Ջերմուկը փորձում է վերադարձնել խաղաղ ժամանակները

Երկու տարի առաջ՝ սեպտեմբերի 13-16-ին, ադրբեջանական կողմը հերթական ագրեսիան ձեռնարկեց Հայաստանի դեմ։ Մի քանի օր շարունակ հրետանային գնդակոծության են ենթարկվել Ջերմուկ հանգստավայրը և Հայաստանի ավելի քան 30 այլ բնակավայրեր։

Տարհանումն իրականացվել է շարունակական հրետակոծության ներքո։

Հայաստանում դիվանագիտական ​​առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այցելել են Ջերմուկ, արձանագրել ռազմական ագրեսիայի հետևանքները, տարբեր փաստաթղթերում դատապարտել Ադրբեջանի գործողությունները։ Չի արձագանքել միայն Ռուսաստանը, իսկ ՀԱՊԿ-ն անգամ հայտարարությունների մակարդակով հրաժարվեց օգնել Հայաստանին։

Այս ագրեսիայի արդյունքում Բերձորի միջանցքին այլընտրանք համարվող ճանապարհը վերցվել է հսկողության տակ։ Որից բխում էր, որ Արցախի շրջափակման եւ վերջնական գրավման պլանն մտել էր ակտիվ փուլ։

Վերջին երկու տարիների ընթացքում Ջերմուկում խաղաղ կյանքը չի խախտվել. քաղաքի տեսարժան վայրերը գրավում են զբոսաշրջիկներին։ Թեեւ տուրիստական ​​գործակալությունները խոստովանում են, որ նախկինի պես շատ զբոսաշրջիկներ չկան, սակայն այս տարի նրանց թիվը զգալիորեն ավելացել է։

Ջերմուկցիներից մեկը Step1.am-ի հետ զրույցում ասաց, որ ամեն անգամ, երբ լրագրողները կենտրոնանում են 2022 թվականի իրադարձությունների վրա, նրանք վանում են զբոսաշրջիկներին, մինչդեռ Ջերմուկում կյանքը վերականգնված է, ենթակառուցվածքները լիովին գործում են և պատրաստ են ընդունել զբոսաշրջիկներին։

Ալվարդ Գրիգորյան

 

Զբոսաշրջային Ջերմուկ

Լուսանկարը՝ Վիկտորյա Գրիգորյանի

Արթնացեք, սա դեռ տեղի ունեցող ցեղասպանություն է, որը պետք է դադարեցնել. Օկամպո

«2024 թվականին հայերը պետք է հասկանան, որ 2023 թվականին Արցախում տեղի ունեցածը ցեղասպանություն էր եւ կարող է շարունակվել հենց Հայաստանի տարածքում։ Արթնացեք, սա դեռ տեղի ունեցող ցեղասպանություն է, որը պետք է դադարեցնել»,- այսօր Երեւանում հրավիրած ասուլիսում ասաց Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։

«Հայերը ցեղասպանություն ասելով՝ հասկանում են 1915 թվականի դեպքերը, բայց պարտադիր չէ, որ սպանվեն, որպեսզի դա կոչվի ցեղասպանություն։ Կարող են առաջացնել այնպիսի պայմաններ, որոնք նպաստում են ոչնչացմանը, տեղահանումը այդ թվում է։ Լաչինի միջանցքի շրջափակումը չմոռանանք, դա կոնկրետ առաջացնում էր այդ պայմանը՝ ապահովելու ցեղասպանության կատարման պայմանը։ Այն փաստը, որ բոլոր հայերը Լեռնային Ղարաբաղից գնացել են, շատ հստակ ցույց է տալիս այն լուրջ վնասը, որը հասցվել է։ Այսինքն՝ պարտադիր չէ, որ սպանվեին, որ դա ցեղասպանություն կոչվեր, ակնհայտ էր, որ մարդիկ փախչում էին՝ իրենց կյանքը փրկելով։ Ակնհայտ էր, որ կսպանվեին, եթե չփախչեին»,-ասել է նա։

Նա նշեց՝ շատ կարեւոր է, որ հայերը հասկանան այս ամենը, որովհետեւ դա հավաքական հիշողություն է․ «Դուք ձեր պատերազմները վարեք երկու անգամ՝ մարտի դաշտում, հետո հիշողության մեջ։ Ցեղասպանությունը պատերազմ է բանակի ու մարդկանց միջեւ, հետեւաբար, այն անարդար պատերազմ է, անհավասար պայմաններով։ 1915 թվականին հայերն անցել են այդ տառապանքով, սպանվել են ցեղասպանության ընթացքում, բայց բավարար տոկունություն են ունեցել՝ վերականգնվելու եւ ցույց տալու, որ դա ցեղասպանություն է եղել»։

Օկամպոն նաեւ ասաց, որ դատավոր Կասիա Աբգարեանը Հաագահի միջազգային դատարանում փաստերով ներկայացրել է, թե ինչպես է այս պահին Հայաստանում տեղի ունենում ցեղասպանություն։ «Հայաստանի որոշ գյուղեր ոչնչացման եզրին կանգնած՝ ենթարկվել են նույն ցեղասպանության։ Ես չգիտեմ՝ թե երբ է այդ հայցի քննությունը սկսվելու, բայց Ալիեւը գիտի, որ հարձակվելով այս ուղղությամբ, արդեն կարող է մեղադրանքի արժանանալ»։

 

Ադրբեջանի դաժանություններից տուժած 4 անձինք կմեկնեն ԱՄՆ՝ հանդիպելու կոնգրեսականներին

Ադրբեջանի դաժանությունների հետեւանքով տուժած 4 անձինք կմեկնեն ԱՄՆ՝ Վաշինգտոն՝ հանդիպելու կոնգրեսականներին։ Այս մասին այսօր Երեւանում հրավիրած ասուլիսում ասաց Կալիֆորնիայի Առաջին ատյանի դատարանի դատավոր, Ճշմարտության և Արդարադատության Կենտրոնի համահիմնադիր Կասիա Աբգարեանը։ Նա նշեց, որ տուժածներից երեքը Արցախից են, մեկը՝ Հայաստանից։

«Մենք միշտ ասել ենք, որ տուժածների ձայները պետք է լսելի դարձնենք։ Եվ, ահա, առաջին անգամ ադրբեջանցիների դաժանությունների 4 զոհեր տեղափոխվում են Վաշինգտոն։ Սա պատմական պահ է, սեպտեմբերի 19-ին՝ ուղիղ մեկ տարի անց այն օրվանից, երբ Ադրբեջանը սկսեց ռմբակոծել Արցախը, նրանք մասնակցելու են Կոնգրեսում կայանալիք լսումներին։ Մենք պետք է աշխատենք  այս մարդկանց ձայնը լսելի դարձնել»,- ասաց նա։

 

Այսօր ես առաջարկեցի լուծումը արցախցիների առաջնորդներին. Օկամպո

«Արցախի ժողովրդի նկատմամբ տեղի է ունեցել ցեսապանություն եւ բռնի տեղահանութուն։ Վերադառնալու իրավունքը հստակ է, թե ինչպես իրականացնենք դա, այլ հարց է։ Բայց կան նաեւ դրական կողմեր՝ Ադրբեջանի իշխանությունները Միջազգային քրեական դատարանում ճանաչել են արցախցիների վերադառնալու իրավունքը»,- այսօր հրավրած ասուլիսում ասաց Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ, միջազգային ճանաչում ունեցող իրավաբանական հարցերով փորձագետ Լուիս Մորենո Օկամպոն։

«Արցախի առաջնորդների հետ հանդիպման ընթացքում լսեցի, որ կեղծ է միջազգային իրավունքը, ուժ չունի, մեզ չի պաշտպանում։ Պատասխանս հետեւյալն է՝ այո, հիասթափեցնող է այս իրավիճակը, բայց չի կարելի ասել, որ միջազգային իրավունքը զրո է, ոչ մի բան չարժե։ Կախված է նրանից, թե մենք ոնց ենք դրանից օգտվում, ոնց ենք այն գործադրում։ Հայաստանը 1993 թվականի պատերազմը հաղթել էր, բայց չկարողացավ իրավական լուծումներ գտնել, որոնք անհրաժեշտ էին՝ պահպանելու համար այդ հաղթանակը, չիմացավ Լեռնային Ղարաբաղի հետ ինչ պետք է անի։ Եվ հիմա հետեւանքներն են, վճարում է իր սխալների դիմաց։ Բայց միջազգային իրավունքը կարեւոր է, Ադրբեջանը պարտավոր է հասկանալ եւ հարգել միջազգային իրավունքը, որովհետեւ հետեւանքներ կլինեն Ադրբեջանի համար»,- ասաց Օկամպոն։

Նրա խոսքով՝ ԼՂ բնակչությունն իրավունքներ ունի, պետք է իրացվեն դրանք։ «Այսօր ես առաջարկեցի լուծումը արցախցիների առաջնորդներին, եւ մենք հիմա կարող ենք պարզապես քննարկել, թե ոնց ենք պլանավորելու վերադարձը եւ ինչպես է Ադրբեջանը ճանաչելու ԼՂ բնակչության իրավունքները, թե ինչպես պետք է այդ իրավունքներն իրացվեն։ Բայց աշխատանքային պլան է պետք՝ արցախցիների կողմից մշակված։ Իրավունքը կա, եւ մենք համեմատաբար ավելի բարենպաստ պայմաններ ունենք՝ այն գործադրելու, կիրառելու։ Ես միշտ հիշում եմ՝ Նյուրնբերգյան դատախազներից մեկը 103 տարեկան էր, ամեն ինչ տեսել էր։ Եվ երբ հարցրեցինք՝ ի՞նչ անենք, երեք խորհուրդ տվեց՝ երբեք մի հանձնվեք, երբեք մի հանձնվեք, երբեք մի հանձնվեք։ Եվ հայերը, կարծում եմ, որ դա շատ լավ գիտեն։ Շատ լավ գիտեն, թե ինչ է տոկոնությունը, դիմակայությունը։ Երբ ես եկա այս երկիր, ինձ պատմում էին, թե ինչ դաժանություններ էին տեղի ունենում Արցախում ու Հայաստանում։ Այս պահին միջազգային հանրույթը ձեր կողմից է»,- հավելեց Օկամպոն։

Նրա խոսքով՝ ցեղասպանություն կատարածները պետք է հայտնվեն բանտերում։ «Հարյուրից ավելի անդամ երկիր կա Ցեղասպանության մասին կոնվեցիային միացած, եւ նրանք միտված են ցեղասպանության հանցագործությունը կանխելուն։ Կանխելը նաեւ նշանակում է ցեղասպանություն գործածներին ազատազրկել։ Եվ հուսով եմ, որ խաղաղության այս գործընթացն ավարտին կհասցվի, բայց դա այլ հարց է՝ ցեղասպանություն արդեն կատարվել է Լեռնային Ղարաբաղում, եւ դա պարզապես մի բան չէ, որ Հայաստանը պետք է պահանջի, 152 երկիր դա կպահանջի։ Հայաստանը միացել է՝ ՄՔԴ-ին եւ այժմ անդամ երկիր է, հանցագործություն է եղել, ՄՔԴ-ն այստեղ իրավազորություն ունի, արցախցիները պետք է համախմբվեն այս հարցի շուրջ, որ ապահովվի վերադարձը»,- նշեց նա։

Ըստ Օկամպոյի՝ հայկական սփյուռքը եւս մեծ ներուժ է եւ պետք է այս ուղղությամբ աշխատանք տանի․ «Դուք պետք է հստակ հիշեք՝ հայերը միայնակ չեն, եւ այսօր ցանկացած միջազգային քննարկման տիրույթում կարող ենք տեսնել պահաջատիրություն հայերի կողմից։ Հայերն իրապես կարողանում են համարդել այս կորովը եւ առաջ շարժվել։ Հայ ժողովուրդը, ոչ թե կառավարությունը, այլ ժողովուրդը, ամբողջ աշխարհի հայերին պետք է դիմի եւ խնդրի, պահանջի, որ Ադրբեջանից պահանջեն ազատ արձակել հայ պատանդներին»։

Ռոզա Հովհաննիսյան

Թրամփի պլանն Ուկրաինայի համար. դադարեցնել պատերազմը ներկայիս գծում և Կիևին չթողնել ՆԱՏՕ

Ջեյ Դի Վենսը, ով պետք է ստանձնի ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը, եթե Դոնալդ Թրամփը նոյեմբերին կայանալիք ընտրություններից հետո վերադառնա Սպիտակ տուն, բացահայտել է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու Հանրապետական ​​կուսակցության թեկնածուի որոշ մանրամասներ։

Շոն Ռայանի փոդքաստում, որը հասանելի է YouTube-ում, Վենսն ասել է, որ «Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ներկայիս սահմանազատման գիծը պետք է դառնա ապառազմականացված գոտի»։ Նրա խոսքով՝ այդ գոտին անհրաժեշտ է ուժեղացնել՝ թույլ չտալու համար Ռուսաստանի կողմից Ուկրաինա կրկնվող ներխուժումը։

Փոխնախագահի թեկնածուն նաև ասել է, որ Ուկրաինան մնում է ինքնիշխան և անկախ պետություն, և Կրեմլը կստանա Կիևի՝ Հյուսիսատլանտյան դաշինք չմտնելու երաշխիքներ։

Միաժամանակ Վանսը չի պատասխանել, թե ինչ է լինելու Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի տարածքների հետ։

2 տարի առաջ Ջերմուկում․ ո՞նց են խփում, ոնց որ թե քաղաքի մեջ են խփում

Երկու տարի առաջ այս օրը Հայաստանի արևելյան սահմանների նկատմամբ Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել, որի հետեւանքով ըստ պաշտոնական տվյալների հայկական կողմը 224 զոհ եւ 293 վիրավոր է ունեցել, ադրբեջանական կողմը` 79 զոհ եւ 282 վիրավոր:

Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Հայաստանի հանրապետության տասնյակ հեկտարներով  տարածք: Հայ-ադրբեջանական գործող շփման գծի երկայնքով Ադրբեջանը գրավել է ռազմավարական նշանակության բարձունքներ:

ՀՀ ՊՆ հաղուրդագրությունը

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: 

Այդ օրերին կատարվել են սարսափելի ռազմական հանցագործություններ, որոնց համար դեռ ոչո ոք Բաքվց պատասխան չի պահանջել։

Այն ժամանակ ռուս-թուրքական ոժերին չհաջողվեց բացել Ջերմուկ-Երասխ-Մարգարա եւ Ջերմուկ-Սիսիան-Նախիջեւան ճանապարհները։  Բայց Ջերմուկի օպերացիան Բերձորի միջանցքը փակելու եւ Արցախը օկուպացնելու նախերանգ դարձավ։

 

 

Ջերմաստիճանի նվազում և տեղումներ

Ծիածաններ

Օդի ջերմաստիճանի նվազում և տեղումներ են կանխատեսում, հայտնում է Հիդրոմետոլոգիայի և մոնիտորինգի կենտրոնը։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 13-14-ը առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-15-ին կնվազի 5-6 աստիճանով։
Այսպես, Շիրակում օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-ին կլինի +27, Կոտայքում՝ +30, Գեղարքունիքում՝ +25 աստիճան։
Օդերևութաբանները Լոռիում և Տավուշում կանխատեսում են +24 և +27, Արագածոտնում +31 աստիճան տաքություն։
Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում՝ +34, Սյունիքում սեպտեմբերի 13-ին օդը տաքանալու է մինչև +30։
Մայրաքաղաքում սեպտեմբերի 13-ին սպասվում է նաև կարճատև անձրև և ամպրոպ։ Այսօր Երևանում օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի +32.

Արցախի մասին փաստաթղթում չի հիշատակվում Արցախը․ ոչ ոք չի հասկանում այս աբսուրդը

Supporting Armenia’s Democracy and Western Future խորագրով ԱՄՆ կոնգրեսի Հելսինկիի հանձնաժողովում Հայաստանին նվիրված լսումներ են տեղի ունեցել: ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինը նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև շուրջ երկու տարի բանակցվող փաստաթուղթն արդար չէ, քանի որ չի անդրադառնում հայկական կողմի համար առանցքային մի շարք հարցերի:

«Որքան ես եմ հասկանում՝ նրանք չեն խոսում անգամ Լեռնային Ղարաբաղի և այնտեղից տեղահանված մարդկանց մասին, չեն խոսում անգամ սահմանի խնդիրներից՝ այն տարածքներից, որ այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, այնպես որ դա շատ արդար համաձայնագիր չէ», – նշեց Բեն Քարդինը:

Իրավաբան Նազելի Վարդանյանը Step1.am-ին տված հարցազրույցում արձանագրում է, որ 1 տարի է անցել Արցախի օկուպացիայից, դեպորտացիայից, «եւ ոչ մի հայց արցախցիների անունից չի ներկայացվել դատարաններ, թեկուզ պետք էր մասսայական հայցեր ներկայացնել»։

Դա իրոք ապշեցուցիչ է։ Մի քանի ամիս առաջ Արցախի խորհրդարանի պատգամավորները փաստերեն հրաժարվել են արցախցիների իրավունքների պաշտպանության իրենց բարձրագույն մանդատից եւ փոխանցել ոչ մի կարկավիճակ չունեցող կոմիտեյի, որը ղեկավարում է Վարդան Օսկանյանը։

Այդ կոմիտեն հանդիպումներ է անցկացրել, ծավալուն աշխատանք է կատարել, եւ նորերս Step1.am-ին տված հարցազրույցում Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցն ասել է, որ հանձնախմբի անդամները ներկայացրել են կատարած գործը, եւ Արցախի խորհրդարանը գոհ է այդ աշխատանքից։

Թե ինչու Արցախի ԱԺ պատգամավորներն իրենք չեն ներկայացնում արցախցիների իրավունքնեչը, պարզ չէ։ Պարզ չէ նաեւ, ինչո՞ւ այդ իրավունքները սահմանափակվում են միայն վերադարձի գաղափարով, այդպիսով «ճանաչելով», որ Արցախը «պատկանում է» ադրբեջանին։

Օսկանյանի հանձնախումբը, չնայած «բարի նպատակներին», չեզոքացնում է արցախցիների ինքնակազմակերպման հնարավորությունը, անուղղակի արցախցիների իրավունքների պաշտպանությունը «վերագրելով» հայկական ներկայիս ընդդիմությանը։ Դա իշխանություններին թույլ է տալիս այս ամենին «իշխանափոխության» վտանգի երանգ տալ։

ՀՀ կառավարությունը իր հերթին աբսուրդի է հասցրել Բաքվի հետ հաամձայնության գալու իր տենչը։ Ոչ ոք աշխարհում չի կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարելի է Արցախյան հակամարտության արդյունքում մի պայմանագիր ստորագրել, որտեղ հիշատակված չէ Արցախը։

Հիշեցնենք, որ Փաշինյանի կողմից առաջ քաշվող «խաղաղ պայմանագրի» մեջ արդեն բացառված են 3 կարեւոր հարցեր՝ Արցախի հարցի կարգավորումը, սահմանազատման հարցը եւ ճանապարհների ապաշրջափակումը։ Միակ հարցը, որը Երեւանը պնդում է՝ Ալմաթիի հռչակագրի մասին հիշատակումն է, որպեսզի Արցախի հարցը փակված համարվի։

ՀՀ իշխանոթյան եւ ընդդիմության դիրքորոշումները շատ չեն տարբերվում․ իշխանությունն ասում է՝ Արցախ չկա, արցախցիներն էլ պետք է ինտեգրվեն Հայաստանում, խորհրդարանական ընդդիմությունը ասում է՝ Արցախ չկա, բայց արցախցիները պետք է վերադառնան։ Երկուսն էլ չեզոքացնում են արցախցիների իրավունքների արտահայտման նույնիսկ փոքր հնարավորություն։

Ավելին, “չեզոքացվում” է Արցախում տեղի ունեցածի փաստահավաք աշխատանքը։ Այս օրերին Երեւանում տեղի ունեցող  «Մարդու իրավունքներ և պատասխանատվություն. ուղիներ դեպի հետկոնֆլիկտային արդարադատություն» երրորդ միջազգային համաժողովում ընդգծվել է, որ առանց փաստահավաք աշխատանքի եւ հզոր ինֆորմացիոն արշավների ոչինչ չի ստացվի։

Ո՞վ պետք է կատարի այդ աշխատանքը։ Օսկանյանը եւ Օկամպոն դա չեն անի, առավել եւս՝ Ալեն Սիմոնյանը։ Դա պետք է անեն արցախյան կազմակերպությունները, համակարգված, առանց ծիծաղելի քաղաքական տարաձայնությունների։

Ռուսական անեկդոտ կա․ մեկը սեքս-շոփում նայում է շուրջն ու ասում․ “Батюшки, что только люди не придумают, чтобы самим у станка не стоять”.

 

Լուկաշենկոն հայտարարել է «շատ խելացի հայերի» մոտալուտ երջանկության մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ «կողմնակից է Հայաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելուն»։ Այս մասին նա հայտարարել է Բելառուսում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։

«Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին, համագործակցել ենք ինչպես ամենամոտ մարդկանց հետ, ամեն կերպ օգնել ենք։ Բայց, տեսեք, ուզում են գնալ Արևմուտք՝ ԵՄ»։

«Վաղը Ամերիկայում իշխանության կգա նոր ղեկավարություն, նույնիսկ հին-նոր (Քամալա Հարիսը և այլն), տեսեք, քաղաքականությունը բոլորովին այլ է լինելու։ Նրանց սովորությունն է. «Ո՞վ ես դու. մենք ձեզ չենք ճանաչում»: «Ո՞նց, չգիտե՞ք, մենք ձեզ հետ ընկերներ ենք եղել, դուք մեզ զենք եք մատակարարել…» «Ոչ, դա մենք չէինք», – Լուկաշենկոն բերեց ԱՄՆ-ում հաղորդակցության իր օրինակը: – Դա իրենց քաղաքականությունն է։ Եվ ես այս մասին անընդհատ ասել եմ ձեր ղեկավարությանը։ Ես արդեն հին մարդ եմ քաղաքականության մեջ։ Չի կարելի նրանց վստահել»:

«Հայերը շատ խելացի մարդիկ են։ Մոտ ապագայում նրանք կպարզեն, թե որտեղ է իրենց երջանկությունը»,- ասել է Լուկաշենկոն։

Ինչպիսի՞ «երջանկության» մասին է խոսում Լուկաշենկոն, որը շուտով կպարզեն հայերը։ Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետը կմասնակցի այս տարվա հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին, մինչդեռ Հայաստանը բանակցություններ էր սկսել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի պարզեցման շուրջ՝ չհայտարարելով ԵՄ-ին անդամակցելու իր մտադրության մասին։ Հայաստանում «թեժ աշուն» է սպասվում։

Միջազգային իրավապաշտպանները զարմացած են, թե Հայաստանը որքան հեշտ է հրաժարվում իր իրավունքներից

Երեւանում ավարտվեց «Մարդու իրավունքներ և պատասխանատվություն. ուղիներ դեպի հետկոնֆլիկտային արդարադատություն» խորագրով ամենամյա միջազգային համաժողովի երկրորդ օրը։

Ներկայիս համաժողովը երրորդն է 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո։

Համաժողովի կազմակերպիչն է «Ճշմարտության և արդարության կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ Կալիֆորնիայի (ԱՄՆ) դաշնային դատավոր Գասիա Անգարյանի գլխավորությամբ։

Կազմակերպությունը ստեղծվել է 2020 թվականին՝ ռուս-թուրքական-ադրբեջանական հանցավոր եռյակի կողմից Հադրութի, Շուշիի, Քարվաճառի և Քաշաթաղի օկուպացումից անմիջապես հետո։

Մինչ Արցախի բռնի տեղահանվածները մտածում էին, թե ինչպես իրենց ձայնը հասցնել միջազգային հանրությանը, CPP-ն Երևանում իր տեղական մարմնի և Կալիֆորնիայի, Կոլումբիայի համալսարանի և Արգենտինայի համալսարանի ուսանողների միջոցով, որոնք գործուղվել էին Երևան, սկսեց ծրագրեր իրականացնել՝ փաստեր հավաքելով տեղահանվածներից։

Զուգահեռաբար կազմակերպությունը ստեղծեց մի ցանց, որը ներառում էր իրավաբաններ, իրավապաշտպաններ և միջազգային իրավունքի մասնագետների գրեթե ամբողջ աշխարհից։

2022 թվականի առաջին համաժողովի ժամանակ շուրջ 30 աշխարհահռչակ իրավաբան գիտնականներ, նախկին դատախազներ, իրավապաշտպաններ Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Արգենտինայից, իրավաբան դասախոսներ Կալիֆոռնիայի, Այովայի, Շվեյցարիայի, Գերմանիայի, Կանադայի, Նյու Յորքի համալսարաններից, ինչպես նաև դատախազներ, Միջազգային քրեական դատարանի իրավաբաններ, ովքեր արդեն ունեին Ռուանդայի ցեղասպանության, Իրաքում եզդիների ցեղասպանության, Մյանմայի, Բանգլադեշի, Հարավսլավիայի ցեղասպանությունների վերաբերյալ ապացույցներ ուսումնասիրելու և ներկայացնելու փորձ, ներկայացրեցին փաստեր հավաքելու իրենց փորձը։ Նրանք կոչ են արել դիմել ինչպես միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, այնպես էլ Միջազգային քրեական դատարանին։ Դա փորձի օգտակար փոխանակում էր Արցախի հասարակական կազմակերպությունների համար։

Երկրորդ համաժողովը տեղի ունեցավ 2023 թվականի մայիսին, երբ Արցախը շրջափակման մեջ էր։ Եվ կրկին իրավապաշտպաններն ու միջազգային իրավունքի մասնագետները քննարկել են Արցախում տիրող իրավիճակը, ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները՝ հիմնված արցախցիների իրավունքների վրա։ Դեռ այն ժամանակ Չիլիի ՄՔԴ նախկին դատավոր Էբոե Օսյուզին կարծիք էր հայտնել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված աշխարհակարգը և 50-ականներին ստեղծված միջազգային կառույցները (մասնավորապես՝ ՄԱԿ-ը) չեն կարողացել լուծել ընթացիկ խնդիրները, ինչը առաջացրել է պատերազմների և հակամարտությունների շարք ամբողջ աշխարհում:

Հենց այս համաժողովի ժամանակ էր, որ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հիմնադիրները տեղի ունեցողն անվանեցին անխուսափելիորեն ցեղասպանություն տանող իրավիճակ։

Ցավոք, համաժողովի մասնակիցներն ու բանախոսները իրական ճանապարհ չունեին Արցախը շրջափակումից դուրս բերելու և ահաբեկիչ Ալիևին պատասխանատվության ենթարկելու համար։

Ընթացիկ՝ երրորդ համաժողովը, որը տեղի է ունենում սեպտեմբերի 11-13-ը Մատենադարանում, հերթական անգամ Երևանում է հավաքել աշխարհահռչակ իրավաբանների և իրավապաշտպանների։ Բանախոսների խոսքով, իրենք գիտաժողովի մասնակիցներին ներկայացնում են միայն տեսական, ակադեմիական նյութեր, որոնք գիտելիքներ են տալիս ցեղասպանության և էթնիկ զտումների ենթարկված Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Բառացիորեն բոլոր բանախոսները նշում են, որ միջազգային իրավապաշտպան մարմիններին և ՄՔԴ-ին ուղղված դիմումները պետք է հիմնված լինեն արտաքսված մարդկանց կենդանի վկայությունների վրա։

Այժմ, երբ Հայաստանը դարձել է Հռոմի ստատուտի կողմ, իսկ Արցախի ժողովուրդը գտնվում է Հայաստանի տարածքում, կառավարությունը կարող է և պետք է նախաձեռնի շրջափակումից, ցեղասպանությունից և էթնիկ զտումներից փրկված մարդկանց իրավունքների պաշտպանությունը։

Մի շարք բանախոսներ իրենց զարմանքն արտահայտեցին, թե ինչպես է Հայաստանը հեշտությամբ հրաժարվում իր իրավունքներից Ադրբեջանի ճնշման ներքո։ Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ Հայաստանը բարձրաձայն չի խոսում, որ Ադրբեջանը օկուպացրել է 200 քմ. կմ իր տարածքից, ավելին, հեշտությամբ ենթարկվեց Ադրբեջանին և անհիմն, իր կամքով 4 գյուղ հանձնեց նրան։

Քննարկվել է նաև, որ Հայաստանի և Արցախի միջև իրավական շփոթությունը (ԼՂՀ-ի չճանաչումը) թույլ չի տալիս Արցախի բնակիչներին այսօր համաշխարհային հանրությունից պահանջել իրենց պետության ճանաչումը, ինչպես արվեց Պաղեստինի և Կոսովոյի դեպքում։

Ռազմական հանցագործությունների չափազանց քիչ ապացույցները (համեմատած Եթովպիայի և Էրիթրեայի, Մյանմարի և Բանգլադեշի, եզդիների ցեղասպանության հետ) հետ են մղում Արցախի ժողովրդի դեմ հանցագործությունների դիտարկումը ՄՔԴ առաջնահերթությունը:

Բանախոսները, ովքեր ժամանակին աշխատել են ՄՔԴ-ում կամ այժմ մուտք ունեն Միջազգային քրեական դատարան, նշել են, որ ՄՔԴ-ն ինքը սահմանափակ կարողություն ունի մեծ թվով հայցեր քննարկելու համար: Նույնիսկ որոշումների կայացումից հետո ՄՔԴ-ն չունի ոստիկանական կամ դատական կատարողների ​​մարմիններ, որոնք կարող են ստիպել մեղավոր կողմին կատարել դատարանի որոշումը: ՄՔԴ նախկին դատախազներն ու իրավաբաններն առաջարկում են երկրներին իրենց փաստաբաններից թիմեր ուղարկել ՄՔԴ՝ տեղում գործերը նախապատրաստելու համար: Կեսկատակ նշվեց, որ Հայաստանը կարող է առաջամարտիկ դառնալ այս հարցում և այնտեղ ուղարկել քրեական իրավունքի շուրջ 70-75 մասնագետ, որոնք կզբաղվեն իրենց հայրենակիցների խնդիրներով։

Խոսելով ՄՔԴ կառուցվածքի և գործունեության ընթացակարգի մասին՝ բանախոսները նշեցին, որ ի սկզբանե անհրաժեշտ է կապ հաստատել դատախազի հետ, համոզել նրան հանցագործությունների առկայության մեջ և ներկայացնել այնպիսի ամուր ապացույցների բազա, որ նա չկարողանա հրաժարվել գործ հարուցելուց։ Սա այն է, ինչ արվում է տարիներ շարունակ, և այս ժամանակը պետք է օգտագործվի հնարավորինս շատ փաստեր հավաքելու համար։

Խոսելով Արցախի բռնի տեղահանվածների իրավունքները պաշտպանելու Հայաստանի պատասխանատվության մասին՝ բանախոսները նշեցին, որ Հայաստանը կարող է քրեական գործեր հարուցել Արցախում Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ։ Խոսելով կոնկրետ հանցագործների նույնականացման դժվարության մասին, որոնց Ադրբեջանը չի արտահանձնի դատապարտման համար, գրեթե բոլոր բանախոսները նշեցին, որ ընդհանուր առմամբ Հայաստանը և Արցախի հանրությունը պետք է բոլոր երկրներին հնարավորինս շատ տեղեկատվություն տրամադրեն կատարվածի մասին։

Առանց աշխարհում կոնսենսուսի, մեզ համար գրեթե անհնար կլինի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել։

Նշենք նաև, որ Հայաստանի կառավարության, խորհրդարանի և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներն անուղղակիորեն խոստովանել են, որ Հայաստանը գործնականում ոչինչ կամ քիչ բան է անում փախստականների իրավունքները պաշտպանելու համար։

Մի շարք բանախոսներ անդրադարձան հատուցումների խնդրին։ Նշվեց, որ նման գործընթացները եւս տևում են տարիներ, և այս ընթացքում փախստականների կարիքները փոխվում են։ Այդ իսկ պատճառով այժմ կարևոր է արխիվացնել տեղահանվածների նյութական կորուստների վերաբերյալ տվյալները։ Հետագայում ցանկալի է ստեղծել հիմնադրամ, որը կվերահսկի փոխհատուցումների տրամադրման գործընթացը, ինչը թույլ կտա կխուսափել կոռուպցիոն սխեմաներից։

Համաժողովի վերջին օրը նույնպես խոստանում է հագեցած լինել, և, չնայած բանախոսներից ոչ մեկը չի խոստանում արագ և հեշտ լուծումներ, բոլորը համախմբված են մի բանում՝ Արցախի ժողովրդի իրավունքների համար պայքարը չպետք է դադարի։ Մենք չպետք է խուսափենք «ցեղասպանություն» բառից, քանի որ դա իրերն իրենց անուններով կոչելու մերժումը կլինի, որը հանգեցնում է ավելի ու ավելի նոր, ավելի բարդ հանցագործությունների ամբողջ աշխարհում:

Մարգարիտա Քարամյան

Սումգայիթի, Բաքվի, Գանձակի, Գարդմանի եւ այլ բնակավայրերի հայերը պահանջում են ապահովել իրենց վերադարձի իրավունքը

«Միասին» շարժումն այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էր անում՝ բարձրացնելով Ադրբեջանից բռնի տեղահանված հայ բնակչության իրավունքների հարցը։ Սումգայիթի, Բաքվի, Գանձակի, Գարդմանի եւ այլ բնակավայրերի հայերը պահանջում են ապահովել իրենց վերադարձի իրավունքը։

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Որեւէ փախստական, որեւէ բռնի տեղահանված երբեւիցե չի կորցնում երկու իրավունք՝ վերադարձի իրավունք, երբ ապահովվի անվտանգ բնակությունն իրենց նախկին բնակավայրերում, եւ երկրորդը՝ սեփականության իրավունքը։ Բռնի տեղահանված հայերը՝ սկսած 1988 թվականից չեն ստացել մի լումա իրենց թողած սեփականության համար»։

Ալավերդյանն ասաց, որ Ադրբեջանի քարոզչությունը հիմնված է այլասերված թեզերի վրա։ Նա հիշեցրեց, որ հայերին Ադրբեջանից բռնի տեղահանել են սպանություններով ու դաժան վերաբերմունքով։ Իսկ Հայաստանից գնացած ադրբեջանցիների գրեթե 95 տոկոսը փոխանակել կամ վաճառել են իրենց բնակարանները, հիմա ո՞ւր պետք է վերադառնան։

«Երբ Ալիեւը խոսում է վերադարձի մասին, նա անում է երկու կոպիտ այլասերում։ Առաջինը, դա հակադրում է արցախահայերի հարցի հետ, որոնց ցեղասպանական բռնի ձեւով դուրս են մղել Արցախից։ Դա անհավասար փոխանակում է։ Երկրորդը, ադրբեջանցիներն ամեն անգամ պետք է ապացուցեն՝ արդյոք իրենք իրենց կամքին հակառա՞կ են լքել Հայաստանը։ Ես այն մարդն եմ, որը հանդիպել է ադրբեջանցիների հետ, որոնք լացելով լքում էին Սյունիքի շրջանը։ Սիսիանի հայերն ուղղակի նրանց փեշերից բռնած՝ թույլ չէին տալիս, որպեսզի ադրբեջանցիները լքեին Հայաստանը։ Ես հարցրեցի՝ ինչո՞ւ եք գնում, իրենք, ցույց տալով Ադրբեջանի կողմը, ասում էին՝ մեզ ասել են։ Այսինքն՝ դա կազմակերպված գործընթաց էր, որն այսօր պետք է օգտագործվեր ու օգտագործվում է որպես հավասարության նշան այն ամենի, ինչ եղել է Ադրբեջանում»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանը գործել է եւ գործում է միջազգային հանցագործություններ։ Դա նաեւ պետական մակարդակով արձանագրել են մի քանի պետություններ։ «Մինչեւ Հայաստանը չպահանջի, որ Ադրբեջանը պատժվի միջազգային իրավունքի համաձայն, մնացած բոլոր խոսքերը սեպուկլյացիա են։ Ասում են՝ չենք կարող պահանջել, որ մեր տարածքներից դուրս գան պատերազմով։ Կներեք, դա քաղաքական անմեղսունակության դրսեւորում է։ Հանցագործը պետք է պատժվի։ Վաղը Օկամպոն գալիս է՝ ուղղակի կոչ անելով, որ հայերը պարտավոր են տեր կանգնել իրենց իրավունքներին։ Եվ հստակ պետք է նշենք, թե ինչ հանցագործություններ է գործել Ադրբեջանը հայերի դեմ։ Առաջինը՝ ցեղասպանական, այսինքն՝ մարդկության դեմ հանցագործություն։ Երկրորդը՝ մարդասիրական․ իրենց վայրենի կեցվածքը ոչ միայն ողջերի, այլեւ մարմինների հանդեպ կոչվում է մարդասիրության դեմ հանցագործություն։ Եվ երրորդը՝ ռազմական հանցագործություններ։ Այն սուտը, որ Ադրբեջանը հաղթել է հայերին, Հայաստանին, բացահայտել է Էրդողանը։ Այսինքն՝ մենք գիտենք, որ ադրբեջանական զինված ուժերը պայքարում են միայն խաղաղ բնակչության դեմ, ինչը հենց Հռոմի ստատուտի համաձայն՝ ռազմական հանցագործություն է։ Եթե վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ստորագրել է այդ եռակողմ հայտարարությունը, նա ճանաչել է իրեն պատերազմի կողմ, թող բարի լինի 2020 թվականից մինչեւ 2023 թվականի հանցագործությունների համար Ադրբեջանի ղեկավարությունը պատժվի։ Նրանց ցուցակը Օկամպոն տվել է դեռ 2023 թվականի օգոստոսին»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Եթե Փաշինյանն այս հարցի մասին չի խոսում, դա չի նշանակում, որ պահանջատիրությունը վերացած է

«Միասին» շարժումն այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էր անում՝ բարձրացնելով Ադրբեջանից բռնի տեղահանված հայ բնակչության իրավունքների հարցը։

Շարժման խորհրդի անդամ Նարինե Դիլբարյանն ասաց, որ Հայաստանը դիվանագիտական օրակարգ պետք է մտցնի Ադրբեջանից բռնի տեղահանված բնիկ հայ բնակչության իրավունքների պաշտպանության հարցը։ Դրա մեջ մտնում է Ադրբեջանից բռնի տեղահանված 1 մլն 200 հազար հայերի իրավունքների ու շահերի պաշտպանությունը, որը ներառում է եւ վերադարձի, եւ մշակութային հուշարձանների վերադարձի պահպանության իրավունքը։

«Եթե Փաշինյանն այս հարցի մասին չի խոսում, դա չի նշանակում, որ խնդիրը եւ պահանջատիրությունը վերացած է։ Հայոց պահանջատիրությունը կա, 30 տարուց ավելի մենք լռել ենք, իսկ հիմա այդ հարցը դարձել է ավելի ցավագին ու ողբերգական, որովհետեւ Արցախը ցեղասպանված ու հայաթափված է»,- ասաց Դիլբարյանը։

Շարժման խորհրդի անդամ Ժասմինա Ղեւոնդյանը նշեց, որ Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության մասին պահանջագիր են ներկայացնում Նիկոլ Փաշինյանին, ՄԱԿ-ին, Մինսկի խմբի համանախագահ երկրներին, Եվրամիությանը։ Նա ասաց, որ համացանցում առկա է Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովի ելույթը, որտեղ նա փաստում է, որ միայն Բաքվում 1988 թվականի դրությամբ ապրում էին 500 հազար հայեր։ «Հայերն իրենց բնօրրանում ապրել են ամենուրեք՝ Արցախում՝ 96 տոկոս, Նախիջեւանում՝ ավելի քան 60 տոկոս, Գանձակ-Կիրովաբադում՝ ավելի քան 50 տոկոս, Շահումյանի, Շամխորի շրջաններում՝ 70-95 տոկոս, ամենուրեք հայեր են ապրել։ Այսինքն՝ աշխարհագրական Ադրբեջանում՝ իրենց բնօրրանում հազարամյակներով ապրել են հայեր։ Ու հասկանալի է, որ այդ տարածքների վրա Ադրբեջան պետություն հայտնվելուն պես հայ ժողովուրդն այնտեղից չէր կարող անհետանալ։ Բացի այն, որ Ադրբեջանում տեղի իշխանությունները դիմում էին հայերին՝ կրոնափոխ լինելու կամ ազգությունը փոխելու միջոցով, իշխանության վերին օղակներում փակցնում էին մադահամարի տվյալները՝ անընդհատ նվազեցնելով հայերի իրական թվաքանակը։ Այս արարքները նման էին գողի հոգեբանությանը՝ օգտագործել ցանկացած առիթ՝ գողոնի տիրոջը ոչնչացնելու համար, որպեսզի գողոնը մնա գողի մոտ»,- ասաց Ժասմինա Ղեւոնդյանը։

Նա հավելեց․ «Այսօր, երբ օրինական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ձեւավորված Արցախի Հանրապետությունը բռնազավթված է ու ցեղասպանական գործողություններով էթնիկ զտման է ենթարկված, այլեւս լռել չենք կարող։ Հատկապես այն դեպքում, երբ Ադրբեջանի ղեկավարը լկտի պահանջ է ներկայացնում ՀՀ-ին՝ ապահովելու կեղծ եւ շինծու «300 հազար արդբեջանցիների անվտանգ բնակությունը Հայաստանում»։ Ուստի մենք՝ Ադրբեջանից գաղթած շուրջ 1 մլն 200 հազար հայության ներկայացուցիչներս, պահանջում ենք բանակցությունների միջազգային օրակարգ ներառել այսօրվա Ադրբեջանի տարածք՝ հայության հազարամյա բնօրրան հայերի անվտանգ վերադարձի ու ապրելու իրավունքի հարցը։ Չի կարող իրական խաղաղություն հաստատվել տարածաշրջանում հայ ժողովրդի իրական իրավունքների ոտնահարման պայմաններում»։