Չիվնինգի «Հակամարտությունը կանանց աչքերով» ծրագիրը մեկնարկեց

«Հակամարտությունը կանանց աչքերով» ծրագիրը մեկնարկեց Հայաստանում՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանանց։

Հոկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ «Հակամարտությունը կանանց աչքերով» ծրագրի մեկնարկային միջոցառումը, որը կազմակերպվել էր բրիտանական կառավարության Չիվնինգ կրթաթոշակային ծրագրի շրջանավարտների կողմից՝ Միացյալ Թագավորության դեսպանատան աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց՝ օգտագործելով բրիտանական բուհերում ուսանած մասնագետների փորձառությունն ու մասնագիտական ներուժը:

Միջոցառման առաջին հատվածում մի խումբ արցախցի կանայք կիսվեցին իրենց անձնական պատմություններով և ներկայիս իրավիճակով, ներկայացնելով, թե ինչպես են ստիպված եղել լքել իրենց տները և ինչ մարտահրավերների են բախվել։ Մասնակիցների խոսքը լի էր հուզականությամբ՝ արտացոլելով բռնի տեղահանության դժվարությունները և անհատական պայքարը:

Միջոցառման երկրորդ հատվածում բրիտանական բուհերի շրջանավարտ մասնագետները ներկայացրին իրենց իրականացրած ծրագրերը, որոնք ուղղված են աջակցելու տեղահանված կանանց: Նրանք խոսեցին այն ոլորտների մասին, որտեղ պատրաստ են օգնել, ինչպիսիք են՝ անձնական և տնտեսական հզորացմանը նպաստող ծրագրերի իրականացմանը, մասնագիտական հմտությունների ձևավորմանը և կրթական ծրագրերի աջակցությանը:

 

Նախաձեռնության կարևոր բաղադրիչներից է վեցամսյա մենթորությունը, որի ընթացքում մասնագետները կօգնեն կանանց ձևավորել կենսագրականներ, պատրաստվել հարցազրույցներին, նախաձեռնել սոցիալական ձեռներեցություն, մշակել ֆոնդհայթայթման նախագծեր, ինչպես նաև պատրաստել դիմումներ արտասահմանյան համալսարանների համար։ Բացի այդ, տրամադրվելու է հոգեբանական աջակցություն, որը կարող է զգալի դեր ունենալ՝ հաղթահարելու սթրեսը և վերականգնելու կյանքի հանդեպ վստահությունը:

Ծրագրի կազմակերպիչները կարևորեցին նաև կապերի հաստատումը Չիվնինգ կրթաթոշակառուների համայնքի և շրջանավարտների հետ, ինչը հնարավորություն կտա արցախցի կանանց օգտվել ազդեցիկ ցանցի հնարավորություններից։ Միջոցառման նպատակը ոչ միայն անմիջական աջակցության տրամադրումն է, այլև՝ երկարաժամկետ համագործակցության հաստատումը, որը կօգնի կանանց վերադառնալ իրենց մասնագիտական և անձնական կյանքին:

Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է աջակցելու այն կանանց, որոնք ստիպված են եղել հաղթահարել ծանր ժամանակներ, և այն ցույց է տալիս Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև գործընկերության նպատակը՝ նպաստել տեղահանվածների վերաինտեգրմանը։

Տաթև Ազիզյան

Ռուսաստանը կատարել է “սեւ գործը”. Մոսկվան ընդունում է իր կեղտոտ դերը

Պուտինի օգնական Ուշակովը, մեկնաբանելով Երևանի և Բաքվի միջև «խաղաղության պայմանագիր» ստորագրելու հնարավորությունը Մոսկվայի, այլ ոչ Արևմուտքի հովանու ներքո, ասաց, որ «Ռուսաստանն արել է ամբողջ սեւ գործը», ուստի տրամաբանական է, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի ըստ ռուսական սցենարի։

Ռուսաստանն իսկապես կատարել է ամբողջ «կեղտոտ» աշխատանքը 2020-2023 թվականներին. ապահովել է Հայաստանի պարտությունը և Բաքվի «հաղթանակը», Արցախի օկուպացումը, խաղաղ բնակչության տեղահանումը, իսկ այժմ Հայաստանին սպառնում է շրջափակմամբ՝ փակելով Հայաստանի սահմանները Իրանի հետ և ռուսականացնելով Վրաստանը։

Հայաստանի քաղաքական ուժերը ոչ միայն չեն խոսում Ռուսաստանի դերի մասին, այլեւ ձգտում են այնպես անել, որ միջազգային իշխանությունների եւ օտարերկրյա պետությունների գնահատականներում Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ չլինեն։ Հայաստանի կառավարությունը մեթոդաբար ապահովում է, որ արևմտյան «առաջարկները» 100%-ով արտացոլեն Հայաստանը մասնատելու և տարածաշրջանը կլանելու ռուս-թուրքական ծրագիրը։ Պրահայում և Բրյուսելում էր, որ Հայաստանի իշխանությունները սկսեցին խոսել խորհրդային սահմանների, Ալմա-Աթայի հռչակագրի և ռուսական այլ նարատիվների մասին։ Իսկ հիմա Պուտինն ու Լավրովը ակնարկում են արևմտյան մայրաքաղաքներում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Այժմ Ռուսաստանը բացահայտ ընդունում է, որ ինքն է արել ամբողջ «սեւ գործերը», բայց Երևանը համառորեն չի նշում «կեղտոտ գործն» անողի անունը։

