Մարուքյանը կատաղել է․ Չիբուխչյանն ու Սարգսյանը Թուրքիայի՞, թե՞ ՔՊ-ի թելն են թելում

«Ո՞ւմ շահերն են այս մարդիկ սպասարկում: Իմ ուսումնասիրությունները բերել են այն համոզման, որ այս մարդիկ ՀՀ-ում սպասարկում են Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը», -ասել է Մարուքյանը, չհիշատակելով այլ երկրներ, օրինակ՝ Ռուսաստան, Իսրայել:

Նա նկատեց, որ հարյուր հազարավոր մարդիկ սպառում են այդ մարդկանց եթերները: Նրանք փորձում են վարկաբեկել Հայաստանում բոլոր ողջամիտ, հավասարակշիռ ուժերին, «դրա վերջը արյունահեղություն է»,- ասաց Մարուքյանը:

Մարուքյանը տվեց վերլուծաբան Արմեն Չիբուխչյանի եւ սոցիոլոգ Կարեն Սարգսյանի անունները։

Ի՞նչն է հատկապես զայրացրել Մարուքյանին։ “Նա ասում է, Թուրքիան Հայաստանի թշնամի չէ, Թուրքիան ցեղասպանություն չի իրականացրել, այ երբ արխիվները կբացվեն, դուք կտեսնեք, որ ռուսներն են դա արել: Թուրքիան հակառակորդ է, թշնամին Ռուսաստանն է, շատ հայերի շոկ է սպասում, երբ Թուրքիան բացի Մեծ եղեռնի արխիվները։

Այս մարդու կողմից ցեղասպանության սրբադասված զոհերը անարգվում են, դուք հանգիստ նստած նայում եք: Սրա նմաններին պետք է տանել Սիրիայի Դեր Զոր անապատ»,-ասաց Մարուքյանը:

«Վաղը մյուս օրը, որպեսզի արդարացնի, թե ինչու պետք է ՀՀ-ում տեղակայվեն թուրքական զորքեր, թե ինչու պետք է թուրքական զորքերը հսկեն որեւէ ճանապարհ, իսկ վաղը դա է ասելու, դրա համար նախապես պետք է Թուրքիային ազատել ցեղասպանության մեղքից: Դրանից հետո էլ կարողանալու է լոբբինգ անել, որ Հայաստանը պետք է անցնի Թուրքիայի մոդերացիայի տակ»,- ասաց Մարուքյանը:

Դժվար թե նա հասցրած լինի լսել ՔՊ ռահվիրաններ Անդրանիկ Քոչարյանին եւ Արմեն Հովհաննիսյանի այսօրվա ելույթները, որոնք նույնպես ասել են, որ դեռ պետք է պարզել ցեղասպանության զոհերի անուն ազգանունները։ Այնպես որ, Մարուքյանին կատաղության հասցրած անձինք ոչ թե Թուրքիայի, այլ Փաշինյանի թելն են թելում։ Ինչպես իր ժամանակ անում էր Մարուքյանը։   

Ռուսաստանը խստացնում է միգրացիոն վերահսկողությունը

Ռուսաստանի կառավարությանը ներկայացվել է միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու օրինագիծ։ Այն փոփոխություններ է ենթադրում մի շարք ուղղություններով՝ կեցության ժամկետներ, փաստաթղթերի նոր ձևաչափ, միգրանտների շարժ, իրավական նոր ռեժիմ և այլն։ «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը նշեց, որ միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու քաղաքականությունը նորություն չէ։ Դեռ 2018 թվականից արդեն այդ ուղղությամբ աշխատանք կատարվում է և յուրաքանչյուր տարի առաջարկվող փոփոխությունների որոշակի խմբաքանակ կյանքի է կոչվում։ 2023 թվականին ևս եղել են խստացումներ, ինչն էլ իր ազդեցությունն է թողել միգրացիոն հոսքի վրա։

«Ռուսաստանի Ներքին գործերի նախարարի վերջին հայտարարության համաձայն՝ 2023-ին ՌԴ-ից արտաքսված միգրանտների թիվը կազմել է 110 հազար, որը ռեկորդային ցուցանիշ է։ Այն 65 տոկոսով ավելի է 2022 թվականից։ Մուտքի արգելքի խնդիրների առաջ կանգնել են նաև հայ միգրանտները։ Մեր քաղաքացիներից շատերը, բավարար իրազեկված չլինելով, կեցության ժամկետները չեն պահպանում, օրենքով նախատեսված ընթացակարգով իրենց փաստաթղթերը չեն կազմում, հաշվառվում են մեկ տեղում, բնակվում են մեկ այլ տեղում ու արդյունքում խնդիրների առաջ են կանգնում»,-ասաց Տաթևիկ Բեժանյանը։

Այս նոր նախագծով առաջարկվող փոփոխությունները ևս խստացնում են միգրանտների նկատմամբ վերահսկողությունը։ Մասնագետն ընդգծում է՝ շատ կարևոր է, որ ՌԴ մեկնող յուրաքանչյուր քաղաքացի լավ տեղեկացված լինի ընթացակարգերից։

«Առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է ժամանակավոր կեցության ժամկետներին։ Գործող օրենսդրությամբ ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները տարվա ընթացքում կարող են յուրաքանչյուր 180 օրվա մեջ Ռուսաստանում գտնվել 90 օր։ Հիմա առաջարկվում է 365 օրվա մեջ քաղաքացին իրավունք ունենա գտնվել 90 օր։ Ընդ որում, եթե նախկինում քաղաքացին ՌԴ-ից դուրս գալով ու հետ վերադառնալով կեցության ժամկետները զրոյացնում էր ու նորից էր հաշվարկվում, ապա այսօր այդպես չէ։ Կեցության օրերի քանակը հաշվարկվում է տարվա սկզբից կատարած առաջին մուտքից»,-ասաց Տաթևիկ Բեժանյանը։

Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է օտարերկրացիների համար ստեղծել թվային պրոֆիլ, որը կմիավորի քաղաքացու մասին պետական մարմինների ու կազմակերպությունների տեղեկատվական համակարգում առկա տվյալները։ Կներդրվի նաև ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացու ինքնությունը հաստատող մեկ այլ փաստաթուղթ։ Տաթևիկ Բեժանյանը նկատեց, որ ժամանակին քննարկվում էր այդ փաստաթղթում չիպ ունենալու տարբերակը, ինչը հնարավորություն կտար վերահսկել միգրանտի տեղաշարժը, քանի որ շատ են դեպքերը, երբ անձը հաշվառվում է մեկ հասցեում, բնակվում՝ մեկ այլ տեղում։ Դրանից բացի, նախագծով առաջարկվում է ուժեղացնել վերահսկողությունն այն գործատուների նկատմամբ, որոնք ցանկանում են ունենալ  օտարերկրացի աշխատողներ։ Այդ նպատակով նախատեսվում է ստեղծել օտարերկրյա աշխատողների ու գործատուների ռեեստրներ։

Տաթևիկ Բեժանյանը նշեց, որ 2022, 2023 թվականներին նկատելիորեն նվազել է Հայաստանից աշխատանքային միգրանտների թիվը դեպի Ռուսաստան։ Դրան նպաստել է ինչպես միգրացիոն քաղաքականության խստացումը, այնպես էլ ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։

«Միգրացիոն խստացումներ միշտ էլ կլինեն, շատ կարևոր է գործընթացների մասին տեղեկացված լինելը։ Մեզ դիմած քաղաքացիների մեծ մասի խնդիրներն առնչվում են միգրացիոն հաշվառմանը։ Շատերը հաշվառվում են մեկ հասցեում, բնակվում են այլ հասցեում, ինչը խնդիր է։ Հաջորդ հարցն այն է, որ աշխատանքային միգրանտը պարտավոր է բուժզննում անցնել յուրաքանչյուր տարին մեկ, սակայն մեր հայրենակիցները կամ չեն իմանում կամ հետևողական չեն լինում։ Նման շատ խնդիրներով պայմանավորված՝ մեր հայրենակիցներից շատերը ստացել են մուտքի արգելք»,-ասաց Տաթևիկ Բեժանյանը։

Միգրացիոն փոփոխությունները վերաբերում են բոլորին, անկախ նրանից, թե անձը որ երկրի քաղաքացի է։ Մասնագետը նշեց, որ այս նոր փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո սպասվում է, որ մուտքի արգելք ստացողների թիվը կավելանա, ինչպես նաև ՌԴ մեկնողների թիվը կկրճատվի։

 

«Կեցցե»-ով ո՞նց գնաս հարձակման, կստացվի, որ թշնամուն ես «ողջունում»

Բանակի «բարեփոխումների» եւ ռուսական «ժառանգությունից» ազատվելու շրջանակներում որոշվել է «ուռա»-ն փոխարինել «կեցցե»-ով։ 

Նախ՝ «ուռան» ռուսական բառ չէ, դա անգլիական hooray-ն է։

Երկրորդ՝ «ուռա»-ն ռուսական բանակում օգտագործվում է երկու հիմնական նպատակով՝ հարձակումների ժամանակ թշնամուն «վախեցնելու» եւ զորահանդեսների ընթացքում հրամանատարմերին «ողջունելու» համար։ Եւ եթե «կեցցե»-ն կարելի է օգտագործել ողջունելու համար, ապա ինչպե՞ս դրանով կարելի է հարձակման գնալ։ Կստացվի, որ թշնամուն ես ողջունում։ Բայց այդ դեպքում ճիշտ է “մաշալա”-ն օգտագործել։

Ներկայիս «բարեփոխումները» բացարձակ կապ չունեն «ռուսական ժառանգությունից» ազատվելու եւ ՆԱՏՕ-ի ստանդարտներին անցնելու հետ։ Թե չէ առաջին հերթին ռուսական բազաները կհանեին Հայաստանից։ Բայց արի ու տես, ՔՊ-ական ֆելդմարշալ Գագիկ Մելքոնյանը ասում է․ «ՌԴ բազան մեզ ո՛չ տաք է, ո՛չ՝ սառը, ինչքան ուզում են՝ թող մնան»։ Ուռա՞ն է տաք կամ սառը։

Մյուս կողմից, ո՞վ է հիմա հայոց բանակին հարձակվելո՞ւ, կրակելու, դիմադրելու հրաման տալիս։ Հակառակը՝ ով դիմադրում է, քրեական գործ են բացում։

Պատգամավորը եւ ԱԳՆ-ն մեկնաբանել են միգրանտներին Հայաստան ուղարկելու Բրիտանիայի մտադրությունը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ The Times թերթի հրապարակմանը, ըստ որի՝ Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերի համաձայն՝ այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ’Իվուարի եւ Կոստա Ռիկայի հետ։

Հարցին, թե ի՞նչ վտանգ սա կարող է ունենալ Հայաստանի համար, Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Ընդհանրապես ապօրինի փախստականների հարցը Մեծ Բրիտանիայի համար կենսական նշանակություն ունեցող խնդիր է։ Ի՞նչ է սա նշանակում, նշանակում է, որ Հայաստանը տարբեր տեսակի ճնշումների տակ է, տարբեր տեսակի պահանջներ են ներկայացվում։ Դա նշանակում է ապօրինի միգրանտները գալու են լցվեն Հայաստանի Հնարապետությունում։ Եթե այդ ապօրինի միգրանտները Մեծ Բրիտանիայի համար տնտեսական, քաղաքական կամ ինչ-որ արժեքով օգտակարություն ներկայացնեին, այնտեղ կպահեին։ Բայց իրենք չեն կարողանում նրանց հետ ուղարկել եւ ուղարկում են այլ երկրներ։ Այդ ապօրինի միգրանտների հոսքը որտեղի՞ց է ավելի շատ տեղի ունեցել՝ Աղվանստան, Հնդկաստան, Պակիստան, արաբական երկրներ, աֆրիկյան երկրներից։ Մեր ցածր ծնելիության պայմաններում, հայկական անձնագրեր ունեցող քաղաքացիների արտագաղթի պայմաններում անհասկանալի իրավական հիմքի վրա Հնդկաստանից, Պակիստանից կամ Բանգլադեշից գործարքի արդյունքում, որը մեծ կոռուպցիոն ռիսկ ունի, եւ թրաֆիքինգի շատ ուժեղ հոտ է գալիս, եւս 50, 60, 100 հազար մարդ գա Հայաստան, հասկանո՞ւմ եք՝ ինչ է լինելու Հայաստանի հետ 20 տարի հետո»։

Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ապօրինի ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ բանակցություններ չեն եղել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Հրապարակման մեջ բարձրացված հարցով բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել»,- նշեց խոսնակը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Թագավորությունն ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ:

Բրիտանական պարբերականի կողմից տարածված այս տեղեկությունը հերքեց նաև ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության  պետի տեղակալ Նելլի Դավթյանը։

«Ներքին գործերի նախարարությունը՝ մասնավորապես Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նման տեսակի բանակցությունների մեջ ներգրավված չէ և չի էլ եղել»,-ընդգծեց Նելլի Դավթյանը՝ հստակեցնելով, որ իրենց օրակարգում նման հարց չկա։

Բրիտանիայի հնդիկ վարչապետը ուզում է անօրինական ներգաղթյալներին Հայաստան ուղարկել

Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ’Իվուարի և Կոստա Ռիկայի հետ։

Պարբերականի տվյալների համաձայն, հենց այս չորս երկրի հետ է Լոնդոնն ակնկալում կնքել Մեծ Բրիտանիայի և Ռուանդայի միջև նախկինում ձեռք բերված համաձայնագրի անալոգը։ Բարձրացվել է նաև Բրազիլիայի, Կոլումբիայի, Պարագվայի, Պերուի և Էկվադորի հետ հնարավոր համագործակցության հարցը, սակայն Թագավորության արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ այդ երկրների իշխանություններին դա առանձնապես չի հետաքրքրի։ Գոյություն ունի աֆրիկյան պետությունների պահուստային ցուցակ, որի կազմում են Անգոլան, Կաբո Վերդեն, Տանզանիան, Տոգոն, Սենեգալը և Սիերա Լեոնեն, որոնց հետ բրիտանական կողմը կարող է երկխոսություն սկսել։ Գամբիան, Մարոկկոն, Նամիբիան և Թունիսը հրաժարվել են քննարկել այդ հարցը։

Պարբերականը հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան արդեն մեկուկես տարի փնտրում է երկրներ, որոնք պատրաստ կլինեն ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Երկրի վարչապետ Ռիշի Սունակը հույս ուներ համապատասխան համաձայնագրեր կնքել անցած աշնանը, սակայն բանակցությունները փակուղի են մտել, քանի որ բրիտանական իշխանություններին դեռևս չի հաջողվել ոչ մի անօրինական ներգաղթյալ ուղարկել Ռուանդա։

Ինչպես ընդգծում է թերթը, Լոնդոնը տեխնիկական բանակցություններ է սկսել Երևանի հետ անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Հայաստան էր այցելել թագավորության փոխարտգործնախարար Լեո Դոկերտին։ Հաղորդվում է, որ Հայաստանի իշխանությունները հետևում են Ռուանդայի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումներին այն բանից հետո, երբ բրիտանական խորհրդարանը քվեարկեց նոր օրենքի օգտին: Լոնդոնի և Կիգալիի միջև կնքված համաձայնագիրը ենթադրում է, որ թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալները կկարողանան դրա համար դիմել Ռուանդայում, ինչպես նաև ենթադրում է ներգաղթյալների արտաքսման հնարավորության բացառումը իրենց հայրենի երկրներ, որտեղ նրանց կարող է վտանգ սպառնալ:

Ես վստահ եմ, որ մենք ուժեղ բանակ ունենք, հարցն այն է, թե որն է ծրագիրը՝ մարտնչե՞լ, թե՞ անընդհատ զիջել

«Ֆրանսիական Լույս» ասոցիացիայի նախագահ, բժիշկ Լեւոն Խաչատրյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե Սփյուռքն ի՞նչ աշխատանք է տանում՝ Արցախի քաղաքական հարցերի բարձրացման ու արցախցիների իրավունքների վերականգնման, Արցախ հավաքական վերադարձ ապահովելու ուղղությամբ։

«Սփյուռքը մայր հայրենիքի ուղիղ արձագանքն է, Արցախի հետ կապված ինչպիսի կոչ կգա մայր հայրենիքից, այդպիսի կոչ կլինի Սփյուռքից։ Սփյուռքի մաքուր ու ջինջ ուժերը, որոնք մեծամասնությունն են կազմում, ամեն ինչի պատրաստ են։ Պարզապես Սփյուռքը միշտ եղել է կոչի ու կանչի սպասող, իսկ կանչ դեռեւս չկա մայր հայրենիքից։ Չնայած, ես վերջին տարիներին եկա այն համոզման, որ սպասելն էլ ինքնին սխալ է, եւ եթե կանչ չի գալիս, Սփյուռքը պետք է ունենա իր ուղիղ եւ անմիջական ազդեցությունը հայրենիքի վրա, որովհետեւ դիտարկել Հայաստանն ու Սփյուռքը իրարից զատ, դա ամենամեծ ռազմավարական սխալը կլինի, որն ունեցել ենք մինչեւ հիմա»,- ասաց նա։

Լեւոն Խաչատրյանը նշեց, որ դեպի Արցախ հավաքական վերադարձի մասին, ավաղ, դեռ կարելի է երազել․ «Բայց ես այստեղ կուզեմ հիշեցնել Մոնթեի խոսքերը, որ եթե մենք կորցնենք Արցախը, կփակվի հայոց պատմության վերջին էջը։ Այո՛, եթե մենք չպայքարենք, չվերադարձնենք Արցախը եւ այդ ուղղությամբ նախօրոք քայլեր տեղի չունենան Հայաստանում, ապա ես չեմ կարծում, որ Հայաստանը գոյատեւելու լուրջ շանսեր կունենա»։

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների ՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը՝ Լեւոն Խաչատրյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ ընդհանուր ծրագրի բաղադրիչներից մեկն է այս ամենը։ Այն զիջումները, որոնք մեզ հարկադրեցին արհեստածին պատերազմից հետո, ընդհանուր պլանի շարունակությունն են։ Զիջեցինք Շուշին՝ հանկարծ այն դարձնելով «դժգույն ու դժբախտ» քաղաք, զիջեցինք Հայաստան-Արցախ պորտալարը, որը բերեց Արցախի լրիվ կործանմանն ու դատարկմանը։ Կամաց-կամաց զիջում էինք տարբեր տարածքներ՝ Սեւ լճի, Ջերմուկի տարածքում եւ այլուր։ Եվ հիմա, իբրեւ թե սահմանազատման ու սահմանագծման համատեքստում, Տավուշում այս զիջումները՝ հատկապես ռազմավարական այնպիսի տարածքում, ինչպիսին Ոսկեպարն է, բերելու են մի կատաստրոֆիկ զիջման։ Այն է՝ եթե ուզում եք գոյություն ունենալ, ուրեմն ստրուկի կարգավիճակում գոյություն եք ունենալու թուրքական տիրապետության տակ»։

Անդրադառնալով իշխանությունների այն հայտարարություններին, որ «թույլ ենք, ռեսուրս չունենք, եթե չզիջենք, պատերազմ կլինի», Լեւոն Խաչատրյանն ասաց․ «Ես իմ զինվորական ընկերների հետ շփվելիս, նաեւ պատերազմի ժամանակ, զարմացել եմ, թե ինչպիսի հրամաններ են իրենք ստացել՝ չկրակելու, հետ քաշվելու, թշնամուն ոչնչացնելու ծրագրեր չմշակելու մասին։ Դրա վառ ապացույցներից մեկն է նաեւ Ջերմուկի դեպքերի ժամանակ մեր Գլխավոր շտաբի պետի մանկական մտքերի արտահայտումը, թե՝ հեսա ադրբեջանցիները կսովածանան, կգնան։ Եվ կարծես թե ո՛չ սովածացան, ո՛չ էլ գնացին։ Ճիշտն ասած, ես սկզբում չգիտեի, որ այդ զինվորականը ԳՇ պետն է, ինձ համար զարմանալի էր, թե ոնց կարող է հայոց բանակում նման աղքատիկ եւ խղճուկ մտքով սպա լինել։ Երբ ես իմացա, որ ինքը Գլխավոր շտաբի պետն է, ապշեցի։

Եվ այս պատահականությունները հենց այնպես չեն լինում, որ ԳՇ պետը լինի այդ տիպաժի անձնավորություն։ Եվ եթե դու բանակում ունես այդպիսի ղեկավար, չես կարող ուժեղ բանակ ունենալ։ Ոչ ոք չգիտի՝ մեր բանակն ուժեղ է, թե թույլ։ Ես կարծում եմ, որ 44 օր դիմադրել այս տեսակի նենգ ու խարդախ պայմաններում, երբ թե՛ դրսի թշնամին էր քայքայում բանակը, թե՛ ներսի թշնամին, դա արդեն խոսում էր այն մասին, որ մենք ունենք ուժեղ բանակ։ Եվ ես հիմա էլ եմ վստահ, որ մենք ուժեղ բանակ ունենք, հարցն այն է, թե որն է ծրագիրը՝ պայքարե՞լ, մարտնչե՞լ, ամեն ինչ՝ ամեն ինչի դիմա՞ց, թե՞ անընդհատ զիջել ու փախչել։ Եվ այդ ամենը գալիս է ղեկավարից, ինչպիսի ղեկավար, այդպիսի բանակ ու այդպիսի երկիր»։

Մեր զրուցակցի խոսքով՝ հայ ժողովուրդը՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, խիստ անհանգստացած է։ «Բայց խնդիրն այն է, որ մենք հիմա առնչվում ենք մինչ օրս մեզ համար անհայտ մի ֆենոմենի հետ, որն է հասարակության զանգվածային ընկճախտը։ Դա կա թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Սփյուռքում։ Եվ ես ենթադրում եմ, որ արտաքին թշնամական ուժերն այնպիսի նուրբ եւ քողարկված աշխատանք են տարել հենց մեր հասարակության մեջ, այնպիսի թունավոր կղզյակներ են ստեղծել, որոնք չեն թողնում, որ ժողովուրդն արթնանա այս խայտառակ թմբիրից։ Բայց վաղ թե ուշ ժողովուրդը կարթնանա, որովհետեւ կհասնենք այն վերջին թելին, որի կտրվելու դեպքում հայ ժողովրդի կյանքը պետք է հանգի, եւ այդ թելից կարթնանան։ Պատմությունը ցույց է տվել, որ, ցավոք, մենք միշտ ուշ ենք արթնացել, բայց արթնացել ենք»,- նշեց նա։

 

Փաշինյանը հայտարարեց, որ չի հանձնվելու․ էս չէ՞ ձեր ընտրությունը, վայելեք

ՀՀ Ազգային ժողովի ՔՊ-ական մեծամասնությունը կհաստատի կառավարության ծրագրի 2023 թ․ կատարողականը, չնայած որ քննարկման ժամանակ եւ վարչապետը, եւ ԱԺ նախագահը հաստատել են, որ ծրագիրը չի կատարվել։ Նրանք «բացատրում են» դա «փոփոխական ժամանակներով», իբր՝ հանգամանքները փոխվել են։ Սակայն դա չի նշանակում, որ մի ծրագրի կատարողական, որը չի կատարվել, պետք է հաստատվի։

Եթե կատարողականը չի հաստատվում, դա նշանակում է անվստահություն կառավարությանը, հրաժարական եւ նոր խորհրդարանական ընտրություններ։ Սակայն, ինչպես երեւում է, ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը ներկայիս խորհրդարանի «առաքելությունը» դեռ ավարտված չեն համարում։

Հիշեցնենք, ներկայիս խորհրդարանը 2021 թ․ «ժողովրդավարական» ընտրությունների արդյունքում այպես է կազմվել ՌԴ դեսպանատան կաբինետներում, որ Փաշինյանի կուսակցությունը «ամենակարող» մեծամասնություն ունենա, իսկ մնացածները չթողնեն, որ նա թռնի։ Նպատակը պարզ էր եւ այն ժամանակ, սակայն 2021-2024 թ․ իրադարձությունները կարող են լավ “հաշվետվություն” ծառայել։

Հիմա եւ Փաշինյանը, եւ ընդդիմությունը չեն խոսում արտահերթ ընտրությունների մասին։

Թեկուզ Փաշինյանի կուսակցությունը խոստովանում է, որ «պողպատը» արդեն այն չէ, խոսում են նույնիսկ որոշ ներքին հակասությունների մասին, բայց բոլորը Փաշինյանի ուսապարկում են, իսկ նա դեռ առաքելություն ունի, եւ բոլորը պետք է այդ առաքելության պատասխանատվությունը կրեն։

«Ես ինքս ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել, որ ես չեմ հանձնվելու եւ այդ առումով դա ամենակարեւոր բանն է ինձ համար: Այս մասին «Տիկտոկ»-ի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է Փաշինյանը իր կուսակցական հանդիպումներից մեկում:

«Հակառակ դեպքում  այսօր այստեղ գալը, գնալը, շարունակելը, խոսելը, վիճելը, այնուամենայնիվ արձանագրենք, որ բոլորս նույն ձեւի մարդ ենք, ես ոչ մի ուրիշ տեղից չեմ եկել, ձեր միջավայրում ծնվել, ձեւավորվել եւ մեծացել եմ, բայց հասկանալի է չէ, որ այս ամեն ինչը, ինչ որ տեղի է ունենում եւ հոգեբանորեն, եւ մարդկայնորեն, եւ բարոյական առումով եւ քաղաքական առումով, շատ ծանր է: Ընդ որում, ես ինքս ինձ համար էլ եմ այդ հաշվարկը անում, ես ասել եմ, որ պետք է նայել այն տարբերակը, որ կարող է երկրի շահից բխում է, որ ես կամ մենք հանձնվենք, թողենք այս ճանապարհը: Դա էլ է պետք դիտարկել, բայց իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ  ո՛չ, այ դա կլինի իսկական դավաճանություն»,-ասել է նա:

«Ընդդիմությունն ի՞նչ է խոսք տվել և այդ խոստումներից ո՞րն է կատարել։ Դուք դուրս եկաք փողոց և ասացիք, թե ձեր օրակարգով կվերադառնաք խորհրդարան, բայց, այնուամենայնիվ, այդ օրակարգը մենք չենք տեսնում։ Ո՞րն է ձեր օրակարգը և ինչո՞ւ եք եկել»,- ընդդիմությանն ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ եթե իրավիճակը այդքան օրհասական է, ինչպես ներկայացնում է ընդդիմությունը, այդ դեպքում ինչո՞ւ ընդդիմադիր պատգամավորները չեն հրաժարվում իրենց մանդատներից։

Ընդդիմությունը ի պատասխան ասել է, որ մանդատ դնելը՝ մեկ րոպեի հարց է, բայց դա ի՞նչ կտա։ Ինչպես գրում են թերթերը, նախ, դա պարտադիր չէ, որ կբերի արտահերթ ընտրությունների։ Երկրորդ, ընտրությունների արդյունքում կարող է փոխվել ընդդիմությունը, այլ ոչ թե իշխանությունը։

Այնպես որ, հույս չկա։ Նիկոլը իրավացի է՝ նա հայ հասարակությունից է դուրս եկել, եւ նա է հասարակության ընտրյալը։ Այդ մասին ասել են նրա հետ “պատմական” հանդիպման ժամանակ Բլինքենն ու ֆոն դեռ Լեյենը։ Դա՞ չէ ձեր ընտրությունը, վայելեք։

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կրասնոդարի երկնքում ուկրաինական անօդաչուների ոչնչացման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Կրասնոդարի երկրամասի տարածքում գտնվող օբյեկտների վրա ուկրաինական  անօդաչու թռչող սարքերի հարձակումը կանխելու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից՝ մանրամասնելով, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Կրասնոդարի երկրամասում  որսացել և ոչնչացրել են ուկրաինական 10 անօդաչու թռչող սարքեր։

Իրանա-ամերիկյան “ոսկերչական” օպերացիա. սակրալ դիմակները պոկվել են

Իսրայելում կյանքը հիմնականում վերսկսվել է կիրակի օրը նորմալ հունով

Իրանական հրթիռային և անօդաչու սարքերի հարձակումը Իսրայելի վրա ապրիլի 14-ի գիշերը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի հյուպատոսության գնդակոծության և գեներալների սպանության, ռազմական արվեստի պատմության մեջ կմնան որպես ֆիլիգրան գործողության օրինակ։ Գիշերն ավարտվեց, բոլորը բացեցին աչքերը, և պարզվեց, որ «մաֆիան ոչ մեկին չի սպանել»:

Իրանը սադրանքին պատասխանեց՝ առանց որևէ մարդու սպանելու, պոկելով Իսրայելի «սուրբ անձեռնմխելիության» դիմակը։ Բացի այդ, Իրանը հստակ ցույց է տվել ԱՄՆ-ին, որ բաց է համաձայնությունների համար։

ԱՄՆ-ն ապացուցեց, որ առանց իր օգնության (ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի) Իսրայելը չի կարող նույնիսկ նման հարձակումը հետ մղել։ Ավելին, ԱՄՆ-ն ցույց տվեց, որ հենց իրենք են, որ արգելել են Իսրայելին հակահարված տալ եւ թույլ են տվել Իրանին ավարտել պատերազմը այնտեղ, որտեղ ցանկանում է։ Վաշինգտոնը նաև ցույց է տվել, որ կարող է «համագործակցել» Իրանի հետ՝ չխախտելով Իսրայելի հետ դաշնակցային պարտավորությունները։ Միևնույն ժամանակ Իրանից անաղմուկ հանվեց միակ «չարի կայսրության» սրբազան դիմակը։

Ռուսաստանը չի հասել Մերձավոր Արևելքում «երկրորդ ճակատ» բացելու իր նպատակներին, և ամերիկա-իրանական հոյակապ գործողությունից հետո, Ուկրաինայում ռուսական անօդաչուները ոչ թե «շահեդ» են անվանվելու, այլ ռուսերենով ինչ-որ բան:

Թուրքիան չկարողացավ «միջնորդ» դառնալ Իրանի և ԱՄՆ-ի միջև, եւ նրանք ցույց տվեցին, որ նոր աշխարհակարգ կառուցելիս միջնորդների կարիք չունեն։ Սա խոսում է այն մասին, որ Թուրքիան չի դառնա միջնորդ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև. Պուտինը ստիպված կլինի ուղղակիորեն բանակցել ԱՄՆ-ի հետ։

«Պայմանավորված» հարվածներն ու պատերազմները նորություն չեն. ոչ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ, ոչ էլ ռուս-ուկրաինական ներկայիս պատերազմի ժամանակ գազատարներն ու այլ ենթակառուցվածքներ տարօրինակ կերպով չեն վնասվում։ Էլ չենք խոսում 2020-2023թթ. Արցախյան պատերազմի մասին։

Ինչպես “Camellia”-ն Արցախից հասավ Քաթար եւ դժվարությամբ տուն վերադարձավ

Շրջափակման ժամանակ արցախցիներին ամիսներով փրկել է նաեւ տեղական արտադրության “Camellia” մակարոնեղենը, որը, չնայած բոլոր դժվարություններին, վաճառվեց մինչև շրջափակման վերջին օրը և նույնիսկ հասավ Քաթարի “Agriteq 2023” միջազգային էքսպո։

“Շրջափակման ժամանակ Քաթարի հայ համայնքից հրավեր ստացանք մեր արտադրանքը “Agriteq” էքսպոյին ներկայացնելու համար։ Մեծագույն դժվարությունը՝ Արցախից դուրս գալը և մակարոնեղենը Քաթար հասցնելն էր։ Շաբաթներով ռուս խաղաղապահների հետ բանակցությունների մեջ էինք՝ դուրս գալու հնարավորություն գտնելու համար։ Պահը եկավ մարտի 17-ին, երբ խաղաղապահների մեքենայով կարողացա հասնել Գորիս, այնտեղից Երևան, և մարտի 18-ին ես արդեն Դոհայում էի։

Էքսպոն տևեց մինչև ապրիլի 3-ը, և մեր մակարոնեղենը այնքան մեծ ուշադրություն գրավեց այնտեղ, որ ստացանք այն Քաթար արտահանելու առաջարկ։ Ստիպված եղանք մերժել, ելնելով տիրող իրավիճակից։

Ամենամեծ դժվարությունը սպասում էր ինձ Հայաստանում, տուն վերադառնալու ճանապարհին։ 2 անգամ արցախցիների խմբով հասել էինք Շուշիի մատույցներում փակված ճանապարհի հատվածին, եւ ադրբեջանցիները թույլ չտվեցին անցնել Ստեփանակերտ։ Երրորդ անգամ մենք 6 ժամ մնացինք փակված հատվածի մոտ, այն հույսով, որ անցնելու հնարավորություն կունենանք, բայց ապարդյուն։

Մեր հետ եկող տղաները ըմբոստացան, հրաժարվեցին հետ գնալ և որոշեցին կանգնել ճանապարհին, մինչև “էկոակտիվիստները” չբացեն այն։ Ադրբեջանցիները զայրանալով սկսեցին բարձր երգել, պարել, և այդ ամենից 3 կին մեր մեքենայում վատացան։ Ստիպված էի անընդհատ հետևել նրանց վիճակին։

Մի պահ մեր մեքենան հետ են ուղարկել Գորիս, և մենք այդ 2 կանանց հետ մնացել ենք միայնակ ճանապարհին։ Ադրբեջանցիները առաջարկում էին այդ կանանց տեղափոխել Շուշի։ Իմ կողմից մերժում ստանալուց հետո, նրանց տարան Ստեփանակերտ, իսկ ես մնացի ճանապարհին միայնակ։

Խաղաղապահները նկատեցին ինձ, տարան իրենց մոտ և բազմաթիվ անգամ առաջարկեցին հետ տանել Գորիս, բայց մերժում էի, և մենակ Ստեփանակերտ գնալուն էի համաձայն։ Մեկ ժամ իրենց մոտ մնալուց հետո որոշեցին ինձ հագցնել իրենց զինվորական համազգեստը և զինվորի տեղ հասցնել Ստեփանակերտ։

Հենց մեքենայով հասանք “էկոակտիվիստների” մոտ, որոշները նրանցից ինձ ճանաչեցին, անձնագիրս էին պահանջում, բայց համառ գտնվեցինք, և ես հասա Ստեփանակերտ։ Չեմ պատկերացնում, ինչ պետք է անեի, եթե մնայի Գորիսում, և պատերազմի ժամանակ ընտանիքիս մոտ չլինեի”,- պատմում է “Կամելիայի” մենեջեր Անգելինա Գրիգորյանը։

Հայկ Հարությունյան

Արման Ծառուկյանը հաղթել է Չարլզ Օլիվեյրային

Արման Ծառուկյանը UFC300-ի շրջանակներում հաղթանակ է տարել Չարլզ Օլիվեյրայի նկատմամբ։

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ)  UFC դասակարգման չորրորդ համար, 27-ամյա Արման Ծառուկյանը (Հայաստան) Լաս Վեգասում անցկացված UFC 300 մրցաշարում դասակարգման առաջին համար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրային հաղթելուց հետո հույս է հայտնել, որ կանցկացնի չեմպիոնական մենամարտ։

«Շնորհակալ եմ Օլիվեյրային, նա իսկական մարդ է։ Շնորկալ եմ UFC-ին այս հնարավորության համար։ Ես ցանկանում եմ մենամարտել տիտղոսի համար, ես կլինեմ դիվիզիոնի ամենաերիտասարդ չեմպիոնը։

Չէի կարծում, որ մրցավարները ոչ միաձայն հաղթանակ կտան։ Ես կվերադառնամ ավելի ուժեղ։ Հաջորդ անգամ ես դարձյալ կհաղթեմ»,- ասել է Արման Ծառուկյանը։

Արման Ծառուկյանը դարձավ չեմպիոնի հավակնորդ եւ մենամարտ կանցկացնի այս քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ։

Իրան-Իսրայել․ Մոսկվան Բաքվին հորդորում է արագացնել Հայաստանի դեմ հարձակումը

Երեկ անդրադարձել ենք այն հանգամանքին, որ Իսրայելը փորձում է Իրանին հրահրել լուրջ գործողությունների եւ ԱՄՆ-ին ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ։ Կիրակի գիշերը Իրանը հրթիռներով ու անօդաչուներով հարվածներ է հասցրել Իսրայելին, միաժամանակ հայտարարելով, որ հարվածներն ԱՄՆ դեմ չեն, եւ Վաշինգտոնը չպետք է միջամտի։ Իր հեթին, ԱՄՆ հայտարարել է, որ նպատակ չունի ուղիղ հակամարտության մեջ մտնել Իրանի հետ։ Համաշխարհային մամուլում հրապարակումներ կան այն մասին, թե Սպիտակ տունը Նաթանյահուի քայլերը գնահատում է որպես ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու փորձ։

Դատելով լրահոսից, իրանական հրթիռներն ու անօդաչու սարքերը ոչնչացրել են հենց ամերիկյան ուժերը։ Ինչպես Ուկաինայում փլուզվեց ռուսական բանակի առասպելը, այնպես էլ ՀԱՄԱՍ խմբավորման դեմ պատերազմում բացահայտվեցին իսրայելական բանակի խոցելի կողմերը։ Իր հերթին, Իրանը բավական առաջ է գնացել ռազմական շինարարության հարցում, սակայն տեխնոլոգիական առումով իրանական միջոցներն առայժմ անկատար են։ Իսրայելը հակամարտություն հրահրելով, նպատակ ունի դաշնակիցների օգնությամբ հարվածներ հասցնել Իրանի միջուկային եւ ռազմական օբյեկտներին։

Իրանը չէր կարող չպատասխանել Սիիայում իր հյուպատոսության դեմ իսրայելական հարվածներին։ Սպիտակ տան ու Պենտագոնի հայտարարություններից հետեւում է, որ Վաշինգտոնը փորձում է թույլ չտալ Իսրայելի հետագա հարվածները, որոնք կարող են վերածվել լայնածավալ պատերազմի։

Հայաստանի եւ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի, հայկական եւ ուկրաինական պետությունները ոչնչացնելու ռուսական ծրագրերի հարցում Վաշինգտոնի եւ Թեհրանի պահվածքն անխուսափելիորեն հանգեցնելու էր տարածաշրջանում լայնածավալ բախման հեռանկարին։ Մոսկվան չի թաքցնում իր շահագրգռությունը «արեւմուտքի դեմ երկրորդ ճակատի» հարցում։

Միեւնույն ժամանակ, պատահական չէ, որ Իրանի հյուպատոսությանը հասցված իսրայելական հարվածից հետո Հայաստանի ուղղությամբ ռուսական քարոզչության ողջ սպեկտրի՝ այսպես կոչված «լիբերալ-հակապուտինական» շրջանակներից մինչեւ արմատական պատրիոտներ, կենտրոնական թեզը «Հայաստանի պետականության վերացումն է»։ Դա Հայաստանի դեմ Մոսկվայի ծրագրերի վկայություն է։ Իսկ ռուսական հատուկ ծառայությունների հետ կապված ալիքները գրում են, որ Մոսկվան Բաքվին հորդորում է արագացնել Հայաստանի դեմ հարձակումը եւ զրկել նրան պետականությունից։

Հայաստան-Ուկրաինա-Մերձավոր Արեւելք իրադարձությունների պատճառահետեւանքային կապերը չտեսնելը կամ չտեսնելու տալը չի փոխում իրավիճակը։ Հայաստանի դեմ ռուս-թուրքական ագրեսիան Իսրայելի ուղիղ մասնակցությամբ ուղղված էր նաեւ Իրանի դեմ։ Հայաստանի դեմ ծրագրերը դրանց հեղինակներին, իրագործողներին եւ «լեգիտիմացնողներին» չափազանց ծանր հետեւանքների է հասցնելու։