Պայթյունը գլխիվայր շուռ տվեց Կարինեի կյանքը․ ամուսինը՝ Սամվելը, այնտեղ էր

Բենզինի պահեստի պայթյունից անցել է ավելի քան 9 ամիս․ Կարինեն հույսը չի կորցնում, նա սպասում է։  2023 թվականի սեպտեմբերի 25-ի բենզինի պահեստի պայթյունը գլխիվայր շուռ տվեց Կարինեի կյանքը։ Պայթյունի պահին ամուսինը՝ Սամվելը, այնտեղ էր։ Մինչև այսօր ոչ մի լուր չկա նրանից։

Մարտակերտի շրջանի Վանք գյուղում է ծնվել, մեծացել, ապա ընտանիքով տեղափոխվել են Կիչան, որտեղից էլ հարս է գնացել Ստեփանակերտ։ 2020 թվականի սեպտեմբերի 13-ին էր նրանց հարսանիքը․ այնքա՜ն երջանիկ էին նորապսակները․․․ Այդ ժամանակ Կարինեն չէր պատկերացնում, որ ճակատագիրը բարեգութ չի լինելու իր հանդեպ։ Օրեր հետո սկսվեց 44-օրյա պատերազմը, և Կարինեի հարսանիքից ուղիղ մեկ ամիս հետո զոհվեց եղբայրը՝ 21-ամյա Արմենը, որին հետմահու շնորհվեց “Մարտական խաչ” 1-ին աստիճանի շքանշան։ Քրոջ համար ծանր է եղբայր կորցնելը, սակայն Կարինեն իր մեջ խեղդելով վիշտը, նվիրվեց ընտանեկան կյանքին, իսկ, երբ ծնվեց Դավիթը, նորաթուխ մոր աչքերում վերջապես լույսի շողեր հայտնվեցին։

-Երբ սկսվեց 2023-ի պատերազմը, ամուսինս աշխատավայրում էր։ Ծառայում էր ԱՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունում։ Հրետակոծությունների տարափի տակ չգիտեի ինչ անել, երեխան գրկիս՝ մնացել էի շիվար։ Հաջորդ օրը ավարտվեց պատերազմը՝ կրկին հարյուրավոր կյանքեր խլելով։ Ցավոք, հասկացանք, որ կորցնում ենք Արցախը, և շուտով այն լրիվությամբ կհայաթափվի։ Օրեր հետո սկսվեց բռնագաղթը։

Մեր տունը Ստեփանակերտի Սախարովի փողոցում էր և շատ վտանգավոր էր այդտեղ մնալը։ Անընդհատ ավտոմատի կրակոցներ էին լսվում։ Ամուսնուս խոսքով՝ մի քիչ բենզին ունեինք և կարող էինք ճանապարհվել։ Ստեփանակերտից դուրս ենք եկել սեպտեմբերի 25-ին, ժամը 2-ին։ Շուշի չհասած՝ մեր մեքենայի հետ խնդիր առաջացավ․ բենզինը չէր մատակարարում՝ քիչ լինելու պատճառով։ Ամուսինս մեզ տեղափոխեց ծնողներիս մոտ, իսկ ինքը վերադարձավ Ստեփանակերտ՝ ասելով, որ բենզին կգտնի ու հաջորդ օրը կմիանա մեզ։ Այլևս չտեսանք իրար,-պատմում է Կարինեն։

Հաղորդակցության միջոցների բացակայության պատճառով նա միայն հաջորդ օրը լսեց, որ Արցախում խոշոր պայթյուն է եղել ու հարյուրավոր մարդիկ են զոհ դարձել։ Դեռ չգիտեր, որ Սամվելը ևս այնտեղ էր այդ պահին։ Ամուսնու հորաքույրը Ստեփանակերտում կամավոր գնացել էր հիվանդանոց, որ օգներ բուժաշխատողներին ու հանկարծ ցուցակներում տեսել է եղբորորդու տվյալները։

-Ցանկանում էի հետ դառնալ, բայց ասացին, որ Երևանի Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում իմ ամուսնու անուն ազգանունով վիրավոր կա։ Անմիջապես գնացի այնտեղ, պարզվեց՝ ուրիշ էր։ Հետո սկսեցի բոլոր հիվանդանոցներում փնտրել, սակայն ամեն ինչ ապարդյուն էր։ Տանջալից ու ծանր օրեր անցկացրինք։ Աղոթում էի Աստծուն, որ գտնեմ երեխայիս հորը․ թեկուզ կես մարդ դարձած, բայց ողջ լիներ․․․

Միչև այսօր ոչ մի լուր չկա նրանից։ 21 անհայտ կորածների մեջ է Սամվելը։ Բազմիցս դիմել ենք հայաստանյան ու միջազգային տարբեր կառույցների։ Վերջին անգամ ՀՀ Վարչապետի աշխատակազմից պատասխանել են, որ գործով զբաղվում է ՀՀ քննչական կոմիտեն։ Հույսս չեմ կորցնում, սպասում եմ, որ նա կգա,-ասում է երիտասարդ կինը։

Կարինեի համար ամենադժվարը երեքամյա որդուն պատասխան տալն է, երբ հարցնում է հոր մասին։ Մայրը դժվարանում է նրան ճշմարտությունն ասել, որ հոր ճակատագիրը դեռևս անհայտ է։ Փոքրիկ Դավիթը սպասում է հորը։ Նա գիտի՝ եթե մի բանի մասին շատ ես մտածում, ապա այն կատարվում է։

Կարինեն աշխատանքի է անցել Արդշինբանկում, փորձում է աշխատանքի մեջ կտրվել տանջալից իրականությունից, հարմարվել նոր միջավայրին։ Երբեմն թվում է՝ թե ստացվում է, բայց գալիս է մի պահ, որ նրա ուղեղում չի տեղավորվում այն միտքը, որ Սամվելն իր հետ չէ։

Արցախից տեղահանվելուց հետո էր․․․Մտքերով տարված քայլում էր երեխայի հետ։ Նրան է մոտենում մի երիտասարդ, որը ճանաչել էր, գիտեր, որ Սամվելի կինն է։ “Ուզում եմ, որ դուք անպայման իմանաք․ պայթյունի օրը ձեր ամուսինը 2 կնոջ կյանք է փրկել։ Աչքովս եմ տեսել, երբ արդեն իր հերթն էր բենզին վերցնելու, մի տղամարդ մոտեցավ ու խնդրեց Սամվելին իր հերթը զիջել ստեփանակերտցի կանանց՝ ասելով, որ նրանք շատ են հոգնել։ Սամվելն անմիջապես համաձայնեց, կանայք բենզինով լի տարաները ձեռքներին հեռացան ու հետո լսվեց ուժգին պայթյունն ու ամեն ինչ կորավ կրակի բոցերի մեջ”, – պատմեց երիտասարդը, որը նոր էր դուրս գրվել հիվանդանոցից՝ երկար բուժում ստանալուց հետո։

-Այդ պահին իմ մեջ հպարտության զգացման հետ նաև մեկտեղվեց սիրտ կեղեքող մի ցավ։ Ամուսինս կյանքեր է փրկել, բայց ինքը․․․Այս անորոշությունը սպանում է ինձ, չգիտեմ՝ ո՞ւմ մեղադրեմ, որտեղից մի լուր իմանամ, ի՞նչպես ապրեմ։ Բայց, երբ նայում եմ փոքրիկիս աչքերին, հասկանում եմ, որ պետք է հավաքեմ ուժերս, ուղղեմ մեջքս, հանուն նրան ապրեմ,-խոսքը եզրափակում է Կարինեն։

Բռնատեղահանված և անորոշության մեջ հայտնված արցախցի երիտասարդ կինը բացի բնակվարձերի աջակցությունից, որևէ այլ սոցիալական օգնություն չի ստանում․ կարգավիճակ չունի։ Առաջարկել են՝ դատական կարգով ամուսնուն մահացած ճանաչել, որ կարողանա օգտվել աջակցություններից։ Կարինեն հրաժարվել է․ նա դեռ սպասում է․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

Եկեղեցին կհայտարարվի «հակապետություն»՝ գույքի բռնագրավմամբ

Դպրոցական դասագրքի անվանումը «Հայոց պատմությունից» «Հայաստանի պատմություն» փոխելու անհեթեթ թվացող որոշումը այդպես էլ պատշաճ կերպով չի բացատրվել։ Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանի պատմությունը պետք է լինի պետության պատմություն։ Ուրեմն ու՞մ է պատմությունն է մնացած մասը: Անգամ Նիկոլ Փաշինյանի և նախարար Ժաննի Անդրեասյանի ամորֆ «փաստարկների» մանրակրկիտ ուսումնասիրությունը բացատրություն չեն տալիս, իսկ այն, որ Պետրոս Ղազարյանի կինը մշտապես թաքցնում էր աչքերը, վկայում էր այն մասին, որ նա փորձում է թաքցնել տհաճ ճշմարտությունը։

Բացատրություն չգտավ նաև ԵՊՀ պատմության ամբիոնը՝ հրապարակելով մի ամբողջ հայտարարություն, որի էությունը հանգում է նրան, որ անվան փոփոխությունը չի կարելի բացատրել գիտական ​​և ազգային-պետական ​​նպատակներով, և կան որոշ «քաղաքական պատճառներ»։

Պատասխան ստանալու համար, թե որոնք են այդ “պատճառները”, փորձեցինք հարցը կիրառել տարբեր ոլորտներում, և հանկարծ ստացանք «համընկում»՝ Հայ առաքելական եկեղեցու դերը Հայաստանի պատմության մեջ։ Ի վերջո, հենց եկեղեցին էր «փոխարինում» պետությանը այն ժամանակաշրջաններում, երբ պետություն չկար։ Եվ հենց եկեղեցին է հանդիսանում հայկական վիթխարի ժառանգության պաշտոնական կամ անվանական սեփականատերը, որը պահպանվում է նույնիսկ Հայաստան պետությունից դուրս: Սա ներառում է Երուսաղեմում գտնվող հայկական թաղամասը և կալվածքներ ներկայիս Թուրքիյում, Լիբանանում, եւ կարեւորը՝ գլոբալ հայ ժողովրդին միջազգային ասպարեզում ներկայացնելու առաքելությունը:

Եկեղեցու դերը Հայաստանի պատմության մեջ տարբեր կերպ է գնահատվում։ Օրինակ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը www.religions.am-ում ասել էր, որ եկեղեցին 99 տոկոսով նպաստել է օտար լծի հարատևմանը, քանի որ այն խոշոր սեփականատեր է, և օտար պետությունը միշտ պատրաստ էր նրան ավելի մեծ բաժին տալ, քան հայկական պետությունը։ Հայ եկեղեցին միշտ խուսափել է հայկական պետականության վերականգնումից։ «Մեր պատմության մեծ մասում ընդամենը մի քանի տասնամյակ մեր եկեղեցին ակտիվորեն աջակցել է պետության ստեղծմանը. մեկ անգամ՝ 428-ին, նորից՝ 1045-ին»,- նշել է նա։

Պատմության ներկայիս դասագրքերում, ընդհակառակը, ընդունված է այն կարծիքը, որ այն ժամանակաշրջանում, երբ օտար նվաճողները զրկում էին Հայաստանը պետականությունից, հենց եկեղեցին էր դառնում ազգային մատրիցա՝ պահպանելով ազգային միասնությունը եւ ժառանգությունը մինչև պետականության վերականգնումը։

Այսպես է եղել, թե այլ կերպ, սա արդեն պատմություն է, այն չի կարելի փոխել, բայց կարելի է տարբեր կերպ վերաբերվել այդ ժառանգությանը։ Կարելի է, ինչպես դեռևս տեղի է ունենում, աջակցել Հայ Եկեղեցուն՝ որպես հայկական մեծ «սերվերի», որը պետականության հետ միասին դառնում է ազգային մատրիցա։ Առավել եւս, որ հայկական եկեղեցական տարածքն աշխարհում շատ ավելի լայն է ընկալվում, քան Հայաստան պետությունը։ Նույն համամասնությամբ, ինչ Վատիկանը Իտալիայի նկատմամբ։

Բայց կարելի է եկեղեցուց խլել այդ դերը և «ազգայնացնել» նրա իրավունքները Հայաստանից դուրս՝ վտանգի տակ դնելով աշխարհում եկեղեցում մարմնավորված Հայաստանի «վերպետական» ընկալումը, ինչպես նաև այն անգին ժառանգությունը, որը պատկանում է եկեղեցուն։

