Երևանի Ամիրյան փողոցը հնարավոր է՝ անվանակոչվի Բեկոր Աշոտի անունով

Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցը կարող է անվանափոխել Աշոտ Ղուլյանի՝ Բեկոր Աշոտի անունով։

Տեղեկությունը հրապարակված է Երևանի քաղաքապետարանի կայքէջում։

Նշենք, որ Աշոտ Ղուլյանը Արցախյան ազատամարտի մասնակից էր, Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր։ Արսեն Ամիրյանն էլ հայ բոլշևիկ էր։

Առաջարկն արել է «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը։

Առաջարկի հիմնավորման մեջ ասվում է, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ից ի վեր, երբ Հայաստանն անկախություն ձեռք բերեց, բոլշևիկյան ժամանակահատվածի հերոսների անուններով տեղանունները փոխվել են։ Գործընթացը դեռևս կիսատ է մնացել։

Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ:

«Դատարանը գտնում է, որ կալանքի ժամկետը պետք է հետաձգել ևս երեք ամիս ժամանակով՝ մինչև 2024 թ. հունիսի 15-ը ներառյալ»,-հայտարարեց  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատավոր Վահե Դոլմազյանը։

Խափանման միջոցի վերաբերյալ որոշումը, ինչպես հայտնեց դատավորը, առանձին փաստաթղթոց կտրամադրվի դատավարության մասնակիցներին։

«Մենք կանք»-ը կոչ է անում միջազգային կառույցներին դիտորդական խմբեր ուղարկեք Արցախ

Արցախցիների «Մենք կանք» նախաձեռնությունը կոչով դիմել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը և մի շարք այլ միջազգային կառույցների։

«Մեր պահանջը ԿԽՄԿ–ից, ՄԱԿ–ից, ԵԱՀԿ–ից, ԵՄ–ից, ԵԽ–ից և մյուս կազմակերպություններից՝ տե՛ր կանգնեք ձեր իսկ հռչակած արժեքներին ու պաշտպանե՛ք Արցախի բնիկ ժողովրդի անքակտելի իրավունքները: Ստեղծե՛ք մոնիտորինգային առաքելություններ, դիտորդական խմբեր ուղարկե՛ք, Ստեփանակերտում բացե՛ք ներկայացուցչական գրասենյակներ և ձեր աչքերով տեսե՛ք այն գազանությունները, որոնք շատ հեռու են «խաղաղության օրակարգից»,- ասված է հայտարարությունում։

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դուրսբերումը Արցախի բնիկ ժողովրդի իրավունքների խախտման շղթայի հերթական օղակի անտեսումն է միջազգային կազմակերպությունների կողմից:

«Մենք կանք» նախաձեռնությունը դիմում է ԿԽՄԿ ղեկավարությանն ու միջազգային մյուս կառույցներին մեկ հարցադրմամբ՝ ո՞ւմ վրա եք թողնում մեր հուշարձանների, եկեղեցիների, մշակութային կոթողների, գերեզմանների, գույքի պաշտպանությունը:

««Սև խոռոչի» վերածված Լեռնային Ղարաբաղում, որտեղ չկա միջազգային որևէ վերահսկողություն և դիտորդական առաքելություն, աշխարհի աչքի առաջ վերախմբագրվում է տարածաշրջանի ազգերի պատմությունը։ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն ոչնչացնել հայկական ժառանգությունը՝ բացառելու համար հայերի վերադարձը հայրենիք: Միջազգային բոլոր կառույցներն իրենց հանցավոր լռությամբ մասնակից են դառնում մեզ հայրենիքից զրկելու այդ գործընթացին»,– շեշտում է «Մենք կանք»–ը:

ԵԽ–ն Հայաստանին 2.8 մլն եվրո է տրամադրում՝ ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց ներհոսքին արձագանքելու համար

Եվրոպայի խորհուրդը Հայաստանին տրամադրում է 2.8 մլն եվրո՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ներհոսքին արձագանքելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու Եվրոպայի խորհրդի միջոցառումների համալիր փաթեթը ներկայացվեց ապրիլի 11–ին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծեց, որ 2023 թվականի սեպտեմբերից, երբ սկսվեց Լեռնային Ղարաբաղից հայերի էթնիկ զտումը, կառավարությունը միջգերատեսչական բազմակողմ աշխատանքի արդյունքում կարողացավ արագ արձագանքել կարճաժամկետ մարտահրավերին՝ հնարավորություն ընձեռելով ԼՂ հայրենակիցներին նախ ապահովելով կացարանով, ապա աջակցության տարբեր ծրագրեր մշակել:

«Հիմա արդեն գտնվում ենք միջնաժամկետից դեպի երկարաժամկետ ծրագրերի մշակման փուլում: Այս համատեքստում հույժ կարևոր է ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունների կարողությունների ինստիտուցիոնալ զարգացումը: Այս համատեքստում կցանկանայի հատկապես ընդգծել Եվրոպայի խորհրդի և ՀՀ կառավարության համագործակցությունը»,–ասաց նախարարը՝ ընդգծելով Եվրոպայի խորհրդի 2023–2026թթ. Գործողությունների ծրագրի կարևորությունը՝ ԼՂ–ից բռնի տեղահանված փախստականների իրավունքների միջազգայնացման, պաշտպանության և այլ առումներով:

Արձագանքման փաթեթի շրջանակում Եվրոպայի խորհուրդը նշում է 2023թ Հայաստան բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը, հատկապես խոցելի խմբերում ընդգրկված փախստական երեխաների և կանանց իրավունքների պաշտպանությունը, նրանց ընդունած համայնքներին, մարդու իրավունքների պաշտպանության հաստատություններին աջակցությունը, Հայաստանի առողջապահության համակարգում Լեռնային Ղարաբաղից բուժաշխատողների լիարժեք ինտեգրումը, ինչպես նաև հոգեբանական աջակցության տրամադրումը: Արձագանքման շրջանակում, օրինակ, դրամաշնորհներ են ուղղվելու համայնքներ, որ առավել արդյունավետ արձագանքեն բռնի տեղահանված անձանց կարիքներին:

Արձագանքման փաթեթի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է չորս նոր ծրագիր և լրացուցիչ բաղադրիչներ է ներառել երկու ընթացիկ ծրագրում:

Համալիր փաթեթը կազմվել է Եվրոպայի խորհրդի Միգրացիայի և փախստականների հարցերով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի՝ 2023թ հոկտեմբերի 11–13–ի այցի արդյունքների հիման վրա, որի ընթացքում ՀՀ իշխանությունների հետ համատեղ սահմանվել են Հայաստանի համար աջակցության կոնկրետ ոլորտները՝ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրին (2023–2026թթ.) և Միգրացիայի և ապաստանի համատեքստում խոցելի անձանց պաշտպանության գործողությունների ծրագրին (2021–2025թթ.) համահունչ :

«Աշխատանքում մի քանի ուղղություն կա, մի քանի ուղղություններ թափ են հավաքում, ինչը նշանակում է, որ մենք ընդլայնում ենք աջակցությունն առավել ակտուալ ուղղություններով՝ մասնավորապես նախատեսված փախստականների համար: Այս աջակցության փաթեթն այն փաթեթն է, որն անդրադառնում է կառուցվածքային, ընթացակարգային հարցերին և այլն: Լուծումները, որ պատրաստ ենք գտնել այս խնդիրներին, վերաբերում են ոչ միայն ԼՂ–ից փախստականներին, այլ նաև կհասնեն ՀՀ բնակչությանը»,–ասաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Դեյբիդ Բեսթը:

ԵԽ ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը ներկայացրեց արձագանքման միջոցառումների փաթեթի մանրամասները: «Արձագանքում ենք մեծ ներհոսքին, առաջացած պահանջներին: Առաջին հերթին, իհարկե, ամրապնդում ենք տեղական իշխանությունների դիմակայունությունը, տոկունությունը, որ կարողանման կառավարել մարդկանց այդ քանակը: Չենք մոռանում երեխաների իրավունքների պաշտպանության մասին, խոցելի բնակչության իրավունքների պաշտպանության մասին, կանանց և աղջիկների համար իրավական արդյունավետ պաշտպանության նախատեսման, նաև հոգեկան առողջության խնդիրների ուղղությամբ ենք նայում: Եվս մենք անգամ ընդգծվում է, թե որքան կարևորություն ենք տալիս ՀՀ–ին աջակցելուն՝ այս ճգնաժամից դուրս գալու ճանապարհին»,–ասաց նա:

Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023–2026թթ Գործողությունների ծրագրի ծավալը 14 մլն եվրո է: 15 ծրագրերից 6–ը վերաբերում են փախստականների ներհոսքի արձագանքմանը: Մասնավորապես 2.8 մլն–ը փախստակաների ներհոսքի արձագանքման նպատակով է ուղղվում:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շատ կարևորեց բռնի տեղահանված անձանց աջակցության նպատակով իրականացվող ծրագրերը: «Այս առումով ԵԽ–ի աջակցությունը ևս լուրջ դերակատարություն ունի, քանի որ ներառում է նաև շատ կարևոր փորձագիտական աջակցություն՝ բռնի տեղահանված անձանց առնչվող տարատեսակ խնդիրների, այդ թվում՝ իրավունքների պաշտպանության դիտանկյունից»,–նշեց ՄԻՊ–ը:

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը չնշեց պատճառը՝ Արցախ  

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը հարցազրույց է տվել CNN-ին Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո։ Քեմերոնը գրեթե չի խոսել Թրամփի հետ զրույցի բովանդակության մասին, ասելով միայն, որ Պուտինին ուկրաինական տարածքների զիջումները չեն հանգեցնի պատերազմի ավարտին։ Պատերազմը կարելի է դադարեցնել միայն Ուկրաինային աջակցելով, ընդգծել է Կեմերոնը։

«Խաղաղություն կլինի ուժի միջոցով, այլ ոչ թե թուլության և ագրեսորին բավարարելու միջոցով», ասել է Կեմերոնը, զուգահեռ անցկացնելով 1930-ականներին Հիտլերին արևմտյան ժողովրդավարությունների (Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) զիջումների քաղաքականության հետ:

Ինչպես հայտնի է, ԱՄՆ եւ Եվրոպան գրեթե դադարեցրել են աջակցությունն Ուկրաինային, չնայած հռետորաբանությանը։ Այս առումով, յուրահատուկ իրավիճակ է ստեղծվել ԱՄՆ-ում։ Թրամփը գրեթե ոչնչացրել է Հանրապետական կուսակցությունը եւ ենթարկել իրեն Ներկայացուցիչների պալատը, որտեղ արգելափակվել է Ուկրաինային աջակցության մասին օրենքը։ Թրամփին աջակցող զլմ-ները բացահայտ տարածում են Կրեմլի թեզերը:  

Իր հերթին, Բայդենի աշխատակազմում հաղթել է Սալիվան-Բըրնս տանդեմը, որը բացահայտորեն հանդես է գալիս ուկրաինական տարածքների ռուսական օկուպացիան ճանաչելու օգտին, պատճառաբանելով «գլոբալ կայունությունը» եւ Ռուսաստանի պարտության դեպքում այդ երկրի փլուզման մարտահրավերները։ Նմանատիպ իրավիճակ է Եվրամիությունում։

Միեւնույն ժամանակ, Բրիտանիայի ԱԳ նախարարը չի հիշատակում այն հանգամանքը, որ ներկայիս իրավիճակի հիմքը Արցախի հարցում ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից ագրեսորի, այսինքն՝ Կրեմլի ծրագրերի «լեգիտիմացումն» է, Հայկական պետականության վերացման շուրջ Մոսկվայի հետ կոնսենսուսը 2023-ի սեպտեմբերին Ստամբուլի գաղտնաժողովում եւ ՄԱԿ ԱԽ-ում։ Դրա հետեւանքները դեռ զգացնել են տալու, ընդ որում՝ ամենադաժան ձեւով։     

Պատճառն ավելի խորն է, քան հայերի անվտանգությունը, փոխում են Երուսաղեմի ստատուս քվոն

Պատճառն ավելի խորն է, քան մեր հայրենակիցների անվտանգությունը, փորձ է արվում փոխել Երուսաղեմի ստատուս քվոն։ Այս մասին ապրիլի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։

Նրա խոսքով, Հայաստանի ԱԳՆ-ն, շփվելով արաբական երկրների և այլ գործընկերների հետ, այդ թվում՝ բազմակողմ հարթակներում, բարձրացնում է խնդիրը։ «Գործընթացի սկզբից մենք տեղյակ էինք իրադարձությունների մասին։ Մենք ոչ մի վայրկյան չենք անտեսել խնդիրը»,- նշել է Կոստանյանը։

Հիշեցնենք, որ Հայոց պատրիարքարանը 99 տարով իսրայելական ընկերությանը վարձակալության է տվել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի այգին», սակայն հետո հայտարարել է գործարքը խզելու իր որոշման մասին։ Սրանից հետո վերաբնակիչների և հայ համայնքի միջև իրավիճակը սրվեց, որը պարբերաբար վերաճեց բախումների։

Փաշինյանը գնում է Մոսկվա. Պուտինի առջև հնազանդվելու ևս մեկ արարք՝ առանց Արևմուտքի «անպարկեշտ» առաջարկների

Եթե ​​որոշում կայացվի, հայտարարություն կարվի։ Այս մասին ապրիլի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ Այսինքն՝ ՀՀ ԱԳՆ-ն չի բացառում Փաշինյանի մասնակցությունը։

Հիշեցնենք, որ Պուտինի երդմնակալությունը տեղի կունենա մայիսի 7-ին, իսկ ԵԱՏՄ խորհրդի հոբելյանական նիստը նախատեսված է մայիսի 8-ին։ Թեև Հայաստանը 2024 թվականին նախագահում է ԵԱՏՄ-ում, կազմակերպության ստեղծման 10-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովը տեղի կունենա ոչ թե Երևանում, ինչպես հարկն է, այլ Մոսկվայում։ Դա պայմանավորված չէ նրանով, որ Պուտինը չի կարող Հայաստան գալ Հռոմի ստատուտին Հայաստանի միանալուց հետո. Փաշինյանն արդեն ակնարկել է, որ պետությունների ղեկավարները միջազգային անձեռնմխելիություն ունեն նույնիսկ Միջազգային դատարանի համար։

Մայիսի 8-ին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացումը նպատակ ունի ցույց տալ, թե ով է «տերը»։ Ավելին՝ Մոսկվա ժամանած ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ “տուսովկաների” առաջնորդներին «կթողնեն» Մոսկվայում՝ մայիսի 9-ի շքերթին մասնակցելու համար։

Հայաստանի ԱԳՆ-ն, փաստորեն, չի բացառում Փաշինյանի մասնակցությունը այս երեք միջոցառումներին՝ Պուտինի երդմնակալությանը, ԵԱՏՄ գագաթնաժողովին և մայիսի 9-ի շքերթին։ Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը կգնա Մոսկվա. Արևմուտքի հետ խաղերի, ապրիլի 5-ի «պատմական» հանդիպման և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի չհնչած առաջարկների ֆոնին տեղի կունենա Հայաստանի՝ Ռուսաստանին խոնարհվելու հերթական ակտը։

Երեկ Փաշինյանը Բրյուսելում ապրիլի 5-ին կայացած հանդիպման արդյունքները ներկայացրեց այսպես․«Արևմուտքը վերջնականապես ի հoդս ցրեց Հայաստանի՝ որպես ագրեսորի կերպարը»։ Այսինքն՝ հանդիպման նպատակն էր «ապացուցել», որ Հայաստանը ագրեսոր չէ, այսինքն՝ չի պատրաստվում դիմադրել և պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը։

ԱՄՆ-ը և ԵՄ-ն ի գիտություն են ընդունել դա և Հայաստանին «անպարկեշտ» առաջարկներ չեն արել, ինչպիսիք են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելը կամ ռազմական աջակցություն ցուցաբերելը: Նրանք ասացին, որ ոչինչ անել չեն կարող, քանի որ Փաշինյանը եւ նրա դիմադրությունից հրաժարվելն է «հայ ժողովրդի ընտրությունը»։

Իսկ հիմա կարելի է գնալ Մոսկվա և զեկուցել Պուտինին. շնորհավորել ընտրվելու կապակցությամբ (ի դեպ Փաշինյանի հարազատն արդեն հաստատել է, որ ընտրություններն արդար են եղել), խոսել ԵԱՏՄ առավելությունների մասին և դիտել Ռուսաստանի ռազմական հզորությունnերը շքերթում, որտեղից հրթիռները կուղարկվեն Ուկրաինա։ Հետո կարելի է Աննա Հակոբյանին ուղարկել Ուկրաինա, որպեսզի նա մարդասիրական օգնություն տրամադրի այս հրթիռներից տուժած երեխաներին։ Աննա Հակոբյանը կարծես դեռ չի հանդիպել ռուս խաղաղապահների կողմից տեղահանված արցախցի երեխաներին։

Ջրհեղեղները Ռուսաստանում և Ղազախստանում. մեղավոր են կավերը, ղազախները և այլոք

Ջրհեղեղը, որը նախկինում հեղեղել էր Օրսկը, հասել է Օրենբուրգ։ Անցած գիշեր քաղաքում ջրի տակ է անցել ավելի քան 300 տուն, հայտնում են քաղաքային իշխանությունները։ Օրենբուրգում Ուրալ գետում ջրի մակարդակը կրիտիկական մակարդակը գերազանցել է ավելի քան 60 սմ-ով, հիդրոլոգները զգուշացնում են Ուրալում ջրի հետագա աճի մասին առաջիկա 24 ժամվա ընթացքում:

Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 14.00-ին Օրենբուրգի մոտ գտնվող Ուրալ գետի ջրի մակարդակը գերազանցել է հազար սանտիմետրը։ Վերջին 24 ժամվա ընթացքում Օրենբուրգի մերձակայքում գտնվող Ուրալում ջրի մակարդակը բարձրացել է գրեթե մեկ մետրով։

Առաջիկա 24 ժամվա ընթացքում Օրենբուրգում հիդրոլոգները կանխատեսում են Ուրալի մակարդակի հետագա բարձրացում 30-70 սմ-ով։

Հիշեցնենք, որ ռուս պաշտոնյաները ամբարտակների ճեղքման համար մեղադրում էին կրծողներին և ղազախներին, որոնք սխալ ժամանակին ջուր են բաց թողնում։

Բուն Ղազախստանում լայնածավալ ջրհեղեղների հետևանքով ավելի քան 60 բնակավայր կտրված է մնացել արտաքին աշխարհից, ավելի քան 96 հազար ղազախստանցիներ տարհանվել են աղետի գոտիներից։ Երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այն անվանել է Ղազախստանի ամենամեծ աղետը վերջին 80 տարվա ընթացքում։

Ղազախստանի 17 շրջաններից 10-ում ջրհեղեղների պատճառով տեղական արտակարգ իրավիճակ է։ Աղետի գոտիներից տարհանվել է ավելի քան 86 հազար մարդ, որոնցից 29 հազարը երեխաներ են, հաղորդում է ԱԻՆ-ը։

 

Այսօր կրկին այցելում եմ Սյունիք՝ Հայաստանի ռազմավարական նշանակության և խոցելի մարզ․ Ֆրանսիայի դեսպան

Այսօր կրկին այցելում եմ Սյունիք՝ Հայաստանի ռազմավարական նշանակության և խոցելի մարզ։ Թվիթերի իր միկրոբլուգում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին։

«Անվտանգային և մարդասիրական իրավիճակ – Հայաստանի տարածքային ամբողջականություն – Ֆրանսիայի բժշկական օգնություն – Ապակենտրոնացված համագործակցություն»,- գրել է դեսպանը՝ կից հրապարակելով ՀՀ քարտեզը։

«Լավ, դու խոսեցիր իրական Հայաստանի մասին, բայց քո պատմական թշնամին չի փոխվում»

Ապրիլի 10-ին «Մարաղա․ շարունակվող ցեղասպանություն. չընդհատվող պայքար» խորագրով քննարկման ժամանակ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

«Հայաստանի ու իրական Հայաստանի հակադրության մասին կան հայտարարություններ, ինչը ցավալի է, բայց և իրականություն։ Մենք ոչ թե ամեն անգամ նոր ցեղասպանություն ենք ունեցել, այլ ունեցել ենք մի ընդհանուր ցեղասպանական շղթայի 30-ամյա ընդհատված ժամանակահատված։ Եվ մինչեւ դա էլ 70-ամյա ժամանակահատվածում՝ սկսած Շուշիի ջարդերից, Բաքվի ջարդերից, հետո գալիս հասնում ենք Սումգայիթ, նորից Բաքու, Կիրովաբադ, Մարաղա, Հյուսիսային Արցախ, եւ այսպես շարունակ։ Եվ 30 տարի մեր Պաշտպանության բանակի շնորհիվ կանխվել է հայ ժողովրդի ցեղասպանությունը։ Այսինքն՝ ոչ թե առանձին դրվագներով ցեղասպանություն էր սա, այլ ամբողջական ցեղասպանության առանձին արարներ։

Եվ այսօր էլ չի վերացել այդ վտանգը, եթե հետեւեք, ապա կտեսնեք, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, այց թվում՝ ցեղասպանագիտությամբ զբաղվող կենտրոններն անընդհատ ահազանգում են ՀՀ-ում հայ ժողովրդին սպառնացող ցեղասպանության մասին։ Եվ պետք է առնվազն չգիտեմ ինչ աստիճանի պարզամիտ լինել, որ այս ամեն ինչը չտեսնել, եւ խոսել՝ եկեք հրաժարվենք պատմական Հայաստան ասվածից եւ խոսենք իրական Հայաստանի մասին։ Լավ, դու խոսեցիր իրական Հայաստանի մասին, բայց քո պատմական թշնամին չի փոխվում։ Այսինքն՝ յաթաղանը ձեռքին եկել քեզ սպանում է, եւ դու խոսում ես չգիտեմ ինչերի մասին, խոսում ես հարեւանության մասին։ Եվ այս վտանգը չի վերանալու, այդ ֆոնին իրական պատմություն կա, թե ինչպես կարելի է այդ վտանգը չեզոքացնել, եւ այդ իրական պատմությունը Պաշտանության բանակն էր, այսինքն՝ Զինված ուժերն է, որը տալիս է այդ հնարավորությունը՝ ինքդ քեզ պաշտպանելու եւ չթողնելու, որ կրկնվի ցեղասպանության շղթան»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ այս ամենից հայ ժողովուրդը պետք է դասեր քաղի եւ որպես ազգ՝ խելքը գլուխի հավաքի՝ հասկանալով, որ ցեղասպանության վտանգը եւ սպառնալիքը՝ լինի դա Մարաղա, Սումգայիթ, Բաքու, Շուշի, թե ամբողջ Արցախը, չի դադարելու, եթե դու քո ազգային նպատակները դնում ես մի կողմ եւ սկսում ես խոսել մի լեզվով, որով տարածաշրջանում որեւէ մեկը չի խոսում։

Ըստ Ստեփանյանի՝ թշնամու ձեռագիրը չի փոխվել․ «Ընդամենը օրեր առաջ Ստեփանակերտի փողոցում Արցախում մնացած հազվադեպ մարդկանցից մեկին ծաղրում էին ուղղակի, խոսքը տարեց մարդու մասին է։ Այսինքն՝ էլ ի՞նչ պետք է լինի, որ հասկանանաք, մարդկանց ուղեղը մտնի, որ այլ տարբերակ, քան սեփական ուժերով պատասխանատվության ենթարկելը չկա՝ օգտագործելով միջազգային ատյանները, չկա։ Սա է այն ճանապարհը, որը կարող է կանխել այս չընդհատվող ցեղասպանությունների շղթան»։

Արցախի ՄԻՊ-ն ասաց, որ այն քայլերը, որոնք պետք է միտված լինեին միջազգային հարթակներում Ադրբեջանին պատժի ենթարկելուն, չեն արվել։ «Հայաստանի իշխանությունների կողմից այսօր խոսվում է Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու եւ դրանցից հրաժարվելու մասին, ինչը ոչ այլ ինչ է, քան համաձայնություն հայտնել Մարաղային, Բաքվին, Սումգայիթին եւ այն ամեինին, ինչը տեղի է ունեցել Արցախի ժողովրդի հետ՝ սկսած 2020 թվականից։ Մենք չպտեք է դադարենք պահանջատիրությունը առաջ մղել, անկախ նրանից, թե ով է դա ուզւոմ կամ չի ուզում, արդարությունը չի կարող բազմաթիվ երեսներ ունենալ։ Արդարությունն այն է, որ ոճրագործ ժողովրդի վերահսկողության տակ Արցախում հայի գոյությունն անհնար է, արդարություն այն է, որ այս մարդիկ, որոնք զոհ են գնացել ադրբեջանական ոճրագործություններին, ի վերջո պետք է տեսնեն, որ Ադրբեջանը ենթարկվում է պատասխանատվության։

Իսկ դրա համար պետք է օգտագործել բոլոր ատյանները՝ պահանջատիրությունը տեղ հասցնելու համար։ Շրջափակումը Լուի Մորենո Օկամպոյի կողմից գնահատվել է որպես ցեղասպանություն, ես ամբողջությամբ համաձայն եմ, այն, ինչ արել է Ադրբեջանը 2020 թվականից հետո, ոչ միայն շրջափակման ժամանակ, այս գործողությունները միտված էին նրան, որ հայ մարդն ուղղակի հրաժարվի Արցախից, դուրս գա։ Եվ տեսնելով, որ դա չի լինում, ի վերջո 2023 թվականի սեպտեմբերի 19-ին հերթական հարձակումն են գործել, եւ օգտվեով անպատժելիությունից, երբ ռուս խաղաղապահները միջամտություն չեն ցուցաբերում, իսկ միջազգային դերակատարներն ուղղակի աչք են փակել այդ ամենի վրա, Ադրբեջանը ժամանակավոր ավարտին է հասցրել Արցախի նկատմամբ իր ցեղասպանական նպատակները եւ այսօր էլ անցել է Հայաստանի Հանրապետությանը»,- հավելեց Գեղամ Ստեփանյանը։

 

32 տարի առաջ այս օրը Մարաղայում հայերի ջարդեր տեղի ունեցան. ՀՀ ԱԳՆ

32 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղում հայերի դեմ իրականացված ջարդերը դարձան Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության հերթական մասը։ Դրա մասին ասված է Հայաստանի ԱԳՆ-ի՝ այսօր երեկոյան X-ի միկրոբլոգում հրապարակված հայտարարության մեջ։

«Ավելի քան 50 խաղաղ բնակիչ գազանաբար սպանվել է, նույնքան էլ գերի է ընկել, մնացած հայ բնակչությունը՝ մոտ 5000 հոգի, բռնի տեղահանվել է։ Սա փաստագրված է Human Rights Watch և Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին և ընդգծում նման քաղաքականության կանխարգելման անհրաժեշտությունը»,- նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում: