Անոնս․ կարող եք գնալ “Մոդեռն Ոճ” ցուցահանդես

Հայաստանի Ազգային պատկերասրահում մեկնարկել է “Մոդեռն Ոճ” ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են  Վարդգես Սուրենյանցի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի և այլ նկարիչների աշխատանքներ։

“Մոտ 4 տարի մեր ցուցասրահների մեծ մասը փակ է եղել, և գլխավորապես փակ է եղել մեր մշտական ցուցադրության հայկական դասական կերպարվեստի, ռուսական, եվրոպական արվեստների սրահները։ Այսօր շուրջ 120 ցուցանմուշի տեսքով մենք ներկայացնում ենք մոդեռն ուղղությունը, դրա բոլոր փուլերը, զարգացումներն ու ամփոփումը»,- ասում է պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։

Հայկ Հարությունյանը արդեն գնացել է

 

 

Հուշեր անցյալից` Շոշ գյուղ. պատմում է Վիտյա Յարամիշյանը

Իմ նախնիները Արցախում են ապրել ու հաստատվել Ասկերանի շրջանի Շոշ գյուղում:  Ինչու եմ վստահ, որ արմատներ ունենք, քանի որ մեր գերեզմաններն են այնտեղ: Ծնողներս գյուղական մանկավարժներ էին. հայրս տնօրեն էր, մայրս` հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, և նրանց օրինակը տարածվել է զավակների վրա: Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված պապիկս ևս մանկավարժ էր: Նա զոհվել էր 5 անչափահաս երեխաներ թողնելով տատիկիս ուսերին, եւ ընտանիքս ունեցել է շատ դժվարություններ, տան սյունը փլուզվել էր:

Արցախը պատմությունը, հուշարձանները և ամեն ինչ հայկական շնչով են շնչում: Մեր գյուղի բարբառը “ս” ճյուղին է պատկանում, քանի որ մի մասը Հադրութից են եկել:

Շոշում ապրել եմ ամենալավ մանկությունը: Հիշում եմ, թե ճաշ պատրաստելիս տատիկս ինչ տեղական մթերքներ էր օգտագործում: Մաման էլ այնպես էր թխում ժենգյալով հացը, որ բուրմունքը տարածվում էր աշխարհով մեկ: Մեր կերակրատեսակներն ու մշակութային առանձնահատկություններն աչքիս առջև են: Շոշ գյուղում սովորություն ունեինք հարազատներով գառ մորթել և մեծ սեղան նստել, իսկ հետո այդ գառան մսով երեք տեսակի ճաշ էինք պատրաստում, հնարավոր չէ մոռանալ այդ աուրան, այդ մթնոլորտը: Մեր անտառներում ամեն ինչ կար և մանուկ ժամանակ մրգերի, հատապտուղների, ընկուզեղենի կարիք չէինք զգում: Թումանյանի նկարագրած գյուղական փոքրիկ տներից դուրս էինք վազվզում դեպի անտառ…

Շատ բան եմ հիշում սովետական տարիներից, որն, իմ կարծիքով, ունեցել է և’ լավ, և’ վատ կողմեր: Վատն այն էր, որ կառավարումն իրականացվում էր այն ձևով, որպեսզի մարդիկ չկարողանան ազատ արտահայտվել: Օրինակ, մի մարդ Ստեփանակերտից կոշիկ էր գնել ու հագած վերադառնում էր տուն, ճամփին կոշիկի տակը պոկվել էր: Հետ դառնալիս ասաց` բա այսպիսի բան կլինի? Այդ նախադասության պատճառով աքսորեցին Սիբիր: Այդ աստիճանի աբսուրդի էր հասնում տոտալիտարիզմը: Սովետը ամեն ինչ անում էր, որ հասարակությունը լինի կազմակերպված` ցածր մակարդակի, բայց ապահով կյանք էր:

Ադրբեջանը նպատակային ձևով հայահալած քաղաքականություն էր իրականացնում:  Այն դպրոցում, որտեղ ես դասավանդում էի, հանկարծ հայտնվել էր ադրբեջաներենի ուսուցիչ: Այդ ուսուցիչը այնքան էր մեզ նախանձով նայում, որ ինչու ենք այդքան զարգացած, մեր տներում հեռախոս կա և այլն: Զգացվում էր, որ այդ մարդիկ աչք են տնկել մեր ունեցվածքի, հողի, ջրի վրա և ուզում էին մեզ արտաքսել ինչ-որ ձևով: Ասում էին` ինչու պիտի ձեր դպրոցի ճակատին հայերեն գրված լինի Շուշքենդի միջնակարգ դպրոց, ռուսերենն ու ադրբեջաներենը հերիք է:

Կենտրոնից մշակված այս քաղաքականությունն առաջացնում էր լարումներ: 1990-ականները մոռանալ չի լինի` հացի խնդիր, անվտանգության սպառնալիքներ, այդ զգացողություններն այնքան սուր են… Գիշերը երազում էլ ես տեսնում:

Ինքս լինելով ուսուցիչ և կազմակերպիչ` ծառայել եմ բանակում և մասնակցել Ղարաբաղի ինքնապաշտպանական մարտերին: Հենց ժողովուրդը խոսում էր անկախության կամ Հայաստանին միանալու մասին, մի քանի օր հետո ադրբեջանցիները գալիս էին Աղդամից մահակներով , սուր գործիքներով, որպեսզի մեզ դաս տան ու բացատրեն… Մի քանի օրից Սումգայիթի հայերին կոտորեցին, մի մասին էլ վռնդեցին Սումգայիթից: Շուշիից այնքան էին ռմբակոծում մեր գյուղը, որ ստիպված էինք մեր երեխաներին տանել ուրիշ գյուղեր: Ես իմ ընտանիքը տարել էի Ակնաղբյուր գյուղ, իսկ տղաներով մնացել էինք մեր գյուղը պաշտպանելու համար:

Վերջին տեղահանությունն իմ կյանքի ամենածանր ժամանակաշրջանն էր: Զգացվում էր, որ սա վերջն է: Ես լավատես եմ ու հավատում եմ, որ մի ձև կարող ենք վերադարձնել Արցախը, բայց այն զորքը, որն անվանել են խաղաղապահ, ավելի լավ է անվանեին տեղահանման կամ բռնատեղահանման աջակցող զորք, որովհետև հենց իրենք են եկել մեր գյուղ, միացրել բարձրախոսները և հայտարարել, որ շուտ դուրս գանք տնից: Իրենք մեզ լավություն են անում…

Ասում են, թե ղարաբաղցիք թողել են տները, դա մերկապարանոց սուտ է: Ադրբեջանցիները գյուղի վերևում կրակում էին, տանը մնացած մարդկանց սպանության դեպքեր են եղել: Ես համալսարանում էի, երբ Մարտակերտից մարդիկ եկան այնտեղ պատսպարվելու: Ես ծանոթներ ունեմ, որ չեն հասցրել իրենց տնից գոնե նշանի մատանին կամ կուտակած փողը հանել:

Քանի՞ հոգի սրտի կաթվածից  մահացել ճամփին: Սա  տեղահանություն է, ժողովրդի նպատակային ոչնչացում: Թողել ենք մեր վաստակը, մանկությունը, գերեզմանները, աճեցրած ծառը, ամբողջ կյանքը….Պիտի դիմանանք այս վիճակին, ուժեղանանք…

Տաթեւ Ազիզյան

Քննիչ Թամարան․ 22 տարեկանում հարյուրավոր կյանքեր ապրած

Թամարան դեռ առաջին կուրսում գիտեր, թե ինչ է ուզում, իսկ 4-րդ կուրսում պրակտիկայի ժամանակ հասկացավ, որ որոշումը ճիշտ էր` նա քննիչ է լինելու։

«Մեկ ամիս տևեց մեր պրակտիկան: Այդ մեկ ամսվա ընթացքում այնքան սիրեցի այդ գործը, որ վարչության պետին խնդրեցի կամավոր հիմունքներով սովորել իր մոտ` թույլատրեց: Այդ պահին ամենաերջանիկն էի, 2022 թ․ սեպտեմբերից մինչև հունիսը քննչականում էի և մասնակցում էի քննչական գործողություններին»։

Պրակտիկային հաջորդեց բարեհաջող հանձնված քննությունները և նշանակումը Արցախի Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժին:

«Ես անսահման երջանիկ էի, բայց դե հասկանալի պատճառներով ծնողներս` ոչ: Հիշում եմ, որ մտա տուն, մայրս ու մորաքույրս լացում էին․ մինչ այդ հեռախոսով ասել էի, որ անցել եմ ու գործուղվում եմ Մարտակերտ: Մամաս ասաց, եթե գնաս, էլ հետ չգաս, այնպիսի տպավորություն էր, որ իր կամքին հակառակ աղջիկ է ամուսնացնում: Ես ասացի, որ կա՛մ ճանապարհում եք նորմալ, կա՛մ ուղղակի մի օր արթնանալու եք և տեսնեք, որ գնացել եմ»:

Թամարան ջերմությամբ է հիշում հունիսի 19-ը, երբ արդեն համազգեստով, լեյտենանտ Խաչատրյանը գործուղվել է Մարտակերտ։ Ասում է, որ այդ օրվանից սկսել է սիրահարվել թե՛ Մարտակերտին, թե՛ այն բոլոր մարդկանց, ովքեր առանձնակի ջերմությամբ նրան դիմավորել, հետո արդեն օգնել են: Բավականին դժվար էր շրջափակումը, սննդի պակասը: Շաբաթներ կային, որ չէր կարողանում տուն գնալ: Վերջին անգամ տուն է գնացել սեպտեմբերի 15-ին և նորից վերադարձել Մարտակերտ սեպտեմբերի 18-ին։  

«Սեպտեմբերի 19-ին բաժնի պետը` պ-ն Գասպարյանը կանչել է իր մոտ և ասել, որ բոլորիս բարի աշխատանքային օր է մաղթում, բայց որ ուշադիր լինենք՝ լարված է: 13:00-15:00 հովհարային անջատման ժամն էր, ես և մեր քննիչները նստել էինք հաց ուտելու և սկսվեց…

Հիշում եմ նկուղներում մարդկանց, լացող և վախից բարձր ջերմությամբ երեխաններին: Մենք քննիչներով նկուղ չենք իջել, ժամանակ առ ժամանակ գնում էին մարդկանց մոտ, դեղեր, սնունդ առաջարկում:

Ամսի 24-ին մնացել էինք 3 քննիչ և պ-ն Գասպարյանը, և նույն օրը արդեն բոլորս պետք է գնայինք դեպի Ստեփանակերտ: Մի պայուսակով կանգնել էի տանս առաջ, մտածում էի և հասկանում, որ այսքան հիշողությունները չեմ տեղավորի պայուսակում: Մինչ մեր գնալը ես քայլում էի Մարտակերտով, կարծես մենակ իմը լիներ»:

Սեպտեմբերի 25-ից Թամարան շարունակում էր իր ծառայությունը Ստեփանակերտի դիահերձարանում, վերջին քննիչներից էր, ով հերթապահում էր Արցախում:

«27-ին, ցավոք, վերջին հերթապահությունս էր դիահերձարանում: Ասկերանի պետի հետ էինք հերթապահում, մոտեցավ ու ասաց՝ շնորհավոր․ զարմացա, մտածեցի՝ գուցե չենք գնում, ասաց, չէ, շնորհավոր՝ արդեն ավագ լեյտենանտ ես: Հուզվեցի ու երևի դրանից էր բարձր ասացի՝ «ծառայում եմ Արցախի Հանրապետությանը»:

Այդ պահին մոտս զոհվածի ծնող կար, ասաց՝ Արցախը չկա, ասացի՝ մինչ այստեղ զոհվածների շիրիմները կան` կա նաև թե՛ Արցախը, թե՛ Արցախի Հանրապետությունը: Արդեն դուրս էի գալիս, մոտեցավ, ասաց՝ ապրես Արցախը կա»:

Թամարայի համար ամենադժվարը զոհվածների ծնողներին տեսնելն էր, խոսելը, աչքերի մեջ նայելը։

«ՀՀ-ում մեկ ամիս ևս աշխատել եմ դիահերձարանում` պայթյունի գործով քննչական խմբում: Ամենադժվարն այն էր, երբ ծնողը գալիս քեզ գրկում ու խնդրում է գտնես իր զավակին: Ծնողների հետ գնում էի դիակի ճանաչմանը․ իր զավակը չէր, բայց նա լացում էր ուրիշի զավակի դիակի վրա: Պայթյունի օրը` 25-ին մասշտաբը չէինք զգացել, օրերի հետ եկել է նաև գիտակցումը, թե ինչ է կատարվել»:

Չնայած այն ամենին, ինչ Թամարան տեսել է 22 տարեկանում, խոստովանում է, որ կանգ առնել չի պատրաստվում, այլ պատրաստվում է քննությունների, որպեսզի անցնի ծառայության ՀՀ քննչական կոմիտեում:

Քրիստինա Ալավերդյան

Forrights. Մովսեսում Արցախից բռնի տեղահանված ընտանիքի տան ուղղությամբ է թշնամին կրակել

Forrights

«Գյուղի վրա են կրակել, բեկորները կպել են տանը»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է ապրիլի 5-ին ադրբեջանական կրակոցների տակ հայտնված տան բնակիչ Սլավիկ Բաբայանը։ Նրա փոխանցմամբ՝ կրակոցները լսվել են մինչև առավոտյան ժամը 4-5-ը։ «Ժամանակ առ ժամանակ կրակում էին, անկանոն կրակում էին»,-ասաց նա։

Թշնամու արձակած կրակոցների բեկորները կոտրել են ապակին, որոնք լցվել են ներս՝ պատուհանի տակ գտնվող մահճակալին պառկած անչափահաս՝ 12 և 14 տարեկան երեխաների վրա։

«Երեխաները այստեղ պառկած են եղել»,-ցույց տալով մահճակալն ասում է Սլավիկը և նշում, որ երեխաներն արթնացել էին մինչ այդ հնչած կրակոցների ձայներից, որոնք այլ ուղղությամբ էին։ «Հետո իջանք ներքև, սա վերևի հարկն է, ասեցինք կարող է էլի կրակեն»,-ասում է հայրը։

Բաբայանների համար մղձավանջը շարունակվում է։ Նրանք Մովսես գյուղ են տեղափոխվել վեց ամիս առաջ՝ Արցախից բռնի տեղահանվելուց հետո։ Ցանկացել են Սյունիքում ապրել, բայց տուն չի գտնվել։ Կրակոցների մասին Սլավիկն ասում է․ «Երեխաները սրա միջով այնքան են անցել, երեք տարի այդ վիճակում Կարմիր Շուկայում ապրել ենք, սովորական է դարձել։ Սա մեր հայրենիքն է, նա էլ մեր հարևանն է»,-ասաց նա։

Սլավիկի հարևան տանն ապրում են Արցախից բռնի տեղահանված հարազատները։  Սլավիկի հորաքույրն ասում է՝ բռնի տեղահանումից հետո այս կրակոցները իրենց համար դժվար է։

«Պառկած էինք, կրակում էին։ Ինչ ասեմ, մեզ համար դժվար է, վախեցել ենք։ Վախից դողում էինք։ Դուրս գայինք ո՞ւր գնայինք, այստեղ ոչ մի տեղ չենք ճանաչում։ Հենց կրակեցին եղբորս տղան երեխաների հետ եկավ»,-ասում է տիկին Զալետան։

Մովսեսից հեռանալ չեն ցանկանում, բայց եթե թշնամին նորից կրակի ճարահատյալ այդ որոշումն են կայացնելու։ «Չենք ուզում գնալ, բայց եթե էլի կրակեն, ո՞նց մնանք այստեղ։ Թող սա վերջին կրակոցը լինի, մենք խաղաղություն ենք ուզում»։

Մովսես գյուղում Սլավիկի տանից զատ նաև այլ տներ են վնասվել, ինչպես նաև գերեզմանաքարեր։ Բնակիչները հատկապես ցավ են ապրում, որ թշնամու գնդակները վնասել են պատերազմում անմահացած մովսեսցու շիրմաքարը։ Նշում էին, որ գերեզմանաքարի մոտ ՀՀ դրոշն է ծածանվում, թշնամին դիտավորյալ է այդ հատվածը թիրախավորել։

Սլավիկն ընտանիքի հետ Արցախից բռնի տեղահանվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ի՝ ադրբեջանական հարձակումից հետո։ Կարմիր Շուկա գյուղը Մարտունու շրջանում է։  «Ստեփանակերտ էինք տեղափոխվում ճանապարհին արդեն տեսանք, որ թշնամին դիրք է դրել։ Ավտոն ստուգեցին, անցանք»,-ասաց նա։

Սլավիկն ասում է, որ մտադրություն չունի Մովսես գյուղից հեռանալու։

Նարեկ Կիրակոսյան

Հանձնախումբ․ այդ նշանակումը կարող է կապված լինել արցախցիների գույքի բռնագրավման հետ

Լուսանկարը արխիվից 
ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
2024 թվականի մարտի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքային դատարանի դատավոր և նախագահ նշանակելու մասին։ Մենք կարծում ենք, որ այս նշանակումները կրում են հեռուն գնացող, չարիքաբեր/կործանարար մտադրություններ, որոնք ուղղված են գույքի բռնագրավման և ֆիզիկական անձանց հետապնդման անօրինական գործընթաց սկսելուն։
Ցանկացած քաղաքական նշանակում օկուպացված Լեռնային Ղարաբաղի ցանկացած քաղաքում կամ տարածաշրջանում, հատկապես էթնիկ զտումների և ցեղասպանության սպառնալիքի ներքո իրենց տներից բռնի կերպով վտարված բնակչության բացակայության դեպքում, և՛ անօրինական է, և՛ դատապարտելի։ Ի լրումն, մենք դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում կատարված այլ քաղաքական նշանակումները, որոնք էլ ավելի են ընդգծում Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի ժողովրդավարական կամքի և իրավունքների համակարգված անտեսումը:
․․․Մենք նաև խորապես հիասթափված ենք Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության դուրսբերմամբ Լեռնային Ղարաբաղից։ Առանց ԿԽՄԿ-ի՝ տեղում միակ միջազգային ներկայության, Ադրբեջանի ձեռքերը լիովին ազատ կլինեն անելու այն, ինչ կցանկանա․ ինչին էլ նա ձգտում էր երկար ժամանակ։
Թեև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը չի նպաստում տեղահանվածների անվտանգ վերադարձին, միջազգային իրավունքը պաշտպանում է բռնի տեղահանված անձանց իրենց ծագման տարածք վերադառնալու իրավունքը: Այս իրավունքը ճանաչված է որպես միջազգային իրավունքի, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի սովորութային նորմ, և այն պաշտպանված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային կոնվենցիայով և բազմաթիվ այլ միջազգային կոնվենցիաներով ու հռչակագրերով:
Անցյալ տարվա նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը վճռեց, որ Ադրբեջանը պետք է «ապահովի», որ Լեռնային Ղարաբաղի հայերը կարողանան «անվտանգ, անարգել և արագ» վերադառնալ: Ս․թ․ մարտի 12-ին Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց, որով կոչ էր անում Ադրբեջանին «իրական համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ մտնել Ղարաբաղի հայերի հետ՝ ապահովելու նրանց իրավունքների հանդեպ հարգանքը և երաշխավորելու նրանց անվտանգությունը, ներառյալ՝ նարանց վերադարձի և իրենց տներում ապրելու իրավունքը՝ արժանապատիվ և անվտանգ կերպով՝ միջազգային ներկայության պայմաններում»:
Մենք կոչ ենք անում Ադրբեջանին պատերազմի և բռնության հետևանքով ձեռք բերված տարածքների ապօրինի ձևակերպմամբ զբաղվելու փոխարեն կատարել իր միջազգային պարտավորությունները ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ և անարգել վերադարձը իրենց տներ և պատմական հայրենիք:
Ապրիլի 9, 2024

Այդ հարցին Մհեր Գրիգորյանը չկարողացավ պատասխանել

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձավ հարցին՝ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները Տավուշի մարզի՞ց են սկսվելու։ «Հարցերը դեռ քննարկման փուլում են, վերջնական որոշում դեռ չկա»,- ասաց նա։

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ զիջումները միակողմանի՞ են լինելու, թե Ադրբեջանն էլ կգնա զիջումների։ «Սահմանազատումն այդ հատվածից սկսելու որոշում հնարավոր է լինի միայն այն դեպքում, երբ մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս կլինի։ Խոսքն անվտանգային, սոցիալ-կենցաղային եւ իրավական հարցերի մասին է»,- ասաց նա։

Հարցին, թե իսկ Ադրբեջանը ո՞ր տարածքներն է պատրաստվում վերադարձնել, Մհեր Գրիգորյանը պատասխանեց․ «Ես չեմ կարող ձեր հարցին պատասխանել, որովհետեւ  դեռեւս վերջնական կոնսենսուս չկա»։

Ճշտող հարցին, թե այսինքն՝ Բաքվի հետ ոչ մի հարցի շուրջ կոնսենսուս չկա՞, Մհեր Գրիգորյանը պատասխանեց․ «Իհարկե, բազմաթիվ հարցեր քննարկվում են, բազմաթիվ հարցեր կան, որոնց շուրջ քննարկումները նույնատիպ են, բայց հարցեր կան, որոնց շուրջ կոնսենսուս չկա»։ Լրագրողները նաեւ հարցրին՝ այդ դեպքում ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը Տավուշի բնակիչներին վախեցրել, որ եթե գյուղերը չհանձնեն, պատերազմ կլինի։ Մհեր Գրիգորյանն այս հարցին չպատասխանեց։

 

Ֆրանսիան ՀՀ-ին է տրամադրում ռազմական տեխնիկա, որը բոլորն են ուզում ձեռք բերել․ դեսպան

Ֆրանսիան ունի ռազմական տեխնիկա, որը բոլորն են ուզում ձեռք բերել, սակայն Ֆրանսիան այն տրամադրում է Հայաստանին, X-ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Գրառմանը կից դեսպանը Thales ընկերության կողմից ֆրանսիական ռադարների արտադրության մասին Politico պարբերականի հոդվածն է հրապարակել, որտեղ նշվում է, որ ընկերությունը 2008 թվականից ի վեր 200 GM ռադար է վաճառել աշխարհի 32 երկրների, 40-ը միայն 2023 թվականին: Նշվում է նաև, որ անցած ամիսներին Փարիզը երեք GM200 համակարգ է վաճառել Հայաստանին, մեկ համակարգ էլ Մոլդովային։ Մոլդովան պատրաստվում է ստանալ ևս մեկը՝ ԵՄ-ի Խաղաղության եվրոպական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Հայաստանն ու Ֆրանսիան աշնանը ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր ստորագրեցին: Արդեն փետրվարին Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը հայտարարեց, որ Հայաստանը ստացել է պաշտպանական նշանակության սարքավորումների առաջին խմբաքանակը։

ԵՄ-ն պատասխանատվություն չի ընդունում այն ​​բանի համար, որ 30 տարի ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ միասին մոլորեցրել է Արցախի ժողովրդին

ԵՄ արտաքին կապերի պատասխանատու Փիթեր Ստանոն, անդրադառնալով արցախահայության վերադարձի իրավունքի խնդրին, ասել է. «Այս մարդիկ Ադրբեջանից են, Լեռնային Ղարաբաղից։ Մեզ համար Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է դե յուրե Ադրբեջան»։

Տարօրինակ հայտարարություն ԵՄ ներկայացուցչի շուրթերից, այնպես չէ՞:

Հավանաբար, արժե հիշեցնել 1987 թվականին ծնված Փիթեր Ստանոյին, որ երբ նա դեռահաս էր, 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, օգտվելով ինքնորոշման իրավունքից, հայտարարեց Ադրբեջանից անջատվելու մասին, որում նրանք հայտնվեցին բռնակալ Ստալինի գլխավորած խորհրդային բոլշևիկների եւ թուրք քեմալականների միջև հանցավոր դավադրության արդյունքում, և մայրցամաքային Հայաստանի հետ վերամիավորման մասին։

Փիթեր Ստանոյի մասին բաց աղբյուրներում շատ քիչ տեղեկություններ կան։ Հայտնի է, որ Պետեր Ստանոն երիտասարդ հաջողակ դիվանագետ է, ով եղել է Սլովակիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Վերջին տարիներին Փիթեր Ստանոն հայտնի էր որպես արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Եվրոպական հանձնաժողովի մամուլի քարտուղար, այդ թվում՝ որպես եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի մամուլի քարտուղար։

Եվ հիմա հարց է՝ եթե ԵՄ-ն Արցախը համարում է «դե յուրե Ադրբեջան», ապա ինչո՞վ էր զբաղվում ԵԱՀԿ հովանու ներքո գործող Մինսկի խումբը 30 տարի շարունակ։

Հիշեցնենք, որ Մինսկի խումբը ԵԱՀԿ անդամ երկրների խումբ է, որը գլխավորում է ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիների որոնումը։ Մինսկի խմբի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան։ 1992 թվականի հունվարի 30-ին ԽՍՀՄ փլուզմամբ անկախություն ձեռք բերած Հայաստանը և Ադրբեջանը միացան Եվրոպայում անվտանգության և համագործակցության կոնֆերանսի աշխատանքներին (ԵԱՀԽ, 1995 թվականի հունվարի 1-ից՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն, կամ ԵԱՀԿ), որը հնարավորություն է ընձեռել կապակցելու այս միջազգային կազմակերպությանը՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կարգավորելու խաղաղ ուղիներ որոնելու համար։

Քննարկման հիմնական թեման եղել է Մինսկի խմբում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների կարգավիճակը։ Ավելի ուշ, այցելելով հակամարտության գոտի, Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առանցքային սկզբունքներն են ուժի չկիրառումը, ժողովրդի ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը։

Նշենք նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշում չկա, չնայած Ադրբեջանի համառ պահանջին։

Եվ չնայած դրան, ինչպես պնդում են ԵՄ երիտասարդ դիվանագետները, «մեզ համար (այսինքն՝ ԵՄ-ի համար) Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է դե յուրե Ադրբեջան»։

ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպման ժամանակ նշվել է, որ ԵՄ-ն մի քանի տասնյակ միլիոն եվրո է տրամադրելու Հայաստանին՝ Արցախի բռնի տեղահանվածների խնդիրները լուծելու համար։ Այսինքն՝ ԵՄ-ն փախստականների խնդիրը դիտարկում է ոչ թե որպես Ադրբեջանի կողմից ցեղասպանության ենթարկված մարդկանց խնդիր (նույնիսկ եթե ԵՄ-ն նրանց համարում է «ադրբեջանցի»), այլ որպես մարդասիրական խնդիր, որին բախվել է Հայաստանը, և որի լուծման համար անհրաժեշտ է օգնել Երեւանին։

Հադրութի, Շուշիի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների բռնի տեղահանվածների համար ԵՄ այս մոտեցումը նորություն չէ։ Անգամ Արցախի այս շրջաններից փախստականների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ ԵՄ ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարում էին, որ չեն ցանկանում ներքաշվել Ադրբեջանի հետ մեր վիճահարույց հարաբերություններում, առավել եւս՝ մեր հակամարտության մեջ։ Ըստ նրանց՝ ԵՄ խնդիրն է օգնել ՀՀ կառավարությանը Հայաստանի տարածքում հայտնված մարդկանց սոցիալական և հումանիտար խնդիրների լուծման գործում։

Այս հանդիպումների ընթացքում Հայաստանում ԵՄ դեսպանատանը ոչ մի կերպ չհաջողվեց ներկայացնել, թե այդ մարդիկ ինչո՞ւ հայտնվեցին Հայաստանում, ինչ հանգամանքներում նրանք առանց առաջին անհրաժեշտության, իսկ շատերը՝ առանց փաստաթղթերի, հողաթափերով փախան իրենց տներից, թողնելով իրենց նախնիների երկիրը, հարազատների գերեզմանները։

Հիմա ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ մեզ ճանաչում են որպես փախստականներ, որոնց սոցիալական և բնակարանային խնդիրները պատրաստ են լուծել ՀՀ կառավարության հետ միասին։ ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն ընդունում է, որ Արցախի բռնի տեղահանված բնակիչներն իրավունք ունեն այցելելու իրենց հարազատների շիրիմներին, և անընդունելի է համարում վանդալիզմն ու հուշարձանների, եկեղեցիների և գերեզմանների պղծումը։ Բայց հենց որ բանը հասնում է նրան, որ Ադրբեջանը 2020-23թթ. իրականացրել է ցեղասպանություն և Արցախի էթնիկ զտումներ, խոսակցության տոնը փոխվում է, դա անվանում են  «սադրանք» և Ադրբեջանի մասին չխոսելու պահանջ են ներկայացնում։

Այսինքն՝ միանգամայն կարելի է ենթադրել, որ ԵՄ-ն պատասխանատվություն չի ընդունում այն ​​բանի համար, որ 30 տարի ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ միասին մոլորեցրել է Արցախի ժողովրդին՝ վստահեցնելով, որ «հակամարտությունը ռազմական լուծում չունի», «ԵՄ-ն թույլ չի տա ցեղասպանություն և էթնիկ զտումներ Արցախում»։ Չնայած ամբողջ աշխարհի աչքի առաջ 10 ամիս Ադրբեջանը ցրտի, սովի և դրսի հետ շփվելու անկարողության ենթարկեց Արցախի 120 հազար բնակիչների, այդ թվում՝ 30 հազար երեխաների, նույնքան ծերերի, հաշմանդամների և ծանր հիվանդությամբ տառապող մարդկանց։

Սակայն, ինչպես պարզվում է, Ադրբեջանը դեռևս «հուսալի գործընկեր է», ուստի երիտասարդ Պիտեր Ստանոն հանգիստ հայտարարում է, որ «Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է դե յուրե Ադրբեջան»։ Եվ այստեղ հիմնական բառը «միշտն» է:

Միգուցե նա երիտասարդ դիվանագետ է և լավ չգիտի ժամանակակից պատմությունը։ Կամ գուցե հենց սրա վրա է հաշվարկ անում ԵՄ-ն եւ ասում՝ դիվանագետը անփորձ է, երիտասարդ, գուցե անցնի, արցախցիները զբաղված են կենցաղային խնդիրներով, գուցե չնկատեն…

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամենալուրջ խնդրի նկատմամբ անլուրջ վերաբերմունքը վաղ թե ուշ դաժան կատակ կխաղա դրան կատակով վերաբերվողների հետ։

Մարգարիտա Քարամյան

Գրողների միությունն անհանգստացած է շենքը պետականացնելու Դատախազության մտադրությամբ

Տեղի է ունեցել Հայաստանի գրողների միության նախագահության ընդլայնված նիստ՝ վերջերս համացանցում և հասարակության լայն շրջանակներում տարբեր մեկնաբանությունների նյութ դարձած ՀԳՄ և Նկարիչների միության շենքերի վերաբերյալ ՀՀ դատախազության՝ ՀՀ վարչական դատարանին ներկայացված հայցադիմումի քննարկման օրակարգով։

Գրողների միությունից հայտնում են, որ ՀԳՄ նախագահության անդամները իրենց անհամաձայնությունը և մտահոգությունն են հայտնել տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ՝ ներկայացնելով փաստարկներ, որոնց հանդեպ անհիմն ու անտրամաբանական են դատախազության մտադրությունները 1999 թ. մարտի 12-ի ՀՀ կադաստրի ՀԳՄ շենքի սեփականաշնորհման որոշման առնչությամբ։ ՀԳՄ շենքը կառուցվել է հենց գրողների միության համար և գրողների միջոցներով՝ Ավետիք Իսահակյանի անմիջական ներդրումով։

«Տեղի ունեցողն, իսկապես, անհանգստացնող է, լուրջ վտանգներով հղի երկրի հոգևոր-մշակութային կյանքում, ինչն էլ հաշվի առնելով՝ նախագահության նիստում որոշվեց 2024 թ. ապրիլի 13-ին, ժամը 12.00-ին հրավիրել  Հայաստանի գրողների միության համաժողով՝ հարցը առավել ընդգրկուն ու մանրազնին քննարկելու համար։

Նախագահության անդամները ընդգծեցին, որ ԳՄ անդամները՝ Հայաստանի, Սփյուռքի և Արցախի, հետևողական են լինելու ՀԳՄ սեփականության հանդեպ ցանկացած ոտնձգության դեմ և չեն կասկածում, որ հասարակության լայն շերտերը, առավել ևս մտավորականությունը և մշակույթի մարդիկ լինելու են գրողների միության կողքին»,- նշում են Գրողների միությունից։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը հանդես է եկել «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու նախաձեռնությամբ, քանի որ «ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ»։ Դատախազությունը մեկնաբանել է միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը։

Ադրբեջանի ԶՈւ-ն Արավուսի և Խոզնավարի հատվածում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 8-ին ժամը 22:50-ին՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 22:55-ին՝ Խոզնավարի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։
Միևնույն ժամանակ ՀՀ ՊՆ-ից հայտնում են նաև, որ Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր ապրիլի 8-ին ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ՀՀ ՊՆ-ի հայտարարության մեջ։

Անդրանիկ Քոչարյան․ «Գյուղերի ուղղությամբ կրակոցի փաստեր արձանագրված չեն»

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց, որ Հայաստանի բանակն այս օրերին չի պատասխանում ադրբեջանական կրակոցներին։ «Այդ կրակոցները, որոնք դուք ներկայացնում եք, դրանք մշտական կրակոցների այն տրամաբանության մեջ են, որը ոչինչ չի ասում։ Այդ կրակոցները ոչինչ չասող են։ Իհարկե, մենք մտահոգված ենք ցանկացած կրակոցով, երեկ էլ Սեւ լճի հատվածում եղել են կրակոցներ, նույնիսկ կարող եմ ասել, թե քանի կրակոց է եղել։ Կրակոցը վատ բան է, բայց եթե չենք պատասխանում, նշանակում է այդքան մեծ վտանգ չենք տեսել դրա ուղղությամբ»,- ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ գյուղերի ուղղությամբ կրակոցի փաստեր արձանագրված չեն։ Հարցին, եթե նույն ինտենսվիությամբ կառավարական ամառանոցի կամ իրենց տների վրա կրակեին, արդյոք հանգիստ կնստեի՞ն, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ ոչ մի տեղ պետք չէ կրակել, ո’չ ամառանոցների վրա, ո’չ մեր բնակավայրերի ուղղությամբ։ Եվ անհանգստությունները պետք է փարատել ոչ թե ամպագորգոռ հայտարարություններով, այլ կատարվելիք եւ կատարվող աշխատանքներով։ Կրակոցները 30 տարի կան, պետք է վերջիվերջո կանգնեն, իսկ դրան հասնելու համար մենք երկար ճանապարհ պետք է անցնենք, որովհետեւ այս թշնամանքը հաղթահարելը հեշտ չէ»։

Հարցին, հակահարված տալու դեպքում գուցե թշնամին զսպվի՞, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Եթե դրա կարիքը լինի, դուք դրան էլ ականատես կլինեք։ Կպատասխանենք, երբ որ զգանք, որ այդ կրակոցներն այնպիսին են, որ արդեն նրանց լռեցնելու համար պետք է կրակահերթեր բաց թողնենք։ Այս պահին մեր պատշպանական գերատեսչությունը եթե չի կրակում, նշանակում է՝ դրա կարիքը չի տեսնում։ Չկրակելու որեւէ հրաման գոյություն չունի, եթե հրամանատարը գտնում է, որ պետք է պատասխանի, ինքն այդ պատասխանը կտա»։