Արցախի Ազգային ժողովը պետք է հաստատի նոր պատգամավորի

Անցած շաբաթ Արցախի խորհրդարանի պատգամավորներից մեկը վայր է դրել իր մանդատը, ինչի մասին հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ, ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բագունցը։

Փաստորեն, ըստ կանոնակարգի, Արցախի Ազգային ժողովը պետք է նիստ հրավիրի՝ հրաժարական տվածի փոխարեն նոր պատգամավոր հաստատելու համար։ Մեր տեղեկություններով՝ այժմ քննարկվում է նիստի անցկացման հնարավորությունը։ Բացի այդ, անհրաժեշտ է կանոնակարգում փոփոխություններ կատարել, որոնք թույլ կտան նիստեր անցկացնել Ստեփանակերտի ԱԺ նիստերի դահլիճից բացի այլ վայրում։

Բացի այդ, ինչպես հաղորդվում է, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր, որով հաստատվել են Արցախի Հանրային խորհրդի իրավունքներն ու լիազորությունները։

Այսպիսով, Ազգային ժողովի պետական ​​կառույցները վերսկսում են աշխատանքը՝ չնայած Հայաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչների անհեթեթ հայտարարություններին։ Այս հայտարարությունները կարծես արվում են որպես ալիբի՝ ի պատասխան Հայաստանի նոր «գործընկերների»՝ Բաքվի և Անկարայի հավանական մեղադրանքներին։

Արցախի իշխանությունները պետք է որոշեն աշխատանքի վերսկսման կարգը՝ ոչ միայն օրենսդիր ու գործադիր, այլ նաև դատական։ Ի վերջո, որոշ արցախցիներ կարող են չընդունել Հայաստանի քաղաքացիությունը, և այդ ժամանակ կծագի Արցախի բնակիչների հետ կապված դատական գործերի իրավասության հարցը։ Բացի այդ, Հայաստանի Սահմանադրական դատարանը պետք է իր խոսքն ասի 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած ակտերի վերաբերյալ։

Արցախի պետական ​​գերատեսչությունների գործունեության համար Հայաստանի բյուջեով միջոցներ նախատեսված չեն, սակայն դա չի նշանակում, որ միջոցներ չեն գտնվի։ Ի վերջո, կան ազգային կառույցներ և հանրային հիմնադրամներ, որոնք կարող են ֆինանսավորել Արցախում պետական ​​կառույցների գործունեությունը։ Նման պատրաստակամություն արդեն հայտնել են սփյուռքի ներկայացուցիչները։

Արցախի ղեկավարությունը պետք է հավաքի զինքը և կատարի իր պարտավորությունները։ Եթե ​​մարդիկ, որոնց ձեռքում, ճակատագրի կամքով կամ ուրիշի ուղորդմամբ, հայտնվում են Արցախի ճակատագիրն ու ապագան, կարծում են, որ ի վիճակի չեն կրել այս ծանր բեռը, ապա ավելի ճիշտ կլինի, որ հրաժարական տան և տեղ տան բանիմաց ղեկավարներին։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կարո՞ղ է այս բեռը տանել։

Նաիրա Հայրումյան

Հայաստանի դպրոցներում արցախցի երեխաների նկատմամբ բուլինգի մասին

Արցախցի երեխաների նկատմամբ բուլինգի (ուժի, հարկադրանքի, վիրավորական ծաղրի կամ սպառնալիքի կիրառում, վիրավորելու նպատակով, ագրեսիվ գերիշխանության կամ ահաբեկման նպատակով) պատճառներից մեկը պետության քաղաքական դիրքորոշումն է և Հայաստանի քաղաքացիների ընտանիքներում հաստատված համապատասխան կարծրատիպերը։  Sputnik Армения-ի հետ զրույցում այս տեսակետը ներկայացրեց իրավապաշտպան, Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։

Նոյեմբերի 23-ին կառավարության նիստի ժամանակ նշվել է, որ Հայաստանի դպրոցներում նկատվում են բուլինգի դրսեւորումներ Արցախից տեղահանված երեխաների նկատմամբ։ Հարցը բարձրացրել է երեխաներից մեկը, ով հրավիրվել էր մասնակցելու կառավարության նիստին (1989թ. նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոնվենցիայի ընդունման տարեդարձի կապակցությամբ): Կրթության և գիտության նախարարության ղեկավար Ժաննա Անդրեասյանն ի պատասխան չբացառեց, որ դպրոցներում կարող են բուլինգի դեպքեր լինել, և որ նման դեպքերը շատ դժվար է բացահայտել։

«Պետք է հասկանալ. առաջին հերթին մենք գործ ունենք ժամանակակից ցեղասպանությունը վերապրած մեր հայրենակիցների հետ»,- ասաց Ալավերդյանը։ Իրավապաշտպանն ընդգծեց, որ եթե վերը նշված հանգամանքները հայ դպրոցականների մոտ որևէ դրական վերաբերմունք և բարոյական համակրանք չեն առաջացնում, ապա դա վկայում է խորքային խնդրի առկայության մասին։

Շուշիի Մեղրեցոց եկեղեցի․ այն, ինչ չի ավարտվել 1960-ականներին, շարունակվում է այսօր

Օրերս «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» նախաձեռնության կայքը հրապարակել է  հերթական արբանյակային լուսանկարները Արցախում հայկական մշակութային արժեքների դեմ իրականացված ոտնձգության մասին։ Ինչպես հստակ երևում է այդ լուսանկարներից, օկուպացված Շուշի քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների հետևանքով վնասվել են Շուշի քաղաքի Մեղրեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մնացորդները:

Համաձայն 2023 թվականի նոյեմբերի 3-ին արված արբանյակային լուսանկարի՝ ադրբեջանական կողմը միտումնավոր կերպով շրջակա տարածքների շինարարության ամբողջ շինաղբը ծանր տեխնիկայի միջոցով լցրել է եկեղեցու՝ դեռևս 2017 թվականին «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված պեղումներով բացված հիմնապատերի և ծավալների վրա։

Ադրբեջանի նման հակամշակութային քաղաքականությունը նորություն չէ։ 1921 թվականին Արցախը Ադրբեջանին բռնակցելուց հետո, պետական մակարդակով ու հստակ քաղաքականությամբ պայքար սկսվեց Արցախի հայկականության դեմ և Ադրբեջանն առաջնորդվում էր «այն ինչ պատկանում է Ադրբեջանին, ադրբեջանական է», կարգախոսով։ Արցախում, այդ թվում նաև Շուշիում, ամեն ինչ պետք է համահունչ լիներ որդեգրված քաղաքականությանը։ Պատմությունը, մշակույթը, ճարտարապետությունը կա՜մ ադրբեջանականացվում էր, կա՜մ ոչնչացվում։

Ելնելով դրանից 1960-ական թվականներին երբեմնի ճարտարապետական համալիրը քանդվել, հարմարեցվել և վերածվել էր ամառային բացօթյա կինոթատրոնի։ Ականատեսները վկայում են, որ գրեթե անհնար էր քանդել եկեղեցու ամուր և հաստ պատերը: Խորհրդային տարիներին ադրբեջանական իշխանությունների հրահանգով պայթեցումներով քանդել են պատերի մեծ մասը, իսկ մեկ մետրից բարձր պահպանված հիմնապատերը ներառվել են ասֆալտի տակ (Շ․Մկրտչյան):

Մեղրեցոց եկեղեցին կառուցել են մեղրեցի ներգաղթյալները՝ համանուն թաղամասում: Կառուցման արձանագրության մեջ հիշատակված է որպես Սուրբ Ամենափրկիչ Մեղրեցոց եկեղեցի, որը կառուցվել է Մահտեսի Հախումյանցի ծախսերով։ Ըստ Մակար Բարխուդարյանցի` հարավային դռան ճակատային քարի վրա եղել է հետևյալ արձանագրությունը. «1838 Մահտեսի Պապայ Հախումեանց տոհմին չուներ զաւակ մարմնաւոր ինքեան զօր հասին պատրաստեաց կտակ շինել զտաճար սուրբ եկեղեցւոյ մի երկնահանգոյն, որ տայ վերճեմել մարդկային սեռից ի բարին անհուն յանուն Տիրամայր սուրբ Աստվածածնին կենաց պատճառի յիշատակ հոգւոյն ընդ անցաւորին յայսմ աշխարհի նախ քան կատարել նոր նպատակի հողացաւ մարմին, որ աստ կայ եդեալ ի մեջ տաճարիս պերճ գերեզմանիս»։

Ցավոք սրտի, հեղինակի նշած ճակատային քարը անհետացել էր։

Արմինե Հայրապետյան

 

 

 

Ստեփանակերտյան AL Topshop-ը Երեւանում․ երկուսը մեկի մեջ

2013 թվականին Ստեփանակերտում բացվել էր Տոնյան ընտանիքի «AL Topshop» հագուստի խանութը, իսկ 2022-ին ընտանիքի զավակ Լուսինեն իր ուժերով բացել էր տպագրական նվերների «Luan Gifts»-ը։ Կարճ ժամանակահատվածում կարողացան գրավել Արցախի շուկան և դառնալ ոլորտի առաջատարներից։

Սակայն ինչպես մյուս 120.000 քաղաքացու, այնպես էլ Տոնյանների նախկին կյանքը ընդհատվեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։

«Խանութները ապրանքով լցված մնացին Ստեփանակերտում։ Նույնիսկ սեպտեմբերի 19-ից հետո խանութի դուռը չբացեցինք, ամեն ինչ մնաց սյնտեղ, բացի իմ խանութից վերցրած մի qանի հուշանվերվերի և սարքերի։ Խանութս մինչև պատերազմը լցրել էի գինով, պատրաստվում էինք մարտի 8-ին։ 1 միլիոն դրամի մենակ գինի մնաց այնտեղ»,- ասում է Լուսինեն։

10 տարի անց Երևանի Վաղարշյան 18 հասցեյում որոշեցին վերաբացել խանութները, սակայն 2-ը մեկում։ Խանութի հիմնական մասում կցուցադրվի հագուստ, իսկ հետևի մասում Լուսինեի աշխատանքային անկյունն է։

Դժգոհ են տարածքի վարձակալության բարձր գներից։ Ստեփանակերտում վճարվող 100.000 դրամի փոխարեն 500.000 են վճարում, բայց այլընտրանք չունեն։

Հայկ Հարությունյան

Արցախը սեպ է խրում հայ-ազերբայդժանական բարեկամության մեջ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը 24TV-ի եթերում հայտարարել է, որ դեմ է, որպեսզի ՀՀ-ում գործեն Արցախի պետական մարմինները։ Նրա խոսքով՝ դա հակոտնյա է մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին․

«Այսինքն՝ դու անկեղծ չես քո նկրտումների մեջ, որ ասում ես՝ մենք խաղաղության օրակարգ ենք առաջ տանում։ Խաղաղության օրակարգ ես առաջ տանում, Արցախի Ազգային ժողով ու Կառավարություն ես պահպանում, որ վաղը, մյուս օրը հարձակվես Ադրբեջանի վրա ու սեպ խրես հայ և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամության մե՞ջ․ դա չեղավ խաղաղություն», ասել է Աղազարյանը։

1988-ին, երբ սկսվել է Ղարաբաղյան շարժումը, եւ ամբողջ աշխարհը ցնցվել է, ռուսներն ասում էին․ неужели հայերն ու ադրբեջանցիները չեն կարող միավորվեն, ղարաբաղցիների հախիծը գան։ Բա ո՞նց չեն կարողանում։

Լքված Արցախում բացվել է ռուս խաղաղապահների հուշարձանը

«Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղակայման տարածքում 2023 թվականի սեպտեմբերի 20-ին զոհված ռուս խաղաղապահների պատվին հուշարձան է բացվել»,- ասված է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 20-ին հայտնել է, որ «Լեռնային Ղարաբաղի Ջանյաթաղ գյուղի տարածքում ռուս խաղաղապահներով մեքենան կրակի է ենթարկվել, զինվորականներ են զոհվել»։

Հիշեցնենք, որ Արցախում ռուս խաղաղապահների ուղիղ մասնակցությամբ սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած մարտերի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հայ զինվոր, 18 խաղաղ բնակիչ, որոնցից 6-ը երեխաներ են եղել, ևս 300 մարդ զոհվել է վառելիքի պայթյունի հետևանքով։ Ավելի քան 100 հազար մարդ լքել է իր տունը ցեղասպանության և էթնիկ զտումների ֆոնին։ Այն, ինչ ռուսական զորքերը չկարողացան անել 1990-ականների սկզբին «Օղակ» գործողության ժամանակ, իրականացվեց 30 տարի անց:

«Խաղաղապահները» մինչ օրս մնում են Արցախում, ավելին՝ Ակնայի ռուս-թուրքական հետախուզական կենտրոնը գործում է անխափան։ Ըստ երևույթին, սա էր «խաղաղապահության» նպատակը։

Մեզ չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը ծանր վիճակում թողած, իր իսկ ժողովրդին դավաճանած Հայաստանի վարչապետի կարծիքը․ Հրվ․ Օսիայի նախագահ

Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևն ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավաճանել է իր ժողովրդին, ուստի իրենց Փաշինյանի կարծիքը չի հետաքրքրում։ Գագլոևն այսպես է արձագանքել Փաշինյանի հայտարարությանն,  ըստ որի Հայաստանը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, գրում է aysor.am-ը։

Հարավային Օսիայի նախագահն այս առնչությամբ ընդգծել է՝ Հարավային Օսիան ճանաչված անկախ պետություն է, և այդ փաստի հետ բոլորը պետք է հաշվի նստեն։

«Մենք հարգանքով ենք վերաբերվում հայ ժողովրդին, որի հետ դարավոր բարեկամական հարաբերություններ ունենք, բայց մեզ չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը ծանր վիճակում թողած Հայաստանի վարչապետի կարծիքը։ Նա դավաճանել է իր իսկ ժողովրդին, որն օգնություն էր սպասում Հայաստանից։ Փաշինյանն այնքան քաջություն չունեցավ, որ ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մեզ հետաքրքիր չէ նման քաղաքական գործիչների կարծիքը»,- ընդգծել է Ալան Գագլոևը և կրկնել, որ Հարավային Օսիան ճանաչված է Ռուսաստանի Դաշնության և մի շարք այլ երկրների կողմից՝ որպես անկախ պետություն, ուստի բոլորը պետք է հաշվի առնեն այդ փաստը։

Ամփոփվել են «Քեզ համար, Հայաստան» 26–րդ Հեռուստամարաթոնի նախնական արդյունքները

«Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքո  նոյեմբերի 23-ին կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 26-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում հավաքագրվել է շուրջ 8,4 միլիոն ԱՄՆ դոլար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, դրամահավաք–միջոցառումները դեռ շարունակվում են, իսկ վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին:

««Հեռուստամարաթոն 2023»–ի շրջանակում Հայաստանում հանգանակվել է 552,372 ԱՄՆ դոլար, Ֆրանսիայի տեղական մարմինը հավաքագրել է՝ 3,250,000 ԱՄՆ դոլար, ԱՄՆ տեղական մարմինը՝ 3,100,000 ԱՄՆ դոլար, Տորոնտոյի (Կանադա) տեղական մարմինը՝ 500,000 ԱՄՆ դոլար,  Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը՝ 450,000 ԱՄՆ դոլար, Արգենտինայի տեղական մարմին՝ 160,690 ԱՄՆ դոլար, ինչպես նաև նվիրատվություններ են կատարվել հետևյալ երկրներից՝  Նիդերլանդներ՝ 100,000 ԱՄՆ դոլար, Բրազիլիա՝ 92,000 ԱՄՆ դոլար, Գերմանիա՝ 66,400 ԱՄՆ դոլար, Շվեյցարիա՝ 50,000 ԱՄՆ դոլար, Ավստրալիա՝ 27,000 ԱՄՆ դոլար, Ավստրիա՝ 25,900 ԱՄՆ դոլար, Ռումինիա՝ 4,360 ԱՄՆ դոլար։

«Քեզ համար, Հայաստան» խորագրով հեռուստամարաթոնի դրամական միջոցները կուղղվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կենսապայմանների բարելավմանը, ինչպես նաև սահմանային համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը:

Շնորհակալ ենք մեր տեղական մարմիններին, բոլոր գործընկերներին և նվիրատուներին շարունակական աջակցության, անմնացորդ նվիրումի և Հայրենիքի կողքին կանգնելու համար, ինչի շնորհիվ կբարելավվի մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների կյանքը»,-նշել են հիմնադրամից:

Արմենը հույս ունի մոնիտոր գնել, ավարտել ուսումն ու աշխատանքի անցնել

Արմեն Ասրյանը ծնվել է 2004 թվականի սեպտեմբերի 16-ին Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ գյուղում։ Վաղ մանկության տարիներին նրա մոտ ախտորոշվել է ուղեղային կաթված։ Արմենն իր գրեթե ողջ մանկությունն անցկացրել է ծնողների հետ Հայաստանի և Ռուսաստանի հայտնի բժշկական կենտրոններում։ Նա 6 վիրահատության է ենթարկվել, այնուհետեւ վերականգնվել է Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում.

Բժիշկներին չի հաջողվել ամբողջությամբ վերականգնել նրա շարժիչի ֆունկցիան՝ հիմա շարժվում է քայլակի օգնությամբ, սակայն դա չի խանգարում նրան լիարժեք կյանք վարել։

Սովորել է գյուղական դպրոցում։ Ամեն օր տնից մինչեւ դպրոց քայլելը դժվար էր, սակայն քանդված ճանապարհներն ու թեքահարթակների բացակայությունը նրան չխանգարեցին։ Ընտանիքի ու ընկերների օգնությամբ նա ամեն օր հաճախում էր դպրոց և իր հասակակիցների հետ հավասար մասնակցում ուսումնական գործընթացին։

Որոշ ժամանակ անց, հաշվի առնելով տեղաշարժի հետ կապված բոլոր անհարմարությունները, ընտանիքի հետ տեղափոխվել է Ստեփանակերտ։ Մեծ հաջողությամբ ավարտել է Ստեփանակերտի թիվ 12 դպրոցը և ընդունվել Նարեկացի համալսարան։ Իր վճռականության և աշխատասիրության շնորհիվ Արմենը մեծ հեղինակություն է վաստակել ընկերների և համադասարանցիների շրջանում։

Մանկուց նա կիրք ուներ տեխնիկայի նկատմամբ։ Հատկապես նրան հետաքրքրում են հեռախոսները և համակարգիչները։ Ելնելով դրանից՝ ընտրեց ծրագրավորողի մասնագիտությունը։ Շրջափակումից առաջ նա գրանցվեց առցանց ծրագրավորման դասընթացների, սակայն շրջափակման և հոսանքազրկման պատճառով նա հետ մնաց վերապատրաստման ծրագրից։

2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ նրանք լքեցին  իրենց տունը՝ հասցրեց վերցնել միայն համակարգիչ, այն էլ առանց մոնիտորի, ինչի պատճառով նա չի կարող շարունակել ուսումը։

Նրանք մեծ ընտանիք ունեն։ Այժմ նրանք, ինչպես շատ արցախցիներ, բնակարան են վարձում Երեւանում։ Ընտանիքում միայն հայրն է աշխատում։ Արմենը հույս ունի, որ շուտով արցախցիների սոցիալական հարցերը կլուծվեն, և նա կկարողանա մոնիտոր գնել, ավարտել ուսումը և աշխատանքի անցնել։

Արսեն Աղաջանյան

Փաշինյանի իշխանության գործոնը. ինչն է որոշում Հայաստանի «արտաքին քաղաքական կուրսը»

Հայկական լրատվամիջոցները հայտնում են, որ Փաշինյանը բազմաթիվ հանդիպումներ է ունենում իր կուսակցության հետ՝ փորձելով «իր» մարդկանց իշխանության բերել անգամ ամենափոքր գյուղում։ Խոսում են հաջորդ տարի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանականության, «ընդդիմության» և, համապատասխանաբար, արտաքին քաղաքական կուրսի փոփոխության մասին։

Փաշինյանի իշխանության գործոնը առանցքային է տարածաշրջանային ընթացիկ իրադարձություններում. նրա ձեռքերով և իր ծրագրերով փոխվում է 30-ամյա ստատուս քվոն, որտեղ հայկական ինքնորոշված ​​Արցախը տարածաշրջանի անվտանգության համակարգի առանցքն էր։ Նոր ստատուս քվոյում Հայաստանը, առանց Արցախի և Նախիջևանի հանդեպ իրավունքների, լինելու է խաչմերուկ, կամուրջ, ընդհանրապես՝ տարանցիկ տարածք մյուսների համար։ Իրական, պետական ​​Հայաստան ոչ մեկին պետք չէ.

Ո՞վ է իշխանության բերել Փաշինյանին և ով է մոդերատորը Հայաստանում՝ անզեն աչքով երևում է։ Օպերացիան, իհարկե, փայլուն էր՝ բոլոր ժամանակակից քաղաքական տեխնոլոգիաների կիրառմամբ։ Փաշինյանի իշխանությունն այնքան համառ ստացվեց, որ նա վերապրեց համաճարակ, երկու պատերազմ, արցախցիների տեղահանություն, աշխարհաքաղաքական կատակլիզմներ, հակառուսական պատժամիջոցներ և վերջին 5 տարվա այլ դժբախտություններ։

Հիմա Փաշինյանը պետք է անցնի հաջորդ, ամենակարեւոր փորձությունը՝ չկորցնել իշխանությունը պետության կորստի պայմաններում։

Մոսկվան իր պայմաններն է դնում՝ հայտարարելով, որ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել ցանկացած պահի։ Այսինքն՝ եթե փորձեք փոխարինել Փաշինյանին, մենք նորից կտանք «կրակի» հրամանը։

ԱՄՆ-ն, իր հերթին, հայտարարում է, որ «եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանում են ապագա կառուցել Ռուսաստանի և Իրանի առանցքի շուրջ, ապա դա անկայուն և անցանկալի է, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համար» (Օ Բրայան):

Այսինքն՝ ԱՄՆ-ն ուղղակիորեն ասում է, որ կարող է ցնցել իրավիճակը Բաքվում և Երևանում, եթե նրանք շեղվեն նախկինում քննարկված ճանապարհից։

Ի՞նչ ճանապարհ է նախատեսվում Հայաստանի համար։ Ըստ ամենայնի, Հայաստանը Ռուսաստանի «ֆորպոստից» կվերածվի եվրոպական «հետնաբակի»՝ դեպի Մերձավոր Արևելք ելքով։

Նոյեմբերի 27-ից 29-ը Հայաստան կայցելի Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության և Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունը։ Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո Հայաստանը նույնպես կձևացնի, թե գնում է այս ճանապարհով։ Փաշինյանը երեկ արդեն ճանաչել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Աբխազիան և Հարավային Օսեթիան։

Ի դեպ, Հայաստանի գործող իշխանություններն ասում էին, որ չեն կարող ինտեգրացիոն կապեր զարգացնել Եվրամիության հետ՝ Արցախի խնդրի առկայության պատճառով։ Սակայն օրերս ԵՄ-ն հայտարարեց, որ Մոլդովան և Վրաստանը կարող են ԵՄ անդամ դառնալ առանց Օսիայի, Մերձդնեստրի և Աբխազիայի։ Ճիշտ այնպես, ինչպես նրանք ընդունեցին Կիպրոսը՝ չնայած թուրքական օկուպացիային։

Արտաքին քաղաքական մանիպուլյացիաները և 10-ժամյա ասուլիսները ուժեղացնում են Փաշինյանի իշխանությունը՝ թույլ չտալով հասարակությանը իրական գնահատական ​​տալ, թե ինչ է տեղի ունեցել վերջին 5 տարիներին՝ առաջիկա հինգ տարիներին հեռանկարով։

Նաիրա Հայրումյան

TigranBlog-ՏիգրանԲլոգ՝ «Թվապատում 2023»-ի մրցանակակիր

Ashot Gabrielyan-ը գրում է․

«Թվապատում 2023» ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության « Տարվա ԱզդեցIQ դեմք» անվանակարգի հաղթող Տիգրան Գաբրիելյանն է` նույն ինքը` TigranBlog-ՏիգրանԲլոգ -ը` նույն ինքը` եղբայրս:
Պարգևատրվել է «սոցիալական հարթակներում ազդեցիկ գործունեության և առցանց արշավի համար»: Սա մասնավորապես վերաբերում է բլոկադայի ընթացքում Տիգրանի կողմից ստեղծված բովանդակությանը:
Թե ինչքան ենք հպարտանում իրենով, բառերով նկարագրելու չի, բայց ինչպես ինքն ա ասել մրցանակը ստանալիս` «կուզեինք այստեղ չլինել, մրցանակը չստանալ, կուզեինք Արցախում լինել` իմ ընկերների հետ»:

Շուշիի ավերվող գերեզմանոցներում հայ իշխանական ընտանիքների դամբարաններ են

Միայն միջազգային հանրության միջամտությունը կարող է կանխել հայկական հուշարձանների ոչնչացումը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին ասել է ճարտարապետության պատմաբան, «Շուշիի քաղաքաշինության պատմությունից» գրքի հեղինակ Մանվել Սարգսյանը՝ մեկնաբանելով «Caucasus Heritage Watch»-ի զեկույցը Շուշիի Երևանյան դարպասի մոտ հայկական գերեզմանոցով ադրբեջանական բուլդոզերներով ճանապարհ անցկացնելու մասին։

Նա նշել է, որ «դեռևս 1970-ականներին Ադրբեջանի իշխանությունները սկսեցին բուլդոզերներով մաքրել Շուշի քաղաքի հայկական հատվածի շենքերը և ծառեր տնկեցին հայկական գերեզմանատները՝ դրանք տեսադաշտից թաքցնելու համար»։

«Փրկված գերեզմանատներից երեքը թվագրվում են 19-րդ դարով և 20-րդ դարի սկզբով, քաղաքի կենտրոնում կա 18-րդ դարի գերեզմանատուն։ Գերեզմանոցները պատմականորեն եզակի են նրանով, որ հայկական են, կան հայկական իշխանական ընտանիքների դամբարաններ։ Օրինակ՝ Մելիք-Շահնազարյանների տոհմական գերեզմանը, այնտեղ է Ղազանչեցոց եկեղեցու կառուցող Սիմոն Տեր-Հակոբյանի գերեզմանը, 18-րդ դարի հին գերեզմանատանը կա Բաղդասար մետրոպոլիտ (19-րդ դար) տապանաքարը», -ասաց Սարգսյանը։

Դատելով լուսանկարներից և Caucasus Heritage Watch-ի զեկույցից՝ հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ը Երևանի դարպասի մոտ գտնվող հայկական գերեզմանոցով ճանապարհ է անցկացվել բուլդոզերով: «Անհասկանալի է, թե ինչ նպատակով է կառուցվել այս ճանապարհը. եթե Ադրբեջանը նպատակ է դրել ոչնչացնել Շուշի քաղաքի հայկական գերեզմանոցը և հայկական այլ պատմական փաստերը, ապա դա, իհարկե, ցավալի է»։