադատել է Իսրայելին «հասարակական կարծիքի վրա ազդելու սխալների» համար, սակայն չի ներկայացրել «կարգավորման» իր ծրագիրը։

Նեթանյահուն նաև կոչ է արել ստեղծել «Մերձավոր Արևելքի ՆԱՏՕ» Իրանի դեմ։ Մերձավոր Արևելքի տարածաշրջանը դժվար թե առճակատման մեխանիզմների կարիք ունենա, անմիջապես հայտարարեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նեթանյահուն կոչ է արել այս դաշինքում ընդգրկել նրանց, ովքեր դեմ են Իրանի սպառնալիքին։ Մնացածը, բնականաբար, դառնում են Իսրայելի եւԱՄՆ հակառակորդները։

Ստեղծված իրավիճակում Փաշինյանի կառավարությունը փորձում է փոխել դիրքավորությունը. Հայաստան են ժամանել հուդայա-քրիստոնեական դաշինքի անդամները, որոնց հետ հանդիպել է գրեթե ողջ վերնախավը։ Իր հերթին, Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի դեմարշները նրան տանում են դեպի բողոքական ճամբար։ Նույնիսկ սփյուռքում նա կապեր է հաստատում բողոքական, ազատական ​​և հրեական շրջանակներին մոտ կանգնած ուժերի հետ։

Արցախցիները հնարավորություն կստանան օգտվել վերարտադրողական օժանդակության ծրագրից

Կառավարությունը կընդլայնի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության հուլիսի 25-ի նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը նշեց, որ ծառայությունների ամբողջական փաթեթից օգտվող 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց տարիքային շեմը 36-ից կբարձրացվի մինչև 40 տարեկանը ներառյալ:

«Բացի դրանից, ընդլայնվում է երկրորդային անպտղություն ունեցող մեր շահառուների շրջանակը։ Եթե նախկինում սահմանվում էր, որ միայն սահմանամերձ բնակավայրերի մեր քաղաքացիներն իրավունք ունեին օգտվելու այս հնարավորությունից, հիմա այս սահմանափակումը դուրս է գալիս և բոլորը կարող են օգտվել։

Կարգավորվել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բուժօգնության տրամադրման կարգը»,- ասաց Ավանեսյանը։

Նախարարը նաև ներկայացրեց ծրագրի արդյունքները վերջին տարիների կտրվածքով։

«Եթե 2020 թվականին ծրագրով ծնվել էր 40 երեխա, 2021 թվականին՝ 76, 2022 թվականին՝ 128, 2023 թվականին՝ 159, ապա 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին արդեն 271 երեխա է ծնվել։ Նշեմ, որ հղիների կտրուկ աճ ունենք»,- եզրափակեց Ավանեսյանը։

Խաղաղության պայմանագրի` Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են. ԱԳՆ խոսնակ

«Խաղաղության պայմանագրի Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են»,- ասաց Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը՝ ի պատասխան «Ազատության» հարցին, թե Երևանը պատասխանե՞լ է Բաքվի առաջարկներին՝ 10-րդ փաթեթին։

«ՀՀ պատասխան առաջարկները մշակման փուլում են՝ սեղմ ժամկետում խաղաղության պայմանագրի կնքման՝ ՀՀ կողմից արդեն իսկ հնչեցված, ներկայացված սկզբունքային առաջարկին համապատասխան», – նշել է ԱԳՆ ներկայացուցիչը:

ՊՆ-ն հերքում է Իրանից անօդաչուներ գնելու մասին լուրերը

ՀՀ պաշտպանության նախարարությունը մտացածին և հորինված է որակում տարածվող լուրերը, թե Հայաստանն Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր է ստորագրել։

Հարցին, թե ինչպես կմեկնաբանեն Iran International կայքի տարածած այն տեղեկատվությունը, թե Հայաստանն ու Իրանը 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման գաղտնի պայմանագիր են ստորագրել, ՊՆ խոսնակը պատասխանեց, որ մտացածին ու հորինված բովանդակությամբ հրապարակումներին իրենք չեն արձագանքում։

