Սոկուրովը հրաժարվեց Երեւանում նախատեսված մագիստրական կուրսից

Մեկ տարի շարունակ ԵԹԿՊԻ-ի ողջ կազմը՝ ռեկտոր Սառա Նալբանդյանի գլխավորությամբ, աշխատում էր հանրաճանաչ ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի մագիստրատուրայի արվեստանոցը բուհում բացելու ուղղությամբ։ Օգոստոսին կայացավ ընդունելության քննությունների երկրորդ փուլը, որն անցկացնելու համար Վարպետը ժամանեց Երևան։

Ըստ ռեժիսորի հետ նախնական պայմանավորվածության, դասերն անցկացվելու էին Հայաստանի կինոգործիչների միության փոքր դահլիճում։ Միությունը պատրաստակամ էր տրամադրել նաև դահլիճին հարող մեծ տարածքը, սակայն Ա. Սոկուրովը վերջին պահին հրաժարվեց՝ ցանկանալով, որ արվեստանոցը լինի բուհի տարածքում։

Բուհը 15-20 օրվա ընթացքում վերանորոգեց, կահավորեց և տեխնիկապես հագեցրեց հոսքային լսարաններից մեկը: Օրեցօր աճող այլ պահանջների հետ մեկտեղ կրկնապատկվեց նախագծի համար նախատեսված և դեռևս 2024 թ․ հունվարին հաստատված բյուջեն:

Մագիստրոսական ծրագրում ուսումնական պլանում փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ Վարպետի վերջին չնախատեսված պահանջներն անհամատեղելի էին ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքով սահմանված նորմերին։

Չնայած անակնկալ փոփոխություններին՝ մենք մինչև վերջին օրը փորձեցինք փրկել իրավիճակը՝ արագ արձագանքելով ռեժիսորի բոլոր պահանջներին: Սակայն Ա. Սոկուրովը հրաժարվեց մագիստրոսական կուրսը ղեկավարելուց։ Կարծում ենք՝ կուրսից հրաժարվելու իրական պատճառը ցույց կտա ժամանակը։

Ցավում ենք, որ արվեստանոց ընդունված երիտասարդները զրկվեցին մեծ հնարավորությունից:

Հավելենք, որ արվեստանոցի համար նախապատրաստված տարածքը վերափոխվում է մեդիագրադարանի և մոնտաժի սենյակի, ու շուտով մեր բուհի ուսանողները կկարողանան օգտվել այդ նոր տարածքից:

ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԹԻՄ 

Դադիվանքի խաչքարերը չվաճառվեցին

Դադիվանքի վանական համալիրն իր ամբողջությամբ մի պահոց է, որտեղ ի մի է բերված պատմությունը, հոգևոր ընկալումները, Արցախի ճարտարապետական դպրոցը, խաչքարային արվեստը և իհարկե աշխարհիկ իշխանությունն իր զորությամբ ու աստվածավախությամբ։

Դադիվանքը բաղկացած է մի շարք կրոնական ու աշխարհիկ շինություններից, բայց ես պիտի անդրադառնամ եպիսկոպոս Սարգսի 13-րդ դարում կառուցած զանգակատանը պահվող Դադիվանքի հայտնի զույգ խաչքարերին,  որոնց մասին մասնագետներն այսպես են արտահայտվել. «Իրենց նմանը չկա ոչ մի ուրիշ վանքում», «եթե նրանք նման հուշարձանների մեջ ամենալավն էլ չեն, միևնույն է՝ ավելի կատարյալը գտնելն անհնար է»… Խաչքարերն աչքի են ընկնում իրենց նրբագեղությամբ, բացառիկ զարդարվեստով և իրավացիորեն կրում են «ասեղնագործ խաչքարեր» բնորոշումը։

Ըստ ավանդույթի քարե «ժանյակների» նախշերը վերցրել են Խաչենի իշխանուհի Արզու Խաթունի գործվածքներից, ասեղնագործ վարագույրերից։ Ստացվել է նոր նուրբ գործվածք, որն այս անգամ քարից է։ Խաչքարերը, որ կարծես անձեռակերտ լինեն, տարբեր ժամանակներում գրավել են անցորդների ուշադրությունը ու պատահական չէ, որ նախկինում մի քանի փորձ է արվել Դադիվանքի խաչքարերը տեղափոխել Եվրոպա։ Եղիշե ավագ քահանա Գեղամյանցն իր Ուղեգնացական ակնարկներում գրում է, որ «․․․ երկու անգլիացի ճանապարհորդք մի քանի տարի առաջ 10,000 մաէթով կամեցել են գնել յիշեալ խաչքարերը, բայց հոգևոր իշխանությունը չի համաձայնել»։

Յ․ Յուզբաշյանցը «Նոր Դար» թերթում 1892 թվականին տպագրված հոդվածում գրել է, որ  1887-1890 թթ. երկու ֆրանսիացի ճանապարհորդներ տեսնելով խաչքարերը դիմել են գերապատիվ Առաջնորդին, որ վերջինս փողով ծախե, ասում են, որ նրանք մտադիր էին Ֆրանսիա ուղարկել, բայց Սրբազանը մերժել է։ 1901 թվականին նույն առաջարկն արել է մեկ այլ ֆրանսիացի և դարձյալ մերժվել:

Ինչպես իրավացիորեն նշում է երջանկահիշատակ Սամվել Կարապետյանը, հարկ է երախտիքի խոսք ասել եկեղեցու այն պատասխանատուների հիշատակին, ովքեր չեն գայթակղվել և նպաստել են, որ ազգային արժեքները մնան իրենց ծննդավայրում։

Ցավոք այսօր մեր ազգային արժեհամակարգը վտանգավոր ճաքեր է տվել, իսկ գերված Դադիվանքը վտանգված է։

Արմինե Հայրապետյան

Բրյուսելում տեղի է ունեցել երաժշտական ​​երեկո՝ նվիրված արցախահայությանը

Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցին սեպտեմբերի 13-ին իր դռներն էր բացել հիշատակի և հույսի երաժշտական ​​երեկոյի համար՝ նվիրված Լեռնային Ղարաբաղին եւ արցախահայությանը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ երեկոյին ներկա էր Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Ներկաներին ուղղված իր խոսքում թեմի առաջնորդը նշեց, որ հայաթափված Լեռնային Ղարաբաղը նաեւ վտանգված հազարամյա ժառանգություն է՝ հինգ հազար պատմամշակութային կոթողներով։

«Այսօր ցավով պետք է արձանագրենք, որ Արցախը հայաթափված է, մեր պատմական կոթողները վտանգված են։ Մենք միշտ ասել ենք, որ քրիստոնեությունը Հարավային Կովկասում սկսվում եւ վերջանում է Հայաստանով ու Արցախով։ Արցախի ժողովուրդը թողել է հազարամյակների մեծ ժառանգություն։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ հայաթափումից դեռ մեկ տարի էլ չանցած՝ Ադրբեջանը ոչնչացրել է այդ կոթողների տասը տոկոսից ավելին։ Այսօր որեւէ մեկը՝ ներառյալ միջազգային կառույցները, հնարավորություն չունեն այցելել եւ տեղում տեսնել իրավիճակը։

Այս աշխարհաքաղաքական տարածքի մյուս կարեւոր արժեքն արցախցին է։ Նրանք լքել են իրենց հայրենիքն ու այսօր ապրում են Հայաստանում ու արտերկրում։ Արցախցին հազարամյա մշակույթի, բարբառի ու ավանդույթների կրողն է, որոնք այսօր վտանգված են, որովհետեւ արցախցիները հնարավորություն չունեն միասին համապարփակ ապրելու։

Արցախցիները ցանկանում են վերադառնալ իրենց հայրենի հող, միայն ու միայն պայմանով՝ չլինել Ադրբեջանի վերահսկողության տակ եւ ունենալ միջազգային անվտանգային երաշխիքներ։ Մեր ժողովուրդը տեղահանվել եւ ցեղասպանվել է, և  ունի վերադառնալու բոլոր իրավունքները», – նշել է Վրթանես եպս. Աբրահամյանը։

Թեմի առաջնորդի ելույթին հաջորդեց երաժշտական երեկոն՝ դաշնակահարուհի Լորենս Անահիտ Մխիթարյանի, Օպերային երգչուհի Մարիա Աբայան Շամբերի եւ դուդուկահար Վարդան Հովհաննիսյանի մասնակցությամբ։ Երեկոյին ներկա էին բելգահայ համայնքի ներկայացուցիչներ, բելգիացի քաղաքական ու հասարակական գործիչներ։

Միջոցառումը տեղի ունեցավ Գերմանիայի «Մունք» նախաձեռնության, Եվրոպայի Հայ դատի գրասենյակի, Հայաստանի ընդհանուր բարեգործական միության, Հայ Առաքելական եկեղեցու Բելգիայի թեմի եւ մի շարք այլ կազմակերպությունների ընդհանուր ջանքերով։

Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը լսումներ կանցկացնի Արցախում էթնիկ զտման թեմայով

ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը սեպտեմբերի 19-ին լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտման, Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Հանձնաժողովը կքննարկի նաև այն ադրբեջանցիների դեմ բռնաճնշումների թեման, որոնք ճնշումների զոհ են դարձել Ադրբեջանի կառավարությանը հակառակվելու պատճառով։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը։

«Ադրբեջանի կառավարությունն ունի մարդու իրավունքների վատ ցուցանիշ: Ըստ Freedom House-ի՝ «Ադրբեջանի ավտորիտար ռեժիմում իշխանությունը շարունակում է մեծապես կենտրոնացված մնալ Իլհամ Ալիևի և նրա մեծ ընտանիքի ձեռքում, ով նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2003 թվականից։ Ադրբեջանում կոռուպցիան համատարած է, և ֆորմալ քաղաքական ընդդիմությունը թուլացել է տարիներ տևած հալածանքների պատճառով: Իշխանությունները վերջին տարիներին լայնածավալ ոտնձգություն են իրականացրել քաղաքացիական ազատությունների դեմ»,- նշված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։

Միջոցառման կազմակերպիչները հիշեցնում են, որ այն բանից հետո, երբ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կառավարությունը ռազմական գործողություն իրականացրեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու համար, անկլավում գտնվող էթնիկ հայերի համար իրավիճակը կտրուկ փոխվեց։

«2023 թվականի վերջին նրանք գրեթե բոլորը փախել են Հայաստան։ Լսումների ընթացքում կքննարկվեն ակնհայտ էթնիկ զտումները և այդ խնդրի հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում՝ ռազմագերիների և քաղբանտարկյալների վիճակը, հայկական մշակութային վայրերի կարգավիճակը Լեռնային Ղարաբաղում և էթնիկ հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը: Քննարկման առարկա կդառնա նաև Ադրբեջանի կառավարության վերաբերմունքը էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ, ովքեր դարձել են ներքին և անդրազգային բռնաճնշումների զոհ՝ կառավարությանն ու նրա քաղաքականությանը հակառակվելու պատճառով, ինչպես նաև կոռուպցիայի և մարդու իրավունքների ոտնահարման միջև կապը: Քննարկման մասնակիցներն առաջարկություններ կներկայացնեն Կոնգրեսին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լսումները կլինեն բաց Կոնգրեսի անդամների, Կոնգրեսի աշխատակազմի, շահագրգիռ հանրության և լրատվամիջոցների համար: Հանրությունը և լրատվամիջոցները կարող են անձամբ ներկա գտնվել կամ հետևել լսումներին ուղիղ հեռարձակմամբ՝ Հանձնաժողովի կայքում, հայտնում է “Ազգը“։

Վերջին հայ թագավորը Ֆրանսիայում է թաղված

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն՝ Հայաստան կատարելիք այցին ընդառաջ ուղերձ է հրապարակել։ 

«Ֆրանսիան կանգնած է պատմական գործընկեր, բարեկամական երկիր Հայաստանի կողքին, և մեր աջակցությունը նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղության ձգտումներին անսասան է։

Հայաստանի հետ մեր համագործակցությունն ամուր է, և մենք այն ամրապնդում ենք։ Մենք աջակցում ենք Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը՝ երկրի դիմակայունությունն ապահովելու համար։ Մենք համագործակցում ենք նաև պաշտպանության ոլորտում։ «Ֆրանսիա-Հայաստան» նախաձեռնությամբ մենք պաշտպանում ենք նրանց, որոնք ներգրավված են Հայաստանին աջակցելու գործում»,- հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։

Անդրադառնալով Հայաստան և Մոլդովա կատարելիք այցերին՝ Սեժուրնեն ասել է, որ այցելում է հենց Հայաստան ու Մոլդովա, որովհետև նրանք ընտրել են ժողովրդավարության ու անկախության ուղին, ճանապարհը դեպի Եվրոպա, որոնք բախվում են ապակայունացման փորձերի ու անընդունելի ճնշումների:

Հիշեցնենք, որ հայոց թագավորության վերջին տիրակալը կիլիկյան գահ է բարձրացել 1373թ.։ Արդեն 1375 թվականին Մամլուքների արշավանքը կործանեց թագավորությունը, և ինքն էլ գերվեց։ Լեւոն V-ին աքսորեցին Կահիրե եւ արգելեցին հեռանալ Եգիպտոսից։ 1382 թվականին իր խոստովանահոր և դեսպան ֆրանցիսկացի Ժան Դարդելի ջանքերով, Կաստիլիայի թագավոր Խուան I-ի աջակցությամբ, նա ազատ արձակվեց և տեղափոխվեց Մադրիդի նահանգ, որի իրավունքներն իրեն փոխանցեց Կաստիլիայի թագավորը։ Սակայն երեք տարի անց տեղի ազնվականության հակառակության պատճառով ստիպված է եղել հեռանալ Մադրիդից։ Նա տեղափոխվել է Արագոն, ապա Ֆրանսիա, որտեղ մահացել է 1393 թ.։ Թաղվել է Փարիզի մոտ գտնվող Սեն Դենի բազիլիկում։

Օվերչուկը կրկին հիշեցրեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը` խոսելով «հաղորդակցությունների ապաշրջափակման» մասին

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Հայաստանի՝ ջրհեղեղից տուժած շրջաններ կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։

«Ուզում եմ ասել, որ ապաշրջափակումը հնարավոր է երեք պետությունների ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, որոնք արտացոլվել են 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի համատեղ հայտարարության մեջ։ Ինչպես գիտեք, Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այս գործընթացին և օգնել այստեղ՝ ելնելով Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության սկզբունքներից»,- հայտարարել է նա։

Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական հարաբերություններում առկա դժվարությունների մասին հարցին պատասխանելիս՝ ՌԴ փոխվարչապետն ընդգծել է «մեդիա միջավայրի» դերը։

«Այստեղ պետք է ուշադրություն դարձնել նրան, որ կա մեդիա միջավայր, և հաճախ այդ մեդիա միջավայրն իսկապես բացասական է լինում:

Բայց կա իրական աշխարհ: Այսօր մենք անցանք իրական երկաթգծով և տեսանք կատարված իրական աշխատանքը: Մենք ապրանքաշրջանառության իրական աճ ունենք, ինչը վկայում է մեր երկրների միջև կապերի ամրապնդման մասին։ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի ներկայացուցիչների համար իրական աշխատանք կա: Եվ մենք պետք է տարբերենք այն, ինչ տեղի է ունենում իրական աշխարհում, և այն, ինչ պարտադրվում է լրատվամիջոցների տեղեկատվական օրակարգում, ինչը հաճախ պարզապես չի համապատասխանում իրականությանը»,- ընդգծել է  ՌԴ փոխվարչապետը:

Անդրեյը չէր կարող ճանապարհին թողնել իր համագյուղացուն։ Սարուշենցիներն այդպես չէին կարող վարվել

-Հայրիկիս կողքին ես ինձ պաշտպանված և ուժեղ էի զգում։ Նրա կողքին հպարտ էի, ապահով ու միշտ անկեղծ․ գիտեի՝ անվերապահորեն կարող եմ վստահել նրան։ 2023-ի սեպտեմբերի 19-ին ես կորցրի իմ վստահելի հենարանը, թիկունքս։ Ո՛չ հայրս կա, ո՛չ էլ իմ հայրենիքը։ Փշրվել են բոլոր իմ երազանքները, մնացել են սոսկ թանկ հիշողություններ,- ասում է զոհված Անդրեյ Իսրայելյանի դուստրը՝ 15-ամյա Նարեն։

Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղում իրավիճակն առավել վտանգավոր էր։ Ցեղասպանությունը կանխելու համար համայնքի ղեկավարի հրահանգով կանայք, ծերերն ու երեխաները դուրս են եկել գյուղից և տարբեր ճանապարհներով հասել Ստեփանակերտ։ Շատերն անգամ չեն հասցրել մտնել տուն, որ փաստաթղթերը վերցնեն։ Տղամարդիկ մնացել են գյուղի դիրքերում և մինչև վերջ կռիվ տվել թշնամու անհավասար ուժերի դեմ․․․

Նարեն պատմում է

-Երբ սկսվեցին առաջին հրետակոծությունները, դպրոցում էի։ Հայրս նույնպես այդտեղ էր․ դպրոցում վերանորոգող-վարպետ էր աշխատում։ Բոլորս դուրս եկանք բակ՝ իմանալու, թե ինչ պետք է անենք։ Հայրս մոտեցավ ինձ, գրկեց, համբուրեց ու ասաց՝ պատերազմ է սկսվել և իր տեղը դիրքերում է՝ աշխարհազորայինների մոտ։ Չգիտեի, որ հայրիկիս տեսնում եմ վերջին անգամ․ կփաթաթվեի ու բաց չէի թողնի․․․

Մայրիկիս հետ գնացինք պապիկիս տուն, որը գյուղի վերևի մասում էր։ Արդեն կտրվել էր կապը և հնարավոր չէր իմանալ կատարվող իրադարձությունների մասին։ Մեծ եղբայրս՝ Վահեն, Ստեփանակերտում էր, փոքրը՝ Էդգարը, որ ժամկետային զինծառայող էր, այդ պահին Խաչեն գյուղի մոտերքում էր։ Շատ էինք անհանգիստ, գյուղում իրավիճակը խուճապային էր։ Համագյուղացիներով անտառների միջով հասանք Մարտունու շրջանի Մսմնա գյուղ։ Մեզ լավ ընդունեցին, տեղավորեցին տներում։ Հետո տղամարդիկ ևս եկան, որոնք իջել էին դիրքերից․ մերոնք չկային։ Նույն գիշերը մեր համայնքի ղեկավարը ավտոբուսներ ուղարկեց ու մենք տեղափոխվեցինք Ստեփանակերտ։ Եղբայրներիցս արդեն լուր կար, բայց հորիցս՝ ոչ։ Իրարամերժ լուրեր էին հասնում, խոսում էին, որ զոհեր կան։ Սիրտս զգում էր, որ հայրիկիս հետ բան է պատահել, այլապես նա մեզ մենակ չէր թողնի Ստեփանակերտում․․․

