Սամվել Շահրամանյանին կձերբակալե՞ն․ նա արել է ամենավտանգավորը

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում խոսում են, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հնարավոր է առաջիկայում անգամ ձերբակալեն, քանի որ նրա նկատմամբ իրականացված «ավտոմեքենա շոուի» նպատակը ոչ միայն նրան հնազանդեցնելն է ու արցախցիներին փողոցից հետ պահելը, այլ Ալիեւի հերթական պահանջը կատարելը»։

ՔՊ-ական օդիոզ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հիշեցրել է, որ «Շահրամանյանն ասել է, թե Արցախի բանակը մինչեւ վերջին օրը ղեկավարվում էր Հայաստանից»։

Ի՞նչ է արել Սամվել Շահրամանյանը, որը հակասել է ռուս-թուրքական եւ փաշինյանական պլաններին։ Կարծես, ոչինչ՝ նա լուծարել է Արցախը, մարդկանց տարհանել է, ենթարկվում է Փաշինյանի բոլոր հրամաններին, ոչ մի փակագիծ չի բացում։

Սակայն նրան «հետապնդում են» ոչ թե դիմադրելու կամ չդիմադրելու, հանձնելու, հրամանագիր ստորագրելու համար, այլ ամիսներով կառուցված սխեման տապալելու եւ “վերքը” բացելու համար։ Սխեման ենթադրոմ էր, որ հայերի մեծամասնությանը հնարավորություն կտրվի Արցախից դուրս գալ ռուսների “փրկիչ” քողի տակ, մի քանի հազար մարդ կմնար եւ ադրբեջանի քաղաքացիություն կստանար, «ռազմական հանցագործներին» եւ ռեւանշիստներին կդատեն, եւ Արցախը կենթարկվեր ադրբեջանին։

Սակայն դա տեղի չունեցավ․ Արցախը ոչ թե ենթարկվեց, այլ ուղղակի զրոյացվեց, արցախցիներն էլ հեռացան։ Միաժամանակ Արցախի թղթային լուծարումն՝ առանց Բաքվին հնազանդվելու վեր է հանել այն գլխավոր իրավական հիմքը, որի դեմ անզոր են եւ Ալիեւը, եւ Փաշինյանը։ «Անկախ Արցախ» պրոեկտի փակումից հետո պարզվել է, որ Արցախի կարգավիճակի միակ հիմքը՝ ՀՀ Սահմանադրությունն է, Անկախության հռչակագրի եւ 1989 թ․ դեկտեմբերի 1-ի՝ Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին որոշմանը հղումով։

Գիտակցաբար է Շահրամանյանը ընտրել այդ ճանապարհը թե ոչ, հայտնի չէ, սակայն Արցախի պետականության լուծարման ակտը կրկին ակտուալացրել է Միացյալ Հայաստանի իրավական իրողությունը, և դա Շահրամանյանին չի ներվի։

Նաիրա Հայրումյան

Երեւան-Բաքու համատեղ Քննչական կոմիտե՞, ո՞ւմ դեմ․ ձեռ եք առնում

Բաքուն մինչ օրս չի արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու առաջարկին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նշենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ–ն պարբերաբար հաղորդագրություններ է տարածում, թե հայկական ԶՈւ–ն խախտում է հրադադարի ռեժիմը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է այս լուրերը։

«Հայաստանին, բնականաբար, անհանգստացնում են նման հաղորդագրությունները, որովհետև միանշանակ է, որ հայկական կողմից էսկալացիայի ուղղությամբ որևէ քայլ չի եղել։ Այսինքն` կրակոցներ չեն եղել, մեզ անհանգստացնում է, որ այդպիսի կեղծ լուրեր են տարածում։ Խնդրին որպես լուծում մենք Ադրբեջանին առաջարկել ենք, որպեսզի համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծենք համապատասխան գերատեսչությունների միջև, դա կարող է լինել քննչական կոմիտեն կամ այլ մարմին։ Այդպիսով մենք և միջազգային հանրությունը վստահելի տեղեկություն կունենանք։ Բաքուն մինչ օրս չի արձագանքել»,– ասաց Գրիգորյանը։

Սա իրոք նոնսենս է միջազգային պրակտիկայում․ երկու պատերազմող /առանց պատերազմ հայտարարելու եւ ընդունելու/ երկիր ստեղծում են քննչական մարմին։ Ո՞ւմ դեմ։ Ո՞րն է դրա իմաստը, բացի «ընդհանուր թշնամի» ունենալը եւ միջազգային միջամտություն թույլ չտալը։ Հնարավո՞ր է այդ “Քննչական կոմիտեն” հետագայում հայերի “ռազմական հանցագործությունները” քննի։

Համատեղ «կոմիտեն» կարող է լինել «ընդհանուր պետության» կամ «տարածաշրջանային ինտեգրման» սկիզբը, որը հետագայում «ընդհանուր կառավարության» կվերածվի։

Միջազգային ներկայություն․ Բաքվում սպասվող դատավարություններին պետք է ապահովի կառավարությունը

«Բաքվում Արցախի նախկին նախագահների, մյուս բարձրաստիճան պաշտոնյաների դատավարությունների գերնպատակը լինելու է ադրբեջանական թեզերի վերահաստատումը»,- կարծում է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«Դատավարությունները շինծու են, դրանք բեմականացված են լինելու», – «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Եվրոպական դատարանում հայ գերիներին ներկայացնող Սիրանուշ Սահակյանը ակնկալիք չունի, որ ադրբեջանական դատարանում հնարավոր կլինի ապահովել Արցախի նախկին պաշտոնյաների շահերի պաշտպանությունը։

