Ռուս սահմանապահները դուրս են եկել Ներքին Հանդի տարածքից

«Ռուս սահմանապահները դուրս են եկել Ներքին Հանդի տարածքից»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Մեծամասամբ դուրս եկած տեղեր կան, բայց ես անձամբ չեմ եղել։ Այն տեղերից են դուրս եկել, որտեղ եկել էին 44-օրյա պատերազմից հետո, Ներքին Հանդում այլեւս ռուս սահմանապահներ չկան»,- ասաց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Սյունիքում այլ համայնքներում կա՞ն ռուս սահմանապահներ, նա պատասխանեց․ «Տեսեք՝ եթե կա մի տեղ, որտեղ եղել են, կարող է 80 տոկոսը դուրս գան, մնացածը մնան, մինչեւ հաջորդները դուրս գան։ Հստակ չեմ կարող ասել, բայց Ներքին Հանդից դուրս են եկել»։

Անդրադառնալով Տեղ գյուղի վարելահողերի ու արոտավայրերի օկուպացմանը՝ Ղուկասյանն ասաց․ «Համայնքի հետ միասին մենք նոր հողատարածքներ գյուղացիների մուտքն ապահովել ենք։ Այդ խնդիրն այդպես է լուծվում, մինչեւ սահմանազատում-սահմանագծումը, հույս ունենանք, որ գործընթացը կհասնի այնտեղ, եւ այդ տարածքներն արդեն կլինեն մերը»։

Անդրադառնալով Սյունիքի մարզում այսպես կոչված սահմանազատման գործընթացին՝ մարզպետն ասաց․ «Լինելու է այն քարտեզով, որի մասին բոլորս գիտենք, որը վարչապետը ներկայացրել է։ Եթե 1976 թվականի քարտեզով է լինելու, այդ գծով ոչ մի միլիմետր այս կողմ չի լինի։ Մենք բոլորս գիտենք, որ Սյունիքում կա սուվերեն տարածք ներխուժում, բնականաբար, պետք է հետ գնան»։

Ռոբերտ Ղուկասյանն ասաց, որ հանձնաժողովի կազմում ինքը չկա, չի կարող ասել, թե ինչ է կատարվում եւ քանի քառակուսի կմ տարածք է օկուպացված Սյունիքից։ «Բնականաբար հետ պետք է գնան, 1976 թվի քարտեզն է դրված սեղանին, չէ՞»,- հավելեց նա։

Շրջափակված ամուսնություններ

«Շրջափակված ամուսնություններ» նախագիծը պատմում է Արցախում շրջափակման ընթացքում ընտանիք կազմած զույգերի մասին՝ սուղ պայմաններում կյանքի կարևոր որոշում կայացնելուց մինչև հարսանեկան արարողության կազմակերպում։

Կարմենն ու Լուիզան իրենց հարսանիքի օրը հստակեցրել էին վաղուց և որոշել, որ չեն փոխելու այն՝ անկախ ամեն ինչից։ Ամուսնության օրը չփոխվեց, ինչպես Լուիզան է նշում, փոխարենը կազմակերպվեց համեստ ու հիշարժան արարողություն։ Լուիզան պատմում է օրվա խորհրդի ու շրջափակման ընթացքում ամուսնանալու մասին ։

Ասպրամն ու Էդուարդն ամուսնացել են շրջափակման առաջին օրերին։ Նախապես պլանավորած 200 հոգանոց հարսանիքը կազմակերպվեց 20 հոգով։ Զույգի համար կարևորն Աստծո օրհնությամբ ամուր ընտանիք ստեղծելն էր, իսկ ճոխ ու մեծ հարսանիք չունենալը նրանց համար տխրելու և հուսահատվելու առիթ չդարձավ։

Ասպրամը  պատմում է, որ միշտ երազել է ունենալ  տարբերվող  հարսանիք, դուրս գալ ավանդական հարսնացուի կերպարից ու այդ օրը ներկայանալ կարմիր շրթներկով․ այսօր կես կատակ – կես լուրջ ասում է, որ իրենց հարսանիքը երկար է հիշվելու։

 

Ալյոնայի և Տիգրանի ամուսնությունը Արցախում վերջիններից էր: Ալյոնայի կարծիքով ամենադժվար ու պատասխանատու ժամանակաշրջանն էր ամուսնություն պլանավորելու և կազմակերպելու համար։ Օգոստոս ամսին Արցախում կարելի էր գտնել միայն ձմերուկ, լոլիկ, վարունգ և մի կյանք հույս ու հավատ առ այն, որ հնարավոր է ընտանիքներ կազմելով պայքարել ու հաղթահարել դժվարությունները։

 

Հեղինակներ՝

Մարտա Հարությունյան

Քրիստինե Ղահրամանյան

 

Նյութը պատրաստված է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։ 

Այս հրապարակման բովանդակությունը բացառապես հեղինակի պատասխանատվությունն է, և այն չի կարող ընկալվել որպես Եվրոպական միության տեսակետների արտացոլում: 

 

«Եթե տուն վերադառնալու հնարավորություն լինի, բոլորից առաջ կգնամ»

Արկադի Մկրտչյան, 67 տարեկան, Ստեփանակերտի նախկին բնակիչ։ Արկադիի ընտանիքը, ինչպես և մյուս ղարաբաղյան ընտանիքները, 2023 թվականի սեպտեմբերի վերջին ստիպված էր տեղափոխվել Հայաստան։ Պատրաստ է ցանկացած պահի վերադառնալ տուն՝ անվտանգության միջազգային երաշխիքներով։

— Ծնվել եմ 1957 թվականին վրացական ԽՍՀ Թկիբուլի քաղաքում, բայց ամբողջ կյանքս ապրել եմ Ստեփանակերտում։ Իմ արմատները Լեռնային Ղարաբաղից են՝ ծնողներս, պապերս, նախապապերս և այլն, բոլորն էլ Արցախից են։

1975 թվականից որպես նկարիչ աշխատել եմ Ղարաբաղի մետաքսի կոմբինատում, այնուհետև Ասկերանի նկարչական արհեստանոցում։ Քիչ անց աշխատանքի եմ ընդունվել Շինանյութերի գործարանում (ԿՍՄ)՝ որպես քարի արհեստավոր։ Չնայած ես նախկինում զբաղվել էի քանդակագործությամբ, բայց Շինանյութերի գործարանում աշխատելիս իմացա քարի իսկապես տեխնոլոգիական հատկությունները (մշակելիություն, հղկվածություն, անիզոտրոպություն և այլն):

Մի անգամ ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական ակադեմիկոս Գաբրիելյանցը տեսավ իմ աշխատանքը եւ սկսեց ինձ պատվերներ տալ, ինչով շատ աջակցեց ինձ։ Աշխատանքիս շնորհիվ կարողացա ընտանիքս պահել, ներկեր ու կտավ գնել, որպեսզի զբաղվեմ այն գործով, որը սիրում եմ։ Հետո սկսեցի լրջորեն սովորել նկարչություն։

Ես շատ էի կարդում, ունեի հիանալի գրադարան, որտեղ կային թե՛ գեղարվեստական, թե՛ մեծ արվեստագետների ու քանդակագործների գործերին վերաբերող գրքեր։ Բախտ է վիճակվել շատ շփվել և աշխատել մոտ և հեռավոր արտասահմանցի լավ վարպետ քանդակագործների հետ և շատ բան սովորեցի նրանցից: Մենք դեռ կապ ենք պահպանում ինտերնետի միջոցով։

Իմ ընտանիքը կինս է՝ Գալինան, երկու դուստրերը՝ Տատյանան և Իրինան, որդիս Սամվելը։ Կինս աշխատել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ քաղաքային եկեղեցում որպես գրադարանավար և մոմավաճառ։ Տատյանան լրագրող է, Սամվելն ավարտել է Էջմիածնի հոգեւոր ճեմարանը, Իրինան՝ տնային տնտեսուհի։

Երբ սկսվեց Ղարաբաղյան պատերազմը, ես ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայող էի։ 1997 թվականին առողջական պատճառներով անցել եմ թոշակի։

Լուսանկարները՝ հեղինակի

Իրականում սա իմ առաջին ցուցահանդեսն է։ 2015 թվականին ես Իսպանիայից ցուցահանդես կազմակերպելու առաջարկ ստացա, բայց հրաժարվեցի, քանի որ որոշեցի իմ աշխատանքները նախ ցույց տալ արցախցիներին, իսկ հետո միգուցե Իսպանիայում։ Բայց մինչ ես որոշում էի, պատերազմներ տեղի ունեցան (2016 թ․ 4-օրյա ապրիլյանը, 2020-ի 44-օրյա պատերազմը), այնպես որ դա չստացվեց: Հիմա որոշել եմ ցուցահանդեսն անցկացնել Երևանում, հետո կտեսնենք։ Ես հրաժարվեցի ցուցահանդեսում վաճառել աշխատանքներս, իմ ցանկությունն է, որ այցելուները տեսնեն մեր բնությունը, մարդկանց, իմանան, թե ով ենք մենք՝ արցախցիներս։

Լուսանկարները՝ հեղինակի

Ցուցահանդեսներն անցկացվում են կոնկրետ նկարչի կամ քանդակագործի գովազդի, նրանց աշխատանքները ներկայացնելու և այն վաճառելու նպատակով: Ես երբեք նման խնդիր չեմ ունեցել և չունեմ։ Իմ նկարները կամ քանդակները նվիրելով երախտագիտությունս եմ հայտնել մարդկանց, ովքեր բարի գործեր են անում։ Ինձ դուր է գալիս շնորհակալություն հայտնել նրանց ոգու և մարդասիրության համար:

Իմ աշխատանքներից շատերը գտնվում են արտասահմանում՝ ԱՊՀ երկրներում։ Սրտանց նվերներ էի մատուցում արժանավոր մարդկանց։

Ես որևէ միության անդամ չեմ։ Չեմ ուզում շարունակել այս թեման։ Տեսել եմ ոչ այնքան հաճելի բաներ և որոշել, որ ինձ ոչ մի միություն պետք չէ… Ես ազատ արվեստագետ եմ։

Հետ նայելով կարող եմ ասել, որ այնտեղ եմ թողել Հայրենիքս, հարազատներիս գերեզմանները, տունս, երկու արհեստանոցս։ Այնտեղ՝ Արցախում, ստիպված թողել եմ տարբեր չափերի 50 քանդակ, 500-ից ավելի նկարներ (դիմանկարներ, բնանկարներ և այլն)։ Ավաղ, այս ամենը մարդատար մեքենայով հնարավոր չէր հանել, ուստի ամեն ինչ մնաց Ստեփանակերտում։ Ես կարողացա շրջանակներից մի երկու գործ հանել ու հետս բերել։ Մի քանի փոքր քանդակներ էլ վերցրեցի։ Իսկ երբ հասանք Երեւան, փեսաս ինձ անակնկալ մատուցեց՝ պարզվեց, որ կարողացել է բերել իմ նկարներից մի քանիսը։ Սա հաճելի անակնկալ էր ինձ համար։ Դա այն աշխատանքներն են, որոնք այժմ ցուցադրված են իմ անհատական ​​ցուցահանդեսում։

2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտից մեկնեցինք Հայաստան։ 36 ժամ անցկացրինք ճանապարհին։ Մեքենայի մեջ մեր չորս հոգանոց ընտանիքն էր, որոշ իրեր և սնունդ: Բնակարան ենք վարձել Երևանում և բոլորս միասին ենք ապրում։ Պետական ​​թոշակով ու նպաստով կարողանում ենք բնակարանի համար վճարել ու գոյատևել, ինչպես կարող ենք։ Տղաս ու իր ընկերները փորձում են բիզնես սկսել։ Կյանքը ցույց կտա, թե ինչպես նրանք գլուխ կհանեն։

Հաճախ մտածում եմ՝ կվերադառնանք Արցախ, մեր տները։ Իմ կարծիքն այն է, որ մենք պետք է անենք հնարավորն ու անհնարինը դրա համար։ Յուրաքանչյուր մարդ իր աշխատավայրում պետք է աշխատի, քիչ խոսի, ավելի շատ աշխատի, և միայն այդ դեպքում կարող ենք ավելիին հասնել։ Եթե ​​տուն վերադառնալու հնարավորություն լինի, բոլորից առաջ կգնամ։ Բայց անվտանգության միջազգային երաշխիքներ պետք է լինեն։ Եթե ​​երաշխիքներ չլինեն, ինչպե՞ս կարող ենք երեխաներին տանել այնտեղ։ Ի վերջո, մեր հակառակորդների համար առաջին թշնամին հայերն են…

Ալբերտ ՈՍԿԱՆՅԱՆ

Նյութը պատրաստվել է “Ստեփանակերտ” Մեդիա ակումբի նախագծի շրջանակներում

Պատերազմից հետո Հայկը վերադառնում էր․ շրջել է Արցախի բոլոր անկյուններով

2016 թվականի ապրիլ. Արցախը հերթական անգամ ցնցված է պատերազմի բռնկման լուրից։ Գրեթե բոլոր ուղղություններով միաժամանակ սկսվել են ինտենսիվ հրետակոծություններն ու հակառակորդի առաջխաղացումը։ Մեր զինվորները խիզախորեն պաշտպանվում էին՝ արժանի հակահարված տալով հակառակորդին։

Մեր սահմանների երիտասարդ, բայց ոչ պակաս խիզախ պաշտպաններից էր ժամկետային զինծառայող Հայկ Թորոսյանը։ Նրան «բախտ է վիճակվել» այդ օրը լինել Մարտակերտի պաշտպանական շրջանի առաջնագծում՝ որպես վարորդ։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը մարտական ​​առաջադրանք կատարելիս ստացել է գանգուղեղային բեկորային վիրավորում։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն քանի որ վիճակը ծայրահեղ ծանր էր, կյանքը փրկելու համար ուղղաթիռով շտապ ուղարկել են Երևան՝ Մուրացան հիվանդանոց։ Այստեղ նա վիրահատության է ենթարկվել, որից հետո յոթ օր կոմայի մեջ է եղել։

Երեք ամիս հիվանդանոցում ինտենսիվ բուժումից հետո Կարմիր Խաչում վերականգնումը երկար, բայց արդյունավետ էր: Վերականգնումից հետո Հայկը կարողացավ հրաժարվել անվասայլակից և, հավաքելով իր ուժերը, սկսեց աստիճանաբար վերադառնալ լիարժեք կյանքի հուն:

Ընդունվել է համալսարան՝ սոցիոլոգիայի բաժին։ Հաջողությամբ ավարտել է։

Հայկը Արցախի մասին ամենաջերմ հիշողություններն ունի. ծառայությունից հետո նա հաճախ էր վերադառնում այնտեղ ու շրջում Արցախի գրեթե բոլոր անկյուններով։ Նա ջերմությամբ է հիշում Արցախում անցկացրած յուրաքանչյուր պահը, իր մարտական ​​ընկերներին, որոնց հետ մինչ օրս սերտ կապ է պահպանում։

«Ես շատ վրդովված եմ, որ ամեն ինչ այսպես ստացվեց։ Ի վերջո, Արցախը Հայաստանի ֆորպոստն է։ Եվ կորցնելով Արցախը՝ մենք բացեցինք Հայաստանի դարպասները։ Արցախյան ազատամարտում հազարավոր տղաներ իրենց կյանքն են տվել, շատերն էլ կորցրել են իրենց առողջությունը, այդ թվում՝ ես։ Շատ ցավալի է գիտակցել, որ այն ամենը, ինչի համար մենք պայքարել ենք, կորցրել է իր իմաստը»:

Այս բոլոր փորձությունների միջով անցնելով՝ Հայկ Թորոսյանը չի կորցնում հավատը, որ Արցախը մի օր կլինի ազատ ու հայկական։ Եվ որ մենք դեռ կվերադառնանք այնտեղ։ Կվերադառնանք, քանի որ մենք՝ հայերս, ապրել ենք այնտեղ շատ հազարամյակներ, քանի որ այնտեղ են մեր նախնիների գերեզմաններն ու մեր դարավոր պատմության մասին վկայող պատմական հուշարձանները։

Արսեն Աղաջանյան

Ասյան իր բրենդի համար ընտրել է «Սալոմե» անունը, որը նշանակում է խաղաղություն

Ասյան 21 տարեկան է, մինչ բռնի տեղահանումը ապրում էր Արցախում, որտեղ էլ սկսել էր իր գործը, ստեղծելով յուրահատուկ ձեռագործ իրեր: Պատերազմի ողջ ծանրությունը զգացած Ասյան իր բրենդի համար ընտրել է «Սալոմե» անունը, որը նշանակում է խաղաղություն:

« Նկարելն ու ձեռագործությունը մանկուց  իմ կյանքի անբաժանելի մասն էին: 2020 թվականից հետո սկսել եմ ավելի շատ ստեղծագործել աշխարհից կտրվելու համար: Մի օր ընկերոջս հետ տուն էինք վերադառնում և նա առաջարկեց առանձին էջ բացել և այնտեղ տեղադրել իմ աշխատանքները: Նույն պահին ես պատկերացրի, որ առաջին նկարը պետք է վզնոց լիներ, մտքիս մեջ արդեն ցուցակ եմ կազմել, թե ինչ է պետք այդ ամենը կյանքի կոչելու համար: Արդեն ուշ էր, և ես ամբողջ գիշեր սպասում էի լուսաբացին: Առաջին աշխատանքներս կարում էի տատիկիս կարի մեքենայով»:

Հիմա էլ Ասյան սիրում է ստեղծագործել գիշերը: Ասում է, որ սկզբնական շրջանում չէր մտածում վաճառքի մասին, բայց ժամանակի ընթացքում հետաքրքրությունը նրա ստեղծագործությունների հանդեպ աճուն էր և այն հոբբիից վերածվեց բիզնեսի:

Ասյան շատ չի խոսում պատերազմի, շրջափակման, տարհանման և դրանց ուղեկցող դժվարությունների մասին, բայց մի դրվագ ընդմիշտ մնացել էր նրա սրտում` Ստեփանակերտում վերջին օրերը։

«Գիշեր էր, երբ նկատեցինք հարևանի տանը մոտեցող Վանք գյուղից բարեկամների մեքենան` տեղահանել էին: Այդ օրերին Ստեփանակերտում դեռ ընտանիքներ կային․ ով կմտածեր, որ մի քանի օրից Ստեփանակետն էլ կդատարկվի: Մի աղջիկ մթության մեջ նկատել էր վերնաշապիկիս վրա պատկերված «տատիկ, պապիկը»: Հաջորդ օրը մեր տուն եկավ, օգնեց թելերս դասավորել,պարզվեց, որ ծանոթ է իմ աշխատանքներին: Հետո ցույց տվեց իր սիրելի տաբատը, որը պատռվել էր ճանապարհին, և մենք միասին որոշեցինք, որ պետք է երիցուկներ լինեն այդ տաբատին` պատռվածքի փոխարեն»:

Շրջափակման վերջին ամիսներին Ասյան փորձում էր տարբեր տեղերից ներկեր, կտորներ հայթայթել ստեղծագործելու համար և երբ արդեն մեկնում էին Հայաստան, փոքր պայուսակի մեջ հավաքել էր իր բոլոր ներկերը․

«Այնպիսի տպավորություն ունեի, որ շրջափակումը անվերջ է, որ Երևանում ևս շրջափակում է, ու այս փոքրիկ պայուսակի ներկերը վերջինն են»:

Անկեղծանում է` Երևանում դժվար էր թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես` հայրենիքի կորուստը, դժբախտությունները, նաեւ ստեղծագործելու տարածքի բացակայությունը: Այս ամենը կարծես փորձում էր սպանել իր մեջ ստեղծագործելու ցանկությունը, բայց Ասյան հասկացավ, որ պետք է շարունակել ստեղծագործել՝ Արցախի մոտիվներով, պետք է ունենալ սեփական ներդրումը արցախյանի պահպանման գործում:

Նա նաև ուրախ է, որ այսօր շուկայում մենակ չէ, եւ էլի մարդիկ կան, որ ստեղծագործում է Արցախի մասին, Արցախի հոգով, բայց դա մրցակցություն չէ, քանի որ բոլորի նպատակը միաձուլվում է մեկ ընդհանուր նպատակի մեջ` Արցախի մասին պատմելու, Արցախի մասին չմոռանալու:

Քրիստինա Ալավերդյան

Ո՞վ պետք է Փաշինյանին Փարիզ հրավիրի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում է Ֆրանսիայում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Նորմանդիայում դաշնակիցների վայրէջքի 80-ամյակին նվիրված արարողություններին։ Այս մասին հունիսի 4-ին Փարիզ մեկնող Air Force One ինքնաթիռում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Սալիվանի խոսքով՝ Բայդենը մտադիր է Զելենսկու հետ քննարկել Ուկրաինայում տիրող իրավիճակը և այն, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները շարունակել և ուժեղացնել աջակցությունը Կիևին։ Սպասվում է, որ հունիսի 7-ին Ելիսեյան պալատում Ուկրաինայի առաջնորդին կընդունի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով ավելի վաղ ասել էր, որ Ֆրանսիան նույնպես միջուկային տերություն է և ռազմական հրահանգիչներ կուղարկի Ուկրաինա։

ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան և մի շարք այլ պետություններ չեղարկել են Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքում արևմտյան զենքի օգտագործման արգելքը։ Նրանք ասում են, որ թույլ չեն տա, որ Ուկրաինան պարտություն կրի և փոխվի նրա աշխարհաքաղաքական դերը։

Մինչդեռ Հարավային Կովկասում Երեւանն ու Բաքուն «փոխվում են դերերով»։ Հայաստանն ու Վրաստանը, որոնք հրաժարվել են իրենց միջազգային դերակատարությունից, “հանձնվում” են նոր տարածաշրջանային «նայողին»՝ Ալիևին։

«Երկարաժամկետ խաղաղության համաձայնագիրը վերջ կտա տասնամյակների հակամարտություններին, կվերափոխի Հարավային Կովկասը և հիմնովին կփոխի Ադրբեջանի դերը տարածաշրջանում։ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այդ ձգտումին»,- ասված է ԱՄՆ նախագահ Բայդենի՝ Բաքվում էներգետիկ համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։

Էրդողանը նույնպես ողջունել է «Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին դրական զարգացումները, և խաղաղության համաձայնագրի ստորագրումը համարում եմ պատմական հնարավորություն տարածաշրջանի ապագայի համար»։

Լուկաշենկոն, այցելելով Շուշի, Ալիևին անվանել է նոր «տարածաշրջանային առաջնորդ»։ Իսկ Մոսկվան ամեն օր ողջունում է «խաղաղությունը» Կովկասում և բանակցությունները Աստանայում։

Նման պայմաններում ինչո՞ւ Փաշինյանին ու Կոբախիձեին պետք է հրավիրեն Փարիզ։

Ալեն Սիմոնյանը Սլովենիայում. Հայաստանը նույնպես ճանաչել է Արցախը, բայց որպես այլ պետության մաս

Սլովենիայի խորհրդարանը Պաղեստինը ճանաչել է որպես անկախ պետություն։ Երեքշաբթի օրը՝ հունիսի 4-ին, քվեարկությանը ներկա 53 պատգամավորներից 52-ը քվեարկեցին այս որոշման օգտին։ Սլովենիան այսպիսով հաջորդում է Նորվեգիային, Իսպանիային և Իռլանդիային, որոնք մայիսի վերջին պաշտոնապես ճանաչեցին Պաղեստինի անկախ պետությունը։

Սլովենիայի կառավարության ղեկավար Ռոբերտ Գոլոբը Պաղեստինի պետականության ճանաչումն անվանել է «հույսի փարոս Պաղեստինի ժողովրդի համար Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայի հատվածում»:

Նույն օրը Սլովենիայում էր գտնվում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը։ Սլովենիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնը հանդիպմանը նշել է. «Մենք տեսնում ենք Հայաստանի կառուցողական մոտեցումը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու հարցում»։

Հայաստանի «կառուցողականության» վրա ծիծաղում են ոչ միայն Սլովենիայում, այլ նաև այլ երկրներում՝ մատնացույց անելով ազգային իրավունքներից ու Արցախից հրաժարված հայկական իշխանություններին։ Ալեն Սիմոնյանը, լսելով Սլովենիայի կողմից Պաղեստինի պետականության ճանաչման մասին, ասած կլինի, որ Հայաստանը նույնպես ճանաչել է Արցախը… որպես ադրբեջանի մաս, իսկ Արցախի պետական ​​մարմինները Հայաստանը համարում են ազգային անվտանգության սպառնալիք։

Արցախցիների «հանրաքվեի» արհամարhումը կայսրություններ է ոչնչացրել

Այսօր Հայաստանի խորհրդարանում հետաքրքիր ապրիորի քննարկում է տեղի ունեցել, քանի որ խոսում էին արցախցիների ճակատագրի մասին՝ առանց բուն արցախցիների կարծիքը հարցնելու։ Ընդհանրապես, Հայաստանում մովետոն է դարձել արցախցիների մասին խոսելը, հատկապես նրանց ուզածի մասին։ Թեկուզ, հավաքական կարծիք արտահայտող էլ չկա. նախկին ղեկավարությունը լուռ նստած է Բաքվի բանտում, իսկ վտարանդի իշխանությունը համարվել է Հայաստանում ազգային անվտանգության սպառնալիք։

Եթե հակիրճ, «Հայաստան» խմբակցության պատգամավորները իրավացիորեն մեղադրեցին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Արցախի ժողովրդին պաշտպանելու  մասին կառավարության ծրագրի դրույթը չկատարելու մեջ։ Արարատ Միրզոյանն արձագանքեց՝ մեղադրելով ՀՅԴ-ին. Միրզոյանն ասաց, որ 2023 թվականի ամռանը Հայաստանի իշխանություններն առաջարկել են «իջեցնել» Արցախի կարգավիճակի նշաձողը, որին ի պատասխան՝ Արցախի խորհրդարանը ՀՅԴ ակտիվ մասնակցությամբ ընդունել է «Ղարաբաղը ծովից ծով» բանաձեւ։

Այդպես վիճելով հասան նրան, որ Արարատ Միրզոյանը խոստովանեց, որ եթե չլիներ պատերազմը, Հայաստանի՝ Արցախին օգնելուց հրաժարվելը և մայիսի 5-ի հայտարարությունը Արցախի նկատմամբ Բաքվի իրավասությունը ճանաչելու մասին, ապա ցեղասպանություն կլիներ։ Այսինքն՝ հողը հանձնել են մարդկանց փրկելու համար։

Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն պնդում արցախցիների վերադարձի իրավունքը, Արարատ Միրզոյանն ուղիղ հարցրեց՝ իսկ ի՞նչ ձևաչափով է ընդդիմությունը պատկերացնում վերադարձը։ Ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց՝ ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ «Ինչո՞ւ եք հիմա խոսում ինքնավարության մասին, երբ ԼՂ-ում արդեն հայեր չկան»,- զայրացած հարցրեց Միրզոյանը՝ հավելելով, որ իշխանությունները վաղուց էին առաջարկում «իջեցնել կարգավիճակը»։

Աստիճանաբար պարզ է դառնում, թե ինչ են առաջարկել Հայաստանի քաղաքական ուժերը Արցախի ժողովրդին՝ մնալ Ադրբեջանի կազմում որպես պատանդ, ռուսական զորքերի «երաշխիքների» ներքո՝ ֆիզիկական ցեղասպանության հեռանկարով։ Հողի, ինքնորոշման, սեփականության իրավունքների մասին խոսք չկա։

Հայաստանի իշխանություններն իրենց «սիրելի քույրերին ու եղբայրներին» առաջարկել են ապրել մի պետության կազմում, որի հետ Արցախը 30 տարի պատերազմում էր։ Իսկ ընդդիմությունը պնդում էր «ինքնավարություն»՝ նույնպես ռուսական երաշխիքներով և նույնպես որպես պատանդ։ Ոչ մի տարբերություն։

Արցախցիները երկուսին էլ «ոչ» ասացին՝ դժվարին որոշում կայացնելով ժամանակավորապես լքել հազարամյա հայրենիքը։ Այս որոշումը ամենահուսալի պլեբիսցիտն էր, որը նշանակում էր ռուս-թուրքական ծրագրի լիակատար ֆիասկո։ Հենց այս ծրագիրն էր ակտիվորեն առաջ մղվում Հայաստանի իշխանությունների և ընդդիմության կողմից՝ մի փոքր ցեղասպանություն կլիներ, մեկ-երկու ֆիլտրացիոն ճամբար, ողջ մնացածների համար էլ՝ ինտեգրում, ինքնավարությամբ կամ առանց դրան։

Արցախի ժողովրդի կարծիքի նկատմամբ արհամարհական վերաբերմունքը կայսրություններ է ոչնչացրել և կուսակցություններ ուղարկել գրողի ծոցը։

Նաիրա Հայրումյան

Անցած տարի Երեխաների oրը Ստեփանակերտում նշվել է գրեթե տաս օր

Անցած տարի ամռանը Երեխաների oրը Ստեփանակերտում նշվել է գրեթե տաս օր՝ հունիսի 1-ից 9-ը: Տեղացիները գիտեն այդ սեզոնի տեղատարափ անձրեւների մասին, որից մուգ կանաչում են Սխտորաշենն ու Ցեխ ծյորը (Քոլատակ): Դրա համար էլ  երկարել էր Երեխաների օրը:

Արեւիկ Բ/Կ

— Մա՛մ, մանդարին եմ ոզում…
— Բալա՛ս, ճանապարհը փակ է…
— Ինչո՞ւ…
— Չգիտեմ…

-Մի կառտոշկան չորս կտոր եմ արել` չորս անգամ ժարիտ արել: Շնից Հոլիվուդի աստղ են սարքում, իմ բալիկները մի շուն է՞լ չարժեն, քո՞ռ է աշխարհը, — կոկորդը լցված հարցնում է ինձ մանդարին ուզող երեխայի մայրը:

Պալատակից մյուս մայրիկն էլ, ում երեխան (կիսուրի գրկում) դեռ մի չորս-հինգ տարի հետո է կարողանալու «մանդարին» ասել,  լացում է նրա համար, որ լվացքի փոշի չկա` շոր լվանալու համար:

Մարութ Վանյան

Նաեւ լուսանկարների հեղինակը 

Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին․ ԱԳՆ

Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին:  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված 9-րդ խմբագրությունը»,- ասաց Անի Բադալյանը։

Հունիսի 9–ին` ժամը 18։30–ին, մեծ հանրահավաք. ինչ է անելու անցումային կառավարությունը

Հունիսի 9–ին` ժամը 18։30–ին, մեծ հանրահավաք ենք անելու Հանրապետության հրապարակում: Այս մասին այսօր` հունիսի 4-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը:

«Շատ կարեւոր հանգրվանային, հենման կետ ունեցող հանրահավաք է, ինչպես ասել եմ նաեւ այս ընթացքում մեր ծրագրի ամբողջացմանը հասնելու համար: Այնտեղ կներկայացնեմ, թե առաջիկա օրերին ինչ ենք անելու»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանը նաեւ ասել է, որ  դեռ շատ վաղ է խոսել նոր կառավարության կազմի մասին, քանի որ այդ մարդիկ միանգամից թիրախավորվում են:
«Մենք ոչինչ չենք թաքցնում, հանգրվան առ հանգրվան, փոխադարձ վստահությամբ՝ առաջ ենք գնում։ Ինձ համար ամենակարևորը  փոխադարձ վստահությունն է։ Որոշ մարդիկ այժմվանից խոսում են կառավարության կազմի մասին։ Այդ հաճույքը չեն ունենա՝ իմանալու, դա մեծ թակարդ է, որ անուններ տրվեն կառավարության կազմի մասին, և հերթով սկսեն մարդկանց ոչնչացնելու գործողություններ։

Մենք դեռ հանգրվան ունենք հաղթահարելու՝ մինչև կառավարությունը։ Դա ժողովրդի պահանջն էր, որն արտահայտել են՝ ուզում են փոխարինել սա՝ սրանով։ Որևէ մեկը թող չսպասի, որ ինքն ինչ-որ բաներ է լսելու, որն իրեն չի վերաբերվում։ Իսկ բոլոր նրանք, ովքեր կուզենան այդ թակարդին մոտենալ, անհնար է, մի էլ փորձեք։ Հանգիստ, խաղաղ մասնակցեք գործընթացին, եթե մասնակից եք »,- ասաց Բագրատ Սրբազանը:

Էներգետիկ եւ տրանսպորտային առումով մենք կհայտնվենք անկլավային վիճակում

Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում այսօր Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմաններին ու ներկայացվում են որպես սահմանազատում, լրջագույն խնդիրներ են ստեղծում հատկապես մեր գազա-տրանսպորտային համակարգի համար։ Այս մասին այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ասաց էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։

«Այսպես կոչված դեմարկացիայի արդյունքում այն մայրուղային գազամուղը, որով ՀՀ-ն բնական գազ է ներկրում ՌԴ-ից՝ Վրաստանի տարածքով, հայտնվում է լրջագույն հարվածի տակ։ Խոսքը մասնավորապես Կարմիր կամուրջ-Սեւքար-Բերդ հատվածի գազատարի մասին է, որի մի մասն այսօր փաստացի հայտվում է թշնամու վերահսկողության ներքո։ Արդեն այսօր հայտնի է, որ պատրաստվում են որոշակի աշխատանքներ իրականացնել այդ գազամուղի լոգիստիկան փոխելու համար։ Ըստ նախնական տվյալների՝ խոսքը գնում է մինչեւ 15 կմ գազամուղի լոգիստիկան փոխելու մասին, ինչը մեծ ծախսերի հետ է կապված։

Բայց ծախսերը դեռ մի կողմ, ակնհայտ է, որ սա ստեղծում է մի իրավիճակ, որ Ադրբեջանը փաստացի լծակներ է ձեռք բերում Հայաստանի էներգետիկ համակարգում որպես դերակատար հանդես գալու՝ ցանկացած պահի հնարավորություն ունենալով խոչընդոտել դեպի ՀՀ կապույտ վառելիքի ներմուծումը։ Ես վստահեցնում եմ՝ եթե այս նույն անկլավային տրամաբանությամբ քաղաքականությունը շարունակվի նաեւ մեր հարավային սահմանին, այսինքն՝ Սյունիքում, ապա էներգետիկ եւ տրանսպորտային առումով մենք կհայտնվենք անկլավային վիճակում, որովհետեւ նույն կարգավիճակում կհայտնվի նաեւ մեզ համար կենսական նշանակություն ունեցող Իրան-Հայաստան գազամուղը, հարցականի տակ կհայտնվի Իրանը Հայաստանին կապող էլեկտրահաղորդակցման գիծը եւ այլն:

Եվ դրա հետ մեկտեղ գործող իշխանությունները խոսում են Ադրբեջանից բնական գազի ներկրման հեռանկարի մասին»,- ասաց Վահե Դավթյանը։