«Հայոց պատմության» նոր դասագրքերի հեղինակներն ասում են, որ բովանդակային առումով դասագրքերում ոչինչ չի փոխվելու։ Իսկ ի՞նչ առումով է փոխվելու։ Նոր դասագրքում կխոսվի՞ եկեղեցու դերի մասին Բագրատյանի տարբերակում։ Եւ ինչպե՞ս է այս դասագիրքը ներկայացնելու Երուսաղեմի հայկական թաղամասի, Անթիլիասի և ներկայիս Թուրքիայի հայկական եկեղեցական-համայնքային ունեցվածքի կարգավիճակը։

Եկեղեցի-պետություն հարաբերությունները Հայաստանում վատթարացան այն բանից հետո, երբ Հայաստանում սկսվեց «սրբազան» շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ։ Բայց առավել հավանական է, որ դա պատասխան էր գործող իշխանության ցանկությանը՝ դառնալու, ոսկե ձկնիկի պես, նաեւ եկեղեցու տիրակալը։ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում իր «բարկացած» ելույթներից մեկում ասաց՝ ինչո՞ւ եկեղեցին պետք է հսկայական անշարժ գույք ունենա, այդ թվում՝ Հայաստանից դուրս, որի հետ պետությունը կապ չունի։

Դժվար թե իշխանությունը չի հասկանում, որ ի վիճակի չէ ո՛չ օրինական, ո՛չ ֆիզիկապես ազգայնացնել ու մարսել եկեղեցու ունեցվածքը Հայաստանից դուրս։ Սա նշանակում է, որ հնարավոր է հանցավոր համաձայնություն կամ պարտավորություն՝ եկեղեցական գույքը փոխանցել այն երկրներին, որտեղ դրանք գտնվում են, առաջին հերթին՝ Թուրքիային և Իսրայելին։

Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա վերջին շրջանում հաճախակի են դարձել Երուսաղեմում գործող հայկական ձեռնարկությունների դեմ ատելության հարձակումները։ Այս մասին գրել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Արդեն մի քանի տարի շարունակվում են կազմակերպված հարձակումները՝ ուղղված հայկական հողերի և բացառիկ նշանակության ժառանգության գրավմանը։ Հայկական պետության ներկայացուցիչները շարունակում են անտարբեր մնալ շուրջ 3 տարի շարունակվող ճգնաժամի նկատմամբ։ Այս ամբողջ ընթացքում ոչ մի դատապարտող հայտարարություն չի եղել»։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա 1923 թվականի Լոզանի պայմանագրով ժամանակավորապես ազգայնացվեց հայկական ողջ ունեցվածքը (իսկ համայնքային սեփականությունը՝ հայկական եկեղեցու սեփականությունն է)՝ առանց թուրքական պետության կողմից սեփականաշնորհման իրավունքի։ Եթե ​​Լոզանի պայմանագիրը դադարի գործել, և Հայաստանը եկեղեցուն զրկի հայկական ունեցվածքը տնօրինելու իրավունքից, ապա այդ վիթխարի ունեցվածքը կդառնա Թուրքիայի սեփականությունը։

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ թուրքական կառավարությունը փորձեց հայկական բարեգործական հիվանդանոցներից մեկը հանձնել մասնավոր անձանց, սակայն եկեղեցին դատի տվեց և Լոզանի պայմանագրով շահեց դատը։

Դասագրքի անվանումը փոխելու որոշում կայացնելուց հետո պետք է սպասել Հայաստանի կառավարության որոշումներին՝ հայկական եկեղեցին «հակապետություն» հայտարարելու և նրա ունեցվածքը «ազգայնացման» մասին՝ Հայաստանում և արտերկրում։ Դրա հետագա տեղափոխմամբ «հյուրընկալող» երկրներ։

Նաիրա Հայրումյան

Բայդենը պաշտպանեց Հարիսի թեկնածությունը, իսկ հանրապետականները պահանջեցին Բայդենի հրաժարականը հիմա

ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը, հայտարարելով նախագահական մրցավազքը լքելու իր մտադրության մասին, որպես ընտրություններում իր իրավահաջորդիսատարեց Կամալա Հարիսին։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր բլոգում։

Թեկնածությունը պետք է որոշի Դեմոկրատական ​​կուսակցության ազգային կոնվենցիան։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է հրաժարական տա նոր ժամկետի հայտից հրաժարվելուց հետո, հայտարարել է Ներկայացուցիչների պալատի հանրապետական ​​խոսնակ Մայք Ջոնսոնը։

«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա։ [Նախագահական ընտրություններ] Նոյեմբերի 5-ն այնքան էլ շուտ չէ»,- գրել է նա X-ում։

Բելգիան արդեն վախենում է ընդունել Իսրայելի ֆուտբոլի հավաքականին։ Ի՞նչ է լինելու հետո

DW

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի շրջանակներում Բելգիայի և Իսրայելի հավաքականների ֆուտբոլային հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին հունգարական Դեբրեցեն քաղաքում։ Հանդիպումը կանցկացվի փակ դռների հետևում, այսինքն՝ դրա տոմսերը չեն վաճառվի։

Ի սկզբանե նախատեսված էր, որ խաղը կկայանա Բրյուսելում։ Այնուամենայնիվ, Բելգիայի մայրաքաղաքի իշխանությունները հրաժարվեցին «շատ ռիսկային հանդիպում» անցկացնել` Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև շարունակվող պատերազմի ֆոնին: Քաղաքապետարանը մտահոգություն է հայտնել, որ մարզական միջոցառումը բողոքի ցույցեր կառաջացնի, որոնք կարող են վերածվել անկարգությունների: Հրաժարվել են նաև Բելգիայի մյուս քաղաքների քաղաքապետերը։

Սա իրոք նոնսենս է․ Եվրոպական մայրաքաղաքում չեն կարողանում ընդունել իսրաելցիներին։ Իսրայելի քաղաքականությանը, որը նա հիմնվորում է «մեզ ամեն ինչ կարելի է, քանի որ մենք ենթարկվել ենք Հոլոքոստի» փաստարկով, հակադրվում են ոչ միայն մահմեդական և արաբական աշխարհում։ Եվրոպական բոլոր երկրներից ամենաքիչ թշնամանքը զգացվում է թերեւս Հունգարիայում, որի վարչապետը ծրագրում է աշխատել Թրամփի հետ իսրայելակենտրոն աշխարհակարգը պահպանելու համար:

Բելգիայից Հունգարիա իսրայելական թիմի մասնակցությամբ ֆուտբոլային խաղի տեղափոխումը կարմիր գիծը հատած գլոբալ փոփոխության աստիճանի վառ օրինակ է:

Բայդեն դրամաт. ո՞վ կփոխի աշխարհակարգը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լսեց իր ընկերների կոչերը և ընտրություններից չորս ամիս առաջ հրաժարվեց պայքարել Դոնալդ Թրամփի հետ մոլորակի առաջատար ռազմական և տնտեսական ուժը ղեկավարելու իրավունքի համար։

Բայդենը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ պատիվ է ծառայել ամերիկյան ժողովրդին որպես նախագահ և որ մտադիր էր առաջադրվել, բայց իր կուսակցության և երկրի լավագույն շահերից ելնելով, նա պետք է հետ կանգնի նախընտրական արշավից և մինչև վերջ կենտրոնանա իր նախագահական պարտականությունների վրա մինչեւ նրան հատկացված ընթացիկ ժամկետը։

Հաջորդ շաբաթ նա հանդես կգա ուղերձով, որտեղ ավելի մանրամասն կխոսի իր որոշման և հետագա անելիքների մասին։

Բայդենը նախագահի պաշտոնը կզբաղեցնի մինչև 2025 թվականի հունվարը, երբ նոյեմբերին ընտրված հաջորդ նախագահը կստանձնի պաշտոնը։ Բայդենը ժամանակ կունենա՞ մինչև հունվար իրականացնել աշխարհակարգը փոխելու իր ծրագիրը: Չէ՞ որ հենց դա էր նրա երկրորդ ժամկետի գլխավոր նպատակը։ Բայդենի դրաման կայանում է ոչ միայն նրանում, որ նա առնվազն 10 տարով երիտասարդ չէ, որ Թրամփին կրակել են, իսկ իրեն ինչ-որ մեկը կորոնավիրուսով է վարակել։ Բանն այն է, որ ոչ բոլորն են ցանկանում փոխել աշխարհակարգը «Բայդենի ոճով», իսկ ոմանք ընդհանրապես չեն ցանկանում փոխել ոչինչ:

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև

«Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին»,- The National-ի փոխանցմամբ՝ կիրակի օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա լրագրողներին ասել է, որ պաշտոնական հրավեր է ուղարկվել Երևան։

Պաշտոնական Երևանից դեռևս չեն արձագանքել Հաջիևի այս հայտարարությանը։

Ջոնսոնի-Օրբանի պլանը. «Դավագիրը» կստորագրվի Շուշիո՞ւմ

Ուկրաինան ստիպված կլինի հրաժարվել 1991 թվականի սահմաններին վերադառնալու իր պահանջից՝ հակամարտությունը լուծելու համար, հայտարարել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը Daily Mail-ի համար հոդվածում։

«Պուտինը պետք է վերադառնա առնվազն այն սահմաններին, որոնք կային մինչև 2022 թվականի ներխուժումը, և ապագա հակամարտությունից ու անորոշությունից խուսափելու համար մնացած Ուկրաինան պետք է [Պուտինի կողմից] ճանաչվի որպես ազատ երկիր, որը կարող է ինքնուրույն ընտրել իր ճակատագիրը՝ ԵՄ-ն և ՆԱՏՕ, և որքան հնարավոր է, ավելի շուտ միանա նրանց»:

Պատերազմի ավարտից հետո, գրում է նա, որոշ “ուկրաինական զորքեր կտեղակայվեն Եվրոպայում, որտեղ նրանք կփոխարինեն այնտեղ տեղակայված 70,000 ամերիկյան զինվորականներին՝ ռուսական հնարավոր ագրեսիան զսպելու համար։ Սա Թրամփին թույլ կտա «խնայել փողերը, ամերիկյան զորքերը տուն բերել և եվրոպացիներին ստիպել ավելին անել սեփական պաշտպանության համար, ինչը նրա հիմնական նպատակներից է»: Եվ Պուտինը, իհարկե, կարող է պնդել, որ «հատուկ ռազմական գործողությունը» կամ ներխուժումը հաջող է եղել, և որ նա ապազգայնացրել է Ուկրաինան»,- գրում է Ջոնսոնը՝ նշելով, որ Ուկրաինայի ռուսալեզու բնակչության համար կարող է սահմանվել հատուկ պաշտպանություն։

Սա Թրամփ-Ջոնսոն-Օրբան-Էրդողան-Նեթանյահու պլանն է Ուկրաինայի համար, որը կտարածվի մնացած բոլոր հակամարտությունների համար։ Խնդիրը վերաբերում է թե՛ Հարավային Կովկասին, թե՛ Մերձավոր Արեւելքին, թե՛ Ուկրաինային։ Կարելի է այդ ցուցակին Պուտինին էլ գումարել։

Եվրոպական առաջնորդները և ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարությունը դեռ չեն հայտնել իրենց դիրքորոշումն այս պլանի վերաբերյալ։ Ըստ ամենայնի, հենց այս ծրագիրն է Օրբանը բերել Թրամփին, իսկ եվրոպացի առաջնորդների արձագանքը, ովքեր ցանկանում են Հունգարիային հեռացնել Եվրախորհրդի նախագահությունից, հուշում է, որ նրանք ոգեւորված չեն այս պլանով։

Հիշեցնենք, որ Օրբանը կատարել է գլխապտույտ մաքոքային ճանապարհորդություն՝ Կիև – Մոսկվա – Շուշի (թյուրքական պետությունների գագաթնաժողով) – Պեկին – Վաշինգտոն-Փալմ Բիչ։ Պատկերից դուրս է մնացել այցը Շուշի, դրա հետ մեկտեղ՝ իսրայելա-թուրքական դաշինքի ներգրավումն այս պլանում։ Չնայած Էրդողանը թույլ չի տա, որ իրեն մոռանան։

«Պարոն Օրբանը գնաց Մոսկվա և նրան քննադատեցին: Նա գնացել է Չինաստան ու նույն կերպ քննադատվել։ Այնուհետ նա մասնակցել է Շուշիի գագաթնաժողովին և արժանացել քննադատությունների։ Այժմ նրանք փորձում են որոշել, թե ինչպես հեռացնել Հունգարիային ԵՄ նախագահությունից»,- ասել է Էրդողանը չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունից թռիչքի ժամանակ:

Միևնույն ժամանակ, Ալիևն է պարտավորվել օգնել Հունգարիային, որը կարող է էներգետիկ ճգնաժամի առաջ կանգնել այն բանից հետո, երբ Կիևը արգելափակեց ռուսական գազի տարանցումը իր տարածքով:

Ադրբեջանը ցանկանում է միջնորդի դերում հանդես գալ Ռուսաստանից Ուկրաինայի տարածքով դեպի Եվրամիություն գազի տարանցման շարունակման հարցում։ Բանակցություններ են ընթանում Ռուսաստանի ղեկավարության, ինչպես նաև Ուկրաինայի իշխանությունների և ԵՄ-ի հետ գործող պայմանագրի ժամկետի ավարտից հետո մատակարարումները շարունակելու շուրջ, նույն Շուշիում ասել է Ալիևը։ Ալիևն ընդգծել է, որ Եվրամիությունը և Ուկրաինան դիմել են Բաքվին՝ բանակցությունները հեշտացնելու խնդրանքով։

Ալիևը նաև ասել է, որ շարունակելու է «հակագաղութային» արշավը Ֆրանսիայի դեմ՝ ըստ երևույթին ունենալով «Ջոնսոն-Օրբան-Թրամփ-Էրդողան» ծրագրի հեղինակների հավանությունը։

Դատելով ընթացիկ իրադարձություններից՝ ռուս-ուկրաինական «դավագիրը» կստորագրվի Շուշիում։

Նաիրա Հայրումյան

Իրիքնակը տուսա եկալ․ արցախյան բրենդի հետաքրքիր պատմությունը

Հագուստի սեփական բրենդ ունենալու գաղափարը ծագեց դեռ 2022 թվականին, երբ Դիանան, Գայան և Լուսինեն երկար մտորումներից հետո որոշեցին սկսել բոդիների արտադրութուն:

“Այդ ժամանակ մենք ամեն ինչ ունեինք. ե՛ւ կոնկրետ գաղափար, ե՛ւ գիտելիք, լոգո, փորձնական բոդիներ, ֆինանսներ, բայց սկսվեց շրջափակումը։ Շրջափակման ժամանակ բացվելու փորձը ձախողելուց հետո որոշեցինք հետաձգել մինչև այդ ամենը ավարտվեր”,- ասում է Դիանան։

“Իրիքնակը” շատ դժվար ծնվեց։ 2023 թվականի պատերազմից ու տեղահանումից հետո դժվար էր ոգեշնչում գտնել, մի պահ նույնիսկ աղջիկները հրաժարվեցին այդ գաղափարից և փորձեցին արծաթյա զարդերի արտադրություն սկսել, որը ձախողվեց։

Երկարատև փնտրտուքներից հետո ճակատագիրը նրանց վերադարձրեց նախնական մտքին` Իրիքնակին։ “Անվան մասին էլ ենք շատ մտածել։ Ուզում էինք անպայման բարբառային լինի, կամ ինչ-որ տեղանվան անուն, բայց ոգևորվելով «Հորովել» երգից և արևի լույս ու ջերմություն պարգևելուց, կանգ առանք Իրիքնակի վրա”,- ասում է Դիանան։

Վերջերս թողարկվել է բրենդի առաջին հավաքածուն, որը խորհրդանշում է Հադրութը, իսկ առանձին գույներ Հադրութի գյուղերի անուններն են կրում։

Իրիքնակի ինստագրամյան էջում աղջիկները պարբերաբար պատմում են Արցախի սրբավայրերի և տարբեր վայրերի մասին։ Պլաններում հագուստի վրա զարդանախշեր ավելացնելն է, ինչն ավելու ու ավելի շատ Արցախ կպարունակի իր մեջ։

Չնայած Իրիքնակը լույս աշխարհ տեսավ տեղահանումից հետո, բայց այն միանշանակ արցախյան բրենդ է։ «Իրիքնակը» պատմություն է, թե ինչպես 3 տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ քրտնաջան աշխատանքի արդյունքում կարողացան հասնել երազանքի, անկախ բոլոր դժվարությունների և տնից հեռու գտնվելուն։

