Հարձակում Սևաստոպոլում, հինգ զոհ

Կիրակի օրը մի շարք պայթյուններ են լսվել Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի Սևաստոպոլում, և տեղական իշխանությունները հայտարարել են Ուկրաինայի զինված ուժերի հարձակման մասին։ Ըստ տեղական վարչակազմի վերջին տվյալների՝ հարձակման զոհերի թիվը հասել է հինգի, այդ թվում՝ երկու երեխա, ավելի քան 120-ը վիրավորվել են, ըստ Ռուսաստանի պաշտպանության գերատեսչության՝ Սևաստոպոլի վրա հարձակումն իրականացվել է կլաստերային մարտագլխիկով ATACMS հրթիռների միջոցով։

Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը մանրամասնել է, որ մահացել է հինգ մարդ՝ երկու մեծահասակ և երեք երեխա։ Հայտնի է, որ նրանցից մեկը երկու տարեկան է, մյուս մահացած երեխան Մագադանի փոխքաղաքապետ Օլեգ Ավերյանովի դուստրն է՝ իննամյա Սոֆյան։

Հունիսի 24-ը քաղաքում հայտարարվել է սգո օր։

Ռուսական Z-ալիքները խոստովանել են, որ կիրակի օրը՝ հունիսի 23-ին, օկուպացված Սևաստոպոլի լողափին մարդկանց մահը ռուսական հակաօդային պաշտպանության աշխատանքի հետևանքն է։ Այսպես, պատերազմամետ հանրային Helicopterpilot-ը գրում է, որ հրթիռը, որի մարտագլխիկը պայթել է Սևաստոպոլի վրա, ուղղված է եղել թերակղզու ռուսական հակաօդային պաշտպանության կետի, այլ ոչ թե լողափի, ուստի մահերը տեղի են ունեցել ռուսական հակաօդային պաշտպանության աշխատանքի արդյունքում, որը խոցել է այս հրթիռը լողափի վրայով։

Արցախյան տաղավարներ հայ-վրացական Միմինո փառատոնում

Հունիսի 22-ին Դիլիջանում կայացած հայ- վրացական խոհարարական-մշակութային “Միմինո” փառատանում ներկայացված արցախյան 5 տաղավարներ արժանացել են բրոնզե եւ արծաթյա մեդալների: Ընդհանուր առմամբ փառատոնին մասնակցել են արցախցի խոհարարական, հուշանվերների, ձեռագործության 11 անհատական եւ կորպորատիվ մասնակից՝ մեկ միասնական տաղավարով:

Փառատոնին «Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալության» նախաձեռնությամբ իրենց աշխատանքներն են ներկայացրել Արցախի արվեստագետներն ու մշակութային խմբերը։

Գործակալության ղեկավար Սերգեյ Շախվերդյանի խոսքով, ցուցահանդես-տոնավաճառում ներկայացված են 5 տաղավարներով հուշանվերներ, դեկոր և այլ ինքնատիպ գեղարվեստական ​​գործեր։

Փառատոնի կազմակերպիչն էր Տուրիզմի հայկական ֆեդերացիան եւ Հայ խոհարարական ավանդույթների պահպանման հասարակական կազմակերպությունը: Փառատոնը ֆինանսավորվել է Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության կոմիտեն եւ ԱՄՆ զարգացման միջագային գործակալությունը` USAID:

Գրքի և արվեստի 4-րդ փառատոնի մեկնարկը․ newmag

Հունիսի 22-ին Երազ այգում ազդարարվեց Գրքի ու արվեստի փառատոնի պաշտոնական բացումը:

4-րդ ամառային փառատոնին ելույթով հանդես եկան newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը, գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը և փառատոնի հովանավորները:

Երազում գրքասերները վայելել  են դասական երաժշտություն՝ համեմված ջազով։ Բեմում էին Կոմիտասի լարային քառյակն ու Ջազ տրիոն։

newmag հրատարակչությունը ներկայացրեց այս փառատոնի առաջին գիրքը՝ Քրիստինե Գրիգորյանի «Ավանդական ճաշասեղան. Բույրեր, համեր, հուշեր Գավառից» գիրքը։ Շնորհանդեսին ներկա էին գրքի ստեղծագործական թիմը, այն վարեց հեռուստահաղորդավար Արտակ Վարդանյանը: Վերջում տեղի ունեցավ Գավառի ավանդական աղանդերի հյուրասիրություն:

Performance zone-ում Արցախի Վահրամ Փափազյանի անվան Դրամատիկական թատրոնը ներկայացրեց մոնոդրամա՝ Ջեկ Լոնդոնի «Զսպաշապիկը»։ Ներկայացման ռեժիսորն ու գլխավոր դերակատարը Արմեն Թովմասյանն է։

newmag հրատարակչությունը ամառային փառատոնի ընթացքում ներկայացնելու է 4 նոր գիրք, հետաքրքիր գրքեր են, մեր գործընկերների հետ ներկայացնելու ենք արվեստի որոշ միջոցառումներ, ասել են կազմակերպիչները: Պատին փակցված են Երևանի հին լուսանկարներ, որոնք Վահան Ստեփանյանի անձնական արխիվից են:

Աշխատել ենք տեղաբաշխել հետաքրքիր միջոցառումներ և’ այսօր, և’ վաղը: Քիչ հետո ներկայացվելու է շատ հետաքրքիր գիրք` գավառի ուտեստների վերաբերյալ: Հեղինակն ապրում է Միացյալ Նահանգներում և պատրաստում է ինչպես իր մայրն է պատրաստել և ինչպես իր տատն է պատրաստել: Իր ուտեստների գրքում նա ներկայացնում է Գավառի ավանդական ուտելիքները և համեմունքները, թխվածքներ, իրենց ընտանեկան ավանդույթները, համայնքի ավանդույթները: Միայն բաղադրատոմսերով չէ հետաքրքիր, այլ այն միջավայրը և պայմանները որտեղ ստեղծվել են ուտեստները: Շատ քաղցր և գեղեցիկ հուշեր են պատկերված: Առաջարկում եմ բոլորին ձեռք բերել այդ գիրքը, ասել է վարողը:

 

newmag-ը ներկայացրեց Հենրի Քիսինջերի, Էրիկ Շմիդտի, Դանիել Հաթենլոքերի «Արհեստական Բանականությունը և մարդկության ապագան» գիրքը։

Yeraz Park / Երազ Այգի-ում Գրքի և արվեստի փառատոնին newmag-ը և Ari Standup Club֊ը ներկայացրեցին local սթենդ ափ շոու։

Երազ այգում տոնական ակորդներով ավարտվեց newmag / summer fest2024-ի առաջին օրը: Եզրափակիչ համերգին հանդես եկան Arpi Gabriela-ն ու Mihran Tsarukyan-ը: Դուետը կատարեց ինչպես հայտնի, այնպես էլ նոր երգերը:

Տաթև Ազիզյան

Հաջ Մեքքա․ այս տարի մոտ հազար ուխտավոր է մահացել

BBC

Այս տարի առնվազն 922 ուխտավոր է մահացել Հաջի ժամանակ Մեքքայում, որոնց ճնշող մեծամասնությունը գերտաքացել է կիզիչ արևի տակ, հայտնում են համաշխարհային առաջատար լրատվամիջոցները՝ հղում անելով Էր Ռիադի դիվանագետներին:

Հաջը հսկայական չափերի իրադարձություն է. ամեն տարի դրան մասնակցում են միլիոնավոր մարդիկ: Իսլամի կանոնները պարտավորեցնում են յուրաքանչյուր հավատացյալի կյանքում գոնե մեկ անգամ Հաջ կատարել, եթե նա ֆիզիկապես բավականաչափ ուժեղ է դրա համար և ոչ ամբողջովին աղքատ:

Սաուդյան Արաբիայի իշխանությունները զեկուցել են ուխտավորների առողջությունը պաշտպանելու հաջող առաքելության մասին՝ ասելով, որ Հաջի ժամանակ վարակիչ հիվանդությունների բռնկումներ չեն եղել՝ չնայած մարդկանց մեծ թվին և կիզիչ շոգին։

Պաշտոնական տվյալներով՝ ընդհանուր առմամբ հաջին մասնակցել է մոտ 1,83 մլն ուխտավոր, որից ավելի քան 1,6 մլն-ը եկել է արտերկրից։

BBC-ին չկարողացավ ինքնուրույն ճշտել զոհվածների թիվը, սակայն հաջից վերադարձող մարդիկ նկարագրում են այս տարվա ուխտագնացության պայմանները, ինչը բացահայտեց հաջի ժամանակ մահացության բարձր մակարդակի վեց պատճառ։

Դրանք ներառում են ծայրահեղ շոգ, գերբնակեցվածություն և սանիտարական խնդիրներ, տրանսպորտի հետ կապված խնդիրներ, հետաձգված բժշկական օգնություն, թույլտվությունների բացակայություն և հաշմանդամ, հիվանդ և տարեց ուխտավորների առկայությունը: Ավելին կարդացեք այստեղ:

«Գեն» նախաձեռնությունների կենտրոնը արցախցիներին կոչ է անում առայժմ չօգտվել բնակապահովման ծրագրից

ՀՀ կառավարության՝ արցախցիների համար նախատեսված բնակապահովման աջակցության ծրագիրը տարբեր խնդիրներ է ստեղծում բռնի տեղահանված արցախցիների համար։ «Գեն» նախաձեռնությունների կենտրոնը, հաշվի առնելով վերոնշյալը, արցախցիներին կոչ է անում առայժմ չօգտվել բնակապահովման ծրագրից։

Կենտրոնի հիմնադիր Արմինե Ավագիմյանը step1.am-ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ խնդիրներ են արձանագրել։

Առաջին խնդիրը ծրագրի շրջանակներում հատկացվող ֆինանսավորմանն է վերաբերում։ «Բավական փոքր գումարների մասին է խոսք գնում։ Ընդ որում, Երեւանում եւ հարակից մի քանի քաղաքային բնակավայրերում անշարժ գույք գնելու դեպքում մեկ անձի համար 3 մլն դրամ շեմն է սահմանված։ Շատ հաճախ նշում են, որ ծրագրով մեկ հոգու հաշվարկով 3-5 մլն դրամ է հատկացվում, բայց իրականում այդպես չէ, քանի որ հիպոթեքայի վարկերի մարման համար ընդամենը 2 մլն դրամ է հատկացվում։ Այսինքն՝ ովքեր ունեն հիպոթեքային վարկեր, ծրագրով 2 մլն դրամ է նախատեսված, որը շատ փոքր գումար է։

Հակառակը, այս ծրագիրը վարկային բեռի տակ է գցելու քաղաքացիներին։ Քանի որ հատկացվող գումարը շատ չնչին է, մարդիկ փորձելու են վարկային միջոցներ ներգրավել եւ լրացնել պակասող գումարը։ Բայց դեռ հայտնի չէ՝ բանկերն արցախցիներին կվարկավորեն, թե՞ ոչ։ Այստեղ մի լուրջ խնդիր կա՝ արցախցիների մի մասը բանկերի սեւ ցուցակներում են հայտնվել։ Այսինքն՝ բացասական վարկային պատմություն ունեն։ Խոսքը ոչ միայն ոսկու գրավով վարկերին է վերաբերում, այլ նաեւ անշարժ գույքի գրավադրմամբ վարկերին։

Կոնկրետ մեր ընտանիքի մասին էլ է խոսքը, մեզ դասակարգել են որպես բացասական վարկային պատմություն ունեցող։ 2020 թվականի պատերազմից հետո Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը մարդկանց կոչ արեց վերադառնալ Արցախ՝ նշելով, որ վարկերը ներվելու են։ Բայց դա իրականում արվել է խոշորների վարկերը, այսպես ասած, «ջրելու» համար, իսկ իրականում մոտ 15 հազար վարկառուի վարկային պատմություն փչացել է։ Այսինքն՝ պետությունն իր վրա է վերցրել բեռը, բայց չի կատարել մարումները։ Հիմա վարկային ռեգիստրում հազարավոր մարդկանց վարկային պատմություններ դիտարկվում են բացասական։

Որքան հասկանում ենք, բնակապահովման ծրագիրը կառավարությունը մտադիր է բանկային համակարգի միջոցով իրականացնել, այսինքն՝ այդ սերտիֆիկատները եթե տրամադրեն, ամսական մարումների տեսքով քաղաքացու փոխարեն կառավարությունը բանկում վճարումներ է կատարելու։ Բայց դրան զուգահեռ բանկը ռիսկը հաշվի է առնելու, վարկունակության գնահատում է անելու, ենթադրենք, եթե պետությունը չվճարի քաղաքացու փոխարեն, արդյոք տվյալ քաղաքացին վարկունա՞կ է»,- ասաց Արմինե Ավագիմյանը։

Մյուս խնդիրը ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու պարտադիր դրույթն է։ Արմինե Ավագիմյանն ասաց՝ իրենք մշտադիտարկման միջոցով պարզել են, որ սա արցախցիների մեծ մասի համար անընդունելի դրույթ է։ «Մարդիկ հասկանում են, որ եթե մենք Արցախի քաղաքացիությունը փոխում ենք, որեւէ այլ երկրի քաղաքացիություն ենք վերցնում, դա մեր պատմական իրավունքներից հրաժարում է նշանակում։ Հետագայում գույքային իրավունքի պահանջ ներկայացնելու դեպքում մենք ո՛չ բնիկի, ո՛չ այնտեղ ծնվածի իրավունք չենք ունենա, ոչ էլ իրավունք կունենանք մշակութային ու հոգեւոր ժառանգության նկատմամբ։ Ստացվում է, որ լրիվ ջնջում են մեր անցյալը։ Հետեւաբար, մարդիկ բավական զգուշավորություն են ցուցաբերում քաղաքացիության մասով եւ ճիշտ են անում»,- հավելեց Ավագիմյանը։

Մյուս խնդիրն այն է, որ ՀՀ կառավարության կողմից ծրագրով հաստատված բնակավայրերի ցանկը մեծամասամբ ընդգրկում է սահմանամերձ բնակավայրերը։ Այնինչ, Արմինե Ավագիմյանը հիշեցնում է, որ միջազգային կոնվենցիաներով արգելված է, որ փախստական հանդիսացող անձանց բնակեցնեն սահմանամերձ եւ ռիսկային համարվող բնակավայրերում։

Մյուս խնդիրը մարզերում աշխատատեղերի բացակայությունն է, եթե անգամ արցախցիները մարզերում տներ ձեռք բերեն, հարց է ծագում՝ որտե՞ղ պետք է աշխատեն։ «Ենթադրենք տունը գնեցինք, բա ապրելու միջո՞ցը։ Ասում են՝ գյուղատնտեսությամբ զբաղվեք, բայց արդյոք բոլորը կարո՞ղ են գյուղատնտեսությամբ զբաղվել։ Ամբողջովին անտեսում են մարդկանց մասնագիտական հմտությունները։ Բացի նրանից, որ մարդիկ նոր միջավայրում նոր կյանք պետք է սկսեն, նաեւ վերաորակավորման ու աշխատատեղերի հարցն է ծագում։ Այդ պարտադրանքը կարելի է կիրառել միայն այն դեպքում, երբ վստահ ես, որ մարզերում կան համապատասխան ենթակառուցվածքներ ու աշխատատեղեր։ Մենք գիտենք, որ արտագնա աշխատանքի մեկնողները հիմնականում մարզերից են, քանի որ աշխատատեղեր չկան։ Նույնիսկ, եթե արցախցիները փորձեն գնալ արտագնա աշխատանքի՝ սահմանամերձ բնակավայրում բնակվող իրենց ընտանիքի ծախսը հոգալու համար, այստեղ էլ սահմանափակում կա՝ տարվա ընթացքում կես տարուց ավելի չես կարող բացակայել երկրից»,- ասաց նա։

Արմինե Ավագիմյանի խոսքով՝ այս ծրագրի պատճառով հավանաբար շատ արցախցիներ կարտագաղթեն։ «Ես հարյուրավոր ընտանիքներ գիտեմ, որոնք սպասում էին հենց այս բնակապահովման հարցի կարգավորմանը։ Հիմա, երբ տեսել են, որ ծրագիրն այս ձեւով է հաստատվել, մարդիկ հասկացել են, որ Հայաստանի կառավարությունը ձեռքերը լվանում է ոչ միայն Արցախի հարցից, այլ նաեւ արցախցիներից։ Դելիմիտացիայի գործընթացը երկար տարիներ տեւող գործընթաց կարող լինել, եւ սահմանամերձ բնակավայրերը ռիսկի տակ են լինելու։ Ի՞նչ երաշխիք կա, որ փախստականը սահմանամերձ բնակավայրում տուն ու տեղ կստեղծի, եւ դա դարձյալ չի անցնի Ադրբեջանին։ Այստեղ նաեւ կարեւոր հարց կա՝ մենք բազմիցս առաջարկել ենք, որ ցանկալի է, որպեսզի արցախցիները կոմպակտ համայնքով բնակեցվեն՝ մեր մշակույթի ու բարբառի պահպանման նպատակով։ Բայց այդ նրբությունը եւս հաշվի չի առնվում։ Արցախցիներին այսպես ցրված բնակեցնելը, ես չգիտեմ, հատուկ է արվում, թե ոչ, բայց խոչընդոտում է կոմպակտ բնակեցմանը»,- հավելեց Արմինե Ավագիմյանը։

Ռոզա Հովհաննիսյան

Վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել հրադադարի խախտումների հետաքննության երկկողմ մեխանիզմի գործնականացումը

Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել նման մեխանիզմ:

«Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել հրադադարի խախտումների հետաքննության երկկողմ մեխանիզմի գործնականացման աշխատանքները»,- ասված է Կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում:

Վերջին շրջանում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում, թե Հայաստանի պաշտպանության նախարարության ստորաբաժանումների կողմից տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ, նշում է Կառավարությունը՝ շարունակելով. – «Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է բոլոր այդ մեղադրանքները, Ադրբեջանը շարունակում է այդօրինակ տեղեկատվության տարածումը»:

«Ի շարունակություն Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ սույն թվականի հունիսի 15-ին արված հայտարարության և ելնելով նրանից, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կամքն է թույլ չտալ լարվածության առաջացում՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել նշված մեխանիզմի գործնականացման աշխատանքները», – ասված է հաղորդագրությունում:

Բնակարանային ծրագրի համար միասնական հիմնադրամ կստեղծվի՞։ Առանց թափանցիկության վստահություն չի լինի

Ստեփանակերտ, 19 սեպտեմբերի

Արցախցիների բնակարանային աջակցության ծրագրի մեկնարկի կապակցությամբ Step1.am-ի խմբագրություն են դիմում քաղաքացիներ, ովքեր հետաքրքրված են, թե հնարավո՞ր է դիմել ծրագրին մասնակցելու համար, եթե քաղաքացիություն չունեն, բայց ընտանիքը արդեն փաստաթղթեր է նախապատրաստում քաղաքացիություն ստանալու համար:

«Ծրագրի շահառու դառնալու համար պետք է Հայաստանի քաղաքացիություն ունենալ։ Առցանց դիմումը պետք է ներկայացնեն նրանք, ովքեր արդեն քաղաքացիություն են ստացել»,- Step1.am-ի հետ զրույցում պարզաբանեց հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը։

Սա նշանակում է, որ ծրագրի մեկնարկից հետո առնվազն մի քանի ամիս դիմորդներ չեն լինի։ Որովհետև տեղահանությունից հետո 9 ամսում Հայաստանի քաղաքացիություն է ստացել մոտ 2000 քաղաքացի, ընդ որում՝ առանց ընտանիքի անդամների։ Այսինքն՝ այդքան մարդ ՀՀ 070 ծածկագրով անձնագիրը փոխել են 099 ծածկագրով ՀՀ անձնագրի։ Ոչինչ չի փոխվել, ու պարզ չէ, թե ինչի հետ է կապված քաղաքացիության պահանջը։ Եթե ​​070 ծածկագրով անձնագիրը չի խանգարում աշխարհով մեկ ճանապարհորդել կամ Հայաստանում թոշակ ստանալ, ապա ինչպե՞ս կարող է խանգարել բնակարանային ծրագրին Հայաստանի ներսում։

Այսպես թե այնպես, Հայաստանում այժմ կարելի է գտնել միայն մի երկու ընտանիք, որոնք արդեն քաղաքացիություն ունեն և կարող են դիմել բնակարանային ծրագրի համար։ Սա հանգեցնում է այն եզրակացության, որ ծրագրին մասնակցելու համար քաղաքացիության պահանջը ներդրվել է հեռուն գնացող նպատակներով։ Եվ ոչ միայն նրա համար, որ մարդիկ, ովքեր չեն ցանկանում փոխել իրենց անձնագրերը, հեռանան կամ դադարեցնեն կառավարության աջակցության սպասել:

Մեկ այլ, ոչ պակաս կարևոր պատճառ կարող է լինել՝ պարզապես մերկանտիլ հաշվարկ, քանի որ այլ բացատրություն չկա, թե ինչու չսկսել դիմումներ ընդունել մինչ քաղաքացիություն ստանալը։

Հայաստանի կառավարությունն արդեն ստացել է որոշ, ընդ որում` զգալի գումարներ բնակապահովման ծրագրի համար։ Սակայն ոչ ոք չգիտի, թե ուր են գնում այդ գումարները, ստեղծվե՞լ է արդյոք հատուկ հիմնադրամ, ո՞վ է այն տնօրինում, կա՞ հոգաբարձուների խորհուրդ, ո՞վ է վերահսկում այդ գումարները, և արդյոք շահառուներն իրենք կարող են մասնակցել որոշումների կայացմանը կամ աուդիտին։

Առանձին հիմնադրամի կամ կառավարման մեկ մարմնի մասին ոչինչ հայտնի չէ, ինչը նշանակում է, որ որքան երկար “քնեն” արդեն առկա գումարները, որքան ուշ հասնեն շահառուներին, այնքան ավելի շատ օգուտներ կարող են բերել դրանք կառավարողներին։ Պարզ ասած, մինչ արցախցիները մի քանի ամիս շարունակ վազվզելու են անձնագրային գրասենյակներով՝ հայկական մի անձնագիրը մյուսով փոխելու համար, ինչ-որ մեկը կարող է շրջանառության մեջ դնել բնակապահովության ծրագրի համար հավաքած գումարը։ Ինչո՞ւ ոչ։

Քնած կապիտալից տոկոսներ ստանալն, իհարկե, վատ չէ, բայց միայն այն դեպքում, եթե այդ տոկոսը նույնպես գնա բնակարանային ֆոնդ։ Բայց ինչպե՞ս կարելի է դա ստուգել: Իսկ երբ ստուգելու միջոց չկա, կարելի է ենթադրել ամեն ինչ։

Ո՞վ է տնօրինում այն ​​գումարները, որոնք ուղղվում են Արցախի ժողովրդին աջակցելու, մասնավորապես՝ բնակապահովման ծրագրին։ Հայաստանի իշխանությունն ամեն կերպ ցույց է տալիս, որ չի ճանաչում Արցախի պետական ​​իշխանություններին։ Ինչ վերաբերում է Արցախի տեղական իշխանություններին, նրանց միակ գործառույթը՝ մեքենաների վաճառքի համար «զրոյական» վկայականներ տալը, նույնպես վերջերս չեղարկվել է։ Այսինքն՝ Արցախի ժողովուրդը զրկված է կոլեկտիվ ինքնակառավարումից, չունի իրավունքները միջազգային ու ազգային մակարդակում պաշտպանելու մանդատ։

Սա հանգեցնում է ոչ ստանդարտ լուծումների, ասենք, Լիաննա Պետրոսյան ֆենոմենի առաջացմանը։ Հադրութցի լրագրող-հասարակական գործիչը յուրօրինակ կապող օղակ է դարձել Արցախի ժողովրդի և Հայաստանի պետական ​​կառույցների միջև։ Սակայն այս երեւույթը խոսում է օրգանիզմի մահացու հիվանդության մասին։

Օրերս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է «Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական աջակցություն ցուցաբերող հումանիտար ճգնաժամերի կառավարման Աշխատանքային խմբի և Մարդասիրական կենտրոնի կողմից առաջնային արձագանքման կազմակերպման աշխատանքների մասին»։

Նա նաև ասաց, որ միջազգային համագործակցության շրջանակներում փոխվարչապետի գլխավորությամբ և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ ձևավորվել է փախստականների հիմնախնդիրների համակարգման հարթակ՝ զարգացման և հումանիտար գործընկերների մասնակցությամբ։ Այսքանը` Աշխատանքային խումբ և ինչ-որ հարթակ:

Տարօրինակ է, որ միջազգային կազմակերպությունները և արցախցիների կարիքների համար միջոցներ հատկացնող երկրները հաշվետվություններ և թափանցիկություն չեն պահանջում։ Ավելին, բոլոր հանդիպումների ժամանակ Փաշինյանը և ՀՀ կառավարության ներկայացուցիչներն ասում են, որ Արցախի ժողովրդի հումանիտար խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է միջազգային աջակցություն։ Բայց ի՞նչ աջակցություն առանց թափանցիկության և ներառականության:

Նաիրա Հայրումյան

Ալիևը ցանկանում է «ակումբի» անդամ լինել. Հայաստանը՝ «մուտքի վճար»

Կովսական

Ադրբեջանի խորհրդարանը դիմել է նախագահին՝ խորհրդարանը ցրելու խնդրանքով։ Իշխող կուսակցության փոխնախագահն առաջարկել է ընտրություններ անցկացնել նոյեմբերին՝ COP 29 Կլիմայի գլոբալ գագաթնաժողովի նստաշրջանի ժամանակ։ Գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել այս տարվա նոյեմբերի 11-22-ը Բաքվում՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից մեկ շաբաթ անց։

Ալիեւը ցանկանում է օգտագործել Բաքվում 70-ից ավելի պետությունների ղեկավարների մասնակցությամբ Գլոբալ գագաթնաժողովի անցկացումը Հայաստանի “կլանումը” լեգիտիմացնելու համար։ Դրա համար նրան փող է պետք և միջազգային ճանաչում՝ «ակումբին» միանալու հեռանկարով։

Ալիևը ցանկանում է օգտագործել գլոբալ գագաթնաժողովը, որի շրջանակներում մեծ գումարներ են հատկացվում կլիմայական ծրագրերի համար՝ մեծ միջոցներ ներգրավելու «Ղարաբաղի և Հայաստանի կողմից օկուպացված այլ տարածքների վերականգնման համար»։ Այդ նպատակով 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո նա հայտարարեց գրավյալ տարածքներում “կանաչ էներգետիկ գոտու” ստեղծման մասին՝ 2022-2026 թվականների գործողությունների ծրագրով։ Միջազգային կազմակերպությունները և նույնիսկ Ալիևի «ընկերները» ներդրումներ չեն անում այդ հողերում՝ հասկանալով, որ դրանք վիճելի են։ Նույնիսկ Լուկաշենկոն, չնայած ցուցադրությանը, Ալիևին մեկ Բելառուս տրակտոր նվիրեց: Մյուսներն էլ են միայն խոստանում։ Իսկ ՄԱԿ-ի Գլոբալ Կլիմայի հիմնադրամը կարող է դառնալ Ալիևի համար օրինական կերակրատաշտակ։ Առավել եւս, որ նա այդ հողերը համարում է իր ընտանիքի ժառանգությունը։

Բաքվում կայանալիք գլոբալ գագաթնաժողովը, բացի այդ, «լեգիտիմացնելու» է «հակամարտության ուժային լուծումը», որը հակասում է միջազգային գործընթացներին և նորմերին։ Իսկ այս հարցում Ալիեւին կօգնի Հայաստանը։

Հայաստանը, որպես COP բյուրոյի անդամ, համաձայնել է, որ Ադրբեջանը հյուրընկալի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը: Երեւանը համաձայնեց այն բանից հետո, երբ Բաքուն փետրվարին վերադարձրեց 32 հայ գերիների։

Հիմա, երբ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Բաքուն խոչընդոտում է «խաղաղության պայմանագրի» ստորագրումը և նոր պահանջներ է առաջադրում, Ալիևը վերադարձրեց երկու հայ զինվորների աճյունները։ Միաժամանակ, Բաքուն հետ չի կանչել իր պահանջները, մասնավորապես՝ Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ։ Բաքուն պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ Արցախն ու Հայաստանը վերամիավորվել են 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ, և պահանջում է չեղարկել այդ որոշումը։

Հայաստանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ նշել է, որ «Ադրբեջանն ամեն ինչ կանի, որպեսզի COP29-ի գագաթնաժողովից հետո խափանվի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը և նոր ագրեսիա սկսի Հայաստանի Հանրապետության դեմ»։

Դժվար թե այս ձևակերպումը Հայաստանի կողմից մեկնաբանվի որպես Ալիևի բաղձալի գագաթնաժողովը խաթարելու «սպառնալիք»։ Ավելի շուտ, Հայաստանի ԱԳՆ-ն դրանով հող է նախապատրաստում հետագա զիջումների «արդարացման» համար։ 

Սեպտեմբերի 21-ի հանրաքվե. Երրորդ և վերջին Հանրապետության ավարտը

Երեկ Հայաստանի խորհրդարանում լսումներ են տեղի ունեցել մի շարք քաղաքական ուժերի՝ Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի դիմումի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու առաջարկով։ Արտախորհրդարանական կուսակցությունների առաջարկն անմիջապես ընդունվեց Հայաստանի իշխող կուսակցության կողմից, և լսումները տեղի ունեցան հունիսի 21-ին։

Արևմտամետ կուսակցությունների ներկայացուցիչները, Փաշինյանի կապիտուլյացիոն քաղաքականության դեմ բողոքի ակցիաների ֆոնին, բազմիցս հայտարարել են, որ իրականում իրենք՝ եվրոպամետ կուսակցություններն են իրական ընդդիմությունը։ Այսինքն՝ ապագա խորհրդարանում նրանք պետք է լինեն ընդդիմություն։ Թե՞ իշխանություն։ Դա կախված է իշխող կուսակցությունից։

Ո՞ւմ և ինչի՞ն են ընդդիմանում արևմտամետ կուսակցություններ, որոնք անվերապահորեն սատարում են Փաշինյանին, այդ թվում՝ Արցախի և եկեղեցու դեմ նրա «պայքարը»։ Խորհրդարանի ամբիոնից Հովսեփ Խուրշուդյանը փարիսեցիաբար հայտարարեց, որ «քաղաքացիական հասարակությունը» ձեռնպահ է մնում գործող իշխանությանը քննադատելուց, քանի որ այն իբր եվրաինտեգրման կուրս է հռչակում։ Այսինքն՝ հանուն եվրաինտեգրման, կարելի է թույլ տալ տարածքային կորուստներ, ժողովրդավարական ու միջազգային նորմերի խախտում, ազգային ու պետական ​​շահերից հրաժարվել։ Այդ դեպքում ի՞նչ է «եվրաինտեգրվելու». «երրորդ երկրի քաղաքացիների» համար  «խաղաղության խաչմերուկի» վերածված Հայաստանի տարա՞ծքը։

Ինչպես գրում են լրատվամիջոցները, ելույթ ունեցած «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների 90%-ը նշել է, որ Եվրոպան, իհարկե, լավն է, բայց այդքան արագ չի ստացվի։

«Կասկած չկա՝ լա՞վ է լինել ԵՄ անդամ, թե՞ ոչ։ Այս հարցի պատասխանը պարզ է. Փոքր պետությունների համար լավ է ԵՄ անդամ լինելը. Բայց հիմա պետք է մեկ այլ հարց քննարկենք՝ ինչպե՞ս ենք դա անելու, ինչ գործիքներով և ինչ ժամկետներում»,- նշեց ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

Հասարակական-քաղաքական և վերլուծական շրջանակները, ինչպես նաև Հայաստանի 4 քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներն առաջարկել են եռամսյա ժամկետում կազմակերպել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվե։ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն առաջարկել է քվեարկություն անցկացնել սեպտեմբերի 21-ին։ «1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց անկախության հանրաքվե»,- հիշեցրեց նա։

Իշխող կուսակցությունը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, դեռ չեն հայտարարել իրենց որոշման մասին, սակայն կասկած չկա, որ եվրոպամետ ուժերի առաջարկն օգտագործվելու է Երրորդ հանրապետության լուծարման ծրագիրը կյանքի կոչելու համար։ Համաձայն այս ծրագրի, ինչպես պնդում են Բաքուն և Անկարան, Հայաստանի Սահմանադրությունից անհրաժեշտ է հանել հղումները Անկախության հռչակագրի, հետևաբար՝ Արցախը Հայաստանին վերամիավորելու մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը և ցեղասպանության հետևանքները վերացնելու մասին կետը։ Հիշեցնենք, որ Փաշինյանը հանձնարարել էր մինչև 2026 թվականը մշակել նոր Սահմանադրության նախագիծ, և այդ կետերի հանումը չի բացառվում։ Բաքուն, իր հերթին, մտադիր է նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել, ըստ երևույթին, նոր խորհրդարանում Ղարաբաղի պատգամավորներին «ընդգրկելու» համար, այն բանից հետո, երբ նոր Սահմանադրությամբ Ղարաբաղը «կանջատվի» Հայաստանից։

Հայաստանի նոր Սահմանադրությունը կոչված է վերջ դնելու հայոց պետականությանը. Եվ դժվար թե “անկման մեջ” Հայաստանի եվրոպականացման իմիտացիան հաջող լինի։ Ի վերջո, ինչպես Արցախի և Բերձորի միջանցքի հանձնումից հետո, բոլորը նորից կասեն՝ վայ, ուզում էինք, բայց չստացվեց։

«Ես շատ գրքեր էի գնում, երեխաներին դուր էր եկել, երբ ես կարդում էի: Բայց Հայաստանում մենք զրկված ենք այս ամենից»

Սոցիալական խնդիրները երեխաներին զրկում են կրթությունից, բժշկական օգնությունից և բնակարանից

Արցախի Գիշի գյուղից տեղահանված Բելլան այսօր միայն մեկ ցանկություն ունի՝ միջնեկ աղջիկը դադարի առողջական խնդիրներ ունենալ, և երեք երեխաներն էլ կարողանան սովորել Մանկական կրթական կենտրոնում։

Բելլայի միջնեկ դուստրը երիկամների հետ կապված հիվանդություն ունի, ուստի երեխան պետք է մնա ​​բժիշկների մշտական հսկողության տակ, իսկ  Կենտրոնում երեխաներին տեղավորելու համար դրամական ներդրում է պահանջվում, որը Հայրիյանների ընտանիքը չունի։

Նրանք չեն ստանում երեխայի նպաստ, չեն օգտվում 40+10 ծրագրից, քանի որ ընտանիքին թույլատրվել է անվճար տեղավորվել նվազագույն կենցաղային պայմաններով սենյակում։ Ինքը՝ Բելլան, չի աշխատում, քանի որ նրա երեխաները պահանջում են շուրջօրյա խնամք։ Ամուսինը չի կարող մշտական ​​աշխատանք գտնել, իսկ օրավարձով աշխատանքը բավարարում է միայն նվազագույնի համար:

«Արցախում մենք տուն ու տնտեսություն ունեինք։ Մենք հանգիստ կարող էինք երեխային ժամանակացույցով տանել բժշկի և գնել անհրաժեշտ դեղամիջոցները։ Երեխաները կուշտ էին, նորմալ հագնված։ Ես շատ գրքեր էի գնում, նրանց դուր էր գալիս, երբ կարդում էի ամեն օր, բայց Հայաստանում մենք զրկված ենք այս ամենից, քանի որ ֆինանսական դժվարություններ ենք ապրում։ Սկզբում մտածում էի, որ մենք կհաղթահարենք ցանկացած դժվարություն, միայն ապահով եւ անվտանգ լինենք, բայց հիմա ես պատրաստ եմ ընդունել ցանկացած օգնություն»:

Սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեց հրթիռակոծությունը Գիշի գյուղի վրա, Բելլան վազեց երեխաների հետեւից։ Գնդակոծության տակ նա վազեց դպրոց՝ որդուն բերելու, այնտեղից մանկապարտեզ՝ դստեր հետեւից, իսկ հետո տուն՝ երրորդ երեխային վերցնելու:

Գնդակոծությունները չդադարեցին, եւ պարզ դարձավ, որ պետք է գիշերեն ապաստարանում։

«Այդ պահին ես չէի մտածում արկերի մասին։ Ստիպված էի կերակրել երեխաներին, տաք փաթաթել, հիվանդ երեխայի համար դեղ վերցնել։ Հետո զանգահարել ամուսնուս ու ասել, որ մենք ողջ ենք, ապաստարանում ենք»։

Մեկ օր անց ռազմական գործողությունները դադարեցվեցին։ Սկսեցին լուրեր հասնել զոհվածների, գրավված գյուղերի, սպանված խաղաղ բնակիչների ու պատանդների մասին։ Հետո լուրեր եկան բանակի և Արցախի լուծարման մասին։

«Այս լուրն ավելի սարսափելի էր, քան արկերը։ Մենք չէինք հավատում, որ դա հնարավոր է, բայց երբ սկսեցին ասել, որ խաղաղապահները ավտոբուսներով մարդկանց տանում են Հայաստան, մենք հասկացանք, որ պետք է փրկել երեխաների կյանքը։ Վերցրինք մեր փաստաթղթերն ու մի քանի հագուստ ու շարժվեցինք դեպի Ստեփանակերտ։ Հույս ունեինք, որ այս ամենը ճիշտ չէ, կվերադառնանք մեր տուն։ Սեպտեմբերի 28-ին մեկնեցինք Ստեփանակերտից։ Մենք ադրբեջանական նվաստացուցիչ խուզարկությամբ անցանք Հակարի գետի կամրջի վրա՝ ռուս խաղաղապահների ներկայությամբ»։

Բելլան և նրա ամուսինը պահում են Գիշվա իրենց տան դարպասի բանալիները։ Նրանք չեն կորցնում վերադառնալու հույսը։ Ուստի, ՀՀ կառավարության առաջարկած փախստականների բնակապահովման ծրագրի վերաբերյալ կինը պնդում է, որ ինքն ու ամուսինը դեռ մտածում են այդ մասին, քանի որ առաջ քաշված պայմանները չափազանց բարդ են։

«Իսկ եթե Հայաստանի քաղաքացիություն ընդունելով կորցնենք ամենակարեւո՞րը, օրինակ՝ վերադառնալու հնարավորություններ։ Իսկ եթե վկայականը ստանալուց հետո չգտնենք մեզ անհրաժեշտ բնակարանը և ստիպված լինենք լրացուցիչ վա՞րկ վերցնել, որը չենք կարող մարել։ Այս բոլոր հարցերի պատասխանները պետք է ստանանք, հետո որոշում կայացնենք»։

Ալվարդ Գրիգորյան

Մահացել է դերասանուհի Լալա Մնացականյանը

Այսօր՝ հունիսի 22-ի գիշերը, հանկարծամահ է եղել սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ  է ստացվել, որ շտապօգնության  բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մամիկոնյանց փողոցի 58 Ա շենքի բնակարաններից մեկը, որտեղ պարզել են, որ ժամը 05։30-ի սահմաններում Լալա Մնացականյանը հանկարծամահ է եղել։

Սամվել Շահրամանյանը մանրամասներ է ներկայացրել Քննչականի ղեկավարի հետ հանդիպումից

Երեկ ուշ երեկոյան Երեւանում Արցախի ներկայացուցչություն է այցելել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը եւ իր ավտոմեքենայի բանալիները նվիրել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին։ Հիշեցնենք, որ երեկ ոստիկանության դիմակավորված հատուկ ջոկատայինները կոտրել էին Հայաստանում Արցախի ներկայացուցչության դարպասները եւ կապարակնքել ու առգրավել Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենան։

Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Այն, ինչ կատարվել է այսօր, ընդհանրապես դրա անհրաժեշտությունը չի եղել։ Հենց սկզբից ուզում եմ ասել, որ սա մեքենայի հարց չէ, սա ուղղակի Արցախի մնացորդների վերացման հարց է»։

Նա մանրամասներ ներկայացրեց․ «Ամսի 7-ին, երբ առաջին անգամ Քննչական կոմիտեից քննիչները եկել են եւ փորձել են մեքենան տանել, հասկացել են, որ դա անօրինական է, եւ դրա համար պետք է դատարանի համապատասխան վճիռ լինի, հեռացել են: Այդ նույն երեկոյան ես հեռախոսազրույց եմ ունեցել Քննչական կոմիտեի ղեկավարի հետ՝ իր նախաձեռնությամբ։ Եվ մեր խոսակցության վերջնական արդյունքը եղել է այն, որ ինքը ասել է, թե իրեն սխալ են զեկուցել, եւ այդ սխալ զեկույցը փակելու համար ինքնագլուխ որոշումներ են կայացրել մեքենան առգրավելու մասին, ասաց, որ ինքը չի իմացել, որ այդ մեքենան սպասարկում է Արցախի նախագահին, եթե իմանար, նման բան չէր լինի։ Եվ ես իրեն փոխանցել եմ, որ անհրաժեշտության դեպքում, անհետաձգելի քննչական գործողություններ իրականացնելու համար, պատրաստ եմ այդ մեքենան որտեղ ասեք՝ ուղարկեմ: Եվ այսօր այս իրավիճակը, որ ստեղծվել է ինձ Քննչական կոմիտե հրավիրելուց հետո, անթույլատրելի եմ համարում, դատապարտում եմ, որովհետեւ դրա իմաստը չեմ տեսնում: Այդ մեքենան որտեղ ասեին՝ մենք կուղարկեինք, եւ մեր պայմանավորվածությունն այդպիսին է եղել: Եվ այն իրավիճակը, որն ստեղծվել է այստեղ՝ մուտքի դռները ջարդելով, մեքենան բռնի տանելով, դա ուղղակի ցույց է տալիս վերաբերմունքը Արցախի նկատմամբ»։

Երեկ Սամվել Շահրամանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե հարցաքննության։ Լրագրողների հարցին, թե ի՞նչ գործով էր հարցաքննությունը, Սամվել Շահրամանյանը պատասխանեց․ «Ինձ այսօր հրավիրել են որպես վկա՝ ցուցմունք տալու Սարգիս Գալստյանի գործով։ Տեղյակ եք՝ Արցախից է տեղափոխվել վերջին ժամանակահատվածում, եւ ես որպես վկա հարցաքննվել եմ, տվել եմ տեղեկությունները, որոնք ես ունեցել եմ»։

Սամվել Շահրամանյանն ասաց, որ մնացած հարցերին կանդրադառնա առաջիկայում։