Iran International-ը ստացել է ռազմական ապրանքների բացառիկ ցանկը, որոնք Իրանը մտադիր է մատակարարել Հայաստանին։ Սա ներառում է անօդաչու թռչող սարքեր, ինչպիսիք են Shahed 136, Shahed 129, Shahed 197, Mohajer, ինչպես նաև ցամաքային-օդ հրթիռային համակարգեր, ինչպիսիք են 3rd Khordad, Majid, 15th Khordad և Arman:

Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն ազատվեց տնային կալանքից

Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն ազատվեց տնային կալանքից: Լուրը հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Հուսամ՝ Քննչական կոմիտեն շուտով կհրաժարվի քրեական հետապնդումից», – գրել  է փաստաբանը:

Հիշեցնենք, որ Գյուրջյանը ձերբակալվել էր 2024 թվականի մայիսի 25-ին, ինչից հետո դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել։ Հունիսի 27-ին, սակայն, նրա կալանքը փոխարինվել էր տնային կալանքով:

Չենք կարող թույլ տալ, որ COP29-ն անցնի Բաքվում հայ գերիների առկայության պայմաններում. Լուիս Մորենո Օկամպո

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն անդրադարձել է իր նախաձեռնությանը, որով աշխարհի հայերին կոչ է արվում համախմբվել և մեդիա արշավ սկսել 2024 թվականի նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի (COP29) դեմ` Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով ու նպատակադրմամբ։

Լուիս Մորենո Օկամպոն թեմային անդրադարձել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։

Օկամպոն նշում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է COP29-ով բարձրացնել Ադրբեջանի հեղինակությունը։ Նրա խոսքով՝ տարօրինակ է, որ Ալիևը փորձում է այն ներկայացնել որպես խաղաղության համաժողով, երբ այսօր Բաքվի բանտերում հայ գերիներ են պահվում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը։

«Գերիներին ձերբակալելն ուղերձ է Լեռնային Ղարաբաղի հայերին՝ «եթե վերադառնաք Լեռնային Ղարաբաղ, կտուժեք, կբանտարկվեք կամ ձեզ կսպանենք»։ Ուշագրավն այն է, որ աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ Ադրբեջանին հաջողվում է Եվրոպային և ԱՄՆ-ին հետ պահել որևէ բան ասելուց։ Պետությունները լուռ են մնում, հետո փորձում են մոռանալ: Սակայն ՄԱԿ-ի ցեղասպանության հարցերով խորհրդականն ասաց, որ Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգ կա: Բայց նա չի կարող ասել, որ ցեղասպանություն է եղել, քանի որ ՄԱԿ-ում նրանց տրված մանդատն արգելում է ասել, որ դա ցեղասպանություն է։ Ամենաշատը նա կարող էր ասել, որ ցեղասպանության վտանգ կա, և նա դա արեց»,- ասաց Օկամպոն:

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը շեշտում է՝ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղում։ «Լաչինի միջանցքը միակ ճանապարհն էր, որով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կապվում էին աշխարհի հետ։ Այն շրջափակելով՝ Ադրբեջանը մարդկանց մեկուսացրեց և ստիպեց ենթարկվել իրեն, իսկ մինչ այդ էլ Բաքուն բազմիցս ասել էր, որ պատրաստվում է ոչնչացնել նրանց։ Այս ամենից պարզ է դառնում, որ սա ցեղասպանություն է»,-նշեց նա։

Նրա խոսքով՝ մարդկանց բռնի տեղահաննությունն էլ ցեղասպանության տեսակ է, ինչն իրավաբանորեն սահմանված է Ցեղասպանության կոնվենցիայով։

Օկամպոն այն կարծիքին է, որ տեղի ունեցածի մասին պետք է անընդհատ բարձրաձայնել և գործել, ոչ թե լռություն պահպանել։ «Հայերը դիմադրության և տոկունության օրինակ են»,- ասաց նա։

Նա հիշեցրեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը 2021 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն նկատեց, որ Բայդենը ոչինչ չի ասում 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ցեղասպանության մասին, որն իրականացրել է Ադրբեջանը։ «Որքա՞ն ժամանակ պետք է անցնի, որպեսզի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը ճանաչվի որպես ցեղասպանություն։ Այստեղ հիմնարար դերակատարը Հայաստանն է և առաջին հերթին՝ սփյուռքի հայությունը»,- նշեց Լուիս Մորենո Օկամպոն։

