Աղազարյանի ռենտգենը. ո՞ւմ ենք մի կտոր հաց տվել, որ չի ասում՝ հայեր չեն

Որքանով դիտել եմ կադրերը, ես ինքս չեմ կարող այդպիսի եզրակացության գալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանները ծեծի են ենթարկել ցուցարարներին:

«Դա շատ խիստ իրավական, մասնագիտական գնահատական է: Ոստիկանությունն ի պատիվ իրեն, շատ պրոֆեսիոնալ ձեւով կատարեց իր պարտականությունը եւ թույլ չտվեց արյունահեղություն: Իսկ այդ արյունահեղությունը սարսափելի հետեւանքներ կարող էր ունենալ պետականության համար, հայրենիքի համար եւ այլն»,-ասաց նա:

Ես միշտ ասել եմ, որ այս շարժման դրական կողմերից մեկն այն է, որ փաստորեն, ապացուցվեց, որ ՀՀ քաղաքացին ո՛չ բովանդակային, ո՛չ իրավական իմաստով չի սատարել այս շարժմանը: Բովանդակային իմաստով հավաքվածների մեծ մասը ՀՀ քաղաքացի չէ: Ոչ միայն արցախցիներ, այլեւ Ռուսաստանից եկածներ: Իրենց նույնիսկ իրենց հարազատները չեն սատարում»,- ասել է նա։

Փաստորեն, Աղազարյանը կադրերից չի ջոկում, ոստիկա՞նն է ծեծել ցուցարարին, թե՞ ցուցարարը ոստիկանին։ Բայց ներքին “ռենտգենով” նա ջոկում է, ով է ՀՀ քաղաքացի, քանիսն էին Արցախից եկած, հավաքվածների ո՞ր մասն էր Ռուսաստանից ժամանել եւ քանի հոգուն չեն սատարում հարազատ եղբայրները։

Ո՞ւմ ենք մի կտոր հաց տվել, որ Աղազարյանը օդում գենետիկ անալիզ էլ չի արել ու ասել, որ հավաքների մասնակիցների մեծ մասը հայեր չէին։    

Օբլբալնիցան

Ովքեր ապրել են Ստեփանակերտում, գոնե մեկ անգամ մտել են Օբլբալնիցան: Ինձ ժամանակ էր պետք, որ իմ արմյանսկի աբրազովանյով կարողանայի հասկանալ ՕբԸլբալնիցա բառի իմաստը (Օբուվնուն մասին` հետո):

Ես լավ հիշողություններ ունեմ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցից: Վատն էլ ունեմ, ինչ խոսք: Շատ աննշան, որի վրա չարժե էլ ուշադրություն դարձնել անգամ: Վեչ բալնիցա ինգյիս, վեչ միլիցյա՝ սկացած կընիք (ո՛չ հիվանդանոց, ո՛չ ոստիկանություն):

Ես լավ հիշում եմ Ստեփանակերտի նախկին հիվանդանոցի շենքը, դեռ այն ժամանակ, երբ մայրս թեւս բռնած տանում էր Չիչյանի մոտ` իմ լսողության պրոբլեմի համար, որ մինչեւ այսօր ունեմ:

Տարականներ, դեղերի հոտ, որից ես մենակ յոդը գիտեմ, վաֆլի առաստաղներ, շքեղ աստիճաններ ի դեպ, լայն, ինչպես Պետերբուրգում եւ իհարկե, պաստառ կանաչ քարի վրա. «Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այստեղ գործել է ռազմական հոսպիտալ»:

Ասում են, չէ՞, եկեղեցու պատերն այնքան աղոթք չեն լսել, որքան հիվանդանոցինը:

Վստահ եմ, որ շատերն ունեն հիշողություններ Օբլբալնիցայի մասին: Ավելորդ է անգամ հիշեցնել դա: Ուղղակի իմ արխիվներով անցնելով, որոշեցի կիսվել այս լուսանկարով: Հույս ունեմ Step1-ի ընթերցողները ինձ շատ խիստ չեն դատի, հույս ունեմ ծանր հիշողություններ չեմ արթնացնի…

Մարութ Վանյան

Երևանն ու ֆրանսիական KNDS ընկերությունը «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել

Ազատություն

Հայաստանն ու ֆրանսիական KNDS ռազմարդյունաբերական ընկերությունը «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել։ Լուրը X-ի իր էջում Ֆրանսիայի պաշտպանության նախարարն է այսօր հայտնել՝ նոր ռազմական տեխնիկայի ձեռքբերման պայմանագրի կնքումը կարևոր իրադարձություն որակելով։

«Սեզար»-ը 155 մմ տրամաչափի ինքնագնաց հաուբից է, որի հեռահարությունն առավել արդիական արկերի կիրառման դեպքում կարող է գերազանցել 55 կիլոմետրը: Այն ակտիվորեն կիրառվում է Ուկրաինայում ընթացող պատերազմում: Անցած դեկտեմբերին Ֆրանսիայի Սենատը կառավարությանը հորդորել էր հնարավորինս արագացնել Հայաստանին «Սեզար»-ների տրամադրման հարցը:

«Ֆրանսիան շարունակում է ամրապնդել պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ, ջերմ և արդյունավետ երկխոսություն ունեցա Սուրեն Պապիկյանի հետ։ Նոր, կարևոր հանգրվան՝  կնքվել է CAESAR-ի ձեռքբերման պայմանագիրը», – նշել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։

Հայկական կողմը տեղեկացրել էր, որ ռազմական գերատեսչության ղեկավար Պապիկյանի՝ Ֆրանսիա այցի ընթացքում երեկ Հայաստանի պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր, բայց թե կոնկրետ ի՞նչ զինամթերքի ձեռքբերման, մանրամասներ չէին հաղորդել։ Ֆրանսիական ընկերության կայքում պաշտոնապես հրապարակված է, որ նրանք նաև «Սեզար»-ների արտադրությամբ են զբաղվում։

Իսկ նախարար Սեբաստիեն Լըկորնյուն X-ի իր էջում հենց «Սեզար»-ի մակետը ձեռքին իր ու Սուրեն Պապիկյանի նկարն է հրապարակել։

Թե քանի՞ «Սեզար»-ի գնման պայմանագիր է երեկ Փարիզում ստորագրվել, չի հստակեցվում, նաև մատակարարման կոնկրետ ժամկետներ չեն նշվել։

Ռազմական փորձագետը թե՛ ռազմական և թե՛ քաղաքական կարևորության հարց է համարում «Սեզար»-ների ձեռքբերումը

«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը թե՛ ռազմական և՛ թե քաղաքական կարևորության հարց է համարում «Սեզար»-ների ձեռքբերումը:

«Աշխարհի գրեթե թոփ 3, եթե ոչ ամենալավ հաուբիցն է, ամենաէֆեկտիվներից մեկը Ուկրաինայի պատերազմում: Եթե համեմատենք, օրինակ, սովետական պլատֆորմների հետ, որ մենք օգտագործում ենք, 152 միլիմետրանոց, կրակի հեռավորությունը գրեթե 2 անգամ ավելի մեծ է, ամենանոր ռուսական հաուբիցը, որ օրինակ՝ Ադրբեջանն ունի, 27 կմ է հեռավորությունը կրակի: Քաղաքական էլ շատ կարևոր է ինչը, որ եթե Ֆրանսիան համաձայն է «Սեզարը» Հայաստանին վաճառել, նշանակում էր, որ Հայաստանն ինչ տեսակի զենք ուզենա կարա առնի Ֆրանսիայից՝ պաշտպանական, հարձակողական, էդ թեման էլ էդքան էլ կարևոր չի», – ասաց Ներսիսյանը:

Փաշինյանը հայտարարեց զբոսաշրջիկների մոտալուտ հոսքի և ապագա միջանցքներում «ազատ ապրելակերպի» անհրաժեշտության մասին

Շուռնուխ

Նիկոլ Փաշինյանն արդեն մի քանի օր է՝ գտնվում է Սյունիքում և Վայոց ձորում, հանդիպում է մարդկանց հետ և խոսում այն ​​օգուտների մասին, որ այս մարզերի (պայմանական Զանգեզուր) բնակիչները կստանան սահմանների և ճանապարհների բացումից։ Նա ասում է, որ շուտով այստեղ շատ զբոսաշրջիկներ են հայտնվելու, և կոչ է անում փոխել նահապետական եւ զուսպ ​​ապրելակերպը․ ո՞վ է «զբոսաշրջիկների» դիմավորում զուսպ, առանց սրճարանների, հյուրանոցների և այլ «զվարճալի» ճանապարհային հաստատությունների։

Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպմանը Փաշինյանն ասել է, որ մարզերում կյանքը պետք է «ազատ» դառնա. օրինակ՝ չկան սրճարաններ, որտեղ երկու ընկերուհիներ նստեն և ինչ-որ բան քննարկեն։ Այս առումով, ըստ նրա, կբացվեն երիտասարդական կենտրոններ՝ լոֆտեր։

Փաշինյանը չասաց, թե առաջիկայում ինչպիսի «զբոսաշրջիկներ» են հայտնվելու այս կողմերում և ինչով են զբաղվելու լոֆտերում։ Բայց, դատելով նախկին պայմանավորվածություններից, խոսքն առաջին հերթին Ադրբեջանի և Թուրքիայի միջև ճանապարհի բացման մասին է, որն անցնելու է Երասխով և Մարգարայով` Հայաստանը բաժանելով միմյանց հետ կապ չունեցող մի քանի «համայնքների»:

Նա Սյունիք է մեկնել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ-Բրայանի՝ Հայաստան ժամանելուց հետո, ով ասել է, որ փոքր պատուհան կա Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով Հայաստանով առևտրային ճանապարհ բացելու համար։ Մի քանի օրից հայտնի դարձավ, թե ինչ պայմաններում է երթուղին աշխատելու Հայաստանում։

Հայաստանն ԱՄՆ-ին հետաքրքրում է ոչ թե որպես պետություն, այլ որպես մունիցիպալ միավորումների հավաքածու։ Մի քանի օրից Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմանն ասաց, որ ինքը ծագումով հնդիկ է, կինը՝ ամերիկահայ, իսկ հայերը հաջողությունների են հասնում հատկապես Հայաստան պետությունից դուրս։

Երեւանում նա մասնակցել է «տեղական ժողովրդավարությունների» համաժողովին՝ ցույց տալով, որ Միացյալ Նահանգները Հայաստանը դիտարկում է հենց “տեղական” մակարդակում։ Նրա հետ Հայաստան է ժամանել Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Նինա Խաչիգյանը և ասել, որ հավատում է «տեղական առաջնորդների» դերին։ «Տեղական իշխանությունները ապահովում են հավաքների ազատությունը, լրագրողների անվտանգությունը և փոքրամասնությունների իրավունքները»,- ասաց Խաչիգյանը։

Պետքարտուղարության ներկայացուցիչը, ըստ էության, ակնկալում է Հայաստանում «փոքրամասնությունների» մոտալուտ ի հայտ գալը, որոնք տեղական մակարդակով կարող են լիարժեք իրավունքներ ստանալ։

«Միջանցքների» երկայնքով նման «փոքրամասնությունների» հայտնվելու մասին Հայաստանի իշխանությունը խոսում է վաղուց. անգամ օրենք է ընդունվել, ըստ որի փոքրամասնությունները կարող են մեկ տարի հետո ստեղծել իրենց մունիցիպալ ինքնակառավարումը։

Դիլիջան – Վանաձոր – Գյումրի մեդիա-տուր. ֆոտոշարք

Հունիսի 16-17-ին «Հատուկ նախագծերի խմբագրություն» ծրագրին մասնակցող արցախցի լրագրողների համար կազմակերպվեց մեդիա-տուր Դիլիջան – Վանաձոր – Գյումրի ուղղություններով։

Լուսանկարները՝ Վիկտորյա Գրիգորյանի

Տնական համ ու հոտ. աջակցենք արցախցիների բիզնեսին

Հարկադիր վերաբնակեցումից հետո Վիկտորյա Պետրոսյանը նոր ուղիներ է փնտրում իրենց ընտանիքի կարիքները հոգալու համար։ Որոշել է ճիշտ օգտագործել իր ներուժը և փոքրիկ բիզնես հիմնել՝ զբաղվելով իր սիրելի գործով։ Թթու պատրաստելիս օգտագործում է սերնդեսերունդ փոխանցված ավանդական բաղադրատոմսերը: Այս թթուները դարձան նրա մշակույթի խորհրդանիշը և հայրենիքի հետ կապերը պահպանելու միջոց:

Նա խնամքով ընտրում է բանջարեղենն ու համեմունքները, որպեսզի իր արտադրանքը ոչ միայն համեղ լինի, այլև առողջարար։ Նրա տեսականու մեջ կարող եք գտնել տարբեր տեսակներ՝ վարունգ, լոլիկ, կաղամբ և նույնիսկ էկզոտիկ տարբերակներ՝ թթու սմբուկ և պղպեղ։ Այս բոլոր ապրանքներն առանձնանում են իրենց հարուստ համով և բույրով, ինչին կարելի է հասնել միայն երկար տարիների փորձի և աշխատանքի հանդեպ սիրո շնորհիվ:

 

Առաջին պատվերներն արդեն գրանցել  է։ Շատ հաճախորդներ գնահատում են իր արտադրանքի բնականությունն ու որակը, ինչպես նաև այն յուրահատուկ համային համադրությունները, որոնք նա առաջարկում է:

Նրա թթուները դարձան ոչ միայն եկամտի աղբյուր, այլև միջոց՝ պատմելու իր մշակույթի մասին նոր ընկերներին և հարևաններին: Նրա թթուների յուրաքանչյուր տարա մի փոքրիկ պատմություն է ավանդույթների, ընտանեկան բաղադրատոմսերի և ամրության մասին:

Տաթև Ազիզյան

 

Փաշինյանը խոսաց հանրաքվեի մասին․ Երրորդ հանրապետության վերջը

Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է հանրաքվե լինի։ Այս մասին  Շինուհայրում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ առայժմ Խորհրդային Միության օրոք գոյություն ունեցած սահմաններն են վերականգնվում, հնարավոր է՝ գա մի պահ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը նոր պայմանավորվածություն ձեռք բերեն։

«Կարող է ինչ-որ պահի Հայաստանն ու Ադրբեջանը քննարկեն, թե՝ 100 քառակուսի մենք զիջենք, 100 քառակուսի էլ՝ իրենք, բայց սա պետք է արվի հանրաքվեով»։

Այդպիսով, Փաշինյանը զրոյացնում է Հայաստանի անկախության 33 տարվա իրավա-տարածքային կառուցվածքը, որն էականորեն տարբերվում է սովետական սահմաններից։ Սովետական սահմաններին հղում անելով, Փաշինյանը անտեսում է Երրորդ հանրապետության հիմքը՝ Սահմանադրությունը, որը հղում է անում ՀՀ անկախության հռչակագրին եւ Արցախի ու Հայաստանի միավորման մասին 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշման։ Անտեսվում է նաեւ հռչակագրի հղումը ցեղասպանության եւ դրա հետեւանքների վերացմանը։ 

Եթե Հայաստանում սահմանների հարցով հանրաքվե լինի, դա այս հանրապետության վերջը կլինի։ 

Հրդեհ Ազովի նավթի պահեստում․ Հայկազովի պայթյունի արձագանքը դեռ երկար կհնչի

ՌԴ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Ազովում բռնկված հրդեհը մարում են ավելի քան 70 հրշեջ, 21 միավոր տեխնիկա և մեկ հրշեջ գնացք։

Նախարարության լրատվական ծառայության հրապարակման մեջ չի նշվում, թե ինչն է եղել հրդեհի բռնկման պատճառը։ Ռոստովի մարզի նահանգապետը և տեղական այլ աղբյուրներ հայտնել են, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ազովում նավթի տանկերին։

Տեղի բնակիչները լսել են առնվազն հինգ պայթյուն, գրել է «Սա Ռոստովն է» հեռագրային ալիքը։

ՌԴ ԱԻՆ-ը հայտնում է, որ հրդեհի մակերեսը կազմում է 5000 խմ՝ այդպիսով տարածքը չափելով ծավալի միավորներով։ Նախարարության տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան։

Ռուսական զորքերի առնվազն լուռ ներկայությամբ, իսկ ավելի հավանական է՝ ակտիվ մասնակցությամբ 2023 թ․ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտ՝ Հայկազովում գտնվող բենզինի պահեստում տեղի է ունեցել պայթյուն, որի հետաքննությունը այդպես էլ չի իրականացվել։

Զոհվել է 200 մարդ, տասնյակ մարդիկ այրվածքներ են ստացել։

Այդ պայթյունը վերջին հարվածն էր, որից հետո հայերի՝ Արցախում ապրելու հնարավորությունը զրոյացավ։ Առնվազն՝ մինչեվ այնտեղ Բաքվի զորքերը գործում էին ռուսների հովանո ներքո։ Այդ պայթյունը նաեւ չստացված ծրագրի “վրեժն” էր․ նախատեսվում էր Արցախում պահել բնակչության մի մասը, իսկ մի քանի հարյուր տղամարդկանց “դատել” ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Սակայն ծանր որոշումների գնով այդ ծրագիրը չեղարկվեց, եւ տեղի ունեցավ պայթյունը, որը խլեց հիմնականում ջահել տղամարդկանց կյանքեր։ 

Ռուսաստանին թվում է, որ նա կխուսափի նման “սցենարներից”, սակայն Ուկրաինան արդեն համոզվել է այդ տակտիկայի արդյունավետության մեջ։ Եւ Հայկազովի պայթյունը դեռ երկար կկրկնվի Ռուսաստանում։         

Հարեմ, փող և սպանություն. Ի՞նչ է իմացել “Նախագիծը” Կադիրովի մասին

DW

Երկուշաբթի՝ հունիսի 17-ին, Project հրատարակությունը հրապարակել է լայնածավալ հետաքննական ֆիլմ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մասին, թե ինչպես է նա իշխանություն ձեռք բերել հանրապետությունում և ինչ հանցագործությունների մեջ կարող է ներգրավված լինել։ Լրագրողները խոսեցին նաև Չեչնիայում տասնյակ միլիարդավոր բյուջետային փողերի կանխիկացման սխեմաների և Կադիրովի անչափահաս աղջիկների հարեմի մասին, որոնցից մի քանիսը ծննդաբերեցին նրա երեխաներին: DW-ն ներկայացնում է հետաքննության որոշ փաստեր։

Ինչպես գրում է Project-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրներ, 1999 թվականի օգոստոսից Ռուսաստանի ղեկավարությունը ԱԴԾ-ի հետ միասին ընտրում է Չեչնիայի նոր ղեկավարին։ Բանակցություններն ընթանում էին այդ տարիների «գլխավոր չեչեն գանգստեր» Ռուսլան Ատլանգերիևի բնակարանում։ ԱԴԾ-ից դրանց մասնակցել է ծառայության փոխտնօրեն Գերման Ուգրյումովը, իսկ Կրեմլից՝ վարչակազմի ղեկավարի տեղակալ Վլադիսլավ Սուրկովը։ «Գործընթացը ղեկավարում էին այն ժամանակվա վարչապետ Վլադիմիր Պուտինը և նրա քարտուղար Իգոր Սեչինը»,- գրում է Project-ը։

Ընտրությունը, ի վերջո, ընկավ Ախմաթ Կադիրովի վրա, որի հետ Պուտինն անձամբ քննարկեց Չեչնիայում իշխանությունն իրեն փոխանցելու պայմանները։ Բանակցությունների ընթացքում Կադիրովին Կրեմլի կողմը անցնելու դիմաց առաջարկվել է մեծ քաղաքի “կրիշա”, 5 միլիոն դոլար կանխիկ գումար և Սոչիում գտնվող հարուստ տուն», – ասում են Project-ի աղբյուրները: Հրատարակության զրուցակիցը, ով այդ ժամանակ աշխատում էր Կրեմլում, պնդում է, որ ի սկզբանե Մոսկվան չէր նախատեսում ժառանգաբար փոխանցել իշխանությունը Չեչնիայում, սակայն ամեն ինչ փոխվեց 2004 թվականին Ախմատ Կադիրովի սպանությունից հետո։ Նրա որդին՝ Ռամզանը, ով ղեկավարում էր հոր անվտանգությունը, այդ պահին Մոսկվայում էր։

Շարունակությունն  այստեղ 

Փաշինյանը գնաց Սյունիք՝ «միջանցք» բացելու

Մինչ Հայաստանում ընթանում է ներքաղաքական կրկեսը, մեկնարկում է Հայաստանը «միջանցքներով» մասնատելու գործընթացը։

Հնարավոր է, որ սահմանազատման հաջորդ փուլը սկսվի Սյունիքից, բայց դա կարող է տեղի ունենալ ցանկացած այլ տարածքում, ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Երեկվանից Սյունիքի մարզում եմ։ Ակնհայտ է, որ մեր ժողովրդի համար պարզ է խաղաղության օրակարգը, իրական Հայաստանի օրակարգը։ Այս համատեքստում սահմանազատման և այլ հարցերը դառնում են աշխատանքային»,- նշել է Փաշինյանը։

Փաստորեն, Փաշինյանը իր միջազգային “գործընկերներին” վստահեցնում է, որ Սյունիքում չեն ունենա նույն խնդիրները, ինչ Տավուշում, թեև Տավուշում էլ շատ խնդիրներ չեն եղել՝ դժգոհներին թույլ են տվել գոլորշի բաց թողնել Երևանում, իսկ «գետնի վրա» անարգել «սահմանազատում» է իրականացվել։ Հիմա Սյունիքում պետք է միջանցք բացել, բայց այս անգամ Փաշինյանը նախապես գնաց՝ տեղացիների «դոբրոն» ստանալու համար։

Եթե ​​դիտարկենք Փաշինյանի խոսքերը նրա այն հայտարարությունների համատեքստում, թե տարածաշրջանում հաղորդակցությունները կարող են բացվել մինչև «խաղաղության պայմանագրի» ստորագրումը, ապա նրա այցը Սյունիք կարող է Հայաստանի «բացման» նախապատրաստություն լինել։

Փաշինյանը Սյունիք գնաց այն բանից հետո, երբ Հայաստան ժամանեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը, ով ասաց, որ Կենտրոնական Ասիայից Միջերկրական ծով միջանցք բացելու փոքր պատուհան կա, և այս միջանցքը, ըստ ամենայնի, պետք է անցնի Հայաստանի տարածքով։

Ոչ ոք չի խոսում կոնկրետ երթուղու մասին, եւ հավանական է՝ միջանցքի ռազմավարական նշանակությունն ավելին է, քան կոնկրետ նախագծի արդյունավետությունը։ Ոչ ոք հստակ չգիտի, թե ով և ինչպես է վերահսկելու Հայաստանի ճանապարհները, որոնք Փաշինյանը պատրաստվում է բացել. Արամ Սարգսյանի միջոցով «արտահոսք» է տրվել, որ երրորդ երկրների կազմակերպություններ կարող են հրավիրվել վերահսկողությունն իրականացնելու համար, իսկ թե ով է վճարելու նրանց և հանուն ինչի, նույնպես հայտնի չէ։

Այսպես թե այնպես, դատելով ռուս փորձագետների հայտարարություններից, Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ զորքերի կողմից վերահսկողության հարցը կարծես հանվել է օրակարգից։ Բայց Ռուսաստանում ասում են, որ Թուրքիան է վերահսկելու միջանցքը, և դա Մոսկվային ձեռնտու է։

Մի շարք երկրներում, ցավոք, և Հայաստանում նույնպես մեծ ոգևորություն չկար այն առթիվ, որ Ռուսաստանը ինչ-որ կերպ վերահսկի Հայաստանի տարածքով Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև լոգիստիկ երթուղին։ Այս մասին հունիսի 12-ին հայտարարել է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Ռազմական տնտեսագիտության եւ ռազմավարության ինստիտուտի գիտական ​​ղեկավար Դմիտրի Տրենինը։

«Այս փուլում միջանցքը, ամենայն հավանականությամբ, կհայտնվի թուրքական ազդեցության տակ, չնայած այն հանգամանքին, որ Միացյալ Նահանգները հանդես կգա որպես իբր անկախ դերակատար, իբր բարեկամական երկիր  երկու կողմերի համար, բայց իրականում Թուրքիայի առաջնահերթ շահերի օգտին։ Միացյալ Նահանգները Անկարային տրամադրում է գործողությունների ազատություն. ԱՄՆ-ի համար բացարձակապես ձեռնտու է Թուրքիայի կողմից վերահսկողությունը. Ամերիկայի համար Թուրքիան կարևոր է այլ ուղղություններով»,- նշեց փորձագետը։

Նա չասաց, որ Ռուսաստանը դեմ կլինի, որ Թուրքիան վերահսկի միջանցքը, և որ Թուրքիան կարևոր չէ Ռուսաստանի համար։ Թեև բոլորի համար պարզ է. Մոսկվան ամեն ինչ արել է, որպեսզի մինչև իր՝ Հարավկովկասյան տարածաշրջանը լքելը այն փոխանցվի թուրքական վերահսկողության տակ։ Եւ մինչ այդ մնացել է հինգ րոպե։

Արծվիկ Մինասյանը չբացառեց, որ կդիմեն Սահմանադրական դատարան

Խորհրդարանական ընդդիմությունը կշարունակի տարբեր նախաձեռնություններով հանդես գալ, Ազգային ժողովում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՔՊ կողմից ԱԺ արտահերթ նիստը բոյկոտելուն։

«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները արտահերթ նիստ էին հրավիրվել՝ քննարկելու «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» ուղերձի նախագիծը, բայց ՔՊ-ն չմասնակցեց նիստին, քվորում չապահովվեց։

Արծվիկ Մինասյանը չբացառեց, որ ընդհուպ կդիմեն Սահմանադրական դատարան, հիմա քննարկումներ են իրականացնում։ «Մենք ունենք տարբեր սցենարներ, եւ բոլոր այդ սցենարներում մեր գլխավոր խնդիրը մեր ժողովրդի հստակ մեծամասնության աջակցությամբ նոր իշխանություն ձեւավորելն է»,- ասաց Մինասյանը։

«Արձանագրենք, որ ՔՊ-ն, ինչպես կանխատեսում էինք, շարունակում է իր հակասահմանադրական ընթացքը։ Սա ոչ այլ ինչ է, քան սահմանադրական կարգը տապալելու փորձ։ Եթե նիկոլական իշխանությունը շարունակում է այս վարքագիծը, այսինքն՝ սահմանադրական կարգի տապալումը, ուրեմն մեզ մնում է վերականգնել սահմանադրական կարգը։ Սահմանադրական կարգի վերականգնման բոլոր սցենարները, որոնք կբերեն ՀՀ ժողովրդի իշխանության վերականգնմանը, ընդունելի են»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

ԱԺ արտահերթ նիստը, որտեղ պետք է քննարկվեր կառավարության հրաժարականը, չկայացավ

ԱԺ արտահերթ նիստը, ինչպես եւ սպասվում էր, չկայացավ, քանի որ ՔՊ խմբակցությունը չմասնակցեց, եւ քվորում չապահովվեց։ Քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր, որ ներկայանար 54 պատգամավոր, բայց գրանցվել էր 34 պատգամավոր։

«Ինչո՞ւ պետք է գայինք ու ուղերձ ընդունեինք, մեր ժողովուրդը ՀՀ գործող վարչապետին եւ գործող կառավարությանը վստահում է, եւ նման հարց քննարկելու որեւիցե պատճառ մենք չենք ունեցել եւ չունենք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ինչպես նաեւ 2026 թվականի համապետական ընտրությունների ժամանակ կգան իրենց քվեարկությունը կանեն։ Մենք վախենալու ոչ մի բան չունենք, ուղղակի ինչո՞ւ պիտի ժամավաճառությամբ զբաղվենք եւ սպասարկենք ընդդիմության կեղծ օրակարգը, որով ինքը փորձում է արդարացնել իր այստեղ գտնվելը»,- լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։