Թուրքիան թույլ է տվել Մոսկվային շրջանցել պատժամիջոցները և միլիարդավոր եվրոյի նավթ վաճառել ԵՄ-ին. Politico

Օգտագործելով պատժամիջոցների քաղաքականության որոշակի բացերը՝ Մոսկվան կարողացել է երեք միլիարդ եվրոյի եկամուտ ստանալ՝ շնորհիվ Թուրքիայի՝ ռուսական նավթը ԵՄ փոխադրելու կարողության։ Այս մասին հայտնում է Politico-ն։

2023 թվականին Թուրքիայի հարավում գտնվող Ջեյհան նավահանգստում մոտակայքում նկատվել է լցանավ, որը պատրաստ էր վառելիք բեռնել։ Այն ստացել է 150 հազար բարել դիզելային վառելիք։ Այնուհետև նավը մեկնեց Հունաստան՝ նավթավերամշակման գործարան։ Թեև բեռը պաշտոնապես դասակարգվել է որպես թուրքական, իսկ Հունաստանը հայտարարել է ռուսական պիտակավորումն անընդունելի՝ համաձայն եվրոպական պատժամիջոցների, զեկույցները վկայում են այն մասին, որ դա Ռուսաստանի Դաշնությունից նավթ է:

Ըստ Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտությունների կենտրոնի (CREA) և Ժողովրդավարության ուսումնասիրման կենտրոնի (CSD), ռուսական նավթը ԵՄ օրինական մուտք է գործում Թուրքիայից: Պատճառը ԵՄ «խառը» վառելիքի ներկրման թույլտվությունն է։ Արդյունքում Մոսկվան երեք նավահանգիստների միջոցով մեկ տարվա ընթացքում վաստակել է մոտ 3 միլիարդ եվրո՝ չնայած ԵՄ-ի կողմից 2023 թվականի փետրվարին սահմանած պատժամիջոցներին։

Բնակապահովման ծրագրին մասնակցելու համար քաղաքացիություն ստանալը՝ 50 տարվա ընթացքում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն-ը հայտնել է արցախցիների բնակապահովման ծրագրի պայմանները։ 

Խնդիրն առաջին հերթին տեխնիկական կողմն է։ Հոկտեմբերից առ այսօր տեղահանված արցախցիների կեսից մի քիչ ավելին է հասցրել գրանցում ստանալ, եւ հերթերը դեռ մին հուլիս կան։ Անձնագրային բաժինների, աշխատակիցների քանակը եւ ռեսուրսը կհերիքի, որ մինչ աօգոստոս-սեպտեմբեր բոլոր արցախցիները գրանցվեն։

Միաժամանակ ընդամենը 1600 քաղաքացի են, ապրիլ ամսվա տվյալներով, դիմել քաղաքացիություն ստանալու եւ ընդամենը 1000 մարդու է տրվել քաղաքացիություն։ Քաղաքացիոիթյուն տրամադրելու ժամկետը մինչեւ 6 ամիս է, եւ պարզ չէ, թե 100 հազար մարդ ինչքան ժամանակում կարող են քաղաքացիություն ստանալ։ Եթե տարին 2 հազար մարդու տրամադրցվի քաղաքացիություն, ապա 50 տարի պետք է սպասել։

Հենց այդ պատճառով կառավարության կողմից ընդունված դրական եւ սպասված որոշումը մեծ կասկածներ է հարուցել՝ իրականացման մեխանիզմի առումով։ Հնարավոր է՝ ինչ-որ արագացված ընթացակարգ ներդրվի, բայց դեռ դրա մասին խոսք չկա։

Պատկան մարմինները պատասխան չունեն այդ հարցերին։ Ընդհանուր առմամբ՝ իրավական խառնաշփոթ է, որը, մի կողմից, գալիս է ոչ պրոֆեսիոնալ հաշվարկներից, մյուս կողմից՝ քաղաքական չկամությունից։ Ուրիշ ինչո՞վ կարելի է բացատրել քաղաքացիություն ստանալու ի սկզբանե անիրական պայմանը։

 Այնուամենայնիվ, ներկայացնում ենք բնակապահովման ծրագրի պայմանները։ 

📢 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով` Կառավարությունն այսօր հավանություն է տվել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին։
Ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝
1) բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
2) անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
3) գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է`
✅ 5 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը թվով 242 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (ցանկին կարող եք ծանոթանալ էջի ներքևում տեղադրված հղմամբ (հավելված 1-ում),
✅ 4 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը թվով 148 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (ցանկին կարող եք ծանոթանալ էջի ներքևում տեղադրված հղմամբ (հավելված 2-ում),
✅ 3 մլն դրամ՝ մնացած բոլոր բնակավայրերում, բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտու,
✅ 2 մլն դրամ, եթե արդեն ունեք հիփոթեք, բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտում գտնվող գույքի։
Ծրագրի շահառուներն ու հիմնական պայմանները.
– 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքը համարվում է շահառու, եթե ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն (ստացել են) ՀՀ քաղաքացիություն,
– ձեռքբերվող (կառուցվող) տան բնակմակերեսը չպետք է լինի պակաս 12 քմ-ից՝ ընտանիքի 1 անդամի հաշվով,
– ձեռքբերվող (կառուցվող) տան արժեքը չի կարող գերազանցել 55 մլն դրամը,
– ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է գործընկեր բանկերի կողմից (գործընկեր բանկերի ցանկը կհրապարակվի առաջիկայում),
– ծրագրի իրականացման ընթացքում աջակցության գումարի և դրա տոկոսագումարները վճարում է ՀՀ կառավարությունը,
– եթե հավաստագրի իրացման արդյունքում առաջանում է դրական մնացորդ, ապա այն կարող է իրացվել հետևյալ ուղղություններով և սահմանաչափերով՝
☑️ գյուղատնտեսական նշանակության հողամասի գնում՝ մինչև 5 մլն դրամ.
☑️ ձեռքբերված անշարժ գույքի վերանորոգում՝ մինչև 4 մլն դրամ.
☑️ կահույքի և կենցաղային տեխնիկայի գնում՝ մինչև 2 մլն դրամ։
🔻 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքը շահառու չէ, եթե.
– 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 169-Լ որոշմամբ հաստատված՝ ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու է՝ անկախ իրավունքի իրացման փաստից,
– ընտանիքի անդամներից առնվազն մեկը 19.09.2023թ. կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության իրավունքով բնակարան կամ բնակելի տուն,
📌 Բնակելի տան կառուցման առանձնահատկություններ.
– բնակելի տան կառուցման համար շահառուն պետք է ընտրի բացառապես նախապես մշակված և հրապարակված տիպային նախագծերից որևէ մեկը,
– բնակելի տան կառուցումը իրականացվում է միայն ՀՀ-ում լիցենզավորված ցանկացած շինարարական կազմակերպության կողմից,
– եթե շահառուն չունի անհատական բնակելի տուն կառուցելու նշանակությամբ հողատարածք, ապա աջակցության գումարից մինչև 3 մլն կարող է ուղղել հողատարածքի ձեռքբերմանը, որի մակերեսը չպետք է լինի նվազ 400 քմ-ից։
🔸 Ծրագրով նախատեսված աջակցությունն ամբողջությամբ դադարեցվում է, եթե.
1) ընտանիքի՝ 55 տարին չլրացած առնվազն 2 չափահաս անդամներից յուրաքանչյուրը կամ 1 անչափահաս անդամը նույն օրացուցային տարվա ընթացքում 183 և ավելի օր գտնվում են ՀՀ սահմաններից դուրս (բացառությամբ, եթե բացակայությունը պայմանավորված է եղել աշխարհի 400 լավագույն համալսարաններից մեկում, քաղաքացիական ավիացիայի բարձրագույն ուսումնական կամ ռազմական ուսումնական հաստատություններում սովորելով կամ ազատազրկման դատապարտվածների պատիժը կրելով),
Ծրագրով նախատեսված աջակցության դադարեցման դեպքում ձեռք բերված կամ կառուցվող բնակարանի կամ անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է պետությանը։
📅 Ծրագրից բխող կարգը կհաստատվի մինչև հունիսի 15-ը։ Ընդ որում՝
– կարգը հաստատվելու պահից կգործի տան և հողատարածքի ձեռքբերման աջակցության բաղադրիչը,
– հուլիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչը,
– օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման բաղադրիչը։
📎 Ծրագիրն իրականացվելու է 3 փուլով․
1-ին փուլում կընդգրկվեն՝ 3+ անչափահասով ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 2 անչափահասով ընտանիքները և զոհվածի կամ այլ խոցելի ընտանիքը, գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, ընտանիքները, ցանկացած այլ կազմի ընտանիք, որոնք կհամարվեն վարկունակ և աջակցության առնվազն 50% լրացուցիչ վարկ կստանան բանկից։ Ծրագրի առաջին փուլի շրջանակում շահառուների դիմում-հայտարարությունների ընդունման գործընթացը ծրագրի իրականացման կարգի հաստատումից հետո։
2-րդ փուլում կընդգրկվեն՝ 2 անչափահասով ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 1 անչափահասով ընտանիքները։ Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը՝ ոչ ուշ, քան 01.01.2026թ.։
3-րդ փուլում կընդգրկվեն՝ ցանկացած կազմով ընտանիքները։ Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը՝ ոչ ուշ, քան 01.01.2027թ.։
ՀՀ առանձին բնակավայրերի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.mlsa.am/blockpage/137

Փարիզը Բաքվին մեղադրել է Նոր Կալեդոնիայում միջամտության մեջ

DW

Նոր Կալեդոնիայի ֆրանսիական անդրծովյան տիրապետության տարածքում համատարած անկարգությունների ֆոնին Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը մեղադրել է Ադրբեջանին միջամտության մեջ: Անջատողականներից մի քանիսը համաձայնագիր են կնքել Ադրբեջանի հետ, հինգշաբթի օրը՝ մայիսի 16-ին, France 2 ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Դարմանինը։

Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ Փարիզը խիստ զայրացած է, որ Ադրբեջանը մեկ տարի առաջ իր հիմնած Բաքվի նախաձեռնող խմբի օգնությամբ դատապարտում է «ֆրանսիական գաղութատիրությունը» և աջակցություն ցուցաբերում Նոր Կալեդոնիայի անկախության կողմնակիցներին։

Նոր Կալեդոնիայում ցուցարարները ծածանում են ադրբեջանական դրոշները և կրում Բաքվի նախաձեռնող խմբի տարբերանշանով շապիկներ։ Վերջերս կալեդոնացի քաղաքական գործիչներից մեկը հրավիրվել է Բաքու և ուղևորությունից հետո հայտարարել է, որ Ադրբեջանն աջակցում է Նոր Կալեդոնիայի անկախության ձգտումներին, հաղորդում են France Info ռադիոկայանը և L’Express ամսագիրը։

Ստեփանակերտի “տիյերի” եկեղեցին միակ տեղն էր մնացել, որտեղ լուծվում էին բոլոր խնդիրները

Վերջին օրերին Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցին, կամ ինչպես տեղացիներն էին անվանում` տիյերի (վերեւի) եկեղեցին միակ տեղն էր մնացել, որտեղ լուծվում էին իմ բոլոր խնդիրները:

Այն միակ տեղն էր, որտեղ ես կարող էի սուրճ գտնել, անձրեւից պաշտպանվել, մաճառ դարձած խաղող գնել 1.800 դրամով հարակից խանութից եւ որ ամենակարեւորն էր` հեռախոս լիցքավորել: Հոսանքի գրաֆիկը վերջապես յուրացրել էի. չորս ժամ բակում սպասում էի, մինչեւ Սարսանգից եկեղեցի հասներ էլեկտրական հոսանքը:

Իմ ընկերներից մեկն ասում էր, որ ամենաանվտանգ թաղամսում է ապրում, քանի որ եկեղեցին, КГБ-ն ու ЦОР-ը իրենց տան մոտ են: Տալոնով հացի հերթն այդպես էլ ինձ չհասավ եւ պետք է ասել, որ սուրճը լավ այլընտրանք է քաղցը մոռանալու համար: Այսպես առավոտյան արթնանում եւ ուղիղ հանրապետական հիվանդանոց կամ եկեղեցի էի գնում` ապարատից կոֆե վերցնելու համար: Այսպես մի առավոտ հիվանդանոցի սրճի ապարատն էլ մերժեց եւ պարզ դարձավ, որ ամեն օր է մերժելու այլեւս: Սուրճն էլ էր վերջացել: Գնացի եկեղեցու մոտ գտնվող «սրճարան»: Ապարատի մոտ  КГБ-ի տղաները պլաստիկ բաժակներում սուրճ բռնած, շրջանով մեկ ծխախոտ են ծխում. «մեզ էս օրը գցողին…», – ծիծաղում են իրենք իրենց վրա: Ապա սրճով մի բաժակ էլ ինձ մեկնեց նրանցից մեկը.

— Վերցրու…
— Չէ, խմեք…
— Վերցրու, վերցրու…
Հետո ինձ ասացին, որ եթե վաղն էլ գամ, եւ իրենք այնտեղ չլինեն, պետք է սրճի ապարատի հետեւից հոսանքը միացնեմ (եթե լինի), որպեսզի սարքն աշխատի: Լարն անջատում եւ քողարկում էին հետեւը, խնայում սուրճը: Այսպես ամեն առավոտ գալիս էի հոսանքը հետեւից միացնում, սուրճ (սուրճ ասած ինչ-որ սեւ հեղուկ էր առանց շաքար), կոպեկը գցում, իսկ նա ինձ իտալերեն ասում էր, որ կարող եմ վերցնել բաժակը, ես էլ հետեւում էի եւ ապարատի եւ КГБ-ի կարգադրություններին, վերցնում սուրճը, լարն անջատում եւ նորից թաքցնում ապարատի հետեւում եւ քայլում դեպի եկեղեցի:

Շաբաթվա օրերին գրեթե միշտ դատարկ էր լինում եկեղեցին եւ ես ինձ շատ լավ էի զգում այդ դատարկության մեջ: Հետո Նվեր սարկավագն հապճեպ քայլերով գալիս էր, ձգում երկաթալարերն ու ուղիղ ժամը իննին դատարկ քաղաով մեկ ղողանջում էին զանգերը:

Հիշում եմ, թե որքան մեծ էին այդ զանգերն իմ աչքի համար, երբ խորանի դիմաց դրած էին եւ Պարգեւ Սրբազանը խաչով կանգնած էր դրանց մոտ: Հիշում եմ նաեւ ինչպես էր Արկադի Ղուկասյանը հիմնաքար դնում շինության հիմքում: Այդպես երկար տարիներ կիսակառույց մնաց, մինչեւ բարերարներ գտնվեցին շինությունն ավարտելու համար:

Քանդակագործ Ռոբերտ Ասկարյանը երկար պատմում էր տաճարի դռների մասին, բացատրում, ինչ փայտից է, նախկինում ինչպես էին փայտը մշակում, քանի խաչ, քանի հրեշտակ պետք է լինի, երբ մեկն իր բարեւով ընդհատեց մեզ:

— Գիտե՞ս ով է այս տղան, — հարցնում է Ռոբերտը:
— Ո՞վ, – հարցնում եմ ես:
— Վիրավոր տեղով այս տղան է հղկաթղթել ամբողջ տաճարի քարերը, — ասում է Ռոբերտը:

Իջնենք պադվալ, կրակում են: 44-օրյա պատերազմի ժամանակ արտասահմանից լրագրողների հետ իջել ենք տաճարի նկուղ (ներեցեք, եթե հատուկ անուն ունի, որը ես չգիտեմ): Տարեց մարդիկ, երեխաներ պառկած են եկեղեցական նստարաններին: Ում շենքում նկուղ չկա, եկել են այստեղ: Նույնն էր նաեւ 2023-ին (ի՞նչ դժվար էր հավատալ. մարդիկ չէին կարողանում գնալ Կրկժան ու Զորգե` իրենց տներ, այդքա՞ն մոտ են արդեն):

Բլոկադայի օրերին մի տեսակ փոխվել էր եկեղեցին: Ոչ թե պատերը, այլ հենց եկեղեցին: Մարդիկ շատ կարեկից ու մտերիմ էին դարձել: Ժամերգությունից հետո խունկը կանգնում էր օդում, հավատացյալները մոտենում էին քահանային, զրուցում, հարցնում, թե արդյո՞ք վաղը նույն ժամին է լինելու ծեսը եւ այլն…

«Էսօր ի՞նչ եք կերել», – իր կատակով քահանան փորձում էր հուսադրել մարդկանց:

Այդ օրերի հարսանիքներն էլ եք հիշում երեւի…

Իմ վերջին հիշողությունը տաճարից Վիկտոր Հյուգոյի նովելի մոտիվներով Les Misérables ֆիլմի դիտումն էր (նկուղում):

Հիմա ինչ-որ մեկն որոշել է քանդել Արցախի բոլոր «անօրեն» շինությունները (Բերձոր):

«Քանդեցե՛ք այդ տաճարը, և երեք օրվա ընթացքում կվերականգնեմ այն»:

Մարութ Վանյան

1976 թ․ քարտեզներով կամուրջը Հայաստանի վերահսկողության տակ պետք է մնա, «հիմա հայտարարում է, որ մոստը տվել է Ադրբեջանին»

Կիրանց գյուղի բնակիչները զայրացած են այն լուրից, որ այսպես կոչված սահմանազատման գործընթացի վերաբերյալ արձանագրություն է ստորագրվել։ Այսօր գյուղացիները հավաքվել են գյուղամեջում՝ իրենց դժգոհությունը հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Իսկ ծնողները ակցիա են արել՝ խմբով գնալով դպրոց եւ հայտարարելով, որ իրենց երեխաներին հանում են դպրոցից, որպեսզի գյուից տեղափոխեն ու ապահովեն նրանց անվտանգությունը։

Այնուհետեւ գյուղացիները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ պահանջելով հանդիպում Մարդու իրավունքների պաշտպանի եւ Տավուշի մարզպետի հետ։

«ժամանակ ձգեցին ու իրենց սեւ գործն արեցին, այն էլ լրիվ թաքուն։ Ոչ մեկ ոչ մի բանից տեղյակ չի եղել, երեկ մեր փոխվարչապետ կոչեցյալը եկավ Ղազախի արանքում թաքուն ստորագրեց, իրիկունն էլ վարչապետ կոչեցյալը ստորագրեց ու հողերը լրիվ տվեց։ Իրենց փոխհատուցումը մեզ պետք չէ, մենք այստեղ մեր ապրելն ենք ուզում, մենք ունենք մեր տունը, մեր հողը, մեր սրբությունը։ Էդ փոխհատուցումը, որ տալու եք ժողովրդին, գնացեք ռեստորաններում կարող է մի երկու բան պակասել է, էդ էլ կերեք։ Ոչ մի սահմանազատում էլ չկա, սահմանազատումը լինում է երկկողմանի, սկզբում խաղաղություն են կնքում, հետո երկկողմանի սահմանազատում անում»,- ասաց գյուղացիներից մեկը։

Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը եւս միացավ գյուղացիներին։ «Ես սաղիդ հետ կանգնած եմ, ես ուզում եմ իմ հրաժարականը տամ, ինչ եք ուզում, ասեք, տա՞մ այդ հրաժարականը»,- ասաց գյուղապետը։ Գյուղացիները հայտարարեցին, որ գյուղապետի հրաժարականը չպետք է լինի։

Կամո Շահինյանը նաեւ ասաց, որ կառավարությունից առաջարկում են հանդիպել կիրանցիների հետ․ «Կառավարությունից մարդ է գալիս Իջեւան, ասում է՝ քո ակտիվներից քանի հոգի ուզում են, թող գան հանդիպման»։ Գյուղացիներն ասացին, որ չեն գնալու հանդիպման, թող կառավարության անդամները գան Կիրանց։

Գյուղացիներն ասում են, որ եթե հղում են անում 1976 թվականի քարտեզներին, ըստ այդ քարտեզների՝ գյուղի կամուրջը Հայաստանի վերահսկողության տակ պետք է մնա, այնինչ, «հիմա հայտարարում է, որ մոստը տվել է Ադրբեջանին»։

«Սոցցանցերում տարածել են, որ իբր 25 հա հողատարածքը վերադարձրել են կիրանցեցիներին։ Այդ 25 հեկտար հողատարածքը պատկանում է մեզ, ականապատ հողատարածք է, որը մեր հսկողության տակ է, այդ ո՞նց վերադարձրին մեզ»,- ասաց գյուղացիներից մեկը։

Հունվարից արցախցիներին տրամադրվող 40+10 աջակցությունը համատարած չի լինելու այլեւս

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց, որ բնակարանային վարձակալության ծրագիրը, որտեղ 40 հազար, գումարած 10 հազար կոմունալ ծախսերի համար աջակցություն է տրամադրվում ԼՂ հայրենակիցներին, շարունակվելու է մինչև 2024 թվականի ավարտը։

Վերջինս շեշտեց՝ չկա որևէ դեպք, երբ ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում աջակցությունը կդադարի։

«ԼՂ հայրենակիցները կշարունակեն ծրագրից օգտվել նույն կերպ, ինչպես մինչև քաղաքացիություն ընդունելն է եղել։ Այդ առումով փոփոխություններ չկան։ 2025 թվականի հունվարի մեկից այդ աջակցության պայմանները որոշակիորեն կփոխվեն, ընդգծված կլինի սոցիալական թիրախավորումը, բայց դա կլինի անկախ այն հանգամանքից, թե քաղաքացիություն վերցրել են, թե ոչ»,- ասաց նա։

ՀՀ վարչապետն էլ նկատեց՝ այն մարդիկ, որոնք առաջին փուլի շահառու չեն լինի բնակարանների ծրագրերի մասով, իրենց սոցիալական խնդիրների հետ կապված Կառավարությունը ուշադրություն կցուցաբերի․ «Հույս ունենք, որ մեր հայրենակիցները աշխատանք կգտնեն Հայաստանում և արդեն սոցիալական առավել խոցելի խմբերին այդ աջակցությունը կտրամադրվի, և դա համատարած չի լինի այլևս»։

Դա ապօրինի է։ ՀՀ անունից այդպիսի պարտավորություններ կարելի է ստանձնել միայն վավերացված միջազգային պայմանագրով

«Այդ արձանագրություններն ապօրինի են, որովհետեւ ՀՀ անունից միջազգային պայմանագիր չի կարող ստորագրել մի հանձնաժողով, որն ընդամենը կառավարությանը կից խորհրդատվական կառույց է»,- կառավարության շենքի մոտ լրագրողներին ասաց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ստորագրած արձանագրությանը։ Նա հիշեցրեց, որ այս հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն։

«Եթե այդ արձանագրության մեջ ՀՀ անունից լինի ինչ-որ պարտավորություն՝ զինված ուժերը հետ քաշել, սահմանն ինչ-որ տեղով տանել, ապա նորից ուզում ենք վերահաստատել մեր դիրքորոշումը՝ դա ապօրինի է։ ՀՀ անունից այդպիսի պարտավորություններ կարելի է ստանձնել միայն պատշաճ կերպով վավերացված միջազգային պայմանագրով։ Իսկ միջազգային պայմանագիրը պետք է վավերացվի ԱԺ կողմից, նաեւ քանի որ վերաբերում է տարածքին, պետք է ընդունվի ժողովրդական հանրաքվեի միջոցով։ Իսկ այն պաշտոնատար անձինք, որոնք այդ փաստաթղթերն ստորագրում են, ուզում եմ իրենց կրկին հիշեցնել՝ դուք օրենք ու Սահմանադրություն եք խախտում, վաղ թե ուշ պատժվելու եք, կանգնելու եք դատարանի առաջ»,- ասաց Չալաբյանը։

Նա ասաց, որ խորհրդարանական ընդդիմությունն անում է հետեւյալ առաջարկը՝ այդ արձանագրությունը պետք է շատ արագ կարգով բողոքարկել Սահմանադրական դատարան։ «Մեր խորհրդարանական ընդդիմությունը պետք է օգտվի իր իրավասությունից, դիմի ՍԴ, որպեսզի այդ արձանագրությունների սահմանադրականությունը կամ իրականում հակասահմանադրականությունն ապացուցվի ՍԴ-ում»,- հավելեց նա։

 

Կառավարությունը հաստատեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը

Կառավարությունը հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Ներկայացնելով նախագիծը՝ նախարարը նշեց, որ ծրագիրն ունի երեք բաղադրիչ։

«Առաջինը՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերումն է հավաստագրի տրամադրման միջոցով, երկրորդը՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրումը և երրորդ՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն»,- ասաց Մկրտչյանը։

Նախարարի խոսքով՝ հավաստագրերն ունեն տարբեր արժեքներ ընտանիքի մեկ անդամի հաշվով և տարբեր բնակավայրերում։

«Առաջինը՝ 5 միլիոն դրամ 242 քաղաքային և գյուղական բնակավայրերում իրացնելու դեպքում է տրամադրվելու, երկրորդը՝ 4 միլիոն դրամ 148 քաղաքային և գյուղական բնակավայրերում իրացնելու դեպքում, 3 միլիոն դրամ մնացած բնակավայրերում, բացի Երևանի առաջին և երկրորդ գոտիներից։ Եվ 2 միլիոն դրամ կտրվի այն քաղաքացիներին, ովքեր արդեն ունեն հիփոթեքային վարկ, կրկին բացառությամբ Երևանի առաջին և երկրորդ գոտում գտնվող գույքից»,- նշեց Մկրտչյանը։

Նախարարը նաև ներկայացրեց ծրագրի հիմնական պայմանները և թե ովքեր կարող են դառնալ ծրագրի շահառու։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքը համարվում է շահառու, եթե ընտանիքի բոլորդ անդամները, այդ թվում՝ անչափահասները ունեն կամ ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։

Ձեռք բերվող տան մակերեսը չպետք է լինի պակաս 12 քմ-ից ընտանիքի մեկ անդամի հաշվով, ձեռք բերվող տան արժեքը չի կարող գերազանցել 55 միլիոն դրամը»,- նշեց Մկրտչյանը։

«Սա սահմանազատման եւ սահմանագծման հետ որեւէ աղերս չունի, սա միակողմանի պահանջ է»

Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը բողոքի ակցիա է անում կառավարության շենքի մոտ։ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների երեկ ստորագրած արձանագրությանը։

«Սա սահմանազատման եւ սահմանագծման հետ որեւէ աղերս չունի, սա միակողմանի պահանջ է, եւ այդ միակողմանի պահանջը բավարարվել է։ Հայկական 31 բնակավայրերի հարց կա, որոնք ադրբեջանական վերահսկողության տակ են, դուք կարդացե՞լ եք Ադրբեջանն ինչ է ասել, իրենց փոխվարչապետ Շահին Մուսթաֆաեւի գրասենյակի պատասխանն այն է, որ մոռացեք այդ 31 բնակավայրերի մասին, մենք ասել ենք՝ այս պահանջը բավարարեք։ Այսինքն՝ եւս մեկ անգամ ՀՀ տարածքներից եւս մեկ կտոր զիջվում է ապօրինի սահմանազատման-սահմանագծման անվան տակ, եւ որեւէ երաշխիք չկա, որ դրանից հետո անվտանգությունը կապահովվի։ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ 7 օր անվտանգ եք լինելու, 8-րդ օրը կարող է պատերազմ լինի։ Մի քանի օր առաջ էլ Ադրբեջանից հայտարարություն եղավ, որ եթե հանկարծ ձեր ուժերը չբավարարեն՝ ճնշելու ժողովրդի ընդվզումը, մենք ձեզ կօգնենք, որ այդ դժվար վիճակից դուրս գաք։ Սա խայտառակություն է, թե՞ ոչ, սա որեւէ հայ մարդու պատի՞վ է բերում»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

Նա նշեց, որ ըստ այս գործընթացի՝ Կիրանցի կամուրջը, որոշ տներ հանձնվելու են Ադրբեջանին, գյուղը դպրոցի մոտից կիսվելու է երկու մասի։ «Սա սահմանազատում-սահմանագծո՞ւմ է, ՔՊ-ն առանց հասկանալու խոսում է, իրենք Հայաստանի ոչ մի տարածք էլ հայկական չեն համարում, ասում են՝ մեր ադրբեջանցի զինվորները։ Հիմա իրենց ադրբեջանցի զինվորները կկանգնեն Կիրանց գյուղի կենտրոնում, եւ կասեն՝ շատ լավ սահմանազատում-սահմանագծում է»։ Հարցին, թե որքա՞ն գույք է անցնում ադրբեջանական վերահսկողությանը, Գառնիկ Դանիելյանը պատասխանեց․ «50 կադաստրի վկայական այս պահին ինձ մոտ կա, դրանք եւ տներ են, եւ այգիներ են, եւ ֆերմաներ են, եւ առեւտրի կետեր են։ Դա միայն Կիրանց գյուղում»։

Անդրադառնալով իշխանության տարածած այն տեղեկատվությանը, թե Կիրանցից երկու գյուղ է անցնելու Ադրբեջանին, փոխարենը ադրբեջանական տասնյակ տներ անցնելու են Հայաստանի վերահսկողության տակ, պատգամավորն ասաց․ «Սուտ են ասում, չեն էլ ամաչում։ Այսինքն՝ ադրբեջանական ի՞նչ տներ են անցնելու մեզ, ախր այդ գյուղերը մինչեւ այս պահը մեր վերահսկողության տակ են եղել։ Ինչի՞ մասին է խոսքը, սա ցնորամատություն է։ Մարդը 4 գյուղ իրա հողերով տալիս է, դա ներկայացնում է որպես հաջողություն։ Ադրբեջանը մեզ հող չի տալիս, ասում է՝ ձեզ տալու ոչ մի բան չկա»։

Ըստ Գառնիկ Դանիելյանի՝ Կիրանցի բնակիչներն այսօր զանգել են իրեն ու ասել, որ այրելու են իրենց տները․ «Կիրանց գյուղ չի լինելու փաստորեն։ Ոչ թե մենակ Կիրանց գյուղը չի լինելու, ես ուզում եմ այս ժողովրդը հասկանա՝ նաեւ հարակից գյուղերի հարցն է, արտագաղթ է սկսելու, այդ տարածքներում մարդ չի մնալու, այդ գյուղերի հատվածը դատարկվելու է, ադրբեջանցիներ են գալու բնակեցվեն։ Դա ՀՀ դարպասն ու բանալին է, մենք հիմա  դարպասն ու բանալին հանձնել ենք թշնամուն»։

Ըստ պատգամավորի՝ պետք ճնշել, որ այս իշխանությունը հրաժարական տա, պետք է ազգովի ոտքի կանգնել։ Հաջորդիվ դարձյալ 4 գյուղի պահանջ է ներկայացվելու Հայաստանին, պետք է այդ գործընթացի դեմ պայքարել։ «Ադրբեջանցի փախստականների վերադարձի հարց են դնելու, ռեպարացիաների հարց են դնելու։ Բաղանիս գյուղում 1990-ականների ազատամարտին մասնակցած մարդիկ հիմա հետախուզվում են Ադրբեջանի կողմից։ Ինքը այդ պահանջները չի ներկայացնելո՞ւ, պահանջ է դնելու ՀՀ իշխանությունների առաջ, ասելու է՝ այն մարդիկ, որոնք մասնակցել են 1990-ականների ազատամարտին, այդ մարդկանց հանձնեք, թե չէ պատերազմ ենք անելու։ Գալու են ասեն՝ կներեք, չենք կարա ձեզ չհանձնենք, ձեզ որ չհանձնենք, պատերազմ է լինելու։ Սահմանադրություն, Անկախության հռչակագիր, այդ պահանջները օդից չեն։ Խաղաղության անվան տակ այդ փաստաթուղթը, որ կա, խայտառակություն է, դա նորից հերթական աղետն է այս ժողովրդի համար»։

Էրդողանը որոշել է պաշտպանել հայկական Անատոլիան Իսրայելից

Էրդողանն ասել է, որ եթե Իսրայելը չկանգնեցվի Գազայի հատվածում, ապա նա վաղ թե ուշ թիրախավորելու է Անատոլիան կամ Թուրքիայի ասիական հատվածը։

Այս մասին Թուրքիայի ղեկավարը հայտարարել է խորհրդարանում՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) խմբակցության նիստում։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը, որը, ինչպես նա ասաց, «պայքարում է ոչ միայն իր հողերի ազատության համար, այլ նաև պաշտպանում է Անատոլիայի առաջնագիծը»։

Միաժամանակ Էրդողանն ընդունել է Արդարադատության նախարարության ղեկավար Յըլմազ Թունչին և Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալինին։ Ինչպես նշում է Dunya թերթը, դա տեղի է ունեցել Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիի՝ երկրում հեղաշրջման հնարավոր նախապատրաստման մասին հայտարարությունների ֆոնին։

Նախօրեին Բահչելին հայտարարել էր, որ դավադրություն է նախապատրաստվում Հանրապետական ​​դաշինքի դեմ, որը ներառում է MHP-ն և «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ նախագահի գլխավորությամբ։

Հիշեցնենք, որ Արևելյան Անատոլիան հայկական քաղաքակրթության հայրենիքն է։ 1878 թվականին Արեւելյան Անատոլիայի 2 միլիոն բնակիչներից 1,3 միլիոնը հայեր էին։

Իսրայելը ձեռք ձեռքի տված Ռուսաստանի, Թուրքիայի և նրանց ապօրինի որդի Ադրբեջանի հետ 2020-23 թթ. արդեն տիրացել է հայկական հողերին Արցախում՝ ստեղծելով հակահայկական և հակաիրանական հզոր պլացդարմ։

ՎԶԵԲ-ը և ԱՄՆ ՄԶԳ-ն Հարավային Կովկասի երկրների տարանցիկ ուղիների բարելավմանն ուղղված հուշագիր են ստորագրել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման վերաբերյալ, որը նաև հայտնի է որպես «Միջին միջանցք»՝ Հարավային Կովկասի միջոցով Ասիայի և Եվրոպայի միջև կապի հետագա բարելավման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի լրատվական ծառայությունը:

Նշվում է, որ գործընկերությունը կկենտրոնանա առևտրի ընդլայնման, կանաչ էներգետիկայի, արդյունաբերության նոր ճյուղերում ներդրումների, ինչպես նաև տրանսպորտային և թվային ենթակառուցվածքների վրա Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում:

««Միջին միջանցք»-ի ամրապնդումը կստեղծի նոր, տնտեսությունը վերափոխող հնարավորություններ ամբողջ տարածաշրջանում և այլընտրանքային տրանսպորտային ուղի կապահովի առկա առևտրային միջանցքներին:

Փոխըմբռնման հուշագիրն ուղղված է տարածաշրջանում էներգետիկ, տրանսպորտային, թվային և գյուղատնտեսական ենթակառուցվածքների կարևորագույն օբյեկտների պլանավորման, նախագծման և կառուցման կատարելագործմանը: Այն նաև ուղղված է մաքսային, սակագնային եւ սահմանային գործողությունների արդյունավետության բարձրացմանը, Միջին միջանցքի զարգացման համար Հարավային Կովկասի երկրների տնտեսություններում մասնավոր ներդրումների ներգրավմանը, Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրների միջև տնտեսական փոխգործակցության խթանման համար միջազգային ամենաբարձր չափանիշների ներդրմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Համագործակցության մյուս առաջնահերթությունները կենտրոնացած են ածխածնի ազատ էներգիայի օգտագործման հնարավորությունների մեջ ներդրումների ընդլայնման և կոռուպցիայի դեմ պայքարի և քաղաքացիական հասարակության հետ փոխգործակցության ընդլայնման քաղաքականության և կառավարման բարեփոխումների խթանման վրա:

Փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է ՎԶԵԲ-ի բանկային հարցերով փոխնախագահ Մատեո Պատրոնեի և ԱՄՆ ՄԶԳ Եվրոպական և Եվրասիական բյուրոյի ադմինիստրատորի օգնական Էրին Էլիզաբեթ Մակքիի կողմից՝ Հայաստանում անցկացվող ՎԶԵԲ-ի ամենամյա հանդիպման և գործարար համաժողովի շրջանակներում:

ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը կրկին մոլորեցնում է

russia-artsakh.ru

Մայիսի 14-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հարցազրույց է տվել NEWS.ru պորտալին։ Դրանում նա, ինչպես միշտ, մոլորեցնում է ռուս հանրությանը Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների հետ կապված։ Մասնավորապես, Բաքվի նացիստական ​​ռեժիմի կողմից ՌԴ ղեկավարության և, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ի լիակատար անգործությամբ Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումների վերաբերյալ պարոն Գալուզինը ասաց հետևյալը.

«Ինչպես գիտեք, 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած բախումների արդյունքում Ղարաբաղը (Զախարովա-Գալուզին-Լավրովը ավանդաբար բաց են թողնում «Լեռնային» բառը՝ համաձայն Բաքվի և Անկարայի հրահանգների) անցել է Բաքվի վերահսկողության տակ։ Ռուսական ջանքերի շնորհիվ, այդ թվում՝ մեր վեց խաղաղապահների կյանքի գնով, հաջողվեց խուսափել քաղաքացիական բնակչության զգալի զոհերից։ ՌԽԶ-ի ակտիվ միջնորդությամբ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, բառացիորեն մեկ օրվա ընթացքում, պայմանավորվածություն ձեռք բերվեց դադարեցնել ռազմական գործողությունները, և բանակցություններ սկսվեցին Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների միջև։ Մեր խաղաղապահները ապաստան են տրամադրել խաղաղ բնակչությանը, հումանիտար օգնություն են հասցրել և կազմակերպել բժշկական տարհանումներ»։

Այս առնչությամբ հիշենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին հրադադարը Լեռնային Ղարաբաղում խախտվել է ամենուր, և դա պաշտոնապես արձանագրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Բաքվի ռեժիմի ագրեսիայի և դրան հաջորդած Արցախի հայ բնակչության էթնիկ զտումների հետևանքով զոհվեց մոտ հինգ հարյուր մարդ։ Նրանց կեսից ավելին խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ ադրբեջանցիների կողմից գյուղերում սպանված քաղաքացիներ (այդ թվում՝ երեխաներ), ինչպես նաև Ստեփանակերտի մոտ վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածները, որի պատճառները դեռ պարզված չէ (https://news.am/rus/news/799000.html):

Վնասներ են հասցվել Լեռնային Ղարաբաղի ենթակառուցվածքներին և քաղաքացիական օբյեկտներին, ավերվել և հրթիռակոծվել են բնակելի շենքեր և այլ օբյեկտներ։ Ադրբեջանցիները միտումնավոր ոչնչացրել են էլեկտրահաղորդման գծեր, որպեսզի հոսանքազրկեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքներն ու գյուղերը՝ դրանով իսկ անտանելի պայմաններ ստեղծելով խաղաղ բնակչության համար։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և նրա ենթակայության ՌԽԶ-ն չեն կանխել կամ կասեցրել ո՛չ Բաքվի ռեժիմի հարձակումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա, ո՛չ էլ արցախահայության էթնիկ զտումները։ Այսինքն՝ չեն կանխել այդ նույն «Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության զանգվածային մահերը և քաղաքացիական օբյեկտներին զգալի վնաս պատճառելը», ինչը կանխելու համար ՌԽԶ-ն ներմուծվեց Լեռնային Ղարաբաղ, և որը նշվեց է Դաշնային խորհուրդին 2020 թվականի նոյեմբերին նախագահ Վ.Պուտինի ուղերձում։

Այնուհետև պարոն Գալուզինը ևս մեկ անգամ «գաղափարական հիմք» ստեղծեց՝ արդարացնելու Կրեմլի անգործությունը նացիստական ​​Ալիևի ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի 9-ամսյա բարբարոսական շրջափակման և դրան հաջորդած էթնիկ զտումների ժամանակ՝ 2023 թվականի սեպտեմբերին։

«Հարկ է նշել, որ սեպտեմբերյան հիշյալ իրադարձությունները «անտեղից» չեն եղել։ Հայաստանի իշխանությունները 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո անցկացված գագաթնաժողովում ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղարաբաղը դրա կազմում։ Միաժամանակ Երեւանը մեզ չի տեղեկացրել։ Այն ժամանակ շրջանի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման հարց չի քննարկվել։ Իհարկե, Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի ղեկավարության այս որոշումը արմատապես փոխեց այն հիմնարար պայմանները, որոնցում ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և ուղղակիորեն ազդեց ԼՂՀ գործունեության վրա» (https://mid.ru/ru/foreign_policy): /լուր /1950663/):

Այս բոլորովին կեղծ թեզն ընկած է ՌԴ ԱԳՆ դիրքորոշման հիմքում՝ հիմնավորելու Կրեմլի անգործությունը Լեռնային Ղարաբաղում շրջափակման և էթնիկ զտումների հարցում և բազմիցս հնչեցվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչների կողմից։

Ընդամենը երեք շաբաթ առաջ՝ ապրիլի 25-ին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի «հայկական մամուլում տարածված այն թեզը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իբր Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս դեռ 2020 թվականին», հայտարարել է «հիմարը ինքդ ես» ոճով. «Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղարաբաղը որպես դրա մաս, 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո կայացած գագաթնաժողովում» (https. //news.am/rus/news/819881.html):

Ընդ որում, ո՛չ Զախարովան, ո՛չ Գալուզինը, ո՛չ անձամբ նախարար Լավրովը տրամաբանական հարցին պատասխան չեն տվել. ինչու՞ պետք է Հայաստանի վարչապետի կողմից նախկին Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչումը կամ չճանաչումը «արդարացում» լինի  Պաշտպանության նախարարությանը, արտաքին գործերի նախարարությանը և Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը Ալիևի նացիստական ​​ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի բարբարոսական շրջափակման և էթնիկ զտումների մեջ չմիջամտելու համար։

Ի վերջո, ինքը՝ Վ.Վ.Պուտինը, 2020 թվականի նոյեմբերի 22-ին «Մոսկվա. Կրեմլ. Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում (https://www.vesti.ru/article/2488891) ասել է. «Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Սա նշանակում էր, որ միջազգային իրավունքի տեսանկյունից և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ հարակից բոլոր տարածքները եղել և մնում են Ադրբեջանի Հանրապետության տարածքի անբաժանելի մասը»։

Մի՞թե Վ.Վ.Պուտինի այս խոսքերը չեն նշանակում, որ նույնիսկ այն ժամանակ «հակամարտությունը սպառված էր»։ Ինչո՞ւ այդ դեպքում Պուտինն առաջարկեց 2020 թվականին ռուս խաղաղապահներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ։

2023 թվականի հուլիսի 15-ին ՌԴ ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որում անշնորհքաբար փորձեց խուսափել պատասխանատվությունից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի համար. «Այս պայմաններում չի կարելի Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի համար պատասխանատվությունը տեղափոխել երրորդ երկրների վրա։ Մենք պետք է անհապաղ սկսենք խաղաղության պայմանագրի նախապատրաստումը Բաքվի և Երևանի միջև՝ հիմնվելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ Մենք ելնում ենք նրանից, որ Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները պետք է դառնան այս պայմանագրի անբաժանելի մասը…» (https://news.am/rus/news/770705.html)

Որտե՞ղ են հիմա Լեռնային Ղարաբաղը և նրա ժողովուրդը։ Իսկ որտե՞ղ են Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից հռչակված Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքները։

Այս կապակցությամբ արդարացի է հիշել քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովի խոսքերը, ով 2022 թվականի դեկտեմբերին հեռացվել էր ՌԴ ԱԳՆ համալսարանից՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ալիևի ռեժիմի ցեղասպանական քաղաքականությունը քննադատելու համար և ով այժմ հետապնդվում է Ռուսաստանում նացիստական ​​Ալիևի ռեժիմի կողմից (տե՛ս «Բաքվի բռնապետի հրամանով ապօրինի կալանավորումը», http://russia-artsakh.ru/node/18565):

«Համաձայն այս հայտարարության (2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը – մեր նշումը) Լեռնային Ղարաբաղի տարածքի վերահսկողությունն անցել է ռուսական խաղաղապահ զորախմբին, որը պետք է ապահովեր այս տարածքում հայ բնակչության անվտանգությունը։ Սակայն, երբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սկսվեց ադրբեջանական հերթական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ, ռուսական խաղաղապահ զորախումբը չկատարեց իր խնդիրը, հետ չմղեց Ադրբեջանի ագրեսիան և չպաշտպանեց բնակչությանը։ Լեռնային Ղարաբաղում տեղի է ունեցել հայ բնակչության էթնիկ զտում։ Սակայն ոչ միայն հայկական, այլեւ ռուսական համայնքի մոտ հինգ հազար անդամ հայերի հետ ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը։ Այսպիսով, ոչ թե Փաշինյանը հանձնեց Լեռնային Ղարաբաղը, այլ Ռուսաստանի ղեկավարությունը, որը իրական միջոցներ չձեռնարկեց ադրբեջանական ագրեսիան հետ մղելու համար, ինչպես դա արվեց 2008 թվականին Հարավային Օսիայի վրա վրացական հարձակման ժամանակ» (http://russia-artsakh.ru): /index.php/node /16964):

Ի վերջո, պարոն Գալուզինը մայիսի 14-ի իր հարցազրույցում կրկին և շատ անշնորհքաբար փորձեց առաջ մղել «Զանգեզուրի միջանցքի» պանթուրանական գաղափարը, որը քողարկված էր նույն պարոն Գալուզինի հորինած «Մեղրու երթուղի» եզրույթով։

«Բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման օգտին։ Հենց դա է անում 2021 թվականին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների որոշմամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը՝ երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ»,- ասաց նա։ Գալուզինը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ արևմտյան երկրների ճնշման ներքո Երևանը որոշել է սառեցնել եռակողմ համագործակցությունը նաև այս ուղղությամբ։

Մոսկվան անհրաժեշտ է համարում «որքան հնարավոր է շուտ վերսկսել խմբի լիարժեք աշխատանքը՝ ոչ միայն Հարավային Կովկասի տրանսպորտային և կապի համակարգը ապաշրջափակելու, այլև տարածաշրջանում կայուն խաղաղություն և բարգավաճում հաստատելու համար»։ (https://news.am/rus/news/823346.html)

Սակայն Գալուզինը, Զախարովան և նրանց նմաններն անխոնջ կրկնում են միայն խորհրդային տարիներին հայաթափված Նախիջևանի և 2020-2023 թվականներին Ալիեւի նացիստական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղում օկուպացված հողերի կապի մասին։ Ճիշտ համահունչ Էրդողան-Ալիև տանդեմի հետ։

Այս մասին մենք նույնպես բազմիցս գրել ենք բազմաթիվ մեջբերումներով։

Բայց Հայաստանի ղեկավարությունը խոսում է տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացման մասին, ինչը չի ընդունում Բաքվի նացիստական ​​ռեժիմը։

Հետաքրքիր է, կարո՞ղ է պարոն Գալուզինը գոնե մեկ մեջբերում անել տխրահռչակ Արևմուտքից, որը կոչ է անում դեմ լինել «Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակմանը»:

Իհարկե չի կարող։

Նա կարող է միայն մոլորության մեջ գցել ռուս հանրությանը` խեղաթյուրելով Լեռնային Ղարաբաղի վերջին ողբերգական իրադարձությունները՝ շրջափակումն ու էթնիկ զտումները, որոնք ամեն կերպ լռության մատնվեցին և փաստացի արդարացվեցին ՌԴ ԱԳՆ-ի կողմից (տես «ՌԴ ԱԳՆ-ն հերքում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների անփոփոխ փաստը», 01.15.24, http://russia-artsakh.ru/node/17600; «Միխայիլ Գալուզինը ուժեղ է մաթեմատիկայում», 10.02, http://russia-artsakh.ru/node/17840 և այլն)

Իսկ «Մեղրու երթուղու» քարոզչությունը հակահայկական, հակաիրանական և, իհարկե, հակառուսական «Զանգեզուրի միջանցքի» թզենու տերեւն է, որն այդքան բաղձալի է Էրդողան-Ալիև տանդեմին։

Ալեքսանդր ԱՆԴՐԵԱՍՅԱՆ