Ցեղասպանություն Ոսկեպարում, որը կատարվել է 33 տարի առաջ խորհրդային բանակի եւ ադրբեջանական օմոնի կողմից. Greek City Times

Հունական «Greek City Times» թերթը հրապարակել է հոդված հայկական Ոսկեպարի մասին՝ ներկայացնելով 90-ականների պատմական իրադարձությունները եւ ականատեսների հիշողությունները։

1991թ. մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը խորհրդային զորքերի 4-րդ բանակի ստորաբաժանումները, որոնք տեղակայված էին Խորհրդային Ադրբեջանի տարածքում, եւ ադրբեջանական օմոնը ուղղաթիռների, տանկերի եւ ծանր հրետանու կիրառմամբ փակեցին Խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի մուտքերը եւ մտան գյուղ։

Նշվել է, որ գյուղ մտած խորհրդային բանակի ստորաբաժանումները եւ ադրբեջանական օմոնը պայթեցրել են մեկ ավտոմեքենա, ինչի հետեւանքով զոհվել են երկու եւ ծանր վիրավորվել յոթ խաղաղ բնակիչներ։

Իմանալով Ոսկեպարում կատարվածի մասին՝ ոստիկանության Նոյեմբերյանի շրջանային ոստիկանության 20 աշխատակիցներ եւ երեք խաղաղ բնակիչներ փորձել են թափանցել գյուղ անտառով, որպեսզի պաշտպանեն բնակիչներին։ Նրանցից տասնմեկին գազանաբար սպանել են, իսկ մյուսները բռնվել են եւ տարվել Ադրբեջանական ԽՍՀ Կիրովաբադ (Գանձակ, Գյանջա) քաղաքի բանտ, որտեղ մահացել են եւս երեքը։ Խորհրդային զորքերի ստորաբաժանումները գրավել եւ ադրբեջանցիներին են հանձնել նաեւ 45 հայ միլիցիոներների, որոնք գյուղում էին եւ պաշտպանում էին այն, նրանք եւս ենթարկվել են կտտանքների ադրբեջանական բանտում։

Մայիսի 8-ին խորհրդային բանակի գնդակոծության հետեւանքով զոհվել են Ոսկեպար գյուղի եւս երեք խաղաղ բնակիչներ։

Ոսկեպար տանող ճանապարհն այսօր տարբերվում է անցյալից։ Արթնացող բնությունը՝ ծաղկող ծառերով, առատ կանաչությամբ եւ թեթեւ քամով, բնավ չի համապատասխանում այն մռայլ օրվա մթնոլորտին, երբ տարիներ առաջ կատարվեց հանցագործությունը։

33 տարի առաջ՝ 1991թ. մայիսի 6-ի արշալույսին ոստիկանության Նոյեմբերյանի բաժանմունքը եւ նրանց երեք ընկերները ծուղակն ընկան, որը կազմակերպել էին խորհրդային բանակն ու ադրբեջանական օմոնը։

Պարբերականը մեջբերել է նաեւ ականատեսների հիշողությունները, որոնք պատմել են այդ ահավոր իրադարձությունների մասին։

1000 արցախցու արդեն ՀՀ քաղաքացիություն է շնորհվել

Հայաստանում հաշվառում ստացած արցախցիների թիվն արդեն գերազանցում է 82 հազարը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը։

«Այսինքն՝  շուրջ մեկ ամիս անց բոլորը կունենան ՀՀ հաշվառումներ, եւ իրենց սոցիալական իրավունքների իրացման խնդիր չեն ունենա։ Հետո կգա հաշվառման փոփոխության հարցը, հուսանք, որ մինչ այդ մենք որոշակի թվայնացում կունենանք եւ կկարողանանք ավելի արդյունավետ սպասարկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց»,-  նշեց Ղազարյանը։

Անդրադառնալով անձնագրային բաժանմունքների հերթերին՝ նա ասաց. «Դա կախված է այն ահռելի ծանրաբեռնվածության հետ, որը կարող ենք ճգնաժամային համարել մեր համակարգի համար։ 2023 թվականը մեր համակարգի համար եղել է ճգնաժամային տարի։ Խնդրում եմ, հաշվի առեք, որ համակարգում միանգամից ավելացել է 100-120 հազար մարդ, որոնց անհրաժեշտ է սպասարկել։ Եվ նրանց տեղակայվածությունը հիմնականում Երեւանում եւ երեւանամերձ մարզերում է։ Համակարգի կարողությունները շատ չեն փոխվել, բայց պահանջարկն աճել է  մի քանի անգամ»,- ասաց նա։

