Լուսանկարները՝ Step1.am-ի
Հեղինակ՝ naira
Քանի ընտանիք չի ստացել սերտիֆիկատները
Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված վերաբնակիչ համարվող մոտ 370 ընտանիքներ դուրս են մնացել բնակարանների գնման սերտիֆիկատների ծրագրից։ Այս մասին step1.am-ին ասաց Քաշաթաղի Հայկազյան համայնքի ղեկավար Արմեն Չոմոյանը։
«Բռնի տեղահանվելուց հետո պարզվել է, որ մոտ 370 եւ ավելի արցախցիներ այդ ծրագրի շահառու են եղել, բայց չեն իմացել այդ մասին։ Եվ հիմա չկա բացված պատուհան, որպեսզի մարդիկ առցանց դիմում լրացնեն։ Ծրագրից դուրս մնալու պատճառն այն է, որ մարդիկ տեղեկացված չեն եղել, որ իրենք շահառուներ են, օնլյան դիմումը չեն լրացրել, դիմումների լրացման ժամկետն անցնել է։ Հիմա իրենք զրկվել են նաեւ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից՝ որպես բնակապահովման սերտիֆիկատի ծրագրի շահառուներ»,- ասաց Չոմոյանը։ Նա նշեց, որ այս ընտանիքների համար նաեւ չկա հնարավորություն, որպեսզի կարողանան օգտվել ՀՀ կառավարության բնակապահովման նոր ծրագրից։ Արմեն Չոմոյանն ասաց, որ եթե կառավարությունը չփորձի ընդառաջել այս ընտանիքներին, ստացվում է՝ մարդիկ կմնան անօթեւան։
Նշենք, որ ՀՀ կառավարության՝ 2020 2թ․ վերաբնակիչների համար նախատեսված բնակապահովման սերտիֆիկատի ծրագրով Երեւանում բնակարան ձեռք բերելու համար մեկ ընտանիքին առաջարկվում է 8 մլն, մարզերում՝ 10 մլն դրամ։ Այս ծրագիրը, նախքան Արցախի ամբողջական բռնազավթումը, ուներ բաղադրիչ, որ Արցախ վերադառնալու դեպքում հատկացնում էին 12 մլն դրամ արժեքով վկայական։ Արցախից Հայաստան տեղափոխված վերաբնակիչ համարվող անձանց մեծ մասը Քաշաթաղի շրջանից են, կան նաեւ ընտանիքներ Շուշիից ու Քարվաճառից։
Բնակարանների գնման վկայագրերի ժամկետը լրանում էր այս տարվա հուլիսի 1-ին, բայց Չոմոյանն ասաց, որ ժամկետը երկարաձգվել է մինչեւ տարվա վերջ։ Վերջին տվյալներով՝ ավելի քան 1000 ընտանիքներ չէին հասցրել օգտվել այս ծրագրից, պատճառն այն է, որ շատերը այդ գումարի շրջանակներում չեն կարողանում բնակարան գտնել։
Ռոզա Հովհաննիսյան
40+10 չեն ստանում, նույնիսկ եթե վկայագիրը չեն վերցրել
Ինչո՞ւ է թանկացել հեղուկ գազը
Հեղուկ գազի գինը հիմա 190-200 դրամ է դարձել, սկսեց բարձրանալ հուլիսի 1-ից:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Նրա խոսքով՝ մայիսին նույնիսկ առանձին գազալցակայաններ գինը սահմանել էին 30-35 դրամ, բայց հիմնականում մայիսին 90 դրամ էր:
Տնտեսագետի կարծիքով՝ հեղուկ գազի գնի բարձրացման վրա ազդող հիմնական գործոններից եղել է լոգիստիկայի խնդիրը։
«Գաղտնիք չէ, որ Վերին Լարսի անցակետը տարվա այս շրջանում բավականին ծանրաբեռնված է աշխատում, խցանումներ են լինում, և նույն հեղուկ գազի տարանցման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ»,- նշեց նա:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացնում է, որ հեղուկ գազի շուկան խիստ մրցակցային է, ներմուծումներ են իրականացնում շուրջ 98 տնտեսավարող սուբյեկտ։
Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ խոշոր տնտեսավարող սուբյեկտի մասնաբաժինը շուկայում կազմում է շուրջ 9 տոկոս, մնացած տնտեսավարողները ունեն 5 տոկոս կամ ավելի ցածր մասնաբաժին։ Հետևաբար շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ հակամրցակցային համաձայնությունը 90-ից ավելի սուբյեկտների միջև գրեթե անհնար է։
Նշենք նաև, որ առկա տվյալներով՝ ընթացիկ տարվա հունիսին միջինում ներմուծման գինը կազմել է 102 դրամ, իսկ հուլիսին բարձրացել է՝ կազմելով 140-170 դրամ` կախված տնտեսավարողից և ներմուծման ամսաթվից։
Ընդ որում, նախնական դիտարկումները ցույց են տվել, որ ՌԴ-ի բորսաներում ինդեքսացիոն գները փոխվել են և համահունչ են ՀՀ-ում տեղի ունեցող հեղուկ գազի գնային բարձրացումներին:
Հայաստանը եւ Ադրբեջանը ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ են ներկայացրել
Առնվազն հինգ երկրներ դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ են ներկայացրել, «Իզվեստիա»-ին տեղեկացրել է ՇՀԿ Քարտուղարությունում Իրանի Իսլամական Հանրապետության համակարգող Մեհրդադ Քիաեին։ Այդ երկրներն են Հայաստանը, Ադրբեջանը, Բանգլադեշը, Կամբոջան եւ Շրի Լանկան, տեղեկացրել է «Իզվեստիան»։
«Մի քանի երկրներ անդամակցության հայտ են ներկայացրել, ներառյալ Կամբոջան, Շրի Լանկան, Հայաստանը, Բանգլադեշը, Ադրբեջանը եւ այլն։ Այդ երկրները (բացի Բանգլադեշից) ցանկանում են փոխել երկխոսության գծով գործընկերոջ կարգավիճակը դիտորդով։ Մենք, ըստ էության, պատրաստ ենք դիտարկել այդ հարցը եւ համապատասխան հայտատուների եւ կազմակերպության անդամ պետությունների հետ համաձայնեցմամբ գալ մի ինչ-որ եզրահանգման»,- ասել է Մեհրդադ Քիաեին։
Նրա խոսքով՝ «սկզբում նրանք պետք է դառնան դիտորդներ եւ դրանից հետո միայն կարող են լինել լիարժեք մասնակիցներ»։ Բանգլադեշը չի մտնում երկխոսության գծով գործընկերների մեջ, բայց դիտորդի կարգավիճակի ճանապարհին այդ փուլը կարելի է շրջանցել, նշել է Մեհրդադ Քիաեին։ Դրա համար անհրաժեշտ է կազմակերպության բոլոր անդամների համաձայնությունը։
Մինչ Փաշինյանը հայտարարում է, որ Եվրոպա գնալու ժամանակը չէ, իսկ արեւմտամետ իշխանամետերը ուրախանում են, որ մի քանի տարի հետո ԵՄ-ն կազատականացնի վիզահին ռեժիմը հայերի համար, Փաշինյանը դու մի ասա գնում է ՇՀԿ։ Ай да Пашинян, ай да… ինչպես կասեր դասականը։
Բաքուն պնդում է, որ Փաշինյանը հրաժարվել է հանդիպել Ալիևի հետ, Երեւանը հերքում է
Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը լրագրողներին ասել է, որ բրիտանական կողմն առաջարկել է Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնել։
Կողմերից ոչ մեկը նախկինում պաշտոնապես չէր հայտարարել նման հանդիպման հնարավորության մասին։
«Հանդիպումից Հայաստանի վարչապետի մերժումը նահանջ է խաղաղության օրակարգից»,- ասել է Հաջիևը։
Երևանում ուժեղ քամին կոտրել է ծառեր ու պոկել տանիքներ
ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 17-ին, ժամը 22:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ուժեղ քամուց ծառը կոտրվել և ընկել է էլեկտրական լարերի վրա։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Փրկարարները մասնատել են ծառը։
Նույն օրը ժամը 22:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ուժեղ քամուց տանիք է պոկվել և ընկել գազատար խողովակի վրա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ երկաթե թիթեղը պոկվել և ընկել է գազատար խողովակի վրա, վերջինս վնասվել է, առկա է գազի արտահոսք։
Փրկարարները հեռացրել են երկաթե թիթեղը՝ 50 քմ։ Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը»,-«Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից։
Հուլիսի 18-ին, ժամը 00։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն այլ ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում ծառն ուժեղ քամուց կոտրվել, ընկել է և խոչընդոտում է երթևեկությունը, անհրաժեշտ է օգնություն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհից։
ՀՀ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի
Հուլիսի 13-16-ը Հայաստանում էր Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան։ «Հետք»-ի հետ զրույցում Զեյան խոսել է հայ-ամերիկյան համագործակցության, ամերիկյան միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների, արցախցիների վերադարձի իրավունքի, Արցախի հայկական ժառանգության պահպանման և Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների մասին։
Հարցին՝ կարո՞ղ է հաստատել այն տեղեկությունը, թե որոշում կա, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի Հայաստանի Պաշտպանության նախարարությունում, Զեյան պատասխանել է․
«Լուրը հաստատում եմ։ Դա ողջունելի զարգացում է, կարող եք մանրամասները ճշտել մեր դեսպանից և լրատվական թիմից։ Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև պաշտպանա-քաղաքացիական և անվտանգային համագործակցության խորացումը։ Սա ևս մատնանշում է հայ-ամերիկյան հարաբերություններում նոր՝ ռազմավարական գործընկերության փուլ թևակոխելու պատմական փաստը»։
«Աշխարհակարգը փոխելու» Բայդենի փորձերը կարող են ազդել նրա առողջության վրա, ինչպես 1919թ.-ին Վիլսոնը 6 ամսով հեռացավ իշխանությունից
Հուլիսի 17-ին Ջո Բայդենը հայտարարեց, որ կորոնավիրուսի թեստ է հանձնել և պարզվել է, որ դրական է։ Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է X սոցցանցում։ Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ իրեն լավ է զգում և կհայտնվի ինքնամեկուսացման մեջ, թեկուզ խոստացել է շարունակել աշխատել Ամերիկայի ժողովրդի համար։
Միևնույն ժամանակ հայտնի դարձավ, որ դեմոկրատները ճնշում են գործադրում Բայդենի վրա, եւ ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի իրենց առաջնորդներ՝ Չակ Շումերը և Հեքիմ Ջեֆրիսը մասնավոր կերպով դիմել են նախագահին՝ կոչ անելով նրան դուրս գալ ընտրապայքարից։
ԱՄՆ-ում ստեղծվում է մի իրավիճակ, երբ նախագահի երկու հիմնական հավակնորդները սկզբունքորեն հակադիր հայեցակարգեր են քարոզում: Բայդենը խոսում է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո ի հայտ եկած ներկայիս աշխարհակարգի փոփոխության մասին, մինչդեռ Թրամփը պնդում է, որ ներկայիս կարգը պետք է ամրապնդվի և “Ամերիկան դարձյալ հզոր, բայց մեկուսացված դարձնի։
Ներկայիս աշխարհակարգը կառուցված է մի քանի սյուների վրա՝ ածխաջրածնային էներգիա, զենքի արդյունաբերություն, իսրայելակենտրոն ՄԱԿ, ոչ դինաստիկ իշխանություն և հավասար իրավունքներ: Այս աշխարհակարգի հեղինակն իրավամբ համարվում է ԱՄՆ նախագահ, դեմոկրատ Վուդրո Վիլսոնը, ով լինելով պացիֆիստ, 1917թ.-ին որոշեց, որ ԱՄՆ պետք է մտնի Առաջին համաշխարհային պատերազմ։ Նա կոչ արեց «պատերազմ հայտարարել բոլոր պատերազմներին վերջ տալու համար», ապա առաջարկեց նոր համաշխարհային կարգի «Տասնչորս կետ», որը հանգեցրեց Ազգերի լիգայի ստեղծմանը: 14-րդ կետն էր՝ «Ազգերի ընդհանուր միջազգային միության ստեղծում՝ ինչպես մեծ, այնպես էլ փոքր պետությունների ամբողջականությունն ու անկախությունը երաշխավորելու համար»։
Վիլսոնի առաջարկը հակասական արձագանք առաջացրեց ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ նրա դաշնակիցների մոտ։ Նա համոզված էր, որ «…եթե աշխարհն իսկապես խաղաղություն է ուզում, նա պետք է հետևի Ամերիկայի բարոյական ցուցումներին»։ Վիլսոնի դեմոկրատական դոկտրինան թույլ է տալիս ամերիկյան ռազմավարական վերահսկողության հաստատումը և ամերիկյան արժեքների (ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, ազատ ձեռնարկատիրություն) տարածումը տեսականորեն ամբողջ աշխարհում։ Հենց Վիլսոնին էր պատկանում Հայկական գործի արբիտրաժը, որը դարձավ Սեւրի պայմանագրի հիմքը։ Սույն պայմանագրով Հայաստանի տարածքը կազմել է 160 հազար քառ. կմ։ Եվ այս հարցում Ազգերի լիգայի զեկույցը Հայաստանի սահմանները սահմանող միակ օրինական փաստաթուղթն է։
Վիլսոնի առաջարկներն իսկապես հեղափոխական էին, քանի որ դարեր շարունակ ինքնիշխան պետությունը անձնավորված էր միապետներիի մեջ, միջազգային հարաբերությունները գտնվում էին դինաստիաների ձեռքում։
Չնայած հարյուր տարի է անցել, տոհմական և «ժողովրդավարական» կառավարման միջև պայքարը շարունակվում է, և այժմ այն անձնավորվում է Բայդենի և Թրամփի մեջ:
100 տարի առաջ, 1919 թվականին, երբ գումարվեց Փարիզի կոնֆերանսը, Վիլսոնը ծանր հիվանդացավ և 6 ամսով չէր կարողանում կառավարել, մինչ աշխարհակարգը կառուցվում էր իր ծրագրի համաձայն։ Ինչպես նշում են պատմաբանները, այս 6 ամիսները ԱՄՆ ղեկավարել են նրա կինը և «գնդապետ Հաուսը», որը մեծ ազդեցություն է ունեցել Վիլսոնի վրա։ Վիլսոնի հիվանդության պաշտոնական վարկածը ինսուլտ է, սակայն դիտարկվում են նաև դավադրության տեսություններ։
Հաուսը մասնակցեց 1919 թվականի Փարիզի կոնֆերանսին և Ազգերի լիգայի ստեղծմանը, սակայն դրա աշխատանքի ընթացքում նրա և նախագահի միջև ծագեցին լուրջ քաղաքական տարաձայնություններ. Հաուսը գնաց փոխզիջումների, որոնք անընդունելի էին Վիլսոնի համար:
Այժմ նմանատիպ իրավիճակ է ստեղծվում Միացյալ Նահանգներում, որտեղ աշխարհակարգը «փոխելու» Բայդենի մտադրության դեմ հակադրությունը կարող է ազդել նրա առողջության վրա:
Զանգեզուրի «առումը». Ռուսաստանն արդեն վճարել է արցախյան կյանքով ու հողով
Կապան
Ռուսաստանի կառավարությունը հուլիսի 1-ին հրաման է արձակել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր մի շարք հայտարարություններ արեց՝ ի ցույց դնելեվ, որ Մոսկվան շտապում է տոտալ վերահսկողություն հաստատել տարածաշրջանի, այդ թվում՝ Իրանի նկատմամբ։ Մոսկվան բացահայտ սկսեց Զանգեզուրի առումը։
Սա տեղի է ունենում մի ուշագրավ օր. Փաշինյանն ու Ալիևը գնացել են Լոնդոն՝ հանդիպման և «դժվար փոխզիջումների» հեռանկարով, որոնց մասին խոսել է Մեթյու Միլլերը՝ ԱՄՆ Պետքարտուղարությունից։ Այս հանդիպման նախօրեին հայ վերլուծաբանները խոսում էին երկու «փոխզիջումային» պատմություններիմասին՝ Հայաստանի Սահմանադրությունը և Զենգեզուրի միջանցքը։ Որոշ փորձագետներ երկու հարցն էլ լուծված են համարել՝ Հայաստանը համաձայնել է միջանցքի բացմանը, բայց իբր ամերիկյան վերահսկողության տակ, իսկ Բաքուն, կարծես թե, համաձայնել է հրաժարվել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջից։
«Փոխզիջման» հավանականությունը, երբ Հայաստանը հրաժարվում է իր ինքնիշխանությունից և իբր պահպանում է Սահմանադրությունը, իսկ Բաքուն ոչինչ չի զիջում, այնքան մեծ է, որ ինքը՝ Կոպիրկինը, տվել է ավելի քան անկեղծ հարցազրույց, որի իմաստը հանգում է նրան, որ Ռուսաստանը ոչ մի տեղ չի գնում և անցնում է ռուս-թուրքական «Լավրովի պլանի» եզրափակիչ փուլին։
Ասելով, որ Ռուսաստանն ունի միայն մեկ գլխավոր հյուպատոսություն Հայաստանում՝ Գյումրիում, «մինչ մեր հայ գործընկերները հյուպատոսական ներկայացուցչություններ ունեն Սանկտ Պետերբուրգում և Դոնի Ռոստովում», Կոպիրկինը ակնարկում է, որ Կապանում «հաստատելուց» հետո Ռուսաստանը կբացի նաև երրորդ հյուպատոսություն՝ ամենայն հավանականությամբ, Սեւանի հյուսիսային ափին։
Այդ ընթացքում դեսպանը, ում անունը հպարտությամբ կրում է Հայաստանի խորհրդարանը, վիրավորել է հպարտ սյունեցիներին՝ նշելով, որ «տեղի բնակիչները անկեղծ հետաքրքրություն են ցուցաբերում խմբի կողմից իրականացվող մարդասիրական գործունեության նկատմամբ։ Դրանցից են երեխաների նվերների բաժանումը, ռուսերենով շարադրությունների մրցույթները դպրոցականների համար, մշակութային միջոցառումներ տեղի արվեստի քոլեջում, տեղական պատմության թանգարաններում, հյուպատոսական հարցերի վերաբերյալ սեմինարներ բնակչության համար»։
Նա նշեց, որ 2022 թվականից «Կապանում գործում է Իրանի գլխավոր հյուպատոսությունը, որի հետ հաստատվել են աշխատանքային կապեր, այդ թվում՝ Մոսկվա-Երևան-Թեհրան եռանկյունում փոխգործակցության զարգացման շրջանակում։ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը հայ-իրանական սահմանները պահպանող ՌԴ սահմանապահների հետ լրացուցիչ ներդրում կունենա հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման գործում»։
Կոպիրկինը նշել է, որ Սյունիքի մարզը «դարպաս» է Հայաստանի և Եվրասիական միության միջև Իրանի հետ առևտրի համար։ Այսպիսով, Ռուսաստանի խրոխտ դեսպանը նշում է, որ այստեղ ուրիշների համար տեղ չկա, ռուսներն ու իրանցիները ոչ մի ամերիկացիի Սյունիք չեն թողնի։
Նա անսպասելիորեն հիշեցրեց, որ Ռուսաստանը «իր օրակարգում չունի Զանգեզուրի միջանցքը ճեղքելու» մտադրություն։ Ինչպես հայտնի է, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով զբաղվում է Եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ»։
Այստեղ պետք է խորը դադար անել. արդեն մի քանի ամիս է, ինչ Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ աշխատանքային խմբի նույնիսկ հետք չի երեւում, և «բանակցություններ» են ընթանում Երևան-Բաքու ձևաչափով։ Հիշեցնելով եռակողմ խմբի մասին, դեսպանը պատռում է դիմակները և մատնանշում, որ այս ամբողջ երկկողմանի «ինքնիշխան» կրկեսը կազմակերպվել են Կրեմլի թույլտվությամբ, իսկ սիրելիները նախատում են՝ զուտ հաճույքի համար։
Ինչպես Պրահայում Եվրոպական համայնքի գագաթնաժողովում լեգիտիմացվեց 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, այնպես էլ Լոնդոնում կարող են օրինականացվել Հայաստանի տարածքով ռուսական վերահսկողությամբ թուրքական միջանցքը և Հայաստանի մասնատումը։ Այս «բանկետի» համար արդեն վճարել են արցախցիներն ՝ իրենց կյանքով, հազարամյա հողով, նախնիների շիրիմներով։
Նաիրա Հայրումյան
Radar. 29 արցախյան ընտանիք ստացել է բնակապահովման հավաստագիր
Հունիսի 14-ին կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։ Հունիսի 15-ից սկսած՝ շահառուները արդեն կարող էին առցանց դիմումներ ներկայացնել:
Ծրագրի իրականացման կարգը հաստատելուց մեկ ամիս անց Radar Armenia-ն փորձել է մանրամասներ պարզել ծրագրի իրականացման վերաբերյալ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ի պատասխան Radar Armenia-ին ասել են. «ԼՂ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում այս պահի դրությամբ ստացվել է 285 դիմում․ 29-ը հաստատվել և ստացել է հավաստագիր, մնացածը մշակման փուլում են (կան մերժված դիմումներ՝ պայմանավորված դիմումատուների՝ ծրագրի պայմաններին անհամապատասխանությամբ)»։
Նշենք, որ հուլիսի 15-ից բացվել է նաև բնակելի տուն կառուցելու ցանկություն ունեցողների համար հարթակը:
Սոցհարցերի նախարարությունից նաև հայտնել են, որ ԼՂ առանձին շրջաններից տեղահանված անձանց բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմել և հավաստագիր են ստացել 3946 ընտանիք, որոնցից 3025-ն արդեն իսկ իրացրել են իրենց հավաստագրերը (հավաստագրի իրացման վերջնաժամկետը՝ 2025թ. հուլիսի 1):
Հիշեցնենք՝ օգոստոսի 1-ից արդեն կկարողանան դիմումներ ներկայացնել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք ունեն գործող հիփոթեքային վարկ։
«Տուն» հիմնադրամ․ աջակցել արցախցիներին բնակարանային հարցում
«Տուն» հիմնադրամը Երևանում գործում է 2024թ. հուլիսից: Հիմնադրամի հիմնադիր Միխայիլ Վեկլենկոյի խոսքով` “ավելի քան 100 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տներն Արցախում և տեղափոխվել Հայաստան: Մենք նախաձեռնում ենք աջակցել արցախցի այս փախստականներին բնակարանային խնդիրների լուծման հարցում: Մեր թիմը ներառում է տարբեր ծագում ունեցող ճարտարապետներ, տնտեսագետներ, իրավաբաններ, ակտիվիստներ և կամավորներ, որոնք բոլորն էլ առաջնորդվում են մեկ առաքելությամբ՝ ապահովել Արցախի ժողովրդին մշտական բնակություն Հայաստանում:
Հայաստանը դրական առաջընթաց է գրանցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը և զբաղվածությունը, սակայն բնակարանային պայմանները մնում են կարևորագույն խնդիր փախստականների համար:
Մեր նպատակն է փրկօղակով ապահովել կարիքավորներին՝ առաջարկելով նրանց մշտական բնակարան, որը կտա բարեկեցություն և վստահություն կհաղորդի ապագան պլանավորելու համար”:
Հիմնադրամի նորանշանակ տնօրեն Հարութ Մնացականյանը նշել է, որ ծրագրից օգտվելու համար նախապատվությունը տրվելու է գյուղատնտեսությամբ զբաղվող ընտանիքներին. “Մենք նախաձեռնել ենք ծրագիր, ըստ որի նախատեսվում է Երևան քաղաքից շուրջ 50 կմ շառավղով հեռավորության վրա, այն բնակավայրերում, որտեղ կան համապատասխան ենթակառուցվածքներ` դպրոց, մանկապարտեզ, գազ, լույս, ջուր, համապատասխան հողատարածք գնել և այդ հողատարածքը վերաձևակերպել հավասար մասերի, ապահովել բոլոր ենթակառուցվածքներով ու այն անվերադարձ տրամադրել արցախցի այն ընտանիքներին, ովքեր պատրաստ են ապրել գյուղական համայնքում և զբաղվել գյուղատնտեսությամբ: Հաշվի առնելով, որ մենք ծրագրի շրջանակներում համագործակցում ենք նաև այլ հիմնադրամների հետ, որոնք պատրաստ են գյուղատնտեսական ծրագրեր իրականացնել այդ ընտանիքների համար, ապա գյուղատնտեսությամբ զբաղվելու փորձը այն պայմաններից մեկն է, որը մենք օգտագործելու ենք այդ ընտանիքներին ընտրելու հարցում”:
“Այժմ հիմնադրամը նախաձեռնել է դրամահավաք, որի նպատակն է ուշադրություն սևեռել մարդկանց խնդիրների վրա, որի միջոցով մենք կկարողանանք օգնել մարդկանց իրենց հայրենիքում տուն կառուցել: Գիտենք, որ տուն կառուցելը շատ մեծ և ֆինանսապես ծանր գործ է: Դրա համար որոշել ենք այդ բեռի մի մասը մեզ վրա վերցնել: Պետությունն իրականացնում է սերտիֆիկատների միջոցով աջակցություն, սակայն դա բավարար չէ տուն կառուցեու համար, և մենք որոշել ենք, որ կապահովենք հողատարածքով, իսկ բեռի մի մասն ընտանիքը պետք է պատրաստ լինի իր վրա վերցնել: Մյուս ծրագրի միջոցով նաև գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն կլինի, և քաղաքացին կկարողանա իր ապագան կերտել ՀՀ-ում, ոչ թե բռնել գաղթի ճամփան”:
Տաթև Ազիզյան


