Ֆրանսիայի արտգործնախարարը խոստացել է պաշտպանել Հայաստանը «ռուսական ճնշումից»

Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն խոստացել է պաշտպանել Հայաստանը «ռուսական ճնշումից»։ Այս խոստումը ֆրանսիացի նախարարը հնչեցրել է սեպտեմբերի 16-ի առավոտյան Երևանում կայացած մամուլի ասուլիսում՝ ժողովրդավարական եվրոպական արժեքների պաշտպանության համատեքստում։

Հայտարարելով Հայաստանի և Ֆրանսիայի ընդհանուր արժեքները՝ Սեժուրնեն աջակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը՝ «չնայած Ռուսաստանի սպառնալիքներին և ակնհայտ թշնամանքին, որը փորձում է ճնշում գործադրել»։ Նրա խոսքով, չնայած դրան, Հայաստանը փուլերով գնում է դեպի ժողովրդավարություն։

«Դուք միշտ կարող եք ապավինել մեր աջակցությանը ժողովրդավարական արժեքների պաշտպանության հարցում»,- խոստացել է Սեժուրնեն՝ հավելելով, որ Ֆրանսիան օգնություն է ցուցաբերում բոլոր այն երկրներին, որոնք պայքարում են այդ արժեքների համար։ «Ֆրանսիան միշտ մոտ է ձեզ։ Ֆրանսիայում քիչ են այն թեմաները, որոնց շուրջ համաձայնություն կա քաղաքական ուժերի միջև։ Հայաստանը նման սակավաթիվ թեմաներից է»,- ասաց նախարարը։

Թեւանյանն այցելել է Դոնեցկ. Միութենական պետության նախապատրաստությունը սկսվել է

Ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը և նրա գլխավորած պատվիրակությունն առաջին անգամ այցելել են “Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն” և հանդիպել տեղի խորհրդարանականների հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Սա աննախադեպ այց է, քանի որ Հայաստանից ոչ մի քաղաքական պատվիրակություն նախկինում չի այցելել ԴԺՀ։ Մեր այցով մենք ուղերձ ենք հղում, որ Հայաստանում կան ուժեր, որոնք հանդես են գալիս հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման օգտին»,- լրագրողներին ասաց Թևանյանը։

Հայաստանում գալիք «թեժ» աշնան ֆոնին Թևանյանի ժեստը վաբանկ քայլ է հիշեցնում: Հայաստանում ռուսամետ ուժերը վատ համբավ ունեն 2020-2023 թվականների պատերազմներից հետո, և փորձագետներն ասում են, որ Փաշինյանի կուսակցության ձայները տալիս են մեծամասամբ նրանք, ովքեր դեմ են ռուս-թուրքական գաղութային կախվածության «թարմացում» ձգտող ուժերին։ Թեև շատ վերլուծաբաններ նման ուժերի թվում են տեսնում նաեւ Փաշինյանի կուսակցությունը, սակայն արևմտամետ գործունեության իմիտացիան թույլ է տալիս Փաշինյանին մանևրելու։

Ինչ վերաբերում է Թևանյանի քաղաքական քայլին, ապա հնարավոր է, որ սա Հայաստանի առաջիկա ներքաղաքական իրադարձությունների ժամանակ Մոսկվայի աջակցությունը ստանալու համար վճառած գինն է։

Հայաստանում վաղուց են խոսում արտահերթ ընտրությունների ու հակափաշինյանական հնարավոր բողոքների մասին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն մի քանի անգամ խորհրդարանի ամբիոնից խոսել է ՀՅԴ որոշակի շրջաբերականի մասին, որտեղ ասվում է Հայաստանը Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը միացնելու մտադրության մասին։ Լուկաշենկոն վերջերս եւս հայտարարեց նաև, որ «հայերը շատ խելացի են, և շատ շուտով կհասկանան, թե ում հետ է ավելի անվտանգ»։

Բրիտանացի փորձագետ Լոուրենս Բրոայերսը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, զուգահեռներ բերելով վրացական իրադարձությունների հետ, չբացառեց, որ շատ շուտով Հարավային Կովկասի բոլոր երեք հանրապետություններում կտեսնենք ռուսամետ կառավարությունների։ Այն, որ Բաքուն գործում է Մոսկվայի հետ համատեղ, այլեւս կասկած չի հարուցում։ Վրաստանի “երազանքն” էլ ակնհայտ է։ Եւ փորձագետները չեն բացառում, որ Հայաստանում եւս հնարավոր է իշխանություն փոխվի։

Այս հայտարարությունների «արդարությունը» ապացուցում է Թևանյանի այցը Դոնեցկ. եթե Ռուսաստանին հաջողվի «ճեղքել» Մեղրիի «միջանցքը», ապա Հայաստանը կվերադառնա Թուրքիայի և Ռուսաստանի միջև կեղծ «ընտրությանը»։ Թեւանյանը պատրաստվում է նման ընտրության եւ արդեն վճարել է ղալիմը։

Նաիրա Հայրումյան

Իրանի խորհրդարանում անընդունելի են համարել Ռուսաստանի միջամտությունը Երեւանի եւ Բաքվի գործերին

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին քննադատել է Ռուսաստանի դիրքորոշումն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ՝ ասելով, որ այդ միջանցքի վերաբերյալ Ռուսաստանի հավակնություններն անընդունելի են, գրում է Mehr-ը։

Կիրակի օրը խորհրդարանի բաց նիստում Ֆադա Հոսեյն Մալեքին հայտարարել է, որ ռուսաստանցի պաշտոնյաները վերջերս հավակնություն են ներկայացրել Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, և այդ հարցն անընդունելի է Իրանի ժողովրդի և խորհրդարանի համար, ուստի արտաքին գործերի նախարարությունն այս առիթով  պետք է խիստ նախազգուշացում անի Ռուսաստանին։

Նա հիշեցրել է, որ Իրանը մեղադրվում է ուկրաինական պատերազմում Ռուսաստանի կողքին լինելու մեջ, մինչդեռ ռուսները Իրանի երեք կղզիները (Մեծ և Փոքր Թոմբերը և Աբու Մուսան) համարում են Արաբական Միացյալ Էմիրություններինը (ԱՄԷ) և հավակնություններ ներկայացնում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, որոնք անընդունելի են Իրանի համար, ընդգծել է Մալեքին։

Բացի այդ, Ռուսաստանը միջամտել է Ադրբեջանի և Հայաստանի գործերին, ինչը Իրանի համար անընդունելի է, և նրանք պետք է նախազգուշացվեն, հավելել է Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի անդամը։

Պուտինը մեկնել է Մոնղոլիա, որպեսզի ստանա միջուկային զենք օգտագործելու շամանների օրհնությունը՝ Der Spiegel

Համաձայն տեղեկատվության, որը պատմել է «Կոմերսանտ»-ի նախկին լրագրող Միխայիլ Զիգարը, Պուտինի՝ սեպտեմբերի սկզբին Մոնղոլիա կատարած այցի իրական նպատակը շամանների և պաշտամունքի ներկայացուցիչների հետ հանդիպելն էր:

Զիգարի խոսքով՝ այս վարկածը քննարկում են Կրեմլին մոտ կանգնած աղբյուրները։ Այս մասին նա գրում է գերմանական հեղինակավոր Der Spiegel ամսագրում։

Ըստ վերաշարադրված տեղեկությունների՝ Պուտինին միջուկային զենք կիրառելու համար շամանների օրհնությունն է պետք։ Իբր Պուտինը Մոնղոլիայից գոհ է վերադարձել, գրում է «Դոժդ»-ի նախկին գլխավոր խմբագիրը։

Zygar-ի աղբյուրներից ոչ մեկը չի կարող հաստատել այս տեղեկությունը, բայց մոնղոլ շամանների հետ հանդիպումը, կարծես, կայացել է, ասվում է սյունակում։ Սոցիալական ցանցերը նշում են, որ տեղեկատվությունը կարող էր միտումնավոր տրամադրվել Զիգարին, որպեսզի Der Spiegel-ի հրապարակման միջոցով վախեցնեն Արևմուտքին միջուկային զենք օգտագործելու իրական հնարավորությամբ։

«Սակայն այս տարբերակը մեծ ֆանտաստիկա է թվում: Իմ աղբյուրներից ոչ մեկը դա չի կարող հաստատել։ Սակայն հանդիպում մոնղոլ շամանների հետ կարծես թե կայացել է»,- հավելում է լրագրողը։

Զիգարը ուշադրություն է հրավիրում այն ​​փաստի վրա, որ Մոնղոլիան և Տուվան, որտեղ Պուտինը այցելել էր եւ նախկինում, համարվում են աշխարհի ամենահզոր շամանների հայրենիքը։ Նա նաև հիշեցնում է, որ Պուտինը վաղուց հայտնի է միստիկայի, այդ թվում՝ ուղղափառության նկատմամբ իր հատուկ վերաբերմունքով։ Մինչ Ուկրաինայի հետ պատերազմի սկսվելը Պուտինը եւս խորհրդակցել է տարբեր միստիկների հետ, գրում է Zygar-ը՝ հղում անելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրին։ Զրուցակցի խոսքով՝ նրանք բոլորը կանխատեսել են Ռուսաստանի հաղթանակը։