Բռնի տեղահանված արցախցիները, որոնք չեն կարողանում ամիսներ շարունակ հաշվառվել Հայաստանում, չեմ կարողացել ստանալ նաեւ իրենց թոշակները։ Հարցին, թե հաշվառվելուց հետո այդ մարդիկ կստանա՞ն իրենց նախորդ ամիսների թոշակները, Արմեն Ղազարյանը պատասխանեց, որ հարցի հասցեատերն ինքը չէ, դա պետք է պարզաբանի աշխատանքի եւ սոցիական հարցերի նախարարությունը։

Անդրադառնալով արցախցիների կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներին, Ղազարյանն ասաց, որ այսօրվա դրությամբ ստացվել է շուրջ 1500 քաղաքացիության դիմում, ՀՀ նախագահի հրամանագրով արդեն քաղաքացիություն է շնորհվել 1000 արցախցու։

«Մարդիկ միֆական պատկերացում ունեն, որ քաղաքացիություն ստանալու դեպքում որոշակի իրավունքներից կզրկվեն, բայց դա իրական չէ։ Քաղաքացիություն ստանալու պարագայում անձը որեւէ իրավունքից չի զրկվում, եթե չասենք, որ որոշակի հավելյալ իրավունքներ է ձեռք բերում, օրինակ, ընտրելու եւ ընտրվելու իրավունքը»,- հավելեց նա։

«Միության անդամների վրա ճնշում է գործադրվում, այսօր գրանցվել է նման դեպք»․ Բեգլարյան

Արցախի ժողովրդի շահերի եւ իրավունքների պաշտպանության միության ակտիվ անդամների վրա ուղիղ կամ անուղղակի ձեւով ճնշում է գործադրվում պետական մարմինների եւ իշխանությունների կողմից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 2-ին ասել է «Արցախի ժողովրդի շահերի եւ իրավունքների պաշտպանության միություն» հասարակական կազմակերպության ղեկավար, Արցախի նախկին պետքարտուղար Արտակ Բեգլարյանը։

Նա ավելացրել է, որ դա տեղի է ունենում նաեւ սպառնալիքների տեսքով։ «Բայց մենք ասել ենք, որ գործելու ենք բացառապես օրենքի շրջանակում»,- նշել է Բեգլարյանը։

Նա Հայաստանի իշխանություններին կոչ է արել զուսպ լինել, գործել բացառապես օրենքի շրջանակում եւ չփորձել անօրինական ճնշում գործադրել կազմակերպության անդամների վրա։  «Այսօր գրանցվել է նման դեպք»,- ընդգծել է նախկին պաշտոնյան։

Նրա խոսքով՝  պայքարի արդյունքում Հայաստանի կառավարությունը որոշ չափով վերանայել  եւ բարելավել է իր նախկին մոտեցումները։

«Եթե մեր պայքարի սկզբում հայտարարվում էր, որ ապրիլից էապես կրճատվելու են աջակցության ծավալները բնակվարձի փոխհատուցման հարցում, ապա մարտի վերջին հաստատվեց նոր որոշում մինչեւ տարեվերջ ծրագիրը երկարացնելու եւ շահառուների ցուցակում նաեւ 2020թ հարկադրյալ վերաբնակներին ներառելու մասին։ Սա կարեւոր արդյունք է, բայց կարեւոր շատ սկզբունքային հարցերում խնդիրները դեռ լուծված չեն։

Արցախի բնակիչների հետ հանդիպումներն արդեն ավելի ակտիվ են անցկացվում, բայց հաճախ տեսնում ենք, որ իշխանությունները ձեւացնում են հանրային քննարկումներ, քանի որ ներկայացուցչական բնույթ չեն կրում, ներառական բնույթ չեն կրում, դրանում ներգրավված չեն  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ փորձագետներ։ Սկզբում պետք է ներկայացված լիներ հանրային քննարկման նախագիծը, իսկ եթե դա չկա, ապա դա հանրային քննարկում չէ, այլ կարծիքների փոխանակում։ Կառավարությունը խուսափում է մեզ հետ հանդիպումներից»,- ասել է Բեգլարյանը։

Նա ավելացրել է, որ Փաշինյանը հայտնել է, որ Արցախի բնակիչները չեն ցանկանում Հայաստանի քաղաքացիություն վերցնել, քանի որ իբր չեն ցանկանում ծառայել բանակում։

«Նման խնդիր չկա։ Արցախցի հազարավոր զինվորականներ, որոնք եկել են Հայաստան անցած տարվա սեպտեմբերի վերջին եւ ցանկացել ծառայել ՀՀ ԶՈւ-ում, բախվել են բազմաթիվ բյուրոկրատական խնդիրների։ Թող իշխանությունները միջանկյալ լուծում գտնեն, եւ այդ ժամանակ կտեսնեն, որ արցախցիները պատրաստ են ծառայել Հայաստանի ԶՈւ-ում։ Մենք Հայաստանը մեր հայրենիքն ենք համարում»,- նշել է կազմակերպության ղեկավարը։

Նրա գնահատմամբ՝ քաղաքացիությունը փոխելը կարող է բացասական ազդեցություն ունենալ Արցախ վերադառնալու հեռանկարի վրա։ «Հայաստանի կառավարությունը պատասխանատվություն չի վերցնում Արցախ արցախցիների հավաքական վերադարձի համար։ Դա մեզ համար սկզբունքային խնդիր է»,- ընդգծել է նա։

Բեգլարյանը չի բացառել ապագայում եւս մեկ հանրահավաքի անցկացման հնարավորությունը։

«Երրորդ Արցախյան պատերազմում զոհված մարտիկների, զոհվածների եւ անհետ կորածների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ասրյանը, իր հերթին, կարծում է, որ իշխանությունները երկարացրել են ծրագրի ժամկետը (40 հազար դրամ + 10 հազար դրամ), քանի որ հասկացել են, որ հակառակ դեպքում կարող են բախվել արցախցիների դժգոհությանը՝ անկանխատեսելի հետեւանքներով։

«Նրանք այդ որոշումն ընդունել են մեր հանրահավաքն սկսելու նախորդ օրը։ Եթե Հայաստանի իշխանություններն իսկապես մտահոգված են Արցախի բնակիչների խնդիրներով, ապա ինչու են խուսափում մեզ հետ հանդիպումից։ Դա նշանակում է, որ նրանք ձեւացնում են»,- ասել է նա։

Ֆինանսավորման խնդրի լուծման համար Ասրյանն առաջարկել է ստեղծել ֆոնդ, որտեղ կարող են միջոցներ ներդնել ողջ աշխարհի հայերը եւ միջազգային կազմակերպությունները։

«Քաղաքացիության հարցը կառավարությունը մշտապես դարձնում է շահարկումների առարկա՝ բազմաթիվ խոչընդոտներ ստեղծելով։ Ես չեմ հավատում Հայաստանի իշխանությունների խոսքերին այն մասին, որ եթե արցախցիները վերցնեն, ինչպես իրենք են ասում, քաղաքացիություն, ապա աջակցության ծրագրերը չեն կրճատվի»,- նշել է նա։

Ասրյանը հիշեցրել է Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»։

«Եթե համեմատենք Հայաստանի իշխանությունների հայտարարություններն այն ժամանակ եւ հիմա, ապա տպավորություն է ստեղծվում, որ դրանք տարբեր մարդիկ են։ Ինչպե՞ս կարող ենք դրանից հետո վստահել նրանց»,- ամփոփել է հասարակական կազմակերպության նախագահը։

news.am

ՀՀ ՆԳՆ-ն արցախցիներին՝ դուք անցյալ չունեք

ՀՀ կառավարությունը արցախցիների հարցով խորացնում է օրենսդրական-իրավական խառնաշփոթը եւ անորոշությունը։ Շատերը դա վերագրում են կառավարության ոչ կոմպետենտությանը, կամ համարում են, թե կառավարությունն ինքն էլ չգիտի ինչ անի։ Եթե պատճառը այս հանգամանքները լինեին, ամիսների ընթացքում դրանք շտկված կլինեին։ Իրականում գործ ունենք լիովին գիտակցված ու համակարգված մի գործընթացի հետ, որի նպատակը արցախցիների խնդրի փոշիացումն է եւ նրանց Հայաստանի Հանրապետությունից հեռացնելը։

Արցախցիներին առաջարկում են ընդունել Հայաստանի քաղաքացիություն, այսինքն փոխել անձնագրերը, մասնավորապես 070 կոդը՝ հետագայում թոշակ եւ նպաստ ստանալու համար։ Նրանք, ովքեր չեն փոխել, պետք է վերցնեն «փախստականի թուղթ», որպեսզի կարողանան ճամփորդել։ Այս ընթացքում արտերկիր մեկնած արցախցիները ասում են, որ «փախստականի թուղթ» պահանջում են միայն հայ սահմանապահները, իսկ Եվրոպայում եւ այլուր՝ ոչ։ Այսինքն, արցախցիների` ՀՀ անձնագիրը ճանաչվում է արտերկրում։

Նրանք, ովքեր ցանկանում են կազմակերպություն հիմնել Հայաստանում եւ փոխում են անձնագիրը, կանգնում են մեկ այլ խնդրի առաջ․ նրանց նույնականացման քարտ չեն տրամադրում։ Երբ անձնագրային բաժանմունքում հարցնում են, թե ինչու չեն տրամադրում, նրանց պատասխանում են՝ համակարգը ցույց է տալիս, որ դուք անցյալ չունեք, կամ էլ պետք է գրված լինի «ադրբեջան»։

1919 թ․ Լենին-Աթաթուրք պակտով Արեւմտյան Հայաստանը նվիրաբերվեց Թուրքիային, իսկ 1921 թ․ Կարսի ռուս-թուրքական պայմանագրով Հայաստանի Հանրապետության տարածքի մեծ մասը՝ Կարսը, Արարատ լեռան շրջանը հանձնվեցին Թուրքիային, Նախիջեւանն ու Արցախը՝ Բաքվին։ Պայմանագրի գաղտնի հավելվածով, որպես երաշխիք, 1921-1923 թթ․ արդեն խորհրդայնացված Հայաստանում ռուս-թուրքական ստորաբաժանումներն իրականացրեցին տաճկահայերի մնացորդների ջարդերը․ սպանվեց մոտ 400 հազար հայ, մնացածը քշվեց Ռուսաստանի հեռավոր շրջաններ։

Ներկայում, Պուտին-Փաշինյան-Ալիեւ համաձայնություններով տեղի է ունենում նույնը․ որպես «Արցախի խնդրի փակման» երաշխիք՝ արցախցիներին պետք է հնարավորինս փոշիացնել ու հեռացնել Հայաստանից։ Դրա վկայությունը ոչ միայն կառավարության վերոհիշյալ մանիպուլյացիաներն են, այլեւ արցախցիների դեմ ստեղծվող նողկալի հոգեբանական մթնոլորտը, որն ակնհայտորեն հրահրվում է կառավարությունից՝ ցանցերում, վարսավիրանոցներում, տաքսիներում եւ աած-ական այլ ավանդական խողովակներով տարածվող «թեզերով»։

Արցախի հարցը չի փակվել եւ դեռ շատ ջրեր է տանելու։ Ռուսաստանը, Թուրքիան, Չինաստանը, ԱՄՆ-ն, Եվրոպան, որոնք համաձայնության են հասել Արցախի ցեղասպանության շուրջ, արդեն վճարում են եւ դեռ վճարելու են դրա համար, ընդ որում՝ չափազանց ծանր։ Չենք խոսում արդեն սրանց բութ գործիք Բաքվի, ինչպես նաեւ այս ծրագրերի առաջնորդող՝ երեւանյան իշխող խմբի եւ նրա ռուսամետ ու «արեւմտամետ» սպասարկու «ընդդիմադիրների» ճակատագրի մասին։

Քաղաքացիությո՞ւն, թե՞ ժամանակավոր պաշտպանություն

Step1.am-ի հարցերի պատասխանում է իրավաբան-իրավապաշտպան Անուշ Շահրամանյանը։

 -Ի՞նչ իրավունքներ է տալիս փախստականի կարգավիճակը արցախցիներին:

-Փախստականի կարգավիճակը իրավունք է տալիս ՀՀ-ում օգտվել սոցիալական պաշտպանության ծրագրերից, ինչպես նաև նպաստի և կենսաթոշակի իրավունք է տալիս: Այդ ամենից զատ փախստականի կարգավիճակ ունեցող անձինք անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեն: Պետությունը Հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով, որը պատկանում է  Փաստաբանների պալատին, անվճար իրավաբանական օգնություն է տրամադրում փախստականի կարգավիճակ ունեցող անձանց:

Նրանք ունեն նաև անվճար բժշկական ծառայություններից օգտվելու իրավունք` պետական բժշկական հաստատություններում:

Անշարժ գույքի ձեռք բերման մասով կարող ենք ասել, որ նրանք ունեն վարձակալության, ինչպես նաև անշարժ գույք ձեռք բերելու իրավունք:

Եթե խոսենք ընտրությունների մասին, ապա նրանք չեն կարող մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին, բայց 1 տարի հաշվառում ունենալով համայնքներում, կարող են մասնակցել ՏԻՄ ընտրություններին:

Հաջորդ հարցը, որը շատ հաճախ բարձրացվում է մեր հայրենակիցների կողմից, վերաբերում է նրան, թե ինչով է տարբերվում քաղաքացիություն ստանալը փախստականի կարգավիճակից: Քաղաքացիները կարող են աշխատանքի անցնել հանրային ծառայության ոլորտում, որը ամրագրված է Սահամանադրությամբ, և իհարկե ունեն ընտրելու և ընտրվելու իրավունք: Մեր հայրենակիցներից շատերը դեռ չեն վերցրել վկայականները, ճիշտ է, մենք, ըստ օրենքի ժամանակավոր պաշտպանության ներքո ենք, և մեզ փախստականի կարգավիճակ է տրվել, բայց ՀՀ-ից դուրս գալու և  ՀՀ մուտք գործելու համար պետք է փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ:

Ծրագրերի մասով պետք է նշեմ, որ դեռևս չկա մի այնպիսի ծրագիր, ըստ որի եթե անձը ստացել է քաղաքացիություն, զրկվում է այդ ծրագրից:

-Իսկ արդյո՞ք փախստականի կարգավիճակ ունեցող անձինք կարող են փախստականի  կարգավիճակ ստանալ այլ երկրներում

-ՀՀ-ն համարվում է ապահով երկիր, որն ընդունել է Արցախից փախստականների և նրանց տվել է ժամանակավոր պաշտպանություն, և իհարկե, այլ երկրում չեն կարող նորից փախստականի կարգավիճակ պահանջել․ նրանք հանդիսանում են հենց ՀՀ-ի կողմից ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք 3-րդ անվտանգ երկրում, այսինքն մենք ՀՀ-ի կողմից ռասայական, կրոնական խտրականության չենք ենթարկվում, չենք հետապնդվում և այլն:

-Իսկ ինչպե՞ս կբացատրեք այն փաստը, որ մեծամասնությունը չի դիմում քաղաքացիություն ստանալու համար:

-Բնականաբար դա այդպես է, մարդիկ մտածում են, որ յուրաքանչյուր պահի կարող են դիմել, բայց նրանք մտավախություն ունեն, որ հնարավոր է լինի ինչ-որ ծրագիր կոնկրետ փախստականների համար, եթե նույնիսկ հիմա այդպիսի ծրագրեր չկան: Թեպետ ՀՀ-ի կառավարությունը մի քանի անգամ նշել է, որ այդպիսի ծրագրեր չեն լինելու, բայց մարդիկ միևնույն է ունեն մտավախություններ:

Ալվարդ Գրիգորյան

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Կութի եւ Տեղի հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-ից 22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը  00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ուղղություններում խախտումներ չեն արձանագրվել:

Իրանական գեներալները սպանվել են Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման հետևանքով։ Իրանը խոստանում է պատասխանել Իսրայելին

RFI

Սիրիական SANA գործակալությունը, վկայակոչելով ռազմական աղբյուրը, հայտնում է, որ ապրիլի 1-ին, տեղական ժամանակով մոտ 17:00-ին, Գոլանի բարձունքներից իսրայելական ինքնաթիռները հարձակվել են Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա։ Աղբյուրը մանրամասնում է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են հրթիռների մի մասը։

Գերատեսչությունից հայտնել են, որ շենքում գտնվող բոլորը կա՛մ սպանվել են, կա՛մ վիրավորվել:

Իրանի արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրությանը կոչ է արել «լուրջ արձագանքել» Իսրայելի հարվածներին։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավարն ասել է, որ «Իրանը համապատասխան պատասխան կտա» այս հարձակմանը, հաղորդում է իրանական պետական ​​IRNA գործակալությունը։

Իսրայելը հրաժարվել է մեկնաբանել միջադեպը։ «Մենք չենք մեկնաբանում արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդագրությունները», հաղորդում է Reuters-ը:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարվածի հետևանքով զոհվել է իր յոթ անդամ, այդ թվում՝ երկու գեներալ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության համաձայն՝ զոհվածների թվում են ԻՀՊԿ-ի «Ղուդս» ուժերի բարձրաստիճան անդամներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների տակ էր՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ, նշում է BBC-ն։

Իրանական հեռուստատեսությունը հայտնել է նաև, որ հարձակման հետևանքով մի քանի իրանցի դիվանագետներ են սպանվել, հայտնում է Reuters-ը։ Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հաղորդել է ութ մահվան մասին, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան պաշտոնյաների:

Իսրայելը նախկինում էլ է հարվածներ հասցրել սիրիական տարածքին՝ Բաշար ալ-Ասադի ռեժիմի, իրանամետ խմբավորումների դիրքերին և իրանական թիրախներին Սիրիայում 2011 թվականին այս երկրում պատերազմի սկզբից ի վեր։ Հարձակումները հաճախակիացան հոկտեմբերի 7-ից հետո, երբ ՀԱՄԱՍ խմբավորումը լայնածավալ արյունալի ահաբեկչություն իրականացրեց Իսրայելի տարածքում, որից հետո Իսրայելը պատերազմ սկսեց Հեզբոլլահի և Համասի հետ։ Իսրայելը հազվադեպ է մեկնաբանում Սիրիայի տարածքին հարվածները, սակայն բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա Իրանին ուժեղացնել իր դիրքերը Իսրայելի սահմանների մոտ։

Վերլուծաբաններն ասում են, որ Իսրայելը, որը վեց ամիս շարունակ չի կարողանում ստիպել Իրանին ուղղակիորեն միջամտել Գազայի հատվածի պատերազմին, հիմա հուսահատ փորձեր է անում պատերազմը տարածել դեպի Իրան՝ ներգրավելով նաեւ արևմտյան երկրներին: ԱՄՆ վարչակազմը լարել է հարաբերությունները Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ, ում դեմ Իսրայելում վերսկսվել են բողոքի ցույցերը։

Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա սադրիչ հարվածը կարող է ազդել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի ընթացքի վրա։

Բաքվի բանտում գտնվող Արայիկ Հարությունյանի հարցազրույցի ցուցադրությունը հետաձգվել է քաղաքական նպատակներով․ Սահակյան

Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ ֆիլմի ցուցադրությունը հետաձգվել է քաղաքական նպատակներով։ Այս մասին երեկ հրավիրած ասուլիսում ասել է փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

«Մեր գնահատմամբ պատճառը քաղաքական է, նրանք հետեւում են ներկա քաղաքական զարգացումներին, որոնք տեղի են ունենում տարբեր կենտրոնների հովանու ներքո։ Նման իրավիճակում նպատակահարմար չի եղել այդ ֆիլմի ցուցադրումը, բայց կարծում եմ՝ այլ պայմաններում, այլ ժամանակահատվածում նմանատիպ ֆիլմեր ցուցադրվելու են»,- ասաց նա։

Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ Բաքվի նպատակը բացառապես քարոզչական է։ «Այստեղ նարատիվներ կան, որոնք Ադրբեջանը բազմիցս առաջ է քաշել Արցախի հետ կապված այս ղեկավարների ներգրավման մասով։ Կարծում եմ՝ այս հարցազրույցների միջոցով նրանք փորձում են հիմնավորել ադրբեջանական թեզերը»,- ասաց նա։

Փաստաբանը հայ հանրությանը կոչ արեց չտրվել այդ սադրանքներին․ «Մենք չենք կարող ադրբեջանական տեղեկատվության անմիջական եւ ուղիղ սպառող լինել։ Ես ականատես եմ եղել դեպքերի, երբ ինքնախոստովանական որոշ ցուցմունքներ, որոնք հրապարակային տրվել են մեր գերիների կողմից, հանգեցրել են այնպիսի հանրային քննարկման, երբ այդ անձինք անվանվել են դավաճաններ եւ այլն։ Կամ այդ հանրային քննարկումներն այլ ուղիով են ընթացել՝ առանց հաշվի առնելու, որ այս անձինք գտնվում են կյանքի անմիջական սպառնալիքների ներքո։ Եվ նրանց ասածը միջազգային իրավունքի ներքո չունի որեւէ ապացուցողական նշանակություն։ Այսինքն՝ մենք տրվել ենք այդ սադրանքին եւ մեր ներքին հանրային քննարկումները ծավալել ենք այն ուղիով, ինչը գտնվել է ադրբեջանական պլանի շրջանակում»։

Տեղի է ունեցել ՀՅԴ Արցախի կազմակերպական կառույցի շրջանային ժողովը, ներկայացուցիչ է ընտրվել Արա Պուլուզյանը

Երեւանում կայացել է ՀՅԴ Արցախի կազմակերպական կառույցի 28-րդ շրջանային ժողովը։ Ժողովը մեկ անգամ եւս հաստատել է, որ ՀՅԴ-ն բոլոր միջոցներով սատար է կանգնելու Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությանը եւ ինքնորոշման իրավունքի վերականգնմանը։ ՀՅԴ-ն բոլոր հարթակներում  շարունակելու է ներկայացնել Արցախի հիմնահարցի էությունն ու արցախցիների՝ հայրենիք հավաքական վերադարձի անժամանցելի իրավունքը։ Շարունակելու է իր համագործակցությունը Արցախի Հանրապետության իշխանությունների եւ քաղաքական ու հասարակական բոլոր այն ուժերի հետ, որոնք իրենց օրակարգում են պահում վերոհիշյալ հարցերը։

Ժողովը իր աշխատանքների ավարտին ընտրել է Կենտրոնական կոմիտեի 7 հոգանոց կազմ։ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ է ընտրվել Արա Պուլուզյանը, հայտնում է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն։

Բաքուն հրաժարվում է շփվել ԵՄ դիտորդների հետ

Հայաստանում ԵՄ առաքելությունը կարևոր գործառույթ է իրականացնում թափանցիկության ապահովման գործում։ Այն բաց է Ադրբեջանի հետ համագործակցության համար: Դրա մասին սոցցանցերում գրել է Վրաստանի և Հարավային Կովկասի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Եթե կան մտահոգություններ, դրանք պետք է լուծվեն անվտանգ միջավայրում, ինչպես դա ապահովում է Վրաստանում ԵՄ առաքելությունը՝ բոլոր կողմերի հետ կանոնավոր շփումներով»,- գրել է Կլաարը։

Առաջին Զատիկը տարագրության մեջ․ ուզում ես խոսել հայրենակցիդ հետ հայրենի բարբառով, հարցնել՝ ինչպես ես տեղավորվել

Արցախում Սուրբ Զատիկը նշվում էր եկեղեցական բոլոր կանոնների համաձայն՝ եկեղեցական արարողությունների հաճախում, զատկական սեղան, գունավոր ձվեր, բարեմաղթանքներ։ Այնուհետև սկսվում էին այցելությունները հարազատներին և ճամփորդությունները դեպի տեսարժան վայրեր: Վերջին տարիներին առանձնահատուկ ակնածանքով էին պահպանվում ազգային ավանդույթները՝ ձվակռիվները ու հայկական այլ խաղերը։

Առաջին Զատիկը տեղահանության մեջ։ Չորս պատի մեջ նստելը հոգեբանորեն անհնար է։ Խնջույք կազմակերպել, հյուրեր հրավիրել, ուտել և խմել կամ ավանդական ուտեստներ պատրաստել ցանկություն չկա: Ուզում ես ուղղակի հայրենակցիդ հետ խոսել հայրենի բարբառով, հարցնել, թե ինչպես են տեղավորվել, եւ մաղթել հույսը չկորցնեն: Ուստի Զատկի պատարագից հետո եկեղեցու տարածքից դուրս չես գալիս։

Զատիկի օրը Խոր Վիրապը մարդաշատ էր. զբոսաշրջային սեզոնը բացվել է․ տարբեր ռասաների դեմքեր, ամբողջ օրը ավտոկայանատեղին լեփ-լեցուն է՝ մեկը հեռանում է, մյուսները՝ գալիս։

Դանդաղ քայլելով՝ ակամա փնտրում ես «յուրայիններին»՝ արցախցիներին։ Նույնիսկ եթե չես ճանաչում, անմիջապես տեսնում ես՝ Արցախից է․ դեմքի անհանգստ արտահայտություն, մտահոգ հայացք։ Հավանաբար այսպիսի տեսք ունեն երկրագնդի բոլոր փախստականները:

«Անկախ նրանից, թե ով ենք մենք՝ Արցախից, Երևանից, թե մեկ այլ տեղից, բոլորս գալիս ենք Արարատը տեսնելու։ Նայում ենք Արարատ լեռան վրա, հետո շրջվում դեպի Արցախ։ Մտածում եմ՝ իսկապե՞ս մենք նույն կարոտով ենք նայելու Արցախին և պատմական հայկական այլ տարածքներին, ինչպես հիմա նայում ենք Արարատին, Նախիջևանին, Արևմտյան Հայաստանին։ Ափսոս, որ աշխարհը մեզ ընկալում է որպես մի ազգ, որն ընդունակ է միայն կորցնել։ Դարերի ընթացքում առաջին անգամ մենք ազատագրեցինք հայկական հողերը, վերադարձրինք Արցախը, բայց 30 տարի անց հետ տվեցինք։ Եվ ամեն ինչ այն պատճառով, որ մենք մոռացել ենք ազգային գաղափարը՝ նախընտրելով ապրել սպառողական կյանքով և հեշտությամբ զոհաբերելով սերունդներ, որոնք ունակ են ինչ-որ բան փոխել։ Ինչպես դա արվեց 44-օրյա պատերազմում»,- կարծիք հայտնեց ՀԱԵ ծխական Սուրեն Սարումյանը։

Ալվարդ Գրիգորյան

Արցախցիների արտագաղթը Հայաստանից ավելանում է․ մի ընտանիքի պատմություն

Հարություն և Ռուբեն Թովմասյանները եղբայրներ են։ 2023թ-ի սեպտեմբերին բռնի տեղահանվել են Արցախից և հաստատվել Երևանում։ Հիմա որոշել են իրենց ընտանիքներով հեռանալ երկրից։ Տոմսերն արդեն գնված են, ճամպրուկները՝ պատրաստ։ Մեկնում են Ռուսաստանի Ռյազան քաղաք, որտեղ ապրում է իրենց հորաքույրը։

Կրտսեր եղբայրը՝ Ռուբենը, վերջին 10 տարվա մեջ 3 պատերազմի է մասնակցել՝ Ապրիլյան քառօրյային, Արցախյան 44-օրյային և 2023 թ․-ի սեպտեմբերի 19-20-ի մարտերին։ Երկրից հեռանալու որոշումը դժվար է կայացրել, երկար է մտածել, երկմտել։

«Գրեթե 6 ամիս է, ինչ տեղահանվել ենք Արցախից։ Պարապ չեմ նստել։ Ընտանիքս պահելու համար ցանկացած աշխատանք արել եմ, բայց վարձատրությունը շատ քիչ է, ստիպված մեկնում եմ․․․

Հույս ունեմ, որ բարեկամներիս օգնությամբ աշխատանք կունենամ ու կկարողանամ ոտքի կանգնեցնել ընտանիքս, չնայած գիտեմ, որ այնտեղ ևս հեշտ չի լինելու։»

Ծնողները դժվարությամբ են հաշտվել որդիների՝ երկրից հեռանալու որոշման հետ։ Երեխաները, թոռները միշտ իրենց կողքին են եղել, շատ կապված են նրանց հետ։

«Մեր մեծ ընտանիքը կիսվում է, դժվար կլինի դիմանալ կարոտին, – ասում է հայրը՝ Սուրեն Թովմասյանը, և դառնությամբ ավելացնում Կարծում եմ՝ շատ ընտանիքներ կհեռանան Հայաստանից»։

ՀՀ կառավարության պաշտոնական տվյալների համաձայն՝ 2023 թվականի սեպտեմբերից մինչև մարտի 4-ը Հայաստանից հեռացել է ղարաբաղյան գրանցմամբ 13619 քաղաքացի, վերադարձել է միայն 5794-ը։ Փաստորեն Արցախից  բռնի տեղահանված մոտ 8 հազար մարդ արդեն արտագաղթել է Հայաստանից, և այս թիվն ամեն օր ավելանում է։ Շատ ընտանիքներ սպասում են ուսումնական տարվա ավարտին՝  այլ երկիր մշտական բնակության տեղափոխվելու համար։

Արցախցիների՝ Հայաստանից հեռանալու պատճառները հիմնականում տնտեսական, սոցիալական  վատ պայմաններն են՝ աշխատանքի բացակայությունը, ցածր վարձատրությունը, առաջարկվող բնակարանային ապահովման ծրագրից  դժգոհությունը և այլն։ Արտագաղթին նպաստող խորքային հանգամանքը երկրի ներքին և արտաքին անկայուն վիճակն է և պատերազմի վերսկսման վտանգը։

Հեղինակ՝ Կարինե Բախշիյան