Բագրատ սրբազան․ այս կառավարությունը բոլշեվիկների գիծն է տանում

Այլեւս իրենք պետք է ուզենան հանդիպել, ոչ թե մենք: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք դեռեւս բա՞ց է իշխանության հետ հանդիպելու իր հայտարարությունը:

1938 թվականին բոլշեւիկների կառավարությունը Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Մուրադբեկյան հայրապետին խեղդամահ արեց: Սա ուղիղ համեմատական է այս մարդկանց հետ: Սրանք  անունով էլ են դիմում: 1937-ին երկու արքեպիսկոպոսներ գնդակահարվել են պետական անվտանգության կոմիտեի նկուղներում: Սա նույն գիծն է, որ այս մարդիկ շարունակում են իրենց նախնիների գործը»,-ասաց Սրբազանը:

Այգիներն ու այգեգործությունը Ակնայից Այնթապ. Սերգեյ Ղարայան

Սերգեյ Ղարայանը Արցախի ստեղծարար երիտասարդներից է, ով մինչև 2020 թվականի ողբերգական պատերազմն Արցախում 2014-2024 թթ․ զբաղվում էր այգեգործությամբ։ Ակնայի շրջանում ընկերներով 10 հա տարածքում այգի էին հիմնել, որից 3 հա նուռ և 7 հա թուզ։

2020 թվականի հոկտեմբերի 1-ին նախատեսվում էր նռան առաջին բերքահավաքը, սակայն սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմը բոլոր ծրագրերը խափանեց։ Հարցին, թե որքա՞ն է կազմում նյութական վնասը, Սերգեյը պատասխանում է․ միլիոններ, այգի հիմնելիս ծախսը չես հաշվում։ Ծախսում ես այնքան, որքան անհրաժեշտ է, բայց պատերազմից հետո փոխհատուցման ծրագրով հաշվարկածը մոտ 20 հազար ԱՄՆ դոլար է, ինչն իհարկե իրական պատկերը չէ, ավելի շատ էր։ Ընդ որում փոխհատուցման ծրագրից չեն օգտվել։

Իսկ վերջին շրջանում անց էր կացրել նաև ոռոգման համակարգը, բայց ինչպես Սերգեյն է նշում, երեք տարվա մեջ ջուր իրեն մի անգամ են տվել, մինչդեռ ջրագիծն անցնում էր հենց իրենց այգու կողքով։ Ջուրը հասանելի էր էլիտարներին, արտոնյալներին։

-Այդ դեպքում ինչպե՞ս էր լուծվում ոռոգման հարցը։

-Կարող է չհավատաք, կարող է աբսուրդ հնչել, բայց ես իմ նռան այգին ջրել եմ ավելցուկով։ Երբ ջրօգտագործողները ջուրը բաց էին թողնում իրենց դաշտերը ջրելու ու ջուրը դաշտից դուրս էր գալիս, ջրափոսեր էր առաջանում, ես տեղը ֆիքսել եմ, ու այդտեղ տրակտորով ջրահավաք փոս փորել, որտեղից ջուրը պոմպով քաշում էի ու հասցնում այգի։ Անասելի տանջանքով ենք այգին այգի սարքել, էլ դույլերով, էլ մեքենաներով ջուր հասցնելով ամառվա տապին, վերջում այդ ամենը մնաց թշնամուն։

– Իսկ 2020 թվականի պատերազմից հետո վերադառնալով Արցախ փորձել՞ եք կրկին այգեգործությամբ զբաղվել։

-Պատերազմից հետո զբաղվել եմ միայն տնկարանով, մի 400–500 հատ տնկի էր մնացել, դրանք եմ խնամել ու արդեն նոր՝ «GARAVAN» նախագծով եմ զբաղվել։ Տնկիները շատ էին ափսոս, նույնիսկ ձրի ուզում էի բաժանել, բայց ցանկացող  չկար։

Սերգեյ Ղարայանը 2023 թվականի աշնանը Արցախի էթնիկ զտումից հետո տեղափոխվել է ՀՀ և Այնթապ համայնքում կրկին զբաղվում է իր սիրելի գործով՝ այգեգործությամբ։ Ունի առանձին տնկարան, ու նորից թուզի այգի է հիմնել, որի պտուղները Արցախում չհասցրեց վայելել։ Ջաբրայան Հոլդինգսի հետ համատեղ ջերմոցային տնտեսության հիմք են դրել, որտեղ աճեցվելու են արևադարձային կուլտուրաներ։ Արցախից բերել է նաև տնկիներ, արցախյան սորտն այստեղ աճեցնելու համար։

-Արցախից բերել եմ նռան, թուզի, խաղողի ու մուշմուլայի տնկիներ։ Ճիշտ է չգիտեմ ձմռանը պայմանները ո՞նց է լինելու, բայց կարծում եմ հնարավոր կլինի այստեղ դրանք աճեցնել։ Կարևորը ջուրն է, այս պահին դեռ խնդիր չէ։

Հարցին, թե ինչու՞ հենց այգի, Սերգեյ Ղարայանը պատասխանեց․ Ինձ չեն գրավում կարճաժամկետ ծրագրերը, ասենք ջերմոցներում բանջարեղեն աճեցնել ու շատ կարճ ժամկետներում դրանք իրացնել ու եկամուտ ստանալ։ Այդ առումով, այո՛, ծառի վրա արված ներդրումը եկամուտ ապահովում է 5-10 տարի հետո, բանջարեղենի նման չէ, այգեգործությունը լրիվ ուրիշ փիլիսոփայություն է, այգի հիմնելով դու հիմնական միջոց ես ստեղծում, որը մնալու է նաև քեզանից հետո։ Եվ որ ամենակարևորն է՝ հողի արժեքն է բարձրանում։ Երրորդն էլ՝ դա իմ, այսպես ասած, հոբբին է։

Չնայած դա Սերգեյի հոբբին է, բայց աշխատանքներին ներգրավվում էին տաև տան փոքրերը։

Իսկ 2012-2016 թթ․ Սերգեյն Արցախում նաև ճագարաբուծական ֆերմա ուներ, Ստեփանակերտում ամենախոշորներից, ցավոք, դա էլ փակվեց 2016-ի պատերազմի հետևանքով։ Սերգեյի օրինակը միակն է, թե բացի ստանդարտ բանաձևային բիզես–ռիսկերից էլ ի՞նչ գլխավոր ռիսկ ուներ Արցախում ապրող ու արարող ձեռներեցը, բայց մեր նյութի հերոսը վհատվողներից չէր։

 

-Արցախ վերադարձի հույս ունի՞ Սերգեյ Ղարայանը։

-Հույս միշտ էլ կա, այս տարածաշրջանը միշտ փոփոխական է եղել, ու ես վստահ եմ, որ կգա ժամանակ, երբ աշխարհաքաղաքական իրավիճակը կփոխվի հօգուտ մեզ, այստեղ խնդիրը լրիվ ուրիշ է։ Մենք պատրա՞ստ ենք այդ օրվան։ Ես չեմ տեսնում, որ մեր ժողովուրդը ինչ- որ տեսլական, նպատակ ունենա, գոնե 10 տարվա ծրագիր մշակելու և այն իրագործելու ցանկություն ունենա, մինչդեռ դա այս պահին ամենակարևորն է։ Մենք պետք է կարողանանք ինքնակազմակերպվել և յուրաքանչյուրս բացի մեր անհատական ու անձնական գործերից ունենանք նաև անելիք գալիքի համար, ինչը 5, 10, 15 տարի հետո հնարավոր կդարձնի մեր վերադարձը։

-Եթե մի երանելի օր Արցախը մերը լինի, կվերադառնաս, թե՞ այգին չի թողնի։

-Եթե հասնենք նրան, որ մերը լինի՝ կվերադառնամ, այգին էլ դժվար չէ, հետս կտանեմ։

Արմինե Հայրապետյան

Լուսանկարները՝ Ալվարդ Գրիգորյանի

 

Սեպտեմբերի 17-ի որոշումները կատարվում են Տավուշում․ ինչ են Պոլսում պայմանավորվել ռուսները ամերիկացիների հետ

Կիրանց

Ռուսաստանը, որը պատրաստվում է Արցախում իր հյուպատոսությունը բացել, արդեն բացահայտ հայտարարում է, որ «սահմանազատումը» Հայաստանում ուղիղ կառավարվում է Մոսկվայից։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ «սահմանազատումն ու սահմանագծումը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած եռակողմ պայմանավորվածությունների, ինչպես նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է»։

Այն, որ Հայաստանի հողերի հանձնումը «սահմանազատման» անվան տակ՝ ռուսների հովանու ներքո է կատարվում, պարզ էր ի սկզբանե։ Արեւմտյան որոշ երկրներ, որոնք «սատարում են» այս ապօրինի գործընթացին, երեւի, կատարում են Պոլսում 2023 թ․ սեպտեմբերի 17-ին կայացած ԵՄ-ԱՄՆ-ՌԴ-Թուրքիա գաղտնաժողովի որոշումները։ Առաջին որոշումը եղել է սեպտեմբերի 19-ի ագրեսիան, ցեղասպանությունը եւ Արցախի բնիկ բնակչության արտաքսումը հազարամյա հայրենիքից։

Հիմա կոնսենսուսի անդամներն անցել են վերջին քայլերին՝ Հայաստանի եւ Վրաստանի պետականության վերացմանը եւ դրանք Կովկասյան նոր հանրապետության անվան տակ Ալիեւի տիրապետության տակ փոխանցմանը։ Լուկաշենկոն Շուշիում Ալիեւին արդեն կարգել է “Կովկասի լիդեր”։ Եւ “կարգումը” պատահական չէր Շուշիում․ ինչպես հայտնի է՝ ով տիրանում է Շուշիին, նա տիրանում է Կովկասին։ 30 տարի հայերն են տիրացել, հիմա՝ Ալիեւը։

Սակայն գործընթացի եւ այդ մարդակեր կոնսենսուսի էությունը մատնանշում են Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը եւ մի շարք այլ ուժեր։

Եվրոպական խորհրդարանի մի քանի պատգամավորներ կոչ են արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ ապօրինի գործողություններից: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Մենք միանում ենք միջազգային ՀԿ-ների խմբին և մեր մտահոգությունն ենք հայտնում ՀՀ Տավուշի մարզում տեղի ունեցող ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեթոդների և շտապողականության վերաբերյալ։

Ցավոք, ակնհայտ է, որ սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի սպառնալիքի ներքո, ինչը խաթարում է գործընթացի օրինականությունը։ Կայուն և տևական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի և ուժի կիրառման սպառնալիքի բացակայության պայմաններում»։

Ասվում է այն, ինչ պիտի ասի Հայաստանի խորհրդարանը։ Սակայն հայոց խորհրդարանը սեպտեմբերի 17-ի կոնսենսուսի ամենավառ կողմնակիցն ու կատարողն է։

Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է

Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի տարածքում դադարեցվել է։ Պատճառները պարզաբանելու վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին պատասխանել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Պարո՛ն նախարար, սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվել Հայաստանի Հանրապետությունում ռուսական Առաջին ալիքի հեռարձակման դադարեցման վերաբերյալ։ Խնդրում ենք պարզաբանել` որքանո՞վ է տարածված տեղեկությունը համապատասխանում իրականությանը։ Ի՞նչ հիմքով է դադարեցվել ռուսական հեռուստաընկերության հեռարձակումը։

-Համաձայն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ և «1-ին ալիք, համաշխարհային ցանց» ԲԸ միջև գործող պայմանագրի՝ «1-ին ալիք, համաշխարհային ցանց» ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ կուտակելով 2,5 ամսվա պարտք:

Ռուսական ալիքի (ՕՌՏ-խմբ.) սփռումը հանրային մուլտիպլեքսում ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը։

Խմբագրից.

Ռուսական հեռուստաալիքների փակումը և ռուսական քայքայիչ գաղափարախոսության շրջանառության դադարեցումը, իհարկե, հրամայական է։ Սակայն ռուսական ալիքների փակումը հակագաղութային ազդեցություն կունենա միայն քաղաքական քայլերի և հայկական ալիքներում նույն դիվերսիոն գաղափարախոսության կրկնօրինակման դադարեցման հետ միասին, այդ թվում՝ կեղծ արևմտամետության տեսքով։

Քաղաքացիական մակարդակում այս գաղափարախոսության հեռացումը վաղուց պահանջված է։ Դրա մասին է վկայում այն, որ, ըստ ամենայնի, ռուսական ալիքները Հայաստանում քիչ հեռուստադիտող ունեն։ Հանրությանը հասանելի հետազոտությունների արդյունքներ չկան, բայց զգացողությունն այնպիսին է, որ ռուսական ալիքները վաղուց չեն դիտվում, հատկապես, որ դրանց որակը գնալով վատանում է։ Հայաստանում, ընդհանուր առմամբ, ռուսալեզու հաղորդումներն առանձնապես չեն դիտվում։

Ես ու եղբայրս քնում էինք տախտակի վրա, մնացածները` նստած. Պատմում է Երազիկ Ավանեսյանը 

Իմ նախնիներն ապրում էին Գիշի գյուղում:Գիշին միակ գյուղն է,  որտեղ երկու գյոլ կար, որոնք անվանում էին ծով` Երե Ծովը, Ներքե Ծովը: Տատիկ-պապիկներիս գերեզմաններն այնտեղ են: Մայրս Պառավաթումբ գյուղից է: Լեգենդի համաձայն` զինվորները տատիկից հաց են ուզել, և չի տվել:  Հրամանատարը հրամայել է հող լցնել պառավի վրա ու գոյացել է թումբ: Պապիկս թիթեղագործ էր և լավ զուռնա էր նվագում: Գյուղում 3 ընկերներով խումբ էին ստեղծել և հարսանիքներին մասնակցում էին: Մեր ազգում պապիկից հետո ես եմ երաժիշտ` քանոնահար եմ:  Ամեն ամառ գյուղ էի գնում` Նանունց աղբյուրը, Վեսկե խաչը

Սովորել եմ Ստեփանակերտի  8-րդ դպրոցում: Ամենացավալին կողքիս նստող տղայի զոհվելու փաստն է` 2020 թ.: 1990-ականներին նկուղներում միասին էինք մեծացել: Մենք արդեն մի անգամ այդ պատերազմն ապրել էինք: Դպրոցի ճամփին նայում էինք երկնքին. եթե սպիտակ գիծ է, ուրեմն օդային տագնապ կհնչի: 5-6 տարեկանից սկսած` պատերազմը մեր ուղեկիցն էր:

1988թ. ջարդերը մեկնարկել են Տող գյուղից: Ադրբեջանցիները մի ամբողջ ընտանիքի են մորթել: Երկու տղա երեխաներ թաքնվել են մահճակալի տակ և ողջ մնացել: Հետագայում մորքուրն է նրանց որդեգրել: Պատերազմը սկսվել է Տող գյուղից, այդ ընտանիքի պատմությունից…

1990-ականների պատերազմը  ծանր էր, եթե այդ բառը կարող է նկարագրել մեր զգացածը… Ապրում էինք բազարի թաղում, առաջին հարկում: Բաղնիքանման գաղտնի տեղ էր: Ես ու եղբայրս, որպես տան փոքրեր, քնում էինք տախտակի վրա, մնացածները` նստած: Իմ մանկության ընկերներ Լիլիթի ու Գրիշիկի տունը ռմբակոծվում է:  Շատ երկար են փնտրում նրանց… Միայն Գրիշիկի մարմինն են գտել այգում: Ինձ համար 90-ականների ամենածանր դրվագը նրանց մահն էր: Սովն ու ցուրտը այնքան էլ չէինք զգում: Ստեփանակերտը պահում էին գյուղերը: Պատերազմի ժամանակ մարդիկ շարունակում էին զբաղվել հողագործությամբ:

2020թ. Հադրութի կորստից հետո իմ հիշողությունները թողել եմ այնտեղ: Ես իմ անցյալը ֆոտոների տեսքով թողել եմ այնտեղ: Ինչքան էլ լավ լինի, մեր ուշքն ու միտքը լինելու է մեր հողի վրա: 1990-ականներին մի պահ Ջերմուկում էինք ապրում, ու երբ հետ գնացել եմ տուն, չոքել եմ գետնից պաչել: Փոքր էի, բայց հայրենիքի հանդեպ սերը մեծ էր: Այսօր դա անհնար է, բայց հույսը կա: Ճիշտ է, հիմա բեռն ընկել է մեր երեխաների վրա… Ցավոք, մենք միասնական չենք:

2020թ. պատերազմի ընթացքում  ամուսինս վիրավորվել էր, Հադրութի մեր տուն էլ չէինք կարող վերադառնալ:  Արցախի հետ կապը միշտ պահել ենք: Շատ ծրագրեր էինք իրագործում`«Գուպար» ազգային ավանդական  խաղերը, «Դիզակի գույները» միջազգային սիմպոզիում: Մեր նպատակն էր Արցախում ունենալ մի ներդրում,  մեր մշակութային կյանքն աշխուժացնել:

Հիմա իմ տունը քարտեզով տեսնում եմ: Զորամասին մոտիկ լինելու պատճառով այն վերածվել է հյուրանոցի: Տներում ոչինչ չկա, ամբողջ գույքը որպես աղբ թափել են պատուհաններից:

Շրջափակման ընթացքում մայրս Արցախում էր: Ամեն անգամ սնվելիս մտածում էի, որ իմ եղբայրը, հարազատները  դրա կարիքն ունեն…

«Դիզակ Արտ» կենտրոնը ոտքի է կանգնել ու կարծես մեր պարտքն ենք համարել մասնակցել ցույցերին: Ամբողջ աշխարհին ուզում էինք ասել, որ երեխաները սոված են, սպասում են… Կար ժամանակ, երբ ամաչում էի խոսել տնեցիների հետ…

2023թ. սեպտեմբերի 19-ին մի ամբողջ օր հեռախոսով փորձում էի մայրիկիս տեղն իմանալ: Միայն հաջորդ օրն ենք խոսել: Հադրութը կորցնելիս այնպիսի զգացողություն էր, կարծես միակողմանի որբ ես… Արցախն ամբողջությամբ կորցնելով որբացել ենք: Հայրենիք ենք կորցրել… Մենք այն սերունդն ենք, որ տեսել է հայրենիքի կորուստ: Ներկան` ահավոր, ապագան չի երևում:

Եթե հնարավորություն լինի գնալ Արցախ, հայրիկիս գերեզման այցելելուց հետո կգնայի Հադրութի շրջանի Տյաք գյուղ: Այն ինձ համար սրբավայրի պես է:

Տաթև Ազիզյան

 

Ավետարանոցից Ասկերան ու կրկին Երեւան․ ընտանիքը դժվարությունների մեջ է, բայց հավատում է, որ մի լույս կբացվի

Լիլիա Ավանեսյանը Արցախից է, կրկնակի տեղահանված։ Այսօր նա գրեթե հուսահատ վիճակում է․ ինչպե՞ս հոգալ ընտանիքի կարիքները։ Ավագ դուստրերը ԵՊՀ-ի ուսանողուհիներ են, փոքրը փոխադրվել է 9-րդ դասարան։ Ամուսինը՝ Գարիկը, որ Արցախյան վերջին երեք պատերազմների մասնակից է, հիվանդություն ունի, պարբերաբար բուժում է ստանում, բոլոր դեղամիջոցները վճարովի են։ Ընտանիքը շարունակում է հաղթահարել դժվարությունները՝ մտածելով, որ շուտով մի լույս կբացվի։

2020 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ Լիլիա Հայրապետյանը երեք աղջիկների հետ Ավետարանոցից դուրս եկավ, տնային խալաթով էր ու ձեռքին միայն փաստաթղթերն էին, անգամ տան եղած գումարը չէր վերցրել հետը։ Մտածում էր՝ մի քանի օրից հետ են դառնալու, իսկ հոկտեմբերի 27-ին գյուղը լքեց նաև ամուսինը․ Ավետարանոցն անցել էր թշնամու վերահսկողության տակ։

-Նոր էինք ավարտել տան վերանորոգումը, լրիվությամբ կահավորել։ Մեր հալալ քրտինքով, չարչարվելով բարեկեցիկ պայմաններ ենք ստեղծել մեր երեխաների համար։ Մեր բոլոր երազանքները թողեցինք Ավետարանոցում։ Երևանում էինք, երբ լսեցինք գյուղի անկման մասին․․․ Չկա մելիքանիստ Ավետարանոցը, ջահել մորս շիրիմը մնաց գերության մեջ։ Երբեք չեմ մոռանա մեր ապրումները, երեխաներիս ծանր հոգեվիճակը։ Բայց ինչ արած, պատերազմի ավարտից հետո վերադարձանք Արցախ ու բնակություն հաստատեցինք Ասկերանում։ Թեկուզ չկար մեր գյուղը, բայց մտածում էինք՝ Արցախում ենք, գուցե հետ ենք վերադառնում։ Միշտ հույս ու հավատ ունեինք,- պատմում է զրուցակիցս, երկար հոգոց հանում ու շարունակում,- պետության աջակցությամբ ու մեր ունեցած միջոցներով բնակարան ձեռք բերեցինք։ Երկրորդ անգամ սկսեցինք տուն ու տեղ դնել։ Դժվարությամբ, բայց ոտքի կանգնեցինք։

Երկար տարիներ Հայրապետյանների ընտանիքն Ակնայում անասնապահությամբ էր զբաղվում։ Ամեն լուսաբացի գյուղից գնում էին Ակնա, ուշ երեկոյան վերադառնում տուն։ Ընտանիքի միակ եկամուտը անասնապահության արդյունքում էին ստանում։ Պատերազմից հետո շարունակեցին իրենց աշխատանքը՝ անասունների մի մասը վերադարձնելով Ակնայից։ Ասկերանի մերձակա տարածքում էին պահում կենդանիներին։ Արցախի շրջափակման ընթացքում, երբ բոլորովին բացակայում էր վառելիքը, օրական երկու անգամ ոտքով Ասկերանից 6 կմ ճանապարհ էին գնում, որ հասնեն անասունների պահման վայրը։ Կողքից արդեն սովորական է թվում, երբ ամուսիններով ոտքով ճանապարհվում են և հետ գալիս կաթի լիքը տարաները ձեռքներին։ Հոգնատանջ, բայց միևնույն ժամանակ գոհ, որ կարող են անարատ կաթ մատակարարել դժվարության մեջ հայտնված մարդկանց, միաժամանակ իրենց ընտանիքի եկամուտն ապահովել։

– 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեց պատերազմը, անասնաֆերմայից նոր էինք վերադարձել, դեռ չէի հասցրել կաթը բաժանել մարդկանց։ Անմիջապես իջանք նկուղ, ապա՝ Ստեփանակերտի օդանավակայան։ Սեպտեմբերի 26-ին կրկին բռնեցինք տեղահանման դաժան ճանապարհը։ Երեք օր հետո Երևանում էինք, ու 2020 թվականին մեզ հարազատ դարձած մարդիկ կրկին ընդունեցին մեզ։

Այժմ ապրում ենք վարձով, ու եթե չլինի պետության կողմից տրվող աջակցությունը, մենք մեծ դժվարության առաջ կկանգնենք։ Հիվանդության պատճառով ամուսինս չի կարողանում աշխատել։ Աշխատում ենք ես ու միջնեկ աղջիկս։ Ցավ եմ ապրում, երբ մեր հայրենակիցները ստիպված հեռանում են Հայաստանից, աշխատանք փնտրում արտերկրում։ Ախր օտար հողը միշտ էլ օտար է լինելու,- ասում է Լիլիան ու աչքերը լցվում են արտասուքով․ երկու քույրերն ընտանիքով մեկնել են Ռուսաստան, մյուս քույրն էլ շուտով կհեռանա։ Բոլոր դժվարություններին կգումարվի նաև անասելի կարոտը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

«Պատերազմներն իրենց ծանր թրթուրներով անցան ծնողներիս, իմ ու երեխաներիս վրայով…»

Լուսանկարը՝ Էլեոնորա Անդրյանի արխիվից։

Ստեփանակերտի նախկին բնակիչ, 62-ամյա Էլեոնորա Անդրյանը դստեր ընտանիքի և արցախցի այլ բնակիչների հետ Հայաստան է տեղափոխվել 2023 թվականի սեպտեմբերի վերջին։ Նա երազում է տուն վերադառնալ՝ Ստեփանակերտ.

-Խնդրում եմ պատմեք Ձեր, Ձեր ընտանիքի մասին։

-Ծնվել եմ 1961 թվականին Աշխաբադում։ 1970 թվականին ընտանիքով տեղափոխվեցինք Ստեփանակերտ։ Բայց հինգ տարի անց կրկին վերադարձանք Աշգաբադ։ Վերջնականապես  1980 թվականին  մենք տեղափոխվեցինք Ստեփանակերտ։Ծնողներս մեզ հետ են՝ Ռոբերտը և Ռոմելլան, եղբայրներս՝ Վանյան, Արամը, Արսենը և ես։

Հայրս աշխատում էր Ստեփանակերտի կենցաղային սպառողական արտադրամասում՝ որպես հագուստ կտրող, իսկ մայրս՝ դերձակուհի։ Նրանք լավ փող էին վաստակում և արժանապատվորեն պահել են մեզ։

1982 թվականին ամուսնացա Արթուր Անդրյանի հետ։ Ամուսնուս ծնողների հետ ապրում էինք նույն տանը։ Աղջիկ ու տղա ունեցանք՝ Անուշն ու Աշոտը։ Ամուսինս ինժեներ էր աշխատում կաթնամթերքի գործարանում։ Ղարաբաղյան իրադարձությունների և պատերազմական գործողությունների բռնկման հետ կապված նա սկսեց ծառայել ԼՂՀ պաշտպանության բանակում։ 1996 թվականի հոկտեմբերի 21-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ, և ես կորցրի նրան…

Պատերազմի ավարտից հետո՝ 1996 թվականին, ծնողներս և եղբայրներս մեկնեցին Պյատիգորսկ՝ մշտական ​​բնակության։ Ես մնացի մենակ երեխաների և (այժմ հանգուցյալ) տատիկի՝ Էսթերի հետ, որին մինչև կյանքիս վերջ շնորհակալ եմ լինելու օգնության համար։ Ես ինքս գործնականում չէի աշխատում, տնային տնտեսուհի էի, միայն ժամանակավոր էի աշխատում։ Որպես ամուսին կորցրած՝ թոշակ եմ ստանում։

Երեխաները մեծացան ու ավարտեցին միջնակարգ դպրոցն ու Արցախի պետական ​​համալսարանը։ Տղաս առողջական խնդիրների պատճառով գնաց Պյատիգորսկ՝ ծնողներիս մոտ։ Անուշն ամուսնացավ մի լավ տղայի՝ Տիգրանի հետ և երկու դուստր ունեցավ։ Ես միշտ օգնել եմ աղջկաս, հիմա էլ օգնում եմ տանը, երեխաներին եմ պահում…

Ինձ համար մեծ ողբերգություն էր, երբ հայրս մահացավ 2017 թվականի հուլիսի 14-ին։ Թաղվել է Պյատիգորսկում։ Երկար ժամանակ չէի կարողանում ուշքի գալ, և նույնիսկ հիմա, թեև ասում են, որ ժամանակը բուժում է, բայց իմ դեպքում դա չի ստացվում…

Լուսանկարը՝ Էլեոնորա Անդրյանի արխիվից։

– Ե՞րբ եք մեկնել Ստեփանակերտից։ Կարողացա՞ք տեղավորվել նոր վայրում:

— Ստեփանակերտից մեկնել ենք 2023 թվականի սեպտեմբերի 26-ին Տիգրանի՝ փեսայի մեքենայով։ Ես ու աղջիկս,   փեսայիս ծնողները, մի կերպ տեղավորվեցինք մեքենայում և երկու օր ճանապարհին էինք։ Երեւանում փեսաս մի բնակարան է վարձել, որտեղ բոլորս միասին ենք ապրում։ Պետությունից նպաստ ենք ստանում, փեսաս մասնավոր մեքենա է վարում, աղջիկս դեռ չի աշխատում։ Այսպես ենք գոյատևում։

-Ինչպե՞ս եք վերաբերվում պատերազմին, ընդհանրապես պատերազմներին։

— Ծնողներս երբեք չեն տեսել իրենց հայրերին. երկուսն էլ անհետ կորել են 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում։ Մեր պատերազմի ժամանակ ես կորցրել եմ ամուսնուս։ Պատերազմներն իրենց ծանր հետքերը թողեցին իմ ծնողների, իմ և երեխաներիս վրա, և մենք, ցավոք, հիանալի հասկանում ենք, թե ինչ է նշանակում կորցնել սիրելիներին: Ատում եմ պատերազմները, ատում եմ նրանց, ում համար պատերազմը, ինչպես ասում են, հարազատ մայր է, ովքեր փող են աշխատում պատերազմներից, արյունից, հասարակ մարդկանց մահից…

-Ի՞նչ եք թողել Արցախում, որի համար փոշմանել եք:

– Առաջինը՝ մեր հարազատների շիրիմներն են՝ ամուսնուս, տատիկիս, սկեսուրիս ու սկեսրայրիս, բոլոր հարազատներիս, որոնք այնտեղ են մնացել։ Ես թողեցի երկու սենյականոց բնակարան։ Վերցրեցի այնքան իր, որքան տեղավորվեց ճամպրուկի մեջ, մնացածը մնաց տանը։ Կարողացա վերցնել իմ սիրած ղարաբաղցի գրողի մի քանի գիրք։ Փեսաս և դուստրս երեք սենյականոց ընդարձակ բնակարան են թողել Ստեփանակերտում՝ կահույքով, սպասքով և այլն։

Գաղթից մեկ ամիս առաջ մի մարդ վարձեցի, որ կարգի բերի մեր գերեզմանատունը, որտեղ թաղված են ամուսինս, սկեսուրս ու սկեսրայրս։ Խոտ էր լցվել։ Աշխատողն արեց հնարավորը և հիանալի մաքրեց գերեզմանոցն ու մոտեցումները։ Այս ամենը լուսանկարեցի ու ուղարկեցի երեխաներիս։ Հասկանում եմ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ նորից խոտով է լցվելու, բայց իմ հիշողության մեջ մեր գերեզմանոցը մնում է մաքուր ու կոկիկ։

Լուսանկարը՝ Էլեոնորա Անդրյանի արխիվից։

Ես ահավոր կարոտում եմ մեր բնութունը։ Երբ հոգիս ծանր էր լինում, միշտ երեխաներիս հետ գնում էի անտառ, Պատարա գետ կամ Այգեստան (Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի գյուղեր – Ա.Ո.)։ Այնտեղ հոգիս խաղաղվում էր, ինձ ավելի լավ էի զգում… Շատ եմ կարոտում մեր գեղեցիկ բնությունը…

Լուսանկարը՝ Էլեոնորա Անդրյանի արխիվից։

– Հնարավո՞ր է, որ ղարաբաղցիները վերադառնան։ Ի՞նչ կարծիքի եք այս մասին։

— Երբ եկանք, ինձ թվաց եր, թե դա ժամանակավոր է, մենք հետ կգանք։ Այս զգացողությունն ունեի։ Բայց հիմա ես պատրաստ չեմ վերադառնալ առանց միջազգային անվտանգության երաշխիքների։ Միայն այս դեպքում ես և աղջկաս ընտանիքը պատրաստ ենք վերադառնալ Արցախ։ Ուրիշ ճանապարհ չկա։ Ինձ համար աշխարհում Ղարաբաղից լավ տեղ չկա։

Թեև ես մոտ ազգականներ ունեմ Ռուսաստանում և Թուրքմենստանում, և նրանք բոլորն ինձ հրավիրում են տեղափոխվել իրենց մոտ, ես մերժեցի բոլորին։ Տղաս Պյատիգորսկում է։ Ես ապրում եմ աղջկաս ընտանիքի հետ, իմ փեսան լավ է վերաբերվում ինձ, նա ինձ համար տղայի պես է, և ես իմ հետագա կյանքս կապում եմ նրանց հետ…

Ալբերտ Ոսկանյան

Նյութը պատրաստվել է “Ստեփանակերտ” մեդիա ակումբի ծրագրի շրջանակներում

Իսրայելական տանկերը Ռաֆահի կենտրոնում. Այսօր երեք երկրներ ճանաչում են Պաղեստինը

ВВС

Չնայած Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որը Իսրայելին պարտավորեցնում էր դադարեցնել հարձակումը Ռաֆահի վրա, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է գործողությունները քաղաքում։ Հաղորդվում է, որ մարտերը սաստկացել են անցած գիշեր, եւ արևմտյան Ռաֆահը ներկայումս ենթարկվում է ուժեղ ռմբակոծությունների և հրետանային կրակի, ինչը ամենածանրն է մայիսի սկզբին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր:

Ականատեսների վկայությամբ՝ իսրայելական տանկերը վերահսկողության տակ են վերցրել ռազմավարական նշանակություն ունեցող Զորուբ բլուրը՝ պաղեստինա-եգիպտական ​​սահմանին նայող ամենաբարձր բլուրը։

Ականատեսները Reuters-ին հայտնել են, որ երեքշաբթի օրը մի քանի իսրայելական տանկեր հասել են Ռաֆահի կենտրոն։ Նրանց խոսքով՝ տանկեր են նկատվել Ալ-Աուդա մզկիթի մոտ։ Իսրայելցի զինվորականները անմիջապես չեն մեկնաբանել այս լուրերը՝ խոստանալով ավելի ուշ հայտարարություն անել Ռաֆահում գործողության մասին։

Իսրայելական բանակը ընդլայնել է իր ռազմական գործողությունները երկրի արեւմուտքում, եւ զորքերը վերահսկում են այսպես կոչված ափամերձ «Ֆիլադելֆիայի միջանցքի» 9 կմ։ Տեղի իշխանությունները հայտնել են, որ գիշերը մահացել է առնվազն 16 մարդ, սակայն առողջապահության նախարարությունը դեռ չի հաստատել այդ թվերը:

Օդային հարվածները ստիպել են հարյուրավոր ընտանիքների փախչել մոտակա հիվանդանոց, իսկ փրկարարները դժվարացել են հասնել պայթյունի վայրեր:

Կիրակի օրը Իսրայելը հարվածել է Ռաֆահում գտնվող փախստականների ճամբարին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի զինյալների հրթիռակոծություններին երկրի կենտրոնական հատվածում: Գազայի ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող առողջապահության նախարարության տվյալներով՝ առնվազն 45 մարդ զոհվել է, հարյուրավորներն էլ ստացել են այրվածքներ, կոտրվածքներ և բեկորային վնասվածքներ։

Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ Ռաֆահում հարվածի արդյունքում սպանվել են ՀԱՄԱՍ-ի երկու բարձրաստիճան զինյալներ՝ Յասին Ռաբիան և Խալեդ Նագարը:

«Հարվածն իրականացվել է օրինական թիրախների դեմ՝ միջազգային իրավունքին համապատասխան՝ օգտագործելով ճշգրիտ զինամթերք և հիմնվելով ճշգրիտ հետախուզության վրա, որը ցույց է տալիս, որ ՀԱՄԱՍ-ն շահագործում է տարածքը», – կիրակի օրը հայտնել են զինվորականները:

Ելույթ ունենալով Իսրայելի խորհրդարանում՝ Նեթանյահուն ասել է, որ հարվածը «ողբերգական պատահար» է, սակայն հավելել է. «Ես մտադիր չեմ դադարեցնել պատերազմը, քանի դեռ չեն հասել բոլոր նպատակներին»։

Նա ասել է, որ Իսրայելը ձեռնարկում է բոլոր հնարավոր նախազգուշական միջոցները խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար, իսկ Իսրայելի պաշտպանության բանակը ջանքեր է գործադրում հակամարտությունում չներգրավված անձանց վնաս չհասցնելու համար:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը շտապ նիստ է հրավիրել Ռաֆահի հարվածի կապակցությամբ, իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է հարձակումը, որը նա անվանել է «տասնյակ անմեղ քաղաքացիների սպանություն, ովքեր միայն ապաստան էին փնտրում այս մահացու հակամարտությունից»:

«Գազայում անվտանգ վայր չկա. Այս սարսափը պետք է դադարեցվի», – ավելացրել է Գուտերեշը սոցիալական ցանցերում կատարած գրառման մեջ: ՄԱԿ-ի այլ պաշտոնյաներ կոչ են արել մանրակրկիտ հետաքննել միջադեպը:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ իրեն «սարսափեցնում են Ռաֆահի վրա Իսրայելի հարվածների մասին լուրերը, որոնց հետևանքով տասնյակ տեղահանվածներ են զոհվել, այդ թվում՝ փոքր երեխաներ»: ԵՄ ԱԳ նախարարները համաձայնել են Իսրայելի հետ հանդիպում հրավիրել՝ բացատրություն պահանջելու համար։

ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ Իսրայելը պետք է ավելին անի խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար: «Իսրայելը պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար», – ասվում է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակի հայտարարության մեջ: «Մենք ակտիվորեն աշխատում ենք Իսրայելի պաշտպանության բանակի և տեղում գտնվող գործընկերների հետ՝ գնահատելու տեղի ունեցածը»:

«Այս գործողությունները պետք է դադարեցվեն։ Ռաֆահում պաղեստինցի խաղաղ բնակիչների համար անվտանգ գոտիներ չկան, X սոցիալական ցանցում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ես կոչ եմ անում լիովին հարգել միջազգային իրավունքը և անհապաղ զինադադար հաստատել»:

«Խորապես անհանգստացնող տեսարաններ Ռաֆահում այս շաբաթավերջին տեղի ունեցած ավիահարվածներից հետո: Իսրայելի պաշտպանության բանակի հետաքննությունը պետք է լինի արագ, համապարփակ և թափանցիկ»,- գրել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը X սոցիալական ցանցում: «Անհրաժեշտ է համաձայնության հասնել պատանդներին ազատելու և օգնություն տրամադրելու և մարտերը դադարեցնելու համար, որպեսզի երկարատև խաղաղություն լինի»։

«Մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ պատասխանատվության ենթարկելու այս բարբարոսներին և մարդասպաններին, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն մարդկության հետ», – ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Այսօր Իսպանիան, Իռլանդիան և Նորվեգիան պաշտոնապես ճանաչում են Պաղեստինի պետությունը՝ չնայած Իսրայելի զայրացած արձագանքին։

3 կանայք սարում կայծակնահարվել են. մեկը տեղում մահացել է

Այսօր՝ մայիսի 28-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կարմիր և Սարուխան գյուղերի միջնամասի դաշտամիջյան հատվածում ճանապարհից մի քանի կմ հեռավորության վրա քաղաքացիներ են կայծակնահարվել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ 3 կանայք սարում կայծակնահարվել են. մեկը տեղում մահացել է, երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։

Ամոթ․ Փաշինյանը գնաց Սարդարապատ, բայց Կաթողիկոսին չէին թողնում

Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, մեկնել է Սարդարապատ:  Հիշեցնենք, որ առավոտյան ՀՀ վարչապետը խուսափեց Սարդարապատ մեկնելուց՝ հաշի առնելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայությունն այնտեղ։

Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Այստեղ տեղի է ունեցել փոքրիկ զորահանդես, որտեղ ելույթ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ոստիկանները և սև բերետավորները փորձում էին խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի մուտքը Սարդարապատի հուշահամալիր: Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը:

Հրապարակված տեսագրություններում երևում է, թե ինչպես են ոստիկաններն ու սև բերետավորները փակում Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը հուշահամալիր:

Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ գիշերն անցկացրել են Սարդարապատի հուշահամալիրում՝ դիմավորելով Հայաստանի առաջին հանրապետության  հռչակման օրը՝ մայիսի 28-ը, խորհրդանշական Սարդարապատի հուշահամալիրում։

«Արցախի իշխանությունը պետք է անհրաժեշտ գործիքակազմ գործադրեր՝ տվյալ գույքը հանուն արցախցիների շահերի օգտագործելու համար»

Արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձավ Արցախի համայնքապետերի նկատմամբ հարուցված քրեական վարույթներին։ Հիշեցնենք, որ Ասկերանի, Մարտակերտի եւ Ստեփանակերտի քաղաքապետերի նկատմամբ ՀՀ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, նրանց մեղադրում են իրենց ծառայողական մեքենաները «խարդախությամբ հափշտակելու» մեջ։

Ըստ փաստաբանի՝ ՀՀ տարածքում չի կարող քրեական վարույթ նախաձեռնվել այնպիսի դեպքերով, երբ ենթադրյալ հանցանքը կատարվել է Արցախի Հանրապետության տարածքում։ «Այդ կարգավորումները տրված են ՀՀ Քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածով։ Նման դեպքերում Հայաստանի Հանրապետությունը կարող է քրեական վարույթ նախաձեռնել բացառապես այն դեպքում, երբ այդ հանցանքն ուղղված է ՀՀ քաղաքացու կամ ՀՀ շահերի դեմ»,- ասաց Ռաֆայել Մարտիրոսյանը։

Մեր հարցին, թե ի՞նչ է ստացվում, ըստ ՀՀ իշխանությունների, ի՞նչ պետք է անեին Արցախի համայնքապետերը, Արցախի լիակատար օկուպացիայից հետո այդ մեքենաները չպե՞տք է բերեին Հայաստան, պետք է թողնեին Ադրբեջանի վերահսկողության տա՞կ, Ռաֆայել Մարտիրոսյանը պատասխանեց․ «Ինչ վերաբերում է համայնքների ղեկավարների գործադրած ջանքերին, որ տվյալ գույքը չպետք է մնար Ադրբեջանի տիրապետության տակ, ես կարծում եմ, որ դրանք ողջամիտ գործողություններ են։ Ավելի լավ է այդ գույքը գտնվի արցախցիների մոտ, քան մեկ այլ իշխանության կամ ադրբեջանցիների մոտ։ Ես կարծում եմ, որ առաջնահերթ պետք է գործի այդ տրամաբանությունը, քանի որ վերջին հաշվով արցախցիները զրկվել են բնակարաններից, բազմաթիվ գույքերից եւ Հայաստանի տարածքում իրենց սոցիալական խնդիրները լուծելու կարիք ունեն»։

Հարցին՝  եթե Հայաստանի իշխանությունները չեն ստեղծել մի մարմին, որտեղ արցախցի պաշտոնյաներից կարող էին հավաքագրել ծառայողական գույքը, հիմա ի՞նչ հիմքով են այդ մարդկանց մեղադրում, Ռաֆայել Մարտիրոսյանը պատասխանեց․ «Այս հարցին լրիվությամբ պատասխանելու համար գոյություն ունի երկու տրամաբանություն։ Մեկն այն է, որ ամբողջ գույքը պետք է կենտրոնացվեր Արցախի իշխանությունների ներքո, դրանք հետագայում վաճառելու կամ այլ ճանապարհով իրացնելու արդյունքում այդ գումարը պետք է ուղղվեր արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանը։ Մյուս կողմից, քաղաքացիները, որոնք ստացել են պետական գույքը, նրանք նախապատվությունը տվել են այդ գույքը Հայաստան բերելուն՝ իրենց գույքը թողնելով Արցախի Հանրապետության տարածքում։ Այսինքն՝ այս հարցի արդարացի լուծման խնդիր կա։ Եթե ասենք, որ բոլոր գույքերը պետք է կենտրոնացնեին, ապա այստեղ խնդիր է առաջանում այն անձանց հետ, որոնք իրենց գույքը թողել են Արցախում ու պետական գույքն են տեղափոխել այստեղ։ Այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ հանրային շահը ենթադրում է, որ այդ գումարներով առաջնահերթ պետք է լուծեին արցախցիների սոցիալական խնդիրները»։

Փաստաբանը հավելեց, որ արցախցիներն այսօր գտնվում են սոցիալապես ծանր վիճակում, մարդկանց սոցիալական խնդիրները գնալով խորանում են։ «Իսկ Հայաստանի իշխանություններն անհրաժեշտ հոգածություն չեն դրսեւորում արցախցիների նկատմամբ։ Եվ Արցախի իշխանությունը պետք է անհրաժեշտ գործիքակազմ գործադրեր՝ տվյալ գույքը հանուն արցախցիների շահերի օգտագործելու համար»,- հավելեց նա։

Ռոզա Հովհաննիսյան

1918 թվականի հերոսամարտին մասնակցած մահապարտների գնդի մեծ մասը արցախցիներն էին. Բագրատ սրբազան

«Սարդարապատը մեզ համար մեր ինքնաճանաչողության բարձրակետն է՝ ինչպիսին ենք մենք եւ ինչպիսին կարող ենք լինել։ Երբ մենք հասնում ենք այդ ինքնաճանաչողության կետին, սխրանքների ու հերոսության ազգ ենք դառնում։ Այնպես որ, մեզ առաջինը հենց դա է պակասում, եւ այս շարժումը հուսով եմ մեզ կտանի այդ ինքնաճանաչողության ակունքին»,- Սարդարապատի հուշահամալիրում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

Նա հիշեցրեց, որ 1918 թվականի հերոսամարտին մասնակցած մահապարտների գնդի մեծ մասն արցախցիներն էին։ Այդ գունդը կազմված էր հոգեւորականներից եւ արցախցիներից։

«Սա հատուկ շեշտում եմ բոլոր նրան համար, ովքեր ասում են՝ արցախցիները տարբեր են, ուրիշ են, բաժանարար գիծ են անցկացնում մեր սեփական ազգի միջեւ։ Այս դաշտում է կռվել մահապարտների գունդը, ըստ վկայությունների, ամենամարտունակը։ Նրանց մեծ մասը պարզ ժողովուրդն էր, ոչ զինվորականներ։ Եվ նրանք, ովքեր մեզ ասում են՝ մեր ուժերը չեն ներում, մենք չենք կարող, ուղղակի ինքնաճանաչողություն չունեն»,- ասաց Բագրատ սրբազանը։