Հայկ Հարությունյան

«Տանան նիգյարան»․ ինչպիսին էր կյանքը Արցախում պատերազմների արանքում

Քրիստինա Ալավերդյան

Արցախում հայտնի «Наш дом» անշարժ գույքի գործակալությունը վերսկսում է աշխատանքը Հայաստանում

«Նաշ դոմը» վերսկսում է աշխատանքը զբաղվածության ուղղությամբ։ Պարբերաբար կհրապարակենք թափուր աշխատատեղեր։ Եթե ​​ձեզ դուր եկավ գովազդը, կարող եք գրել ավելի կոնկրետ տեղեկությունների համար»։ Այս մասին գործակալությունը հայտնել է սոցցանցերում։

Step1-ի հետ զրույցում «Նաշ դոմ» գործակալության հիմնադիր և տնօրեն Անահիտ Թովմասյանը նշել է. «Քանի որ արցախցիները հաճախ են դիմում գործակալություն, որոշել ենք վերսկսել աշխատանքը Երևանում։ Սկզբում մենք զբաղվելու ենք զբաղվածության խնդիրներով, սակայն ժամանակի ընթացքում կսկսենք դիտարկել անշարժ գույքի թեման։ Մենք կփորձենք աշխատել նույն արժանապատվությամբ, ինչպես Արցախում և աջակցել մեր հայրենակիցներին»։

Ալվարդ Գրիգորյան

Ո՞ւմ է Փաշինյանն իր հեծանիվով զարմացնում եվրոպական մայրաքաղաքներում

Փաշինյանը կադրեր է հրապարակել Լոնդոնում հեծանվային զբոսանքից։

Վերջին շրջանում նա հեծանվային “կախվածություն” է ձեռք բերվել՝ հեծանիվ է քշում Երևանում, Բեռլինում, Լոնդոնում։ Ստացվում է, որ նա իր հետ այցելությունների ժամանակ տանում է ոչ միայն իր հեծանվային համազգեստը, այլեւ սաղավարտը։

Այն, որ Փաշինյանը հեծանիվ է քշում, դա իր անձնական գործն է, բայց ինչո՞ւ է նա ամեն անգամ նկարում դա և տեղադրում իր կայքում։ Ո՞րն է Փաշինյանի նպատակը։ Երեւանում պարզ էր, որ նա ցանկանում է ցույց տալ ժողովրդին իր մտերմությունը, Երևանով մեկ ազատ շրջելու հնարավորությունը։ Բայց եվրոպական մայրաքաղաքներում ու՞մ է նա զարմացնում իր հեծանիվով:

Բոլորը կհիշեն՝ 2018 թվականին, երբ Փաշինյանը դարձավ վարչապետ, նա նկարահանում և ցուցադրում էր ամեն ինչ վարչապետի նստավայրում՝ ընդհուպ մինչև զուգարան։ Մարդիկ զարմացած հարցնում էին, թե ինչու է նա ցույց տալիս զուգարանի սալիկները։

Պայթյուն Կապանում. կա զոհ (լրացված է)

Այսօր՝ հուլիսի 20-ին, ողբեգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարաության ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կապան քաղաքում գտնվող ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում դի կա: Հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները հրաձգարանի տարածքում հայտնաբերել են տղամարդու դի: Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել պայթյուն, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը:

Հնարավոր է՝ նախաձեռնված քրեական վարույթը փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական վարչություն:

Մամուլում և սոցիալական ցանցերում տարածվում է «Պայթյուն՝ Կապանում գտնվող ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում. կա զոհ» վերտառությամբ հրապարակում, որի առնչությամբ հայտնում ենք, որ ՊՆ հրաձգարանի տարածքում նման դեպք չի արձանագրվել, այլ հրաձգարանի հարևան տարածքում, և մահացածը քաղաքացիական անձ է: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Կապանի հրաձգարանի հարակից տարածքում մահացածը 64-ամյա քաղաքացի է: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից՝ մանրամասներ ներկայացնելով պայթյունի դեպքից:

«Հուլիսի 20-ին՝ ժամը 18.45-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի հրաձգարանի հարակից տարածքում դի կա:

Նշված վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ:

Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, 64-ամյա քաղաքացին մահացել է պայթյունի հետևանքով:

Հանգամանքները պարզվում են»,-ասվում է հաղորդագրությունում: