Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 30-ին սահմանին հանդիպում կանցկացնեն

«Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը բանակցությունների 5-րդ փուլը կանցկացնեն հայ-թուրքական սահմանին»,- հայտնում է թուրք հեռուստահաղորդավար Սենա Ալքանը։

X սոցիալական ցանցում նա գրել է, որ հանդիպումը տեղի կունենա առավոտյան հայկական կողմում, կեսօրին՝ թուրքական կողմում։

Ռուբինյանի և Քըլըչի հանդիպումը նախատեսված էր հուլիսի 3-ին, սակայն հետո թուրքական կողմը հրաժարվեց դրանից։

2023-ին պետպատվերով ԷԿՈ ծրագրի շրջանակում ծնվել է 159 երեխա, իսկ այս տարի արդեն 271 երեխա

Օգոստոսի 1-ին վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնությունից օգտվելու ծրագրի շահառու կարող են լինել նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանվածները: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, «Ընդլայնվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով (ԷԿՈ) բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Ռուզան Մարտիրոսյանը:

«Նախկինում շահառուների խմբերից մեկը 20-36 տարեկան, 2 տարի եւ ավելի անպտղություն ունեցող կանայք էին: Նոր կարգավորմամբ շահառուների շրջանակը ընդլայնվում է, շահառու կարող են դառնալ 2 տարի եւ ավելի անպտղության ախտորոշում ունեցող անզավակ 20-40 տարեկան կանայք: Ընդ որում, 40 տարեկանում շահառու դառնալու դեպքում նրանք պահպանում են իրենց շահառուի կարգավիճակը  մինչեւ 42 տարեկան դառնալը:

Շահառուների հաջորդ խումբը երկրորդային անպտղություն ունեցող, մեկ երեխա ունեցող 20-36 տարեկան, սահմանամերձ բնակավայրերի ամուսնական զույգերն էին: Նոր փոփոխությամբ հանվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչ լինելու պայմանը, եւ արդեն կարող են շահառու լինել 20-36 տարեկան, մեկ երեխա ունեցող ամուսնական զույգերը, որոնք 2 եւ ավելի տարի երկրորդային անպտղություն ունեն»,-ասաց նա:

Ռուզան Մարտիրոսյանի խոսքով, 2022-ին ունեցել են ծրագրի 842 շահառու, իսկ 2023-ին՝ 5441 շահառու. «Շրջանակի ընդլայնման արդյունքում կունենանք ավելի շատ շահառու նոր կարգավորմամբ:

Այս տարվա հունվարից մինչեւ հուլիս ամիսներին ունենք ավելի շատ ծնված բալիկ՝ 271, քան ամբողջ 2023-ին, երբ ծնվել էր 159 երեխա»,- ասաց նա:

Հարցին, թե ինչ ընթացակարգով շահառուները կարող են դիմել, Ռուզան Մարտիրոսյանը պատասխանեց. «Նրանք կարող են դիմել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական կազմակերպություն, այնտեղ դիմում են ներկայացնում, եթե շահառու լինելու պահանջներին համապատասխանում են: Ըստ բժշկական ցուցումների  որոշվում է հետագա բուժօգնության ծավալը եւ ստանում են այդ բուժօգնությունը»:

news.am

Վերջին ավտոբուսը․ Արցախից տեղահանված 23 ընտանիք Գյումրիի նախկին հիվանդանոցում

Բռնատեղահանված արցախցիները մինչև իրենց համար բնակարաններ ձեռք բերելը կարող են ապրել “հիվանդանոցի շենքում”

Արցախից տեղահանված 41 մարդ՝ 23 ընտանիք, 2023թի հոկտեմբերից մինչև հիմա ապրում է Գյումրիի նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի շենքում։ Բռնագաղթի օրերին վերջին ավտոբուսներով Հայաստան հասած մարդիկ են, որոնք չեն կարողացել ինքնուրույն բնակվելու տեղ գտնել։

Հիվանդանոցի դարպասները բաց են, բակը՝ դատարկ։ Առաջին հարկի պատուհանին՝ դեռ Կովիդ-19-ի թեստի մասին հայտարարություն է, իսկ շենքի ներսում՝ ամենանկատելի տեղերում, ոստիկանական տեսուչի կոնտակտներն են պատին փակցրած։ Միջանցքներում լռություն է՝ ասես մարդ չկա շենքում…

Բնակիչներից մեկը՝ Սիլվա Բրուտյանը, դիմավորում է մեզ և իր սենյակ հրավիրում։ Մտնելուն պես՝ աչքդ շոյում են ասեղնագործ աշխատանքները, որոնցով Սիլվան փորձել է շուք հաղորդել իր փոքրիկ, բայց մաքուր ու կոկիկ սենյակին։

Ասեղնագործությամբ զբաղվում է 4-րդ դասարանից։ Հիմա, երբ ոչ մի տեղ չի աշխատում, նորից ասեղնագործություն է անում, փորձում է դրանով գումար վաստակել։ Պատմում է, որ թելերն ու կտորները փոխմարզպետ Աննա Մարտիկյանն է նվիրել իրեն։

“Յուրաքանչյուր շաբաթ այցելում է մեզ, տեղեկանում մեզ հուզող հարցերի մասին, աջակցում։ Բոլորս սիրում ենք նրան և, առհասարակ, գոհ ենք գյումրեցիների վերաբերմունքից”։

Միայնակ կինը Արցախից տեղահանվել է 2023-ի սեպտեմբերի 27-ի գիշերը։ Հաջորդ օրը հասել է Գորիս, որտեղից էլ վերջին տեղահանվածների խմբի հետ եկել Գյումրի։

Հայաստանում ծնված ու մանկատանը մեծացած Սիլվան 1999-ին է մեկնել Արցախ և, որպես վերաբնակիչ, հաստատվել Տիգրանակերտում։ Այստեղ նա ընտանիք է կազմել, երեխա ունեցել։ Զբաղվում էր հողագործությամբ։

44-օրյա պատերազմից հետո, երբ Տիգրանակերտն անցավ թշնամու վերահսկողության տակ, Սիլվան աղջկա հետ տեղափոխվեց Ստեփանակերտ, որտեղ Արցախի կառավարության կողմից նրան տրամադրվեց բնակելի տուն։ Մինչև 2023-ի սեպտեմբերն աշխատում էր պտուղ-բանջարեղենի խանութում։

“Սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտում արդեն ադրբեջանցիներ կային։ Հասկացա, որ պետք է հեռանամ։ Այդ օրը լվացք արեցի, վերջին անգամ իմ տունը մաքրեցի և, միայն մի քանի հագուստ ու նոր թխած հաց վերցնելով՝ գնացի հրապարակ։ Այնտեղ հավաքվել էին մարդիկ, որոնք սեփական մեքենաներ չունեին և սպասում էին վերջին ավտոբուսներին։

Հրապարակում խուճապային իրավիճակ էր, շատերն արդեն ուտելու բան չունեին։ Ես նրանց իմ թխած հացը հյուրասիրեցի։ Ուրախանում էի, որ կարող եմ օգտակար լինել հեռու գյուղերից եկած մարդկանց։

Խանութների դռները բաց էին։ Բոլորի հետ՝ ես էլ մտա ու վերցրի մեկ վարագույր, պատի ժամացույց և էլեկտրական թեյնիկ, որոնք օգտագործում եմ այստեղ”։

 

Շիրակի մարզում Սիլվան և անօթևան մնացած մյուս արցախցիները մոտ երկու շաբաթ ապրում են “Գյումրի” հյուրանոցում, ապա նրանց տեղափոխում են նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի մասնաշենք։

“Եկած օրվանից մեզ օգնել են մարզպետարանից, քաղաքապետարանից ու տարբեր կազմակերպություններից։ Շաբաթը երկու անգամ սնունդ և հիգիենայի պարագաներ ենք ստանում։ Ինքներս պատրաստում ենք ճաշը, մաքրում մեր սենյակները։ Սահմանել ենք հեթապահություն՝ սանհանգուցը մաքուր պահելու համար, թեև մասնաշենքում նաև մաքրուհի է աշխատում”։

Եթե հնարավոր լինի բնակապահովման ծրագրով տուն ու հողակտոր ձեռք բերել Շիրակի մարզում, Սիլվան այստեղ կմնա, հողագործությամբ կզբաղվի, իր կարիքները հոգա ու կօգնի Ռուսաստանում ապրող աղջկան ու թոռանը։ Միաժամանակ, չի կորցնում հույսը, որ մի օր հնարավոր է, որ վերադառնա նաև Արցախ․․․

Կրկնակի բռնատեղահանված Կարինե Աղաջանյանը նույնպես Գյումրիի հիվանդանոցի շենքում է ապրում՝ մանկուց հաշմանդամ որդու հետ։

Կարինեն Վանաձորից տեղափոխվել ու բնակություն էր հաստատել Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում։ 2020 թվականի պատերազմից հետո տեղափոխվել է Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղը։ Նրան տրամադրել են տուն և փոքր հողակտոր, որտեղ բանջարեղեն էր աճեցնում։ Որդին՝ Նորայրը, սովորում էր Ասկերանի շրջանի Նախիջևանիկի միջնակարգ դպրոցում։

“Սեպտեմբերի 19-ին գնացել էի Ասկերան, որ ստանամ երեխայի նպաստը, պատերազմը սկսվեց, ու այլևս չկարողացա գյուղ վերադառնալ։ Բոլոր կարևոր փաստաթղթերը թողել եմ տանը, ոչ մի հագուստ կամ որևէ այլ իր չեմ կարողացել վերցնել հետս”։

Կարինեն համագյուղացիների հետ գնացել է Ստեփանակերտի օդանավակայան և մի քանի օր մնացել այնտեղ։ Հայաստան ճանապարհվել են վերջին ավտոբուսներով։ Եկել են Վայք, ապա՝ Գյումրի։

“Այստեղ մեզ ապահով ենք զգում։ Ճիշտ է՝ սենյակը երկու հոգու համար շատ փոքր է, բայց ինչ արած, ուրիշ ելք չեմ տեսնում։ Այս սենյակում և՛ հաց ենք ուտում, և՛ ամբողջ օրն անցկացնում, և՛ քնում։

Տղաս ի ծնե հաշմանդամ է, շատ դժվարություններ եմ կրում, բայց դիմանում եմ”։

Արմատներով վանաձորցի Կարինեն ցանկանում է բնակելի տուն ձեռք բերել Շիրակի մարզում։ Վանաձորում ոչ ոք չունի, իսկ այստեղ արդեն հարմարվել և ուրիշ տեղ գնալ չի ցանկանում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ինչո՞ւ Բոնոն եկավ Երեւան․ “նոր ճակատ” չդառնալու հորդոր

Անցած շաբաթ ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն այցելել է Երևան։ Այցի կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ «եկել է ժամանակը ստորագրելու խաղաղության համաձայնագիր, որը թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի սոցիալական և տնտեսական ներուժը»։

«Ազատության» հարցին՝ արդյոք Երևանից հետո Բոնոն կմեկնի՞ Բաքու, ԱՄՆ դեսպանատնից պատասխանել են․ «Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Բոնոն հաճախակի է այցելում տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը խաղաղության գործընթացին և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու լավագույն ուղուն»։

Քանի որ Հայաստանում համատարած արձակուրդ է, Բոնոյի հետ հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը «վերահաստատել է տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հայկական կողմի հանձնառությունը»:

Բոնոյի այցն աննկատ անցավ ԱՄՆ-ում կատարվող իրադարձութունների ֆոնին։ Քանի որ մի քանի ամիս հետո ԱՄՆ-ում նախագահ է փոխվելու, Վաշինգտոնի միջնորդական ջանքերը այնքան էլ լուրջ չեն ընդունվում։ Առավել եւս, որ ներկայիս նախագահ Բայդենին ստիպում են հրաժարական տալ նույնիսկ մինչեւ ընտրություններ։ Ներկայումս կնքված ցանկացած «արժանապատիվ» համաձայնագիր կարող է չեղարկվել մի քանի ամիս անց։

Մյուս կողմից, «անիշխանությունը» ԱՄՆ-ում թույլ է տալիս ագրեսիվ ուժերին ամբողջ աշխարհում անել իրենց սեւ գործը, չվախենալով Ամերիկայի դիմադրությունից։ Ինչպես 2020 թ․ նախընտրական շրջանում դա արվել է Արցախում։

Հիմա Իսրայելը գեներացնում է Լիբանանի եւ Իրանի հետ պատերազմը, փորձելով ներքաշել այդ պատերազմի մեջ ԱՄՆ-ը։ Իրանն արդեն հայտարարել է, որ պատրաստ է Արեւմուտքի հետ հարաբերությունների մեղմացման, եւ նախագահ Բայդենի հռետորականությունն էլ է մեղմ։ Սակայն Իսրայելը՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Թրամփի եւ Օրբանի հետ միասին պարտադիր նոր պատերազմ է ուզում։ Այդ պատերազմի ճակատներից մեկն էլ հավանաբար պետք է ապահովի Իսրայելի պրոքսի Ալիեւը՝ Հայաստանի եւ Իրանի հետ սահմանին։

Ի՞նչ էր այդ համատեքստում Բոնոն ասել Արմեն Գրիգորյանին։ Հորդորել է Հայաստանին «արժանապատիվ» կապիտուլյա՞ցիա ստորագրել, որ «նոր ճակատ» չբացվի։ Թե՞ հակառակը՝ երաշխավորներ է բերել, որ թույլ չի տա նման զարգացում։ Արմեն Գրիգորյանի պատրաստակամությունը խաղաղությանը խոսում է առաջին տարբերակի օգտին։

Թուրքիան կարող է մտնել Իսրայել, ինչպես Լիբիա և Ղարաբաղ, բայց բավական ուժեղ չէ

Եթե ​​Թուրքիան ուժեղ լինի, ապա կկարողանա «մտնել» Իսրայել, ինչպես նախկինում մտել է Լեռնային Ղարաբաղ և Լիբիա։ Այս մասին հայտարարել է Էրդողանը։

«Նույնը կանենք նրանց հետ (Իսրայելի հետ՝ խմբ.), ինչպես մտանք Ղարաբաղ և Լիբիա։ Չկա պատճառ, որ դա չանենք: Մենք պարզապես պետք է ուժեղ լինենք նման քայլեր ձեռնարկելու համար»,- ասել է Էրդողանը։ Միաժամանակ նա խոստովանել է, որ Թուրքիան բավականաչափ ուժեղ չէ, հակառակ դեպքում «Իսրայելը չէր կարող Պաղեստինի հետ անել այն, ինչ արեց»։

Սա շատ նշանակալից նկատողություն է, քանի որ Էրդողանին կասկածում են երկակի խաղի մեջ, երբ, իբր, հիմնվելով մահմեդականների համերաշխության վրա, նա բանավոր պաշտպանում է Պաղեստինը, երբեմն նույնիսկ Նեթանյահուին անվանելով ֆաշիստ, բայց իրականում նա ակտիվորեն համագործակցում է Իսրայելի հետ, որից նա ըստ էության անբաժանելի է։ Նման համագործակցության արդյունքն ու նպատակը Ղարաբաղն է, որը հանձնվել է հակաիրանական ուժերին։

Էրդողանը չի թաքցնում, որ քանի որ Իսրայելը գտնվում է Օսմանյան կայսրության արաբական հողերի վրա, որոնք Էրդողանը փորձում է նորից սոսնձել, Էրդողանն ու Նեթանյահուն պետք է միամուռ լինեն արաբների և Իրանի դեմ պայքարում։

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը պատասխանել է Էրդողանին. «Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի ճանապարհով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Միայն հիշեք, թե ինչ կատարվեց այնտեղ և ինչպես ավարտվեց»,- ասել է Կացը X սոցիալական ցանցում։

Ի պատասխան՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը «X» սոցիալական ցանցում գրել է, որ Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի համար պատասխանատու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կյանքը կավարտվի այնպես, ինչպես նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերի կյանքը։

«Միջազգային սիոնիստական ​​շրջանակները, հատկապես Իսրայելը, ովքեր փորձում են խլացնել այս ձայնը, մեծ խուճապի մեջ են։ Բոլոր ցեղասպանություն իրականացրածների և նրանց աջակցողների պատմությունն ավարտվեց նույն կերպ»,- նշել է Ֆիդանը։ Նա այնքան խելացի էր, որ չհիշատակեր Ղարաբաղի ու հայերի մասին։

Աշխարհակարգը փոխելու շեմին Թուրքիան և Իսրայելը, որոնք ստեղծվել են որպես «միջանկյալ» երկրներ, փորձում են պահպանել իրենց գոյությունը։

Տասնյակ «վագներցիներ» են զոհվել Մալիում. նրանք այնտեղ եկան ֆրանսիական կորպուսի փոխարեն

Ռուսական «Աֆրիկյան կորպուսը», որը հիմնականում բաղկացած է Վագների նախկին վարձկաններից, կորցրեց մի քանի տասնյակ մարտիկներ Մալի-Ալժիր սահմանին։ Ռուս և Մալիի զինվորականների շարասյունը ավազի փոթորիկի ժամանակ դարանակալվեց տուարեգների կողմից, ովքեր հանդես են գալիս Ազավադի անկախ պետության ստեղծման կողմնակից:

Մալիի հյուսիսում ռուս վարձկանների շարասյան մահվան մասին հայտնի է դարձել հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը՝ այս երկրի հյուսիսում՝ Ալժիրի հետ սահմանի մոտ ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումից մեկ շաբաթ անց։

BBC-ի ռուսական ծառայության աղբյուրը, ով նախկինում ծառայել է Wagner-ում, ասում է, որ սպանվել է առնվազն 82 վարձկան։

2021 թվականի մայիսին Մալիում տեղի ունեցավ պետական ​​հեղաշրջում, որի արդյունքում իշխանության եկավ գնդապետ Ասիմի Գոյտան, ով դեռևս գտնվում է ժամանակավոր նախագահի կարգավիճակում, քանի որ երկրում այդպես էլ ընտրություններ չեն անցկացվել։

Գոյտայի իշխանության գալուց անմիջապես հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց Բարխանե օպերացիայի ավարտի մասին, որի շրջանակներում երկրում էր ֆրանսիական խաղաղապահ զորախումբը, որի օգնությամբ նախորդ նախագահ Իբրահիմ Քեյտան կռվում էր տուարեգ անջատողականների դեմ։

Ընդհանուր առմամբ, ավելի քան 5 հազար ֆրանսիացի զինվոր լքեց Մալին, և գնդապետ Գոյտան նրանց փոխարինելու հրավիրեց Վագների վարձկաններին։

Արցախցիների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք Լոֆթում

Աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության սոցիալականացմանը նախագիծն իրականացվում է ԼՈՖԹ հասարակական կազմակերպության և ՀՀ կառավարության համատեղ ուժերով:

Ծրագրի բուն նպատակը մեր հայրենակիցների իրազեկումն է, սոցիալականացումն է և խթանումը աշխատանքի և կրթության մասով: Արդեն 2 ամսվա ընթացքում գրանցվել է բավականին դրական ցուցանիշներ, որի արդյունքում շուրջ 20 տարբեր տարատեսակ իրադարձություններ են տեղի ունեցել և ամբողջ ծրագիրն ընդհանուր քարտեզագրվում է  Երևանում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Շիրակում, Գյումրիում:

Երեկ կայացավ ամենասպասված իրադարձություններից մեկը՝ արցախցի հայրենակիցների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառքն է: Վաճառվում են տարատեսակ գեղեցիկ աշխատանքներ` ժենգյալով հացից, Արցախի փախլավայից մինչև ձեռագործ մոմեր: Միտումը բնավ բիզնես անելը չէ, այլ ևս մեկ անգամ ոգեշնչել մեր հայրենակիցներին աշխատելու, ստեղծագործելու, արարելու:

Տաթև Ազիզյան

Լուսանկարները Հայկ Հարությունյանի

Գոլանի բարձունքների գնդակոծում. Նեթանյահուն Հեզբոլլահին «բարձր գին» է խոստանում

Ըստ իսրայելական զինվորականների՝ Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում՝ Մաջդալ Շամս շրջանում, ֆուտբոլի դաշտի գնդակոծման հետևանքով զոհվել են 12 դեռահասներ և երիտասարդներ, տասնյակները վիրավորվել են։

Իսրայելի պաշտպանության բանակը հարձակման համար մեղադրել է լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժմանը, սակայն Հեզբոլլահի լրատվական գրասենյակի ղեկավար Մուհամադ Աֆիֆը հերքել է «որևէ կապ դեպքի հետ», հաղորդում է BBC-ն:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով այցով գտնվում է ԱՄՆ-ում, ասել է, որ ծրագրվածից շուտ է վերադառնում հայրենիք։ Արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը Իսրայելի 12 հեռուստաալիքի եթերում ասել է. «Մեզ մեծ պատերազմ է սպասվում»։

1981 թվականին, երբ Իսրայելը բռնակցեց Գոլանի բարձունքները (մինչև 1967 թվականը դրանք գտնվում էին Սիրիայի վերահսկողության տակ. համաշխարհային հանրության մեծ մասը չէր ճանաչում այս տարածքի անեքսիան), այնտեղ ապրող դրուզներին առաջարկվեց Իսրայելի քաղաքացիություն, բայց միայն փոքրամասնությունն ընդունեց այն։ Շատերն իրենց համարում են Սիրիայի քաղաքացիներ։

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետը հանդիպել է Բայդենի, Հարիսի և Թրամփի հետ։ Դեմոկրատական ​​առաջնորդները պահանջում էին անհապաղ դադարեցնել պատերազմը, իսկ Թրամփը մեղադրեց Հարիսին Իսրայելի իրավունքների չպաշտպանելու մեջ:

Եվրոպայի բարձրագույն դիվանագետ Բորելը կոչ է արել հետաքննել Գոլանի հյուսիսում գտնվող Մաջդալ Շամս գյուղի ֆուտբոլի դաշտի գնդակոծման փաստը: ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։ Սպիտակ տունը ուղղակիորեն չի մեղադրել արմատական ​​շիական «Հեզբոլլահ» շարժմանը, սակայն վերահաստատել է իր «հաստատակամ» աջակցությունն Իսրայելին:

Պատերազմը սպառնում է տարածվել Լիբանանի և Սիրիայի տարածքներում, ներգրավելով Իրանը, և 6 ամսից, քանի դեռ ԱՄՆ-ում «անիշխանություն է», կարող է հայտնվել Մերձավոր Արևելքի նոր քարտեզը։ Հատկապես, որ եթե ՀԱՄԱՍ-ը այդքան էլ կապված չէ Իրանի հետ, ապա Հեզբոլլահը իրանական պրոքսի է համարվում։ 

Դիզակ ԱՐՏ-ն ամառային ճամբար է կազմակերպում

Դիզակ ԱՐՏ Աբովյանի մասնաճյուղում շարունակվում է ամառային կրթամշակութային ճամբարը: Ճամբարականները ծնողներին են ներկայացրել նախորդ օրերին ստացած գեղագիտական գիտելիքների արդյունքները: Ակտիվ և հաճելի ժամանցը զուգակցվել է ազգային երգ ու պարի, նկարչության, մոդելավորման, առաջին օգնության վերաբերյալ դասընթացներով, ինտելեկտուալ և տրամաբանական խաղերով, ինչպես նաև` խաղերով բնության գրկում:

Արցախից տեղահանված երեխաների համար մեծ նշանակություն ունի առօրյան անցկացնել հարազատ միջավայրում և հետաքրքիր ու հագեցած:

Ճամբարը աջակցություն է ստանում Նյու-Յորքից` երիտասարդ մասնագետների խմբի կողմից:

Տաթև Ազիզյան

Թրամփ. Ես չգիտեմ, թե հրեաները կքվեարկե՞ն դեմոկրատների օգտին

ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը ուրբաթ՝ հուլիսի 26-ին, ընդունել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի նստավայրում։ Թրամփը «խոստացել է, որ երբ վերադառնա Սպիտակ տուն, կգործադրի բոլոր ջանքերը Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու և ԱՄՆ-ի քոլեջներում հակասեմիտիզմի տարածման դեմ պայքարելու համար», – ասվում է տեղեկատվության մեջ:

Նա նաև քննադատեց նոյեմբերի ընտրություններում իր պոտենցիալ մրցակցին՝ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին, այն բանից հետո, երբ նա երեկ «խիստ մտահոգություն հայտնեց Գազայի հատվածում մարդկային տառապանքների մասշտաբների վերաբերյալ»՝ կապված Իսրայելի Համասի պատերազմի հետ: Թրամփը նրա խոսքերն անվանել է «անհարգալից»։ «Ես իսկապես չգիտեմ, թե ինչպես կարող են հրեաները քվեարկել նրա օգտին, թեև դա նրանց որոշումն է», – ասաց նա:

Բենիամին Նեթանյահուն Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո հույս է հայտնել, որ իր այցը Միացյալ Նահանգներ կօգնի արագ համաձայնության գալ իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ, որոնք դեռևս պահվում են ՀԱՄԱՍ-ի կողմից:

Վոլգոգրադի մերձակայքում կործանվել է ռուսական Սու-34 ռմբակոծիչը

Վոլգոգրադի մարզում Սու-34 ռմբակոծիչ է կործանվել. Այս մասին գրում է Ինտերֆաքս գործակալությունը շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին, ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով։

Հաղորդվում է, որ ինքնաթիռը ուսումնամարզական թռիչք էր իրականացնում առանց զինամթերքի։ Երկու օդաչուներին էլ հաջողվել է նետվել, իսկ ինքնաթիռը ընկել է ամայի տարածքում և գետնին ավերածություններ չի առաջացրել: Պաշտպանության նախարարությունը ինքնաթիռի կործանման նախնական պատճառը անվանել է «տեխնիկական անսարքություն»։

Մեր շենքը․ իրական պատմություններ ու կարոտալից հիշողություններ

Ամառ էր՝ Արցախում անցկացրած մեր վերջին ամառը։ Աներևակայելի ծանր օրեր էին սկսվել շրջափակումը հաղթահարող արցախցիներիս համար։ Միաժամանակ իրար հանդեպ աներևակայելի ջերմությամբ լցված օրեր էին։

Բազմաբնակարան մեր շենքում ապրում էին տարբեր բնավորությունների ու խառնվածքների տեր մարդիկ։ 80-ական թվականներին կառուցված այս շենքը շատ բան է տեսել իր կյանքում․ հարսանիքներ, ծնունդներ, կնունքներ,  պատերազմներ, շրջափակում, սոված օրեր, բռնատեղահանում․․․

Ասկերան քաղաքի Շահումյան փողոցի 76 շենքի մասին է խոսքը․․․

Աշխատող, ստեղծող ու ստեղծագործող մարդիկ էին ապրում այս շենքում։ Բնակիչները տեղափոխվում, նորերն էին գալիս, սակայն, միևնույն է, ոչինչ չէր փոխվում։ Քանի որ մեր բակում էր գտնվում Ասկերանի երևի ամենահին ու  հանրաճանաչ “բեսեդկան”, որը մագնիսի նման ձգում էր բոլորին ու դարձել էր անդադար վիճաբանությունների և ուրախությունների հավաքատեղի։ Դոմինո և նարդի խաղացող տղամարդկանց վիճաբանությունների հետ հարմարվել էին շենքի բնակիչները։ Տեսնես ինչո՞ւ էին վիճում, որ օրվա վերջում հաշտ ու խաղաղ պիտի տուն գնային, իսկ հաջորդ օրն իրար ձայն տալով շուտ տեղ զբաղեցնեին, որ կանայք հանկարծ “չգրավեն” իրենց տարածքը։ Գալիս էին նաև հարակից թաղամասերից։ Տղամարդիկ անզիջում էին, բայց կանայք երբեմն կարողանում էին հաղթել նրանց։

Մեկ տարի առաջ, շրջափակման օրերին միանգամից համերաշխություն տիրեց։ Կանայք իրենց գործերն էին անում, իսկ տղամարդիկ նույն խաղն էին խաղում՝ երբեմն բարձրաձայն վիճելով, հարայ-հրոցով, որոնք հաճախակի ընդհատվում էին քաղաքական վերլուծություններով, Արցախի իրավիճակի շուրջ զրույցներով։ Ինչքա՜ն երանելի էին այդ անմեղ վիճաբանություններն ու քննարկումները։ Էդուարդը, Յուրին, Միքայելը, Արթուրը, Արարատը,  հարևան թաղամասերից մշտական ներկա Բաքվից տեղահանված Արարատը, Սլավիկը, Կամոն, Սուրենը, Ռաֆոն, Միքայելը անընդհատ վեճերի մեջ էին, ու նրանց բարձր ձայների տակ անուշ-անուշ քնում էին մեր երեխաները։ Հիմա ենք հասկանում, որ ճիշտ էին բոլոր կանխատեսումները և, իրոք, Արցախի վրա արդեն ամպեր էին կուտակվում։

Երեկոյան հերթափոխն անցնում էր հյուրասիրություններին։ Ում տանն ինչ լավ բան կար, հայտնվում էր սեղանին, իհարկե պատվավոր տեղը զբաղեցնում էր մեղվաբույծ Վահրամի նոր քամած անարատ մեղրը։ Թշթշալով եռում էր ինքնաեռը, և երիտասարդ աղջիկները սիրով թեյ էին հյուրասիրում մեծերին։

Ամեն երեկոյան, ժամը 10-ի սահմաններում շենքի բնակիչները կաթի դատարկ տարաներով արդեն սպասում էին Ավետարանոցից տեղահանված և մեր շենքում ապրող Գարիկին ու Լիլիային, որոնք, վառելիքի բացակայության պատճառով, ոտքով կաթ էին բերում Ասկերանի մերձակայքում գտնվող վարձակալած ֆերմայից․ կաթը բաժանվում էր արդարության սկզբունքով, յուրաքանչյուրը գիտեր, թե երբ է իր հերթը․․․

Այո՛, շրջափակումը մի մեծ ընտանիք էր դարձրել մեր շենքը։ Ով ինչ ուներ, անպայման կիսում էր դիմացինի հետ։ Երիտասարդ հարսները նոր բաղադրատոմսերով քաղցրավենիք էին պատրաստում և հյուրասիրում բոլորին։ Շոկոլադե կոնֆետները մեծ շռայլություն էին․ պահվում էին ամենափոքրերի համար։ Հողագործությամբ զբաղվողները միրգ ու բանջարեղեն էին բաժանում բանջարանոց չունեցողներին։ Մելորդը, Սերժիկը, Պետյան, Ալինան, Սվետան, Սուրիկը, ընկեր Մոսիյանը, Գյուլվարդ տատիկը և շատ շատերը․․․Իսկ Հռիփսիմեն, որին բոլորս փաղաքշական Սիմիկ էինք անվանում, լավ գիտեր՝ բանջարանոցից տուն գալուց, մինչև օրվա բերքից հարևաններին բաժին չհաներ, իրավունք չուներ տուն բարձրանալու։ Հաճախակի էլ իրենից գոհ, դատարկաձեռն բարձրանում էր տուն ու տեսնում, որ ամուսինն էլ իր հերթին է բաժանել բերածը։ Ու ծիծաղում էին երկար․․․ Շրջափակված Արցախում մեր շենքի վերջին ուրախությունը Լուսինեի համեստ հարսանիքն էր․ ամբողջ բակը երեխաների զվարթ խինդ ու ծիծաղով էր լցվել։ Նրանք տարբեր տեղերից փակում էին ճանապարհը և մեծ դժվարությամբ բաց թողեցին նորահարսին։

Ոչ ոքի մտքով չէր անցնում, որ կարող է լքել Արցախը։ Մարդիկ եղածից ձմեռվա պաշար էին հավաքում, պահածոյացնում։

․․․2023-ի սեպտեմբերի 19-ին մեր շենքի բնակիչները հայտնվեցին շենքի նկուղում՝ սարսափահար ու տագնապած․ դրսում չէին դադարում թշնամու սահմռկեցուցիչ հրետակոծությունները։ Նկուղը լցվել էր մայրերի ու կանանց աղոթքներով․ զավակներն ու ամուսինները դիրքերում էին։ Ցավոք, մեր շենքը ևս կորուստներ ունեցավ։ Մեկ օր տևած պատերազմում զոհվեց մեր շենքի Տիգրան Մնացականյանը, իսկ Արարատ Պետրոսյանն ու Աշոտ Հովհաննիսյանը զոհ դարձան սեպտեմբերի 25-ի պայթյունին։ Օրեր հետո դատարկվեց մեր շենքն ու հայաթափվեց ամբողջ Արցախը։

Այսօր ավելի քան 40 տարեկան մեր շենքը առաջին անգամ մնացել է բոլորովին անտեր ու մենակ, բայց նա կանգուն է և սպասում է իր լիիրավ տերերին․․․Կվերադառնա՞նք արդյոք․․․

Կարինե Բախշիյան