Բաքուն աղավնի խեղդողի կերպարով նոր սպառնալիք է ստեղծում հայերի համար

Գնում ենք դեպի աշուն, դեպի նոր մի սադրանք ու սպառնալիք, այո´ հենց սպառնալիք, քանի դեռ ակնհայտ չկան դրա ռիսկերի գնահատականն ու ռիսկերի զսպման մոտեցումները։

Ցեղասպան Բաքուն Շուշիում ներդրել է էլեկտրական ավտոբուսներ՝ որպես կլիմայի գլոբալ փափոխման դեմ կանաչ քաղաքականության նշան։ Նավթի վաճառքի վրա ճկուն ու հեռահար քաղաքականություն տանող Բաքուն աշնանը աշխարհին կներկայանա որպես գլոբալ կլիմայական փոփոխությունների դեմ ներքին քաղաքականություն վարող պետություն։ Ու ոչ միայն։ Բաքուն ամեն առիթ օգտագործում է աշխարհին ներկայացնելու իր կեղծ ու հորինված խոսույթները ինչպես Լեռնային Ղարաբաղի պատկանելության վերաբերյալ, կամ Շուշի քաղաքի հիմնման մասին կեղծիքներն է միջազգայնացնում, տալով քաղաքին տարատեսակ կենտրոնների կարգավիճակ ու գրանցելով իր հորինված մտքերը, մյուս կողմից, ավերելով Արցախ աշխարհը՝ տալիս է կեղծ տեղեկություն՝ Արցախի  ավերված վիճակը վերագրելով հայկական կողմին։ Բայց Բաքուն սրանով էլ չի բավարարվի։

Բաքուն փորձելու է COP29-ի շրջանակում թե անտեղյակ աշխարհին, թե ծախու կողմին ներկայանալ իր «անմեղ ու նվիրյալ», աղավնի խեղդած էկոակտիվիստների կերպարով՝ կրկին։ Բաքուն այդ կերպարը մեկ անգամ չէ, որ օգտագործել է ընդդեմ հայության, դրանով էլ  արդարացրեց Արցախի Հանրապետության հայաթափումը, երբ ակնհայտ ծուղակի մեջ ներառեց անհեռատես ու միամիտ հայությանը։

Բաքուն, օգտվելով իր նպատակասլաց ու պետականամետ տարվող ներքին ու արտաքին քաղաքականությունից, այսօր արդեն պատրաստում է աշխարհին ներկայացնելու և մատուցելու Հայաստանի իր ստեղծած կերպարը։ Օգտվելով նաև հայկական կողմի իշխանավորների ինքնագոհ ու քնկոտ հոգեվիճակից, կլիմայի փոփոխության կասեցման ֆոնին Հայաստանի համար մի մեղավոր կերպար կհորինի ու կմատուցի իրեն բնորոշ «նվիրվածությամբ»։

Հայկական պետական անվտանգային համակարգը նոր չէ, որ պարալիզված է։ Պատահական են, արդյո՞ք, որ այսօր մամուլի տարբեր էջերում կամ սոցցանցերում բարձրացվում են հարցեր, որ իբրև Հայաստանը քաղցկեղի բարձր մակարդակով առաջին շարքի երկիր է, Երևանը օդի աղտոտմամբ աշխարհի առաջին քաղաքներից մեկն է, ավտովրաերթից մահացությամբ Երևանը աշխարհի առաջին քաղաքներից է… Տեսնում ե՞ք, թե ինչ ճնշող հիբրիդային պատերազմի գործիքներ են կիրառվում։ Իսկ ի՞նչ գիտենք մենք հարևան պետությունների ու դրանց մայրաքաղաքների քաղցկեղի մակարդակի, վրաերթի դեպքերի, օդի աղտոտման մակարդակի մասին։ Իհարկե, ոչինչ։ Ու դա բացարձակ վկայություն չէ այն բանի, որ դրանց մոտ ամեն ինչ իրենց տեղում է կամ էլ դրանք այդ նույն հարցերում առաջին տեղերում չեն։

