ՔՊ-ն դեմ քվեարկեց արցախցիներին տրամադրվող օգնության վերահսկողությանը

ԱԺ ՔՊ խմբակցությունը դեմ քվեարկեց բռնի տեղահանված եւ ՀՀ տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը։

Թեեւ ավելի վաղ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ հանձնաժողովն իրավունքի ուժով այսպես թե այնպես ստեղծվելու է, բայց այսօրվա նիստում ՔՊ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ Սփյուռքից եւ միջազգային կազմակերպություններից հսկայական միջոցներ են հատկացվել Արցախից ժողովրդի կենսապայմանների բարելավման համար։ Եվ խորհրդարանն պարտավոր է իրականացնել արդյունավետ վերահսկողություն, այս հանձնաժողովի կարեւոր առաքելություններից մեկն էլ դա էր լինելու։

Երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում

Հոկտեմբերի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 03:38-ին (Գրինվիչի ժամանակով հոկտեմբերի 1-ին, ժամը 23։38-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․13⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3,7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում՝ 4-5 բալ ուժգնությամբ։

Իրանը երկու հարյուր հրթիռ է արձակել Իսրայելի վրա, Իսրայելը խոստանում է «հարձակվել նրանց վրա, ովքեր հարձակվում են իր վրա»

Իրանը երեքշաբթի երեկոյան զանգվածային հրթիռային հարձակման փորձ է կատարել Իսրայելի վրա։ Հետևանքների մասին տեղեկությունները ճշտվում են։ Թեհրանն ասել է, որ դա արել է ի պատասխան Հեզբոլլահի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդների մահվան:

Գործակալություններում և սոցցանցերում արդեն հայտնվել են բազմաթիվ տեսանյութեր, որոնցում հրթիռներ են թռչում Իրանում, թռչում Հորդանանի վրայով և գնդակոծվում կամ ընկնում Իսրայելում։

Տեղական ժամանակով երեկոյան ութն անց կեսին իսրայելական բանակը հայտարարեց, որ վտանգն անցել է, և հնարավոր է հեռանալ ռմբապաստարաններից։

Իսրայելի զինվորականների նախնական հաշվարկներով՝ իրանցիները 180 հրթիռ են արձակել։

Իրանը «մեծ սխալ է գործել և կվճարի դրա համար», երեկ ուշ երեկոյան, կառավարության նիստի ժամանակ, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ շեշտելով․ – «Մենք հավատարիմ կմնանք մեր հաստատած կանոններին՝ «ով մեզ վրա հարձակվի, մենք էլ նրա վրա կհարձակվենք»։

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին էլ հայտարարել է՝ հարձակումը հետևանքներ կունենա։

«Մենք ծրագրեր ունենք, և կգործենք այնտեղ, որտեղ և երբ անհրաժեշտ կհամարենք»,- ընդգծել է Հագարին:

Նա հավելել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը կշարունակեն «գործել ողջ ուժով և հզոր հարվածներ կհասցնեն Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, ինչպես դա եղել է վերջին տարվա ընթացքում»։

Իրանական ISNA լրատվական գործակալությունը երեքշաբթի երեկոյան հայտնել է, որ Իրանը փակել է իր Թեհրանի օդային տարածքը։ Չվերթները չեղարկվել են մինչև չորեքշաբթի առավոտյան ժամը 10-ը:

Երեկ կեսգիշերն անց «Զվարթնոց» օդանավակայանից «Ազատության»-ը փոխանցեցին, որ «Երևանից Դոհա և հակառակ ուղղությամբ այս գիշեր նախատեսված բոլոր չվերթները չեղարկվել են»։

Ըստ իսրայելական կողմի՝ երեկ երեկոյան Իրանից ընդհանուր առմամբ մոտ 200 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը հստակեցրեց՝ մոտ 180 հրթիռ է արձակվել։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամայել է ամերիկացի զինվորականներին օգնել Իսրայելին խոցել իրանական հրթիռները, հայտարարել է Սպիտակ տունը։ Բայդենը և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հետևում են հարձակմանը Սպիտակ տան իրավիճակների սենյակից և պարբերաբար թարմացումներ են ստանում, X-ում ասել է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Շոն Սավեթը:

Իրանի ղեկավարությունը Իսրայելի վրա հրթիռային հարձակումն անվանել է վրեժ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված պաղեստինյան արմատական «Համաս»-ի և Լիբանանում տեղակայված «Հեզբոլլահ»-ի առաջնորդների սպանության համար:

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) նախօրեին հայտարարել էր, որ «սահմանափակ ցամաքային գործողություններ է իրականացնում հարավային Լիբանանում գտնվող «Հեզբոլլա»-ի կառույցների և ենթակառուցվածքների դեմ» և այդ գործողությունները «հիմնված են ճշգրիտ հետախուզական տեղեկատվության վրա»: Լիբանանում ցամաքային գործողություններին նախորդել էին իսրայելական բանակի զանգվածային ավիահարվածները Լիբանանում գտնվող ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված «Հեզբոլլա»-ի հետ կապ ունեցող թիրախներին։

Իրանի փոխնախագահն ընդգծել է ՝ անընդունելի է ցանկացած սահմանային փոփոխություն

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին, հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը բարձր է գնահատել Իրանի սկզբունքային և հրապարակային դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների անքակտելիության վերաբերյալ:

Մոհամմադ Ռեազ Արեֆին, վերահաստատելով Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի խոսքերը՝ ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանը լիովին պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և անընդունելի համարում տարածաշրջանում ցանկացած սահմանային փոփոխություն: Միաժամանակ, նա ընդգծել է Հայաստանի հետ բազմաոլորտ համագործակցության Իրանի նպատակադրումն ու պատրաստակամությունը:

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն ընդգծել է, որ իր երկիրն աջակցում է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Հիշեցնենք, որ երեկ Իրանում Մոհամմադ Ռեզա Արեֆը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը խոսել է միջազգային սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին, պատրաստակամություն հայտնել Մոսկվայի հետ համագործակցել «Զանգեզուրի միջանցքի» հարցում։

«Մենք ընդգծում ենք տարածաշրջանային բոլոր ոլորտներում համագործակցությունը մեր բարեկամ Ռուսաստանի Դաշնության հետ ամրապնդելու անհրաժեշտությունը՝ նույնիսկ այնպիսի վիճելի թեմաների շուրջ, ինչպիսին են, օրինակ, Պարսից ծոցում գտնվող իրանական կղզիները, Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը: Մենք ընդգծում ենք, որ սահմանի ցանկացած փոփոխություն կհանգեցնի անկայունության և ճանապարհ կհարթի ոչ տարածաշրջանային տերությունների կողմից չարաշահումների համար», – ըստ ռուսաստանյան և իրանական լրատվամիջոցների՝ ասել է Արեֆը։

Ռուսաստանի վարչապետը Իրանից ժամանել է Հայաստան։

“Նրանք կարող են պահանջել սահմանազատել Արարատի մարզի եւ Նախիջեւանի միջեւ սահմանագծի խիստ որոշակի հատված”

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ԱԺ նիստում ասաց, որ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը չհակասող է ճանաչել մի փաստաթուղթ, որն ական է Հայաստանի Հանրապետության տակ, եւ Ադրբեջանին հնարավորություն կտա բզկտել մեր սահմանները՝ Հայաստանի դեմ նոր հարձակում սկսելու համար։

Ըստ պատգամավորի՝ թե ի՞նչ հիմնարար սկզբունքներով է իրականացվելու սահմանազատումը, ՍԴ անդամներն այս հարցի պատասխանը չեն տալիս։ «Կասեն՝ Ալմա-Աթայի հռչակագրով։ Իսկ կասե՞ք՝ այդ հռչակագրում որ սահմաններն են հիշատակված, հռչակագրում սահմաններ նկարագրված չեն, որեւէ քարտեզի վրա հղում արված չէ։ Հաջորդը՝ ասվում է, որ ելակետային քարտեզը կարող է օպտիմալացվել։ Հասկանում եք, չէ, որ օպտիմալացման արդյունքում սահմանը կարող է փոփոխվել , ո՞վ պիտի հաստատի այդ նոր տարածքը։ Սահմանադրական դատարանին այդ հարցը չի հետաքրքրում»,- ասաց նա։

Արթուր Խաչատրյանը նաեւ հավելեց, որ մեկ այլ ական է հատվածական սահմանազատումը, որն ամրագրված է ՍԴ կողմից հավանության արժանացած կանոնակարգում։ «Ադրբեջանցիք կարող են պահանջել սահմանազատել Արարատի մարզի եւ Նախիջեւանի միջեւ սահմանագծի խիստ որոշակի հատված, վստահ եմ, հասկանում եք ինչ ի նկատի ունեմ։ Այդ հատվածում սահմանը կնկարագրվի, կստորագրվի, եւ վերջ։ Իսկ երբ կսահմանազատվի Ճամբարակի հատվածը, դարձյալ հասկանում եք, թե ինչ ի նկատի ունեմ, կամ ի՞նչ սկզբունքով, որևէ մեկն ասել չի կարող։ Այսինքն՝ այս թղթով, մենք ոչ թե պրոբլեմ ենք լուծում, այլ բազմաթիվ պրոբլեմներ ենք ստեղծում»։

ՍԴ որոշմանն անդրադարձավ նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Ըստ նրա՝ սա նպատակ ունի քողարկել այն գործընթացները ու զիջումները, որոնք ապագայում հնարավոր է ձեւակերպվեն «խաղաղության պայմանագրի» անվան կամ այլ փաստաթղթի տակ։

«Նշվում է, որ այս կանոնակարգով սահմանների օպտիմալացման հնարավորություն է տրվում, բայց օպտիմալացում նշանակում է տարածքի փոփոխություն, ինչը Սահմանադրության համաձայն՝ հանրաքվե է պահանջում։ Հետեւաբար, եթե ՍԴ-ն հետեւողական լիներ, պետք է ասեր՝ այս կանոնակարգը ենթակա է հանրաքվեով հաստատման, որովհետեւ Ազգային ժողովն իրավասու չէ նման լիազորություն վերապահել գործադիր իշխանությանը։ Եվ հաշվի առնելով նախադեպը, որը մենք ունենք թե Կիրանցի, թե Շուռնուխի, թե այլ տարածքների պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը փաստացի հանձնել են ՀՀ իրավազորության ներքո գտնվող տարածքները, այս կանոնակարգը պետք է անպայման անցնի հանրաքվեի ճանապարհով։ Պառլամենտն իրավունք չունի նման փաստաթուղթ վավերացնել։ Այս գործողությունները Քրեական օրենսգրքով պաշտպանվող պետական, հանրային ու ազգային շահերի դեմ ուղղված քայլեր են։ Իշխանափոխությունից հետո այս ամենն իր գնահատականը ստանալու է, այդ թվում՝ միջազգային քրեական արդարադատության շրջանակներում»,- ասաց Մինասյանը։

Հավատում եմ. Աստծո զորությամբ իմ Դավիթը կվերադառնա

Արցախի Մարտունու շրջանի Հերհեր գյուղում ծնված ու մեծացած, ապա մի ողջ կյանք Ասկերան քաղաքում ապրած Լարիսա Հայրիյանի մտքով երբևէ չէր անցել, որ ճակատագրի անիվն իրեն կհասցնի հեռավոր մերձմոսկովյան շրջաններից մեկը։

2023-ի Արցախի բռնատեղահանումից հետո նրա ընտանիքը շատերի պես բռնեց պանդխտության ճանապարհը։ Հայրիյանները սկզբում հաստատվեցին Գյումրիում, ապա տեղափոխվեցին Ռուսաստանի Դաշնություն՝ ավելի մոտ լինելու այնտեղ բնակվող թոռնուհու ընտանիքին։ Այսօր տիկին Լարիսան ծոռնուհուն է խնամում և միայն փոքրիկի կողքին կարելի է նրա աչքերում ուրախության նշույլներ տեսնել։

Ճերմակահեր կնոջ կյանքի ճանապարհն այնքան էլ դյուրին չի անցել։ Արցախյան բոլոր պատերազմներում մեծ կորուստներ է ունեցել նրա հայրական գերդաստանը։ Ամեն անգամ վերապրելով անցածը՝ քրքրվում են նրա հոգու վերքերը։

-Ոչ մի պատերազմ անցավ չի անցել մեր գերդաստանի կողքով։ Սկսած 90-ականների պատերազմից մինչև 2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմն ու 25-ի չարաբաստիկ պայթյունը։ Առաջին պատերազմում զոհվել է քրոջս որդին, 2020-ի 44-օրյա պատերազմում՝ քրոջս թոռը, եղբորս 2 թոռները։ Իմ թոռնիկից՝ Դավիթից, որ ընդամենը 2 ամսվա ժամկետային ծառայող էր, առայսօր լուր չկա։ Վերջին անգամ հետը խոսել ենք հոկտեմբերի 5-ին։

2023-ի մեկօրյա պատերազմում զոհվել է եղբորս մյուս թոռը։ Ասես այդքանը քիչ էր, պայթյունի ժամանակ էլ կորցրինք եղբորս տղաներին, որոնք Մարտունու շրջանից վառելիքի փնտրտուքով հասել էին մինչև պայթյունի վայրը։ Եղբայրներից մեկը մահացել է Ստեփանակերտի հիվանդանոցում, իսկ մյուսը անհետ կորած է համարվում։ Չգիտեմ՝ ոնց ենք դիմանում,-պատմում է վշտահար կինը, երկար հոգոց անում և շարունակում,- պետք է ուժ հավաքեմ, ապրեմ, որ տեսնեմ թոռանս վերադարձը։ Հավատում եմ․ Աստծո զորությամբ իմ Դավիթը կվերադառնա։

18 տարեկանից մինչև Արցախի տեղահանումը տիկին Լարիսան աշխատում էր առանց դադարի։ Ավելի քան 35 տարի նա հաշվապահություն էր անում, միաժամանակ ամուսնու հետ զբաղվում հողագործությամբ։ Անկեղծանում է․ լավ սովորող էր, սիրում էր քիմիան ու մաթեմատիկան։ Դպրոցն ավարտելուց հետո ցանկանում էր բարձրագույն ուսում ստանալ Բաքվում, սակայն ծնողները չթողեցին։ Ավարտեց Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի հաշվապահական հաշվառում բաժինը ու լավ հաշվապահ դարձավ:

Ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ նրա ընտանիքը հաղթահարում էր ամեն ինչ։ Հիշում է՝ ինչպես էին կրկին տուն կառուցում 90-ականների պատերազմի ժամանակ լրիվությամբ այրված իրենց տան տեղը։ Տարբեր տեղերից շինանյութ հայթայթելով՝ կարողացան տուն կառուցել ու ամեն ինչ սկսել զրոյից։

-Առաջին պատերազմից հետո, դիմակայելով հետպատերազմյան դժվարություններին, նորից տունուտեղ ենք դրել, ամուսնացրել մեր երեք զավակներին։ Ամուսնուս հետ միշտ աշխատել ենք օգնել մեր երեխաներին ու թոռներին, որոնք մեր հպարտությունն ու ուրախությունն են։ Մեր տունը հյուրընկալ օջախ էր, հաճախակի էին հավաքվում մեր հարազատները, առանձնապես Մարտունու շրջանի իմ գերդաստանից։ Հարսս՝ Գայանեն, մեր օջախի ավանդույթները պահողն ու շարունակողն է։ Երանի եմ տալիս այն օրերին, երբ մեր տանը միշտ ուրախություն ու խնդություն էր․․․

Մեծ ցավ եմ ապրում արցախցիներիս համար։ Կորցրինք Արցախը, բոլոր մեր սրբությունները մնացին գերության մեջ։ Այնքա՜ն տղաներ զոհվեցին: Նրանց թափած արյան գնով ձեռք բերվածը մենք չկարողացանք պահպանել։ Ամեն ինչ կարելի է վերստին ստեղծել, միայն մարդկային կորուստներն են անդառնալի և այդ ցավին դիմանալ պարզապես չի լինում։

Այսօր արցախցինեը ցրվել են աշխարհով մեկ, կարոտ մնացել իրար։ Ախր մենք մեր հայրենիքում էինք լիարժեք ապրում․ ինչո՞ւ այսպես ստացվեց, ո՞վ պիտի պատասխան տա:

Ախր օտար հողերը միշտ օտար կմնան մեզ,- չի հարմարվում Արցախի կորստին տիկին Լարիսան ու հավատում է, որ կգա վերադարձի օրը, և ինքն առաջիններից մեկը կլինի, որ կբռնի տունդարձի ճամփան:

Արցախից հազարավոր կիլոմետրեր հեռու ռուսական քաղաքում ապրող տիկին Լարիսան շարունակում է Արցախով շնչել։ Մեր զրույցի ընթացքում նա չէր դադարում հարցեր տալ հարևանների, ծանոթների ու գործընկերների մասին։ Նրան թվում է, թե Հայաստանում ապրող արցախցիներս ամեն օր տեսնում ենք իրար։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Լավ, մի՞թե ցանկություն չկա վերանայել, տեսնել ինչն է խնդիրը, ինչ է պետք շտկել

Արցախցիների արտագաղթի ծավալը ցույց է տալիս, որ խնդիր կա։ Այս մասին ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Արցախի քաղաքացիները, որոնք 2020 թվականի մազապուրծ տեղափոխվեցին Հայաստան եւ 2023 թվականին տեղափոխվեցին Հայաստան, նրանց էական հատված դուրս է եղել Հայաստանից։ Եվ ոչ թե եկան երեկ ու գնացին, որ ասենք՝ տրանզիտային կայան էր Հայաստանը, եւ մարդիկ միտք չունեին մնալու, ոչ, մարդիկ եկան, մնացին, փորձեցին աշխատել, տուն գտնել, բայց չկարողացան, ընտանիք պահելու խնդիր ունեն, գոյության խնդիր ունեն։ Չենք ասում կառավարությունը որեւէ բան չի անում, անում է, բայց արդյունքը, որը մենք տեսնում ենք, չի կարող բավարար լինել։ Լավ, մի՞թե ցանկություն չկա վերանայել, տեսնել ինչն է խնդիրը, ինչ է պետք շտկել։ Վերջիվերջո մեր բոլորիս, մեր պետության, մեր ազգի նպատակներից է բխում, որ արցախահայերը մնան Հայաստանի Հանրապետությունում։ Հետեւաբար, պետք է վերատեսության ենթարկել, շտկել այդ ծրագրերը, որոնք այսօր իրականացվում են»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Նա նշեց՝ արցախցիների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի օբյեկտիվ առաքելությունն է լինելու ուսումնասիրել այն ծրագրերը, որոնք այսօր իրականացվում են եւ բարելավումներ առաջարկել։

Նշենք, որ ԱԺ նիստում քննարկվեց բռնի տեղահանված եւ ՀՀ տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ հանձնաժողովն իրավունքի ուժով ստեղծվելու է։

Պատմական հայրենիքը «փնտրելու» Բաքվի կիրքը կարող է տանել Ալթայ. Սիմոնյան

Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով Իլհամ Ալիևի հայտարարությունները՝ ադրբեջանցիների՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու անհրաժեշտության մասին, հեգնանքով նշել է, որ ադրբեջանական որոշ շրջանակների՝ իրենց պատմական հայրենիքը փնտրելու կիրքը կարող է «տանել» նույնիսկ Ալթայ։

«Խաղաղության պայմանագրի խնդիրն է վերջնականապես հաստատել, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձ պահանջներ չունեն՝ Հայաստանը Հայաստան է, իսկ Ադրբեջանը՝ Ադրբեջան»,- ընդգծեց Սիմոնյանը։

Սիմոնյանն ընդգծեց, որ կարելի է անվերջ փնտրել պատմական հիմքեր ու հիմնավորումներ և միևնույն ժամանակ «մնալ ԵԽԽՎ-ից դուրս մնացած երկիր»։

Իրանում զինված հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել

Ահաբեկչություն է տեղի ունեցել Իրանի Բենթ քաղաքում (Սիստանի եւ Բելուջիստանի նահանգ), կան զոհեր եւ վիրավորներ, տեղեկացրել է IRNA-ն։

Նշվել է, որ անհայտ անձինք մեքենայից կրակ են բացել մարդկանց ուղղությամբ։

Որոշ ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ զոհվել է 5 մարդ, նրանց մեջ՝ Բենթ քաղաքի ԻՀՊԿ հրամանատար Փարվիզ Կադխոդաին եւ Բենթի քաղաքային խորհրդի ղեկավար Յուսիֆ Շիրանին։

Եվս 2 մարդ ծանր վիրավորվել է։

Մահացել է Վյաչեսլավ Դոբրինինը՝ զավակ Գալուստ Պետրոսյանի

Մահացել է ռուս հայտնի կոմպոզիտոր և երգիչ Վյաչեսլավ Դոբրինինը։
Վյաչեսլավ Դոբրինինը ծնվել է 1946 թվականի հունվարի 25-ին Մոսկվայում։ Հայրը՝ Գալուստ Պետրոսյանը, փոխգնդապետ էր, իսկ մայրը՝ Աննա Անտոնովան՝ բուժքույր։ Ծնողները հանդիպել են ռազմաճակատում՝ պատերազմի ժամանակ։ Պատերազմից հետո նրանք բաժանվեցին, Դոբրինինը չէր շփվում հոր հետ։
Նա «Ազնիվ խոսք» հաղորդաշարում պատմել է իր հայկական ծագման մասին՝ նշելով, որ իր երաժշտական ​​ունակությունները ժառանգել է հորից։
Դոբրինինը ավարտել է Մոսկվայի պետական ​​համալսարանի արվեստի տեսության ֆակուլտետը։ Ունի դուստր և թոռնուհի, ովքեր ապրում են ԱՄՆ-ում և շարունակում են ընտանիքի երաժշտական ​​ավանդույթները։
Մոտ 1000 երգի հեղինակ է։

Աժ-ն քննարկում է արցախցիների կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը

Ազգային ժողովն այսօր քննարկում է բռնի տեղահանված եւ ՀՀ տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ առաջարկում են քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանել 17՝ հաշվի առնելով աշխատանքի մեծ ծավալը։ «Նպատակն ամբողջովին տեղավորվում է սոցիալ-տնտեսական, իրավական հարթության մեջ։ Գլխավոր ուղղվածությունը մեր հայրենակիցների համար ՀՀ-ում բնակարանային, սոցիալական, կրթական, մշակութային եւ մարդու հիմնական իրավունքներից բխող կենսագործունեության համար անհրաժեշտ մնացյալ իրավունքների ապահովմանն ուղղված ծրագրերի, դրանց համար հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետության գնահատումն է։

Հայտնի է, որ բազմաթիվ ծրագրեր հայտարարված են, իրականացվում են, բայց նաեւ կան բազմաթիվ փաստեր, դիմումներ ու բողոքներ, որ կա անհամապատասխանություն կարիքների գնահատման եւ իրականացվող ծրագրերի միջեւ։ Հետեւաբար, հանձնաժողովի գլխավոր խնդիրը պետք է լինի նաեւ գործադիր իշխանության հետ աշխատանքի միջոցով հասնել այդ խնդիրների լիարժեք վերհանմանը, լուծմանը եւ արցախցիների սոցիալական ինտեգրմանը ՀՀ-ում, ինչը նաեւ էականորեն նպաստելու է արտագաղթի կասեցմանը»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ ասաց․ «Արցախի հարցը փակված չէ, որովհետեւ Ադրբեջանը հակամարտությունն ավելի է խորացրել։ Արցախի սուբյեկտայնությունը, նրա ժողովրդի սոցիալ-տնտեսական պայմանների պաշտպանությունը նպաստելու են Արցախի ժողովրդի արտագաղթի կանխարգելմանը։ Դա հետագայում հիմք կհանդիսանա նաեւ քաղաքական առումով Արցախի խնդրի առաջ քաշման համար»։

Մեծամոր. «Ընտանիք և Համայնք» ՀԿ-ի նախաձեռնությունը՝ երաժշտության և արվեստի միջոցով

«Ընտանիք և Համայնք» հասարակական կազմակերպությունը, որը հիմնադրվել է 2002 թվականին Թուֆենկյան հիմնադրամի կողմից, շարունակում է իր սոցիալական ծրագրերը՝ ուղղված Հայաստանի տարբեր մարզերում բնակվող ընտանիքներին ու երեխաներին աջակցելուն։ Ներկայումս կազմակերպությունն ունի հինգ գործող կենտրոն, որոնք տեղակայված են Արմավիրի, Շիրակի և Տավուշի մարզերում, և առաջնային ուշադրությունը կենտրոնացված է սոցիալական աջակցություն պահանջող համայնքների վրա:

Նոր նախաձեռնությունը, որն ուղղված է Մեծամորի երեխաներին, նպատակ ունի երաժշտության և արվեստի միջոցով խթանել երեխաների կրթական և հոգեբանական զարգացումը:

Կազմակերպության ներկայացուցիչները նշում են, որ անգամ ամենադժվար պայմաններում գտնվող երեխաները կարող են փոխվել և զարգանալ՝ ճիշտ մոտեցմամբ ու աջակցությամբ:

Մեծամորի կենտրոնում մեկնարկած ծրագրի գլխավոր բաղադրիչը երաժշտությունն ու արվեստն են, որոնք կարևոր գործիք են երեխաների համար՝ դառնալով ինքնադրսևորման միջոց: Կենտրոնն իր դռներն է բացում բոլոր երեխաների առաջ՝ անկախ նրանց սոցիալական պայմաններից, հնարավորություն տալով յուրաքանչյուրին գտնել իր ճանապարհը արվեստի միջոցով։

Արժեքավոր այս նախաձեռնությանը միացել է նաև հայտնի քանդակագործ և նկարիչ Արման Նուռը, ով պարբերաբար այցելում է Մեծամորի կենտրոն և հանդիպում երեխաների հետ: «Ես այստեղ եմ, որովհետև համարում եմ, որ ապագա սերունդը պետք է իմանա իր արմատները, պատմությունը և հասկանալ՝ ուր է գնում: Այսօրվա համացանցային իրականության մեջ իրականությունը խեղաթյուրված է, և կարևոր է, որ երեխաները սովորեն կապ հաստատել իրենց ինքնության հետ», – ասաց Նուռը։

Թուֆենկյան հիմնադրամը նախաձեռնել է նոր դրամահավաք, որը նպատակ ունի ապահովել «Ընտանիք և Համայնք» ՀԿ-ի Մեծամորի ծրագրի շարունակականությունը:

Այս նախաձեռնությունն ուղղված է ոչ միայն երեխաների կրթական հմտությունների զարգացմանը, այլև նրանց սոցիալական ինտեգրմանն ու հոգեբանական բարելավմանը, ինչը խիստ կարևոր է հատկապես սոցիալապես անապահով համայնքների համար:

Տաթև Ազիզյան