Ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց․ ազատեք հայ գերիներին

Ինչպես հատնում է news.am-ը, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է ընթանում: Մասնակիցները պահանջում են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկման հարց դարձնել հայ գերիների ազատ արձակումը։

«Այսօր նամակ չենք բերել։ Եկել ենք կոնկրետ պահանջով։ Բոլորդ գիտեք, որ ՄԱԿ անդամ երկրների, այդ թվում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի պաշտոնյաները գտնվում  են Նյու Յորքում։ Արդեն չորրորդ օրն է՝  խոսք չի եղել անհետ կորածների, գերիների վերադարձի հետ՝ ո՛չ Բաքվից, ո՛չ մեր երկրից, ո՛չ էլ ՄԱԿ-ից»,-ասաց ակցիայի մասնակից, «Համահայկական ճակատ» շարժման անդամ, «Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Ռուզաննա Ստեփանյանը։

Նա ցավով ասաց, որ Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել. «Ես եկել եմ այստեղ ՄԱԿ-ից պահանջելու, որ մի կողմ դնեն իրենց քաղաքական, էնեգետիկ, տնտեսական շահերն ու առաջնորդվեն հումանիտար  խնդրով։ ՄԱԿ-ը կարող է հենց այս պահին բանաձև ընդունել ու պատժամիջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Այս իշխանությունը վաղը Հայաստանում չի լինելու, բայց ՄԱԿ-ի գրասենյակը տարիներ շարունակ կա ու լինելու է, պարտավոր է այս հարցին լուծում տալ»,-ասաց ակցիայի մասնակիցը։

Վաղը Բլինքենը կհանդիպի Բայրամովի եւ Միրզոյանի հետ

Սպասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վաղը Նյու Յորքում կհանդիպի  Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի եւ Արարատ Միրզոյանի հետ խաղաղության բանակցությունների «եզրափակիչ փուլին» հասնելու համար, TURAN-ի վաշինգտոնյան թղթակցին տեղեկացրել են իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներ։

Արցախցիների բնակարանաշինության ծրագրի բլեֆը՝ ինչ է նախատեսում կառավարությունը մինչև տարեվերջ

Արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյան-ը, ով 2020 թվականից զբաղվում է արցախցիների սոցիալական խնդիրներով, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ արցախցիների բնակարանաշինության ծրագրի մեկնարկից 3 ամիս անց կարելի է պնդել, որ ծրագիրը ձախողվել է։ Նրա անցկացրած հարցումների արդյունքներով պարզվեց, որ գրեթե ոչ ոք չի ավարել բոլոր ընթացակարգերը և դիմել բնակարանային ծրագրին մասնակցելու համար։ Լիաննա Պետրոսյանը դա կապում է առաջին հերթին քաղաքացիություն ստանալու պարտադիր պայմանի հետ։

Արցախի տարածքային կառավարման նախկին նախարար Հայկ Խանումյանն իր հերթին եթերում ասել է, որ բնակարանային վկայագրերի տրամադրման ծրագիրն ի սկզբանե այնպես էր գրված, որ հնարավոր չլինի իրականացվել։

Ի՞նչ էր նախատեսում Հայաստանի իշխանությունն այս գարնանը` առանց արցախցիների կարծիքն հաշվի առնելու ի սկզբանե անիրագործելի ծրագիր սկսելով: Դեռևս ծրագրի մեկնարկից առաջ փորձագետները մատնանշեցին մի քանի կարևոր կետ.

1․ ՀՀ քաղաքացիություն ստանալը երկար և հոգնեցուցիչ գործընթաց է, հատկապես՝ թաստաթղթերը կորցրած արցախցիների համար
2․ Վճարման սահմանված չափերը բացառում են միայն այդ միջոցների օգտագործմամբ շուկայական գներով բնակարան ձեռք բերելու հնարավորությունը
3․ Հայաստանում նորմալ ​​աշխատանք գտնելու անհնարությունը, «ջնջված» կենսագրություններն ու վարկային վատ պատմությունները թույլ չեն տալիս կառավարության կողմից տրված գումարից բացի հիփոթեքային վարկ վերցնել
4․ Ընտրությունից զրկելը թույլ չի տալիս արցախցիներին բնակարաններ ձեռք բերել այնտեղ, որտեղ իրենց հարմար է, կամ կառուցել իրենց ուզած տունը (դա պետք է արվի որոշակի շինարարական կազմակերպությունների միջոցով՝ ստանդարտ նախագծերի համաձայն)
5․ Չկա որևէ միասնական ֆոնդ, որտեղ կուղղվեն այս ծրագրի համար նախատեսված գումարները, հետևաբար, չկա գործընթացի հաշվետվողականություն և թափանցիկություն: Չկա համակարգող մարմին, որը մոնիտորինգ կիրականացնի, ինչն արդեն իսկ մտահոգություն է առաջացնում միջազգային կազմակերպությունների շրջանում։

Բայց ծրագիրը մեկնարկել է, և թեև հայտնի չէ, թե որքան և ինչ աղբյուրներից են տրամադրվել այն իրագործման համար միջոցները, սակայն ակնհայտ է, որ արցախցիների բնակարանաշինության համար միջոցներ դեռ չեն ծախսվել։ Հայտնի չէ, թե ինչպես են օգտագործվում արդեն ստացված միջոցները, դրվո՞ւմ են  շրջանառության մեջ։ Բայց ծրագրի ֆիասկոյի մասին արդեն հնչած հայտարարությունները խոսում են այն մասին, որ ծրագիրը հնարավոր է փակվի։ Ավելին, ձախողման մեղքը կբարդեն արցախցիների վրա, ովքեր իբր չեն ցանկանում ՀՀ քաղաքացիություն ստանալ (թեև բոլոր արցախցիներն ունեն հայկական անձնագրեր) և քմահաճ են՝ չցանկանալով բնակարան գնել այնտեղ, որտեղ այն էժան է։

Ի՞նչ որոշում կկայացնի կառավարությունը մինչև տարեվերջ, և ինչո՞ւ արցախցիներին չեն բացատրում, թե ինչպես են օգտագործվում բնակարանաշինության ծրագրին արդեն իսկ հատկացված միջոցները։

Լիաննա Պետրոսյանը ևս մեկ ուշագրավ գրառում է արել՝ նշելով, որ 40+10 հազար դրամը, որը ՀՀ կառավարության որոշմամբ տրվում է արցախցիներին՝ բնակվարձի ու կոմունալ ծախսերի հատուցման համար, անմիջապես հոսում է Հայաստանում առասպելական փողերով բնակարաններ վարձով տվողների գրպաններ։ Եւ եթե այդ միջոցների տրամադրումը դադարեցվի, ապա կտուժեն ոչ միայն արցախցիները, այլեւ հազարավոր ՀՀ քաղաքացիներ, որոնք եկամուտ են ստանում արցախցիներին տրվոխ գումարի հաշվին։

Հիշեցնենք, որ կառավարությունը պնդում է, որ 2025 թվականի հունվարից կդադարեցնի բոլոր արցախցիներին 40+10 հազար դրամի տրամադրումը` վստահեցնելով, որ շարունակելու է վճարումները միայն անչափահասներին, հաշմանդամներին և թոշակառուներին։

Ստացվում է, որ բնակարանաշինության ծրագիրը դեռ չսկսած ֆիասկո է ապրում, մի քանի ամսից արցախցիների մեծ մասին 40+10 հազար դրամ այլևս չի ստանա, չնայած այն բանին, որ շատերը չեն կարողանում արժանապատիվ աշխատանք գտնել։ Բացի այդ, ասում են, որ Հայաստանի 070 ծածկագրով անձնագրերը կարող են համարվել անվավեր։

Ինչպե՞ս է կառավարությունը պատկերացնում արցախցիների կյանքը նոր տարում Հայաստանում։ Թե՞ ոչ Հայաստանում։ Կա՞ն Արցախ «վերադարձի» ծրագրեր, բայց ոչ արժանապատիվ ու կամավոր, այլ բռնի ու նվաստացուցիչ։

Հայաստանի կառավարությունը պնդում է, որ դեռևս պայմաններ չի տեսնում վերադարձի համար և միջոցներ է ձեռնարկում Արցախի ժողովրդին ինտեգրելու համար։ Բայց վերը նշված ծրագրերն ու որոշումները վկայում են ոչ թե ինտեգրվելու, այլ Հայաստանում «ցրված» համակենտրոնացման ճամբար ստեղծելու մտադրության մասին, որտեղ արցախցիները կպահվեն «նվազագույն զամբյուղի վրա», առանց կոմպակտ ապրելու և ինքնակազմակերպվելու հնարավորության, մինչև. «Խաղաղություն» կնքվի և «վերադարձի» անհրաժեշտություն առաջանա։

Նաիրա Հայրումյան

ՀՀ իրավապահ մարմինները պայթյունի դեպքով հնարավոր ահաբեկչության վարկածը քննության չառան

Այսօր լրանում է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի մեկ տարելիցը։ Նախորդ տարվա սեպտեմբերի 19-ին՝ Արցախի դեմ լայնածավալ հարձակումից հետո, Արցախի տեղեկատվական շտաբը սեպտեմբերի 25-ի առավոտյան հայտնել էր, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիներին Ստեփանակերտի թվով 5 բենզալցակայանում անվճար վառելիք կտրամադրվի: Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետեւանքով Արցախում խուճապ էր առաջացել, վառելիք ստանալու համար մեծ հերթեր էին գոյացել բենզալցակայանի մերձակա տարածքներում։ Իսկ սեպտեմբերի 25-ի երեկոյան տեղի ունեցավ պայթյունը։ Ողբերգական այս իրադարձության հետեւանքով, պաշտոնական տվյալներով, զոհվել է 218 մարդ, 120 անձինք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, անհետ կորած է համարվում 21 անձ։ ՀՀ իրավապահ մարմինները այս դեպքով հնարավոր ահաբեկչության վարկածը քննության չառան։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը step1.am-ի հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե մեկ տարի անց այս գործը լիարժեք բացահայտվա՞ծ է, ինչո՞ւ ՀՀ իրավապահ մարմինները ահաբեկչության վարկածը չեն դիտարկել։

Ըստ Սաքունցի՝ կա օբյեկտիվ հանգամանաք՝ դեպքը տեղի է ունեցել Ստեփանակերտում, եւ քննություն իրականացնելու հնարավորությունը սահմանափակված էր։ «Բայց մյուս կողմից էլ հարց է ծագում՝ ո՞ր մարմինն է այդ քննությունն իրականացնում՝ Հայաստանի Քննչական կոմիտեն, թե՞ Լեռնային Ղարաբաղի։ Բենզինի պայթյունի հետեւանքով զոհերի, անհետ կորածների իրավունքների հետ կապված հարցերով դիմումներ ներկայացվել են միջազգային կառույցներին, այդ թվում՝ Եվրոպական դատարան՝ հաշվի առնելով, որ տարածքը դե ֆակտո գտնվել է թե՛ Ռուսաստանի վերահսկողության տակ, թե՛ Ադրբեջանի կողմից այդպիսի իրավիճակ էր ստեղծվել։ Բայց արդյոք հնարավո՞ր չէր քննություն իրականացնել, այդ հարցերը պետք է Քննչական կոմիտեին հասցեագրել, որովհետեւ այնուամենայնիվ դեպքին ականատեսներ կան, որոնցից կարելի էր վկայություններ հավաքել։ Տարբեր վարկածներ են շրջանառվում, կան նաեւ տեղեկություններ, որ այդ բենզինն Ադրբեջանի կողից էր ուղարկված, ոմանք էլ ասում են՝ պահուստային բենզինն էր։ Ամեն ինչ ասում են, բայց կոնկրետ, թե ինչի հետեւանքով է այդ պայթյունը տեղի ունեցել, ո՞վ է տրամադրել այդ բենզինը, այս հարցերին պատասխաններ չկան»,- ասաց իրավապաշտպանը։

Արթուր Սաքունցի խոսքով՝ եթե Հայաստանի Քննչական կոմիտեն անգամ հիմնավորի, որ օրենքի տեսնակյունից այնտեղ քննություն իրականացնելու իրավունք չունի, որովհետեւ դեպքը տեղի է ունեցել ՀՀ տարածքից դուրս տարածքում, բայց քանի որ այնտեղ եղել են նաեւ ՀՀ քաղաքացիներ, գոնե այդ հիմքով կարելի էր քրեական գործը հարուցել ու քննություն իրականացնել։

Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, անդրադառնալով Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունին, ասել է, որ այս հանգամանքը եւս էթնիկ զտման վարույթի շրջանակներում է քննության առարկա դարձել։

Արթուր Սաքունցը, սակայն, նշում է․ «Այն իրավիճակում, երբ զինված հարձակում է տեղի ունենում, երբ անկառավարելի իրավիճակ է ստեղծվում, ահաբեկչական գործողության վարկածը չի կարելի բացառել։ Դա վարկածներից մեկը կարող է լինել, իսկ բուն պատճառները՝ ընդամենը տեխնիկական անփութություն է, թե՞ դիտավորություն, այդ հարցերի պատասխանները միմիայն կարող ենք ստանալ քննության արդյունքում»։

Ռոզա Հովհաննիսյան

Ճողոպրող պոպոկ․ էս հանցա վեներ օնե

Երեւանում պոպոկի փնտրտուքների և արցախյան տեսակի հետ համեմատման ֆոնին իմ՝ Ստեփանակերտի, համեմված մի քիչ Մարտունու բարբառը նորից առնչվեց Հադրութի բարբառի հետ, երբ հիշում էինք Արցախում պոպոկ հավաքելու արարողությունը:

Այնտեղ աշնան սկզբում սկսվում էր պոպոկ հավաքելու գործընթացը՝ հիմնականում հարևան-բարեկամներով: Պոպոկը ընդունված էր հավաքել առավոտյան, իսկ հետո փռել կարպետի վրա, անցնելով մյուս հոգսերին, այն սպասումով, որ երեկոյան մթնշաղին կսկսեն մաքրել պոպոկը:

Երևանում ամենայն լրջությամբ փորձում էինք պոպոկը մաքրել և հանկարծ հիշեցինք Հադրութի գյուղերից մեկում պոպոկ հավաքելու օրը:

Ինչպես օրենքն էր պահանջում, այդ օրը Արշալույս տատիկը առավոտյան հարևանուհի Մարգո տատիկի հետ պոպոկ հավաքելու էր գնում, իսկ վերադառնալուն պես պատշգամբին փռում կարպետը՝ ենթադրաբար պահպանված իր օժիտից, կարպետի վրա լցնելով նոր հավաքված պոպոկը:

Նախաճաշից հետո, երբ արդեն ժամն էր պոպոկները մաքրելու, պարզվում էր, որ պոպոկը ոտքեր ունի և մեկը մյուսի հետևից փորձում են փախչել, ճողոպրել. «Ախճիիիի, էս քու ճուղուպուրդ էլ ա վններ ըրալ փախչումա, ճուղուպուրչի է, «ագլակյոզա»»: Փախչում են, թե՞ ճողոպրում։ Կարող է՝ դա է “ճղուպուրի” գաղտնիքը։

Այստեղ, բացի նրանից, որ պոպոկը ոտքեր ունի, անհասկանալի էր, թե ինչ է «ագլակյոզան»: Պարզվում է, որ դա խխունջն է, որը ես փոքր ժամանակներից ճանաչում էի որպես «ալախաթում», իսկ իմ որոշ ընկերներ փաստում են, որ «լկճև» է:

Քրիստինե Ալավերդյան

Ի՞նչ է պատրաստում Իրանը

Շատերն ակնկալում էին, որ Իսրայելի աննախադեպ հզոր հարվածները, որոնք լրջորեն խարխլեցին Հեզբոլլահի կառուցվածքը, ավելի վճռական պատասխան կառաջացնեն Իրանի կողմից։ Սակայն նման արձագանք դեռ չի հետեւել, գրում է BBC-ն։

Չնայած Իրանի երկարամյա պնդումներին, թե «Հեզբոլլահն» իր «կարմիր գիծն է», և այն փաստին, որ Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլան վերջերս ասել է, որ Իսրայելը «անցել է բոլոր կարմիր գծերը», Իրանը մինչ այժմ որևէ զսպված, ոչ մի ագրեսիվ պատասխանի նշաններ ցույց չի տվել:

Իրանի դիրքորոշման մասին պատկերացում կարելի է քաղել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցած երկրի նախագահ Մասուդ Պեզեշքյանի վերջին մեկնաբանություններից։

Ամերիկացի լրագրողների հետ հանդիպման աուդիո ձայնագրության համաձայն՝ Պեզեշքյանը արտասովոր հայտարարություն է արել՝  նշելով, որ Իրանը կարող է մտածել ռազմական ուժ կիրառելուց հրաժարվելու մասին, եթե Իսրայելը նույնն աներ։

Սա բացարձակ հակասում է Իրանի դիրքորոշմանը երկու ամիս առաջ, երբ Իրանը խոստացավ կոշտ պատասխան տալ Իսրայելին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո:

Ինքը՝ Պեզեշքյանը, ամերիկացի լրագրողների հետ զրույցում հստակ հայտարարեց. «Մենք պատերազմ չենք ուզում»՝ մեղադրելով Իսրայելին, որ փորձում է Իրանին ներքաշել պատերազմի մեջ, որտեղ, ըստ նրա, հաղթողներ չեն լինի։

Սա կարելի է մեկնաբանել որպես խոստացված վրեժից հրաժարում։ Բայց ոմանք ենթադրում են, որ դա կարող է նաև ցույց տալ հաշվարկված դադար, մինչդեռ Իրանը պլանավորում է անակնկալ պատասխան հարված հասցնել:

Եվ չնայած իրավիճակի նման զարգացումն այս պահին քիչ հավանական է թվում, սակայն չպետք է մոռանալ, որ Մերձավոր Արևելքը վաղուց դարձել է տարածաշրջան, որտեղ անկանխատեսելի իրադարձություններ են տեղի ունենում, գրում է BBC-ն։

Սրան հավելենք, որ Իրանը բացահայտ մեղադրում է Ռուսաստանին Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-իրանական սահմանին ագրեսիա հրահրելու փորձի մեջ։ Բացի այդ, Իրանը Ռուսաստանին անվանել է ագրեսոր և հայտարարել, որ դեմ է Ուկրաինայում Մոսկվայի գործողություններին։

Փաշինյան-Էրդողան հանդիպումը տեղի է ունցել Նյու Յորքի «Թուրքիայի տանը»

Ազատություն

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ էրդողանը Նյու Յորքում մասնակցում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին:

ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ զրուցակիցները մանրամասն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում արդեն իսկ կատարված քայլերին և առկա պայմանավորվածություններին:

Ընդգծվել է կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերին:

«Վարչապետ Փաշինյանը նախագահ Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրման պատրաստակամության, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին», – ասված է հաղորդագրությունում:

Հանդիպման վայրի մասին մանրամասներ Կառավարության լրատվականը չի փոխանցում։

Ըստ հրապարակված լուսանկարների՝ հայկական կողմից հանդիպմանը ներկա են եղել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը հանդիպման մասին միայն հայտնել է, որ այն տեղի է ունեցել «Թուրքիայի տանը», և որ Էրդողանը Փաշինյանին է նվիրել իր «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը՝ ստորագրությամբ։

Այս լուսանկարն արվել է 1963 թվականին Ստեփանակերտում

Լուսանկարում պատկերված է Ստեփանակերտի բազմաթիվ «խրուշչովկաներից» մեկը, որը շահագործման է հանձնվել 1962 թվականին, իսկ լուսանկարն արված է 1963-ին։  Այս «խրուշչովկայում» 36 բնակարան է, մինչև 1988 թվականը 36 բնակարաններից միայն երեքն են եղել բնակեցված ադրբեջանցիներով։ Այս շենքում մինչև 2023 թվականի սեպտեմբերն ապրել են ընտանիքների 4 սերունդներ։

Հիմա ասում են, որ «ադրբեջանցիները վերադառնում են իրենց տները» Ստեփանակերտում։ Ո՞ւմ տներն են նրանք վերադառնում։ Այս փոքրիկ շենքի 36 բնակարաններից 3-ը՞։ Թե՞ նոր շենքեր, որոնք կառուցվել են 1990-ից հետո։ Այո՝  նրանք «վերադառնում են» ուրիշների տները՝  դեն նետելով մանկական մանկասայլակներն ու պահարաններում թաքնված խաղալիքները։

Միջազգային տեղեկատվական տարածքում արդեն բացահայտ ասում են, որ ադրբեջանցիները յուրացնում են հայերի տներն ու հավաքական ունեցվածքը։ Օրինակ՝ վերջին տարիներին վերանորոգված համալսարանում Ալիևը հանդիպում է նոր ուսանողների հետ, իսկ հայկական տները օգտագործվում են որպես ուսանողական հանրակացարաններ։ Իհարկե՝ արդեն դեն նետված մանկական խաղալիքներով։

Ո՞վ է «վերադառնում» այս տները։ 35 տարի առաջ հեռացած ընտանիքնե՞րը։ Բայց նույնիսկ Բաքվի լրատվամիջոցներն արդեն գրում են, որ «որոշ նախկին ներքին տեղահանվածներ օկուպացիայից ազատագրված հողերում վարձով են տալիս պետության կողմից իրենց տված տները և վերադառնում Բաքու»։ Այս մարդկանց բռնում են ու պատժում։ Թեև նրանց պատժելու պատճառ չկա․ նրանք միայն վերավաճառում են  ուրիշից գողացվածը։

Սեփականության իրավունքը վաղեմության ժամկետ չունի։ Եվ այս իրավունքը կվերականգնվի։

«Աֆեյան» հիմնադրամը ֆինանսական աջակցություն է տրամադրել արցախցիներին

«Աֆեյան» հիմնադրամը ֆինանսական աջակցություն է տրամադրել Արցախից տեղահանված ընտանիքներին:

Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ավելի լավ աշխարհ կառուցելու նպատակով լուծումներ ձևավորելու և դրանք առաջ մղելու առաքելությամբ գործող «Աֆեյան» հիմնադրամն այսօր հայտարարեց Արցախից ավելի քան 100,000 տեղահանված անձանց աջակցելու համար նախկինում հայտարարված 2 միլիոն ԱՄՆ դոլարի տեղաբաշխման ավարտի մասին: Այս ծրագիրը Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված բնակչությանն աջակցելուն ուղղված Աֆեյանների ընտանիքի նախորդ նախաձեռնությունների շարունակությունն է։

«Արցախի ժողովուրդը տարիներ շարունակ ենթարկվել է դաժան և աներևակայելի ճնշումների, և էթնիկ զտման հետևանքով իրենց տներից բռնի վտարվելուց հետո այժմ կանգնած է իր համար նոր միջավայրում կյանքը վերսկսելու իրողության առջև»,- ասում են «Աֆեյան» հիմնադրամի հոգաբարձուներ Նուբար և Աննա Աֆեյանները. «Արցախի ժողովուրդն ունի հանրային և մասնավոր հատվածների լայնածավալ աջակցության կարիքը, որպեսզի ստանա փրկությունից վերածնունդ, այնուհետև՝ դեպի բարգավաճում ճանապարհն անցնելու համար անհրաժեշտ ռեսուրսներն ու օգնությունը»:

Քամալա Հարիսը կոչ է անում չմոռանալ Հայոց ցեղասպանության եւ արցախցիների տեղահանության մասին

Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կարևոր է հայ ժողովրդի արժանապատվության վերականգնման և տարածաշրջանում կայունության համար:  Այս մասին ասվում է ԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսի հայտարարության մեջ՝ ուղղված հայ-ամերիկյան հանրությանը․

«Իմ բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ այս օրը, երբ դուք նշում եք Հայաստանի անկախության օրը։

Մինչ մենք տոնում ենք այս օրը, մենք նաև պետք է երբեք չմոռանանք Հայոց ցեղասպանության մասին, երբ շուրջ 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին, սպանվեցին և քշվեցին դեպի մահվան երթ:

Սա ողբերգություն է, որը շարունակում է ձևավորել հայ ժողովրդի ինքնությունը։ Հայ-ամերիկյան համայնքի տոկունությունը մնում է ոգեշնչման աղբյուր Ամերիկյան մեր հավաքական պատմության մեջ: Ես հավատարիմ եմ մնում Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղության հասնելու գաղափարին՝ հիմնված ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հարգանքի վրա:

Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կարևոր է հայ ժողովրդի արժանապատվության վերականգնման և տարածաշրջանում կայունության համար:

Ես շարունակելու եմ աջակցել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանում կայունության խթանման նրա ջանքերում:

Հայաստանն ու իր ժողովուրդն ունեն հարուստ պատմություն, որը ոգեշնչում է բոլորիս ձգտել ազատության և արդարության: Ես հավատարիմ եմ մնում մեր ժողովուրդների միջև կապերի խորացմանը և գործընկերության ամրապնդմանը, որն աջակցում է մեր ընդհանուր արժեքներին և ձգտումներին: Միասին մենք կարող ենք կառուցել ավելի ապահով, արդար և ազատ աշխարհ: Հարգանքով, Փոխնախագահ Քամալա Հարիս։»։

558 զոհ Լիբանանում. Ռուսաստանն ու Իսրայելը ցանկանում են «անվտանգության գոտի» ստեղծել

Լիբանանի իշխանությունները հայտնել են, որ երկուշաբթի օրվանից ի վեր Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 558 մարդ, այդ թվում՝ 50 երեխա և 94 կին, իսկ ավելի քան 1800-ը վիրավորվել են: Այդ օրը Լիբանանի ամենամահաբերն էր 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմի ավարտից հետո:

Իսրայելի իշխանությունները հայտարարում են, որ թիրախավորում են լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման ենթակառուցվածքները և գրոհայիններին:

Իր հերթին, Գազայում անցած տարվա ընթացքում ավելի քան 40 հազար պաղեստինցի է զոհվել իսրայելական հարվածների հետևանքով, և Իսրայելը հայտարարել է, որ գրեթե հասել է ՀԱՄԱՍ շարժումը չեզոքացնելու իր նպատակին։ Հիմա Իսրայելը նույն գործողություններն է անում Լիբանանում Հեզբոլլահին չեզոքացնելու համար։

Լիբանանում լույս տեսնող հայկական «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարյանի խոսքով՝  Իսրայելը մտադիր է իր հյուսիսային սահմանին «անվտանգության գոտի» ստեղծել, ըստ երեւույթի՝ Լիբանանի հաշվին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Գանտահարյանն ասաց, որ Լիբանանի հայերը հիմնականում հեռու են բնակվում ներկայիս ռազմական գոտուց: Նա նշեց, որ հայ համայնքում խուճապ չկա։

Այսօր Հայաստանի ԱԳՆ-ից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ տեղեկություն չունեն Լիբանանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած հայերի մասին։

Միևնույն ժամանակ, Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն չի տարածել Լիբանանում Իսրայելի գործողությունների և մտադրությունների, մասնավորապես՝ ուժային գործողությունների և լիբանանյան տարածքի գնդակոծման առնչությամբ։ ԱԳՆ-ն չի մեկնաբանել նաև այսպես կոչված «անվտանգության գոտիների» ստեղծման նպատակահարմարությունը։ Հայաստանի արտգործնախարարության կայքում Լիբանանի մասին վերջին հիշատակումը վերաբերում է 2023 թվականի գարնանը, թեև սա մի երկիր է, որտեղ հայ համայնքը համարվում է պետականաստեղծ. բավական է նշել, որ 2022 թվականին 6 հայ են ընտրվել Լիբանանի խորհրդարանի պատգամավոր։

Հիշեցնենք, որ Մոսկվան եւս հայտարարել էր, որ Ուկրաինայի Խարկովի մարզում իր գործողությունները թելադրված են այնտեղ անվտանգության գոտի ստեղծելու մտադրությամբ։

Հայաստանի իշխանությունը Բաքվի՝ 2021-22 թթ. ագրեսիվ գործողություններից հետո առաջարկեց զորքերի հայելային դուրսբերում և չեզոք գոտու ստեղծում, սակայն այս առաջարկը չընդունվեց։ Ավելին, հայ հասարակության մեջ հարցեր առաջացան, թե ինչու պետք է «անվտանգության գոտին» ստեղծվի բացառապես Հայաստանի տարածքների հաշվին։

Կհաջողվի՞ Ռուսաստանին և Իսրայելին անվտանգության գոտիներ ստեղծել Լիբանանում և Ուկրաինայում։

Ֆիլմի պրեմիերա․ Սենյակ #Հադրութ

Ի՞նչն է միացրել Նվերին, Արթուրին, Արտյոմին ու Հարութին։ Հադրո՞ւթը, Արցա՞խը, թե՞ երաժշտությունը։ Բայց էականը երևի դա չէ։ Կարևորն այն է, որ նրանք հիմա միասին են։ Հայրենիքի կորստի ցավը տղաներին մի հասցեում հավաքեց՝ մի սենյակում։  «Նրանք պատահական կամ գուցե ճակատագրով հայտնվեցին միևնույն ստուդիայում»,- ասում է Տաթևիկը, ով նկատել ու վավերագրական ֆիլմ է նկարել արցախցի տաղանդավոր տղաների մասին։

Նրանք բենդ դառնալու նպատակ ունեն, բայց մինչ այդ ստիպված են աշխատել այլ տեղերում` օրվա հացը վաստակելու համար, երաժշտությունը նրանց կյանքում շարունակում է մնալ զուտ ինքնաարտահայտման հնարավորություն, իսկ բոլոր ձայնագրված երգերը՝ ինտուզիազմի արդյունք։

«Երաժշտությունը պարզապես սիրած զբաղմունք չէ, այլ նաև իրենց ասելիքը, սրտի եղածը մարդկանց հասցնելու ձև, նրանք երգի միջոցով են փորձում հաղթահարել այն ամենը, ինչն իրենց ներսում կատարվում է»,- ասում է Տաթևիկ Խաչատրյանը։

Բավական երկար ժամանակ է, ինչ Տաթևիկը նկատել է տղաներին։ Երկար է մտածել, թե ինչպես կարելի է անդրադառնալ նրանց գործին՝ շարունակ ուսումնասիրելով նրանց գործունեությունը։ Հետո հասկացել է՝ իսկ ինչո՞ւ ոչ ինքը, եթե այդքան կարևորում է տղաների գործունեությունը:

«Ցավից ոմանք կոտրվում են, ոմանք էլ՝ չարանում, մարդիկ էլ կան՝ ստեղծում են լավն ու բարին։ Երգերի միջոցով նրանք ոչ միայն կիսվում են իրենց ապրումներով, այլև իրենց հորդորն են անում, պատմում իրենց երգարվեստը սիրողներին դիմադրելու սեփական բանաձևի մասին»։

Տաթևիկի կարծիքով՝ դժվար է պատերազմի միջով անցնել, տառապանք ու ցավ տեսնել, կյանքի ուղիղ կեսն անցկացնել խրամատում և չկորցնել ստեղծագործելու կամքն ու մոտիվացիան, բայց ֆիլմի հերոսներից Նվերի մոտ դա ստացվել է:

Նվերն ամուսնացած է, երխաներ ունի, երազում է զբաղվել միայն սիրելի գործով, բայց որակյալ երաժշտությունն ու կոմերցիան Հայաստանում հազվադեպ են զուգակցվում, ուստի Նվերը շատ հաճախ ստուդիայի դուռը փակում է, նստում մեքենան և միացնում տաքսի ծառայության հավելվածը, որովհետև երգերը երգերով, բայց տան վարձն ամեն ամսվա վերջ վճարել է պետք:

Մյուս հերոսը՝ Հարութը, ընտանիքի միակ զավակն է ու միակ աշխատողը, նրանք Աբովյանում են ապրում և մյուս շուշեցի ու հադրութեցի բռնատեղահանվածների պես պետության կողմից տրվող 40+10հազար աջակցություններից չեն օգտվում. «Դա է պատճառը, որ նա հաճախ չի կարողանում վայելել իրենց ընկերությունը, ստուդիայի միջավայրը»։

«Արտյոմը  «Հայի Գեն»  ստուդիայի հոգին է ու կես հաստիքով՝ ընկերների հոգեբանը»,- կատակում է Տաթևիկը։ Նա տիրապետում է համարյա բոլոր երաժշտական գործիքներին, որի շնորհիվ էլ ընկերների կողմից ստացել է մարդ-երգչախումբ «տիտղոսը»։ Արտյոմը ևս այլ աշխատանք ունի։ Նա ամենօրյա ռեժիմով աշխատանքից ստուդիա շտապողների շարքում է։

Ֆիլմի հաջորդ հերոսը Արթուր Խաչենցն է։ Նա իրենց քառյակում միակն է, ով զբաղվում է բացառապես ստեղծագործելով։ Խաչենցին ճանաչում ու սիրում են շատերը, ուստի ֆիլմը նկարահանելիս մյուսների չափ նրան բացահայտելու խնդիր Տաթևիկն իր արջև չէր դրել։

«Սենյակ #Հադրութ»-ը նաև շատ ամուր ընկերության մասին է։ Իրար ձեռք մեկնելու համար տղաներն ամեն ինչ անում են՝ վստահեցնում է ֆիլմի հեղինակը. «Այդքան շատ ասելիք ունենալով հանդերձ՝ տղաները շատ համեստ են, բացարձակ հարգանքով ու կարեկցանքով մարդիկ են»։

Ֆիլմը նկարահանվել է Մեդիանախաձեռնությունների կենտրոնի ծրագրի շրջանակներում։ Նկարահանման ժամանակ չլուծվող խնդիրների չեն բախվել. «Առավելագույն հաճույք ենք ստացել նկարահանումներից՝ միջավայրը, դեկորացիան, մարդիկ, լրիվ ուրիշ միջավայր էր այնտեղ, գնում ես ու չես ուզում հեռանալ»,- ասում է ֆիլմի հեղինակ Տաթևիկ Խաչատրյանը։

Ֆիլմը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=5eiddWke7rM

 

Ասպրամ ԱՎԱՆԵՍՅԱՆ 

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիաակումբի ծրագրի շրջանակներում