Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կարևորությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության տեսանկյունից։ Հայ նախարարը Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում կայացած ֆորումում իր ալբանացի գործընկեր Իգլի Հասանիին է ներկայացրել կարգավորման գործընթացը։
Դատելով լուսանկարից՝ Հայաստանի իշխանությունների՝ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու, երկիրը «խաչմերուկի» վերածելու և հանրապետության ազգային հիմքերը ամեն գնով վերացնելու ցանկությունը համաշխարհային դիվանագիտական հանրության մոտ «քրքիջ» է առաջացնում։
Ոնց որ ոչ ավանդական կողմնորոշման մարդկանց հրում են «քամինգ-աութի», ստիպում “բացվել”, ձեռքերը սեղմում են, ծափահարում, ասում՝ որ խիզախ են, որ բոլորը հավասար են, հետո մատով ցույց տալիս ու քրքջում նրանց վրա։
Հեղինակ՝ naira
Խոսակցություններ են գնում, որ աշնանն Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա։ Ուրեմն, մենք դրան պետք է պատրաստ լինենք
Step1.am-ի հարցերին պատասխանել է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը։
-Պարո՛ն Այվազյան, Արցախից բռնի տեղահանված փախստականների հարցը ինչպե՞ս պետք է լուծվի։
-Իմ կարծիքով՝ արցախցիները միջազգային երաշխիքների ներքո պետք է վերադառնան Արցախ։ Իրենք նաեւ գույքային իրավունք ունեն Արցախում։ Այն ողորմությունը, որն առաջարկում են արցախցիներին, կարո՞ղ է փոխարինել հայրենիքին։ Իսկ ընդհանրապես հայրենիքը գին ունի՞, ո՞վ է սահմանել հայրենիքի գինը։
-Արցախցիների վերադարձի համար Հայաստանի իշխանությունների կողմից համապատասխան աշխատանք կատարվո՞ւմ է, ինչպե՞ս պետք է ապահովվի վերադարձը։
-Ես տեսնում եմ Ադրբեջանի իշխանությունների կողմից արված քայլերը՝ նրանք Նախիջեւանում միջոցառումներ են կազմակերպում, Լոնդոնում, Վարշավայում խոսում են այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջանի» մասին՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի նկատմամբ հավակնություններ ցուցաբերելով։ Իսկ մեր ազգին ապրելու իրավունք չեն տալիս։ Ես չեմ տեսնում «խաղաղության դարաշարջանը» եւ իմ հայրենիք Հայաստանը որպես խաչմերուկ չեմ տեսնում։ Եվ ուրեմն, մենք պետք է համարժեք գործողություններ անենք։ Ադրբեջանը չի կշտացել Արցախի ժամանակավոր կլանմամբ։ Հիմա թուրքական նացիզմը ուզում է ներթափանցել յուրաքանչյուրիս տուն, մեր շեմին է կանգնած։ Եվ մենք պետք է համապատասխան գործողություններ կատարենք, ոչ թե լոլոներ կարդանք։
Պետական մակարդակով ոչ մի հակազդեցություն գոյություն չունի, դա երեւում է անզեն աչքով։ Ի՞նչ պետք է անենք մենք, պետք է լցվենք համբերությամբ ու գործենք՝ խաղադրույքը դնելով Սփյուռքի, արցախահայության եւ Հայաստանի հայության միասնականության վրա։ Ուրիշ ճանապարհ գոյություն չունի։ Մնացածն ընդամենը քարոզ է, այն էլ չհաջողված։ Այսօր տեսնում ենք, որ այդ «սահմանազատում-սահմանագծումը» գիտությունից ու ընդհանրապես ամեն ինչից հեռու է։ Երբ թշնամի պետության հետ չկա հարաբերությունների կարգավորման մասին պայմանագիր, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։ Իրենք հավակնություններ ունեն Հայաստանի տարածքի նկատմամբ, դա Ադրբեջանում նացիստական ռեժիմի արդյունք է, նրանց հետ պայմանավորվել չի կարելի, չի ստացվի, ինչքան զիջես, ավելին կպահանջեն։
Արցախցիները կվերադառնան Արցախ, իսկ եթե Ադրբեջանը շարունակի վայրահաչել, ապա նաեւ ադրբեջանահայության հարցը պետք է առաջ բերվի։ Իսկ միայն Բաքու քաղաքում գույքային հարցը մոտ 100 մլրդ դոլար արժե։ Եվ այնպես չէ, որ Ալիեւն ինչ ցանկանա, կանի։ Ադրբեջանը կմտնի ներքաղաքական ցնցումների մեջ։ Ադրբեջանը նախատեսում է նոր ընտրություններ, ինչի՞ համար, ներքաղաքական անկայունությունն ինչ-որ չափով կարգավորելու համար։ Խոսակցություններ են գնում, որ աշնանն Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա։ Ուրեմն, մենք դրան պետք է պատրաստ լինենք, ոչ թե ինչ-որ մեկի ուղեղում ծնված «խաղաղության դարաշրջանի» մասին երազենք։
Ռոզա Հովհաննիսյան
Ստելլա Բաբախանյանը արտասահմանում բնակվող բարեկամներից է հավաքում իր հին լուսանկարները
63-ամյա արցախցի Ստելլա Բաբախանյանն իր դժվար կյանքի մասին հուշերը վերականգնելու համար արտասահմանում բնակվող բարեկամներից հավաքում է իր հին լուսանկարները։ Իրեն 20 տարեկանում պատկերած նկարը ստացել է Ուկրաինայի բարեկամից, մեկ այլ լուսանկար իրեն է հասել Եվրոպական մայրաքաղաքներից մեկից։
Ստելլա Բաբախանյանը ծնվել-մեծացել է Բաքվում, հայերի ջարդերի ժամանակ, երբ սպանվել է ամուսինը՝ Հրանտ Բաբախանյանը, մեծ դժվարությամբ հասել է Հայաստան։ Այստեղ որոշ ժամանակ մնալուց հետո նա իր հոր եւ միակ որդու հետ տեղափոխվել է Արցախ՝ Շուշի։ Տարիներ անց, արդեն 2020-ին Տիկին Ստելլան տեղահանվել է իր տունը դարձած սիրելի քաղաքից, երկու տարի անց էլ բոլոր արցախցիների պես լքել է նաեւ Ստեփանակերտը։
«Ընդամենը վեց տարվա ամուսիններ էինք, երբ Հրանտը սպանվեց, ես էլ 27 տարեկան էի… ծանր է հիշել այդ ամենը։ Հիմա էլ պատահում է հարցնում են՝ դու Բաքվից էիր եկել, ինչու ես Արցախին այդքան կապված, ես ասում եմ՝ ես կյանքիս լավագույն երեսուն տարիներն Արցախում եմ անցկացրել, էլ ինչպե՞ս են արցախցի լինում»,- ասում է կինը։

Տիկին Ստելլան բժշկուհի է, նախ աշխատել է ՊԲ-ում՝ որպես ռազմական բժիշկ, որոշ ժամանակ անց սկսել է զբաղվել ատամնաբուժությամբ, տարիներ անց էլ որպես բուժաշխատող սկսել է աշխատել Շուշիի քրեակատարողական հիմնարկում։
«Գիտեմ, նման վայրերի հետ կապված միշտ բացասական կարծիքներ կան, բայց աշխատելուս ընթացքում միշտ փորձել եմ այնպես անել, որ դատապարտյալը իմ կողմից վատ բան չզգա, իմանա, որ եթե իմ կարիքը կա, ուրեմն ես կօգնեմ։ Եվ ինքնավնասման դեպքեր են եղել, եւ հիվանդություններ եմ բուժել…տարբեր բաներ են եղել։ Դժվար աշխատանք էր, բայց կարեւոր աշխատանք էր, հիմա շատ եմ հիշում»,- ասում է նա։
Հիշելով 2020-ը եւ իր հրաժեշտը Շուշիին, կինը պատմում է.«Շուշիից մեզ ավտոբուսներով նկուղներից էին հանել, տեղափոխել Ստեփանակերտ, մինչեւ հիմա հիշում եմ ու չեմ հասկանում, թե ինչու վերջին պահին չկարողացա փաստաթղթերս, լուսանկարներ ու էլի որոշ բաներ հետս վերցնեմ։ Ամբողջը նախապես հանել, դրել էի սեղանին, բայց հենց հեռանալու պահին կարծես մտքիցս թռավ ու միայն Շուշիից հեռանալուց հետո եմ հասկացել, որ այդ պահին ուղեղս անջատվել է ու ոչինչ չեմ վերցրել…շատ ծանր էր 2020-ը, այնքան լավ տղաներ կորցրինք, այնքան ընտանիքներ հայրեր ու ամուսիններ կորցրինք…բայց փորձում էինք ապրել»։
Ստելլա Բաբախանյանի խոսքով՝ Ստեփանակերտում ինքը շարունակել է աշխատել, սակայն արդեն սպասում էր իր թոշակի տարիքի լրանալուն. «Շուտով պետք է թոշակի անցնեի, հանգստանայի, բայց գիտեք, թե ինչ եղավ։ Վերջինը Ստեփանակերտում աշխատում էի Սանեպիդկայանում։ Ի դեպ, բոլոր տեղերից բացի մենք այցելում ու ստուգումներ էինք անում նաեւ ռուսական ռազմաբազայում։ Շատ հետաքրքիր աշխատանք էր։ Ստեփանակերտում ապրում էինք հյուրանոցում, որը տրամադրվել էր Շուշիից տեղահանվածներին։ Բլոկադա էր, դժվար էր, հոսանք չէր լինում, ես անձամբ էլ գիշերը գնում էի հացի հերթ էի կանգնում, բայց այդքան չէինք նեղվում, ինչպես հիմա ենք նեղվում»։
