«Ադրբեջանը փորձում է իր վերահսկողության տակ պահել մեր ռազմավարական նշանակության բոլոր ճանապարհները». Ռուստամյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ադրբեջանի վերջին օրերի գործողություններին։ Նա հիշեցրեց, որ Տավուշի մարզի գյուղերում բնակչության հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը սպառնացել էր, որ եթե 4 գյուղերը չհանձնենք, պատերազմ կլինի։

«Իրականում սա շատ հստակ ծրագրավորված գործընթաց է, որը բազմիցս փորձարկվել ու տվել է իր արդյունքը, քանի դեռ այս իշխանություններն են ղեկավարում մեր երկիրը։ Այնտեղից վախեցնում են, այստեղից վախեցնում են եւ ստեղծում են տպավորություն,  որ մենք ուրիշ ճանապարհ չունենք, պետք է զիջենք, որպեսզի կարողանանք գոյատևել այս տարածքներում։ Եվ իրենց՝ կտոր-կտոր հանձնելու ու Ադրբեջանի պահանջները բավարարելու ծրագիրն ամբողջությամբ դրված է գործողության մեջ»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

Ռուստամյանն ասաց, որ Ադրբեջանը երբեք կանգ չի առել որեւէ պահանջի վրա, հեռու գնացող մտադրություններ ունեն․ «Ժամանակին անկեղծության պոռթկում ունենալով՝ Նիկոլ Փաշինյանը հենց ինքն է դա հաստատել՝ ասելով, որ մենք պատրաստ ենք զիջել, պարզապես չգիտենք՝ մինչեւ ինչքան զիջենք, որ իրենց բավարարենք։ Ես գիտեմ՝ մինչեւ ինչքան պետք է զիջենք, որ իրենց բավարարենք, մինչեւ հայկական ինքնության վերացումը, հայկական գործոնի վերացումը եւ Հայաստանի վերածումը «Արեւմտյան Ադրբեջանի», սա է իրենց ուզածը։ Եվ, բնականաբար, այս ընթացքն իրականացվում է այս ահաբեկչական մթնոլորտը ստեղծելով մեր շուրջը»։

Ռուստամյանն ասաց, որ չի բացառում, որ Ադրբեջանն այս անգամ  նաեւ լայնամասշտաբ հարձակման կգնա, որպեսզի խնդիրը միանգամից «լուծի»․ «Այս անգամ խնդիրը շատ ավելի գլոբալ է, եւ մենք ինքներս այդ գլոբալ խնդիրը պատերազմով լուծելու համար պարարտ հող ենք ստեղծել։ Երբ մենք ասում ենք՝ այդ տարածքներն իրենց են, արդեն հրավիրում ենք, որ այդ տարածքներ մտնեն ցանկացած եղանակով, այդ թվում՝ զորքով։ Այստեղ միայն այդ չորս տարածքների հանձնման հարցը չէ, մենք ռազմավարական հսկայական հարված ենք ստանալու դրանից հետո։ Ստացվում է, որ Ադրբեջանն այսօր փորձում է իր վերահսկողության տակ պահել մեր ռազմավարական նշանակության բոլոր ճանապարհները, որից հետո մնացած բոլոր պահանջների իրականացումը տեխնիկայի հարց է դառնում։ Սա է՝ Հայաստանը բերել այն վիճակին, որ որեւէ կարողություն  անգամ չունենա՝ իր նվազագույն շահերը պաշտպանելու»։

 

 

Ադրբեջանը կրակելով որոշակի աջակցություն է տրամադրում Հայաստանի իշխանություններին․ Աբրահամյան

«Ադրբեջանի կողմից վերջին մի քանի օրերին թիրախավորվում են նաեւ խաղաղ բնակավայրերը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 44-օրյա պատերազմից հետո, երբ այս իշխանությունը հանձնեց Արցախի Քաշաթաղի շրջանը, եւ մեծ թվով բնակավայրեր դարձան Ադրբեջանի հետ սահմանակից, այդ բնակավայրերն այդ ընթացքում չէին թիրախավորվել։ Շփման գծում եղել էին որոշակի միջդապեր, նաեւ մահվան ելքով, բայց բնակավայրերը չէին թիրախավորվել։ Բավական երկար ժամանակ չէին թիրախավորվել նաեւ Տավուշի մարզի այն բնակավայրերը, որոնք շաբաթ օրը Ադրբեջանի կողմից գնդակոծվել էին։ Որքան էլ դրանք ներկայացվում են որպես անկանոն կրակոցներ, պետք է արձանագրել, որ դրանք կարող էին նաեւ մահվան պատճառ լինել խաղաղ բնակչության շրջանում»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Անդրադառնալով հարցին, թե լայնամասշտաբ ռազմական գործողություններ կլինե՞ն, Աբրահամյանը պատասխանեց․ «Ես լայնամասշտաբ գործողությունների հնարավորություն այս պահին չեմ տեսնում։ Ոչ թե այն պատճառով, որ Ադրբեջանն ագրեսիվ չէ կամ ընդունակ չէ դրան, այլ կարծում եմ, որ այս փուլում ադրբեջանական քաղաքական նպատակներն ոչ թե ենթադրում են լայնամասշտաբ գործողություններ, այլ չեմ բացառում սահմանափակ ճակատով որոշակի գործողությունների իրականացում՝ ՀՀ այն ուղղություններով, որոնք կարող են Ադրբեջանի համար մարտավարական եւ ռազմավարական գերակայության տեսանկյունից կարեւոր հանգրվան դառնալ։ Հատկապես վերջին շրջանում քննարկվող Տավուշի գյուղերի հետ կապված բավական ցավալի դիսկուրսը եւ Ադրբեջանում դրա ակտիվացումն ունի հետեւյալ նպատակը՝ Ադրբեջանի կողմից կա հաշվարկ 4+4 բանաձեւով։ Այսինքն՝ Ադրբեջանին սահմանակից 4 գյուղերի եւ այսպես կոչված անկլավների հանձնումը, որոնցից մեկն Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղն է, ՀՀ համար բավական խոցելի իրավիճակ են ստեղծում առաջին հերթին անվտանգության տեսակետից, որովհետեւ պաշտպանություն կազմակերպելն այդ ուղղություններով դառնալու է բավական ծանր։ Դեռ չեմ խոսում ենթակառուցվածքային բավական խոշոր խնդիրների մասին»։

Տիգրան Աբրահամյանը հավելեց, որ ադրբեջանական կրակոցները նաեւ ՀՀ բնակչությանն ահաբեկելու նպատակ ունեն․ «Իրենց համար պարզ է դարձել, որ սահմանամերձ բնակավայրերում մարդիկ որեւէ ձեւով պատրաստ չեն իրենց հողերը, պատմական տարածքները հանձնել թշնամուն։ Եվ ըստ էության Ադրբեջանը սրանով նաեւ որոշակի աջակցություն է տրամադրում Հայաստանի իշխանություններին, որպեսզի այդ ահաբեկման մթնոլորտն ավելի շիկացվի։ Նիկոլ Փաշինյանն էլ էր այդ մասին խոսում, որ եթե այդ հողերը չտանք, պատերազմ է սկսվելու։ Այսինքն՝ այս սպառնալիքի իրավիճակն Ադրբեջանն այս մեթոդով փորձում է թեժացնել»։

 

 

Օհանյան․ «Իսկ եթե պատերազմ լինի, ինչո՞ւ ենք մենք միանգամից որոշում, որ կարող ենք պարտվել»

«Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը մեր երկրի պաշտպանության գործում իրենց առջեւ դրված խնդիրը պետք է արժանապատիվ ձեւով իրականացնեն»,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հարցին, որ եթե Տավուշից նահանջի հրաման լինի, ի՞նչ պետք է անի բանակը։

Ըստ նրա՝ Հայաստանի ամբողջ բնակչությունը պետք է դիմադրությամբ ընդվզի եւ թույլ չտա, որպեսզի ապօրինի հրամաններ տան բանակի ղեկավարությանը։ «Օրենքի շրջանակներում այդպիսի հրամանները պետք է լինեն գրավոր, որպեսզի չստացվի այնպես, ինչպես Սյունիքի դիմացի հատվածներից բանավոր հրամանով շուրջ 20 կմ հետ են քաշվել եւ խնդիրներ ստեղծել սահմանազատման-սահմանագծման համար։ Ես գտնում եմ, որ Զինված ուժերը պաշտպանության են պատրաստ, բայց նաեւ ԶՈւ-ում կարող են լինել անհատներ, որոնք կարող են իրենց առանձին դրսեւորումն իրականացնել, դա իրենց գործն է»,- ասաց պատգամավորը։

Ըստ Օհանյանի՝ Տավուշի մարզում մեր պաշտպանության մակարդակը, ինժեներական սարքավորումները բավական բարձր մակարդակի վրա են եւ տարիների ընթացքում նրանք ձեւավորվել են հենց Տավուշի անվտանգությունն ու պաշտպանությունն իրականացնելու համար։ Նա ասաց, որ Տավուշի 4 գյուղերը, որոնք հանձնելու մասին խոսում է իշխանությունը, հայկական են, գտնվում են հայկական տիրապետության տակ։

«Միաժամանակ, այդ մասում տարբեր հատվածներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։ Եվ խոսել այն մասին, որ դրանք ադրբեջանական բնակավայրեր են այն պայմաններում, երբ Ադրբեջանն այսօր գտնվում է ՀՀ տարածքներում, շուրջ 200 քկմ զավթել է, փաստում է, որ մեր իշխանությունները չեն հասկանում՝ ի՞նչ է նշանակում սահմանազատում եւ սահմանագծում, գնում են միակողմանի զիջումների։ Առավել եւս, որ այսօրվա Ադրբեջանը ԽՍՀՄ փլուզումից հետո հրաժարվել է ադրբեջանական ԽՍՀ-ի իրավահաջորդը լինելուց։ Իսկ այդ ժամանակահատվածում բոլոր այդ հողերն ու բնակավայրերը եղել են հայկական»,- ասաց Օհանյանը։

Ըստ նրա՝ բավական մտահոգիչ է նաեւ հատվածական սահմանազատում-սահմանագծում իրականացնելը։ Դա չի էլ կարելի համարել սահմանազատում-սահմանագծում, միակողմանի պահանջ է։ «Հայաստանի իշխանությունները փորձում են սահմանազատման-սահմանագծման աշխատանքները սկսել վերջից։ Այն միջազգային փորձ, սկզբունքներ ու  նաեւ հաջորդականություն ունի, իսկ հաջորդականության մեջ երեք կետ պետք է լինի։ Առաջինը՝ երկու թշնամի պետություններ գալիս են կամային համաձայնության, որ այսուհետ իրենք դառնում են հարեւան պետություններ՝ խաղաղ համակեցության պատրաստակամությամբ։ Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, վերջին տարիների գործողությունները, Ալիեւի այն խոսքը, որ այն տարածքները, որոնք իրենք զավթել են, դեռ պարզ չէ՝ ում տարածքներն են, չի խոսում այն մասին, որ ինքն ուզում է խաղաղ համակեցությամբ ապրել։ Երկրորդ՝ իրականացվում է սահմանազատում, համապատասխան քարտեզներով։ Մենք Ադրբեջանի հետ ունենք շուրջ 1000 կմ տարածություն, ինչպե՞ս է ստացվել, որ հենց այդ հատվածից են սկսում։ Սա մի քանի մեկնաբանություն ունի՝ տեսնելով, որ միջանցքում իրենք կարող են հաջողություններ չունենալ, հաջորդ կետում, որտեղ կարող են օղակը սեղմել ՀՀ շուրջը, տիրապետել նաեւ ռազմավարական կարեւորագույն միջպետական ճանապարհին, այդ հատվածով մեզ կտրել, դա Տավուշն է։ Այդ սահմանազատման համար որեւիցե քարտեզ ու համաձայնություն չկա։ Եվ երրորդ կետը՝ եթե դրա շուրջը համաձայնության են գալիս, դա տարիների աշխատանք է, ամբողջ 1000 կմ համար պետք է գան համաձայնության, դրանից հետո սահմանազատում իրականացնեն, սահմանը կահավորեն։ Այդ ամենը չի իրականացվում, եւ ՀՀ կառավարության ղեկավարը բնակչության հետ հանդիպում է ու ասում՝ այս հողերը պետք է հետ տանք։ Ընդ որում, դա բնակչության խնդիրը չէ, ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ բնակիչներն իրավունք չունեն ասել՝ մենք կտանք, թե չենք տա։ Եթե ընթացակարգերով չեն անցնում, դրանք ապօրինի գործողություններ են»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, որ 2023 թվականին տեղի է ունեցել Արցախի հայաթափում, ամենաողբերգական տարին է եղել հայ ժողովրդի համար, եւ այս իրավիճակում շատ դժվար է ձեռք մեկնել Ադրբեջանին ու ասել՝ ուզում ենք խաղաղ ապրել ձեզ հետ։ Ըստ Օհանյանի՝ երկրի ղեկավարը ժողովրդին համախմբելու փոխարեն, գնում է  Տավուշ ու ժողովրդին վախեցնում, որ եթե չտանք, պատերազմ կլինի։ «Իսկ եթե պատերազմ լինի, ինչո՞ւ ենք մենք միանգամից որոշում, որ կարող ենք պարտվել»,- հարցադրում արեց նա։

Ապրեն է եվրոպական դիտորդները

ԵՄ դիտորդներն Իջևան-Ոսկեպար ճանապարհը համարում են ադրբեջանական և վիճարկելի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, որն այս օրերին գտնվում է Ոսկեպարում:

«Քիչ առաջ  Ոսկեպար այցելեց ԵՄ դիտորդական առաքելությունը եւ երբ ծավալվեց քննարկում գյուղի բնակիչների հետ, հանկարծ պարզ դարձավ, որ դիտորդական առաքելությունը Իջեւանից Ոսկեպար հասնելու համար 30 կմ-ի փոխարեն ամեն անգամ կտրում եւ անցնում է մոտ 200 կմ ճանապարհ: Իմ այն հարցին, թե ինչով է պայմանավորված նման երկար ճանապարհը, նրանք ասացին,որ իրենք գործում են հստակ կանոնակարգի շրջանակներում, եւ իրենք չեն ուզում որեւէ կերպ պռովոկացիայի ենթարկել  Ադրբեջանին, քանի որ այս տարածքները նրանք համարում են Ադրբեջանինը եւ դեռեւս վիճելի տարածքներ են, այդ պատճառով նրանք այդ պռովոկացիայից խուսափելու համար Իջեւանից Ոսկեպարն են գալիս Վանաձորով»,-ասաց նա:

Սուրեն Պետրոսյանը նշեց, որ ստացվում է՝ ԵՄ դիտորդական առաքելությունը գործելով ՀՀ-ում, ՀՀ սուվերեն տարածքում փաստացի կասկածի տակ է դնում տարածքային ամբողջականությունը, առանց որեւէ  գործընթացի՝ դելիմիտացիա, դեմարկացիա:

«Կասկածի տակ է դնում ՀՀ սուվերեն տարածքը եւ առաջնորդվում է ադրբեջանական քարտեզներով: Բնականաբար, այս գործընթացը չէր կարող տեղի ունենալ առանց իշխանության համաձայնության: Լինի միջազգային կազմակերպություն, լինի դիտորդական առաքելություն, լինի ՀՀ իշխանություն, որեւիցե մեկը չի կարող սակարկել ՀՀ ինքնիշխան տարածքը, մեր հայրենիքը, մեր հողը, սրանում մենք բոլորս պետք է համոզված լինենք, սակայն սրանում մեզ պետք է բոլորիս համախմբվածությունը այս հարցի շուրջ»,-ասել է նա:

news.am

Լեդի Քոքսի հանդիպումը Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի անձնակազմի հետ – Երևանում

Օրերս բարոնուհի Քերոլայն Քոքսի հերթական այցն էր Հայաստան։

Քերոլայն Քոքսը Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի հիմնադիրն է։ Լեդի Քոքսը երկար տարիներ աջակցություն է ցուցաբերել Արցախին թե՛ պատերազմի, թե՛ հետպատերազմյան շրջանում։

Նրա նախաձեռնությամբ 1998 թվականին բացվել է Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը, որը հետագայում անվանակոչվել է նրա անունով։ Արցախի ամբողջական օկուպացիայի արդյունքում Վերականգնողական կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը։ Եվ կենտրոնի գոյության 25 տարիների ընթացքում առաջին անգամ լեդի Քոքսի հանդիպումը Վերականգնողական կենտրոնի անձնակազմի հետ տեղի ունեցավ Արցախից դուրս՝ Երևանում։

Այժմ Վերականգնողական կենտրոնը գործում է հասարակական կազմակերպության շրջանակներում։ Աշխատակիցները կենտրոնի տնօրեն և հիմնադիր, Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանի խիստ ղեկավարությամբ իրականացնում են տնային այցեր՝ օգնելով հաշմանդամություն ունեցող անձանց Արցախից և Հայաստանից։

Չնայած պատկառելի տարիքին՝ Քերոլայն Քոքսը միշտ արցախցիների հետ է և պատրաստ է աջակցել նրանց։ Նա հույս ունի, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի միջոցներ հայթայթել Հայաստանի տարածքում նոր ժամանակակից վերականգնողական կենտրոնի ստեղծման համար։

Բայց նա չի կորցնում հույսը, որ Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնն իր դռները կվերաբացի Արցախի տարածքում։

Արսեն Աղաջանյան

Լեմկինի ինստիտուտի տնօրենը կոչ է անում ԼՂ-ում Ադրբեջանի արածն անվանել ցեղասպանություն ու կիրառել համապատասխան կոնվենցիան

Անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն Ադրբեջանի նկատմամբ հստակ քայլեր ձեռնարկի, քանի որ վերջինիս նախագահ Ալիևի նման բռնապետները, որոնք ցեղասպանություն են իրականացնում, կանգ չեն առնի, քանի դեռ ինչ-որ մեկը չի ստիպել նրանց կանգ առնել։

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Լեմկինի անվան ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա Ֆոն Յոդեն-Ֆորգին։

Հարցազրույցում Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրենն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին, հայ բնակչության՝ իրենց հայրենիք վերադառնալու հնարավորություններին և այլ հարցերի։

-Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը մշտապես զգուշացրել և իր մտահոգությունն է հայտնել անցյալ տարի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ՝ դրանք որակելով որպես Ադրբեջանի կողմից ցեղասպանության նախապատրաստություն։ Այժմ, երբ ձեր բոլոր նախազգուշացումներն իրականություն են դարձել, և Լեռնային Ղարաբաղը փաստացի մնացել է առանց հայ բնակչության, ի՞նչ եք կարծում, ի՞նչ պետք է աներ միջազգային հանրությունը, որպեսզի թույլ չտար էթնիկ հայերի բռնի տեղահանումն իրենց հայրենիքից:

-Այնքան բան կար, որ կարելի էր անել։ Այնպես որ, դա շատ հիասթափեցնող է: Եվ Լեմկինի ինստիտուտի համար հիասթափեցնող ու փոքր-ինչ զարմանալի էր, որ միջազգային հանրությունը նախօրոք ավելին չարեց: Քանի որ ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, որ Ադրբեջանը պատրաստվում էր ցեղասպանություն իրականացնել, մենք ցեղասպանությունը կանխարգելելու կատարյալ լուծում համարեցինք Արևմուտքի կողմից Ադրբեջանի վրա ճնշումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն Արևմուտքի երկրների հետ ունի առևտրային, տնտեսական, ռազմական, ռազմավարական հարաբերություններ, ինչի շնորհիվ Արևմուտքն Ադրբեջանի վրա որոշակի լծակներ ունի։  Եվ Ադրբեջանը հասկացրել էր, որ ցեղասպանական մտադրություն ունի հայերի և մասնավորապես Արցախի հայերի նկատմամբ։ Այսպիսով, ամեն ինչ միանգամայն պարզ էր թվում: Այնուամենայնիվ, կատարվածի վերաբերյալ սարսափելի լռություն էր տիրում, և Ալիևի հրապարակային սպառնալիքներին ու ցեղասպան հայատյացությանը երբեք հակահարված չեղավ:  Այսպիսով, ի՞նչ կարող էր անել աշխարհը: Նրանք կարող էին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Նրանք կարող էին բարձրաձայն խոսել Ալիևի ցեղասպան հայատյացության մասին: Նրանք կարող էին ՄԱԿ-ի մակարդակով սպառնալ մեկուսացնել Ադրբեջանին։ Նրանք կարող էին նաև օրինական մեխանիզմներ կիրառել Ադրբեջանին հետ քաշելու համար։ Եվ, հատկապես, կարող էին օգտագործել կուլիսային դիվանագիտությունն ավելի շատ, քան արել են։ Դա դիվանագիտության մի մասն է, որը մենք չենք տեսնում: Չեմ կարծում, որ Ադրբեջանի վրա մեծ ճնշում է գործադրվել, որպեսզի փոխվեն նրա ուղիները, փոխվի ճանապարհը։ Ալիևը գիտեր, որ ապրում է անպատժելիության մեջ։ Եվ, գիտեք, ինչպես մյուս ցեղասպան բռնակալները, նա մաս առ մաս ստուգում էր իրավիճակը․ նախ, պատերազմ եղավ  2020-ին, հետո, իհարկե, 2020-ից հետո Ադրբեջանը դանդաղորեն գրավում էր Հայաստանի Հանրապետության տարածքներ, որից հետո եղավ Ադրբեջանի ագրեսիվ պատերազմը 2022-ի սեպտեմբերին, հետո (խմբ․ Լեռնային Ղարաբաղի) շրջափակումը՝ 2022-ի դեկտեմբերին, այնուհետև Հակարիի անցակետի կառուցումը 2023-ի ապրիլին, և Ալիևը պարզապես ճնշում էր ու ճնշում: Եվ ամեն անգամ, երբ նա դա անում էր, միջազգային հանրությունը շարունակում էր խաղաղության բանակցությունները և շարունակում էր անձնատուր լինել նրան, իսկ դրա հետևանքը միշտ ցեղասպանությունն է, երբ գործ ունես ցեղասպան բռնապետի հետ։ Նրանք պետք է  հասկանային դա:

-Դուք տեսնու՞մ եք որևէ հնարավորություն, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը հստակ և ամուր միջազգային երաշխիքներ ունենալու դեպքում կկարողանա վերադառնալ հայրենիք։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ կարող է կամ պետք է անի միջազգային հանրությունն այս առնչությամբ։

-Տեղահանված բնակչության համար շատ դժվար է տուն վերադառնալը:  Եթե նայեք ռոհինջաներին, եթե նայեք դարֆուրացիներին, եթե նայեք քրիստոնյաներին, եզդիներին և Իրաքի մյուս փոքրամասնություններին, ապա, չնայած այն հանգամանքին, որ ԴԱԻՇ-ը արդեն իշխանություն չունի, նրանք դեռ չեն կարողացել ամբողջությամբ վերադառնալ իրենց նախնիների տները։ Դա շատ դժվար է, բայց Լեմկինի ինստիտուտում մենք տեսնում ենք այն փաստը, որ Արցախի բնակչության մեծամասնությունը, ճնշող մեծամասնությունը դեռ ողջ է։ Դա օրհնություն է: Հազվադեպ է պատահում, որ ինչ-որ մեկը հնարավորություն ունենա չեղարկել ցեղասպանության հետևանքները, բայց մենք ունենք այդ հնարավորությունը և պետք է օգտվենք դրանից՝ նրանց տուն վերադարձնելու և անվտանգություն ապահովելու համար, քանի որ այս քաղաքակրթությունը 4000 տարեկան է: Համոզված չեմ, որ արևմտյան աշխարհը բարձր է գնահատում, թե ինչ է նշանակում ունենալ 4000 տարվա շարունակական քաղաքակրթություն, բայց դա մի բան է, որը հնարավոր չէ փոխարինել: Երբ այն անհետանա, այն ընդմիշտ կվերանա: Այն կառուցելու համար պահանջվել է 4000 տարի, և աշխարհին բացարձակապես անհրաժեշտ է այս բազմազանությունը: Այսպիսով, մենք այլևս չենք կարող կորցնել այս հնագույն համայնքները: Մարդիկ պետք է իրավունք ունենան ապրել իրենց նախնիների տներում: Սա ծանր է Հայաստանի համար, քանի որ Հայաստանը նման բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում է։ Այսպիսով, այն ամենը, ինչ հարկավոր է ձեզ, դա այն է, որ արևմտյան աշխարհը դա առաջ մղի, քանի որ, հակառակ դեպքում դա կհանգեցնի նրան, որ նման ցեղասպանությունը կարող է պարզապես տեղի ունենալ առանց որևէ հակազդեցության և լիակատար անպատժելիության մթնոլորտում, իսկ Ադրբեջանը դրանից օգուտ է քաղում։ Այդ դեպքում բոլորը 21-րդ դարում կօգտագործեն ցեղասպանությունը։ Ով ցանկանա օգտագործել դա, կօգտագործի այսկերպ: Նրանք կօգտագործեն այս ձևը, քանի որ այն աշխատեց Ադրբեջանի պարագայում: Նրանք տեսնում են, որ այդպես լինում է, և այդ ձևով հնարավոր է շահել։ Բանն այն է, որ պետությունները կարող են տարաձայնություններ ունենալ որոշակի հարցերի շուրջ, նույնիսկ տարածքի վերաբերյալ, սակայն դուք ունեք այնպիսի բնակչություն, ինչպիսին արցախցիներն են, որոնք ունեն ինքնորոշման բոլոր հիմքերը, նրանք միշտ եղել են Լեռնային Ղարաբաղում։ Պատմության իմ ընկալմամբ՝ նրանք երբեք չեն եղել ուղիղ օտարերկրյա տիրապետության տակ՝ առանց ինքնավարության և տեղական վերահսկողության որոշակի մակարդակի: Արցախը կառավարող բոլոր կայսրությունների ընթացքում նրանք պահանջել են անկախություն և ինքնավարություն՝ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կազմավորումը: Խորհրդային Միությունում Արցախը ինքնավար մարզ էր։ Երբ Խորհրդային Միությունը սկսեց փլուզվել, Արցախը կրկին պահանջեց կա’մ անկախություն, կա’մ միացում Հայաստանին։ Արցախցիներն այս մասին վաղուց են հայտարարում, և աշխարհը պետք է լուրջ վերաբերվի նման հայտարարություններին։  Մենք այլևս գաղութային ժամանակաշրջանում չենք ապրում, որ կառավարությունները կարողանան պարզապես վտարել մարդկանց այն պատճառով, որ իրենց հող է պետք: Բանն այն է, որ կանոնների վրա հիմնված աշխարհում ամեն ինչ այդպես չի աշխատում: Եթե արևմտյան աշխարհը ցանկանում է ապրել կանոնների վրա հիմնված աշխարհում, ապա պետք է նաև ուղիներ գտնի այդ կանոնների վրա հիմնված կարգը պարտադրելու համար: Եվ հիմա էլ տեղի է ունենում նույնը, ինչ տեղի էր ունենում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը, երբ Ադրբեջանը ցեղասպանություն իրականացրեց: Եվ դա նշանակում է, որ Ադրբեջանին պետք է իսկապես ստիպել նստել բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի ինչ-որ լուծում մշակվի արցախցիների հետ, որպեսզի նրանք կարողանան ապրել իրենց նախնիների տներում՝ խաղաղ և անվտանգ ինքնակառավարմամբ։ Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է պնդի, որ լուծվի արցախցիների ինքնորոշման հարցը։

– 2023 թվականի սեպտեմբերին հայերի բռնի տեղահանումից հետո Լեմկինի ինստիտուտը նաև իր մտահոգությունը հայտնեց Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների անօրինական ձերբակալությունների առնչությամբ՝ ահազանգելով նրանց կյանքին սպառնացող վտանգների մասին։ Այս առումով աշխարհն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի նրանց ազատելու համար և ի՞նչ միջոցներ կարող են կիրառվել այս պարագայում։

-Կարծում եմ, որ մենք այստեղ պետք է փոխենք օգտագործվող լեզուն: Դա վերաբերում է միջազգային հանրությանը, և հատկապես Միավորված ազգերի կազմակերպության դիվանագետներին։ Ադրբեջանի դեմ բավարար պատասխան միջոցներ չկան այն ձևակերպումների համար, որոնք նա օգտագործում է։ Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները օրինական բանտարկյալներ են, քանզի նրանք ահաբեկիչներ և անջատողականներ են: Սա չափազանց քաղաքականացված լեզու է, և դա պարզապես ճիշտ չէ այն պատճառներով, որոնք ես քիչ առաջ ընդգծեցի: Նրանց մեծ մասը ժողովրդավարական ճանապարհով ընտրված քաղաքական գործիչներ են Արցախում, որը` համաձայն Freedom House-ի, իսկապես լավ ժողովրդավարության վարկանիշ ուներ այս տարածաշրջանում, այն իսկապես լավ ազատության վարկանիշ ուներ, շատ ավելի լավ, քան Ադրբեջանը: Համենայնդեպս, տարբերությունը հսկայական էր: Խոսքը մեծամասամբ ժողովրդավարության մասին է, բայց նաև ինքնորոշման իրավունքի, ապագաղութացման և այս բոլոր բաների մասին է: Մենք պետք է փոխենք ձևակերպումները և Ադրբեջանին հասկացնենք, որ նրանք պատանդներ են, նրանք գերիներ են, ոչ թե օրինական բանտարկյալներ։ Եվ իրականում նրանց նույնիսկ չեն մեղադրում որևէ իրական հանցագործության մեջ։ Նրանց մեղադրում են ինքնորոշման ձգտելու համար։ Ի՞նչ է, դա հանցագործությու՞ն է: Այս ամենը պատիժ է այն փաստի համար, որ հայերն ինքնիշխանություն են ցանկանում։

– Ադրբեջանի իշխանությունները շարունակում են Լեռնային Ղարաբաղի հայկական պատմական ժառանգության ոչնչացումն ու վանդալիզմը։ Ադրբեջանցի զինվորները պղծում և ավերում են հայկական պատմամշակութային հուշարձանները և նույնիսկ հայկական գերեզմանները։ Վանդալիզմի վերջին արտահայտումը Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շենքի ավերումն էր։ Դոկտոր Էլիզա, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի միջազգային հանրությունը՝ վերջ դնելու Ադրբեջանի այս վայրագություններին ու վանդալիզմին, քանի որ, ինչպես տեսնում ենք, սա մշակութային ցեղասպանություն է։

-Այո’, իհարկե, հենց այդպես: Եվ ես կարծում եմ, որ միջազգային հանրությունն օգտագործում է էթնիկ զտումներ տերմինը, և դա ինչ-որ չափով աշխատում է, քանի որ դա գործընթացի նկարագրությունն է: Սակայն էթնիկ զտումն ընդամենը ցեղասպանության ձևերից մեկն է։ Եկեք օգտագործենք ցեղասպանություն տերմինը և գործի դնենք ցեղասպանության կանխարգելման մասին կոնվենցիան։ Ցեղասպանության լավագույն ապացույցներից մեկն այսպիսի մշակութային ոչնչացումն է, որը հաճախ անվանում են մշակութային ցեղասպանություն, բայց դա պարզապես ցեղասպանություն է, քանզի ցույց է տալիս, որ հանցագործը շահագրգռված չէր միայն մարդկանց որոշակի տարածքից դուրս բերելով։ Մարդիկ գնացել են, հիմա ինչո՞ւ են նրանք քանդում այդ  խորհրդանշական շենքերը, եկեղեցիները, ազգային խորհրդարանը։ Նկատի ունեմ, որ դա հստակ նպատակ է: Սա Արցախին իշխանությունից զրկելու միջոց է, որը պարզապես քանդում է Արցախի գաղափարը։ Այս բոլոր բռնությունները պարզապես աներևակայելիորեն նման են ցեղասպանության: Դուք նշեցիք գերեզմանատները: Սա ցեղասպանության ամենադաժան գործողություններից մեկն է, քանի որ դրա նպատակն է ջնջել պատմական ներկայությունը և, ըստ էության, ոչնչացնել հիշողությունը, ոչնչացնել տոհմը: Դա սարսափելի, հրեշավոր հանցագործություն է։ Եվ աշխարհը պետք է դա ցեղասպանություն անվանի։ Կարծում եմ, որ Միջազգային քրեական դատարանը կարող է միջամտել։ Հայաստանի համար դժվար ժամանակներ են, սակայն որևէ երրորդ երկիր կարող էր Ադրբեջանին կանգնեցնել Արդարադատության միջազգային դատարանի առջև։ Ես կցանկանայի նման բան տեսնել: Անհրաժեշտ է ինչ-որ լուրջ բան ձեռնարկել Ադրբեջանին կանգնեցնելու համար, քանի որ դա, թույլ տվեք ասել, ադրբեջանական ժողովրդի շահերից նույնպես չի բխում։ Եվ Ալիևն իսկապես ապավինում է այդ հայատյացությանն ու Հայաստանի նկատմամբ այս մշտական հաղթանակներին, որպեսզի ամրապնդի սեփական դիրքերն ու իշխանությունն Ադրբեջանում։ Այնպես որ, սա պարզապես սարսափելի իրավիճակ է: Կարծում եմ, որ Հայաստանն իր առավելագույնն է անում դրա դեմ պայքարելու համար։ Սակայն կարծում եմ, որ արևմտյան աշխարհը պետք է հասկանա, որ Ալիևի նման բռնապետները, որոնք ցեղասպանություն են իրականացնում, կանգ չեն առնի, քանի դեռ ինչ-որ մեկը չի ստիպել նրանց կանգ առնել:

-Հաշվի առնելով այն փաստը, որ ցեղասպանություններն, ընդհանուր առմամբ, իրականացվում են պետությունների և նրանց ղեկավարների կողմից, և միևնույն ժամանակ հաշվի առնելով այն իմպերատիվ սկզբունքի առկայությունը, որը թույլ չի տալիս միջամտել պետությունների ներքին գործերին՝ ինչպե՞ս կարելի է կանխել ցեղասպանությունները կամ պատասխանատվության ենթարկել դրանց մեղավորներին, և ի՞նչ գործիքներ ունենք այս դեպքում։

-Կարծում եմ, որ այստեղ դեր է խաղում պաշտպանելու պատասխանատվությունը: Եթե Ադրբեջանը ենթադրում է, որ արցախցիներն ինչ-որ կերպ մտել են Ադրբեջանի կազմի մեջ, եթե նրանք դա են ակնարկում, ուրեմն նրանք սարսափելի արարք են կատարել, նրանք հիմա էլ սարսափելի աշխատանք են կատարում՝ նման ձևով «պաշտպանելով» իրենց սեփական քաղաքացիներին։ Եվ դա արտաքին ուժերի պաշտպանության պատասխանատվությունն է, որն ուժի մեջ է մտնում, երբ պետությունը դա շատ հստակ ցույց է տալիս։ Մենք ապրում ենք միջազգային շատ դժվար ժամանակներում։ Աշխարհը շատ արագ է փոխվում, բայց ես իսկապես կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք օգտագործել այդ լեզուն: Եվ Ադրբեջանի իշխանությունն այնքան էլ լավ չի ծառայում իր քաղաքացիներին։ Ուստի օգտակար կլիներ մատնանշել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին, որն այնքան էլ լավը չէ։ Արևմուտքի խնդիրն այն է, որ Ադրբեջանի շուրջ պարզապես լռության դավադրություն գոյություն ունի։ Նրանք բացահայտ չեն խոսում Ադրբեջանի մասին։ Եթե Արևմուտքի համար ավելի քիչ ռազմավարական նշանակություն ունեցող որևէ այլ պետությունում լիներ մի առաջնորդ, որը այնպիսի բաներ կասեր, ինչպիսին ասում են Ալիևը կամ Ադրբեջանի խորհրդարանը, որ օրինակ՝ «հայերը Եվրոպայի քաղցկեղն են», ապա դա կառաջացներ միջազգային հանրության վրդովմունքը միջազգային լրահոսում և միջազգային դիվանագիտական շրջանակներում, բայց, ցավոք, Ադրբեջանը, կարծես, հատուկ կարգավիճակ ունի։ Կարծում եմ, որ ժամանակն է վերջ տալ դրան, քանի որ այդպես այս  տարածաշրջանում խաղաղություն չի լինի: Իրավիճակը չափազանց անկայուն է, քանի որ Ադրբեջանն իրեն այդպես է պահում։ Անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու դեպքում Ալիևը կհասկանա, որ իր շահերից է բխում փոխել մոտեցումները և այլ արտաքին քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ, որը հիմնված կլինի ինքնիշխանության, հավասարության, սահմանների, իրավունքների և արցախցիների ինքնորոշման իրավունքի հարգանքի վրա։

«Ամերիաբանկը» վաճառվեց, գործարքը կնքվել է, բաժնետերերի կառուցվածքում փոփոխությունները գրանցվել են

«Ամերիաբանկ»-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ բաժնետերերի և կարգավորող մարմինների բոլոր անհրաժեշտ հաստատումները ստանալուց հետո, բանկի վաճառքի գործարքը կնքվել է, և «Ամերիաբանկ»-ի բաժնետերերի կառուցվածքում փոփոխությունները գրանցվել են։

Այդպիսով, ապրիլի 4-ի դրությամբ «Ամերիաբանկ»-ի նոր բաժնետերերն են՝

1․ Bank of Georgia Group PLC («Բենք օֆ Ջորջիա Գրուփ» ՓիԷլՍի»)` 70,279 բաժնետոմս կամ մոտ 60 %,

2․Bank of Georgia JSC («Բենք օֆ Ջորջիա» Ջեյէսսի»)` 35,140 բաժնետոմս կամ մոտ 30 %,

3․Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ՝ 11,713 բաժնետոմս կամ մոտ 10 %:

Հիշեցնենք, որ շուրջ 1 ամիս առաջ հայտնի դարձավ, որ «Բենք օֆ Ջորջիա»-ն (Bank of Georgia Group PLC) պատրաստվում է 303.6 մլն ԱՄՆ դոլարով գնել հայկական «Ամերիաբանկի» բաժնետոմսերի 90%-ը։

Նարեկ Մկրտչյանը և Քերոլայն Քոքսը քննարկել են ԼՂ-ից տեղահանվածների աջակցության հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Humanitarian Aid Relief Trust (HART) բարեգործական կազմակերպության պատվավոր նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել կազմակերպության գործադիր տնօրեն Սեմ Մեյսոնը, ծրագրերի համակարգող Դեյվիդ Թոմասը, կազմակերպության աջակից Դեյվիդ Ռոդսը, քաղաքական գործիչ Գևորգ Քեփենիկյանը, «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» ՀԿ նախագահ Վարդան Թադևոսյանը։

Ինչպես NEWS.am-ին հայտնում են ԱՍՀ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության գործընթացին առնչվող մի շարք հարցեր․ անդրադարձ է կատարվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակի բարելավման ու անկախ կյանքի կենտրոնների ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Անդրադառնալով սոցիալական պաշտպանության ոլորտում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանված գերակայություններին՝ նախարար Մկրտչյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության տրամադրման գործընթացը։ Նախարարը խոսել է հայրենակիցներին ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման ուղղությամբ ՀՀ Կառավարության տեսլականի մասին՝ նշելով, որ վերջիններիս կենսապայմանների բավարարումը շարունակում է մնալ պետության ուշադրության առանցքում։

Ներկայացնելով հավասար հնարավորությունների ապահովման ոլորտում իրականացվող աշխատանքները՝ նախարարը մանրամասնել է անկախ կյանքի կենտրոնների ստեղծման ուղղությամբ նախատեսվող քայլերը․ զրուցակիցներն անդրադարձել են նաև տարեցներին, հոգեկան և մտավոր առողջության խնդիրներ ունեցող անձանց պետության կողմից պատվիրակվող ծառայությունների շրջանակին։ Բարոնուհին նշել է, որ HART-ը ևս պատրաստ է ներգրավվել անհրաժեշտ ծառայությունների տրամադրման գործընթացում։

Քերոլայն Քոքսը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ իրականացվող ծրագրերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն տրամադրելու համար և պատրաստակամություն հայտնել շարունակել անհրաժեշտ ջանքեր ներդնել համագործակցության զարգացման ուղղությամբ։

Ռուսաստանի կողմից Ֆրանսիայի հետ կա որոշակի համաձայնություն Հայաստանի հարցում․ Սարո Սարոյան

Step1.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Սարո Սարոյանը։

-Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից առաջ մեծ սպասելիքներ էին ձևավորվել, բայց հանդիպման արդյունքում հայտարարվեց միայն Հայաստանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին։ Ի՞նչ տվեց այս հանդիպումը Հայաստանին։

-Սպասումներն ավելի շատ տարբեր քաղաքական միավորների կողմից էին, որոնք Հայաստանում ըստ սեփական հայեցողության, նպատակների ու մոտիվացիայի արտահայտվում էին եւ ստեղծում ինչ-որ պատկեր։ Ըստ դրա էլ ենթադրվում էր, որ իբր կան ավելի շատ ակնկալիքներ ու սպասելիքներ։ Դրանք քաղաքական գործընթացի մաս էին, ոչ ավելին։ Եղել է այն, ինչ պետք է լիներ։ Ես միշտ ասել եմ, որ կան գործընթացներ, որոնք անկասելի են եւ հստակ հունով ընթացող։ Եվ այդ տեսանկյունից սա հանգրվանային հանդիպում էր, որտեղ կոլեկտիվ Արեւմուտքը խնդիր ուներ մեկ սեղանի շուրջ համաձայնեցնելու ճանապարհային քարտեզն ու շարունակելու Հայաստանի ինտեգրացիան դեպի արեւմտյան աշխարհ։ Առեւտրաշրջանառության կամ ներդրումների ինչ-որ թվեր են ներկայացնում, դրանք ընդհանուր քաղաքականության մաս են, բայց առաջին հերթին պետք է հաշվի առնվի քաղաքական գործոնը։ Եվ այդ տեսանկյունից պետք է ընդգծեմ, որ Հայաստանն ուղղակիորեն, անբեկանելիորեն ընթանում է Արեւմուտքի հետ շատ սերտ անվտանգային եւ բոլոր տեսակի այլ համակարգեր կառուցելու ճանապարհով։ Ինչո՞ւ եմ ընդգծում անվտանգայինը, որովհետեւ առաջնայինը անվտանգայինն է, դրանից հետո է գալիս քաղաքական, տնտեսական ինտեգրացիան եւ այլն։ Առանց անվտանգային համակարգի վերաֆորմատավորման հնարավոր չէ ստանալ այնպիսի պատկեր, որը կոլեկտիվ Արեւմուտքը փորձում է տեսնել Հարավային Կովկասում։

-Այդ հանդիպումից հետո Բաքուն կրակում է հայկական բնակավայրերի ուղղությամբ, ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

-Այո՛, իրավիճակը սրվեց, բայց դա ընդհանուր առմամբ կանխատեսելի էր։ Այնպես չէ, որ նման կարգի սրման վտանգներ մարդիկ բացառում էին։ Հակառակը, անընդհատ կանխազգացում կա, որ իրավիճակը կարող է պայթել, այդ սրումը կարող է պատերազմի բերել։ Այդ սպասումները, որոնք մշտապես կան, մենք անգամ այդ սպասումների տեսանկյունից նաեւ պետք է գնահատենք այս հանդիպումը, որ ինքը պատերազմական իրավիճակի չբերեց, ընդամենը ռազմական ցուցադրական դրսեւորումներ եղան, որոնք այս պահի դրությամբ կարելի է ասել, որ վախեցնելու կամ սպառնալու տարր էին ներկայացնում։ Սրա պատճառները հետեւյալն են՝ Հայաստանն իր այդ վերաֆորմատավորման քաղաքականության մեջ ընդգրկվելու պատճառով որոշակի ուժերի համար դարձել է թիրախ։ Եվ հենց կոնկրետ Ադրբեջանն ամեն գնով խնդիր ունի թույլ չտալու Հայաստանի նման ընթացքը։ Խնդիրն այս պահին հետեւյալն է՝ մեզ թվում է, որ դրան պետք է նաեւ աջակցեն Ռուսաստանն ու Թուրքիան, եւ այդ տեսանկյունից պատերազմի հավանականությունն ավելի մեծ է գնահատվում, բայց, իմ կարծիքով, այդպես չէ, եւ իրավիճակի սրման հիմնական շահառուն միայն Ադրբեջանն է։ Մյուսներն այդ աստիճանի ո՛չ ռեսուրս, ո՛չ ցանկություն չունեն հիմա ներգրավվելու նման կարգի զարգացումների մեջ։ Հետեւաբար, ընդամենն այդ սպանալիքներն ու ուժի ցուցադրությունն է, բախումների ինչ-որ առիթ ստեղծելու իմիտացիան է, եւ ոչ ավելին։

-Այսինքն՝ Արեւմուտքը զսպում է, որ Ադրբեջանը հետագայում ագրեսիվ գործողությունների չդիմի՞։

-Իհարկե, Արեւմուտքը կարողանում է զսպել, մենք դա նոր չէ, որ տեսնում ենք։ Մենք դա տեսնում ենք արդեն մոտ երկու տարի։ Չմոռանանք Փելոսիի այցը Հայաստան, ԵՄ դիտորդների գործոնը։ Մենք անընդհատ այդ զսպման քաղաքականությունը տեսնում ենք, թույլ չեն տալիս, որ գործընթացները վերահսկողությունից դուրս հայտնվեն։ Բայց միայն դա չէ պատճառը։ Դա մեկ կողմի շահագրգռությունն է, բայց կա նաեւ մյուս կողմի շահագրգռության թուլացումը, ես նկատի ունեմ կոնկրետ Թուրքիային ու Ռուսաստանին։ Իզուր չէ, որ ես նշում եմ, որ այս սրացումն Ադրբեջանի մեծ շահագրգռության հետեւանք էր, բայց Ռուսաստանի եւ Թուրքիայի գործոնները թուլացել են, դրա համար այդ գործողությունները լայնածավալ պատերազմի վերածվելու հնարավորություն չունեն։ Թուրքիան բոլորովին այլ գործարքների մեջ է հիմա Արեւմուտքի հետ եւ փորձում է բալանսավորել իր քաղաքականությունը Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ։ Եթե մինչեւ վերջերս հիմնական աշխատանքը Ռուսաստանի հետ էր, ապա հիմա որոշակի բալանսավորման կուրս է վերցրել Էրդողանի կառավարությունը, որն իրեն հնարավորություն չի տալիս շատ ավելի կոշտ դիրքերից հանդես գալու։ Չմոռանանք, որ պաշտոնական Թուրքիայի հայտարարությունն ընդամենն այն մասին էր, որ եթե երբեւէ ռազմական գործողություններ լինեն, իրենք միանշանակ կպաշտպանեն Ադրբեջանին, բայց խթանել, որպեսզի Ադրբեջանը ռազմական գործողությունների դիմի, առայժմ նման նախադրյալներ չենք տեսնում։

Մյուսը Ռուսաստանի խնդիրն է․ ես գտնում եմ, որ Ռուսաստանը համակերպվել է, որ Հայաստանի անվտանգային համակարգն այլեւս չի կարող լինել լիարժեք ռուսական վերահսկողության տակ եւ վաղուց նա համակերպվել էր, որ այդ անվտանգային համակարգը պետք է կիսել որեւէ գերտերության հետ։ Սկզբում նրա ցանկությունն էր, որ դա լիներ Թուրքիան, հետո նաեւ Իրանը, սակայն այդ նախաձեռնությունները նախորդ երեք տարիների ընթացքում տապալվել են։ Եվ, իմ կարծիքով, Ֆրանսիայի հետ կա որոշակի համաձայնություն Հայաստանի հարցում, եւ այս վերաֆորմատավորման գործընթացն այդ համաձայնության կոնտեքստում է տեղի ունենում։

-ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն, անդրադառնալով արցախահայերի վերադարձի իրավունքի հարցին, ասել է․ «Այս մարդիկ Ադրբեջանից են՝ Լեռնային Ղարաբաղից: Լեռնային Ղարաբաղը մեզ համար միշտ դե յուրե եղել է Ադրբեջան»։ Դուք վերջերս ասել էիք, որ «կարեւոր է գիտենալ, որ Հայաստանը չունի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններ, այդ մանիպուլյացիան բանեցրել են բոլոր այն ուժերը, ովքեր տասնամյակներ շարունակ խոսել են «փոխզիջումների» ու հողեր հանձնելու մասին եւ իրենց այդ պնդումների համար որպես իրավական փաստարկ բերել են հենց այն հիմնավորումը, թե իբրեւ մենք ՄԱԿ-ի կողմից ճանաչվել ենք որոշակի սահմաններով»։ Բայց տեսնում ենք, որ Եվրամիության կողմից պաշտոնական հայտարարվում է, թե Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս, ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

-Չգիտեմ, թե Պետեր Ստանոն ինչի վրա է հիմնվում, երբ ասում է՝ միշտ Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս։ Ես կարող եմ հակառակը պնդել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի տասնամյակների գործունեությունը վկայել է, որ Արցախի կարգավիճակի հարցում չկա որեւէ դիրքորոշում, եւ խնդիրը թողնված է ապագային։ Եվ երբ հիմա Մինսկի խումբը ներկայացնող որեւէ կողմ կարող է նման հայտարարություն անել, դա ճշմարտության հետ որեւէ աղերս չունի։ Մինսկի խմբի համանախագահողների դիրքորոշումն է եղել, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ Մինսկի խմբի շրջանակում, որի ժամանակ կողմերը պետք է կարգավիճակի հարցում ընդհանուր հայտարարի գան։ Այդ կարգավիճակը չի ենթադրվել Ադրբեջանի կազմում, տարբեր առաջարկներ են եղել, այդ թվում՝ տարածքների փոխանակման, եւ այլն։ Հիմա, եթե պոստ ֆակտում փորձում են ինչ-որ նախկին դիրքորոշումներ կամ իրավիճակներ նկարագրել, դրանք ընդամենը քաղաքական հայտարարություններ են՝ ներկա իրավիճակից ելնող, բայց ոչ ճշմարտություն։

Կարիք չկա կասկածի տակ դնել այն, ինչ մերն է։ Դադիվանքը մե՞րն է․ Մելիքյան

«Մեր հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում, Տավուշը մեր դարպասն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արեւելագետ, Արցախի Պաշտպանության բանակի գնդապետ Գուրգեն Մելիքյանը։

«Մենք պարտավոր ենք եւ Ոսկեպարը, եւ Կիրանցը, եւ Բաղանիսը պահելու։ Յուրաքանչյուրս պարտավոր ենք պահելու հայրենիքի այդ հատվածը։ Դա նույնն է, ինչ Արտաշատը, Արագածոտնի մարզը, Կոտայքը, Գեղարքունիքը։ Մեր պարտավոր ենք հայրենիքի ցանկացած սանտիմետրը պահել սրբությամբ, մեր տղաները դրա համար են զոհվել, որ մենք ունենանք հայրենիք։ Միակողմանի զիջումը ոչ մի բան չի տալու մեզ, մենք ստորացված վիճակում ենք լինելու։ Մենք գիտենք խաղաղության արժեքը եւ գիտենք այն արյան արժեքը, որը մեր տղաները թափել են գիտակցելով։ Ես ամբողջ  էությամբ պայքարելու եմ ամեն մի սանտիմետրի համար»,- ասաց նա։

Մելիքյանն անդրադարձավ հարցին, թե որ տարածքներն են հայկական, որոնք՝ ոչ։ «Այնտեղ հուշարձաններն արդեն ասում են, որ տարածքները հայկական են։ Կարիք չկա կասկածի տակ դնել այն, ինչ մերն է։ Դադիվանքը մե՞րն էր, թե՞ մերը չէր, Ծիծեռնավանքը մե՞րն էր, թե՞ մերը չէր՝ 4-րդ դարի հուշարձան, իհարկե, մերն է։ Այսօր պղծում են մեր սրբավայրերը։ Ուղղակի պետք է արձանագրենք, որ ապաշնորհ մարդիկ չեն կարողանում պահել հայոց երկիրը, թույլ են տալիս պղծելու մեր սրբությունները»,- ասաց նա։

Գուրգեն Մելիքյանն ասաց, որ իր խոսքով կոչ է անում համախմբվել․ «Այսօր այն երիտասարդները, որ գնում են Տավուշ՝ Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս, գնում են՝ մեզ ոգեւորելու, որ մարդն իր հայրենի տունը չվաճառի։ Այնտեղ միայն տան հարցը չէ, հողի հարցը չէ, տարածքի հարցը չէ, հայրենիքի հարց է։ Մենք պետք է կարողանանք ապաշնորհ մարդկանց ասել՝ եթե դուք չեք կարողանում ղեկավարել, հեռացեք, գնացեք, բավ է, ինչքա՞ն զիջենք։ Իմ արժանապատվության գնով ես խաղաղություն չեմ ուզում։ Մենք պետք է մեր ոգին վերականգնենք, եւ ամեն ինչ կընկնի իր տեղը, ես լիահույս եմ»։

 

Հայաստանի կառավարությունը միտումնավոր է արցախցիներին «արատավոր շրջան» մղում

Արցախի դեմ սեպտեմբերի 19-ի ագրեսիայից և սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին տեղահանությունից 6 ամիս անց Արցախի շուրջ 150 հազար բնակիչներ չեն կարողանում լուծել իրենց իրավական կարգավիճակի հետ կապված հակասությունները։ Ամեն ինչ միտումնավոր շփոթված է այնպես, որ անհնար է նույնիսկ դատարան դիմել և իրավական և իրավապաշտպանական ընթացակարգեր իրականացնել։

Հակասություններ սկսվեցին այն բանից հետո, երբ Հայաստանն անսպասելիորեն ի սկզբանե որոշեց չճանաչել արցախցիների կենսագրությունը (հարկային, կենսաթոշակային, բիզնես, գույքային, վարկային պատմությունները), և պարզ չէ, թե Հայաստանի կառավարությունը ՀՀ անձնագիր ունեցող արցախցիներին ընկալում է որպես ՀՀ քաղաքացի՞, թե՞ ոչ ռեզիդենտ։

Հակասություններն ակնհայտ են:

Առաջինն այն է, որ Հայաստանի կառավարությունը տեղահանությունից մեկ ամիս անց փաստացի ճանաչեց Արցախի ժողովրդի կենսաթոշակային պատմությունը և հիմք ընդունելով Արցախում աշխատած ստաժն ու կենսաթոշակային հիմնադրամներին կատարած մուծումները՝ թոշակներ է վճարում արցախցիներին 2023-ի դեկտեմբերից։ Սակայն եթե արցախցիներն արտաքսումից հետո են հասել կենսաթոշակային տարիքի, ապա նրանց աշխատանքային պատմությունը Արցախում չի ընդունվում կենսաթոշակ նշանակելու համար։

Բացի այդ, կառավարությունը չի արձագանքել Արցախի խորհրդարանի կողմից օրենքի ընդունմանը, ըստ որի արցախցիները կարող են ստանալ կուտակային կենսաթոշակային ֆոնդերին փոխանցված իրենց միջոցները։ ՀՀ Կենտրոնական բանկը, որի երաշխիքներով երկար տարիներ Արցախում գործում էին կուտակային հիմնադրամները, լղոզված պատասխան է տվել, և ոչ պաշտոնապես արցախցիներին հասկացրել են, որ ՀՀ կառավարությունը կուտակային հիմնադրամներին չի պարտավորեցնելու վերադարձնել գումարը։ Թե ուր է գնալու Արցախի ժողովրդի կուտակած 16 միլիարդ դրամը, դեռ ոչ ոք չգիտի։

Երկրորդ հակասությունն այն է, որ ՀՀ կառավարությունը ճանաչել է արցախցիների վարկային պատմությունը՝ պարտավորություն ստանձնելով բանկերի առաջ՝ վարկերը փակել, քանի որ բանկերն Արցախում աշխատել են ՀՀ կենտրոնական բանկի երաշխիքներով։ Միևնույն ժամանակ, այժմ արցախցիները 070 ծածկագրով անձնագրերով չեն կարող բիզնես վարկեր ստանալ Հայաստանում, քանի որ նրանց վարկային պատմությունները ճանաչված չեն և երաշխիքներ չունեն։

Երրորդ մեծ անհամապատասխանությունն այն է, որ ՀՀ 070 անձնագրային ծածկագրով բազմաթիվ արցախցիներ Հայաստանում վաղուց անշարժ գույք ունեն։ Միաժամանակ, Հայաստանի կառավարությունը Արցախի բնակիչների բնակարանային աջակցության ծրագրի ապագա մասնակցությունը պայմանավորում է ՀՀ քաղաքացիության առկայությամբ։ Ի՞նչ է լինելու Հայաստանում 070 ծածկագրով անձնագրեր և ՀՀ-ում անշարժ գույք ունեցող անձանց հետ։ Նրանց սեփականության վկայականներն անվավեր կճանաչվե՞ն։ Եւ ի՞նչ է լինելու Արցախում նրանց ունեցած անշարժ գույքի սեփականության վկայականների հետ։

Չորրորդ անհամապատասխանություն. Հայաստանում բիզնես կամ կազմակերպություն գրանցելու համար անհրաժեշտ են ID քարտեր: Դրանք հիմա չեն տրվում արցախցիներին՝ ո՛չ 070 անձնագիր ունեցող, ո՛չ անգամ ՀՀ քաղաքացիություն ստացածներին, մինչդեռ Արցախից ժամանող շատ քաղաքացիներ ունեն Արցախում ստացված նույնականացման քարտեր, որոնք այժմ կարող են ազատ օգտագործվել։

Հինգերորդ հակասությունն այն է, որ Հայաստանի իշխանությունը չի ճանաչում Արցախի ժողովրդին որպես ՀՀ քաղաքացի և խոսում է Հայաստանում Արցախի իշխանությունների գործունեության անթույլատրելիության մասին՝ չստեղծելով մեկ մարմին, որը կզբաղվի արցախցիների գործերով։ 150 հազար մարդ զրկված են ոչ միայն ինքնակառավարման, այլեւ ընդունող երկրում հարցերը լուծելու իրավունքից։

Նման հակասությունները շատ են, և ոչ ոք չի բացատրում, թե ով և ինչպես է որոշում այն ​​սկզբունքները, որոնց հիման վրա որոշումներ են ընդունվում։

Հիմնական անհամապատասխանությունն էլ այն է, որ արցախցիները քաղաքացիություն ստանալիս հրաժարվում են ՀՀ 070 ծածկագրով անձնագրից և ստանում են նույն ՀՀ անձնագիրը՝ միայն այլ ծածկագրով։ Միևնույն ժամանակ, մինչև 2023 թվականի սեպտեմբերը Հայաստանում գրանցված արցախցիները ավտոմատ կերպով ընդգրկվել են ՀՀ քաղաքացիության գրանցամատյանում և համարվում են լիարժեք քաղաքացիներ։ Բացի այդ, աշխարհի ոչ մի երկրում (գոնե մինչ օրս) 070 ծածկագրով ՀՀ անձնագիրը որևէ կերպ չի տարբերվում հայկական այլ անձնագրերից, և միայն Հայաստանի օդանավակայանում են պահանջում նաեւ «ժամանակավոր պաշտպանության» վկայական:

Ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը ի սկզբանե չճանաչեց արցախցիների անձնագրերը որպես Հայաստանի քաղաքացիության ապացույց՝ քաղաքացիություն ստանալ չցանկացողներին հնարավորություն տալով վերցնել փախստականի վկայականները։ Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունն ի սկզբանե չճանաչեց արցախցիների պատմությունները՝ անձնագրային, կենսաթոշակային, հարկային, վարկային, կրթական՝ եւ մարդկանց խցկեցին ամիսներ տևած զրոյական արդյունքով բյուրոկրատական արատավոր շրջանի մեջ։

Կարելի է ենթադրել, որ Հայաստանի իշխանությունը միտումնավոր է արատավոր շրջան ստեղծում Արցախի ժողովրդի համար, որտեղ մարդիկ չեն կարող ստանալ ո՛չ լիարժեք քաղաքացիություն, ո՛չ էլ միջազգայնորեն ճանաչված փախստականի կարգավիճակ, քանի որ արտասահմանում նրանց ասում են, որ Հայաստանը ձեզ արդեն վերցրել է ժամանակավոր պաշտպանության տակ, և դուք արդեն չեք ենթարկվում «խտրականության»։ Յա, իրո՞ք։