Անվճար իրավաբանական օգնություն մարզաբնակ արցախցիներին

Նախաձեռնությունը պատկանում է «Հարմոնիա» ՀԿ-ին։ Արդեն մի քանի համայնքներում՝ Աշտարակում, Գառնիում, տեղի են ունեցել միջոցառումներ։ Առաջիկայում կազմակերպության իրավաբաններն ու անձնակազմը հանդիպումներ կանցկացնեն Փարաքար և Մասիս համայնքներում։

Կազմակերպության ղեկավար Ջուլիետա Առուստամյանի խոսքով, տեղ-տեղ շատ արցախցիներ են գալիս՝ 30-ից ավելի, իսկ որոշ տեղերում՝ տեղեկատվության պակասի պատճառով՝ 10-ից պակաս։

«Ցավոք, տեղում պետք է լինեն մարդիկ, ովքեր նախապես կբացատրեն մեր նախաձեռնության էությունն ու անհրաժեշտությունը։ Բայց մարդիկ շատ խնդիրներ ունեն, որոնք չգիտեն ինչպես լուծել։ Սա ներառում է բնակության վայրի հետ կապված փաստաթղթեր, ֆինանսական աջակցություն ստանալու հետ կապված խնդիրներ, վարկային պատմություն, աշխատանքային ստաժ և այլն»:

Առուստամյանը նաև ընդգծեց լեզվական խոչընդոտի գործոնը. «Շատ արցախցիներ կառավարության որոշումներում լավ չեն հասկանում պաշտոնական հայերենը, երբեմն պետք է բացատրել Ղարաբաղի բարբառով»։

Անվճար իրավաբանական օգնությունը ներառում է.

1. Արցախից բռնի տեղահանվածների խնդիրների փաստաթղթավորում

2. Արցախից բռնի տեղահանված և առանձնապես խոցելի (սոցիալապես անապահով, գործազուրկ, հաշմանդամ, ուսանող, կանայք և այլն) կատեգորիային ընդգրկված անձանց իրավաբանական օգնություն պետական ​​մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ խնդիրների լուծման համար

3.Արցախահայության իրավունքների պաշտպանություն և շահերի ներկայացում Հայաստանի Հանրապետության պետական ​​մարմիններում

Իրավաբանական օգնություն ստանալու համար արցախցիները կարող են զանգահարել +374 10 540199 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]։

Երևանում մեկնարկել են խաղաղ անհանզանդության ակցիաներ. կան փակ ճանապարհներ

Բագրատ Սրբազանի կոչով Երևանում և  մարզերում այսօր մեկնարկել են խաղաղ անհանզանդության ակցիաներ: Քաղաքացիները ժամը 11-ից փակել են Հաղթանակի կամուրջը: Զուգահեռ փակ է նաև Թբիլիսյան խճուղին՝ «Երազ» այգու խաչմերուկում, «Սասունցի Դավիթ» կայարանի դիմացի հատվածը, Նոր Նորքում` Գայի արձանի դիմացի հատվածը:

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին  Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ  Հայաստանի 10 վայրերում՝ Երեւանում եւ մարզերում խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացվելու:

Եվրատեսիլի «միջադեպը» կապված է Իսրայելի հե՞տ

ВВС

Եվրատեսիլի հոլանդացի մասնակիցն անհասկանալի պատճառներով ուրբաթ երեկոյան ելույթ չի ունեցել զգեստային փորձին։ Հայտնի է, որ կազմակերպիչները հետաքննում են կուլիսներում տեղի ունեցած միջադեպը։

Միջոցառման կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) չի հստակեցրել, թե ինչ «միջադեպ» է եղել, սակայն հայտնի է, որ Ջոստ Քլայնը ներգրավված է եղել։

Քլայնի Europapa երգը համարվում է այս տարվա մրցույթի առաջատարներից մեկը։

Նախկինում ենթադրվում էր, որ Քլայնի հեռացումը Իսրայելի պատվիրակության հետ վիճաբանության արդյունք էր:

Իսրաելի մասնակցությունը Եվրատեսիլին վեճի առիթ է դարձել քաղաքացիական բնակչության շրջանում աճող զոհերի և Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակի վատթարացման ֆոնին: Մի քանի բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մալմյոյում։

Հինգշաբթի օրը կայացած Եվրատեսիլի ասուլիսում իսրաելի ներկայացուցիչ Գոլանին հարցրել են, թե արդյոք նա «երբևէ մտածե՞լ է, որ այստեղ լինելը ռիսկ և վտանգ է այլ մրցակիցների և հանրության համար»:

Երբ մոդերատորը իսրայելցի երգչուհուն ասել է, որ ինքը պարտադիր չէ հարցին պատասխանել, Քլայնը միջամտել է՝ ասելով. «Ինչո՞ւ ոչ»:

Բագրատ Սրբազանը առաջիկա անելիքների մասին

Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց առաջիկա օրերի անելիքները։

«Վաղը Հայաստանի 10 վայրերում անհնազանդության գործողություններ են իրականացվելու։ Վաղը չի լինելու հանրահավաք, ես տարբեր մասնագիտական ու փորձագիտական խմբերի հետ եմ հանդիպելու, վերածրագրելու ենք մեր առաջիկա ամբողջ անելիքները, թե կոնկրետ թիրախային ու նպատակային ինչ ենք անելու։ Մեր անելիքները պետք է լինեն շատ թիրախային ու կազմակերպված, եւ մենք կհաղթենք։ Կիրակի օրը երեկոյան՝ ժամը 18։30-ին հանդիպում ենք եւ կոնկրետ պայմանավորվում ենք, թե ինչ ենք իրականացնելու»,- ասաց նա։

Բագրատ Սրբազանը նշեց, որ ԱԺ երկու խմբակցությունները հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ անվստահություն հայտնելու Նիկոլ Փաշինյանին։ «Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրելու, մենք շարժվելու ենք մեր թելադրած օրակարգով, այդ օրակարգից դուրս չենք գալու, ինչքան էլ փորձեն շեղել»,- ասաց նա։

ԱՄՆ հասկանում է, որ Նիկոլը շարունակում է մնալ Մոսկվայի դաշտում, առ այսօր որեւէ ռեալ քայլ չի արել դեպի Արեւմուտք

Step1.am-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

Պարոն Պապյան, իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը խոսեց այն մասին, որ այսպես կոչված սահմանազատման գործընթացն իրականացվելու է խորհրդային շրջանի վերջին քարտեզներով, բայց միաժամանակ երաշխիք չի տալիս, որ պատերազմ չի լինի։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, Հայաստանի տարածքները զիջվում են թշնամուն, բայց պատերազմ լինելո՞ւ է։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին սպառնում է, որ եթե տարածքները չհանձնի, պատերազմ կլինի։

– Հիմա պատերազմի սպառնալիքը չկա, գուցե նոյեմբեր ամսից հետո իրավիճակը սրվի։ Երկրորդ, այս քաղաքականությունը, որն ինքը վարում է, պատերազմը չի չեզոքացնում։ Պարզապես սրանով մենք թուրքերի համար ստեղծում ենք ավելի նպաստավոր ռազմաքաղաքական հիմքեր՝ հաջորդ պատերազմի համար։ Ռազմականը այն է, որ դիրքերն ենք զիջում՝ ականազերծելով այդ տարածքները, իսկ քաղաքականն այն է, որ ընդունում ենք, որ այդ տարածքներն իրենցն են, այսինքն՝ իրենց տալիս ենք լեգիտիմ հենք՝ ասելու, որ «ազատագրել» են։ Եթե դու իր ուզածը տալիս ես, Ալիեւն ինչո՞ւ պետք է պատերազմ սկսի։ Բայց խնդիրն այն է, որ տալով՝ մենք չենք ապահովում անգամ սովետական Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը։ Ալիեւը երբեւէ չի հայտարարել, որ ինքը պատրաստ է վերադարձնել սովետական Հայաստանի տարածքից իր գրավածը։ Ինքը երբեք չի ասել, որ Ալմա-Աթայի կեղծ հռչակագիրն է հիմքը։ Կա միջգերատեսչական մի փաստաթուղթ, որը տվյալ հատվածի համար հիմք է ընդունվում։ Բայց մյուս վայրերի համար կարող են լինել այլ լուծումներ։ Այսինքն՝ եթե Ալիեւը հարմար չի գտնի սովետական վարչական գիծը սահման սարքել, ուրիշ մի բան կասի։ Իսկ մենք տեսնում ենք հստակ, որ Ալիեւը գնում է այլ տարբերակի։ Դրա համար մեզ պետք է Արեւմուտքի հետ հարաբերություններ զարգացնել, որը Նիկոլը չի կարող անել եւ չի էլ անի։

Այդ սյուները, որոնք տեղադրվում են Տավուշում, կախարդական փայտիկներ չեն, որ դրանցով զսպես։ Երբ նայում ենք վերջին 20 տարվա պատերազմները Բալկաններում, Միջին Արեւելքում, ի՞նչ է, կարո՞ղ է սյուներ չկային այդ երկրների միջեւ, փաստաթղթեր չկայի՞ն ստորագրված։ Կային, բայց դա չի զսպելու։ Հետո մենք պետք է հասկանանք, որ Ալիեւն իր այս նկրտումները չի խարխսում սովետական Հայաստանի տարածքի վրա։ Եթե անգամ ինքն ընդունի սովետական Հայաստանի սահմանները, ասում է, որ այդ 300 հազար ադրբեջանցիները «բռնագաղթի են ենթարկվել, պետք է վերադառնան»։ Այսինքն՝ կա վերադարձի վտանգը, իսկ հայերը հաստատ Բաքու, Սումգայիթ կամ Գանձակ չեն վերադառնա։ Մյուս հարցն այն է, որ երբ Ալիեւն ասում է՝ «բռնագաղթի ենթարկված ադրբեջանցիներ կան», ինքը խոսում է նրանց հատուցում տալու մասին։ Ավելին, ասում է՝ նրանց անվտանգությունը պետք է ապահովեք, եթե ոչ, ապա ես եմ ապահովելու։

Մյուս հարցը հետեւյալն է՝ երբ Փաշինյանը խոսում է ԽՍՀՄ վերջին քարտեզների մասին, հարց է առաջնում՝ այդ քարտեզներն ինչո՞վ են օրինական, ի՞նչ փաստաթղթի են կցված։ Եթե քարտեզը միջազգային պայմանագրին կից չլինի, ինքը պարզապես նկար է, ոչ ավելին։ Եվ այդ քարտեզին կից անպայման պետք է լինի նկարագրություն։ Ի՞նչ հիմքով են ստեղծվել այդ «անկլավները», որեւէ մեկը կբացատրի՞։ Ի՞նչ հիմքով են ստեղծվել բաժանարար գծերը, դրա հիմքը չկա։ Մեր օրենսդրությունը հստակ ասում է, որ ՀՀ պետական սահմանը որոշվում է միջպետական պայմանագրերով եւ ՀՀ օրենքով։ Այսինքն՝ նախ պետք է ստորագրվի միջպետական պայմանագիր, դա Նիկոլի ցանկություններով չէ, միջպետական պայմանագրով պետք է ֆիքսվի։ Իսկ այսօր այս ամենը չկա, գնում ու աչքաչափով սյուներ են տեղադրում։ Այս քաղաքականությունն իր հայտարարված նպատակներին չի կարող հասնել։ Նիկոլի նպատակն իր իշխանությունը մեկ օր ավելի պահելն է։

Օրերս Բաքվում ԱՄՆ դեսպանն այցելեց օկուպացված Շուշի, չնայած մինչ այդ հայտարարվել էր, որ նա հրաժարվել էր ընդունել Ադրբեջանի հրավերն ու այցելել Շուշի։ Ի՞նչ փոխվեց մի քանի օրվա ընթացքոմ, ինչի՞ հետ է կապված ԱՄՆ դեսպանի այցը, գուցե պատճառն այն է, որ Հայաստանն Ալմա-Աթայո՞ւմ է մասնակցում բանակցությունների, իսկ Փաշինյանն էլ մեկնեց Մոսկվա։

-Շատ վստահելի աղբյուներ, մարդիկ, ովքեր ներգրավված են եղել այդ գործընթացի մեջ եւ իրենք դրա մասին բացահայտ խոսել են, ասել են հետեւյալը։ Երբ 2020 թվականին Ադրբեջանը հարձակվեց ու գրավեց Արցախի 3,5 հազար քկմ-ն, հետո էլ 4,5 հազարը Նիկոլ Փաշինյանը հանձնեց, ԱՄՆ դիրքորոշումը հստակ է եղել, որ դա իր համար ընդունելի չէ։ Եվ հայկական կողմին առաջարկվել է, ձեւակերպումն այսպես է եղել՝ մենք գիտենք, որ դուք չեք ընդունելու այս փոփոխությունները, որովհետեւ դա խախտում է ողջ բանակցային գործընթացը, մենք այդ հարցով ձեզ կաջակցենք։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել ու ստորագրել է, որ ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի մաս, այդ դեպքում անտրամաբանական կլիներ կարծել, որ Հայաստանը Շուշին ճանաչում է Ադրբեջանի մաս, իսկ ԱՄՆ-ն չի՞ ճանաչում։ Բաքվում ԱՄՆ նախկին դեսպանը չէր գնում օկուպացված տարածքներ, հիմա դա իներցիայով շարունակվում է, եւ հիմա դա ուղղակի վերատեսության ենթարկվեց, այո, գուցե նաեւ այն պատճառով, որ Նիկոլից հույսը կտրեցին։

Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչում է որպես Ադրբեջան, հետեւաբար, ԱՄՆ-ն չի կարող այլ դիրքորոշում ունենալ։ Երկրորդ, այո, իրենք հասկանում են, որ Նիկոլը շարունակում է մնալ Մոսկվայի դաշտում, առ այսօր որեւէ ռեալ քայլ չի արել դեպի Արեւմուտք։

Ռոզա Հովհաննիսյան

Հետ կանչել Արարատ Միրզոյանին Ալմաթիից և հայտարարել, որ հայ ժողովուրդը նրան չի լիազորել

Արդեն երկրորդ օրն է՝ Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենում բազմահազարանոց հանրահավաք, որը լուսաբանվում է համաշխարհային բոլոր լրատվամիջոցներով և ներկայացվում որպես հայ ժողովրդի ամբողջական բողոք ընդդեմ պարտվողական քաղաքականության։

Մինչ Երևանում հանրահավաք է տեղի ունենում, Միրզոյանն ու Բայրամովը հանդիպում են Ալմաթիում և քննարկում այն, ինչին դեմ է հայ ժողովուրդը՝ պարտվողականության քաղաքականությունը, զիջումներ, որոնք հանգեցնում են հայկական պետականության փլուզմանը։

Հանրահավաքի մասնակիցները, ովքեր իրենց վրա են վերցրել աղետալի ընթացքը կասեցնելու պատասխանատվությունը, իրավասու են Արարատ Միրզոյանին հետ կանչել Ալմաթիից հետագա խորհրդակցությունների համար։ Նրանք պետք է հայտարարեն, որ այլ տեսակետ ունեն տարածաշրջանի զարգացման հեռանկարների և դրանում Հայաստանի դերի վերաբերյալ։ Որ Միրզոյանին չեն լիազորում խոսել հայ ժողովրդի անունից։

Կործանարար ընթացքը կարելի է կասեցնել միայն կատեգորիկ քայլերով։

Ռուսաստանի հարձակումը Խարկովի շրջանի վրա. չորս գյուղ է գրավված

Մայիսի 10-ին Խարկովի շրջանի վրա հարձակման ժամանակ ռուսական զորքերը չորսից հինգ հետեւակային գումարտակներով կարողացել են հատել պետական ​​սահմանը եւ գրավել չորս սահմանամերձ բնակավայր։ Խոսքը Ստրելեչե, Կրասնոե, Պիլնայա և Բորիսովկա գյուղերի մասին է։

Այս տեղեկությունը Telegram-ի իր ալիքում հայտնել է լրագրող Յուրի Բուտուսովը։ Վոլչանսկի շրջանում զավթիչների աննշան առաջխաղացում է գրանցվել։ Մնացած ուղղություններով հակառակորդի նախահարձակումը կասեցվել է, ռուսական բանակը կրել է զգալի կորուստներ։

Մայիսի 10-ի գիշերը զավթիչները ձեռնարկել են ակտիվ հարձակման՝ փորձելով ճեղքել Ուկրաինայի պաշտպանությունը Խարկովի մարզի հյուսիսում գտնվող Վոլչանսկ քաղաքի մոտ։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուսական բանակը մեծացրել է կրակային ճնշումը և փորձում է զրահատեխնիկայի և օդային կառավարվող ռումբերի միջոցով ուկրաինական զինված ուժերին դուրս բերել դիրքերից։

Ժամը 13։00-ի դրությամբ հակառակորդի բոլոր գրոհները հետ են մղվել։ Ուկրաինայի Զինված ուժերի մարտիկները պահում են գիծը, սակայն տարբեր ինտենսիվության բախումները շարունակվում են։ Ռազմաճակատի այս հատված ռեզերվներ են ուղարկվել։

Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորա»-ի մասնակիցներին

2024 թ․ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն ընթերցել է Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից: Ստորև ներկայացվում է Վերոնիկա Զոնաբենդի խոսքը.

«Ավրորա» 8-րդ մրցանակաբաշխության հարգարժան հյուրեր ու մասնակիցներ, միանում եմ ձեզ Հայաստանից՝ Երևանից:

Ես կանգնած եմ այստեղ՝ IDeA հիմնադրամի այգում, որը գրեթե 25 տարի առաջ հիմնել ենք Ռուբենն ու ես՝ մեր ընկերների ու գործընկերների հետ միասին։ «Ավրորան» ծնվել է այս արմատներից, այն հիմնել են Նուբարը, Վարդանը և Ռուբենը:

Մինչև Ռուբենի ուղերձն ընթերցելը՝ կցանկանայի իմ խորին և անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլորիդ, «Ավրորա»-ի համայնքին՝ աջակցության և զորակցության համար։ Ավելի քան 200 օր Բաքվում բանտարկված լինելով՝ Ռուբենն ու մյուս հայ բանտարկյալները ձեր աջակցությունն են ստացել, դուք նրանց ձեր համերաշխությունն եք հայտնել՝ ձեր համարձակ գործողություններով պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Բոլորովին վերջերս՝ Ռուբենի 20-օրյա հացադուլի ժամանակ, դուք նորից ձեր ձայնը բարձրացրիք՝ միանալով ընտանիքի ձայնին, ինչն անգնահատելի է։ Եւս մեկ անգամ շնորհակալություն։

Իսկ հիմա ներկայացնում եմ Ռուբենի ուղերձը․ Բաքվի բանտ, 2024 թ.

«2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Վարդանը, Նուբարն ու ես, մտորելով, թե ինչպես կարելի է նշել այդ ճակատագրական օրը, որոշեցինք, որ չպետք է միայն հարգանքի տուրք մատուցենք ողբերգության զոհերի հիշատակին: Մենք ցանկանում էինք մեր երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել էին մեր պապերին ու տատերին, փրկել էին կյանքեր:

Մենք ցանկանում էինք փոխել հայկական նարատիվը՝ զոհի կերպարից ու անցյալի հիշողությունից դեպի նոր՝ ապագային հույսով նայելու հեռանկարի:

Մենք սկսեցինք այս նախաձեռնությունը՝ մեր ժողովրդի անունից երախտագիտություն հայտնելու համար մերօրյա հերոսներին, մեծարելու նրանց  և օգնելու, որպեսզի շարունակեն իրենց դժվարին առաքելությունն ու բարի գործերը: Մենք երազում էինք, որ Երևանը դառնա աշխարհի մարդասիրական մայրաքաղաքը, և որ մենք միավորվեինք՝ ցեղասպանության հետևանքով աշխարհով մեկ սփռված հայկական սփյուռքի հետ դառնալով միասնական ազգ։

«Ավրորա»-ի հետ մենք աշխարհի ուշադրությունը հրավիրում ենք մերօրյա իրական հերոսների վրա, ովքեր վտանգում են իրենց բարեկեցությունն ու կյանքը,  ովքեր հավատ ու ճանապարհ են գտնում ուրիշներին օգնելու համար:

«Ավրորա»-ի շնորհիվ ես հանդիպեցի մարդկանց, որոնք ինձ սովորեցրին ամենակարևոր դասը՝ հավատարիմ մնալ մարդկային արժեքներին և սեփական սկզբունքներին՝ անկախ իրավիճակից, և անցնել քո ճանապարհը:

Իմ՝ Արցախ տեղափոխվելու որոշումը ես կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ. ես որոշեցի լինել այն մարդկանց կողքին, որոնք օգնության կարիք ունեին ու փորձում էի հնարավոր ամեն ինչ անել՝ նրանց օգնելու համար: Հիմա լինելով այստեղ՝ արտաքին աշխարհից գրեթե ութ ամիս ամբողջովին մեկուսացված, ես խորհելու շատ ժամանակ ունեմ։

Ես ամենևին չեմ զղջում այդ ճանապարհն ընտրելու համար։ Ես խորապես երախտապարտ եմ ձեզ՝ ինձ ոգեշնչելու ու ճիշտ գործի մղելու համար: Հիմա ես շատ ավելի լավ եմ հասկանում, թե  ինչն էր առաջ մղում Մարգարիտ Բարանկիցեին, Թոմ Քաթինային և «Ավրորա»-ի  մյուս դափնեկիրներին, և ինչու են նրանք այդպես հավատում մեկ մարդու ուժին․ մարդու, որը կարող է փոխել աշխարհը դեպի լավը: Մենք պարզապես չունենք այլընտրանք՝ բացի փորձելուց:

Ցավոք, աշխարհն ավելի բարի չի դարձել ձեր լավ գործերի արդյունքում, բայց սա նշանակում է, որ այն, ինչ դուք անում եք, հիմա ավելի կարևոր է, քան երբևէ:

Ուրիշներին օգնելու ձեր հանձնառությունն ինձ այստեղ ուժ է տալիս: Ես հիմա, ավելի քան երբևէ, համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը:

Ես մաղթում եմ ձեզ հաջողություններ ձեր առաքելության մեջ և իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում այս տարվա դափնեկրին։ Վստահ եմ, որ միասին կարող ենք շատ բան անել՝ աշխարհը բոլորի համար ավելի լավ և ավելի բարի վայր դարձնելու համար: Ինչպես Մարգարիտն է հաճախ ասում․ «Սերը միշտ հաղթում է»։ Եվ թող սերն ու արժեքները հաղթեն։ Եվ թող մենք բոլորս տանք ավելին, քան երբեւէ կարող ենք հուսալ, որ կստանանք: Մեզնից յուրաքանչյուրն իրականում կարող է շատ բան փոխել»»:

Միրզոյան-Բայրամով հանդիպումը, դու մի ասա, 2 օր կտեւեն

Մայիսի 10-ին Ալմաթիում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները՝ Ղազախստանի նախարար Մուրատ Նուրթլեուի մասնակցությամբ։ Հանդիպման ավարտից հետո նրանք հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։

Ալմաթիում բանակցությունների մեկնարկին Հայաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել ողջույնի խոսքերով։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է.

«Հիրավի, շատ խորհրդանշական է, որ մենք այսօր հանդիպում ենք այս գեղեցիկ քաղաքում՝ Ալմաթիում, ավելին, այն նույն կառույցում՝ «Բարեկամության տանը», որտեղ 1991թ. ստորագրվել է Ալմա-Աթայի հռչակագիրը։ Հիշեցնեմ՝ դա այն փաստաթուղթն է, որը ստորագրեցին արդեն նախկին ԽՍՀՄ տանսմեկ հանրապետությունները՝ ԽՍՀՄ նախկին ադմինիստրատիվ սահմանները ճանաչելով որպես միջպետական սահմաններ։ Կարևոր է, որ վերջին երկու տարվա ընթացքում և’ Հայաստանի վարչապետը, և’ Ադրբեջանի նախագահը տարբեր ձևաչափերով մի քանի անգամ վերահաստատել են Ալմա-Աթայի հռչակագրին հանձնառությունը, վերահաստատել են նաև Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, ինչպես նաև վերահաստատել են, որ սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի հենց Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ըստ էության, դա նշանակում է, որ սահմանազատման գործընթացում պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին։

Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը։ Մենք շատ կառուցողականորեն ներգրավված ենք խաղաղության գործընթացում, և ավելին, կարծում ենք, որ մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. մենք պետք է, մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիները։ Դա անել, իհարկե, այն ընկալումով, որ բոլոր կապուղիները կլինեն այն երկրների ինքնիշխանության ներքո, կգործեն այն երկրների իրավազորության ներքո, որոնց տարածքով դրանք կանցնեն, իսկ պետական սահմանի հատման բոլոր ընթացակարգերը կհամաձայնեցվեն (վարչական, մաքսային) փոխադարձության սկզբունքին համաձայն»։

Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները կտևեն երկու օր։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի եւ Ղազախստանի արտգործնախարարությունների ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ, փոխանցում է Sputnik Казахстан-ը։

«Վստահ եմ, որ Ալմաթիում բանակցությունները շատ օգտակար կլինեն, և մենք կկարողանանք արդյունավետ աշխատել առաջիկա երկու օրվա ընթացքում՝ առկա բաց հարցերի լուծումներ գտնելու համար», – ասել է Բայրամովը։

Նա նաև նշել է, որ վերջին բանակցությունների կարևոր տարրը արձանագրության ստորագրումն է, որով սկիզբ դրվեց հայ-ադրբեջանական պետական ​​սահմանի սահմանազատման գործընթացին։ Բաքվում, նրա խոսքով, հատուկ ուշադրություն են դարձնում այս գործընթացին։

Բայրամովը հավելել է, որ այս պահին համատեղ ջանքերով ականազերծվել են համապատասխան տարածքները, ճշտվել են աշխարհագրական կոորդինատները։ Այս հատվածում սահմանային հենասյուների տեղադրումը գրեթե ավարտված է։

Անգլիայի ազգային բալետը Երևանում․ նորովի «Ժիզել»

Անգլիայի ազգային բալետը Երևանի քաղաքապետարանի հրավերով առաջին անգամ հյուրախաղերով հանդես կգա Երևանում՝ ներկայացնելով աշխարհահռչակ «Ժիզել» բալետը՝ լեգենդար Ակրամ Խանի բեմադրությամբ: Ներկայացումները տեղի կունենան մայիսի 10-ին և 11-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Անգլիայի ազգային բալետի հյուրախաղերով Երևանում մեկնարկում է «Երևան բալետ ֆեստ 2024»-ը:

Կալուգայի մերձակայքում նավթավերամշակման գործարանում անօդաչուի հարձակումից հրդեհ է բռնկվել

Ուրբաթ՝ մայիսի 10-ի գիշերը, անօդաչու սարքերը հարձակվել են Ռուսաստանում մեկ այլ նավթավերամշակման գործարանի վրա, այս անգամ՝ Կալուգայի շրջանում: Այս մասին հայտնում են մի քանի ռուսական Telegram ալիքներ՝ հղում կատարելով տեղի բնակիչների տեղեկություններին։ Հաղորդագրություններում նշվում է, որ պայթյուններ են լսվել Կալուգայի մերձակայքում գտնվող Նավթավերամշակման գործարանի տարածքում։

«Գիշերվա 1-ի սահմաններում մի քանի հզոր պայթյուններ են հնչել Ձերժինսկի թաղամասում։ Բնակիչների խոսքով, մինչ այս լսվել են մի քանի անօդաչու թռչող սարքերի բնորոշ ձայներ, որից հետո տեղի նավթապահեստի տարածքում կրակն ու ծուխը տեսանելի են դարձել»,- գրում է Shot-ը։ «Աշխատակիցները կեսգիշերին մոտ 12-ի սահմաններում տարհանվել են նավթավերամշակման գործարանից»,- պարզաբանում է Astra-ն։

Կալուգայի նահանգապետ Վլադիսլավ Շապշան հաստատել է գործարանի վրա հարձակումը։ «Հրդեհն այժմ մարված է։ Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան»,- ասաց նա։ Դատելով տեղի բնակիչների նկարահանած տեսանյութերից՝ նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհը զգալի է եղել։