Կիրանցիներից մի քանիսին առաջարկել են լքել իրենց տները

Կիրանց

Հստակ ժամկետներ չեն նշել, բայց ասել են՝ պետք է լքեք ձեր տները: Գյուղացիները չեն համաձայնել ո՛չ իրենց տները թողնել, ո՛չ էլ դրանց համար փոխհատուցում ստանալ: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ խոսելով այն մասին, որ իշխանությունները այն կիրանցեցիներին, որոնց տները սահմանազատման և սահմանագծման հետևանքով հայտնվելու են Ադրբեջանի տիրապետության տակ, պահանջում են հեռանալ իրենց տներից:

 

Արարատ Միրզոյանը խարխլում է եվրոպական անվտանգության հիմքերը և կստանա Լուկաշենկո-Ալիևի անվան շքանշան

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 133-րդ նիստում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ «հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ուժի չկիրառման նորմը խախտելու շեմը տագնապալի բարձր է»։

«Ռեյկյավիկի գագաթնաժողովից հետո Եվրոպայի խորհրդի աշխարհագրական տարածքում, մասնավորապես, Հարավային Կովկասում էական փոփոխություններ տեղի ունեցան մարդու իրավունքների և հումանիտար ոլորտում։ 2023 թվականի սեպտեմբերին իննամսյա շրջափակումից հետո Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով  աշխարհը ականատես եղավ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը, որն արձանագրվել էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի փաստահավաք այցի ժամանակ 2023 թվականի հոկտեմբերին»,- ասաց նախարարը։

Թվում էր, թե այսքանից հետո մի մարդ, որի անվան վրա Հայաստանում տաբու է դրված, կդատապարտի արցախյան հիմնախնդրի ուժային լուծումը, որը գտնվում է Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ-ի պատասխանատվության գոտում։ Թվում էր, թե նա կպահանջի պատժել Ադրբեջանին և Ռուսաստանին, որոնք, խախտելով ԵԱՀԿ մանդատը, անօրինական ուժով «լուծեցին» արցախյան հակամարտությունը 2020-23 թթ.։ Թվում է, թե նա կասի, որ նման «կարգավորումը» խարխլում է եվրոպական անվտանգության հիմքերը, քանի որ դա նախադեպ է դառնում տարածքային վեճերի ուժային լուծման համար, և եթե նման լուծումը ճանաչում ստանա, Եվրոպան կհայտնվի արյունալի հակամարտությունների անդունդում։ Սլովակիայի վարչապետի վրա կրակոցը շատերի մոտ անալոգիա առաջացրեց Դանիլո Պրինսիպի կրակոցի հետ:

Թվում է, թե ՀՀ ԱԳՆ ղեկավարը պետք է հիշեցներ, որ աշխարհում չկա որևէ փաստաթուղթ, որը կվկայի իբր վերականգնված «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» մասին, և որ Թուրքիան և Ադրբեջանը հիմա փաստաթղթեր են մուրում Հայաստանից, որ “հաստատեն” իրենց «ամբողջականությունը»։ Եւ եթե Հայաստանը համաձայնի, ապա Եվրոպայում Պոստդամի համակարգը կփլվի։

Բայց ո՛չ, Արարատ Միրզոյանն ասաց, որ «ապրիլին Հայաստանն ու Ադրբեջանը վերջապես սկսեցին սահմանների սահմանազատման աշխատանքները՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչը ողջունվեց բազմաթիվ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի»:

Արարատ Միրզոյանի այս ելույթը ոչ միայն ոտնձգություն է եվրոպական անվտանգության հիմքերի վրա, այլև փորձ՝ ԵԽ-ն դարձնել մեղսակից հայոց պետականության և եվրոպական քաղաքական համակարգի վերացման գործում։

Եվրոպայի փլուզմամբ շահագրգիռ ուժերը մի օր Արարատ Միրզոյանին կպարգևատրեն Լուկաշենկո-Ալիևի անվան շքանշանով՝ Շուշիի ավերված քրիստոնեական եկեղեցու ֆոնին։

Նաիրա Հայրումյան

Լուկաշենկոյի՝ Արցախ ապօրինի այցի դեմ հանդես եկավ ոչ թե Հայաստանի ԱԳՆ-ն, այլ Տիխանովսկայան

Բելառուսի ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայան սուր քննադատության է ենթարկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Լեռնային Ղարաբաղ։

«Զավեշտալի է, որ Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակցի Հայաստանի դիրքերը և թռչում է Ղարաբաղում օգնելու Ադրբեջանին։ Սա ցույց է տալիս ռուսական «ռազմական դաշինքների» թուլությունը և անձամբ Լուկաշենկոյի կեղծավորությունը։ Հանցավոր ռեժիմը մտածում է միայն իր գոյատևման մասին՝ ամեն գնով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X սոցիալական ցանցում գրել է Տիխանովսկայան:

Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները չեն բողոքել Լուկաշենկոյի՝ օկուպացված Արցախ կատարած անօրինական այցի կապակցությամբ, որտեղ ոչնչացվում է հայկական ժառանգությունը և յուրացվում է հայկական ունեցվածքը։

ՔՊ-ն չի հասկանում, թե ինչի՞ շուրջ է մտահոգությունը

Հայաստանի վարչապետը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չեն պատրաստվում որևէ մեկի հետ քննարկել կառավարության ղեկավարի հրաժարականի հարցը: Այս մասին մայիսի 17-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

“Ինչի՞ շուրջ պետք է մտահոգություն լինի»,- չի հասկանում պատգամավորը, հաստատելով, որ ներկայիս քաղաքականությունը լիովին ձեռնտու է ՔՊ-ականներին, եւ նրանք կշարունակեն այն, ինչ արել են Արցախում եւ Տավուշում, այլ մարզերում։

 

 

Արցախցիների բնակարանային ծրագրի ռազմավարությունը խրախուսում է արտագաղթը. Արտակ Բեգլարյան

«Երեկ ՀՀ կառավարության կողմից ընդունված արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագիրը մի շարք հիմնարար խնդիրներ ունի», – ասում է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Նա որոշ ասպեկտներ է մատնանշում ֆեյսբուքյան իր էջում հրապարակված գրառման մեջ.
1. Այս ու մնացած բոլոր որոշումներն այդպես էլ չընդունվեցին հանրային քննարկումների արդյունքում, այլ՝ նախագիծը մշակվեց ու շրջանառվեց գաղտագողի կերպով՝ խախտելով ներառականության ու ժողովրդավարության թե՛ ներպետական օրենսդրությունը, թե՛ միջազգային սկզբունքները: Մեր հասարակական ճնշման ներքո մարտին մի քանի օր քննարկումների իմիտացիա արեցին որոշ խմբերի հետ, բայց անհատ արցախցիների հետ կայացած այդ հանդիպումները շատ հեռու էին ներառականությունից: Ավելին, իշխանությունները լրիվությամբ անտեսեցին նաև Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության ներկայացուցիչների շարունակական պատրաստակամությունը աջակցելու ծրագրի մշակման աշխատանքներին:
2. Ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը Արցախի ժողովրդի վերաբերյալ որոշումները կայացնում է առանց ռազմավարության, իսկ ավելի ճիշտ` մի շարք հիմքեր կան պնդելու, որ եղած ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է:
3. Հաստատված ծրագիրը սկզբունքային խնդիրներ ունի ընտրված մոտեցումների առումով, որոնք չեն լուծելու ո՛չ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի թեմայի պահպանման հարցը, ո՛չ տեղահանված անձանց մեծամասնության մարդասիրական խնդիրները, ո՛չ էլ ՀՀ ժողովրդագրական խնդիրները: Ավելի մանրամասն կարծիքս կհայտնեմ առաջիկա օրերին, երբ հասցնեմ ավելի խորությամբ ուսումնասիրել ու վերլուծել հրապարակված նյութերը:

Արցախցիների շոկային վիճակն «անցել է», մարդիկ հարցնում են իրենք իրենց. լավ, որքա՞ն ենք այսպես վարձով ապրելու

Հայաստանի կառավարության Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրի հաստատումը բուռն քննարկումների եւ դժգոհության առիթ է դարձել։

Բնակարանի հարցը թերեւս ամենաշատն է այսօր հուզում  արցախցիներին: Փարիզի ապարտամենտներ չեն եղել, բայց ամեն դեպքում, գրեթե բոլոր արցախցիները չորս պատ ունեցել են։ Դրա համար վարձով ապրելն այսքան սթրեսային, խորթ ու անհարմար է նրանց համար:

Մի կտոր չոր հաց, բայց իմ տանը, կամ տունս, կամ կտուրս, շունն ո՞ւր, տունն ո՞ւր, հունցու շոռ ըս տամ, էլհա բիդի տոն ըս կյամ (ուր գնում, մեկ է` հետ տուն ես գալիս), սաղ կյանքս տոն ում տիրալ (ամբողջ կյանքս տուն եմ կառուցել): Տան մասին այսպիսի բազմաթիվ ասացվածքներ կարելի է հիշել արցախյան բարբառում, որ բնութագրում է, թե ինչ է նշանակում տունն արցախցու համար առհասարակ:

Տատիկս պատմում էր, որ մեր գյուղի տան թիթեղները սոված մնալով եւ ձու վաճառելով են գնել եւ կտուր կառուցել (ամոթ է, հարեւաններից հետ չմնանք), որի տակ ավելուկ էինք չորացնում ձմեռվա համար: Արցախյան առաջին պատերազմից հետո այդ թիթեռները սիրուն փռվել էին գետնին, երբ ադրբեջանցիները վառել են տունը: Նույն թիթեղներով նորից տուն ենք կառուցել, որը հիմա գտնվում է ադրբեջանցիների ձեռքին: Ո՞վ գիտե, գուցե տեղաշորն ու բարձերը դուրս են նետել, ինչպես Ստեփանակերտում:

Քա՞նի տարի են մարդիկ բանակում ծառայել, սպասել, որ վերջապես բանալի ունենան Ստեփանակերտի Արցախ թաղամասում:

Բնակարանամուտ Ստեփանակերտում

Սակայն այնպես է ստացվել, որ հիմա ամեն մեկս մի վարձով տան նստած նայում ենք մեր դատարկ տներին:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի կառավարության ֆինանսական աջակցությունն արցախցիները տան վարձ են տալիս, գուցե «մի քիչ» էլ ավելացնելով: Հայտարարվել է, որ հունվարից արցախցիներին տրամադրվող 40+10 աջակցությունը համատարած չի լինելու այլեւս:

Տեղահանումից իննը ամիս անց դժվար թե արցախցիների խնդիրը կարելի լինի լուծված համարել: Քաղաքական զարգացումներից կարելի է երկար խոսել, ենթադրություններ անել, հույսեր պահել, ադրբեջանցիների նման երեսուն տարի սպասել, սպասել Ուկրաինայի պատերազմի ավարտին, սակայն սոցիալական խնդիրները թվում է թե գնալով միայն դժվարանում են:

Այս ընթացքում բազմաթից հրապուրիչ գաղափարներ են հնչել արցախցիներին Հայաստանում ինտեգրելու, Սյունիքում բնակեցնելու, քանի որ բարբառները մոտ են, համայնքային կյանքը, ժենգյալով հացն ու թրթերուկը եւ այլն…: CivilNet-i հետ հարցազրույցում այս մասին խոսել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ավելի «ստարժավոր փախստականները», հադրութեցիները նույնպես առաջարկում են, որ կառավարությունը տարածք հատկացնի, որպեսզի նրանք տներ կառուցեն եւ համայնքով ապրեն միասին:

Սակայն պրոցեսները շատ արագ են ընթանում, կյանքը շարունակվում է բոլորովին այլ հունով, իրականությունն այլ բան է ցույց տալիս: Արցախցիների շոկային վիճակն «անցել է», հիմա մարդիկ հարցնում են իրենք իրենց. լավ, որքա՞ն ենք այսպես վարձով ապրելու, երեք միլիոնով ո՞նց ենք տուն կառուցելու, սա ծուղակ է, լավ է գնանք, ասում են շատերը:

«Արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը կարելի էր վերնագրել. «Արցախցիների Հայաստանից արտագաղթի մղելու ծրագիր» կամ «Խնդիր ունեցող համայնքներից բնակիչներին արտագաղթի մղելու և նրանց արցախցիներով փոխարինելու ծրագիր», գրում է Հայկ Խանումյանը:

Անկեղծ ասած, երբ տեսնում ես, որ Սումբաիթից, Բաքվից, Բանանցից փախստականները դեռ գետնի վրա տնակներում են ապրում (էլ չեմ խոսում երկրարժի հետեւանքով տուն կորցրած մարդկանցից), դա հույս չի ներշնչում, որ արցախցիների բնակարանային ծրագիրը հաջողություն կունենա, չնայած որ այն Հայաստանի կառավարությունը լավ ծրագիր է համարում:

Քաղաքներ, որտեղ արցախցիները բնակարանային ապահովման ծրագրով կարող են ստանալ.

1 շնչին 5 մլն դրամ

Ճամբարակ

Գորիս

Դաստակերտ

Բերդ

1 շնչին 4 մլն դրամ

Վարդենիս

Շամլուղ

Կապան

Մեղրի

Ագարակ

Սիսիան

Քաջարան

Վայք

Նոյեմբերյան

Այրում

Սա առանձնացնում եմ այն պատճառով, որ ամենայն հարգանքով բոլոր սահմանամերձ գյուղաբնակ մեր ժողովրդին, բայց նշեմ, որ ամբողջ կյանքում քաղաքային կամ ավանատիպ բնակավայրերում ապրած ու կյանքում գեթ մեկ օր գյուղատնտեսությամբ չզբաղված մարդկանց սահմանամերձ բնակավայրերում տեղավորվող կառավարության գլխին կախված է մեկ այլ ավելի մեծ սոցիալական խնդիր` այս մարդկանց աշխատանքով ապահովելը, — գրում է արցախցի Սեյրան Մայիլյանը:

Աչք է շոյում, երբ Եվրոպայում տեսնում ես, թե ինչպես են բնակելի տներ կառուցում, ինչպես է շինարարական աղբը տոպրակներում տեղավորում, մայթերին այնպիսի կորություն է տված, որ անձրեւաջրերը տեղ ունենան գնալու, ծառերը տեսք ու ստվեր ունեն: Պարզ երեւում է, որ շինարարությունն ավարտ ունի: Իմ աչքն ուրիշի սեփականության վրա չէ բոլորովին, բայց ապշեցնում են Երեւանի դատարկ ու մռայլ երկնաքերերը, ավարտ չունեցող այս անվերջ շինարարությունը: 2016-ին եմ ապրել Երեւանում, այսօր էլ նույն պատկերն է. հարյուրավոր դատարկ տներ, հազարավոր անտուն:

Այդպես է, եւ տուն կորցնելն է դժվար, եւ տուն կառուցելը:

Մարութ Վանյան

ԽՍՀՄ Խնայբանկի մինչև 1993 թ․ ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու համար կարող են դիմել նաեւ արցախցիները

ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու համար կարող են դիմել նաեւ Արցախից բռնի տեղահանված անձինք։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը։

«Այդ ծրագրով նախատեսված չէ որեւէ տարբերակում։ Անկախ նրանից, քաղաքացին Հայաստանի Հանրապետությունից է, թե Լեռնային Ղարաբաղից, եթե ծրագրով նախատեսված մյուս պայմաններին համապատասխանում է, այսինքն՝ ունեցել է ներդրված ավանդ եւ այլն, կկարողանա փոխահատուցումը ստանալ»,- ասաց Զառա Մանուչարյանը։ Նա հավելեց, որ ՀՀ քաղաքացի լինելու պարտադիր պահանջ եւս չկա այս ծրագրով։

Նախարարությունից տեղեկացրել են, որ 2020-2023 թթ․ ընթացքում ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում է ստացել 25156 ավանդատու․ այս նպատակով պետբյուջեից հատկացվել է ավելի քան 5 մլրդ դրամ։

2024 թ․ շուրջ 8000 անձի ավանդների փոխհատուցում տրամադրելու համար նախատեսվել է 1 մլրդ 500 մլն դրամ։

ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն մինչև 1941 թ․ հունիսի 30-ը ծնված անձինք։

Մուշկապատցի քահանան․ աքսոր՝ սովետական երեխային խմորի հետ համեմատելու համար

Մուշկապատ գյուղի հիմնադրման մասին հստակ տեղեկություններ չկան, սակայն ամենայն հավանականությամբ այն սկզբնավորվել է վաղ միջնադարում, չնայած հնագիտական հուշարձանները փաստում են, որ տարածքը դեռ վաղնջական ժամանակներից բնակեցված է եղել։

Գյուղում է գտնվում Վարդան զորավարի անունը կրող մատուռը, ներկայիս Սբ․ Աստվածածին եկեղեցու կողքին, հարավային մասում։ Այն ամբողջ Վարանդա գավառի ամենահայտնի ուխտավայրերից մեկն է եղել։ 13-րդ դարում մատուռին կից կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Ինչպես գրում է ազգագրագետ, եպիսկոպոս Մակար Բարխուդարյանցը, շատ հին է՝ մոտավորապես 13-րդ դարից։ Դռնկալի քարե խաչկալի վրայի արձանագրությունը, որը չի պահպանվել, հաստատում էր, որ 18-րդ դարում Դիզակի Մելիք Եգանը հիմնովին վերանորոգել է եկեղեցին։ Ու քանի որ համարյա փլված է եղել ու նախկին տեսքը չի պահպանվել, Մելիք Եգանի վերանորոգման աշխատանքները շատ հաճախ շփոթեցվում է կառուցման հետ, և եկեղեցին թվագրվում է 17-18-րդ դարերով։

20-րդ դարի սկզբին  Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանան էր Աբրահամի որդի  Զավենը, ով ավարտել էր Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Զավեն Ադամյանը միաժամանակ նաև ուսուցչություն էր անում, կրթում գյուղի երեխաներին։

Մուշկապատցի աստվածավախ քահանան կարծում էր, որ երեխան խմորի պես մի բան է, ինչ ձև տաս, նա էլ կլինի կյանքում։ Թերևս նմանատիպ կարծիքներ ու տարբեր համեմատություններ շատ կան  հայտնի մանկավարժների կողմից, սակայն քահանայի այս միտքը ճակատագրական եղավ նրա համար։ Նա վիրավորել էր, խորհրդային երեխային համեմատելով խմորի հետ։

Զավեն Աբրահամյանին աքսորեցին, ու էլ ոչ-ոք չտեսավ նրան, իրականում այս շիրմաքարի տակ հանգչում է կինը՝ Ծովինարը, իսկ նրա գերեզմանն անհայտ է։

Արմինե Հայրապետյան

Լուկաշենկոն այս անգամ չհիշեցրեց, թե ում է բաժին հասել Սերժ Սարգսյանի 5 միլիարդը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել է Բաքու։ Ալիևի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Լուկաշենկոն ասել է.

«Մենք եղբայրների նման շփվում ենք, աշխարհը նույնապես հասկանում ենք, հասկանում ենք, թե ուր է այն շարժվում։ Գիտե՞ք, ես հանդիպման ժամանակ Հեյդար Ալիևի մասին ասել եմ. եթե նա տեսներ, թե ինչպես է զարգանում Ադրբեջանը։ Նորից մտածեցի, հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, քո ազատամարտից առաջ, երբ միասին ճաշի ժամանակ փիլիսոփայորեն զրուցում էինք։ Հետո եկանք այն եզրակացության, որ պատերազմը կարելի է հաղթել։ Շատ կարեւոր է պահպանել այս հաղթանակը։ Բայց, երրորդ, մենք պայմանավորվեցինք, դուք այն ժամանակ բարձրացրիք այս հարցը, որ պատերազմից հետո կսկսվի ամենադժվար ժամանակը, երբ անհրաժեշտ կլինի վերակենդանացնել ձեր ազատագրած հողերը, սկսել վերածնունդը։ Եվ հենց եկել է այդ դժվարին ժամանակը, երբ պետք է վերակենդանացնել այս հողերը, պետք է մարդկանց վերադարձնել, իսկ ոմանք արդեն ծնվել են քաղաքում, հավանաբար խնդիր կլինի։ Հաղթեցինք, պահպանեք հաղթանակը։ Այժմ մենք պետք է վերակենդանացնենք այն»,- Բելառուսի նախագահի խոսքերն է մեջբերում ԱՊԱ-ն։

Լուկաշենկոն և Ալիևն այցելել են օկուպացված հայկական Շուշի, իսկ Լուկաշենկոն քաղաքին տրակտոր և մի պարկ կարտոֆիլ է նվիրել։

Այս անգամ նա չհիշեց, որ քանի տարի առաջ Ալիևի հետ Սերժ Սարգսյանին արցախյան տարածքների համար 5 միլիարդ դոլար են առաջարկել, բայց նա հիմարաբար մերժել է։ Լուկաշենկոն չի ասել նաեւ, թե ում է բաժին հասել այս 5 միլիարդը։

Հասարակության պառակտումն ու բևեռացումը կործանեցին Արցախը. հերթը, ըստ երևույթին, Հայաստանին է

Ցավոք, Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն Հայաստանի» շարժումը չխանգարեց հայկական տարածքների անօրինական հանձնմանը Ադրբեջանին։ Երեկ ՀՀ վարչապետ Փաշինյանն իր ստորագրությամբ հաստատել է Կիրանց գյուղի կամրջի հանձնումը, ինչը նշանակում է, որ Հայաստանը Վրաստանին և արտաքին աշխարհին կապող միջպետական ​​ճանապարհն այսուհետ կանցնի Ադրբեջանի հսկողության տակ։

Թե դա ինչ է նշանակում, կարելի է հասկանալ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի վրա գտնվող Հակարի կամրջի օրինակով։ Ադրբեջանը կամրջի վրա ապօրինի անցակետ է տեղադրել, իսկ հետագայում ամբողջությամբ արգելել մուտքն ու ելքը Արցախ՝ առանց հսկողություն անցնելու։ “Հսկողությունն” ավարտվել է Կարմիր խաչի ավտոմեքենայից Վագիֆ Խաչատրյանին բռնելով, այնուհետև Մեծ Շեն գյուղի բնակչի անհետացումով։ Վերջին ակորդը Ռուբեն Վարդանյանին և Արցախի այլ բարձրաստիճան պաշտոնյաներին անօրինական անցակետում ձեռբակալելն էր։

Ադրբեջանը հստակ մշակված ծրագիր ունի հայկական պետականության ոչնչացման և հայերին հողից զրկելու համար։ Իզուր չէ, որ «նախագահ» Ալիևը խոսում է նոր մեծ հաղթանակի մասին. ադրբեջանի ղեկավարությունը չի թաքցնում Հայաստանի տարածքը, որն անվանում են «Արևմտյան Ադրբեջան», անեքսիայի իր ծրագրերը։

Որքանո՞վ է Հայաստանի վարչապետը գիտակցում, որ արդեն բացել է այս անեքսիայի ճանապարհը։ Ըստ երևույթին, ՀՀ իշխանությունները իրականության նման ըմբռնում չունեն, նրանք ավելի շատ շահագրգռված են պահպանել իշխանությունը և ծառայել ռուս ցարին և թուրք սուլթանին (ինչի մասին են վկայում բազմահազար տարբեր գույների ոստիկանական շղթաները՝ հանրահավաքներին, ակցիաներին և Երևանի փողոցներում)։

Տարօրինակ է, որ երեք տարվա միջակ քաղաքականությունը և աղետալի իրադարձությունները, որոնք հանգեցրել են Արցախի, 300 քառակուսի կիլոմետր Հայաստանի տարածքի կորստին, ռազմավարական բարձունքների հանձնմանը հակառակորդին, թշնամու զորքերի մոտեցմանը Հայաստանի ջրամբարներին, չի նկատվում, եւ Հայաստանի իշխանությունները չեն գիտակցում, որ երկիրը գտնվում է էկզիստենցիալ վտանգի տակ, որ թշնամին բաց է հաջորդ ցեղասպանության համար, որ մի երկու տարի հետո կարող է չլինի պետությունը, որի հանդեպ իշխանության համար նրանք այսքան “պայքարում են”։

Ավաղ, անկախության բոլոր տարիներին Հայաստանում ոչ մի իշխանություն հայակենտրոն քաղաքականություն չի վարել։ Առաջին նախագահի անվերջ զիջումների ընթացքը սեփական պետության շահերի և իր ժողովրդի իրավունքների թշնամուն հանգեցրեց 90-ականների պատերազմին և 2020-23 թթ. ողբերգությանը։

Սակայն Հայաստանի ներկայիս իշխանությունները գերազանցել են բոլոր նախորդներին։ Հայաստանի ներկայիս վարչապետը պատրաստ է հրաժարվել նույնիսկ միջազգային օրենքներից ու պարտավորություններից։

Ադրբեջանի դեմ պահանջները հետ կանչելու պատրաստակամությունը, 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցում թուրքիայի դեմ պահանջներից և պետական ​​խորհրդանիշներից հրաժարվելը դժգոհություն են առաջացրել հայ հասարակության և միջազգային կառույցների շրջանում (Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը): Թվում էր, թե «Տավուշը հանուն Հայաստանի» շարժումը, որը սկսվեց «ինքնահարգման և արժանապատվության համար պայքարի» կարգախոսով, պետք է իշխանություններին առաջադրեր բոլոր այն պահանջները, որոնք կստիպեին հրաժարվել ստորացուցիչ քայլերից։

Ավաղ, հազարավոր հանրահավաքներ իր շուրջը հավաքած շարժումը վերածվեց իշխանափոխության պահանջի։ Շարժմանն աջակցող ուժերը (այսպես կոչված «նախկինները») հետ մղեցին հայ հասարակության մեծ մասը դրան մասնակցելուց։ Արդյունքում Կիրանցում կասեցված «սահմանազատումն» ավարտվեց թշնամուն կենսական նշանակության տարածքների հանձնմամբ, որից հետո մոտակա գյուղերի բնակիչները անվտանգության նկատառումներից ելնելով սկսեցին հեռացնել իրենց երեխաներին։

Ցավոք, նույնիսկ եկեղեցին չի կարողանում կոնսոլիդացնել հայ հասարակությանը երկիրը կորցնելու սպառնալիքի պայմաններում։ Հասարակության պառակտումն ու բևեռացումը կործանեցին Արցախը. հերթը, ըստ ամենայնի, Հայաստանինն է։

Մարգարիտա Քարամյան

Արցախցին ուժեղ է, ստեղծող և անկախ ամեն ինչից՝ ոտքի կկանգնի

Միայն Հայրենիքի ու անմեղ տղաների կորուստների ցավն է, որ երբեք չի անցնի։

Աննան Սյունիքի մարզի Քաջարան քաղաքից է հարս գնացել Արցախ աշխարհ։ Անմիջապես հարմարվել է նոր միջավայրին ու ստեղծել իր գեղեցիկ ընտանիքը։ Բռնատեղահանվելոց հետո ապրում է Կապան քաղաքում։ Երեք աղջիկ ունի, և այսօր մտածում է անել հնարավորը, որ կարողանա ոտքի կանգնել ու երեխաներին հասցնել իրենց նպատակներին։

Որպես դասվար Արցախում Աննան աշխատում էր Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ ) Ասկերանի “Շող” ցերեկային կենտրոնում։ Աշխատանքին զուգընթաց նա զբաղվում էր նաև հելունագործությամբ։ Դեռևս փոքրուց էր նրա մոտ նկատվում սեր դեպի թելերն ու գեղեցիկ իրերի ստեղծումը։

-Երբ բռնի տեղահանվեցինք Արցախից, որոշեցինք մեկնել Ռուսաստան, քանի-որ այստեղ չէինք կարողանում աշխատանք գտնել, իսկ տների վարձավճարները շատ բարձր էին։ Սակայն երեխաներս, առանձնապես ավագ դուստրերս, չկարողացան հարմարվել այնտեղի բարքերին, նրանց համար ամեն ինչ օտար ու խորթ էր։ Վերադարձանք ու բնակություն հաստատեցինք Կապան քաղաքում։ Երեխաներս հաճախում են դպրոց, լավ են սովորում, ինտեգրվել են միջավայրին, ու վերջապես նրանց աչքերում ես ուրախություն եմ տեսնում։ Իմ մասնագիտությամբ դեռևս չեմ աշխատում, քանի-որ փոքր աղջիկս դեռ 8 տարեկան է։ Սակայն պարապ նստել ևս չեմ կարող և զբաղվում եմ հելունագործությամբ ու կարուձևով։

Իհարկե, դժվարություններ շատ կան, սակայն ԱՀԱ ընկերակցության աջակցության շնորհիվ կարողանում եմ հաղթահարել դրանք,-պատմում  է Աննա Սարգսյանը։

Աննան ԱՀԱ ընկերակցության կողմից նյութական աջակցությունների հետ մեկտեղ, ստանում է նաև բարոյահոգեբանական օգնություն։ Ինչպես Արցախում, այստեղ ևս ընկերակցության անդամները շարունակում են միասնական ու առողջ թիմ լինել։

Օրերս նա մասնակցել է ԱՀԱԸ- կողմից Վարդենիս քաղաքում կազմակերպված “Կեցություն և կենսաապահովություն” ծրագրին, որը նպատակ ունի աջակցելու Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին՝ վերսկսելու իրենց բնականոն կյանքը և հոգալու երկարաժամկետ կարիքները Հայաստանի տարբեր մարզերում։ Ծրագիրն իր մեջ մի քանի բաղադրիչներ է ներառում՝ սոցիալական, առողջապահական, տնտեսական և այլն։ Եռօրյա բիզնես-դասընթացից հետո Աննան կունենա եկամտի հիմնական և մշտական աղբյուր ու կկարողանա ապահովել ընտանիքի կարիքները։

-ԱՀԱԸ աջակցությամբ շատ շուտով ձեռք կբերեմ կարի մեքենա և հելունագործության համար համապատասխան հումք, ինչը շատ կհեշտացնի իմ աշխատանքը։ 2023 թվականի օգոստոս ամսին Արցախում պահանջարկ կար նաև պայուսակների։ Ես կարում էի, իսկ աղջիկս պատվիրատուների ցանկությամբ նկարում էր պայուսակների վրա։ Մտադիր եմ  նորից վերսկսել, ինչպես նաև կզբաղվեմ դերձակությամբ։ Ուսումնասիրում եմ հելունագործության նրբությունները, գրականություն եմ ընթերցում և ցանկանում եմ սովորել ավելին։

Կարծում եմ՝ երբեք ուշ չէ սովորել, և սիրով եմ մասնակցում բիզնես-դասընթացներին, – ասում է Աննան և ավելացնում,-ամուսինս դեռևս աշխատանք չի գտել, իսկ իմ աշխատած գումարը բավարար չէ ընտանիքի կարիքները հոգալու համար։

Այն փաստը, որ ես ծնվել եմ Հայաստանի Հանրապետությունում և հայրական տանս ունեմ փոքրիկ բաժնեմաս, խոչընդոտում է պետության կողմից աջակցություն ստանալուն։ Ես ու երեխաներս ստանում ենք ընդամենը կոմունալ ծախսերի համար նախատեսված 10000-ական դրամ հատուցումը։ Չգիտեմ, թե երբ կլուծվի այս հարցը ու կարծում եմ՝ շատերն են կանգնած այս խնդրի առաջ։ Գիտեմ միայն այն, որ պետք է աշխատես ու ինքդ հոգաս քո կարիքները․ չէ՞ որ արցախցին ուժեղ ու ստեղծող է։ Մենք, որ հաղթահարել ենք 9-ամսյա շրջափակումը, դժոխային ճանապարհը, պարտավոր ենք հաղթահարել նաև այս դժվարությունները։ Միայն Հայրենիքի ու անմեղ տղաների կորուստների ցավն է, որ երբեք չի անցնի։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Տասնյակ անօդաչու սարքեր գրոհել են Նովոռոսիյսկը, Տուապսեը և Սևաստոպոլը

Ուրբաթ գիշեր ավելի քան 100 անօդաչու թռչող սարքերով հարձակման են ենթարկվել Ռուսաստանի երեք շրջաններ և Ղրիմը, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Հայտարարության համաձայն՝ Ղրիմի տարածքում ոչնչացվել կամ նստացվել է 51 կամիկաձե անօդաչու թռչող սարք, Կրասնոդարի երկրամասում՝ 44 անօդաչու թռչող սարք, ևս վեց անօդաչու թռչող սարք խփվել կամ կալանավորվել է Բելգորոդի մարզում և մեկը՝ Կուրսկում, պնդում են ռազմական գերատեսչությունը։

Կրասնոդարի երկրամասում հարձակման են ենթարկվել Նովոռոսիյսկը և Տուապսեն։ Շրջանի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը գիշերը հայտնել է, որ Նովոռոսիյսկի վրա հարձակման ժամանակ 10-ից ավելի անօդաչու թռչող սարքեր են ճնշվել և «տեղական հրդեհներ են առաջացել»։

«Ուշադրություն, նորություններ» Telegram ալիքը պնդում է, որ քաղաքի վրա զանգվածային հարձակման ժամանակ ավելի քան 30 պայթյուն է հնչել։ «Առավոտյան մոտ ժամը երեքից լսեցինք կրակոցներ և պայթյուններ։ Առավոտյան ժամը չորսին օդային ռմբակոծության ազդանշանը միացվել է», – հեռուստաալիքին պատմել է տեղի բնակիչներից մեկը: «Դեռ կրակոցներ և պայթյուններ կան, և առավոտյան ժամը հինգն է»։

Իշխանությունները չեն հայտնել, թե որն է եղել Նովոռոսիյսկում տեղի ունեցած հարձակման նպատակը։ Astra հեռագրային ալիքը պնդում է, որ պայթյուններից հետո նավահանգիստը հոսանքազրկվել է։

Կրասնոդարի երկրամասի մեկ այլ սեւծովյան քաղաքում անօդաչու սարքերը հարձակվել են Տուապսե նավթավերամշակման գործարանի վրա, որը մեկ անգամ չէ, որ անօդաչու թռչող սարքերի թիրախ է դարձել, ինչպես նաև Ռուսաստանի նավթավերամշակման այլ օբյեկտներ: Ականատեսները տեսագրել են անօդաչու թռչող սարքի կործանման և գործարանի տարածքում բռնկված հրդեհի տեսանյութը։

Դրանցից մեկի անկման հետևանքով եղել է ընդհանուր առմամբ երկու անօդաչու թռչող սարք, հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանի տարածքում, տուժածներ չկան, հայտնում են մարզպետարանի օպերատիվ շտաբից. Հրդեհը տեղայնացվել է, բայց դեռ չի մարվել։

Սևաստոպոլում դպրոցներում և մանկապարտեզներում դասերը չեղարկվել են հոսանքի անջատումների պատճառով, քանի որ Սևաստոպոլի ենթակայանը վնասվել է քաղաքի վրա զանգվածային հարձակումից հետո, ասվում է նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևի հայտարարության մեջ (Ռուսաստանը Ղրիմը միացրել է 2014 թվականին): Վերանորոգումը կտևի առնվազն մեկ օր։

Օկտյաբրսկի գյուղում, որը գտնվում է Բելգորոդի մերձակայքում, մի կին և նրա չորսամյա որդին մահացել են, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Նրա խոսքով՝ կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարձակվել է մեքենայի վրա, որում եղել է վարորդը և երեք ուղեւոր։