Լուսանկարները Մարութ Վանյանի

Լուսանկարները Մարութ Վանյանի

2020 թվականին Արամ Ասծատրյանը ժամկետային զինծառայող էր։ Ծառայել է Մարտունու զորամասերից մեկում։ Նա արդեն մեկուկես տարի ծառայել էր, երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։
Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած մարտերի ժամանակ Արամը ծանր վիրավորվել է ականանետի հարվածից, ինչի արդյունքում կորցրել է հիշողությունը։ Հիմա ոչինչ չի հիշում պատերազմի, 4-ամսյա կոմայի, հետագա վիրահատությունների, բուժման ժամանակահատվածի մասին։ Անցյալից նրա հիշողության մեջ մնացել է միայն վերականգնողական շրջանը։
Արամի բժիշկներն ու հարազատները համոզված են, որ նույնիսկ լավ է, որ նա չի հիշում այն բոլոր սարսափները, որոնց միջով անցել է 44-օրյա պատերազմի ընթացքում։ «Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակով քայլելով՝ նայում էի զոհված տղաների լուսանկարներն ու փորձում հիշել զինընկերներիս»,- ասում է Արամը։
Հերթական մարտի ժամանակ Արամը, իմանալով երկու ընկերների վիրավորվելու մասին, ինքնակամ փորձել է նրանց դուրս բերել մարտադաշտից, մեկին կարողացել է փրկել, սակայն երկրորդի հետեւից վերադառնալով՝ ինքն էլ հայտնվել է ականանետային կրակի տակ։
«Դա տեղի է ունեցել Շեխեր և Կարմիր շուկա գյուղերի մոտ։ Արամին վիրավորվելուց միայն 40 րոպե անց են կարողացել շտապօգնության մեքենայով ուղարկել, բայց ներսում արդեն 7 վիրավոր է եղել, եւ նրա համար նոր մեքենա են կանչել. Ճանապարհին առաջին շտապօգնության մեքենան անօդաչուն ոչնչացրել է, ներսում բոլորը մահացել են»,- «Ապառաժ» թերթին ասել է Արամի հայրը։
Պատերազմի ժամանակ Արամի հետ հաճախ էին շփվում հարազատները, նրա տրամադրությունը միշտ բարձր էր ու մարտական։ «Վերջին անգամ մեզ հետ խոսել է հոկտեմբերի 27-ին, վիրավորվել է 28-ի առավոտյան, վնասվածքի մասին տեղեկացել ենք հոկտեմբերի 30-ի առավոտյան։ Տեղեկացանք, որ նրան տեղափոխել են Գիշիում գտնվող հիվանդանոց, այնտեղից Գորիս ու ինքնաթիռով տեղափոխել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն»,- պատմում է հայրը։
Արամը գլխի թափանցող վերք է ստացել։ Բժիշկներն առանձնապես հույսեր չեն տվել՝ ասելով, որ ամեն ինչ Արամից է կախված։ Եվ հրաշք է թվում, որ 4 ամիս անց Արամը ուշքի է եկել։ Որից հետո նրան պետք է տեղափոխեին այլ հիվանդանոց՝ հետագա բուժման համար։
Հայրն ասում է, որ գիտակցության գալուց հետո իր առաջին խոսքերն են եղել. «Ու՞ր է զենքս, ո՞ւր են զենքերը»: Ասացին՝ պատերազմն ավարտվել է, դու հիվանդանոցում ես։
Հունիսի 19-ին Արամին ուղարկեցին Ռուսաստանի Դաշնություն՝ «Երեք քույր» վերականգնողական կենտրոն։
Այնտեղ Արամի վերականգնողական կուրս անցավ երկու շաբաթվա ընթացքում, հետո երկու անգամ վիրահատվեց ու սկսեց դանդաղ քայլել։ Խոսքը և քաշը աստիճանաբար վերադարձան նորմային:

2022 թվականի ապրիլին Արամն ինքնուրույն վերադառնում է Արցախ, որտեղ նշում է ծննդյան 21-ամյակը։ Արամը շատ լավ է հիշում այս տարեդարձը՝ ի տարբերություն նախորդի։
Արամը սպորտով էր զբաղվում և այնքան ուժեղ էր, որ նրան տվեցին «մոշնի» (հզոր) մականունը: Պատերազմն ու վնասվածքը փոխել են Արամի բնավորությունը, և նրա սիրելիներն ամեն ինչ անում են նրան հաճոյանալու համար։ Նա առաջին խմբի հաշմանդամություն ունի, բայց փորձում է վերադառնալ բնականոն կյանքին, ինքնուրույն զբոսնում է, հանդիպում ընկերների հետ։ Մինչ Արցախից արտաքսվելը Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն այցելելը նրա առօրյայի անբաժան մասն էր։ Ցավալի է, երբ ասում են, որ դեռ բուժման կարիք ունեք: «Պետք է աշխատանք ճարեմ, հետո աղջիկ գտնեմ, և չնայած բոլոր դժվարություններին, ես դրան կձգտեմ»,- ասում է Արամը։
Արսեն Աղաջանյան
ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրից օգտվելու համար այսօրվա դրությամբ դիմել է ավելի քան 960 արցախցի։ Նրանցից բնակարանի գնման հավաստագիր է ստացել ընդամենը շուրջ 30 ընտանիք։ Այս մասին step1.am-ին տեղեկացրին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։
Թեմայի շուրջ զրուցել ենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանի հետ։
–Տիկին Ղարագյոզյան, հունիս ամսից մեկնարկել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը: Նախարարության տրամադրած վիճակագրությունը ցույց է տալիս, որ արցախցիներն ակտիվություն չեն ցուցաբերում եւ չեն շտապում օգտվել այս ծրագրից։ Նախարարությունում վերլուծե՞լ եք իրավիճակը, կառավարության կանխատեսումներն արդարացվա՞ծ են, ո՞րն է այս իրավիճակի պատճառը։
-Այս պահին մեր կանխատեսումներն արդարացված չեն, իրավիճակը մտահոգիչ է։ Բայց մենք դիումների փոքր թիվը կապում ենք ՀՀ քաղաքացիության ստացման գործընթացի հետ, որը մի փոքր երկար է տեւում՝ հաշվի առնելով հերթերը։ Մեկ-երկու ամիս տեւում է ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը։ Եթե հաշվի առնենք, որ ծրագրում պարտադիր պայման է, որպեսզի ընտանիքի բոլոր անդամներն ունենան ՀՀ քաղաքացիություն, դրանով պայմանավորված դիմումների թիվն այսքան փոքր է։ Ստացված դիմումների մեջ էլ շատ են մերժումները՝ հիմնականում ընտանիքի առնվազն մեկ անդամի քաղաքացիություն չունենալու հիմքով։ Բայց մենք լավատես ենք, որ մինչեւ տարեվերջ այս գործընթացն ավելի արագ առաջ կգնա, եւ գոնե մեկ-երկու ամիս առաջ քաղաքացիության համար դիմած շահառուներն արդեն կստանան քաղաքացիություն եւ կկարողանան դիմել ծրագրից օգտվելու համար։
–Եթե ընտանիքը դիմում է նախարարություն, բոլորն ունեն ՀՀ քաղաքացիություն, որքա՞ն ժամանակ է պահանջվում, որպեսզի կարողանան հավաստագիր ստանալ։
-Դիմելուց հետո հավաստագրի ստացման համար որոշմամբ սահմանված է 10 աշխատանքային օր, եթե ընտանիքի որեւէ անդամի տվյալներում չկան թերի տվյալներ։ Ուղղակի մենք ի սկզբեն սահմանել էինք, որ տեղեկատվության ստուգումը բացառապես ինքնաշխատ եղանակով պետք է արվեր, բայց կանգնեցինք խնդրի առաջ, որ առկա բազաները, հատկապես Արցախից ուղարկված բազաներն այնքան էլ ամբողջական չեն։ Եվ, օրինակ, գրանցված ամուսնության առկայության փաստի ստուգումն ինքնաշխատ եղանակով ուղղակի հնարավոր չէ, քանի որ թվային տեղեկատվություն չկա։ Եվ կառավարության սեպտեմբերի 26-ի նիստում մենք ունեինք որոշման նախագիծ, ըստ որի՝ Միասնական սոցիալական ծառայությանը վերագրում ենք գործառույթ, այն է՝ այն դեպքում, երբ տեղեկատվությունն ինքնաշխատ եղանակով հնարավոր չէ նույնականացնել, մենք կպահանջենք բնօրինակ փաստաթղթեր։ Եվ արդեն բնօրինակ փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա մեխինիկական եղանակով կկայացվի որոշումը։ Եվ այն դիմումները, որոնք, ըստ ձեզ տրված վիճակագրության, ներկայացված են որպես ընթացիկ ու ստուգման ենթակա, դրանք արդեն շատ արագ կստանան կարգավիճակ։
-Կա՞ վիճակագրություն, թե հիմնականում որ մարզերում են արցախցիները ցանկանում բնակարաններ ձեռք բերել։
-Մենք հիմա այդ վիճակագրությունը չենք կարող ունենալ, որովհետեւ երբ տրամադրում ենք հավաստագիր, այնտեղ որեւէ սահմանափակում չենք դնում։ Եվ միայն հավաստագիրն իրացնելուց հետո մենք կունենանք այդ վիճակագրությունը, քանի որ դա բացառապես մեր շահառուների ցանկությունն է, որը կարող է ժամանակի ընթացքում փոփոխվել։ Այսինքն՝ իրենք կարող է հավաստագիրն ստանալիս մտածեին, որ ուզում են, օրինակ, Կոտայքում բնակարան ձեռք բերել, բայց հետո շատ հարմար տարբերակ տեսնեն Գեղարքունիքում եւ գնան այնտեղ։ Հնարավոր է, որ սկզբում մարդը ցանկացել է երեւանամերձ բնակավայրում գույք ձեռք բերել, բայց հավաստագիր ստանալուց հետո եւս մեկ անգամ վերլուծելու արդյունքում գտել է, որ շատ ավելի նպատակահարմար կլինի 242 բնակավայրերից որեւէ մեկում ձեռք բերել գույքը, որտեղ աջակցության չափն առավելագույնն է, եւ արդյունքում ունենալ շատ ավելի մեծ տարածքով բնակարան։ Մենք մեր հանրային իրազեկման արշավի ընթացքում փորձում ենք մարդկանց մատչելի ներկայացնել, որ այնպես չէ, որ 4 կամ 5 մլն աջակցության գումարով բնակավայրերը բոլորը սահմանամերձ են կամ գյուղեր են։ Մենք այդ թվում ունենք նաեւ քաղաքներ եւ ոչ սահմանամերձ, ընտրությունը կատարելուց առաջ պետք է երկար մտածել եւ լավ ուսումնասիրել այդ ցանկերը՝ տվյալ ընտանիքի համար առավել հարմար բնակավայր գտնելու համար։ Դրա համար մենք այս փուլում որեւէ սահմանափակում չենք դնում, մենք տրամադրում ենք հավաստագիր, որն իրենց հնարավորություն կտա մեկ անձի հաշվով եւ 3, եւ 4, եւ 5 մլն դրամ աջակցության շրջանակերում բնակարան ձեռք բերել։ Երբ արդեն հավաստագրերը կիրացվեն, եւ մենք բանկերից կստանանք տեղեկատվությունը, այն ժամանակ արդեն հնարավորություն կլինի ստանալ վիճակագրություն ըստ բնակավայրերի։
-Իսկ ունե՞ք վերլուծություն, ՀՀ քաղաքացիություն ստանալու պարտադիր պահա՞նջն է պատճառը, որ արցացխիները խուսափում են օգտվել այս ծրագրից։ Մենք գիտենք, որ բռնի տեղահանված արցախցիների շրջանում կան մտահոգություններ, նրանցից շատերը չեն ցանկանում ՀՀ քաղաքացիություն ստանալ, քանի որ նախ համարում են, որ այսպես թե այնպես իրենք ՀՀ քաղաքացի են, երկրորդ, մարդիկ մտավախություն ունեն, որ այսպիսով փորձում են իրենց զրկել իրենց իրավունքներից։
-Այո, չգիտես ինչու, մարդիկ ՀՀ քաղաքացիություն ստանալը կապում են Արցախի թեման վերջնականապես փակելու հետ, որն իրականության հետ աղերս չունի։ Ասում են, որ ՀՀ քաղաքացիություն ստանալով՝ խաչ կքաշվի վերադարձի վրա, կմոռացվի Արցախ վերադարձի հարցը։ Բայց մենք պարբերաբար բոլորին հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելը որեւէ կերպ կապ չունի նախկինում ունեցած քաղաքացիության չեղարկման կամ դրա վերաբերյալ տեղեկատվության ոչնչացման հետ։ Տեղեկատվությունը բնակչության պետական ռեգիստրում կա, լինելու է, եւ ցանկացած պահի, երբ որեւէ անձի տվյալներով որոնում կատարենք տվյալների շտեմարանում, երեւալու է, թե վերջինս իր կյանքի ընթացքում որ ժամանակահատվածում որ երկրի քաղաքացիություն է ունեցել։ Եվ դա ջնջման, ոչնչացման կամ չեղարկման ենթակա ինֆորմացիա չէ։ Ուղղակի պետք է հաշվի առնենք, որ եթե տվյալ երկրում պատրաստվում ենք ստանալ երկարաժամկետ կացություն, այն էլ պետության աջակցությամբ ձեռք բերված բնակարանում, պետք է գիտակցենք ինչպես մեր իրավունքների, այնպես էլ պարտականությունների մասին՝ որպես տվյալ երկրի քաղաքացի։
-Իսկ հնարավո՞ր է, որ այս ծրագիրը չեղարկվի կամ փոփոխության ենթարկվի՝ հաշվի առնելով այն, որ նախնական փուլում արդեն կարծես ձախողվում է։
