Հարցուպատասխան՝ արցախցիների կենսաթոշակի նշանակման ու վճարման վերաբերյալ

Ստորև ներկայացնում ենք, թե ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք։

Հարց 1: Եթե ԼՂ-ում ստացել եմ կենսաթոշակ, ապա ՀՀ-ում անհրաժեշտություն կա արդյոք կրկին դիմել կենսաթոշակի նշանակման համար:

Պատասխան: Եթե Լեռնային Ղարաբաղում ստացել եք կենսաթոշակ, ապա ՀՀ-ում Ձեզ կենսաթոշակ կնշանակվի և կվճարվի գործող օրենսդրությանը համապատասխան՝ ներկայացված դիմումի համաձայն։ Ըստ այդմ, տեղահանված անձանց համար կենսաթոշակի նշանակման պայմանները (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը, աշխատանքային ստաժի տևողությունը) նույնն են, ինչ ՀՀ քաղաքացիների համար։

Հարց 2: ԼՂ-ից բռնի տեղահանված անձ եմ, ՀՀ-ում կենսաթոշակի որ տեսակների համար կարող եմ դիմել:

Պատասխան: ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները ՀՀ-ում բնակության վայրի հասցեում հաշվառում ունենալու դեպքում կարող են դիմել հետևյալ կենսաթոշակների նշանակման համար`

  • աշխատանքային (տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի),
  • զինվորական (երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում):

Եթե վերջիններս ԼՂ-ում ստացել են ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ, ապա վերոնշյալ կենսաթոշակների փոխարեն՝ նրանց ՀՀ-ում նշանակվում է համապատասխանաբար՝ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ։

Եթե անձը ԼՂ-ում կենսաթոշակ է ստացել պետական պաշտոններ զբաղեցնելու հիմքով, ապա Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացված դիմումի հիման վրա նրան նշանակվում է աշխատանքային կենսաթոշակ կամ համապատասխան մարմնի (օրինակ՝ Պաշտպանության նախարարություն) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում դիմելու դեպքում՝ զինվորական կենսաթոշակ։

Հարց 3: ՀՀ-ում կենսաթոշակ ստանալու համար արդյոք պարտադիր է ունենալ ՀՀ քաղաքացիություն:

Պատասխան: ՀՀ-ում կենսաթոշակ ստանալու իրավունք տվող հիմնական պայմաններից մեկը ՀՀ-ի բնակության վայրի հասցով հաշվառում ունենալն է, այդ թվում՝ ոչ քաղաքացիների համար։

Հարց 4: ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելիս՝ ԼՂ-ում աշխատած տարիների ստաժն արդյոք կհաշվարկվի:

Պատասխան: Հարկ է նկատի ունենալ, որ կենսաթոշակ նշանակելու, աշխատանքային ստաժը հաստատելու կանոններն ընդհանուր են։

Ըստ այդ կանոնների` ստաժը հաստատվում է, եթե կա աշխատանքային գրքույկ կամ աշխատելու փաստը հաստատող արխիվային փաստաթուղթ։ 1992-2014 թթ. ստաժը հաստատելու համար պետք է նաև սոցիալական վճար կատարելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող փաստաթուղթ։

Օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակ նշանակող մարմնին՝ Միասնական սոցիալական ծառայությանն է փոխանցվել Լեռնային Ղարաբաղի անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազան, իսկ որոշ արխիվային փաստաթղթեր փոխանցվել են նաև Հայաստանի ազգային արխիվ։

Այնուհանդերձ, ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի տարածքում կլինեն աշխատանքային գործունեության ժամանակահատվածներ, որոնք չեն հաստատվի եղած արխիվային փաստաթղթերով կամ տեղեկատվական բազաներում առկա տեղեկատվությամբ։

Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը Լեռնային Ղարաբաղում աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է նաև աշխատանքային ստաժը սահմանող` Լեռնային Ղարաբաղի հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 30-ից հետո տրված տեղեկանքով։

Հարց 5: Տեղյակ եմ, որ ԼՂ-ում աշխատած որոշ տարիների համար ՀՀ-ում ստաժ չի հաշվարկվում: Ինչ լուծում է նախատեսում պետությունը:

Պատասխան: Հարկ է նաև նկատի ունենալ, որ օրենսդրական փոփոխություններով ընդլայնվում է այն դեպքերի շրջանակը, երբ չի պահանջվում սոցիալական վճար կատարելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող փաստաթուղթ։

Այս դեպքերն արդեն իսկ տարածվում են նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեռք բերված աշխատանքային ստաժի վրա։ Սա լուծում է թե՛ Լեռնային Ղարաբաղի և թե՛ ՀՀ տարածքում ձեռք բերված այն ստաժերի համար, որոնք հաստատելը մի կողմից օբյեկտիվորեն անհնար է, մյուս կողմից՝ համապատասխան կազմակերպություններն այդ տարիներին հիմնականում գործունեություն են իրականացրել։

Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի տարածքում աշխատած ժամանակահատվածի համար սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթ չի պահանջվում, եթե անձն աշխատել է՝

  1. մինչև 1998 թվականի հունվարի 19-ը՝ քաղաքային, շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներում, դրանց ենթակա դպրոցներում, գրադարաններում, բնակշահագործման (բնակարանային շահագործման) գրասենյակներում (տեղամասերում, տնտեսություններում),
  1. քաղաքացիական ավիացիայի գործարաններում և կազմակերպություններում, դպրոցներում, մանկապարտեզներում, թանգարաններում, արխիվներում և այլն։

Հարց 6: ՀՀ-ում նշանակված և հաշվարկված կենսաթոշակի չափն արդյոք կարող է տարբերվել ԼՂ-ում նշանակված և վճարված կենսաթոշակի չափից:

Պատասխան: Այո՛, քանի որ ՀՀ-ում կենսաթոշակը նշանակվում, վճարվում, չափը հաշվարկվում է Պետական կենսաթոշակների մասին օրենքով սահմանված կարգով։ Համաձայն աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգի (բանաձև)՝ աշխատանքային կենսաթոշակի չափը կախված է աշխատանքային ստաժի տևողությունից, հիմնական կենսաթոշակի չափից ու աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքից։

Ըստ այդմ՝

  • ՀՀ-ում նվազագույն կենսաթոշակի չափը 36,000 դրամ է,
  • հիմնական կենսաթոշակի չափը՝ 24,000 դրամ (ԼՂ-ում սահմանված է եղել 21,500 դրամ),
  • աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար 950 դրամ (ԼՂ-ում՝ 1,150 դրամ),
  • տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ (ԼՂ-ում՝ 600 դրամ):

Հետևաբար, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված և հաշվարկված կենսաթոշակի չափը կարող է տարբերվել Լեռնային Ղարաբաղում նշանակված և վճարված կենսաթոշակի չափից։

Հարց 7: ՀՀ-ում կենսաթոշակն անկանխիկ եղանակով է վճարվում, սակայն արդյոք նախատեսված են բացառություններ տեղաշարժման կամ առողջական խնդիրներ ունեցող անձանց կենսաթոշակի վճարման դեպքում:

Պատասխան: Այո, ՀՀ-ում կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով, սակայն կենսաթոշակառուի դիմումի հիման վրա կենսաթոշակը կարող է վճարվել նաև կանխիկ եղանակով, եթե վերջինս (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ է կամ լրացել է նրա 75 տարին: Կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին ևս վճարվում է կանխիկ եղանակով:

Հարց 8: ԼՂ-ից բռնի տեղահանված անձ եմ, ՀՀ-ում ստանում եմ կենսաթոշակ, արդյոք կարող եմ օգտվել 12 տոկոս հետվճարի ծրագրից:

Պատասխան: Այո, ԼՂ կենսաթոշակառուները և նպաստառուները ևս կարող են օգտվել նաև 12 % հետվճարի ծրագրից, հետևաբար, եթե կենսաթոշակառու կամ նպաստառու եք և ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում ու ծառայություններ մատուցող կազմակերպություններում կատարում եք անկանխիկ գործարքներ, ապա կստանաք հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 12%-ի չափով, բայց ոչ ավելի քան 6,000 դրամը։

Հարց 9: Արդյոք կենսաթոշակից կգոյանա հետվճար, եթե կոմունալ ծառայությունների դիմաց վճարումն իրականացնեմ անկանխիկ։

Պատասխան: Ո՛չ, սեպտեմբերի 1-ից կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի) ինչպես նաև ֆիքսված և բջջային հեռախոսի ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար չի հաշվարկվում։

Հարց 10: Կենսաթոշակի նշանակման համար պարտադի՞ր է այցելել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, թե՞ կարող եմ նաև առցանց եղանակով դիմել:

Պատասխան: Եթե 2023 թ․ սեպտեմբերի դրությամբ՝ Դուք ԼՂ-ում ստացել եք կենսաթոշակ և այդ օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված չի եղել, ապա ՀՀ-ում կենսաթոշակի դիմումը մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը կարող եք ներկայացնել նաև առցանց՝ www.socservice.am կայքէջում։

Եթե Ձեր կենսաթոշակային տարիքը լրացել է ՀՀ-ում, ապա կենսաթոշակի նշանակման համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն (հասցեները

Կառավարությունը, հայտարարելով, որ ռազմական ճանապարհով հող չի վերադարձնելու, պատերազմ է հրահրում

ՀՀ-ն ռազմական ճանապարհով իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու խնդիր չի դնում, որովհետեւ մենք տեսնում ենք, որ դա հնարավոր է լուծել քաղաքական, դիվանագիտական ճանապարհներով, ասել է երեկ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ է անում կառավարությունը ՀՀ սահմանադրական տարածքը վերադարձնելու համար։

Փաշինյանը չի բերել դիվանագիտական ճանապարհով որեւէ տարածք վերադարձնելու գոնե մեկ օրինակ, սակայն եւս մի անգամ հարկ է համարել շեշտել, որ իր կառավարությունը չի պատրաստվում ուժ օգտագործել երկրի ինքնիշխանության եւ ազգային շահերի պաշտպանության համար։

Այն իրավիճակում, երբ նույնիսկ հարեւան երկրներն են կոչ անում Ռուսաստանին՝ Հայաստանում թույլ չտալ ռազմական բախում Մեղրիի ճանապարհի համար, Փաշինյանի հայտարարությունը հնչում է որպես հրավեր։ Եկեք, ուժով վերցրեք, մենք ռազմական դիմադրություն չենք ցուցաբերի։

Դիմադրության բացակայությունը՝ ՀՀ այսօրվա կառավարության «կրեդոն» է։ Մակրոնը Փաշինյանին նույնիսկ հրավիրեց Փարիզ՝ Դիմադրության հերոս Մանուշյանին նվիրված միջոցառումներին, փառաբանելով դիմադրություն ցուցաբերած հայերին։ Սակայն ՀՀ կառավարությունը անդրդվելի է՝ ոչ մի դիմադրություն, միայն դիվանագիտական զիջում։

Սկսած առնվազն Խծաբերդի դեպքերից, երբ գերի են ընկել մի քանի տասնյակ զինված հայեր, պարզվել է, որ հայ զինվորներին պատասխան կրակ բացելու հրաման չի տրվում։ Ի պատասխան այս պնդումներին պաշտոնյաները ասում են, որ «չկրակելու» հրաման չի տրվել, այդ թվում 2022-ին Ջերմուկում եւ հետո՝ 2023-ին Տեղ գյուղի բարձրունքներում։ Բայց «կրակելու» հրաման էլ չի տրվում, ինչը ամբողջությամբ իմաստազրկվում է ռազմական դիմադրությունը։

Իմաստազրկման այս պրոցեսի վերջնանպատակն է՝ բանակի անիմաստության մասին հայտարարելն է։ Եթե սահմաններին պիտի կանգնեն սահմանապահները՝ հայ եւ ռուս, եւ սահմանը նախանշեն մի քանի սյուներ եւ գեղագիտական պատ, այլ ոչ թե ռազմականացված բաժանարար գծեր, ապա ինչի՞ է պետք բանակը։

Ալիեւն էլ է դա ասում՝ սահմանափակեք ձեր զինված ուժերը, մեկ է՝ չեք օգտագործում։ Եւ պատահական չեն պնդումները, որ Հայաստանը իր ՀՕՊ զենքերը վաճառել է, իբր, Ուկրաինային, թեկուզ ոմանք պնդում են, որ ռուսներն իրենք են վերցրել-տարել։

ՀՀ իշխանության ներկայացուցիչները դեռ շարունակում են պնդել, որ Արցախը հանձնվել է դասալիքների, Արցախի ղեկավարության եւ այլոց մեղքով։ Ալեն Սիմոնյանն ասում է, որ «մեր տղաները» զոհվել են “իրենց” համար, կարծես՝ Արցախը Հայաստան չէ, այլ մի օտար երկիր։ Իսկ Փաշինյանն այսօր ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո շատ զենք է անհետացել՝ ակնարկելով, որ ծանր հանցագործությունները ավելացել են, եւ պետք է հանձնել զենքերը։ Ներքին լսարանին նա այդպիսով ասում է, թե ում պետք է մեղադրել հնարավոր “իշխանափոխության” դեպքում, իսկ արտաքին “գործընկերներին” ակնարկում է, որ եթե լինի դիմադրութոյւն, ապա ինքը կապ չունի դրա հետ։

Հայաստանում ոչ ոք պատերազմ չի տենչում, բացի այն անձանցից, ովքեր պատասխանատվությունից խոսափելու համար պատերազմ են հրահրում, որ ամեն ինչ վերագրեն դրան։

Պատերազմ թույլ չտալու պատրվակով զիջումների գնացող կառավարությունը, հայտարարելով, որ ռազմական ճանապարհով հողեր չի վերադարձնելու, ինքն է պատերազմ հրահրում։

Ուսումնական տարվա ավարտից՝ մայիս-հունիս ամիսներից հետո իմ աշակերտներից 14-ը լքեցին Հայաստանը

Արցախցի Արմեն Պետրոսյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է Արցախի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների վերջին հայտարարություններին։

«Ես անձամբ Արցախի «Վերադարձ» կիոկուշին կարատեի մարզական ակումբի ղեկավարն եմ,  նաեւ «Արդարություն եւ վերադարձ» ՀԿ համահիմնադիրն եմ։ Եվ մենք չենք պատրաստվում ոչ մի կերպ ինքնալուծարման գնալ, այլ ընդհակառակը, մենք ատամներով պահպանում ենք մեր արցախյան պետական ինստիտուտները, առանձին միավորները։ Եվ այդ ուղղությամբ մեծ աշխատանք ենք տանում։

Մեր կազմակերպությունների միջոցով մենք կարողանում ենք կոմպակտ ձեւով արցախյան միջավայր ստեղծել։ Օրինակ՝ իմ մարզական ակումբում ավելի քան 80 արցախցիներ են մարզվում։ Իսկ 80 մարզիկ նշանակում է 80 ընտանիք։ Երբ ես ծնողական ժողով եմ անում, ապա կարծես ինձ մոտ մի փոքրի Արցախ է լինում։ Եվ այդ միջավայրն է մարդկանց ձգում, որ գան, իրար հետ շփվեն, մեր բարբառը պահպանվի։ Այսպիսի արցախյան միջավայր ստեղծելով՝ մենք ուզում ենք ստեղծել պայմաններ, որպեսզի արցախցիները չլքեն Հայաստանը։

Ինչո՞ւ է մեր ՀԿ-ների անունների մեջ «վերադարձ» բառը շեշտվում, որվհետեւ վերադարձը դա գերագույն նպատակ է։ Իսկ այդ գերագույն նպատակին հասնելու համար մենք առաջնահերթությունը տալիս ենք նրան, որ արցախցիները պետք է մնան Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Արմեն Պետրոսյանը։

Ըստ Արմեն Պետրոսյանի՝ եթե Հայաստանում լինեին ազգային իշխանություններ, իրենք ամեն ինչ կանեին, որ մարդիկ ստիպված չլքեն Հայաստանը։ Նա նշեց, որ արցախցիների արտագաղթը Հայաստանից շարունակվում է։ «Ուսումնական տարվա ավարտից՝ մայիս-հունիս ամիսներից հետո իմ աշակերտներից 14-ը լքեցին Հայաստանը։ Իրենց ծնողներն այստեղ ապագա չէին տեսնում, իրենք վստահ չէին, որ կարող են այստեղ ընտանիք պահել, բնակարան ունենալ, իրենք հույս չէին կապում Հայաստանի իշխանությունների հետ։ Ամեն անգամ, երբ Հայաստանի իշխանությունները հակաարցախյան հայտարարություններ են անում, դա մարդկանց մոտ առաջացնում է նեգատիվ զգացմունքներ եւ իրենք չեն կարողանում իրենց ապագան կապել Հայաստանի հետ։

Հենց Հայաստանում մնալը պետք է այն միջոցը լինի, որը հետագայում կապահովի մեր վերադարձը։ Այդ վերադարձը ռազմական նվաճմամբ կլինի, թե քաղաքական ճանապարհով, դա կարեւոր չէ։ Կարեւորն այն է, որ մենք ունենանք ազգային իշխանություն, իսկ այս իշխանությունները ադրբեջանա-թուրքական թեզերն են առաջ քաշում։ Իրենց խոսույթը՝ Արցախի իշխանությունների ու պետական ինստիտուտների վերաբերյալ, մեկ առ մեկ համընկնում է Ադրբեջանի իշխանության խոսույթի հետ»,- ասաց նա։

Արմեն Պետրոսյանը նշեց, որ վաղ թե ուշ Արցախի հարցը պետք է նորից բերվի առաջնային պլան։ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ երկու հարց մշտապես պետք է լինեն՝ Արցախի եւ Հայոց ցեղասպանության հարցերը։

Ըստ նրա՝ արցախցիների՝ Հայաստանում մնալու գործոնը եւս պետք է հզորացնի Հայաստանը։ Եվ Հայաստանի իշխանությունները, եթե ազգային լինեին, արցախցի զինվորականների ներուժը կօգտագործեին այսօր։ «Օրինակ՝ 50 հազար արցախցուց գոնե 5000 տղամարդ կլինի, չէ՞, որ զինված ուժերը համալրի։ Բայց այս իշխանություններն ի դեմս արցախցիների վտանգ են տեսնում։ Եվ նույնկերպ թունավորում են Հայաստանի բնակչությանը՝ ընդդեմ Արցախի ժողովրդի։ Եթե նկատել եք, իշխանական ու մերձիշխանական լրատվամիջոցները Հայաստանի եւ Արցախի հայության մեջ սեպ են խրում՝ արցախցիների ելույթներին ապակողմնորոշող վերնագրեր դնելով ու ապատեղեկատվություն տարածելով։ Արցախցիներն իրենց այսօրվա վիճակի համար մեղադրում են Հայաստանի իշխանություններին, ոչ թե հայաստանցիներին։ Հայաստանի իշխանություններն են Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, հիմա էլ Հայաստանի Ազգային ժողովի նախագահն Արցախի հայաթափումը համարում է Հայաստանի հաղթանակը։ Թե ինչո՞ւ են Հայաստանի իշխանություններն այսքան հրճվել, հասկանալի չէ»,- ասաց նա։

Ռոզա Հովհաննիսյան

2023, 12 սեպտեմբեր, Ստեփանակերտ, երեխաները դպրոց են գնում

«Եթե դպրոց չկա, համարեք, որ գյուղն էլ չկա: Մենք անմիջապես թիրախի տակ ենք, դպրոցը դիտարկվում է ադրբեջանցիների կողմից, բայց միեւնույն է, դռները բաց են»,- 2020 պատերազմից հետո ասում էին Կարմիր Շուկայի ուսուցիչները:

Նույնը Ստեփանակերտում էր: Այս երեխաները գնում են դպրոց, չիմանալով, որ մեկ շաբաթ հետո փակվելու է թե՛ դպրոցը, թե՛ Արցախն ընդհանրապես…

12 սեպտեմբեր 2023, Ստեփանակերտ։
Մարութ Վանյան

2020-ից 3143 արցախցի հիփոթեքային վարկավորմամբ ձեռք է բերել անշարժ գույք կամ ստացել կառուցապատման վարկ

2020-ին Արցախից տեղահանված և 2024-ի հուլիսի 1-ի դրությամբ բնակարանի գնման հավաստագիր ստացած թվով 3947 ընտանիքի հնարավորություն է ընձեռվել ՀՀ-ում հիփոթեքային վարկով ձեռք բերել բնակելի անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն, որի շրջանակներում աջակցությունն ուղղվում է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը։

Կառավարությունից հայտնում են, որ 3947 ընտանիքներից 3143-ն իրացրել է հավաստագիրը, այսինքն՝ հիփոթեքային վարկավորմամբ ձեռք է բերել անշարժ գույք կամ ստացել է կառուցապատման վարկ։ Ընդ որում, 428 ընտանիք գույքը ձեռք է բերել հավաստագրերի միավորմամբ, այսինքն՝ հիփոթեքային վարկավորման գործարքների թիվը կազմում է 2715։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության  հետ Ծրագրի շրջանակներում համագործակցության պայմանագիր է կնքել 6 բանկ և 1 վարկային կազմակերպություն, որոնց միջոցով ստացվել և ՄՍԾ կողմից հաստատվել է շուրջ 1946 շահառուի հայտ, որից 1127-ի հետ հիփոթեքային վարկավորման պայմանագիրը կնքվել է և վարկը տրամադրվել է։

Սիլվա Աշխարյան. Աշխատանքն օգնում է հաղթահարելու սթրեսը, նաև եկամտի աղբյուր է

Սիլվա Աշխարյանը Սյունիքի մարզի Գորիս քաղաքից է։ Բարձրագույն ուսումը ստացել է ԱրՊՀ-ում, ամուսնացել և տեղափոխվել է Ավետարանոց գյուղը։ Աշխատել է Ավետարանոցի Իվան Աթայանի անվան միջնակարգ դպրոցում՝ որպես հոգեբանության, ապա՝ աշխարհագրության ուսուցչուհի։ 2009-ից համատեղությամբ աշխատել է գյուղի մանկապարտեզում՝ որպես վարիչ։

44-օրյա պատերազմից հետո շատ բան է փոխվել նրա կյանքում, սակայն հարազատ հողի հանդեպ սերն ու կապվածությունը մնացել է անփոփոխ, և այդ է պատճառը, որ Արցախից դուրս չէր ցանկանում ապրել։ Տեղահանվելով Ավետարանոց գյուղից՝ նրա ընտանիքը հաստատվել է Ստեփանակերտում։

Դեռևս 2020-ին է մանկավարժ Սիլվա Աշխարյանի մոտ քաղցրավենիք պատրաստելու հոբբի առաջացել, երբ պատերազմի ժամանակ Էջմիածին քաղաքում ծանոթացել է մի խումբ ձեռներեց կանանց հետ, որոնք հալվա էին պատրաստում։ Այդ քաղցրավենիքն այնքան հոգեհարազատ է եղել Սիլվային, որ նա անմիջապես հիշել է տատիկի պատրաստած անուշահամ հալվաները։ Սկսել է սովորել քաղցրավենիքի պատրաստման նրբությունները և հմտացել այդ գործում։ Պատերազմից հետո, վերադառնալով Արցախ, զբաղվել է այդ գործով։ Մասնակցել է դասընթացների, շահել դրամաշնորհ և ձեռք բերել նորարարական սարքավորումներ։

Նախ՝ հարազատներին ու ծանոթներին էր հյուրասիրում, ապա՝ շրջանակները լայնացան և նրա պատրաստած անուշահամ հալվաները ճանաչում գտան Արցախում։

Արցախի հայաթափումից հետո կրկնակի տեղահանված Սիլվա Աշխարյանը, Արցախում թողնելով ամեն ինչ, Հայաստանում շարունակում է իր փոքրիկ բիզնեսը։ Այստեղ նա նորից է ձեռք բերել որոշակի սարքավորումներ։ Ընտանիքը հաստատվել է Էջմիածին քաղաքում։

-Սկզբից, որ սկսեցի հալվա պատրաստել, փորձում էի դիզայն ու գեղեցիկ տեսք տալ իմ աշխատանքին, իհարկե, մեծ ուշադրություն դարձնելով համին։ Բոլորս գիտենք, որ առաջներում Արցախում հալվաները
պատրաստում էին ձեթով, դոշաբով, ընկույզով, բայց այսօր ժամանակակից հալվաների բաղադրությունը փոխվել է։ Ավելացել են կարագը, շաքարավազը, դարչինը և տարբեր զարդարանքներ: Կողքից նայողին հեշտ աշխատանք է թվում, բայց իրականում այն շատ նուրբ գործընթաց է, ու եթե ինչ-որ բան խախտվում է աշխատանքի ընթացքում, ապա հալվան չի ստացվում:

Հմտություն ու տեխնիկայի տիրապետում է պետք․ եթե դրանք լինեն, ուրեմն աշխատանքը բարեհաջող կստացվի: Խոհանոցի յուրաքանչյուր աշխատանք պետք է սիրել ու սիրով կատարել։ Զարդարելու ընթացքում ես հիանում ու հանգստանում եմ:

Արցախից տեղահանվելուց հետո իմ աշխատանքն ինձ օգնում է հաղթահարելու սթրեսը, ինչպես նաև եկամտի աղբյուր է ընտանիքիս համար։ Ինձ օգնում է նաև աղջիկս։  Բացի հալվայից, պատրաստում ենք նաև տարբեր տեսակի հրուշակեղեն։

Մեր արտադրանքով մասնակցել ենք Երևանում կազմակերպվող մի շարք տոնավաճառների։ Այստեղ ներկայացրել եմ բիզնես-ծրագիր, որն ընթացքի մեջ է։ Ցանկանում եմ ընդլայնել արտադրանքը, և հույս ունեմ, որ կկարողանանք ձեռք բերել հավատարիմ պատվիրատուներ ու մեր քաղցրավենիքի պահանջարկը միշտ կլինի,-ասում է Սիլվան ու ավելացնում, որ ցանկացած աշխատանք հաջողությամբ է պսակվում մարդու ուժեղ կամքի, աշխատասիրության շնորհիվ: Յուրաքանչյուր աշխատանք ունի իր բարդությունները, բայց եթե ունես քո նպատակին հասնելու ձգտում, ուրեմն դու դրան կհասնես:

Սիլվա Աշխարյանը խանդաղատանքով է հիշում հարազատ Ավետարանոցը, մանկապարտեզի իր երեխաներին, գործընկերներին, գյուղի ամեն մի անկյունը։ Նա ծանր  է տանում, որ թշնամին տիրել է ողջ Արցախին, և այսօր արցախահայությունը կանգնել է դաժան իրականության առաջ։

Կարինե Բախշիյան

ՄԱԿ-ը հայտնում է, որ Գազայի հատվածում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է ՄԱԿ վեց աշխատակից

ВВС

ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության գործակալությունը (UNRWA) հայտնել է, որ իր վեց աշխատակիցներ զոհվել են չորեքշաբթի Գազայի հատվածում գտնվող դպրոցներից մեկի վրա Իսրայելի հարվածի հետևանքով:

«Սպանվածների թվում են UNRWA-ի ապաստարանի մենեջերը և թիմի այլ անդամներ, որոնք օգնություն են ցուցաբերում տեղահանվածներին», – ասվում է հայտարարության մեջ:

Գործակալությունը նշում է, որ դա Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի մեկնարկից ի վեր «ՄԱԿ զոհերի ամենաբարձր թիվն էր մեկ միջադեպի ժամանակ», ինչպես նաև վերջին 11 ամիսների ընթացքում որպես ապաստարան օգտագործված դպրոցի վրա կատարված հինգերորդ հարվածը:

Ավելի վաղ տեղի բժիշկները և ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները հայտնել էին, որ Նուսեյրաթ փախստականների ճամբարում գտնվող Ալ-Ջավնի դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհվել է 14 մարդ։

Իսրայելական զինվորականները հայտնել են, որ ճշգրիտ հարված են հասցրել գրոհայիններին, ովքեր գտնվում էին դպրոցի տարածքում և այնտեղից հարձակումներ էին ծրագրում, հավելելով, որ նրանք միջոցներ են ձեռնարկել խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար:

«Բազմաթիվ միջոցներ են ձեռնարկվել խաղաղ բնակչությանը վնաս պատճառելու վտանգը նվազեցնելու համար, ներառյալ ճշգրիտ կառավարվող զինամթերքի օգտագործումը, օդային հսկողությունը և լրացուցիչ հետախուզությունը», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ:

«Սա ևս մեկ օրինակ է, թե ինչպես է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունը սիստեմատիկորեն շահագործում քաղաքացիական ենթակառուցվածքը՝ խախտելով միջազգային իրավունքը», – ավելացրել է Իսրայելի պաշտպանության բանակը:

Պուտին. Քանի որ ես ընտանիք չունեմ, թող միգրանտներն էլ չունենան

Պետդումայի պատգամավորները կաջակցեն օրինագծին, որն արգելում է միգրանտներին ընտանիքներին բերել իրենց հետ ՌԴ, ասել է խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

Նա ասաց, որ բազմաթիվ հաղորդումներ են եղել այն մասին, որ միգրանտներն իրենց հետ բերում են ընտանիքներին և հարազատներին, «և դա խնդիրներ է առաջացնում»:

Խնդիրները, ըստ երևույթին, կապված են միայնակ ռուս կանանց հետ, սակայն ընտանիքի հետ կատաղի պայքարը Ռուսաստանում ազգային միտում է դառնում:

Հիշվում է, 2013 թվականը ՌԴ-ում հայտարարվեց Ընտանիքի տարի, և հենց այդ ժամանակ Պուտինը բաժանվեց կնոջից։ Այդ ժամանակվանից Պուտինը ամուսնացած է Ռուսաստանի հետ։

2024 թվականն եւս հայտարարվել է Ընտանիքի տարի, և Պուտինը վերջերս ասել է, որ «ընտանիքի ամենափոքրերը սովորում են չինարեն»։

Եթե ​​Պուտինը ընտանիք չունի, թող միգրանտներն էլ չունենան. հակառակ դեպքում ինչպե՞ս լուծել ժողովրդագրական խնդիրները սեռական հասուն, բայց ամուսնացած միգրանտների հետ։

ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին խոսելը ծիծաղելի է․ ԱՄՆ սենատոր

«Ոչ մի միջազգային պայմանագիր չի կարող գերակա լինել երկրի սահմանադրությանից։ Եթե ​​Հայաստանը ցանկանում է կայուն խաղաղություն, ապա պետք է փոխի իր սահմանադրությունը, որը տարածքային պահանջներ է ներառում Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ։ Նմանակելով (իմիտացիա) խաղաղության հասնել հնարավոր չէ», X-ում “հակասահմանադրական” նոր ալիք են բարձրացրել Ադրբեջանի պրոպոգանդիստները:

Երեկ Supporting Armenia’s Democracy and Western Future խորագրով ԱՄՆ կոնգրեսում Հայաստանին նվիրված լսումներ են տեղի ունեցել: Անդրադառնալով Հայաստանի սահմանադրության փոփոխությանը Ադրբեջանի պահանջին, ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինը ծիծաղելի է անվանել այդ պահանջը:

«Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, ինչը ծիծաղելի է, պարզապես ծիծաղելի», ասել է  սենատորը:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև ողբերգական անցյալի ֆոնին կա՞ արդյոք խաղաղության ու կայունության հնարավորություն, և ի՞նչ կարող է անել Միացյալ Նահանգները դրան աջակցելու համար․ այս հարցն էին քննարկում Կոնգրեսի Հելսինկիի հանձնաժողովում։

Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս գալու նշան ցույց չի տալիս և նոր պահանջներ է առաջ քաշում խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու համար, հայտարարեց Բեն Քարդինը, որ ամիսներ առաջ էր այցելել Հայաստան:

Փորձառու կոնգրեսականն ընդգծեց՝ իր համոզմամբ, Հայաստանի ու Ադրբեջանի միջև շուրջ երկու տարի բանակցվող փաստաթուղթն արդար չէ, քանի որ չի անդրադառնում հայկական կողմի համար առանցքային մի շարք հարցերի:

«Որքան ես եմ հասկանում՝ նրանք չեն խոսում անգամ Լեռնային Ղարաբաղի և այնտեղից տեղահանված մարդկանց մասին, չեն խոսում անգամ սահմանի խնդիրներից՝ այն տարածքներից, որ այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, այնպես որ դա շատ արդար համաձայնագիր չէ։ Այդքանով հանդերձ, որքան ես եմ հասկանում, Հայաստանն ուզում է առաջ շարժվել, քանի որ դա սահմանները բացելու և երկիրը տնտեսական զարգացման ճիշտ ուղու վրա դնելու միակ տարբերակն է», – նշեց Բեն Քարդինը:

Լսումները` հետեւյալ հղումնով (անգլերեն):

 

«Եվրոպացիները հանուն Արցախի հարթակը» գումարեց COP 29-ի հետ կապված քննարկում

Սեպտեմբերի 6-ին գումարվեց «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի (Europeans for Artsakh) առցանց հանդիպումն Անգլիայի, Գերմանիայի, Կիպրոսի, Հոլանդիայի, Հունաստանի, Չեխիայի, Բելգիայի, Բուլղարիայի և Ֆրանսիայի հայ համայնքների ներկայացուցչական մարմինների մասնակցությամբ:

Օրակարգի առանցքային կետը Բաքվում կայանալիք COP 29-ին ընդառաջ ի նպաստ արցախահայության տարված քարոզչական և քաղաքական աշխատանքների քննարկումն էր:

ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի կողմից  COP 29-ի ուղղությամբ կատարված և առաջիկա աշխատանքները ներկայացրեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Մարիաննա Վարդանյանը զեկուցեց Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի նախաձեռնությամբ սոցիալական ցանցերում կատարված արշավի մասին։

Ժողովի մասնակիցները վերահաստատեցին՝ չափազանց կարևոր է զորաշարժի ենթարկել եվրոպահայության ողջ ներուժը՝ Ադրբեջանի վրա մեծ ճնշում գործադրելու համար, հետևեալ նպատակներով՝

 –          Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և բոլոր գերիներերի ազատ արձակում,

–           Արցախցիների հավաքական վերադարձի իրավունքի շուրջ արտաքին քաղաքական զորակցության ապահովում և Բաքվի վրա համապատասխան միջազգային ճնշում,

–           Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման ցեղասպան քաղաքականության դատապարտում,

–           Հայաստանի հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի հեռացում․

–           Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության պահպանության կարևորում։

Ժողովը նաև անդրադարձավ Ադրբեջանի կողմից Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 76 պատգամավորներին անցանկալի անձերի ցուցակում ներառելու որոշմանը: Ժողովի մասնակիցները դատապարտեցին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության այդ քայլը և զորավիգ են կանգնում այդ պատգամավորներին:

«Ֆրեսկոներ Փարաջանովի համար»․ Պոլինա Չիժևսկայի ցուցահանդեսը Երևանում

Սեպտեմբերի 10-20-ը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում գործելու է իսրայելցի նկարչուհի Պոլինա Չիժևսկայի «Ֆրեսկոներ Փարաջանովի համար» խորագրով ցուցահանդեսը։

Նկարչուհու սերը հայկական մշակույթի նկատմամբ ծնվել է դեռ երիտասարդ տարիքում՝ Մինաս Ավետիսյանի և Մարտիրոս Սարյանի հանճարեղ գեղանկարչությանը ծանոթանալուց հետո, իսկ Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը դարձել են իրական բացահայտում երիտասարդ նկարչուհու համար։

Գեղարվեստական արտահայտության ճշգրտությունը, կերպարների և խորհրդանիշների խորությունը վկայում էին այն մասին, որ գոյություն ունի արվեստի «ծածկագրային» լեզու, որի միջոցով նկարիչները կարող են միմյանց հասկանալ ժամանակի և տարածության միջով։

«Ֆրեսկոներ Փարաջանովի համար» շարքը ստեղծվել է 1996-1997 թվականներին և հարգանքի տուրք է արվեստի մեծ վարպետին։ Աշխատանքներում օգտագործված են Փարաջանովի ֆիլմերից խորհրդանիշներ՝ Պոլինայի ընկալմամբ․ նուռը՝ հոգու խորհրդանիշ, վիտրաժը՝ ճշմարտության խորհրդանիշ, որը հավերժ գոյություն ունի, սակայն թաքնված է մարդկանցից, ովքեր չեն ցանկանում կամ չեն կարողանում այն տեսնել։

Այս ցուցահանդեսը Սերգեյ Փարաջանովի ճակատագրի և ստեղծագործության դրամատիկ, պոետիկ լուսաբանումն է։ Սա յուրատեսակ ուղերձ է գեղարվեստական կերպարների միջոցով, հիշեցում այն մասին, որ մարդու ազատությունը հնարավոր է ինչպես արվեստում, այնպես էլ կյանքում։

-Ցուցահանդեսն իմ երախտագիտությունն է ուղղված Վարպետի մեծ ժառանգությանը, որն ինձ համար ներշնչման նոր ճանապարհներ է բացել։ Նրա ֆիլմերը շատ չեն, բայց դրանք նրան բերեցին համաշխարհային ճանաչում և կինեմատոգրաֆում նոր խոսքի փառք։ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործություններն իմ ներկայացման կարիքը չունեն, սակայն ես երջանիկ եմ, որ գիտեմ մարդկանց, ովքեր բացահայտել են վարպետի ֆիլմերն ու ճակատագիրը՝ այս ընծայի միջոցով,-ասում է նկարչուհի Պոլինա Չիժևսկայան։

Այդ մասին հայտնում է ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ

Զախարովան կոչ է արել Հայաստանի զինվորականներին «ասել իրենց խոսքը»

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, ով, մատնանշելով Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանին ռուս սահմանապահների ներկայությունը, նշել է, որ «այս հարցում նույնպես մտածելու բան ունենք»:

Զախարովան հիշեցրել է, որ 1992 թվականին կնքված ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագիրն անժամկետ բնույթ ունի, և ռուս սահմանապահները 30 տարուց ավելի հսկում են Հայաստանի սահմանները։

«Սահմանային ծառայությունների միջև լայնածավալ և արդյունավետ փոխգործակցություն է հաստատվել, ինչը, ըստ երևույթին, նյարդայնացնում է Երևանի որոշ քաղաքական գործիչների»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

«Նրանց, ովքեր իսկապես հսկում են Հայաստանի սահմանը՝ ոչ թե աթոռներին նստած, այլ զենքը ձեռքին… Գուցե նրանք իրենց խոսքը ասեն»,- եզրափակեց նա։

Զախարովայի հայտարարությունից հետևում է, որ Հայաստանի իշխանությունները լիովին չեն վերահսկում ուժայիններին։ Ավելին, Զախարովան զինվորականներին կոչ է անում «իրենց խոսքն ասել»։

Ի՞նչ է կոչ անում ՌԴ ԱԳՆ-ն հայ զինվորականներին ու սահմանապահներին։ Հիշվում է, թե ինչպես էր 2022 թվականի մարտին Պուտինը բացահայտորեն կոչ անում ուկրաինացի զինվորականներին տապալել Կիևում «թմրամոլների կառավարությունը» և անցնել Ռուսաստանի կողմը։

Մարիա Զախարովան, սակայն, բոլոր հիմքերն ունի Հայաստանի վերաբերյալ նման հայտարարություններ անելու, հաշվի առնելով, որ ՀՀ իշխանությունն իր գործողություններով հաստատում է, որ Հայաստանի ուժային կառույցները դեռ վերահսկվում են Ռուսաստանի կողմից։

Ամենաթարմ օրինակը․ մի քանի ամիս առաջ հայտնի դարձավ, որ 2020 թվականի դեկտեմբերին Բաքվի, Երևանի և Մոսկվայի պաշտպանության նախարարները հուշագիր են ստորագրել Սյունիքում հայկական տարածքները, այդ թվում՝ Հայաստան-Իրան 21 կիլոմետրանոց ճանապարհի հատվածը հանձնելու մասին և ռուսական զորքերը Սյունիքուն տեղակայելու մասին։ Այն ժամանակվա Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը հայտարարեց, որ տեղյակ չէր այս հուշագրից։ Վարչապետի աշխատակազմից չեն մեկնաբանել, թե վարչապետը տեղյա՞կ էր հուշագրից, թե՞ պաշտպանության նախարարն առանձին է գործել։ Ավելին, լրատվամիջոցները նշում են, որ հուշագիրը ստորագրած Վաղարշակ Հարությունյանին կրկին ուզում են  պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել՝ Ռուսաստանում դեսպանի առաքելությունն ավարտելուց հետո։

Այն, որ Ռուսաստանը ուղղակիորեն սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը, հայտարարում են իրանցի պաշտոնյաները, որոնք ոչ թե Երևանին կամ Բաքվին, այլ Մոսկվային են կոչ անում հրաժարվել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքից։

Այժմ Զախարովան, փաստորեն, կոչ է անում Հայաստանի ուժայիններին «իրենց խոսքն ասել»։