Նա հավելեց, որ իր համար մեծ պատիվ է, որ կարող է ինչ-որ բանով օգնել հայերին այս ճգնաժամային իրավիճակում, որ կա ամբողջ աշխարհում։ «Մենք ցանկանում ենք օգտագործել այն հնարավորությունները, որ այսօրվա աշխարհում տալիս են սոցիալական ցանցերը։ Լեռնային Ղարաբաղի հայերը հզոր ձայն ունեն, նաև Հայաստանը մարդկանց հսկայական խումբ ունի ամբողջ աշխարհում։ Ինձ դուր եկավ հայկական խմբերի առաջարկը՝ միասին աշխատել արշավի համար, և ես հավատում եմ, որ առաջին բանը, որ պետք է անել, սոցիալական ցանցերի հսկայական համայնք ստեղծելն է, որտեղ հենց հայերը կպաշտպանեն հայերին: Հետո կներգրավենք կլիմայի փոփոխության դեմ պայքարող մարդկանց, որոնք նույնպես կպաշտպանեն հայերին։ Սա է պլանը»,- մանրամասնեց Օկամպոն։

Նրա խոսքով՝ անհնար է անտեսել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ցեղասպանությունը։ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի: Աշխարհի բոլոր երկրները դա գիտեն, և ոչ ոք ոչինչ չի անում։ Ես հավատում եմ հայերի վերադարձին Լեռնային Ղարաբաղ: Ամեն ինչ հնարավոր է։

Մենք՝ արգենտինացիներս, դատում էինք ռազմական բռնապետության արգենտինացի գեներալներին, երբ ոչ ոք չէր հավատում, որ դա հնարավոր էր անել։ Միշտ հնարավոր է, բայց մենք պետք է աշխատենք: Դա հնարավոր չի լինի, եթե ոչ ոք ոչինչ չանի։ Վստահ եմ, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պետք է պաշտպանված լինեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերը կարողանան վերադառնալ։ Մենք չենք կարող լքել նաև Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին և պետք է պաշտպանենք նրանց։ COP29-ից հետո, եթե Ալիևին հաջողվի կյանքի կոչել խաղաղասեր երևալու իր ծրագիրը, այդ մարդկանց փրկելու հնարավորություն կարող է չլինել։ Մենք չենք կարող թույլ տալ, որ COP29-ն անցնի Բաքվի բանտերում գտնվող 23 հայ գերիների առկայության պայմաններում։ Մենք պետք է հայ գերիների խնդիրը կենտրոնական հարց դարձնենք»,- ասում է Լուիս Մորենո Օկամպոն՝ շեշտելով, որ ակնհայտ է, որ բռնապետական Ադրբեջանում չկա անկախ դատական համակարգ, ուստի դժվար է հավատալ, որ որևէ դատավոր հայ գերիների հետ կապված կարող է արդար վճիռ կայացնել և ազատ արձակել նրանց։

Օկամպոն շեշտում է, որ Բաքվում պահվող հայ գերիները ոչ թե ռազմագերիներ են, այլ ցեղասպանության զոհեր, որոնց բերման են ենթարկել, երբ նրանք ցանկանում էին դուրս գալ Լեռնային Ղարաբաղից։ «Նրանք բանտարկված են, քանի որ Ադրբեջանի ուղերձն է՝ չվերադառնալ Լեռնային Ղարաբաղ։ Բաքվում ազատազրկման դատապարտված հայ գերիներից 2-ը առողջական խնդիրներ ունեցող մարդիկ են, որոնք փորձել են Հայաստան գնալ, իսկ Ադրբեջանում նրանց մեղադրում են ռազմական հանցագործությունների մեջ։ Բայց սրանք անհեթեթ դատական ընթացակարգեր են, որոնք նույնիսկ քննարկման արժանի չեն, քանի որ Ադրբեջանում անկախ դատավորներ չկան»,- ընդգծեց Օկամպոն։

Նա հույս հայտնեց, որ Ադրբեջանի նախագահը գիտակցում է, որ COP29-ը խաղաղ պայմաններում անցկացնելու համար պետք է ազատ արձակի հայ գերիներին։

