Կուտակային կենսաթոշակների մասին․ Գեղամ Ստեփանյան

Արցախից բռնի տեղահանությունից հետո բազմաթիվ արցախցիներ դիմում են՝ հստակ տեղեկություն ստանալու կուտակային կենսաթոշակային համակարգով կուտակած գումարների ճակատագրի վերաբերյալ։ Խոսքն ընդհանուր առմամբ մոտ 17 մլրդ դրամի և մոտ 34,5 հազար շահառուի մասին է։
Հաշվի առնելով խնդրո առարկայի վերաբերյալ արցախցիների շրջանում բարձր հետաքրքրվածությունը՝ մեր կողմից իրականացվել են ուսումնասիրություններ, որոնք հանգում են հետևյալին՝
• 2024 թ․ հունվարի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը լրացում է կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, որով հնարավորություն է ստեղծվել մասնակիցների համար կուտակված միջոցները իրենց ցանկությամբ փոխանցելու այլ կուտակային կենսաթոշակային համակարգում բացված հաշվին, կամ էլ հետ ստանալու՝ փոխանցելով այն իրենց բանկային հաշիվներին։ 2024 թ․ փետրվարի 29֊ին ԱՀ կառավարության որոշմամբ հաստատվել է վերոնշյալ օրենքից բխող համապատասխան ընթացակարգը։
• Հարցի շուրջ Արցախի կառավարությունը քննարկումներ է ունեցել շահագրգիռ կառույցների՝ ՀՀ կենտրոնական բանկի, «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ֊ի և ֆոնդի կառավարիչ «Ջեներալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ֊ի հետ, որոնց կողմից ևս որևէ խոչընդոտ գործընթացի իրականացման տեսանկունից չի ներկայացվել։
• Ըստ էության՝ Արցախի Հանրապետության համապատասխան մարմինների և շահագրգիռ այլ կառույցների կողմից ապահովվել է անհրաժեշտ բոլոր իրավական ընթացակարգերը, որոնք ԱՀ քաղաքացիներին հնարավորություն են տալիս կամ հետ ստանալու կուտակված միջոցները, կամ էլ դրանք փոխանցելու ՀՀ կուտակային համակարգում գործող այլ ֆոնդի։ Ըստ օրենքի՝ գործընթացը պետք է ավարտվեր 2024 թվականի նոյեմբերին։
• Սակայն 2024 թվականի մայիսին ՀՀ կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ համաձայն որի նախատեսվում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը, իր դիմումի համաձայն, կարող է իր կուտակած միջոցները տեղափոխել ՀՀ կենսաթոշակային կուտակային համակարգ, իսկ համապատասխան դիմումի բացակայության դեպքում, միջոցները տեղափոխվելու են օրենքի ուժով։
• Փաստորեն ՀՀ կառավարության առաջարկած նախագծով հնարավորություն չի ստեղծվում կուտակված միջոցները մասնակցին վերադարձնելու համար, այլ միայն սահմանվում է, որ դիմումի առկայությամբ կամ առանց դրա կուտակված գումարները փոխանցվելու են ՀՀ կուտակային կենսաթոշակների համակարգում գործող այլ ֆոնդի։
Ըստ էության՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, փաստացիորեն չունենալով որևէ լիազորություն կուտակված գումարների ճակատագրի տնօրինման մասով, շրջանառվող օրենքի նախագծով փորձում է ներդրումային ֆոնդի գումարները տեղափոխել ՀՀ կենսաթոշակային ֆոնդ՝ զրկելով կուտակային համակարգի մասնակցին սեփական միջոցները տնօրինելու հնարավորությունից։
Հայաստանի Հանրապետության կառավարության համար արդեն ընդունված վարքագիծ է դարձել բռնի տեղահանվածներին վերաբերող հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնել առանց պատշաճ հանրային քննարկման, առանց ներառականություն ապահովելու՝ անտեսելով առնվազն իրենց վերաբերող հարցերի շուրջ լսված լինելու իրավունքը։

Սա հանգեցնում է Արցախի պատմական հազարամյա տարիների ինքնության նկարագրի աղճատմանն ու վերացմանը

Բռնի տեղահանված արցախցիների համար նախատեսված բնակապահովման ծրագիրը չի լուծում մարդկանց սոցիալական խնդիրները։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

«Հայաստանի Հանրապետությունը՝ որպես սոցիալական պետություն, իր գործունեության ընթացքում պետք է հետամուտ լիներ սոցիալական խնդիրների լուծմանը։ Այսինքն՝ դա նշանակում է, որ սոցիալական ծրագերը, որոնք ընդունվում են կառավարության կողմից, պետք է համարժեք լինեն սոցիալական խնդիրների լուծմանը։ Հատկացվող սոցիալական աջակցությունն ու այս ծրագիրը չեն լուծում սոցիալական խնդիրները։ Եվ դա անդրադառնում է ՀՀ անվտանգության վրա։ Վերջին հաշվով քաղաքացիներն իրենց գիտակցությունը ձեւավորում են շրջապատում տեղի ունեցող երեւույթները գնահատելու միջոցով։ Եթե սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ կա ոչ լիարժեք հոգածություն, ապա ակնհայտ է, որ քաղաքացիների մոտ ՀՀ իշխանության նկատմամբ ձեւավորվելու են ոչ հարգանքի վարքագծի դրսեւորման տարրեր։ Իսկ մենք գիտենք, որ անվտանգությունը մեր երկրի համար առաջնահերթ խնդիր է, որը այդ թվում՝ սոցիալական խնդիրների լուծման միջոցով պետք է բարձրացվի այն անհրաժեշտ մակարդակի, որը համարժեք է այս տարածաշրջանին»,- ասաց փաստաբանը։

Անդրադառնալով բնակապահովման ծրագրի շահառու դառնալու համար ՀՀ քաղաքացիություն ստանալու պարտադիր նորմին՝ Ռաֆայել Մարտիրոսյանն ասաց, որ արցախցիների փախստականի կարգավիճակն ավելի մոտ է կանգնած նրանց վերադառնալու հնարավորությանը, քան եթե արցախցիները ՀՀ քաղաքացիություն ձեռք բերեն։ «Վերջիվերջո, այդ տվյալները գոյություն ունեն ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի տրամադրության տակ, եւ փախստականների գլխավոր հանձնակատարն էլ պետք է անհրաժեշտ հոգածություն ցուցաբերի արցախցիների նկատմամբ։ Այսինքն՝ մարդկանց մոտ այն տրամաբանությունն է, որ քաղաքացիություն ստանալու դեպքում ավելի է մեծանալու Արցախ վերադառնալու անհնարինությունը, քան այն դեպքում, երբ ունենան փախստականի կարգավիճակ»,- ասաց նա։

Ռաֆայել Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ բնակապահովման ծրագիրը կարող է պատճառ հանդիսանալ, որ արցախցիների արտագաղթի տեմպերն արագանան։ «Միանշանակ, արտագաղթի տեմպերը կմեծանան, քանի որ այստեղ սոցիալական խնդիրները չեն լուծվում, եւ կառավարության կողմից համարժեք միջոցներ չեն ձեռնարկվում։ Սա վտանգում է ոչ միայն արցախցիներին, այլ նաեւ հանգեցնում է Արցախի պատմական հազարամյա տարիների ինքնության նկարագրի աղճատմանն ու վերացմանը։ Այսինքն՝ մենք կորցնելու ենք Արցախը՝ որպես հայ ժողովրդի նկարագրի մեջ ընդգրկված մի առանձին մշակույթի օջախ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ռոզա Հովհաննիսյան

Ամբողջ աշխարհն ամրապնդում է «խաղաղ» սահմանները, իսկ Փաշինյանը զորքը դուրս է բերում շփման գծից

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կառավարությունը կքննարկի Բելառուսի հետ սահմանին 200 մետրանոց բուֆերային գոտու վերականգնման հարցը։ Այս հայտարարությունը հաջորդել է Բելառուսի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպին, երբ լեհ սահմանապահը դանակահարվել է միգրանտի կողմից, որը փորձել է ապօրինի հատել սահմանը:

«Մենք բոլոր միջոցներով կպաշտպանենք մեր սահմանը. բանակը, սահմանապահ ծառայությունը և ոստիկանությունը կարող են ապավինել իմ լիակատար աջակցությանը»,-ասել է Դոնալդ Տուսկը «X» սոցիալական ցանցում տարածված ուղերձում։

Հիշեցնենք, որ խոսքը Եվրոպայի կենտրոնում սահմանազատված և «խաղաղ» սահմանի մասին է։

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ «անվտանգությունն այլևս բավարար չէ, մեզ պետք է խաղաղություն, որը կապահովի անվտանգությունը»։ Նա ասաց, որ պետությունը պետք է ընկալվի որպես լավ ապրելու գործիք։

Միաժամանակ, Փաշինյանը ականազերծում է և զորքերը դուրս բերում շփման գծից, որի վրա նոր էին անհիմն տեղադրել ինչ-որ սյուներ և տեղակայում թեթև զինված սահմանապահներ։

Եվրոպայում փլուզվում է Փաշինյանի կեղծ հայեցակարգը, որի համաձայն խախաղությունը պետք է ապահովի անվտանգությունը։ Փաշինյանը դա քաջ գիտակցում է, և ակնհայտ է, որ Հայաստանի «դեմիլիտարիզացիան եւ դենացիֆիկացիան» ուղղված են ոչ թե խաղաղության և անվտանգության ապահովմանը, այլ բացառապես Հայաստանի դեմ հեշտ ու էժան ագրեսիայի համար պայմանների ստեղծմանը, դրան հաջորդող պետության քայքայմամբ։

Մոսկվայի «միջուկային իսկանդերները» քոր են գալիս. որտե՞ղ են դրանք օգտագործվելու

Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Ազգային հետազոտական ​​համալսարանի Եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի  հետազոտական ​​ծրագրերի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը RBC-ին ասել է, որ առաջարկում է ցուցադրական միջուկային պայթյուն իրականացնել կա՛մ չեզոք տարածքում, կա՛մ Ռուսաստանի տարածքում, օրինակ՝ Նովայա Զեմլյայի վրա։

Նրա խոսքով, արևմտյան երկրները բլեֆ են համարում ոչ միայն Ռուսաստանի հայտարարությունները ՆԱՏՕ-ի հետ հակամարտության դեպքում միջուկային զենքի դիմելու պատրաստակամության մասին, այլ նույնիսկ մարտավարական միջուկային զենքի կիրառմամբ զորավարժությունները։

«Որպեսզի ապացուցվի, որ սա բլեֆ չէ, պետք է հայտարարություններից անցնել գործնական քայլերի։ Եվ ամենաաներկբա գործնական քայլը, ամենաաներկբա ազդանշանը, որը նախատեսված է ցույց տալու Ռուսաստանի պատրաստակամությունը միջուկային զենքի դիմել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ պատերազմի դեպքում, ցուցադրական միջուկային պայթյունն է», – բացատրեց նա:

Սուսլովն ընդգծել է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղղակի ռազմական բախման աճող ռիսկը վկայում է եվրոպական երկրների և ԱՄՆ-ի քննարկումները՝ Ուկրաինային թույլ տալ արևմտյան զենք օգտագործել ռուսական տարածքին հարվածելու համար:

Մոսկվան F-16 ինքնաթիռների ուղարկումն Ուկրաինա կընկալի որպես միջուկային ոլորտում ՆԱՏՕ-ի կանխամտածված ազդանշան, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ այս տիպի կործանիչներն օգտագործվել են երկար տարիներ դաշինքի համատեղ միջուկային առաքելությունների շրջանակներում։ «Ուստի մենք չենք կարող չդիտարկել այդ համակարգերի մատակարարումը Կիևի ռեժիմին որպես ՆԱՏՕ-ի կանխամտածված ազդանշանային գործողություն միջուկային ոլորտում։ Նրանք փորձում են մեզ հասկացնել, որ Ուկրաինայում ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ են բառացիորեն ամեն ինչի»,- իր հերթին ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Reuters-ը մայիսի 10-ին հայտնել է, որ Ուկրաինան առաջին F-16 կործանիչները կստանա հունիսին կամ հուլիսին։ Փորձագետները վաղուց ասում են, որ Մոսկվան միջուկային զենքից բացի այլ փաստարկներ չունի։

Իր հերթին, Եվրոպայում ավելի ու ավելի հաճախ են խոսում Ռուսաստանի հետ պատերազմի հավանականության մասին։ Նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում ոչ միայն պաշտպանության, այլեւ հարձակման համար։

Բացի այդ, նշվում է, որ միջուկային զենքը կարող է օգտագործվել ընդհանրապես ոչ թե Ռուսաստանում կամ Եվրոպայում, այլ ինչ-որ «չեզոք տարածքում»։

Հրապարակ․ Բաքուն Ճամբարակի մոտից 12 դիրք է պահանջում, որը հանձնելու մասին խոստումն արդեն տրվել է

«Հրապարակ» թերթը գրում է. «Տարբեր կանխատեսումներ կան, թե հաջորդը որ տարածքն են «սահմանազատելու» Փաշինյանն ու Ալիեւը, այսինքն` որ տարածքից ենք հող հանձնելու: Մի մասն ասում է` Տավուշի, այսպես կոչված, անկլավներն են, մյուսները` Սոթքն ու Վարդենիսը, երրորդները` Սյունիքը:

Երեկ մեզ ահազանգեցին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան գյուղից, հայտնեցին, որ մերձակա դաշտերում չափագրողներ են տեսել: Իրենց ասել են, որ այս տարածքում Ադրբեջանը 12 պաշտպանական դիրք է պահանջում մեզնից, որը հանձնելու մասին խոստումն արդեն տրվել է»:

Այս մարդուն Մակրո՞նն է ուղարկել Հայաստան

Կովկասը չի մտնում Ֆրանսիայի շահերի գոտի, Կովկասը համարվում է ռուսական ազդեցության գոտի: Այս մասին «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը։

Հիշեցնենք, որ նույն Փափազյանի մուտքն Հայաստան երկար ժամանակ արգելված էր, եւ միայն վերջերս, ինչպես գրել են ԶԼՄ-ները, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ուղիղ խնդրանքով, Փաշինյանը թույլ է տվել նրա մուտքը։ Եկած պահից Փափազյանը համոզում է բոլորին, որ Ֆրանսիայի վրա պետք չէ հույս դնել, ու Հայաստանը Ռուսաստան է, եւ վերջ։ 

«Կան այլ երկրներ, որոնք շահեր ունեն տարածաշրջանում։ Դրանց թվում են ԱՄՆ-ն ու Բրիտանիան, որոնք լուրջ հարաբերություններ են հաստատել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ եւ ցանկանում են թուլացնել Ռուսաստանը։ Բայց արդյոք ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հզորացումը, Ռուսաստանի թուլացումը բխում է Հայաստանի շահերից»,-ասաց նա:

Փափազյանը կարծում է, որ ԵՄ-ն, իր հերթին, ցանկանում է Թուրքիային հզորացնել կովկասյան հարցերով զբաղվելու համար։ Փափազյանը վստահություն հայտնեց, որ Մակրոնը չի համաձայնի ԵՄ այս դիրքորոշման հետ. «Միևնույն ժամանակ, այսօր կա այնպիսի իրողություն, ինչպիսին ՆԱՏՕ-ն է, որը լուրջ կազմակերպություն է Արևմուտքի համար։ Թուրքիան լուրջ դեր է խաղում այս դաշինքում։ Սա նույնպես պետք է հաշվի առնել:

Ուստի, տունը Արեւմուտքին վստահելիս պետք է հաշվի առնել, որ նա հույսը դնելու է Թուրքիայի վրա, որը չի մոռացել իր պանթյուրքիստական ​​ծրագրերը եւ ցանկանում է դրանք իրականացնել Բաքվի հետ միասին։

Բաքուն և Անկարան ցանկանում են տնտեսական և էներգետիկ շուկա ստեղծել Արևելքում՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ մրցակցելու համար, իսկ Հայաստանը խանգարում է նրանց իրականացնել այդ նպատակը։ Սա հաշվի առնելով՝ նրանք Հայաստանում նոր իրականություն ստեղծեցին, որպեսզի իշխանությունները չխոչընդոտեն իրենց այս երազանքի իրականացմանը։ Թուրքիան կձգտի Հայաստանում հաստատել իր ազդեցությունը «փափուկ ուժի» կիրառմամբ»,- ընդգծեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը։

Կարծես ամեն ինչ ճիշտ է ասված, միայն մի բան է կասկած առաջացնում՝ արդյո՞ք Ռուսաստանը դեմ է այս ամենին եւ հենց ռուսների ձերքով չարվեց կեղտոտ գործը Արցախում։ Արդյոք 2020-2023 թթ․ հենց ռուսները չէին Արցախում եւ նրանք չեն՝ Բաքվի եւ պաշտոնական Երեւանի հետ համատեղ իրականացրել Արցախի օկուպացիան եւ բնիկ ժողովրդի արտաքսումը։ 

«Հայաստանին աջակցող եվրոպացի պատգամավորներից մեկն ինձ ասաց, որ հայերը չեն բանակցում, այլ միայն զիջումների են գնում Ադրբեջանին»,- եզրափակեց Փափազյանը։

Ստացվում է, որ Մակրոնը խնդրել է Փաշինյանին թույլ տալ Փափազյանի մուտքը Հայաստան, որպեսզի հայտարարի՝ ֆրանսիական նավերը չեն բարձրանա հայկական լեռներ, եւ միեւնույն է՝ Հայաստանը ռուսական գոտի է։ Փաշինյանն էլ է նույնը ասում։  

Հայաստանը հերթական անգամ պատուհասեց աղետը. Այս անգամ ոչ թե քաղաքական, այլ բնական

Հայաստանը հերթական անգամ պատուհասեց աղետը. այս անգամ՝ ջրհեղեղի տեսքով, որն ամբողջությամբ ջրի տակ է թողել Ալավերդի քաղաքի մի մասը եւ Լոռու մարզի մի քանի գյուղեր։ Փոթորկոտ լեռնային Դեբեդ գետի վրա կամուրջների փլուզման հետեւանքով 6 գյուղ կտրվել է արտաքին աշխարհից։

Ըստ գյուղի բնակիչների, ովքեր հասցրել են ուղիղ եթերում ցուցադրել աղետի վայրից տեսագրություններ ու լուսանկարներ, չկա լույս, ջուր, տարրական կենսապայմաններ: Կամավոր երիտասարդները չեն կարող հասնել նրանց, քանի որ չունեն անհրաժեշտ միջոցներ և սարքավորումներ գետով հագուստ, սնունդ և ջուր տեղափոխելու համար։

Ինչպես 2020 և 2023 թվականներին Արցախից տեղահանվածների դեպքում, պետական ​​կառույցները չկարողացան արագ արձագանքել իրավիճակին և անհապաղ օգնություն ցուցաբերել արտակարգ դրության մեջ հայտնված մարդկանց։

Ինչպես և այն ժամանակ, օգնություն ցուցաբերելու հիմնական գործառույթը ստանձնեցին կամավորները ամբողջ Հայաստանից, այդ թվում՝ արցախցի գաղթականները, ովքեր չեն մոռացել իրենց հանդեպ ցուցաբերած ուշադրությունն ու համակրանքը, երբ ստիպված էին շտապ լքել իրենց տները և փախչել Մեծ հայրենիք։

Նայելով այն ամենին, ինչ կատարվում է, գիտակցում ես իշխանությունների անկարողությանը (անկախության բոլոր տարիները՝ սկսած 1988-ի Սպիտակի աղետալի երկրաշարժից), հասկանում ես, որ Հայաստանում պետք է ինստիտուտ ստեղծվի, որը կպատրաստի պետական ​​պաշտոնյաներ, որոնք ոչ միայն մենեջերի որակներ, այլ նաև գիտելիքներ կունենան պետության և ժողովրդի կյանքի բոլոր ոլորտների վերաբերյալ։

Ընդամենը մի քանի ամիս առաջ ԱՄՆ-ն առաջարկում էր Հայաստանին անցնել փոքր մոդուլային ատոմակայանների օգտագործմանը, որոնք շատ հարմար են բարդ տեղանք ունեցող Հայաստանին։ Այսօր դրանք ավելի քան երբևէ պետք են մեր երկրին։ Նման ատոմակայանները հնարավորություն կտան դրանք տեղավորել աղետի գոտում, ինչը կհեշտացներ մարդկանց կյանքը, ովքեր բառացիորեն կորցրել են ամեն ինչ։

Ըստ կամավորների՝ մեծ քանակությամբ մոմեր և դիզելային գեներատորներ են անհրաժեշտ, որպեսզի մարդիկ մթության մեջ գոնե մի քիչ լույս ունենան, հեռախոսները լիցքավորեն, կարողանան կապ հաստատել ընտանիքի և հարազատների հետ և, ի վերջո, կարողանան օգնություն խնդրել:

21-րդ դարում երկրների զինված ուժերն սովորաբար ունենում են պոնտոնային կամուրջներ, որոնք թույլ են տալիս տեխնիկա և զենք տեղափոխել լայն գետերով: Արդյո՞ք Հայաստանն ունի նմանատիպ ինժեներական կառույց, որը թույլ կտա մինչ նոր կամուրջների կառուցումը արտաքին աշխարհից մեկուսացված գյուղերին ապահովել ջրով, սննդով, դեղորայքով, հագուստով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով։ Դե, կամ գոնե ներգրավեք ուղղաթիռները մատակարարման խնդրի լուծման համար։

Եթե ​​Արցախի բնակիչները զրկվել են ամեն ինչից քաղաքական դրդապատճառներով (շրջափակում ադրբեջանի կողմից), ապա աղետի գոտու բնակիչները զրկված են ամեն ինչից, Հայաստանի իշխանությունների անփութության ու անգրագիտության պատճառով։

Նայելով փոթորկոտ Դեբեդ գետին անընդունելի մոտ գտնվող տների դիրքին՝ հասկանում ես, թե խորհրդային տարիներին ինչպես էին անտեսում մարդկային կյանքերը։ Բայց ոչ պակաս ապաշնորհ դուրս եկան անկախության բոլոր տարիների իշխանությունները։ Ի վերջո, պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով հնարավոր էր նորմալ բնակարաններ կառուցել քաղաքների և գյուղերի բնակիչների համար, որպեսզի նրանք ստիպված չլինեին ապրել խրուշչովյան ժամանակաշրջանի ժամանակավոր կացարաններում։

Վերջին ժամանակներս ավելի ու ավելի շատ հայեր են հարցնում` ինչո՞ւ է այս ամենը մեզ հետ կատարվում: Ինչու՞ չենք կարող վերականգնվել սթրեսից և նյարդային խանգարումներից: Ինչո՞ւ պետք է անընդհատ վախենանք մեր երեխաների և սիրելիների կյանքի համար: Ինչո՞ւ, երբ երեկոյան գնում ենք քնելու, չգիտենք, թե որ երկրում ենք արթնանալու։

Եվ դա այն պատճառով է, որ հայ հասարակությունը երբեք չի մտածում այն ​​խնդիրների մասին, որոնք կարող են ծագել վաղը, մյուս օրը։ Մեծամասնությունը գոհ է ակնթարթային հարմարավետությունից, օրվա ապահովությունից, ամեն ինչում ֆորմալիզմից, կրթության պակասից, վատ բարքերից և այլից։ Արդյո՞ք հաջորդական աղետները դաս կդառնան Հայաստանի իշխանությունների և հասարակության համար։

Դատելով Արցախի կորստի նկատմամբ անտարբեր վերաբերմունքից, տեղահանվածների խնդիրների անտեսումից, կառավարության ծաղրական սոցիալական ծրագրերից, մարդկանց ճակատագրի հանդեպ անտարբերությունից այժմ և արդեն «լեգիտիմ Հայաստանի» տարածքում, ոսկեզօծ քարտեզից, որը վարչապետ Փաշինյանը թոթափում է բոլորի աչքի առաջ, դատելով անհնազանդության շարժումից, որն ավելի ու ավելի է հիշեցնում էժանագին, հյուծող ու էներգիա ճնշող գործողություն, սարսափով ես մտածում հայ ժողովրդի ճակատագրի համար։

Մեր միակ հույսը կամավորները և հասարակական կազմակերպություններն են, որոնք առայժմ կարող են մարդկանց ապահովել առաջին անհրաժեշտության ապրանքներով։ Ի՞նչ է լինելու այս մարդկանց հետ։

Կլինի՞ կառավարության փոխհատուցում կորցրած շարժական և անշարժ գույքի, կորցրած անասունների և այլնի համար։ Կկարողանա՞ն այս մարդիկ կյանքը զրոյից սկսել, ինչպես արցախցիներն են անում։ Թե՞ կհամալրեն արտագաղթողների շարքերը։

Մարգարիտա Քարամյան

Բայց ի՞նչ կա որ, տրամաբանության մեջ է

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն արձագանքել է Ալիևի երեկվա հայտարարությանը, թե «Հայաստանը պետք է ճանաչի Խոջալուի ցեղասպանությունը և ներողություն խնդրի”։

«Այդ թեման, բնականաբար, քննարկման ենթակա չէ»,- «Ազատության» եթերում հայտարարել է Հովհաննիսյանը։

«Իհարկե, մթնոլորտի որոշակի լավարկում ունենք սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովում էլ, խաղաղության պայմանագրի շուրջ խոսակցությունում էլ, բայց Ադրբեջանը շարունակում է մնալ ապակառուցողական, նաև ուլտիմատումներ են հնչում, – ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, – «դրա համար մենք չպետք է գերագնահատենք իրավիճակը, ոչ էլ թերագնահատենք ընկճվելու աստիճանի։ Ունենք հաջողություններ, ձեռքբերումներ. Տավուշում սահմանագծման արդյունքում մենք Ադրբեջանից վերցրել ենք Հայաստանի վրա հարձակվելու վերջին լեգիտիմ հնարավորությունը, պատրվակը»։

Պատգամավոր Հովհաննիսյանը ինչո՞ւ է զայրանում․ Ալիեւի պահանջը ՀՀ կառավարության քայլերի տրամաբանության մեջ է։ Եթե իշխող կուսակցության ներկայացուցիչը ասում է՝ դեռ պետք է հաշվենք Ցեղասպանության զոհերին անուն առ անուն, եթե վարչապետը ասում է, որ ինչ էլ լինի, խաղաղության է գնալու, Ալիեւն էլ պահանջելու է խաղաղության համար ճանաչել “Խոջալուի ցեղասպանությունը”։  

Բորելը հայտարարել է պաշտպանական համագործակցության համաշխարհային ցանց ստեղծելու պլանների մասին

Եվրամիությունը մտադիր է ստեղծել երրորդ երկրների հետ պաշտպանական համագործակցության ցանց և բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում միանալ դրան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում բացելով Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումը։

«Սպառնալիքների քանակն ավելանում է: Մենք պետք է ընդլայնենք մեր համագործակցության շրջանակը՝ ստեղծելով պաշտպանության և անվտանգության նոր գործընկերություններ: Ես հենց նոր ստորագրեցի առաջին (խմբ․՝ համաձայնագրերը) Մոլդովայի և Նորվեգիայի հետ: Մենք պատրաստում ենք ևս վեցը: Եվ ես հրավիրում եմ բոլորին, ովքեր շահագրգռված են Եվրոպական Միությանը մոտենալու և մեզ հետ անվտանգության ու պաշտպանական համագործակցություն կառուցելու հարցում, քանի որ մենք ցանկանում ենք ստեղծել պաշտպանական գործընկերության ցանց ամբողջ աշխարհում», – հայտարարել է Բորելը։

Իր խոսքում ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավարը նշել է, որ ԵՄ-ն պետք է արագ դառնա «ունակ խաղացող պաշտպանության և անվտանգության ոլորտում»։

Եղանակը Հայաստանում. որոշ վայրերում սպասվում է անձրեւ ու կարկուտ

Հայաստանի շրջանների զգալի մասում մայիսի 30-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Օդերևութաբանները կանխատեսում են նաև հարավ-արևմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ ամպրոպի ժամանակ։

Ինչպես հայտնում են «Հայգոսհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վրկ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +27+29։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +18+23,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +18+20,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +24+26,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +17+20,

Լոռի՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +21+24,

Տավուշ՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +23+27,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +17+20,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +23+27,

Արարատ՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +29+31,

Արմավիր՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +28+30,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +19+21,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +29+31,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +28+32,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +22+25:

Արցախցիների ճամփորդական իրավունքը չի փոխվել, բայց դեսպանատներն իրենք են որոշում

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ-ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանատներ՝ հիմնականում եվրոպական, հրաժարվում են ընթացքավորել մուտքի արտոնագիր՝ վիզա տրամադրելու արցախցիների, մասնավորապես, 070 կոդով անձնագիր կրող անձանց դիմումները։ Այս մասին ահազանգել էր նաեւ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ արցախցիներին մուտքի արտոնագիր տրամադրելու դիմումի մերժումը խախտում է Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի դրույթները։

ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանին step1.am-ը հարցրեց՝ ո՞րն է պատճառը, որ օտարերկրյա դեսպանատները մերժում են արցախցիներին մուտքի արտոնագրեր տրամադրել, եւ ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը։

Նելլի Դավթյանի խոսքով՝ յուրաքանչյուր պետություն ինքն է սահմանում իր երկիր մուտք գործելու և իր երկրից դուրս գալու, ինչպես նաև մուտքի վիզա ստանալու կարգն ու պահանջները։ Եվ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն իրավասու չէ պահանջվող փաստաթղթերի և դրանց ներկայացման կարգի վերաբերյալ տրամադրել պարզաբանում։

«ՀՀ կառավարության 26․10․2023թ․-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 1864-Ն որոշմամբ այլ պետության քաղաքացի չհանդիսացող Լեռնային Ղարաբաղի բնակիչներին տրվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ։ Նշված որոշմամբ հաստատված հավելված 1-ին կետի համաձայն՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստթուղթ են անձնագիրը, որի ծածկագիրը տպագրվում է բացառապես 070 կոդով և ժամանակավոր պաշտպանության (փախստական) վկայականը՝ համաձայն նմուշի։

070 ծածկագրով տրված փաստաթուղթը 26․10․2023թ․-ի թիվ 1864-Ն որոշման շրջանակներում հանդիսանում է ճամփորդական փաստաթուղթ, սակայն նշված փաստաթուղթերը՝ համաձայն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետությունից դուրս գալիս և Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս վավեր են միայն միասին գործածելու պարագայում։

Ինչ վերաբերում է ԵՄ անդամ պետությունների հյուպատոսական ծառայությունների կողմից մուտքի արտոնագրի տրամադրման մերժման դեպքերին, ապա հայտնում ենք, որ յուրաքանչյուր պետություն ինքն է սահմանում իր երկիր մուտք գործելու և իր երկրից դուրս գալու, ինչպես նաև մուտքի վիզա ստանալու կարգն ու պահանջները, ինչով պայմանավորված՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն իրավասու չէ պահանջվող փաստաթղթերի և դրանց ներկայացման կարգի վերաբերյալ տրամադրել պարզաբանում»,- ասաց Նելլի Դավթյանը։

Ռոզա Հովհաննիսյան

Արցախցիների՝ ՀՀ քաղաքացիության դիմումները արտահերթ ռեժիմով կընդունվեն

Ազգային ժողովում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ասաց, որ այսօրվա դրությամբ ժամանակավոր պաշտպանության վկայականներ է ստացել Արցախից բռնի տեղահանված 96 696 քաղաքացի, հաշվառման են կանգնել 83 942-ը։ ՀՀ քաղաքացիության համար դիմել է 2075 անձ, նրանցից արդեն իսկ քաղաքացիություն է շնորհվել 1437 անձի։ «Ես նշեմ, որ մեր հայրենակիցներն արտահերթ ռեժիմով են քաղաքացիության դիմումների մասով սպասարկվում, որովհետեւ, եթե գնանք ստանդարտ ճանապարհով, յուրաքանչյուր դիմումի կարող ենք հատկացնել շուրջ 3 ամիս ժամանակ։ Բայց այս պահի դրությամբ աշխատում ենք մեկ ամսվա ընթացքում եզրափակել այս դիմումները եւ կարողանանք ավարտական ակտերը հասցնել մեր հայրենակիցներին»,- ասաց Արփինե Սարգսյանը։