Սելավային հոսք Ալավերդի-Վանաձոր ճանապարհին. կան արգելափակված ավտոմեքենաներ

Հունիսի 10-ին, ժամը 17:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քոբայր-Սանահին ավտոճանապարհին տեղի է ունեցել սելավային հոսք, ավտոճանապարհը երկկողմանի փակ է, կան արգելափակված ավտոմեքենաներ:

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին տեղի է ունեցել սելավային հոսք, որը թափվել է նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի 2606 կմ-ի պիկետ 1 և 2620-րդ կմ-ի պիկետ 4 և 5 հատվածներում։

Փրկարարները «Ալավերդու ՃՇՇ» ԲԲԸ-ի աշխատակիցների հետ իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ, տրակտորների միջոցով հեռացրել են ջրաբերուկը և արգելափակումից դուրս բերել երկու մարդատար ավտոմեքենա։ Ճանապարհի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Գիշերը Դեբեդը քշել, տարել է Լոռու մարզի Քարկոփում տեղադրված ժամանակավոր հետիոտնային կամուրջը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ալավերդու բնակիչ Նոնա Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ այդ կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով շրջափակման մեջ հայտնված բնակիչները կարողանում էին կապ հաստատել մնացած բնակավայրերի հետ:

Ի՞նչ կլինի, եթե նիստը չկայանա

«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում որոշում կա՝ ընդդիմության նախաձեռնած կառավարության հրաժարականի օրակարգով նիստին քվորում չապահովելու ու նիստը տապալելու:

Երեկ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հունիսի 11-ին կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ էին հանդես եկել: Օրենքի ուժով՝ արտահերթ նիստը կկայանա հաջորդ երկուշաբթի՝ հունիսի 17-ին: Արդեն իսկ կա ԱԺ նախագահի կարգադրությունն այդ մասով:

Ի՞նչ կլինի, երբ հունիսի 17-ի նիստը տապալվի։ Պատասխանելով այդ հարցին՝ Բագրատ սրբազանը, որի առաջնորդությամբ բողոքի կողմնակիցներն արդեն երկրորդ օրը գիշերում են Բաղրամյան պողոտայում, ասել է, որ այդ դեպքում ստիպված կլինեն թույլ չտալ պատգամավորներին աշխատանքի գնալ։ 

ՔՊ-ի կողմից նիստը տապալելը եւ բողոքի դուրս եկած մարդկանց “չորով” մերժելը կարելի է դիտարկել որպես “փողոցը” ուժային լուծման մղելու փորձ։ Եթե իշխանության փոփոխության օրինական ճանապարհները փակում ես, ուրեմն մղում ես ուժային լուծումների։ Հատկապես, որ արտաքին քաղաքական կրիզիսի այլ լուծում, կարծես, չի մնում, եւ կարելի է մոտալուտ կոլլապսի մեղքը դնել բողոքի դուրս եկած մարդկանց վրա։     

 

Քաշաթաղցիների սերտիֆիկատի ժամկետը լրանում է հուլիսի 1-ին, բայց․․․ Արմեն Չոմոյան

Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված վերաբնակիչ անձանց Հայաստանի կառավարության կողմից հատկացված բնակարանների գնման վկայագրերի ժամկետը լրանում է հուլիսի 1-ին, բայց ավելի քան 1000 ընտանիքներ չեն հասցրել օգտվել այս ծրագրից։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց  Քաշաթաղի Հայկազյան համայնքի ղեկավար Արմեն Չոմոյանը։ Դեռ հատնի չէ՝ ՀՀ կառավարությունը երկարաձգելու է սերտիֆիկատների ժամկետը, թե՞ ոչ։

Հարցին՝ ո՞րն է պատճառը, որ Արցախից բռնի տեղահանված անձանց մի մասը չեն կարողանում այդ վկայագրերով բնակարան ձեռք բերել Հայաստանում, Արմեն Չամոյանը պատասխանեց․ «Պատճառը գումարի քանակն է, որ մարդիկ չեն կարողանում այդ գումարի չափով տուն ճարել»։ Նշենք, որ ավելի վաղ մարդիկ ահազանգել էին, որ գնահատող ընկերություններն ավելի թանկ են գնահատում բնակարանը, եւ հատկացված գումարի չափը չի բավականացնում գնել այն։

Արցախից Հայաստան տեղափոխված վերաբնակիչ համարվող անձանց մեծ մասը հենց Քաշաթաղի շրջանից են, կան նաև ընտանիքներ Շուշիից ու Քարվաճառից։

Ըստ կառավարության ծրագրի՝ Երեւանում բնակարան ձեռք բերելու համար առաջարկվում է 8 մլն, մարզերում՝ 10 մլն դրամ։ Այս ծրագիրը, նախքան Արցախի ամբողջական բռնազավթումը, ուներ բաղադրիչ, որ Արցախ վերադառնալու դեպքում հատկացնում էին 12 մլն դրամ արժեքով վկայական։

Դեռեւս 2022 թվականի աշնանը կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակելի տան ձեռքբերման դեպքում 14 մլն դրամ վարկի մայր գումարը եւ 13 տոկոս տոկոսագումարը կվճարի պետությունը, իսկ սահմանամերձ բնակավայրում տուն կառուցելու համար հիփոթեքային վարկի դեպքում պետությունը կվճարի 16 մլն դրամ եւ 13 տոկոս տոկոսադրույք: Այն ժամանակ հայտարարվեց, որ արցախցիները եւս կարող են օգտվել այս ծրագրից, այնինչ, բռնի տեղահանված անձանց խոսքով, սահմանամերձ տարածքներին բանկերը հաճախ մոտ չեն գնում, ասում են՝ ռիսկային գոտի է։

Արցախից բռնի տեղահանված վերաբնակիչներն ամիսներ առաջ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաներ էին արել ու ներկայացրել իրենց խնդիրները։ Նրանք նաեւ նամակ էին հանձնել կառավարությանը՝ շարադրելով իրենց խնդիրները։ Արմեն Չոմոյանն ասաց, որ մինչ օրս իրենց հարցերի պատասխանը չեն ստացել։ «Մեր հարցերը մի քիչ հետաձգել ենք այս ներքաղաքական խառը վիճակի պատճառով։ Դեռ կառավարությունից պատասխան չունենք, բայց այս լարվածության ֆոնի վրա չեն էլ լսի մեզ, առանց այդ էլ չէին լսում»,- ասաց նա։

Անդրադառնալով կառավարության կողմից հաստատված Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին՝ Արմեն Չոմոյանն ասաց, որ արցախցիների սպասելիքները չեն արդարացել։ «Արտագաղթը կմեծանա, որովհետեւ բնակապահովման այս երկրորդ ծրագիրը խայտառակ ծրագիր է։ Այնտեղ ժամկետներ կան, ծրագիրն իրականացվելու է առաջին, երկրորդ, երրորդ փուլերով, եւ բնական է, որ երրորդ փուլի մասնակիցները մինչ այդ հաստատ դուրս կգան Հայաստանից, չեն սպասելու մինչեւ իրենց հերթը հասնի։ Եթե դրան զուգահեռ «40+10 հազար» ծրագիրն էլ դադարեցվի, արտագաղթը մեծ թափով կմեծանա»,- ասաց նա։

Ռոզա Հովհաննիսյան

 

Քաղստրիպտիզ․ դուք գիտե՞ք, թե ինչ պետք է քննարկվեր Սոֆիայում

2022 թ․ ապրիլի 12, Վահագն Ալեքսանյանը ՀՀ ԱԺ ամբիոնից պոկում է Արցախի դրոշը

Հիմա էլ պարզվում է, որ Արցախում “իշխանափոխությունն” է ՀՀ կառավարությանը խանգարել կատարել սեփական ծրագիրը։ Այ՝ եթե Արցախում Արայիկ Հարությունյանը մնար իշխանության, Ղարաբաղն իրեն  ադրբեջան կճանաչեր, հետո կսկսվեր “անջատում հանուն փրկության”։ Կարեւոր չէ, թե այդ ընթացքում ինչ կլիներ արցախցիների հետ, կարեւորը՝ ծրագիրը կկատարվեր։

Չեն գնացել Սոֆիայում բանակցությունների, ստացել են պատերազմ ու ստորագրել են ԼՂ-ի լուծարումը։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ Արցախի լուծարման մեջ մեղադրելով ԱՀ իշխանություններին։

«Մենք ասել ենք, որ գնում ենք՝ «Անջատում հանուն փրկության» ճանապարհով։ ԼՂ-ի անջատում Ադրբեջանից՝ հանուն փրկության․ երբ մենք ասել ենք, որ դա իրագործելու համար նախ պետք է ասել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանում է ու պետք է անջատվի, մի հատ նենց բում է բարձրացել, էդ Երևանում էսօրվա միտինգ անողներն եկել, ասել են՝ ազգադավներ, ասել ենք՝ ԼՂ իշխանություններ, գնացեք, Սոֆիայում բանակցեք, Երևանում հիմա միտինգ անող պատգամավորներն ասում էին՝ թուրքեր, սրիկաներ, չհամարձակվեք գնալ ու բանակցել։ Չեն գնացել Սոֆիայում բանակցությունների, ստացել են պատերազմ, ու ստորագրել են ԼՂ-ի լուծարումը»,- նշեց պատգամավորը։

Անդրադառնալով ընդդիմադիրների այն քննադատությանը, որ իշխանությունը տապալել է կառավարության ծրագիրը, Ալեքսանյանն ասաց․ «Ոչ, կառավարության ծրագիրը չենք տապալել։ Այն, ինչը գրել ենք, ամեն ինչ արել ենք, որպեսզի դա իրականանա, ուրիշ բան, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իշխանազավթումը և մնացածը խաթարել են այդ բոլոր պրոցեսները։ Այդ ամեն ինչի արդյունքում իրենց կապիտուլյացիոն ուժերի կողմից ԼՂ-ում ձևավորվել է մի իշխանություն, որը ստորագրել է ԼՂ-ի լուծարման հրամանագիրը, որը 120 հազար հոգու դարձրել է փախստական»։

Հետաքրքիր է, Վահագն Ալեքսանյանը գիտի՞, թե ինչի մասին պետք է բանակցություններ լինեին Սոֆիայում։ Ճիշտ կլինի կիսվի բոլորի հետ, թե չե բոլորը մեղադրում են Սամվել Շահրամանյանին,բայց չեն ասում, ինչի՞ց է նա զրկել արցախցիներին։

Սոֆիայում, հավանաբար, պետք է խոսեին պետական կառույցների, բանակի լուծարման, մի քանի հարյուր “ռազմական հանցագործի” հանձնման, սեփականության վերաբաշխման, բնակչության՝ ադրբեջանական անձնագրեր բաժանելու եւ այլի մասին։

Դա՞ էր ՀՀ կառավարության ծրագիրը։ Դրա համա՞ր է Փաշինյանը 2023 թ․ մայիսին Արցախը ճանաչել ադրբեջան, որ հետո “անջատի”։  

Աբսուրդի ստրիպտիզը վերջ չունի։ 

Ուզում է թողնել ավելի լավ աշխարհ. հայերն ու օտարները՝ Վարդանյանի մասին պատմող ֆիլմում

 Sputnik. Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընկերները պատրաստել ու հրապարակել են Վարդանյանի գաղափարների ու ծրագրերի մասին պատմող «Լինել մարդ. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը» ֆիլմը։
Վարդանյանին ճանաչող, նրա հետ կյանքի ուղի անցած մարդկանց պատմությունների միջոցով բացահայտվում են գործարարի անհատականությունն ու պատկերացումները մարդասիրության և կրթության կարևորության մասին: Ֆիլմի բոլոր հերոսները գալիս են այն մտքին, որ Վարդանյանի գործունեության մեջ չկա որևէ «ընդդեմ» ուղերձ, նրա ուղերձը «հանուն է»։
Ռուսական խոշորագույն խորհրդատվական ընկերության հիմնադիր նախագահ Ալեքսեյ Սիտնիկովը զարմացած է Վարդանյանի պահվածքից աշխատանքի վայրում։ Նրա խոսքով` Վարդանյանի դուռը միշտ բաց էր, և ցանկացած աշխատակից կարող էր գալ, նրա հետ սուրճ խմել և քննարկել այս կամ այն հարցը։ Նա հիշեց նաև իր և Վարդանյանի վերջին հանդիպումը։ Նրանք մեկնում էին Երևան և քննարկում այն իրավիճակը, որում հայտնվել է հայ ժողովուրդը։ Սիտնիկովի մոտ տպավորություն է ստեղծվել, որ այս ամենից Վարդանյանը ֆիզիկական ցավ է զգում։
«Ի՞նչ է պետք շատ ապահովված մարդուն։ Նա ունի ամեն ինչ։ Աշխարհի մարդ, որին սկզբունքորեն այլևս ոչինչ պետք չէ անել, որն արդեն վաստակել է խաղաղ, ուրախ կյանք»,–ասել է Սիտնիկովը։
Ձեռնարկատեր Արտյոմ Աղաբեկովն էլ նշում է, որ Վարդանյանն իր համար միշտ եղել է ուղենիշ։ Եվ հաճախ, ցանկանալով մեծահոգի լինել կամ մեծ գործ անել, ինքը մտածում է, թե ինչպես կվարվեր Վարդանյանը նման իրավիճակում։
Իսկ «Մեծ փոփոխություն» որբ երեխաների օգնության հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն Իրինա Ռյազանովան նշել է, որ Վարդանյանն օգնել է մարդկանց, որպեսզի իրենից հետո թողնի ավելի լավ աշխարհ, քան հիմա է։ Նա համոզված է, որ Վարդանյանը փորձել է փոխել աշխարհը, որտեղ շատ խնդիրներ, դժվարություններ կան։
Ուխտագնացություն Տաթև՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և Բաքվում պահվող մյուս գերիների
Ռուս լրագրող և հրապարակախոս Ալյոնա Դոլեցկայան իր հերթին հիշում է մի պատմություն, որը, իր կարծիքով, լավագույնս է բնութագրում Վարդանյանին։
Դոլեցկայան Վարդանյանի կնոջ հետ գնացել է Տաթևի վանք, վաճառական տատիկներից մեկը, տեսնելով նրանց, թարմ հացը թղթի մեջ փաթաթել է, մեկնել Վարդանյանի կնոջն ու խնդրել հացը տալ Վարդանյանին։
«Այդ պահին կոկորդս սկսեց խեղդել։ Ու հենց սա է, որ շատ թանկ արժե։ Սա ո՛չ Youtube-ի, ո՛չ հեռուստատեսության, և ո՛չ էլ Քլունիի մասին է։ Սա այն մասին է, որ մարդը կարող է ինչ–որ ձևով ներթափանցել միանգամայն պարզ մարդկանց հոգիներ, որոնք գիտեն հացի գինը», – ասաց նա:

Ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում

Ռուս հայտնի ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովն այս տարվա սեպտեմբերին դասընթաց կվարի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ​​ինստիտուտում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ինքը՝ Սոկուրովը։

«Ինստիտուտը հայտարարեց, որ արհեստանոց կհավաքեմ եւ կվարեմ: Դասերը սկսվում են սեպտեմբերին»,- ասել է Սոկուրովը։

Ինստիտուտը ֆեյսբուքյան իր էջում (Ռուսաստանի Դաշնությունում արգելված) հայտնել է, որ տնօրենը դասավանդելու է մագիստրատուրայում։

Քենիայից եկած Արթուր և Արտակ Սարգսյանները ձերբակալվել են

Արթուր և Արտակ Սարգսյանները քննիչի որոշմամբ 72-ժամյա ռեժիմով ձերբակալվել են, հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

Բաբայանը նշում է, որ եղբայրները կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ, սակայն նրանց մոտ, նրա խոսքով, զենք չի հայտնաբերվել:

Փաստաբանը հավելել է, որ «Արթուր և Արտակ Սարգսյանների ձերբակալումն ամբողջությամբ ապօրինի է և պայմանավորված է բացառապես Սրբազան շարժմանը նրանց մասնակցությամբ»։

Քննչական կոմիտեն չի մեկնաբանում փաստաբանի այս տեղեկությունը:

Մի քանի օր առաջ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հարթակից ներկայացրել էր եղբայրներին՝ ասելով «մեր շատ սիրելի բարեկամները Քենիայից»։

Եղբայրները հայտնի են որպես Artur brothers։

Հայաստանը պետք է օգտագործի Իրանի հայտարարությունը. ժողովրդագրության փոփոխությունն անընդունելի է

«Իրանական կողմը աջակցում է բոլոր այն նախաձեռնություններին, որոնք կնպաստեն տարածաշրջանի զարգացմանը, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Թեհրանը, սակայն, դեմ է ցանկացած նախագծերի և նախաձեռնության, որոնք կփոխեն տարածաշրջանի ժողովրդագրությունը և տարածաշրջանի սահմանները»,- ասել է Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին CNN Turk-ին տված հարցազրույցում, պատասխանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի մասին հարցին։

Առարկան, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» նոր չէ, այն սկսել է քննարկվել անմիջապես 2020 թվականի պատերազմից հետո, երբ Հադրութի, Շուշիի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները հանձնվեցին ադրբեջանին։

Այն ժամանակ արդեն պարզ էր, որ պատերազմի այս փուլի նման հանգուցալուծմամբ շահագրգիռ կողմերը (մասնավորապես՝ ռուսաստանն ու թուրքիան) ձգտում էին վերականգնել խորհրդային տարիներին գործող Հորադիզից Երասխ երկաթուղային կապը։

Սակայն ի հայտ եկան բազմաթիվ խնդիրներ։ Նախ, ավելի քան 30 տարի Իրանը չի վերականգնում ճանապարհի Ջուլֆա-Աստարա հատվածը։ Երկրորդ՝ Ադրբեջանի հետ համատեղ Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի կառուցման ժամանակ Մինջևանի տարածքում գտնվող երկաթուղու մի մասը ջրի տակ է մնացել։ Այսինքն՝ երկաթուղու աշխատանքը վերսկսելու համար հսկայական վերականգնողական աշխատանքներ են անհրաժեշտ։

Ինչպես հայտնի է, դեռ 2021 թվականին և՛ Իրանը, և՛ Թուրքիան գործի դրեցին այն թեզը, որ ադրբեջանը կարող է Նախիջևանի հետ կապ հաստատել Իրանի տարածքով։ Բայց «Զանգեզուրի միջանցքի» թեման չի կորցնում արդիականությունը, և ադրբեջանը պարբերաբար հայտարարում է այդ «տրանսպորտային միջանցքին» տիրանալու ցանկության մասին։

200-300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանի տարածք վերադարձի թեման, որը ահաբեկչական կազմավորումը  անվանում է «Արևմտյան Ադրբեջան», նույնպես քննարկվել է վերջին 3,5 տարիների ընթացքում։ Իսկ այս «վերադարձողների» վերաբնակեցումը նախատեսվում է Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում։

Այս ամենը նորություն չէ, եւ հնարավոր է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը ենթարկվի ռուս-թուրքական-ադրբեջանական եռյակի քաղաքական այս ճնշմանը եւս։

Ալի Բաղերի Կանիի հայտարարությունը «ժողովրդագրության» մասին հարցեր է առաջացնում. Ինչո՞ւ է Իրանը հիմա անհամաձայնության հայտնում «Զանգեզուրի միջանցքի» երկայնքով ադրբեջանցիների տեղակայմանը։

Արդյո՞ք Իրանը 2020 թվականին չէր հասկանում, որ Հադրութի և Քաշաթաղի շրջանների օկուպացիան կհանգեցնի նրան, որ Թուրքիայի և Իսրայելի զինված ուժերը կտեղակայվեն անմիջապես Իրանի հետ սահմանին։

Արդյո՞ք Իրանը իսկապես չէր ենթադրում, որ ողջունելով «ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը», նրանք համաձայնություն են տալիս փոխել իրենց սահմանի ժողովրդագրական իրավիճակը։

26 տարի այս սահմանը պահպանում էին հայ սահմանապահները, ովքեր ասում էին, որ իրանական սահմանապահները հանգիստ, «հողաթափերով» սպորտային «բագգիներով», քայլում և հսկում էին սահմանը, քանի որ «այն կողմում» ոչ մի վտանգ չկար, այնտեղ կային բարեկամ հայեր, ովքեր իրենց հետ ոչ մի կոնֆլիկտ կամ պահանջ չունեն։

Ինչո՞ւ 2020 թվականին Իրանը թույլ տվեց ադրբեջանական, թուրքական զորքերին և սիրիացի վարձկաններին անմիջապես սահմանային գծի երկայնքով ներթափանցել Արցախի բանակի թիկունք և հասնել Հադրութ, որտեղ դաժանաբար սպանվեցին խաղաղ բնակիչները, ովքեր չեն հասցրել կամ չէին ցանկանում հեռանալ։

Իրանն իրոք չհասկացա՞վ, որ օկուպացիայից հետո այս տարածքում ադրբեջանցիներ (և գուցե այլ ազգի մարդիկ) կբնակեցվեն, և սահմանից այն կողմ ժողովրդագրական իրավիճակը կփոխվի։

Ինչո՞ւ է Իրանը հիմա խոսում սահմանների փոփոխության հետ մեկտեղ ժողովրդագրական իրավիճակը փոխելու անթույլատրելիության մասին։ Թե՞ միայն Սյունիքի մասին է խոսքը, որ խնդիր է դառնում Իրանի համար։

Իրանը, հավանաբար, այն ժամանակ էլ հասկանում էր, որ «տարածքային ամբողջականության վերականգնման» և «կոմունիկացիաների բացման» քողի տակ Ադրբեջանը բոլորովին այլ նպատակներ է հետապնդում, այն է՝ օտար տարածքների զավթում, սահմանների և ժողովրդագրության փոփոխություն ամբողջ տարածաշրջանում։

Այդ դեպքում ինչու հենց հիմա՝ 3,5 տարի անց, Իրանը հասկացավ, որ սահմանների և ժողովրդագրության փոփոխություններով Ադրբեջանը ձեռք է բերելու գերիշխող պետության կարգավիճակ՝ դրանից բխող հետևանքներով։

Փոքր արցախահայության շահերի ու իրավունքների հաշվին ահաբեկչական, ֆաշիստական ​​ադրբեջանի հետ սիրախաղը թանկ կարժենա նույնիսկ հսկայական Իրանի համար։ Նրան այլ բան չի մնում, քան ատամներով կառչել Հայաստանից։ Բայց Հայաստանը նույնպես պետք է օգտագործի այդ գործոնը ադրբեջանի հետ իր բանակցային դիրքերն ամրապնդելու համար։

Թե որքանով են սրան ընդունակ Հայաստանի իշխանությունները, ցույց կտա ժամանակը։

Մարգարիտա Քարամյան

Ալեն Սիմոնյան․ ԱԺ խորհուրդը կմերժի արտահերթ նիստ անցկացնելու պահանջը

Եկել են, ասում են՝ էն իշխանությունը, որ դուք ստացել եք 2021 թվականին, տվե՛ք Բագրատ Գալստանյանին: Մենք մեր վարչապետի թեկնածուն ունենք, ժոդղովրդի սատարումը ունեցող վարչապետ կա: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը:

«Ընտրությունները 2026 թվականին են: Էս մարդիկ իրենց սխալների վրա չեն սովորում:  Հիմա ով 10 կամ 20 հազար մարդ հավաքի փողոցում, պետք ա գա նոր վարչապետի թեկնածու առաջակի՞: Լու՞րջ եք ասում»,-հավելեց Ալեն Սիմոնյանը:

Հարցին, թե որքա՞ն մարդ պետք է լինի փողոցում, որպեսզի խոսք գնա վարչապետի նոր թեկնածուի մասին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես մարդկանց հաշվելով չեմ զբաղվում: Ես ասում եմ, որ ՀՀ-ում  նման պահանջ չկա: Երբ մարդիկ ուզում են իշխանություն փոխեն, գնում են ընտրությունների: Հիմա Բագրատ Գալստանյանն ա, հետո Վազգեն Մանուկյանն ա, հետո մյուսին բերեն, հո էդպես չի՞ ձևը»:

Հարցին, թե արդյոք պատրաստվում են մերժել արտահերթ նիստ հրավիրելու առաջարկը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Իսկ ինչի՞ պետք է չմերժենք: Տարին մեկ պիտի մարդ փոխե՞ն, գան նորից նույն բանն ասե՞ն: Հիմա եթե Վահրամ Բաղդասարյանով, Կարեն Ավագյանով մնացած հանրապետականներով նույն պալատկաները բերեն նույն տեղը շարեն, մենք պիտի բան փոխե՞նք»:

«Ես հարգանքով եմ մոտենում այն մարդկանց, ովքեր գալիս են և որևէ բանից դժգոհում: Բոլոր մարդիկ չեն կարող նույն կարծիքն ունենալ: Բայց երբ արդեն ակնհայտ է դարձել, որ դերակատարները կատարյալ նույնն են՝ անուն առ անուն, ես սա իշխանության կռիվ, աթոռակռիվ, ունեցվածքը վերականգնելու փորձ եմ դիտարկում և կատեգորիկ եմ դրան վերաբերվում»,-հավելեց Ալեն Սիմոնյանը:

Հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել իշխանությունը, նա պատասխանեց. «Ոչ մի բան: Ընտրություն կլինի, և մարդիկ, եթե մտածում են, որ «Քաղաքացիական պայմանագիրը» չի կատարում էս, էս, էս, էս, կգնան կընտրեն այն ուժին, որը իրենց որևէ բան կառաջարկի: Իսկ ընդդիմությունը իր հայտարարած օրակարգի մի տոկոսը կատարե՞լ ա»:

Դեռ պարզ չէ, արդյո՞ք ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները վայր կդնեն մանդատները, եթե իշխանությունը հրաժարվի արտահերթ ընտրություններից։ 

Բագրատ սրբազանն այսօր՝ ժամը 15:30-ին քաղաքացիներին հրավիրում է Բաղրամյան պողոտա

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը այսօր՝ ժամը 15:30-ին քաղաքացիներին հրավիրում է Բաղրամյան պողոտա՝ ԱԺ շենքի մոտ։ Ժամը 16։00-ին ԱԺ խորհուրդը պետք է նիստ գումարի՝ ԱԺ արտահերթ նիստ գումարելու հարցով։ Օրակարգում կառավարության հրաժարականի եւ նոր կառավարության ձեւավորման հարցն է։

Բագրատ սրբազանը Բաղրամյան պողոտայից դիմեց ժողովրդին․ «Լինելու եք այստեղ, եւ մենք մեր առջեւ դրված խնդիրները կատարում ենք։ Բոլորիդ անխտիր սպասում եմ՝ պատիվ եւ հայրենիք ունենալու համար։ Ժամանակը հիմա է, այլեւս սպասելը մի կողմ թողեք։ Եթե իսկապես ուզում եք, որ մեր երկիրը չդառնա թշնամու ծառայության վայր, եթե իհարկե, մնանք այստեղ, ժամ առաջ պետք է ազատվենք այս չարիքից»։

Միաժամանակ Բագրատ սրբազանն ասաց, որ իր՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին դեռ խոսք չկա, սա գործընթացի առաջին փուլն է, որով պահանջ է դրվում, որպեսզի այս կառավարությունը հրաժարական ներկայացնի։

«Մենք ամեն ինչ անելու ենք բոլոր ճանապարհներով՝ եւ իրավական, եւ օրինական, որպեսզի արդյունք արձանագրվի։ Իսկ արդյունքի արձանագրումը մեկն է՝ այս մարդու հեռացումը»,- ասաց նա։

 

Ինչու են արցախցիները դաժան ծեծի ենթարկվում պարեկային ծառայողների կողմից

Փաստաբան Ռոման Երիցյանը բարձրաձայնում է այն ցավոտ իրավիճակների մասին, երբ Արցախի քաղաքացին  պարեկային ծառայողների կողմից դաժան ծեծի ենթարկվելու պատճառով դիմել է փաստաբանական աջակցություն ստանալու համար:

Երևան քաղաքի կենտրոնական հատվածում գիշերվա ժամը 12-ին քաղաքացու մեքենան կանգնեցրել են` պարզաբանելով,  որ  ավտոմեքենայի ԱՊՊԱ պայմանագրի ժամկետը լրացել է: Կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն և քաղաքացուն առաջարկել են ստորագրել այն: Հրաժարվելուց հետո նրանք ցուցաբերել են ագրեսիվ վերաբերմունք և այդ խոսակցության ընթացքում հանելով իրենց մոտ պահվող արցունքաբեր գազը, լրիվությամբ դատարկել են քաղաքացու դեմքին` պատճառելով տարբեր աստիճանի այրվածքներ:

«Գրեթե կուրացած վիճակում գտնվող մարդուն 10-ից ավելի պարեկային ծառայողներ ծեծի են ենթարկել, տեղափոխել պարեկային ծառայության ավտոմեքենա, այնուհետև նորից հանել մեքենայից ցատկով հարվածել մեջքի հատվածին` ջարդելով ողերը: 7 րոպե ինտենսիվ ծեծվելու հետևանքով ներկայումս քաղաքացին ունի բազմաթիվ վնասվածքներ և տեսողության խնդիր: Պարեկային ավտոմեքենայի մոտ ոմն մայոր Առաքելյանը բացել է դուռը և ձեռքով հարված հասցրել քաղաքացու դեմքին` պատճառելով վնասվածքներ շրթունքների շրջանում»,- մանրամասներ է ներկայացնում փաստաբանը` նշելով, որ պատահական անցորդը, որը հորդորել է պարեկային ծառայության աշխատակիցներին հանդարտվել, արժանացել է նույն վերաբերմունքին: Ծեծվել է և տեղափոխվել ոստիկանության բաժին:

Տեղափոխվելու ընթացքում նույն ծառայողները հորդորում էին արցախցուն այս կապակցությամբ հաղորդում չներկայացնել իրավապահ մարմիններին: Մինչդեռ քաղաքացին ներկայացրել է և հարուցել է քրեական վարույթ, սակայն որևէ անձ դեռևս այս պահի դրությամբ չի ձերբակալվել` անգամ չի հարցաքննվել:

Քննիչի կողմից  առգրավվել են դեպքի վայրը տեսահսկած տեսախցիկների արձանագրությունից կոշտ կրիչները:  «Նշել են, որ զննվելու են հենց մեր ներկայությամբ և առաջին իսկ հնարավորության դեպքում ես կհրապարակեմ այդ տեսաձայնագրությունները, որոնցից հստակ հետևում է, թե ինչի են արժանացնում արցախցուն ընդամենը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը չստորագրելու պատճառով:

Տեղի ունեցածի իրական պատճառն այլ է: Այդ արցախցու հետ երթևեկում էին այլ արցախցիներ, որոնք աջակցում էին Բագրատ Սրբազանի շարժմանը: Ավելի քան ակնհայտ է, որ քաղաքացու հանդեպ դրսևորած վերաբերմունքը փոխկապակցված է ՀՀ-ում տեղի ունեցող հանրահայտ իրադարձություններին»,-նշում է փաստաբանը` զուգահեռներ անցկացնելով Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների նկատմամբ հարուցված վարույթների միջև` մասնավորապես Ասկերանի, Մարտակերտի, Ստեփանակերտի քաղաքապետերի նկատմամբ:

Փաստաբան Ռոման Երիցյանը ապուշությունից բացի այլ բառ չի գտնում մեկնաբանելու համար այն ամենը, ինչի մեջ մեղադրվում են կոնկրետ քաղաքապետերը: Օրինակ, Ստեփանակերտի քաղաքապետը մեղադրվում է խարդախության մեջ: Այն հարցին ի պատասխան, թե ում նկատմամբ է տեղի ունեցել խարդախություն` պատասխան չկա: Ով է տուժել` պատասխան չկա: Որն է հասցված վնասը` պատասխան չկա: Սրան զուգահեռ` դատարանը հիմնավոր կասկածի առկայությունը համարում է հաստատված և քաղաքապետին կալանավորում է 20 օր ժամանակահատվածով, որը բավարար կլիներ վերջիններիս կողմից իրենց հանրային հեղինակությունները օգտագործել ՀՀ-ում տեղի ունեցող հանրահայտ իրադարձություններին:

Կան նաև այլ գործողություններ, որոնք ձեռնարկվել են արցախցիների նկատմամբ, այդ թվում նաև պաշտոնատար անձանց նկատմամբ… Պարեկային ծառայողները արցախյան համարանիշներով ավտոմեքենա տեսնելիս առաջին հերթին կանգնեցնում են և եղած կամ չեղած տեղը ենթարկում վարչական պատասխանատվության: Փաստաբանը եզրակացնում է.«Այս  ամենի պատճառն այն է, որ արցախցիներն ինտենսիվ կերպով մասնակցում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը»:

Տաթև Ազիզյան

Ազգային ժողովի խորհուրդն այսօր՝ ժամը 16։00-ին նիստ պետք է գումարի. Գառնիկ Դանիելյան

Ազգային ժողովի խորհուրդն այսօր՝ ժամը 16։00-ին նիստ պետք է գումարի, որի օրակարգում ԱԺ արտահերթ նիստ գումարելու հարցն է լինելու։ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողներին ասաց, որ օրակարգում կառավարության հրաժարականի եւ նոր կառավարության ձեւավորման հարցն է։

Ընդդիմության առաջարկած նախագծով վարչապետի թեկնածուն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն է։

«Այն, ինչը մենք առաջարկել ենք, լրիվ օրինականության եւ տրամաբանության մեջ է մտնում։ Դա մեր գործիքակազմերից մեկն է, որը պետք է օգտագործենք։ Իսկ եթե իրենք փորձեն խոչընդոտել, կարծում եմ, իրենց մոտ չի ստացվի»,- ասաց Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՔՊ-ն չի խոչընդոտի՞ արտահերթ նիստի անցկացումը։

«Ամեն ինչ մեր ժողովրդին ձեռքում է, եթե մեր հայրենակիցները որոշեն, որ Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն այլեւս իշխանություն չեն, իրենք իշխանություն չեն լինելու։ Բազմիցս ասում էին՝ շարժումը մարում է, երեկ տեսաք, որ հրապարակը լեփ-լեցուն էր։ Բայց հրապարակը լեփ-լեցուն լինելուց բացի շատ կարեւոր է, որ մարդիկ նաեւ մասնակցեն ակտիվ գործողություններին»,- հավելեց Գառնիկ Դանիելյանը։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն էլ ասաց․ «Այս պահին պահանջն այն է, որ ԱԺ խորհուրդը որոշում կայացնի, բայց ցանկացած պահի պահանջները կարող են փոխվել։ Այսինքն՝ բուն տրամաբանությունը չի կարող փոխվել, թե ինչի համար է այս քաղաքացիական անհնազանդությունը, բայց ձւերը կարող են ճկուն լինել ու փոխվել։ Օբյեկտիվ պատճառներն այնքան շատ են, որ գոնե 2020 թվականի տարեվերջին Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տված լիներ։ Եթե հրաժարական չի տվել, այսօր որեւէ այլ գործողություն, բացի հանրային ճնշումից, չի կարող իրեն ստիպել, որ ինքը հրաժարական տա»։