Այս տարվա մայիսին Ռուսաստանի կառավարությունում շամանիզմի գլխավոր ջատագով Սերգեյ Շոյգուն զրկվեց պաշտպանության նախարարի պաշտոնից։ Դա, ըստ երևույթին, չի ազդել օկուլտիզմի հետ Պուտինի հարաբերությունների վրա: Նա ուղղակի առանց Շոյգուի գնաց Մոնղոլիա և Տուվա։

Այժմ Մոսկվայում խոսակցություններ են պտտվում, որ Պուտինին միջուկային զենք օգտագործելու համար անհրաժեշտ է շամանների օրհնությունը։ Առանց նրանց հավանության նա չէր կարող նման լուրջ քայլի գնալ՝ վախենալով ոգիներին զայրացնել։ Իսկ Մոնղոլիայից իբր երջանիկ է վերադարձել։

«Dialog.UA»

Առգրավել են Ստեփանակերտի քաղաքապետին պատկանող ավտոմեքենան

 Առգրավել են Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանին պատկանող ավտոմեքենան։ Այս մասին ABC media-ի հետ զրույցում ասել է Սարգսյանի փաստաբան Ռոման Երիցյանը։
«Մեքենան առգրավել են նույն քրեական վարույթով, որով այժմ անցնում է Դավիթ Սարգսյանը։ Պատճառաբանել են, որ մեքենան տանում են, որպես ապօրինի ձեռք բերված գույք»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու հիմքով։

Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է երկրի վարչապետի մամուլի ծառայությունը։

Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա իր վրացի պաշտոնակցի՝ Իրակլի Կոբախիձեի հետ, կկայանան անհատական և ընդլայնված կազմով հանդիպումներ, որից հետո Կոբախիձեն և Փաշինյանը հանդես կգան հայտարարություններով։

Մասիս համայնքը 55 տարեկան է

«Մասիս համայնքի հարստությունը» գյուղատնտեսական, արդյունաբերական և այլ ապրանքների ցուցահանդես-տոնավաճառում արցախյան մասնավոր արտադրողները եւս ներկայացրել են իրենց արտադրանքը։

Մասիս համայնքը սեպտեմբերի 15-ին նշեց հիմնադրման 55-ամյակը։

Լուսանկարները՝ Ալվարդ Գրիգորյանի

Մասիս քաղաքի տոնը՝ արցախյան համ ու հոտով

Այսօր Մասիս քաղաքի կազմավորման 55-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը մասնակցելու հրավեր է ստացել նաև արցախցի Անյուտա Հովսեփյանը, ով Արցախից տեղահանվելուց հետո ընտանիքով բնակություն է հաստատել Մասիս քաղաքում և 2023 թվականի դեկտեմբեր ամսից է զբաղվում հրուշակագործությամբ։

Մասնագիտությամբ պատմության ուսուցչուհին հասկացել է, որ արցախցիների համար ծանր ժամանակաշրջանում, երբ այնքան էլ հեշտ չէ մասնագիտությամբ աշխատանք գտնել, պետք է ձեռնամուխ լինել սեփական գործ սկսելուն՝ փորձելով հոբբին վեր  ածել բիզնեսի։ Գրանցվելով հարկային դաշտում՝ նա օրինական հիմքերով սկսել է զբաղվել ձեռնարկատիրությամբ և «Արցախի համն ու հոտը» բրենդով մտավ քաղցրավենիքի շուկա։  Այսօր Մասիս քաղաքում լայն ճանաչում ու պահանջարկ ունի Արցախի համ ու հոտով հագեցած նրա հրուշակեղենը։ Թխում է փախլավա, ընկույզով և խորիզով գաթաներ, կաթնաշորով թխվածքներ, տարբեր միջուկներով ռուլետներ։

Անյուտայի քաղցր տաղավարը անմիջապես ուշադրություն է գրավում։ Այստեղ ամեն ինչ արցախահամ ու արցախահոտ է։

Օրվա անցուդարձի մասին է պատմում արցախցի ձեռներեցը․

-Առաջին անգամ եմ մասնակցում Մասիս քաղաքի տոնակատարությանը, որը կազմակերպված է բարձր մակարդակով ու հագեցած ծրագրով։ Երբ մասնակցելու հրավեր ստացա, պատասխանատվությամբ լցվեցի, որովհետև Արցախ պետք է ներկայացնեմ։ Եվ շատ հպարտ եմ, որ արցախյան իմ տաղավարը ուշադրության ու գնահատանքի է արժանացել ինչպես հաճախորդների, այնպես էլ Մասիսի քաղաքապետի կողմից։ Ստացել եմ նաև նոր առաջարկություններ՝ համագործակցելու եկեղեցու սպասավորների հետ։ Մի քանի ամիս է, ինչ զբաղվում եմ հրուշակեղենի պատրաստմամբ, արդեն ունեմ իմ հավատարիմ հաճախորդները, սակայն ուրախալի է, որ նմանատիպ փառատոնների ժամանակ ձեռք են բերվում նոր ծանոթություններ ու նոր հաճախորդներ։

Ժամը 12։00-ի դրությամբ գրեթե սպառվել է քաղցրավենիքի ներկայացված տեսականին։ Պատրաստվում եմ գնալ տուն ու նորից պատրաստել, քանի որ միջոցառումը կձգվի մինչև ուշ երեկո։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Կենտրոնական Եվրոպան պայքարում է աղետալի ջրհեղեղների դեմ

«Բորիս» փոթորկի հետևանքով առաջացած հորդառատ անձրևները շարունակում են ավերածություններ գործել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում: Արտակարգ ծառայություններն ուժեղացնում են հեղեղներից պաշտպանությունը այն բանից հետո, երբ հորդառատ անձրևները հանգեցրել են գետերի մակարդակի բարձրացմանը: Հազարավոր տներ վնասվել են ջրից։

Ավստրիայում մեկ հրշեջ է մահացել ջրհեղեղից քաղաքացիներին փրկելու գործողության ժամանակ։ Վիեննայի շրջակա տարածքը հայտարարվել է աղետի գոտի, տեղական իշխանությունները խոսում են «աննախադեպ ծայրահեղ իրավիճակի» մասին։

Լեհաստանում ջրհեղեղի հետևանքով մեկ մարդ է զոհվել, կիրակի օրը հայտարարել է վարչապետ Դոնալդ Տուսկը։

«Բորիս» փոթորիկը զոհեր է տվել նաև Ռումինիայում։ Շաբաթ օրը իշխանությունները հայտնել են, որ Գալաթի հարավարևելյան շրջանում ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվել:

Չեխիայում ջրհեղեղի պատճառով որոշ շրջաններում տարհանում է հայտարարվել։ Երկրի հյուսիսում մոտ 51 հազար տնային տնտեսություն տուժել է էլեկտրաէներգիայի անջատումից, հայտնում է չեխական CEZ էներգետիկ ընկերությունը։

Պրահայում ջրհեղեղի պատնեշներ են տեղադրվել.

«Մենք կրկին բախվում ենք կլիմայի փոփոխության հետևանքների հետ, որոնք ավելի ու ավելի են ազդում եվրոպական մայրցամաքի վրա՝ դրամատիկ հետևանքներով», – շաբաթ օրը հայտարարել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը:

Կլիմայի փոփոխության պատճառով Եվրոպայում, ինչպես աշխարհի շատ այլ մասերում, ծայրահեղ անձրևների հավանականությունը մեծանում է: Ավելի տաք մթնոլորտը կարող է ավելի շատ խոնավություն պահել, ինչը հանգեցնում է ավելի առատ տեղումների:

Ավելին կարդացեք BBC-ում

«Մեր արմատներն Արցախում են մնացել և Արցախում ապրելը մեր իրավունքն է». որդեկորույս թոշակառու ամուսիններ

Forrights

2023թ. սեպտեմբերի 19-ի առաջին պայթյունը լսելուց տիկին Էլեոնորան մտածեց՝ զորավարժություններ են, որովհետև վստահ էր, որ ՌԴ խաղաղապահները կկանխեին ռազմական լայնածավալ գործողությունները։ Այնինչ խաղաղապահները չխառնվեցին կամ չկարողացան քայլեր ձեռնարկել  Ադրբեջանի հերթական ռազմական հարձակումը կանխելու համար։

«Պայթյունների և արկակոծությունների սաստկացումից հասկացանք, որ կրկին պատերազմ է սկսվել… ես տարակուսած էի՝ խաղաղապահների ներկայությամբ ինչպե՞ս թշնամին դիմեց նման քայլի։ Գյուղում աստիճանաբար խուճապ սկսվեց։ Բնակիչները հավաքվեցին  որոշ չափով ապահով մի շինությունում՝ սպասելով իրադարձությունների զարգացմանը։ Տղաներս համար 1 կանչով իրենց մարտական դիրքերում էին։ Նրանցից տեղեկություն չունեի։ Ավագ որդիս մի կերպ կապվեց մեզ հետ, սակայն Սամվելիս հետ չկարողացանք կապ հաստատել։ Անորոշ, աներևակայելի մի իրավիճակ էր։ Գյուղում արդեն լսվում էին ավտոմատի կրակոցներ։ Բնակիչները խուճապի մատնվեցին։ Մարդիկ նույնիսկ իրենց անձնագրերը չէին վերցրել տնից։ Հետո գյուղապետը կարգադրեց, որ բոլորը պետք է դուրս գան և ուղևորվեն օդանավակայան։ Այդ խառը վիճակում ավագ որդիս՝ Գարիկը, ով փոխգնդապետ էր, հայտնեց, որ Սամվելը վիրավորվել է, սակայն որոշ ժամանակ անց տղաս ի վերջո համարձակվեց ասել, որ բժիշկներն անզոր գտնվեցին փրկելու  որդուս  կյանքը …», -հուզված ներկայացրեց 77-ամյա մայրը։

Սամվել Մինասյանը զոհվել է սեպտեմբերի 19-ին՝ երկու օր հետո նա պիտի դառնար 43 տարեկան։ Նրան հուղարկավորել են Խնապատի ազատամարտիկների պանթեոնում։ Սամվելի կինն ու երկու զավակները բնակվում էին Ստեփանակերտում։ Պատկառելի տարիքում որդուն կորցրած ծնողները գյուղից տեղափոխվել են զոհված տղայի տուն, որ նրա ընտանիքի հետ միասին դիմագրավեն պատուհասը։ Արցախահայությունը ստիպված էր բռնելու տեղահանության ճանապարհը։ Մնալու հնար չկար։ Սամվելի 15 տարեկան տղան հոր կորստի ցավը սրտում պատասխանատվություն  ստանձնեց տարհանելու և փրկելու իր ընտանիքը։ Պատանին նստեց հոր ավտոմեքենայի ղեկին և  մորը, քրոջը, տատին ու պապին տարհանեց Ստեփանակերտից։

«Մի կերպ տեղավորվել ենք ավտոմեքենայի մեջ և ձեռնունայն ու սրտի անասելի կսկիծով բռնել անորոշության ճամփան։ Դաժան օրեր էին։ Ճանապարհին տեղեկացանք, որ Հայկազովի վառելիքի պահեստը պայթել է։ Այդ աղետից այրվածքներ ստացած մարդկանց սկսեցին շտապօգնության մեքենաներով տեղափոխել և խցանված ճանապարհին պետք էր առաջնահերթ նրանց տեղ տալ։ Ահավոր վիճակ էր, ականատեսները չէին կարողանում զսպել հույզերը, մանկահասակ երեխաները վախից ու այդ ահասարսուռ տեսարաններից ու խառնաշփոթից լացում էին։ Մի կին էլ սովից ու սթրեսից ուշաթափվեց։ Մենք էլ մեր եղած ուտելիքով կիսվեցինք մարդկանց հետ։ Անասելի դժվարություններ հաղթահարելուց հետո միայն հատեցինք Հակարիի կամուրջը», — նշեց մեր զրուցակիցը։

Որդեկորույս ընտանիքը միանգամից  ուղևորվեց Դիլիջան և մեկ ամիս հանգրվանեցին տեղի հյուրանոցներից մեկում։ Այժմ թոշակառու արցախցի ամուսիները ապրում են Չարենցավանում վարձակալած մեկ սենյականոց բնակարանում։ Զոհված որդու ընտանիքը Դիլիջանում մնաց, իսկ իրենք՝ ավագ որդու ընտանիքի հետ տեղափոխվեցին Չարենցավան։ Տիկին Էլեոնորան նշեց նաև, որ աղջիկն ամուսնացել էր Թալիշում և 2016թ. քառօրյա պատերազմի առաջին փախստականներից է։ Նրա ընտանիքը սկզբնական շրջանում բնակություն էր հաստատել Արցախի կառավարության կողմից առաջարկված Ալաշան համայնքում, այնուհետև տեղափոխվել են Չարենցավան, հետո Բջնի։

Այժմ միայնակ ապրող թոշակառուներին օգնում է ավագ որդին։ Դժվարություններ շատ ունեն, բայց առանձնացնում են բնակապահովման խնդիրը, ինչպես նաև զոհված որդու և մյուս հարազատների շիրիմներին այցելելու անհնարինությունը։ Թոշակառուների խոսքով՝ հիմա որպես տուրիստ էլ չեն կարողանում այցելել իրենց հայրենի ծննդավայրը, հարգանքի տուրք մատուցել հարազատների գերեզմաններին։

«Սակայն մեր արմատներն Արցախում են մնացել, չէ որ մեր ապուպապերն այնտեղ են ծնվել ու ապրել, նրանց բոլորի շիրիմներն ամփոփված են հայրենիքում։ Նրանք մնացել են կառչած իրենց հողին, իսկ մենք՝ իբրև արմատավորված ծառի ճյուղեր, կտրվեցինք թուրքերի կողմից՝ ցրվելով այս ու այն կողմ։ Այնուամենայնիվ հետվերադարձի մեր հույսը չի մարում, որովհետև Արցախը մեր պատմական հայրենիքն է և միշտ էլ եղել է ինքնիշխան ու ինքնավար՝ նույնիսկ Խորհրդային տարիներին։ Դա է ճշմարտությունը և Արցախում ապրելը մեր իրավունքն է։ Սեպտեմբերյան մեկօրյա պատերազմում արցախցի տղաներն իրենց կյանքերը չխնայեցին հենց մեր հողում ապրելու իրավունքի համար։ Անձնազոհ տղաների ինքնապաշտպանական մարտերի շնորհիվ հնարավորություն ընձեռվեց կազմակերպել բնակչության տարհանումը։ Այլապես ցեղասպանություն կլիներ», -հավելեց թոշակառու կինը։

Էլեոնորա և Գուրգեն Մինասյանները ծննդով Ասկերանի շրջանից են։ 1978թ. նրանք ամուսնացել և տնևորվել են նույն շրջանի Խնապատ գյուղում։ Զբաղվել են գյուղատնտեսական աշխատանքներով, դաստիարակել ու մեծացրել իրենց 3 զավակներրին։ Մինչև 2023թ. սեպտեմբերյան մեկօրյա պատերազմը  87 և 77-ամյա ամուսիները բնակվում էին Խնապատում՝ չպատկերացնելով անգամ, որ մի օր իրենց կվիճակվի լքել հայրենի բնօրրանը ու պատկառելի տարիքում զրկվել տունուտեղից, տարիների իրենց վաստակից՝ դեգերելով անորոշ կարգավիճակում։

Զառա Մայիլյան

 

Լսումներ ԱՄՆ Կոնգրեսում. ժամանակն է, որ արցախցիները հասունանան

Աշխարհահռչակ իրավապաշտպանների, իրավաբանների, լրագրողների մասնակցությամբ Երեւանում անցկացված միջազգային համաժողովը, որտեղ քննարկվում էր, թե ինչպես կարելի է պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները, հայկական լրատվամիջոցների գլխավոր նորություն չդարձավ։ Ինչպես իրենք՝ արցախցիների իրավունքները։ Հայկական լրատվամիջոցները հաճախ սահմանափակվում են սոցիալական ապահովության նախարարության պաշտոնական տեղեկություններով, թե ինչպես կարող են արցախցիները հաղթահարել բյուրոկրատական խոչընդոտները՝ ապացուցելու իրենց կենսագրությունը։ Իսկ լավագույն դեպքում ներկայացվում են ցեղասպանությունից, օկուպացիայից և տեղահանությունից փրկված մարդկանց պատմությունները, բայց առանց քաղաքական և իրավական գնահատականների՝ ավելի շատ կենտրոնանալով հումանիտար ասպեկտի վրա։

Ինչ վերաբերում է կառավարության մակարդակով կազմակերպվող միջոցառումներին (վերջերս Երևանում երկու «գլոբալ» ֆորում էր անցկացվել), ապա այնտեղ արցախցիների մասին խոսելը համարվում է մովետոն։

Հայաստանում ծայրահեղ բևեռացվածության պայմաններում արցախցիների մասին հիշատակումները բաժանվում են հիմնականում երկու խմբի՝ կա՛մ ցինիկ մեղադրանքներ դասալքության,  հօգուտ Ռուսաստանի լրտեսություն և Հայաստանում իշխանափոխության փորձերի մեջ, կամ արցախցիներին վերադարձնելու համառ փորձեր, պարզ չէ, թե ինչ պայմաններում։