«Մեծ սպասումներ չենք կարող ունենալ՝ նկատի ունենալով, որ Ադրբեջանի դատական համակարգը ամբողջովին կախյալ է, նրանք ունեն մեծաթիվ քաղբանտարկյալներ։ Այնտեղ հետապնդումներ են իրականացվում լրագրողների, անգամ իրավաբանական օգնություն ցուցաբերող փաստաբանների նկատմամբ», – նկատեց Սիրանուշ Սահակյանը։

Իրավապաշտպանի կարծիքով՝ հայկական կողմը պետք է ջանքեր գործադրի այս դատավարություններում միջազգային կառույցների ներկայությունն ապահովելու համար, որ հնարավոր լինեն դատական գործընթացի թափանցիկությունն ու հրապարակայնությունը. – «Միակ հնարավորությունը միջազգային դատական և ոչ դատական ատյանների ներգրավմամբ այդ ակտերի լեգիտիմությունը վիճարկելն է, դրանք չեզոքացնելն է և միջազգայնորեն չճանաչելն է»։

Միջազգային ներկայությունն ապահովելու հարցում միջազգային գործընկերների հետ կարող են աշխատել հասարակական կազմակերպությունները, բայց դիվանագիտական ուղիներով կառավարությունը պետք է աշխատի, ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիները զրկված են հյուպատոսական այցելություններից, շեշտում է իրավապաշտպանը։

«Հայկական կողմի թերացումը համարում եմ այն, որ այնտեղ ապօրինաբար պահվող հայերի խնդիրը ինքնուրույն չի դառնում դիվանագիտական, քաղաքական քննարկումների առարկա, և այն ունի ածանցվող բնույթ», – ասաց նա։

Ըստ Սահակյանի՝ գերիների վերադարձի տեղաշարժ չկա այս փուլում, նախկին պաշտոնյաների առումով սակարկման գինն ավելի բարձր է, նրա կարծիքով՝ քանի դեռ Ադրբեջանն իր ցանկալի տրամաբանությամբ չի ավարտել հայ -ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ազատ չի արձակվի։

Մարդու իրավունքները վերանում են առօրյայից, սակայն դրանց անտեսումը տանում է դեպի համընդհանուր աղետ

Ստեփանակերտ, 19 սեպտեմբերի, 2023թ

Հայաստանի կողմից Պաղեստինի անկախության ճանաչումը «պայթեցրեց» մի շարք իրադարձություններ, որոնց վերլուծությունը ենթադրում է աշխարհաքաղաքական գործընթացների որոշակի տրամաբանություն։

Մասնավորապես, թուրքիայի նախագահ էրդողանի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանին ուղղված կոչից և վերջինիս կողմից Պաղեստինի պետականությունը ճանաչելուց անմիջապես հետո, Երևանում Արցախի մշտական ​​ներկայացուցչությունում տեղի է ունեցել քաղաքական ենթատեքստով աղաղակող միջադեպ. դիմակավորված անձանց կողմից ներկայացուցչության դարպասները կոտրվել են և նախկին նախագահ Շահրամանյանի ծառայողական մեքենան առգրավվել։

Մի կողմ թողնենք Արցախի պետական ​​կառույցները վերացնելու մասին հրամանագիրը ստորագրած Շահրամանյանի անձը և նշենք, որ օրենքի չարամիտ խախտումն ուղղված էր հատկապես Արցախի խորհրդանիշի և նրա բնակիչների դեմ։

Թե ինչու էր անհրաժեշտ նման կոպիտ ցուցադրություն բեմադրել, բոլոր խելամիտ մարդկանց համար պարզ է. թուրքիայի շահերից ելնելով Պաղեստինի ճանաչումը չպետք է նախադեպ դառնար Արցախի ճանաչման համար։ Ավելին, դիմակային շոուները նպատակ ունեն վախեցնել արցախցիներին, որպեսզի նրանք ոչ մի կերպ «չաղմկեն» իրենց օրինական իրավունքների մասին։ Արցախցիների իրավունքները Հայաստանում տաբու թեմա են, քանի որ դա պահանջում է ահաբեկիչ ալիևը՝ սպառնալով հակառակ դեպքում «լուծել» Հայաստանի հարցը։

Այս ֆոնին հետաքրքիր հայտարարություններ են հնչում Արեւմուտքից։ Մասնավորապես, Արևմուտքում կարծես պատրանք կա, որ Հայաստանի իշխանությունների կողմից ալիևի և էրդողանի պահանջների անվերապահ կատարումը՝ հիանալի քայլեր են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաները կրկին անդրադառնում են 2020-2023 թվականների պատերազմների և ցեղասպանության հետևանքով Ադրբեջանում պահվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, զինվորականներին և քաղաքացիական անձանց ազատ արձակելու թեմային։

Մասնավորապես, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի խոսքով, ԵՄ-ն համոզված է, որ վստահության ամրապնդման միջոցները, ներառյալ ադրբեջանում պահվող հայ կալանավորների ազատ արձակումն ու հայրենադարձությունը, կարող են նպաստել ընդհանուր խաղաղության գործընթացին և հարթել կողմերի միջև ավելի մեծ վստահության ճանապարհ։

Սակայն վերջերս ԱՀ իշխանությունները 5 ամսով երկարաձգեցին ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահ, Դավիթ Իշխանյանի, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի, գեներալ Դավիթ Մանուկյանի կալանքի ժամկետները։

