Ալիեւը չգիտի, երբ կհամաձայնվի եւ կստորագրվի պայմանագիրը

Մոսկվայում լրագրողի հարցին՝ «ե՞րբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը», Ալիևն արձագանքել է. – «Երբ ամբողջը համաձայնեցվի»:

Հարցին էլ, թե ե՞րբ կհամաձայնեցվի, այս տարի հնարավո՞ր է, Ալիևն ուսերն է թոթվել:

Ռուս սահմանապահները հեռանում են Իրան-Հայաստան հսկիչ-սահմանային կետից

Ազատություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այսօր Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել, որ հունվարի 1-ից ռուս սահմանապահները կհեռանան հայ-իրանական սահմանի հսկիչ-սահմանային կետից

«Համաձայնություն է ձեռքբերվել նաև այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով», – նշված է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի տարածած հաղորդագրությունում։

«Քաղաքացիական պայմանագրի» փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն «Ազատության» հետ զրույցում նշեց. «Ընդհանուր սահմանի երկայնքով պետք է արձանագրել, որ թե՛ Թուրքիայի և թե՛ Իրանի հետ պետական սահմանին մինչ այս կանգնած են եղել միայն ու բացառապես Ռուսաստանի սահմանապահ զորքերը, իսկ այսուհետ ծառայությունը կիրականացվի խառը ռեժիմով, այսինքն, Ռուսաստանի սահմանապահների հետ զուգահեռ ծառայություն կտանեն նաև Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության սահմանապահ զորքերը: Սա ևս աննախադեպ երևույթ է: Իսկ անցագրային կետում էլ արդեն բացառապես Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն է»:

«Ազատության» հարցն ՝ ի՞նչ նկատի ունեն հսկիչ-անցակետ ասելով, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. – «Հսկիչ-անցագրային կետն այն հատվածն է, որտեղով անցնում են, հատում են սահմանը քաղաքացիները ու այն հատվածն է, որտեղ անձնագրերն են ստուգում, բեռներն են ստուգում»:

«Այդ կետում մինչև այս պահը միայն ռուսներն են ծառայություն իրականացնում, իսկ ամսի 1-ից արդեն կլինի միմիայն Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը, ինչպես ասացի, սահմանի պահպանության տեսանկյունից, այնտեղ արդեն խառը», – նշեց ՔՊ փոխնախագահը:

Հարցին՝ «ինչ-որ համամասնություն է գործելո՞ւ ռուսների, հայերի մասնակցությամբ, Ալեքսանյանն արձագանքեց. – «Մանրամասներ են, որոնց չեմ տիրապետում: Կարծում եմ՝ Ազգային անվտանգության ծառայությունը ավելի լավ կմեկնաբանի այդ հատվածը»:

Դիտարկմանը, որ որոշումը կայացվել է միջկառավարական համաձայնության հիման վրա և հետագա վավերացումներ չի ենթադրում, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. – «Կարծում եմ, չէ, չի ենթադրում, որովհետև մենք նմանատիպ իրավիճակ ունեցանք նաև «Զվարթնոցի հետ կապված»:

«Բնականաբար, ցանկացած պետության համար շատ ցանկալի է, որպեսզի հենց ինքը կարողանա ու ինքն էլ իրականացնի իր ողջ պետական սահմանի երկայնքով սահմանի պահպանությունը, դա միանշանակ ցանկալի բան է ցանկացած պետության համար», – ասաց նա:

Ապառաժ․ Թեհրանցի ու արցախցի երիտասարդների միջև ընկերությունը շարունակվում է

Ապարաժ

Թեհրանի ՀՅԴ «Ռոստոմ» երիտասարդական միության երիտասարդների նամակները, որոնք վերջերս «Թեւանիկ» բարեգործական կազմակերպության ղեկավար Իվետ Դանիելյանի միջոցով ուղարկվել են արցախցի պատանիներին, լի են սիրով ու հավատով առ Աստված։ Թեհրանցի երիտասարդներն արցախցի իրենց հասակակիցներին ուժ ու կորով են մաղթում և հավաստիացնում, որ միշտ նրանց կողքին են լինելու։ Նրանք հավատում են, որ վերադարձ Արցախ անպայման լինելու է, քանի որ Հայրենիքն առանց Արցախ լինել չի կարող։

Նամակների հետ արցախցի պատանիներին են փոխանցվել Արցախի պատմամշակութային արժեքները ներկայացնող ձեռքի աշխատանքներ, որոնցից յուրաքանչյուրը արված է մեծ սիրով։

Արցախցի պատանիները հուզմունք, ինչպես նաև ոգևորություն ապրեցին ՀՅԴ Ռոստոմ երիտասարդական միության երիտասարդների պատրաստակամ վերաբերմունքից։ Այսօր, ավելի քան երբևէ, արցախցիները զգում են ուշադրության կարիք և ուրախալի է, որ թեհրանցի ու արցախցի երիտասարդների միջև ընկերությունն ավելի է ամրապնդվում։

Զանգեզուրի միջանցքն էլ է քննարկվել․ Պեսկովը՝ Փաշինյանի և Ալիևի հետ Պուտինի հանդիպումների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ առ դեմ մտքեր է փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Լրագրողների հարցին, թե քննարկվե՞լ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման, նա պատասխանեց, որ այդ թեման էլ են շոշափել։

ՀԲԸՄ նոր ծրագիր արցախցիների համար․ “230 հայտ ունենք, 150 շահառու պետք է ընտրենք”

«8.18 Քոնսալթինգի» թիմը ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ» ծրագրի շրջանակներում մեկնարկում է նախագիծ, որը կօգնի արցախցիներին աշխատաշուկայում անհրաժեշտ հմտություններ զարգացնել, աշխատանք գտնել եւ նոր կապեր հաստատել։

Նպատակն է աջակցել Արցախից բռնի տեղահանված անձանց՝ բարձրացնելու իրենց մրցունակությունը Հայաստանի աշխատաշուկայում։

Ո՞ւմ համար է այս ծրագիրը. Արցախից տեղահանվածների, ովքեր փնտրում են աշխատանք և աշխատաշուկայում բախվել են խնդիրների, կարիք ունեն զարգացնելու իրենց հմտությունները մրցունակ լինելու համար։

Ինչպե՞ս մասնակցել ծրագրին. Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ տրամադրելով տեղեկատվություն ձեր մասին։ Պետք է անցնել հղումով և լրացնել մասնակցության հայտը՝ https://forms.gle/sSZeeN6cgVEZymtV6 ։

Դասընթացների արդյունքում բռնի տեղահանված արցախցիները ձեռք կբերեն անհրաժեշտ ոչ մասնագիտական հմտություններ, որոնք կօգնեն նրանց աշխատաշուկայում: Հնարավորություն կստանան հիմք ստեղծել իրենց կարիերայի զարգացման համար եւ ստանալ կարիերայի ուղղորդում:

Ծրագիրը մեկնարկում է հոկտեմբերի 8-ին եւ շարունակվելու է մինչեւ դեկտեմբերի 6-ը։

«8.18 Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության ղեկավար Նանա Հովհաննիսյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ փորձելու են դասընթացի մասնակիցներին օգնել, որպեսզի աշխատանք գտնեն։ «Հիմա ծրագիրն այնպես ենք կառուցում, նաեւ մարդկանց ընտրությունն այնպես ենք անում, որպեսզի հետագայում աշխատանքի հարցը լուծվի։

Մենք 150 մարդ ենք նախատեսում ծրագրի շահառու դարձնել եւ նախատեսում ենք նրանց բոլորին օգնել աշխատանք գտնել։ Իհարկե, պաշտոնապես այդպիսի խոստում չենք կարող տալ, որովհետեւ ամեն ինչ չէ, որ մեզանից է կախված»,- ասաց նա։

Նանա Հովհաննիսյանն ասաց, որ մարդկանց փորձելու են աշխատանքի տեղավորել տարբեր ոլորտներում։ Տարիքային շեմ չկա, ցանկացած չափահաս անձ կարող է դիմել՝ ծրագրի շահառու դառնալու համար։

«Պահանջարկը մեծ է, այս պահին մենք արդեն 230 հայտ ունենք, մոտ 150 շահառու պետք է ընտրենք։ Ծրագրի շահառու չեն կարող դառնալ այն անձինք, ովքեր նախկինում նմանօրինակ ծրագրերի մասնակցել են»,- հավելեց նա։

Ռոզա Հովհաննիսյան

Արցախցիներին նվիրված հատուկ միջոցառում ԵԱՀԿ-ում

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ), Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը և International Partnership for Human Rights-ը հոկտեմբերի 7-ին Վարշավայում՝ ԵԱՀԿ մարդու իրավունքների ամենամյա համաժողովի շրջանակում, կազմակերպել էին հատուկ միջոցառում, որի ընթացքում միջազգային համայնքին են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի գործած հանցագործությունների ապացույցները։

ԵԱՀԿ համաժողովին մասնակցող պետությունների պատվիրակություններին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ներկայացվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Freedom House-ի, International Partnership for Human Rights-ի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» և Truth Hounds կազմակերպությունների կողմից ավելի վաղ իրականացված փաստահավաք առաքելության արդյունքները։ Առաքելությունը համապարփակ փաստագրել է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության վիճակը 2020 թ․-ի 44-օրյա պատերազմից մինչև 2023 թ․-ի սեպտեմբերի տեղահանումը։

Փաստահավաք առաքելության արդյունքներով պատրաստված «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցը, որի հիմնական եզրահանգումները նեկայացվել են Վարշավայի միջոցառմանը, փաստում են՝ Ադրբեջանը միտումնավոր և հաշվարկված գործողությունների միջոցով ենթարկել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը բռնի տեղահանման և էթնիկ զտման: Փաստահավաք առաքելության ընթացքում ավելի քան 300 վկաների հետ անցկացված  հարցազրույցները և բաց աղբյուրներում առկա տվյալների վերլուծությունը թույլ է տվել եզրակացնել, որ Ադրբեջանի գործողությունները հանդիսանում են հանցագործություններ համաձայն Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության, և համապատասխանում են բնակչության բռնի տեղահանման սահմանմանը, ինչպես նաև նախկին Հարավսլավիայի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի փորձագետների կողմից սահմանված էթնիկ զտումների չափանիշներին։

Միջոցառմանը հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները ելույթներում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների տարատեսակ խախտումներին, ինչպես նաև բարձրաձայնել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական մշակութային ժառանգության և ներկայության հետքերը վերացնելու Ադրբեջանի քաղաքականության և գործողությունների մասին։

ԵԱՀԿ մարդու իրավունքների համաժողովն ամենամյա հեղինակավոր միջոցառում է, որը կարևոր հարթակ է ԵԱՀԿ տարածքում մարդու իրավունքների իրավիճակի մասին քննարկումների համար։ Վարշավայում կազմակերպված այս միջոցառումը հերթական հնարավորությունն էր հայաստանյան քաղաքացիական հասարակության համար ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների խախտման և տեղահանման մասին իրականացված միջազգային փաստահավաք առաքելության արդյունքները։ Որպես այս գործընթացի մաս՝ մինչ այդ ԺԶՀ-ն և գործընկեր կազմակերպությունները «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի արդյունքները ներկայացրել էին ԱՄՆ պետական մարմիններում և ՄԱԿ-ի մարդու իրավունքների կառույցներում։

COP29-ին ընդառաջ Հայաստանի ու Արցախի նախկին ՄԻՊ-երը նախաձեռնում են ակցիաներ

2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են ակցիաներ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով։

Արձագանքելով այդ ակցիաներին` սույն թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, նախատեսում ենք ակցիաներ իրականացնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԱԳՆ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների առաջ, որոնց ընթացքում նույն պահանջով նամակներ են փոխանցվելու հասցեատերերին։

Նախաձեռնությանը միացել են ԱՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Յուրի Հայրապետյանը, Ռուբեն Մելիքյանը, Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Արման Թաթոյանը և Լարիսա Ալավերդյանը։

Մեկնարկը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։

Բագրատ Սրբազանի անվամբ կրիպտոարժույթ են ստեղծել և վաճառում են

«Սրբազան Պայքար» շարժումը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ մեզ համար անհայտ մարդիկ Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անվամբ կրիպտոարժույթ են ստեղծել և զբաղվում են դրա վաճառքով՝ իբր թե ի աջակցության մեր պայքարի։

Հայտնում ենք, որ այդ կրիպտոարժույթի հետ որևէ առնչություն չունենք, չգիտենք ովքեր և ինչ նպատակով են իրականացնում դրա վաճառքը։

Հորդորում ենք զգույշ լինել համացանցում և Սրբազան Պայքարի նախաձեռնությունների մասին տեղեկություններ ստանալ բացառապես մեր պաշտոնական էջերից»։

ՀԲ-ն կօգնի բնակարաննե՞ր կառուցել արցախցիների համար

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային կարիքների հասցեագրման և զբաղվածության ապահովման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին:

Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ մշակվող ծրագրի նախնական շրջանակը, որով նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի ֆինանսավորմանը զուգահեռ իրականացնել նաև բնակարանաշինության ոլորտի բարեփոխումներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել այս ուղղությամբ համագործակցությունը՝ ծրագրի շրջանակը առաջիկայում վերջնականացնելու նպատակով:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև ոռոգման և խմելու ջրի համակարգերի կառավարման ուղղությամբ հնարավոր համագործակցության, ընթացիկ ծրագրերի, ինչպես նաև երկկողմ համագործակցության այլ առաջնահերթությունների վերաբերյալ:

Բաքվի խորհրդարանը մերժում է կապերը Ֆրանսիայի եւ, հնարավոր է՝ ԱՄՆ-ի հետ

Ադրբեջանի նորընտիր խորհրդարանը կապեր չի հաստատի Ֆրանսիայի օրենսդիր մարմնի հետ, հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Միլի մեջլիսում արտաքին հարցերով հանձնաժողովում ընդունված որոշումը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ, հաստատված նախագիծը չի նախատեսում Ֆրանսիայի խորհրդարանի հետ հարաբերությունների խմբի ստեղծում։

Նախորդ գումարման Միլի մեջլիսում ֆրանսիացի օրենսդիրների հետ համագործակցությունը դադարեցվել է «Փարիզի ապակառուցողական դիրքորոշման» պատճառով։

Միաժամանակ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները դիմել են երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին՝ խնդրելով խզել համաձայնագրերը ԱՄՆ-ի հետ եւ դադարեցնել USAID նախագծերը։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին Միլի մեջլիսի այսօրվա նիստում ասել է խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան։

«Ադրբեջանը երկիր է, որն իրականացնում է անկախ ներքին եւ արտաքին քաղաքականություն, իր ուժերով ապահովել է իր տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը։ Հիշեցնեմ նախագահ Իլհամ Ալիեւի խոսքերը. ոչ ոք չի կարող մեզ որեւէ բան թելադրել եւ միջամտել մեր ներքին գործերին։ Մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ կհամարենք»,- ասել է Գաֆարովան։

Խաչատրյանը նշել է «խաղաղության պայմանագրի» ստորագրման ժամկետը

Ստեփանակերտ, 44-օրյա պատերազմ, 2020թ

Հայաստանը հույս ունի առաջիկա 1 ամսվա ընթացքում ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր դրույթները։ Այս մասին Reuters գործակալության հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Հայաստանի նախագահը պարզաբանելով ասել է, որ խոսքը 16 հոդվածների մասին է, որը պաշտոնական Երևանը հույս ունի, որ կստորագրվի մինչև նոյեմբերի 11-22-ը Բաքվում կայանալիք Կլիմայի փոփոխության մասին COP–29 գագաթնաժողովը։
«Եթե գործը միայն մեր ձեռքում լիներ, ապա մենք կստորագրեինք այն հենց հիմա, այսօր», – ասել է նա։
Խաչատուրյանը նշել է, որ պայմանագրի մի քանի հոդվածներ դեռևս բանակցությունների փուլում են:
Հայաստանի նախագահը նշել է նաև, որ Ադրբեջանի մերձավոր դաշնակից Թուրքիայի հետ բանակցությունները լավ են ընթանում և դիտարկվում է երկու երկրների միջև սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար բացելու հարցը:
«Դա ազդանշան կլինի, որ իրական դիվանագիտական հարաբերություններն իրականություն են դարձել», – ասել է նա:
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։
Հիշեցնենք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևն այժմ գտնվում են Մոսկվայում, և փորձագետները նշում են, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրումը մոտ է։ Հարցն այն է, թե արդյոք «պայմանագիրը» կստորագրվի ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ, թե հետո։ Փաշինյանի այցը Մոսկվա Նյու Յորքից և Փարիզից հետո նշանակում է, որ համաձայնագիրը ստորագրվելու է Ռուսաստանի հովանու ներքո։

Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ԱԺ

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, որին սեպտեմբերի վերջին հավանություն է տվել Սահմանադրական դատարանը, ուղարկվել է Ազգային ժողով՝ վավերացման։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ այդ քննարկումների ընթացքում Կառավարության ներկայացուցիչը փոխվարչապետ, սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը կլինի:

Կանոնակարգը սահմանված ժամկետից երկու ամիս ուշ ստորագրվեց, տեքստը հրապարակվեց դրանից միայն երկու օր հետո: Գործադիրը պարզաբանեց, թե բովանդակության գաղտնազերծման ուշացումը կապված է նաև Ադրբեջանի հետ գործընթացը հնարավորինս սինխրոնացնելու անհրաժեշտության հետ:

Ըստ այս փաստաթղթի՝ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է՝ գործընթացը հնարավոր է հետագայում՝ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։

Կանոնակարգը 7 հոդված ունի, հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկակական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։

Նշենք, որ Ադրբեջանում կանոնակարգի տեքստը չի հրապարակվել եւ այն որեւէ ընթացակարգ դեռ չի անցել: