Ինչո՞վ է պայմանավորված Եվրոպայի «հատուկ» վերաբերմունքը ահաբեկչական ադրբեջանի նկատմամբ

Հայտնի է դարձել, որ ԵՄ անդամակցության թեկնածու են դարձել Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը։

Ուրախալի է, որ մեր տարածաշրջանին մոտ գտնվող երկրները հնարավորություն են ստացել դառնալու քաղաքակիրթ աշխարհի մաս, ինչպես մենք սովոր ենք դիտարկել Եվրոպան։

Արևմտյան, այդ թվում՝ եվրոպական արժեքների մասին խոսելիս շատերը, այդ թվում նաև մենք՝ հայերս, նկատի ունեն ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, կոնվենցիաները, հռչակագրերը և այն ամենը, ինչի հիման վրա հաստատվել է աշխարհակարգը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Բայց, ըստ երևույթին, վեհ հարցերն ու հասկացությունները որոշակիորեն կորցնում են իրենց իմաստն ու ուժը, երբ հարցը վերաբերում է հայ ժողովրդի, մասնավորապես՝ նրա արցախյան հատվածի իրավունքներին։

Որքան գիտենք, Եվրամիությանն անդամակցելը երկար և բարդ գործընթաց է, և նույնիսկ Ուկրաինան, որը կրում է ռուսական ագրեսիայի ծանրությունը հանուն ժողովրդավարության, ստիպված էր սպասել գրեթե երկու տարի, մինչև նրան տրվեր ԵՄ դառնալու հնարավորություն։ Ակնհայտ է նաև, որ Վրաստանը կանգնած է բազմաթիվ պայմանների առաջ, որոնցից շատերը բաղկացած են եվրոպական արժեքներին համապատասխանելու պահանջներից։

Սակայն, դատելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման Եվրամիության մոտեցումներից, նկատելի է որոշակի իներցիա և անատամություն, որը դրսևորում է Եվրամիությունը ահաբեկչական, ֆաշիստական ​​ադրբեջանի նկատմամբ, որը 6 ցեղասպանություն և Արցախի էթնիկ զտումներ է իրականացրել անցած 35 տարիների ընթացքում, սակայն շարունակում է մնալ Եվրոպայի խորհրդի և այլ միջազգային կառույցների մաս:

Ավելին, Եվրամիության նախագահ Շառլ Միշելը «վախենում է» խոսել ժողովրդավարական ճանապարհով ստեղծված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի անթույլատրելիության մասին, ինչին անթաքույց դիմում է ադրբեջանի կողմից։ Իսկ մի քանի օր առաջ նա ավելի հեռուն գնաց՝ Արցախի բնիկներին անվանելով «ազգային փոքրամասնություն», որի իրավունքները պետք է ապահովվեն ադրբեջան կոչվող ահաբեկչական կազմակերպության սահմանադրության համաձայն։

Եվ սա չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի Հանրապետությունը) երբեք չի եղել անկախ ադրբեջանի կազմում, Արցախի բնակիչները չեն մասնակցել այդ միավորի ստեղծմանը, հանրաքվեներին և ընտրություններին չեն մասնակցել ավելի քան 30 տարի, չնայած այն հանգամանքին, որ Արցախում ծնվել է հայության մի ամբողջ սերունդ, որը բացարձակապես կապ չունի այս պետության հետ։

Այսպիսով, ի՞նչ պետք է անենք «եվրոպական արժեքների» հետ։ Իսկ ինչո՞վ են դրանք տարբերվում բացառապես տնտեսական ու բռնապետական ​​շահերով առաջնորդվող ավտորիտար երկրների արժեքներից։

Մենք ուրախ ենք Եվրամիության անդամության երեք նոր թեկնածուների համար։ Բայց ենթագիտակցության մեջ ինչ-որ տեղ մտքեր են հայտնվում այն ​​մասին, թե այդ երկրներն ինչպե՞ս են նայելու իրենց հարեւանների՝ հայերի խնդիրներին։ Կդառնա՞ն նրանք ժողովրդավարական արժեքների ջատագովներ, թե՞ իրենց շահերը կհետապնդեն նաև ժողովրդավարության և եվրոպական արժեքների բաղձալի ճանապարհին ոչ պակաս արած ու տուժած հայ ժողովրդի շահերի ու իրավունքների հաշվին։

Մարգարիտա Քարամյան

Անձնագրում ելքի կնիքի պահանջը հանվում է 2024 թ. հունվարի 1-ից. ՆԳՆ

Հայաստանից դուրս գալու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ ՀՀ քաղաքացիների անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում (ելքի կնիք) կատարելու վերաբերյալ պահանջը չի գործելու 2024 թ. հունվարի 1-ից։

2023 թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ կառավարությունն ընդունել է փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան որոշում, համաձայն որի՝ 2024 թ. հուվարի 1-ից ՀՀ տարածքից դուրս գալու համար ՀՀ քաղաքացիները կազատվեն իրենց անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում կատարելու պահանջից։

Մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ՀՀ սահմանը հատող անձանց համար կարգավորումը դեռ գործում է, և կնիքի առկայությունը անձնագրում պարտադիր է։

Նշված փոփոխությունների մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես ծանուցել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին։

Գործնականում հնարավոր է, որ առանձին պետությունների որոշ սահմանային անցակետերում անձնագրային հսկողություն իրականացնող աշխատակիցները դեռևս պատշաճ կերպով իրազեկված չլինեն այս փոփոխությունների մասին։ Նման դեպքերում ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքի ստորև նշված հղումներից՝ որպես օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման պահանջի վերացման պաշտոնական ապացույց։

Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի հերթական համերգը

Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի սաների համար դեկտեմբերի 14-ը կարևոր օր էր։ Նրանք համերգով ներկայացրին իրենց կրթօջախը։

85 տարվա պատմություն ունեցող դպրոցն այսօր տերերին չի պատկանում։ Ավանդույթներ դպրոցը շատ է ունեցել։ Այս անգամ Կոնստանտին Սարաջյանի անվան դպրոցն էր իր դռները բացել և աջակցություն ցույց տվել Կոմիտասի անվան դպրոցին։

Համերգը սկսվեց նահատակների հիշատակը մեկ րոպե հոտնկայս հարգելով։

«Դժվար է ուժ հավաքել, ուշքի գալ։ Մեր սաներից շատերի ընտանիքներում զոհեր կան, բայց նրանք այսօր էլ ցավը սրտներում բեմ են բարձրանում․․․ Մեծ հույս ունենք, որ մի օր կունենանք մեր անկյունը․․․», -ասում է որդուն պայթյունի հետևանքով կորցրած տնօրեն Զարինե Բաբայանը։

Վլադիմիր Գասպարյանը, որը 7 տարի սովորել էր դպրոցում, սեպտեմբերի իրադարձությունների պատճառով հայրիկին է կորցրել։ Նրա խոսքով՝ ինքն այլևս չի հաճախելու դպրոց, քանի որ սովորելու է Հրազդանում՝ Առնո Բաբաջանյանի անվան դպրոցում, բայց միշտ պատրաստ է օգնելու իր հարազատ կրթօջախին։

12 տարեկան Անահիտ Գրիգորյանը 7 տարի դաշնամուր է նվագել հարազատ դպրոցում։ Այս օրերին էլ հետ չմնալու համար ուրիշ դպրոց է հաճախում, բայց շատ է ուզում Արցախից ընկերների և ուսուցիչների հետ անցնել այդ ուղին։

Դաշնամուրի ուսուցչուհի Ալվինա Դանիելյանի խոսքով ՝սա իրենց առաջին համերգը չէ։ Նախորդ անգամ «Մխիթար Սեբաստացու» անվան կրթահամալիրում էին հանդես եկել։ Դպրոցի պահպանումը անձնակազմի և սաների առաջնային նպատակներից է։

«Հայրենիքի կարոտից խեղդվելով այսօր հավաքվել ենք այստեղ՝ միաբանված մեկ գաղափարի շուրջ՝ ապացուցել, որ մենք վկա, Արցախը կա․․․»,-այս խոսքերով ավարտեցին համերգը երեխաները։

Տաթև Ազիզյան

Կամ Քարվաճառը պիտի միավորվի Հայաստանին, կամ Արցախը պետք է ժամանակավոր անկախ կարգավիճակ ունենա՝ մինչեւ Հայաստանի հետ միանալը

«Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ տնօրեն Դավիթ Եղիազարյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե քարվաճառցիների կորցրած գույքի գույքարգում իրականացվե՞լ է։

Step1.am-ի տեղեկություններով՝ Արցախի կառավարությունը արցախցիների ունեցվածքի գույքագրում դեռ չի իրականացնում։ Դավիթ Եղիազարյանը ներկայացրեց, թե ինչ իրավիճակ է եղել այս հարցով 2020 թվականից, երբ Քարվաճառը հանձնվեց։

«Արցախի կառավարման մարմիններում, ինչպես հիմա է խառնաշփոթ, այնպես էլ այն ժամանակ էր այդ խառնաշփոթը։ Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդհանուր գույքագրում իրականացնելու փորձ արվել է, բայց քանի որ դա արվում է զուտ ծխամատյանների, գրանցամատյանների հիման վրա, անճշտություններ էլ են լինում։ Եղել են դեպքեր, որ մարդիկ սխալ ցուցակներում են հայտնվել, բայց քանի որ ժամանակ կար, այդ ընթացքում որոշ շտկումներ հնարավոր է եղել անել։ Բայց այս վերջին տեղահանվածների մասով դեռ խնդիրը նոր է, էլի այդ նույն խառնաշփոթն է պետական մարմիններում։ Դեռ օդից կախված են որոշ մարդիկ, բայց ես հույս ունեմ, որ ոչ շատ երկար ժամանակի ընթացքում այդ հարցը կկարգավորվի»,- ասաց նա։ Դավիթ Եղիազարյանի խոսքով՝ արցախցիների գույքի գույքագրումը շատ կարեւոր է, քանի որ դա իրավական հիմք է ստեղծում՝ գույքի համար հետագա իրավական գործընթացներ իրականացնելու։

Մեր զրուցակիցը նաեւ անդրադարձավ հարցին, թե ո՞ր պայմաններում քարվաճառցիները կհամաձայնեն վերադառնալ Քարվաճառ։ «Եթե Քարվաճառն Ադրբեջանի կազմում է լինելում, անհնար է այնտեղ հայ մարդու՝ անվտանգ ու ապահով ապրելը։ Այսինքն՝ կա՛մ պետք է լինի Քարվաճառի միացումը մայր Հայաստանին, կա՛մ Արցախը պետք է ժամանակավոր անկախ կարգավիճակ ունենա՝ մինչեւ Հայաստանի հետ միանալը։ Բայց այլ պետության կազմում անհնար է պատկերացնել այնտեղ հայերի ապահով ապրելու հնարավորությունը։ Մինչեւ այս պայմանները չապահովվեն, քարվաճառցիների մեծամասնությունը վերադարձը չի պատկերացնում»,- ասաց նա։

Ըստ Դավիթ Եղիազարյանի՝ ներկա փուլում այդ պայմանների ապահովման հնարավորությունը չի տեսնում, բայց գործընթացներն այլ ուղղությամբ կարող են զարգանալ, պետք է պատրաստ լինել նաեւ այլ զարգացումների։ «Արցախի հարցը դեռ փակված չէ, եւ պետք է հարցն անընդհատ արծարծել, իրավական հարթության վրա պահել՝ մինչեւ կլինեն աշխարհաքաղաքական հարմար պայմաններ։ Աշխարհում շատ երկրներում կան նման խնդիրներ, եւ դեպքեր են եղել, երբ հնարավոր է եղել տասնամյակներ հետո հարմար աշխարհաքաղաքական պայմանների դեպքում  հիմնախնդիրը հետ բերել օրակարգ»,- հավելեց նա։

Արցախցիները 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան համար կստանան 300,000, 3-րդի և 4-րդի համար` 1մլն դրամ․ փոխնախարար

news.am

Մայրության նպաստ նշանակվում և վճարվում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, ովքեր ԼՂ-ից տեղահանվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի, այսինքն՝ 140 օրվա կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում և մայրության նպաստ նշանակելու համար դիմել են 2023 թվականի դեկտեմբերի 1-ից հետո 140 օրվա ընթացքում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, մամուլի ասուլիսում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

Նրա խոսքով, մայրության նպաստ նշանակվում եւ վճարվում է նաեւ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստական շահառուին, եթե նա փախստականի կարգավիճակ ձեռք է բերել հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի՝ 140 օրվա կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում և մայրության նպաստ նշանակելու համար դիմել է 2023 թ. դեկտեմբերի 1-ից հետո 140 օրվա ընթացքում:

Դավիթ Խաչատրյանը նաև պատասխանել է հաճախ հնչող այն հարցին, թե արդյոք ԼՂ-ում գործող սոցիալական երաշխիքների չափերը նույնական են ՀՀ-ում իրենց համար նախատեսված սոցիալական երաշխիքների չափերին և տեղեկացրել, որ Հայաստանում մեր հայրենակիցներին սոցիալական երաշխիքներ նշանակվում և վճարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափով և կարգով:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի հետ կապված՝ փոխնախարարն ընդգծել է, որ այս դեպքում նույնպես նպաստը տրամադրվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափով և կարգով: Ըստ այդմ՝ 1-ին և 2-րդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվում է 300 000 դրամ միանվագ նպաստ, 3-րդ և 4-րդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվում է 1 000 000 մլն դրամ միանվագ նպաստ, 5-րդ և հաջորդող երեխայի ծննդյան դեպքում տրամադրվում է 1 500 000 դրամ միանվագ նպաստ:

Ինչ վերաբերում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար նախատեսված նպաստին, Դավիթ Խաչատրյանը նշել է, որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած փախստականին օրենքով նշանակվում և վճարվում է 2023 թ. հոկտեմբերի 1-ից ոչ շուտ: Այս դեպքում նույնպես գործում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգն ու չափը, այսինքն՝ 37 500 դրամ ամենամսյա չափով մինչև երեխայի 2 տարեկան լրանալը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն անդրադարձել է նաև այն հարցին, թե ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք որ դեպքում կարող են օգտվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ 2022 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխայի դեպքում մինչև երեխայի 6 տարին լրանալը 50 000 դրամ աջակցությունից: Դավիթ Խաչատրյանի ներկայացմամբ՝ այդ աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիություն ունենալ, այսինքն՝ երեխան և դիմող ծնողը պետք է հանդիսանան ՀՀ քաղաքացի: Դավիթ Խաչատրյանի պարզաբանմամբ՝ դա նպաստի տեսակ չէ, այլ ՀՀ կառավարության կողմից ընդունված ծրագիր, որով աջակցություն է ցուցաբերվում այն ընտանիքներին, ովքեր ունեն 2022 թվականից հետո ծնված երրորդ և հաջորդող երեխաներ:

ԱՄՆ դեսպանը հանդիպել է ԼՂ երիտասարդների հետ

Դեկտեմբերի 15-ին դեսպան Քվինը հանդիպեց Լեռնային Ղարաբաղի երիտասարդների հետ՝ քննարկելու նրանց առջև ծառացած մարտահրավերներն ու Հայաստանում քաղաքացիական ներգրավվածության միջոցով ավելի մեծ ինտեգրման հնարավորությունները։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

Տեղահանվածների իրավունքները պետք է ճանաչվեն և պաշտպանվեն ոչ միայն այս շաբաթ նշվող Մարդու իրավունքների պաշտպանության օրը, այլև յուրաքանչյուր օր:

Ազգային ժողովն ընդունո՞ւմ է Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, թե՞ վիճարկելու է այն

Արցախի Ազգային ժողովն օրերս հանդես էր եկել հայտարարությամբ՝ շեշտելով, որ Ադրբեջանը ստիպել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին՝ ստորագրել Արցախի լուծարման մասին փաստաթուղթ։ Step1.am-ի թղթակիցը Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանին հարց ուղղեց՝ այսպիսով Արցախի Ազգային ժողովն ընդունո՞ւմ է Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, թե՞ վիճարկելու է այն։

«Անձամբ ես բազմիցս ասել եմ, որ Սամվել Շահրամանյանի այդ հրամանագիրն առ ոչինչ է։ Մարդը, որը լիազորություն չունի նման փաստաթուղթ ստորագրել, հետեւաբար, այդ փաստաթուղթը չի կարող հետագայում հանդիսանալ Արցախի լինել-չլինելու փաստաթուղթը։ Օրինակ բերեմ՝ եթե Հայաստանի մեր հայրենակիցները մի առավոտ արթնանան եւ լսեն, որ Հայաստանի նախագահը ստորագրել է փաստաթուղթը, որով լուծարվում է Հայաստանի Հանրապետությունը, այդ փաստաթուղթն ի՞նչ է նշանակելու, իհարկե, առ ոչինչ է լինելու»,- ասաց Դավիթ Գալստյանը։

Նրա խոսքով՝ Արցախի Ազգային ժողովի հայտարարությունը թող ոչ ոքի համար զարմանալի չլինի, քանի որ Ազգային ժողովի պարտականությունն է նիստեր գումարելը, հայտարարություններ տարածելն ու Արցախի ժողովրդի շահերից հանդես գալը։ «Այդ հայտարարությունը նշանակում է, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ինչպես գործել է, այնպես էլ այսօր է շարունակում գործել։ Եվ հետայսու մեր իրավունքների եւ ժողովրդի կողմից ստացած վստահության քվեի շրջանակում գործելու է մինչեւ իր լիազորությունների դադարումը։ Ազգային ժողովի լիազորությունները չի կարող դադարեցնել որեւէ քաղաքացի, որեւէ պաշտոնյա կամ քաղաքական ուժ»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե Արցախի Ազգային ժողովն անելիք ունի՞ Սամվել Շահրամանյանի հրամանագրի մասով, Դավիթ Գալստյանն ասաց․ «Այո՛, Ազգային ժողովն աշխատում է եւ քայլեր անում է, դուք տեղյակ եք թե՛ հայտարարության, թե՛ մնացած գործողությունների մասին։ Եվ հետայսու ավելի մանրամասն կտեղեկացվեք»։

Ինչո՞ւ արցախցիների թոշակները դեկտեմբերին չեն վճարվի, եւ ինչի՞ համար են այս նվաստացումները

Երեկ հայտնի դարձավ, որ արցախցիների կենսաթոշակները, որոնք խոստացել էին վճարել դեկտեմբերին երեք ամսվա համար՝ հոկտեմբերի 1-ից, կվճարվեն միայն հունվարին։

Արցախցիների թոշակներն ու նպաստները դարձել են յուրօրինակ գործիք, որի օգնությամբ իրականացվում են տարբեր տեսակի մանիպուլյացիաներ՝ հաճախ արցախցիների համար նվաստացուցիչ բնույթի։

Որպես կենսաթոշակ վճարելու, աշխատանքի տեղավորվելու և արցախցիների տարրական իրավունքների իրականացման պայման առաջադրվել է անձնագրում դուրս գրում Արցախի բնակության վայրից և գրանցում ուրիշի բնակելի տարածքում Հայաստանում՝ նաեւ հաստատում, “որ որևէ պետության քաղաքացի չեմ»։ Այսինքն՝ հրաժարում Արցախի հետ առնչությունից։

Դրանից բացի, արցախցիները ստիպված են օրերով հերթ կանգնել անձնագրային և վիզաների բաժիններում, լսել անհարգալից հայտարարություններ և ուրախանալ, եթե «հասցրել են» ներկայացնել իրենց դիմումը և հրաժարվել Արցախի գրանցումից։

Ինչո՞ւ է կենսաթոշակ ստանալը կապվել Հայաստանի տարածքում գրանցման հետ։ Եթե ​​նպատակը կարիքավոր մարդկանց կենսաթոշակներ վճարելն էր, ապա դա միանգամայն հնարավոր էր անել առանց գրանցման. չէ՞ որ Արցախի կենսաթոշակային ռեգիստրն արդեն Հայաստանում է, և կարելի էր խուսափել նվաստացուցիչ ընթացակարգերից։ Բայց նպատակը, ըստ ամենայնի, միայն դա նվաստացնելը չէր։ Թեկուզ պատահական չէ, որ արցախցիներին տարբեր պատրվակներով զրկում են արժանապատիվ աշխատանքից։ Համալսարանի դասախոսները ստիպում են կարել սովորել, տղամարդկանց Երեւանում տաքսի են քշում, իսկ կանայք՝ ժենգյալով հաց ու փախլավա վաճառում։

Բայց խոսքը միայն նվաստացման մասին չէ: Այս տարվա դեկտեմբերին Երևանն ու Բաքուն համաձայնագրով պետք է ստորագրեին «խաղաղության պայմանագիր», որում Արցախի մասին խոսք չպետք է լինի։ Այս համաձայնագիրը “կլուծեր” Արցախի տարածքի հարցը։ Բայց պայմանագիրը չհաջողվեց համաձայնեցնել՝ չնայած գերիների փոխանակմանը։

Տեսակետ կա, որ դա պայմանավորված է նրանով, որ հնարավոր չէր հաղթահարել համաձայնագրի հիմնական խոչընդոտը՝ արցախցիների անքակտելի իրավունքն իր հազարամյա հողի նկատմամբ։ Չնայած այն հանգամանքին, որ արցախցիները Հայաստանում են, նրանք պահպանում են իրենց իրավունքները, որոնք խլվել են բռնի ուժով։ Պատահական չէ, որ արևմտյան երկրները չեն պարտավորվում դառնալ ապագա «խաղաղության պայմանագրի» երաշխավոր․ դա կնշանակի մեղսակից դառնալ հակամարտության ուժային լուծմանը և նախնիների հողի իրավունքների օտարմանը:

Արցախի ժողովուրդը Հայաստանում, չնայած իրավազուրկ լինելուն, «խաղաղության պայմանագրի» անհաղթահարելի խոչընդոտն է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրավիճակը հասցրել է «զրոյական կետի» և այնտեղից է բանակցելու։ Բայց որպեսզի այն դառնա «զրոյական», անհրաժեշտ է, որ այդ տարածքների իրավատերերը՝ Արցախի ժողովուրդը, ինքնակամ հրաժարվի իր իրավունքներից։ Անհրաժեշտ է կանխել արցախցիների հավաքական իրավունքների առաջ տանելը Հայաստանում՝ Արցախի կառավարության, խորհրդարանի, կուսակցությունների կամ հասարակական կազմակերպությունների կողմից։ Պետք է արցախյան հասարակությունը ատոմիզացնել՝ բաժանելով առանձին ընտանիքների, որոնք չունեն ընդհանուր իրավունքներ ու շահեր, ինքնակառավարում, բնակության վայր և ապավինում ՀՀ կառավարության որոշումներին։

Բաքվի լրատվամիջոցները գրում են, որ Ալիևը Փաշինյանից պահանջել է փակել Հայաստանում Արցախի ներկայացուցչությունը, և իբր այս մասին Փաշինյանը կհայտարարի հունվարի սկզբին։ Եվ այդ ժամանակ չի մնա ոչինչ, որը կհիշեցներ արցախցիների հավաքական իրավունքների մասին իր հողի նկատմամբ։

Սկզբում արցախցիներից շատերը կտրականապես հրաժարվում էին փոխել գրանցումը, սակայն այժմ ստիպված են վազել անձնագրային բաժանմունքներ՝ Հայաստանում գումար աշխատելու և սոցիալական աջակցություն ստանալու հնարավորությունը չկորցնելու համար։ Մինչև տարեվերջ նրանք դեռ ստանա թոշակները: Եվ պարզ չէ, թե ինչով կապրեն:

Նաիրա Հայրումյան

Քաղաքացիություն Ուկրաինայում կռվելու դիմաց․ Միգրանտների շուրջկալ Ռուսաստանում

Ռուսաստանում աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել. առաջին անգամ դատարանը Կենտրոնական Ասիայից երկու միգրանտի զրկել է երկրի քաղաքացիությունից՝ զինվորական հաշվառումից խուսափելու համար, հայտնում է Dialog.UA-ն՝ հղում անելով ՏԱՍՍ-ին։

Հաղորդվում է, որ դա տեղի է ունեցել Չելյաբինսկում։ Երկու միգրանտների քաղաքացիությունից զրկելը նախաձեռնել է տեղի ՆԳՆ-ն, որը նախկինում «Ապօրինի միգրանտ» ծածկանունով ռեյդեր էր իրականացրել։ Դրանցից մեկի ժամանակ բռնել են երկու տղամարդու՝ 21 և 24 տարեկան, ովքեր Ռուսաստան են մեկնել աշխատելու համար և ստացել ՌԴ քաղաքացիություն։ ՆԳՆ-ից նրանց հրահանգել են հաշվառվել զինծառայության համար, սակայն եղբայրները հրաժարվել են։ Այժմ նրանց վտարում է սպառնում։

Նշենք, որ ՌԴ նոր օրենքի համաձայն, միգրանտները կարող են արագացված կարգով ստանալ ՌԴ քաղաքացիություն զինծառայության անցնելու դիմաց։

Գազի գինը սահմանին 2024-ին չի փոփոխվի. փոխվարչապետ Գրիգորյան

Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գինը 2024 թվականին չի փոփոխվի, ըստ այդմ չի փոփոխվի սակագինը նաև սպառողների համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Այս պահի դրությամբ մենք ունենք հստակ տեղեկություններ, որ 2024 թվականին սահմանին գազի գինը չի փոխվելու: Եվ վստահ եմ, որ, ըստ այդմ, նաև սակագինը չի փոփոխվի»,-ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետի տեղեկություններով՝ հայաստանյան «Գազպրոմը» մայր «Գազպրոմ»-ի հետ 2024 թվականի համար արդեն կնքել է պայմանագիրը, որով գնի որևէ փոփոխություն նախատեսված չէ:

 Ռուսական գազի գինը սահմանին Հայաստանի համար կազմում է 165 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։

Հայաստանում օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Հայաստանի Հանրապետությունում օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-ի ցերեկը կնվազի 3-5, դեկտեմբերի 18-ի և 19-ի գիշերը՝ ևս 7-10 աստիճանով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

Երևանում դեկտեմբերի 15-ի ցերեկը, դեկտեմբերի 16-ին, 17-ի գիշերը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 17-ի ցերեկը և երեկոյան սպասվում են տեղումներ։

Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 16-ին, 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-ին, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, դեկտեմբերի 18-ի առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում սպասվում է բուք։

Forrights «Ես ո՞նց գնամ երկու կոպեկի համար անձնագրով հրաժարվեմ Արցախից»

Forrights

Գրիգորյանների ընտանիքը Ստեփանակերտից հեռացել է սեպտեմբերի 28-ին՝ Արցախ ադրբեջանական ներխուժումից 9 օր անց։ «Արդեն թուրքը Ստեփանակերտի մատույցներում էր, կրակոցները պարզ լսվում էին, պահը կրիտիկական էր։ Ստեփանակերտից հեռացանք ամսի 28-ին, մնացել էինք էդքան էն հույսով, որ կարող ա բան փոխվի։ Բայց հասկացա, որ չէ, ոչ մի բան էլ չի փոխվի», -Forrights.am-ի հետ զրույցում ներկայացնում է ադրբեջանական հարձակման հետևանքով բռնի տեղահանված Կարեն Գրիգորյանը։

Երկու ընտանիքով Ստեփանակերտից Հայաստան բռնի տեղահանված Գրիգորյանները այնտեղ թողել են փոքր բիզնեսը, խանութն ու հարազատ միջավայրը։ Այստեղ ապրում են Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում, հարազատի տանը, որը շուտով ստիպված են ազատել։

«Երբ գազի պայթյունը տեղի ունեցավ, բժիշկները չէին կարողանում գալ, հասկացանք, որ վերջ, վախտն ա, որ մենք էլ գնանք։ Շատ դժվար էր, քո ձեռով տունը փակես, դուրս գաս։ Մաման վերջում տունը լվաց, ուբոռկա արեց, դուռը փակել ենք, դուրս եկել», -հիշում է Կարենը։ Տան բանալիները, ասում է, իրենց մոտ են․ դրանք անպայման վերադառնալու հույս են տալիս։

39-ամյա Կարեն Գրիգորյանը արցախյան առաջին պատերազմում կորցրել է հորը, հետո ինքն է մասնակցել Արցախում ծավալված բոլոր ռազմական գործողություններին, զինվորական թոշակառու է, ունի 3-րդ կարգի հաշմանդամություն։ Ասում է՝ իր հետ կարողացել է Հակարիով անցկացնել բոլոր շքանշաններն ու ռազմական գործողություններին մասնակցությունը վկայող փաստաթղթերը։

«Արցախում թողեցինք ամեն ինչ, ամեն ինչ, բայց ամենակարևորը՝ մեր տեսակն ենք թողել Ստեփանակերտում, մեր էությունը։ Ճիշտը որ ասեմ ստեղ օդը չի հերիքում, դուրս եմ գալիս տնից, ուզում եմ մաքուր օդ շնչեմ, բայց չեմ կարում, օդի պակաս եմ զգում», -ասում է Կարեն Գրիգորյանը։

Երկու անչափահաս երեխան, կինը և մայրն են Կարենի ընտանիքի անդամները։ Եղբայրն իր ընտանիքի հետ հաստատվել է Երևանում։ Փոքր Վեդիի տունը մոտ ժամանակներում ազատելու պայման է դրված ու առայժմ չեն կարողանում հարմար գնով մի բնակարան էլ իրենք գտնեն մայրաքաղաքում։ Կարենն ու իր ընտանիքը մի ամբողջ կյանք ապրել են Ստեփանակերտում և գյուղական բնակավայրին սովոր չեն։ Ասում է՝ չի կարող զբաղվել հողագործությամբ, անասնապահությամբ ու այժմ անորոշության մեջ է՝ ինչ անել, ինչպես ապրել․ «Գնաս ո՞ւմ ասես՝ ես ով եմ։ Էս տարիքում նորից զրոյից պիտի սկսեմ, չեմ էլ պատկերացնում՝ ինչ անեմ։ Շատ դժվար ա»։

Պետության պահանջը` հաշվառվել Հայաստանում, ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր և հետո միայն օգտվել դրանից բխող իրավունքներից ու ֆինանսական հնարավորություններից, ներքին ընդվզում է առաջացրել Կարեն Գրիգորյանի մոտ․ «Ես ո՞նց գնամ երկու կոպեկի համար անձնագրով հրաժարվեմ Արցախից։ Պետությունն ինձ ասում ա՝ տալիս եմ ժամանակավոր հաշվառում, ու եթե ես վաղը Արտաշատից գնամ ուրիշ տեղ, ընդեղ էլ պետք ա ստանամ ժամանակավոր հաշվառում։ Այսպես ժամանակավոր ինչքա՞ն»։

Կարենին այս օրերին հետաքրքրող միակ հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս է պետությունը պատկերացնում արցախցիների ապագան․«Եթե մեր ապագան չի տեսնում, ավելի ճիշտ կլինի ազնիվ լինեն ու հայտարարեն՝ ժողովու’րդ, ձեր գլխի ճարը տեսեք, որ իմանանք՝ ինչ անել։ Շատերը կան, որ արտագաղթել են, շատերս էլ անորոշության մեջ ենք, մտածում ենք՝ գնա՞լ, թե մնալ։ Ի՞նչ է մեզ սպասվում»։

Հասմիկ Համբարձումյան