Դատախազն ասաց, որ «գործերը շուտով կներկայացվեն դատարան»։ Նա ասաց, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն արդեն ավարտվել է։ «Այս պահին մեղադրյալները, փաստաբանները և տուժողները ծանոթանում են քրեական գործի նյութերին։ Ծանոթացման փուլն ավարտելուց հետո մեղադրական եզրակացությունը կներկայացվի դատարան»,- ասաց նա։

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձը պետք է լինի ցանկացած համաձայնագրի հիմքը»։ Եվ ոչ մի խոսք այն մասին, թե ինչ մեխանիզմներով է ապահովվելու մարդկանց վերադարձը մի երկրի իրավասության տակ, որը մարդկանց 10 ամիս սոված, մրսած, առանց դեղորայքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների պահեց, ապա ձեռնարկեց պատերազմ ու տեղահանություն՝ զինաթափելով երկրի խաղաղ բնակչության միակ երաշխավորին՝ Արցախի ՊԲ-ն։ Ըստ ամենայնի, ամերիկյան կողմը հավատում է ալիևի և էրդողանի հումանիզմին։

Իր հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցում բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայերի վերադարձի հարցը՝ նշելով, որ «գնդակը ալիևի դաշտում է»։ «Սա այն հարցն է, որում ալիևը պետք է պետական ​​գործչի դիրք գրավի և գիտակցի, որ դա կարևոր է ապագայի համար»։

Բայց ամերիկյան կողմը չի թաքցնում իր շահերը հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հարցում։

Խոսելով փոխպետքարտուղարի՝ Ջեյմս Օ՛Բրայենի Հայաստան այցի մասին՝ նախկին համանախագահն ընդգծեց, որ Կենտրոնական Ասիան Սեւ և Միջերկրական ծովերի հետ կապելը շատ կարևոր է ԱՄՆ-ի համար։

«Օ’Բրայենը խոսեց առևտրի մասին, և այն շատ կարևոր ոլորտ կդառնա, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորվեն։ Շատերը հիշում են, որ խորհրդային տարիներին Հայաստանի տարածքով երկաթգիծ էր անցնում՝ հասնելով Նախիջևան, ապա թուրքիա։ Այս երկաթուղին մեծ նշանակություն կունենա ինչպես Հայաստանի, այնպես էլ ադրբեջանի տնտեսական վիճակի բարելավման համար։ Կարծում եմ, որ մոտ ապագայում կքննարկվի խաղաղության պայմանագիր։ Եթե ​​Հայաստանի և ադրբեջանի հարաբերությունները կարգավորվեն, դա ճանապարհ կբացի թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար»։

Այսինքն՝ Արցախի բնակիչների իրավունքները զոհաբերվելու են տնտեսական շահերին ու մեծ աշխարհաքաղաքականությանը։ Եվ ոչ մի խոսք այն մասին, որ ադրբեջանը ամեն օր սպառնում է Հայաստանին պետականության կորստով, Հայաստանի տարածքն անվանում է «Արևմտյան Ադրբեջան» և որպես հաշտության պայմանագիր կնքելու պայման ապօրինաբար պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ։ Այո՛, Արևմուտքը կարծում է, որ արցախահայության վերադարձը պետք է լինի ցանկացած համաձայնագրի հիմքում, բայց, միևնույն ժամանակ, Ուորլիքը հույս ունի, որ «փակ դռների հետևում Հայաստանի Հանրապետությունը կարող է երաշխիքներ տալ, որ այն դրույթները, որոնք Ադրբեջանը կցանկանա, որ ՀՀ Սահմանադրությունից դուրս մնան, ինչ-որ պահի կբացառվեն, բայց դա չի կարող լինել համաձայնագրի մաս»:

Եվ, ինչպես և սպասվում էր, Ռուսաստանի արձագանքը չուշացավ։ «ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն անհամատեղելի են, և արտատարածաշրջանային խաղացողների ժամանումը Հայաստան «հետևանք կունենա». այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Խոսքեր, խոսք, խոսք… Համաշխարհային գերտերությունների բանավոր փոխհրաձգությունները, որոնք օդ են բարձրացել 30 տարի շարունակ, իրական քայլեր չենթադրելով, հանգեցրին Արցախի պետականության և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի կորուստի։ Առայժմ աշխարհաքաղաքական կշեռքները թեքվում են դեպի կորպորացիաների տնտեսական շահերը: Աշխարհակարգը կփլուզվի գլուխ կտրելու և երեխաներին անխնա սպանելու «սիրահարների» հարձակման ներքո։

Մարդու իրավունքները աննկատ վերանում են առօրյայից, սակայն դրանց անտեսումն արդեն տանում է դեպի համընդհանուր աղետ։ Քանի դեռ չի մշակվել ահաբեկչական պետություններին իրենց կատարած վայրագությունների համար պատժելու արդյունավետ մեխանիզմ, մարդկությանը սպասվում է շատ մռայլ ապագա:

Մարգարիտա Քարամյան

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Հնդկաստանի համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, որովհետև այն գտնվում է Եվրոպայի և Արևելքի միջև, հետևաբար երկու երկրների միջև հաստատվել են լավ հարաբերություններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման դիրքորոշում է հայտնել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը Եվրասիական գոտու երկրներից Հնդկաստան ժամանած լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ:

«Կան շատ հնարավորություններ` զարգացնելու փոխշահավետ կապերը մի շարք բնագավառներում՝ տնտեսական, մշակութային, քաղաքական և այլն: Այնպես որ՝ այստեղ շատ անելիքներ կան»,- ասել է Ջայշանկարը՝ խոսելով հայ-հնդկական հարաբերությունների մասին:

Հնդկաստանի արտգործնախարարն անդրադարձել է նաև վերջին շրջանում շատ երկրների կողմից քննարկման թեմա դարձած լոգիստիկ մեգա ծրագրերի իրականացման խնդրին:

«Վերջին տասնամյակներին տեղի են ունեցել մեծաթիվ փոփոխություններ, ինչի արդյունքում ընձեռնվել են նոր տրանսպորտային և լոգիստիկ միջանցքներ բացելու հնարավորություններ: Շատ է խոսվում Հյուսիս-Հարավ տրանսպորտային ուղու մասին, որի առանցքում շատ պետությունների համար կարևոր դերակատարում ունի Չաբահարի նավահանգիստը: Որպես այլընտրանքային ճանապարհ է դիտարկվում նաև միջինասիական միջանցքը: Կլինեն նաև այլընտրանքային ուրիշ տարբերակներ, որովհետև նախկին բոլոր միջանցքները հիմնադրվել են ութ-ինը տասնամյակ առաջ և դրանց ռեսուրսներն ու հնարավորությունները մաշվել են»,- ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը:

«Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

«Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է լինելու թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քևին Սփեյսին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տարածած հաղորդագրության մեջ։

Քևին Սփեյսին ոչ միայն իր սերնդի, այլև շատերի համոզմամբ՝ բոլորի ժամանակների լավագույն արտիստներից մեկն է։

Նա ոչ միայն կրկնակի Օսկարակիր է, այլեւ արժանացել է Լոուրենս Օլիվյեի մրցանակին լավագույն թատերական դերակատարման համար, ինչպես նաեւ «Ոսկե գլոբուս» է ստացել՝ որպես «Հեռուստասերիալում լավագույն դերասան»:

Նա կերպարներ է կյանքի կոչել 1990-2010-ականների ամենաակնառու ամերիկյան ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Քեյ-Փեքսը» (2001), «Յոթը» (1995), «Ամերիկյան գեղեցկությունը» (1999), «Կասկածելի դեմքերը» (1996), «Խաղաթղթե տնակը» հեռուստասերիալը (2013-2017) և այլն:

Քևին Սփեյսին համագործակցել է վերջին 40 տարվա լավագույն ամերիկացի ու բրիտանացի ռեժիսորների՝ Դեւիդ Ֆինչերի, Ալան Փարքերի, Սեմ Մենդեսի, Էդգար Ռայթի, Քըրթիս Հենսոնի, Ջեյ. Սի. Չենդորի, Ջոն Լասեթերի, Դունքան Ջոնսի, Մայք Նիքոլսի, Բրայան Սինգերի, Ջեյմս Ֆոուլիի, Ալան Ջեյ. Փաքուլայի եւ այլոց հետ՝ էկրանին հայտնվելով Բրեդ Փիթի, Մարտին Ֆրիմենի, Ալ Պաչինոյի, Քիմ Բեյսինգերի, Ռասել Քրոուի, Սեմ Ռոքուելի, Գուինեթ Փելթրոուի, Ջեֆ Բրիջեսի, Ջեք Լեմոնի, Անետ Բենինգի պես աստղերի կողքին:

 

Ուկրաինայի պատերազմի համար կմեղադրեն Շոյգուին և Գերասիմովին. Օսթինի զանգը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը երեքշաբթի իր առաջին զրույցն է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարարության վերջերս նշանակված ղեկավար Անդրեյ Բելոուսովի հետ, հայտնում են երկու երկրների ռազմական գերատեսչությունները։

«Հունիսի 25-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ։ Սա պետքարտուղար Օսթինի առաջին հեռախոսազրույցն էր պետքարտուղար Բելոուսովի հետ, և նա ընդգծեց հաղորդակցության ուղիների պահպանման կարևորությունը, քանի որ Ռուսաստանը շարունակում է պատերազմել Ուկրաինայի դեմ», – ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Փեթ Ռայդերը:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

«Պաշտպանության նախարարները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ», – ասվում է գերատեսչությունում:

Հիշեցնենք, որ երեկ ՄՔԴ-ն ձերբակալության օրդեր է տվել ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուի եւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի նկատմամբ։

Ռուսական փաբլիկները գրում են, որ այն բանից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը կալանքի օրդեր է տվել, Վալերի Գերասիմովը Պուտինի հետ հանդիպում է խնդրել, սակայն մերժում է ստացել։ Գերասիմովը կարող է հրաժարական տալ։

Լլոյդ Օսթինի զանգը Բելոուսովին և ՄՔԴ-ի օրդերները ցույց են տալիս, որ միջազգային հանրությունը մտադիր է աշխատել պաշտպանության նախարարության նոր ղեկավարության հետ և Ուկրաինա ներխուժման «մեղքը բարդել» ՊՆ նախկին ղեկավարության վրա:

Հայաստանը “առանց նախապայմանների” կկատարի Թուրքիայի բոլոր նախապայմանները

«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 25-ին հեռախոսազրույց է ունեցել իր թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ»,- հաղորդում է ԱԳՆ-ն։ Նրանք քննարկել են երկու երկրների միջև շարունակական երկխոսությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր, անդրադարձել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պայմանավորվածությունների իրականացմանը:

Այս տեղեկատվության մեջ բացակայում է “առանց նախապայմանների” ՀՀ ԱԳՆ ավանդական արտահայտությունը։ Հայաստանը երբեք նախապայման չի ունեցել, այն ունեցել է Թուրքիան՝ Հայաստանը պետք է հրաժարվի բոլոր իր իրավունքներից։ Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույցը վկայում է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է կատարել այդ նախապայմանները։ 

Հունիսի 18-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, շնորհավորել Կուրբան Բայրամի առթիվ։ “Առաջնորդներն ընդգծել են իրենց քաղաքական կամքն առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ”,- ասված է ՀՀ կառավարության հաղորդման մեջ։

Նրանք քննարկել են նաև տարածաշրջանի և միջազգային օրակարգի վերջին զարգացումները, և  հունիսի 21-ին Հայաստանը ճանաչել է Պաղեստինը, որոշ վերլուծաբանների կարծիքով՝ Թուրքիայի հորդորմամբ։

Կա՞ն արդյոք այլ նախապայմաններ։ Թուրքիան չի թաքցնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է կնքեն խաղաղության պայմանագիր, և միայն դրանից հետո Թուրքիան պետք է մտածի հարաբերությունների կարգավորման մասին։

Բացի այդ, Էրդողանը մշտապես խոսել է ՀՀ սահմանադրությունը փոխելու, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու, Արարատ լեռը ՀՀ խորհրդանիշներից հեռացնելու և այլ նախապայմանների մասին։

Ի միջայլոց նույն օրը Բաքու է ուղեվորվել “հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գծով Ռուսաստանի հատուկ բանագնաց”՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Իգոր Խովաեվը։

Բայրամովը նրա հետ հանդիպման շեշտել է, որ բանակցային գործընթացում «հիմնական խոչընդոտը Հայաստանի սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակվող պահանջներն են»։

ԱՄՆ Ատլանտյան խորհրդում երեկ տեղի ունեցած «Արդյո՞ք Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության եզրին են» թեմայով քննարկման ժամանակ Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի անդամ Էսմիրա Ջաֆարովան բացեց բոլոր նախապայմանները։

«ՀՀ Սահմանադրությունը տարածքային հավակնություններ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Այն Ղարաբաղը ճանաչում է որպես Հայաստանի մաս։ Ադրբեջանն ասում է՝ լավ, եթե մենք պատրաստվում ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը, ապա անհրաժեշտ է, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը, առնվազն այն դրույթը, որը տարածքային հավակնություններ է ներկայացնում Ադրբեջանին։ Ո՞րն է երաշխիքը, որ մենք Հայաստանի հետ ստորագրենք խաղաղության համաձայնագիրը և հաջորդը օրը Հայաստանի Սահմանադրական դատարանը չեղյալ չի համարի համաձայնագիրը՝ ասելով, որ այն հակասում է Սահմանադրությանը»,- ասաց նա։

Ջաֆարովան նշեց, որ  Ադրբեջանը հասկանում է, որ Սահմանադրությունը փոխելը հեշտ չէ։ Նրա խոսքով՝ թեև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս այս գարնանը հայտարարել է, որ Սահմանադրության փոփոխությունն անխուսափելի է, հայ հասարակությունը միասնական չէ այս հարցում։

Էսմիրա Ջաֆարովան նշեց, որ խաղաղության համաձայնագրի կնքման երկրորդ խոչընդոտը տրանսպորտային ուղիների և հաղորդակցությունների ապաարգելափակումն է, «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Ըստ նրա՝ «միջանցք» եզրույթից խնդրի էությունը չի փոխվում, այն կարող է կոչվել «ճանապարհ» կամ կիրառվել այլ բառ, սակայն Հայաստանը 2020-ի եռակողմ համաձայնագրով պարտավորվել է երաշխավորել երկու ուղղություններով տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ» տեղաշարժը։

Ըստ նրա՝ մեկ այլ պատճառ է այն, որ Հայաստանը վերջերս բավական շատ սպառազինություններ է ձեռք բերում երրորդ կողմերից, մասնավորապես Հնդկաստանից և Ֆրանսիայից։

Կկատարի ՀՀ իշխանություններն այդ նախապայմանները, այսինքն՝ կստորագրի Հայաստանի լուծարման ակտը։

«Հրապարակ» թերթը գրում է, որ «ՔՊ-ի Հանքավանի ժողովի ժամանակ Փաշինյանը բացել է իր «Իրական Հայաստան»-ի փակագծերը, որից պարզ է դարձել, որ նա դրա ներքո փորձում է կյանքի կոչել Ալիեւի հետ պայմանավորվածությունները»։ «Ադրբեջանն ինչ ուզի, տալու ենք, որ պատերազմ չսկսվի»,- գրում է թերթը։

«Ես շուռ եմ տալիս աշխարհը». «Դիզակ արտի» սաները պատրաստվում են բեմադրության

Մասնագիտությամբ դերասանուհի Սրբուհի Բալայանը «Դիզակ արտ»-ի թատերարվեստի մասնագետն է: Խումբը 3 տարվա աշխատանքի ընթացքում հանդես է եկել տարբեր ժանրային առանձնահատկություններով: «Ես շուռ եմ տալիս աշխարհը» նրանց առաջին դոկումենտալ, վավերագրական ստեղծագործությունն է, որով հանդես են գալու հուլիսի 9-ին:

– «Դիզակ արտի» երեխաները յուրօրինակ են և ուժեղ: Մեր նպատակն է պահել բարբառը ու այն ամենը, ինչ կապված է Արցախի հետ: Թատերարվեստը հիշողությունների պահպանման լավագույն եղանակն է։ Արցախցի փոքրիկները հետաքրքիր գեղարվեստական միջոցներով պատմում են իրենց տներից հեռանալու, թողած անձնական իրերի, տագնապն ու անորոշությունը հաղթահարելու, մի օր Արցախ վերադառնալու երազանքի մասին:

-Ես Նառան եմ: Մի արջուկ ունեի` Լունա անունով: Պատերազմի երկրորդ օրն էր, մայրս իրերն էր հավաքում ու որոշել էր, որ այս նոր, կապույտ վերնաշապիկս պիտի վերցնեի: Դարակս բացեցի, հանեցի շապիկը ու այդ պահին տեսա արջուկներիս: Գրկեցի և ասացի` ոչինչ, ես շուտով հետ եմ գալու…

-Ես Արմանն եմ: Պատերազմից մի օր առաջ հայրս ինձ հեծանիվ էր նվիրել` դեղին գույնի: Ես շատ էի սիրում այն: Մի օր, երբ պատերազմը սկսվեց, ու մենք դուրս եկանք տնից, ես տեսա իմ հեծանիվը` դեղին գույնի, «սկարաստնոյ»: Հայրիկին խնդրեցի, որ վերցնենք: Ասաց` տեղ չկա մեքենայում…

 

Նառան, Արմանը, Կարոլինան, Կարինեն, Բելլան, Էլինան եւ մնացած ընկերները

-Ես  Կարոլինան եմ: Հայրս ինձ համար մոտոցիկլ էր գնել` կանաչ գույնի: Ես այն շատ էի սիրում: Պատերազմը սկսվեց, մենք եկանք Երևան, հայրս մնաց Արցախում: Ես խնդրել եմ, որ հետը բերի, բայց տան դուռը կողպել ու բանալիներն է բերել ինձ համար…

-Ես Կարինեն եմ: Պապիկս մի մեծ ճոճանակ էր պատրաստել ինձ համար` վրան էլ 5 ծաղիկ նկարած: Գիտե՞ք ինչու է հինգ ծաղիկ նկարել: Տանը 5 աղջիկ էինք: Երբ պատերազմը սկսվեց, վերջին անգամ նայեցի ճոճանակին ու տեղափոխվեցի Երևան: Բակում ամեն օր ճոճանակ նստելիս ես մերն եմ հիշում…

– Ես Բելլան եմ: Մեր մեքենայում շատ մարդիկ կային` հայրիկիս ընկերների ընտանիքները և մենք: Ճանապարհին տեսանք, որ մեր շենքերն ու դպրոցը պայթեցրել են: Մենք շատ դանդաղ էինք շարժվում ու ես զարմանում եմ: Այս մեծ աշխարհում, այս մեծ ճանապարհին այսքան մարդ մի մեքենայի մեջ…. Մենք ահավոր դանդաղ էինք առաջ գնում, ու ես ատում եմ աշխարհում ամեն դանդաղ բան…

-Ես Բելլան եմ: Հայրս ԱԻՆ-ում էր աշխատում: Մի զինվորական մեքենա ուներ, որը մենք շատ էինք սիրում: Ես ու եղբայրս այդ մեքենայի շուրջ միշտ պտտվում էինք, խաղում: Պատերազմի ժամանակ հայրս մեքենան կանգնեցրեց, մի քանի քայլ հեռացավ, ու մեքենան պայթեցրին: Հայրս բերեց մեքենայի համարները` 92406…

-Ես Աննան եմ: Մեր տանը հինգ երեխա էինք` Նառան, Մարիամը, Էլինկան, Սյուզին ու ես: Քանի որ ես առաջին թոռն էի, պապիկն ինձ համար մի աթոռ էր պատրաստել, վրան Վիննի Թուխ էր նկարած: Ես այն շատ էի սիրում: Լավ, Սյուզին էլ էր սիրում, վերցնում էր փախչում: Ես տխուր ժամանակ նստում էի վրան ու լացում: Պատերազմի օրը նստեցի աթոռին ու նայեցի սենյակիս: Գիտե՞ք ինչ տպավորություն էր, որ ես էլ չեմ գալու իմ սենյակը և չեմ նստելու իմ աթոռին…

-Ես Մարիամն եմ: Ես ու Աննան քնած էինք: Մայրս դուռս բացեց ու ասաց` պատերազմ է, հագնվեք, դուրս եկեք: Մենք բարեկամի տանը նկարում էինք: Հեռուստացույցով օդային տագնապ հայտարարեցին…

-Ես Աննան եմ: Շուն ունեի` Տեձի անունով: Ես ու եղբայրս քնելիս շանը դնում էինք մեջտեղում, որ երբ գողերը գան` մտածեն, որ իսկական է ու փախչեն: Երբ պատերազմը սկսվեց, ուզում էի վերցնել: Նունիսկ մեքենան խնդրեցի կանգնեցնել, որ վերցնեմ: Հայրս ասաց, որ արդեն ուշ է:

Տաթև Ազիզյան

Արցախցիների հետ հանդիպում են դրսում․ ուրիշ ձեւաչափ չկա՞

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն-ը հայտնում է, որ մեկնարկել է «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության սոցիալականացմանը» ծրագիրը՝ ուղղված հայրենակիցների շրջանում իրազեկվածության բարձրացմանը, սոցիալականացմանը, ոչ ֆորմալ կրթության ու զբաղվածության խնդիրների լուծմանը. նախաձեռնությունն իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «ԼՈՖԹ» ՀԿ-ի համագործակցությամբ։

Հանդիպման ընթացքում ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը խոսել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով նախատեսված 40+10 հազար դրամ միջոցառման, ինչպես նաև բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի մասին։ Նրա խոսքով՝ պետության կողմից իրականացվող ծրագրերի նպատակը հայրենակիցներին հնարավորություն տալն է իրենց ապագան կառուցել Հայաստանում։
Փոխարտգործնախարարի հանդիպումները եւ օգնելու փորձերն, իհարկե, ողջունելի են, սակայն ակնհայտ է, որ ՀՀ կառավարության եւ արցախցիների միջեւ շփումների նման ձեւաչափը՝ դրսում, թեկուզ Լոֆտում որ ոչ միայն անարդյունավետ է, այլեւ նվաստացուցիչ։ Նման ձեւաչաձով հանդիպումները միայն ընդգծում են այն փաստը, որ 9 ամիսների ընթացքում ՀՀ կառավարությունը՝ Արցախի տեղական կամ այլ ընտրված իշխանությունների, հանրային հեղինակություն վայելող գործիչների հետ համատեղ չի կարողացել կամ չի ցանկացել ստեղծել որեւէ մի մարմին, որտեղ կկենտրոնանան արցախցիներին հուզող հարցերը եւ ավելի հեշտ կլինի գտնել լուծումները։ 
Նման կարգի հանդիպումները վիրավորում են արցախցիների արժանապատվությունը, քանի որ արցախցիները պետականության հազարամյակների չընդհատված ավանդույթներ ունեն։ Այժմ նրանք հնարավորություն չունեն ինքնակազմակերպվելու եւ ինքնակառավարվելու, իսկ ՀՀ իշխանությունները միայն դիստանցիոն եւ նման նվաստացուցիչ հանդիպումների միջոցով են առնչվում արցախցիների հետ։  Քիչ է մնում պաշտպանիչ դիմակ դնեն։ Մի օր արցախցիների ավանդույթները կարթնանան։ Երեւի։ 

«Դե փաստորեն հիմա այդպես է։ ՀՀ իշխանությունը ասել է՝ չպետք է գործեք, Արցախի իշխանությունների կողմից որեւէ գործառույթ տեղի չի ունեցել»

Արցախի Ազգային ժողովը երկու ուղղությամբ կարող է աշխատանք իրականացնել այս փուլում՝ իրավական եւ քաղաքական։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Արցախի Ազգային ժողովն իրականացնո՞ւմ է արցախցիների նկատմամբ իր պարտականությունները։

«Ազգային ժողովն այս պահի դրությամբ երկու խնդիր ունի լուծելու, մեկը իրավական ոլորտն է։ Այսինքն՝ տարբեր քաղաքացիների իրավական ուղղություն կարող է տալ, եթե մարդիկ ինչ-որ հարցերով դիմում են Ազգային ժողով, փորձեն այդ հարցերը խմբավորել եւ բարձրացնել։ Երկրորդ ուղղությունը քաղաքականն է։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ քաղաքական արձագանքներ չեն լինում, Ազգային ժողովի անունից հայտարարություններ չեն լինում։ Առանձին խմբակցությունների անունից հայտարարություններ լինում են այն ժամանակ, երբ կոնկրետ ինչ-որ շահերի բախում է տեղի ունենում»,- ասաց Արամայիս Աղաբեկյանը։

Հարցին՝ եթե Հայաստանի իշխանություններն ասում են, որ Արցախի պետական ինստիտուտները չպետք է գործեն, դա նշանակում է, որ Արցախի իշխանությունները չպե՞տք է իրենց աշխատանքը կատարեն, Արամայիս Աղաբեկյանը պատասխանեց․ «Դե փաստորեն հիմա այդպես է։ ՀՀ իշխանությունը մինչեւ այս պահն ասել է՝ չպետք է գործեք, Արցախի իշխանությունների կողմից որեւէ գործառույթ տեղի չի ունեցել»։

Արամայիս Աղաբեկյանը նշեց, որ ինքը՝ որպես անկախ պատգամավոր, մշտապես կապի մեջ է իր ընտրողների հետ։ «Ես քաղաքացիների հետ կապ եմ պահում, ինչ-որ խնդիրներ են ասում, այդ խնդիրներով փորձում եմ կապ հաստատել, տեղեկատվական առումով եմ աջակցում, ինչով կարող եմ, սոցցանցի իմ էջում քաղաքական արձագանքներ եմ տալիս»,- ասաց նա։

Ռոզա Հովհաննիսյան

Նինել Գաբրիելյան. Յուրաքանչյուր արցախցի ունի իր պատմությունը, սակայն բոլորի մեջ կա մեկ ընդհանրություն

Նինել Գաբրիելյանը Արցախից տեղահանվելուց հետո հաստատվել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում։ Որպես մշակութային հարցերի կազմակերպիչ հունվարից աշխատանքի է անցել Արտաշատի “Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն” ՀՈԱԿ-ում։

Արցախում նա բազմաբնույթ աշխատանքներ էր իրականացնում։ 7 տարի աշխատել է մշակութային ոլորտում, իսկ վերջին 4 տարին ԱՀ բնապահպանության նախարարության մամլո խոսնակն էր։ Նինելը զբաղվում էր նաև հանդիսավարությամբ։

-Ինչպե՞ս եք հարմարվում արցախցու նոր կարգավիճակին։

-Յուրաքանչյուր արցախցի ունի իր պատմությունը, սակայն բոլորիս պատմությունների մեջ կա մեկ ընդհանրություն ՝ բռնատեղահանում․․․ Երբ Արցախից տեղահանվեցինք ու բնակություն հաստատեցինք Արտաշատում, շատ էինք ճնշված։ Հատկապես այն, որ մարդկային կորուստներով ենք դուրս եկել, ավելի դժվար էր հարմարվել իրականությանը։ Հետզհետե կյանքի վերադարձանք, և հունվարին մտա աշխատանքի, ինչի համար շնորհակալ եմ Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանին, համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի հարցերով բաժնի պետ Անահիտ Խաչատրյանին, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Գագիկ Հովհաննիսյանին՝ ինձ վստահելու համար։

Դա մեծ օգնություն էր մեր ընտանիքի համար դժվար ժամանակահատվածում։ Միաժամանակ աշխատանքի մեջ խորասուզվելով, մի փոքր կտրվեցի մտատանջող մտքերից ու խնդիրներից։ Քանի որ Արտաշատը խոշորացված համայնք է և իր մեջ ներառում է 38 բնակավայր, ապա կարևոր է մշակութային կյանքն ակտիվ պահել բոլոր բնակավայրերում։ Իմ աշխատանքն ու շփվող բնավորությունս թույլ են տալիս ծանոթանալ գյուղերի մշակույթին, սովորույթներին։ Արտաշատի համայնքում բնակվում են շատ արցախցի ընտանիքներ, բոլորս իրար հետ ունենք հաստատուն կապ, այստեղ պահպանում ենք մեր արցախյան բոլոր ավանդույթները։

Սեպտեմբերի 25-ի առավոտյան, երբ պատրաստվում էինք դուրս գալ, մտածում էի՝ ինչ վերցնել։ Խուճապի մեջ էինք։ Մի քանի հագուստ ու փաստաթղթեր վերցնելուց հետո աչքովս ընկավ իմ բարձրախոսը։ Այդ պահին չէի պատկերացնում, որ կարող է այն ինձ պետք գալ, սակայն 10 տարի ինձ հետ ճանապարհ անցած բարձրախոսս չէի կարող թողնել թշնամուն։ Տեղավորեցի իրերիս մեջ ու հետս բերեցի Արտաշատ։ Այժմ աշխատանքիս հետ մեկտեղ զբաղվում եմ նաև հանդիսավարությամբ։

Այստեղ հաստատվելուց մի քանի ամիս անց մեծ էր ուրախությունս, երբ արցախցիները սկսեցին դիմել ինձ՝ իրենց տոնակատարությունները վարելու համար։ Անկախ ամեն ինչից՝ չէի կարող մերժել։ Ես հասկացա, որ արցախցիներս մի մեծ ընտանիք ենք, որտեղ բոլորը պարտավոր են սիրել ու ընդառաջել իրար։ Հետո սկսեցին իմ ծառայություններին դիմել նաև հայաստանաբնակները։ Հանդեսներում երբեմն ասմունքում եմ ու ինձ թվում է, թե Արցախիս բեմերում եմ։ Շատ եմ կարոտում Արցախի իմ գործընկերներին, մտերիմներին։ Ճակատագիրն անգթորեն մեզ հեռացրեց իրարից, սակայն չեմ ուզում կորցնել հույսս, որ Արցախի էջը դեռ փակված չէ։

-Լսել ենք, որ սկսել եք զբաղվել նաև արցախյան փախլավայի արտադրանքով։

-Մասնակցել եմ ԵԽՀ հայաստանյան “Կլոր սեղան” հիմնադրամի կողմից ձեռնարկատիրությամբ զբաղվողների համար կազմակերպվող դասընթացներին։ Հայտ եմ լրացրել, ընդգրկվել սովորողների ցանկում և սպասում եմ հանձնաժողովի արդյունքներին։ Հնարավոր է դրամաշնորհ շահեմ։ Նպատակ ունեմ ընդլայնել ընտանեկան մեր բիզնեսը, ու արցախյան փախլավայի արտադրանքը ընդլայնել։ Ես ու ամուսնուս մայրն ենք պատրաստում և իրացնում Արտաշատի խանութներում, ինչպես նաև ունենք անհատ մարդիկ, որ պարբերաբար պատվիրում են՝ ցանկանալով ճաշակել հատկապես արցախյան խմորեղենը։

Ձեռնարկատիրությամբ զբաղվելու գաղափարն իմ մոտ ծագել է ամուսնուս մորը անգործ չթողնելու համար։ Մեկտեղելով մեր ջանքերը՝ կարծում եմ, որ կկարողանանք հասնել հաջողության։ Մեր փախլավան լավ է ընդունվել արտաշատցիների կողմից, գները մատչելի են, պահանջարկը՝ արդեն մեծ։

Նինելը չէր կարող չհիշել նաև արցախյան իր հրաշք մանուշակների մասին․

-Մեծ սեր ունեմ մանուշակների հանդեպ։ Իմ տան պատուհանագոգերին ամեն գույնի մանուշակներ կային։ Աճեցնում էի, խաչաձևում ու նոր գույներ ստանում, անգամ անուններ էի դնում, հետները զրուցում։ Շրջափակման ժամանակ ծաղկամաններ էի գտնում, որ ծաղիկներիս նոր կյանք տամ։ Վերջին պահին ջրեցի ծաղիկներս ու տանից դուրս եկա։ Մենակ թողեցի նրանց․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