Ալիեւը ցույց է տալիս թույլ տեղերը․ նրա վախը սաստկանում է

Մինչ Փաշինյանը գրեթե մեկ ամսով արձակուրդ է գնացել եւ իր հեծանիվով զարմացնում է եվրոպական մայրաքաղաքների բնակիչներին, Ալիեւը վերջնագրի քողի տակ ի ցույց է դնում թույլ տեղերը եւ վախերը։

«Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրին, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով՝ տեքստի 80-90 տոկոսն արդեն համաձայնեցված է»,- օկուպացված հայկական Շուշիում հայտարարել է Ալիևը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։

Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։ Նա ասել է, որ նախ եւ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու խնդրանքով։ Հայաստանը համաձայն չէ սրան։ Երկրորդը՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն»։

«Բանն այն է, որ Հայաստանի Սահմանադրության տեքստում հղում կա Անկախության հռչակագրին, որում հստակ տարածքային սպառնալիք կա Ադրբեջանի հասցեին։ Այնտեղ խոսվում է այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին։ Քանի դեռ այդ հոդվածը այնտեղ է՝ խաղաղության համաձայնագրի կնքումը անհնարին է։ Սահմանադրությունն ավելի բարձր է քան որևէ միջազգային պայմանագիր։ Մենք չենք ցանկանում հայտնվել մի իրավիճակում, երբ նրանք կմտափոխվեն և մենք ստիպված կլինենք անել այն, ինչ արդեն մեկ անգամ արել ենք՝ սեպտեմբերին», – հայտարարում էր Ալիևը։

«Մենք Երևանից հստակ պատասխան ենք ակնկալում, թե ինչպես կարող են Հայաստանի ներկա տարածքից՝ Արևմտյան Ադրբեջանից արտաքսված ադրբեջանցիները կամ նրանց ժառանգները վերադառնալ իրենց պատմական հողեր՝ այցելել այդ տարածքներ կամ բնակություն հաստատել այնտեղ», – ասել է Ալիևը։

«Մեր ունեցած բավական հավաստի տվյալների համաձայն այն գյուղերի 90 տոկոսը, որտեղ ապրում էին ադրբեջանցիները, այսօր դատարկ են», – պնդում էր Ալիևը՝ հատուկ ընդգծելով՝ «ես խորապես համոզված եմ, որ այդ օրը կգա»։

Փաստորեն, Ալիեւը խոստովանում է, որ ոչ մի պատերազմով, կեղտոտ դաշինքներով հնարավոր չէ փոխել իրավական իրողությունները՝ արմատների արմատը։ Մինսկի խմբի մանդատը հետ չի կանչվել, ուրեմն՝ միջազգային հանրությունը Արցախի խնդիրը չի համարում լուծված։ Ինչ վերաբերվում է այն պնդմանը, որ “Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը”, ապա դա բյուրեղացրեց իրավական հիմքը եւ բոլորին ի ցույց դրեց, որ 1989 թ․ Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին որոշումը միակ իրավական հիմքն է։

Խոսելով “ադրբեջանցիների վերադարձի” մասին, Ալիեւն ուղղակի փորձում է շանտաժ անել, սակայն թույլ տեղերն արդեն ի ցույց են դրված, եւ Ալիեւի վախը բռնված է։ Մնում է Հայաստանի քաղաքական դասը դա հասկանա։

ԲՈՒՀ-երում թափուր են մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղեր

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստի ժամանակ տեղեկատվություն է ներկայացրել բուհերին հատկացված պետական պատվերով և վճարովի տեղերի համալրման վերաբերյալ՝ նշելով, որ  թափուր են մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղեր:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը քննարկել է թափուր տեղերի մրցույթի կազմակերպման հարցը, որի մասին պաշտոնական հայտարությունը նախատեսվում է հրապարակել սահմանված ժամկետներում: Թափուր տեղերի մրցույթին կարող են մասնակցել դրական միավորներ ունեցող դիմորդները:

Օդի ջերմաստիճանն հուլիսի 20-ի ցերեկային ժամերին կնվազի ևս 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում`  հուլիսի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Հուլիսի 21-ի ցերեկը, 22-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն հուլիսի 20-ի ցերեկային ժամերին կնվազի ևս 2-3, 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետում», Երեւանում    հուլիսի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում`18-23մ/վ արագությամբ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +31+33։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +21+26,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +20+23,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +26+29,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +18+23,

Լոռիում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +23+26,

Տավուշում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +26+29,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +20+23,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +26+31,

Արարատում գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +32+34,

Արմավիրում գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +32+34,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +20+22,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +32+34,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +27+30,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +22+24։

Բլինքեն․ «Միջուկային զենքի ստեղծման համար Իրանից կարող է ընդամենը 1-2 շաբաթ պահանջվել»

Իրանը արագացրել է իր միջուկային ծրագիրը և մոտ է միջուկային զենք ստեղծելուն, ուրբաթ՝ հուլիսի 19-ին Կոլորադոյում Ասպենի անվտանգության ֆորումի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Վերջին շաբաթների և ամիսների ընթացքում մենք տեսել ենք, որ Իրանը իսկապես առաջընթաց է գրանցում» տրոհվող նյութերի մշակման հարցում, որը կարող է օգտագործվել որպես միջուկային զենքի վառելիք, Բլինքենի խոսքերը մեջբերում է AFP-ն:

Միաժամանակ Բլինքենը մեղադրում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին 2018 թվականին Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու համար։ «Միջուկային զենքի համար տրոհվող նյութեր արտադրելու բեկումնային հնարավորություններ ունենալու փոխարեն առնվազն մեկ տարու փոխարեն դրանց հավանաբար մեկ կամ երկու շաբաթ են մնացել», – ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Իրանը դեռ ինքը չի ստեղծել այդ զենքը, ասաց նա, «բայց դուք միավորում եք այս բաները՝ տրոհվող նյութեր, պայթուցիկ սարք, և դուք միջուկային զենք ունեք», – ավելացրեց նա:

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, ելույթ ունենալով նույն ֆորումում, ասաց, որ Վաշինգտոնը նկատել է «իրանցի պաշտոնյաների հրապարակային մեկնաբանությունների աճ, որոնք ենթադրում էին այդ հնարավորությունը»՝ Իրանի և նրա դաշնակիցների կողմից Իսրայելի վրա ապրիլյան հարձակումներից հետո:

Այն պահին, երբ հանրապետականներն արդեն առաջադրել են Թրամփին որպես նախագահի թեկնածու, և Ջո Բայդենը կարծես թե դուրս չգա ընտրապայքարից, դեմոկրատների վարչակազմը բարձրացնում է պայքարի աստիճանը: Բացի այդ, երեկ ՄԱԿ-ի արդարադատության դատարանը Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների բռնակցումն անօրինական է համարել՝ պահանջելով փոխհատուցում վճարել։

Ի՞նչն է նախորդում Բլինքենի հայտարարությանը և ինչի վերջնաժամկետն է սահմանվել 1-2 շաբաթ։

Արցախի հեղինակային երգի «Երանգ» ակումբի առաջին համերգը Հայաստանում եւ երկրորդ վերածնունդը

Հայաստանի տարբեր բնակավայրերից՝ Էջմիածնից, Հրազդանից, Աշտարակից, նրանք ամեն շաբաթ հավաքվում են  Երեւանում: Արցախի հեղինակային Երգի «Երանգ» ակումբը պատրաստվում է համերգի և հիմա վերջին փորձերն են անում: Բռնի տեղահանումից հետո սա առաջին համերգը կլինի:

Հենց համերգի ժամանակ էլ կորոշեն՝ կբացե՞ն ակումբը կրկին, թե՞ այլեւս ոչ։

Հեղինակային երգի «Երանգ» ակումբի առաջին վերածնունդը Արցախում էր, 2020թ. 44-օրյա պատերազմից մեկ տարի անց՝ պատերազմում զոհված ընկերոջ հուշ-երեկոյին: Այդ օրը հասկացան, որ ակումբը պետք է գործի:

Ամեն ինչ սկսվեց Շուշիում

Ավելի քան 10 տարի առաջ երաժշտության ուսուցիչ Ջուլետտա Առուստամյանը կիթառի խմբակ բացեց եւ 9-10 տարեկան երեխաների ընդունելություն սկսեց: Նրանց հետ աշխատանքի ընթացքում էլ հասունացավ հեղինակային երգի ակումբ ստեղծելու գաղափարը: Աշակերտներն արդեն պատանեկան տարիքում էին, այդ միտքը նրանց շատ ոգևորեց, սկսեցին քրտնաջան աշխատանքը:

Ջուլետտա Առուստամյանն Արցախում հայտնի է որպես հատուկ մեթոդներով աշխատող ուսուցիչ։ Երեխաները նրան հարգում և սիրում են, իսկ ծնողները ձգտում են, որ հենց նա ուսուցանի իրենց երեխաներին: Ջուլետտան, որ ինքն էլ տարբեր երգերի և ալբոմների հեղինակ է, դարձավ Արցախի հեղինակային երգի ակումբի հիմնադիրը եւ նրա ամփոփոխարինելի ղեկավար:

«Հուլիսի 1-ին մեր ակումբը նշեց իր 8-ամյակը: 8 տարի առաջ, հենց այդ օրը, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում առաջին անգամ  ներկայացրեցինք մեր կատարումները և հայտարարեցինք ակումբի ստեղծման մասին: 20 հոգի էինք, բայց ակտիվ աշխատում էին 12 -ը: Շատ էինք ելույթներ ունենում և սկսեցինք մտածել ակումբի գրանցման մասին: Սակայն 2020թ. պատերազմը խափանեց մեր բոլոր նպատակները: Ռմբակոծություններ, ապաստարան, հետո նաեւ անսպասելի տարհանում, չկարողացանք անգամ մեր երաժշտական գործիքները մեզ հետ վերցնել»։

Պատերազմից հետո ակումբի երաժիշտների մի մասը մնաց Հայատանում, մյուս մասը վերադարձավ Ստեփանակերտ: Մի կողմից՝ Շուշիի կորուստը և մյուս կողմից՝ մեր ամենատաղանդավոր ընկերոջ՝ Արենի զոհվելը, խորը ցավ թողեց մեր սրտերում: Արենը ժամկետային զինծառայող էր,  զոհվեց 44-օրյա պատերազմում:

Հայաստանի լավագույն բարդ երգիչներից մեկը՝ Արեգ Նազարյանը, մեզ նոր կիթառներ նվիրեց եւ ամեն ինչ արեց, որ Արցախի հեղինակային երգի ակումբը շարունակի իր աշխատանքը:

Սկսեցինք պատրաստվել Արենի հուշ-երեկոյին: Այն տեղի ունեցավ 2021 թ. հոկտեմբերի 23-ին Ստեփանակերտում: Դահլիճը լեփլեցուն էր, շատերը կանգնած էին լսում կատարումները:

«Ես անսահման շնորհակալ եմ Աստծուց, որ այդ համերգը կազմակերպելու ուժ եւ հնարավորություն տվեց մեզ: Մենք կարողացանք արժանի հրաժեշտ տալ Արենին, և մյուս մեր զոհված տղաներին՝ մի բան, որ չէինք հասցրել անել 44-օրյա պատերազմի չդադարող ռմբակոծությունների տակ: Արենի ծնողների դեմքին էլ  թեթև մխիթարանք իջավ։ Այդ երեկոյի ժամանակ որոշեցինք, որ ակումբը պետք է գործի՝ հանուն Արենի և հանուն Շուշիի․․․»

2023 թ. պատերազմը և դրան հաջորդած բռնի տեղահանումը դաժան փորձություն էր բոլորի համար: Արցախցիները սփռվեցին Հայաստանի տարբեր բնակավայրերում, բայց ամենադաժանը հայրենիքի կորուստն էր: Երգահանները պահում էին կապը միմյանց հետ, բայց ակումբի վերածննդի մասին չէին էլ մտածում: Բացի այդ՝ մնացել էին առանց գործիքների։ Այս անգամ ևս նրանց օգնեցին ընկերները:

Արեգ Նազարյանն առաջարկեց նոր համերգ կազմակերպել, ծանոթացրեց նրանց Գագիկ Ղազարյանի հետ, ով  փորձերի համար տարածք տրամադրեց «ԲԱՑ հարթակում»:  Սկսվեցին առաջին փորձերը․․․

Համերգը տեղի կունենա 2024-ի հուլիսի 27-ին: Հասույթով ակումբի համար կիթարներ ձեռք կբերեն: Այդ օրը կհայտարարվի նաեւ ակումբի 2-րդ վերածննդի մասին: Ֆինանսական դժվարությունները հնարավորություն չեն տալիս երկարաժամկետ ծրագրեր կազմել, բայց  հույս ունեն, որ ամեն ինչ կստացվի, և Արցախի հեղինակային երգի «Երանգ» ակումբը երկարաժամկետ ֆինանսավորման առաջարկ կստանա:

«Մենք կամավորական հիմունքներով գործում ենք արդեն 8 տարի։ Ես հավատում եմ, որ մենք վաղուց ապացուցել ենք մեր արժեքը։ Տասնամյակներ շարունակ պետական ֆինանսավորում ստացած բազմաթիվ խմբեր Արցախի գաղթից հետո չեն հավաքվել, բայց մենք դա արեցինք։։»

Ֆինանսավորումը Արցախի մշակութային կոլեկտիվների գլխավոր խնդիրն է: 

Արցախում գործում էին տասնյակ մշակութային և երաժշտական խմբեր: Բռնի տեղահանումից հետո նրանք մնացել են առանց ֆինանսավորման: Շատերը չեն կարողացել իրենց հետ բերել ոչ գործիքները, ոչ բեմական հագուստը և հնարավորություն չունեն շարունակելու իրենց գործունեությունը:

Որոշ խմբեր փորձում են շարունակել աշխատանքը հասարակության աջակցությամբ, մյուսները կարողացել են որոշակի օգնություն գտնել:

AGBU բարեգործական կազմակերպությունը հայտարարել է, որ կշարունակի Արցախի կամերային ակումբի ֆինանսավորումը: Համահայկական բարեգործական ֆոնդից ֆինանսավորվում է Արցախի պարի պետական անսամբլը: Քայլեր են ձեռնարկվում Արցախի մանկապատանեկան երգչախմբի ստեղծման ուղղությամբ: Մոտ օրերս Արցախի ջազ ակումբը հանդես կգա նոր համերգով, որին աջակցում է նորաստեղծ Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը: Կենտրոնին միացել են 10-ից ավելի երաժշտական և պարային խմբեր: Գարնանը կենտրոնը մեծ համերգ էր կազմակերպել և նախաձեռնել դրամահավաք, որը շարունակվում է մինչև հիմա:

 Ալվարդ Գրիգորյան

Արցախցիները միացել են “Ռեստորանային օրեր” լայնամասշտաբ փառատոնին

Ավետարանոցի “թիմը”

Հուլիսի 19-ին Երևան քաղաքում մեկնարկել է  “RestoFest” “Ռեստորանային օրեր” եռօրյա փառատոնը։ Ռեստորանային օրերին զուգահեռ ներկայացվում են նաև ձեռքի աշխատանքներ, կազմակերպվում է ցուցահանդես-վաճառք։

Յուրահատուկ փառատոնին միացել են նաև մի շարք արցախցիներ, որոնց տաղավարներն անմիջապես աչքի են զարնվում։ Տաղավարների արցախյան կոլորիտը, քաղցրածոր բարբառն ու գեղեցիկ վերաբերմունքը միանգամից գրավում է այցելուների ուշադրությունը։ Արցախյան հրուշակեղենի, անարատ բնական մեղրի, արցախյան փախլավայի, գաթայի ու ժենգյալով հացի կողքով ոչ ոք անտարբեր չի անցնում։

Ստեփանակերտցի Լորա Պողոսյանը ներկայացել է իր ձեռքով պատրաստած արցախյան փախլավայով, գաթայով ու բադամբուրիով, որոնց ախորժելի տեսքը խոսում էր նաև համի մասին։ Տիկին Լորան տեղահանվելուց հետո սկսել է զբաղվել հրուշակեղենի արտադրությամբ։ Այստեղ դա նրա եկամուտի հիմնական աղբյուրն է դրաձել։ Նրանց տաղավարում արցախցի Լենա Մաթևոսյանը ներկայացնում է մրգային չրեր ու խոտաբույսեր։

Մարիամ Միրզախանյանը Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից է տեղահանվել․

-Ներկայացնում ենք “Հաթերք-Ֆուդ” ըներությունը և Էկո-տուրիզմը Արցախում նախաձեռնությունը։ Արցախի Հաթերք գյուղում 6 տարի առաջ հիմնադրված “Հաթերք-Ֆուդ” ըներությունն ունի մեղրի 25 տարբեր տեսակներ, թթի դոշաբ, և Հաթերքը միակ հայկական բրենդն է, որ 16 անգամ աշխարհի տարբեր միջազգային մրցույթներում գրավել է պատվավոր առաջին հորիզոնականները։ Վերջին մրցանակը ստացել ենք Լոնդոնից՝ մեկ շաբաթ առաջ։ Միաժամանակ այսօր ներկայացնում ենք արցախյան ժենգյալով հացը, որը թխում են հաթերքցի կանայք։ Աշխարհը պետք է ճանաչի արցախցու ձեռքի ստեղծածը։

Տաղավարներից մեկում Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից 2020 թվականին տեղահանված Միհրան Բաղդասարյանի հիմնած Taste of Artsakh– ի արցախցի կանայք ժենգյալով հաց էին թխում։ Ուրախալի էր տեսնել մարդկանց բազմությունը, որ անպայման ուզում էին համտեսել արցախյան անմահական ուտեստը։

Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Մարիաննա Պետրոսյանը տեղահանավելուց հետո որոշել է զբաղվել բիզնեսով։ Բամբակյա պարաններից պատրաստում է տարբեր տեսակի պայուսակներ, զամբյուղներ, տնային իրեր։ Արտադրանքը իրացնում է անհատական պատվերների և նմանատիպ ցուցահանդեսների միջոցով։ 5 ամիս առաջ է ստացել այս ցուցահանդեսին մասնակցելու հրավերը և նախապատրաստվել է հավուր պատշաճի։ Մարիաննան գոհ է օրվա վաճառքից։

Արցախցի ձեռներեցները համոզված են՝ առաջիկա 2 օրերի ընթացքում կկարողանան բավարար չափով սեփական արտադրանք իրացնել։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 

Կլինի՞ արդյոք Հայաստանում Արցախյան կուսակցություն և ո՞վ է այն ղեկավարելու

Արցախցիների քաղաքացիություն ստանալու գործընթացն աստիճանաբար թափ է հավաքում. ինչպես հայտնի դարձավ, քաղաքացիություն ստացած արցախցի շուրջ 30 ընտանիք բնակարանային աջակցության ծրագրով արդեն դիմումներ է ներկայացրել։ Քաղաքացիություն ստացածները կմասնակցեն Հայաստանում ընտրություններին` արտահերթ կամ հերթական, եւ ավելի քան 100 հազար արցախցիների ձայնը կարող է կարեւոր դեր խաղալ։ Այս ձայների որսը արդեն սկսվել է։

Սկզբում Հայաստանում չէին ճանաչվում արցախցիների հայկական անձնագրերը, որպեսզի զայրացած արցախցիները քաղաքական ու ընտրական իրավունք չստանան։ Դրանով էր պայմանավորված նաեւ Արցախի իշխանությունների, ինչպես նաև արցախցիների՝ որոշումների կայացման մասնակցության տոտալ բոյկոտը։

Հիմա զայրույթը փոքր-ինչ հանդարտվել է, Արցախի ղեկավարությունը վարկաբեկված ու քայքայված է, և եկել է «քարերը հավաքելու» ժամանակը։

«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ նախագահ Սամվել Շահրամանյանի նախաձեռնությամբ մի քանի օր առաջ Արցախի ներկայացուցչությունում տեղի է ունեցել փակ խորհրդակցություն՝ Արցախի քաղաքական դասի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Շահրամանյանն իր հայրենակիցներին՝ անկախ քաղաքական տարաձայնություններից, կոչ արեց միասնականություն դրսևորել։ Ըստ ամենայնի, Շահրամանյանի խոսքերը՝ թիմերի չբաժանվելու և ընտրություններում կողմերի մեկին միասնական աջակցելու կոչ էր։

Ասվածը հիմնականում ուղղված էր «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանին, ով հայտարարեց, որ առաջիկայում, հենց միասնության գաղափարն իրականացնելու համար, գործուն քայլեր է ձեռնարկելու։ Ներկաները հասկացան, որ Սամվել Բաբայանը մտադիր է Հայաստանում առաջիկա ընտրություններին մասնակցել։

Այսինքն՝ Սամվել Բաբայանը մտադիր է ստեղծել Արցախյան կուսակցություն (գուցե այլ անուն կունենա) և, ըստ ամենայնի, ձայներ բերել ներկայումս իշխող Քաղաքացիական պայմանագրին։ Եթե ​​Փաշինյանի ընդդիմախոսների հիմնական փաստարկն այն է, որ քանի դեռ Հայաստանում գործող իշխանությունը չի փոխվել, Արցախի ժողովրդի խնդիրները չեն լուծվելու, ապա, օրինակ, Բաբայանի փաստարկը կարող է լինել այն, որ արցախցիների խնդիրները չեն լուծվելու, քանի դեռ կապ չի հաստատվել իշխող ուժի հետ, և ավելի լավ կլինի, եթե Արցախի ժողովուրդը օրինական կերպով մասնակցի որոշումների կայացմանը։

Թե ինչ լուծումներ են նրանք առաջարկվում (խոսքը սոցիալական ծրագրերի մասին չէ, այլ քաղաքական և իրավական խնդիրների մասին) դեռ հայտնի չէ, սակայն, ինչպես գրում էին հայկական լրատվամիջոցները, Սամվել Բաբայանը վերջին շաբաթներին հավաքագրում էր արցախցիներին՝ խոստանալով վերադարձ Արցախ։ Բաբայանի հարազատները նրա անունից ասում են, որ եթե 2000 մարդ հավաքվի, նրանք կվերադառնան Ստեփանակերտ՝ պատրաստակամություն հայտնելով ապրելու իրենց հայրենի հողում՝ Ադրբեջանի տիրապետության տակ։

Արցախի քաղաքական շրջանակները վստահ են, որ Բաբայանի ծրագիրը դատապարտված է ձախողման, և նույնիսկ 200 մարդ չի համաձայնի վերադառնալ Արցախ՝ առանց անվտանգության երաշխիքների։ Ինչպես գրում են թերթերը, Սամվել Բաբայանի նպատակը ոչ այնքան վերադառնալն է, որքան արցախցիներին «կտրել» հակակառավարական ցույցերից և ստիպել ապրել վերադարձի հույսով՝ չինտեգրվելով հայաստանյան քաղաքական տարածքին։

Նույն վերադարձի մասին խոսում են նաև Վարդան Օսկանյանին իրենց խոսափող ընտրած ուժերը, որոնք կենտրոնացած են ոչ թե քաղաքական կարգավիճակի կամ 1989-ին արդեն իսկ իրացված ինքնորոշման իրավունքի, այլ Ադրբեջանի իրավասության տակ «վերադարձի իրավունքի» վրա։

Այս բոլոր «շարժումներն» ու կուսակցությունները նպատակ ունեն թաքցնել եւ անտեսել Հայաստանում արցախցիների բնակության միակ իրավական հիմքը՝ Հայաստանի և Արցախի վերամիավորման 1989 թվականի որոշումը, որը Ալիևը համառորեն պնդում է չեղյալ համարել։ Մինչ օրս ոչ մի հայկական կուսակցություն, այդ թվում՝ արցախյան, չի պահանջել այս որոշման կատարումը։

Forrights. Լավագույն վավերագրություն․ «Պատերազմը վերապրող յուրաքանչյուր մարդու պատմությունը»

Forrights

Օրերս Երեւանում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի մասին պատմող «1489» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։ Շողակաթ Վարդանյանի այդ ֆիլմը «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնում ներկայացվեց երկու անգամ, երկու անգամ էլ հանդիսատեսը դահլիճից հեռացավ ցնցված եւ պատերազմը եւս մեկ անգամ վերապրած։

Տեղի ունեցած  երկու ցուցադրություններից առաջ էլ Շողակաթը իր կարճ խոսքում հիշեց ադրբեջանում պահվող հայ գերիներին եւ նշեց՝ մեր պարտքն է ամեն ինչ անել նրանց տունվերադարձի համար։

Ֆիլմը հեղինակի վավերագրությունն է 44-օրյա պատերազմի յոթերորդ օրը անհետ կորած եղբոր՝ Սողոմոնի որոնումները։ IDFA-ի ժյուրին այսպես է բնորոշել այս վավերագրությունը. «Ֆիլմ, որը նման է ներս թափանցող լույսի. տեսանելի է դարձնում վշտի թաքնված հսկայական ներքին լանդշաֆտը՝ անտանելի բացակայությունից ստեղծելով իրական ներկայություն»։

Նշենք, որ ֆիլմը անկախ Հայաստանի ամենամեծ միջազգային ուշադրությանն արժանացած ֆիլմերից մեկն է, որը ստացել է նաեւ Տրիեստի կինոփառատոնի «Լավագույն վավերագրություն» մրցանակը եւ բազմաթիվ այլ կինոփառատոներում ցուցադրվելուց ու պարգեւատրվելուց հետո վերջապես ցուցադրվեց Երեւանում։

Սողոմոնը ծնվել էր արվեստագետների ընտանիքում, տաղանդավոր դաշնակահար էր, բանակ մեկնելուց առաջ սովորել էր նվագել նաեւ շեփորի վրա:

Նա հինգ ամիս շարունակ որոնվում էր որպես անհետ կորած, իսկ 2021-ի փետրվարի 18-ին ծնողներին պաշտոնապես հայտնել են, որ ԴՆԹ հետազոտության միջոցով հայտնաբերվել են Սողոմոնի մասունքները: Ծնողներին հաջողվել էր պարզել, որ մինչեւ հոկտեմբերի 4-ի առավոտ նա կռվելիս է եղել  Ջրականում, որտեղից նահանջ էր եղել եւ նա օգնել էր մի կամավորի:

Խոսելով այն մասին, թե արդյոք ֆիլմի նկարահանումը իրեն թեթեւություն բերել է, պատերազմում եղբորը կորցրած Շողակաթն ասում է.«Չէ՛, թեթեւություն չբերեց։ Իրականում լրիվ հակառակ արդյունքը եղավ։ Արդեն իսկ անհանգիստ կյանքս ավելի լարված դարձրեց։ Եթե չնկարեի, գուցե չէի տեսնի այն ծանր, հուզական ակնթարթները, որոնք վերապրում էին ծնողներս։ Բայց քանի որ նկարում էի նրանց, տեսնում էի ամեն ինչ։ Իրականում շատ բարդ էր։ Ըստ էության՝ միաժամանակ երկու գործ պիտի անեի։ Ծնողներիս համար մնում էի նրանց դուստրը, թեկուզ եւ տեսախցիկի հակառակ կողմում էի։ Խոսում էին ինձ հետ, իմ աջակցության կարիքն ունեին։ Չէի կարող նկարահանելու ընթացքում ժամանակավորապես չլինել դուստր կամ քույր։ Այդ իրադրությունում անհրաժեշտ էր որոշումներ կայացնել, որոնք չգիտեի էլ, թե ոնց կայացնեմ։ Վիշտը դեռ անծանոթ էր ինձ, պարզապես հետեւում էի իմ զգացմունքներին»։

Շողակաթն ասում է,  գրեթե ամեն գիշեր ինքը մտածում էր, որ այլեւս չի կարողանա նկարել, սակայն հաջորդ օրը նորից վերցնում էր տեսախցիկը.«Իրականում պահ վրա հասավ, երբ որպես քույր շատ, անչափ բարդ որոշում պետք է կայացնեի, որպեսզի ֆիլմը համամարդկային դառնար։ Ֆիլմի վաղ սեւագիր տարբերակն ավարտվում էր եղբորս արխիվային կադրերով, որտեղ նա դաշնամուր էր նվագում։ Համերգ էր, որին մասնակցել էր բանակ մեկնելուց առաջ։ Երկար ժամանակ, նույնիսկ տարիներ շարունակ տատանվում էի՝ թողնել այդ կադրերը, թե ոչ։ Մոնտաժի վերջնական փուլում գիտակցեցի, որ կադրերը չպիտի մնան։ Ի վերջո ջնջեցի ու հասկացա, որ այդպես ֆիլմը կդառնա պատերազմը վերապրող յուրաքանչյուր մարդու պատմությունը»։

Անի Գևորգյան

Ստեփանակերտի քաղաքապետին արգելել են շփվել 7-ից հետո․ ինչի՞ց են վախենում

Դատարանն ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը. արգելվել է երեկոյան 7-ից հետո դուրս գալ, շփվել Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակիցների հետ, այցելել զվարճանքի ու սպասարկման օբյեկտներ, զանգով շփվել որեւէ մեկի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Ռուբեն Մելիքյանը:

Մելիքյանը նաեւ հայտնեց, որ քննիչին հարց է ուղղել, թե այսքան ժամանակ որեւէ խախտում հայտնաբերել են Դավիթ Սարգսյանի խափանման միջոցում, որին քննիչը չի պատասխանել:

Հիշեցնենք՝ պաշտպանն ավելի վաղ հայտնել էր՝ միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու մասին։

ՄԱԿ-ի դատարանն անօրինական է ճանաչել Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացումը

Արդարադատության միջազգային դատարանը եզրակացրել է, որ Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացիան խախտում է միջազգային իրավունքը։

Դատարանը որոշել է, որ Իսրայելը պետք է դադարեցնի բնակավայրերի գործունեությունը օկուպացված Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում և որքան հնարավոր է շուտ վերջ դնի այդ տարածքների և Գազայի հատվածի «ապօրինի» օկուպացիային։

Դատարանի խորհրդատվական եզրակացությունը պարտադիր չէ, սակայն դրա քաղաքականության նշանակությունը նշանակալի է: Արդարադատության միջազգային դատարանն առաջին անգամ արտահայտեց իր դիրքորոշումը 57-ամյա օկուպացիայի օրինականության վերաբերյալ։

Նիդեռլանդների Հաագայում նստած դատարանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի պահանջով անցած տարվա սկզբից ուսումնասիրում է հարցը։

Դատարանին մասնավորապես խնդրեցին արտահայտել իր տեսակետը պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի քաղաքականության և գործելակերպի, ինչպես նաև օկուպացիայի իրավական կարգավիճակի վերաբերյալ:

Վերջնական որոշման մեջ, որը հրապարակել է դատարանի նախագահ Նաուաֆ Սալամը, ասվում է, որ «Իսրայելի շարունակական ներկայությունը օկուպացված պաղեստինյան տարածքում անօրինական է»։

«Դատարանը գտնում է, որ Իսրայել պետությունը պարտավոր է փոխհատուցում վճարել օկուպացված պաղեստինյան տարածքներում ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատճառված վնասի համար», – ասել է Սալամը Հաագայում կայացած դատական ​​նիստում:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն մերժել է ՄԱԿ-ի միջազգային դատարանի եզրակացությունը, որը պահանջում է պաղեստինյան տարածքներում դադարեցնել բնակեցման գործունեությունը ։

«Հրեա ժողովուրդը չի նվաճում իր երկիրը՝ ոչ մեր հավերժական մայրաքաղաք Երուսաղեմը, ոչ էլ մեր նախնիների ժառանգությունը Հրեաստանում և Սամարիայում (Արևմտյան ափի իսրայելական անվանումը): Հաագայի ոչ մի կեղծ որոշում չի խեղաթյուրի այս պատմական ճշմարտությունը։ Մեր հայրենիքի ողջ տարածքում իսրայելական բնակավայրերի օրինականությունը չի կարող կասկածի տակ դրվել»,- գրել է նա X-ում:

Ֆրանսիացի անջատողականները Բաքվում կայացած համագումարում հայտարարեցին «գաղութների ազատագրման» ընդհանուր ճակատ

rfi.fr/ru

Նոր Կալեդոնիայի, Մարտինիկի, Գվադելուպայի և Կորսիկայի անկախության համար պայքարող ֆրանսիական շարժումների ներկայացուցիչները հուլիսի 18-ին Ադրբեջանում կայացած երկօրյա կոնգրեսում պայմանավորվել են ստեղծել «ֆրանսիական գաղութների ազատագրման ճակատ»: Միջոցառումն անցկացվել է Բաքվի նախաձեռնող խմբի հովանու ներքո՝ տեղական իշխանությունների աջակցությամբ։ Երկու ամիս առաջ՝ 2024 թվականի մայիսին, Փարիզը Բաքվին մեղադրեց ներքին գործերին միջամտելու մեջ՝ Արշիպելագում անկարգությունների ֆոնին Նոր Կալեդոնիայի անջատողականներին աջակցելու պատճառով։

«Ճակատի ապագա ծրագիրն ուղղված է լինելու գաղութների ջանքերի համախմբմանը նրանց ապագաղութացման գործընթացում»,- ասել են Բաքվի նախաձեռնող խմբի ներկայացուցիչները։ Փաստաթղթում նրանք նաև դատապարտել են ֆրանսիական պետության «ռասիստական ​​քաղաքականությունն ու բռնաճնշումները»։

Կազմակերպիչների խոսքով, դրան մասնակցել են Ֆրանսիայից անկախանալու շուրջ քսան կուսակցությունների և շարժումների ներկայացուցիչներ Կորսիկայից, Նոր Կալեդոնիայից, Գվադելուպայից և Մարտինիկից։

Ինչպես RFI-ին տված հարցազրույցում նշել է ադրբեջանցի լրագրող Գանիմաթ Զահիդովը, պաշտոնական Բաքվի կողմից նման սերտ հետաքրքրությունը ֆրանսիական անդրծովյան տարածքների նկատմամբ պայմանավորված է նրանով, որ, Ադրբեջանի իշխանությունների տեսանկյունից, «Ֆրանսիան աջակցել է Լեռնային Ղարաբաղի անջատողականներին»։ Ըստ Զահիդովի, սա Լեռնային Ղարաբաղի համար «վրեժխնդիր ակտ» է։

Արցախի կամերային նվագախումբը վերադառնում է AGBU-ի շնորհիվ

Այս ամսվա սկզբին ՀԲԸՄ Հայաստանը կազմակերպել է Արցախի կամերային նվագախմբի համերգը։

ՀԲԸՄ-ի աջակցությամբ 2004 թվականին ստեղծված նվագախումբը դժվարությունների բախվեց հակամարտությունների և տեղահանության պատճառով։

Աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի, սոպրանո Հասմիկա Պապյանի նոր էներգիայով և ՀԲԸՄ-ի ֆինանսական աջակցությամբ նվագախումբը վերադառնում է բեմ՝ ցուցադրելու երաժշտության ուժը և բուժելու և ոգեշնչելու նրա կարողությունը: