Նրանք զոհվել են 2016, 2020, 2023 թվականների պատերազմներում: Եվս մի քանի տասնյակ երեխա տարբեր աստիճանի ծանրության վիրավորում են ստացել: Այս ամենը մանրամասնորեն արձանագրված է բազմաթիվ զեկույցներում, կոչերում, հայ իրավապաշտպանների համաշխարհային հանրությանը ուղղված հայտարարություններում՝ կից փաստերով և ֆոտո և տեսանյութերով։
«Յուրաքանչյուր պատերազմում առաջին զոհը միշտ երեխաներն են։ 2016 թվականի ապրիլին դպրոցի վրա արձակված ադրբեջանական հրթիռների առաջին անմեղ զոհը 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանն էր։ 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմի առաջին օրը, կրկին երեխա դարձավ առաջին քաղաքացիական զոհը՝ 8-ամյա Վիկտորյա Գևորգյանը։ 2023 թվականի աշնանային պատերազմում ադրբեջանական ագրեսիայի առաջին զոհերը 10 և 8 տարեկան եղբայրներ Միքայել և Նվեր Ղազարյաններն էին։ Այս և շատ այլ երեխաներ սպանվել կամ վիրավորվել են դպրոցների, մանկապարտեզների և բնակելի թաղամասերի վրա թշնամու հրթիռակոծության հետևանքով:
Յուրաքանչյուր 10 տարեկան արցախցի երեխա իրավունք ունի ասելու, որ իր կյանքում տեսել է երեք պատերազմ, անցել տոտալ շրջափակման միջով, ենթարկվել դաժան տեղահանության և հրաշքով փրկվել ցեղասպանությունից»,- ասում է Արցախի Մարտունու շրջանի Հեր-Հեր համայնքից Արտակ Սարգսյանը։
Նա հիշում է, որ 2016 թվականի ապրիլի 4-ին հարյուրավոր մարդիկ եկել էին իրենց գյուղ՝ Վաղարշակ Գրիգորյանի հուղարկավորությանը։ Ամբողջ Արցախից։ Կային նաև լրագրողներ՝ տեղացի, Հայաստանից և այլ երկրներից։
Մահացած տղայի հարազատները դեմ էին, որ լրագրողները լուսանկարվեն կամ տեսանկարահանեն։ Սակայն լրատվամիջոցների ներկայացուցիչներին հաջողվեց համոզել նրանց՝ որպեսզի աշխարհն իմանա ադրբեջանական ագրեսիայի մասին և համապատասխան քայլեր ձեռնարկի։
«Բայց պարզվեց, որ աշխարհն անտարբեր է պատերազմի և Արցախի բազմաթիվ անմեղ զոհերի նկատմամբ։ Պարզվեց նաև, որ Ժնևի ոչ մի կոնվենցիա չի տարածվում թուրք-ադրբեջանական քաղաքականության վրա, իսկ միջազգային կառույցները գերադասում են երկակի ստանդարտներ։ Աշխարհը ոչ մի կերպ չարձագանքեց երեխաների մահվանը, էլ ինչ ասեմ սպանված կանանց ու ծերերի մասին»։
Վտանգված է Երուսաղեմի հին քաղաքի ոչ միայն «Կովերի պարտեզը», այլ նաեւ ողջ հայկական թաղամասը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը։
«Իսրայելական ընկերությունը պատրաստվում է այդտեղ ապօրինի շինարարություններ իրականացնել։ Հաշվի առնելով, որ տարածքը տրվել էր նաեւ վարձակալության, նրանք նույնիսկ այդտեղ ունեն մշակված նախագծեր, գծագրեր, թե ինչ են պատրաստվում այնտեղ կառուցել։ Մենք՝ որպես միջազգային փաստաբանական թիմ, ներկայացնում ենք հայ համայնքը»,-նշեց Թաթոյանը։
Նա պատմեց, որ վերջին լարումը եղել է երեկ, երբ իսրայելցի ոստիկանների ուղեկցությամբ վերաբնակիչները անօրինական մուտք են գործել այն հատված, որտեղ տեղադրված են պլաստիկ սենյակներ․ «Փորձել են բռնություն գործադրել։ Դրանք ապօրինի գործողություններ են։ Սա խիստ անհարգալից վերաբերմունք է։ Դա նպատակ ունի ոտնահարել հայ համայնքի շահերը, Երուսաղեմի Հայոց պատրիարքության շահերը»։
Թաթոյանի խոսքով՝ տարածքի՝ հայկական պահելը կարեւոր է ոչ միայն Հայ եկեղեցու, այլ նաեւ ողջ հայ ժողովրդի համար․ «Մենք գիշեր-ցերեկ մեր հայրենակիցների հետ համագործակցելով փորձում ենք թույլ չտալ, որ նման խախտումներ տեղի ունենան»։
Ինչպես հայտնում է Ազատությունը, «կարող եք տեսնել ձեր առջև կտուրները, որ քանդվել են ոստիկանության կողմից և ընկերության կողմից ծայրահեղականները, որ վարձակալված էին», – ասաց Երուսաղեմի հայկական համայնքից Հակոբ Ջրնզյանը: Ջրնազյանի պնդմամբ՝ «Կովերի պարտեզ» ներխուժած անձինք իրենց գործողությունները հիմնավորող որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել, թեև ասել են՝ դատարանի որոշում ունեն. – «Առանց ոչ մի թուղթ ներկայացնելու դատարանից, ասելով, որ իրենք թղթեր ունեն, բայց չներկայացնելով ո՛չ համայնքի, ո՛չ Պատրիարքության ներկայացուցիչներին և ո՛չ էլ նաև համայնքի փաստաբանին, որ ժամանեց հողատարածք: Ուժ կիրառելով իրենք քանդեցին էդ տները»:
Կառուցապատումն իրականացնող իսրայելական Xana Gardens ընկերությունից չի հաջողվում մեկնաբանություններ ստանալ արդեն ամիսներ շարունակ։ Երուսաղեմի ոստիկանությունն էլ պարզաբանում չի տվել։
Հայկական թաղամասի 25 տոկոսի հատվածում է «Կովերի պարտեզը», Պատրիարքարանի շինությունները, հինգ ընտանիքի տուն, որ իսրայելական ընկերությանն են անցել վիճահարույց պայմանագրով։ Մինչ այժմ հայտնի էլ չէ՝ որքան գումարի դիմաց է այս ամենն անցել Xana Gardens-ին։
Step1.am-ի զրուցակիցն է Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» նախագահ, պատմաբան Ազատ Օրդուխանյանը։
–Պարո’ն Օրդուխանյան, կա Արդարադատության միջազգային դատարանի որոշում, բայց մինչ օրս իրացված չէ բռնի տեղահանված արցախցիների՝ Արցախ անվտանգ վերադարձի իրավունքը։ Հայաստանի իշխանությունները արցախցիների վերադարձի հարցն ընդհանրապես հանել են օրակարգից։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։
-Ես կարծում եմ, որ մեր իշխանություններն այդ ուղղությամբ համարյա գործ չեն անում կամ եթե անում են, մեզ հայտնի չէ։ Եվ պատասխանատվության մեծ բաժինը ես կբարդեի ՀՀ իշխանությունների վրա։ Նախ իրենք կոմպետենտ չեն, երկրորդ, չունեն ազգային մտածողություն, երրորդ, մեզ համար անբացատրելի բաներ կան, որոնց պատասխանը մինչեւ հիմա չունենք։ Բայց որ արցախցիների վիճակը վատ է, նրանց հանդեպ ճչացող անարդարություն կա, դա փաստ է բոլորիս համար։ Եվ մեղքի մեծ բաժինը նախ կրում են մեր իշխանությունները, սկսենք մեր իշխանություններից, հետո նոր անցնեք Ռուսաստանին ու Արեւմուտքին։ Մեր իշխանությունները չեն աշխատում, ի վիճակի չեն, չունեն այդ փորձն ու էթիկան՝ միջազգային կառույցներում աշխատելու։ Վախ ունեն, կծկված են, գլխիկոր են, պետք է այս իշխանություններն ուղղակի հեռանան։
–Այսինքն՝ եթե իշխանությունները հեռանան, դուք հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ այս հարցերը կլինեն օրակարգում ու լուծում կունենան։
–Ոչ միայն այդ հնարավորորությունը կա, այլ նաեւ շատ ուրիշ հնարավորություններ կան։ Եթե մենք Եվրոպայից պահանջում ենք, պետք է հայտարարենք, որ պահանջում ենք, բայց, եթե գալիս ու ասում են, որ Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս, ի՞նչ պետք է անի եվրոպացին, պետք է ասի՝ չէ, մենք համաձա՞յն չենք Հայաստանի իշխանությունների հետ։ Եթե Հայաստանի իշխանությունները չեն ուզում, մենք ինչպե՞ս եվրոպացիներից պահանջենք, որ մեզ պաշտպանեն։ Մենք չենք ուզում այդ պաշտպանությունը։ Չեմ հասկանում այս կեցվածքը՝ ուրիշից պահանջել, բայց սեփական աշխատանքը չանել։ Նախ թող մեր կառավարությունն իր տնային աշխատանքն անի, ցուցակագրի, կորուստները գույքագրի։ Ի՞նչ հաշվարկներ ունենք, քանի՞ միլիարդի կորուստներ ունենք։
–Միջազգային իրավունքը կարո՞ղ է ուղղակի անտեսվել։
-Ես չեմ կարծում, որ միջազգային իրավունքը կարող է անտեսվել։ Միգուցե ինչ-որ ժամանակահատվածում որոշ քաղաքական հանգամանքների բերումով կարող է սառեցվել, բայց չի կարող անտեսվել։ Եվ եթե մենք պահանջենք, աշխատենք այդ ուղղությամբ, չի կարող այնպես լինել, որ մենք ամբողջությամբ պարտվենք։ Մենք Եվրոպայում ունենք իրավաբանական կրթությամբ կադրային լուրջ բազա։ Եվ եթե այս մարդկանց ներուժն օգտագործվի ի նպաստ այս գործի, պլյուս հայաստանյան մասնագիտական պոտենցիալը, բարձրաձայնվի մեր իրավունքի, արդարության մասին, ես կարծում եմ, որ մենք կարճ ժամանակում կարող ենք փոփոխություն մտցնել իրավիճակում։ Բայց այս ամենը չի արվում, ընդհանրապես ոչինչ չի արվում, երկու մանկապարտեզ այստեղից բերելով այդտեղ կառուցելով կամ երկու ջութակահար այստեղ բերելով ու համերգներ տալով, այդպես եվրոպական կամ արեւմտյան ինտեգրում չի լինում։
–Ի դեպ, իշխանությունները խոսում են եվրոպական ինտեգրման մասին, դա անկեղծ ցանկություն է, թե՞ խաբեություն։
-Իշխանությունները չունեն այդպիսի ցանկություն։ Ես այդպիսի հայտարարություններ անող իշխանավորին հարց կտամ՝ քանի՞ մարդու է պետությունն ուղարկել գերմանական ռազմական ակադեմիաներում ուսանելու։ Ոչ ոքի։ Գերմանական ռազմական ակադեմիաներն ունեն լուրջ ռազմական տեսական պատրաստվածություն։ Քանի՞ մարդ են ուղարկել Գերմանիայի հայտնի լրտեսական դպրոցներ՝ պրակտիկաների ու փորձի փոխանակում ստանալու։ Քանի՞ հոգի են Գերմանիայի տիեզերագնացության տեխնիկական համալսարաններում սովորում կամ պրակտիկա անցնում։ Չկան այդպիսի մարդիկ, մենք պատերազմի ժամանակ էլ այստեղ փնտրում էինք մի զինվորական կրթությամբ հայ, որ գնայինք խնդրեինք, ասեցինք՝ քո փորձով օգնիր, բայց չկար։ Նախկին իշխանություններն էլ այս աշխատանքը չեն արել։ Եվրոպական մյուս երկրներում եւս չի արվել այդ աշխատանքը։ Ռուսական բանակում կային հայ զինվորականներ, բայց նրանք էլ ռուսական ազդեցության տակ էին։ Ինձ համար դա է եվրոպական ինտեգրումը, որ ոչ թե մարդիկ մասնավոր ճանապարհով գան այստեղ ու փորձեն կրթություն ստանալ, այլ պետությունն ունենա ծրագիր, քաղաքական, տնտեսական, ռազմական կոնցեպտ եւ աշխատի այդ ուղղությամբ։ Ինչո՞ւ չի կարող մեր պետությունը գալ Գերմանիա, պայմանագրեր կնքել, որ փոքր համատեղ արտադրություններ հիմնվեն, ռազմական դետալների մի մասն այդտեղ արտադրվի։ Ինչքա՞ն կարելի է Հայաստանից նվագախմբեր բերել այստեղ, համերգներ տալ, ի՞նչ է տալիս դա այս պահին վտանգված Հայաստանին, ոչինչ։
-Հայաստանում Եվրամիության դեսպանն ասաց, որ Եվրամիությունը դիտարկում է աջակցել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր զենքերի տեսանկյունից, որպեսզի Հայաստանի կարողություններն ուժեղանան։ Ռազմական ոլորտում ԵՄ հետ համագործակցության լայն հնարավորություններ կա՞ն։ Մասնավորապես, մենք տեսնում ենք, որ Ֆրանսիան է Հայաստանի պաշտպանության ոլորտին աջակցելու նախաձեռնություններով հանդես գալիս։
-Այս մարդիկ էլ ո՞նց ասեն, որ՝ մենք ուզում ենք ձեզ թեւ ու թիկունք լինել։ Հայաստանը դե յուրե, բոլոր փաստաթղթերով համարվում է Գերմանիային թշնամի պետություն, բայց այս մարդիկ թշնամական վերաբերմունք չունեն Հայաստանի նկատմամբ։ Էլ ի՞նչ անեն այդ մարդիկ, իրենց պատեպատ են տալիս՝ հասկացնելով, որ եկեք աշխատենք, մի խուսափեք մեզանից։ Բայց Հայաստանի իշխանությունները չեն գնում այդ քայլին, կամ Ռուսաստանը չի թողնում իրենց, կամ միջազգային աշխատանքի փորձ չունեն, կամ գաղափարապես թույլ են։
Ես պատասխանատվությամբ ասում եմ, որ եվրոպական դռները բաց են Հայաստանի համար։ Հայաստանը պետք է ուղղակի գա, թակի ու մտնի ներս։ Նույնիսկ առանց թակելու կարող են մտնել ներս, բայց պետք է գան։ Այդ նույն բանն անում են վրացիներն ու ուկրաինացիները, մերձբալթյան երկրները։ Եթե իրենք Հայաստանից չեն կարողանում այդ աշխատանքն անել, սփյուռքյան համայնքներում դա կարող են անել, տարբերակները կան։ Եթե հայրենիքում վատ վիճակ է, Սփյուռքը ցանկանում է օգնել։
2016 թվականի ապրիլի 2-ին սկսվեց ռուս-թուրքական տանդեմի կողմից Արցախի զավթումը:
Հայ զինվորը դիմադրեց 2016 թվականի ապրիլի 2-ին սկսված 4-օրյա պատերազմում՝ ի հեճուկս Հայաստանի ռազմաքաղաքական վերնախավի մի մասի դավաճանության։
Հայ զինվորի դիմադրությունը և 2016 թվականի հուլիսյան ապստամբությունը հետաձգեցին ռուս-թուրքական տանդեմի կողմից պլանավորված ավելի լայնածավալ պատերազմը։
4 օրյա պատերազմը հետախուզություն էր մարտով և մեծ մարտից առաջ:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին ռուսներն ու թուրքերը, հաշվի առնելով հայկական բանակի կամքն ու ոգին, ինչպես նաև վերակազմավորելով իրենց ռազմաքաղաքական ուժերը, անցան շատ ավելի լայնածավալ հարձակման։
2016 թվականի ապրիլի 6-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը մենք ունեինք 4 ու կես տարի, որպեսզի կանխենք Արցախի անկումը:
Բայց 4 ու կես տարի մենք զբաղված էինք պետություն կառուցելու իմիտացիայով: Մինչև 2018 թվականը շարունակվում էր հայկական բանակի և տնտեսության թալանը, իսկ 2018 թվականից հետո նույն այդ գործընթացն օրինական տեսք ստացավ։
Բայց 4 ու կես տարի մենք մնացինք ռուսական գաղութային կախվածության ներքո: Մինչև 2018 թվականը՝ առանց խաղերի, իսկ 2018 թվականից հետո՝ նույնպես շարունակում էինք մնալ ռուսների տակ, պարզապես ավելացավ կեղծ հեղափոխությունից բխող պոպուլիզմը:
4 ու կես տարի ոչ մի քայլ չարվեց “ազգ-բանակ” հայեցակարգին հասնելու համար: Մինչև 2018 թվականը զուտ կենացներ, իսկ 2018 թվականից հետո բանակի համար “շապիկներ և վարտիքներ” և ելակներ:
4 ու կես տարի Արեւմուտքի հետ դաշնակցային կապեր հաստատելու ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել։ Մինչև 2018 թվական խորացվել է Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ-ի կազմում անդամակցությունը, իսկ 2018 թվականից հետո՝ շարունակելով մնալ ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, մերժվեցին Երևան այցելած ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի առաջարկները, իսկ 2020 թ պատերազմի օրերին մերժվել են Արևմուտքից եկած առաջարկները։
2020 թվականի պատերազմի ժամանակ և առ այսօր, Հայաստանում, ինչպես և վերջին 103 տարիներին, գործում է ռուս-թուրքական ռազմաքաղաքական վերնախավը։ Բայց եթե մինչև 2020-22 թվականը ռուսական համամասնությունը գերակշռում էր թուրքականին, ապա 2020-22 թթ.-ից հետո Արցախի մեծ մասի կորստի և Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով, Հայաստանյան ռուս-թուրքական համակարգում ռուսական համամասնությունը նվազել է, իսկ թուրքական գործոնը՝ մեծացել:
Այսօր, երբ ժամանակավորապես կորցրել ենք Արցախը, մենք կանգնած ենք մի փաստի առաջ, երբ Ռուսաստանը հեռանում է, իսկ Արևմուտքը մտնում է տարածաշրջան: Հայ ժողովուրդը ստացել է ռուս-թուրքական ճահճից դուրս գալու և խորհրդային Լենին-Քեմալ 29800 քառ. կմ-ից ազատվելու հնարավորություն։
Տարածաշրջանային ճարտարապետության 29800 քառ. կմ հայեցակարգում մնալու դեպքում Հայաստանը կմնա օբյեկտի կարգավիճակում և թուրքական վիլայեթի վերածվելու մշտական վտանգի ներքո, եթե անգամ դառնա Արեւմուտքի մաս։
Առանց Արցախը Հայաստանի կազմ վերադարձնելու` Հայաստանը ապագա չունի:
Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ
Հայաստանի Հանրապպետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի` ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված համատեղ հանդիպմանն ընդառաջ, «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը նամակով դիմել է Եվրոպական միության ղեկավարությանը՝ բարձրացնելով Արցախից բռնի տեղահանված հայերի բնակապահովության հարցը։
Նամակում մասնավորապես ասվում է. «Որպես ԵՄ քաղաքացիներ՝ մենք դիմում ենք ԵՄ ղեկավարությանը՝ ֆինանսական միջոցներ հատկացնել Արցախից բռնի տեղահանված հայ բնակչությանը Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) բնակարանային արժանապատիվ պայմաններով ապահովման համար՝ մինչև պաշտպանության միջազգային մեխանիզմների երաշխավորումը, որոնցով հնարավոր կլինի ապահովել նրանց հավաքական վերադարձն Արցախ: Զուգահեռներ տանելով 1988թ․ Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժին հաջորդած միջազգային բնակարանաշինական նախագծերի հետ, հարթակը նաև հուշում է, որ նմանատիպ նախաձեռնությունները կարող են միջնաժամկետ լուծում տալ՝ կանխելով հազարամյա մշակույթի ոչնչացումը:
«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակն ընդգծում է Եվրոպական միության դերը որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հիմնական միջնորդ, երբ 2021 թ․ բանակցային գործընթացն առաջնորդում էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Նամակում ասվում է, որ թեև ԵՄ-ն շարունակաբար ընդունում էր Արցախի հայության մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, այնուամենայնիվ ԵՄ ղեկավարությունը հաճախ շեշտում էր Արցախահայության «ինտեգրման» կարևորությունը Ադրբեջանում և հանդես էր գալիս դրա օգտին, նույնիսկ այն ժամանակ, երբ Ադրբեջանը շրջափակման և սովամահության էր ենթարկում նրանց և իրականացնում էր ռազմական ագրեսիա։ Հարթակը հղում է անում Եվրոպական խորհրդարանի 2023 թ․ հոկտեմբերի 5-ի բանաձևին, որն արտահայտում է «խորը դժգոհություն այն փաստի առնչությամբ, որ Եվրախորհրդարանի ահազանգերը Արցախի իրավիճակի և աղետալի հետևանքների ռիսկերի վերաբերյալ անտեսվել են Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի կողմից: Նամակի հեղինակները շեշտում են, որ անպատժելիությունը միայն քաջալերեց Ադրբեջանի հետագա կործանարար քաղաքականությունը։
Նամակում նաև շեշտվում է․ «եթե ռուս խաղաղապահների անգործությունը թույլ տվեց Ադրբեջանին իրականացնել իր զազրելի հանցագործությունը, այնուամենայնիվ ԵՄ-ն նույնպես կրում է պատասխանատվության իր բաժինը վերը նշված պատճառներով։ Խոսքը չի վերաբերում Եվրոպական խորհրդարանին, որը պատվով կատարեց դերը որպես ժողովրդավարության պալատ և շարունակաբար անաչառ դիրքորոշում էր ցուցաբերում իրավիճակի վերաբերյալ»:
Էթնիկ զտումների հետևանքով տասնյակ հազարավոր բռնի տեղահանված հայեր ապաստան են գտել ՀՀ-ում։ Թեև Հայաստանի կառավարությունը ջանքեր է գործադրել նրանց կարճաժամկետ կարիքները հոգալու ուղղությամբ, բայց և այնպես դրանք բավարար չեն արժանապատիվ կյանք ապահովելու համար: «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը երախտագիտությամբ է ընդունում ԵՄ կողմից մարդասիրական օգնության հատկացումը Արցախից բռնի տեղահանված հայերին աջակցելու համար։ Այնուամենայնիվ, այդ մարդասիրական օգնությունը լուծում է միայն կարճաժամկետ կարիքները: Փաստացի, արդեն մի քանի հազար Արցախահայեր արդեն լքել են Հայաստանի Հանրապետությունը և չեն վերադարձել։ Սա իրական աղետ է։ Եթե իրավիճակը շարունակվի, ժամանակի ընթացքում Արցախահայության ուրույն մշակույթը և բարբառները կվերանան։
Հիշյալ նամակն ուղղված է Եվրոպական միության ղեկավարությանը` մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվիեր Վարհելիին, ԵՄ արտաքին և անվտանգային քաղաքականության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին, Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամերի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային։ Նամակը հասցեագրվելու է նաև ԵՄ անդամ-պետությունների կառավարություններին, մասնավորապես այն երկրների կառավարություններին, որտեղ, «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը ներկայացուցչական մարմին ունի։
Լրագրողներս, հաճախ, նյութի «հերոս» ենք փնտրում, պատմում նրա մասին եւ հաճախ էլ մոռանում։ Գուցե բնական է, բայց ես փորձում եմ հետեւել իմ «հերոսների» կյանքին՝ որքանով դա հնարավոր է։
Մեր կյանքի մի քանի պատերազմներն ու արտագաղթը ծանոթ, հարազատ դեմքերին սփռել են աշխարհով մեկ՝ պայքարի նոր ուղիներ մատնանշելով բոլորի համար։
Խնամված մազեր՝ նույնիսկ պատերազմի ժամանակ
Սիրանուշ Սարգսյանը 2020թ․ պատերազմի ժամանակ կատարել է տարաբնույթ կամավորական աշխատանքներ՝ հաց թխելուց մինչեւ արտասահմանցի լրագրողների ուղեկցում։
Մասնագիտությամբ քաղաքագետ է․ առավոտյան ռումբերի ձայնից արթնացածի համար դժվար էր պատկերացնել, որ պատերազմը երկար կարող է տեւել, բայց մի օր, քիչ էր մնում ռումբերի զոհ դառնար։
2020թ․ պատերազմի ընթացքում հասկացավ, որ տիրապետելով անգլերենին եւ ճանաչելով Արցախը, կարող է օգնել լրագրողներին։ Ամեն օր սպասում էր պատերազմի ավարտին, ռուս լրագրողներից մեկը փորձեց «սփոփել իրեն»․ հոկտեմբերի վերջն էր։
Քարտեզի վրա սեղմված, փոքրացած Արցախում ապրելը Սիրանուշի համար այլընտրանք չուներ։ Ինչպես շատերը, նա էլ էր այն գիտակցմանը, որ Արցախում ապրելը Արցախը հայկական պահելու միակ միջոցն է։
Բլոկադա․ «Tweeter»- ի աստղ Սիրանուշը
Մեզ «խոստացված» 5 խաղաղ տարիներից երկրորդը վերջացավ Արցախում հնչած նոր տերմինով՝ շրջափակում։ Ոչ ոք չէր պատկերացնում, որ 2022թ․ դեկտեմբերի 12-ին փակված սահմանը կարող էր «բացվել» միայն գրեթե մեկ տարի հետո։
«Նույնիսկ մինչեւ բլոկադան, երբ տեսանք, որ ոչ լրագրող է գալիս, ոչ սփյուռքի մեր հայրենակիցներն են կարողանում գալ Արցախ, սկսեցի ինձ բանտարկված զգալ»,-ասում էր Սիրանուշը մի քանի ամիս առաջ տեղի ունեցած մեր զրույցում։
Բայց բանտի դռները ավելի ամուր կողպվեցին եւ ինչպես ասում է՝ ստիպված էր ինքը դառնալ այն «հեռադիտակը», որով աշխարհին տեսանելի կլիներ Արցախը։
Սկզբում Tweeter-ում նոթեր անելով, հետո արդեն դժվարությամբ, բայց սկսեց համագործակցել միջազգային մամուլի հետ, որովետեւ, ինչպես ասում է՝ «մենք աշխարհին հետաքրքիր չէինք», բայց այնուհանդերձ Արցախում բազմամարդ հացի հերթերի նկարները, թվերը, ողջ գիշեր հացի սպասող մարդկանց դեմքերը հայտնվում էին միջազգային հեղինակավոր լրատվականներում։
Որպես լրագրող Սիրանուշը 2 ճակատում էր պայքարում՝ «անտարբեր» խմբագիրների եւ հերթերից հոգնած հայրենակիցների, որոնց համար բարդ էր հասկանալը, թե ինչու են իրեն նկարում։
Սիրանուշի՝ պատերազմ, գաղթ լուսաբանած լրագրողի աշխատանքները ավելի մեծ պահանջարկ ունեցան, «Թվապատում» լրագրողական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ նա հատուկ մրցանակ ստացավ, այնինչ՝ ամեն ինչ կտար, միայն թե հայրենիք ունենար։
Մրցանակի արժեքն իր կյանքում։ Սուրճ խմելիս՝ անգամ մեղքի զգացում
Ֆլետչեր՝ փակ սահմաններից մարտահրավեր
«Դեռ բլոկադա էր, ամենամեծ դժվարությունը՝ փակ սահմաններն էին։ Ուտելիքի սղությունն ինձ այնքան չէր ճնշում, որքան փակ սահմանը։ Ուզում էի գոնե մտովի մարտահրավեր նետել փակ սահմանին։ Դիմելով՝ փորձել եմ նախ մտքում ճեղքել սահմանը, եւ գուցե սահմանը կբացվեր»,- հիշում է Սիրանուշը, ով այսօր իրավունքի և դիվանագիտության ԱՄՆ ամենահեղինակավոր դպրոցներից մեկի ուսանող է։
«Ես պետական ծառայող էի Արցախում, հենց պետական ծառայողների համար էր այս դասընթացը։ Հիմա դժվար է ընդունել կարգավիճակս ՝ չկա պետությունս»,-ասում է Սիրանուշը։
Չկա Արցախի Հանրապետությունը, բայց ինչպես ինքն է ասում՝ կա «միսսիոները», ով հիմա ԱՄՆ-ում ցավով է հասկանում, որ Արցախի մասին շատ քիչ գիտեն, մեր անցած տառապանքին անծանոթ են, փախստականների մասին խոսելիս երբեք մեր անունը չեն հիշատակում։
«Ամենուր ասում եմ որտեղից եմ եկել, գուցե չափն անցնում եմ, բայց կապ չունի, 2 հոգանոց լսարանից մինչեւ 800 հոգանոց՝ խոսում եմ, հետ վերադարձի իրավունքի, հավատքի իրավունքի՝ մեր եկեղեցիներ ու գերեզմաններ այցելելու մասին, եւ այն ամենի, ինչն ինչ-որ կերպ կարող է ներկայացնել մեր իրավունքը»,- պատմում է Սիրանուշը։
Քաղաքագետ-փորձագետ, լրագրող եւ նորից քաղաքագիական դպրոցի ուսանող, մասնագիտություններ, որ հաջորդում են իրար։
Ավելի շատ լրագրող, թե՞ քաղաքական գործիչ կուզեր լինել՝ հարցիս այսպես է պատասխանում․
«Սովորաբար լրագրությունից են անցում կատարում քաղաքականություն։ Ինձ մոտ հակառակն էր»,- ասում է եւ շարունակում, որ քաղաքականություն մտնելու փորձեր կատարել է Արցախում, որովհետեւ այնտեղ էր ուզում միջավայր փոխել, իր տեսլականները Արցախի համար էին, հիմա իրեն ավելի լավ է զգում, երբ խնդիրների մասին խոսում է որպես լրագրող եւ հաճախ էլ՝ մասնակցում դրանց լուծմանը։
Ես հաճախ էի շրջագայում եւ այստեղ երբեմն ինձ նորից զբոսաշրջիկ եմ զգում։ Հեռվից կարոտս Արցախի հանդեպ ավելի ուժեղ է, այստեղ ավելի ծանր է իրականությունն ընկալելը եւ հիշելը, որ դու՝ զբոսաշրջիկդ, էլ վերադառնալու տեղ չունես, տուն չունես»,-ասում է գրեթե 5 ամիս առաջ հայրենազրկված Սիրանուշը։
Մարիամ Սարգսյան
Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիա-ակումբի ծրագրի շրջանակներում
Ցեղասպանության և տեղահանության ենթարկված Արցախի բռնի տեղահանված բնակիչների արտագաղթի խնդիրը աղետալի չափեր է ստանում։ Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանի խոսքով, Արցախից Հայաստան զանգվածային արտագաղթից հետո արցախյան գրանցում ունեցող 11 հազար մարդ արդն լքել է երկիրը։ Հավելենք, որ 2020 թվականից հետո արտագաղթել է եւս 6 հազարը։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ երեք տարվա ընթացքում Արցախից փախստականների մոտ 10%-ը լքել է Հայաստանը։
Եթե հաշվի առնենք, որ արցախցիների մոտ 10%-ը Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում բնակարաններ է ձեռք բերել դեռևս Արցախը վերջնականապես լքելուց առաջ, ապա ստացվում է հետևյալ պատկերը՝ բռնի տեղահանված արցախցիների 80%-ն այսօր կախված է Հայաստանի իշխանությունների քմահաճույքից, որը չունի փախստականների կարգավիճակում հայտնված մարդկանց իրավական, բնակարանային, սոցիալական խնդիրների լուծման հստակ ռազմավարություն։
Ի սկզբանե, դեռ 2020-21 թվականներին և ընդհուպ մինչև արցախցիների զանգվածային արտագաղթը, Հադրութի, Քարվաճառի և Քաշաթաղի մի շարք հասարակական կազմակերպություններ բարձրացնում էին քաղաքացիության հարցը։ Այն, որ արցախցիները ունեն ՀՀ անձնագիր, բայց չունեն ՀՀ քաղաքացիություն, այն ժամանակ էլ աբսուրդ էր, որը պիտի հետագայում գլխացավանք դառնար փախստականների համար։
Այսօր այս խնդրին ավելանում են նոր կազուսներ։ Ինչպես գիտեք, Հայաստանում միջազգայնորեն որպես փախստական ճանաչված անձանց առաջարկվում է ստանալ կամ ՀՀ քաղաքացիություն կամ փախստականների կարգավիճակ, ովքեր հայտնվել են ՀՀ ժամանակավոր պաշտպանության ներքո։
Արցախցիներից շատ քչերը (մոտ 2%) ստացել են ՀՀ քաղաքացիություն, որպեսզի կարողանան ծառայել բանակում, աշխատել պետական կառույցներում կամ կարողանան վարձակալել կամ գնել հող, ինչպես պահանջում է ՀՀ օրենսդրությունը:
Բայց, ինչպես պարզվեց, սա նույնպես այնքան էլ պարզ չէ։ Տեսականորեն ՀՀ քաղաքացիություն ստացած անձը ID ստանալու իրավունք ունի, որն անհրաժեշտ է նաև որոշակի գործողություններ կատարելիս։ Սակայն այս մարդկանց մերժում են ID տրամադրել։ Պատճառը, ինչպես միշտ, չի նշվում։
Էլ ավելի մեծ խնդիրներ են առաջացել արցախցիների աշխատանքային փորձը և անցյալը հավաստող փաստաթղթերի հետ կապված։ Ինչպես պարզվեց, արցախցիների անցյալն անհետացել է տվյալների բազայից, որը տրամադրում է միայն անունը, ազգանունը և լուսանկարը։ 40 և ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձանց, ովքեր դիմում են կենսաթոշակ ստանալու համար 62 տարեկանում (օրենքով նախատեսված), մերժվում են հետևյալ ձևակերպմամբ. ձեր թոշակը հաշվարկելու հիմունքները բացակայում են։
Եվս մեկ կազուս՝ կապված 070 ծածկագրով անձնագրերի հետ։ Զվարթնոց օդանավակայանից Շենգենյան գոտի մեկնելիս հայկական ծառայությունները լրացուցիչ պահանջում են փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթուղթ։ Սակայն եվրոպական երկրներից մեկնելիս նման խնդիր չի առաջանում՝ 070 ծածկագրով հայկական անձնագիրն ընկալվում է որպես ՀՀ քաղաքացու օրինական փաստաթուղթ։ Փաստորեն, 070 ծածկագրով անձնագրերի խնդիր գոյություն ունի միայն Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների համար, քաղաքակիրթ աշխարհում մենք ճանաչված ենք որպես ՀՀ օրինական քաղաքացիներ։
Ասվածից բխում են հետևյալ հարցերը. եթե Հայաստանի իշխանություններն արցախցիներին ստիպեն բնակարանային խնդրի լուծման պայման ընդունել ՀՀ քաղաքացիությունը, կարո՞ղ են այն ընդունելուց հետո հայտարարել, որ իրենք պարտավոր չեն որևէ խնդիր լուծել, և այդ մարդիկ պետք է իրենց բոլոր հարցերը լուծեն նույն կերպ, ինչպես ՀՀ մյուս քաղաքացիները։
Ինչո՞ւ է հայկական ուժային «վերնախավը» ստիպում Արցախի ժողովրդին իր խնդիրների լուծումը փնտրել այլ պետություններում։ Ո՞ւմ հանցավոր առաքելությունն է նա իրականացնում։ Իսկապես, եթե փախստականների նկատմամբ նման քաղաքականությունը շարունակվի, ստիպված կլինենք դիմել միջազգային մեխանիզմների՝ մեր կենսական խնդիրները լուծելու համար։ Արդյո՞ք Հայաստանը հաշվարկել է իր պետականության համար ռիսկերը, որն այդքան եռանդով ցանկանում է վերացնել ռուս-թուրքական-ադրբեջանական եռյակը։
24News-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, Արցախի բռնի հայաթափումից հետո Արցախի ԱԽ նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, գալով Հայաստան, իր որոշ մերձավորների հետ միասին հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե:
Կայքի իրավապահ համակարգի աղբյուրների փոխանցմամբ, Բալասանյանից և իր շրջապատից փորձել են ճշտել, թե ինչպե՞ս են հատել Հակարիի կամուրջը, ամենից շատ իրավապահ մարմիններին հետաքրքրել է, թե արդյո՞ք պատրաստվում են ներգրավվել քաղաքական պրոցեսներում:
Մի քանի անգամ հարցաքննվելուց հետո Արցախի ԱԽ նախկին քարտուղարը միջնորդավորված կապի է դուրս եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և տեղեկացրել, որ ինքը չի պատրաստվում մասնակցել իշխանափոխության գործընթացին կամ ներգրավվել քաղաքական պրոցեսներում:
Աղբյուրի փոխանցմամբ, Բալասանյանը Փաշինյանին փոխանցել է, որ ինքը Հայաստանում սպասելու է այնքան, մինչև որևէ կարգավիճակով ու երաշխիքներով արցախցիները վերադառնան Արցախ և խնդրել, որ իրեն հանգիստ թողնեն:
Կայքը նաեւ գրել է. «Այս միջնորդավորված խոսակցությունից հետո Բալասանյանին և իր մտերիմներին այլևս չեն հրավիրել վարույթն իրականցնող մարմին:
Ահա սա է պատճառը, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը Հայաստան գալուց հետո որևէ հանրային ելույթ կամ խոսք չի ասել:
Մեզ հայտնի է դարձել նաև Բալասանյանի Հայաստան մուտք գործելու որոշ մանրամասներ: Մասնավորապես` Բալասանյանը Ստեփանակերտից դուրս է եկել սեպտեմբերի 28-ին՝ ուղևորվելով դեպի Հակարիի կամուրջ:
Սակայն 24News-ին փոխանցված տեղեկության համաձայն, Բալասանյանը Ստեփանակերտից շարժվելուն պես տեղեկանում է, որ իր տեղաշարժի մասին արդեն իսկ տեղյակ են Ադրբեջանի կողմից տեղադրված ապօրինի անցակետում: Դրանով պայմանավորված՝ Բալասանյանը ստիպված է լինում իջնել մեքենայից և Հայաստան հասնել այլընտրանքային դաշտամիջյան ճանապարհներով, ինչի հետևանքով էլ ՀՀ է հասնում միայն հոկտեմբերի առաջին տասնօրյակում»:
Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը երրորդ անգամ է հայտարարել կարմիր դրոշի ահազանգ (ամենաբարձր նախազգուշացումը)՝ հաշվի առնելով Ադրբեջանի սրացող հռետորաբանությունն ու պահանջները Երևանի հասցեին, ինչպես նաև վերջին հարձակումները Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի վրա։
«Նախկինում մենք բազմաթիվ կարմիր դրոշի և SOS ահազանգեր ենք տարածել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից օկուպացված և հայաթափված Արցախի Հանրապետության համար: Այժմ, ինչպես և ենթադրվում էր մեր նախորդ հրապարակումներում, ցեղասպանության վտանգը տարածվել է նաև բուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա։ Ադրբեջանը, կարծես, վարում է Հայաստանի ինքնիշխան տարածքի աստիճանական օկուպացման ռազմավարություն», – նշում են ինստիտուտի փորձագետները՝ ընդգծելով, որ Բաքուն այժմ ձգտում է վերահսկողություն հաստատել ութ գյուղի նկատմամբ, որոնք, Ադրբեջանի պնդմամբ, գտնվում են հայկական օկուպացիայի տակ:
«Նրա նպատակն է ամբողջապես վերահսկել հայկական պետությունը և Ադրբեջանը միավորել Թուրքիային… Հավակնելով վերահսկել Հայաստանի ռազմավարական կետերը, Ադրբեջանը, կարծես թե, իր քաղաքականությունը մոդելավորում է Պաղեստինում իսրայելական բնակավայրերի ստեղծման օրինակի վրա: Հայաստանին սպառնացող վտանգը դարձել է հրատապ՝ պահանջելով միջազգային հանրության անհապաղ և համակարգված ուշադրությունը։ Հրատապ գործողությունները հրամայական են՝ թույլ չտալու համար տարածքային օկուպացիայի և ցեղասպանության հերթական դեպքը, որը նման է ընդամենը վեց ամիս առաջ Արցախում տեղի ունեցածին», – նշվում է հրապարակման մեջ:
Կառավարությունը որոշում ընդունեց ներել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց՝ գրավի դիմաց վերցրած վարկերը և վերադարձնել գրավի առարկա հանդիսացող ոսկյա զարդերը։ Խոսքը գնում է այն վարկերի մասին, որոնք չեն գերազանցում 5 միլիոն դրամը։ 5 միլիոն դրամը գերազանցող վարկերը, որոնք վերցվել են գրավի դիմաց, 5-ն են։ Դրանց վերաբերյալ Կառավարությունը նախատեսում է առանձին քննարկում կազմակերպել։
Նախարարը հիշեցրեց, որ ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի համապատասխան որոշման հիման վրա Լեռնային Ղարաբաղի կառավարության և նրա ստեղծած հիմնադրամների, ինչպես նաև ֆիզիկական անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի, վարկային և ապահովագրական կազմակերպությունների դրամական պահանջները զիջվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որոնց դիմաց վերջիններիս օգտին թողարկվել են գանձապետական պարտատոմսեր։ Դրա կազմում ներառված են նաև ֆինանսական կազմակերպությունների ֆիզիկական անձանց ոսկյա իրերի գրավադրման վարկային պարտավորությունները։
«Խոսքը, մասնավորապես, շուրջ 6 հազար քաղաքացիների մոտ 2,8 միլիարդ դրամի չափով վարկային պարտավորությունների մասին է։ Նախագծով առաջարկվում է ներել ոսկյա իրերի գրավադրման տրամադրված սպառողական վարկերով առանձին ֆիզիկական անձանց մինչև 5 միլիոն դրամ գումարի չափով վարկային պարտավորությունները և հնարավորություն ստեղծել վերադարձնել գրավադրված ոսկյա իրերը։ Փաստացի, ֆինանսական կազմակերպություններում ներկայումս շարունակվում է պահվել շուրջ 1800 քաղաքացու պարտավորությունների դիմաց գրավադրված մոտ 30 կգ քաշով շուրջ 7 հազար 800 հատ ոսկյա իր։ Ընդ որում, մոտ 2,3 միլիարդ դրամ ընդհանուր մնացորդով պարտավորությունների կազմը հետևյալն է՝ մինչև 500 հազար դրամ վարկերը 5241 հատ են, 500 հազարից 1 միլիոն դրամի չափով վարկերը 718 հատ են, 1 միլիոնից 2 միլիոն դրամի չափով վարկերը 221 հատ են, 2 միլիոնից 2,5 միլիոն դրամի չափով վարկերը 25 հատ են, 2,5 միլիոնից 5 միլիոն դրամից չափով վարկերը 15 հատ են և 5 միլիոն դրամը գերազանցող վարկերը 5-ն են»,- ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ կառավարության որոշման ընդունումից հետո շահառու հանդիսացող անձինք կարող են դիմում ներկայացնել ֆինանսների նախարարություն՝ վերջինիս հետ պարտքի ներման համաձայնագիր կնքելու համար։
ՀՀ Ազգային ժողովում անցկացվում են «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումներ։
ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր ելույթում ասաց, որ նախ եւ առաջ քաղաքական եւ անվտանգային երկխոսություն են ծավալում Հայաստանի իշխանությունների հետ։ «Համագործակցության երկրորդ ուղղությունը՝ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունն է Հայաստանում, որը մշտադիտարկում է սահմանի հայկական կողմից իրավիճակը։ Նաեւ Եվրամիությունը դիտարկում է աջակցել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր զենքերի տեսանկյունից, բայց էական աջակցության մասին է խոսքը, որպեսզի կարողանանք ուժեղացնել կարողությունները։ Սա վերաբերում է եվրոպական խաղաղության մեխանիզմի շրջանակին»,- նշեց նա։
Մարագոսն ասաց, որ տնտեսական եւ ներդրումային ծրագիրն արդեն 550 մլն եվրոյից ավելի գումար է մոբիլիզացրել։ Շարունակում են աշխատել Սյունիքում, եւ ԵՄ անդամ երկրների կողմից արդեն 120 մլն եվրոյից ավելի գումար է նորդրվել Սյունիքում։
«Վերջում երեք կետ կուզեմ ընդգծել, նախ եւ առաջ սեփականության զգացողություն։ Շատ հաճախ հարցնում են՝ ո՞րն է Եվրամիության նպատակը Հայաստանում։ Ես պատասխանում եմ՝ նոր գործընկերության օրակարգը ձեւավորվում է եւ կձեւավորվի երկու կողմերից։ Նպատակն է ձեւավորել մի օրակարգ, որն էլ ավելի կխորացնի մեր գործընկերությունն ու համագործակցությունը։ Մենք ունենք համատեղ արժեքներ, մենք համաձայն ենք միջազգային այն կարգին, որը հիմնված է օրենքների եւ իրավունքի վրա։ Այն բարեփոխումները, որոնց մասին մենք խոսում ենք, հարկավոր է, որ լինի սեփականության եւ սեփականատիրոջ զգացողություն թե իշխանությունների, թե քաղհասարակության, թե ինստիտուտների, բոլորի կողմից։ Ունենք հիմքը, պետք է համոզվենք, որ դա արդյունավետ կաշխատի»,- ասաց նա։
Մյուս կետերով դեսպանը կարեւորեց օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունը՝ շեշտելով, որ լավ աշխատող, անկախ դատական համակարգը կամրապնդի Հայաստանի դիմակայունությունը։ «Մյուսը մեր աջակցությունն է փախստականներին։ ԵՄ-ն իր անդամ պետությունների հետ արդեն 60 մլն եվրո է մոբիլիզացրել այս ուղղությամբ։ Հիմա ՀՀ կառավարության հետ քննարկում ենք հավելյալ աջակցության հարցը՝ բնակարանաշինություն, ապրուստ»։
Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին «X» սոցիալական ցանցում եբրայերեն գրառում է հրապարակել, որում Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա հարձակումից հետո սպառնալիք է հնչեցրել Իսրայելի հասցեին։
«Աստծո օգնությամբ մենք կստիպենք սիոնիստներին (Իսրայելին) զղջալ Դամասկոսում Իրանի հյուպատոսության դեմ կատարած հանցագործության համար»,- ասվում է ուղերձում։
Երկուշաբթի երեկոյան Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսության շենքին իսրայելական ավիահարվածի մասին։ Իսրայելական հարվածը սպանել է ԻՀՊԿ-ի յոթ սպա, այդ թվում՝ երկու գեներակ՝ ավագ գլխավոր խորհրդական:
Իրանը պատրաստվում է հարձակման Իսրայելի վրա, որը կարող է տեղի ունենալ առաջիկա 48 ժամվա ընթացքում։ Իբր, Իսրայելի կառավարությունը նման նախազգուշացում է ստացել ԱՄՆ ԿՀՎ-ից, գրում է Vox ալբանական հրատարակությունը՝ վկայակոչելով արտասահմանյան լրատվամիջոցները։
Իրան-Իսրայել առճակատումը առանցքային է դառնում մոտ ապագայում իրադարձությունների զարգացման համար։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն չի կարող նահանջել և գնալու է մինչև վերջ. այս համատեքստում չափազանց կարևոր է, թե ինչպիսին կլինի Իրանի պատասխանը և «ում դիակը կբերի գետը»։
Համաշխարհային առաջնորդների հայտարարությունների լույսի ներքո, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված աշխարհակարգը կփոխվի առաջիկա տարիներին, պետք է ակնկալել Իսրայելի դերի փոփոխություն: Ներկայիս աշխարհակարգը, ՄԱԿ-ը և Իսրայելը ստեղծվել են նույն կմախկի վրա, և աշխարհակարգում Իսրայելի առանցքային դերի փոփոխությունը կարող է հանգեցնել մեծ վերափոխումների:
Այս առումով, պատահական չէ, որ տեղեկություններ կան, որ Իրանը կարող է հարվածել իսրայելական ռազմական և հետախուզական ենթակառուցվածքներին Արցախի օկուպացված տարածքներում։ Կամ էլ այնտեղից հարված կլինի Իրանի հյուսիսային նահանգներին։