Համաշխարհային քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները, որոնց դիմում են Հայաստանի և Արցախի ընկերները՝ արցախցիների իրավունքների հարցում օգնելու խնդրանքով, գլուխները բռնած ասում են, որ ուղղակի ցնցված են, թե որքան անտաղանդ, իսկ երբեմն էլ միտումնավոր բացասական են հայ քաղաքական գործիչները՝ ներառյալ արցախյան “էլիտան”, ներկայացնում արցախահայության խնդիրները։ Ավելին, այս տարի ոչինչ չի արվել, որպեսզի Արցախի ժողովրդի խնդիրը դառնա ոչ միայն ներքին հայկական, այլեւ միջազգային գործոն։ 33 տարի առաջ Միացումի մասին հասուն որոշում կայացրած արցախցին հետո ընկավ «մանկության» գիրկը և այդպես էլ չհասունացավ։

Միջազգային փորձագետները նշում են մի քանի առանցքային կետեր.

1․ Սենատոր Բեն Քարդինը վերջերս ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեում կայացած լսումների ժամանակ ասաց, որ Բաքվի և Երևանի միջև առաջիկա «խաղաղության պայմանագրում» ղարաբաղյան կարգավորման մասին հիշատակման բացակայությունը անհեթեթություն է։
2. Բեն Քարդինը նաև հայտարարեց, որ Բաքվի պահանջները Երևանից՝ փոխել Սահմանադրությունը, պարզապես ծիծաղելի են։ Իսկ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Երևանում կայացած համաժողովի ժամանակ ասաց, որ միջազգային իշխանությունները Արցախը համարում են Ադրբեջանի մաս, քանի որ Հայաստանը երբեք չի հայտարարել, որ Արցախը պատկանում է Հայաստանին։ Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրությունը հղում է անում Հայաստանի Անկախության Հռչակագրին և Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին 1989թ. որոշման։ Իսկ ըստ փաստաթղթերի՝ Արցախը Հայաստանի մաս է։

3․ Իրավապաշտպան և փաստաբան Նազելի Վարդանյանը ցնցված է, որ սեպտեմբերի 19-ի դեպքերից և տեղահանությունից մեկ տարի անց արցախցիների իրավունքների վերաբերյալ ոչ մի հայց չի ներկայացվել միջազգային և տեղական դատարաններում, թեև խախտվել են բոլոր հնարավոր հիմնարար իրավունքները։

4․ Ճշմարտության և արդարության կենտրոնի ղեկավար, Կալիֆորնիայի (ԱՄՆ) դաշնային դատավոր Գասիա Ագարյանն ասում է, որ անհրաժեշտ են հազարավոր փաստեր, որոնք պետք է ներկայացվեն բոլոր ատյաններ՝ ապացուցելու արցախցիների իրավունքները և խախտման հանցավոր բնույթը։

Այսպիսով, ագրեսիայից, ցեղասպանությունից և տեղահանությունից մեկ տարի անց նախանշում է արցախյան կառույցների քայլերի հաջորդականությունը, որոնք պետք է կատարվեն Հայաստանից, Սփյուռքից և աշխարհի հայերի բարեկամների օգնությամբ։

Ելնելով վերոնշյալ կետերից՝ իշխանությունները պետք է բաժանեն աշխատանքը և գործեն ակտիվ ու հաստատակամ՝ չտրվելով սադրանքներին ու սպառնալիքներին։

1․ Արցախի խորհրդարանը համապատասխան կազմակերպությունների հետ միասին պետք է ամեն օր հայտարարություններ անի, որ հայ ժողովրդի համար անընդունելի է «խաղաղության պայմանագիրը»՝ առանց Արցախի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակը որոշելու։ Որքան անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը կանխորոշում է Արցախի կարգավիճակը՝ մինչեւ ԵԱՀԿ Մինսկի համաժողովը։
2․ Հայաստանի Սահմանադրությամբ Արցախը Հայաստանի մի մասն է, և դա ակնհայտ դարձավ «անկախ Արցախի» նախագծի ավարտից հետո։ Ուստի Արցախի խորհրդարանը և հասարակական կազմակերպությունները պետք է պահանջեն իրականացնել 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը՝ որպես Արցախի կարգավիճակը սահմանող այս պահին միջազգայնորեն ճանաչված միակ փաստաթուղթ։
3․ Փաստաբանների և իրավապաշտպանների օգնությամբ անհրաժեշտ է մշակել հայցադիմումի ձևանմուշ, որտեղ Արցախի յուրաքանչյուր բնակիչ կարող է մուտքագրել իր անունը, հասցեն և պահանջները և հայց ներկայացնել։ Երբ դատարաններում 100 հազար հայց լինի, արցախցիների իրավունքների հարցը կարող է արդիական դառնալ.
4․ Արցախի՝ դեռևս գործող համայնքային մարմինների միջոցով հնարավոր է գույքագրել և փաստեր հավաքել Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ՝ արձանագրել կորցրած կոլեկտիվ և մասնավոր սեփականությունը, մարդկանց սպանության, խոշտանգումների, վայրագությունների, հազարամյակների ընթացքում հողի կորստի փաստեր։ Համայնքապետերը հեշտությամբ կարող են տեղեկատվություն հավաքել և փաստահավաքներին ուղղորդել մարդկանց մոտ, ովքեր կարող են պատմել բոլոր մանրամասները։

Նման աշխատանք պետք է իրականացվի համակարգված և իրականացվի Համակարգող մարմնի կողմից, որը մանդատ ունի ներկայացնելու Արցախի ժողովրդի իրավունքները։ Այս մարմնում կարող են լինել Արցախի պետական, քաղաքային, հասարակական մարմինների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ի վերջո, մեկ այլ կարևոր հարց, որ բարձրացրեց Օկամպոն, այն էր, թե ո՞ւմ հետ խոսել, ով է ներկայացնում Արցախի ժողովրդի իրավունքները։

Սա տնային առաջադրանքների նվազագույնն է, որ արցախցիները կարող են անել նախքան օգնություն խնդրելը իրավապաշտպաններից և քաղաքական գործիչներից, ովքեր պատրաստ են լսել, բայց միայն մանդատ ունեցողներին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենան Արցախի բնակիչների իրավունքների վերաբերյալ լսումներ, որոնք արցախցիների համար կարող են ցատկահարթակ դառնալ՝ գրագետ ձևակերպելու իրենց իրավունքներն ու պահանջները, ներկայացնելու տպավորիչ դոսյեներ և քաղաքական լուծման իրենց տեսլականը։

Նաիրա Հայրումյան

“Երեխաներին Հունգարիա ուղարկելու որոշման ժամանակ հաշվի առեք, թե որ երկիր եք ուղարկում”

Հունգարիայի կողմից արցախցի երեխաների համար ճամբարներ կազմակերպելն ուղղակի երեսպաշտություն է և էժանագին «հումանիտար ժեստ», որին պետք չէ տրվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան  էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով նրան, որ Հունգարիան ճամբար է կազմակերպել 1000 արցախցի երեխաների համար:

«Ուրեմն, տեղյակ եք երևի, որ Հունգարիայի կառավարության հետ համագործակցության շրջանակներում Արցախից տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի, և ըստ տարածված տեղեկությունների՝ ևս 1000 երեխաներ պետք է գնան։ Հունգարիան այն երկիրն է, որն ավանդաբար ունեցել է պրոթուրքական և պրոադրբեջանական դիրքորոշում, մասնավորապես Արցախի հարցում։

Հունգարիան այն երկիրն է, որը մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին։ Հունգարիան այն երկիրն է, որ Արցախի ցեղասպանությունից և էթնիկ զտումից հետո ամենաբարձր մակարդակով՝ երկրի վարչապետի մակարդակով, մասնակցել է հայաթափված և օկուպացված Շուշիում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։

Շրջափակման օրերին Արցախում տեղի ունեցողի վերաբերյալ պետք է լիներ Եվրամիության անդամ բոլոր 27 երկրների համատեղ հայտարարություն, սակայն Հունգարիան արգելափակել է այն։

Ես լավ հիշում եմ Հունգարիայի ներկայացուցչի ընդգծված պրոադրբեջանական ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, երբ քննարկվում էր շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ծանր հումանիտար վիճակը։

Այսքանից հետո արցախցի երեխաների համար ճամբարներ կազմակերպելն ուղղակի երեսպաշտություն է և էժանագին «հումանիտար ժեստ», որին պետք չէ տրվել։

Սիրելի՛ ծնողներ, ես, իհարկե, ձեր փոխարեն չեմ կարող որոշել և չեմ էլ հավակնում որոշել, բայց երեխաներին Հունգարիա ուղարկելու ձեր որոշման ժամանակ հաշվի առեք, թե որ երկիր եք ուղարկում»։