Տավուշցիների երեկվա հանդիպումը փոխվարչապետի հետ դրական արդյունք չեն տվել

Տավուշի մարզում Ոսկեպար-Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Երեկ համայնքների ղեկավարները Երեւանում հանդիպում են ունեցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեկվա քննարկումները դրական արդյունք չեն տվել։ «Ասել են, որ որեւիցե բան չի փոխվում, դեռ մի բան էլ ավելի վատ է լինելու, այսինքն՝ ամբողջական հանձնում է տեղի ունենալու՝ փուլային, բայց շատ արագ, օրերի ու շաբաթների ընթացքում։ Շատ կոնկրետ ասել են՝ որեւիցե բան չի փոխվում, եւ դեռ ամեն ինչ շատ վատ է, այդ հանձնումն անկասելի է։ Դա իրենց կարծիքն է, որ անկասելի է, իսկ իրականում անկասելի է, թե ոչ, կապրենք կտեսնենք»,- ասաց Սուրեն Պետրոսյանը։

Նա նշեց, որ քայլեր նախաձեռնվում են, որոնք այժմ չեն ուզում բարձրաձայնել։ Ըստ նրա՝ իշխանությունը փորձում է բոլորին փաստի առաջ կանգնեցնել՝ դրանով զրկելով մարդկանց ինքնակազմակերպվելուց ու գործողություններ անելուց։ «Բայց մի քանի օր սպասեք եւ կտեսնեք՝ ով է ում փաստի առաջ կանգնեցրել։ Փորձել են մարդկանց խաղաղացնել՝ ասելով, որ ամեն ինչ նորմալ է, կգանք կքննարկենք, եւ միանգամից անցել են գործողությունների։ Բայց ես ասում եմ՝ կապրենք կտեսնենք, թե ով է ում փաստի առաջ կանգնեցրել, իրենք են ամբողջ հայ ազգին կանգնեցրել փաստի առաջ, թե՞ մենք ենք իրենց կանգնեցրել փաստի առաջ»,- հավելեց Սուրեն Պետրոսյանը։

 

Արցախցի կինը քարից հաց քամող է, նա կհասնի իր նպատակին

“Ասկերանի զարգացման կենտրոն” ՀԿ-ն շարունակում է իր գործունեությունը

Արցախում գործող հասարակական կազմակերպություններից շատերն իրենց գործունեությունը շարունակում են նաև Հայաստանում։

2023 թվականի դեկտեմբերի 1-ից “Ասկերանի զարգացման կենտրոն” հասարակական կազմակերպությունը վերագրանցվել է նոր՝ “Ասկերանցիներ” համայնքի զարգացման կենտրոն անվանմամբ։

Արցախից բռնատեղահանվելուց հետո ՀԿ նախագահ Ալլա Արզումանյանը չկարողացավ ձեռքերը ծալած նստել, և ինչպես ինքն է ասում, անմիջապես սկսեց նոր ծրագրերի իրականացման մասին մտածել։

– Կազմակերպության գործունեության սկզբունքներն ի սկզբանե եղել են օրինականությունը, խտրականության բացառումը, բարեխղճությունը, անդամների շահերի ընդհանրությունը, ինքնակառավարումը:

2021 թվականից ՀԿ գործունեությունը լայն թափ էր ստացել Արցախում։ Ծրագրեր էինք իրականացնում շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ, աջակցում էինք փոքր և միջին բիզնեսի զարգացմանն Արցախում, իսկ շրջափակման օրերին շարունակում էինք ավելի շատ աշխատել երեխաների հետ՝ կտրելով նրանց տխուր առօրյայից։

Կազմակերպությունն աջակցել ու աջակցում է խոցելի խմբերին, ծնողազուրկ երեխաներին, անապահով ընտանիքներին:

ՀԿ-ում ընդգրկված է հիսուն մարդ՝ տարբեր տարիքային խմբերից, բնակավայրերից: Կազմակերպության մեջ ներգրավված են Ասկերանի շրջանի տարբեր համայնքների բանիմաց ու գործունյա կանայք, որոնք տեղահանվելուց հետո ցանկանում են զբաղվել սեփական գործով։ Ներկա դրությամբ իրականացվում է կանանց հզորացման և զարգացման “Վերածնունդ” ծրագիրը։ 13 կանանց տրամադրվել է փոքր դրամաշնորհ՝ բիզնես սկսելու համար։ Տրամադրված գումարով նրանք ձեռք են բերել էլեկտրական վառարաններ՝ նախատեսված  ժենգյալով հացի, խմորեղեն պատրաստելու համար, վարսահարդարության համար սարքավորումներ, կարի մեքենաներ և այլն։ Կազմակերպության կանայք մասնակցել են վերջերս Երևանում անցկացված “Վըսկէ ծերքեր” փառատոնին։

Հաշվի առնելով, որ այսօր յուրաքանչյուր արցախցի կարիք ունի բարոյահոգեբանական աջակցության, կազմակերպել ենք 6 հանդիպում հոգեբաններ Ռուզաննա Մկրտչյանի և Զառա Հարությունյանի հետ։ Նրանք աշխատել են ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների 2 տարիքային խմբերի հետ։ Կապանում ունենք ևս մեկ խումբ, որի հետ աշխատանքները համակարգում է ՀԿ ակտիվ անդամ Սնեժանա Թամրազյանը։

Կազմակերպվել է նաև բիզնես-դասընթաց, որը վարել է  Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի նախագահ Նանա Հովհաննիսյանը։ Մեր կենտրոնի ձեռներեց կանայք իրենց առաջին քայլերը իրականացրել են հենց նրա խորհուրդների շնորհիվ։ Նրա ուղղորդմամբ կանանց բիզնես գաղափարները վեր են ածվում հաջողված բիզնեսի։

Նախատեսվում են նոր բիզնես ծրագրեր, նոր հանդիպումներ ու քննարկումներ: Մեծ ակնկալիքներ ու հույս ունեմ, որ ՀԿ կանայք կկարողանան ոտքի կանգնել ու զարգացնել իրենց բիզնեսները։ Արցախցի կինը քարից հաց քամող, աշխատասեր ու գործունյա է և անպայման կհասնի իր նպատակին,-ասում է Ա․Արզումանյանը։

Արցախից բռնի տեղահանվելուց հետո կազմակերպությունը բարեգործների աջակցությամբ դրամական օգնություն է տրամադրել առավել խոցելի խմբին, որի մեջ մտնում են պայթյունից տուժածների, զոհվածների ընտանիքներ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Step1.am-ի համար

Բրիտանացի լրագրողները ապշած են․ ինչպե՞ս թե՝ Ղարաբաղը, Տավուշի գյուղերը հայկական հող չեն

Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար: Այս մասին բրիտանական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը, բազկաթոռից պինդ բռնված։

«Հայաստանի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ հավակնություն չունի: Եվ մենք հույս ունենք, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կվերականգնվի»,- ասաց նա։

Փաշինյանը 2020 թվականից բացահայտ փորձում է փակել Արցախի դուռը, բայց այն ամեն անգամ խփում է նրա ճակատին։ Բրիտանացի եւ այլ լրագրողների հարցն այն մասին, թե ինչպես վարվեց ՀՀ վերնախավը իր երկրի մի կտորի՝ Արցախի հետ, դեռ երկար է հնչելու։ Նաեւ որպես հիշեցում Հայաստանի մնացած մարզերի բնակիչների՝ նույնկերպ վարվելու են ձեզ հետ։ Հեշտ ձեւ է՝ հռչակում ես տվյալ տարածքը “ոչ Հայաստան” ու ասում, որ չես կռվելու ուրիշի հողի համար։

Բրիտանացի եւ այլ լրագրողներ, որոնց երկրներում ամեն մետր հողը տեր ունի, ապշում են, թե ինչպես կարող է Օյկումենայի կենտրոնում հազարամյակներ ապրող ազգը հրաժարվել հողատեր լինելուց։ Բա ինչի՞ տեր եք ուզում լինել։

«Մենք պատրաստ ենք սկզբի համար եւս 4 գյուղ հանձնենք Տավուշում»,- ասել է Փաշինյանը։

Նա նկատեց, որ, ինչպես նշել էր մարզային այցելություններից մեկի ժամանակ ԼՂ-ից բռնի տեղահանված մի կնոջ հետ զրույցում, իրատեսական չի համարում հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորությունը։ Փաշինյանը նշեց նաև, որ իր գլխավորությամբ՝ Հայաստանի կառավարությունը փորձել է անել ամեն բան, այդ թվում և 2023 թվականի սեպտեմբերին, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանումը և էթնիկ զտումը տեղի չունենար:

«Բայց մեր ջանքերն արդյունք չտվեցին: Եվ ընդհակառակը, ակնհայտորեն կային ուժեր, որ այդ պայմաններում Հայաստանի Հանրապետությանն ուզում էին ներքաշել պատերազմի մեջ՝ հեռուն գնացող նպատակներով»,- նշեց Փաշինյանը:

Ի՞նչ է նշանակում “որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանումը և էթնիկ զտումը տեղի չունենար”։  Դա ինչպե՞ս էր պատկերացնում Փաշինյանը։

Ավելի վաղ նա ասել էր, որ 2023 թ․ հուլիսին, երբ Արայիկ Հարությունյանն էր դեռ նախագահը, կար հնարավորություն ուղիղ բանակցություններ վարել Բաքվի հետ եւ պայմանավորվել, որ մարդիկ մնան Արցախում։ Սակայն նա չի մանրամասնում, թե ի՞նչ պայմաններով հայերը պետք է մնային Արցախում, որը ինքը՝ Փաշինյանը ադրբեջան է անվանել։

Իսկ սցենարը պարզ էր․ ռուս “խաղաղապահներն” արդեն պատրաստվում էին ֆիլտրացիոն ճամբարներ ստեղծել արցախցի տղամարդկանց համար՝ պարզելու նրանց մասնակցությունը “ռազմական հանցագործություններին”։ Եւ քանի որ Արցախում չկար ընտանիք, որի տղամարդ անդամները մասնակցած չլինեին ինքնապաշտպանության, կստացվեր, որ առական սեռը կհայտնվեր ֆիլտրացիոն ճամբարներում, իսկ կանայք եւ երեխաները “կինտեգրվեյին” ադրբեջանի հետ։ Բոլորը գոհ կլինեյին։

Կա՞ր արդյոք այլ տարբերակ։ Փաշինյանը գիտի, որ չկար։ Արցախցիներն էլ գիտեին, դրա համար մեկ մարդու պես դուրս եկան, խառնելով ոմանց պլանները։ Եւ հիմա էլ ոչինչ չի փոխվել, այդ պատճառով էլ Փաշինյանն ասում է, որ վերադարձը անիրատեսական է։

“Ստեղծված իրավիճակում և այն ընկալումները, որոնք գոյություն ունեն մեր տարածաշրջանում, Ադրբեջանում եւ Լեռնային Ղարաբաղի հայերի շրջանում, այդ ընկալումների պայմաններում ես դա իրատեսական չեմ համարում: Ես ասացի՝ չեմ կարող ես Ձեզ խաբել, որովհետև եթե դա իրատեսական լիներ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանումը տեղի չէր ունենա»,- ասել է Փաշինյանը:

Այս սխեմայի մեջ “Լեռնային Ղարաբաղը” կարող եք փոխարինել հայկական ցանկացած այլ տեղանունով։ Հեյրիմլին մերը չէ, չենք կռվի դրա համար, իսկ եթե տղամարդիկ չեն ուզում Ոսկեպարում ապրել եւ իրենց կանանց թույլ չեն տա թշնամու հետ ինտեգրվել, կարող են դուրս գալ՝ մենք իրենց 40+10 հազար դրամ կտանք։ Բայց հողին տեր չենք։

«Ինտեր»-ը Իտալիայի չեմպիոնն է. Մխիթարյանի պատմական նվաճումը

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 33-րդ տուրում կայացավ միլանյան դերբին` «Միլան»-«Ինտեր» հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  խաղի մեկնարկային րոպեներին թիմերը փոխանակվում էին գրոհներով: Սակայն «Ինտեր»-ն առաջինն օգտագործեց իր պահը: 18-րդ րոպեին գլխի հարվածով հանդիպման հաշիվը բացեց Աչերբին: «Միլան»-ը բաց թողած գնդակից հետո մի քանի լավ հնարավորություն ուներ վերականգնելու հաշվի հավասարությունը, սակայն չիրացրեց դրանք: Թիմերն ընդմիջման գնացին «Ինտեր»-ի նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսի մեկնարկում «Ինտեր»-ը երկրորդ գնդակն ուղարկեց «Միլան»-ի դարպասը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Տյուրամը: «Միլան»-ին հաջողվեց միայն հեղինակության գնդակ խփել: Աչքի ընկավ Տոմորին: Ի վերջո «Ինտեր»-ը հաղթեց 2:0 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

«Ինտեր»-ն այս հաղթանակից հետո հավաքեց 86 միավոր և ժամանակից շուտ հռչակվեց Իտալիայի 2023/24 մրցաշրջանի չեմպիոն:

Հենրիխ Մխիթարյանը կարիերայում առաջին անգամ դարձավ եվրոպական թոփ 5 լիգաներից մեկի` Իտալիայի Սերիա Ա-ի չեմպիոն:

Ռուսական զորքերը կարող են ներխուժել Հայաստան երբ ցանկանան

Արցախից կայծակնային դուրս բերվող ռուսական զորքերը, որոնք այնտեղ հայտնվեցին 2020 թվականի նոյեմբերին առանց միջազգային խաղաղապահ մանդատի, իրենց առաքելությունն ավարտեցին ժամանակից շուտ և պրոֆեսիոնալ կերպով՝ ապահովելով Արցախի անկաշկանդ օկուպացիան և բնիկ հայ բնակչության տեղահանությունը։ Դրա համար նրանց «Ղարաբաղի ազատագրման համար» մեդալներ են շնորհվելու ոչ միայն Ալիևի ու Պուտինի, այլև Փաշինյանի կողմից։

Այն օրը, երբ Ալիևն ու Պուտինը, դեռ առանց Փաշինյանի, ավարտված առաքելության զգացումով հրճվում էին Մոսկվայում եւ քննարկում Տավուշի չորս գյուղերի հանձնումը առանց մեկ կրակոցի, ռուսական զորքերը անարգել ներխուժեցին Հայաստան։ Թեկուզ ո՞վ պիտի նրանց կկանգնեցներ։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շտապեց հայտարարել, որ «Լեռնային Ղարաբաղում տեղակայման և խաղաղապահ գործունեության իրականացման համար ՀՀ կառավարությունը Գորիսում և Սիսիանում ժամանակավոր տեղակայման վայրեր է հատկացրել ռուսական խաղաղապահ ստորաբաժանումներին… և խաղաղապահների շարասյունը ԼՂ-ն եկել է Գորիսում և Սիսիանում ժամանակավոր տեղակայման կետեր՝ դրանք փակելու աշխատանքները կազմակերպելու համար»։

Արմեն Գրիգորյանի պոստֆակտում բացատրությունը խղճուկ պատրվակ է թվում այն ​​բանի համար, որ Հայաստանի իշխանությունները չեն վերահսկում ռուսական զորքերի շարժը Հայաստանի տարածքով։ Ռուսական զորքերը կարող են հատել հայկական սահմանը Կոռնիձորում երբ ցանկանան և գնալ ուր ցանկանան։ Օրինակ՝ հայ-վրացական սահմանին։ Ինչպե՞ս է սա ձեզ դուր գալիս, Արմեն Գրիգորյան։

Պուտինն ու Ալիևն անչափ գոհ են. Փաշինյանը ամեն ինչ ճիշտ է անում

Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Տավուշի մարզի 4 գյուղեր կհանձնի մինչև սահմանազատման մեկնարկը, որպեսզի հետո այդ հարցով “ձևականությունների” թակարդը չընկնեն՝ Սահմանադրություն, հանրաքվե եւ այլն, Ալիևը գնաց Մոսկվա, եւ լուսանկարում երեւում է, թե որքան գոհ են Պուտինն ու Ալիևը։ Երկուսն էլ ըստ էության գոպնիկ են, իսկ գոպնիկների համար գլխավորը՝ «կոտրելն» է։

Հայաստանը հիմա «կոտրվում» է ամենա նուրբ տեղերով՝ պատիվ, արժանապատվություն, դիմադրություն:

Պուտինի և Ալիևի լուսանկարը ջարդուփշուր է անում Փաշինյանի և ռուսական քարոզչության այն հնարքը, թե իբր Տավուշի չորս գյուղերի հանձնումը կատարվում է «ի հեճուկս Ռուսաստանի»։ Բլինքենն ու Միշելը հաճույքով միացել են խաղին. հայերին կոտրելը ռուս-արևմտյան մեծ կոնսենսուսի մի մասն է:

Էրիկի նկարները դեպի լույս են տանում

Էրիկ Պողոսյանը ծնվել է 1984 թվականին Ստեփանակերտում, պատերազմի ժամանակ տեղափոխվել է Ասկերանի Լուսաձոր գյուղ:

Պատերազմի և անդառնալի կորուստների ֆոնին Էրիկի աջ ոտքը սկսեց թուլանալ և հաստատվեց մկանային դիստրոֆիա: Պատերազմ էր՝ գնալ արտասահման բուժվելու համար չէր ստացվել:

Էրիկի պատմում է, որ 2001 թվականին հեռուստացույցով տեսել էր, թե ոնց են ոտքի մատերով նկարում, և որոշեց ինքն էլ նկարել: Այդ ժամանակ հաճախում էր Վերականգնողական կենտրոն, և այնտեղ ստեղծել էին համապատասխան պայմանները:

2018 թ.-ից առողջական վիճակի վատթարացման պատճառով տևական ժամանակ չէր նկարում: Ասում է, որ իր սրտի հետ Արցախում է թողել այսքան տարիների բոլոր աշխատանքները, պատվոգրերը:

Մեծ դժվարությամբ Գորիս են հասել: Եղբայրը բենզինի պայթյունի հետևանքով լուրջ այրվածքներ էր ստացել: Այս ամենը չէր կարող չազդել, բայց ինչպես Էրիկն է ասում՝ «Հույսի տան փոխտնօրեն Արփի Դուրյանը ինձ նորից հույս ներշնչեց, և ես սկսեցի նկարել նորից: Այս նկարը իմ վերջին աշխատանքներից է՝ «Դեպի հույս և լույս»»:

Էրիկի օրինակը ապացուցում է, որ անկախ ամեն ինչից պետք է հույս ունենալ, առաջ շարժվել և ունենալ մարդիկ, ովքեր նույնիսկ ամենադժվար պահերին կարող են հույս ներշնչել:

Քրիստինա Ալավերդյան

Գեղամ Ստեփանյանը արժանացել է գերմանական «Շտեֆանուս» քրիստոնյաների հիմնադրամի 2024 թվականի մրցանակին

Արցախի ՄԻՊ-ն արժանացել է գերմանական «Շտեֆանուս» քրիստոնյաների հիմնադրամի 2024 թվականի մրցանակին՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար ներդրված ջանքերի համար։
Ելույթ ունենալով մրցանակաբաշխության արարողությանը՝ Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացված հանցագործություններին, էթնիկ զտման ենթարկված Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ ադրբեջանական վանդալիզմի դեպքերին և դրանք կանխելու անհրաժեշտությանը, Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների իրավունքների պաշտպանությանն ու նրանց անհապաղ վերադարձին, ինչպես նաև Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի ճանաչմանն ու դրա իրականացման միջազգային անհրաժեշտ մեխանիզմներին։

Այվազյան․ Մեր անվտանգության հիմնարար բնագծերը քանդվում են, եւ ճանապարհ է բացվում ապագա ագերսիվ գործողությունների համար

«Այսօր տեղի ունեցող գործընթացները հակասում են միջազգային իրավունքին, հակաօրինական են եւ հակասում են ՀՀ պետական շահերին»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի տարածքները թշնամուն զիջելու ծրագրին։

«Մեզ ուզում են ասել, որ եթե լինի սահմանազատված եւ սահմանագծված սահման, ապա դա լրացուցիչ խթան կհանդիսանա տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը։ Այդքան էլ համոզված չեմ, բավական երկրներ կան, որոնք իրենց սահմանները ո՛չ սահմանազատել են, ո՛չ էլ սահմանագծել, մենք ունենք, օրինակ, Հայաստան-Վրաստան սահման, բայց երբեք այդ խնդիրը չի ներկայացվել մեր կամ Վրաստանի համար ազգային անվտանգության սպառնալիք։ Կառավարության ղեկավարն ասում է, որ եթե չգնանք սահմանազատմանն ու սահմանագծմանը, այլընտրանքը պատերազմն է։ Այսինքն՝ այս գործընթացը տեղի է ունենում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման ներքո, ինչն արդեն իսկ նշանակում է, որ այս ամբողջ գործընթացը հակասում է միջազգային իրավունքին»,- ասաց նա։

Արա Այվազյանը նշեց, որ միջազգային տարբեր դերակատարներ ողջունեցին այս քայլը։ «Կարծում եմ՝ մենք շատ հասունացել ենք, եւ այդ հայտարարությունները մեզ չեն կարող ոգեւորել կամ համոզել, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Այդ նույն միջազգային դերակատարները քար լռություն էին պահում 44-օրյա պատերազմի ժամանակ, ռազմական հանցագործությունների իրականացման պարագայում, Արցախի տեւական շրջափակման եւ ի վերջո հայաթափման ընթացքում։ Հասկանում ենք, որ այսօր ուժային քաղաքականությունը դարձել է միջազգային հարաբերությունների գերիշխող միջոց։ Եվ հասկանում ենք, որ միջազգային իրավունքը գործում է ընտրովի, յուրաքանչյուր դերակատար փնտրում է իր շահերը։ Բայց մենք էլ պետք է միմիայն առաջնորդվենք մեր շահերով, միակողմանի զիջումները, նույնիսկ համաձայնեցված սահմանը չեն ապահովելու ո՛չ անվտանգությունը, ո՛չ կայունությունը։ Հակառակը, մեր կենսական տարածքները, անվտանգության հիմնարար բնագծերը քանդվում են, եւ ճանապարհ է բացվում ապագա ագրեսիվ գործողությունների համար։ Անդադար զիջումներով, որոնք ավարտվեցին Արցախի հայաթափամամբ, էթնիկ զտումներով, մենք չենք հանդարտեցնում Ադրբեջանի ուժային քաղաքականությունը։ Բոլորն այսօր ուժային մեթոդով են առաջ տանում իրենց շահերը, բայց ինչպես ֆիզիկայի օրենքում, ուժը կգնա այնքան, մինչեւ չտեսնի հակաուժ։ Եվ ուժ ասելով՝ ես առաջին հերթին նկատի ունեմ քաղաքական-դիվանագիտական միջոցները։ Հայաստանը պետք է փոխի իր արտաքին քաղաքականության բովանդակությունը, ռազմավարությունը եւ կառուցի այնպիսի հակաուժ, որը կզսպի մեր թշնամիների ծավալապաշտական նկրտումները»,- ասաց նա։

Ըստ Արա Այվազյանի՝ խաղաղության կհասնենք միայն այն  ժամանակ, երբ Հայաստանը կդառնա այն հակաուժը, որը կբալանսավորի հակառակորդի թշնամական ու ծավալապաշտական ձգտումները․ «Այն, ինչ կատարվում է այսօր եւ դա ներկայացվում է որպես խաղաղություն, դա շատ լավ մշակված մեծ ռազմավարություն է, որի նպատակն է հայ ժողովրդին պարտադրել մեր հակառակորդների կամքը»։

Նշենք, որ դիվանագետների կողմից ձեւավորվել է Դիվանագետների համահայկական խորհուրդ, որի անդամներն այսօր ասուլիս էին հրավիրել։

Արա Այվազյան․ ոչ մի Ալմաթայի մասին իմ ժամանակ չի խոսվել

ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախի վերաբերյալ որեւէ հատուկ փաստաթուղթ չի եղել ԱԳՆ-ում։ «Մեր ժամանակ որեւէ հատուկ փաստաթուղթ չի եղել։ Ինչ եղել է, հետեւյալն է՝ միջազգային դիտորդները, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկ անգամ այցելել են տարածաշրջան, եղել է երկու հայտարարություն՝ մեկը 2020 թվականի դեկտեմբերի 3-ին, մյուսը՝ 2021 թվականի ապրիլի 12-ին։ Եվ հակառակ Ադրբեջանի պնդումների, որ Արցախի հարցը փակված է, եւ միջազգային միջնորդները՝ համանախագահները, եւ անհատ երկրները շատ հստակ արձանագրել են, որ ուժի կիրառման միջոցով հարցը չի կարող ունենալ իր վերջնական լուծումը։ Ես որոշ չափով արտահայտել եմ այն մոտեցումները, որոնք համահունչ էին հայկական կողմի մտահոգություններին ու առաջարկներին»,- ասաց Արա Այվազյանը։

Այսօր ՀՀ իշխանությունները, հղում անելով Ալմա-Աթայի հռչակագրին, հայտարարում են, որ Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս։ Հարցին, թե Ալմա-Աթայի հռչակագիրը որտեղի՞ց հայտնվեց, Այվազյանը պատասխանեց․ «Հարցը պետք է հասցեագրեք այսօրվա արտաքին գործերի նախարարությանը եւ կառավարությանը»։ Արա Այվազյանը նշեց, որ իր պաշտոնավարման ժամանակ որեւէ հիշատակում կամ աշխատանքային քննարկում չի եղել այդ փաստաթղթի շուրջ։

Ոչ ոք ոչինչ չի թաքցնում. բոլոր դիմակները գցված են

Ոսկեպարի մոտակայքում, եկեղեցուց մի քանի մետր հեռավորության վրա սկսվում է ականազերծումը, որից հետո այդ տարածքները կհանձնվեն պետության կողմից՝ առանց հանրաքվեի, առանց պետական ​​ընթացակարգերի և այլ «ձևականությունների»։

Դիմակները գցված են, և ոչ ոք չի թաքցնում, որ պետություն չկա. կա, ինչպես Դավիթ Կարաբեկյանն է ասում, Կրեմլի ֆեյք, որտեղ ամեն ինչ որոշվում է պետական ​​կառույցների վրայով։ Եվ եթե նախկինում այն ​​ծածկված էր թզենու տերեւով, ապա դրա կարիքը չկա՝ ամոթը վերացել է։

Նիկոլ Փաշինյանը բացահայտ ասում է, որ մենք շտապ պետք է հանձնենք այն, ինչ «մերը չէ», որպեսզի ամեն վիճահարույց մետրի համար չվազենք ատյաններով և հանրաքվեներ չանենք։ Միաժամանակ իշխանությունները Տավուշի պաշտպաններին մեղադրում են Ռուսաստանի գործակալ լինելու մեջ։

Որպես “ապացույց” որոշ հասարակական կազմակերպություններ բացահայտ կոչ են անում փոխարինել հայ սահմանապահներին ռուսներով։

Իշխանությունները, նրանց կամակատարներն ասում են, որ ավելի լավ է այդ հողերը տալ թշնամուն, քան թույլ տալ, որ Ռուսաստանն ու «նախկինները» վերադառնան իշխանության։

Ֆուտբոլի մարզիչներն ասում են՝ հետեւիր գնդակին, ոչ թե խաղացողին։ Մեր դեպքում, հետեւիր հողին. այս կամ այն ​​կողմից թափված կեղտը չի կարող ծածկել գլխավորը՝ Հայաստանը հանձնում է իր հողի ռազմավարական առումով կարևոր հերթական հատված, և կարծես բոլորը հոգու խորքում համակերպվել են դրա հետ։

«Մեզ ասում են՝ միակողմանի հանձնմանը գնում ենք, որ խուսափենք պատերազմից, բայց սա ամենամեծ սուտն է»

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի եկեղեցու տարածքում այսօր դրաձյալ փորձում են ականզերծման աշխատանքներ իրականացնել, սակայն բնակիչները թույլ չեն տալիս։

«Ականազերծում են, որ մեր հողերը նվեր տան ադրբեջանցիներին։ Ով համաձայնում է միները հանել, հայ ազգի թշնամի է, հրաման տվողը դավաճան է»,- հայտարարեցին գյուղացիները։ Նրանք կոչ են անում, որ ականազերծման աշխատանքներն իրականացնողները դադարեցնեն ու անհապաղ հեռանան տարածքից։

Բնակիչները նաեւ հանդիպում են պահանջում հրամանատարի հետ։ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարեց․ «Մարդիկ պահանջը ձեւակերպել են՝ այս գործընթացն ապօրինի է, ոչ ոք իրավունք չունի այս տարածքները, այս հողերը հանձնի։ Բացառում ենք որեւէ փոխզիջումը, կառավարությունից պահանջը մեկն է՝ հրաժարվել ապօրինի գործընթացից։ Հայաստանի սահմանների փոփոխության հարցը հանրաքվեով պետք է լուծվի, ոչ ոք չի կարող միանձնյա որոշել ու լուծել»։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն ասաց, որ այստեղ միայն հողի խնդիր չէ, վճռվում է ինքնություն ունենալ-չունենալու հարցը․ «Մեզ անընդհատ ասում են՝ այս միակողմանի հանձնմանը գնում ենք, որ խուսափենք պատերազմից, բայց սա ամենամեծ սուտն է։ Ամենամեծ ու մահաբեր, սարսափելի պատերազմը մեզ արդեն հայտարարված է մեր ներսից՝ սեփական իշխանության կողմից։ Հիմա էլ ի՞նչ պատերազմի մասին է խոսքը, եթե սեփական իշխանությունը ներսից ոչ միայն հանձնում է հողը, այլ  ընդհանրապես ապամոնտաժում է ողջ ինքնությունը»։