Սթափվել է պետք, վիճակը շատ լուրջ է

Հայաստանը պետք է պատրաստ լինի մի քանի ցուրտ ձմեռների. մենք պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ օգնություն ցուցաբերելուն.
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դանիել Բաեր

Սա կարող է նշանակել 3 բան.

1. Ռուսաստանը կդադարեցնի էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարումը.
2. Ադրբեջանի կողմից ագրեսիա կլինի.
3. Բայց, ամենայն հավանականությամբ, առաջինն ու երկրորդը միասին կաշխատեն՝ Ռուսաստանը կդադարեցնի էլեկտրաէներգիան ու գազը, իսկ Ադրբեջանի կողմից ագրեսիա կլինի։ Ռուս-թուրքական հերթական ագրեսիա:

Եթե անգամ չնայենք ամերիկացիների ուղերձին, պետք է հասկանանք, որ մեզ շատ դժվար ժամանակներ են սպասվում։ Շատ դժվար։ Պետության գոյությունը վտանգված է: Եվ մինչ Հայաստանի ղեկին ռուս-թուրքական խունտան է, երկրի ապագան մեծ հարցականի տակ է։ Եւ այո, Արցախի մեր հայրենակիցներ եկան ՀՀ մյուս մարզեր: Մենք, այդ թվում Արցախի մեր հայրենակիցները այլ գնալու տեղ չենք ունենալու:

Սթափվել է պետք, վիճակը շատ լուրջ է:

Ամեն ինչ կարող է գլխիվայր շուռ գալ, եթե հայ ժողովուրդը դուրս գա փողոց՝ առաջնորդվելով ճիշտ սկզբունքներով։

Մոտենում ենք եզրագծին:

Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ

Վերքից միայն սպիներ են մնացել՝ որպես պատերազմի հավերժ հիշեցում

Արցախցիների յուրաքանչյուր սերունդ ունի իր հերոսները. նրանց թիվը հատկապես աճել է վերջին 30 տարիների ընթացքում։ Եվ եթե 90-ականների պատերազմի ժամանակ հերոսները հայրեր էին, ապա հետագա պատերազմներում նրանց փոխարինեցին որդիները։

Նույնը տեղի է ունեցել Վերդյանների ընտանիքում. Անդրանիկ Վերդյանը ծնվել է Ստեփանակերտում, զինվորականի ընտանիքում։ Հիշելով իր լուսավոր, անհոգ մանկությունը, տան ջերմ մթնոլորտը՝ նա հարգանքի տուրք է մատուցում ծնողներին։

Անդրանիկը երաժշտական ​​կրթությունը ստացել է Կոմիտասի անվան վարժարանում, իսկ հետագայում ուսումը շարունակել Երեւանի կոնսերվատորիայում։ Մասնակցել է բազմաթիվ համերգների թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ արտերկրում՝ հպարտորեն ներկայացնելով հայ ազգային մշակույթի արցախյան հատվածը։ Այսպիսով, նա նպաստել է Արցախի Հանրապետության զարգացմանն ու ճանաչմանը։

Չնայած երիտասարդ տարիքին՝ Անդրանիկը մեծ հայրենասեր էր։ Այսպիսով, 2016 թվականի ապրիլի 2-ին, երբ նրա կյանքում հնչեց առաջին օդային տագնապը՝ ազդարարելով պատերազմի սկիզբը, նա, սպայական քաղաքի բոլոր տղաների հետ միասին, որտեղ ապրում էր այն ժամանակ, սկսեց օգնել բնակիչներին թիկունքում։ Եվ սա դարձավ նրա առաջին փորձությունը պատերազմական պայմաններում։

Հաջորդ փորձությունը 2020 թվականի 44-օրյա պատերազմն էր։ Որպես ժամկետային զինծառայող՝ նա հայտնվել է առաջնագծում։

«Սեպտեմբերի 27, 2020 թ․, կիրակի։ Սովորաբար լիրակի “պոդյոմն” ավելի ուշ էր հայտարարվում։ Մի քիչ քնելու հնարավորություն կար։ Բայց այս օրը մենք սովորականից շուտ արթնացանք և շարժվեցինք դեպի ակումբ։ Ես զինվորական նվագախմբի մենակատար էի և ժամանակիս մեծ մասն այնտեղ էի անցկացնում։

Հանկարծ լսեցինք պայթյուն։ Եվ որոշ ժամանակ անց Շուշիի մեր հակաօդային կայանների վրա հարձակումներ նկատեցինք։ Պայթյունների ձայներն ավելի հաճախակի ու մոտիկ էին դառնում։ Մեզ ուղարկեցին Խնաբպատ գյուղի հավաքման կետ։ Հետո բոլորին տեղակայեցին առաջնագծի երկայնքով։ Մենք տեղափոխվեցինք Վարանդայի մոտ գտնվող Կարախանբեյլի գյուղ։ Այստեղ մեզ նշանակեցին մարտական ​​դիրքեր, զգուշացրեցին, որ հակառակորդը ձեր դիմաց է, իսկ մերոնք՝ թիկունքում։ Սակայն երբ հետեւումս տեսա ոչնչացված արցախյան տանկերը, հասկացա, որ ամեն ինչ այլ է։ Մենք շրջապատված էինք։

Հաջորդ օրը սկսվեցին ակտիվ ռազմական գործողություններ։ Շուրջը հարյուրավոր զոհեր ու վիրավորներ կային։ Աչքիս առաջ ընկերներս զոհվում էին։ Բայց մենք գիտեինք մեր նպատակը՝ ամեն գնով պահպանել մեր մարտական ​​դիրքերը։ Հոկտեմբերի 7-ին՝ ծննդյանս օրը, ես կանխազգացում ունեի, որ ինձ հետ ինչ-որ բան է լինելու։ Նախազգացումներն իրականացան. որոշ ժամանակ անց սկսվեց կատաղի, երկարատեւ մարտ։ Մարտի ավարտից հետո հրամանատարի հետ “մաքրում” էինք անտառը, որտեղ հանդիպեցինք հակառակորդի մեծ ջոկատի։ Մենք արժանի հակահարված տվեցինք, բայց ցավոք, մեր կողմից կորուստներ եղան։ Այս մարտում ես վիրավորվեցի դեմքից։ Արյունահոսելով և ծածկելով դեմքս գլխարկով, ես շարունակեցի պատասխան կրակել: Մենք արժանի հակահարված տվեցինք՝ կռվելով մինչև վերջին փամփուշտը։ Որից հետո ինձ շտապօգնության մեքենայով տեղափոխեցին Տող գյուղ, որտեղ կատարվեց առաջին վիրահատությունը։ Հետո ինձ ուղարկեցին Ստեփանակերտ, այնտեղից էլ՝ Երեւան, որտեղ երկար բուժում ստացա»։

Հիմա վերքից միայն սպիներ են մնացել՝ որպես պատերազմի հավերժ հիշեցում… Անդրանիկը ընտանիքի հետ ապրում է Երեւանում՝ փորձելով վերապրել սարսափելի անցյալը ու ապրել՝ հայրենի Արցախից հեռու։

Արսեն Աղաջանյան

Աշունը մտնում է իր իրավունքների մեջ

Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ։ Տեղ–տեղ կլինի նաև մառախուղ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-22մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 3-6, սեպտեմբերի 19-20-ին` ևս 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում նույնպես այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։

Ավետարանոցի դպրոցի 150-ամյակը. Արցախի կրթական հենասյունը

Այս տարի Ավետարանոցի դպրոցը պատրաստվում է նշել իր հիմնադրման 150-ամյակը՝ հիշելով կրթության ոլորտում ունեցած նշանակալի դերը, որն այն պահել է տարիներ շարունակ։

Դպրոցը հիմնադրվել է 1874 թվականին՝ Ավետարանոցի բնակիչների նախաձեռնությամբ։ Այն սկզբնական շրջանում ունեցել է ընդամենը 21 աշակերտ և մեկ ուսուցիչ։ 150-ամյակը միաժամանակ հարգանքի տուրք է ոչ միայն դպրոցի հիմնադիրներին, այլև այն կրթական ժառանգությանը, որն այն ստացել էր Ամարասի նշանավոր դպրոցից, որը հիմնադրվել էր Մեսրոպ Մաշտոցի կողմից։ Ավետարանոցը եղել է այն վայրերից, որտեղ հայ մշակույթն ու լեզուն փոխանցվում էին սերունդներին՝ սերտորեն կապված լինելով Վաչագան Բարեպաշտի ճգնության հետ։

Հայտնի կրթական կենտրոն

Ավետարանոցի դպրոցը միշտ էլ եղել է կարևոր կրթական հաստատություն՝ հատկապես խորհրդային տարիներին: Չնայած տոտալիտար համակարգի ճնշումներին, դպրոցը շարունակել է ապահովել բարձրակարգ կրթություն: Դպրոցի տնօրեն, ԽՍՀՄ ժողովրդական ուսուցիչ Իվան Աթայանի որդին՝ Կամո Աթայանը հիշում է դպրոցում տիրող կրթական միջավայրը՝ նշելով ոչ միայն դասասենյակներն ու լաբորատորիաները, այլև հարուստ գրադարանները, որոնք ապահովում էին լրացուցիչ գիտական և հանրամատչելի գրականություն:

Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԱՀ  ԿԳՄՍ  նախկին նախարար Կամո Աթայանը, ով մինչև այսօր ակնածանքով է հիշում իր ուսուցիչներին, նաև ընդգծում է կրթական կյանքի յուրահատուկ բնույթը դպրոցում։ 1957 թվականին ստեղծված աշակերտական արտադրական բրիգադան՝ գործնական գիտելիքների փոխանցման միջոցով, յուրօրինակ կապ էր ստեղծում կրթական գործընթացի և առօրյայի միջև։ Դպրոցն իր գործունեության վերջին օրերին էլ պահպանել է այս կառույցի աշխատանքը։

Ուսուցիչների կարևոր դերը

Դպրոցի հաջողությունները մեծապես պայմանավորված են այն ուսուցիչներով, որոնք տարիներ շարունակ ապահովել են կրթության բարձր մակարդակը։ Այս դպրոցում ուսուցչություն են արել հայտնի մարդիկ, որոնց թվում են Արմո Ներսիսյանը, Շահեն Մարտիրոսյանը, Միքայել Պետրոսյանը, Ալեքսանդր Շահնազարյանը և Սուրեն Արզումանյանը և ուրիշներ: Նրանք ոչ միայն սովորեցնում էին, այլև ներշնչում սերունդներին։

Խորհրդանշական անցյալ

Ցավոք, դպրոցը դադարեց իր գործունեությունը, և այսօր այն վերապրում ենք միայն հիշողություններում։ Խորհրդային շրջանում նոր ուսումնական շենքի կառուցումը մեծապես նպաստեց դպրոցի զարգացմանը, իսկ դպրոցական օլիմպիադաները ցույց տվեցին նրա աշակերտների գիտելիքների մակարդակը։ Սակայն այժմ, երբ դպրոցից ոչինչ չի մնացել, բազմաթիվ արժեքներ ու հիշողություններ կորել են։

Դպրոցի գրադարանն ու թանգարանը, որոնք հարուստ էին հայ մշակույթի ու պատմության գանձերով, նույնպես ոչնչացվել են, և այս ամենի մասին խոսում ենք անցյալ ժամանակով։ Թեև համայնքի մեծ ցանկությունն է վերականգնել դպրոցը, առկա իրավիճակն ու քաղաքական պայմանները հույս չեն ներշնչում։

150-ամյակի խորհուրդը

Ավետարանոցի դպրոցի 150-ամյակը ոչ միայն հարգանքի տուրք է անցյալին, այլև հիշեցում է այն մեծ արժեքների մասին, որոնք դպրոցը փոխանցել է սերունդներին։ Հույս կա, որ մի օր նորից կլսվի դպրոցի զանգը՝ զարթոնքի նոր շունչ հաղորդելով համայնքին, որն այսքան երկար պայքարել է իր կրթական ժառանգությունը պահպանելու համար։

Տաթև Ազիզյան

«Շրջափակման, դժվարությունների մեջ ես ինձ իսկապես ազատ էի զգում»

Սվետլանան Մարտունի քաղաքից է, ինչպես ինքն է ասում` ամենաազատ ու անվտանգ քաղաքից, որտեղ դու կարող էիր երեկոյան և նույնիսկ ուշ ժամերին դուրս գալ, զբոսնել, խաղալ և համոզված լինել, որ քո հետ ամեն ինչ լավ կլինի:

Սվետլանան հիշում է, որ ուլունքներով պայուսակներ էր տեսել ու շատ էր ուզում ինքն էլ պատրաստել, բայց շրջափակման պայմաններում անհրաժեշտ պարագանները այդպես էլ չկարողացավ գտնել: Հիմա ուլունքները գտել է, պայուսակներ է գործում, բայց ասում է, որ չէր պատկերացնում այդ ամենը Արցախից դուրս:

 «Մենք անսահման շնորհակալ ենք այն մարդուն, ով իր մեքենան մեզ էր տրամադրել այդ դժվար ճանապարհը անցնելու համար»

Սվետլանայի ընտանիքը առավոտյան դուրս էր եկել Մարտունուց․ նրանց մեքենան անսարք վիճակում էր եւ մնացել է այնտեղ՝ որպես հուշ: Ծանոթի մեքենայով հասել էին Ստեփանակերտ, իսկ մինչ Գորիս ճանապարհը, որը սովորաբար անցնում էին 1 ժամում, այս անգամ տեւեց 4 օր, գուցե՝ որ մի քանի օր ավել մնան Արցախում: Շուշիի մոտ պարզվեց, որ մեքենան անսարք է, իսկ ադրբեջանական ոստիկանության մեքենաները անընդհատ գալիս գնում էին։ Չգիտեին, թե ինչ կլիներ ճանապարհին, սկզբում վախ, իսկ հետո արդեն կարոտ և ափսոսանք: 

«Հենց անցանք Հակարին, ազատ կարողացա շնչել, անվտանգ էր, բայց հետո եկավ գիտակցումը, որ Հակարիից այն կողմ թողել ենք մի ամբողջ կյանք»:

Սվետլանայի ամբողջ  գերդաստանը ծնվել և ապրել է Արցախում, ասում է, որ նույնիսկ իր պապայի այան էր Արցախում ապրել, և մի գիշերվա մեջ, այլ տարբերակ չունենալով, թողնում ես այդ ամենը: 

 «Երևան հասնելու հաջորդ օրը պապայիս ծնունդն էր, առավոտ շնորհավորիցի նրան, իսկ նա նույնիսկ չէր հիշում, որ ծնունդն է, դժվար էր առավոտ արթնանալ և հասկանալ, որ ոչ տուն ունես, ոչ հայրենիք»:

Սվետլանան հիմա փորձում է ոտքի կանգնել, ուլունքագործությամբ է զբաղվում, ասում է՝ հետագայում ցանկանում է ավելի հմտանալ և հույս ունի, որ ստեղծագործելով՝ կկարողանա գոնե մի քիչ մեղմացնել կարոտի ցավը: Ստեղծագործելիս հաճախ Մարտունիի արևածագն է հիշում, հույս ունենալով, որ նորից արևածագեր կդիմավորի ծննդավայրում: 

Քրիստինա Ալավերդյան

Արցախի նախկին պաշտոնատար անձինք ՀՀ-ի գույքային շահերին վնաս չէին կարող պատճառել

«Արցախի Հանրապետության նախկին պաշտոնատար անձինք Հայաստանի Հանրապետության կամ ՀՀ քաղաքացիների գույքային շահերին վնաս չէին կարող պատճառել»,- step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը՝ անդրադառնալով Արցախի համայնքապետերի նկատմամբ հարուցված գործերին։

Օրերս հայտնի դարձավ, որ առգրավել են Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանին պատկանող ավտոմեքենան։ Մեքենան առգրավել են նույն քրեական վարույթով, որով անցնում է Դավիթ Սարգսյանը՝ պատճառաբանելով, որ մեքենան տանում են որպես ապօրինի ձեռք բերված գույք։

Հայաստանի Քննչական կոմիտեն հստակ պատասխան չի տալիս փաստաբան Ռոման Երիցյանին, թե Հայաստանի Հանրապետությունն ու հասարակությունն ի՞նչ կապ ունեն Արցախի պաաշտոնյաներին սպասարկող ավտոմեքենաների հետ։ Ավելի վաղ, փաստաբանը  մեզ հետ զրույցում ասել էր, որ քրեական վարույթի արձանագրության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությանն ու հասարակությանն է վնաս պատճառվել։

Մյուս հարցն այն է, որ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ Արցախը ճանաչում են «Ադրբեջանի մաս», այդ դեպքում ի՞նչ իրավազորությամբ են փորձում Արցախի գույքը տնօրինել։ Ռոման Երիցյանն ասաց, որ այս հարցին եւս Քննչական կոմիտեից պատասխան չեն տալիս։

Ռոզա Հովհաննիսյան

Ֆրանսիացիներն ասում են այն, ինչ հրամայում է Փաշինյանը

Մեկ տարի առաջ Արցախում

Ֆրանսիան ակնկալում է, որ Ադրբեջանը կշարունակի Հայաստանի հետ խաղաղ բանակցությունները մինչև Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP29 համաժողովը: Այդ մասին Երեւանում հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։

Թե ինչու է Ֆրանսիան շահագրգռված «խաղաղ պայմանագրի» շուտափույթ ստորագրմամբ, Սեժուրնեն չասաց։ Հատկապես, որ այդ պայմանագիրը 100 տոկոսով հակասում է Ֆրանսիայի Ազգային ժողովի զույգ պալատների՝ 2020-ի հոկտեմբերից մինչ այս տարվա ապրիլ ընդունած բանաձեւերին։ Հիշեցնենք, որ այդ բանաձեւերում խոսվում է Արցախի ինքնորոշման ճանաչման, 1994-ի ստատուս-քվոյի վերադարձի անհրաժեշտության եւ այլի մասին։

Հիմա Ֆրանսիան ուզում է շուտափույթ մի փաստաթուղթ ստորագրվի, որի մեջ նույնիսկ չի հիշատակվելու Արցախը։ Այսինքն, Ֆրանսիայի կառավարությունը կատարում է ոչ թե իր պառլամենտի գրեթե միաձայն ընդունած բանաձեւերը, այլ Փաշինյանի հրահանգները, որոնք համաձայնեցվում են Պուտինի եւ Ալիեւի հետ։

«Ֆրանսիան հանդես է գալիս համաձայնագրի շուտափույթ ստորագրման օգտին, որը կհաստատի արդար և կայուն խաղաղություն՝ հարգելով երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հիմնվելով 1991 թվականին Ալմաթիում ստորագրված փաստաթղթի եւ Պրահայի համաձայնության վրա», – նշել է Սեժուրնետը:

Ֆրանսիան նպաստում է պետությունների միջև սահմանների սահմանազատման գործընթացին՝ եւս հիմնվելով նույն սկզբունքների վրա։

Այսինքն՝ Ֆրանսիան, որը Մինսկի խմբի համանախագահն է, կողմնակից է, որ Արցախի հարցը վերջնականորեն հանվի քաղաքական օրակարգից, եւ սահմաններն անցնեն Ստալինի գծած գծերով։

Ֆրանսիացի նախարարը խոսում էր այնպես, որ հանկարծ դուրս չգա Փաշինյան-Միրզոյան զույգի գծած սահմաններից, բառացիորեն կրկնելով այն, ինչ հակասում է Ֆրանսիայի ամբողջ քաղաքական վերնախավի տեսլականին։

ՀՀ կառավարությունը, ըստ երեւույթին, Ֆրանսիային ենթարկում է «պատերազմի շանտաժին» ճիշտ այնպես, ինչպես արցախցիներին եւ հայերի բարեկամներին։ Եթե մեր կոնցեպցիային չսատարեք, պատերազմ կհրահրեք, եւ մեղավորը դուք կլինեք, ասում են ՀՀ իշխանությունները, ամեն ինչ անելով, որ բոլոր երկրները եւ ատյանները մոռանան Արցախի մասին՝ այդ թվում արցախցիները եւ ֆրանսիացիները։

Նաիրա Հայրումյան

Արցախցիների՝ ՀՀ քաղաքացի լինելու հարցի վերաբերյալ հայց է ներկայացվել Վարչական դատարան

Արցախցիների՝ ՀՀ քաղաքացի լինելու հարցի վերաբերյալ հայց է ներկայացվել Վարչական դատարան։ Սեպտեմբերի 18-ին վարչական դատարանում այս գործով լսումներ են լինելու։ Արցախցի Մարատ Եգանյանը Step1.am-ի հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ բովանդակություն ունի իրենց պահանջը։

«Հայցվորը մեկ անձ է, բայց այս խնդիրն առնչվում է բոլոր արցախցիների շահերին, հետեւաբար, մի խումբ մարդիկ աջակցում են հայցվորին։ Հայցվորն Արցախի մի բնակչուհի է, ով ծնվել է Գորիսում, ամուսնացել Արցախում, ունի երկու զավակ։ Արցախից բռնի կերպով Հայաստան տեղափոխվելուց հետո, երբ դիմել է անձնագրային բաժանմունք, որպեսզի իրեն տրամադրեն ժամանակավոր պաշտպանության մասին (փախստականի) վկայական, իրեն մերժել են։ Եվ մերժել են այն պատճառաբանությամբ, որ ինքը ՀՀ քաղաքացի է, դրա համար չի կարող այդ փաստաթուղթն ստանալ։ Մենք աջակցեցինք, որպեսզի ինքը դիմի Վարչական դատարան՝ հետեւյալ հարցադրմամբ՝ ինչո՞ւ է մի դեպքում ՀՀ քաղաքացի լինելը արգելք հանդիսանում ժամանակավոր պաշտպանության վկայականի ձեռքբերման համար, իսկ մնացածների դեպքում՝ ոչ։ Մյուս արցախցիներն էլ են ՀՀ քաղաքացի։ Այսինքն՝ եթե ՀՀ քաղաքացի լինելը բացառում է այդ փաստաթուղթը ձեռք բերելը, ապա ինչո՞ւ մնացածների դեպքում այդ արգելքը չի գործում, ինչո՞ւ է խտրական վերաբերմունք դրսեւորվել։ Հայցվորը նաեւ դատարան է ներկայացնելու այն անձանց փաստաթղթերը, ովքեր ստացել են ժամանակավոր պաշտանության վկայական, որպեսզի դատարանը համոզվի, որ նրանք եւս հանդիսանում էին ՀՀ քաղաքացի»,- ասաց նա։

Մարատ Եգանյանի խոսքով՝ սրանով գործընթաց է մեկնարկում, նմանատիպ դատական գործընթաց կա նաեւ Գեղարքունիքի մարզի դատարանում։

Ըստ նրա՝ այս դատավարությունը կարեւոր է նաեւ նրանով, որ դատարանը պետք է որոշի՝ բոլոր մարդիկ, ովքեր ստացել են արդեն այդ կարգավիճակը, նրանք ՀՀ քաղաքացի հանդիսանո՞ւմ են, թե՞ ոչ։ Անձնագրային ծառայությունը կամ պետք է գա ասի, որ նրանք ՀՀ քաղաքացի են, կամ պետք է ասի՝ ՀՀ քաղաքացի չեն եւ որ պահից քաղաքացի չեն, կամ պետք է ասի՝ ընդհանրապես չեն էլ եղել ՀՀ քաղաքի։

Մարատ Եգանյանն ասաց, որ իրենք ունեն ապացույցներ, հղումներ են անում օրենքներին, որոշումներին եւ միջազգային դատարանների նախադեպերին։

Նա նշում է, որ արցախցիները ՀՀ քաղաքացի են 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման համաձայն։ Հայկական ԽՍՀ  եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշման համաձայն՝ Արցախի քաղաքացիները համարվում են Հայաստանի քաղաքացիներ։ Որոշման մեջ նշվում է․ «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը հռչակում են Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները»։ Մարատ Եգանյանի խոսքով՝ պետք է ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ այս որոշումն այսօր գործում է։

«Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներ փորձում են տարբեր ձեւով խեղաթյուրել իրականությունը եւ մարդկանց համոզել, խաբել, նույնիսկ շահագրգռել, որպեսզի իրենք գնան եւ դիմումներ գրեն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Այնինչ, իրենք ունեն այդ քաղաքացիությունը։ Թե ինչ նպատակ է հետապնդում դա, ես չեմ ուզում  հիմա դա պարզաբանել, բայց միջազգային իրրավունքի տեսանկյունից նման կարգի գործողությունները կարող են հանգեցնել հետագայում Արցախի հետ ցանկացած կապի խզման ու ցանկացած պահանջի բացառմանը։ Եվ, ինչպես ժողովուրդն է շատ հաճախ ասում, այս բոլոր գործողությունները մեկ նպատակ ունեն, որպեսզի Արցախ բառը շրջանառությունից առհասարակ հանվի։ Այլ կերպ ասած՝ իշխանությունում գտնվող ուժերն այս պահին փորձում են այնպես անել, որ արցախցին ամաչի խոսել այն մասին, որ ինքն արցախցի է։ Իսկ դա անընդունելի է մեզ համար»,- ասաց Մարատ Եգանյանը։

Ռոզա Հովհաննիսյան

Փաշինյանը ժողովրդից ներողություն է խնդրում “ավելի մեծ պետություն ունենալու” համար

Հայեցակարգային երկընտրանքը, որ այսօր քննարկվում է մեր երկրում, հետևյալն է. ինչի՞ համար է Հայաստանի Հանրապետությունը՝ ֆորպոստ, հենման կետ, տարածքով ավելի մեծ պետություն ունենալու համա՞ր (Պատմական Հայաստանի հայեցակարգ), թե մեխանիզմ իր միջազգայնորեն ճանաչված տարածքում սեփական քաղաքացիների բարեկեցությունը ապահովելու համար (Իրական Հայաստանի հայեցակարգ), այն ընկալմամբ, որ բարեկեցության անբաժանելի տարրերն են լավ ապրուստը, ազատությունը, արդարությունը, անվտանգությունը: Ֆեյսբուքյան էջում այս հարցադրմանն է անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Համոզմունքս այն է, որ մեր ժողովուրդը շատ վաղուց է կատարել իր ընտրությունը՝ հօգուտ Իրական Հայաստանի: Բայց մենք՝ տարբեր ժամանակներում կառավարողներս, նրան չենք լսել, այլ ըստ էության մեր ժողովրդին պարտադրել ենք ապրել «պատմական ցիկլի» մեջ: Հենց սրա համար է, որ պետք է ներողություն խնդրենք մեր ժողովրդից ու ես խնդրում եմ իմ բաժին ներողությունը»,- գրել է նա:

Փաշինյանը գրառումը մարմնավորում է վերջին 6 տարվա քաղաքականությունը, երբ ամեն ինչ արվեց “ավելի մեծ պետություն” չունենալու համար։ Հասարակությունը իրոք ընտրության առջեւ էր՝ ոչ ոք չեր ուզում, որ իրենց տղաները ծառայեն եւ հատկապես զոհվեն, բայց կար գիտակցում, որ դա արվում է հանուն երկրի արժանապատվության եւ տարածքային ամբողջականության։ 

Հիմա պարզվում է, որ դա զուր էր, եւ կարեւորը ոչ թե արժանապատվությունն ու երկրի տարածքն է, այլ բարեկեցությունը։ Ոչինչ, որ Արցախը չկա, վաղը Սյունիքը չի լինելու, կարեւոևը՝ կուշտ լինենք, խաչմերուկի հյուրանողներում եւ քյաբաբնոցներում գործ ունենանք եւ կարողանանք տարին մեկ անգամ Դուբայ գնալ էժան տուրով։ Ներողություն, որ մինչեւ հիմա չենք հասկացել երջանկության իմաստը։  

Տեսնես, ինչպե՞ս է դասավորվել Ֆրանսիա գնացածների կյանքը: Դե, էյֆելյան աշտարակի տակ ֆոտո ունեն

«Լավ, մեր վերջն ի՞նչ է լինելու, որքա՞ն ենք այսպես վարձով ապրելու… Ախր սա փողի մասին էլ չէ, սա մեր ժամանակն է, մեր կյանքը, որ այսպես անորոշ անցնում է` առանց նշմարելու վաղվա օրը: Մի վաղ անցկացնում ենք, մյուսն է գալիս: Մի քաղաքից մյուսը, մի գյուղից մյուսը, բոլորը վարձով: Ասում են, “հիսուններն” էլ մինչեւ տարեվերջ են լինելու, իսկ ի՞նչ է լինելու այս մարդկանց վիճակը: Եթե ընտանիքում վեց անդամ կա, հիսուններից գոնե տան վարձն է գոյանում, մի տեղ էլ աշխատում են հավանաբար ու կենսական կարիքներ հոգում: Հիսուն հազար աջակցություն ու երկու հարյուր հազար տան վարձ, ապրեք ինչպես կարող եք…»,- այգում նստած «տրտնջում» են երեք ղարաբաղցի:

«Եթե տեղ էլ չլիներ գնալու, գոնե իմացել ենք, որ գյուղի տունը կա ու կա, ցանկացած պահի կարող էինք գնալ տատիկի տուն, իսկ այստե՞ղ … Այստեղ մենք նման ենք ինչ-որ բանկոմատի, որի ծածկագիրն ամսվա վերջ հավաքում ու հանում են գումարը, ասում է նրանցից մեկը, – դրամը ոնց գալիս, այնպես էլ անհասկանալի գնում է, ինչպես մեր կյանքը»:

«Հետաքրքիր է, տեսնես, ինչպե՞ս է դասավորվել Ֆրանսիա գնացածների կյանքը: Ամեն դեպքում, էյֆելյան աշտարակի տակ ֆոտո ունեն արդեն, ժպտում են, բայց մեկ է, նկատվում է, որ ուրախ չեն, դժվար թե նրանք մեկ տարում ֆրանսիացի դառնան․ լեզու սովորել կա, աշխատանք գտնել կա, ինտեգրվել կա, հայ համայնք էլ կա, գուցե դա օգնում է նրանց… Տարեցների մասին դժվար է ենթադրություններ անել, բայց գուցե երեխաները քաղաքակիրթ միջավայրում կմեծանան, լեզուն հեշտ կսովորեն։ Դժվար թե Ֆրանսիայի դպրոցների մոտով բաց կոյուղի անցի, ինչպես այստեղ, դժվար թե հիսուն հազար տան ու երկու հարյուր վարձ պահանջեն, դժվար թե այնտեղ այգիներն այսպես կեղտոտ լինեն։ Այնտեղ էլ մեզ կասեն՝ մորեխի նման եկել լցվել են էս ղարաբաղցիները, որտեղից նրանք պետք է իմանան, թե Ղարաբաղը որտեղ է, կատակում-քննարկում են նրանք»:

«Ես լսել եմ, որ Եվրոպայում սիրում են աշխատասեր մարդկանց, չեն սիրում ստախոսներին: Աշխատել ես կարող եմ, միթե՞ չեմ կարող մի թոշակառու մարդու համար խնամք տանել, լսել եմ, որ այդպիսի աշխատանքը նրանք լավ են գնահատում, ասում է հադրութեցի մի կին, – միայն թե ֆրանսերեն չգիտեմ, սերիալներից մի քիչ իսպաներեն եմ սովորել. hola señor como esta hoy, հիշում է կինն իր իմացած իսպաներենը չորորդ դասարանի աշակերտի պես»:

«Տեսնես դժվա՞ր լեզու է ֆրանսերենը,- հարցնում է նա- ու ինքն իրեն հարցով պատասխանում. բա սփյուռքահայերն ի՞նչպես են սովորել, մենք էլ ենք էլի սփյուռքահայ, ծիծաղում է նա: Դու տեսել ես Հադրութի մեր երկհարկ տունը, տեսել ես, քանի մեքենա կար մեր բակում, հիմա ահա այս սենյակում ենք ապրում մեր մեծ ընտանիքով, պարզում է ձեռքը իր չորս քառակուսի մետրի վրա: Երբ եկել ենք, կոյուղին բաց էր, եղբայրս ցեմենտաբիտոնե շերտով ծածկել է, սանհանգույց տեղադրել, բայց մեկ է, պատկերը հետապնդում է, չի ստացվում, զզվելով եմ ոտք դնում»:

«Չգիտեմ, կաթսա գնեմ, թե ոչ, չգիտեմ թթու, մուրաբա փակեմ, թե ոչ, որքա՞ն կարող եմ ես բարեկամից կաթսա փոխ վերցնել: Այսպես մի օր ջղայնացել, երեսուն հազար եմ տվել եւ կաթսաների մի կոմպլեկտ գնել, սկսել մուրաբա եփել, չի իմացվի, վաղն էլ այստեղ կարող է բլոկադա լինի,- ասում է կինը: Ի դեպ, դու ափսե, գթալ, բաժակ ունե՞ս,- հարցնում եւ բացում է մահճակալը կամ բազմոցը եւ մի փայլուն թիթեղե կոմպլեկտ դնում սեղանին.- օգնություն եմ ստացել, կտանես տուն, ամաչելու բան չկա, բոլորս նույն օրին ենք»:

«Երբ այս քաղաք ենք եկել (Մասիս), փողոցով անցնելիս տեսել եմ ղարաբաղցիները VivaCell-ի աստիճաններին նստած, տեղ չունեն գնալու, խիղճս կսպաներ ինձ գիշերը, բոլորին բերել եւ այս փոքր սենյակում տեղավորել եմ. գետնին, սեղանի տակ, ով որտեղ կարողացել քնել է, -ասում է հադրութեցի կինն ու նորից «գնում» Հադրութ,- մեր տունը… ամուսինս որքան փորձել է համոզել, ես իմն եմ պնդել. գյուղամիջից ես ոչ մի տեղ չեմ հեռանա»:

Հեռանալ չէր պատրաստվում նաեւ ստեփանակերտցի մի մայրիկ. ես խոստացել եմ երեխաներիս տանել սուպերմարկետ եւ որքան կոնֆետ են ուզում, թող վերցնեն: Ես մտածեցի, որ Գորիսի սուպերմարկետն ի նկատի ունի, քանի որ դա այն օրերն էին, երբ Ստեփանակերտում արդեն պլաստիկ տոպրակ էլ չկար ու հատկապես փոքր երեխաներով ընտանիքները փորձում էին ճեղքել շրջափակումը եւ Հայաստանից հեռանալ: Մինչ այդ հենց այս մայրիկն էր իր պայուսակից պլաստիկ տոպրակ տվել մի պապիկի, ով մի ձեռքով հենվել էր մահակին, մյուսով էլ փոքրիկ ձմերուկն էր փորձում բռնել, որ հայտնի չէ, թե որտեղից է գտել կամ գնել: Բայց ոչ, նա Ստեփանակերտի սուպերմարկետների մասին էր խոսում. մեկ է, մի օր ճանապարհը բացվելու է եւ դարակները նորից լցվելու են, ասում էր նա:

Ճանապարհն այդպես էլ չբացվեց ու սուպերմարկետների դարակները չլցվեցին: Ավելին, չորս օր անց կրկնվեց իր պատուհանից երեւացող տեսարանը. 2020թ. պատերազմի ժամանակ հրդեհված տնտեսական մի խանութ, որի բոցը բարձր էր դիմացի հնգհարկից, երբ հարվածել էին ադրբեջանցիները (լավ հիշում եմ այդ գիշերը. Անձրեւ էր, փրկարարները փորձում էին մարել կրակը, որ լուսավորում էր մութ քաղաքը), բակում էլ մաղ դարձած մի մոսկվիչ էր «կայանել»:

Նորից սկսեցին պայթյուններ որոտալ Ստեփանակերտում: «Կարկուտը թակած տեղն է թակում»,- ասում են ղարաբաղցիները:

Մարութ Վանյան

Անահիտ աստվածուհու արձանը Բրիտանիայից Հայաստան է տեղափոխվել

Գիտակցում եմ, թե ինչքան կարևոր է Անահիտ աստվածուհու պատկերը բոլոր հայերի համար, և ինձ համար իսկապես հաճելի է, որ Բրիտանական թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի միջև այս համագործակցությունը հնարավոր դարձրեց այս իրադարձությունը Երևանում: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը՝ անդրադառնալով Անահիտ աստվածուհու արձանից պահպանված ցուցանմուշները Հայաստանում ցուցադրելուն:

«Իսկապես սքանչելի է, որ Բրիտանական թանգարանը նոր գործընկերներ գտավ՝ կիսվելու այն գանձերով, որոնց տիրապետում է: Ավելի քան 5000 ցուցանմուշներ ունի թանգարանը աշխարհով մեկ, և սքանչելի է, որ գտանք մի բան, որն արձագանքում է Հայաստանի ժողովրդի սրտում»,- ասաց նա:

Ջոն Գալագերը նաև կարծում է, որ Անահիտ աստվածուհու արձանի ցուցադրությունը շատ զբոսաշրջիկներ կբերի Հայաստան:

«Սա արժեքավոր միջոց է՝ ընդգծելու Հայաստանի մշակույթի հարստությունը և այն փաստը, որ Բրիտանական թանգարանը դեր ունի խաղալու այդ պատումն աշխարհով մեկ կիսվելու, և Հայաստան բերելը հնարավորություն է ընձեռում հայերին՝ ավելի լավ գնահատելու սեփական մշակույթի հարստությունը»,- ասաց նա:

Նշենք, որ Պտղաբերության, մայրության աստվածուհի Անահիտի արձանը մոտ վեց ամսով Բրիտանիայից Հայաստան է տեղափոխվել:

ՀՀ Պատմության թանգարանը փաստաթղթային փաթեթ է նախապատրաստել Բրիտանական թանգարանի հետ, որտեղ պահվել են դիցուհու բրոնզե գլուխն ու ձախ ձեռքը, երկուսն էլ Հայաստանում են:

Անահիտի բրոնզաձույլ արձանը երբեք Հայաստանում չի ցուցադրվել։ Բրիտանական թանգարանի կայքի տեղեկացմամբ՝ Անահիտայի պաշտամունքային արձանի այս գլուխը գտնվել է 1870-ականներին, Էրզրումի Սաթալա բնակավայրում։ Մի քանի հնավաճառներ այն ձեռքից ձեռք են փոխանցել, ի վերջո, Անահիտի կիսանդրին բրիտանական թանգարանն է ձեռք բերել։

Դիմաքանդակից մնացած գլուխն ու ձախ ձեռքը Հայաստանում կցուցադրվի շուրջ 6 ամիս, դրանք կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում՝ «Մայր Աստվածություն. Անահիտից մինչև Մարիամ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում:

news.am