“Ներկայացրել եմ, թե գումարային աջակցության ծրագրերի չշարունակվելու պարագայում ինչ խնդիրներ կարող են առաջանալ”

Արցախից բռնի տեղահանված բազմաթիվ անձինք դուրս են մնացել 40+10 հազար ծրագրից։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը։

«Սա արդեն իսկ հետեւանքներ է ունենում։ Մենք ունեինք 2020 թվականին տեղահանվածներ, ովքեր 2023 մայիսից հետո Արցախի կառավարությունից չէին ստանում բնակվարձ, եւ գրեթե 10 ամիս մոտ 6000 հազար մարդ չէր կարողանում իր բնակվարձի փոխհատուցումը պետությունից ստանալ ու հոգալ իր կարիքները։ Վերջին փոփոխություններով, այո, նրանց մի մասն ընդգրկվեց ծրագրում, իսկ այն մարդիկ, ովքեր ոչ օպերատիվ շտաբի տվյալների բազայում կան, ոչ 100 հազար դրամ աջակցության ծրագրի շահառու են, փաստացի դուրս մնացին եւ հետեւանքները կրում են առ այս պահը։ Այսինքն՝ կան ընտանիքներ, որոնք ավելի քան մեկ տարի ոչ մի ծրագրից չեն կարողանում օգտվել, եւ կառավարությունը ոչ մի քայլ չի անում, որպեսզի այդ անձինք ընդգրկվեն ծրագրերում։ Թեպետ, նրանց թիվն այնքան էլ մեծ չէ եւ նրանք մեծ բեռ չեն հանդիսանալու կառավարության համար»,- ասաց Լիաննա Պետրոսյանը։

Նա նշեց, որ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպում է ունեցել ու ներկայացրել խնդիրները՝ եւ բնակապահովման, եւ  40+10 հազար ծրագրերի վերաբերյալ։ Ներկայացրել է, թե գումարային աջակցության ծրագրերի չշարունակվելու պարագայում ինչ խնդիրներ կարող են առաջանալ։ «Իմ առաջարկները, կարծիքները ընդունելի եղան, ցավոք սրտի, հետագա քայլեր դեռեւս չկան։ Այս պահին գոնե 40-10-ի հետ կապված որեւէ փոփոխություն չկա, չնայած սոցնախարարության կողմից արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել հաջորդ տարվանից մասամբ շարունակելի լինելու հանգամանքը։ Այսինքն՝ մեր ներկայացրած կետերն ընդունվել են, բայց չեն իրագործվել, որովհետեւ առ այս պահը տարբեր հոլովակներով շրջանառվում է, որ 40+10-ը չի շարունակվելու բոլորի համար անխտիր։ Չնայած ես չեմ պատկերացնում, թե դրա հետեւանքներն ինչպիսին է լինելու տեղահանվածների համար»,- ասաց նա։

Լիաննա Պետրոսյանն ասաց, որ կառավարության ներկայացուցիչները ներկայացնում են, թե հանրային լայն քննարկման արդյունքում են որոշումները կայացվում, բայց փաստերը հակառակն են ապացուցում։ Եթե լինեին հանրային լայն քննարկումներ, եւ մարդկանց արձագանքը հաշվի առնվեր, իրավիճակն այլ կլիներ, որոշումներն այլ հիմքերի վրա կընդունվեին։

ՀՔԱՎ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանն էլ ասաց, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մասնագետներն իրենց տեղեկացրել են, որ մինչեւ դեկտեմբերի 31-ը 40+10 հազար ծրագիրը շարունակվելու է, այնուհետեւ լինելու է սոցիալական աջակցության նոր ծրագիր։ Նոր ծրագրի նախագիծը խոստացել են դնել հանրային քննարկման, դեռ պարզ չէ, թե ինչ շրջանակներ կներառվեն ծրագրում։ «Չեմ կարծում, որ ճիշտ կլինի ծրագրը դադարեցնել, որովհետեւ բնարականային ապահովման ծրագրի իրագործումը լիարժեք չէ, եւ այս ծրագրի իրականացման համար բազմաթիվ խոչընդոտներ ու խնդիրներ կան։ Մարդիկ քաղաքացիության ստացման ու փաստաթղթերի հետ կապված բազմաթիվ խնդիրներ ունեն»,- ասաց Չատինյանը։

«Հակամարտության լրագրության դրվագներ» ցուցահանդես Իջեւանում

Հոկտեմբերի 22-ին Իջևանում կմեկնարկի «Հակամարտության լրագրության դրվագներ» ցուցահանդեսը։

Ցուցադրությանը կներկայացվեն արցախյան հակամարտությունների և տեղահանության ընթացքում հավաքագրված արխիվային տեսանյութերը, լուսանկարները, վավերագրական ֆիլմերն ու մուլտիմեդիա նախագծերը։

Ցուցադրության բացումը տեղի կունենա Լոֆթ Իջևանում (Հասցե՝ Ա. Մելիքբեկյան 4)։

Այն բաց կլինի հոկտեմբերի 22-31-ը, ամեն օր՝ ժամը 11:00-18:00-ը:

Հադրութի անկումը. Միացումի խորհրդանիշ, թե՞ ճանապարհ դեպի Շուշի

Ավելի քան չորս երկար ու ցավալի տարիներ են անցել Հադրութը ահաբեկչական, ֆաշիստական ​​Ադրբեջանին հանձնելուց հետո։ Բայց հադրութցիների ոչ մի հարցի պատասխան չտրվեց, էլ չեnq խոսում այն ​​մասին, որ Միացումի բնօրրանի կորստի համար ոչ ոք չի պատժվել։

Գաղտնիք չէ, որ Հադրութը միշտ էլ տարբերվել է Արցախի մյուս շրջաններից։ Արցախցիներն իրենք են խոստովանում հադրութցիների մտավոր ուժը, յուրահատուկ մշակույթը և բարբառի յուրահատկությունը։ Հադրութցի կանանց բարձր կազմակերպվածությունը միշտ էլ հայտնի է եղել արցախցիների շրջանում։ Նրանք հմուտ դերձակուհիներ էին, գերազանց տնային տնտեսուհիներ, որոնք համատեղում էին գյուղացի կնոջ տքնաջան աշխատանքը և մտավորական էին աշխատավայրում։ Իսկ թթուների տարբերվող տեսականիներին, թխվածները հայտնի էին ողջ Արցախում։

Բայց 1988-ից հետո Հադրութը հայտնի դարձավ որպես «Միացում» գաղափարախոսության օրրան, քանի որ ազգային-ազատագրական շարժման գրեթե բոլոր առաջնորդները հադրութցի էին։

Ըստ ամենայնի, հենց դրա համար էլ Հադրութը միշտ ոսկոր է եղել հայոց պետականությունը կործանելու ձգտողների կոկորդին։ Դեռ 90-ականներին «Միացում» շարժման առաջնորդ Իգոր Մուրադյանին անվանում էին «ԽՍՀՄ-ը կործանող մարդ», իսկ ինքը՝ Իգորն ասում էր, որ «մեզ դրա համար չեն ների»։

Չներեցին։ Հադրութն այնքան անսպասելի հանձնվեց, որ մինչ օրս չի տեղավորվում «բանակցային գործընթացի» և «Ինքնապաշտպանության ուժերը ԼՂՀ շրջակա տարածքներից դուրս բերելու» տրամաբանության մեջ։

Դեռևս 2016 թվականին սկսեց ուրվագծվել Ռուսաստանի՝ դեպի իրանական սահման վերադառնալու ձգտումը, որտեղ նրա սահմանապահ զորքերը պարեկություն էին անում մինչև 1991 թվականի ապրիլը։ Դեռ այն ժամանակ խոսակցություններ կային, որ Արցախի և Ադրբեջանի շփման գիծն անցնելու է այսպես կոչված «իններորդ կիլոմետրով»։ Եվ այն ժամանակ էլ պարզ էր, որ 1994 թվականին ձեւավորված տարածքի թեկուզ մեկ սանտիմետրը թշնամուն հանձնելը նախ կհանգեցնի Հադրութի կորստին, իսկ հետո՝ ողջ Արցախի։

Ռուսաստանի նպատակը Իրան հասնելն էր։ Բայց այդ տարածքները միայն Ռուսաստանի թիրախը չէր. իրանա-իսրայելական առճակատումը նոր թափ էր ստանում։ Իսրայելն այլեւս չէր թաքցնում իր հետաքրքրությունը Արաքսի հովտի նկատմամբ և Ադրբեջանին ինտենսիվ զինում էր ժամանակակից զինատեսակներով։

Երկու «շահագրգիռ կողմերի» համար էլ կոկորդին ոսկոր էր Արցախի պաշտպանության բանակը, որի վերահսկողության տակ էր իրենց հետաքրքրող ողջ տարածքը։

Քանի որ մեզ հայտնի չեն ռուս-թուրքական-ադրբեջանական եռյակի իրական ծրագրերը, կարելի է միայն ենթադրել, թե ինչու Արցախի ամբողջական բռնազավթումը սկսվեց հենց Հադրութից։

Տարբերակ 1. Հադրութը ոչնչացվել է որպես Միացումի խորհրդանիշ և բնօրրան։

Տարբերակ 2. Հադրութը պետք էր Շուշի տանող ճանապարհի համար։

Երկու տարբերակներն էլ գոյության իրավունք ունեն։ Եթե ​​հիշում եք Ալիևի խոսքերը Շուշին գրավումից հետո, նա ոգևորված բացականչեց. “Վերջ, այլեւս Միացում չկա, մոռացեք Միացումի մասին”։

Այսինքն՝ Ալիևը ակամա հրապարակել է հայկական պետականությունը ոչնչացնելու ծրագիր, որը վտանգի տակ կլիներ Արցախի ամբողջական կորստից հետո։ Այն, որ պարտված Հադրութը ճանապարհ բացեց դեպի Շուշի, կասկածից վեր է։

Այստեղից էլ հաջորդ հարցը՝ ո՞վ խաղաց հանցագործ, նացիստական ​​ռուս-թուրքական-ադրբեջանական եռյակի հետ մեկտեղ։ Ինչո՞ւ չի կազմակերպվել Հադրութի պաշտպանությունը. Չէ՞ որ 90-ականներից դեռ առաջնագծում կային խրամատներ, ու մի երկու օրում հնարավոր էր մարտական ​​դիրքեր տեղադրել, որոնք կփակեին ադրբեջանական զորքերի ճանապարհը դեպի քաղաք։

Թեև, դատելով Հադրութի շրջանի և քաղաքի մերձակա գյուղերի բնակիչների վկայություններից, ադրբեջանական զորքերը և վարձկան դիվերսանտները գյուղեր ու քաղաք են մտել թիկունքից։ Ինչպե՞ս է հակառակորդը հայտնվել մարզի բարձր լեռնային գյուղերում. չէ՞ որ նույնիսկ քայլելու ահռելի արագությամբ մի քանի օրում անհնար կլիներ Արաքսի դաշտի մարտական ​​դիրքերից հասնել Դիզափայտ լեռ, Տումի, Մոխրենես, Մեծ Թագեր գյուղեր, այսինքն՝ դեպի խորը թիկունք եւ այնտեղից իջնել Հադրութ։

Պատերազմի մեկնարկի արդեն երկրորդ-երրորդ օրը բուն Հադրութում անծանոթ մարդիկ հայտնվեցին ահավոր կեղտոտ հագուստով, մազոտ, լուռ, հայերեն մի քանի բառ արտասանելով, ինչը անվստահություն առաջացրեց տեղի բնակիչների մոտ։ Այդ օրերին էր, որ ամբողջ քաղաքով մեկ լուրեր տարածվեցին, որ մեր ուղղությամբ հակառակորդի դիվերսիոն խումբ է շարժվում՝ բաղկացած իրական հրոսակներից։ Թե ով է տարածել այս լուրերը, մնում է անհասկանալի։

Բայց քաղաքով մեկ արդեն լուրեր էին տարածվում, որ ինչ-որ անծանոթներ մտնում են տներ՝ հիմնականում առաջնագծում գտնվող զինվորականների, և աստիճանաբար տեղավորվում։

Նկուղներում թաքնված կանանց ու երեխաների մոր այդ լուրերը շուտով վերածվեցին խուճապի: Քաղաքի բնակչությունը հապճեպ սկսեց լքել այն։ Մարդիկ վախենում էին մտնել սեփական տները և վերցնել ոսկյա զարդերը, փողը, փաստաթղթերը՝ վախենալով այնտեղ հանդիպել խորհրդավոր անծանոթ մարդկանց։

Միաժամանակ, երբեմն-երբեմն առաջնագծից եկած զինվորականներն ասում էին, որ ինչ-որ մարդիկ համոզում են զինվորականներին չդիմադրել, չկռվել թշնամու դեմ, քանի որ «հողերը վաճառվել են, դիմադրությունն անիմաստ է»։ Թե ովքեր էին այդ մարդիկ, ում անունից էին խոսում, ով վաճառեց հողերը, մնաց մի առեղծված, որը չպարզվեց նույնիսկ 4 տարի անց։

Հոկտեմբերի 6-7-ը քաղաքում գործնականում մարդ չէր մնացել։ Ազոխ գյուղ է տարհանվել մի քանի օր հակառակորդի կրակոցներին ենթարկված հոսպիտալը։ Բարեբախտաբար, բժիշկներից և բուժանձնակազմից ոչ ոք չի տուժել։

Քաղաքում մնացած մի քանի տասնյակ խաղաղ բնակիչները լքել են քաղաքը գնդացիրների կրակոցների ներքո։ 23 տղամարդ՝ Հադրութի քաղաքապետի գլխավորությամբ, մարտի մեջ մտան քաղաքի վերին մասում՝ եկեղեցու մոտ, բայց քանի որ ուժերը անհավասար էին, նրանք նույնպես ստիպված էին լքել քաղաքը, քանի որ մեկ մարդ զոհվեց, մի քանիսը վիրավորվեցին, իսկ դիմադրությունն անօգուտ էր։

Թե ինչ եղավ նրանց հետ, ովքեր չցանկացան կամ չհասցրին լքել քաղաքը և մոտակա գյուղերը, հայտնի է գրեթե բոլորին. 23 մարդ դաժանաբար սպանվեց իրենց տներում կամ հողամասերում։ 16 մարդ, այդ թվում՝ 4 կին և երկու երեխա, անհայտ կորած են համարվում։

Հադրութի անկման առեղծվածային պատմությունը մինչ օրս չի արժանացել ոչ պատշաճ վերլուծության, ոչ էլ քաղաքական գնահատականի։ Ընդհանրապես, 2020 թվականի իրադարձությունները երկրորդ պլան են մղվել 2023 թվականի սեպտեմբերի նոր ցեղասպանությունից և Արցախի ողջ բնակչության զանգվածային արտագաղթից հետո։

Եվ այնուամենայնիվ, ինչո՞ւ Հադրութը հանձնվեց։ Որպես Միացումի խորհրդանիշ, թե՞ ճանապարհ դեպի Շուշի։

Մարգարիտա Քարամյան

Ամոթ, լաց ու “ծիծաղ”, որ կոչվում է արցախցիների բնակարանային խնդիր

Հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը մի շարք հակափաստարկներ է ներկայացրել Արցախից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար եւ բնակապահովման ծրագրին չդիմելու վերաբերյալ:

«Չորս ամսվա ընթացքում 1.100 դիմումի եւ տրամադրված 30 հավաստագրի փաստը ոչ թե պետք է դրոշակ սարքել ու ծածանել, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, այլ՝ ամոթից գետինը մտնել», գրում է Լիանան:

Երբ արցախցիները խոսում են իրենց բնակարանային խնդիրների մասին, Հայաստանում շատերը հակադարձում են ասելով, որ իրենց համար երկնքից մանանա չի թափվում, որ իրենց համար էլ է դժվար: Այո, դժվար է, Հայաստանը Նորվեգիա չէ, բայց ով գոնե չորս պատ ու կտուր ունի, դա հիմնական ծախսերից ազատվում է: Բռնի տեղահանված արցախցիները ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությունը չեն վատնում Դուբայում հանգստանալու համար: Բնականաբար, այդ գումարով նրանք վճարում են (ո՞վ գիտի, գուցե մի բան էլ ավելացնելով) վարձած բնակարանի համար: Այլ կերպ ասած, վերադարձնում են այնտեղ, որտեղից ստացել են:

Ի լուր հեգնողների նշենք, որ ասում են՝ դեկտեմբերին ավարտվելու է 40+10 հազար ծրագիրը: Աջակցություն է տրամադրվելու միայն խոցելի խմբերի:

Ստացվում է` տեղահանված, տուն ու հայրենիք կորցրածները մի տարի անց այլեւս խոցելի՞ չեն։ Ուզում եք ասել` մի տարում էնպես են վերականգնվել, հատկապես` մեր երկրի էս հրաշալի սիրառատ մթնոլորտում, որ բոլոր խնդիրները հաղթահարել են, ու բոլորը կարող են բնակարանի հարցն ինքնուրույն լուծել ու անցնել առա՞ջ։ Առանձնակի սադիզմի դրսեւորում է հենց ձմռանը` հունվարին ծրագիրը դադարեցնելը, երբ մարդիկ ամենաշատ ծախսն են անում ջեռուցման վրա, գրում է Լիլիթ Բլեյանը:

Գորիսում իմ կիսագորիսեցի, կիսաղարաբաղցի ընկերը ցույց տվեց ինձ այս շենքն (լուսանկարում) ու ասաց, որ ղարաբաղցիների համար են վերանորոգում: Ինչ-որ հին, լքված շենք էր նախկինում: Քաղաքապետ Առուշանյանը հատուկ վերաբերմունք ունի ղարաբաղցիների հանդեպ, ասում է իմ ընկերը:

Մեկ տարում քանի՞ այսպիսի լքված շենք կարելի էր վերանորոգել: Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում այսպիսի շենքեր կան, բայց չկա ցանկություն, չկա մոտիվացիա, չկա էնտուզիազմ:

Ժովովրդագրական, տարածքային համաչափ զարգացման խնդիրներ ունեցող Հայաստանում այսպիսի սոցիալական քաղաքականությունը պարզապես աղետ է: Լավ, ենթադրենք ՀՀ կառավարությունը մեկ տարով էլ է երկարեցնում (մեկ էլ տեսար ԵՄ, ԱՄՆ հերթական անակնկալ փոՂանցումն արեցին) 40+10 հազար ծրագիրը, միթե՞ դա խնդրի լուծում է: Մեկ տարի հետո նույն պատկերն է լինելու:

Մինչ կառավարությունը ծրագրեր է մշակում, մի աղետով անցած, մյուսի դեմ կանգնած ժողովուրդն էլ պատերազմում են սոցցանցերում.

Ձեր Քոչարյանն ու Սերժը, ձեր Հակոբջանյանը, Երեւանի երկնաքերերը, Կոնգրես հյուրանոցը, Հյուսիսային պողոտան ու Հիգերրորդ ալիքը, մեր հարկերը, չտված ջուրը…: Բա Փաշինյա՞նը… Եվրոպայից փողերը վերցնում, մեզ մի թուլափայ է տալիս, հեծանիվը, Աննայի սթորիներն ու Սրբազանի շարժումը…

Հունցու շոռ ըս տամ, էլլհա բիդի տոն ըս կյամ (ուր գնում, վերջում տուն ես գալիս):

Վերադառնալով բնակարանային խնդրին: 30 հավաստագիր: Մեկ տարի անց  30 հավաստագիր:

Քրոջս հարցնում էի, տեսե՞լ է, որ Ալիեւն իրենց տունը Ստեփանակերտում ուսանողական դորմի է վերածել: Տեսել եմ, ասում է նա, հարեւանս լինքն ուղարկել է: Նայում ենք` եւ լացում եւ ծիծաղում, ի՞նչ անենք: Այսպես, ամոթի, լացի ու “ծիծաղի” ընտրություն, որ կոչվում է բնակարանային խնդիր:

Հ.Գ. Նորվեգացի իմ մի ծանոթ Հայաստանում եւ Ղարաբաղում տեսնելով սովետական կիսաքանդ գործարաններն ու շենքերը, ասում էր․ Եվրոպայում սրանցից հաստատ կրեատիվ մի բան կմոգոնեին: Ի՞նչ ափսոս է…

 Բայց իզուր է համեմատությունը, կա Նորվեգիա, կա Նիգերիա, ինչպես ասում են: Ասում են նաեւ, քյասիբն իր խելքից է քյասիբ:

Մարութ Վանյան

30 ժամ ջուր չի լինելու Երեւանի Արաբկիր, Աջափնյակ եւ Մալաթիա-Սեբաստիա շրջաններում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզական-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 17-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնցի,  Շիրվանզադեի,  Ն.Տիգրանյան,  Շահսուվարյան,  Մամիկոնյանց,  Բուդաղյան,  Տոլբուխինի,  Գրիբոյեդովի, Մալխասյանց փողոցների՝ իրենց նրբանցքներով, Ղափանցյան, Արաբկիրի 39, 41, 43, 49, 51, 53 փողոցների, Կոմիտասի 1-ին, Վրացական 4-րդ, Ն.Զարյան՝ 21-140 համարների՝ իրենց կոտորակներով, Ազատության պող. 7/1, 7/2, 9/1, 9/2, 9/3, 9/4, 21, 23, 24, 25, 26, 27 համարների՝ իրենց կոտորակներով, Հովսեփ Էմինի 135-150 համարների՝ իրենց կոտորակներով, Վրացական 12-21 համարների՝ իրենց կոտորակներով, Կոմիտասի  պող. 35-67 կենտ և 52-66 զույգ համարների՝ իրենց կոտորակներով, Թբիլիսյան խճուղի,  Կորեայի ձոր,  Շրջանցիկ Թունել և Քանաքեռ ՀԷԿ թաղամասերօ, «Արաբկիր» Բժշկական կենտրոնի,

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Վշտունի, Խ. Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղովի, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր. Զոհրապի, Սիսակյան, Հակոբյանց, Հասրաթյան, Կարապետյան, Եղիազարյան, Հասմիկի, Ալիխանյան Եղբայրների, Սպորտի, Թերլեմեզյան, Ա. Սարգսյան, Ռոստոմյան, Միրաքյան, Լուկաշին փողոցների, Շահումյանի 17-րդ փողոցի և նրբանցքի, Բաշինջաղյան փողոցի անհատական տնատիրությունների, Ֆուչիկի 1/3, Միկոյան 2, 2/2 համարների, Եղվարդի խճուղու իրավաբանական բաժանորդների, Հալաբյան փողոցի՝ Հրշեջ կայանի, «Մոնթե Մելքոնյան» ռազմական վարժարանի;

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Արարատյան 1, 2 զանգվածների՝ իրենց նրբանցքներով, Կուրղինյան և Մեծարենցի փողոցների՝ իրենց նրբանցքներով, Իսակովի պողոտայի, Անդրանիկի թաղ. Ա-1, Ա-2, Ա-3, Բ-1, Բ-2, Բ-3, Բ-4 բնակելի զանգվածների, Սեբաստիայի 10, 12, 14, 16, 18, 18ա, 20, 22, 23, 23ա, 24, 24/1, 24/2, 25, 25/1, 26/1, 27, 28, 30, 30ա, 30բ, 78, 80, 82, 86, 141, 141/1, 141/2, 141/3, 141/5 համարների, Տիչինայի փող. 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքների, 1-ին փակուղու և  34 շենքի, Ծերենցի փող. 1-ին, 2-րդ նրբանցքների և 3, 5, 7, 7ա շենքերի, Շրջանային փող. 2/3, 2/4, 2/5, 2/6, Մանուկյան փող. 2, 4, 6, 8, 10 շենքերի, Ռ. Մելիքյան փողոցի և 2ա, 2/2, 2/3 շենքերի, Ջիվանու փողոցի և 11/1 շենքի, Միքայելյան փող. 1, 3 շենքերի, Հովնաթանի, Վեգների, Քեսաբցիների, 14-րդ փողոցի և 1-ին նրբանցքի, 16-րդ, 17-րդ փողոցների, Քուչակի, Միրաքյան, Օտյան, Մ.Գոշի, Ջամբուլի, Սեբաստիայի, Բատիկյան, Ոսկանյան, Դ.Վարուժանի, Շրջանային, Մալաթիայի, Շերամի, Անդրանիկի, Բաբաջանյան, Օհանովի, Սվաճյան, Րաֆֆու փողոցների, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի՝ իր նրբանցքներով, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 11-րդ փողոցների, Նոյ և Մուշ թաղամասերի;

Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի;

Արմավիրի մարզի՝ Թաիրով, Փարաքար գյուղերի և հանրային բաժանորդների;

Արարատի մարզի՝ Արգավանդ, Գեղանիստ, Խաչփառ, Ազատաշեն գյուղերի և հանրային բաժանորդների;

Կոտայքի մարզի՝ Եղվարդ և Նոր Հաճն քաղաքների, Զովունի, Քանաքեռավան, Պտղնի, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Բանավան, Գետամեջ գյուղերի, Առինջ գյուղի վերին հատվածի, Արգել գյուղի ամառանոցների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Փաշինյանը ուզում է Բաքո՞ւ գնալ եւ հեծանիվ քշել Արմենիքենդում

Որքան տեղյակ եմ, հոկտեմբերի 7-8-ը Մոսկվայում տեղի ունեցած ոչ ֆորմալ շփումների ժամանակ վարչապետ Փաշինյանը նախագահ Ալիեւին առաջարկել է երկկողմ հանդիպում ունենալ: Ավելի ճիշտ, առաջարկվել է, որ ԱԳ նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա առաջնորդները նախքան Բաքվում COP-29-ի կայացումը ստորագրեն պայմանագիրը: Ես, անկեղծ ասած, Ադրբեջանի արձագանքից տեղյակ չեմ, բայց հույս ունեմ այս տրամաբանությունը հնարավոր կլինի իրագործել:

Այս մասին տեղեկացրել է Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ «Արմենպրես»-ին։

Ինչի՞ համար է Փաշինյանը ուզում մինչ COP-29-ի կայացումը ստորագրի պայմանագիրը։ Ի դեպ այսօր Ալեն Սիմոնյանն ասել է, որ 16 կետ արդեն համաձայնեցված են, եւ փաստորեն մնացել է 1 կետ։ Թե որ կետը չի համաձայնեցված, հրապարակավ չի ասվել։ Սակայն քանի որ Ալիեւն ասել է, թե պայմանագիրը կստորագրի, եթե համաձայնեցվեն բոլոր կետերը, կարելի է ենթադրել, որ Երեւանը համաձայն է նաեւ վերջին կետով զիջումների գնալ։  Փաշինյանն ուզում է գնալ Բաքո՞ւ СОР29-ին եւ հեծանիվ քշել Պրիմորսկի բուլվարում եւ Արմենիքնդում։  

Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» ձևաչափով երրորդ հանդիպմանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնում է Թուրքիա, որտեղ կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը: Այս մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Լավրովը կմասնակցի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք «3+3» հարթակի հանդիպմանը

Ռուսական կողմը հաստատում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ծրագրված մասնակցությունը հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք Հարավային Կովկասի «3+3» հարթակի հանդիպմանը։ Այս մասին ТАСС-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հաստատում ենք Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի ծրագրված մասնակցությունը»,- նշել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած Լենդրուշ Խաչատրյանը մինչև այսօր գամված է անկողնուն

Չորս տարի շարունակ Խաչատրյանների ընտանիքը պայքար է տանում Լենդրուշի վերականգնման համար։

2020-ի 44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած Լենդրուշ Խաչատրյանը մինչև այսօր գամված է անկողնուն։ 4 տարի շարունակ նա բժիշկների վերահսկողության տակ է՝ Զինվորի տանը։ Ոչ մի դրական տեղաշարժ չկա նրա մոտ։ Բժիշկները նրա «Վեգետատիվ ստատուս» ախտորոշմամբ վիճակը գնահատում են ծանր։ Ի ուրախություն հիվանդների ու նրանց հարազատների՝ վերականգնողական կենտրոնի անձնակազմը տանում է ամենահոգատար ու սրտացավ վերաբերմունքը ինչպես Լենդրուշի, այնպես էլ օգնության կարիք զգացող հարյուրավոր վիրավոր զինծառայողների։

Մարտունու շրջանի Աշան գյուղից տեղահանված Լենդրուշ Խաչատրյանի ընտանիքը հաստատվել է Երևան քաղաքում, որ ավելի մոտ լինի մինուճար զավակին։ Մայրը, կինը և երեք անչափահաս երեխաները, քույրերը երազում են Լենդրուշին առաջվա պես տեսնել։

Կինը՝ Ռուզաննան, դժվարությամբ է հարմարվում առանց հարազատ ծննդավայրի ու Արցախի։ Ասում է․

-Շատ դժվար է հարմարվել նոր միջավայրին, որտեղ ամեն ինչ անծանոթ է քեզ, գործում են կյանքի ուրիշ կանոններ ու ամեն ինչ տարբեր է քո ծննդավայրից ու հայրենիքից։ Միանգամից սկսվում են համեմատություններ, դժգոհություններ, ու բախվում ես դաժան իրականության հետ։ Մեր պարագայում՝ բազմապատկվել են դժվարությունները, քանի որ ունենք երեք անչափահաս երեխա ու․․․ Լենդրուշը։ Առանց նրա հեշտ չէ երեխաների դաստիարակությամբ զբաղվել։ Փաստաթղթերի հետ կապված՝ ևս ունենք խնդիրներ, որոնք դեռ ստանում են իրենց լուծումները։ Չեմ կարողանում գտնել իմ տեղն այստեղ ու դեռ հարմարվելու և դժվարությունները հաղթահարելու ճանապարհին եմ։

Սկզբնական շրջանում ինչպես մենք, այնպես էլ երեխաները սպասում էինք հայրիկի ապաքինմանը։ Ինչքան ապաքինման ժամանակը երկարում էր, ավելանում էին երեխաների հարցերը հոր վերադարձի մասին։ Հարցնում էին՝ պապան հաշմանդամության սայլակով կվերադառնա՞, թե՞ նորմալ վիճակով։ Ժամանակի ընթացքում իրենք էլ հասկացան, որ հնարավոր է պապան այլևս չապաքինվի։ Հիմա տղաներս կարծես հարմարվել են հոր բացակայության հետ և փորձում են ամեն ինչ ստանալ ինձնից։

Ավելի դժվար է, երբ աղջիկս՝ 4-ամյա Նանեն է հարցնում հոր մասին։ Նա երկու ամսական էր, երբ հայրը վիրավորվեց պատերազմում ու այլևս տուն չվերադարձավ։

Քույրը՝ Լենան, որ շատ է կապված եղբոր հետ, այսօր ծանր է տանում, որ եղբայրը շարունակում է գամված մնալ անկողնուն։

-Լենդրուշը սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որն ավարտելուց հետո ծառայության է անցել Արցախի 7-րդ պաշտպանական շրջանում։ Այդ ժամանակ ծառայության անցնելու վայրը որոշվում էր վիճակահանությամբ։ Երբ քաշել է 7-րդ շրջան գրած թուղթը, նույնիսկ չի իմացել, թե որտեղ է դա։ Այդ շրջանը նրան բոլորովին անծանոթ Եղնիկներն էր, որին հետագայում սիրահարվեց անմնացորդ։ Այդ ընթացքում մեկ տարի ծառայեց Ստեփանակերտի ՑՈՐ զորամասում և կրկին վերադարձավ Եղնիկներ, արդեն որպես 1-ին գումարտակի հրամանատար։ Եղբայրս ծառայության ընթացքում տարբեր պատվոգրեր է ստացել, իսկ 2019-ին Արցախում իր հրամանատարած գումարտակը լավագույնն է ճանաչվել։ Զինվորները պատմում են, թե ինչպես էր միշտ պաշտպանում իրենց և զինվորական տարբեր դասընթացների ուղարկում՝ ավելի հմտանալու և կատարելագործվելու համար։ Մինչև այսօր նրա զինվորները, մարտական ընկերները այցելում են հիվանդանոց, խոսում հրամանատարի հետ՝ հավատալով, որ նա լսում է իրենց, ուրախանում․․․

2020-ի պատերազմից ու Լենդրուշի վիրավորվելուց հետո մեր ընտանիքի համար ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ։ Սկսվեցին անվերջանալի դժվարություններ ու փորձություններ, որոնք մինչև այսօր շարունակվում են,-ասում է նրա քույրը և ավելացնում։

Չորս տարի շարունակ Խաչատրյանների ընտանիքը պայքար է տանում Լենդրուշի վերականգնման համար։ Բուժումը շարունակելու համար 2021-ի հուլիսի 10-ին պետության և նվիրատվությունների աջակցությամբ Լենդրուշը տեղափոխվեց Ռուսաստանի Դաշնություն: Հույս կար, որ այնտեղ կբարելավվի նրա վիճակը։ Մեկ տարի նա մնաց Մերձմոսկովյան վերականգնողական կենտրոններից մեկում։ Այդ ընթացքում 2 անգամ վիրահատություն տարավ Մոսկվայի նյարդաբանական հիվանդանոցներից մեկում։ Լենդրուշի առողջական վիճակը մի փոքր բարելավվել է, սակայն նրա հիմնական խնդիրը մնացել է անփոփոխ։ Մեկ տարի հետո վերադառանալով Հայաստան՝ նա կրկին հաստատվել է վերականգնողական կենտրոնում։ 2022-ին մայրը՝ տիկին Լենուրան, Արցախից տեղափոխվել է Երևան՝ որդուն խնամելու համար:

Լենդրուշ Խաչատրյանի հարազատներն ու ընկերները երազում են կրկին նրան տեսնել ինչպես միշտ՝ թիկնեղ, սիրունատես։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ադրբեջանը կեղծում է օկուպացված Դադիվանքի և Գանձասարի շուրջ պատմությունը

Ադրբեջանը կեղծում է օկուպացված Դադիվանքի և Գանձասարի շուրջ պատմությունը: Այս մասին ահազանգում  է Monument Watch-ը:

Պատմության կեղծարար Րիզվան Հուսեյնովը վերջերս այցելել է օկուպացված Արցախ և տեսանյութերի շարք նկարահանել Գանձասարի, Դադիվանքի և Ամարասի վանական համալիրներում: Հուսեյնովի կողմից հնչեցվել է ադրբեջանական քարոզչական հիմնական թեզը, ըստ որի՝ հայերը իբր աղճատել են այդ վանքերի պատմական տեսքը, հայացրել դրանք, վերափոխել: Այս թեզն, իհարկե, նոր չէ և հնչեցվում է վերջին չորս տարիներին և անընդհատ կրկնվում է ադրբեջանական գրեթե բոլոր լրատվամիջոցերում: 2024 թվականի սեպտեմբերին Հուսեյնովը որպես թիրախ էր ընտրել Արցախի առավել հայտնի երեք վանքերը՝ ցուցադրելով «հայերի պատճառած վնասները»: Փաստորեն, մենք տեսնում ենք քարոզչական բնույթ ունեցող թեզի տեղայնացումը, տեղադրումը բուն հուշարձանի վրա, որտեղ ամեն մի դետալ դիտարկվում է հենց այս թեզի շրջանակում:

Պատահական չէ Արցախի երեք առավել հայտնի ու հռչակավոր վանքերի ընտրությունը: Ադրբեջանական կողմի թիրախում այս վանքերը և հատկապես Գանձասարը և Ամարասը հայտնվեցին 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո, երբ Արցախն ամբողջությամբ օկուպացվեց և վերոհիշյալ Րիզվան Հուսեյնովը հատուկ անդրադարձ կատարեց այս հուշարձաններին (տես՝ Գանձասարի բռնայուրացումն սկսված է):

Այս տեսանյութերից կարող ենք փաստել, որ Գանձասարի և Ամարասի վանական համալիրների տարածքը փակ է այցելությունների համար, մուտքերը կնքված են ու կողպած: Ակնառու է, որ ադրբեջանական կողմը հատուկ տեղ է տալիս այս վանքերին իրենց քարոզչության մեջ, բայց թույլ չի տալիս իր քաղաքացիներին այցելել դրանք:

Այժմ անդրադառանք Հուսեյնովի կողմից Գանձասարի և Դադիվանքի տարածքում հնչեցված առանձին մտքերին: Գանձասարի վանքում Հույսենովը նշում է, որ եկեղեցու պատերին արտաքուստ գտնվող արձանագրություններն իբր ավելացվել են հայերի կողմից և այդ կեղծարարությունը կատարվել է վերջին հարյուր տարում: Նշենք, որ Սբ. Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու և գավթի արտաքին ճակատներին կան նվիրատվական բնույթի տասնյակ արձանագրություններ, որոնք հսկայական ինֆորմացիա են պարունակում միջնադարյան Արցախի քաղաքական, հոգևոր, տնտեսական իրողությունների մասին և դրանց կեղծ անվանելն ուղղակի ոտնձգություն է երկրամասի իրական պատմությանը: Խոսելով եկեղեցու արտաքին պատերի մասին՝ նշվում է, որ պատի շարվածքում եղած կարմիրին հարող երեսպատման քարերը նոր են և բերվել են Հայաստանից և մասնավորապես Էջմիածնից և վկայում են եկեղեցու հայկականացման փորձերի մասին: Ըստ Հուսեյնովի՝ միակ անվնաս արձանագրությունը եկեղեցու ներսում գտնվող շինարարական արձանագրությունն է, որի վերծանության ֆանտաստիկ տարբերակը տալիս է Հուսեյնովը: Ըստ այդմ տեսնում ենք, որ վանքը կառուցել է Խաչենի թյուրք կառավարիչ Հասան-Ջալալը, որն «ընդունել էր հայկական միաբնակություն»: Խոսվում է Հասան-Ջալալի կանանց մասին և որ իբր արձանագրության մեջ հիշատակվում է աղվանից ժողովուրդը, աղվանից եկեղեցու առաջնորդը և ոմն Կոչու բեյ: Քարոզչական բնույթ կրող այս կեղծիքները աչքի են ընկնում իրենց մեծագույն հիմարությամբ: Գանձասարի վանքը Արցախի առավել հետազոտված հուշարձաններից է, կան վանքի բազմաթիվ լուսանկարներ, այդ թվում և 19-րդ դարում արված, որտեղ երևում են եկեղեցու անվնաս պատերը, արձանագրությունները: Լավ կլիներ, որ Հուսեյնովը այս ամենին ծանոթանար: Գանձասարի վանքի արձանագրությունները հրատարակվել են բազմիցս, այդ թվում և խորհրդային տարիներին, երբ տարածքում առանց խորհրդային Ադրբեջանի պաշտոնական թույլտվության հետազոտական աշխատանքներ չէին կարող իրականացվել: Վանքի մասին առկա է մեծածավալ օտարալեզու գրականություն, վանքին բազմիցս անդրադարձել են օտար հեղինակները: Եկեղեցու կառուցման արձանագրությունը ևս անեղծ իր տեղում է, բազմիցս հրատարակված և փոփոխելով այն ներկայացնելը ուղղակի հիմարություն է: Այլ կերպ նման մտքի արգասիքները անվանել անհնար է: Լավ կլիներ նաև , որ Հուսեյնովը կողմնորոշվեր, թե ի վերջո ով է Հասան-Ջալալը և նշեր, թե կառուցման արձանագրությունը ինչ լեզվով է գրված: Տարակուսելի է, որ մի դեպքում հայերեն ընդարձակ արձանագրությունը համարվում է պատմական, իսկ նրա կողքին գտնվողները՝ կեղծ: Հուսեյնովին նաև խորհուրդ կտայինք առավել լավ ծանոթանալ Հայ Առաքելական եկեղեցու դավանաբանությանը: Տեղադրում ենք Գանձասարի մասին մեր թիմի հոդվածները, որտեղ կարելի է գտնել վանքի մասին բազմաթիվ հոդվածների և գրքերի հղումներ: Լավ կլիներ, որ սա հենց Հուսեյնովը կարդար (Գանձասարի վանքը. ընդհանուր տեղեկություններ, Գանձասարի սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթն ու քանդակային հորինվածքները,  Գանձասարի գավիթը և աշխարհիկ շինությունները,  Գանձասարի խաչքարերն ու տապանաքարերը):

Հաջորդ հուշարձանը, որտեղ իր մտքերով փայլատակում է Հուսեյնովը՝ Դադիվանքն է: Մասնավորապես՝ կեղծարարարի թիրախում է հայտնվել է Դադիվանքի Կաթողիկե եկեղեցին, որ կառուցել է տվել 1214 թվականին Հաթերքի Վախթանգ իշխանի կին Արզուխաթունը: Հուսեյնովը կեղծ է համարում եկեղեցու հարավային ճակատին փորագրված ընդարձակ շինարարական արձանագրությունը, կտիտորական բարձրաքանդակները և բազմագույն շարվածքը, որն ըստ կեղծարարի՝ արվել է վերջին տասնամյակում Էջմիածնից բերված քարերով: Նկատելի է, որ եթե Արցախի բազմաթիվ հուշարձանների ‹‹հայկականացման, կեղծման›› թեզերի տակ խոսվում է ընդհանրական ‹‹հայկական կողմի, հայերի›› մեղավորության մասին, ապա Գանձասարի, Դադիվանքի ու Ամարասի պարագայում ադրբեջանական կողմը մեղադրում է ուղիղ պաշտոնական Էջմիածնին և ըստ դրա՝ Հայ Առաքելական եկեղեցուն, ինչը այլ հուշարձանների պարագայում գրեթե չի նկատվում:

Ակնառու է, որ Հուսեյնովը չի տիրապետում երկրամասի ճարտարապետական դպրոցին, քանի որ կոպտատաշ քարերով ու առանց երեսպատման կառուցված գավիթը կարծում է, որ միտումնավոր չի վերականգնվել, ուստի դրա համար այդպիսի տեսք ունի: Հուսեյնովը չի հասկանում գավթի և եկեղեցու տարբերությունը, քանի որ գավիթը ներկայացնում է որպես եկեղեցի: Չգիտես ինչու որպես վանքի առավել հին կառույցներ են ներկայացվում վանքի աշխարհիկ՝ տնտեսական, օժանդակ կառույցները, որոնց ինչ լինելուց տեղյակ չէ կեղծարարը:

Սակայն Րիզվան Հուսեյնովի մտքի գոհարներից է այն, որ վանքի կառուցումը կապվում է Հասան-Ջալալ իշխանի հետ, մյուս մտքի գոհարը վերաբերում է Կաթողիկե եկեղեցու որմնանկարներին, որոնք հայտարարվում են վաղմիջնադարյան, չնայած նրան, որ եկեղեցին, որտեղ գտնվում են որմնանկարները Հուսեյնովը թվագրում է 13-րդ դարով:

Դադիվանքում Հուսեյնովն ալբանական եկեղեցին ներկայացնում է որպես երկաբնակ:

Դադիվանքի պահպանության մասին խոսելիս Հուսեյնովին լավ կլիներ հիշեցնել, որ խորհրդային տարիներին վանքը անմխիթար և կիսաքանդ վիճակում էր հենց խորհրդային Ադրբեջանի վարած քաղաքականության հետևանքով: Դա են վկայում վանքի՝ խորհրդային տարիներին արված լոսանկարներ: Հիշեցնենք նաև Հուսեյնովին, որ վանքի արձանագրությունները հետազոտվել են խորհրդային տարիներին, ինչը չէր կարող իրականացվել առանց խորհրդային Ադրբեջանի իշխանությունների թույլտվության, այն էլ՝ Քարվաճառի շրջանում, որը հայաթափված էր և վերաբնակեցված էր քրդերով և ադրբեջանցիներով, ովքեր կենտրոնական և մարզային իշխանությունների թողտվությամբ քանդել են շրջաի հուշարձանների զգալի մասը և կործանման եզրին հասցնել Դադիվանքը:

Տեղադրում ենք Դադիվանքի մասին մեր թիմի հոդվածները, որտեղ վանական համալիրին մանրամասն անդրադարձ է արվում: Այս թեմայով տես՝ Դադիվանքի համալիրը. ընդհանուր տեղեկություններ,  Դադիվանք. Սուրբ Դադիի և նրա գերեզմանի մասին,  Դադիվանքի Կաթողիկե եկեղեցին և հարակից կառույցները , Դադիվանքի փոքր գմբեթավոր եկեղեցին, զանգակատունը, խաչքարերը և մատուռները, Դադիվանքի աշխարհիկ հուշարձանախումբը։

Մեր արձագանքը

Հայկական պատմական եկեղեցիների՝ Դադիվանքի և Գանձասարի աղվանացումը, հայկականության ժխտումը՝ ժառանգության ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված իսկության սկզբունքի ոտնահարում է, պատմության և ինքնության ոչնչացման գործընթացի մաս: Մշակութային ժառանգության իսկության պահպանության կարևորության մասին նշված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթում։

Հարկ է հիշեցնել, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների պղծման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։Սույն թվականի սեպտեմբերի 2-ին ընդունված՝ Ցեղասպանության գիտնականների ընդունած բանաձևի համաձայն Ադրբեջանը պետք է  կատարի Արդարադատության միջազգային դատարանի հրամաններն ու վճիռները՝ ներառայալ հայկական մշակութային արժեքները ոչնչացումից ու պղծումից զերծ պահելու,  ինչպես նաև միջազգային իրավունքի այլ պարտավորությունները։

«Զինված բախում ների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի՝ արգելվում է  մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները:

Իսկ ԵԽԽՎ 2583-րդ բանաձևով հայկական մշակութային արժեքների հայկականության փաստի ժխտումն ու դրանց՝ աղվաններին պատկանելը ճանաչվել է որպես «ադրբեջանական հորինվածք» ((Parliamentary Assembly of the Council of Europe, Humanitarian consequences of the conflict between Armenia and Azerbaijan / Nagorno-Karabakh conflict, Resolution 2391 (2021), հոդված 18.4): Եկեղեցիների գործառույթի փոփոխությունը ոտնահարում է կրոնական համոզմունքներն ու ծիսակատարություններն իրենց իրական բնույթով պահպանելու և իրականացնելու հայ հանրույթի մշակութային ֆունդամենտալ իրավունքը, որը սահմանված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածով։

Ակտիվ ցիկլոն է ներթափանցում Հայաստան

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։

Հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 17-18-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում: