«Մեր արժանապատվությունը եւ համայն հայության խաչն այսօր Արցախն է, որը գերեվարված է»

«Մենք ամեն ինչ պիտի անենք, որպեսզի Արցախի Հանրապետությունը ոչ միայն գոյություն ունենա, այլ նաեւ կարողանա իրապես իր առաքելությունն իրականացնել։ Մեր արժանապատվությունը եւ համայն հայության խաչն այսօր Արցախն է, որը գերեվարված է»,- այսօր Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողության ժամանակ ասաց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Նա հավելեց. «Պետք է տեսանելի լինի, որ միակ երաշխավորն այսօր Արցախի Հանրապետությունն է, որպեսզի նրա ժողովուրդը համախմբված լինեն նրա շուրջը եւ կարողանան իրականացնել այն, ինչ իրենց սրտում ու մտքում է։ Ուստի, ամեն ինչ պիտի անենք, որպեսզի Արցախի Հանրապետությունը Հայաստանում լինի լիարժեք՝ իր օրենսդիր եւ գործադիր բոլոր մարմիններով։ Եվ սա է միակ գերնպատակը, որպեսզի Արցախը տեսանելի լինի եւ Սփյուռքի մեր եղբայրների, եւ միջազգային կառույցների համար։ Մեր զգացողությունները մեզ տանում են դեպի Արցախի 1988 թվականի շարժումը, երբ արդյունքում տեսանք լուսավոր, հաղթանակած, պայծառ Արցախ»։

Արցախ վերադարձի հարցին իր ելույթում անդրադարձավ նաեւ արցախցի Միքայել Հաջիյանը։ «Մենք անպայման կվերադառնանք տուն ու կկառուցենք, կվերականգնեն մեր անկախ, ինքնիշխան Արցախի Հանրապետությունը։ Այդ վերածնունդը հեռու չէ, ես հավատացնում եմ ձեզ, դա երազանք չէ, դա նպատակ է, որը պարտադիր իրականացման ենթակա է»,- ասաց Հաջիյանը՝ կոչ անելով համախմբվել։

Մոռացեք արմատների, հազարամյա ժառանգության մասին՝ հանուն երեւակայական խաղաղության

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթները վաղուց ոչ ոքի չեն զարմացնում իրենց անհեթեթությամբ։ Ավելին, քիչ թե շատ մտածող հայերն իր յուրաքանչյուր հրապարակային ելույթից առաջ սարսափով մտածում են՝ ի՞նչ է լինելու այս անգամ։

Բացառություն չէր նաև Փաշինյանի ելույթը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում կայացած «Ապագայի գագաթնաժողովում»։ Արժե կարդալ հետևյալ տողերը՝ ակնհայտ դարձնելու համար, թե որքանով է Հայաստանի ներկայիս վարչապետը շփոթված իրականությունից և չի գիտակցում իր պետությունը կործանման հասցնելու պատասխանատվությունը։

«Անցյալում արդեն ոչ մի բան չենք կարող փոխել, այսօրվա մեջ արդեն շատ բան չենք կարող փոխել, որովհետև այսօրն արդեն ինչ-որ չափով անցյալ է: Բայց ապագան նախագծելն այսօրվա ամենակարևոր գործն է: Անելիքների օրակարգը նույնպես հայտնի է. խաղաղություն, անվտանգություն, բարեկեցություն, ազատություն, արդարություն, մարդու իրավունքներ, արհեստական ինտելեկտ, կլիմա: Բայց կարևոր է այն հայեցակարգը, որ պիտի դնենք ապագայի մեր պատկերացումների հիմքում:

Եվ հետևաբար, ինչպե՞ս կառուցել ապագան: Ասածս տարօրինակ կհնչի, բայց կարևորագույն բանը, որ կարող ենք անել ապագայի համար, պոզիտիվ խոսույթներ ձևավորելն է¸ և դրանց հիմքերի ստեղծման հնարավորությունների վրա կենտրոնանալը, անկախ նրանից այս պահին դրանք կա՞ն, թե` ոչ»,- ասաց Փաշինյանը։

Այսինքն՝ մի երկրի ղեկավար, որը վերջին 3 տարում կորցրել է իր տարածքի մի մասը՝ Արցախը՝ ընդունելով ցեղասպանության և տեղահանության ենթարկված իր 150 հազար հայրենակիցներին, մի երկրի, որի տարածքի 240 քառակուսի կիլոմետրն այսօր գտնվում է ադրբեջան կոչվող ահաբեկչական, ֆաշիստական ​​կազմավորման օկուպացիայի տակ, խոսում է այն մասին, որ «ոչինչ փոխել չի կարելի»։

Այսինքն, ըստ Փաշինյանի, պետք է հաշտվել կատարվածի հետ, մոռանալ, որ Ռուսաստանի և Թուրքիայի պրոքսին՝ ադրբեջանը իրականացրել է ցեղասպանություն, մարդկության դեմ հազարավոր հանցագործություններ, և տալ նրան ողջ Հայաստանը, միայն այն պատճառով, որ «մեզ պետք են դրական նարրատիվներ»։

Երկրի վարչապետը, ում հայրենակիցները Բաքվի բանտերում հառաչում են միայն հայ լինելու պատճառով, այս մասին ոչ մի բառ չի արտասանում նման բարձր մակարդակի համաշխարհային ֆորումում։

«Ի տարբերություն նախորդ երեք անգամների` ես Գլխավոր ասամբլեայի իմ այս տարվա ելույթում ավելի շատ կկենտրոնանամ հնարավորությունների վրա, քան հարևան երկրներին մեղադրելու։ Եվ դա դրական մտածելու և հնարավորությունների մասին խոսելու հնարավորություն կտա»,- ասաց Փաշինյանը։

Այսինքն՝ Փաշինյանը չի ցանկանում «մեղադրել հարևան երկրներին» հանուն ինչ-որ երևակայական ապագայի, որն իրեն ոչ ոք չի խոստանում։ Ինչպես գիտեք, հարեւան թշնամի, ահաբեկչական երկրի «նախագահը» հավակնում է Փաշինյանի գլխավորած երկրի ողջ տարածքին։ Ամենայն հավանականությամբ, նա համաձայն է «ալիևի ծրագրին», քանի որ չի ցանկանում նրան որևէ բանում մեղադրել։

Մեկ այլ անհեթեթ արտահայտություն Փաշինյանի ելույթից. «Այսօրվա համաշխարհային ճգնաժամի պատճառներից մեկն այն է, որ միջազգային ձևաչափերը վաղուց դարձել են փոխադարձ մեղադրանքների, սպառնալիքների, փակուղային իրավիճակների և ճգնաժամերի մասին հայտարարությունների ասպարեզ»։

Փոխանակ ՄԱԿ-ին մեղադրելու, որ դադարեցրել է արձագանքել այսօրվա մարտահրավերներին, չի կանգնեցնում կամ կանխում ցեղասպանությունները, որոնք պատել են Երկիր մոլորակի կեսը, Փաշինյանը առաջ է քաշում մոլորական եզրակացություն, որ « անցյալում քիչ էին կամ բացակայում էին դրական նարրատիվները»: Այսինքն, ըստ Հայաստանի վարչապետի, հենց որ «դրական նարրատիվներ» հայտնվեն, ահաբեկիչները, նացիստները, ռասիստները կդառնան սպիտակ ու պուպուշ, և բոլորը միմյանց բարիք ու երջանկություն կմաղթե՞ն, երբ հանդիպեն։

Նիկոլ Փաշինյանն ավելի ու ավելի էր հիշեցնում սատկած աղավնին ադրբեջանցի վերարկույով “էկոակտիվիստի” ձեռքին Շուշիի մերձակայքում փակված ճանապարհին, որի պատճառով արցախցիները ենթարկվեցին շրջափակման, սովի, ցրտի և զանգվածային արտահանման իրենց նախնիների երկրից։ Կարծես՝ «խաղաղության աղավնի», բայց արդեն խեղդված։

Այս «Ապագա կա» լոզունգի ֆոնին հարեւան Իրանը սկսեց ակտիվորեն ազդանշաններ ուղարկել Արևմուտքին։ «Մենք կցանկանայինք երկխոսություն և բանակցություններ սկսել եվրոպացիների և ամերիկացիների հետ», – Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում լրագրողներին ասաց Իրանի նորընտիր նախագահ Փեզեշքիյանը (մեջբերում է AFP-ն): «Մենք երբեք չենք աջակցել ռուսական ագրեսիային ուկրաինական տարածքի հանդեպ»։

Նշենք, որ մի քանի շաբաթ առաջ Իրանը ուղղակիորեն մեղադրեց Ռուսաստանին «Զանգեզուրի միջանցքը» ճեղքելու, ռազմական բախումներ հրահրելու և հայ-իրանական սահմանը փակելու մտադրության մեջ։

Տարօրինակ է, չէ՞: Այդ մասին, թվում է, Հայաստանի ղեկավարը պետք է հայտարարեր ՄԱԿ-ի բարձր ամբիոնից։ Բայց ոչ, Հայաստանի վարչապետը չի ցանկանում որևէ մեկին մեղադրել ռազմական հանցագործությունների, հայկական պետականությունը ոչնչացնելու ռուս-թուրք-ադրբեջանական ծրագրի վերածելու մեջ։

Մարգարիտա Քարամյան

Արցախցի նախկին զինվորականները նոր կյանք են սկսել Տավուշի սահմանամերձ գյուղում

Տավուշի մարզի Այգեձոր գյուղում Արցախից տեղահանված երկու նախկին զինվորականներ՝ Արսենը և Նարեկը, իրենց ընտանիքներով փորձում են սկսել նոր կյանք, չնայած բազմաթիվ դժվարություններին:

Արսենն ու Նարեկը, երկու վաղեմի ընկերներ ու մարտական ծառայակիցներ, կորցրել են իրենց տները Արցախում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Նրանց ճանապարհը Հայաստանի տարբեր քաղաքներով վերջապես հասցրել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղ, որտեղ նրանք փորձում են վերստեղծել իրենց ընտանիքների կյանքը՝ նոր պայմաններում:

«Սկզբում Լենինականում էինք, հետո գնացինք Արթիկ աշխատելու, հետո Երևանում երկու ամիս “յանդեքս” վարելուց հետո որոշեցի, որ պետք է գամ Արծվաբերդ ապրելու և աշխատելու։ Ամեն տեղ նույն վատ պայմանները, որը խիստ տարբերվում է Ստեփանակերտի Հեքիմյանի տնից»,- ասում է Արսենը։

Արսենի մայրը՝ Անահիտը, արցունքն աչքերին է հիշում իրենց տունը Արցախում. «Այսքան արտասահմանից լրագրողներ են գալիս, ոչ մեկը չի կարողանում հարց լուծել», — ասում է նա՝ չիմանալով, թե ինչ պետք է անել:

Արսենը ամենաշատը ցավում է Արցախում մնացած ընկերների գերեզմանների համար։ «Դժվար է նրանց թողնել այնտեղ՝ առանց խնամքի»,- հավելում է նա:

Նարեկ Դումանյանը, ով ծնունդով Այգեձորից է, դեռ չի կարողանում մոռանալ պատերազմի ցավալի իրադարձությունները։ Կինը Հադրութից է, և ընտանիքը նույնպես ստիպված է եղել հեռանալ Արցախի հարավային հատվածից։ Նարեկը հիշում է Փառուխի ու Սարիբաբի դեպքերը, ինչպես նաև ոստիկանների սպանությունը Խայփալույում. «Այդ ճակատում ինչքան մարդ կար՝ սաղին սպանեցին»,- պատմում է նա։

Չնայած նրան, որ Նարեկին առաջարկել են վերադառնալ զինվորական ծառայության, նա հրաժարվել է. «20 թվականի պատերազմում շատ ընկերներ եմ կորցրել, և ինձ համար այդ համազգեստը սուրբ է։ Այդ համազգեստն իմ աչքի առաջ են վառել»,- ասում է նա:

Ներկայում Արսենն ու Նարեկը փորձում են իրենց ապրուստը հոգալ գյուղական տնտեսությամբ. աշխատում են ջերմոցներում և զբաղվում անասնապահությամբ։ Օրական 7-10 հազար դրամի դիմաց նրանք կատարում են տարբեր ֆիզիկական աշխատանքներ՝ զուգահեռաբար հույս ունենալով, որ կառավարությունը կլուծի նրանց բնակարանային խնդիրները։

«Առաջնայինը բնակարանային հարցն է։ Երկու անչափահաս ունենալու դեպքում կարող ես բնակելի տուն կառուցել»,- նշում է Արսենը:

Չնայած բոլոր դժվարություններին, ընտանիքները հույս ունեն, որ գոնե այստեղ, Տավուշում, կկարողանան իրենց երեխաներին ապահովել խաղաղ մանկություն։

Տաթև Ազիզյան

 

«Եռաբլուրում» տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմքի օծման՝ հիմնարկեքի արարողությունը

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմքի օծման՝ հիմնարկեքի արարողությունը: Հուշակոթողը կամփոփի Արցախյան բոլոր նահատակների, Արցախում բոլոր հուղարկավորվածների և սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը:

Հուշակոթողը կառուցվելու է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի նախաձեռնությամբ։

Ճարտարապետները արցախցի են, նրանցից Միքայել Սարգսյանն ասաց, որ «Արցախի կանչը» հնարավորինս նման է լինելու Ստեփանակերտի հուշահամալիրին։

Հուշակոթողի կառուցման աշխատանքները կհամակարգի Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը։ Կառուցման աշխատանքները ֆինանսավորողը արցախցի է, ով չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի։

Շրջիկ “անձնագրային բաժիններ”՝ նաեւ արցախցիների համար

Աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, սպասարկումը քաղաքացիների համար առավել հասանելի դարձնելու նպատակով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բաժիններում մատուցվում են շրջիկ ծառայություններ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունումը նույնպես ներառվում է շրջիկ ծառայությունում: Այս մասին հայտնում են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

Օգոստոսի 19-ից 26-ը շրջիկ ծառայություն է մատուցվել Արմավիրի մարզի Սարդարապատ, Խոյ, Արաքս, Մեծամոր, Փարաքար և Էջմիածին համայնքներում։

Շրջիկ խումբը կշարունակի ծառայություններ մատուցել Կոտայքի մարզում.

Չարենցավան քաղաքում՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 10․00-16․00,

Չարենցավան համայնքի գյուղական բնակավայրերում՝ սեպտեմբերի 25-ին.

Բջնիում՝ ժամը 9․30-12․00,

Արզականում՝ ժամը 13․00-14․00,

Ալափարսում՝ ժամը 14․30-15․30,

Ֆանտանում՝ ժամը 16․00-17․00,

Կարենիսում՝ ժամը 17․30-18․30,

Բյուրեղավան քաղաքում՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 10․00-16․00 ,

Եղվարդ քաղաքում՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 10․00-16․00։

Պարզվում է, Արցախի ԱԺ-ն չի կարողացել սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակել

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի վտարանդի խորհրդարանը սեպտեմբերի 18-ին ԱԺ հատուկ նիստ էր նշանակել՝ օրակարգում ունենալով 1 հարց․ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում էր սեպտեմբերի 19-ը Արցախի տոնացույցում ամրագրել որպես ցեղասպանության օր։ Նախապես բոլորը համաձայն են եղել, կազմվել է նախագիծ, սակայն սեպտեմբերի 18-ի երեկոյան նշանակված նիստին խորհրդարանական մյուս խմբակցությունների համար անակնկալ կերպով Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքի» պատգամավորները չեն ներկայացել՝ բացառությամբ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի։ Եվ քանի որ երկրից բացակայողներ էլ են եղել, քվորումի խնդիր է առաջացել, ու նիստը չի կայացել։

Տեղեկություններ կան, որ Սամվել Բաբայանն ընդառաջել է ՀՀ իշխանությունների պահանջին, թե պետք չէ հարամել Հայաստանի անկախության օրը, քանի որ սեպտեմբերի 19-ից 2 օր հետո անկախության օրն է, նախատոնական միջոցառումներն էլ երբեմն մի քանի օր առաջ են սկսվում։

«Ժողովուրդ» օրաթերթը նույնպես գրում է․ «Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք»-ը վիժեցրել է Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման եւ արցախահայերի էթնիկ զտման օրը՝ սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակելու նախաձեռնությունը:

Արցախի ԱԺ-ն, պահպանելով ժողովրդի տված մանդատը, ի վիճակի չէ իրացնել այգ մանդատը, գերադասելով իր պատասխանատվությունը այլոց վրա գցել։ 

Մի քանի ամիս առաջ ԱԺ-ն մանդատ տվեց Վարդան Օսկանյանի կողմից ղեկավարվող հանձնախմբին, որը միջազգային ատյանների հետ մեծ աշխատանք է կատարում, բայց միայն Արցախ վերադարձի հարցով։ Ընդ որում այդ հանձնախումբը բացահայտ աշխատում է միայն ՀՀ խորհրդարանական ընդդիմության հետ։

Հանձնախումբը “թույլ է տալիս” Արցախի ԱԺ-ին չանել այն է, ինչ պետք է անի վտարանդի խորհրդարանը՝ քաղաքական գնահատական տա կատարվածին, արցախցիների իրավունքներն ու պահանջները ներկայացնի։

Ոմանք էլ պնդում են, թե ՀՀ իշխանությունները վախեցնում են պատգամավորներին, ստիպելով կատարել իրենց կամքը, այդ թվում “սեփական” ֆրակցիայի միջոցով։

Ստացվում է, որ Արցախի խորհրդարանը ոչ թե արցախցիների մանդատն է իրականացնում, այլ կատարում է այլ քաղաքական միավորումների կամքը։ Այնինչ Արցախի ԱԺ-ն առաջնային հզոր մանդատ ունի, եւ այդ մարմնի մեկ գրագետ հայտարարությունը կարող է սարեր շուռ տալ։ 

Երբ որ 2020-ի գարնանը այսօրվա պատգամավորները կենաց-մահու կռիվ էին տալիս այդ մանդատի համար, դրա տակ նրանք միայն բարձր աշխատավարձ եւ պաշտոնական արտոնություններ էին տեսնում։ Սակայն այն ժամանակ արդեն փորձագետները զգուշացնում էին, որ այդ խորհրդարանին դժվար օրեր եւ մեծ պատասխանատվություն է սպասում։      

Սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 24-ին, 26-28-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Երևան քաղաքում սեպտեմբերի 24-ի ցերեկը հնարավոր է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։
Սեպտեմբերի 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում սեպտեմբերի 24–ի ցերեկը կլինի 25–27 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +18…+20 աստիճան։

Բրիտանիայի նախարարի ղարաբաղյան “կիքսը”

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամիի անհիմն մեկնաբանությունները վերարտադրում են անցյալ տարվա Ադրբեջանի գործողությունների (Լեռնային Ղարաբաղում – խմբ.) լրիվ միակողմանի տեսակետը։ Այս մասին սոցցանցերում գրել է բրիտանացի քաղաքագետ Լոուրենս Բրոերսը։

«Ադրբեջանը քարոզարշավ է սկսել, նպատակ ունենալով տարածքը մաքրել էթնիկ հայ բնակչությունից,
և հաջողության է հասել այս հարցում»,- գրել է փորձագետը։

Հիշեցնենք, որ բրիտանացի նախարարը վերջերս Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունն անվանել էր «տարածքների ազատագրում»։

Մեկ տարի առաջ ադրբեջանական զինուժը դաժան ռազմական գործողություն սկսեց Լեռնային Ղարաբաղում, որը հաշված օրերի ընթացքում դուրս մղեց 120 հազար հայերի, ովքեր հազարամյակներ շարունակ այդ տարածաշրջանը տուն են անվանել, գրում է The National Interest-ը։

«Բացի մի քանի պաշտոնական հայտարարություններից, միջազգային հանրությունը ոչինչ չի արել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար։ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը սկսեց 44-օրյա պատերազմը և վերահսկողության տակ վերցրեց Լեռնային Ղարաբաղի մի մասը։

Հողերի գրավումն անողոք էր։ Ադրբեջանական զորքերը ավերել են գյուղեր, խոշտանգել գերիներին, գլխատել հիվանդներին ու ծերերին։ Հրադադար հայտարարվեց, սակայն Ադրբեջանի դաժանությունը չէր դադարում։

Վերջերս մենք հրապարակեցինք 200 էջանոց զեկույց մեր հետաքննված վայրագությունների մասին, այդ թվում՝ ծայրահեղ խոշտանգումների, սպանությունների, անհետացումների, դիակների խեղման և եկեղեցիների ու գերեզմանատների ավերման։

Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը բազմիցս զգուշացրել է. «Եթե [հայերը] չեն ուզում մեռնել, ապա հեռացե՛ք ադրբեջանական հողերից», որը, նրա կարծիքով, ներառում է Լեռնային Ղարաբաղը և նույնիսկ Երևանը։ Ադրբեջանցի պաշտոնյաները կրկնում են նրա ցեղասպանական դիսկուրսը` էթնիկ հայերին անվանելով «քաղցկեղ» և «հիվանդություն» և հայտարարելով. «Մեր նպատակը հայերի լիակատար ոչնչացումն է»:

Լեռնային Ղարաբաղը ներկայումս մոլորակի ամենաքիչ ազատ տեղն է, ըստ Freedom House-ի՝ առաջ անցնելով այնպիսի վայրերից, ինչպիսիք են Սիրիան, Հյուսիսային Կորեան և Արևելյան Ուկրաինան:

Freedom House-ի զեկույցը հրապարակվելուց շաբաթներ անց Ալիևը ելույթ ունեցավ Լեռնային Ղարաբաղի լքված մայրաքաղաքից՝ գովաբանելու Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի ավերումը և պարծենալով, որ հայերի «հետքը չի մնացել»:

Թեև Ալիևը մերժում է իրավապաշտպան կազմակերպությունների դատապարտումը, նա անհանգստանում է համաշխարհային առաջնորդների շրջանում իր կարգավիճակով, հատկապես Եվրոպայում, որն Ադրբեջանի վառելիքի հիմնական գնորդն է:

Նավթի և գազի արդյունահանումը կազմում է Ադրբեջանի արտահանման եկամուտների 92,5%-ը, ուստի Ալիևի քաղաքական գոյատևումը կախված է նրա հեղինակությունից այնպիսի ֆորումներում, ինչպիսին է COP29-ը:

Միջազգային հանրությունը մեղքերը քավելու հազվագյուտ հնարավորություն ունի: Ինչպե՞ս կարձագանքի այն»,- նշվում է հոդվածում։

Մինսկի խո՞ւմբն է “արհեստական խոչընդոտը”

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել են ԵԱՀԿ գործունեությանն ու կազմակերպության շրջանակներում Մալթայի նախագահության ներքո քննարկվող որոշումներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակին ու գործընթացներին։

Վերահաստատելով Հարավային Կովկասում կայունության հաստատման հարցում հայկական կողմի շահագրգռվածությունը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներ չառաջացնելու և պայմանագիրը սեղմ ժամկետում ստորագրելու կարևորությունը:

Տեղեկատվության մեջ անդրադարձ չկա ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը Բաքուն առաջարկել է Երեւանին “համատեղ ոչնչացնել”։ Այսօր էլ Ալիեւը խոսել է Մինսկի խմբի մասին, համարելով այն հայկական իրավունքների “պաշտպան”։

Արդյո՞ք Արարատ Միրզոյանը, խոսելով “արհեստական խոչընդոտների մասին”, նկատի ունի Մինսկի խումբը։ 2020 թ․ հետո, երբ Երեւանը համաձայնվեց ստորագրել Ռուսաստանի հետ “եռակողմ հայտարարությունը” եւ ռուսական զորք մտցնել Արցախ, այլեւս Մինսկի խմբի մասին չխոսվեց։ Առ այսօր Երեւանը կոչ չի անում վերադառնալ Մինսկի խմբի ձեւաչափին, գերադասելով սկզբից “եռակողմ”, հիմա էլ “երկկողմ” ֆորմատը Ալիեւի հետ։  

Իրանի նախագահը խոսել է «ռուսական ագրեսիայի» մասին

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշկյանը հայտարարել է, որ ցանկանում է բանակցել արևմտյան երկրների հետ Ուկրաինայի պատերազմի շուրջ, որը նա որակել է որպես «ռուսական ագրեսիա»:

«Մենք կցանկանայինք երկխոսություն և բանակցություններ սկսել եվրոպացիների և ամերիկացիների հետ»,- ասել է Պեզեշյանը լրագրողներին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում (մեջբերում է AFP-ն): «Մենք երբեք չենք աջակցել ռուսական ագրեսիային ուկրաինական տարածքի հանդեպ»։

Անցյալ շաբաթ Պեզեշյանը Դուբայում հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուի հետ։

Որոշ ուժեր, այդ թվում՝ Արևմուտքում, ամեն կերպ փորձում են Իրանը կապել Ռուսաստանի հետ, օրինակ՝ բոլոր ռուսական անօդաչու սարքերին անվանում են «շահեդներ», կարծես Ուկրաինան կռվում է ոչ թե Ռուսաստանի, այլ Իրանի դեմ։

Մինչդեռ մի քանի շաբաթ առաջ Իրանը ուղղակիորեն մեղադրեց Ռուսաստանին «Զանգեզուրի միջանցքը» ճեղքելու, ռազմական բախումներ հրահրելու և հայ-իրանական սահմանը զավթելու մտադրության մեջ։ Մոսկվան, փաստորեն, չհերքեց նման մտադրությունը. Իրանի դեմարշից անմիջապես հետո Հայաստան ժամանեց ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը և կրկին հայտարարեց, որ «միջանցքը» պետք է բացվի «եռակողմ համաձայնագրերի» համաձայն, այսինքն՝ Ռուսաստանի Դաշնություն վերահսկողության տակ։ 

Հայաստանում ռուսամետ ուժերը «չնկատեցին» Իրանի մեղադրանքները Ռուսաստանի հասցեին։ Ճիշտ այնպես, ինչպես արևմտյան մամուլը, որը վերահսկվում է հիմնականում իսրայելամետ կորպորացիաների կողմից, չնկատելու է տալիս Իրանի մեղադրական հայտարարությունները Ռուսաստանի դեմ։

ԱՄՆ. Տարածաշրջանային ռազմական էսկալացիան չի բխում Իսրայելի «լավագույն շահերից»

Голос Америки

Տարածաշրջանային ռազմական էսկալացիան չի բխում Իսրայելի «լավագույն շահերից», – կիրակի ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին, մեկնաբանելով այն, որ Իսրայելի և Լիբանանի սահմանի երկայնքով լարվածությունը մեծանում է, ինչը մեծացնում է լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը:

«Մենք չենք հավատում, որ նրանց լավագույն շահերից է բխում այս ռազմական հակամարտությունը սրելը», – ասել է Քիրբին ABC-ի «This Week»-ի եթերում՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները «դա ուղղակիորեն հայտնում է մեր իսրայելցի գործընկերներին»:

Իսրայելը և Իրանի կողմից աջակցվող լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը ներգրավված են հարձակումների արագ սրման մեջ, ներառյալ գիշերային ինտենսիվ հրթիռային հարձակումը հյուսիսային Իսրայելի վրա, որը, ըստ իսրայելական բանակի, հարյուր հազարավոր մարդկանց ստիպել է գնալ ապաստարաններ:

«Լարվածությունն այժմ զգալիորեն ավելի բարձր է, քան ընդամենը մի քանի օր առաջ», – ասել է Քիրբին:

Այնուամենայնիվ, նա հավելել է, որ «մենք դեռ հավատում ենք, որ դիվանագիտական ​​լուծման համար ժամանակ և տարածք կա, և դա մի բան է, որի վրա մենք աշխատում ենք»:

Խմբ. Հիշեցնենք, որ Թրամփը վերջերս ասել էր, որ եթե ինքը չդառնա ԱՄՆ նախագահ, ապա 2 տարի հետո Իսրայել չի լինի։ Լիբանանում փեյջերներով ահաբեկչությունից հետո համաշխարհային մամուլը սկսեց խոսել, որ սա վերջին կաթիլն էր, որը կարող էր լցնել նույնիսկ Իսրայելին հավատարիմ ուժերի համբերությունը։

Վերլուծաբանները խոսում են Իսրայելի դեմ աննախադեպ կոնսոլիդացիայի և տարբեր երկրների կողմից միաժամանակյա ռազմական գործողությունների հավանականության մասին։

Քաղաքականությունը պտուղներով է գնահատվում․երկրորդ փուլում ի՞նչ վարի կտանք

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը չի ավարտվել, այն նոր է սկսվում, Երևանում աջակիցների հետ հավաքի ժամանակ հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ սրբազանն ասաց՝ որոշել են՝ նոր մեթոդաբանությամբ ու նոր մոտեցումներով հոկտեմբերից սկսում են ակտիվ պայքարի շրջանը։ Նրա խոսքով՝ սա լինելու է պայքարի ինտենսիվ և հետևողական փուլ՝ «հաղթանակով երաշխավորված»։

Քաղաքականությունը պտուղներով է գնահատում, եւ այդ առումով Շարժման առաջին փուլի “արդյունքները” ակնհայտ են․ Կիրանցի հողերի հանձնման պահին շարժումը Երեւանում էր հավաքներ անում, թողնելով, որ “սահմանազատումը” հանգիստ իրականացվի։ Ոչ մի քաղաքական եւ իրավական պահանջ։ Հասարակական ամբողջ էներգիան ուղղվեց անպտուղ քայլերի, եւ բացի արցախցիներին թիրախավորելու իշխանության կողմից, ոչ մի արդյունքի չբերեց։

Հիմա հայտարարվում է երկրորդ փուլ, որի նախերանգը տվեց Անդրանիկ Թեւանյանը՝ Դոնբաս այցելելով եւ նույն հարթակի վրա դնլով Հայաստանն ու Դոնբասը։ Թեւանյանը հայտարարեց, որ Ռուսաստանը կարող է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեվ խաղաղություն երաշխավորել, հավանաբար, Արցախում երաշխավորելու օրինակով։

Զուգահեռ՝ Ալիեւը Բաքվում հայտարարեց, որ Փաշինյանը լավ չի աշխատել եւ մինչեւ վերջ ի վիճակի չէ գնալ, նախագուշակելով «ռեւանշիստների» վերադարձը, այսինքն՝  զգուշացնելով Փաշինյանին, որ կարող է ԱՄՆ-ից վերադառնալ  “ուրիշ” Հայաստան։

Նման տեմպերով Հայաստանում ընտրություններ էլ չեն լինի․ Պուտինն ու Ալիեւը Հայաստանում նոր «գուբերնատոր» կկարգեն։