Տիկին Ստելլան ցույց է տալիս Արցախում հեռախոով իր արած վերջին նկարահանումները։ Առաջին տեսանյութում շրջափակման արդեն ծանր շրջանում կես հաց ստանալու համար հերթն է, երկրորդում՝ մոմի լույսի տակ հարեւանուհիների հետ ունեցած վերջին համեստ ընթրիքներից մեկը։

«Երբ դեռ Ստեփանակերտում էինք, հայրս դեռ ողջ էր, պատկերացրեք՝ ես նրան Քովիդից փրկեցի, 15 օր անդադար սրսկումներ եմ արել, բայց այստեղ մահացավ։ Քաղաքի ու մերձակայքի ռմբակոծման ժամանակ անգամ մեկ րոպեով չեմ թաքնվել, անընդհատ տեղից տեղ, նկուղից նկուղ էի գնում, նայում էի, թե ում ինչ է պետք, ով ինչի կարիք ունի, մերոնք ասում էին՝ կարծես դու էլ անօդաչու թռչող սարք լինես՝ մեկ այստեղ ես, մեկ այնտեղ ես։ Բայց հավատացեք՝ վախ չունեի։ Մի քիչ կար իհարկե, բայց չունեի զգացողություն, որ հեսա կարող է մահանամ։ Կարծես ամեն ինչ թողել էի Աստծո կամքին։ Եթե այդպես չլիներ, կա՛մ շաքար կստանայի, կա՛մ կաթված կունենայի, բայց միշտ մտածել եմ, որ կարող է մարդկանց օգտակար լինեմ, մարդկանց պետք գամ։ Այդ օրերին էլ այդքան զոհ եղավ, տղաները, որ Շուշիի մատույցներից 44-օրյային հազիվ էին փրկվել, զոհվեցին, շատ ծանոթներ, բարեկամներ զոհվեցին։ Հետո էլ բենզալցակայանի պայթյունը… մի բարեկամ ունեինք, պատկերացնո՞ւմ եք, երեսուն տարի զինվորական էր, այդքան պատերազմի միջով էր անցել, բայց եկել հասել էր բենզալցակայան ու այնտեղ մահացել…»,- ասում է Տիկին Ստելլան։
Ստելլա Բաբախանյանը ասում է՝ ներքին վստահություն ունի, որ մի օր վերադառնալու է Արցախ, սակայն մինչ այդ պետք է դիմանալ.«Այստեղ փորձում էի աշխատանք գտնել, մի մերսման սրահ էր, բայց այնպես արեցին, որ ես չհարմարվեմ եւ ինքս հրաժարվեմ աշխատանքից։ Վերջում ասացին՝ ավելի լավ է դու արի, տարածքի մաքրույթյունն արա… այնքան վիրավորական էր։ Ես այդքան պատերազմ տեսած բուժաշխատող եմ, բայց նման քաղքենի վերաբերմունքի եմ արժանանում…»։
Անի Գևորգյան
Իրանում հուլիսի 5-ին տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Իրանում հուլիսի 5-ին տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:
Իրանի ընտրական հանձնաժողովի խոսնակ Մոհսեն Էսլամին հունիսի 29-ին պետական հեռուստատեսությանն ասել է, որ բարեփոխական օրենսդիր Մասուդ Փեզեշկյանը հավաքել է 42,5 տոկոս ձայն, իսկ միջուկային հարցերով նախկին բանակցող Սաիդ Ջալիլին՝ 38,6 տոկոս:
Ընտրողների մասնակցությունը հասել է ընդամենը 40 տոկոսի, ասել է նա, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է:
Առաջին փուլի արդյունքներով պայքարից դուրս են մնացել երկու թեկնածուները՝ խորհրդարանի պահպանողական խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆտ և՛ արդարադատության և՛ ներքին գործերի նախկին նախարար Մուստաֆա Փուրմոհամադը:
Փաշինյանի բանտային կոմպլեքսները
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ բանտերում անցկացրած ժամանակահատվածում բանտարկյալներից շատ պատմություններ է լսել, որոնք խղճահարություն և արցունքներ են առաջացրել։ Սակայն, ըստ նրա, «պետք է ընտրություն կատարել արցունքների և պետություն կառուցելու միջև»։
Բանակն ու բանտը, որպես կանոն, անջնջելի հետք են թողնում տղամարդկանց հոգեբանության վրա։ Բանակում որոշակի նվաստացումը՝ «կանոնադրական» և «ոչ կանոնադրական», և բանտային կոշտ հիերարխիան երբեմն դառնում են կլինիկական բարդույթների աղբյուր։ Մարդը բանակից ու բանտից դուրս գալուց հետո կարող է փորձել “փոխհատուցել” իր նվաստացած արժանապատվությունը՝ նվաստացնելով ուրիշներին։
Իզուր չէ, որ Նիկոլ Փաշինյանի օրոք նախնական կալանքը հասավ տիեզերական չափերի. Փաշինյանն իր գրեթե բոլոր հակառակորդներին անց է կացնում “խցով”։ Հիմա արցախցիների հերթն է.
Բայց բանտը հիերարխիա է, և այնտեղ յուրաքանչյուրն իր տեղն ունի՝ ոմանք վերևում, ոմանք՝ ներքևում:
Վահագն Ալեքսանյանի արցախյան խառը կոմպլեքսները
«Մենք հիմա խոսում ենք արցախահայերի բնակարանային ապահովման ծրագրի մասին, իսկ ԼՂ նախկին ղեկավարներից, պաշտոնյաներից քանի՞սն են այսօր ՀՀ-ում խոշոր կառուցապատող, քանի՞սն են բազմահարկ շենքեր կառուցում, իսկ երբ մենք հիփոթեքով վարկ ենք վերցնում 20 տարով, տուն ենք գնում, ընդդիմադիր մամուլը սարքում է մի եսիմ ինչ, իսկ որ ԼՂ նախկին ղեկավարներն այստեղ բազմամիլիոնանոց շենքեր են կառուցում, դա նորմալ է»,-ասել է ՔՊ խիզախ պատգավավոր Վահագն Ալեքսանյանը:
Թե ի՞նչ մեղք ունեն արցախցիները, որ նախկին ղեկավարները, պարզվում է, խոշոր կառուցապատող են, պարզ չէ։ Եւ ինչ կապ ունեն բնակապահովման ծրագրից հիասթափված նույն արցախցիները «ընդդիմադիր մամուլի» հետ։
Վահագն Ալեքսանյանի եւ նրա թիմակիցների արցախյան կոմպլեքսները մեկը մեկի հետեւից անհեթեթություններ են ծնում։
Հայաստանը դատական հայցերում ի սկզբանե “խնայել է” Բաքվին ու Մոսկվային
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Քրիս Սմիթը երկկուսակցական բանաձև են ներկայացրել, որը դատապարտում է Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելու համար:
«Նախորդ տարի Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը հանգեցրեց հայ համայնքի ոչնչացմանը, որը դարեր շարունակ այդ տարածաշրջանն իր տունն էր համարում: Ադրբեջանի գործողությունները համապատասխանում են էթնիկ զտման բոլոր սահմանումներին և պետք է դատապարտվեն որպես այդպիսին»- նշել է Էշուն:
«Մեր երկկուսակցական օրինագիծը Բայդենի վարչակազմին կոչ է անում վճռականորեն աջակցել հայերի իրավունքներին Ադրբեջանի կառավարության շարունակական հանցագործությունների դեմ՝ նրա անողոք բռնապետ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ»,- նշել է Սմիթը։
Պետդեպի ներկայացուցիչներն ասում են, որ դեռ պարզ չէ՝ էթնիկ զտո՞ւմ էր Արցախում, թե՞ “կամավոր արտագաղթ”։ Սակայն այս պարագայում առավել հետաքրքիր է Հայաստանի դիրքորոշումը։
Դիվանագիտական շրջանակների մեր աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանի կողմից ստացված խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթում Ալիևի վարչակազմը պահանջում է, որպեսզի Հայաստանը հրաժարվի միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերից: Այս մասին հայտարարություն է տարածել «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը։
«Խոսքը վերաբերում է և՛ Արցախի հայության դեմ Ադրբեջանի իրականացրած խտրականությանը, և՛ էթնիկ զտումների քաղաքականությանը, թե՛ Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ ՀՀ բողոքներին, թե՛ ՀՀ օկուպացված տարածքներն ազատելու մեր պահանջներին:
Դիվանագիտական շրջանակների մեր աղբյուրները պնդում են, որ Փաշինյանի կառավարությունը տրամադրված է բավարարել Ալիևի նաև այս պահանջները, ինչն առաջացրել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի զայրույթը: Վերջինս պնդում է, որ ետ չի կանչի իր իսկ կողմից պատրաստված հայցերը և պատրաստվում է, այդպես էլ արձակուրդից չվերադառնալով, հրաժարական տալ», – նշված է հայտարարության մեջ։ Եւ թեկուզ Եղւշե Կիրակոսյանի գրասենյակը հայտնել է, որ դա չի համապատասխանում իրականությանը, եւ գործերը շարունակվում են, սահայն ոչ ոք չի հերքել նման հնարավորությունը։
«Ժողովուրդ» թերթը դիմեց ՀՀ ԱԳՆ՝ պաշտոնական մեկնաբանություն ստանալու՝ արդյոք խաղաղության պայմանագրում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու պահանջ կա՞, եթե այո, ապա Հայաստանը պատրաստվու՞մ է կատարել դա։
ՀՀ ԱԳՆ-ից, սակայն, հղում արեցին ավելի վաղ՝ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանի արված հայտարարությանը, որում ասվում էր․ «Նման որոշում այս պահին չկա, որևէ գործընթաց այս առումով չի իրականացվում»:
Ավելի վաղ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ Հայաստանը կարող է հետ վերցնել պահանջները, եթե նույնը անի Ադրբեջանը։
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ այդ պահանջներն Ադրբեջանը ներկայացրել է դեռ անցած տարեվերջին: Անգամ նեղ քննարկում է եղել, որին մասնակցել են խաղաղության պայմանագրի մշակմանը մասնակցող պաշտոնյաները, այդ թվում՝ Եղիշե Կիրակոսյանը, Էդմոն Մարուքյանը, ով այդ ժամանակ հատուկ հանձնարարություններով դեսպանն էր: Փաշինյանն այդ ժամանակ հպանցիկ ասել է, որ դեռ պաշտոնապես պահանջ չի ներկայացվել, բայց չի բացառվում։
Հենց այդ ժամանակ է Կիրակոսյանն ընդվզել` ասելով, որ հենց հիմա հրաժարական կտա։ Նրան հանգստացրել են, թե հնարավոր է Ալիեւը հրաժարվի իր պահանջից։ Սակայն օրերս ուղարկված 10-րդ փաթեթում արդեն գրավոր են պնդել պահանջը: ԱԳՆ մեր աղբյուրը վստահեցնում է, որ անգամ եթե ՀՀ-ն հետ կանչի իր հայցերը, Ադրբեջանը նոր պատրվակով կհրաժարվի ստորագրել փաստաթուղթը»:
Վերլուծաբանները դեռ 2020 թ․ պատերազմից հետո են նկատել, որ ՀՀ հայցերը միջազգային ատյաններ կազմվում են այնպես, որ հանկարծ քաղաքական մեղադրանք չհնչի Բաքվի եւ Մոսկվայի հասցեներին։ Շեշտը դրվում է ոչ թե հակամարտության ուժային լուծման անթույլատրելիության, ոչ թե օկուպացիայի եւ բռնի տեղահանման, առ հումանիտար խնդիրների վրա։ Էթնիկ զտումը վերաբերվում է մարդկանց, իսկ տարածքի եւ սեփականության բռնազավթումը այլ դատական հայցեր է պահանջում, որը Ալիեւին միջազգային ռազմական հանցագործության մեղադրանք կառաջացնի։
Դնեպր և Կուրսկ. ռուս-ուկրաինական մարդասպան պատերազմը շարունակվում է
Ուկրաինայի փրկարար ծառայությունը և ՆԳՆ-ն հայտնում են, որ Դնեպրում ռուսական հրթիռային հարձակման հետևանքով ավերված ինը հարկանի շենքում բռնկված հրդեհը մարվել է։
Մահացածների և վիրավորների թիվը չի փոխվել՝ մեկ զոհ և 12 վիրավոր, որոնցից վեցը հիվանդանոցում են։
Ուկրաինական ինքնաթիռը հարձակվել է Կուրսկի շրջանի Գորոդիշչե գյուղի բնակելի շենքի վրա, հայտնել է նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։
Զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Եվս երկու մարդ վիրավորվել է, որոնք ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։
Բնակավայրը գտնվում է Ռիլսկի շրջանում, որը սահմանակից է Ուկրաինայի Սումիի մարզին։
Քննարկվում է բանավեճերում Բայդենի ձախողումը և նրա հնարավոր փոխարինումը ընտրություններում
Ամերիկյան և համաշխարհային լրատվամիջոցները քննարկում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աղետալի ելույթը իր ապագա մրցակից Դոնալդ Թրամփի հետ առաջին բանավեճում, ըստ բազմաթիվ փորձագետների և սովորական հեռուստադիտողների։ Բայդենից շատ բան չէր սպասվում, բայց նա չարդարացրեց նույնիսկ փոքր սպասումները, կարծում են փորձագետները։
Ինչպես գրում է BBC-ին, դիտորդների մեծամասնությունը համաձայն է, որ թեև բանավեճերը համարվում են Բայդենի ուժեղ կողմը, ԱՄՆ ներկայիս նախագահը, որը ձգտում է երկրորդ ժամկետի, զգալիորեն ավելի թույլ տեսք ուներ, քան իր նախորդը, մինչդեռ Թրամփը, ընդհակառակը, վստահ խոսեց:
«Բայդենի ելույթը բանավեճում արթնացման կոչ էր ավագ դեմոկրատների համար», – նշում է CNN-ը: «Այնքան տագնապալի է, որ նրանցից ոմանք սկսել են բարձրաձայն խոսել այն մասին, թե արդյոք Դեմոկրատական կուսակցությունը պետք է այլ թեկնածու առաջադրի գալիք նախագահական ընտրություններում»:
«[Բայդենը] մի փոքր կորած տեսք ուներ», – խոստովանում է CNN-ի քաղաքական մեկնաբան Դեյվիդ Աքսելրոդը: «Եվ թեև նրա ելույթը գնալով ավելի ուժեղացավ, երբ խոսակցությունն սկսվեց, արդեն խուճապ էր սկսվել»:
«Ջո Բայդենը միայն մեկ խնդիր ուներ՝ համոզել ամերիկացի ընտրողին, որ իր մեծ տարիքը չի խանգարի նրան կատարել նախագահական գործառույթները», – ասաց Մոնտանայի նախկին սենատոր և Բայդենի կուսակցության դաշնակից Քլեր Մաքքասքիլը, հայտնում է MSNBC-ն։
«Եվ նա չկարողացավ հաղթահարել այս խնդիրը», – կարծում է նա:
Բայդենը նշել է, որ այլևս երիտասարդ չէ և նախկինի պես սահուն չի խոսում, սակայն ընդգծել է, որ գիտի՝ ինչպես ասել ճշմարտությունը։
«Ես գիտեմ, որ այլևս երիտասարդ չեմ։ Ես նախկինի պես հարթ չեմ քայլում։ Ես նախկինի պես սահուն չեմ խոսում։ Ես այնքան լավ չեմ բանավիճում, ինչպես նախկինում էի, բայց գիտեմ այն, ինչ գիտեմ՝ գիտեմ ինչպես ասել ճշմարտությունը», ասել է Բայդենը։
ԱՄՆ-ն Ալիևին է տալիս տարածաշրջանի բանալիները. սեղանին է ոչ միայն Արցախի եւ Նախիջեւանի, այլ Հայաստանի հարցը
ԱՄՆ-ն ցանկանում է օգնել Ադրբեջանին դառնալ ոչ միայն էներգետիկ, այլև տրանսպորտային «տարածաշրջանային կենտրոն»։
Ալիեւն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենին։ Քննարկվել են տարածաշրջանային համագործակցության, Միջին միջանցքի և այլնի հետ կապված հարցեր։
Ջեյմս Օ’Բրայենը խոսել է տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում Ադրբեջանի «կենտրոնական դերի» մասին։ Ըստ Պետդեպարտամենտի ներկայացուցչի, վերջին տարիների իրադարձությունները թույլ են տվել Ադրբեջանին կենտրոնական դեր խաղալ տարածաշրջանում քաղաքականության փոփոխության հարցում, որն իր հերթին հանգեցրել է խաղաղության հաստատմանը: Ավելի վաղ Օ’Բրայենը, պատասխանելով Երևանում «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասել էր, որ Միացյալ Նահանգները չի կարող ասել՝ 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները էթնիկ զտո՞ւմ էին, թե՞ կամավոր արտագաղթ։ Նա ասաց, որ ԱՄՆ-ը դեռ ուսումնասիրում է հարցը։ Այսինքն՝ ԱՄՆ-ը Բաքվին չի մեղադրի ուժի չկիրառման միջազգային սկզբունքը խախտելու մեջ, թեկուզ մանեվրելու տեղ պահում է։
Բաքվում Օ’Բրայենն ասել է, որ խաղաղությունը խնդիր է ոչ միայն Ադրբեջանի, այլև տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի համար: Ընդգծելով, որ այս բոլոր երկրներն այժմ արտահանումն իրականացնում են Չինաստանի կամ Ռուսաստանի տարածքով, պետքարտուղարի տեղակալը նշեց, որ դրանք կարող են արտահանվել Ադրբեջանի տարածքով՝ որպես այլընտրանքային ճանապարհ։
«Մի երթուղին գնում է Վրաստանով դեպի Սև ծով, իսկ մեկ այլ՝ ավելի լայն երթուղի կարող է անցնել Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով։ Ուստի մեզ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ վերջ դնելու սարսափելի հակամարտությանը, որը շարունակվում է 90-ականներից։ Եկել է խաղաղության պայմանագիր ստորագրելու և պատերազմի հետևանքները վերացնելու ժամանակը»,- ասել է Օ’Բրայենը։
ԱՄՆ-ն, ըստ երեւույթին, «խաղաղության» պայմանների մշակումը պատվիրակում է «կենտրոնական պետությանը»՝ Ադրբեջանին։ Իսկ Ալիևն արդեն բազմաթիվ անգամ արտահայտել է պայմանները՝ Հայաստանի հրաժարումը Անկախության հռչակագրից, «Զանգեզուրի միջանցքի» տրամադրում՝ Հայաստանի իրավասությունից դուրս։ Այսինքն՝ Բաքուն համաձայնում է ԱՄՆ առաջարկին միայն պայմանով, որ Հայաստանը հրաժարվի Արցախից, Սյունիքից, Նախիջեւանից, Վայոց ձորից, Արարատի մարզի կեսից, մի խոսքով՝ հայտարարի ինքնալուծարման մասին։
Արդյո՞ք ԱՄՆ-ը պնդելու է, որ Հայաստանը կատարի Ալիևի պայմանները. Արցախում էթնիկ զտումների վերաբերյալ «կասկածները» վկայում են այն մասին, որ դա միանգամայն հնարավոր է, և Միացյալ Նահանգները կաջակցի Հայաստանի անխուսափելի փլուզմանը, որպեսզի ճանապարհ բացի։
Ադրբեջանի նոր խորհրդարանը, որը կձևավորվի սեպտեմբերի 1-ին կայանալիք ընտրություններում, պետք է ընդունի Սահմանադրություն, որի կարևորագույն հարցը լինելու է Նախիջևանը․ այն Հայաստանից ժամանակավորապես փոխանցվել է Ադրբեջանին 1921 թվականի Կարսի պայմանագրով։ Կասկածից վեր է, որ Ալիևը «օրինականացնելու» է Նախիջևանի հանդեպ իրավազորությունը նոր Սահմանադրությամբ։ Իսկ Հայաստանի և Արցախի վերամիավորման 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման հարցը կլուծի հենց Հայաստանը՝ ընդունելով նոր Սահմանադրություն։ ԱՄՆ-ն աշխատելու է սրա վրա, թեեւ մինչ այժմ Հայաստանին հրապարակային կոչ չեն արել փոխել Սահմանադրությունը։
Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի այս վերաբերմունքը կտարածվի այլ տարածաշրջաններում, մասնավորապես՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։ Հակամարտությունների ուժային լուծման չդատապարտելը դոմինոյի էֆեկտ կունենա և կհասնի հենց ԱՄՆ-ին:
Հայաստանը ստացել է ՆԱՏՕ-ի գործընկերների հետ հանդիպմանը մասնակցելու Վաշինգտոնի հրավերը և ընդունել
Հայաստանը ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին մասնակցելու հրավեր և հաստատել է մասնակցությունը, «Ազատությանը» հայտնեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Այդ հավաքին հրավիրված է նաև Ադրբեջանին արտգործնախարարը, այսօր Բաքվում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը:
Հնարավո՞ր է արդյոք, որ Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցություն անցկացվի, դեռ պարզ չէ։ Արտգործնախարարությունից նշել են, որ այս պահին այլ պայմանավորվածություն չկա։
Երեկ ադրբեջանական «Թուրանը», իր աղբյուրներին հղում անելով գրել էր, թե Բայդենի վարչակազմը ծրագրում է Երևանին և Բաքվին հրավիրել հուլիսի 9-11-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում գործընկերների հավաքին, նաև՝ խաղաղության պայմանագիրը ամբողջացնելու նպատակով։
Հրաժարումը Սահմանադրությունից հիմք է տալիս մեր թշնամիներին հարցականի տակ դնել Հայաստանի երրորդ Հանրապետությունը
Step1.am-ի զրուցակիցն է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
-Տիկի՛ն Մելոյան, իշխանությունները խոսում են նոր Սահմանադրության նախագիծ մշակելու մասին, իսկ Բաքվից հնչում են պահանջներ՝ հանել Հայաստանի Սահմանադրությունից հղումը Անկախության հռչակագրին։ Մասնավորապես, Ցեղասպանության հարցին հետամուտ լինելու եւ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշման դրույթներն են փորձում հանել Սահմանադրությունից։ Ի՞նչ տեղի կունենա Հայաստանի հետ, եթե դա իրականանա։
-Նախ նորություն չէ, որ գործող քաղաքական ուժն իր օրակարգում ունեցել է սահմանադրական փոփոխությունների հարցը։ Դրա մասին փաստում են իրենց իշխանության գալուց հետո երկու անգամ ձեւավորված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովները, որոնցից առաջինը կազմալուծվեց հետպատերազմյան շրջանում։ Երկրորդ բարեփոխումների հանձնաժողովը, ըստ նորմատիվ իրական ակտերի մասին օրենքի պահանջների եւ իրենց կանոնակարգի, պարտավոր էր մեր հանրությանը ներկայացնել ժամկետային տեսանկյունից առնվազն սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ինչը եւս չի արվել։ Դրանից բացի, փետրվար ամսին գործադիր իշխանության ղեկավարը հանրությանը ներկայացրեց նոր տեսլական, այն է՝ սահմանադրական փոփոխությունները փոխարինեցին նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգով։
Ի՞նչ տարբերություն կա սահմանադրական փոփոխությունների եւ նոր Սահմանադրության միջեւ։ Եթե առաջինի դեպքում իրենք կարող էին ողջ տեքստը նոր խմբագրությամբ տալ եւ անհրաժեշտ փոփոխություններ կատարել, բայց կաշկանդված էին միայն Սահմանադրության նախաբանը եւ անփոփոխելի չորս հոդվածները փոփոխելու հնարավորությամբ, հիմա, եթե օրակարգը փոխվում է, սահմանադրական փոփոխությունից անցում են կատարում դեպի նոր Սահմանադրության ընդունում, ուրեմն նպատակ կա այս անփոփոխելի դրույթներում փոփոխություն կատարելու։ Դրանից զատ, զուգահեռ տեսնում ենք մեր թշնամի պետության նախագահի պահանջը՝ Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին։ Որո՞նք են իրենց համար ոչ ընդունելի սահմանադրական կարգավորումները։ Ինչպես իրավացիորեն նշեցիք, Սահմանադրության նախաբանը հղում է կատարում մեր պետության հիմնադիր նախահայրերի պատգամներին եւ ուղղակիորեն մեր պետության իրավական հիմք հանդիսացող Անկախության հռչակագրին։ Անկախության հռչակագիրն էլ իր հերթին ոչ միայն մեր պետության, այլեւ հայ ազգի ու հայոց պատմության հիմնաքարային հենասյուներն է պահպանում։ Դրանք են Ցեղասպանության ճանաչման պահանջը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված կարգավորումները, ընդհուպ ինքնորոշման իրավունք, եւ հայոց պետականության ակունքներում գտնվող մնացած հարցերի լուծում։
Մեր թշնամի պետությունների պահանջն է նաեւ մեր խորհրդանիշներից, մասնավորապես, զինանշանից Արարատ լեռան հեռացումը, բայց դա տեխնիկական պահանջ է եւ շատ մանր է թվում այս գլոբալ պահանջների դիմաց։ Եթե մենք հրաժարվում ենք Անկախության հռչակագրից, առաջին քայլով Սահմանադրությունից հղումը վերացնելով, այնուհետեւ արդեն զոհասեղանին դնելով Անկախության հռչակագրի իրավական լինելու հարցը, մենք ուղղակիորեն խփում ենք մեր պետության՝ երրորդ Հանրապետության իրավական հիմքերին եւ ական ենք նետում դեպի երրորդ Հանրապետության իրավական հիմքեր, որովհետեւ հենց Անկախության հռչակագիրն է այն իրավական փաստաթուղթը, որը Հայաստանի երրորդ Հանրապետության ծագման ու կայացման հիմք է հանդիսացել։
Այսինքն՝ եթե մեր Սահմանադրությունը 1995 թվականին ընդունվել է արդեն իսկ կայացած ինստիտուցիոնալ մարմինների եւ համակարգերի հիման վրա, այդ ինստիտուցիոնալ համակարգերն ու պետությունը ծագել են 1993 թվականի օգոստոսին ընդունված Անկախության հռչակագրի հիման վրա։ Եվ հրաժարումն այդ փաստաթղթից, Սահմանադրությունից այն հեռացնելը մեր թշնամի պետություններին հիմք է տալիս մոտ ապագայում օրակարգ բերել եւ հարցականի տակ դնել Հայաստանի երրորդ Հանրապետությունը՝ որպես իրավական պետություն հանդիսանալու հանգամանքը։
-Ինչպե՞ս պետք է դիմակայել այս ծրագրերին։
-Պետք է չվհատվել ու չհանձնվել, հիմնական ներուժն այն է, որ դռնեդուռ սկզբունքով մարզերից սկսած մարդկանց պետք է բացատրել։ Իշխանությունները սկսել են շատ վտանգավոր զուգահեռ տանել, դա Եվրամիության անդամակցության հանրաքվեն է։ Շատ հավանական է, որ այստեղ եւս թակարդ կա, եւ նպատակը մարդկանց շփոթեցնելն է։ Նախ ընդգծեմ, որ ԵՄ-ին անդամակցությունը միակողմանի գործընթաց չէ։ Առաջին հերթին ԵՄ-ն պետք է պատրաստ լինի մեզ որպես իր անդամ պետություն ընդունելու, իսկ այդպիսի նախահիմքեր ընդհանրապես չկան։ Նման ուղերձ մենք Եվրոպայից չենք ստացել, որպեսզի կարողանայինք ենթադրություն անել, որ հնարավոր է այդպիսի զարգացում։ Ավելին, ունենք վառ օրինակներ՝ Վրաստանի ու Ուկրաինայի օրինակը։ Եվ, այո՛, մեր Սահմանադրությունը եւ հանրաքվեների մասին օրենքը տալիս են հանրաքվեների ենթակա հարցերի շրջանակը եւ հարցերը, որոնք ենթակա չեն հանրաքվեի։ Եթե լիներ Եվրոպական միության անդամակցության հարց, դա վերպետական մարմինին միանալու գործընթաց է, որը լուծվում է հանրաքվեով։ Սակայն, եթե, օրինակ, վիզաների ազատականացման մասին է խոսքը, դրանք միջազգային պայմանագրով կարգավորման առարկա են։ Եվ այդ հարցը հանրաքվեով լուծման ենթակա չէ։
Ուստի, մեր խնդիրն այն է, որ հնարավորինս պատշաճ կերպով, բոլոր հասանելի խողովակներով բացատրենք մեր հանրությանը բոլոր վտանգները, որոնց իրենք առերեսվելու են նախատեսվելիք հանրաքվեին հավանություն տալու դեպքում։
Ռոզա Հովհաննիսյան