-Չեղարկվել բառն ընդհանապես չօգտագործենք, որովհետեւ բացառվում է նման երեւույթ։ Եթե մենք սկսել ենք այս ծրագիրը, պետք է ամեն կերպ այն հասցնենք իր բարեհաջող ավարտին։ Այլ հարց է, որ եթե ժամանակի ընթացքում կարձանագրվեն խոչընդոտներ, որոնք իրապես խանգարում են ծրագրի արդյունավետությանը, ապա, այո, կքննարկվի ծրագրում բարեփոխումներ անելու հարցը։ Բայց այս պահին դեռեւս նման քննարկում չկա, որովհետեւ մենք դեռ սպասում ենք մեր շահառուների քաղաքացիության հարցի կարգավորմանը։ Սերտ համագործակցում ենք Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության մեր գործընկերների հետ, որպեսզի հասկանանք, թե այնտեղ ինչ իրավիճակ է եւ զուգահեռներ ենք անցկացնում մեր ծրագրին դիմելիության հետ։ Եթե տարեվերջյան ցուցանիշներն ամփոփելուց հետո կրկին կարձանագրվի, որ մենք ունենք լուրջ խնդիրներ, որոնք խոչընդոտում են ծրագրի արդյունավետությանը, կառավարությունը միշտ պատրաստ է վերանայել դրույթները։
Ռոզա Հովհաննիսյան
Սահմանադրական դատարանը որոշեց, որ հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը։ Բարձր դատարանի դատավորները երեք օրում կայացրին այս որոշումը, այն վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Լրատվական ծառայության փոխանցմամբ՝ որոշումը եռօրյա ժամկետում կհրապարակվի բարձր դատարանի կայքէջում։
Առաջիկայում կառավարությունը կանոնակարգը կուղարկի խորհրդարան՝ ներպետական վավերացման։
«Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի մասին» օրենքի 2-րդ հոդվածում նշվում է, որ երկրի պետական սահմանը որոշվում է Միլլի Մեջլիսի որոշումներով։ Իսկ պետական սահմանների փոփոխությունը կարող է որոշվել միայն հանրաքվեի միջոցով։
Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Ըստ Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության՝ կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։
Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ հաղորդագրությունում նշված չեն:
Լռության րոպե հանուն նրանց, ովքեր նվիրել են իրենց կյանքը Հայրենիքին։
Ի հիշատակ զոհված հայորդիների՝ “Հայորդի” բարեգործական հիմնադրամը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից անվճար ծաղիկներ կբաժանի Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Ծաղիկներով վրանը կլինի “Զորաց” վահանակի հարևանությամբ։
2023 թվականի սեպտեմբերի 19-ից արցախցիների հոգեհանգիստների շարքը սկսվեց։ Սկզբում հուղարկավորվեցին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարտական գործողությունների ժամանակ զոհված հերոսները։ Հետո եղավ վառելիքի պահեստում պայթյուն, նորից հարյուրավոր զոհեր։ Այնուհետև նրանց հուղարկավորությունը, ովքեր չեն փրկվել տեղահանությունից կամ դրա հետևանքներից: 12 ամսվա ընթացքում հարազատներն ու ընկերները միմյանց հանդիպում էին հուղարկավորությունների ժամանակ, այցելելով գերեզմաններ և հուշահամալիրներ։
Այժմ ոգեկոչումների շարք է սկսվել՝ ողբերգությունների տարելիցի կապակցությամբ գերեզմանների այցելություններ և թաղումներ։
Ամալյան և Արմինեն իրենց հարազատների հետ այսօր Եռաբլուրում են։ Մեկ տարի առաջ վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորել է նրանց եղբայրն ու զոհվել է Արմինեի ամուսինը։ Նրանք ամուսնացած էին ընդամենը 11 ամիս։
Քույրերը հիշում են, որ տեղահանության լուրն իմացել են սեպտեմբերի 24-ի երեկոյան, եւ ինչպես բոլոր արցախցիները ստիպված հավաքում էին ճամպրուկները հայրենիքից հեռանալու համար: Սակայն տեղեկացրել էին, որ գրավ դրված ոսկիները բանկերը հետ են վերադարձվելու, ուստի որոշեցինք մեկ օր մնալ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, ինչպես հիշում է Ամալիան, նրանց եղբայրը, հերթական անգամ ստուգելով իրերը, դուրս է եկել տնից մի շարք այլ հարցեր լուծելու համար…
“Հետո սարսափելի պայթյուն լսեցինք։ Սկզբից չենք հասկացել, թե ինչ է տեղի ունեցել: Ավելի ուշ տեղեկացանք, որ պահեստն է եղել։ Մեկ էլ հիշում եմ՝ հարազատներով վազում ենք դեպի հիվանդանոցները․․․ այն հույսով, որ կգտնենք եղբորս…չենք գտել”։
Ցավը կրկնապատկվեց, քանի որ եղբորից բացի պայթյունի վայրում էր նաև Արմինեի ամուսինը: Եղբորը ոչ մի հիվանդանոցում չկարողացան գտնել, գտել էին ամուսնուն, ցավոք մի քանի ժամից ամուսինը մահացավ:
“Քրոջս ամուսինը 4-րդ զոհն էր, չգիտեմ գուցե եթե այդ ժամանակ հնարավոր լինել օդային ճանապարհով նրանց Հայաստան տեղափոխել, կկարողանայինք փրկել”։
Ընտանիքը Արցախից դուրս է եկել սեպտեմբերի 27-ին, իրենց հետ վերցրել են միայն ամենաթանկը` լուսանկարները: Գորիս հասել են սեպտեմբերի 29-ին: Ինչպես բոլոր ընտանիքները, այդ օրերը նրանց հիշողության մեջ մնացել են որպես կյանքի ամենադաժան օրեր: Նրանք ամբողջ ընտանիքով փոքր մեքենայով, իսկ ճանապարհի մյուս հատվածում քրոջ ամուսնու դիակը, որը պետք է հուղարկավորվեր Արցախից դուրս: Այդ ամենի մեջ նույնիսկ հաց չէին վերցրել, այդպես էլ թողել էին հայրենի տան բակի սեղանին: Արմինեն հիշում է, որ ճանապարհին ինչ-որ մեկը նրանց չորահաց էր հյուրասիրել, որը միակ սնունդն էր այդ 2 օրվա համար:
“Գորիս էինք հասել, շրջում էինք հիվանդանոցներով, հույս ունեինք, որ եղբորս բերել են, հույս ունեինք, որ անճանաչելի է, բայց ողջ։ Եղբորս մարմինը գտել ենք ԴՆԹ-ի միջոցով վերջերս”:
Արմինեի ամուսինը սպա էր, սեպտեմբերի 24-ին տուն էր վերադարձել առաջնագծից` վիրավոր, մտածում էին, որ ամենավատը մնացել է հետևում:
“Մենք շատ երջանիկ էինք, նա սպա էր, սեպտեմբերի 24-ին եկել էր, մի թեթև շունչ քաշեցի, հետո 25-ին տեղի ունեցավ պայթյունը: Սկզբում անհասանելի էր, գնացի մեր մոտի բենզալցակայան՝ այնտեղ չէր, հասկացա, որ պայթյունի վայրում է: Հետո նրան չտեսա, վերջին անգամ նրան տեսա արդեն մահացած` Ստեփանակերտի դիահերձարանում”։
Արմինեի ամուսնուն հուղարկավորել են Եռաբլուրում` սեպտեմբերի 26-ին լրանում է նրա մահվան 1 տարին: Արմինեի և Ամալյայի ընտանիքը այժմ ապրում է Ալավերդիում` 11 հոգով, ապագայի հանդեպ հատուկ հույսեր չեն փայփայում, ուղղակի ապրում են ապրելու համար:

“Ես առհասարակ իմ ապագան չեմ տեսնում ամուսնուս մահից հետո: Չեմ ցանկանում ո՛չ աշխատել, ո՛չ էլ ինչ-որ բանով զբաղվել: Փորձում եմ ուղղակի գոյատևել: Օր օրի ավելի դժվար է: Չեմ զգում ժամանակի հոսքը, ամեն օրը կարծես սեպտեմբերի 25-ը լինի”:
Խաղաղությունը գուցե ամեն մեկի համար տարբեր ընկալումներ ունի, այս ընտանիքի համար խաղաղությունը մինչ 2023 թ. սեպտեմբերն էր, երբ նրանք ապրում էին իրենց ամենօրյա կյանքով և հոգսերով, և ամենակարևորը՝ ընտանիքը կիսատ չէր:
“Փորձել եմ հոգեբանի մոտ գնալ, բայց մեկ անգամ եմ գնացել և վերջ: Ասում է, որ պետք է մոռանաս անցյալդ, բայց ոնց կարող եմ մոռանալ: Պայթյունը խաչեց իմ ապագան, միայն ուրախ անցյալի հիշողությունն է ինձ ուժ տալիս շնչելու”։
Ալվարդ Գրիգորյան
Ազատություն
Միջազգային կազմակերպությունները ԵԽԽՎ-ին կոչ են անում գնահատական տալ Ադրբեջանում շարունակվող բռնաճնշումներին:
«2025 թվականի հունվարին Ադրբեջանի լիազորությունների վերաբերյալ քվեարկությանն ընդառաջ՝ ԵԽԽՎ-ն պետք է մշակի և կիրառի հստակ չափանիշներ, որոնց Ադրբեջանը պետք է համապատասխանի՝ նախքան իր պատվիրակությունը Վեհաժողով վերադարձնելը», – ասված է Human Rights House Foundation-ի և ևս 10 միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ հայտարարությունում։
Այդ կառույցները պնդում են, որ 2024 թվականի հունվարին Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու ԵԽԽՎ որոշումից հետո Ալիևի վարչակազմն էլ ավելի է սաստկացրել ճնշումները իրավապաշտպանների, փաստաբանների, անկախ լրագրողների, ընդդիմադիր քաղաքական գործիչների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և գիտնականների նկատմամբ։
ԵԽԽՎ-ը հունվարի 24-ին որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից։
ԵԽԽՎ-ն ադրբեջանական պատվիրակությանը կառույցից հեռացնելու իր աննախադեպ որոշման հիմքում մի շարք պատճառներ էր թվարկել՝ Լաչինի միջանցքի արգելափակումն ու դրա լրջագույն հետևանքները, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը, ինչպես նաև Ադրբեջանի ժողովրդավարական խնդիրները՝ քաղբանտարկյալների աճող թիվը, ընտրությունների, կառավարման համակարգի, դատարանների անկախության առնչությամբ և ընդհանուր առմամբ՝ օրենքի գերակայության հետ կապված մտահոգությունները:
Լուսանկարում. Զարինեն ու Մարատը՝ զավակների հետ
Զառա Պետրոսյանը Արցախի Հանրապետության ԱԱԾ պահեստազորի գնդապետ,ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Մարատ Ղարայանի այրին է։ Հայտնվելով շրջափակման մեջ՝ Մարատը նռնակով վերջ է տվել իր կյանքին, գերի չի հանձնվել։ 44–օրյա պատերազմի հերոսի կինն այսօր միայնակ է մեծացնում իր ու Մարատի որդիներին։
«Նախորդ» կյանքում Զառան աշխատանք ուներ, այստեղ նոր միջավայրում իր տեղը գտնելու համար նա նոր մասնագիտություն է ձեռք բերում՝ մասնակցելով Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում կազմակերպված «Մարդկային ռեսուրսների կառավարում» (ՄՌԿ) դասընթացին։
Նա պատմում է, որ շատ դժվար է Մարատից հետո վերագտել իրեն, բայց հայրենի հողը օգնում էր, իսկ այժմ պայքարը դժվարությունների դեմ կրկնապատկվել է։ Արցախում ազգային անվտանգության մարմիններում, նախագահի աշխատակազմում է աշխատել, հիմա աշխատանքի փնտրտուքի մեջ է։
«Դեռ 2020 թվականի վերքերը չամոքած՝ նոր մարտահրավերների պիտի դիմագրավենք, նոր միջավայրում վերագտնենք մեզ, դժվար է, բայց երեք երեխաների ու մայրիկիս պատասխանատվությունն ինձ վրա է»,- ասում է Զառան։
Լիանա Ավանեսյանը պետական ծառայող էր, որպես փորձագետ աշխատել է Արցախի խորհրդարանում, հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի անդամ էր, աշխատակազմի ղեկավար էր նախարարություններից մեկում, հետո՝ բնակարանային կոմիտեում։ Բավական փորձառություն ունի, ՄՌԿ դասընթացների ժամանակ այս կամ այն խնդիրը լուծելու իր փորձառությամբ է կիսվում։ Ակտիվ աշխատանք փնտրողների շարքում չէ, ատամնաբույժ ամուսինը դեռ հոգում է ընտանիքի ծախսերը, բայց հարմար աշխատանք գտնելուն պես Լիանան կհամալրի ընտանիքի աշխատող անդամների շարքը։
ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնում ստացած գիտելիքներից Լիանան գոհ է, դասընթացավար Աննա Մաքսուդյանը կարճ ժամանակահատվածում հասցրեց կայուն գիտելիքներ հաղորդել, բացատրեց՝ ինչպես կադրեր հավաքագրել, հարցազրույցներ անցկացնել, թիմբիլդինգ ու օնբորդինգ իրականացնել և ինչ գործիքներ կիրառել աշխատանքի արդյունավետությունը գնահատելու համար։

Լուսանկարում. Լիանա Ավանեսյանը՝ Աննա Մաքսուդյանի հետ
30 կանայք են Արցախից մասնակցել ՀԲԸՄ կազմակերպած դասընթացին, մեկուկես ամսվա ընթացքում նրանք հմտացել են մարդկային ռեսուրսների կառավարման մասնագիտության մեջ, որը նոր է արմատավորվում հայկական միջավայրում ու պահանջված մասնագիտություն է։

Լուսանկարում. Դասընթացի մասնակիցները
Ինգա Բաղդասարյանը սիրուն խաղալիքներ, պայուսակներ է գործում։ Իր ձեռագործ աշխատանքների շնորհիվ Ինգան որոշակի գումար վաստակում է, որը, սակայն, շատ քիչ է՝ հաշվի առնելով, որ ամեն անգամ Երևան գալիս տրանսպորտի գումար է ծախսում։
Լուսանկարում. Ինգայի ձեռագործ աշխատանքները
Ստեփանակերտի օդանավակայանի կադրերի բաժնի պետ է աշխատել Ինգան, հիմա աշխատանք չի գտնում։ Երկրորդ վերապատրաստումն է անցնում, համապատասխան գիտելիքներ ու փորձ ունի, սակայն հարցազրույցների փուլը չի հաղթահարում։

Լուսանկարում. Հերթական դասընթացը
Աշխատանքի փնտրտուքի գողգոթան
Ռուզաննա Խաչատրյանը 2020 թվականի տեղահանվածներից է, Հադրութի շրջանի Տումի գյուղից է։ 4 տարի է՝ Ռուզաննան չի կարողանում հարմար աշխատանք գտնել, տարաբնույթ հարցազրույցների է մասնակցել։ Վերջինը դպրոցում աշխատանքի ընդունվելու նպատակով էր, երբ մրցույթին մասնակցելու համար Ռուզաննան դիմել է՝ նրան շատ պարզ բացատրել են, որ արդեն հայտնի է, թե ով է աշխատելու այդ հաստիքում։ Ռուզաննան տարակուսանք է հայտնել առ այն, որ մրցույթի կանոններով պարտավոր են քննարկել բոլոր թեկնածությունները, ինչից հետո նրա փաստաթղթերը վերցրել են, սակայն մրցույթից մեկ օր առաջ զանգել և հայտնել են ատեստավորման պահանջի մասին, առանց որի թեկնածուն մրցույթին մասնակցել չի կարող։ «Ահա այդպես ինձ խաղից հանեցին»,- եզրահանգում է Ռուզաննան։

Լուսանկարում. Ռուզաննա Խաչատրյանը
Նախկին մանկավարժն այնքան է խորացել այս թեմայում, որ աշխատություն կարող է գրել։
«Պատերազմից հետո հայտնվել էի իմ հարազատ միջավայրից տարբերվող մի աշխարհում։ Այստեղ ամեն բան այլ էր։ Ամեն քայլափոխի հուսահատությունը զգացնել էր տալիս։ Պետք էր արագ ինտեգրվել միջավայրին։ Ամեն ինչ կորցրած մարդկանց համար ցավի հետ մեկտեղ գոյատեւելու անհրաժեշտությունն էր օր օրի սրանում։ Հարկավոր էր աշխատանք գտնել։ Սկսեցի ակտիվ որոնումներս։ Ընդ որում՝ փնտրում էի ամենատարբեր բնագավառներում։ Մի քանի տեղերից հրավիրեցին հարցազրույցի։ Գնացի, եւ պարզվեց, որ հարցազրույց ասվածը, այսպես ասած, մի հատուկ «ծիսակարգ» է երեւանյան աշխատաշուկայում։ Միայն ձեռագիր ինքնակենսագրականով աշխատանքի անցնելու մեթոդին վարժվածս կարճ ժամանակ անց հասկացա, որ այս իրավիճակում ես սաստիկ հին եմ։ Ամեն տեղ CV-ի առկայությունը պարտադիր էր։ Բարեբախտաբար, ԵՊՀ Կարիերայի կենտրոնի կազմակերպած դասընթացի շրջանակներում ես սովորեցի ինչպես կազմել գրագետ CV: Կազմեցի հավուր պատշաճի։ Որոշեցի մասնակցել պետական համակարգի թափուր տեղերի համար անցկացվող մրցույթների։ Ապարդյուն, այդպես էլ աշխատանք չգտա»,- պատմում է Ռուզաննան։
Պետական համակարգում աշխատանք փնտրելում ձախողված Ռուզաննան պարբերաբար աշխատել է չրերի արտադրամասում, հացաբուլկեղենի արտադրությունում, վաֆլիների արտադրամասում։ Դա ինչ-որ տեղ փրկություն էր, միայն թե նորից չանցներ CV ուղարկելու, տաղտուկ հարցազրույցների ու աշխատանք չունենալու փուլերը։
«Մինչեւ այսօր ես վերլուծում եմ իմ անցած բոլոր հարցազրույցները, փորձում հանրագումարի բերել բացերս։ Եւ միայն վերջերս եմ եկել մի եզրահանգման. ես չափազանց անկեղծ եմ խոսում իմ մասին, մենք չենք «սվաղում» մեր բացերը»,- կիսվում է նա:
Հայաստանում տարածված է աշխատանքի անցնելու առաջին շաբաթների չվարձատրվող պրակտիկան։ Ռուզաննան մի քանի անգամ բախվել է այդ խնդրին․ «Քանի որ ինձ իսկապես պետք էր աշխատանք, ես համաձայնում էի մի քանի օր չվարձատրվող պրակտիկա անցնել, բայց երբ օրերը շաբաթ էին դառնում, ես քաղաքավարի հիշեցնում էի գործատուին, որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքով այլ բան է նախատեսված»։
Ռուզաննայի արդարության մղումը հիմնականում չէր ողջունվում, արդյունքում մնում էր առանց աշխատանքի։
Որպես ստաժավոր աշխատանք փնտրող՝ Ռուզաննա Խաչատրյանը տարբերություններ է տեսնում 2020 և 2023թթ. տեղահանվածների աշխատանքի ընդունվելու գործընթացում. «Դեռեւս 2020 թվականի տեղահանումից հետո պետական համակարգում աշխատանքի անցնելու համար համապատասխան ստաժ եւ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում համակարգն ինքնաշխատ ընդունում էր դիմումը։ 2023 թվականի Արցախի ամբողջական հայաթափումից հետո պարզվեց, որ մեր կապույտ անձնագրերում տեղ գտած «Քաղաքացիությունը՝ ՀՀ» ձեւակերպումն այդքան էլ «արժանահավատ» չէ»։
Այն, որ Հայաստանում աշխատանք գտնելը դժվար է, արցախահայերը, ինչպես ասում են, իրենց մաշկի վրա զգացին հատկապես 2023 թվականի Մեծ տեղահանումից հետո։ 2020 թվականին տեղահանվածներին կապույտ անձնագրերով նաև պետական աշխատանքի էին ընդունում, երկրորդ հոսքի տեղահանվածների համար գործընթացը դժվարացավ։ Պետական աշխատանքների դեպքում Հայաստանի քաղաքացիությունը պարտադիր պայման դարձավ։
Ըստ շշուկների՝ ներքին հրահանգ կա արցախահայերին պետական աշխատանքի չվերցնելու վերաբերյալ։ Իսկ արդեն որոշ աշխատողներից էլ ազատվել են՝ հանրահավաքներին մասնակցելու պատրվակով։ ժողովրդավարական Հայաստանի ռեպրեսիվ մեթոդներին շատերն այդպես ծանոթացան։
Համենայն դեպս, պետական կառույցներում աշխատած կարող մի ուժ այսօր կյանքի լուսանցքում է հայտնվել։ Նոր մասնագիտացում ստանալը նրանց համար այլ աշխատանք ունենալու ու ապրուստի նոր ձև գտնելու հնարավորություն է։ Դասընթացների ավարտին, որտեղ ուշիմ աշակերտի պես դասերն են սերտել միջին տարիքի հասուն մարդիկ, միակ ցանկությունն արժանապատիվ աշխատանք գտնելն է։
Մարինե ՄԿՐՏՉՅԱՆ
Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիա ակումբի ծրագրի շրջանակներում
Ազատություն
Իսրայելն ու Ադրբեջանը երկու երկրների պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության նոր հուշագիր են ստորագրել, այս մասին հայտնել է Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը։
Դիվանագետի խոսքով՝ իսրայելական AS Holdings-ը և նրա դուստր ձեռնարկությունը՝ Ari Arms միջազգային ընկերությունը, որը մասնագիտացած է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան զենքի արտադրության և մշակման մեջ, այսօր ռազմավարական փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը պատկանող Azersilah ընկերության հետ:
Անցած օրերին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ռազմական բեռանատար ինքնաթիռները նոր չվերթներ են կատարել դեպի Իսրայելի օդուժին պատկանող «Օվդա» օդանավակայան:
«Օվդա»-ն, ըստ իսրայելական աղբյուրների, այդ երկրի միակ օդանավակայանն է, որն ունի թույլտվություն պայթուցիկ ռազմամթերքի արտահանման և ներկրման համար։ Թե ինչ նպատակով է ադրբեջանական SILK WAY -ի բեռնատար ինքնաթիռը մեկնել՝ կողմերը չեն պարզաբանել։
«Ռոսիա մոլում» ռումբի մասին ահազանգը կեղծ է։ Այս մասին հաղորդեցին ՆԳՆ-ից։
«Ռումբի մասին ահազանգ ստացվել է, ստուգվել է, պարզվել է, որ այն կեղծ է»,- փոխանցեցին գերատեսչությունից։
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ «Ռոսիա մոլի», «Ռոսիա տոնավաճառի» աշխատակիցներին և այցելուներին մոտ կես ժամ առաջ տարհանել են։