«Մեր արշավը նոր է սկսվում: Կարծում եմ, որ դա ձնագնդի էֆեկտ է ունենալու։ Մենք պետք է օգտագործենք նոր տեխնոլոգիական գործիքները և տարածենք մեր ուղերձը։ Մենք իրական մարդիկ ենք, որոնք մտահոգված են այս հարցով։ Ամբողջովին կորած չենք, եթե շարունակենք պայքարել: Մեր ուղերձն է՝ երբեք չհանձնվել: Այն պահին, երբ հանձնվում ես, պարտվում ես: Հայերի հետ քննարկումներից հաճույք եմ ստանում։ Ձեր ստեղծագործական ունակությունները անհավանական են: Չգիտեմ՝ որտեղ կամ ինչի ենք հասնելու, բայց այն, ինչ անում ենք, արժանի աշխատանք է»,- եզրափակեց Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը:

Բեատրիս Արսլանյան 

Շանթ Խլղաթյան

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Երևանում հուլիսի 25-ին և 26-ին երեկոյան ժամերին, 29-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-ին և 28-ին, 29-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։

Մարզերում հուլիսի 25-ի ցերեկը, 26-ին, 29-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-ին և 28-ին, 29-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-29-ը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Բա ասում էիք՝ մենք թույլ չենք տա էթնիկ զտում Ղարաբաղում

Հայաստանը  այլընտրանքներ է փնտրում։ Դա չի նշանակում, որ նրա հարաբերությունները Ռուսաստանի հետ վատանում են։ Մենք շատ ենք ցանկանում հնարավորինս մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանի ջանքերին՝ ուղղված իր հարաբերությունների դիվերսիֆիկացմանը, նրա անվտանգության ամրապնդմանը, տնտեսական բարգավաճմանը և իր հակառակորդի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ դեսպան, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և եվրոպական հարցերով օգնականի առաջին տեղակալ Յուրի Քիմը։

Մինչ Վաշինգտոնը փորձում է կապեր հաստատել Բաքվի և Երևանի միջև, որպեսզի նրանց ուղղի խաղաղության համաձայնագրին, այն նաև դիտարկում է «այլ տարբերակներ» ասել է Քիմը՝ նկատի ունենալով USAID-ի օգնությունը Հայաստանին։

«Ընթացիկ ֆինանսական տարում դա մոտ 77 միլիոն է, ինչը գրեթե երկու անգամ ավելի է, քան ընդամենը երկու տարի առաջ։  Այդ միջոցները կուղղվեն Հայաստանի կայունությանն այնպիսի հարցերում, ինչպիսիք են կլիման և պարենային անվտանգությունը և Հայաստանը մեկուսացումից հանելը», – ասել է Քիմը։

Հիշեցնենք, որ 2023-ի սեպտեմբերի 17-ին նույն Յուրի Քիմը, մասնակցելով ԱՄՆ Կոնգրեսի լսումներին, որոնք հրավիրել է սենատոր Մենենդեսը Արցախի շրջափակման եւ հնարավոր ագրեսիայի հարցով, ասել է, որ ԱՄՆ երբեք թույլ չի տա էթնիկ զտում եւ ագրեսիա Ղարաբաղում։ Բառացիորեն 2 օր անց տեղի է ունեցել ագրեսիա, այնուհետեւ էթնիկ զտում եւ ցեղասպանություն։ Պետդեպն առայսօր կատարվածին գնահատական չի տվել։ Ավելին, ժ/պ Քիմը հաստատվել է իր պաշտոնում եւ այդպես էլ պատասխան չի տվել իր սուտ հայտարարության համար, իսկ ագրեսիայից մի քանի օր անց սենատոր Մենենդեսի դեմ հանկարծ գործ է հարուցվել, նա հեռացվել է պաշտոնից, իսկ օգոստոսին նաեւ կթողնի մանդատը։ 

Նման զարգացումը վստահություն չի առաջացնում դեպի ԱՄՆ։ Հակառակը՝ թույլ է տալիս ԱՄՆ հակառակորդներին ի ցույց դնել Քիմի օրինակը՝ որպես Հայաստանի հանդեպ ԱՄՆ կեղծ վերաբերմունք։