Վաղուհասի Մայրամաքաղաքաքը, որը կառուցվել է 1183-ին

Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի տարեցները պատմում էին, որ խորհրդային տարիներին պայթեցվել է գերեզմանոցի տարածքում գտնվող վանքը՝ Ս. Տիրամայրը, որն ավելի հայտնի էր Մայրամքաղաք անունով: Արձանագրությունները վկայում են, որ վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է ՈԼԲ (1183) թվականին՝ Հասանի կողմից:

Կանայք, տատիկներն ավերակների պատերին մոմ էին վառում ու կարճ աղոթ ասում. “Աստուծ, իրեսս վետանտ տակը…”

Մայրամքաղաքը վերանորոգել չի ստացվել, նորի ճակատագիրն էլ ցավոք անհայտ է դեռ:

Մարութ Վանյան

Արցախցի երեխաները զրկվեցին իրենց տանը ծնվելու իրավունքից

«Մի օր գնում եմ հիվանդանոց, բուժքույրերից մեկը 6 հատ խնձոր է տալիս, որը գյուղից էր բերել: Այդ օրերին ամեն օր խնձոր ուտելը ճոխություն կլիներ: Ես խնձորների վրա գրեցի շաբաթվա օրերը, երբ դրանք կարելի էր ուտել։ Այդ օրը ես ու փոքրիկ աղջիկս ուտում էինք մեկական խնձոր։ Մեկ էլ հիշում եմ, որ ահավոր կաղամբ էի ուզում, և երբ ընկերուհիս բերեց, ես սկսեցի լացել»:

Շատ արցախցի երեխաներ պետք է ծնվեին Արցախում, սակայն շրջափակումը, իսկ հետո պատերազմը զրկեցին նրանց սեփական տանը ծնվելու իրավունքից:

Գեղանուշ Սաֆարյանը 34 շաբաթական հղիության ժամանակ Կարմիր խաչով տեղափոխել էր Երևան: Հղիությունը՝ սննդի ու դեղորայքի բացակայության պատճառով վտանգի տակ էր։ Երևանում ծնվել է նրա որդին: Թեև ժամանակից շուտ, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրան։

Երևան գալուց Գեղանուշը ընդամենը մի քանի իր է վերցրել հետը, չպատկերացնելով, որ հնարվոր է՝ չվերադառնա Արցախ:

«Հիմա դժվար է պատկերացնել, բայց շրջափակման ողջ ծանրությունը զգացել են հղիները՝ դեղերի պակաս, տրանսպորտի բացակայություն և ամենակարևորը՝ վիտամիներով հարուստ սննդի պակաս: Եթե Գորիս գնացող մեքենաները կարողանում էին թաքուն ինչ-որ միրգ կամ բանջարեղեն հասցնել, դա արդեն երջանկություն էր”:

Գեղանուշը որպես հոգեբան աշխատում էի Ստեփանակերտի հիվանդնոցներում: Մի անգամ հղի երիտասարդ կին զանգեց ու լացելով ասաց, որ տրանսպորտ չկա, բայց ինքը ոտքով գյուղից գալիս է: “Շատ դժվար էր, տրանսպորտի բացակայության պատճառով մեր գրաֆիկներն էլ են խառնվել, բայց փորձում էինք ամեն ինչ անել, որ օգնենք մարդկանց»:

Հայաստանում Գեհանուշի ընտանիքը, ինչպես արցախյան շատ ընտանիքներ, բախվել է սոցիալական և կենցաղային խնդիրների։  Նա վերսկսել է աշխատանքը՝ ընդունելով բոլորին, ովքեր ցանկանում են հաղթահարել հոգեբանական դժվարությունները։

Նա նույնպես դեռ չի պատկերացնում վերադարձը Արցախ, ասում է՝ վերադարձը հնարավոր կլինի, եթե Արցախը նորից դառնա հայկական:

Ալվարդ Գրիգորյան

«120 միլիոնից՝ 250 միլիոն դոլար»․ԱՄՆ կառավարությունը կրկնապատկում է ՀՀ-ին տրամադրվող ֆինանսավորման շեմը

Ազատություն

ԱՄՆ կառավարությունը կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման շեմը՝ 120 միլիոն դոլարից դարձնելով 250 միլիոն դոլար, հայտարարում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակը՝ նշելով՝ ստորագրվել է Զարգացմանն ուղղված դրամաշնորհային համաձայնագրի թիվ մեկ փոփոխությունը։

Ըստ հաղորդման՝ փոփոխության նպատակն է խթանել ժողովրդավարության և տնտեսության զարգացումը Հայաստանում։

1992 թվականից ի վեր Միացյալ Նահանգները մոտ 3 միլիարդ դոլար է տրամադրել՝ աջակցելու Հայաստանի զարգացմանը։

ԱՄՆ ՄԶԳ-ը նշում է, որ աջակցություն կտրամադրի ըստ Հայաստանի փոփոխվող կարիքների, ներառյալ՝ վերջերս երկրի առջև ծառացած մարտահրավերների և աշխարհաքաղաքական տեղաշարժերի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 5-ին Բրյուսելում հանդիպել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ։ Փաուերը նշել էր, որ ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ և պատրաստ է շարունակական աջակցություն ցուցաբերել կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման և զարգացման։

Փաշինյան-Փաուհեր հանդիպումից օրեր անց ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակը հայտնել էր, որ 33 մլն դոլարի աջակցություն է տրամադրում Հայաստանի ժողովրդին՝ նշելով, որ Վաշինգտոնը մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը։

«Արա, պա ստի պեն կընի՞. Արցախցի երեխաների թատերական առաջնախաղը

Սեպտեմբերի 9-ին, ժամը 19:00-ին, Հայաստանի կինոգործիչների միության փոքր դահլիճի՝ Հենրիկ Մալյանի անվան թատրոնի բեմում, տեղի ունեցավ արցախցի երեխաների «Արա, պա ստի պեն կընի՞» թատերական ներկայացման առաջնախաղը։ Այս նախաձեռնությունը մեծ նշանակություն ունեցավ ոչ միայն արվեստի սիրահարների համար, այլև հայկական մշակույթի և լեզվի պահպանման գործում։

Ներկայացումը բեմադրված էր Ալ․ Մանասյանի համանուն ստեղծագործության հիման վրա՝ Սրբուհի Բալայանի ռեժիսուրայով։ Արցախցի երեխաները, հանդես գալով Արցախի բարբառով, հանդիսատեսին փոխանցեցին իրենց հարազատ լեզվով և մշակույթով հարուստ ստեղծագործությունը, որը նպաստում է Լեռնային Ղարաբաղի բարբառների կենսունակության ապահովմանը։

Մշակութային առաքելություն

Այս նախագիծը մեծ նշանակություն ունեցավ հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման գործում՝ նպաստելով Լեռնային Ղարաբաղի բարբառների և ինքնության պահպանմանը։ Նախագիծն իրականացնում էր ԴԻԶԱԿ ԱՐՏ (Dizak Art) կազմակերպությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի կինոգործիչների միության աջակցությամբ։

Արցախցի երեխաների համար ստեղծվել էին բարենպաստ պայմաններ՝ իրենց բեմական ունակությունները ցուցաբերելու և արվեստի միջոցով իրենց պատմությունը պատմելու համար։ Հենրիկ Մալյանի անվան թատրոնի բեմը սիրով և պատրաստակամությամբ տրամադրվել էր, ընդգծելով մշակութային, սոցիալական և բարոյական պատասխանատվությունը։

Ներկայացման կարևորությունը

«Արա, պա ստի պեն կընի՞» ներկայացումը ոչ միայն հարթակ էր արցախցի երեխաների համար, այլև կոչ՝ ուշադրություն դարձնելու հայկական մշակույթի տարբեր կողմերի պահպանմանը և ներկայացմանը։ Նախագծի նպատակն էր շարունակաբար բարձրացնել հայկական մշակութային արժեքների և ժառանգության գիտակցությունը։

Հայաստանի կինոգործիչների միությունը և մյուս գործընկերները հույս ունեն, որ այս նախաձեռնությունը կդառնա շարունակական և կնպաստի արցախյան մշակույթի հետագա զարգացումներին։

Տաթև Ազիզյան

Ղարաբաղյան եռանկյունի. շուտ պատերազմ լինի, որ ամեն ինչ բարդենք դրա վրա

Քարին տակ

Աշնանային քաղաքական սեզոնը Հայաստանում սկսվեց Արցախի շուրջ ցինիզմի ու խղճուկ արդարացումների «վեճով»։ Կողմերից յուրաքանչյուրն արտահայտել է իր դիրքորոշումները, որոնք կազմել են խոսուն եռանկյունի` ցույց տալով կողմերի հանցավորության աստիճանը։

Հայաստանի իշխանությունը, ընդգծված ցինիզմով, որի տակ փորձում է թաքցնել ազգային շահերի դավաճանությունը, պնդում է, որ Արցախ չկա, չի եղել և չի լինելու։ Մենք պատասխանատու ենք 29,8 հազար քառ. կմ համար, ասում են իշխանության ներկայացուցիչները՝ չնշելով, թե որ փաստաթղթում է սահմանված Հայաստանի նման տարածքը։ Իշխանություններն ասում են, որ արցախցիների վերադարձի հնարավորություն չեն տեսնում, և նրանք պետք է ինտեգրվեն հայ հասարակությանը, բայց առանց «ռևանշիստների և անջատողականների» ։

Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ Արցախը գոյություն ունի, որ անհրաժեշտ է ներկայիս օրակարգում ներառել Արցախի ժողովրդի վերադարձի հարցը (նկատի առեք՝ ոչ թե Արցախի դեօկուպացիան, այլ Արցախի ժողովրդի վերադարձը Բաքվի իրավասության տակ), բայց դրա համար անհրաժեշտ են որոշակի «երաշխիքներ», վտարանդի արցախյան կառավարության գոյություն։ Ազգային շահերի դավաճանությանը մեղսակցության այլ ողորմելի արդարացունմեր են հնչում։ Դրանց միանում է նաեւ Արցախի հասարակական-քաղաքական վերնախավը, որը հրաժարվեց իր հզոր մանդատից եւ այն հանձնեց ոմն Օսկանյանին։

Հայաստանի իշխանություններին և ընդդիմությանը սեփական Սահմանադրությանը դավաճանելու մեջ մեղադրող «դատախազը» Ալիևն է, ով պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, չեղարկել 1989թ. Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշման հղումը։ Բաքուն ամեն օր հիշեցնում է Հայաստանի իշխանություններին և ընդդիմությանը, որ Արցախը Հայաստանի մաս է, թեև այն այժմ օկուպացված է, իսկ բնիկ բնակչությունը տեղահանված է։

Հայաստանի իշխանությունը, ընդդիմությունը և արցախյան իսթեբլիշմենտը անհաջող կերպով փորձում են ցինիզմի և ճղճիմ արդարացումների հետևում թաքցնել Հայաստանի Սահմանադրության պահպանման, միասնական Հայաստանի և ազգային շահերի համար իրենց պատասխանատվության ժխտումը։ Ոչ մեկը, ոչ մյուսը չեն մեկնաբանում Ալիևի հայտարարությունները, չեն հաստատում և չեն մերժում 1989 թվականի Միացումի մասին որոշումը՝ անհամբեր սպասելով ռազմական գործողությունների հաջորդ բռնկմանն, որի վրա կարելի է բարդել ամեն ինչ։

Թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը, թե՛ արցախյան իսթեբլիշմենթը քաջ գիտակցում են իրենց քաղաքականության հանցավորության չափը և պատժի անխուսափելիությունը։ Հատուցման են սպասում նաեւ այն մայրաքաղաքներում, որտեղ ծրագիր է կազմվել, ըստ որի՝ արցախյան սիրտը պոկվել է Հայաստանի մարմնից։ Այս մայրաքաղաքներն արդեն սկսել են զգալ հատուցման պատուհասը՝ հայտնվելով կործանման եզրին։ Կուրսկի մի մասը գրավված է, Մոսկվան ռմբակոծվում է, Թուրքիան և Իսրայելը կործանման եզրին են, և առայժմ միայն Իրանը է սկսել գիտակցել «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման» և ռուս-թուրքական ծրագրերիը սատարելու հետևանքները։

Ալիևն ավելի ու ավելի է դժվարանում թաքցնել իր կենդանական վախը։

Նաիրա Հայրումյան

Մրցույթ. մեկնարկում է «Ծնվել եմ Արցախում» ծրագիրը

«Արվեստ23» ՀԿ-ն հայտարարում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մեկնարկի մասին, որը նվիրված է Արցախում ծնված, Արցախից տեղահանված և ՀՀ-ում բնակվող մինչև 18տ. (ներառյալ) տաղանդավոր պատանի երաժիշտների համար:

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի գաղափարի հեղինակն է UNICEF-ի ազգային դեսպան, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի փոխակերպել Արցախի տաղանդավոր երեխաների կյանքը և ստեղծել արժանապատիվ և հաջողակ ապագա պատանի երաժիշտների համար հետևյալ մասնագիտություններով՝ ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածային գործիքներ (ոչ ազգային նվագարաններ), դաշնամուր և տավիղ:

Ընտրված դիմորդները, որոնք հաջողությամբ կանցնեն մրցութային փուլերը, կստանան հնարավորություն մասնակցել անվճար մասնագիտական դասերի ոլորտի առաջատար մասնագետների կողմից և արտասահմանյան հանրահայտ արտիստների հետ կունենան վարպետության դասեր՝ ապահովելով մասնագիտական աճ և զարգացում, հանդես գալ համերգային ելույթներով՝ ձեռք բերելով բեմական փորձ:

Ծրագիրն առաջարկում է նաև օտար լեզուների բանավոր խոսքի զարգացման անվճար դասեր՝ ընդլայնելու նրանց գլոբալ հաղորդակցությունը, թանգարանային այցեր՝ խորացնելու նրանց մշակութային ըմբռնումը, և հրավերներ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից կազմակերպվող հայաստանյան համերգներին:

Բացի այդ, ծրագիրը տրամադրում է ֆինանսական աջակցություն և անհրաժեշտության դեպքում՝ երաժշտական գործիք, համակարգիչ և համացանցի հասանելիություն՝ ապահովելով, որ որևէ խոչընդոտ չկանգնի նրանց հաջողության ճանապարհին: Ծրագիրը նախատեսվում է հինգ տարիների համար, որի ընթացքում արցախցի տաղանդավոր պատանիները կմասնակցեն միջազգային մրցույթների և փառատոնների:

Աշխարհում ամենակարդացվող կենսագրությունները համարվում են արտիստների կենսագրությունները: Դրանք ամենաշատն են տարածվում և ունեն ազգային պատկանելիության ամենաազդեցիկ դերը: Մենք հավատում ենք, որ կկրթենք բարձր որակի պրոֆեսիոնալ երաժիշտների, ովքեր իրենց կենսագրություններում գրելով «ԾՆՎԵԼ ԵՄ ԱՐՑԱԽՈՒՄ» արտահայտությունը` կշարունակեն ապրեցնել Արցախի հայի գենը ամբողջ աշխարհում:

Սա ավելին է, քան պարզապես կրթական ծրագիր. այն հստակ հնարավորություն է Արցախից տեղահանված երիտասարդների համար՝ վերականգնելու իրենց երազանքները և վերաիմաստավորելու իրենց ապագան երաժշտության և կրթության ուժի միջոցով: «Ծնվել եմ Արցախում» ծրագիրը, խթանելով իր մասնակից-երաժիշտների մուտքը միջազգային ասպարեզ, նպատակ ունի նրանց կենսագրություններում «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը դարձնել ամենակարդացվողը աշխարհում՝ այդպիսով հանրահռչակելով Արցախի մշակութային ժառանգությունն աշխարհի ամենաբարձր բեմերում։

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է ս./թ. սեպտեմբերի 25-ը: Ծրագրին դիմելու կարգը, դիմում-հայտը և այլ մանրամասները ներկայացված են «Արվեստ23» ՀԿ-ի www.arvest23.org կայքէջում: Մանրամասների համար կարող եք զանգահարել 011 232 113 հեռախոսահամարով:

Ցինիկ սիմվոլիզմ. Հունգարիան Բաքվին և Երևանին առաջարկում է խաղաղություն կնքել Բուդապեշտում

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հրավիրել է Երևանին և Բաքվին Բուդապեշտում խաղաղության պայմանագիր ստորագրելու։

Ինչպես հայտարարեց հունգարացի նախարարը «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի ժամանակ, պատերազմը երբեք չի ավարտվում մարտի դաշտում, դա տեղի է ունենում բանակցությունների սեղանի շուրջ։ Հունգարիան կարող է շփվել հակամարտության երկու կողմերի հետ՝ փոխադարձ հարգանքի հիման վրա։

Բուդապեշտը, նրա խոսքով, վերջերս վերականգնեց դիվանագիտական ​​հարաբերությունները Հայաստանի հետ։ Դրանից հետո երկկողմ առևտուրը ռեկորդ է սահմանել, և մայրաքաղաքների միջև թռիչքներ են սկսվել։ Հունգարիան ամառային արձակուրդներին ընդունել է մոտ հազար երեխա ղարաբաղյան ընտանիքներից։

Բացի այդ, կողմերը համագործակցություն են հաստատում, այդ թվում՝ դեսպանատներ բացում։

Միևնույն ժամանակ, Հունգարիան ռազմավարական համագործակցություն է հաստատել Ադրբեջանի հետ և սերտ կապեր էներգետիկ ոլորտում, նշել է Սիյարտոն։

«Սա մեզ հնարավորություն է տալիս օգնելու երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ավարտին: Երկու կողմերի հետ իմ վերջին զրույցների ժամանակ առաջարկվել է որպես տարբերակ ընտրել Բուդապեշտը որպես խաղաղության պայմանագրի ստորագրման վայր»,- նշել է հունգարացի նախարարը։

Քաղաքական ցինիզմը սահմաններ չունի. Սաֆարովի պատմությունը, ով 2004-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի վարժանքների ժամանակ կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին, հիմք դրեց դրանից մեկ տարի առաջ նախագահ կարգած Իլհամ Ալիևի՝ հայերին անպատիժ ոչնչացնելու քաղաքականությանը: Հենց որ 2010 թվականին Օրբանը դարձյալ դարձավ Հունգարիայի վարչապետ, սկսվեց Սաֆարովի գործի վերանայումը, իսկ 2012 թվականին նա արտահանձնվեց Բաքու՝ Պուտինի ընկերոջ բացահայտ աջակցությամբ։

Այս պատմությունը սոսկ մարդկային դրամա չէ, այլ համաշխարհային քաղաքականության շրջադարձի, մասնավորապես՝ Հայաստանի վերացման ծրագրերի մեկնարկի ցուցիչ։ Այդ ծրագրերը հետեւողականորեն իրականացնում են առ այսօր Պուտինը, Էրդողանը, Օրբանը, որոնց հետ Հայաստանի ներկայիս իշխանությունը բարեկամական հարաբերություններ ունի։

Հայաստանի իշխանությունն ամեն քայլափոխով հաստատում է իր մասնակցությունը Պուտին-Օրբան-Էրդողան ծրագրերին, և հնարավոր է, որ «խաղաղության պայմանագիրը» իրոք կնքվի Բուդապեշտում՝ ՆԱՏՕ-ի այն դպրոցում, որտեղ սպանվել է Մարգարյանը, «երախտավոր» ղարաբաղցի երեխաների շրջապատում։

Շահումյան 6-րդ փողոցը անվանակոչվեց Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի անվամբ

Երևանը առաջիկա տարիներին կզարգանա հաստատված նոր գլխավոր հատակագծով. 3-րդ նստաշրջանի 1-ին նիստում ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին: Հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:

«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող տարածքի Շահումյան 6-րդ փողոցը (սկսվում է Մամիկոնյան-Շահումյան 6-րդ փողոցի խաչմերուկից, հասնում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի Փառքի ուղի՝ Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հարող տարածք), նրբանցքը (սկսվում է ներկայիս Շահումյան 6-րդ փողոցից, հասնում հ. 91 դպրոց) և փակուղին (գտնվում է ներկայիս Շահումյան 6-րդ և 7-րդ փողոցների միջև) անվանակոչվեց Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվամբ:

Հայաստանի փաստացի ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող տարածքներ են հանձնել

Հայաստանի իշխանությունը ՀՀ ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող տարածքներ է հանձնել Ադրբեջանին, այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Երբ Կիրանցի մեր բնակիչների սեփականություն հանդիսացող գույքը եւ տարածքը հանձնվեց Ադրբեջանին, Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս արդարադատության նախարարության, հայտարարեցին, որ պետական գրանցման վկայականները տրվել են ոչ ճիշտ տվյալների հիման վրա։ Ես հարցրեցի՝ որքա՞ն է կազմել այդ ոչ ճիշտ տարածքների մակերեսը։ Խոստացան ճշտել ու ասել, հետո պարոն Սիմոնյանն ասաց՝ Հայաստանի ինքնիշխան տարածքներից Ադրբեջանին ոչ մի բան չի հանձնվել։ Ես դարձյալ ասացի, որ այս իշխանությունները ժողովրդի թիկունքում գաղտնի տարածք են տվել Ադրբեջանին։ Որքա՞ն է կազմում այդ տարածքը, մակերեսը, ասացին՝ հարցում ուղարկեք, կպատասխանենք։ Ես չլզացա, օգոստոսի 2-ին հարցում ուղարկեցի կառավարության աշխատակազմ։ Հարցրեցի՝ ի՞նչ հանգամանքներում է պարզվել, որ Կադաստրի կողմից տրված իրավունքի պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա։ Պատասխանը եկավ գաղտնի թղթածրարով։ Այսինքն՝ կառավարությունը հաստատեց իմ այն պնդումը, որ իրենք ժողովրդի թիկունքում գաղտնի ՀՀ-ից տարածք են հանձնել Ադրբեջանին։ Հայաստանի փաստացի ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող տարածքներ են հանձնել, այլապես պատասխանը կգար բաց, ինչո՞ւ են գաղտնի պահում»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց հաղորդում ներկայացնել Գլխավոր դատախազություն․ «Հանցագործության մասին  հայտարարություն տվեք, ես կարծում եմ՝ իրավապահները նույնպես պետք է հետաքրքրվեն, մի հատ հասկանան՝ պարոն Խաչատրյանը ՀՀ տարածքից ի՞նչ հող հանձնելու գաղտնի տեղեկությունների է տիրապետում։ Ես զարմանում եմ, որ դուք հանցագործության մասին հաղորդում եք անում, կոչ եմ անում իրավապահներին այս հայտարարության հետքերով գնալ»։

 

Թեհրան․ Հայաստանի պետականության վերացման նախաձեռնողը Ռուսաստանն է

Իրանի պաշտոնական հաստատությունների, պաշտոնյաների վերջին օրերի հայտարարություններն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ խիստ առարկայական, ուղիղ ու հասցեական են դարձել։ Դրանցում ամենակարեւոր արձանագրումները հետեւյալն են․ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի, այն է՝ Հայաստանի հարավի օտարման եւ հայ-իրանական սահմանը ոչնչացնելու ծրագրի նախաձեռնողն ու իրականացնողը Ռուսաստանն է՝ Բաքվի ու Անկարայի միջոցով։

Միջանցքի բացումը Իրանի ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության համար լուրջ սպառնալիք է, այդ թվում՝ երկրի մասնատմանն ուղղված։ Զանգեզուրի միջանցքը Պուտինի հարձակումն է՝ ուղղված Իրանի նոր կառավարության և Միացյալ Նահանգների միջև կապուղիների ձևավորման հնարավորությունը կանխելուն։ Ծրագիրը սպառնում է Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա տանող միակ ցամաքային ճանապարհին: Տարածաշրջանում ցանկացած միջամտություն, լինի դա Թուրքիայից, Ադրբեջանից կամ Ռուսաստանից, դիվանագիտական և ռազմական մակարդակներում կբախվի Իրանի վճռական դիմադրությանը։

Ընդգծվում է, որ հայ-իրանական սահմանը հազարամյա սահման է։ Նշվում է, որ Իրանը հնարավոր բոլոր միջոցներով, անկախ այլ երկրների դիրքորոշումներից, կանխելու է միջանցքի ծրագիրը։ Ընդ որում, այդ հայտարարություններում բավական թափանցիկ ակնարկներ են արվում պաշտոնական Երեւանի կողմ, եւ դա բնական է՝ Փաշինյան-քպ կառավարությունը եւ նրա նոմենկլատուրային ռուսապատկան «ընդդիմությունը» սպասարկում են ռուս-թուրքական ծրագրերը։

Իրանական հայտարարություններում նշվում է՝ անկախ Երեւանի դիրքորոշումից, Իրանը պաշտպանելու է հայ-իրանական սահմանը։

Նշենք, որ ՌԴ ԱԳՆ մեղադրանքին ի պատասխան, թե Երեւանը սաբոտաժի է ենթարկում եռակողմ պայմանավորվածությունները, նկատի ունենալով հաղորդակցությունների կետը, ՀՀ ԱԳՆ չի նշել, որ խախտվել են եռակողմ համաձայնությունների մյուս բոլոր կետերը, եւ չի պահանջել այդ խախտումների վերացում։

Միջանցքի խնդրի վերաբերյալ Իրանից հնչող կոշտ ու հասցեական հայտարարությունները կապված են Ռուսաստանի վերջին քայլերի հետ․ Բաքու կատարած այցի ժամանակ ոմն Պուտին Ալիեւի հետ քննարկել է ՀՀ հարավի օտարման արագացման խնդիրը, այդ թվում ռազմական միջոցով։ Ռուսաստանի համար միջանցքը ստվերային սխեմաներով արտաքին առեւտրի խողովակ է, նկատի առնելով արեւմտյան պատժամիջոցների երկարաժամկետ բնույթը։

Սակայն խորքային խնդիրը Հայաստանի պետականության ոչնչացումն է՝ տարածաշրջանից Ռուսաստանի նահանջն անցնցում իրականացնելու համար։

Թեհրանը հասցեական եւ ուղիղ նշում է ՀՀ պետականության վերացման ծրագրավորողին ու իրականացնողին՝ Ռուսաստան։ Հետաքրքիր է՝ հիմա ինչ կասեն հայաստանյան ռուսապատկան քաղդասն ու մեդիա-քաղաքագիտությունը, որոնք զբաղված են ռուսական պրոպագանդայի կեղտը սփռելով։

Հեռու չէ այն օրը, երբ Թեհրանն առավել առարկայական ու մանրամասն կարտահայտվի Ռուսաստանի այդ ծրագրերի մասին։

Հայաստանի դեմ Արցախում 2020-ից սկսած ռազմական արշավն ու նոյեմբերի 9-ի թուղթը ուղղված էին նաեւ Իրանի դեմ, հաշվի առնելով այդ ծրագրերի շահառուներին՝ Ռուսաստան եւ նրա գործիք այսպես կոչված ադրբեջան, Իսրայել, Թուրքիա։

Իրանի համար սա գոյության խնդիր է, եւ «ադրբեջանի տարածքային ամբողջականության», «աշխարհաքաղաքական սահմանների փոփոխության անթույլատրելիության» վերաբերյալ մանթրաների ժամանակն անցել է։

Վերջին օրերի հայտարարություններն իրենց ընդգրկմամբ ու շեշտադրումներով ցուցանում են խնդրի, իրավիճակի լրջության գիտակցումը։

Արամ Եգանյան

 

Շահումյանը, ձեռքերը խաչած, մեջքով կանգնել էր Պիտաչոկի լռած շատրվանների դիմաց

Վերջերս երկու միանման պատմություն եմ լսել, թե ինչպես են մարդիկ փրկվել Հայկազովի բենզինի պայթյունից:

«Մինչեւ վերջին վայրկյանը ես չէի պատրաստվում հարազատ գյուղից հեռանալ: Ես բոլորի պես չեմ վառել որդուս, ամուսնուս զինվորական համազգեստը: Հակառակը, լվացել, արդուկել եւ կոկիկ դասավորել եմ պահարանի մեջ, – պատմում է Մարտունու գյուղերից մի կին, – մինչեւ որ գյուղապետը չհավաքեց բնակիչներին եւ երկու ժամ տվեց իրերը հավաքելու համար… Ի՞նչ անենք, մամ, բենզին է պետք, ասաց որդիս, պետք է Հայկազով գնալ, ընդամենը երկու լիտր է մեքենայի մեջ: Որքան էլ փորձեց, այդպես էլ չկարողացավ մեքենան խոդի տալ, датчик էր փչացել… Հետո միայն լսեցինք այդ սարսափելի պատահարի մասին, գոհություն հայտնելով Աստծուն», -պատմում է կինը:

Ճարտարեցի մի մարդ էլ պատմում է, որ «յոթ գլուխ անասուն է ունեցել, եւ ծիծաղում. ինչպե՞ս կարող էի նրանց Հակարիի կամրջով անցկացնել, հազիվ մենք ենք անցել… Մխիթարանքս միայն այն է, որ մի ցուլիկ մորթել ու հարեւան-բարեկամների մեջ փայ եմ արել, մնացածին բաց եմ թողել: Որդիս հարյուր մետր էր հեռացել, երբ պայթյունը որոտացել է… Երեւի Աստված ընդունել է իմ մատաղը»,-ասում է նա:

Տատիկ-Պապիկից մինչեւ կոլցեվոյ մեքենաների կիլոմետրանոց հերթ էր: Ո՛չ գազ կա, ո՛չ բենզին: Ով կարողանում, ռուսների սեւ շուկայից մի տարա ձեռք էր բերում: Այլեւս չեկերով տաքսիստները չեն հավաքվում Վիաջոյի դիմաց: “Բենզին չկա”, մի A4 թղթի վրա կպցրած է երբեմնի լի ռեստորանի դռանը:

Սակայն վառելիքի պակասի մասին ամենավառ ապացույցը քաղաքի աղբն էր, որ արդեն հազվագյուտ էր հավաքվում: Վերջին խնայողություններն են, ասում են քաղաքապետարանում: Կողոսկրերը բաց շները փորձում են ոսկոր գտնել աղբարկղերում:

Մինչեւ վերջին օրը քաղաքը մաքրում էին, դատարկ փողոցներում լուսացույցը նարնջագույն թարթում էր, մարդիկ անկանոն քայլում էին փողոցների մեջտեղով, բանկոմատից քամում վերջին փողերը, երբ այն սպասարկում էր, նրանց ձայներն արձագանքում էին դատարկության մեջ։

Ստեփան Շահումյանը, ձեռքերը խաչած, մեջքով կանգնել էր Պիտաչոկի լռած շատրվանների դիմաց, քաղաքը բոլորովին անճանաչելի էր դարձել…

Մարութ Վանյան