Օրեր հետո եկավ գույժը։ Անդրեյ Իսրայելյանը զոհվել է հորեղբոր տղայի՝ Արտակի հետ միասին։ Խաչմաչցի ականատեսները պատմում են, որ տեսել են՝ ինչպես է Անդրեյի մեքենան, որի մեջ վիրավոր եղբայրն էր, սլանում դեպի Ստեփանակերտ։ Ճանապարհին նա կանգ է առնում, տեսնելով համագյուղացու մեքենան կանգնած, մտածելով, որ հավանաբար օգնության կարիք կա։ Մեքենայի մեջ տեսնում է սպանված համագյուղացուն, և այդ պահին տարբեր տեղերից դուրս է գալիս ադրբեջանցիների մի խումբ, շրջապատում մեքենան ու կրակ բացում․․․ Եթե Անդրեյը չկանգներ, գուցե կանխվեր Իսրայելյան եղբայրների մահը․․․Սակայն նա չէր կարող ճանապարհին թողնել իր համագյուղացուն։ Սարուշենցիներն այդպես չէին կարող վարվել․․․

Տղաների աճյունները հայտնաբերվեցին օրեր հետո՝ Արցախի Մարտունի քաղաքում։ Տեղափոխվեցին Ստեփանակերտ, ապա՝ Երևան։ Անդրեյը համագյուղացի տղաների հետ վերջին հանգրվանն է գտել Երևանի Եռաբլուր պանթեոնում։

 Երբ Նարեին հարցրի, թե ի՞նչ կցանկանար ասել իր հայրիկին, նա երկար լռեց, հետո հայացքն ուղղելով դեպի երկինք, ասաց

-Արդեն մի տարի է անցել, բայց ես դեռ այնտեղ եմ՝ դպրոցի բակում, որտեղ քեզ գրկեցի, չմտածելով, որ դա մեր վերջին գրկախառնությունն է։ Դու ժպտացիր ինձ քո բարի աչքերով։ Ես էլ քեզ ժպտացի․․․ Ինձ համար ամենահարազատ ու ջերմ վայրը իմ հայրական օջախն էր, իսկ հիմա՝ աստղազարդ երկինքը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 14-ի կեսօրից հետո, 15-ի գիշերը, 16-ին, 18-19-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 17-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am -ին հաղորդում են, որ Երևան քաղաքում` սեպտեմբերի 14-ի, 16-ի և 19-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը, 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 15-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +26+28։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +18+23,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+20,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +23+25,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ 13+20,

Լոռի՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+22,

Տավուշ՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +21+24,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+20,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +23+27,

Արարատ՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +27+29,

Արմավիր՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +27+29,

Վայոց ձորի լեռները՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+21,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +27+29,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +23+26,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +19+21:

Էթնիկ զտումներ և ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղում. ապացույցներ

Ղարաբաղցիների վկայությունները էթնիկ զտումների, շրջափակման և ռուս խաղաղապահների մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան 2024 թվականի հունվարի 12-ի ճեպազրույցի ժամանակ ասել է.

«Ոչ ոք իրավունք չունի վիրավորելու ռուս խաղաղապահներին, իսկ Ռուսաստանի Դաշնության հասցեին հնչող մեղադրանքները միայն խնդիրներ են առաջացնում հայ-ռուսական հարաբերություններում և հայկական  կողմից փաստերը շահարկելու փորձ են՝ իրենց պատասխանատվությունից ազատելու համար”։  Լեռնային Ղարաբաղում (հայկական անվանումը՝ Արցախ) էթնիկ զտումների մասին պնդումների վերաբերյալ Զախարովան առաջարկել է ներկայացնել որոշ փաստեր, ինչպես նաև միջազգային փաստաթուղթ, որը հաստատում է, որ տեղի է ունեցել էթնիկ զտումներ» (http://russia-artsakh.ru/node/17600)

Փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում 2024 թվականի փետրվարի 10-ին ասել է.

«Այժմ Ղարաբաղը ինտեգրվում է Ադրբեջանի իրավական դաշտին։ Ցավոք, ղարաբաղցի հայերի մեծ մասը լքել է տարածաշրջանը։ Դա նրանց դժվար, բայց կամավոր ընտրությունն էր» (https://tass.ru/interviews/19946235):

Վիտյա Յարամիշյան Շոշ գյուղից. «Ասում են՝ ինքնակամ լքել ենք տները, սա բացահայտ սուտ է».

Վերջին տարհանումն իմ կյանքի ամենադժվար շրջանն էր։ Երբեմն թվում է, թե սա վերջն է: Ես լավատես եմ և հավատում եմ, որ մենք կարող ենք ինչ-որ կերպ վերադարձնել Արցախը, բայց այն զորքերը, որոնք կոչվում են խաղաղապահ, պետք է կոչվեն տեղահանության զորքեր, քանի որ հենց նրանք եկան մեր գյուղ, միացրին բարձրախոսները և սկսեցին կոչ անել, որ մարդիկ լքեն իրենց գյուղը եւ տները։ Ըստ երևույթին, նրանք մեզ լավություն են արել…

Ասում են՝ մենք ինքնակամ լքել ենք մեր տները, սա բացահայտ սուտ է։ Ադրբեջանցիները գնդակոծել են գյուղերը, եղել են տանը մնացած մարդկանց սպանության դեպքեր։ Համալսարանում էի, երբ մարտակերտցիները եկան այնտեղ պատսպարվելու։ Ընկերներ ունեմ, ովքեր չեն հասցրել գոնե նշանադրության մատանին վերցնել կամ տնից գումար հանել։

Քանի՞ հոգի է մահացել սրտի կաթվածից ճանապարհին. սա տեղահանություն է, ժողովրդի միտումնավոր ոչնչացում։ Մենք թողել ենք մեր ունեցվածքը, մանկությունը, գերեզմանները, ծառերը, որ աճեցրել ենք, մեր ամբողջ կյանքը…

(https://step1.am/ru/2024/04/09/12277/)

Արցախի Մարտակերտի շրջանի Մագավուզ համայնքի ղեկավար Հրանտ Շիրինյանը.

«Երբ սկսվեց 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմը, չնայած սննդի և վառելիքի բացակայությանը, մենք բոլորս առաջնագծում էինք։ Կարծում եմ, եթե ռուս խաղաղապահները 2020 թվականի նոյեմբերից կատարեին իրենց պարտավորությունները, մենք չէինք կորցնի Արցախը։ Չէ՞ որ իրենց դիրքերում մեր զինվորականները կռվել են, պաշտպանել հողը, տունը, հարազատներին ու զոհվել։ Մեզ ուղղակի աջակցություն էր պետք»:

(https://step1.am/ru/2024/04/01/11873/)

Ղարաբաղցիների ողբերգությունը. Երեխաներին արգելեցի երկրորդ կտոր հացը, իսկ հետո վրդովմունքից արտասվեցի,-ասում է Գայանե Գևորկյանը։

Մենք լավ չէինք պատկերացնում խաղաղության գինը: Քառօրյա պատերազմի ժամանակ վստահություն կար, որ հարցը կլուծվի։ 44-օրյա պատերազմն իսկական մղձավանջ էր. ամուսնուս եղբայրը մահացավ, ընկերուհուս ամուսինը նույնպես։ Պատերազմից հետո մենք գիտակցաբար որոշեցինք վերադառնալ Արցախ։ Եթե ​​այն ժամանակ չվերադառնայի իմ երկիր, ամբողջ կյանքում ինքս ինձ կմեղադրեի։

Շրջափակման առաջին ամիսներին մենք դեռ որոշ պաշարներ ունեինք մեր տանը։ Մարտի կեսերին մենք բախվեցինք շատ լուրջ խնդիրների, զրկվեցինք ամեն ինչից և տեղից շարժվելու հնարավորություն չունեինք։ Իսկական սով էր։ Որպես մայր՝ ես տանջվել եմ և թույլ չեմ տվել, որ երեխաս շատ ուտի։ Ես արգելեցի երկրորդ կտոր հացը, իսկ հետո թաքուն լաց եղա։ Բայց այլ ելք չկար՝ մենք ապրում էինք այսպիսի պայմաններում, գիտակցելով, որ զրկանքը նպատակ ունի։ Մենք դա արել ենք մեր երկրում ապրելու համար։ Ես շատ տպավորված էի, որ մարդիկ շատ էին օգնում միմյանց: Մի օր լսեցի, որ քաղաքում խնձոր են տալիս։ Աշխատանքից տուն գնալու ճանապարհին ես շտապեցի խանութ, բայց հասա այնտեղ, երբ ամեն ինչ արդեն ավարտված էր: Վաճառողն ինձ տվեց 3 խնձոր։ Սրանք այն 3 խնձոր էին, որոնք հեքիաթի վերջում ընկան երկնքից…

2023 թվականի սեպտեմբերի 19-ին ես խուճապի մեջ էի, քանի որ աղջիկս դպրոց էր գնում, տղաս դպրոցում էր, իսկ կրտսեր տղաս տանը մենակ էր։ ԿԳՆ-ն հորդորել է խուճապի չմատնվել և երեխաներին դպրոց չթողնել. Մի կերպ պատրաստվեցինք ու հասանք նկուղ։ Ցավոք սրտի, մեր տան մոտ ռումբ պայթեց, և ես վիրավորվեցի ձեռքից։ 10 րոպե առաջ երեխաներս նստած էին այնտեղ, որտեղ ռումբն ընկավ։ Ես փոխեցի դիրքս և պաշտպանեցի նրանց իմ մարմնով։

(https://step1.am/ru/2024/05/25/14371/)

Արցախի Պաշտպանության բանակը և զինված ուժերը մինչև վերջին պահը դիրքերում էին

Տեսանյութի հղումը՝ https://t.me/antituran/23736

«Հակառակորդը չկարողացավ առաջ գնալ Մարտունու շրջանում, ինչպես դա արվեց Արցախի մյուս շրջաններում։ Մարդուժի մեծ կորուստներ է կրել։ Պատերազմը մեկ օր է տեւել, եւ այս ամբողջ ընթացքում կատաղի մարտեր են եղել, մեր հրետանին աշխատել է մինչեւ վերջին պահը»։

Մարտունու թաղամասի բնակիչ Մաքսիմ Բ.-ն պատմում է.

«Ադրբեջանցի զինվորականների մի մեծ խումբ Մաճկալաշենի գոտում դարանակալման է հանդիպել, փախչելով, շարժվել են մյուս ուղղությամբ և կրկին հանդիպել մեր մարտական ​​դիրքերին Ճարտարի մոտ։ Ճակատամարտ է սկսվել։ Իսկ երբ սեպտեմբերի 20-ի կեսօրին պատերազմը դադարեցվեց, անմիջապես եկան թշնամու մեծ բեռնատարները և սկսեցին հավաքել իրենց զոհված զինվորներին։ Միայն Ճարտարի ուղղությամբ մեր տղաները մոտ 500 սպանված են հաշվել։ Հակառակորդը մեծ կորուստներ է կրել նաև Մարտունու մոտ տեղի ունեցած մարտերում»։

Մարտունու բնակիչներից մեկը նշել է, որ կապը շատ վատ է եղել, ուստի մենք չգիտեինք, թե ինչ է կատարվում։ «Տղաները միայն հասկացան, որ պատերազմ է, և իրենք պետք է պաշտպանեն իրենց հողը։ Ուստի, երբ մեր իշխանության մարդիկ ռուս և ադրբեջանցի սպաների հետ սկսեցին շրջել դիրքերում և ասել, որ պատերազմն ավարտվել է, Արցախի ՊԲ-ն պետք է վայր դնի զենքերը, տղաները դժվարանում էին հավատալ դրան»։

(https://step1.am/ru/2024/04/27/13082/)

Արցախից բռնի տեղահանված Հարությունյանների ընտանիքում երեք անդամ մահացել են սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Բահրամի որդին՝ քսանամյա Գոռը, ով ընդամենը մի քանի ամիս առաջ էր զորակոչվել բանակ, դարձավ մեկօրյա պատերազմի մասնակից։ Նա նոր է վերադարձել տուն ու անմիջապես, ինչպես բոլորը, սկսել է բենզին փնտրել՝ ընտանիքին Արցախից հանելու համար։ Վառելիքի պահեստում էին նաև Բահրամի եղբայրը՝ Վահրամը, և Բահրամի կնոջ եղբայրը՝ Մանվելը։ Հիսուն օր բժիշկները պայքարում էին Գոռի կյանքի համար, բայց ավաղ, չկարողացան փրկել նրան։ Բահրամի կնոջ ևս մեկ եղբայր զոհվել է արցախյան դիրքերից մեկում մարտական ​​հերթապահության ժամանակ 2015թ.։

Բահրամի եղբայրը՝ Վահրամը, իր համար բենզին ձեռք բերելով, որոշել է օգնել երկու բոլորովին անծանոթ տարեցների։ Մեկին հաջողվել է օգնել, իսկ երբ գնացել է երկրորդի հետեւից, պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունի հետեւանքով Գոռն ու Մանվելը հայտնվել են փոսում, իսկ Վահրամը՝ վերեւում։ Գոռն ասաց, որ ինչ-որ անհասկանալի բան է տեղի ունեցել՝ միաժամանակ պայթյուն, անձրեւ, ամպրոպ, կայծակ…

Վահրամը զանգահարեց և ասաց, որ ինքը և Մանվելը թեթեւ վնասվածքներ են ստացել, իսկ Գոռը ծանր վիճակում է։ Բայց նրանք չէին էլ կարող պատկերացնել, թե որքան ուժգին են այրվել։ Սեպտեմբերի 26-ին Բահրամի եղբայրը մահացել է գիշերը։ Մեկ շաբաթ անց մահացավ կնոջ եղբայրը՝ Մանվելը։

Գոռը շատ ծանր վիճակում էր, բայց կարծես թե ենթակա էր բուժման։ Մարմնի վերքերը արագ ապաքինվեցին։ Նրանք մնացին միայն մեջքի վրա։ Նա լավ էր ուտում, խոսում էր։ Եվ թվում էր, թե սարսափելին հետևում, Գորը ապաքինվում էր։ Բայց ավաղ, հույսը չարդարացավ, վերքերը շատ խորն էին, արյունը վարակված էր, իսկ մահից մոտ տասը օր առաջ նա դադարեց խոսել։ Պայթյունից 50 օր անց Գորը կյանքից հեռացավ՝ թողնելով անկատար երազանքներ։

(https://step1.am/ru/2024/04/29/13144/)

«Ղարաբաղ, ապրիր խաղաղության մեջ». ինչու են ռուսները 3 տարի փակի տակ պահել Արցախը

«Ի՞նչ հինգ տարի, ռուսները այստեղից չեն գնա, մի քիչ էլ սպասեք, Ուկրաինայի հետ կապված հարցերը կլուծեն», «Լսե՞լ եք, որ գեներալ Մուրադովը ադրբեջանական զրահափոխադրիչը բուլդոզերով նետեց Շուշիի կիրճը»։ – Սրանք լուրեր են, որ շրջանառվում էին Արցախում։

Բայց մենք չենք սպասի հինգ տարի և կփորձենք հիշել, թե ինչ է տեղի ունեցել երեք տարում։ Փարուխ, Քարագլուխ, ոստիկանների սպանություններ, Կիչան, Ջանյաթաղ, Դրոմբոն, Խրամորթ, գյուղացիների մահապատիժներ և արցախյան անիմաստ հայտարարություններ, թե դեպքի մասին հայտնել են ռուսական զորքերին (իբր ռուսները այնտեղ չեն), երիտասարդների առևանգում Հակարի կամրջի վրա, Եվրատեսիլից վերադարձող երեխաներ, հղիների հերթ Ուրալի դիմաց (օգնության բաժանում, հեռախոսով լուսանկարում), «մեզ իսկական խաղաղապահներ են պետք», պաստառներ օդանավակայանում, ուղղաթիռներով բերված սննդի և ծխախոտի վաճառում նորվեգական գներով, Պուտինի նկարը Մազի կամուրջում, շրջափակում, դատարկ սուպերմարկետներ, միայն ալկոհոլ և միայն ռուս հաճախորդներ և այլն, հավանաբար ավելին կհիշեք։

Ինչ-որ կերպ հայտնի դարձավ, որ Ամարասի վանական համալիր կարելի է այցելել ռուս խաղաղապահների հովանու ներքո, թեև այն գտնվում էր հայերի հսկողության տակ։ Հավատացյալներն Ամարաս էին եկել ուխտագնացության, իսկ ընթացքը լուսաբանելու էր եկել ՌԴ խաղաղապահ զորամասի մամուլի ծառայությունը։ Լուսանկարիչը երկու խաղաղապահների հանձնարարում է կանգնել եկեղեցու դռան մոտ, գլխաշորով կանանցից մեկին խնդրում է մտնել եկեղեցի, խաչակնքվել, հետո ասում, որ չի ստացվել, և ինքը պետք է նորից նույնը անի։ Զինվորները հազիվ են զսպում իրենց։ Ի պատասխան ծիծաղի՝ լուսանկարիչը հանդիմանում է լուսանկարը փչացնելու համար։

Վերջին անգամ ռուս խաղաղապահներին տեսել եմ Հակարի կամրջի վրա 2023 թվականի սեպտեմբերի 25-ին։ Մեզ ասացին, որ նախքան ադրբեջանական անցակետ հասնելը մենք նախ կանցնենք ռուսական անցակետում։ Արդեն գիշեր էր, երբ հասանք ռուսական անցակետ, որտեղ ռուս խաղաղապահները կանգնած էին ճանապարհին և «կարգավորում» Արցախից եկող բեռնատարների, տրակտորների և բոլոր տեսակի մեքենաների հոսքը։ Այս անգամ էլ արցախահայությանը «ուղարկեցին» Կոռնիձոր։

Գուցե ինչ-որ մեկն ասի, որ ես միայն վատն եմ տեսել։ Բայց, օրինակ, ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ Եվգենի Նիկիֆորովը կարծում է, որ իրենք պատվով են կատարել իրենց առաջադրանքը։

(https://step1.am/ru/2024/05/18/14078/)

Կարմիր գյուխայեցի Գեղամ Մանվելյանը՝ սեպտեմբերի 19-ի էթնիկական զտումների մասին.

– Հիմա շատ է խոսվում արցախցիների Արցախ վերադարձի մասին, ի՞նչ կարծիքի եք այս մասին։

Ես համաձայն եմ վերադառնալ, բայց մի պայմանով, որ նախ որոշվի Արցախի սահմանը, իսկ թուրքերը լինեն սահմանից այն կողմ՝ փշալարերի հետեւում։ Մեր դիրքերն ու զինված ուժերը նույնպես պետք է վերականգնվեն։ Սրանից հետո կարող են գալ միջազգային խաղաղապահներ, բայց նախ մեր զինված ուժերը պետք է այնտեղ լինեն, սահման սահմանվի։ Եվ ես համաձայն չեմ վերադառնալ 2020 թվականի պայմաններով, առավել եւս ապրել Ադրբեջանի իշխանության ներքո։

— Իսկ ռուս խաղաղապահների երաշխիքո՞վ։

Մենք արդեն տեսել ենք, թե ինչ են արել ռուսները, նրանց չեմ հավատում։ 2020 թվականին ես հավատացի և վարկ վերցրեցի տուն կառուցելու համար։ Ես վստահ էի, որ մենք ապահով կլինենք մինչև 2025 թվականը։ Իսկ որտե՞ղ եմ ես հիմա:

(https://step1.am/ru/2024/02/28/10535/)

Նյութը պատրաստեց Ալեքսանդր ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

russia-artsakh.ru

Հայաստանին ու Ուկրաինային կապում են իսրայելա-իրանական դիմակայության պոչին

Մի փոքր անհարմար ստացվեց իրանական բալիստիկ հրթիռների հետ կապված, որոնք, իբր, մատակարարվել են Ռուսաստանին, և որոնց համար արդեն պատժամիջոցներ են սահմանվում, թեև ոչ ոք չի ապացուցել, որ այդ հրթիռները կան։

Հիշեցնենք, որ հենց իրանական կառույցներն ու պաշտոնյաները կոչ արեցին Ռուսաստանին (ոչ թե Բաքվին, Անկարային կամ Վաշինգտոնին, այլ Մոսկվային) չփորձել բռնությամբ զավթել հայ-իրանական սահմանը և բացել անօրինական «Զանգեզուրի միջանցքը», տեղեկություններ հայտնվեցին համաշխարհային լրատվամիջոցներում, որոնք վերահսկվում են հիմնականում իսրայելամետ հոլդինգների կողմից, թե Իրանը իբր Մոսկվային մատակարարել է “հազարավոր” բալիստիկ հրթիռներ, որոնք պատրաստվում են թափվել ուկրաինացիների գլխին։

Իրանը բազմիցս բարձր մակարդակով հերքել է այդ տեղեկատվությունը, ոչ ոք այդ առաքումների ապացույցներ այդպես էլ չի ներկայացնել, “հազարավորները” վերածվել են “հարյուրների”, հետո “տասնյակների”, բայց Ուկրաինայում, ապա ԱՄՆ-ում և Եվրոպայում դեռ խոսում են պատժամիջոցների մասին, “եթե առաքումների փաստը հաստատվի”։

Միևնույն ժամանակ, ուկրաինական կառավարությունն ու լրատվամիջոցները համառորեն «շահիդներ» են անվանում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ուղղությամբ թողարկված բոլոր անօդաչու սարքերը, թեև ընդունում են, որ իրականում դրանք ռուսական «գեռաններ» են։ Ավելին, Մոսկվան հատուկ չի հերքում իր հրթիռների իրանական ծագումը, ընդհակառակը, ամեն ինչ անում է Իրանին «փչացնելու» համար։ Եվ խոսքն այն մասին չէ, թե Իրանը հրթիռներ չի մատակարարում Ռուսաստանին, այլ այն, որ ստեղծվում է բաժանարար գիծ՝ մի կողմից Իրանն ու Ռուսաստանը, մյուս կողմից՝ Արևմուտքն ու Ուկրաինան։

Հատկանշական է, որ Իրանը, կոչ անելով Մոսկվային կանխել սահմանների ուժային փոփոխությունները Հարավային Կովկասում և հայ-իրանական սահմանը անվանելով հազարամյա, պնդում է, որ Մոսկվայի գործողությունները պայմանավորված են «Իրանի եւ ԱՄՆ միջև կապի ուղիների ստեղծումը կանխելու մտադրությամբ»: Թեհրանը պարզ ասում է, որ Մոսկվան և նրա թուրք և իսրայելական դաշնակիցները պատրաստ են զոհաբերել Հայաստանը՝ տարածաշրջանում Իրան-ԱՄՆ առանցքի ստեղծումը կանխելու համար։ Այս երկրները քաջ գիտակցում են, որ նման առանցքը կարող է կասկածի տակ դնել մի քանի «տերությունների» գոյությունը։

Նման իրավիճակում Հայաստանի իշխանությունը պետք է առաջարկի դառնալ Իրանի և ԱՄՆ-ի «հաղորդակցման ուղիների» հարթակ, քանի որ դա միակ ճանապարհն է դիմակայելու Հայաստանը վերացնելու և Իրանը մասնատելու ծրագիր իրականացնող ուժերին։ Բայց առայժմ Հայաստանի իշխանությունը մյուս կողմում է։

Այդ ուժերը համառորեն ցանկանում են Հայաստանն ու Ուկրաինան կապել իրանա-իսրայելական դիմակայության պոչին։ Պաշտոնական Կիևը աջակցում է այս տեղեկատվական արշավին. օրինակ, հիմա Ուկրաինայում ասում են, որ Իրանը հրթիռային մատակարարումների դիմաց կարող է Ռուսաստանից պահանջել հարվածել Ուկրաինայի ավանդական հրեական բնակավայրերին։

Այլասերվածությունը սահմաններ չի ճանաչում, ինչպես, օրինակ, այն, որ միջազգային իրավական պրակտիկայում հակասեմիտիզմը տարանջատված է ընդհանուր այլատյացությունից, իբր հրեաների և այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչների նկատմամբ խտրականությունը՝ տարբեր հանցագործություններ են։ Հոլոքոստը նույնպես «տարբեր» ցեղասպանություն է, առանձնահատուկ:

Հայաստանը հայտնվել է հրեա-իսրայելական առճակատման հենց կենտրոնում և պատրաստվում է մեռնել դրա համար։ Ինչպես Ուկրաինան է մեռնում։

Նաիրա Հայրումյան

Սեպտեմբերի 15-16-ն այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանսիայի արտգործնախարարը

Սեպտեմբերի 15-16-ն այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն:  Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպումը, որին կհաջորդի Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի համատեղ մամուլի ասուլիսը:

Ո՞ւմ հետ խոսել. Օկամպոն կարևոր թեմա է բարձրացնում

Ավարտվեց «Մարդու իրավունքներ և պատասխանատվություն. ուղիներ դեպի հետկոնֆլիկտային արդարադատություն» միջազգային գիտաժողովի երրորդ և վերջին օրը, որը կազմակերպել էր «Ճշմարտության և արդարության կենտրոն» (CFTJ) իրավաբանական կազմակերպությունը։

Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության խոսնակ Ջոել Վելդկամպն իր ելույթում նշել է, որ ՄԱԿ-ում ելույթների ժամանակ իրենց նախապես զգուշացնում են չասել «Արցախ» բառը։ Բայց նրանց ելույթներում առաջին խոսքը միշտ Արցախն է, ոչ թե Լեռնային Ղարաբաղը։ Սա, ըստ բանախոսի, հուշում է, որ արցախցիներին պետք է ավելի շատ տանել ՄԱԿ և այլ միջազգային կառույցներ, որպեսզի այնտեղ խոսքեր չհնչեն, այլ տեսանելի լինեն ցեղասպանությունից ու տեղահանությունից փրկված մարդիկ։

Ավելին, նա նշվել է, որ անհրաժեշտ է միջազգային իշխանություններին ներկայացնել ոչ միայն անցած 3 տարիների իրադարձությունները, այլև 1988-ին նախորդող խորհրդային տարիներին Ադրբեջանի քաղաքականության հայատյացության և ռասիզմի փաստերը, երբ արցախահայությունը ստիպել է ոտքի կանգնել ազգային-ազատագրական պայքարի։

Օրվա մեկ այլ թեմա էր լրատվամիջոցների դերը արցախյան պատերազմների ու շրջափակման լուսաբանման գործում։ Justicelinfo.net Hirondelle-ի (Շվեյցարիա), Jin Agency-ի (Ֆրանսիա), The BluntPost-ի (ԱՄՆ) և հայկական «Հետք»-ի ներկայացուցիչները խոսել են պատերազմը լուսաբանող լրագրողների առաջ ծառացած խնդիրների մասին։

Ընդգծվեց, որ համաշխարհային ԶԼՄ-ները շատ քիչ են լուսաբանել Արցախի համար տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, և դրա մեջ հավասարապես մեղավոր են ինչպես լրատվամիջոցները, այնպես էլ հայկական կողմը, որը չի կարևորել և շարունակում է չկարևորել տեղեկատվությունը Արցախի մասին ժամանակակից աշխարհում։

Եթե ​​հայկական կողմը խոսում էր պատերազմի լուսաբանման դժվարությունների մասին, երբ պատերազմի մեջ են գտնվում լրագրողների հարազատները, ապա արտասահմանցի լրագրողներն ընդգծեցին, որ լրագրողի գործը սառնասրտորեն լուսաբանելն է նույնիսկ ամենաարյունալի ու սարսափելի դեպքերը։

The BluntPost-ի ներկայացուցիչն ընդգծեց, որ հայկական կողմը որդեգրել է շատ թույլ դիրք և աշխատում է պոստֆակտում ռեժիմով, մինչդեռ հայ լրագրողները հնարավորություն և իրավունք ունեն աշխատելու «հարձակողական», պահանջատեր ռեժիմով։ Նա վստահ է, որ հայկական կողմի և, մասնավորապես, լրատվամիջոցների նման դիրքորոշումը կարող է ստիպել Ադրբեջանի պաշտոնյաներին պատասխանատվություն զգալ իրենց խոսքերի և արարքների համար։ Ի վերջո, հենց լրատվամիջոցներն են ինչ-որ առումով արխիվ հանդիսանում, որը հիմք է դառնալու ապագայում Միջազգային քրեական դատարան դիմելու հայցերի համար:

Համաժողովի ընթացքում հարց բարձրացվեց, թե ինչպես կարելի է COP-29 միջազգային համաժողովը օգտագործել՝ ամբողջ աշխարհին ցույց տալու Ալիևի ահաբեկչական, ռասիստական, բռնապետական ​​ռեժիմը։
Փարիզի փոխքաղաքապետը, մասնակցելով պանելային քննարկմանը, հայտարարել է, որ COP-29-ի անցկացումը մի երկրում, որը կազմակերպել է հայերի ցեղասպանությունն Արցախում, անընդունելի է։

ԱՄՆ իշխանությունների դեմ քննադատական ​​հոդվածներով հայտնի Մայքլ Ռուբինը նշել է, որ Ադրբեջանում COP-29-ի կազմակերպումն ու անցկացումը համաշխարհային քաղաքականության ձախողումն է։

Սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ ևս մեկ կարևոր իրադարձություն. Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հանդիպեց հայ հասարակության ներկայացուցչի հետ։ Հանդիպման ընթացքում արծարծվել են ռազմագերիների խնդիրները, որոնց Ադրբեջանը 4 տարի ապօրինի պահում է 2020 թվականի պատերազմից ի վեր։

Օկամպոն ներկայացրել է արցախյան խնդրի, այսպես ասած, «դրսից» տեսլականը և ընդգծել, որ միջազգային կառույցներում Արցախը դիտարկվում է որպես Ադրբեջանի մաս, քանի որ Հայաստանը երբեք չի հայտարարել, որ Արցախը պատկանում է Հայաստանին։ Սա շտկելը, ըստ Օկամպոյի, շատ դժվար կլինի, բայց անհավանական ջանքերով դրան կարելի է հասնել:

Դատախազ Օկամպոն ևս մեկ անգամ հաստատեց. «Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել Արցախում երկու բաղադրիչի միջոցով՝ Լաչինի միջանցքի շրջափակում և հայերի բռնի տեղահանում իրենց պատմական հողերից։

Թեժ քննարկումների ժամանակ Օկամպոն ընդգծել է, որ Արցախի ժողովուրդը պետք է հստակ ծրագիր ունենա իր իրավունքների համար պայքարելու համար։ Ավելին, նա կցանկանար իմանալ, թե ում հետ կարող է աշխատել՝ նրանք կլինեն Արցախի իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, թե՞ բոլոր արցախցիների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպություն։

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են մի քանի տարբերակներ, սակայն ընտրությունը, ամենայն հավանականությամբ, կկատարի ինքը՝ դատախազը։

Բայց Օկամպոյի հիմնական գաղափարը, որի մասին արցախցիները խոսում էին արդեն 4 տարի, երբ գրավվել են Հադրութը, Շուշին, Քարվաճառն ու Քաշաթաղը, հետևյալն էր.

«2024 թվականին հայերը պետք է հասկանան՝ 2023 թվականին Արցախում տեղի ունեցածը ցեղասպանություն է և կարող է շարունակվել հենց Հայաստանի տարածքում։ Արթնացե՛ք, սա շարունակվող ցեղասպանություն է, որը պետք է դադարեցվի»,- մամուլի ասուլիսում ասաց Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։

Մարգարիտա Քարամյան