Արցախ․ Իրանի դեմ հարձակման ճանապարհը բաց է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զգուշացրել է, որ Իրանը Իսրայելին սպառնում է «լուրջ հարձակումով», ինչը կարող է տեղի ունենալ ամեն օր։ ԱՄՆ-ում կարծում են, որ Թեհրանը կարող է պատասխանել ապրիլի 1-ին Սիրիայում Իրանի հյուպատոսության շենքի վրա կատարված հարձակմանը, որը հանգեցրեց իրանցի բարձրաստիճան զինվորականների մահվան։

«Նրանք սպառնում են լուրջ հարված հասցնել Իսրայելին։ Ինչպես ես ասացի վարչապետ Նեթանյահուին, Իրանի և նրա պրոքսիների այս սպառնալիքներից Իսրայելի անվտանգությունն ապահովելու մեր հանձնառությունը երկաթյա է: Մենք մտադիր ենք հնարավոր ամեն ինչ անել Իսրայելի անվտանգությունը պաշտպանելու համար»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Իրանն ու Սիրիան հարձակման համար մեղադրել են Իսրայելին: Իրանի հոգեւոր գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին չորեքշաբթի օրը մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա ավարտին նվիրված ելույթում ասել է, որ Իսրայելը «պետք է պատժվի և կպատժվի» Իրանի հյուպատոսության վրա հարձակման համար:

«Ցանկացած երկրում հյուպատոսություններն ու դեսպանատները այն երկրի տարածքն են, որին պատկանում են: Երբ հարձակվեցին մեր հյուպատոսության վրա, նշանակում է, որ հարձակվել են մեր տարածքի վրա։ Սա համընդհանուր օրենք է»,- ասել է Խամենեին, հայտնում է BBC-ն:

Իսրայելի դեմ Իրանի հնարավոր գործողությունները համաշխարհային մամուլի կենտրոնական թեման է։ Փորձագետները նշում են, որ Իսրայելը նման հանդուգն քայլի է գնացել Իրանի պատասխան գործողությունները հրահրելու համար։ Իսրայելում կարծում են, որ Իրանը արդեն մշակել է միջուկային զենք, եւ նրա միջուկային պոտենցիալը ոչնչացնելու համար պատրվակ է պետք։ Բայդենի հայտարարությունը Իսրայելին «երկաթյա աջակցության» մասին հենց դա է նշանակում։  

Իրանը բարդ վիճակում է․ մի կողմից, չհարվածելու դեպքում Իրանը կորցնում է դեմքը, մյուս կողմից, պատասխան գործողությունները կարող են դառնալ հենց այդ պատրվակը։ Իրանը, ըստ փորձագետների, առայժմ չունի այն ռազմական պոտենցիալը, որը թույլ կտա դիմակայել ԱՄՆ-ի ու Իսրայելի հարձակումներին եւ պաշտպանել իր միջուկային եւ այլ օբյեկտները։ Իսրայելը շտապում է հենց այս պատճառով, այդ թվում գործադրելով քարոզչության ողջ հնարավորությունները համաշխարհային, այդ թվում ռուսական միջոցներով։

ԱՄՆ-ն Ռուսաստան չէ եւ կատարում է իր դաշնակցային պարտավորությունները, չնայած Նաթանյահուի վարչակարգի՝ Բայդենին թիկունքից հարվածներին։ Մասնավորապես, Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի մեկնարկին ԱՄՆ-ն ռազմական ուժեր մտցրեց տարածաշրջան եւ թույլ չտվեց երրորդ երկրների հնարավոր միջամտությունը։ Իրանի պատասխան հարվածների հարցում, Իսրայելից հետո շահագրգիռ մյուս կողմը Ռուսաստանն է, ինչը Մոսկվան չի էլ թաքցնում։ Արեւմուտքի դեմ «երկրորդ ճակատը» ռուսների առջեւ լայն հնարավորություններ է բացում։

Իրանը ներկայիս մեղմ ասած բարդ, իսկ ավելի ստույգ՝ գոյութենական սպառնալիքի տակ է հայտնվել Հայաստանի դեմ ռուս-թուրքական արշավի հետեւանքով։ Դա արշավ էր նաեւ Իրանի դեմ։ Այսպես կոչված «ադրբեջանի» տարածքային ամբողջականության, «աշխարհքաղաքական սահմանների փոփոխության անթույլատրելիության» մասին իրանական մանթրաները ընդամենը թույլ արդարացումներ են այն իրողության հանդիման, որում հայտնվել է Թեհրանը։ Արցախի օկուպացիան եւ բնիկ մեծամասնության արտաքսումը բացել է Իրանի դեմ հարձակումների ճանապարհը։       

Փաշինյանը իր գլխավոր զենքն անվանեց լեզուն

«Մեր արժեքներից մեծագույնը մեր լեզուն է, և եթե ինձ որևէ մեկը հարցնի, թե ինչն է պատճառը, որ ձեր նշած թվարկածներից հետո շարունակում եմ մնալ ՀՀ վարչապետ: Ես կասեմ՝ իմ կարծիքով, որովհետև ես տիրապետում եմ մեր ազգային ամենակարևոր արժեքներից մեկին՝ հայոց լեզվին և ոչ միայն տառին, այլ հոգուն, ոգուն, էմոցիային, որով զգում եմ ՀՀ քաղաքացիների էմոցիաները»։

Այդ մասին Նիկոլ Փաշինյանը ասել է ի պատասխան ընդդիմադիրների մեղադրանքների։

Փաշինյանը խոստովանում է, որ ամեն ինչի լեզվով է հասնում, եւ դա է նրա գլխավոր զենքը՝ զրահապատ, քայքայիչ նյութով լիցքավորած լեզու, մարդկանց հոգեբանության վրա ճնշում գործադրող, էմոցիանեերի վրա խաղող, ահաբեկող, ամեն ինչ արդարացնող  էժան զենք։

Ղազախստանը 2 պատվավոր հյուպատոսություն կբացի Արարատում և Արագածոտնում` Թուրքիայի հետ սահմանին

Մենք վճռական ենք ավելի խորացնելու և ընդլայնելու մեր կապերը։ Մեր մտադրությունների գործնական հաստատումն է այս տարի Հայաստանի Արարատի և Արագածոտնի մարզերում Ղազախստանի պատվավոր հյուպատոսների լրացուցիչ գրասենյակներ բացելու որոշումը։ Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը:

Ապրիլի 15-ին նա պաշտոնական այցով կժամանի Հայաստան։

Նա նշել է, որ «Եվրասիայի տրանսպորտային համակարգում Հարավային Կովկասի նշանակությունը զգալիորեն աճել է։ Ուստի, հայկական կողմի նախաձեռնած «Աշխարհի խաչմերուկ» նախագիծը, որպես նոր տրանսպորտային գաղափար, արժանի է ուշադրության և համակողմանի ուսումնասիրության՝ փոխկապակցվածության տարածաշրջանային լոգիստիկ կառուցվածքում ներառելու տեսանկյունից»։

Մինչ Ֆրանսիան, Իրանը և Ռուսաստանը Կապանում գլխավոր հյուպատոսություններ են բացում, Ղազախստանն իր հայացքն ուղղում է Թուրքիայի հետ սահմանին:

«Խաչմերուկը», որին պատրաստվում է վերածել Հայաստանի կառավարությունը, ծառայելու է թյուրքական Կենտրոնական Ասիան և Կասպից ծովի տարածաշրջանը Թուրքիայի հետ կապելուն՝ Հայաստանը վերածելով «իջեւանատան» և «գորշ գոտու»։

«Իջեւատան» բացումը մոտ է. իզուր չէ, որ Ղազախստանը միանգամից երկու պատվավոր հյուպատոսության գրասենյակ է բացում։

Մոսկվան, Ղրիմից հետո, կչեղարկի Արցախն ու Նախիջևանը հանձնելու որոշումը

Ղրիմի խորհրդարանի աշխատանքային խումբը հիմնավորել է 1954 թվականին թերակղզին Ուկրաինական ԽՍՀ-ին հանձնելու անօրինականությունը։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը։ «Այժմ մնում է միայն դատական ​​և քաղաքական որոշում կայացնել»,- ասաց նա։

Ղրիմը Ուկրաինական ԽՍՀ-ին փոխանցելու մասին որոշում է կայացրել ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը։ Թերակղզին Ուկրաինայի մեջ է մտել 1954 թվականի փետրվարի 19-ին՝ նախկինում լինելով Ռուսական ԽՍՀՄ կազմի մեջ, այն բանից հետո, երբ 1783 թվականին Ղրիմի խանությունը միացվել է Ռուսական կայսրությանը։

Ռուսաստանը, փաստորեն, չեղարկում է Խրուշչովի որոշումը՝ Ղրիմն Ուկրաինային փոխանցելու վերաբերյալ։ 2014 թ․ անեքսիան, սահմանադրությամբ ամրագրելը բավարար չէ Ղրիմը ՌԴ մաս համարելու համար։

Ռուս կուսակցական և կառավարական պաշտոնյաների որոշումների վերանայումը տրամաբանորեն պետք է տարածվի այլ ակտերի վրա, առաջին հերթին՝ 1920 թվականին բոլշևիկյան կուսակցության կովկասյան բյուրոյի որոշմանը՝ Ղարաբաղը նորաստեղծ ադրբեջանին հանձնելու և Նախիջևանը, Կարսը, Արդահանը Արարատ լեռան հետ միասին՝ 2021 թ․ ռուս-թուրքական պայմանագրերով Թուրքիային փոխանցելու մասին։

Արցախ․ Բայդենի ու Պուտինի «երկխոսությունը»

Մոսկվայի Կրոկուս համերգասրահում արյունալի ահաբեկությունից հետո քաղաքական առումով զավեշտալի իրավիճակ է ստեղծվել․ չնայած Իսլամական պետության Խորասան խմբավորումը ստանձնել է ահաբեկության պատասխանատվությունը եւ գրեթե ամենօրյա ռեժիմով վերահաստատում է դա, Պուտինը եւ Կրեմլի պրոպագանդան հերքում են եւ հայտարարում, թե ահաբեկությունն իրականացրել է Կիեւը ԱՄՆ-ի հովանավորությամբ։ Այսինքն, Կրեմլը Սպիտակ տանը մեղադրում է ահաբեկության հովանավորության մեջ, ավելին, մեղադրանքները հնչում են անձամբ նախագահ Բայդենի հասցեին։

Կրեմլն իր տարերքի մեջ է՝  անկախ ամենօրյա ռեժիմով բացահայտվող հանգամանքներից։ Սկսած նրանից, որ ամերիկյան եւ արեւմտյան այլ երկրների հատուկ ծառայությունները զգուշացրել էին սպասվող ահաբեկության մասին, ահաբեկության նախօրեին, ընթացքում եւ հետո ռուսական պատկան կառույցների տարօրինակ պահվածքից, վերջացրած նրանով, որ ըստ ռուսական հատուկ ծառայություններից սերված ալիքների՝ Տաջիկստանում ՖՍԲ-ն ունի ահաբեկիչների պատրաստման ճամբարներ, որոնք օգտագործում է «օտար դրոշների» ներքո գործողությունների համար։

Բոլորը մեղավոր են, բացի ռուսներից՝ ահա Կրեմլի գոպնիկ ռեժիմի գաղափարաբանությունը։ Մյուս կողմից, Պուտինի եւ ռուսական պաշտոնական քարոզչության մեղադրանքներում, ելնելով հենց ռեժիմի գոպնիկ բնույթից, պարունակվում է ռացիոնալության խիստ որոշակի հատիկ։ Բանն այն է, որ Ուկաինային ռազմական ու ֆինանսական օգնության հարցում ամերիկյան վարչակարգի ներկայիս պահվածքը ոչ այլ ինչ է, քան աջակցություն Մոսկվային՝ Ռուսաստանի պարտությունը եւ առավել եւս փլուզումը թույլ չտալու համար։

Ըստ այդմ, Վաշինգտոնն աջակցում է Ռուսաստանի՝ դասական առումով ահաբեկչական գործողություններին։ Նմանապես, ԱՄՆ-ն 2023-ի սեպտեմբերին Ստամբուլի հավաքին եւ ՄԱԿ ԱԽ հատուկ նիստում «լեգիտիմացրել» է Ռուսաստանի ահաբեկչական արշավը Հայաստանի դեմ Արցախում եւ ՀՀ այլ շրջաններում։ Ռուսաստանը Հայաստանի դեմ գործում է «օտար դրոշի» ներքո, տվյալ պարագային՝ Բաքվի ձեռքով։ Ուկրաինայի դեմ ՌԴ ահաբեկչական արշավը հնարավոր դարձավ Արցախում Մոսկվայի ահաբեկչական արշավի հաջողության շնորհիվ։ Արցախում Մոսկվան փորձարկեց այն ամենը, ինչ ներկայում անում է Ուկրաինայում․ ոչ մի տարբերություն։

ԱՄՆ-ն ինչպես 1920-ականներին, երկրորդ աշխարհամարտի տարիներին, 1990-ականներին, այս անգամ էլ փրկում է Ռուսաստանին, կամ փորձում է երկարաձգել անխուսափելի գործընթացները։ Միայն թե աշխարհում արդեն բացահայտ հանդիմանանքով ու հեգնանքով են վերաբերում «ազատ աշխարհի առաջնորդի» ներքին ու արտաքին ընթացքին։ Արցախի օկուպացիայի ու բնիկ մեծամասնության արտաքսման հարցում ԱՄՆ-ՌԴ-ԵՄ կոնսենսուսը դեռ շատ ջրեր է «տանելու»։

«Ուրալ»-ը չպարզված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի հատվածից․ կա 4 զոհ և վիրավորներ․ ՊՆ

Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:

Պաշտպանության նախարարությունից հաղորդում են, որ վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ:

Տվյալներն այս պահին ճշգրտվում են:

Պատահարի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Ինչ կարգավիճակ է առաջարկել ԵԱՀԿ-ն Արցախին. փաստաթղթեր

Ազգային ժողովի նիստում Նիկոլ Փաշինյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը. «Եթե միջազգային հանրությունը Արցախի գոյության պայքարը և բանակցային գործընթացը չդիտարկեր ինքնորոշման Արցախի ժողովրդի համատեքստում, ապա ԵԱՀԿ Մինսկի խումբը չէր ստեղծվի, և միջազգային հանրությունը չէր պնդի Արցախի ժողովրդի ինքնորոշման վրա»։

Ինչին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Երբ խոսում եք ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, ես կրկին խնդրում եմ ձեզ նայել 1996 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի նյութերը, որտեղ ասվում է, այո՛, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է պաշտպանված լինի, իսկ ԼՂ-ն պետք է ինքնավար կարգավիճակ ստանա Ադրբեջանի կազմում։ Հենց այս բանաձեւն էր, որ երկար ժամանակ թաքցնում էր մեր քաղաքական վերնախավը հայաստանցիներից։ Ինչո՞ւ եք հերքում այս իրականությունը”։

Այս երկխոսությունը մեզ ստիպեց ևս մեկ անգամ «փնտրել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ փաստաթղթեր մութ ու հեռավոր անկյուններում»։

Սկզբից պետք է հիշել, որ 1991 թվականի դեկտեմբերի 25-ին, ԱՊՀ-ին անդամակցելիս, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ճանաչեց ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ դրանով իսկ նրա ղեկավարությանը իրավունք տալով ուժ կիրառելու այն ժամանակ արդեն հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության դեմ։

1992 թվականի հունվարի վերջին ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ԵԱՀԿ-ի հովանու ներքո պետք է գտներ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները։ Սակայն արդեն փետրվարի կեսերին Ադրբեջանը հրետանային և հրթիռային հարվածներ հասցրեց Ստեփանակերտին, իսկ հետո նաև ԼՂՀ ողջ տարածքին։

1992 թվականի մարտին ԵԱՀԽ Մինսկի խմբի շրջանակներում սկսվեցին բանակցությունները։ Լևոն Տեր-Պետրոսյանը կա՛մ համոզմունքից ելնելով, կա՛մ «Լուբյանկայի» ճնշման տակ, որի նկուղներում նա 6 ամիս անցկացրել է որպես «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարներից մեկը, չի բացառել Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում՝ «մոռանալով», որ Խորհրդային Միությունը, որի օրոք դա հնարավոր էր, այլևս գոյություն չունի, և հայերը, որոնք այդ ժամանակ արդեն ենթարկվել էին ցեղասպանության և տեղահանության Ադրբեջանի բոլոր հայաբնակ շրջաններից և քաղաքներից, չէին կարող ընդունել որպես այս ցեղասպան պետության մաս ապրելու անգամ միտքը:

1997-ին Տեր-Պետրոսյանին առաջարկվեցին հակամարտության կարգավորման նախ փաթեթային, ապա փուլային տարբերակներ։ Երկու դեպքում էլ հայկական կողմից պահանջվում էր լքել ԼՂԻՄ-ի շուրջ 7 շրջաններ, որոնք ազատագրվել են Ադրբեջանի կողմից հանրապետության բնակիչներին պարտադրված պատերազմի ժամանակ։ «Փաթեթային» լուծման դեպքում վեց շրջանների վերադարձի դիմաց Լեռնային Ղարաբաղը պետք է ստանար միայն բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ «Փուլային» լուծմամբ վեց շրջան վերադարձվելու փոխարեն՝ կարգավիճակի հարցը օդում կախված էր թողնում։ Բնականաբար, հայկական կողմի համար երկու տարբերակներն էլ անընդունելի էին։

1998-ին Մինսկի խումբն առաջարկեց «ընդհանուր պետության» տարբերակը։ Երեւանը վերապահումներով ընդունեց առաջարկը, Ստեփանակերտը՝ լուրջ վերապահումներով, Բաքուն կտրականապես մերժեց նման ծրագիրը։ Բնականաբար, այդ կերպ Ադրբեջանը կճանաչեր ԼՂՀ հարաբերական անկախությունը։

2001 թվականին Քի Ուեսթում հակամարտող կողմերին առաջարկվել է տարածքների փոխանակման ծրագիր, այսինքն՝ առաջարկվել է Մեղրիի շրջանը փոխանակել Լեռնային Ղարաբաղի հետ, որից Ադրբեջանը նույնպես կտրականապես հրաժարվել է։

2006 թվականին սկսվեց այսպես կոչված Պրահայի գործընթացը, իսկ 2007 թվականին հակամարտող կողմերին առաջարկվեցին Մադրիդյան սկզբունքները։

Հետագայում այդ սկզբունքները գործնականում կրկնվեցին Կազանի փաստաթղթերում, այսպես կոչված, «Լավրովի պլանում», սակայն այս բոլոր փաստաթղթերի էությունը չփոխվեց. նրանք բոլորն առաջարկում էին վերադարձնել ԼՂԻՄ-ի շուրջ տարածքները՝ ԼՂՀ-ի կարգավիճակի դիմաց։ Ադրբեջանը ոչ մի տարբերակի չհամաձայնեց՝ սպասելով հարմար միջազգային իրավիճակի և իրեն իրավունք վերապահելով լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով։

Վերոնշյալը ներկայացվեց միայն ցույց տալու համար, որ ոչ մի ծրագիր, որտեղ Արցախը պետք է ստանար կարգավիճակ Ադրբեջանի կազմում, աջակցություն չի ստացել հայկական կողմից, և առավել եւս՝ չկա որևէ փաստաթուղթ, որը ստորագրած լինեն կողմերը, մասնավորապես, Ադրբեջանը։

Հայաստանի վարչապետի մանիպուլյացիաներն ընդամենը միջոց են պաշտպանելու Արցախը, իսկ այժմ էլ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մասերը հանձնելու մեղադրանքներից։

Փոխարեն մեղադրել Ադրբեջանին 90-ականներին ՀՀ-ում հայոց ցեղասպանության, 1991-94 թվականներին ԼՂՀ-ի դեմ ագրեսիայի, Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունները չկատարելու մեջ, Հայաստանի վարչապետը վկայակոչում է փաստաթղթեր, որոնք այժմ ոչ մի նշանակություն չունեն, մանավանդ, որ Ադրբեջանը խախտել է միջազգային հարթակներում բոլոր պայմանավորվածությունները եւ շարունակում է դա անել այսօր։

Ամեն ելույթի հետ հայ հասարակությունը շունչը պահած սպասում է, թե Փաշինյանը ինչ թիվ կհայտնի որպես Հայաստանի տարածքի մակերես։ Բայց ամենավատն այն է, որ ո՛չ խորհրդարանական ընդդիմությունը, ո՛չ հայ հասարակությունը նրան չեն հակասում։ Պատերազմի և ցեղասպանության վախը, որ սերմանում է վարչապետը, ստիպում է բոլորին քծնել և համաձայնվել նոր տարածքների և ժողովրդի իրավունքների հանձնմանը։

Անկախության բոլոր տարիներին Հայաստանի բոլոր իշխանությունները և նրանց կցորդ Արցախի ղեկավարները մոլորեցրել են ժողովրդին՝ ձեւացնելով բանակցային գործընթաց, որի իրական թեման ոչ ոք չգիտեր։ Սա այն է, ինչ այսօր Փաշինյանին թույլ է տալիս բոլոր «մեղքերը» բարդել նախկիների վրա և վարել իր կոլաբորացիոն քաղաքականությունը՝ հաճոյանալու ռուս-թուրքական-ադրբեջանական եռյակին։

Այդ իսկ պատճառով, այսպես կոչված, ընդդիմությունը խորհրդարանում քննարկումների ժամանակ վարչապետին «անհարմար» հարցեր չի տալիս։ Ըստ ամենայնի, բոլորն արժանի են միմյանց։

Մարգարիտա Քարամյան

Թուրքիան Մոսկվային և Կիևին առաջարկել է դադարեցնել պատերազմը ներկայիս գծում մինչև 2040 թվականը

New Europe հրատարակությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ Թուրքիան Կիևին և Մոսկվային նոր «խաղաղության պայմանագիր» է առաջարկել, որը նախատեսում է ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում, հակամարտությունների սառեցում և մի քանի նոր քաղաքական կետեր։

Նախաձեռնողը Թուրքիայի նախագահ Էրդողանն է, որի հովանավորությամբ նախկինում կայացել են երկու երկրների միջև Ստամբուլի բանակցությունները, որոնք անարդյունք են ավարտվել 2022 թվականի մայիսին։

Փաստաթղթի տեքստը, ըստ լրագրողների, արդեն գտնվում է Անկարայի, Կիևի և Մոսկվայի տրամադրության տակ։ Էրդողանը առաջարկում է ներկայիս մարտական ​​գծում ռազմական գործողությունները սառեցնելու գաղափարը՝ 2040 թվականին բոլոր օկուպացված տարածքներում հանրաքվե անցկացնելու հնարավորությամբ։ Փաստաթուղթը ներառում է նաև գերիների փոխանակումը և Ուկրաինայի արտաբլոկային կարգավիճակը, որը ուժի մեջ կլինի մինչև 2040 թվականը։

Իրազեկ աղբյուրները նշում են, որ որոշ եվրոպացի առաջնորդներ պատրաստ են աջակցել խաղաղության ծրագրին։ Փորձագետները, սակայն, համաձայնագրի կնքման հավանականությունը ցածր են գնահատում։

Dialogue.UA

Միասյան․ իշխանությունը վախեցել է Արցախի հիշատակումից

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խորհդրարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ընդդիմադիր խմբակցությունները երկուշաբթի օրը շրջանառության մեջ կդնեն «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը։ ՔՊ խմբակցությունը դեմ է քվեարկել այս նախագծին։ Ըստ պատգամավորի՝ դրանում հստակ արձանագրումներ կան նաեւ Արցախի հարցի մասին։

«Նշվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հարցի կարգավորումը որեւէ կերպ չի կարող սահմանափակել կամ արգելել Արցախի ժողովրդի վերադարձի հավաքական իրավունքի՝ միջազգային երաշխիքներով իրացումը։ Եվ երկրորդ, որեւէ մեկը չի կարող կանխատեսել կամ կանխորոշել Արցախի կարգավիճակը։ Սա այս իշխանության համար կարմիր լաթ է, որովհետեւ վախեցած են, խոստացել են թշնամուն, որ չի լինելու Արցախի հարց»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Մինասյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը հրաժարվել է ԽՍՀՄ իրավահաջորդությունից։ «Ալիեւն ասաց՝  Ալմա-Աթայի հռչակագրին համաձայն եմ, միայն այն ժամանակ, երբ իրեն պետք էր Արցախը զավթել ու նվաճել։ Բա հիմա ինչո՞ւ չի տալիս Ալմա-Աթայի անունը։ Նույն Ալմա-Աթայի հռչակագիրը որեւէ իրավական հիմք չէ, իրավական հիմքն այն արձանագրությունն է, որն Ադրբեջանը պաշտոնապես իր համար գործողության մեջ է դրել 1993 թվականի սեպտեմբերի 24-ից։ Այդ արձանագրության երկրորդ մասում հստակ է ասված, որ երկրների համար այս համաձայնագրի կետերն ուժի մեջ են մտնում պաշտոնապես անդամակցելու պահից։ Իսկ Նիկոլ Փաշինյանը չի  տիրապետում այս տարրական բաներին։

Եթե նա նույնիսկ դա է հիմք ընդունում, 1993 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատված շփման գիծը պետք է լինի սահմանազատման հիմք։ Մեր հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող տարածքները նրանք են, որտեղ 1993 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ գործել է Հայաստանի Հանրապետության օրենքը։ Երկրորդ, դա տարածվում է նաեւ ԽՍՀՄ ժամանակ Հայաստանին պատկանած տարածքների վրա՝ դրանք Արծվաշենն է, ՀՀ այլ բռնավզաթված տարածքները, որոնք ԽՍՀՄ ժամանակաշրջանում պատկանել են Հայաստանին, եւ հայկական տիտղոսը կա այդ տարածքների նկատմամբ»։

 

«Տարա՜ն, տարա՜ն». Տոման մոնոներկայացմամբ հաստատեց իր ամուսնության մասին լուրը

Դերասանուհի Թամարա Պետրոսյանի և «Women’s Club»-ի նրա գործընկեր Պոնչի (Տարոն Իսպիրյան) ընկերության, այնուհետև ամուսնության մասին լուրերն ամիսներ շարունակ հանգիստ չէին տալիս երկրպագուներին, սակայն զույգը չէր շտապում հաստատել այն:

Թամարա Պետրոսյանը յուրահատուկ ձևով՝ ներկայացման տեսքով հանրությանը հայտնեց, որ այո՛, ինքն ու Պոնչը վերջապես ամուսնացել են:

«Տարա՜ն, տարա՜ն» ամուսնական կատակերգության առաջնախաղը տեղի ունեցավ ապրիլի 11-ին «Բոհեմ» թատրոնում:

Հենց Ստեփանակերտում է Թամարան ապագա ամուսնուն ծանոթացրել ծնողների հետ:

Ո՞վ է տարածել դպրոցներում ահաբեկչության մասին լուրերը․ հիբրիդային հերթական ծիծեռնակը

Դպրոցներում ուսումնական գործընթացը բնականոն կազմակերպվում է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն՝ անդրադառնալով Հայաստանի դպրոցներում հավանական ահաբեկչության մասին տելեգրամյան ալիքներով տարածվող լուրերին։

Նախարարը նշեց՝ կեղծ տեղեկատվությունն իրավապահներն ուսումնասիրում են՝ ընդգծելով՝ ծնողներն ու դպրոցները խուճապի որևէ առիթ չունեն։

Որոշ դպրոցներում ծնողներն իրենց նախաձեռնությամբ երեխաներին տարել են տուն։ «Տելեգրամ» ալիքներով տարածվող տեղեկատվությունն ուսումնասիրվում է իրավապահների կողմից։

Ներքին գործերի նախարարությունն ու ԱԱԾ-ն դեռ լուռ են, իսկ նման տեղեկություն տարածող տելեգրամյան ալիքն արդեն փակ է։ Թե ովքեր են նման ահազանգ տարածել, դեռ պարզ չէ։

Դպրոցների անվտանգության ընդհանուր նկարագիրը մենք հիմա մշակում ենք, որովհետեւ, ընդհանուր առմամբ, դպրոցներում անվտանգության ապահովման եղանակն ու գործիքակազմը պետք է ընդլայնվի, ասել է Ժաննա Անդերասյանը: «Դպրոցներում անվտանգությունն ապահովում է հաստիքացուցակի համաձայն՝ պահակներ կան, վերանզինված են տեսախցիկներով, բայց դպրոցների կառավարման համակարգում փոփոխությունների ենք գնացել ու դիտարկում ենք անվտանգությունը պատվիրակված իրականացնելու հնաարվորությունը։ Դա պետք է լավ մշակենք»։

«Հիբրիդային պատերազմը մեզնից հեռու իրականություն չէ, մեր իրականությունն է»,-նշեց Անդրեասյանը՝ կարևորելով մեդիագրագիտությունը:

Նշենք՝ ավելի վաղ  «Տելեգրամ» ալիքներով տեղեկատվություն էր տարածվել, թե Երևանի դպրոցներում ահաբեկչություն է նախապատրաստվում։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր էջում զգուշացրել է, որ «Տելեգրամ»-ով կեղծ տեղեկություններ են տարածվում դպրոցների վերաբերյալ ու հորդորել է զերծ մնալ խուճապ տարածելուց:

«Երեկվանից Տելեգրամով տարածվում են բավականին սահմռկեցուցիչ հայտարարություններ, որոնք վերաբերում են դպրոցներին: Չէի ուզում գրել, մինչև հարցը կլուծվի, բայց խուճապը արդեն տարածվել է։ Եթե կարճ` ապա հայտարարությունները բառացիորեն կրկնում են կեղծիքներ, որոնք տարածվել են այլ երկրներում, բազմաթիվ այլ քաղաքներում, ամիսներ առաջ ու հենց հիմա էլ»,- գրել է նա` շեշտելով` միակ վտանգը, որ տեսնում է, այն է, որ աղմուկն ինչ-որ մեկի համար դրդապատճառ չդառնա:

Ո՞վ է կանգնած այս ամենի հետեւում։ Կարծում եմ, այլ երկրների հատուկ ծառայություններ, որոնք զբաղվում են հիբրիդային հարձակումներով։

Ո՞ր երկրների։ Շատ չեն կասկածյալները, ձախ ձեռքիս մատերի 40%-ով կարող ենք թվարկել»։

Հիշեցնենք, որ մինչ օրս պարզ չեն Սուրմալույի առեւտրային կենտրոնի, Ազատ գյուղի զորանոցի դեպքերի հանգամանքներն ու հեղինակները։

Ոչխարները, հովիվը ու նորմալ սահմանապահները

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդում է տարածել ապրիլի 10-ին Սյունիքի սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին, երբ հայ հովիվը գնացել է մոլորված հոտի հետևից և հայտնվել շփման գծի այն կողմում, փոխհրաձգություն է տեղի ունեցել, և հովիվն ու նախիրը վերադարձվել է։

ԱԱԾ-ն իր հաղորդագրության մեջ մեղադրում է իրենց պարտականությունները կատարող սահմանապահներին «ազգային անվտանգությանը սպառնալիք ստեղծելու» և ադրբեջանցի սահմանապահին վիրավորելու մեջ։ ԱԱԾ-ն անգամ նյութեր է ուղարկել Քննչական կոմիտե՝ գործ հարուցելու համար։

ԱԱԾ-ն և ՊՆ-ն նույն դիրքորոշումն են արտահայտել փետրվարի 14-ի միջադեպից հետո, երբ հակառակորդը, իբր, հայկական կողմից արձակված կրակոցի պատճառով, ոչնչացրել է հայկական դիրք և սպանել 4 հայ աշխարհազորայինների։ Այն ժամանակ էլ ԱԱԾ-ն հայտարարեց, որ հետաքննում են սահմանը հսկող հայ զինվորականների գործողությունները, այն սահմանը, որը, ըստ կառավարության ղեկավարի, գոյություն չունի։

Յուրաքանչյուր նման հաղորդագրություն՝ հոգեբանական տեռորի ակտ է հայ տղամարդկանց նկատմամբ, ովքեր իրենց պարտքն են համարում պաշտպանել մեծ տունը՝ իրենց հայրենիքը։ Յուրաքանչյուր նման հաղորդագրություն՝ պատմություն է ոչխարների, հովվի և նորմալ տղամարդկանց մասին: