Վագիֆ Խաչատրյանը դեռեւս թոքերի հավելյալ հետազոտությունների կարիք ունի

Ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է նրա դուստրը՝ Վերա Խաչատրյանը։

«Հիմա դեղեր է ընդունում, վիճակը բավարար է, սակայն դեռեւս պետք է գնա հետազոտությունների։ Այնուհետեւ արդեն թոքերի հետ կապված այլ կլինիկա պետք է դիմենք»,– ասաց նա։

Վագիֆ Խաչատրյանը գերությունից վերադառնալուց հետո հոսպիտալացվել էր եւ վիրահատություն արել։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը և Իրանի արտգործնախարարը կհանդիպեն Պոլսում

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվ Վիտկոֆը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բանակցություններ կանցկացնեն Ստամբուլում, հաղորդում է ամերիկյան Axios հրատարակությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հրապարակումը նշում է, որ հնարավոր միջուկային համաձայնագրի քննարկման հանդիպումը նախատեսված է ուրբաթ օրը։

Ըստ տեղեկությունների՝ նախատեսված հանդիպումը Թուրքիայի, Եգիպտոսի և Կատարի միջև վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացված դիվանագիտական ​​ջանքերի արդյունք է։

Այն տեղի կունենա Պարսից ծոցում ԱՄՆ ռազմական մեծ կուտակումների և նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարության ֆոնին, որ ռազմական հակամարտությունից խուսափելու միակ ճանապարհը արագ համաձայնագիրն է։

Նախատեսվում է, որ Վիտկոֆը նախօրոք կմեկնի Իսրայել՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպելու համար։

Փետրվարի 6-ի հանդիպման մասին հայտնել է նաև թուրքական պետական ​​«Անադոլու» լրատվական գործակալությունը։

Հայկի հիշատակը պարտադրում է չնահանջել․ նա երազում էր ճարտարապետ դառնալ

Էրիկ և Մելինա Ղարիբյաններն Արցախի Գիշի համայնքից են տեղահանվել։ Մելինան համայնքի բուժկետում բուժքույր էր աշխատում, իսկ ամուսինը մասնավոր աշխատանքներ էր իրականացնում էլեկտրամոնտաժման բնագավառում։

Տեղահանությունից հետո նրանց ընտանիքը բնակություն է հաստատել Աբովյան քաղաքում։

Ղարիբյաններն Արցախից տեղահանվել են մեծ կորստով։ Նրանց անդրանիկ զավակը՝ 15-ամյա Հայկը, զոհ է դարձել 2023-ի սեպտմեբերի 25-ին Արցախում տեղի ունեցած վառելիքի պահեստի խոշոր պայթյունին։

-Մեր գյուղից դուրս ենք եկել սեպտեմբերի 25-ին, երբ արդեն Արցախում սկսվել էր զանգվածային գաղթը։ Մեքենայում ես էի, ամուսինս, մեր տան մեծ՝ 94-ամյա տատիկը և կրտսեր որդիս։ Քռասնի համայնքի մոտ էինք, երբ լսեցինք, որ պայթյուն է եղել ու շատ զոհեր կան։ Այդ ժամանակ չգիտեինք, որ Հայկը նույնպես այնտեղ էր։ Երբ հասանք Ստեփանակերտի Հեքիմյան փողոցը, ամուսնուս քույրը զանգեց ու ասաց, որ Հայկը դեպքի վայրում է։ Ամուսինս միանգամից մեքենան քշեց դեպի պայթյունի վայրը։ Ականատես եղանք միայն ամենասարսափելի ֆիլմերում հանդիպող իրավիճակի։ Հնարավոր չէր այդտեղ մարդ գտնել․ դժոխք էր՝ սարսափելի, անմոռանալի:

Ամուսինս մեզ տանում է տուն, իսկ ինքը սկսում շրջել հիվանդանոցներով, ապա նորից գնում պայթյունի վայրը։ Մեր երեխան չկար։ Նորից է գնում դեպի մանկական հիվանդանոց՝ հույս ունենալով, որ Հայկն այնտեղ կլինի։ Ճանապարհին նկատում է, որ շտապ օգնության մեքենան գնում է դեպի դիահերձարան։ Էրիկը հետևում է մեքենային։ Հասնում է հենց այն պահին, երբ մեքենայից հանում են զոհվածների մարմինները։ Տասնյակ աճյունների մեջ ամուսինս գտնում է մեր որդուն։ Պարզվում է՝ նա հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում էր։ Երեխայիս թոքերն ի զորու չեղան դիմանալու։

Հայկն ընկերների հետ էր գնացել։ Ասում են՝ այնտեղ նա տեսել է մեր համագյուղացի մի տղայի ու գնացել նրա մոտ․ երկուսն էլ զոհվել են։ Ստեփանակերտցի իր ընկերը նույնպես տուժել է, սակայն երկար բուժումից հետո ապաքինվել է։ Այնպես լիներ, որ բոլորն էլ ողջ մնային, թեկուզ կես մարդ դարձած:

Սեպտեմբերի 27-ին ճանապարհվել ենք Ստեփանակերտից։ Նույն օրը դիահերձարանից տեղափոխել են զոհվածների մարմինները։ Սակայն մեր որդուն մեզ են տվել հոկտեմբերի 4-ին։ Հողին ենք հանձնել Աբովյան քաղաքի մոտ գտնվող Մայակովսկի բնակավայրում։ Հայկի հուղարկավորման օրը մահացել է մայրս՝ չդիմանալով կորստի ցավին։ Փետրվարին մահացել է նաև մեր մեծ տատիկը։ Ահա այդպիսի ճակատագրի ենք արժանացել, որի հետ հաշտվել չենք կարողանում։ Ամուսինս Արցախյան առաջին պատերազմում զոհված զինծառայողի որդի է։

Մեզ հետ կատարված դժբախտությունից հետո ոչ մի կարգավիճակ չի տրվել մեր ընտանիքին։ Նմաստ, կամ որևէ աջակցություն չենք ստանում։

Որդեկորույս մայրն  ասում է՝ Հայկն առանձնանում էր ամեն ինչով

-Այնպես էր ստացվել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ամուսնուս մայրն ու մեր ավագ երեխաները՝ Հայկն ու Հռիփսիմեն, բնակություն էին հաստատել Ստեփանակերտում։ Պատճառն այն էր, որ պատերազմի ժամանակ Մարտունու հոսպիտալը տեղափոխվել էր Գիշու միջնակարգ դպրոցը և մի քանի ամիս մնացել այնտեղ։ Մենք ստիպված էինք երեխաներին ուղարկել Ստեփանակերտում սովորելու, իսկ երբ 2021 թվականի  ձմեռային արձակուրդներից հետո մեր դպրոցում վերսկսվեց դասապրոցեսը, երեխաներին չբերեցինք գյուղ, որովհետև այնտեղ արդեն հարմարվել էին։ Մեր կրտսեր զավակը՝ Ղարիբը, հաճախում էր գյուղի դպրոցը։

Հայկն ամեն ինչով առանձնանում էր․ գեղեցիկ էր, համեստ, լավ էր սովորում։ Երազում էր ճարտարապետ դառնալ և միշտ ասում էր՝ ես անպայման կգնամ իմ նպատակի հետևից ու Գիշին կհպարտանա իր արժանավոր զավակով։ Շատ էր նպատակասլաց։ Ստեփանակերտում հիմնական դպրոցն ավարտելուց հետո, բարձր գնահատականներով ընդունվել էր ճարտարապետական ուսումնարան։ Սովորում էր անվճար։ Թեև ընդամենը 20 օր է հաճախել նոր կրթօջախ, սակայն այդ կարճ ժամանակահատվածում հասցրել էր լավ անուն ձեռք բերել դասախոսների ու ընկերների շրջապատում։ Ոգևորված պատմում էր, որ դասախոսներն ասել են, եթե գերազանց սովորի, ապա միանգամից կընդունվի համալսարան և բարձրագույն ուսումը կշարունակի Երևան քաղաքում։ Մեծ հույս ու հավատ ուներ, որը փոխանցվել էր նաև մեզ։

 Չնայած ընտանիքին պատուհասած ծանր ողբերգությանը՝ Էրիկ և Մելինա Ղարիբյանները շարունակեցին պայքարել Հայկի հիշատակը նրանց պարտադրում է հավաքել ուժերը, չնահանջել, առաջ գնալ։ 2025 թվականի մայիսի 28-ին Ղարիբյանների ընտանիքը նոր լուսյով լցվեց ծնվեց կրտսեր Հայկոն

-Հայկոյի լույս աշխարհ գալը մեծ ուրախություն էր մեր ընտանիքի համար։ Նրա ամեն մի ժպիտը, լեզվի քաղցր թոթովանքը, անմեղ հայացքը կտրում է մեզ ծանր մտքերից ու ապրեցնում։ Ցանկացած ծնողի համար ամեն մի երեխա իր տեղն ունի։ Չորս երեխաներիս էլ սիրում եմ անսահման, յուրաքանչյուրին առանձնահատուկ սիրով։ Հայկը միայն ֆիզիկապես է բացակայում մեզանից։ Նա ամեն մի վայրկյան մեզ հետ է, մեր հուշերում, մեր սրտում։ Ինչքան էլ դժվար է, բայց մենք պարտավոր ենք ապրել, մեծացնել մեր երեխաներին ու հասցնել իրենց նպատակներին։

Ընդունել ենք ՀՀ քաղաքացիություն։ Ցանկանում ենք հավաստագրով բնակարան ձեռք բերել, սակայն մեր գումարը բավարար չէ Աբովյանում, կամ մոտակա գյուղերում տուն գնելու։ Իսկ Հայկից հեռու լինել չենք կարող, պետք է այստեղ ապրենք։

Ղարիբյանների ընտանիքը մեկն է 2023-ի սեպտեմբերի 25-ի պայթյունից տուժած հարյուրավոր ընտանիքներից, որ մինչև այսօր չունի որևէ կարգավիճակ։ Չնայած պայթյունից տուժած ընտանիքների խնդիրը բազմիցս է բարձրաձայնվել, սակայն պատկան մարմինների կողմից հարցին ոչ մի լուծում չի տրվել։ 

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ներդրումային հիմնադրամի միջոցներով Հայաստանում կարելի է մի փոքրիկ Արցախ կառուցել, բայց այդ միջոցները չեն հատկացնում արցախցիներին

Անուշ․ արդեն կարողանում եմ ինքնուրույն մի քանի քայլ անել, բայց վերականգնում է պետք

Արցախյան բլոկադայի օրերին գրել էինք Անուշ Գևորգյանի մասին, ով ծնվել է Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղում: Անուշի մոտ մանկուց ախտորոշվել է ՄՈՒԿ (Մանկական Ուղեղային Կաթված): Նա վերականգնողական բուժում էր ստանում Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում, սակայն լիարժեք վերականգնվելու համար նրան անհրաժեշտ էր վիրահատություն, որը պետք է կազմակերպվեր Երևանում, ինչը շրջափակման պայմաններում անհնար էր: Տեղահանվելուց հետո, չնայած բոլոր դժվարություններին, նրա վիրահատությունը կազմակերպվեց, և այժմ նա անցնում է վերականգնողական փուլ:

Step1.am-ին Անուշը պատմեց անցած փորձությունների մասին, ինչպես նաև կիսվեց հաջողությոններով ու մտահոգություններով:

ՙՙԱրցախի շրջափակման 9 ամիսը մեկ դար էր թվում, որովհետև անհամբեր սպասում էի, թե երբ է ճանապարհը բացվելու, որպեսզի գամ Երևան վիրահատության և ինքնուրույն քայլեմ: Դա իմ մեծ երազանքն էր այդ օրերին: 9 ամիս հետո 2023 թվականին սեպտեմբերի 19-ին սկսվեց պատերազմը, և մենք ստիպված եղանք տեղահանվել մեր հայրենի հողից և բնակություն հաստատել Հայաստանում, Հրազդան քաղաքում: Այժմ ապրում ենք վարձով:

Պատերազմական խուճապահար վիճակի պատճառով մեր ընտանիքի անդամների ծննդյան վկայականները և իմ հաշմանդամության թուղթը մնացել է Ղարաբաղում: Երբ բնակություն հաստատեցինք Հրազդան քաղաքում, ես դիմեցի Արաբկիր բժշկական կենտրոն օրթոպեդի խորհրդատվության: Բժիշկ Վահե Յավրյանն ու բժիշկ Գևորգ Ջահանգիրյանը ինձ խորհուրդ տվեցին վիրահատություն, որպեսզի հետո շարունակեմ իմ վերականգնողական բուժումը, որն առանց վիրահատության մի քիչ անհնար էր թվում։

Ես ուզում էի ցանկալի արդյունքի հասնեի՝ գոնե քայլակով քայլեի կամ, ինչու չէ՝ ինքնուրույն, դա իմ երազանքն էր:

Որպես Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձի՝ իմ վիրահատությունը անվճար էր, բայց քանի որ ես առաջին կարգի հաշմանդամ եմ, վիրահատությունը անվճար կազմակերպելու համար պետք էր նաև իմ հաշմանդամության թուղթը, որը թողել էինք Ղարաբաղում մեր տանը։ Դիմում գրեցի Միասնական սոցիալական ծառայություն՝ հաշմանդամության կարգս վերականգնելու համար, բայց ապարդյուն․ ինձ ասեցին, որ երկար ժամանակ կպահանջվի այն վերականգնելու համար։

Ես՝ ամեն ինչից հիասթափված, շրջափակման օրերին վիրահատությանս անհամբեր սպասող հաշմանդամ մարդս չկարողացա դիմանալ՝ չէ՞ որ ինձ վերականգնողական բուժում է պետք, իսկ առանց վիրահատության դա անհնար էր։ Դիմում գրեցի առողջապահության նախարարություն, որպեսզի իմ վիրահատության հարցը անհապաղ լուծեն։

Աստծո կամոք այդ հարցը լուծեցին, և ես 2023 թվականի դեկտեմբերի 27-ին Արաբկիր բժշկական կենտրոնում վիրահատվեցի և 5 շաբաթ ոտքերս գիպսում մնալուց հետո սկսեցի հաճախել վերականգնողական կենտրոն՝ 2024 թվականի փետրվարի 15-ից առ այսօր։

Բայց ես մի բանից եմ շատ մտահոգված․ պետությունը տարին երկու անգամ անվճար վերականգնողական բուժում է տրամադրում պետպատվերով։ Դա շատ քիչ է իմհամար, մանավանդ, որ նոր սկսել եմ ինքնուրույն մի քանի քայլ անել, և այդ արդյունքը պահպանելու և վիճակս բարելավելու համար շարունակական բուժում է հարկավոր։ Տանը հարազատներս իմ հետ միասին պարապում են, ես էլ եմ իմ վրա աշխատում, բայց դա հավասարազոր չէ վերականգնողական կենտրոն հաճախելուն:

Բացի այդ, Առողջապահության նախարարությունը 2026 թ․ հունվարի 1-ից ներդրել է առողջության համընդհանուր ապահովագրություն, և 2028 թվականից սկսած պետպատվերը կդադարի գոյություն ունենալ, քանի որ ապահովագրության փաթեթի մեջ չի ներառվում վերականգնողական բուժում։

Այս դեպքում ինչպե՞ս ենք մե՛նք՝ հաշմանդամներս անվճար վերականգնողական բուժում ստանալու:

Ես չեմ զարմանա, եթե երկու տարուց ասեն, որ հաշմանդամին վերականգնողական բուժում անհրաժեշտ չէ։

Շատ կուզենայի, որ մեր հայ բարերարները օգնեն ֆինանսական հարցում, որպեսզի շարունակեմ իմ վերականգնողական բուժման կուրսը, պահպանեմ արդեն ստացած արդյունքը և կարողանամ ինքնուրույն քայլել”:

Արսեն Աղաջանյան

Ռոման Երիցյանը մանրամասներ է ներկայացրել Արցախի “լուծարման” հրամանագրից

Դատարանն այսօր մերժել է Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի ու ՀՀ ԿԳՄՍ նախարարության։

Հիշեցնենք, որ փաստաբան Ռոման Երիցյանը Սամվել Շահրամանյանի անունից դիմել էր դատարան՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների եւ ԿԳՄՍ նախարարության՝ պահանջելով հերքել գրքում տեղ գտած զրպարտչական տեղեկությունները։

Մասնավորապես, դասագրքում տեղ է գտել այն միտքը, թե «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը ստորագրեց ԼՂՀ լուծարման մասին հրամանագիր»։

Այսօր հրավիրած ասուլիսում Ռոման Երիցյանն ասաց․ «Այո, հայցը մերժվել է, բայց ասել, որ Արցախի Հանրապետության նախագահը պարտություն է կրել այս գործով, ճիշտ չէ, որովհետեւ հակառակը, Արցախի նախագահը հասել է նրան, ինչին փաստացի ցանկացել է հասնել։ Մենք հասել ենք նրան, որ Արցախը լուծարելու մասին այսպես կոչված հրամանագիրը դատական ակտով համարվել է առ ոչինչ։ Դատարանն արձանագրել է, որ ուժի գործադրման կամ ուժի գործադրման անմիջական սպառնալիքի ազդեցության տակ որեւէ փաստաթղթի ստորագրումն ինքնին առ ոչինչ է ստորագրման պահից, ինչը բխում է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներից»։

Ռոման Երիցյանը նշեց, որ դատարանը նաեւ արձանգարել է, որ պատմության դասագրքում տեղ գտած տեղեկությունները ամբողջական չեն, եւ հայցվորի մտահոգությունները տեղին են ու իրավաչափ։ Այսինքն՝ դատարանը ԿԳՄՍ նախարարությանն այս որոշմամբ առաջարկել է տեղեկությունների ամբողջական ներմուծում դասագրքի մեջ։

Սամվել Շահրամանյանն իր ցուցմունքում ասել է, որ ռազմական գործողությունները դադարեցնելուց 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական կողմը ռազմական գործողությունները դադարեցնելուց հետո ներկայացրել է վերջնագիր՝ ԼՂՀ Ազգային ժողովի կողմից ինքնալուծարման հռչակագիր ընդունելու վերաբերյալ։ Սակայն Արցախի ղեկավարությունը խուսափել է դրանից՝ տարածելով Շահրամանյանի հայտարարությունը, որի շնորհիվ, Երիցյանի ոխսքով, հնարավոր է եղել չեզոքացնել բնակչության ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգը եւ կազմակերպել արցախցիների՝ ԼՂՀ տարածքից անվտանգ դուրս բերումը։

Երիցյանը նշեց, որ իրենք կարծում են՝ այս գործով հասել են որոշակի արդարության։

«Անգլերենի» որոշ թեստերում արձանագրվել է խոտան․ մարտի 1-ին՝ նոր քննություն

2026 թվականի հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Հաշվի առնելով, որ քննասենյակներում ստեղծված իրավիճակը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ դիմորդների քննական արդյունքի վրա, Գնահատման և թեստավորման կենտրոնը 2026 թվականի մարտի 1-ին կկազմակերպի «Անգլերեն» առարկայի նոր քննություն:

Քննությանը մասնակցած բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննությանը՝ անկախ իրենց թեստի տարբերակից. կպահպանվի բարձր միավորը:

Այն դիմորդները, որոնք ընդունում են իրենց քննական արդյունքը, կարող են պահպանել այն՝ չմասնակցելով նոր քննությանը:

Հայտագրման գործընթացի հետ կապված կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հնդկաստանի ԶՈւ-ն պատրաստակամ է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկայիս մակարդակը՝ կարևորելով փոխգործակցության ծրագրերի կանոնավոր իրականացումը:

Գեներալ Չաուհանը հայտնել է Հնդկաստանի զինված ուժերի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցության զարգացումն առկա ուղղություններով և նախաձեռնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Ադրբեջանը «օկուպացնում է» Նախիջևանը. Կարսի պայմանագիրը չեղարկվե՞ց

Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրությունից հեռացվում են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը։

«Փոփոխության ենթարկվող նախաբանում նշված էր, որ Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրվել են 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով, որոնք այսօր էլ շարունակում են ուժի մեջ մնալ», – հաղորդում է APA-ն:

Նորացված տարբերակում, ըստ գործակալության, միայն նշված է, որ «Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն է»։

Ադրբեջանը վճռական քայլ է կատարել Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի իրավական մասնատման ուղղությամբ՝ կասկածի տակ դնելով Առաջին համաշխարհային պատերազմից հետո 100 տարի առաջ ստեղծված տարածքային-վարչական բաժանման մատրիցը։ Բաքուն չէր կարող ինքնուրույն ձեռնարկել այս մատրիցայի ոչնչացումը՝ առանց Կարսի և Լոզանի պայմանագրերի ստորագրողների երաշխիքների։ Եւ որն ավելի կարևոր է՝ առանց Հայաստանի։

Հայաստանը եղել և մնում է միակ տուժողը և պատասխանողը՝ Նախիջևանը պաշտոնապես «անեքսիայի» ենթարկելու Ադրբեջանի փորձերին։ Նախիջևանը հայկական տարածք է, որը ժամանակավորապես փոխանցվել է Ադրբեջանի պրոտեկտորատին՝ սահմանափակ իրավունքներով՝ 1921 թվականի ռուս-թուրքական անօրինական Մոսկվայի և Կարսի պայմանագրերով։ Նախիջևանն ունի իր սեփական սահմանադրությունը, և Կարսի պայմանագրի համաձայն՝ Բաքուն իրավունք չունի այնտեղ օտարերկրյա զորքեր տեղակայել։

Վերջին տարիներին Բաքուն աստիճանաբար ներխուժում է Նախիջևան՝ չհանդիպելով Հայաստանի դիմադրությանը։ Բաքուն Նախիջևանում տեղակայել է մի ամբողջ բանակ և զորավարժություններ է անցկացնում Թուրքիայի հետ, ինչը խստիվ արգելված է Կարսի պայմանագրով։ Ալիևը փոխեց Նախիջևանի կառավարությունը և նշանակեց իր սեփական հովանավորյալին։

Սակայն, եթե Նախիջևանի Սահմանադրությունից հանվում է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումը, դա նշանակում է, որ այդ պայմանագրերն այլևս չեն գործում։ Իսկ եթե Կարսի պայմանագիրը այլևս ուժի մեջ չէ, ապա ինչո՞ւ են Կարսը, Սուրմալուն, Արդահանը և Արարատ լեռը դեռևս գտնվում հայ-թուրքական սահմանի մյուս կողմում։

Նախիջևանի վերաբերյալ Կարսի պայմանագրի պայմանները փոխելու ցանկացած փորձ՝ առանց պայմանագիրը չեղյալ համարելու, մինչև վերջին տարիները հանդիպել է Հայաստանի կուռ դիմադրությանը։ Այս օրինական դիմադրությունը հնարավոր չէ հաղթահարել որևէ ուժով կամ օկուպացիայով։ Կար միայն մեկ տարբերակ, և այն հաջողությամբ իրականացվեց՝ ստիպել Հայաստանի իշխանություններին հրաժարվել իրենց ազգային իրավունքներից և «կամավոր» սահմանափակվել Խորհրդային Հայաստանի վարչական սահմաններով։

Ահա թե ինչու հանկարծ հիշվեց Ալմա-Աթայի հռչակագիրը և կոնսենսուս առաջացավ, որի շրջանականերում  ո՛չ Հայաստանի իշխանությունները, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Եվրոպան, ո՛չ էլ Միացյալ Նահանգները չեն հիշատակում Կարսի պայմանագիրը։