Մեր պետության այսքան բաց լինելը չի վկայում, թե մեր պետությունը նույնքան ժողովրդավար է․ թե ժողովրդավար լիներ, տեղում բարձրացված որևէ հարց լուծում կգտներ։ Սա ընդամենը նշանակում է, որ չկա պետության անվտանգային համակարգի ռազմավարություն, չկա պետության՝ արտաքին հիբրիդային հարվածները կանխող ու զսպող իմունային համակարգ, պարզապես չկա անկախ ու ինքնուրույն անվտանգային գործող համակարգ։ Ամեն ինչ թույլ ու անտարբեր հակադարձման ռեժիմում է։

Ի՞նչ է անում հայկական կողմը, ի՞նչ հանձնարարականներ են ստացել հայկական գիտական հիմնարկները ադրբեջանի վայրագ ու կողոպտիչ քաղաքականությունը Կասպիցի ջրերի, հանքարդյունաբերության, նավթարդյունաբերության, կայուն օրգանական աղտոտիչների, Արցախի 120 հազար բնակչությանը տաս ամիսներ սովամահության շրջափակման մեջ պահելու, լայնամասշտաբ պատերազմի պատճառով էկոլոգիական խնդիրներ հարուցելու հարցերը բացահայտելու նպատակով։

Հիշեցնեմ, որ այս տարի ապրիլի 24-ին օկուպացված Բերձորում 30 երկրներից 64 փորձագետների մասնակցությամբ Բաքուն անցկացրեց «COP29 և կանաչ հայացք ադրբեջանի համար» միջազգային կոնֆերանս։ Բաքուն չի թաքցնում, որ գլոբալ միջոցառումը կօգտագործի մեծագույնս օգուտ քաղելու և սեփական առաջնորդին որպես «խաղաղության աղավնի» ներկայացնելու համար։ Բայց Բաքուն չի թաքցնում, որ պատրաստվում է իրեն տրամադրված այդ բարձր ամբիոնից հնարավորինս վնասելու Հայաստանին։

Հայկական պետականությունը պետք է ձեռնարկի  ինքնապաշտպանական ու հակադարձման, նաև նախահարձակ քայլեր։ Հակառակ դեպքում, աշնանը սպասվող դիրքերում պարզապես տնկված ծառերը չեն պաշտպանի հայկական պետականությանը թրքական հայասպան քաղաքականությունից։ Ամեն ինչ ավելի քան լուրջ է ու սպառնալից։

Մարիամ Ավագյան

Շուշիից Պեկին. ո՞ւմ է ներկայացնում Օրբանը

Համաշխարհային լրատվամիջոցները հայտնում են, որ «ուկրաինական շրջագայության» շրջանակներում ԵՄ-ում վեց ամսով նախագահող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Կիևից և Մոսկվայից հետո մեկնել է Պեկին։ Լրագրողները բաց են թողնում մեկ այլ կարևոր կետ, որտեղ Օրբանը ժամանել է Մոսկվայից հետո՝ օկուպացված հայկական Շուշին, որտեղ նա մասնակցել է թյուրքական պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

ԵՄ առաջնորդներն ասել են, որ Օրբանը չի ներկայացնում ԵՄ-ն բանակցություններում։ Այդ դեպքում ո՞ւմ է նա ներկայացնում։ Դատելով երթուղուց՝ այն ներկայացնում է թյուրքական աշխարհը՝ ռուս-թուրքական դաշինքը, որը փորձում է դաշնակիցներ գտնել Արևմուտքի դեմ պայքարում՝ նոր աշխարհակարգ կառուցելու գործընթացում։

Չինաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լարվածությունը սրում է Չինաստանում թյուրքալեզու ույղուրների վիճակը, որոնց հարցը պեդալավորում է Թուրքիան՝ համոզելով Պեկինին գնալ փոխզիջումների:

ԵՄ ղեկավարներն արդեն հայտարարել են, որ Օրբանի այցը Շուշի նույնպես չի արտոնվել Եվրամիության կողմից։ Բայց Օրբանին այլեւս չի հետաքրքրում, նա պատրաստվում է Թրամփի իշխանության գալուն ԱՄՆ-ում։

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը

Կիրակի մեկնարկեց «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը, որի հյուրերի կազմում են Քեվին Սփեյսին, Ատոմ Եգոյանը եւ այլ աստղեր։

Փառատոնն  այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաեւ ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի եւ այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին, հայտնում է news.am-ը։

Ձախ կոալիցիան հաղթեց Ֆրանսիայում, Մելանշոնը՝ Իսրայելի և Հայաստանի մասին

«Նոր ժողովրդական ճակատ» (NPF) ձախ կուսակցությունների կոալիցիան հաղթել է Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում և ստացել 182 մանդատ Ազգային ժողովում, հայտնում են երկրի ՆԳՆ պաշտոնական տվյալները։

Երկրորդ տեղը զբաղեցրել է նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիան (168 մանդատ), երրորդ տեղում՝ ծայրահեղ աջ «Ազգային հանրահավաքը» (RN)՝ Մարին Լը Պենի և Ջորդան Բարդելլայի ղեկավարությամբ, որը ստացել է 143 մանդատ։

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 66,63 տոկոս։

Ընդ որում, ոչ մի քաղաքական ուժի չի հաջողվել մեծամասնություն ստանալ խորհրդարանում։ Ազգային ժողովն ունի 577 պատգամավոր, իսկ մեծամասնության համար անհրաժեշտ է 289 մանդատ։

«Ազգային հանրահավաքը» գրավեց առաջին տեղը առաջին փուլում և հույս ուներ ուժեղ արդյունքի հասնել կիրակի օրվա քվեարկության ժամանակ, սակայն երկրորդ փուլից առաջ ձախերն ու Մակրոնի կողմնակիցները միավորեցին ուժերը՝ կանխելու ծայրահեղ աջերի հաղթանակը:

Երկու օրվա ընթցքում Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում իշխանությունը փոխվեց. ձախերը վերադարձան։ Առանցքային երկրներում իշխանափոխության հետ կապված բարձրացված հիմնական հարցերից մեկը Իսրայելի նկատմամբ վերաբերմունքն է։

«Իսրայելի և Գազայի հատվածի դեմ սանձազերծված բոլոր բռնությունները միայն մեկ բան են ապացուցում. բռնությունը բռնություն է ծնում և ինքն իրեն վերարտադրում։ Մենք սարսափում ենք, և մեր մտքերն ու կարեկցանքը ուղղված են բոլոր նրանց, ովքեր տուժել են դրանից: Անհրաժեշտ է զինադադար. Ֆրանսիան պետք է դրան հասնի քաղաքական և դիվանագիտական ​​ուժերով», – ավելի վաղ հայտարարել էր Ֆրանսիայի ծայրահեղ ձախերի առաջնորդ Ժան-Լյուկ Մելենշոնը, նրա խոսքով, տարածաշրջանը պետք է վերադառնա Իսրայելի և Պաղեստինի ժողովուրդների խաղաղ գոյակցությանը, ինչպես նշված է ՄԱԿ-ի բանաձեւերում:

Բացի այդ, ձախերի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը Հայաստան է ժամանել 2024 թվականի ապրիլի 24-ին և մեղադրել Իսրայելին Ադրբեջանին զենք մատակարարելու մեջ՝ դրա դիմաց Իսրայելի գործողությունների համար հարթակ ստանալով։ 

«Աշխարհի բոլոր ժողովուրդները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, որովհետև դա միակ գրավականն է, որ աշխարհը միասնաբար կգա մի գիտակցության, որ արգելվում է ցանկացած ցեղասպանական գործողություն։ Այն փաստը, որ դա չի արվել մինչ այսօր, թույլ է տրվել, որ Գազայում տեղի ունենան նույնատիպ ցեղասպանական գործողություններ»,- ասաց Մելանշոնը։

Անդրադառնալով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նա նշեց, որ պետք է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառվի, որպեսզի կասեցվի նրա ծավալապաշտական նկրտումները։

«Երբ տեսնում եմ, որ եվրոպական իշխանությունները, որոնք, որպես կանոն, պետք է ի վիճակի լինեն ամեն ջանք գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների քաղաքակիրթ ճանաչմանը հասնելու համար, ոչինչ չեն անում և նույնիսկ պայմանագրեր են կնքում Ադրբեջանի հետ, ինչը երաշխավորում է Ադրբեջանի անպատժելիությունը։ Դա չպետք է անել։

Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ։ Եթե մեկ անգամ Ադրբեջանը պատժվի, դա այլևս չի կրկնվի, ուրեմն պետք է կիրառվեն պատժամիջոցներ ամբողջական ձևով»,- եզրափակեց նախկին պատգամավորը։

Մեծ Բրիտանիայում իշխանության եկած լեյբորիտները մոտավորապես նույն կարծիքին են Իսրայելի վերաբերյալ։

Իսրայելի եւ Հայաստանի հարցը համարվում է առանցքային նոր աշխարհակարգ կառուցելու համար, իսկ ձախերի և լեյբորիստների հաղթանակը Ֆրանսիայում և Բրիտանիայում վկայում է այն մասին, որ աշխարհում միտումները փոխվում են:

Էրդողանը ցանկանում է հաշտվել Ասադի հետ Պուտինի միջոցով և մերձանալ Իրանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիտարկում է Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունները կարգավորելու համար Թուրքիայում բանակցություններ անցկացնելու տարբերակը։

«Մենք այժմ գտնվում ենք մի փուլում, երբ հենց [Սիրիայի նախագահ] Բաշար ալ-Ասադը քայլ կատարի Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, մենք նույնը կանենք։ Որովհետև նախկինում մենք թշնամի չէինք Սիրիայի հետ, Ասադի հետ հանդիպել ենք որպես ընտանիքի անդամ։ Մենք ցանկացած պահի կարող ենք ուղարկել մեր հրավերները: Հուսով ենք, որ դրա շնորհիվ մենք կկարողանանք թուրք-սիրիական հարաբերությունները հասցնել նույն մակարդակի, ինչ նախկինում էր։ Պուտինը մտադրություն ունի Թուրքիայում հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Այս հարցում իր մոտեցումներն ունի նաև Իրաքի վարչապետը։ Մենք միշտ խոսում ենք միջնորդության մասին, բայց ինչո՞ւ մեր հարևանները չեն կարող միջնորդ լինել»,- Էրդողանի խոսքն է մեջբերում Anadolu գործակալությունը։

Ուրբաթ օրը թուրք առաջնորդն ասել էր, որ դիտարկում է Ռուսաստանի և Սիրիայի նախագահներին Թուրքիա հրավիրելու հարցը՝ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորումը և ընդհանրապես սիրիական կարգավորումը քննարկելու նպատակով։ Ըստ նրա, «եթե պարոն Պուտինը կարողանա այցելել Թուրքիա, դա կարող է լինել թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման նոր գործընթացի սկիզբը»։ Նա նաև նշել է, որ «անհրաժեշտ է մշտական ​​կարգավորման մեխանիզմ ստեղծել»։

Հունիսի վերջին «Ալ Վաթան» թերթը, վկայակոչելով կառավարական աղբյուրները, հայտնել էր, որ Բաղդադը կդառնա Սիրիայի և Թուրքիայի միջև բանակցությունների վայր։ Պարբերականը չի նշել ենթադրյալ ամսաթիվը։

Նման հայտարարություն նա արել է Իրանում նախագահական ընտրությունների ավարտից հետո։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրանի նախագահական ընտրություններում հաղթած Մասուդ Փեզեշկիանը «իրականում թուրք է»։ Այս մասին քաղաքական գործիչը լրագրողներին ասել է ինքնաթիռում Գերմանիայից վերադառնալիս, հայտնում է թուրքական TRT Harber հեռուստաալիքը։

«Մասուդ Փեզեշկիանն իրականում ադրբեջանական ծագումով թուրք է։ Օրինակ՝ Թավրիզում նա խոսում է թուրքերեն։ Բայց երբ գնում է քրդաբնակ շրջաններ, այնտեղ էլ կարող է քրդերեն խոսել»,- ասել է թուրք առաջնորդը։

Էրդողանը հավելել է, որ կապ կհաստատի Իրանի նոր նախագահի հետ և կշնորհավորի նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Թուրքիայի նախագահը նաև հույս է հայտնել, որ Անկարան և Թեհրանը կշարունակեն զարգացնել արտաքին քաղաքական բոլոր տեսակի հարաբերությունները։

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Իրանը Թուրքիայի կարևոր հարևանն է, և երկիրը կապված է նրա հետ պատմամշակութային կապերով։

Վորոնեժի շրջանի պահեստում բռնկված հրդեհի պատճառով տարհանվել է մոտ հիսուն մարդ

Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտարարել է Պոդգորենսկի շրջանի երեք բնակավայրերի մի քանի տասնյակ բնակիչների ժամանակավոր կացարաններում տեղավորելու մասին՝ կապված տարածքում հայտարարված արտակարգ իրավիճակի հետ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր նահանգապետը, հուլիսի 7-ի գիշերը մի քանի անօդաչու թռչող սարք են խոցել, որից հետո բեկորներն ընկան պահեստներից մեկի վրա և սկսվեց «պայթուցիկ առարկաների պայթյունը»։

«Մենք շարունակում ենք վերացնել Պոդգորենսկի շրջանում արտակարգ իրավիճակի հետևանքները։ Առայժմ երեք բնակավայրերից մոտ 50 մարդ տեղափոխվել է ժամանակավոր տեղավորման կենտրոններ։ Մենք նրանց տրամադրում ենք ողջ անհրաժեշտ օգնությունը»,- գրել է Գուսևը Telegram-ի իր ալիքում։

Որոշ բնակիչներ մնացել են հարազատների մոտ։

Առկա տեղեկությունների համաձայն՝ Վորոնեժից մոտավորապես 140 կմ հեռավորության վրա գտնվող Սերգեևկա գյուղի մոտ տեղակայված զինամթերքի պահեստը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Ըստ ուկրաինական աղբյուրների՝ հենց այս պահեստից են հրթիռներ, արկեր ու զինամթերք մատակարարվել Ուկրաինայում գտնվող ռուսական զորքերին։

Առաջին պայթյունի հնչելուց հետո սկսվել է պահեստավորված զինամթերքի պայթեցումը։ Ծխի սյունը տեսանելի է շատ կիլոմետրերի վրա։

Անցած տարի մի տեսակ Վարդավարի ժամանակը չէր

Անցած տարի Ստեփանակերտից Ճարտար սիթի էի ճամբորդում` հասկանալու համար, թե այնտեղ ինչպես են հաղթահարում բլոկադան: Տրանսպորտի, վառելիքի պակասի պատճառով վարորդն որքան հնարավոր է ուղեւորներ էր վերցրել:

Երկու կին շրջափակման հանգուցալուծման սցենարներ էին քննարկում, հարցնում, թե, լավ, որքա՞ն, որքան կարող ենք այսպես ապրել, գնալով միայն պակասում են կենսական ապրանքները, ոչ գազ կա, ոչ լույս…

Զուրն է մնացել, դա էլ թող կտրեն` «լոխ լյավ ա ինելու», – հեգնաքով ասում էր մի տղամարդ:

Այդպես էլ եղավ, հենց ամռանն էլ կտրվեց ջուրը: Դա արդեն վախենալու էր: Իրոք վախենալու (ի դեպ, այդ օրերին արդեն կասկածելով էինք ջուր խմում, խոսակցություններ կար ջրի թունավորման մասին, իբր կով են գցել ջրամբար եւ այլն…):  Միանգամից պլաստիկ շշերով կանայք, երեխաներ եւ տղամարդիկ հայտնվեցին փողոցում: Ինչ որ խանութի նկուղում ջուր կար: Ես էլ միացա հերթին:

Հետո Կարմիր Խաչն ու Ստեփանակերտի քաղաքապետարանը ջրով պլաստիկ տարաներ տեղադրեցին բակերում: Պլաստիկ, սպիտակ մեծ տարաներում ջուրը կանգնում էր շաբաթներով, խմեք եւ «զովացեք»:

Առավոտյան շիշը ձեռքիս գնացել էի ջրի, պարզվեց, որ դիմացի ավտոտնակի վարպետը հարթաշուրթով հանել էր ծորակի պտուտակը, որ երեխաները ջրով չխաղան, վարդավարի ժամանակը չէր…

Ես գարաժից վերցրի հարթաշուրթ, ապա վարպետի պես փակեցի ծորակը եւ 1.5լ ջրով գնացի տուն:

Այսպես շատ համեստ անցավ անցած տարի 2023 թվականի մեր «Վարդավարը» Ստեփանակերտում:

Մարութ Վանյան

Հուլիսի 9-ին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց տեղի կունենա ակցիա ի պաշտպանումն Արցախում մնացած ժառանգության

Հուլիսի 9-ին ժամը 11:00-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց տեղի կունենա պահանջատիրական ակցիա, ի կատարումն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի և 2023թ. նոյեմբերի 17-ի որոշումների։
Ադրբեջանը Արցախում կատարած էթնիկ զտումից հետո արագ տեմպերով ոչնչացնում է հայերի ժառանգությունը՝ եկեղեցիներ, գերեզմանոցներ, բնակավայրեր, դրանով իսկ փորձելով վերացնել հայության դարավոր ապացույցները:
Պահանջելու ենք ՄԱԿ-ից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ պահպանելու արցախահայության մասնավոր սեփականությունն ու հոգեւոր-մշակութային ժառանգությունը՝ մինչ մեր հետվերադարձը։
2021 թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել էր «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի համատեքստում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում Հայաստանի Հանրապետության ներկայացրած հայցի հիման վրա հրատապ միջոցներ կիրառելու մասին որոշումը՝ ի թիվս այլ հարցերի պարտավորեցնելով Ադրբեջանի Հանրապետությանը «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:
Դատարանը 2023թ. նոյեմբերի 17-ին հրապարակել է նոր որոշում առ այն, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել սեպտեմբերի 19-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով ԼՂ-ից մեկնած անձանց անարգել եւ անվտանգ մուտքը կամ ելքը Լեռնային Ղարաբաղ։ Ադրբեջանը պարտավոր է ապահովել ցանկացողների վերադարձը, ինչպես նաեւ նրանց ապահով ապրելու հնարավորությունը իրենց բնակավայրում` առանց սպառնալիքների։
Միջազգային դատարանը նաեւ պարտավորեցրել էր Ադրբեջանին պահպանել, չոչնչացնել ԼՂ բնակիչների սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը։

Հասցե` ք. Երեւան, Պետրոս Ադամյան 14

Մինչ նոր Վարդավառ Տիգրանակերտում

Վարդավառն Արցախում շատերիս համար ասոցացվում էր Տիգրանակերտի հետ, քանի որ պետական մակարդակով այն առաջին անգամ նշվեց Տիգրանակերտում և առաջին իսկ անգամից սիրվեց։ Այդ օրը բոլորը շտապում էին դեպի Տիգրանակերտ, մեծ ու փոքր, տեղացիներ, թե հյուրեր։ Այն սիրելի տոն էր դարձել նաև օտարների համար, ովքեր առաջին անգամ մասնակից դառնալով, վերադարձան երկրորդ, ոմանք նույնիսկ երրորդ անգամ։ Իսկ գրկաբաց ու տաք Տիգրանակերտում ամեն ինչ կար տոնական օրը լավագույնս վայելելու համար։ Ու չնայած Վարդավառը նշվում էր Արցախի բոլոր շրջաններում, բայց կենտրոնական վայրը դարձել էր Տիգրանակերտը։ Վստահ եմ, այն այսօր շատ արցախցիների համար ամենաքաղցր հուշերից է։

2020 թվականի ողբերգությունից հետո, Տիգրանակերտը հլու-հնազանդ հանձնվեց թշնամուն ու Վարդավառի ավանդույթը տեղափոխվեց Աղավնո, սակայն նպատակն այլևս ուրախ տոն ունենալը չէր, այլ փորձ էր հայության ուշադրությունը հրավիրել այդ ճակատագրական կետի վրա, որը Արցախի շնչուղին էր։ Բայց ավաղ, ինչպես միշտ, մենք չտարբերեցինք կարևորն անկարևորից ու դա ընկալվեց սոսկ որպես ուրախ տոն։ Ոմանց եռանդուն ջանքերով փակվեց Արցախի շնչուղին, արդյունքը տեսնում ենք։ Իսկ վարդավառից կրկին մնացին լուսանկարներ ու հուշեր։

Շնորհավոր բոլորի սիրո տոնը, թող սերը իշխի հայոց աշխարհում, զուգահեռ նաև Վահագնի ուժը։

Մինչ նոր Վարդավառ Տիգրանակերտում։

Արմինե Հայրապետյան

Լուսանկարները՝ Ալվարդ Գրիգորյանի

«Եղբայրական Արցախը» և Սուխումի ռեալպոլիտիկը

Աբխազիայի Հանրապետության հայ համայնքը հաղորդագրություն է հրապարակել, որում դատապարտել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները Վրաստան կատարած այցի ժամանակ։

«Աբխազիայի Հանրապետության հայ համայնքը չի ընդունում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ վրացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հնչեցրած ձևակերպումները։ Թբիլիսիի դիրքորոշումը մեր Հայրենիքի՝ ինքնիշխան Աբխազիայի նկատմամբ, վաղուց հայտնի է։ Դա ակնհայտ բաների հերքում է, որովհետև Աբխազիայի Հանրապետությունը ավելի քան 30 տարի գոյություն ունի աշխարհի քաղաքական քարտեզի վրա։ Այսօր այն ճանաչված է և ունի միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակ։

Այժմ Հայաստանի իշխանությունները քաղաքական կարճատեսություն են դրսեւորում։ Ուրիշ ինչպե՞ս բացատրել արտաքին գործերի նախարարի վերջին հայտարարությունները։ Ինչպես ասում են՝ ծիծաղելի կլիներ, եթե այդքան վիրավորական չլիներ։ Վրաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է մի իշխանություն, որը հանձնեց եղբայրական Արցախը։

…Աբխազների, ռուսների, չերքեզների, աբազինների, վրացիների, հույների և շատ ուրիշների հետ մենք կառուցում ենք ինքնիշխան պետություն։ Եվ այս հարցում մենք լուրջ հաջողությունների ենք հասել։ Ի տարբերություն նրանց, ովքեր բացահայտորեն հանձնեցին Արցախը»։

Մենք շատ լավ հասկանում ենք, որ թե ինչու Աբխազիայի իշխանությունների կողմից նման հայտարարություն անելու հրատապ պահանջ է ներկայացվել Աբխազիայի հայ համայնքի ղեկավարությունից, այս ամենը լիովին տեղավորվում է, այսպես կոչված, ռեալպոլիտիկի (real politics) մեջ։

Հասկանում ենք նաև, թե որտեղից են աճում «պաշտոնական իշխանությունը, որը հանձնեց եղբայրական Արցախն իր եղջյուրներով» նախադասության ոտքերը։ Սա Կիսելյովի քարոզչության և ՌԴ ԱԳՆ-ի կնիքն է, որը կոչված է շեղելու հանրության ուշադրությունը Կրեմլի կողմից 2020-2023 թվականներին Բաքվի նացիստներին Լեռնային Ղարաբաղի ամոթալի հանձնումից:

1990-ականների վերջին և մինչև 2008 թվականը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ), Աբխազիայի Հանրապետության (ՀՀ), Հարավային Օսիայի Հանրապետության (ՀՕՍ) և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄԴՀ) ներկայացուցիչները կանոնավոր խորհրդակցություններ, հանդիպումներ են անցկացրել օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների հետ:

Մոսկվայում, Ռուսաստանի Դաշնության Նախագահի վարչակազմի հովանու ներքո, բազմիցս անցկացվել են ԱՊՀ-2 երկրների՝ Չճանաչված պետությունների միության խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումները բոլոր չորս հանրապետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Ղարաբաղը դիտորդի կարգավիճակ ուներ։

Չճանաչված պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) ստեղծման ժամանակ տեղի ունեցավ բոլոր չորս հանրապետությունների փոխադարձ ճանաչումը։

2008 թվականի օգոստոսին Ռուսաստանի Դաշնության կողմից Աբխազիայի Հանրապետության ճանաչումից հետո Կրեմլը համարեց, որ Լեռնային Ղարաբաղը և Մերձդնեստրն այլևս պետք չեն որպես Աբխազիայի ճանաչման սուբյեկտներ։

Այնուհետև Աբխազիայի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչվեց նաև Նիկարագուայի, Վենեսուելայի, Նաուրուի և Սիրիայի կողմից։ Վանուատուն և Տուվալուն Աբխազիան ճանաչել են 2011 թվականին, սակայն 2014 թվականին երկու միկրոհանրապետություններն էլ հետ են կանչել իրենց ճանաչումը։

Այն բանից հետո, երբ Կրեմլը թեքվեց դեպի թուրք-ադրբեջանական տանդեմը, պաշտոնական շփումները Աբխազիայի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև Սուխումի կողմից գրեթե զրոյի հասցվեցին։ Բնականաբար, Կրեմլի ճնշման ներքո։

Այս կապակցությամբ հոդվածի հեղինակը մի քանի հարց ունի Աբխազիայի հայ համայնքի ղեկավարությանը.

Նախ՝ անկախ Աբխազիայի իշխանությունները 2020-2023 թվականներին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) դեմ Բաքու-Անկարա-միջազգային ահաբեկիչներ եռակի դաշինքի ագրեսիայի դեմ ի՞նչ գործողություններ են ձեռնարկել։

Միգուցե արտաքին գործերի նախարարությունը կամ Աբխազիայի ղեկավարությունը դատապարտե՞լ են ադրբեջանական նացիստական ​​ռեժիմի ցեղասպան քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի տոտալ բարբարոսական շրջափակման ժամանակ 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերը, և 2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական էթնիկ զտումների ժամանակ։

Մենք բացարձակապես անտեղյակ ենք որևէ նման արարքի կամ հայտարարության մասին:

Երկրորդ՝ նույն ժամանակահատվածում Աբխազիայի հայ համայնքն ի՞նչ հայտարարություններ է արել այս հարցի վերաբերյալ։

Եվ վերջապես. եթե Արցախը «եղբայրակա՞ն» էր Աբխազիայի իշխանությունների համար, ինչո՞ւ նրանք ոչ մի խոսք չասացին Բաքվի նացիստների և նրա հովանավորների ցեղասպան քաղաքականության մասին։

Այսպիսով, Աբխազիայի կողմից Արցախի նկատմամբ «եղբայրությունն» ավարտվեց, երբ այն գերակշռեց Կրեմլի քաղաքական գծով, որը պարտադրված էր Սուխումիին։ Realpolitik, ինչպես ասում են։

Ալեքսանդր ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Արցախցի Արթուր Խաչենցը կներկայանա համերգով

Արցախցի Արթուր Խաչենցը օգոստոսի 23-ին ժամը 19:00-ին, Երեւանի Ազատության 2/2 հասցեում գտնվող Radisson Blu հյուրանոցի համերգային հարթակում կներկայանա Live համերգով, երաժշտական նվագախմբի հետ։

Տոմսերը կարող եք գնել Show4me.com կայքից։