«Մենք ենք մեր սարերը» գործակալությունն ու «Սատար Արցախին» միությունն արցախահայության աջակցության ծրագրեր կիրականացնեն

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը և «Սատար Արցախին» միությունը հուլիսի 15-ին ստորագրել են հուշագիր, որով կողմերը պայմանավորվում են սերտորեն համագործակցել Արցախից բռնի տեղահանված բնակչության պահպանման, նրա մշակութային ինքնության պաշտպանության և Հայաստանի Հանրապետության տարածքում արցախահայության կայուն ինտեգրման շուրջ: Կազմակերպությունները համատեղ բարեգործական ծրագրեր կիրականացնեն՝ ուղղված արցախահայության աջակցությանը, նրանց կարիքների բավարարմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը:
Հուշագիրը ստորագրել են «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանը և Ֆրանսիայում գործող «Սատար Արցախին» միության նախագահ Նելլի Սերկիսյանը։
«Անչափ ուրախ եմ, որ մենք հնարավորություն ունեցանք համագործակցություն հաստատել «Սատար Արցախին» միության հետ։ Հավատում եմ, որ մեր համագործակցությունը արդյունավետ կլինի, քանի որ և’ մեր, և’ «Սատար Արցախին» միության առաքելությունն է՝ օգնել արցախահայությանն այս դժվարին իրավիճակում: Մեր կազմակերպությունը հիմնվել է բարերար Ռուբեն Վարդանյանի կողմից և շրջափակման ժամանակ կենսական նշանակության մի շարք ծրագրեր է իրականացրել Արցախում: Ուրախ ենք, որ շարունակում ենք նրա գործը»,- նշեց Գրիգորի Մարտիրոսյանը։
«Մեզ համար շատ կարևոր է այս բարդ փուլում սատար կանգնել արցախահայությանը և նրանց կողքին լինել, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել բռնի տեղահանության հետևանքով առաջացած խնդիրները: Այս համագործակցության շրջանակում մենք մեր ջանքերը կհամատեղենք՝ իրականացնելու անհրաժեշտ և օգտակար մի շարք ծրագրեր՝ հաշվի առնելով մեր հայրենակիցների կարիքները»,- ընդգծեց Նելլի Սերկիսյանը։
Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով՝ կազմակերպությունների միջև առաջին մեծ համագործակցությունը նախատեսվում է «Թևեր» վերականգնողական ծրագրի շրջանակում։
«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը հիմնադրվել է 2022 թվականին՝ Ռուբեն Վարդանյանի և նրա գործընկերների կողմից: Կազմակերպության ծրագրերն ուղղված են պաշտպանելու մարդկանց, որոնց կյանքը տուժել է հակամարտություններից:
Արցախի շրջափակման ընթացքում գործակալությունն իր ջանքերը կենտրոնացրել էր Արցախի բնակչությանը մարդասիրական օգնության, այդ թվում՝ սննդի մատակարարման, սոցիալական, առաջնային առողջապահության և այլ ոլորտներում աջակցության ցուցաբերման, ինչպես նաև կրթական, մշակութային ծրագրերի իրականացման վրա:
Կազմակերպության ներկա ծրագրերն ուղղված են Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների աջակցությանը:
«Սատար Արցախին» միությունը Ֆրանսիայում գործում է 1999 թվականից: Միության գործունեությունն ուղղված է Արցախի վտարանդի բնակչության սոցիալական, տնտեսական և քաղաքական իրավունքների պաշտպանությանը:

2 տարի 7 ամիս խափանման միջոց․ Մամիկոն Ասլանյանը ազատ կարձակվի

2 տարի 7 ամիս անազատությունից հետո քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է. դատարանի որոշմամբ նա ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը մասնակիորեն բավարարել է փաստաբանի միջնորդությունը՝ ստորագրությամբ ազատ արձակելու փոխարեն կիրառեց գրավ։

Նախկին քաղաքապետը ձերբակալվել էր 2021 թվականի դեկտեմբերին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով։ Հատկանշական է, որ ձերբակալությունից մի քանի օր առաջ նա հաղթել էր ՏԻՄ ընտրություններում։

Վանաձորի նախկին քաղաքապետը՝ մեկն է այն հարյուրավոր մարդկանցից, որոնք արդեն մի քանի տարի է զրկված են ազատությունից եւ “պատիժ են կրում” մինչեւ դատարանի որոշումը։ Ինչ կորոշի հետո դատարանը կոնկրետ գործով՝ կարեւոր չէ, չէ՞ որ այդ մարդիկ արդեն “պատժվել են”, հիմնականում՝ քաղաքական անհամաձայնության պատճառով։ Այդ մարդկանց մի մասին հետո դատարանը “արդարացնում է”՝ կա՛մ ժամկետի լրացման, կա՛մ հանցանքի բացակայության պատրվակով։ 

Արեւմտյան երկրների համար, որոնք փեշով փող են են տալիս Փաշինյանի կառավարությանը “դատական բարեփոխումների” համար, 2,5 տարուց ավել “նախադատական կալանքը” ОК է։     

Օրբանը ձեռ է առնում հայերին

Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը և Հունգարիայի Արտաքին գործերի և առևտրի նախարարության պետքարտուղար Տրիստան Ազբեջյը ստորագրել են փոխգործակցության հուշագիր։

Հունգարիայի կառավարությունը Հայկական Կարմիր խաչի ընկերությանը տրամդրել է մոտ 500 հազար եվրոյին համարժեք դրամ՝ Լոռու մարզում ջրհեղեղից տուժածներին ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին սննդով, հիգիենիկ և անկողնային պարագաներով ապահովելու համար։

Աջակցությունը կտրամադրվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 5000 և աղետից տուժած 1000 հոգու։ Պետքարտուղարի խոսքով փոխգործակցությունն ուշացած է, սակայն այս քայլը կարել է դիտարկել հետագա նոր համագործակցությունների սկիզբ։

Միայն Հունգարիան էր պակաս, որ արցախցիներին օգնի։ Այդ երկրի վարչապետ Օրբանը բառացիորեն նախորդ շաբաթ էր Շուշիում մասնակցել թյուրքական երկրների գագաթնաժողովին։ Հիմա նա բառի բուն իմաստով ձեռ է անում հայերին։ Թեկուզ՝ հայերն իրենք են իրենց ձեռ առնում՝ արցախցիների բռնի տեղահանումից եւ ցեղասպանությունից հետո Օրբանը իր հավանությունն է տվել Ալիեւի նման քայլին, իսկ չգիտես ինչի հետեւից Հունգարիա թռած ՀՀ նախագահին խոստացել 1000 արցախցի երեխայի հանգիստը կազմակերպել Բալաթոնում։ 

Պըլը Պուղի. Արցախցի հանճարեղ զվարճախոսը

Մի անգամ Մելիք Շահնազարը հարցնում է Պուղուն, թե մարդու տունը ինչի՞ց է քանդվում: –Ներսի թշնամուց,- պատասխանում է Պըլը Պուղին

Պըլը Պուղին, կամ Պել (խենթ, ծուռ) Պողոսը Արցախի այն եզակի կերպարներից է, որ արդեն երրորդ դար ապրում է յուրաքանչյուր արցախցու ընտանիքում իր զվարճախոսություններով և բարոյախրատական առակներով։ Թե՛ ուրախ և թե՛ տխուր առիթներին, Պուղին միշտ «օգնության է հասնում» իր խրատներով։

Պըլը Պուղին ծնվել է 1731 թվականին Վարանդայի Շոշ գյուղում, ապրել Ավետարանոցում։ Նրա զվարճախոսությունների ու սրամտությունների համբավը հասել էր նաև Վարանդայի Մելիք Շահնազարին ու փաստորեն սրամիտ զվարճախոսելու բացառիկ շնորհը բացել է Պուղու ճանապարհը դեպի մելիքական պալատ։ Ռամիկ Պողոսը Մելիքի մոտ ծառայելով, նրա ծառան չդարձավ, մի բացառիկ երևույթ, որ դժվար է հանդիպել մեր ժամանակներում։

Պըլը Պուղին հորինել է զվարճալի զրույցներ ու առակներ, որոնք, ժողովրդի մեջ տարածվելով, երբեմն վերափոխվել ու լրացվել են և նրա անունով բանավոր հասել մինչև մեր օրերը։ Նրա զվարճախոսությունների առանցքային կերպարը հիմնականում Մելիք Շահնազարն է։ Մելիքների ապարանքում Պըլը Պուղին եղել է ավելին, քան սովորական պալատական ծաղրածուն, նա ավելի շատ զվարճախոս – խորհրդատու էր և միշտ ներվում էր Մելիքի կողմից, եթե անգամ խստագույնս քննադատում էր նրան։

Պըլըպուղի, մեր մելիքությունում ինչքան հիմար մարդ կա՝ ցուցակը գրի, բեր

Ասում ա՝ աչքիս վրա

Մի քիչ հետո ցուցակը բերում ա՝ առաջինը մելիք Շահնազարի անունը գրած

_ Պըլըպուղի՛, շաշվել ես, էս ինչ ես գրել, բա ես հիմա՞ր եմ

_ Որ հիմար չլինես, պարսկաստանի շահին մի իշաբեռ ոսկի կտա՞ս

_ Դե դա վերադարձնելու ա

_ Որ վերադարձնի, քո անունը ջնջելու եմ, իրանը գրեմ։

 

Մելիք Շահնազար – Պըլը Պուղի հակամարտությունը կարմիր թելի պես ձգվում է զվարճապատումներում ու չնայած այդ հակամարտությանը, նրանք ժողովրդի հիշողության մեջ մնացին որպես անբաժան միասնություն։ Հատկապես հիացմունքի է արժանի ռամիկ Պողոսի տիրոջը երբեք չքծնելու  ու միշտ ճշմարտության արդարության կողմը լինելու երևույթը։

  • «– Մելի՛ք, տու մինակ միլըքութիւնը պահպանելու եըրայ ըս մտծես: Հայոց Ազգը պահպանելու յըրայ իսկի մտծես չըս» (Պըլը-Պուղի 1883):

Պուղու երգիծական ժառանգությանն առաջինն անդրադարձել է բանահավաք Գալուստ Շերմազանյանն իր 1878 թվականին Թիֆլիսում լույս տեսած 198 էջանոց «Անեկդոտներ, զվարճալի զրույցներ, համառոտ դեպքեր և առակներ` մեծ մասամբ ազգային կյանքից առած» վերնագրով ժողովածուում, որտեղ ներկայացված են շուրջ 15 միավոր առակ – զվարճապատում։

Ահա թե ինչպես է ներկայացնում առակախոսին Գ․ Շերմազանյանը․ «Պըլը Պուղին սոցիալական կերպար է` իր պարզ կենցաղավարությամբ, նրա ողջ ունեցվածքը տեղավորվում է մի խուրջինում, գրաճանաչ չլինելու հանգամանքով, սակայն նրա զվարճապատումները իրենց մեջ առաքինության ու ժողովրդական շրջահայացության դասեր են պարունակում»:

Երկրորդ համապարփակ անդրադարձը կատարել է բանահավաք Մակար Բարխուդարյանը, ով 1883 թվականին հրատարակել է Պըլը-Պուղու զվարճախոսությունների ու առակների մի ամբողջական հատորյակ՝ իր մշակումներով։ Նա Ղարաբաղի ծերունիներից գրի է առել 189 զվարճախոսություն – առակ, որով և անչափ կարևորվում է ժողովածուն, որովհետև չի բացառվում, որ գրի է առել նաեւ ղարաբաղյան այն երկարակյաց ծերունիներից, ովքեր գուցե եւ հանդիպել են Պըլը-Պուղուն, կամ ում ծնողները անձնապես ճանաչել են  նրան ու զրույցները լսել են հեղինակից։ Հետագայում նոր գրառումներ են հրատարակել այլ բանահավաքներ Ս․ Իսրայելյանը, Մ․ Գրիգորյան-Սպանդարյանը, ազգագրագետ Ա․ Ղազիյանը, գրողներ Ս․ Խանզադյանը, Հ․ Բեգլարյանը և ուրիշներ։

Հայ մեծ գրող Սերո Խանզադյանն իր գրքում Պըլը-Պուղու մեջ տեսնում է հայկական Եզոպոսին․ «…Պըլը-Պուղին մնաց իմ հոգում, իմ էության մեջ, գահ դրեց իմ անձնաշխարհի ամենանվիրական տեղում։ Ես սկսեցի շատ հաճախ վերհիշել Պըլը-Պուղու առակները, զվարճաբանությունները, որ լսել էի գրեթե օրորոցից ու հիմա՝ այս պահին էլ լսում եմ։ Մի քանի անգամ գնացի նրա ծննդավայր Հայոց Ղարաբաղ աշխարհը, համբուրեցի մեր նախնիների այն հողը, որ մեզ, շատ թանկ բաների հետ, պարգեւել է նաեւ հայկական Եզոպոս՝ Պըլը-Պուղի»։

Պըլ Պուղին մահացել է 1810 թվականին` իր կտակի համաձայն թաղվել Շոշ և Մխիթարաշեն գյուղերի միջև ընկած քարայրում, որը հետագայում կոչվել է Պուղուն Կարան։ Այստեղ 1976 թվականին կանգնեցվել է Պուղու հուշաքարը, որը կանգուն էր մինչև 2023 թվականի Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումը։

-Պուղի աշխարհի ամենալավ շենը ո՞րն է։

Պուղին նայում է Մելիքի դեմքին եւ հասկանում, որ հարցը տրվել է միայն փառասիրական մղումով, ակնկալիքով, թե Պուղին քաղցր մի պատասխանով կշոյի Մելիքի լսողությունը՝ տալով Մելիքի ծնած շենի անունը, բայց Պուղին մնում է Պուղի։

-Մելիքն ապրած կենա,- ասում է առակախոսը,- աշխարհի ամենալավ շենն ամեն մարդու համար էն է, ուր ինքը ծնվել է։

-Պուղի, ավելի կոնկրետ չե՞ս կարող ասել,- խորամանկ ժպտում է Մելիքը։

-Կասեմ, ինչո՞ւ չեմ ասի,- կարճ կապում է Պուղին,- ամենալավ շենը աշխարհիս երեսին, Շոշն է։

-Ինչո՞ւ։

-Որովհետեւ ես ծնվել եմ այնտեղ։

-Իսկ եթե ես էլ ծնվեի Շոշո՞ւմ։

-Այդ դեպքում,- «կողքին չի ընկնում» Պուղին,- նախ քո ծնվելը կլիներ պատահական, երկրորդն էլ մեր շենը կկոչվեր ոչ թե Շոշ, այլ Մըննաշոշ» («Մըննաշոշ», դա Արցախի բարբառով նշանակում է՝ մատի թարախակալած վերք)։

Եթե մեր երկիրը զերծ լիներ Մըննաշոշերից։

Արմինե Հայրապետյան

Պըլը Պուղու մատիտով ուրվանկար, հեղինակ Հրաչյա Ռուխկյան

 

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնում է Նյու Յորք

Հուլիսի 15-16-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում: Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում:

«Նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ-ի Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական սեգմենտին։

ՀՀ կառավարության անունից նախարար Միրզոյանը կներկայացնի Կայուն զարգացման օրակարգի և նպատակների ու թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող իր երրորդ կամավոր ազգային զեկույցը։

Այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ և հարակից միջոցառումներ։ Նախորդ երկու ազգային զեկույցները ներկայացվել են համապատասխանաբար 2018 թ. և 2020 թ.»,- նշված է գրառման մեջ։

Հայաստանում անցկացվում են «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները

Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։

Զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը և այլք։

Հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։ Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջույնի խոսք են հղել  ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Բարձր եմ գնահատում զորավարժության նախապատրաստական գործընթացին մասնակցած Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի, Կանզասի ազգային գվարդիայի, որը 2 տասնամյակից ավել հանդիսանում է Հայաստանի գործընկերը, ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողների, ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչների և ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմի աշխատանքը զորավարժության արդյունավետ պլանավորման գործում:

Բարձր եմ գնահատում միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում բարձրացնելուն ուղղված այս համագործակցությունը»։

ԱՄՆ-ն կարող է ապացուցել իր միասնականությունն ու առաջնորդությունը Հայկական հարցում

ԱՄՆ-ում տեղի են ունենում կարևոր գործընթացներ՝ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո նախագահ Բայդենը զանգահարել է Թրամփին, ապա ուղերձ հղել ազգին, որտեղ կոչ է արել նվազեցնել քաղաքական գործընթացների ջերմաստիճանը և միավորվել ընդհանուր շահերի շուրջ։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ Բայդենի մասին սկանդալային ելույթ է պատրաստում, սակայն այս դեպքից հետո եւս մտադիր է խոսել կոնսոլիդացիայի մասին։

ԱՄՆ-ում չափազանց անառողջ երևացող գործընթացները կարծես թե կարող են կառուցողական ուղղությամբ շարժվել: Ե՛վ Բայդենին, և՛ Թրամփին անհրաժեշտ են հաղթաթուղթեր՝ այս կառուցողական տարածքում առավելություն ստանալու համար։

Ի՞նչ կարող են նրանք առաջարկել իրենց ընտրողներին, որոնց ճնշող մեծամասնությունն ունի «առաջնային» հայրենիք։ Ներքին գործերը՝ հարկերը, առողջության ապահովագրությունը, անօրինական ներգաղթյալները, իհարկե, կարևոր են, բայց երկուսի համար էլ հաղթաթուղթը կարող է լինել միայն ամերիկյան գլոբալ առաջնորդության տեսլականը:

Բայդենն արդեն հայտարարել է, որ աշխարհակարգը կփոփվի, սակայն չի ներկայացրել, թե ինչ սկզբունքներով է կառուցվելու նոր կարգը՝ բացառությամբ ՄԱԿ-ի բարեփոխման։ Սա չափազանց կարևոր կետ է, բայց ոչ միակը։

Թրամփը, համենայնդեպս, լրատվամիջոցներում չի հայտարարել, որ նոր աշխարհակարգ է կառուցելու, թեև մշտապես քննադատում է ստեղծված կարգը։

Ի՞նչ սկզբունքների հիման վրա է գործադրվելու ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդությունը, և ի՞նչ տեղ է գրավելու Հայկական հարցը նոր աշխարհակարգ կառուցելու գործում։ Ո՛չ Բայդենը, ո՛չ Թրամփը չեն խոսում այդ մասին, սակայն այն փաստը, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում իրար հետեւից Հայաստան են ժամանում բարձրաստիճան ամերիկացի դիվանագետներ, սենատորներ, հուշում է, որ Հայկական հարցն առանցքային տեղ է զբաղեցնում։

Ամերիկացի դիվանագետները հիմնականում խոսում են այն մասին, որ Հայաստանը պետք է պոկվի Ռուսաստանից՝ դա ներկայացնելով որպես շրջադարձային կետ։ Միևնույն ժամանակ, այս հարցում նրանք «գնի հետևից չեն ընկնում»՝ Բաքուն և Անկարան հայտարարվում են տարածաշրջանի առանցքային գործոններ, 2020-2023 թվականներին ագրեսիային, Արցախի օկուպացիային և տեղահանությանը քաղաքական գնահատականներ չեն տրվում։ Դրա հետ միասին ԱՄՆ-ը չի հայտարարում, որ Արցախի հարցը լուծված է, որ սպառվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը, որ Վիլսոնի արբիտրաժային վճիռը ուժի մեջ չէ, և հրապարակային կոչ չեն անում Հայաստանին Սահմանադրությունից հանել հղումը Հայաստանի և Արցախի վերամիավորման 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը։

Սա հիմնարար որոշում է, որն ընդունվել է դեռ ԽՍՀՄ-ի ժամանակներում, սակայն խորհրդային օրենքներից վեր է: Ամերիկացի վերլուծաբանները նշում են, որ սա առաջին ինքնիշխան ազգային որոշումն էր, որը հանգեցրեց ԽՍՀՄ-ի փլուզմանը։ Ըստ այդմ, այս որոշման չեղարկումը կնշանակի նախկին գաղութների նկատմամբ Ռուսաստանի իրավունքի ճանաչում։

Հիշվում է, ռուս վերլուծաբանները գրում էին, որ 2020 թ․ պատերազմը դադարեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը սպառնաց ճանաչել Արցախը։ Ի դեպ, 2020-ի պատերազմը տեղի ունեցավ ԱՄՆ-ի նախընտրական շրջանում, և այն ժամանակվա նախագահ Թրամփն ասաց. «Տեսնենք, թե ինչ կարող են անել հայերը», մինչդեռ նոյեմբերի 3-ին ընտրված Բայդենը 2021 թվականի ապրիլին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Ներկայիս վարչակազմը տենդագին փորձում է ընտրություններից առաջ հասնել Երևանի և Բաքվի միջև «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը, որպեսզի դա օգտագործի որպես հաղթաթուղթ, բայց վերլուծաբաններն արդեն ասում են, որ ապագա աշխարհակարգը որոշելու են այն սկզբունքները, որոնցով կլուծվի Արցախի հարցը։ Այն հիմնված կլինի ուժային լուծումների՞, թե՞ սիներգիայի վրա։ Եվ արդյոք Միացյալ Նահանգները կօգտվե՞ն հնարավորությունից ապացուցելու համաշխարհային առաջնորդությունը  եւ աշխարհակարգ կառուցեն, որը հիմնված չի լինի ուժի իրավունքի վրա:

Նաիրա Հայրումյան

Արցախցիները հանդիպել են ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ և ներկայացրել իրենց պահանջները

Հուլիսի 9-ին ՄԱԿ-ի գրասենյակի առջև անցկացված ակցիայի 4 մասնակիցներից բաղկացած խումբը, որը պահանջում էր ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ պատմամշակութային, հոգևոր հուշարձանները և մասնավոր սեփականությունը պահպանելու համար, հանդիպել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ:
Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի գրասենյակում և տևել է մեկ ու կես ժամ Chatham House ձևաչափով, ուստի ներկայացնում ենք միայն որոշ ընդհանրացումներ:
Ակցիայի մասնակիցները բարձրացրել են հետևյալ հարցերը.
Արցախի հարցը քաղաքական և իրավական մակարդակից իջեցվել է հումանիտար մակարդակի: Արցախցիների իրավունքները պաշտպանված չեն: Հայաստանի կառավարությունը չի ներկայացնում և չի պաշտպանում արցախցիների շահերը: Արցախցիներին, որոնք ժամանակավոր կորցրել են հայրենիքը, իրենց տները, ունեցվածքը, գերեզմանոցները և ժառանգությունը Արցախում, հայտնվելով հայրենիքից դուրս, զրկում են նաև իրենց իրավունքներից՝ ինքնորոշման, պատմական տարածքում ապրելու, գույքային իրավունքներից:Այս պայմաններում ՄԱԿ-ը համարո՞ւմ է արդյոք Արցախի հարցը փակված: Եթե այո, ապա ՄԱԿ-ը համարո՞ւմ է արդյոք ռազմական ագրեսիան, ցեղասպանությունը, շրջափակումը, էթնիկ զտումները հակամարտությունը լուծելու ընդունելի մեթոդ: Եթե ոչ, ապա արդյո՞ք կազմակերպությունն ունի խնդրի լուծման տեսլական:

Ինչպե՞ս կարող է ՄԱԿ-ը Ադրբեջանին ստիպել կատարելու Հաագայի դատարանի որոշումները: Առաջինը՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը հրատապ միջոցների կիրառման մասին՝ հիմնված Հայաստանի կողմից ներկայացված հայցի վրա «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակներում, որը քննվում է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի համատեքստում: Այն պարտավորեցնում է Ադրբեջանին, ի թիվս այլ հարցերի, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության, ներառյալ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանոցների և արտեֆակտերի դեմ ուղղված վանդալիզմի և պղծման գործողությունները: Երկրորդը՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը: Այս որոշմամբ դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել սեպտեմբերի 19-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից մեկնած անձանց անարգել և անվտանգ մուտքը կամ ելքը: Միջազգային դատարանը նաև պարտավորեցրել է Ադրբեջանին պահպանել և չոչնչացնել Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները և սեփականությունը հաստատող փաստաթղթերը: Մենք պահանջում ենք ՄԱԿ-ից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ պահպանելու մեր մասնավոր սեփականությունը և հոգևոր-մշակութային ժառանգությունը մինչև մեր վերադարձը:

Մանրամասն՝ նկարների եւ այլ նյութերի միջոցով ներկայացվել են հայկական պատմամշակութային, հոգևոր ժառանգության, ինչպես նաև մասնավոր սեփականության և ամբողջական բնակավայրերի ոչնչացման օրինակներ՝ ինչը «Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրի և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածի խախտում է:

Ներկայացվել են արցախցիների վերադարձի իրավունքը՝ այնպիսի պայմաններով, որոնք համարում են ողջամիտ և միջազգային իրավունքի շրջանակներում: Այդ պայմանները շարադրված են միջազգային կառույցներին ուղղված նամակ-դիմումի մեջ, որը ստորագրել են Արցախի 215 հասարակական կազմակերպություններ և քաղաքական ուժեր:

Բարձրացվել է Բաքվում գտնվող հայ գերիների դեռևս չլուծված հարցը:

Հայտարարվել է ՄԱԿ-ի կլիմայի կոնֆերանսը (COP19) Բաքվում անցկացնելու որոշման սխալ բնույթի մասին և ասվել, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Բաքու կարող է արդարացված լինել, եթե նրանք օգտվեն առիթից, այցելեն Արցախ և պատասխանեն հարցին՝ «ինչո՞ւ Արցախում հայեր չկան»:

Բոլոր քննարկված հիմնախնդիրները գրանցվել են Ֆրանսուազ Ժակոբի կողմից, ով իր հերթին խոստացել է ներկայացնել կազմակերպության համապատասխան մարմիններին:

Newsweek․ Ադրբեջանը՝ կրոնական ազատության խախտման առաջամարտիկ

Ադրբեջանը՝ կրոնական ազատության խախտման առաջամարտիկ. պատասխանատվությունն անհրաժեշտ է | Արտակ Բեգլարյանի հոդվածը Newsweek-ում

Ամերիկյան հայտնի Newsweek հանդեսը հրապարակել է «Արցախ Միության» նախագահ Արտակ Բեգլարյանի հոդվածը, որն ամբողջությամբ ներկայացվում է ստորև:

«Ադրբեջանի լոբբիստները հաճախ մոլորեցնող կերպով գովաբանում են Ադրբեջանը որպես «կրոնական հանդուրժողականության փարոս»: Այդ խոսույթը պահանջում է շատ ավելի մանրակրկիտ քննություն, քանի որ իրականությունը փաստում է մեծապես տարբերվող եղելություն:

Վերջին տարիներին Ադրբեջանի բռնապետական ռեժիմը՝ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, ցեղասպանություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնիկ հայերի նկատմամբ, ինչպես գնահատվել է միջազգային առաջատար փորձագետների, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի և ՄԱԿ-ի ցեղասպանությունների կանխարգելման առաջին հատուկ խորհրդական Խուան Մենդեսի կողմից: Բացի բազմաթիվ հայկական ու քրիստոնեական հուշարձանների ավերածությունից, ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը հանգեցրել է մոտ 150,000 հայերի բռնի տեղահանմանը մեր հինավուրց հայրենիքից:

Ադրբեջան՝ մարդու իրավունքների դժոխք

Տարիներ շարունակ Freedom House-ը դասակարգել է Ադրբեջանը որպես «ոչ ազատ» երկիր, որն ունի քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների աշխարհի ամենավատ ցուցանիշներից մեկը՝ ինչպես ներքին խախտումների, այնպես էլ հայերի դեմ իրականացված հանցագործությունների պատճառով:

Ցեղասպանության առաջին փուլի՝ 2020թ.-ի ավարտից հետո ադրբեջանական իշխանությունները 2022թ.-ի դեկտեմբերին շրջափակման ենթարկեցին Արցախի քրիստոնյա հայերին: Ինչպես փաստում է Amnesty International-ը, շրջափակումը հանգեցրել է անհրաժեշտ մթերքների, դեղորայքի և վառելիքի խիստ պակասության՝ առաջացնելով ծանր հումանիտար ճգնաժամ:

Չնայած ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ)՝ 2023թ.-ի փետրվարի 22-ին և հուլիսի 6-ին ընդունված հրամաններին, որոնք պահանջում էին Ադրբեջանից վերացնելու շրջափակումը, Ալիևի ռեժիմը ոչ միայն շարունակեց շրջափակումը, այլև սեպտեմբերին սկսեց ագրեսիա, որը հանգեցրեց ամբողջ բնակչության բռնի տեղահանմանը: Հետագայում՝ 2023թ.-ի նոյեմբերի 17-ին ԱՄԴ-ը նոր հրաման ընդունեց, որը ճանաչեց բռնի տեղահանումը և պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձը, մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը և մի շարք այլ քայլեր:

Բացի այդ, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը (ECRI) մտահոգություն է հայտնել Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության խոսքի տարածման վերաբերյալ: ECRI-ի վերջին զեկույցն ընդգծել է ռասիզմի և անհանդուրժողականության հետ կապված ընթացիկ խնդիրները: ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն (CAT) նույնպես ահազանգել է հայերի նկատմամբ ռազմական գործողությունների ընթացքում արտադատական սպանությունների, խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին՝ ընդգծելով, որ այդ գործողությունները հաճախ կատարվում են էթնիկ ատելության հիման վրա:

Freedom House-ը բառացիորեն օրեր առաջ հրապարակել է զեկույց, որում ասվում է, որ «Ադրբեջանի փաստագրված գործողությունները համապատասխանում են էթնիկ զտման չափանիշներին, ինչպես դրանք հասկացվում են նախկին Հարավսլավիայի հակամարտության համատեքստում՝ արտադատական սպանությունների, խոշտանգումների, կամայական ձերբակալությունների և ազատազրկումների, սննդի և կենսապահովման դեղորայքի հասանելիության սահմանափակումների, հարկադրական վտարման, բնակչության բռնի տեղահանման և գույքի նպատակային ոչնչացման միջոցով»:

Քրիստոնյա հայերի կրոնական ազատությունը՝ Ադրբեջանի մարդու իրավունքների դժոխքի կրակներում

ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) վերջին զեկույցը խորհուրդ է տվել պետքարտուղարությանը դասել Ադրբեջանը որպես «հատուկ մտահոգության երկիր»՝ Աֆղանստանի, Նիգերիայի, Հյուսիսային Կորեայի և այլ երկրների շարքում: USCIRF-ը փաստագրել է կրոնի կամ հավատքի հիման վրա ձերբակալված բանտարկյալների թվի զգալի աճ, իսկ իշխանությունները հաճախ մեղադրվում են ազատազրկված անձանց խոշտանգելու մեջ: Բացի այդ, USCIRF-ն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական վայրերի ոչնչացումը, ներառյալ՝ հայկական մշակութային ժառանգության համակարգված վերացումը:

2020 թվականից ի վեր ագրեսիաների հետևանքով ավելի քան 6,000 հայկական մշակութային հուշարձաններ, այդ թվում՝ 4-րդ դարից ի վեր կառուցված ավելի քան 400 եկեղեցիներ, անցել են ադրբեջանական բռնազավթման տակ: Վանդալիզմի հարյուրավոր դեպքերի հետ մեկտեղ վերջին և ամենացավալի օրինակներից մեկը բռնազավթված Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցու ամբողջական ոչնչացումն էր, որտեղ ես պսակադրվել եմ 2017 թվականին: Վերջերս տեղի ունեցած մեկ այլ հանցագործություն էր Բերձորի Սուրբ Հարության եկեղեցու հիմնահատակ ոչնչացումը:

2021 թվականին BBC-ն հետաքննել և փաստագրել է Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու ամբողջական ավիրումը: 2020 թվականի ագրեսիայի ընթացքում Շուշիի Ղազանչեցոց տաճարը երկու անգամ թիրախավորվել է ադրբեջանական ուժերի կողմից, որը փաստագրել է նաև Human Rights Watch-ը:

2021 թվականի դեկտեմբերի 7-ի հրամանով ԱՄԴ-ը պաշտոնապես հանձնարարեց, որ Ադրբեջանը «պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգությանը վնաս հասցնող և սրբապղծող գործողությունները, այդ թվում՝ եկեղեցիներ և այլ պաշտամունքի վայրեր, հուշարձաններ, տեսարժան վայրեր, գերեզմաններ և արտեֆակտներ»: Այդ վճռից հետո Եվրոպական խորհրդարանը կոչ արեց Ադրբեջանին ամբողջությամբ իրականացնել ԱՄԴ-ի հրամանը, մասնավորապես՝ «զերծ մնալ հայերեն լեզվի ճնշումից, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումից կամ այլ կերպ պատմական հայկական մշակութային ներկայության վերացմանը միտված գործողություններից կամ այնտեղ հայերի մուտքն ու օգտվելն արգելափակելուց» և ապահովել «հայկական մշակութային և կրոնական շենքերի ու վայրերի, արտեֆակտների կամ օբյեկտների վերականգնումը կամ վերադարձը»:

2023 թվականին մեր տներից բռնի տեղահանվելուց հետո մեզնից ոչ մեկին չի թույլատրվում վերադառնալ կամ այցելել մեր եկեղեցիները և գերեզմանները: Ավելին, մեծ ցավով և անհանգստությամբ մենք հաճախ հետևում ենք արբանյակային և ադրբեջանական լուսանկարներին, որոնք ցույց են տալիս մեր եկեղեցիների, գերեզմանների, տների և այլ ժառանգության ոչնչացումը մեր բռնազավթված հինավուրց երկրում:

Չնայած այս փաստագրված հանցագործություններին, ոչ մի միջազգային առաքելություն, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, մուտք չունի Լեռնային Ղարաբաղ: Այս հանցավոր սցենարի և ողբերգությունների հետևում մենք արձանագրում ենք միջազգային հանրության խորը անբարոյականությունը, երբ իմ ժողովրդի ցեղասպանությունից անմիջապես հետո որոշվեց ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովը (COP 29) անցկացնել նավթով հարուստ, ավտորիտար և ցեղասպանական Ադրբեջանում 2024 թվականին:

Ամփոփելով՝ թեև որոշ կրոնական համայնքներ կարող են Ադրբեջանում զգալ հարաբերական և ցուցադրական ազատություն, հայ քրիստոնյաների նկատմամբ ցեղասպանության, մարդու իրավունքների և ազատությունների զանգվածային խախտումների, ինչպես նաև ներքին իրավախախտումների և բռնաճնշումների լայնածավալ ապացույցները ստեղծում են զորեղ հիմնավորումներ, թե ինչու Ադրբեջանը պետք է դասվի որպես «հատուկ մտահոգության երկիր» և պատասխանատվության ենթարկվի միջազգային հանրության կողմից: Հետևաբար, Պետքարտուղարությունը պետք է հետևի ոչ միայն Freedom House-ի խորհուրդին Միջազգային քրեական դատարան դիմելու վերաբերյալ, այլև USCIRF-ի հորդորին՝ կիրառելով պատժամիջոցներ Ադրբեջանի բռնապետական և ցեղասպանական ռեժիմի դեմ, որը ոչ թե «փարոս» է, այլ՝ մարդու իրավունքների դժոխք»:

 

Արտակ Բեգլարյանը «Արցախ Միություն» հասարակական կազմակերպության ղեկավարն է և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպանը: Նա Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի և Լոնդոնի համալսարանական քոլեջի շրջանավարտ է: Նա նաև Ադրբեջանի կողմից 2023 թվականին բռնի կերպով տեղահանվել է իր հայրենի Արցախից և ապաստան է գտել Հայաստանում:

Արցախցիների համար Տաշիրը ապրելու առումով հարմար է, միայն աշխատանք չկա

Բռնի տեղհանումը արցախահայության ուսերին ծանրացրել է ոչ միայն հայրենիք կորցնելու ցավը, այլև առաջ է բերել մի շարք սոցիալական խնդիրներ՝ տների և աշխատանքի հարցեր:

Տները համեմատաբար հասանելի են շրջաններում, սակայն մայրաքաղաքից այն կողմ այլ խնդիր է ծագում՝ աշխատանք:

Տաշիրը այն համայնքներից է, որտեղ արցախահայությունը կոմպակտ բնակեցված է: Ըստ համայնքապետարանի վերջին տվյալների, Տաշիր խոշորացված համայնքում բնակվում են արցախցիների 302 ընտանիք՝ 1174 անձ, որը մեծմասամբ իրականացվել է ի շնորհիվ «Տաշիր բարեգործական հիմնադրամ»-ի:

Աշխատանքի հարցը որոշակիորեն հնարավոր էր լուծել կանանց պարագայում: Համայնքի դպրոցների մանկավարժների թափուր հաստիքները համալրվել են արցախցի ուսուցիչներով, սակայն տղամարդկանց զբաղվածության հարցը բավականին սուր է դրված:

Տաշիրի համայնքապետարանում գտնվելու ժամանակ հանդիպեցինք արցախի բնակիչներից մեկին, ով եկել է տղայի ընտանիքը գրանցելու համար, նշելով, որ Երևանում աշխատանք չեն գտել, ստիպված եկել են իրենց մոտ, այդպես գոնե մեղմելով ծանր սոցիալական վիճակը:

Ըստ համայնքապետարանի տվյալների, առաջին մի քանի ամիսներին աշխատանքը գերծանրաբեռնված էր, հիմա արդեն արցախահայությունը որոշ չափով ինտեգրվել է և համայնքապետարանին դիմում են նույն հաճախականությամբ, ինչպես մյուս բնակիչները, իսկ որոշները նույնիս փոքրիկ բիզնեսներ են հիմնել՝ հացի փուռ, վարսավիրանոց:

Նորաշեն

Աշանի բնակիչ Հովիկ Վարդանյանը հաստատվել է Տաշիրի Նորաշեն գյուղում և ցանկանում է այստեղ մնալ, նշելով, որ գյուղի մթնոլորտը տրամադրող է, հեշտ են հարմարվել ի շնորհիվ գյուղացիների՝ «4 տղա ունեմ, 3 գնացել են Ռուսաստան աշխատելու: Այստեղ կցանկանամ տուն գնել, եթե գները նորմալ լինեն»:

Մեր հարցին, արդյո՞ք մարդիկ պատրաստվում են օգտվել բնակապահովման ծրագրերից, պատասխանը գրեթե նույնն էր՝ եթե այստեղ աշխատանք լինի…

Քրիստինա Ալավերդյան