Առանց 2022 թվականի հոկտեմբերի Պրահայի փաստաթղթի, միջազգային հանրությունը ստիպված կլիներ կամ ընդունել Կարսի պայմանագիրը որպես տարածաշրջանի ապագա բաժանման հիմք (բայց Արցախը այս պայմանագրում չէր հիշատակվում, ուստի նրա ինքնորոշման խախտման հարցը դա չէր լուծի), կամ ճանաչել «խորհրդային սահմանները»՝ առանց Կարսի պայմանագրի հիշատակման։ Ընտրվեց երկրորդ տարբերակը, հատկապես որ հայկական կողմը չառարկեց և այժմ ուրախությամբ, թմբուկների ձայների ներքո, հրաժարվում է ազգային իրավունքներից։

Չնայած Ալիևը, ինչպես մի շարք այլ առաջնորդներ, մեծ-մեծ խոսում է ուժի իրավունքի մասին, պարզ է, որ առանց իրավական ձևակերպման ցանկացած նվաճում կկոչվի օկուպացիա և միջազգային իրավական մատրիցայի խախտում։

Ահա թե ինչու է Բաքուն որոշել Նախիջևանի Սահմանադրությունից հանել Կարսի պայմանագիրը և պահանջում է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանցի ՀՀ և Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի բանաձևի հղումը և Հայոց ցեղասպանության հետևանքների մասին կետը։

Բաքվի բոլոր նվաճումները կարող են փլուզվել, եթե Հայաստանը պահանջի միջազգային իրավունքին վերադառնալ և պնդի իր օրինական ազգային իրավունքները։ Թրամփի կողմից հայ-իրանական սահմանի և տարածաշրջանային քարտեզի ամենակարևոր կետի իր անունով անվանակոչումը երաշխիք է՝ Հայաստանի կողմից իր իրավունքների պնդման անվտանգության համար։

Արդյո՞ք հայկական վերնախավն ունի բավական ֆաբերժե՝ Նախիջևանի ձիով Ալիևի հուսահատ քայլին պատասխանելու Ղարաբաղյան ձիով։

Էպշտեյնի նոր ֆայլերում Պուտինի անունը հիշատակվում է ավելի քան 1000 անգամ

Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի մահից տարիներ անց, ում մեղադրում էին սեռական շահագործման համար երեխաների վաճառքի մեջ, ԱՄՆ իշխանությունները շարունակում են հրապարակել նրա գործի նյութերը: ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից հրապարակված՝ ՀԴԲ փաստաթղթերի նոր փաթեթը պարունակում է ֆինանսիստի և Վլադիմիր Պուտինի հնարավոր կապերի մասին մեղադրանքներ:

Այս փաստաթղթերում Էպշտեյնը հիշատակվում է որպես Պուտինի «կառավարիչ տնօրեն»:

Հրապարակված փաթեթի համաձայն, գործակալության տվյալներով՝ փաստաթղթերում Պուտինը հիշատակվում է 1055 անգամ, իսկ «Ռուսաստան» բառը՝ 5876 անգամ:

Փաստաթղթերը պարունակում են նաև էլեկտրոնային նամակագրություն, որը ցույց է տալիս, որ Էպշտեյնը քննարկել է Պուտինի կամ նրա շրջապատի հետ անձնական հանդիպումների հնարավորությունը: 2011 թվականի օգոստոսին Էպշտեյնը ԱՄԷ-ից մի գործարարի տեղեկացրել է Պուտինի ԱՄՆ հնարավոր այցի մասին և հավելել, որ նախընտրում է այնտեղ հանդիպել նրա հետ:

Նյութերում նաև նշվում է ամերիկացի ֆինանսիստի նամակագրությունը Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: 2014 թվականի հունվարին Յագլանդի հետ զրույցում նա խնդրել է նրան բացատրել Պուտինին «Բիթքոյնի ավելի առաջադեմ տարբերակի» անհրաժեշտությունը։

Էփշթեյնը նաև ցանկություն է հայտնել հանդիպել Պուտինի հետ 2018 թվականի հունիսին և չի բացառել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների հնարավորությունը։

Դատարանը մերժել է Շահրամանյանի հայցն «Հայաստանի պատմություն» դասագրքի գործով

Դատարանը մերժել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության։
Նշենք, որ Սամվել Շահրամանյանը պահանջում էր «Հայաստանի պատմություն» առարկայի 9-րդ դասարանի դասագրքից հանել տեղեկությունն այն մասին, թե ինքը, որպես նախագահ, ստորագրել է ԼՂ լուծարման մասին հրամանագիրը։ Փաստաբան Ռոման Երիցյանն Արցախի նախկին նախագահի անունից դատարան դիմել է 2025 թվականի սեպտեմբերին։
Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աշոտ Հովհաննիսյանի, մերժել է հայցը։
Հիշեցնենք, որ դասագրքում կա «ԼՂ հայաթափումը» ենթավերնագիր, որտեղ արտացոլված է տեղեկություն, թե ԼՂՀ նախագահը ստորագրել է ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր։
Փաստաբան Ռոման Երիցյանը Sputnik Արմենիային ներկայացրեց հայցը մերժելու դատարանի ներկայացրած հիմնավորումը։ Ըստ վճռի՝ դատարանը դիմումում հայցվորի (Սամվել Շահրամանյանի) պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու փաստը չի հիմնավորվում։
«Դատարանը նման եզրահանգման է եկել, քանի որ հայցվորի փաստարկները վերաբերելի են բացառապես դպրոցական դասագրքերում տեղ գտած ուսումնական նյութի ամբողջական շարադրման հետ կապված թերություններին։ Դատարանի գնահատմամբ հայցվոր կողմի պնդումների՝ հիմնավոր համարելու պայմաններում նույնիսկ դրանք չեն կարող դրվել սույն հայցապահանջի բավարարման հիմքում։ Ուժի գործադրման կամ դրա գործադրման անմիջական սպառնալիքի ազդեցության ներքո որևէ փաստաթղթի ստորագրումն ինքնին որևէ իրավական ուժով օժտված լինել չի կարող և առոչնինչ է ստորագրման պահից, ինչը բխում է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներից»,- ասված է դատարանի վճռում։
«Ուստի անգամ հրամանագրի ընդունման փաստի՝ իրականությանը չհամապատասխանելու դեպքում դատարանը ողջամիտ չի համարում հայցվորին նման արարքի վերագրումը դիտարկել որպես վերջինիս՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորող վարքագծի վերաբերյալ զրպարտող տեղեկատվության հրապարակում»,- նշվում է վճռում։

Արցախի ներկայացուցչության շենքը հետ վերցնելու գործով դատական ակտը կհրապարակվի մայիսի 22–ին

Երևան քաղաքի Նաիրի Զարյան 17/2 հասցեում գտնվող գույքից (ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենք) Արցախի Հանրապետությանը սեփականազրկելու վերաբերյալ ՀՀ դատախազության հայցի հիման վրա քննվող գործով ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Զարիկյանը կտրականապես հրաժարվում է Արցախի Հանրապետությանը կամ ԱՀ կառավարությանը ներգրավել երրորդ անձ՝ փաստացի պատճառաբանելով, որ նրա համար Արցախի Հանրապետություն, ԼՂՀ կառավարություն գոյություն չունեն։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Սա այն դեպքում, երբ թիվ 2239396 վկայականով ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցված է ԼՂՀ կառավարության սեփականության իրավունքը Երևան քաղաքի Նաիրի Զարյան 17/2 հասցեում գտնվող գույքի նկատմամբ։

Ամփոփ ասած՝ քննվում է սեփականազրկման հարց՝ առանց գրանցված իրավատիրոջը գործով մասնակից դարձնելու։

Գործն ըստ էության լուծող դատական ակտը կհրապարակվի 2026 թվականի մայիսի 22-ին։