Ռաշիդ Բեգլարյանին Բաքուն մեղադրում է “Խոջալուի” գործով

Sputnik. Ադրբեջանում սկսվել է Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը։
Ադրբեջանում նրան մեղադրանք է առաջադրվել «սահմանն ապօրինի հատելու», ինչպես նաև «Խոջալուի ցեղասպանության» գործի շրջանակներում։
Հիշեցնենք` օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական սահմանապահները ձերբակալել են Արցախի Հանրապետության քաղաքացի 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին, որը ոգելից խմիչքի ազդեցության տակ է դուրս եկել գյուղից, մոլորվել ու հայտնվել Ադրբեջանի կողմից հսկվող տարածքում։
Ադրբեջանական կողմը Ռաշիդ Բեգլարյանին կալանավորեց 2023 թվականի նոյեմբերին։

Օրինագիծ․ Արցախում կուտակված կենսաթոշակային գումարները կտեղափոխվեն հայաստանյան ֆոնդեր

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր դրական եզրակացություն տրվեց «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու նախագծին։ Այն կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։

Այս նախագծով Արցախում կուտակված կենսաթոշակային գումարները կտեղափոխվեն հայաստանյան ֆոնդեր։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը հանձնաժողովի նիստում մանրամասնեց նախագիծը․ «Լեռնային Ղարաբաղում գործում էր կուտակային կենսաթոշակային հայաստանյան համակարգի համանման տարբերակը։ Եվ նույն օրենսդրության շրջանակներում մեր հայրենակիցների կողմից կատարվել են այդ կուտակումները։ Եվ 2024 թվականի հունվարից սկսած անհրաժեշտություն էր առաջացել կուտակված միջոցների հետագա ճակատագիրը հստակեցնել եւ իրավական որոշակի հիմքեր ստեղծել՝ դրանց ծախսման, օգտագործման ու կանոնակարգման հետ կապված։ Այս նախագծով առաջարկում ենք կուտակված միջոցները, անհատական հաշիվներում եղած միջոցները տեղափոխելու համար երեք ամսվա ընթացքում դիմելու հնարավորություն ընձեռենք մեր հայրենակիցներին։ Այդ ժամանակահատվածում նրանք կկարողանան ընտրել ՀՀ-ում գործող կուտակային կենսաթոշակային որեւէ ֆոնդ եւ իրենց միջոցները կտեղափոխվեն այդ ֆոնդեր։ Եվ եթե երեք ամսվա ընթացքում նրանք չդիմեն, ապա դրանք որեւէ ֆոնդ կտեղափոխվեն ինքնաշխատ եղանակով»,- ասաց Դավիթ Խաչատրյանը։

Օրենքի նախագծում նշվում է՝ «Սահմանել Լեռնային Ղարաբաղի կուտակային համակարգում ձեւավորված կենսաթոշակային խնայողությունները Հայաստանի Հանրապետությունում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու հնարավորությունը: Լեռնային Ղարաբաղի կուտակային համակարգի մասնակից հանդիսացող անձը կարող է դիմել իր կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման համար, իսկ չդիմելու դեպքում ֆոնդի մասնակիցների ռեեստրը վարողն է ապահովում կենսաթոշակային խնայողությունների՝ ՀՀ կուտակային համակարգում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու համար անհրաժեշտ քայլերը»։

Նշենք, որ Հայաստանի իշխանությունները արցախցիներին չեն ճանաչում որպես ՀՀ քաղաքացի, եւ հարցադրումներ են հնչում, թե ի՞նչ իրավունքով են տնօրինելու արցախցիների կենսաթոշակային գումարները։

Դավիթ Խաչատրյանն ասաց, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ եթե անձը աշխատում է Հայաստանում եւ վճարում է հարկեր, ապա անկախ նրանից՝ հանդիսանում է ՀՀ քաղաքացի, փախստական, թե այլ երկրի քաղաքացի, նրա կողմից այդ կուտակումները կատարվում են։ «Եվ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, երբ կսկսեն Հայաստանում աշխատել, ապա նույնությամբ այդ կուտակումները կիրականացվեն կենսաթոշակային համակարգում։ Եվ եթե նրանք նախկինում ունեցել են կուտակված միջեցներ ԼՂ-ում, ապա դրանք կհամատեղվեն մեկ ֆոնդի եւ հաշվի մեջ»,- հավելեց փոխնախարարը։

Ռոզա Հովհաննիսյան

Ու այդպես ձևավորվել է արցախցիների խումբ, որը մեկնեց Լոռի՝ օգնելու աղետից տուժածներին

«Մարդասիրական աշխատանքների շղթան շարունակելու եմ պահել և նոր խմբեր ներգրավել, քանի որ աշխատանքներ շատ կան»․ ասում է Նանար Պողոսյանը

Մայիսի 26-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետից հետո, երբ Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացել է արտակարգ իրավիճակ և ավերվածությունների է վերածվել շուրջ բոլորը:

Արցախցի իրավաբան, բանասեր, 44-օրյա պատերազմի մասնակից, ապրիլյան քառօրյա պատերազմի մասին “Սեր և պատերազմ” գրքի հեղինակ, մի շարք բարեգործական, մշակութային և մարդասիրական ծրագրերի հեղինակ, Արցախի եւ Կալիֆոռնիայի գրողների միության անդամ, համահայկական “Կոչումը կին՝ ոսկե կոդ 2023թ.” մրցանակակիր, Բիբլիական Արարատ լեռան բարձունքը նվաճած միակ արցախուհի՝ Նանար Պողոսյանը չէր կարող անտարբեր մնալ կատարված արհավիրքի աղետալի հետևանքների հանդեպ։ Ուստի հայտարարություն տվեց և որոշեց ստեղծել արցախցիների կամավորական խումբ ու մեկնել աղետի գոտի, որին դրական է արձագանքել արցախցի բարեգործ Արթուր Խաչատրյանը՝ հայտնելով, որ իր ընկերներից Նելսոն Ավանեսյանը ևս աղետի գոտի մեկնելու միտք է արտահայտել։

Ու այդպես արդյունքում ձևավորվել է սրտացավ ու աշխատող մարդկանց 7 հոգանոց խումբ։ Բարեգործ Արթուր Խաչատրյանը հանձն է առել հոգալու կամավորական խմբի սննդի, հագուստի, գիշերակացի հարցերը։ Առաջարկել է, որ պատրաստ է նաեւ օգնելու աղետից տուժած տների վերականգնողական աշխատանքներին։

Երբ ժամանեցին Լոռու մարզ, կամավորական խմբին ընդունեց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։ Նրանք ողջունեցին արհավիրքից տուժած մարդկանց օգնելու արցախցիների պատրաստակամությունը։ Ընթացքում, համայնքապետ Դավիթ Ղումաշյանը ևս աջակցեց կամավորական խմբին՝ սննդի ու գիշերակացի հարցերով։

-Երբ սեպտեմբերին բռնի տեղահանվել ենք Արցախից, մեր հայրենակիցները մեզ միայնակ չեն թողել և բոլորն իրենց հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անում էին, որ օգնեն արցախցիներիս, ուստի Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ահավոր աղետից հետո ես չէի կարող չգալ և չկանգնել աղետից տուժած մեր հայրենակիցների կողքին, քանի որ այդ ցավը ես լրիվությամբ զգում եմ իմ մաշկի վրա։ Մեզ տեսնելով՝ մարդիկ ուրախությունից հուզվում ու զարմանում են, թե ինչպես ենք, ինքներս կարիքի մեջ գտնվելով, եկել մեր ուժերի չափով օգնելու։ Շատերը մեր միանման հագուստից մտածում էին, թե մենք ինչ որ կազմակերպություն ենք ու չէին հավատում, որ ո՛չ կազմակերպություն ենք, ո՛չ կուսակցություն, պարզապես նույն բախտի արժանացած սրտացավ մարդիկ ենք, ուղղակի ելնելով աշխատանքի բնույթից ընտրել ենք բանվորական հարմար հագուստ։

Հիմա դեռևս կատարում ենք մաքրման աշխատանքներ, այս պահին օգնելու ավելի շատ բան կա, քան առաջին օրերին։

Պետք է ասեմ, որ սկզբից մեզ խնայում էին և ցանկանում էին տալ թեթև աշխատանք, սակայն մենք արցախցուն վայել կեցվածքով պահանջեցինք ավելի ծանր աշխատանք։ Այստեղ մարդիկ շատ բարեհամբույր են և ամեն քայլափոխի իրենց շնորհակալությունն են հայտնում մեզ, որի կարիքը առհասարակ չկա, որովհետեւ նույն ձև մեր հայրենակիցներն են կանգնել մեր կողքին, երբ մենք դատարկաձեռն անցանք Հակարի կամուրջը։ Ինձ համար կյանքում չկա ավելի վեհ զգացողություն, քան կարիքի մեջ գտնվող մարդկանց գործով օգտակար լինելը։ Իսկ վերականգնողական աշխատանքների համար մեզ ասացին, որ այս պահին դեռ խոնավ է։ Մարդասիրական աշխատանքների շղթան շարունակելու եմ պահել և նոր խմբեր ներգրավել, քանի որ աշխատանքներ շատ կան,- ասում է Նանար Պողոսյանը։

-Իմ կարծիքով աղետի գոտի մեկնելու մտադրություն շատ ու շատ արցախցիների մտքով էլ է անցել, սակայն մտահղացումն ուրիշ է, այն իրականացնելը բոլորովին այլ բան։ Ուղղակի պետք է մարդ որոշում կայացնի ու գնա։ Մենք որոշել ու մեկնել ենք աղետի վայր։ Չգիտեինք, թե այնտեղ ինչ է կատարվում, մինչև մեր սեփական աչքերով ականատես չեղանք։ Իհարկե, ահռելի աշխատանք է կատարվում այստեղ։ Հնարավորին չափով աջակցություն ենք ցուցաբերում։ Լինում են և՛ հիասթափության և՛ գոտեպնդման պահեր։ Մենք գնացել ենք գոտեպնդելու համար։

Երբ եկանք, Քարկոփը ցեխով լցված մի բնակավայր էր՝ առանց լույսի, գազի ու ջրի։ Իհարկե, մարդիկ սոված չէին մնում, քանի որ պետական միջոցներով ջանք ու եռանդ էր տարվում սննդի հարցերը հոգալու համար։ Մեր փոքրիկ խմբի մասնակցությունը մի այլ նշանակություն ունեցավ այդ բնակավայրի բնակչության համար։ Մարդիկ շատ էին ընկճված, կանայք լացում էին, սակայն մեզ տեսնելով, հասկանում էին, որ եթե ամեն ինչ կորցրած արցախցին դիմանում է, իրենք ևս պետք է դիմանան։

Իհարկե, հեշտ չէ կատարել նման բարդ աշխատանք, առնչվել աղետից տուժած, ծանր հոգեվիճակում գտնվող մարդկանց հետ, սակայն կարողանում ենք կարգավորել իրավիճակն ու մեր վերաբերմունքով թեթևացնել մարդկանց ցավը, – ասում է Նելսոն Ավանեսյանը և հավելում, որ Լոռին իր համար շատ հարազատ ու թանկ է։ Նրա ուսանողական կյանքն անցել է այստեղ՝ այս հեքիաթային բնության գրկում և լավ մարդկանց միջավայրում։

Արցախցի կամավորները, իրականացնելով մաքրման աշխատանքները, միաժամանակ շփվում են տեղացիների հետ, խոսում դարդ ու ցավերից, հույս հայտնում, որ շուտով կլուծվեն առաջացած խնդիրներն ու կյանքը կմտնի բնականոն հունի մեջ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

ՀՀ ԱԳՆ կոչ է անում Բաքվին ուշադրություն չդարձնել ՀՀ Սահմանադրությանը

Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում և` Ադրբեջանից: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ 2024թ. հունիսի 6-ին արած հայտարարություններին:

ԱԳՆ հայտարարությունում նաեւ ասվում է. «ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018 թվականից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:

Միաժամանակ համարում ենք, որ նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը և կասկածի տակ է դնում Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու անկեղծությունը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող Խաղաղության համաձայնագիրը հստակորեն ամրագրում է, որ Կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ: Խաղաղության համաձայնագրի նախագծում համաձայնեցված դրույթ կա նաև այն մասին, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը Խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար:

Համաձայնագրի ստորագրումը և ներպետական ընթացակարգերով վավերացումը վերջնականորեն կամրագրեն այս սկզբունքները:

Ըստ այդմ համարում ենք, որ Կողմերի բոլոր մտահոգությունները փարատելու ամենահստակ և ուղիղ ճանապարհը հենց Համաձայնագրի ստորագրումն է, որով երկարաժամկետ խաղաղության էջ կբացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ:

Տվյալների մեծ արտահոսք է տեղի ունեցել, որում 280,000 հայաստանցու հեռախոսահամար կա. Սամվել Մարտիրոսյան

Հեռախոսահամարների տվյալների մեծ բազայի արտահոսք է եղել, որում մոտ 280,000 հայաստանցու հեռախոսահամար կա, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է տեղեկատվության անվտանգության և մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նա նշել է, որ խոսքը հավանաբար Getcontact ծրագրի բազայի մասին է։ Ըստ նրա՝ արտահոսած տվյալներում կան բազմաթիվ մարդկանց հեռախոսահամարներ, որոնցից հստակ երևում է, որ նրանք հատուկ ծառայությունների աշխատակիցներ են, քանի որ ընկերներից մեկն այդպես է նրա հեռախոսահամարը նշել իր հեռախոսում։

«Ազգովի ազգային անվտանգության դեմ ենք աշխատում։ Շնորհավոր հերթական անգամ»,- գրել է Սամվել Մարտիրոսյանը։

Հերթական շանտաժ․ քանի արցախցի է լքել Հայաստանը

2023 թվականի բռնի տեղահանումից հետո Հայաստան եկած ու երկրից հեռացած արցախցիների գրեթե կեսը վերադարձել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։

«Իհարկե, շարժեր եղել են։ Մոտ 15 000 ելք է եղել, բայց շուրջ 7-8 հազար էլ մուտք է եղել։ Այսինքն` ոմանք, օրինակ, ձմեռն են անցկացրել արտերկրում` ընտանիքիներով։ Որոշ մարդիկ կարճ ճամփորդություն են ունեցել։ Ըստ էության, ամիսներով բացակայածների թիվը երևի կարելի է գնահատել շուրջ 7-8 հազարի կարգի։ Այսինքն` կարող ենք ասել, որ կեսը վերադարձել է։ Սահմանահատումների տվյալներով` մոտ 7-8 հազարն են գտնվում դրսում»,– ասաց փոխնախարարը։

Խաչատրյանը համոզված է, որ մյուսները ևս առաջիկայում կվերադառնան, քանի որ կառավարության հաստատած` արցախցիների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու դառնալու համար պարտադիր պայման է ՀՀ քաղաքացիություն ստանալը, ինչի համար հարկավոր է վերադառնալ ՀՀ և դիմել պատկան մարմիններին, արդեն ծրագրի շրջանակում բնակարան ձեռք բերելուց հետո` այդ բնակարանում 10 տարի շարունակ ապրելը։

«Իհարկե, բացակայելու հնարավորություններ կան` տարբեր պատճառներով, բայց ասել ենք, որ եթե ընտանիքի չափահաս երկու անդամներ տարվա ընթացքում 6 ամսից ավել միաժամանակ երկրից բացակայել են, դա սեփականության իրավունքի գրանցման համար խոչընդոտ է հանդիսանալու։ Հետևաբար կարծում ենք, որ գնացածների մի մասը ևս վերադառնալու է գոնե այս ծրագրի նպատակով»,– ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ փորձագիտական գնահատականներով` 2023թ–ի աշնանը Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շուրջ 15 տոկոսը (15 000 մարդ) տեղահանությունից հետո հեռացել է Հայաստանից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ի ասուլիսում հայտարարեց, որ այդքան մարդ չի հեռացել Հայաստանից։ Նա վստահեցրեց, որ դա իրականությանը չի համապատասխանում, և հավելեց` ինչպես ՀՀ քաղաքացիները, այնպես էլ արցախցիները ՀՀ–ից գնում և գալիս են, գրում է news. am-ը։

Արցախցիների բնակապահովման այսպես կոչված ծրագիրը ՀՀ իշխանությունների ձեռքում բազմաֆունկցիոնալ գործիք է դարձել։ Մի կողմից նրանք այդ ծրագրով “ապացուցում են” միջազգային մտահոգ հանրությանը, որ ինքնուրույն կարող են “լուծել” փախստականների խնդիրները, եւ միջամտության կարիք չկա, մյուս կողմից այդ ծրագրով փող են “բերում” նույն միջազգային դոնորներից։ Թե ինչքան գումար է արդեն այդ նպատակով տրամադվել, անհայտ է, ինչպես նաեւ պարզ չէ՝ ստեղծվե՞լ է արդյոք հատուկ ֆոնդ, որտեղ այդ գումարները կուտակվում են։  Թե՞ դրանք օգտագործվում են “ըստ պահանջարկի”։ 

Արցախցիների՝ քաղաքացիություն ստանալու պահանջը “թույլ է տալիս” անվերջ երկարաձգել ծրագիրը, եւ համապատասխանաբար՝ “խնայել” գումարները ու օգտագործել այլ նպատակներով։ Իսկ դոնորներին կարելի է ասել, որ արցախցիները գնում-գալիս են ռուսաստաններ, քաղաքացիություն չեն ուզում վերցնել։ 

Մյուս կողմից, այդ ծրագիրը արցախցիներին վերահսկելու, նրանց շանտաժ անելու հարմար միջոց է։ Պատահական չէ, որ տարբեր աղբյուրներից լուրեր են տարածվում, որ հանրահավաքներին մասնակցող եւ “իրենց խելոք չպահող” արցախցիներին կզրկեն բնակարանային աջակցություննից։ Յա, իրո՞ք։ Դա էլ կա՞ ծրագրում որպես պայման։  

Սրանց փորացավը մեկն է՝ ցույց տալ, որ տեսեք՝ ինչ տեղի ունեցավ Արցախում, երբ փոխվեց երկրի ղեկավարը, նույնը կլինի նաեւ Հայաստանում

Step1.am-ի զրուցակիցն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

-Պարո՛ն Խաչատրյան, իշխանություններն ընդդիմությանն են մեղադրում Արցախը հանձնելու հարցում, ինչպե՞ս եք գնահատում սա։

-Այո, Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումից եւ ժամանակավոր բռնազավթումից հետո այս իշխանություններն իրենց էությանը հավատարիմ սկսեցին մեղավորներ փնտրել։ Եվ, իհարկե, իրենց համար մեղավոր են բոլորը, իրենցից բացի։ Այս անգամ որպես մեղավոր կարգեցին Արցախի Հանրապետության իշխանություններին, բոլոր քաղաքական ուժերին, քանի որ Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը խորհրդարանում քաղաքական կոնսենսուսի արդյունք էր։ Ինչպես նաեւ մեղադրեցին Հայաստանի ընդդիմությանը, մասնավորապես, Դաշնակցությանը։ Այս իշխանությունները, որոնք դեռեւս 2022 թվականին ճանաչեցին Արցախի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը, որոնք դավաճանեցին ՀՀ հանձնառությունը՝ լինել Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, որոնք դավաճանեցին 1992 թվականի հուլիսի 8-ի որոշումը, որում նշվում է՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում», հիմա ուրիշներին են մեղադրում։

Բայց, ինչպես հայտնի է, պատերազմը քաղաքականության շարունակությունն է: Այս իշխանությունների քաղաքականությունը եղել է Արցախի հարցը թոթափելը։ Փաշինյանն այս տարվա ապրիլին խորհրդարանում Արցախը համարեց պավադոկ, թոկ՝ Հայաստանի վզին գցված։ Եվ բնականաբար ինքը պետք է ամեն ինչ աներ, որպեսզի այդ թոկը կտրվեր, որպեսզի Հայաստանը ազատվեր «բեռից»։ Իսկ այս իշխանություններն Արցախը բեռ էին համարում։ Եվ բնականաբար պատերազմը շատ ձեռնտու էր իրեն, որովհետեւ ինքն ազատվեց բեռից, եւ Ալիեւին, որովհետեւ Ալիեւն ստացավ այն, ինչ 30 տարուց ավելի չէր կարողանում ստանալ։

Բայց, եթե այս իշխանությունների սիրտն իրոք ցավեր Արցախի համար, հիմա ամեն ինչ կանեին Արցախի Հանրապետության հարցը համաշխարհային քաղաքական օրակարգում պահելու համար, հասնելու նրան, որ աշխարհը ճանաչեր Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, Հայաստանում պահպանելու Արցախի Հանրապետության պետական կառույցները։ Բայց հիմա ամեն ինչ անում են, որպեսզի այդ իրավունքները վերանան։ Տեսեք, թե ինչ սարսափով են խոսում Արցախի Հանրապետության վտարանդի կառավարության մասին։ Սրանց փորացավը մեկն է՝ ժողովրդին ցույց տալ, որ տեսեք՝ ինչ տեղի ունեցավ Արցախում, երբ փոխվեց երկրի ղեկավարը։ Եվ հետեւաբար նույնը կլինի նաեւ Հայաստանում, եթե հանկարծ Փաշինյանի փոխարեն այլ ուժեր գան։ Այնպես որ, այս իշխանությունը փորձում է իր այս լպրծուն քաղաքականությամբ իր վրայից պատասխանատվությունը թոթափել, այլոց մեղավոր կարգել եւ ժողովրդին վախեցնել, խաբել հնարավոր հետեւանքներով, թե ինչ կարող է լինել, եթե իրենց փոխարեն գան ազգային ուժեր։

ՀՀ իշխանությունները համառորեն չեն խոսում այն մասին, որ գալով Հայաստան՝ Արցախի նախագահը հայտարարեց, որ չեղարկում է Արցախը լուծարելու մասին իր հայտնի հրամանագիրը։ Սա ի՞նչ է փաստում։

-Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն խոսում այդ մասին, այլ նաեւ որեւէ մեկին թույլ չեն տալիս խոսել։ Երբ ասում ենք, որ Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն է ստորագրել, սկսում են ասել՝ եթե այդքան լավն էր, առաջինն ինչո՞ւ ստորագրեց։ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի այդ կապիտուլյացիոն փաստաթուղթն ստորագրեց, ասելով՝ դա ստորագրեցի, որպեսզի 20 հազար (հետո դարձրեց 35 հազար) զինվոր շրջափակման մեջ չհայտնվեին։ Նախ ես չեմ կարծում, թե պատերազմական գործողությունների թատերաբեմում 35 հազար զինվոր է եղել, երկրորդ,35 հազարին շրջապատելու համար 100 հազարից ավելի զինվորի անհրաժեշտություն կար։ Հիմա, եթե Սամվել Շահրամանյանը ստիպված ստորագրեց, որովհետեւ հակառակ դեպքում թուրքերը կմտնեին Ստեփանակերտ եւ այլ բնակավայրեր, քանի որ 100 հազար բնակչություն ունեցող Արցախը միայնակ էր մնացել 10 մլն-նոց Ադրբեջանի դեմ, եւ արդեն զոհերի թիվը ոչ թե մի քանի հարյուր կլիներ, այլ մի քանի հազար, անամոթաբար մեղադրում են Սամվել Շահրամանյանին։

-Խորհրդարանական ընդդիմությունը Հայաստանի Ազգային ժողովում շեշտադրո՞ւմ  է, որ Արցախի Հանրապետությունը լուծարված չէ, հնարավո՞ր է այս ուղղությամբ հայտարարության նախագիծ կամ այլ նախաձեռնություն լինի։

-Հայաստանի Ազգային ժողովի խորհրդարանական ընդդիմությունը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ Սամվել Շահրամանյանն անձամբ չեղարկել է այդ հրամանագիրը։ Ինքն ընդհանրապես նման հրամանագիր ստորագրելու իրավունք չուներ, դա անիմաստ թղթի կտոր է եղել, ստորագրել է, որպեսզի փրկի մարդկանց կյանքերը։ Բայց քանի որ կան Նիկոլ Փաշինյանի նմանները, եւս մեկ թուղթ է ստորագրել՝ ասելով, որ սրանով նախորդ թուղթը չեղյալ է հայտարարում։

-Երբ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում հարցադրում արեց՝ իսկ ընդդիմությունը ո՞նց է պատկերացնում բռնի տեղահանված արցախցիների վերադարձը Արցախը, ձեր խմբակցության անդամները խոսեցին ինքնավարության մասին։ Ընդհանրապես ընդդիմությունը խոսում է ինքնավարության մասին, սա ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Չէ, ինքնավարության մասին չենք խոսում։ Մենք ասում ենք՝ պետք է ապահովել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը՝ էթնիկ զտման հիմքի վրա։ Այսինքն՝ մարդիկ ենթարկվել են էթնիկ զտման, կազմակերպված դուրս են մղվել Արցախի Հանրապետությունից՝ իրենց բնօրրանից, հետեւաբար, պետք է ապահովել նրանց կազմակերպված վերադարձը Արցախի Հանրապետություն։ Արցախի Հանրապետություն վերադառնալու համար պետք է ապահովվեն նրանց անվտանգային երաշխիքները, այսինքն՝ տրվեն միջազգային երաշխիքներ, միջազգային խաղաղապահ ուժեր։ Պետք է ապահովվի Արցախի եւ Հայաստանի ապահով ցամաքային կապը, եւ Արցախի  հայ բնակչությանը պետք է տրվի առնվազն ինքնակառավարման իրավունք։ Եվ ամենակարեւորն է՝ Արցախի վերջնական կարգավիճակի հարցը պետք է վերադառնա քաղաքական քննարկումների օրակարգ։

-Արցախի ժողովրդի ներկայացուցիչների հետ քննարկումներ կա՞ն այս հարցերով, ի՞նչ են ուզում արցախցիները։

-Իհարկե, մենք միշտ մեր արցախցի գործընկերների հետ քննարկում ենք, խոսում ենք։ Իրենք ուզում են վերադառնալ իրենց հայրենիք, վերակերտել իրենց պետականությունը եւ խաղաղ ապրել իրենց երկրում։ Մարդիկ հասկանում են, որ Ադրբեջանի ենթակայության տակ իրենց գոյությունը չի կարող երաշխավորված լինել։

Ռոզա Հովհաննիսյան

ԱՄՆ-ը հայտարարել է «Վրացական երազանք»-ի դեմ պատժամիջոցների մասին

Միացյալ Նահանգները հայտարարեց մի քանի տասնյակ վրացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին՝ երկրի խորհրդարանի կողմից «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումից հետո։ Պատժամիջոցների ցուցակում ընդգրկված են իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամներ, օրենքը ընդունած պատգամավորներ, ինչպես նաև իրավապահ մարմինների պաշտոնյաներ, ովքեր պատասխանատու են ցուցարարներին ցրելու համար, հինգշաբթի օրը՝ հունիսի 6-ին, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Ճեպազրույցում հայտարարելով պատժամիջոցների մասին՝ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը չի նշել կոնկրետ անուններ, սակայն նշել է, որ «մի քանի տասնյակ» մարդիկ պատասխանատվության կենթարկվեն հակադեմոկրատական ​​գործունեության և մարդու իրավունքների խախտման համար։

«Այդ գործողությունները սպառնում են խաթարել Վրաստանի եվրոպական ապագան և հակասում են Վրաստանի Սահմանադրությանը և նրա ժողովրդի ցանկություններին»,- ընդգծել է Միլլերը։ Նրա խոսքով՝ պատժամիջոցները միայն առաջին քայլն են։ Վրաստանը նոր պատժամիջոցների կենթարկվի, եթե չփոխի իր ընթացքը, հավելել է նա։

Մակրոնը խոստացել է Կիևին տրամադրել Mirage 2000 կործանիչներ

DW

Ֆրանսիան մտադիր է Ուկրաինային տրամադրել մի շարք արդիականացված Mirage 2000-5 բազմանպատակային կործանիչներ, հինգշաբթի՝ հունիսի 6-ին, ֆրանսիական TF1 և France 2 հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Դրանք թույլ կտան Ուկրաինային պաշտպանել իր տարածքը և օդը»,- ասել է նա՝ հստակեցնելով, որ ուկրաինացի օդաչուները մինչև 2024 թվականի վերջը կկարողանան վերապատրաստում անցնել Ֆրանսիայում՝ Mirage տեղափոխվելու համար։ Ֆրանսիայի նախագահը դեռ չի հայտնել կործանիչների ստույգ թիվը։

Բացի այդ, Մակրոնը խոստացել է եւս 4500 ուկրաինացի զինվորական պատրաստել Ֆրանսիայում։ Նա նաև հաստատել է Ուկրաինա ֆրանսիացի զինվորական հրահանգիչներ ուղարկելու իր պատրաստակամությունը՝ պարզաբանելով, որ «խոսքը մարտական ​​գոտում զինվորների պատրաստման մասին չէ», և, հետևաբար, դա «էսկալացիա չի նշանակի»։ «Մենք աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ և այս պահին որոշում կկայացնենք որպես կոալիցիա՝ կոլեկտիվ որոշման հիման վրա»,- իր մտադրությունների մասին ճշտող հարցին պատասխանել է նախագահը։

Էմանուել Մակրոնը նախատեսում է հունիսի 7-ի կեսօրին Ելիսեյան պալատում ընդունել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ խոստանալով այս հանդիպման ժամանակ «շատ ճշգրիտ հայտարարություն» անել կողմերի անելիքների վերաբերյալ։ Զելենսկին կհանդիպի նաև Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուի հետ՝ մի շարք համաձայնագրեր ստորագրելու համար։

Ինչպես հայտնում է AFP-ն, Ֆրանսիան մտադիր է նաև 650 միլիոն եվրո հատկացնել վարկերի և նվիրատվությունների տեսքով՝ պատերազմի ընթացքում Ռուսաստանի կողմից ավերված Ուկրաինայի ենթակառուցվածքները վերականգնելու համար։ Բացի այդ, ֆրանս-գերմանական KNDS պաշտպանական ընկերությունը նախատեսում է իր մասնաճյուղը բացել Ուկրաինայում։

Սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հունիսի 7-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 8-11-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։

Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 8-ին և 9-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։

Երևանում հունիսի 7-ի երեկոյան ժամերին, 8-11-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Ալիևի առանցքային պահանջները. Հայաստանի իշխանությունների արձագանքը

Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ հետ կանչել ԵԱՀԿ Մինսկի խումբի մանդատը, որը միջնորդական առաքելություն է իրականացնում ղարաբաղյան խնդրի լուծման գործում։ Այդ մասին Ալիեւը հայտարարել է Թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպմանը։ Նա նաև ասել է, որ առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության չի կարող լինել «խաղաղության պայմանագիր»։

Ալիևը, փաստորեն, հնչեցրել է Հայաստանին ուղղված առանցքային պահանջները՝ խոստովանելով, որ հակամարտության ուժային «լուծումը», բնիկ բնակչության տեղահանումը, Արցախում հայկական ժառանգության ոչնչացումն ու այն մինարեթներով կառուցապատումը, թուրքական զորքերի և ռուսական «հյուպատոսության» առկայությունը, «Ղարաբաղի հարցը փակված է» հայտարարությունները ոչինչ չեն նշանակում։ Ինչպես և Փաշինյանի կողմից «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» բանավոր ճանաչումը և 1976 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն ու քարտեզները։

Անառարկելի իրողությունն այն է, որ կա Մինսկի խմբի գործող մանդատ, և դրանով իսկ 1994 թվականի ճանաչված ստատուս քվոն, միևնույն ժամանակ, Ղարաբաղը, 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ, Հայաստանի Սահմանադրության համաձայն, Հայաստանի մաս է կազմում։

Այս որոշումը, որն «ընդհատվեց» հայկական երկու պետությունների անկախության հռչակմամբ, ճակատագրի հեգնանքով նորից ուժի մեջ մտավ Արցախի պետական ​​կառույցների «լուծարումից» հետո։ Եւ որքան էլ Հայաստանում դա փորձում են “չնկատել”, ձեռքերը լվալ, դա այդպես է՝ Ալիեւը վկա։

Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, ապա ԵԱՀԿ գործող նախագահը, ով վերջերս եղել է Երեւանում եւ Բաքվում, ոչինչ չի ասել Մինսկի խմբի մանդատը հետ կանչելու մասին։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Երեւանում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ միտումնավոր չխոսեց ԵԱՀԿ մանդատի մասին, բայց Բաքուն ուղղակիորեն պահանջեց մանդատի չեղարկումը։ ԵԱՀԿ-ն, ըստ երևույթին, Ալիևին ասել է, որ Հայաստանի բողոքարկումից հետո միայն հետ կկանչեն մանդատը։

Նշենք, որ ԵԱՀԿ գործող նախագահի հետ գրեթե զուգահեռ Երեւան ժամանեց Լյուքսեմբուրգի Համայնքների պալատի նախագահը եւ Հայաստանի խորհրդարանի ամբիոնից հնչեցրեց միջազգային հանրության դիրքորոշումը՝ դատապարտել 1994 թվականի ստատուս քվոյի խախտումը եւ Թուրքիայի՝ պատերազմին մասնակցությունը, ինչպես նաև Արցախի կարգավիճակի որոշման գործընթաց նախաձեռնել։

Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունը չարձագանքեցին ո՛չ եվրոպացի դիվանագետի հայտարարություններին, ո՛չ էլ Ալիևի՝ Մինսկի խումբը փակելու պահանջներին՝ հաստատելով, որ իրենք Հայաստանի վերացման ռուս-թուրքական ծրագրի և համաշխարհային հայկական գործոնի վերացման անմիջական մեղսակիցներն են։

Լռությունը վկայում է այն մասին, որ Ալիևի պահանջները՝ Մինսկի խմբի մանդատից համատեղ հրաժարվելու և Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու պահանջները կկատարվեն։

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն առաջիկա օրերին հանդիպումներ է նախատեսում արցախահայության հետ

Հարգելի՛ հայրենակիցներ, ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն առաջիկա օրերին հանդիպումներ է նախատեսում արցախահայության հետ: Հանդիպումների վայրն ու ժամանակացույցը ներկայացված է ստորև։

ՀԱՍԵ Արցախի թեմ