Պետք է գնահատել կատարվածը և արձանագրել, որ տարածաշրջանային գործընթացներում առանցքային դերը պատկանում է Ռուսաստանին։ Միջազգային առաջարկներում, փաստաթղթերում, համաձայնագրերում ռուսական գործոնը չի նշվում, և դա աղավաղող հայելային էֆեկտ է ստեղծում։

Մոսկվան երբեք չի թաքցրել իր վերաբերմունքը հայկական իրավունքների և շահերի նկատմամբ՝ դեռևս պնդելով Կարսի պայմանագրի և Արցախի վերաբերյալ Ստալինի որոշման օրինականությունը։

2023 թվականի սեպտեմբերի 28-ի կեսօրին Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլը «հաշվի է առնում» ԼՂՀ հիմնարկների լուծարումը և «ուշադիր հետևում է հումանիտար իրավիճակին» տարածաշրջանում։ Նա հիշեցրել է, որ ԼՂՀ նախագահի հրամանագրում կետ կա տեղի հայ բնակչության «նոր կոորդինատային համակարգով» Ադրբեջանին ինտեգրվելու մասին»։ Պեսկովը հորդորել է չփնտրել Ղարաբաղից հայերի արտագաղթի պատասխանատուներին։

Մինչդեռ Եվրահանձնաժողովի արտաքին քաղաքականության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է, որ «Ռուսաստանը երբեք ի վիճակի չի եղել ազգ դառնալու։ Միշտ կայսրություն է եղել ցարով, սովետներով, հիմա էլ՝ Պուտինով։ Սա Ռուսաստանի մշտականությունն է, նրա քաղաքական ինքնությունը և, որպես հետևանք, սպառնալիք իր հարևանների և հատկապես մեզ համար»:

«Ի վերջո, մենք վերջնականապես պայմանավորվեցինք Ադրբեջանի հետ (2020 թվականին), որ Շուշիի գիծ և հենց Շուշի հասնելուց հետո ռազմական գործողությունները կդադարեցվեն»,- ասել է Պուտինը։

«Ղարաբաղի կարգավիճակը վերջնականապես որոշված ​​չէր. սա է խնդրի առանցքը։ Եվ երբ Հայաստանը ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է, պարզվեց, որ մեր խաղաղապահներն արդեն, անկասկած, գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Եվ, իհարկե, հիմա, հատկապես, անկեղծ ասած, հայ բնակչության արտագաղթի հետ կապված ծանր իրադարձություններից հետո, իրավիճակն արդեն ամբողջությամբ, արմատապես փոխվել է»,- ասել է Պուտինը անցած տարվա այս օրերին։

2020 թվականի նոյեմբերի 10-ի «Վլադիմիր Սոլովյովի հետ երեկոյին» ռուս հայտնի կայսերական Սերգեյ Կուրգինյանն ասաց. սա իրավիճակ էր, երբ ամեն ինչ կարող էինք ուղղակի կորցնել, եւ ոչ մի քայլ չէր մնում: Որովհետև եթե Փաշինյանի հաղթանակը ձեռք բերվեր մեր ձեռքով, ապա հաջորդ պահին Հայաստանը կսկսեր անդամակցել ՆԱՏՕ-ին։ Մենք կստանաինք լուծված հակամարտություն, ՆԱՏՕ-ի կողմնակից թուրքամետ Ադրբեջան, Փաշինյանի՝ ՆԱՏՕ-ի կողմնակից Հայաստան և ՆԱՏՕ-ի կողմնակից Վրաստան… և հաջորդ փուլը հարձակումն կլիներ այնտեղ՝ Հյուսիսային Կովկասի և մնացած ամեն ինչի վրա»:

Այսքանը:

Նաիրա Հայրումյան

Լաչինը «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» և ռուսական դավաճանության խորհրդանիշ

Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը համաձայնել է Մեղրին 2026 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու առաջարկին։

Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Լավրովն առաջարկել էր 2025 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակել «Ադրբեջանի Լաչինը», իսկ 2026 թվականին՝ Հայաստանի Մեղրին։

Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ խոսվում է միայն Մեղրիի մասին, իսկ Լաչինի մասին ոչ մի խոսք։ Այսպիսով, հաջորդ տարի մենք ականատես կլինենք, թե ինչպես է նշվելու Հորդայի մշակույթը Լաչինում։

Մեկ տարի անց այն բանից հետո, երբ ռուսները հաջողությամբ հանձնեցին «Լաչինի միջանցքը» Ալիևին, ապա թույլ տվեցին գրավել Արցախը և արտաքսել բնիկ բնակչությանը, նրանք առաջարկում են Լաչինը հայտարարել «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»։ Լաչինի միջանցքը ռուսական դավաճանության, դաշնակցային պարտավորություններից ու երաշխիքներից հրաժարվելու անշեջ խորհրդանիշն է։ 

Բեկորը 65 տարեկան է․ Երեւանում նրա անունով արդեն փողոց կա

Հոկտեմբերի 6-ին Արցախի ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ, Ստեփանակերտի վաշտի առաջին հրամանատար, <<Արցախի հերոս>>, <<Մարտական խաչ>> առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանի (Բեկոր) ծննդյան 65-րդ տարելիցն էր։ Մեծագույն արժանքիներով օժտված հերոս, լեգենդ, որի օրինակով տարիներ շարունակ դաստիարակվում են բազում սերունդներ․ բնատուր զինվորական, համարձակ, վճռական, հնարամիտ, խիզախ ու հայրենասեր մարդու կերպար:

Ծնվել է Բաքվում, 1959-ին։ 1975-ին Ղուլյանների ընտանիքը տեղափոխվել է Ստեփանակերտ, որտեղ և նա ավարտել է 8-րդ դասարանը, իսկ 1985-86 ուստարում՝ թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1977-79 թթ․ ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։ 1985-ին ամուսնացել համագյուղացի Նելիի հետ և նրանց ընտանիքում ծնվել են 3 որդիներ։

Երիտասարդ տարիներից Աշոտն աչքի էր ընկնում իր շնորհքով։ <<Ոսկի ձեռքեր>> ունեցող վարպետ էր՝ դերձակ, շինարար, ավտովարորդ և փականագործ։ Արցախյան ազգային-ազատագրական շարժման հենց սկզբից նա կանխազգաց, որ զենքով պետք է հարցը լուծվի և ընկերների աջակցությամբ սկսեց պատրաստել ինքնաշեն նռնակներ, ինքնաձիգեր, հրացաններ, նռնականետեր, որոնք փորձարկելիս մի քանի անգամ վիրավորվել է։ Հենց այդ էր պատճառը, որ նախապատերազմյան շրջանում վաստակել է իր մարտական անունը։ Աշոտը զբաղվում էր նաև Արցախ զենքեր փոխադրելու գաղտնի գործով և կանգնած էր ֆիդայական շարժման ակունքներում։

Մարտական մկրտությունն ստացել է Հայաստանի սահմանամերձ շրջանում՝ Իջևանի ուղղությունում, որտեղ թշնամին արդեն ոտնձգություններ էր անում։ Մինչ այդ նա մասնակցում էր հայդուկային պարտիզանական մի շարք գործողությունների։ Աշոտն առաջիններից մեկն էր, որ հանգել էր այն մտքին, որ անհրաժեշտ է ստեղծել կանոնավոր բանակ՝ իր կառուցվածքով ու կարգապահությամբ։

1991-ին, երբ սկսվեց Արցախի կանոնավոր բանակի առաջին զորամասերի կազմավորումը, նրան առաջարկվեց գլխավորել առաջին վաշտը, որի կորիզն իր ջոկատն էր։ Աշոտը մասնակցել է Արցախում մղված մարտական գործողությունների զգալի մասին՝ Ասկերան, Հադրութ, Շահումյան, Վերին շեն, Բուզլուխ, Մանաշիդ, Խոջալու, Կրկժան, Լեսնոյ, Քարին տակ, Շուշի, Քաշաթաղ, Մարտակերտ, Կուսապատ, Մաղավուզ, Սրխավենդ, Բաշ-Գյունափայա, Դրմբոն․․․

Բեկորի հրամանատարական հմտություններն ու տաղանդը փայլել են 1992-ին՝ Շուշիի ռազմագործողության իրականացման ժամանակ։ Նրա վաշտը առաջինն է մտել հայկական բերդաքաղաքը, որի ազատագրման համար ամենադժվար հատվածը հենց իրեն է բաժին ընկել։

․․․1992-ի օգոստոսի 24-ի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինը եղավ հերոսի կյանքում։ Աշոտ Ղուլյանն ընկավ հերոսի իմացյալ մահով և բռնեց հավերժի ճամփան․․․

Ցավոք, Բեկորի ու հարյուրավոր մեր հերոս նահատակների շիրիմները մնացել են իրենց արյամբ սրբացած Արցախում, գերեվարված ու միայնակ։ Նրանց հարազատները չգիտեն՝ որտեղ ծաղիկներ խոնարհել․․․

Աշոտ Ղուլյանի տարելիցին նրա հարազատներն ու ընկերները այցելել են Աբովյան քաղաքի գերեզմանատանն իր վերջին հանգրվանը գտած ընտանիքի տատիկի շիրմին։ Նրանք ծաղիկներ են խոնարհել և լռության րոպեով հարգել Բեկորի ու բոլոր սրբադասված հերոսամարտիկների հիշատակը։

Տիկին Նելլին, որդիները, հարսներն ու թոռները ցավ են ապրում, որ հայաթափվել է Բեկորի ու նրա ընկերների արյամբ ազատագրված երկիրը․ չէ՞ որ սուրբ հողի համար տարիներ շարունակ պայքար է մղվել, կյանքեր են զոհաբերվել։

Հերոսի կինը հպարտանում է՝ Երևանի <<Եռաբլուր>> զինվորական պանթեոնին հարող տարածքի Շահումյան 6-րդ փողոցը անվանակոչվել է Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվամբ, իսկ օրերս Աշոտ Ղուլյանի անունը կրող Երևանի ավիոմոդելավորման դպրոցում հիշատակի միջոցառում է կազմակերպվել, որի պատվավոր հյուրերը Բեկորի ընտանիքի անդամներն էին․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Որտե՞ղ եք տեսել, որ մարդիկ պատերազմեն բարօրության կամ ժողովրդավարության համար

Նստակյաց ժողովուրդների խնդիրն այն է, որ մենք չենք հասկանում զավթիչների հոգեբանությունը։ Մեզ համար սրբությունը սեփականության իրավունքն է, պատմական արմատները, նրանց համար՝ տարածքը, որը ենթակա է նվաճման։

Բաքվի հայտնի քաղաքական գործիչ Ռասիմ Մուսաբեկովը, մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե Ալթայն է ադրբեջանցի թուրքերի հայրենիքը, չի հերքել դա։ «Ալթայը իսկապես թուրքերի նախնիների տունն է», – ասաց նա:

Բայց «մի քանի հազարամյակների ընթացքում թուրքերը հսկա տարածքները վերածեցին իրենց հայրենիքի ՝ Յակուտիա-Սախայից, Խակասիայից, Կենտրոնական Ասիայից, Վոլգայի տարածաշրջանից, Ղրիմից մինչև Կովկաս, Մերձավոր Արևելք, Փոքր Ասիա և Բալկաններ: Իսկ հայերը փախան աշխարհով մեկ՝ նախընտրելով անվտանգ և հարմարավետ կյանքը Ֆրանսիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում և հեռվից արցունքներ թափելով իրենց լքված հայրենիքի համար»,- ասաց Մուսաբեկովը։

Քոչվոր ժողովուրդների համար հող նվաճելը նպատակ է և հպարտության աղբյուր։ Էրդողանը Մանածկերտի պատմական ճակատամարտի օրը խոստովանել է, որ թուրքերը հայտնվել են այս հողի վրա 1000 տարի առաջ և իրենցը դարձրել Հայկական լեռնաշխարհի հողը։

Ի տարբերություն թուրքերի, հայերը հեշտությամբ հրաժարվում են իրենց հողերից, վերջին օրինակը Արցախն է։ Հայաստանի ղեկավարությունը պնդում է, որ տարածքները ամենակարեւորը չեն, գլխավորը բարեկեցությունն է, տխրահռչակ ժողովրդավարությունը և այլն։ Բայց եթե տարածքներն այնքան էլ կարևոր չեն, ինչու՞ աշխարհում չի դադարում պատերազմը տարածքների համար։ Որտե՞ղ եք տեսել, որ մարդիկ պատերազմեն բարօրության կամ ժողովրդավարության համար:

«Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ փող է տալիս պատերազմի համար, քան Ուկրաինային՝ պաշտպանության»

Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ փող է տալիս Ուկրաինային ոչնչացնելու համար, քան Ուկրաինային՝ նրանից պաշտպանվելու։ Այս տեսակետը հնչեցրել է գերմանացի դիտորդ Յուրգեն Նաուդիտը՝ X սոցիալական ցանցում մեկնաբանելով այն տեղեկությունը, որ ուկրաինական տարածք լայնամասշտաբ ներխուժման սկզբից Ռուսաստանի Դաշնությունը Եվրոպա էներգակիրների արտահանումից 700 մլրդ եվրո է վաստակել։

Լրագրողը կենտրոնանում է այն փաստի վրա, որ Հունգարիան 2024 թվականի առաջին կիսամյակում 2021 թվականի համեմատ ավելացրել է ռուսական նավթի ներմուծումը մոտ 50%-ով։

Եվրոպական որոշ երկրների համար ռուսական նավթի դեմ ԵՄ պատժամիջոցներից բացառությունները թույլ են տվել Կրեմլին մեծացնել շահույթը:

«Եվրոպան Պուտինին փող է տալիս, որպեսզի նա կարողանա սպանել ուկրաինացիներին։ Եթե ​​Ռուսաստանի համար փողի այս աղբյուրը չորանա, և դադարեցվի Հյուսիսային Կորեայից զինամթերքի մատակարարումը, պատերազմը կավարտվի, և մենք վերջապես կհասնենք դեպքի վայր բունկերում»,- ասվում է զեկույցում։

Երեք եւ ավելի անձից բաղկացած ընտանքիները գոհ կլինեն, իսկ փոքր ընտանիքները կբողոքեն

Արցախից բռնի տեղահանված այն վերաբնակիչները, ովքեր տեղեկացված չեն եղել եւ չեն դիմել 2022 թվականին հաստատված բնակապահովման սերտիֆիկատի ծրագրից օգտվելու համար, կարող են դիմել եւ օգտվել ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին հաստատված բնակապահովման ծրագրից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված վերաբնակիչ համարվող մոտ 370 ընտանիքներ դուրս են մնացել բնակարանների գնման սերտիֆիկատների ծրագրից, քանի որ ժամանակին տեղեկացված չեն եղել ծրագրին դիմելու համար, առցանց դիմումը չեն լրացրել, եւ դիմումների լրացման ժամկետն անցնել էր։ Այս ընտանիքները զրկվել էին նաեւ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից՝ որպես բնակապահովման սերտիֆիկատի ծրագրի շահառուներ։ Նրանք հիմնականում Քաշաթաղի ու Քարվաճառի շրջանների բնակիչներն են։

Քաշաթաղի Հայկազյան համայնքի ղեկավար Արմեն Չոմոյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե արդյոք առաջին ծրագրից դուրս մնացած շահառուները կդիմե՞ն 2024 թվականին հաստատված բնակապահովման ծրագրից օգտվելու համար։ Նա ասաց, որ կառավարությունը որոշել է այս ընտանիքներին ճանաչել բնակապահովման նոր ծրագրի շահառու եւ ընդառաջել՝ առաջին փուլով լուծելու իրենց բնակարանային խնդիրը։

«Այդտեղ արդեն հետեւյալ խնդիրն է առաջանում՝ կարող է մեկ հոգանոց ընտանիքը գոհ չլինել, բայց բազմազավակ ընտանիքը գոհ կլինի։ Առաջին ծրագրով 10 մլն դրամ յուրաքանչյուր ընտանիքի էր հատկացվում, իսկ այս ծրագրով յուրաքանչյուրին 3-5 մլն դրամ է հատկացվելու։ Երեք եւ ավելի անձերից բաղկացած ընտանիքները գոհ կլինեն, իսկ փոքր ընտանիքները կբողոքեն, քանի որ այդ գումարով չեն կարողանա բնակարան ձեռք բերել»,- հավելեց Արմեն Չոմոյանը։ Նա նշեց, որ նախկին ծրագրով հատկացվող 10 մլն դրամ արժողությամբ սերտիֆիկատն էլ լիարժեք չէր լուծում արցախցիների խնդիրները, բայց մարդկանց մեծամասնությունը ստիպված օգտվել են ծրագրից։

Անդրադառնալով Արցախից բռնի տեղահանված անձանց դժգոհություններին, որ ՀՀ կառավարության բնակապահովման ծրագիրը չի լուծում նրանց խնդիրները, Արմեն Չոմոյանն ասաց, որ ամենակարևոր խնդիրն այստեղ այն է, որ ծրագրի շահառու դառնալու ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելը պարտադիր պահանջ է։ Իսկ արցախցիների մեծամասնությունը հրաժարվում են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել՝ մի շարք խնդիրների պատճառով։

Ռոզա Հովհաննիսյան

 

Արցախցի ձեռներեցները մասնակցում են հերթական փառատոնին

Երևանի “Սիզնս” այգում հոկտեմբերի 4-ին մեկնարկած սուրճի, թեյի և շոկոլադի եռօրյա փառատոնին մասնակցել են նաև արցախցի ձեռներեցները։

Արցախի Հաթերք գյուղում 2018 թվականին հիմնադրված Հաթերք-Ֆուդ ընկերությունը ներկայացնում էր իր անարատ ու բարձրորակ մեղրը։ Ընկերության հիմնադիր հաթերքցի Սամվել Միրզախանյանի խոսքով՝ մեղվաբուծությունը նրանց ընտանիքում պապից է ժառանգաբար փոխանցվել և գրեթե 150 տարվա պատմություն ունի։

Փառատոնին նրանք ներկայացնում են ինչպես մեղր, այնպես էլ տեղում պատրաստվող ախորժաբույր արցախյան ժենգյալով հաց, նռան գինով, մեղրով ու տարբեր համեմունքներով պատրաստված տաք գինի, մրգերով, հատապտուղներով և դեղաբույսերով սուֆլեներ ու տարբեր թեյեր։

Ընկերության տնօրենը գոհունակություն է հայտնում արտադրանքի եռօրյա վաճառքից, միաժամանակ ավելացնում, որ Գավառի մեղվանոցից հանված էքսկլյուզիվ մեղրի մեղրաքամը կլինի հոկտեմբերի 10-ին՝ Երևանի Դալմա մոլի մոտ գտնվող ընկերության արտադրամասում, որտեղ սիրով կսպասեն մեղրասեր հասարակությանը։

Ստեփանակերտցի Իրինա Սարուխանյանը երկու դստրերի հետ <<Արցախ, իմ սիրտ>> ապրանքանիշով է ներկայացել։ Նրանց ժենգյալով հացն ու փախլավան անտարբեր չէին թողնում փառատոնի մասնակիցներին։ Հաճախորդների թվում էին նաև արտասահմանյան հյուրեր, որոնց համար արցախյան ուտեստները մեծ բացահայտումներ էին։

Տիկին Իրինան նշում է, որ մի կերպ են հասցնում ժենգյալով հաց պատրաստել․ Արցախի այցեքարտ համարվող ժենգյալով հացի սիրահարները շատ-շատ են, ինչը ուրախացնում և ոգևորում է իրենց։

Արցախից տեղահանվելուց հետո նրանք Երևանում տարածք են վարձակալել, որտեղ զբաղվում են այդ բիզնեսով ու վաստակում օրվա հացը։ Ստեփանակերտում նա ու իր աղջիկները քաղաքային կենտրոնական շուկայում ունեին իրենց սեփական խանութները։ Ամեն ինչ թողել ու ձեռնունայն դուրս են եկել Արցախից։ Միակ սփոփանքն այն է, որ անկորուստ են հեռացել, միաժամանակ տիկին Իրինան ցավում է բոլոր զոհվածների համար, կիսում հարազատների վիշտը․․․

Նշենք, որ արցախցի մեր ձեռներեցները մասնակցել են Հայաստանում կազմակերպվող մի շարք փառատոնների և արդեն ունեն իրենց հավատարիմ հաճախորդները․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Փաշինյանը մեկնել է Մոսկվա՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, հայտնում է նրա մամուլի ծառայությունը։ Նա կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

Ինչ է տեղի ունեցել “Դոմուսում”․ խոսակցություններ կային, որ պայթյունի ձայներ են հնչել

Այս պահին Դոմուս խանութ սրահում բռնկված հրդեհի վայրում 14 մարտական հաշվարկ է աշխատում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳՆ մամուլի քարտուղար նարեկ Սարգսյանը։

«Հայտարարվել է բարդության թիվ 3 կանչ, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։ Տուժածների մասին տեղեկություն չունենք, հրդեհի պատճառների մասին էլ ոչինչ չկա, դա քննությունը կպարզի։

Խոսակցություններ կային, որ պայթյունի ձայներ են հնչել, այս պահին նման ինֆորմացիա չունենք։

Բացի պահեստից, նաեւ խանութի հատվածում է տարածվել հրդեհը»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին, ժամը 12:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում:

Արմենին գնդակահարել են գյուղի կենտրոնում․ ինչ է պատմում եղբայրը

Forrights

Գետավանցի Արմենը գնդակահարվեց գյուղի կենտրոնում՝ հայրենիքի համար զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի պղծումը թույլ չտալու ընթացքում։ Ադրբեջանցիները 2023 թվականի սեպտեմբերի 19-ին էին Գետավան մտել ու անցել հուշարձանը քանդելու գործին։ 50-ամյա անզեն Արմենը նկատել էր ու վազել հուշարձանի ուղղությամբ։

«Թշնամին մտել է գյուղ, եկել են, որ հուշարձանը քանդեն։ Գնացել է, որ չթողնի։ Նա ռուսների մոտ է եղել, դուրս է եկել, պատի վրայով թռել է ու հենց այդ պահին խփել են։ Վազելով, որ իրենց կողմ է գնացել այդ պահին իրանց մոտ ինչ զենք եղել է՝ դրանով խփել են։ Ասում են, որ տեխնիկայից են կրակել, ռուսին խնդրեցի՝ ասացի մի հատ նկար ուղարկի, ասաց չեմ կարող, հեռախոսս ստուգում են»,- Forrights.am-ի հետ զրույցում պատմում է Արմենի եղբայրը՝ Հարութ Մարտիրոսյանը։

Արմենը հայրենասեր էր, մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, բացի դա հերոսամարտի հուշարձանի պատվանդանին՝ մյուս գետավանցիների կողքին, նաև մյուս եղբոր՝ Պավելի լուսանկարն էր դրված։ Պավելը 17 տարեկանում է զոհվել՝ Օմարում։ Հարութն ասում է, որ Արմենը չէր կարող նայել, թե ինչպես են քանդում  հերոս տղաների հիշատակին դրված հուշարձանը։

Արմենը կյանքը տվեց, բայց թշնամին իր «գործն» ավարտին հասցրեց։ Ավելի ուշ հրապարակված ադրբեջանական կադրերում ո՛չ խաչքարով հուշարձանն է երևում, ո՛չ տղաների լուսանկարները, իսկ պատվանդանից մի քանի քար է մնացել։

Արմենը հրաժարվել է Գետավանը լքել, երբ թշնամու զորքերը մոտեցել են գյուղին, հարազատներին ճանապարհել է հարևան Դրմբոն գյուղ, իսկ ինքը մնացել այնտեղ։ «Կնոջս, երեխաներիս, իր տղային ուղարկել է, ասել է՝ ես գալու եմ։ Ինքը ռուսների մոտ է եղել, մեր գյուղում ռուսական խաղաղապահների ռազմաբազա կար»,- նշեց Հարութը։

Արմենը պատմության ուսուցիչ էր, մինչև 2012 թվականը դասավանդել է դպրոցում։ 90-ականների պատերազմի մասնակից է եղել, վիրավորումներ է ստացել, այլևս զենք չէին տալիս՝ առողջական խնդիրների պատճառով։ Հարութը հիշում է նրա խոսքերը սեպտեմբերյան ինքնապաշտպանության ժամանակ, երբ բոլորին զենք են տվել, իսկ իրեն՝ ոչ։ «Զենք է ուզել, չեն տվել, ասել է՝ դուք ավտոմատներդ ձեռքներիդ փախչելու եք, ես մնալու եմ։ Կանտուզիա ուներ, զենք չէին տալիս»։

Արմենի դին Գետավանից ռուսներն են հանել։ Նրան հուղարկավորել են Արցախում՝ հարազատներից որևէ մեկը ներկա չի եղել, իսկ գերեզմանի տեղը մոտավոր գիտեն, որին այցելելն էլ անհնարին է։

«Ռուսների հետ կապվեցի, ասացի՝ կարող եք դիակը հանել, բերել Հաթերք գյուղ, էն մյուս եղբայրս էլ այնտեղ էր ծառայում։ Հանել են, բերել, եղբայրս էլ այնտեղ չի եղել, բլոկադայի մեջ է եղել, իր ծառայակիցները հուղարկավորել են շտաբի մոտ»,-ասաց Հարութը՝ փաստելով, որ անվտանգության երաշխավոր համարվող ռուս խաղաղապահները եղբորը չեն պաշտպանել։

«Չեմ կարող ասել, թե ռուսները խի չեն պաշտպանել։ Կարելի է ասել, որ ռուսն էլ սպիտակ թուրք է, բարեկամ ենք համարում, բայց թույլ են տվել, որ մեզ հալածեն։ Մենք նրանց վրա վստահ չէինք, որ մեզ կպաշտպանեին։ Նրանք մեզ վրա բիզնես էին անում, սիգարետ էին ծախում, մի պաչկա սիգարետը 4-5 հազար դրամ էին ծախում, այն էլ ադրբեջանական սիգարետ էր»։

Մարտակերտի շրջանի Գետավան գյուղը սեպտեմբերի 19-ի հարձակման առաջին ժամերից է ադրբեջանցիների թիրախում եղել։ Գյուղն արցախաադրբեջանական սահմանին է։  Մարտակերը սկսվում էր այս գյուղով՝ Շահումյանի շրջանի կողմից։

«Շահումյանի շրջանը, որ անցել էր ադրբեջանցիներին մեր գյուղը սահման էր դարձել։ Տանն էի, երբ կրակոցները սկսվեցին։  Ժողովրդի մոտ խուճապ էր, գյուղերին էին խփում, միայն պոստերը չէր»,-Forrights.am-ի հետ զրույցում ադրբեջանական ագրեսիայի օրերը հիշելով պատմում է գետավանցի Հարութ Մարտիրոսյանը։

«Դիրքերից վերադարձա տեսա, որ մեր հարևանի տան հայաթին են խփել։ Նույն օրը թշնամին մտել էր մեր գյուղ։ Պոստերով չեն եկել, ճանապարհով մտել են գյուղ։ Մենք իրենց մտնելուց մի քանի րոպե առաջ ենք հեռացել գյուղից։ Եկանք Դրմբոն՝ կողքի գյուղն էր, այնտեղից էլ եկանք Ստեփանակերտ»,-հիշում է արցախից բռնի տեղահանված Հարությը։

Նա և զինակիցները, երբ վերադարձել են Գետավան գյուղն արդեն դատարկված է եղել՝ կանանց և երեխաներին անվտանգության նկատառումներով հեռացրել էին։ «Իմ ընտանիքին կողքի գյուղի դպրոցի ապաստարանում եմ գտել, մինչև այդ լուր չունեի»։

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութում Գետավանում խառնաշփոթ է․ կադրերում երևում են շուռ տված ավտոմեքենաներ՝ վնասված կրակոցներից։ Նույն հետքերը կան նաև տների պատերին, կադրերում երևում է, թե ինչպես են գետավանցիների տների դռներն ու պատուհանները ջարդուփշուր արել։ Գյուղը դատարկ է։

Նարեկ Կիրակոսյան

Պարոն Բորտնիկովի «հայտնագործությունը» ուշացել է 4,5 տարի

Թուրքիան օրինագիծ է ընդունել Ադրբեջանում Թուրքիայի զինված ուժերի ծառայության ժամկետը երկարացնելու մասին

ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը նշել է, որ Հայաստանում տեղակայված եվրոպական դիտորդական առաքելությունը «հետախուզական գործունեություն է իրականացնում՝ ելնելով ՆԱՏՕ-ի կոնկրետ երկրի շահերից՝ ընդդեմ Ռուսաստանի և Իրանի։ Արևմուտքը ձգտում է ՆԱՏՕ-ի երկրներից իր «խաղաղապահ» ​​կոնտինգենտին ներմուծել Անդրկովկաս՝ իբր օգնելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը”։

«Ամերիկացիներն ու եվրոպացիներն ակնհայտորեն շահագրգռված չեն Անդրկովկասում կայունության հաստատմամբ։ Երևանին համոզելով ձգձգել Բաքվի հետ բանակցությունները՝ Արևմուտքը փորձում է առաջնորդել ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացը և հասնել տարածաշրջանում իր «խաղաղապահ» ​​կոնտինգենտի տեղակայմանը դե յուրե ՄԱԿ-ի հովանու ներքո և դե ֆակտո՝ ՆԱՏՕ-ի»,- ասել է Բորտնիկովը Աստանայում ԱՊՀ անվտանգության գործակալությունների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 55-րդ նիստում։ (https://am.sputniknews.ru/20241004/zapad-khochet-razmestit-v-zakavkaze-svoy-kontingent-pod-egidoy-nato—bortnikov-81448335.html):

Նշենք, որ պարոն Բորտնիկովի «հայտնագործությունը» ուշացել է առնվազն 4,5 տարի։ Կամ նա պարզապես «մոռացել» է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի զինված ուժերի ներկայությունը Ադրբեջանում։

Այսպիսով, ՆԱՏՕ-ի իրական զինված ուժերը, և ոչ թե «ԵՄ լրտեսական առաքելությունը», առնվազն 2020 թվականի սկզբից եղել են Անդրկովկասում, ավելի ճիշտ՝ Ադրբեջանում։ Նրանք մասնակցել են Բաքու-Անկարա-միջազգային ահաբեկիչներ դաշինքի եռակի ագրեսիային՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ։ Ի դեպ, այն ժամանակ տարածաշրջանում Մերձավոր Արևելքից ջիհադիստ ահաբեկիչների առկայության մասին խոսում էին նաև պարոն Բորտնիկովի «ուժային» գործընկերները, օրինակ՝ պարոն Նարիշկինը։

Նույնիսկ Բաքվի նացիստական ​​ռեժիմի ղեկավարը չկարողացավ խուսափել ՆԱՏՕ-ի երկիր Թուրքիա տարածաշրջան ներխուժման փաստից։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 29-ին՝ Արցախի դեմ Բաքու-Անկարա-միջազգային ահաբեկիչների դաշինքի 44-օրյա ագրեսիայի երրորդ օրը սահմանային գոտում մարտական ​​առաջադրանք կատարող հայկական Սու-25-ը խոցվել է Հայաստանի Հանրապետության տարածքում թուրքական կործանիչի հրթիռով։ Վերջինս այդ պահին օդում է եղել՝ օդ բարձրանալով Գյանջայի (Գանձակ) ռազմական օդանավակայանից, հայկական կողմն այս մասին ուղիղ հայտնել է։

Այս միջադեպը ՆԱՏՕ-ի երկրի բացահայտ ագրեսիա էր ՀԱՊԿ անդամ երկրի դեմ։

Ալիեւը պաշտոնապես հերքել է թուրքական կործանիչների ներկայությունը Գյանջայի ռազմական օդանավակայանում։ Սակայն 2020 թվականի հոկտեմբերի 8-ին ամերիկյան The New York Times թերթի լրագրող Քրիստիան Թրիբերտը հայտարարեց, որ ադրբեջանական Գյանջայի օդանավակայանում տեղակայված են առնվազն երկու F-16 կործանիչներ, որոնց օգտագործումը ղարաբաղյան հակամարտությունում հերքվել է Բաքվում։ Նա Twitter-ում հրապարակել է հոկտեմբերի 3-ի օդանավակայանի արբանյակային լուսանկարը, որում պատկերված են այս ռազմական ինքնաթիռները (https://www.middleeasteye.net/news/turkey-armenia-azerbaijan-f16-deterrent-against-attacks):

Ալիևը ստիպված է եղել հաստատել այս փաստը՝ բացատրելով, որ թուրքական կործանիչները մնացել են Գյանջայում 2020 թվականի օգոստոսին ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններից հետո, բայց հերքել են ռազմական գործողություններին իրենց մասնակցության փաստը։ Սակայն Ալիևի սկզբնական կեղծավորությունը չափազանց ակնհայտ էր: Իսկ համաշխարհային լրատվամիջոցներում սկսեցին հայտնվել Հայաստանի սահմաններով թուրքական ինքնաթիռների պատկերները՝ թե՛ թուրքական, թե՛ ադրբեջանական կողմից։

Հայտնի է նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դեմ ցամաքային մարտերին ադրբեջանական համազգեստ հագած ստորաբաժանումների և թուրքական ամբողջ ստորաբաժանումների, այսինքն՝ ՆԱՏՕ-ի զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությունը և միաժամանակ երկու շևրոն՝ թուրքական և ադրբեջանական:

Ինչպես հայտնի է նաև, 2023 թվականի նոյեմբերի 15-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովը օրինագիծ է ընդունել Ադրբեջանում թուրքական զինված ուժերի ծառայության ժամկետը 1 տարով երկարացնելու մասին։ Ինչպես հաղորդում է APA-ն, օրինագիծը նախկինում քննարկվել է VNST հանձնաժողովում («Ադրբեջանում թուրքական զորքերի գտնվելու ժամկետը երկարաձգվել է մեկ տարով», https://news.am/rus/news/792674.html):

Տիկին Զախարովան, պարոն Պեսկովը և նրանց նմաններն անցյալ տարի վրդովված էին Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունից, որին Երևանը ստիպված էր հրավիրել՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ի լիակատար անգործությունը Հայաստանի սահմանների վրա Ադրբեջանի ագրեսիայից հետո։ Մինչդեռ մենք երբեք չենք լսել ՌԴ արձագանքը ՀԱՊԿ անդամ երկրների՝ Ղազախստանի և Ղրղզստանի մասնակցությամբ ՆԱՏՕ-ի երկրների հետ Թուրքիայի տարածքում՝ Ադրբեջանի, Կոսովոյի, Գերմանիայի և այլնի հետ համատեղ զորավարժություններին։

Ոչ մի արձագանք չեղավ նաև ադրբեջանական զինուժի բացահայտ միաձուլմանը ՆԱՏՕ-ի Թուրքիայի հետ։ Օրինակ՝  ՆԱՏՕ-ին Ադրբեջանի աճող ինտեգրման հետագա ապացույցների համար:

«ՆԱՏՕ-ի պատվիրակությունը՝ Դաշինքի միացյալ ցամաքային հրամանատարության շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մուստաֆա Օղուզի գլխավորությամբ, այցելել է ադրբեջանական զորամաս: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը։ Գերատեսչության տվյալներով՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները ծանոթացել են զորամասում սպասարկող զինտեխնիկային և մանրամասն տեղեկություններ են ստացել դրա մարտավարական և տեխնիկական բնութագրերի մասին։ Նշվում է, որ հանդիպման մասնակիցները «կարծիքներ են փոխանակել երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ»։ «ՆԱՏՕ-ի պատվիրակությունն այցելել է Ադրբեջանում տեղակայված զորամաս». (https://www.gazeta.ru/army/news/2023/03/10/19930939.shtml)

Վեց ամիս առաջ «Ռուսաստանն ինքնակամ լքում է Լեռնային Ղարաբաղը (http://russia-artsakh.ru/node/18517) հոդվածում գրել էինք.

«Ռուսաստանը կամավոր լքում է Լեռնային Ղարաբաղը, ՆԱՏՕ-ի երկիրը Թուրքիան մնում է և օրինականորեն կոնսոլիդացված է Ադրբեջանում։ Ո՞վ է աչք փակել ՆԱՏՕ-ի Թուրքիայի՝ Անդրկովկաս ժամանելու վրա։ Ո՞վ չի կատարել իր բարձրաձայն հայտարարված պարտավորությունները՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և հապճեպ հեռանում է տարածաշրջանից։

Իսկ ո՞վ է մեղավոր սրա համար։ Մեղադրողներն ու նրանց խնամակալները, իհարկե, Հայաստանի իշխանություններն են։ Էլ ո՞վ։

Ալեքսանդր ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

russia-artsakh.ru