Արցախյան փախլավայի ու ժենգյալով հացի վարպետաց դասեր

Ապրիլի 4-ին Երևանի LOFT-ը կրկին Արցախով էր շնչում։ Այս անգամ կազմակերպվել էին արցախյան ավանդական ժենգյալով հացի ու փախլավայի վարպետաց դասեր, որոնք իրենց շուրջն էին հավաքել մի խումբ հետաքրքրասեր ու արցախյան խոհանոցը սիրող մարդկանց։

Ժենգյալով հացի վարպետաց դասն անց էր կացնում Մարինե Գաբրիելյանը, իսկ փախլավայի դասը՝ Իդա Պողոսյանը։

Իդան, ողջունելով ներկաներին, պատմեց, թե ինչպես է կյանքի կոչվել օրվա միջոցառումը

-Միացյալ Թագավորության Հայ Դատի Հանձնախումբը (ANC-UK), որը բրիտանա-հայ ամենաազդեցիկ կազմակերպությունն է, փետրվարի 8-ին ցուցադրել է ռեժիսոր Էմիլի Մկրտչյանի հանրաճանաչ «Լինում է, չի լինում» ֆիլմը։ Հավաքած գումարի մի մասը փոխանցվել է «Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն ՀԿ նախաձեռնող խմբին, որի ղեկավարն է Ելենա Սարկիսյանը։ Առանց Ելենայի մասնակցության և նախաձեռնությունների անհնարին կլիներ որևէ ծրագիր իրականացնել, ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում նրան։ Այդ գումարով որոշել ենք կազմակերպել վարպետաց դասեր․ նպատակն է արցախյան խոհանոցի սիրված ուտեստները պահպանել ու տարածել։ Ուրախությամբ նշեմ, որ այսօրվա վարպետաց դասին ներկա է նաև ֆիլմի հերոսուհիներից մեկը՝ Սոսե Բալասանյանը։ Ֆիլմում նկարվել է նաև մեր համերկրացի, մեր կենտրոնին միշտ աջակցող Սիրանուշ Սարգսյանը, ինչպես նաև Սվետլանա Պետրոսյանը և Գայանե Համբարձումյանը։

Մարինեն խոսեց «Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն ՀԿ-ի մասին

-Մենք հանդիսանում ենք ՀԿ-ի «Վերածնունդ» ծրագրի շահառուներ, որի շրջանակներում սկսել ենք փոքր բիզնես իրականացնել՝ ձեռք բերելով համապատասխան սարքավորումներ և նոր գիտելիքներ։ ՀԿ-ի հիմնադրման օրվանից շահառու եմ և բազմիցս եմ մասնակցել տարբեր փառատոնների, ցուցահանդես-վաճառքների, ինչպես նաև անց եմ կացրել վարպետաց դասեր։ Ժենգյալով հաց պատրաստելն ու սովորեցնելն ինձ համար մեծ հաճույք է, քանի որ այն տանում է ինձ Արցախ, որտեղ իմ բոլոր հիշողություններն են։ Մենք պարտավոր ենք ամենուր հնչեցնել Արցախի անունը, պահպանել արցախյան ոչ մշակութային ժառանգությունը, որպեսզի երբեք չմոռացվեն մեր համն ու հոտը, մեր քաղցրահունչ բարբառը, համի հիշողությունները։

Միջոցառման սկզբում անցկացվեց փախլավայի, ապա ժենգյալով հացի վարպետաց դասը։ Րոպեների ընթացքում տարածվեց քաղցրահամ փախլավայի ու ախորժալի ժենգյալով հացի անուշաբույրը։ Աղջիկներն իրար հերթ չտալով ժենգյալով հաց էին պատրաստում, և նրանց մոտ շատ լավ էր ստացվում, իհարկե, վարպետների օգնությամբ ու ցուցումներով։ Մինչ նրանք թխում էին, մեղրածոր փախլավան արդեն պատրաստ էր։ Միջոցառումն ուղեկցվում էր կատակներով, զավեշտալի հիշողություններով, խինդ ու ծիծաղով, իսկ արցախցի երգչուհի Լիլիթ Ավանեսյանի «Ղարաբաղցին» երգի կատարումը բազմապատկել էր ներկաների ոգևորությունը։ Վարպետաց դասերն անցան անկաշկանդ, ջերմ ու սիրառատ մթնոլորտում։ Ուշագրավ էին Սոսեի խոսքերը, երբ նա տրվել էր հաճելի հիշողություններին և հորդորում էր երբեք չկորցնել տուն վերադառնալու հույսը։ Նա հավատում է, որ նման միջոցառումներ դեռևս կլինեն Արցախում։

Միջոցառման վերջում բոլորը հավաքվեցին սեղանի շուրջը, համտեսեցին համատեղ աշխատանքի արդյունքը, շնորհակալություն հայտնեցին միջոցառման կազմակերպիչներին։ Օրն այնքան հաճելի էր, որ աղջիկները մեծ դժվարությամբ բաժանվեցին իրարից՝ ակնկալելով նոր հանդիպումներ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Իսկ Արցախում Եկեղեցու ժառանգությո՞ւնը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ հղած իր ուղերձում ընդգծել՝ Արցախյան պատերազմից տարիներ անց «տակավին տագնապներն ու մտահոգությունները չեն լքում մեր սրտերը, որ տենչում են խաղաղություն ու անվտանգություն»։

«Մեր ժողովուրդը լավագույնս գիտի արժեքը խաղաղության ու անվտանգության, որի համար ազգիս զավակները վճարել են իրենց կյանքով։ Դեռ թարմ են մեր կրած վշտերն ու վերքերը, որոնց ցավն այսօր ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդառված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ», – նշել է Գարեգին Բ-ն։

Կաթողիկոսը չի հիշատակում օկուպացված Արցախում մնացած եկեղեցիների պահպանման և հասանելիության անհրաժեշտությունը, ինչի մասին խոսել է մեկ տարի առաջ՝ Շվեյցարիայում։ Որպես Արցախուն մնացած եկեղեցիների անվերապահ սեփականատեր՝ Կաթողիկոսը կտրուկ հարց էր բարձրացրել Շվեյցարիայում, ինչը խառնել է հանցավոր կառավարությունների պլանները, որոնք “ճանաչել” են Արցախը Ադրբեջանի մաս։ Բա մեր եկեղեինե՞րը, հարցրել է Կաթողիկոսը, ի պատասխան ստանալով կատաղի հակաեկեղեցական արշավանք։

Այդ արշավը դեռ չի մարել․ ՔՊ-ն Գարեգին Բ-ի “գործից ազատելը” առանձին կետով մտցրել է իր նախընտրական ծրագրի մեջ։ Սակայն Ավստրիայում մեկամիս առաջ կայացած Եպիսկոպոսների հավաքից հետո, որի հայտարարության մեջ չկար հիշատակում Արցախում մնացած եկեղեցիների մասին, նախկինում կալանավորված գրեթե բոլոր եկեղեցականները ազատվեցին հայաստանյան բանտից։ Փաշինյանը մասնակցեց պատարագների, որտեղ հիշատակվում էր Գարեգին Բ-ի անունը, սակայն ընդհանուր առմամբ “զինադադար” կնքվեց։

Այդ զինադադարի իմաստն այն է, որ Եկեղեցին այս պահին չի պնդում Արցախում մնացած եկեղեցիների հանդեպ իր սեփականության իրավունքը, կառավարությունն էլ դադարեցնում է ակտիվ հակաեկեղեցական շարժումը։

Մինչև ընտրություններ՝ հետո կերևա։ Կամ Եկեղեցին ավելի նախանձախնդիր կպնդի Արցախում մնացած եկեղեցիների հանդեպ իր իրավունքը, կասկածի տակ դնելով “Արցախը զոհաբերենք, որ սեպտեմբերին պատերազմ չլինի” թեզը, կամ “խաղաղության կուսակցությունը” վերջնական կհաղթի Եկեղեցուն։

Ահա թե ինչու Զատիկի օրը կաթողիկոսը հորդորել է աղոթել «պատերազմի արհավիրքներից տառապող մեր եղբայրների ու քույրերի, ապօրինաբար ազատազրկվածների, անհայտ կորածների ու նրանց ընտանիքների համար», բայց չի հիշատակել Արցախի եկեղեցիները։ Ահա թե ինչու Փաշինյանը երեկ հիշել է Հռոմի Պապի հետ հանդիպումը, նրա հարցը, թե ինչու Հայաստանը հրաժարվեց Ղարաբաղյան շարժումից, և Փաշինյանի պատասխանը՝ որ մենք ուզում ենք խաղաղություն կառուցել։

Ռուսաստանը սպառնում է արտաքսել 2 միլիոն հայերի՞

Ռուսաստանը կարծում է, որ իրավունք ունի պարզել Հայաստանի ղեկավարության ծրագրերը հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում, «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին։

Ինչպես նշել է Պեսկովը, Հայաստանը և Ռուսաստանը խորը պատմական արմատներ ունեն, ուստի Երևանի քաղաքական կողմնորոշումը հետաքրքրում է Մոսկվային։

«Հայաստանը մեզ շատ մոտ երկիր է, որի հետ մենք խորը պատմական արմատներ ունենք։ Մենք այստեղ ունենք հսկայական հայկական սփյուռք՝ ավելի քան 2 միլիոն մարդ, որոնք ապրում են մեր երկրում։ Հետևաբար, Հայաստանի ղեկավարության կողմից ընտրված կողմնորոշումները մեզ համար հետաքրքրության առարկա են», – նշել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նույնպես վերջերս հիշատակել է Ռուսաստանում ապրող 2 միլիոն հայերի մասին՝ հավելելով, որ եթե ճնշում գործադրվի Հայաստանում ռուսական բիզնեսի վրա, Մոսկվան կարող է նույնը անել Ռուսաստանում հայկական բիզնեսի հետ։

Ռուսաստանում ապրող հայերի մասին հիշատակումները հնչում են տարիներ շարունակ։ Կարելի է հիշել «Ծիրանի պատերազմը», որը տեղի է ունեցել Ռուսաստանում 10 տարի առաջ՝ Արցախում ապրիլյան պատերազմի ժամանակ։ Այդ ժամանակ հայկական և ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներին կանչեցին «համապատասխան մարմիններ» և խստորեն զգուշացրին չտեղափոխել «արցախյան պատերազմը» Ռուսաստան։

Վերջին 10 տարիների ընթացքում սա իսկապես հաջողվել է, բայց հիմա իրավիճակը կարող է այլ լինել։ Ռուսաստանում ապրող հայերը պետք է զգույշ լինեն։

Թրամփը դիմել է անպարկեշտ սպառնալիքների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial-ում հրապարակել է անպարկեշտ հաղորդագրություն՝ սպառնալով ոչնչացնել իրանական էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե Հորմուզի նեղուցը չբացվի։

TruthSocial-ում Թրամփի գրառման մեջ ասվում էր. «Երեքշաբթի օրը Իրանում կլինի էլեկտրակայանի և կամուրջի օր՝ բոլորը միասին։ Սա երբեք տեղի չի ունեցել։ Բացեք [անիծյալ] նեղուցը, խելագար սրիկաներ, թե չէ կապրեք դժոխքում՝ ՊԱՐԶԱՊԵՍ ՍՊԱՍԵՔ։ Փառք Ալլահին։ Նախագահ ԴՈՆԱԼԴ Ջ. ԹՐԱՄՓ» (պահպանված է բնօրինակի ձևաչափը)։

Միևնույն ժամանակ, կիրակի օրը Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ կարծում է, որ կա «մեծ հնարավորություն» Իրանի հետ համաձայնության հասնելու երկուշաբթի օրը՝ իր ժամկետից առաջ։

«Կարծում եմ՝ վաղը լավ հնարավորություն կա, բանակցություններ են ընթանում», – ասել է նա։ «Եթե նրանք համաձայնության չգան և արագ չգան, ես մտածում եմ ամեն ինչ պայթեցնելու և նավթը վերցնելու մասին»։

Ավելի վաղ Թրամփը նոր վերջնագիր է ներկայացրել Իրանին՝ նշելով, որ Թեհրանը երկու օր ունի Հորմուզի նեղուցը արգելափակելուց հրաժարվելու համար։

«Հիշո՞ւմ եք, երբ ես Իրանին 10 օր տվեցի՝ գործարք կնքելու կամ Հորմուզի նեղուցը բացելու համար։ Ժամանակը սպառվում է՝ 48 ժամ, մինչև ամեն ինչ դժոխքի վերածվի», – գրել է Թրամփը շաբաթ օրը Truth Social-ում։

Ըստ Թրամփի հայտարարությունների՝ ներկայիս վերջնաժամկետը լրանում է երկուշաբթի գիշերը՝ Գրինվիչի ժամանակով կեսգիշերին։

Ղալիբաֆ. Նոր Ջուղայի Սուրբ Մարիամ եկեղեցում անցկացվել է նահատակ Հովհաննես Սիմոնյանի հուղարկավորման կարգը

Անցյալ շաբաթ Նոր Ջուղայի Սուրբ Մարիամ եկեղեցում տեղի է ունեցել նահատակ Հովհաննես Սիմոնյանի հանդիսավոր հուղարկավորությունը. նա առաջին իրանցի քրիստոնյան է, որը նահատակվել է նախորդ ամիս հայրենական պատերազմում: Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը:

Ըստ Ղալիբաֆի, Հովհաննես Սիմոնյանը զոհվել է Սպահանի խաղաղ բնակչության նկատմամբ Իսրայելի իրականացրած դաժան ռմբակոծության հետևանքով:

«Զատկի այս օրը խնդրում եմ ձեզ աղոթել նահատակ Հովհաննես Սիմոնյանի հոգու հանգստության համար: Թող նրա ազնիվ հոգին հավերժական անդորր գտնի Հիսուս Քրիստոսի սիրառատ գրկում: Նրա անձնազոհությունը մեր հայրենիքի պաշտպանության գործում բոլոր իրանցիների միասնության վկայությունն է»,- նշել է Իրանի խորհրդարանի խոսնակը:

Արցախը հանձնելը մահացու մեղք է. Ռուսաստանի, ԵՄ-ի և Հայաստանի իշխանությունները չեն կարողանա քավել մեղքը

Մոսկվան ցանկանում է խուսափել Ռուսաստանի վրա անհարկի հղումներից՝ երբ քննարկվում է Ղարաբաղի հարցը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Միակ բանը, որ նախագահ Պուտինը ցանկանում է, և ինչ Ռուսաստանը ցանկանում է, այն է, որ այս հարցը քննարկելիս մեզ վրա չանենք անհարկի հղումներ», – ասել է Պեսկովը «Վեստի» լրատվական գործակալության թղթակից Պավել Զարուբինին։

Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարի խոսքով՝ Ղարաբաղի պատկանելիության վերաբերյալ որոշումը կայացրել են Հայաստանի իշխանությունները։ «Ռուսաստանը բացարձակապես կապ չունի դրա հետ», – ընդգծել է Կրեմլի խոսնակը։

«Արցախի հանձնումը մահացու մեղք է, որի համար հատուցումը դեռ երկար կզգան հանցագործությունը կատարածները։ Այս հանցագործության մեղսակիցները հասկանում են իրենց կատարած սակրալ մեղքը և փորձում են խուսափել պատժից»։

Ապրիլի 1-ին Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից 2022 թվականին Պրահայում Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո ՀԱՊԿ-ի միջամտությունը այս գործընթացին անտեղի կլիներ, քանի որ այն ստացել է ներքին ադրբեջանական երանգ։ Փաշինյանը պատասխանել է, որ Երևանը Ղարաբաղը Ադրբեջանի մաս է ճանաչել միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը «երկու անգամ հրապարակայնորեն հայտարարել է դա»։

Ակնհայտ է, որ Ղարաբաղի հանձնումը հանցավոր դավադրություն էր Ռուսաստանի, ԵՄ-ի, Հայաստանի կառավարության և այլոց միջև, ովքեր «լուծեցին» հարցը Ադրբեջանի օգտին՝ որպես ավելի լայն գլոբալ բանակցային աուկցիոնի լոտ։

Այս որոշման համար իրավական հիմք չկա, այդ իսկ պատճառով մեղավորները մեջբերում են ոչ թե միջազգային իրավական ակտերը, այլ միմյանց կողմից արված հայտարարությունները. Փաշինյանը մեջբերում է Պուտինին, իսկ Պուտինը՝ Փաշինյանին, Շառլ Միշելին և Մակրոնին։

2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Փաշինյանը, Շառլ Միշելը և Մակրոնը «արդարացրին» իրենց հրաժարումը Արցախից՝ հղում անելով «խորհրդային սահմաններին»։ Պուտինը չի կարող հղում անել «խորհրդային սահմանների» անձեռնմխելիությանը, քանի որ նա 2014 թվականից ի վեր Ուկրաինայում բռնի կերպով ոչնչացնում է այդ սահմանները։ Հետևաբար, նա չի հարգում խորհրդային սահմանները և ճանաչել է Ղարաբաղը որպես «Ադրբեջանի» մաս պարզապես այն պատճառով, որ որոշել է զոհաբերել հայկական իրավունքների ևս մեկ մասը՝ ի շահ ռուս-թուրքական դավադրության։

Երկու ու կես տարի անց՝ Արցախի լիակատար օկուպացիայից և բնիկ հայ բնակչության տեղահանությունից, և այն բանից հետո, երբ բոլորը «ճանաչեցին» Արցախը որպես Ադրբեջանի մաս, այս հարցը ոչ միայն մնում է միջազգային օրակարգում, այլև նոր արդիականություն է ձեռք բերում ԱՄՆ-Իրան պատերազմի լույսի ներքո։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մշտապես վրդովմունք է հայտնում, որ Ղարաբաղի հարցը այդպես էլ չի մոռացվել՝ այն անվանելով «Ադրբեջանի ներքին գործ»։ Սակայն Բաքուն երբեք չի ներկայացրել որևէ փաստաթուղթ, որը ցույց է տալիս Արցախի պատկանելությունը Ադրբեջանին։

«Մեր դիրքորոշումը Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը քաղաքական շահարկումների համար օգտագործելու անթույլատրելիության վերաբերյալ, ինչպես նաև մեր սպասումները նման գործողությունների դադարեցման վերաբերյալ, դիվանագիտական ​​​​ուղիներով փոխանցվել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմին, կառավարությանը և Արտաքին գործերի նախարարությանը։ Չնայած դրան, այս հարցը շարունակում է մնալ ռուսական կողմի պաշտոնական քաղաքական դիսկուրսում։ Այսպիսով, այսօր, «Վեստի» հեռուստաալիքին տված հարցազրույցում, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով հայ-ռուսական հարաբերությունները, կրկին անդրադարձավ այն հարցին, թե ով՝ Ռուսաստանը, թե՞ Հայաստան է ավելի վաղ ճանաչելէ Ղարաբաղի շրջանը որպես Ադրբեջանի մաս։

Այն փաստը, որ Ղարաբաղյան շրջանը Ադրբեջանի անբաժանելի մասն է, հիմնված է ոչ թե որևէ պետության որոշումների, այլ պատմության, միջազգային իրավունքի և արդարադատության սկզբունքների վրա։ Սա ևս մեկ անգամ հաստատվեց և վերջնականապես ամրապնդվեց 2020 թվականի 44-օրյա Հայրենական պատերազմով, ինչպես նաև 2023 թվականի մեկօրյա հակաահաբեկչական գործողություններով», – ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Այսպիսով, Բաքուն հաստատում է, որ 2020-2023 թվականների ահաբեկչական գործողություններից, ցեղասպանությունից և տեղահանությունից բացի Արցախին տնօրինելու որևէ հիմք չկա։ Հայաստանի կառավարությունը ևս որևէ փաստարկ չի բերում Արցախը «մոռանալու» համար, բացի սպառնալիքից, որ հակառակ դեպքում պատերազմ կսկսվի սեպտեմբերին։

Սա նշանակում է, որ Արցախյան հարցը փակված չէ. դրա հանձնման մեղքը դեռևս կախված է բոլոր հանցակիցների վրա, և նրանք չեն կարող քավել այդ մեղքը։

ՔՊ-ի նախընտրական ծրագրում «ազգային» բառը հիշատակվում է ընդամենը երեք անգամ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսօր հրապարակված նախընտրական ծրագրում «ազգային» բառը հանդիպում է ընդամենը երեք անգամ՝ «Ազգային ժողով», «ազգային մարզադաշտ» և «ազգային ստանդարտներ»։

Ահա այն ամենը, ինչը պետք է իմանալ ծրագրի մասին, որտեղ շեշտը դրվում է «պետական» բառի վրա։

Մինչ օրս «ազգայինը» գաղափարախոսության մեջ սերտորեն կապված է եղել «պետական» հասկացության հետ, և դրանք լրացնում էին միմյանց, այլ ոչ թե բացառում։ Հայաստանը ազգային պետություն է, հայերի երկիր։ Եթե գաղափարախոսությունից հանեք «ազգային» բառը, լիովին պարզ չէ, թե ում պետությունն է Հայաստանը։

Օրինակ, երբ խրախուսվում է Հարավարևելյան Ասիայից մարդկանց վերաբնակեցումը Հայաստան՝ ժողովրդագրական պատկերը «բարելավելու» համար, բայց ամեն ինչ արվում է, որպեսզի Արցախից արտաքսված 150,000 հայեր արտագաղթեն Հայաստանից, սա ոչ ազգային պետության նշան է։

ՀՀԿ-ն, որն իր գաղափարախոսությունը հիմնում է Նժդեհի ցեղակրոն ուսմունքի վրա, չի մասնակցի ընտրություններին։

Ազգային ժողովրդավարական բևեռը, որն իրեն ներկայացնում է որպես ազգային կուսակցություն, հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին։

Խորհրդարան մտնելու հնարավորություն ունեցող հիմնական ընդդիմադիր կուսակցությունները չեն քարոզում հստակ ազգայնական գաղափարախոսություն։

Մեր տարածաշրջանի երկրներում ազգայնական և ազգային պետությունների կայացման կատաղի միտումների և Արևմուտքում հակամիգրանտային շարժման ֆոնին, Հայաստանի «ապազգայնացումն» անհեթեթություն է։

Արցախից բռնի տեղահանվածների նկատմամբ ատելության խոսքը անթույլատրելի է. հայտարարություն

Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը խորապես մտահոգված է Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում արձանագրվող այն վտանգավոր միտումներով, որոնք առնչվում են Արցախից բռնի տեղահանված անձանց նկատմամբ՝ խտրական խոսույթի, անհանդուրժողականության և ատելության խոսքի դրսևորումներին։ Առավել մտահոգիչ է, որ նմանատիպ արտահայտություններ և մոտեցումներ հանդիպում են նաև հանրային խոսքում, այդ թվում՝ տարբեր պաշտոնատար անձանց կողմից, ինչը կարող է նպաստել հասարակական լարվածության և սոցիալական բևեռացման խորացմանը։ Այս մասին ասված է Ասոցիացիայի տարածած հայտարարության մեջ։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Վերջին օրերին լայն հանրային արձագանք ստացած՝ Երևանի մետրոպոլիտենում ՀՀ վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը լրացուցիչ ընդգծում է վերոնշյալ մտահոգությունները։ Համացանցում տարածված տեսանյութում արձանագրված հաղորդակցությունը, ներառյալ՝ Արցախից բռնի տեղահանված անձի հետ լարված տոնով փոխգործակցությունը և նրա երեխայի ներկայությամբ ձևավորված իրավիճակը, հիմք են տալիս բարձրացնելու պաշտոնատար անձանց վարքագծի համապատասխանության, հանրային խոսույթի սահմանների, ինչպես նաև խոցելի խմբերի նկատմամբ հարգալից վերաբերմունքի ապահովման հարցերը։ Չնայած միջադեպի առնչությամբ վարչապետի հետագա ներողությանը, այն ուղեկցվել է նաև առցանց տիրույթում բացասական, այդ թվում՝ թշնամական արտահայտությունների ակտիվացմամբ, ինչը կարող է նպաստել սոցիալական լարվածության խորացմանը։

Նման երևույթները ոչ միայն խախտում են մարդու հիմնարար իրավունքներն ու արժանապատվությունը, այլև հակասում են Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

Հատուկ մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ պետական մարմինների կողմից հաճախ չեն ձեռնարկվում բավարար և արդյունավետ քայլեր նման դրսևորումները կանխարգելելու և հաղթահարելու ուղղությամբ։ Ավելին, որոշ դեպքերի ժամանակ արձանագրված իրավիճակները կարող են ընկալվել որպես ատելության խոսքի հանդուրժում կամ անուղղակի խրախուսում, ինչը կարող է հակասել իրավական պետության և ժողովրդավարական արժեքների հիմնարար սկզբունքներին։

Նման համատեքստում առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում այն, որ Արցախից բռնի տեղահանվածների սոցիալական և հոգեբանական խոցելիությունը մեծապես պայմանավորված է բռնի տեղահանությամբ և նպատակային էթնիկ գործողություններով։ Դրանց հետևանքներն ընդգրկում են տարիների ընթացքում արձանագրված սպառնալիքները և ճնշումները, մարդասիրական ճգնաժամը, զինված հակամարտությունները և զանգվածային տեղահանությունը, ինչպես նաև մշակութային ու պատմական ժառանգության շարունակական կորուստը։  Այս ամենի հաշվառմամբ՝ փաստում ենք, որ բռնի տեղահանված և նմանօրինակ ծանր փորձություններ վերապրած անձանց թիրախավորումը ատելության խոսքի, խտրականության և սոցիալական մեկուսացման միջոցով հանգեցնում է նրանց երկրորդային վիկտիմիզացիայի (secondary victimization)։ Սա ոչ միայն խորացնում է տուժածների սոցիալական ու հոգեբանական խոցելիությունը, այլև ուղղակի սպառնալիք է իրավունքի գերակայության և հասարակական համերաշխության սկզբունքներին։

Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը կոչ է անում.

ՀՀ պետական մարմիններին՝

Ձեռնարկել անհապաղ քայլեր ատելության խոսքի և խտրականության կանխման ուղղությամբ։

Ապահովել հստակ իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմներ տեղահանվածների պաշտպանության համար։

Ցուցաբերել զսպվածություն և բացառել անհանդուրժողականություն հրահրող ցանկացած հանրային խոսք։

Մարդու իրավունքների ազգային և միջազգային կառույցներին՝

Իրականացնել շարունակական մշտադիտարկում և տալ օբյեկտիվ գնահատականներ։

Նպաստել սոցիալական ներառման և համերաշխության արդյունավետ մեխանիզմների ներդրմանը։

Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ուղղված բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության, սոցիալական ներառման և հասարակական համերաշխության ամրապնդման ապահովմանը։

Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանց․

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ

«Հարմոնիա» ՀԿ

«Կումայրի» արցախահայերի ՀԿ

«Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ

«Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ

«Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն ՀԿ

«Հայը կա» սոցիալական, անվտանգային և զարգացման ՀԿ

«Լուսաստղ» ՀԿ

Թրամփը հայտարարել է, որ Իրանն ունի 48 ժամ՝ համաձայնագիր կնքելու համար, հակառակ դեպքում «դժոխք» է սպասվում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Իրանն ունի 48 ժամ՝ կարևորագույն նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ համաձայնության գալու համար, հակառակ դեպքում կհայտնվի «դժոխքում»։

«Հիշո՞ւմ եք, երբ ես Իրանին տասը օր տվեցի գործարք կնքելու կամ Հորմուզի նեղուցը բացելու համար»,-սոցցանցում գրել է Թրամփը՝ անդրադառնալով մարտի 26-ին իր կողմից տրված վերջնագրին։

«Ժամանակը սպառվում է. 48 ժամ է մնացել, մինչև ամբողջ դժոխքը կտիրի նրանց վրա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Դրվագ հայ-չինական քաղաքակրթական հարաբերություններից

Առավոտյան Երեւանш Կենտրունում ապրող երկու թոշակառու ծխելով ճեմում են, մեկը պատմում է, թե հարևանը տունը վարձով տվել է մի չինացու ու հիմա դժգոհ է։ Ասում է՝ կեղտոտ, անտաշ ազզ են, չեն կարողանում նորմալ տունը պահել։

Հետո երկուսով հանգցնում են ծխախոտը մոտակա ծառի վրա, մնացորդները նետում են ուղիղ փողոցի խոտածածկույթի վրա, նրանցից մեկը բարձրաձայն խնչում է մայթեզրին, և նրանք տուն են վերադառնում քաղաքակրթական պարտքը կատարած։

Լիաննա Պետրոսյանը իր մաս գործը լավ է անում

Լրացավ մեկ տարին, ինչ գործում է իմ կողմից հիմնադրված՝ Արցախցիների աջակցման տեղեկատվական, խորհրդատվական կենտրոնը, գրում է հասարակական գործիչ Lianna Petrosyan-ը։

Այս մեկ տարվա ընթացքում այն դարձել է հարթակ, որտեղ մարդիկ դիմում են ոչ միայն պատասխաններ ստանալու, այլ նաև՝ որպես վստահելի գործընկեր իրենց հարցերի ու խնդիրների ճանապարհին միայնակ չմնալու համար։

Անցնող ժամանակահատվածում Կենտրոնի փոքրաթիվ անձնակազմն աշխատել է գերծանրաբեռնված, ուժերի գերլարմամբ՝ օրական երբեմն սպասարկելով մինչև 700 զանգ. տարեկան ֆիքսված և փաստագրված զանգեր՝ 45864, էլեկտրոնային նամակներ և հաղորդագրություններ՝ 45066, ինչպես նաև՝ հարյուրավոր որոշումների ու օրենքների ուսումնասիրություն և վերլուծություն, նամակ – առաջարկությունների կազմում, մի քանի տասնյակ հանդիպում-քննարկումներ՝ ՀՀ պետական, միջազգային, դիվանագիտական, հասարակական կառույցների ղեկավար կազմի, ներկայացուցիչների հետ, որի ընթացքում բարձրաձայնվել և ներկայացվել են տեղահանված մեր հայրենակիցների հիմնարար հարցերը, խնդիրները և առաջարկները, գրում է Լիաննա Պետրոսյանը։

Ինչպես քանիցս նշել եմ՝ այս շրջափուլում մենք մեր աշխատանքների հիմքում դրել ենք բացառապես հասարակական գործունեություն՝ բացառելով քաղաքականը, քանզի մեր միակ նպատակը եղել է միմիայն մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները մեղմելը և հարցերի մասին բարձրաձայնելը, որի արդյունքում էլ մեր խոսքն առնվազն դարձավ լսելի տեղական և միջազգային մեր գործընկերների համար, գրել է նա։

Լիաննա Պետրոսյանի կազմակերպությունը իսկապես մեծ և կարևոր աջակցություն է արցախցիների համար, ովքեր տարիների մաքառումներից հետո հայտնվել են դեմ առ դեմ փախստականների համար անհասկանալի, անդեմ, երբեմն անթափանց և անտարբեր, ոչ բարյացակամ սոցիալական աջակցության համակարգի առջև: Կառավարության էլեկտրոնային համակարգերի միտումնավոր կամ ոչ միտումնավոր սխալները դառնում են ամբողջ ընտանիքների ճակատագիրը որոշող գործոններ: Շատերը հանձնվում են, և այս իրավիճակում ճիշտ խորհուրդը կամ ճիշտ ռեսուրսին ուղղորդումը կարող է փրկարար լինել:  Այդ առումով Լիաննա Պետրոսյանը և այլոք մեծ աշխատանք են կատարում։   

Խնդիրն սակայն այն է, որ Հայաստանի կառավարությունը սահմանափակում է իր շփումները արցախցիների հետ բացառապես սոցիալական և մարդասիրական հարցերով՝ կտրականապես հրաժարվելով քննարկել իրավական և քաղաքական հարցեր, որոնց մի օր պատասխաններ պետք է տրվեն։ Առանց այդ պատասխանների սոցիալական օգնությունը մնում է ժամանակավոր միջոց, որը կախված է օրվա կառավարության քմահաճույքից։

ՀՀ կառավարության ներկայացուցիչների և արցախցիների խմբի միջև օրերս տեղի ունեցած տեղահանությունից հետո 2.5 տարվա ընթացքում առաջին հանդիպման ժամանակ հայտարարված միակ «լուծումը» արցախցիների համար բնակարանային վկայագրերի վճարումների 3-ից 4 միլիոն դրամի ավելացումն էր Երևանի մոտակայքում գտնվող մի քանի բնակավայրերում։ Իսկ նույն Լիաննա Պետրոսյանի առաջարկը՝ արցախցիների համար առանձին բնակավայրեր կամ շենքեր կառուցել, կտրականապես մերժվեց սոցիալական հարցերի նախարարի կողմից, ով հայտարարեց, որ արցախցիները չպետք է ապրեն կոմպակտ՝ համայնքներում։

Արցախցիներին հուզող քաղաքական և իրավական որոշումների հետ կապված հարցերը նույնիսկ չի նախատեսվել քննարկել, և հենց այս շրջանակներում են ընտրվել հանդիպման մասնակիցները։

Լիաննա Պետրոսյանը կատարում է իր բաժին աշխատանքը արցախցիների հետ, բայց մնացած մասերով պետք է զբաղվեն այլ կազմակերպություններ։

Արցախցիների ինքնակազմակերպման գործընթացը, կարծես, առաջընթաց է գրանցում, ինչի մասին վկայում է Հանրային խորհրդի ստեղծումը։

Եվրոպական Միության և միջազգային կազմակերպությունների կողմից փախստականների համար նախատեսված փոքր նախագծերի ֆինանսավորումը նույնպես կարևոր դեր է խաղում։ Այս նախագծերը թուլ են տալիս տրամադրել իրավաբանական խորհրդատվություն, կարիքների գնահատում, խնդիրների ձևակերպում և նպաստում են բիզնես կողմնորոշմանը։ Ընդհանուր առմամբ, այս նախագծերը նպատակ ունեն կապեր հաստատել Արցախի հասարակության, ՀՀ կառավարության, միջազգային և դոնոր հաստատությունների միջև։ Այս կապերը չպետք է պայմանավորված լինեն անձերով՝ ո՛չ կառավարության, ո՛չ էլ Արցախի ժողովրդի կողմից։

Ստեփանակերտը շարունակում է մնալ ադրբեջանական վանդալիզմի քաղաքականության կենտրոնում

Monument Watch

«2020-2023 թվականների պատերազմների, ցեղասպանական գործողությունների և էթնիկ զտումների հետևանքով Արցախի ողջ տարածքում բազմաթիվ հուշարձաններ են ոչնչացվել Ադրբեջանի կողմից, սակայն հատկապես կարևոր է արձանագրել, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը եղել և շարունակում է մնալ ադրբեջանական վանդալիզմի քաղաքականության կենտրոնում։

Ստեփանակերտը, որպես Արցախի պետականության, ինքնության կենտրոն վերջին տարիներին ենթարկվել և շարունակում է ենթարկվել թե՛ յուրացման, թե՛ պղծման, թե՛ իսլամացման և թե՛ ուղղակի ոչնչացման։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում ծրագրի թիմը վերջին տարիներին բազմաթիվ ուսումնասիրությունների և մշտադիտարկման գործողությունների արդյունքում պարզել է քաղաքում մի շարք հուշարձանների ոչնչացման դեպքեր։ Այս գործընթացները զերծ չեն եղել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռասայական ատելություն քարոզող հռետորաբանությունից։ Մասնավորապես՝ 2023 թվականի դեկտեմբերի 21-ին Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Ստեփանակերտ քաղաքի մարզադաշտում, հայտարարել է, որ «Խանքենդին (Ստեփանակերտը) հին ադրբեջանական շրջան է: Այս գյուղը հիմնադրվել է Ղարաբաղի խանի կողմից, իսկ դրանից հետո ադրբեջանցի ճարտարապետների և շինարարների կողմից Ադրբեջանի Հանրապետության միջոցներով ստեղծվել է խոշոր քաղաք»։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի ելույթը պարունակում է պատմական փաստերի բացահայտ կեղծումներ և աղավաղումներ և ինչպես Արցախի բազմաթիվ բնակավայրերի, այնպես էլ Ստեփանակերտ քաղաքի ինքնության և պատմության «ադրբեջանականացումը» այս երկրի վարչակարգի հայատյաց քաղաքականության մասն է:

Ինչ վերաբերում է պատմական եզակի վկայությունների ոչնչացմանը, ապա նշենք, որ ադրբեջանական կողմը քանդել է Ստեփանակերտ քաղաքի կենտրոնում գտնվող պատմական թաղամասը, որի տները կառուցվել էին 19-րդ դարավերջին և 20-րդ դարի սկզբներին։ Ոչնչացվել են նաև Հայոց ցեղասպանության և Արցախյան հերոսամարտերի հիշատակին կանգնեցված հուշարձանները: Ջնջվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 2015 թվականին կանգնեցված զանգակատուն-հուշարձանին կից պատի հայերեն գրությունը:

2025 թվականի փետրվարին ադրբեջանական կողմն էական վնասներ է հասցրել և պղծել Ստեփանակերտի հուշահամալիրի տարածքում գտնվող մի շարք շիրմաքարեր: Մասնավորապես միտումնավոր կերպով փորագրել, ջնջել են որոշ տապանաքարերի վրա պատկերված ազատամարտիկների դեմքերը՝ աչքերը, բերանը: Որոշ տապանաքարեր էլ կոտրված են:

Բացի այդ մշակվում են քաղաքում նոր մշակութային ենթակառուցվածների նախագծեր, որոնք արվում են հայկականի ոչնչացման ճանապարհով։ Մասնավորապես՝ 2025 թվականի հուլիսի 20-ին նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում անցկացվող III Գլոբալ մեդիա ֆորումի մասնակիցներին ներկայացրեց Ստեփանակերտում (Ադրբեջանի պաշտոնական անվանմամբ՝ «Խանքենդի») «Հաղթանակի թանգարան» կառուցելու ծրագիրը, որն ըստ նախագահի հայտարարության, տեղակայվելու է «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի նախկին կուսակցական կոմիտե»-ի շենքում (Արցախի Հանրապետության նախագահական նստավայր)։

2025 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության օրը, ադրբեջանական կողմը քանդեց Ստեփանակերտ քաղաքի կենտրոնում գտնվող Արցախի Արտաքին գործերի նախարարության շենքը, որը անցած դարի 50-ական թվականներին ստեղծված ճարտարապետական կառույց էր և ներառված Արցախի հանրապետության հուշարձանների ցանկում:

2024 թվականի փետրվարին ադրբեջանցիները ոչնչացրել են Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հուշաքարը, որը պատրաստել էր քանդակագործ Յուրի Սամվելյանը՝ 1996 թվականի Արցախի ամենամյա սիմպոզիումի շրջանակներում, ինչպես նաև 1960-ական թվականներին կառուցված Ստեփանակերտի Վերին զբոսայգում դեռ խորհրդային ժանակաաշրջանում կառուցված և ստեփանակերտցիների մանկության խորհրդանիշը հանդիսացող Արծվի հուշարձանը։ Ոչնչացվել է նաև Ստեփանակերտի Մարտունի փողոցում գտնվող խորհրդային պետական-քաղաքական գործիչ, մտավորական ու գրականագետ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը, որը քանդակվել էր քանդակագործ Յուրի Հովհաննիսյանի կողմից։ Ադրբեջանը ոչնչացրել է նաև Ստեփանակերտի հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում գտնվող Շառլ Ազնավուրի կիսանդրին։ 2024 թվականի փետրվարին 16-ին ադրբեջանական կողմը Ստեփանակերտ քաղաքում հեռացրել է ադմիրալ Իվան Իսակովի կիսանդրին: Քաղաքում Ադրբեջանի կողմից ոչնչացվել է հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու՝ հայտնի ռուս քանդակագործ Սալավատ Շչերբակովի կողմից պատրաստված հուշարձանը։

2023 թվականի հունվարի 10-ին Ստեփանակերտ քաղաքում՝ Արցախ թաղամասում ոչնչացվել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինևիչի կիսանդրին։ Ոչնչացման թիրախում է հայտնվել նաև ՀԽՍՀ հասարակական-քաղաքական գործիչ Ստեփան Շահումյանի արձանը։

Ստեփանակերտում արդբեջանական կողմը ոչնչացնում է նաև քաղաքի ամբողջական թաղամասեր: Դա նկատելի է Արցախի պետական համալսարանի շրջակայքում, ուր բազմաբնակարան և սեփական տները քանդվել են, իսկ համալսարանի շենքը «վերակառուցվել» և այլափոխվել է (մանրամասն տես՝ Ադրբեջանի «նոր համալսարան» ստեղծելու պատրվակի տակ քանդում և ձևախեղում է Արցախի պետական համալսարանի շենքը)։ Նկատելի է նաև քաղաքի արտաքին կերպարը, կառուցապատաման ամբողջական համալիրները փոփոխելու միտումը, ինչն արվում է քաղաքի տարբեր հատվածներում մեծածավալ ավերումներ իրականացնելով: Քանդվում է Ստեփանակերտից բռնագաղթված քաղաքացիների մասնավոր սեփականությունն ամբողջ ունեցվածքով:

Ազգային Ժողովի շենքի քանդումից հետո, 2023 թ․ հուլիսի 5-ին քանդված Ազգային ժողովի և Ազատամարտիկների միության շենքրի վայրում Իլհամ Ալիևը կատարեց վարչական նոր շենքի հիմնարկեք։

Ադրբեջանական կողմը ձեռնամուխ է եղել նաև Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկի՝ Ազատամարտիկների պողոտայի վերակառուցման աշխատանքներին: Ընդգծենք, որ ադրբեջանական ‹‹վերակառուցման›› է ենթարկվում քաղաքի երաժշտական քոլեջը, հարակից շենքերը, շինտեխնիկա է կանգնած Ստեփանակերտի երկրագիտական թանգարանի մոտ:

Ի լրումն նշենք նաև, որ ադրբեջանական կողմը գետնին է տապալել նաև Ստեփանակերտի մերձակայքում՝ Դաշուշեն գյուղի մոտակայքում գտնվող բլուրներից մեկի վրա գտնվող 50 մետրանոց լուսատու խաչը։

Վերջերս Ստեփանակերտի ոչնչացումներ տվյալները համալրվեցին նաև Արցախի մշակույթի և զբոսաշրջության կենտրոնի կողմից արված Google Earth-ի արբամյակային թարմացումների տվյալներով․ մասնավորապես, ոչնչացվել են Հայրենական Մեծ պատերազմի հերոսներ՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանի, օդաչու Նելսոն Ստեփանյանի արձանները, մշակույթի գործիչներ՝ Հենրիխ Բարխուդարյանի, Հովհաննես Թումանյանի, Խաչատուր Աբովյանի, Վահրամ Փափազյանի, իրավապաշտպան՝ Անդրեյ Սախարովի հուշարձանները, ազատագրական շարժման մասնակիցներ և հայրենիքի պաշտպաններ՝ Քրիստափոր Իվանյանի, Յուրի Պողոսյանի, Ալեքսանդր Ծատուրյանի հուշարձանները https://www.facebook.com/share/p/15u82qZ3xK/։

Մեր արձագանքը

Ստեփանակերտի հուշարձանների նկատմամբ Ադրբեջանի գործողությունները հակասում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1972թ. «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 4-րդ և 5-րդ հոդվածներին։ Ըստ այդմ՝ յուրաքանչյուր պետություն պարտավոր է ճանաչել, պաշտպանել և պահպանել իր տարածքում գտնվող մշակութային ժառանգությունը հետագա սերունդների համար: Ժառանգության դիտավորյալ ոչնչացումը կամ դրա պահպանման համար անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելը պետության միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում է։

Քաղաքի մշակութային շերտերի յուրացման և սեփականաշնորհման փորձերը խախտում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970թ. «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու ուղղված միջոցառումների մասին» կոնվենցիան։ Մասնավորապես, կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն՝ օկուպացնող կողմից մշակութային արժեքների սեփականության իրավունքի բռնի փոփոխումը համարվում է անօրինական:

Ստեփանակերտի մշակութային ժառանգության ոչնչացումը հարվածում է նաև բնակչության հոգևոր ժառանգությանը, ինչը պաշտպանվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայով։ Քաղաքի պատմական միջավայրի փոփոխությունը և «իսլամացումը» նպատակ ունեն վերացնելու այն սոցիալական և մշակութային հիշողությունը, որը կապված է այդ վայրերի հետ, ինչը հակասում է կոնվենցիայի՝ մշակութային ինքնությունը հարգելու սկզբունքին։

Ավելին, մշակութային ժառանգության թիրախավորումը խախտում է Ֆարոյի կոնվենցիայի (Մշակութային ժառանգության արժեքի մասին հասարակության համար) դրույթները։ Այս փաստաթուղթը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի մշակութային ժառանգությունից օգտվելու և դրա պահպանմանը մասնակցելու իրավունք։ Հայկական հետքի համակարգված ոչնչացումը զրկում է հայ ժողովրդին իր մշակութային իրավունքների իրացումից և դիտարկվում է որպես մարդու իրավունքների ոտնահարում:

Կոնվենցիայի առանցքային պահանջն այն է, որ մշակութային ժառանգության պահպանությունը ուղղակիորեն կապված է մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ:

Ադրբեջանը, որպես պետություն, պարտավոր է ճանաչել, որ յուրաքանչյուր ոք ունի իրավունք՝ օգտվելու մշակութային ժառանգությունից և նպաստելու դրա հարստացմանը: Կոնվենցիան շեշտում է հասարակության իրավունքը՝ մասնակից լինելու իր ժառանգության պահպանմանը: Ստեփանակերտի հայկական հուշարձանների թիրախավորումը կամ ոչնչացումը խախտում է արցախահայության՝ իրենց մշակութային կյանքին մասնակցելու հիմնարար իրավունքը:

Փաստաթուղթը պահանջում է, որ պետությունները պաշտպանեն ժառանգությունը որպես հասարակության ինքնության և պատմական հիշողության կարևորագույն տարր:

Որպես Եվրոպայի խորհրդի անդամ և կոնվենցիայի պոտենցիալ կողմ (կամ դրա սկզբունքներով առաջնորդվող պետություն), Ադրբեջանը կրում է պատասխանատվություն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում մշակութային բազմազանության հարգման և ժառանգության պահպանման համար՝ անկախ դրա էթնիկ պատկանելությունից»։