Հուշարձանների միջազգային օրը առանց Կանաչ ժամի. բարբարոսություն

Ապրիլի 18-ին, երբ աշխարհում նշում են հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, կրկին  կարևորելով մշակութային արժեքների պահպանությունը, պաշտպանությունը, մշակութային բազմազանությունն ու դրանց հանրահռչակումը, հայտնի է դառնում, որ ադրբեջանցիները քանդել են Շուշիի Հովհաննես Մկրտիչ կամ Կանաչ ժամ եկեղեցին, որի մասին է վկայում ապրիլի 5-ին արված տիեզերական լուսանկարը։

Եկեղեցին միշտ էլ գտնվել է տեղի մահմեդականների, ապա նաև Ադրբեջանի հակահայ քաղաքականության թիրախում, դեռևս խորհրդային ժամանակներից։ Այդ տարիներին այն վերածվել էր հանքային ջրերի ըմպելասրահի, որի հետևանքով խախտվել, կամ քողարկվել էին կառույցի ներքին առանձին  հատվածներ։ Մասնավորապես բեմի վրա դրված երկաթե մեծ ջրավազանը լրիվ փակել, դահլիճից կտրել էր բեմը։

Արևմտյան զանգակատան հիմնական մուտքի աստիճանները քանդել ու նրանց փոխարեն կառուցել էին նորը, որը խաթարում էր եկեղեցու ճարտարապետական տեսքը։ Ջրավազանից հաճախակի թափվող հանքային ջրերը քայքայում էին պատերը։

Շուշիի ազատագրումից հետո եկեղեցին փրկվեց ու վերանորոգվեց։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում թշնամուն հանձնված հայկական Շուշին նորից հայտնվեց ադրբեջանական վանդալիզմի կիզակետում։ Ի շարս այլ հուշարձանների Կանաչ ժամը նույնպես դարձավ Ադրբեջանի մշակութային անհադուրժողականության զոհը։

Պատերազմից հետո երկու անգամ լրջորեն վնասվեց այն, երկրորդ անգամ պայթեցմամբ։ Հետո համացանցում հայտնվեցին տեղեկություններ, իբր Ադրբեջանը մտադիր է վերակառուցել հայերի կողմից հայկականացված ռուսական ուղղափառ եկեղեցին։ Տարբեր «փորձարկումներից» հետո 19-րդ դարի հայկական հոգևոր կառույցը հիմնահատակ քանդվեց։

Կանաչ Ժամ կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին հայտնի է նաև Ղարաբաղցոց եկեղեցի անունով : Հիշատակվում է նաև Վերին կամ Նոր թաղի եկեղեցի անուններով: Համաձայն շինարարական արձանագրության, եկեղեցին կառուցվել է 1818 թ. Ղարաբաղցոց նախկին փայտաշեն եկեղեցու փոխարեն։

Պահպանվել է վկայություն, համաձայն որի, 1840թ. իշխանությունների հատուկ կարգադրությամբ, ապագա Վերին Թաղ են տեղափոխվել Ներքին Թաղի մահմեդական միջավայրում ապրող բոլոր հայերը 56 ընտանիք (ՀԱԱ Арм. Ֆ. 56. ց. 1.. գ 2199. թ.1 -2), ովքեր Ներքին Թաղում ունեին քարաշեն, փայտյա ծածկով Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչը խոսում է թաղամասում հայերի ծանրակշիռ թվակազմի մասին): Փաստաթղթում ասվում է, որ մահմեդականների կողմից հայերը ճնշումների էին ենթարկվում, ինչը հանգեցրել է վերջիններիս վերաբնակեցմանը (ՀԱԱ Арм. Ֆ. 56. ց. 1.. գ 2199. թ.1 -2):

Այդ նույն փաստաթղթից պարզ է դառնում, որ Վերին Թաղ տեղափոխվելուց հետո, նոր տեղում կառուցվել է փայտաշեն մատուռ, որը պահպանվել է մինչև 1848թ, երբ նրա տեղում կառուցվել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ քարաշեն եկեղեցին:

Հետաքրքիրն այն է, որ երկար ժամանակ այդ եկեղեցին կոչվում էր Վերին Թաղի Սուրբ Աստվածածնի եկեղեցի: Եկեղեցին, զանգակատունը աչքի են ընկնում ներքին ինքնատիպ հարդարանքով։ Այս հանգամանքը հուշարձանը առանձնացնում է հայ ճարտարապետական համանման կառույցների շարքում

Եկեղեցուն արևմուտքից կցված է հետագայում կառուցված գմբեթավոր զանգակատունը, որի մուտքի վերնամասում փորագրված է. «Բաբայն Ստեփանէսն Յովհանէն յի հիշատակ հանգուցիալ եղբայր Մկրտիչ 1847 թ.» արձանագրությունը։ Թեև զանգակատունն օրգանապես ձուլված է եկեղեցուն, այնուամենայնիվ, որմնանյութերով որոշ չափով առանձնացված է նրանից։

1995թ-ից մինչև 2020 թվականը քաղաքի երկու գործող եկեղեցիներից մեկն էր։

Արմինե Հայրապետյան

Ռուսաստանը լքում է Ղարաբաղը՝ Ուկրաինայի դիմաց

«Ռուսաստանը չի ցանկանում միջամտել Իսրայելի հետ Իրանի պատերազմին և փչացնել հարաբերությունները Արևմուտքի հետ»,- մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումը, ասաց քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը։

«Կարծում եմ՝ Իրանին հարվածն անխուսափելի է։ Դրա համար կօգտագործվեն ինչպես Արցախի Հանրապետության տարածքում, այնպես էլ Գյանջայից մինչև Բաքու տարածքներում տեղակայված՝ Իսրայելի կողմից վարձակալած օդանավակայանները, ճանապարհները, թունելները, անօդաչու սարքերի բազաները, այլ ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքներ, ամեն ինչ կարող է օգտագործվել հակաիրանական գործողության համար։

Դրա դիմաց ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցով կզիջի Կրեմլին։ Հետո կբարձրացվի Հայաստանում ռուսական բազայի եւ Հայաստանի ՀԱՊԿ-ում անդամակցության հարցը, այնուհետ՝ Ադրբեջանում իսրայելական օդանավակայանների հարցը»։

Ալվարդ Գրիգորյան

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»․ գրքի շնորհանդես

Հայաստանի պատմության թանգարանում ապրիլի 18-ին Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»  (The historical and cultural heritage of the Nagorno-Karabakh conflict zone) գիրք-ալբոմի անգլերեն տարբերակի շնորհանդեսը։

Գիրք-ալբոմը, որտեղ լուսանկարներով և համառոտ ստուգաբանությամբ ներկայացված են  Սյունիքի շարք գավառների և ԼՂ-ի որոշ շրջանների, մասնավորապես՝ Քաշաթաղի պատմամշակութային հուշարձանները, հեղինակել են լրագրող Զոհրաբ Ըռքոյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցը։

Զոհրաբ Ըռքոյանը պատմեց, որ Քաշաթաղի շրջանում աշխատանքի բերումով տարիներ շարունակ լուսանկարել է տարբեր հատվածներում գտնվող, եկեղեցիներ, մատուռներ, խաչքարեր ու տապանաքարեր հայերեն արձանագրություններով։

«Հուշարձանների ուսումնասիրմամբ զբաղվելն ինձ ավելի շատ ոգեշնչել է երջանկահիշատակ Սամվել Կարապետյանը՝ մեր լավագույն հուշարձանագետը։ Այս ոգեշնչումը եղավ այն, որ եթե չեմ սխալվում 1999 թվականին տպագրվեց Սամվելի գիրքը, որում շատ էին մեր տարածք՝ Քաշաթաղի շրջանի հուշարձաններ ընդգրկված։ Ես սկսեցի նաև այդ հետքերով գնալ»,-վերհիշեց Ըռքոյանը՝ հավելելով, որ Քաշաթաղի բնակիչների շնորհիվ հետագայում գտնվեցին նաև այնպիսի հուշարձաններ, որոնք երջանկահիշատակ հուշարձանագետը չէր կարողացել գտնել։

 

«Հայրենիքից հայրենիք». հայտնի արցախցիները Նարեկ Արշակյանի աչքով

Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի ArtAm Gallery պատկերասրահում բացվեց Նարեկ Արշակյանի անհատական ​​ցուցահանդեսը՝ «Հայրենիքից հայրենիք» թեմայով։

Լուսանկարներում ներկայացված են արցախցի նշանավոր մարդկանց դիմանկարներ։ Ի նշան շնորհակալության նրանց, ովքեր միշտ մոտ են։

Հուշարձանների օրը՝ առաջին անգամ Արցախից դուրս․ «Հիշատակարան»-ը գույքագրում է ժառանգությունը

«Հիշատակարան» կայքը ներկայացնում է հիշատակություններ մեր դարավոր ու վտանգված ժառանգության մասին։

Ապրիլի 18ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է, առաջին անգամ Արցախի հուշարձաններին, նրա տեսարժան վայրերին կանդրադառնանք Արցախից հեռու։

Իսկ Արցախում մնացած ժառանգությանը պետք է անդրադառնալ, խոսել, քննարկել ամեն օր, քանզի Ադրբեջանը Արցախում էթնիկ զտումներից հետո տարբեր մեթոդներով անցել է տարածքում հայկական հետքի վերացմանը, պատմամշակութային հուշարձանները ոչնչացնելով, կամ օտարելով, պատմական ու տեսարժան վայրերը վերափոխելով։ Արցախի պատմամշակութային ժառանգությունն այսօր առավել քան երբևէ պաշտպանության կարիք ունի, և պետք է ի գործ դնել բոլոր հնարավոր միջոցները։

44-օրյա պատերազմից հետո Արցախի հուշարձանների հանրահռչակման, խնդիրների ահազանգման, տեղեկությունների ու տվյալների հավաքագրման տարբեր հարթակներ  ու կայքեր են ստեղծվել, այդ շարքում հատկանշական է «Հիշատակարան Հայկական Մշակութային ժառանգության» ոչ պետական, անկախ գիտական հասարակական կազմակերպության և վերջինիս աշխատանքները ներկայացնող կայքէջի ստեղծումը https://hishatakaran.org/։

Այն Արցախի նյութական, մշակութային ժառանգության ակադեմիական վավերագրման մի ծրագիր է, որը ստեղծվել է 2023 թվականի հունիսին և որի նպատակն է ուսումնասիրել ու վավերացնել Արցախի Հանրապետության բռնագրավված և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վտանգված հայկական պատմամշակութային հուշարձանները։

Ըստ ծրագրի հեղինակ ու ղեկավար Աննա Լեյլոյան–Եկմալյանի (Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտ, INALCO, Փարիզ) նպատակը՝ հուշարձանների գիտական և ակադեմիական վավերագրման միջոցով հնարավորինս պաշտպանելն է դրանք ավերումների, վերափոխումների, յուրացումների և իհարկե հիմնահատակ ոչնչացումների ուղղակի վտանգից, քանի որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի հարձակման և Արցախի Հանրապետության բռնի հայաթափման հետևանքով այսօր անմիջականորեն վտանգված է Արցախի Հանրապետության ողջ տարածքի ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական մշակութային ժառանգությունը։

«Պակաս կարևոր չէ նաև ամբողջական փաստագրմամբ այդ հարուստ ժառանգությունը փոխանցել հետագա սերունդներին»,- հավելում է տիկին Լեյլոյան–Եկմալյանը։ Մենք թիմային աշխատանք ենք կատարում, ու ես դա չափազանց շատ եմ կարևորում, որովհետև ցանկացած գործ բոլորինս է և յուրաքանչյուրս ամենայն բծախնդրությամբ ու սրտացավությամբ ենք վերաբերվում մեր առաքելությանը։

Հուշարձանների գիտական փաստագրման մեջ ընդգրկված են Սասուն Դանիելյանը, Գայանե Բուդաղյանը, Աշխեն Պետրոսյանը, Արմինե Հայրապետյանը, իսկ կազմակերպչական գործերը ստանձնել է Գագիկ Հակոբյանը: Խմբի աշխատանքները սատարում են նաև “Հիշատակարանի” հիմնադիր անդամներ Հարություն Եկմալյանն ու Սեդա Մանուկյանը, ինչպես նաև կամավոր` Հայկուհի Գևորգյանը, նշում է Աննա Լեյլոյան-Եկմալյանը։

Ծրագիրը զուգորդաբար հովանավորում են  ALIPH (Alliance international pour la protection du patrimoine dans les zones de conflits) և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամները։ Ծրագիրն իրականացվում է INALCO հիմնադրամի (Fondation INALCO, Ֆրանսիա) և ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ հասարակական կազմակերպության (Հայաստան) աջակցությամբ և ջանքերով։

Հիշատակարան՝ անցյալի հիշատակները պարունակող գրվածք, խոսք՝ պատմության խոսքը։ Կայքի անվանումն ինքնին շատ խոսուն  ու համապարփակ է, բովանդակությունը համահունչ։ Այն Արցախի հուշարձանների գիտական գույքագրման յուրօրինակ ու շատ կարևոր փորձ է այս դժվարին ժամանակներում։

Կայքը բավական  հետաքրքրական է  իր արտաքին տեսքով ու բաժիններով։ Այս պահին այն մի քանի տասնյակ հուշարձան է ներկայացնում, սակայն ժամանակի ընթացքում Արցախի պատմամշակութային ժառանգության մի յուրօրինակ բազա կդառնա թե՛ մասնագետների, թե՛ հուշարձանասերների համար։

Հուսանք, ժամանակի ընթացքում աշխատանքային թիմը հնարավորություն կունենա հուշարձանները վավերագրել տեղում՝ Արցախում։

Արմինե Հայրապետյան

Ակնայի թուրք-ռուսական կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը

«Ակնայում թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը»,- հաղորդում են Բաքվի լրատվամիջոցները։

Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով

Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից կազմակերպվում է «Արցախի իրավունքների վերականգնման հրամայականը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» միջազգային համաժողով։ Համաժողովին հրավիրված են մասնակցելու ՀՀ և միջազգային հայտնի 30 պատմաբաններ, գիտնականներ, միջազգային իրավունքի մասնագետներ ու քաղաքագետներ։

Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից նշում են, որ համագումարն անցկացվում է ապրիլին՝ շեշտելու համար Ցեղասպանության անպատժելիությունը իբրև հետևանք շարունակվող ցեղասպանությունների ու Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից իրականացրած ցեղասպանական գործողություններն Արցախի Հանրապետությունում։

Արգենտինացի իրավաբան, իրավունքի դոկտոր, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն զեկույց է կարդալու «Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունը և արցախահայության վերադարձի իրավունքը» թեմայով։

Քննարկումներին հրավիրված է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ով այժմ գլխավորում է Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի աշխատանքները։ Նիստերին ներկա է լինելու նույն  հանձնախումբի անդամ և Ընկերվար Միջազգայնականի փոխնախագահ Մարիօ Նալպանտեան, որ պիտի ուղեկցի Լուիս Մորենո Օկամպոյին։

Հայաստանից համաժողովին կմասնակցեն ՀՀ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Աշոտ Մելքոնյանը, պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը,  ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Ռուբեն Սաֆրաստյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանը, մշակութաբան, «Բնօրրան» պատմամշակութային ՀԿ փորձագետ, ԵՊՀ դասախոս Արմինե Տիգրանյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Իսկուհի Ավանեսյանը, պատմական գիտությունների թեկնածու Արփինե Բաբլումյանը և ուրիշներ։

Ահա թե ինչ են ասում ամերիկյան կոնգրեսականները

Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ Բրեդ Շերմանը հայտարարել է, որ անհրաժեշտ է ընդլայնել օգնությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին և կրճատել Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունները։

Այս մասին նշվում է Ամերիկայի հայ դատի գրասենյակի՝ X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ՝ վկայակոչելով կոնգրեսականի խոսքերը Սպիտակ տանն անցկացվող՝  «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառումից, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին։

«Այժմ դա իրական արդարություն չէ։ Իրական արդարությունն այն է, երբ այդ մարդիկ (խմբ․ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայեր) կարող են վերադառնալ իրենց նախնիների տները՝ Արցախ, որտեղ նրանք ապրել են հազար և ավել տարիներ»,- նշել է կոնգրեսական Շերմանը՝ հավելելով, որ մինչև այդ արդարության տեղի ունենալը Հայաստանին անհրաժեշտ է ԱՄՆ-ի վարչակազմի կողմից խոստացված օգնությունը։

Նա հույս է հայտնել, որ Հայաստանին օգնելու օրինագիծ կընդունվի։

Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Գուս Բիլիրակիսն անդրադարձել է Հարավային Կովկասում Թուրքիայի իրականացրած քայլերին՝ համարելով դրանք շարունակական վայրագություններ և ընդգծելով դրանց աններելի լինելը։

Բիլիրակիսն այդ մասին խոսել է Կոնգրեսում կայացած  միջոցառման ժամանակ, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին։

Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին՝ ապահովելու նախագահ Ջո Բայդենի աջակցությունը Հարավային Կովկասում ԱՄՆ-ի իրական դաշնակիցներին։

«Մենք երբեք չենք հանձնվի։ Մենք երբեք չենք դադարեցնի պայքարը»,- ասել է Բիլիրակիսը։

Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգը ներկայացնող կոնգրեսական Թոմ Մըքքլինթոքը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հիշում է Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագությունները՝ Թուրքիայի կառավարությանը կոչ անելով ճանաչել Ցեղասպանությունը։

Կոնգրեսականն այդ մասին ասել է ԱՄՆ Կոնգրեսում անցկացված միջոցառման ժամանակ, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակմանը, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին։

«Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը խնդրում ենք նույնն անել։ Իհարկե, երեխաները մեղավոր չեն իրենց ծնողների մեղքերի համար, բայց անցյալի ազնիվ ճանաչումը կարող է մեզ հետ պահել այդ մեղքերը կրկնելուց: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ նրանց դրածոների կատարած վերջին հանցագործություններին և աղոթում ենք, որ դրա համար պատասխանատու մութ ուժերը խորհեն և ապաշխարեն»,- ընդգծել է կոնգրեսականը։

ՀՀ-ում արդեն աշխատում են Արցախից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ

Արցախից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են արտամրցութային կարգով ներգրավվել Հայաստանի մարզային դպրոցներում՝ երկու տարվա ընթացքում ստանալով նաեւ աշխատավարձի 30 տոկոս հավելավճար։ Այս մասին կառավարության այլսօրվա նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ այսօր ընդունված որոշումներից մեկով մարզերին բաշխվելու են համապատասխան միջոցները։

«Մենք նախորդ տարի հոկտեմբերին կառավարության որոշմամբ սահմանել էինք, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են արտամրցութային կարգով ներգրավվել մարզային դպրոցներում՝ ստանալով նաեւ աշխատավարձի 30 տոկոս հավելավճար երկու տարվա ընթացքում, իսկ Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում, Գեղարքունիքի եւ Տավուշի որոշ խոշորացված համայնքներում, բացի 30 տոկոս հավելավճարից, նաեւ ամսական 50 հազար դրամ։ Պետք է ասեմ,որ բավական մեծ հետաքրքրություն կա ուսուցիչների կողմից, այս պահի դրությամբ մենք ունենք արդեն 330 ուսուցիչ, եւ դիմումների թիվը գնալով ավելանում է։ Նաեւ դա է պատճառը, որ զուգահեռ այժմ մեկ այլ նախագիիծ ենք շրջանառում, որով դիմելու ժամկետը կերկարացնենք։ Այսինքն՝ ուսուցիչները կունենան հավելյալ հնարավորություն՝ դիմելու եւ այս ընթացակարգով աշխատանքի անցնելու»,- ասաց Անդրեասյանը։

Նա նշեց, որ ՀՀ կրթական համակարգում արդեն աշխատում են Արցախից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ։ «Մենք տեսնում ենք, որ այն պահից, երբ մարդիկ արդեն ավելի կողմնորոշված են իրենց բնակավայրի հարցում, նաեւ շատ ավելի մեծ պատրաստակամությամբ օգտվում են այս ծրագրից»,- հավելեց նախարարը։

Անդրեասյանը նաեւ հայտարարեց, որ Արցախից բռնի տեղահանված գրեթե բոլոր դպրոցահասակ երեխաները ներգրավված են ՀՀ կրթական համակարգում։ «Հիմա մենք մարզերից ստացվող հատուկենտ ահազանգով տեսնում ենք, որ կրթությունից դուրս մնացած կարող են լինել հիմնականում այն երեխաները, որոնց ընտանիքը մի քանի բնակության վայր է փոխել։ Մի քանի այդպիսի դեպքեր ունենում ենք, որ ահազանգում են, ասում են՝  արդեն հիմա այս բնակավայրում են, եւ երեխան պետք է դպրոց գնա։ Մարզերի հետ արագ աշխատում ենք եւ այդ հարցերը լուծում»,- նշեց նա։

Ուկրաինան ATACMS հրթիռներով հարձակվել է Ջանկոյի օդանավակայանին

Համացանցում հայտնվել է առաջին լուսանկարը, որտեղ պատկերված են օկուպացված Ղրիմի Ջանկոյում ռուսական բազայի վրա ուկրաինական զինված ուժերի հրթիռային հարվածի հետեւանքները։

Տեղեկությունների համաձայն՝ ռուսական S-400 հակաօդային պաշտպանության մի քանի համակարգեր և կայանքի ամենաարժեքավոր մասը՝ դրա ռադարը կարող էին ամբողջությամբ ոչնչացվել։

Ռուսական «Լրտեսական դոսյե» Telegram ալիքը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են 4-րդ ռազմաօդային և հակաօդային պաշտպանության բանակի 39-րդ ուղղաթիռային գնդի (զորամաս 46453, Ջանկոյ) ռազմական օդանավակայանին։ Լուսանկարում պատկերված է ոչնչացված S-400 Triumph հակաօդային պաշտպանության համակարգը։ Հարվածը հասցվել է երկու MGM-140 ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռներով։ Առաջին հարվածը հասցվել է S-400 Triumph հակաօդային պաշտպանության համակարգի դիրքերին։

Ոչնչացվել է 3 արձակման կայան և ռադար։ Երկրորդը՝ 77-րդ զենիթահրթիռային բրիգադի (33742 զորամաս, Կրասնոդարի երկրամաս) զինտեխնիկայի ընդունման և վերանորոգման կետում։ Հարվածի պահին կետում սպասարկվում էին երկու С-300 արձակման կայաններ (անհայտ մոդիֆիկացիայով)։ Ինչպես նաև, կետում տեղի ունեցած հարվածի հետևանքով տեղի է ունեցել զինամթերքի երկրորդական պայթյուն։ Թե կոնկրետ ինչ է պայթել, դեռ հայտնի չէ։

Խոցված ուղղաթիռների մասին դեռ տեղեկություններ չկան։ Նախնական տեղեկություններով՝ ժամը 06:00-ի դրությամբ՝ հարվածի հետևանքով վիրավորվել է առնվազն 15 ռուս զինվոր, իսկ 22-ը համարվում է անհետ կորած։

Диалог.UA 

Պետությունն ունի՞ արդյոք արցախցիների խնդիրների վերաբերյալ համակարգային կոնցեպցիա

“Ստեփանակերտ” մեդիա-ակումբը բռնի տեղահանված արցախցիների հիմնախնդիրների քննարկման նպատակով հերթական հանդիպումն էր կազմակերպել։ Բռնի տեղահանված արցախցիները սոցիալական ու իրավական բազմաթիվ հարցադրումներ ունեն։ Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանի խոսքով՝ լուրջ խնդիր է իրազեկման խնդիրը, որի ուղղությամբ ՀՀ կառավարությունն աշխատանք պետք է տանի։

Արցախից բռնի տեղահանված անձանցից 85 հազարն արդեն հաշվառվել է Հայաստանում, իսկ ժամանակավոր պաշտպանության՝ փախստականի վկայական ստանալու համար դիմել է 88 հազար արցախցի։ Այս թվերը ներկայացրեց Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը։ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմող արցախցիների թիվը մեծ չէ՝ մինչ օրս դիմում է ներկայացրել 1600 մարդ։

Ըստ նրա՝ կան անձինք, ովքեր փախստական են, բայց համաձայն չեն այդ կարգավիճակի հետ։ «Նրանց հետ աշխատանք է տարվում, որպեսզի ՀՀ քաղաքացիության դիմում ներկայացնեն։ Եվ կան մի խումբ անձինք, ում անձնական տվյալները, այդ թվում՝ առաջին անձնագրավորումը, ծնվելու պահին ծնողների ունեցած քաղաքացիությունը եւ հաշվառումը վկայում են այն մասին, որ տեղահանված անձը ՀՀ քաղաքացի է։ Այս խմբում էլ կան մարդիկ, ովքեր ցանկանում են ունենալ փախստականի կարգավիճակ։ Բայց այս պարագայում դա անել հնարավոր չէ, այսինքն՝ ապաստանի հայց ներկայացնել եւ անհատական հայցի քննությամբ փախստականի կարգավիճակ ստանալ, այդ սցենարով դիմումներ չենք ընդունում, որովհետեւ ՀՀ քաղաքացին չի կարող նույն պետությունից փախստականի կարգավիճակ հայցել»,- նշեց նա։

Դավթյանը տեղեկացրեց՝ տեղահանված անձանց վերաբերյալ տվյալների շտեմարանների միավորման գործընթաց է նախաձեռնվել, կստեղծվի վարչական ռեգիստր, որի շրջանակներում տվյալների բազաները կմիավորվեն՝ որպես տեղահանված բնակչության համապարփակ բազա։ Իսկ մինչ այդ, բռնի տեղահանված անձինք բախվում են այն խնդրին, որ Արցախում գործունեություն ծավալած անձինք չեն կարողանում Հայաստանում նույն ոլորտում անխոչընդոտ շարունակել իրենց գործունեությունը։ Օրինակ՝ կան բողոքներ, որ պետական գնումներին մասնակցելու համար դիմող արցախցի կազմակերպություններին ՀՀ պատկան մարմինները պատասխանում են, որ չեն կարող պետական գնումներին մասնակցել, քանի որ Հայաստանում չի ճանաչվում Արցախում ծավալած նրանց նախկին գործունեությունը։

ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիները չեն կարողանում Հայաստանում նույնականացման՝ ID քարտ ձեռք բերել։ Ավելի վաղ step1.am-ը տեղեկացրել էր, որ Անձնագրային եւ վիզաների վարչությունում արցախցիներին հիմնավորում են, որ նրանց մասին բազայում տեղեկատվություն չկա կամ ID քարտի վրա արցախցիների ծննդավայրը պետք է նշվի «Ադրբեջան»։

Անդրադառնալով այս հարցին՝ Նելլի Դավթյանն ասաց, որ ապրիլի վերջին խնդիրը կլուծվի․ «Հարցը նոր է ի հայտ եկել այն իմաստով, որ քաղաքացիության դիմումներն ընդունելուց ի վեր նույնականացման քարտ չի տրամադրվել արդեն ՀՀ քաղաքացիություն ստացած տեղահանված անձանց։ Դա բացառապես տեխնիկական խնդիր է, հավաստիացնում եմ, որ առաջիկայում հարցը կկարգավորվի»։

Արցախցի լրագրող Լիաննա Պետրոսյանն անդրադարձավ արցախցիների բարձրացրած սոցիալական ու իրավական հարցերին։ Ըստ նրա՝ կան մարդիկ, որոնք դեռեւս 100 հազար դրամ աջակցությունը չեն ստացել, հետեւաբար, նաեւ 40+10 հազար աջակցությունը չեն ստացել։ Երեկվանից գործարկել է 40+10 հազար դրամ աջակցության նոր ծրագիրը, որի շահառու են հանդիսանում նաեւ 2020 թվականին բռնի տեղահանվածները։ Սոցիալական աջակցության այս ծրագրի շահառուների թիվն ավելացել է մոտ 6000-ով։ Սակայն, ըստ Լիաննա Պետրոսյանի, այստեղ կա բացառություն, մասնավորապես, ՀՀ կառավարության՝ 2022 թվականի բնակապահովման ծրագրի մեջ ընդգրկված անձինք, որոնք բնակարանների գնման հավաստագրեր պետք է ստանան, այս ծրագրի շահառու չեն կարող լինել։ «Եվ այսօր ամենամեծ թվով բողոքներն այդ անձանցից են ստացվում, նրանք հիմնականում Քաշաթաղից ու Քարվաճառից բռնի տեղահանված վերաբնակիչներն են, քիչ թվով անձինք կան նաեւ Հադրութի շրջանից։ Այսօր մարդիկ զանգել ասում են՝ համակարգը մեզ ճանաչում է որպես բնակապահովման շահառու, բայց մենք սերտիֆիկատ չենք ստացել։ Սա ինձ համար նորություն էր, որովհետեւ եթե մարդը 2022 թվականի կառավարության որոշմամբ շահառու է, ինքը պետք է առնվազն կառավարությունից ստացած լիներ այդ ծանուցումը, որ այդ սերտիֆիկատները պետք է իրացվեն, որովհետեւ դրանցից հրաժարվելու տարբերակ չկա»,- ասաց նա։

40+10 հազար նոր ծրագրի շահառու չեն կարող համարվել նաեւ նրանք, ովքեր նախքան Արցախի շրջափակումը կամ շրջափակման փուլում եկել են Հայաստան եւ չեն դիմել Արցախ վերադառնալու համար։

Լիաննա Պետրոսյանի խոսքով՝ արցացխիները սկզբնական շրջանում ընդհանրապես դեմ էին եւ փախստականի կարգավիճակին, եւ ՀՀ քաղաքացիություն ստանալուն․ «Երբ ասում էինք՝ պետք է ՀՀ քաղաքացիություն ստանաս՝ որեւէ ծրագրից օգտվելու համար, փշերով էին ընդունում։ Մարդիկ նաեւ չէին ուզում թոշակ ու նպաստ ստանալու համար գնալ ու հաշվառվել, այդ պատճառով նաեւ գոյացան հերթեր։ Հետո արդեն սկսեցինք իրազեկել, նաեւ տարբեր ատյաններում հնչեց, որ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում իրավական որեւէ կարգավիճակ չի կարող ազդել բռնի տեղահանված լինելու հանգամանքի վրա։ Նաեւ իրազեկեցինք, որ կապ չունի, թե դուք ինչ իրավական կարգավիճակ ունեք, ամեն դեպքում դուք ձեր սոցիալական աջակցությունն ստանալու եք, որովհետեւ դրա հիմքը բռնի տեղահանության փաստն է»։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հարցադրում արեց․ «Պետությունն ունի՞ արդյոք Արցախից բռնի տեղահանվածների խնդիրների վերաբերյալ համակարգային ընդհանրական կոնցեպցիա»։ Ըստ նրա՝ շատ կարեւոր է այն հարցը պատասխանը, թե բռնի տեղահանված անձանց քանի՞ տարի է տրամադրվելու սոցիալական աջակցությունը։ «Այդ ծրագրերի տեւողությունը պայմանավորված է կոնցեպտով, իսկ կոնցեպտի հիմքում պետք է լինի այն հարցի պատասխանը, թե ի՞նչ ենք անելու այս մարդկանց հետ։ Սա ֆունդամենտալ հարց է, ակնհայտ է, որ վերադառնալու իրավունքը պետք է մշտապես ճանաչվի, բայց չեն կարող մարդիկ վեադառնալ, երբ վերացված չեն այն պատճառները, որոնց հետեւանքով նրանք ստիպված են եղել թողնել իրենց բնակավայրերը։ Պետությունը պետք է ձեւակերպի բռնի տեղահանվածների իրավունքների խախտումների փաստը»,- ասաց նա։ Ըստ Սաքունցի՝ երբ 2020 թվականի պատերազմի ժամանակ Արցախից մեծ հողք եղավ, արդեն պարզ դարձավ, որ նույնիսկ սոցիալական աջակցության համակարգը համակարգված չէր։ Նելլի Դավթյանը հաստատեց՝ համակարգը պատրաստ չի եղել նման ծավալի տեղահանության։

Սաքունցն անդրադարձավ նաեւ ՀՀ իշխանության նեկայացուցիչների այն հայտարարություններին, որ Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններ ներկայացված հայցերը կարող են հետ վերցնել․ «Այս խոսակցությունն էլ է փաստում կոնցեպցիայի բացակայության մասին, ի՞նչ է նշանակում՝ դիմումը տալիս ես, հաջորդ օրը խոսում ես այդ դիմումից հրաժարվելու մասին։ Խախտված իրավունքի պաշտպանությունից հրաժարվելը պարտավորության չկատարում է»։

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանն անդրադարձավ ՀՀ կառավարության այն մոտեցմանը, որ 070 կոդով անձնագրով անձինք ՀՀ քաղաքացի չեն համարվում։ «Հայաստանի դատարանների դատավորները՝ 070 կոդով անձնագրով, ՀՀ դատարաններում որոշումներ են կայացրել։ ՀՀ օրենսդրության համաձայն՝ օտարերկրյա քաղաքացին չի կարող ՀՀ-ում դատավոր լինել։ Այսինքն՝ այդ մարդկանց ընդունած որոշումներն ապօրինի են, պարտված դատերով մարդիկ դիմելու են դատարններ եւ պահանջեն ի չիք ճանաչել այդ որոշումները։ Իրավական լուրջ կոլապս է սկսվելու։ Առնվազն ՀՀ երկու Գլխավոր շտաբի պետեր եղել են Արցախի քաղաքացի՝ 070 կոդով։ Անվտանգության խորհրդի քարտուղարի անձնագիրը 070 կոդով է եղել։ Այսինքն՝ այս ապօրինի որոշման պատճառով լուրջ կոլապս է տեղի ունենալու ապագայում»,- ասաց նա։

Հայկ Խանումյանի խոսքով՝ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունն Արցախի անձնագրային բաժինների բոլոր աշխատակիցներին պետք է ընդուներ որպես պայմանագրային աշխատակից։ «Դուք պատկերացնո՞ւմ եք Գյումրիի բարբառով եւ Արցախի բարբառով խոսող քաղաքացիների շփումը, ուղղակի իրար չեն հասկանում։ Բայց դա հատուկ վերաբերմո՞ւնք է, ի՞նչ է, որ Արցախցի աշխատողներ չպետք է լինեն։ ՆԳ նախարարը որպես մեծ ձեռքբերում ներկայացնում է, որ հինգ արցախցի են ընդունել ՆԳ համակարգ, այնինչ Արցախում 1500 էր ոստիկանության համակարգի աշխատակիցների քանակը։ Պետք է օպերատիվ ու արագ լուծումներ գտնեն։ Մենք առաջարկում էինք ՀՀ կառավարությանը, որ Արցախի շրջանային ու քաղաքային բնակչության կոմպակտ բնակեցում ապահովվեր։ Մասնավորապես, շրջանային բնակչության համար դիտարկվեին Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը, իսկ քաղաքային բնակչության համար՝ Երեւանը։ Բայց մեր առաջարկները մերժեցին»,- ասաց Խանումյանը՝ հավելելով, որ նաեւ զբաղվածության ոլորտի վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել ՀՀ կառավարությանը։

Ռոզա Հովհաննիսյան

Ֆոտո Ալ․ Ոսկանյանի

Ռուսաստանի «Տրիումֆը» Արցախում. «Օղակ» գործողությունն ավարտված է

Ապրիլի 17-ին «Կրեմլը հաստատել է Ղարաբաղից ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերման սկիզբը»։

«Արցախից հայերին հեռացնելու «Օղակ» գործողությունը տևել է 33 տարի (1991-2024թթ.) և այսօր պաշտոնապես հայտարարվել է ավարտված»,- գրել է սոցցանցի օգտատեր Արմեն Այվազյանը։

Հինգ տարի էլ չի անցել այն օրվանից, երբ ռուսական զորքերը եռակողմ պայմանագիրը թոթափելով մտան Արցախ։ Դա տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։

Նրանք արցախցիների համար պետք է ապահովեին արժանապատիվ կյանք իրենց տներում, հայրենի հողում, առնվազն մինչև 2025 թվականի նոյեմբեր։

«Դե, գերտերություն համարվող երկիրը չի կարող խաբել»,- մտածում էին 44-օրյա պատերազմից հետո տարհանումից վերադարձած միամիտ արցախցիներն այն հույսով, որ հինգ տարի հետո հայության համար դրական բան կլինի։ Միգուցե նույնիսկ Հադրութը վերադարձվի։

Բայց իշխանության մեջ գտնվող ռուսոֆիլները և ժողովրդի մեջ նրանց կամակատարները չէին թաքցնում ուրախությունը, դրոշներով ու տորթով ողջունելով ռուսական զորքերին և պտտելով ռուսական դրոշը Տատիկ-Պապիկի հուշարձանի մոտ։ Ստեփանակերտի մուտքի մոտ Պուտինի պատկերով մեծ պաստառ է փակցվել։ Ավելացվեցին ռուսական համայնքի թիվն ու լիազորությունները։

Նրանք պահանջում էին, որ մարդիկ չքննադատեն և աչք փակեն ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակչության սպանության, տարածքների, բնակավայրերի և հաղորդակցությունների հանձնման վրա։ Նրանք իրենց շներին քսի էին տալիս նրանց վրա, ովքեր կոչ էին անում ռուս խաղաղապահներին «բարեխղճորեն կատարել իրենց պարտավորությունները»:

Հիշեցի մի պաշտոնյայի հայտարարություն։ Պաշտոնյան որոշել է գյուղացիներին չուղարկել դաշտերում աշխատելու, որոնց անվտանգությունը պետք է պաշտպանեին խաղաղապահները եւ դա բացատրել այսպես. «Խնդրում ենք խաղաղապահներին ներկա գտնվել մարդկանց անվտանգությունն ապահովելու համար։ Բայց երբ խաղաղապահները դաշտում են, ադրբեջանցի զինվորականներն ավելի ագրեսիվ են դառնում և ավելի շատ են կրակում։ Ուստի որոշեցինք, որ չենք մշակելու այն հողերը, որոնք երեւում են ադրբեջանական դիրքերից»։ Սա է տրամաբանությունը։

Ալվարդ Գրիգորյան