Պատերազմի ավարտը պետք է ֆիքսվի երկրորդ խաղաղության գագաթնաժողովում. Զելենսկի

Ուկրաինայի ղեկավարի հայտարարության համաձայն՝ Մոսկվային պետք է փոխանցվի խաղաղության ներկայիս գագաթնաժողովում համաձայնեցված գործողությունների ծրագիրը, որպեսզի պատերազմի իրական ավարտ արձանագրվի։

Այսպիսով, միջոցառմանը համաձայնեցված գործողությունների ծրագիրը կհաղորդվի Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներին, որպեսզի խաղաղության երկրորդ գագաթնաժողովի ընթացքում հնարավորություն լինի արձանագրել պատերազմի իրական ավարտը։ Ելույթ ունենալով Գլոբալ խաղաղության գագաթնաժողովի առաջին լիագումար նիստում, Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Զելենսկին նշել է. «Ինչպես մենք բոլորս տեսնում ենք, Ռուսաստանը հիմա այստեղ չէ։ Բայց եթե այս երկիրը շահագրգռված լիներ խաղաղությամբ, ապա պատերազմ չէր լինի։ Մենք բոլորս պետք է միասին որոշենք, թե ինչ է նշանակում արդար խաղաղություն աշխարհի համար: Պետք է նաև որոշում կայացվի, թե ինչպես կարելի է դրան հասնել։ Բայց բոլորիս հիմքը, իհարկե, ՄԱԿ-ի կանոնադրությունն է»։

Նախագահը նաև հավելեց, որ երբ գործողությունների ծրագիրն արդեն սեղանին լինի, բոլորի կողմից համաձայնեցված և ժողովուրդների համար թափանցիկ, այն կհաղորդվի ռուսական կողմին, որպեսզի նման երկրորդ խաղաղության գագաթնաժողովում պատերազմի իրական ավարտը լինի արձանագրված։ Ինչպես ընդգծել է Զելենսկին, պատերազմի գաղափարն արդեն իսկ պարտված է։ Սա նշանակում է, որ Պուտինը վերջնագրերի լեզվից պետք է անցնի համաշխարհային մեծամասնության լեզվին, որը ձգտում է հասնել արդար խաղաղության:

Փաշինյանը հաղթանակ է անվանել Արցախում պարտությունը և կոչ է արել նախապատրաստվել ընտրություններին

Այն, ինչ մենք բոլորս համարել ենք եւ համարում ենք պարտություն, այդ ամենը մենք հաղթանակի վերածելու հնարավորություն ունենք: Այս մասին Կապանում ՔՊ նախաձեռնող նիստին իր ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա մենք բոլորս անցնելով պարտության միջով  հնարավորություն ենք ստեղծել, որ երկիր մոլորակի վրա, շատ երկար ժամանակ` առաջիկա հարյուրամյակներում գոյություն ունենա Հայայստանի Հանրապետություն: Եւ մենք դեռ չենք հասկանում, թե սա ինչպիսի մեծ եւ ինչպիսի դարակազմիկ հաղթանակի հնարավորություն է մեզ համար, բայց մենք որպես կառավարող թիմ պետք է կարողանանք դա իրականացնել»,-ասաց նա:

Փաշինյանը նշում է, որ այս պետության լինելիությունը իրենց քաղաքական կամքն է, իրենց քաղաքական խելամտությունն ու խելացիությունը, իրադրությունը հասկանալու եւ դրանից բխող որոշումներ կայացնելու ունակությունը:

«Էս գաղափարախոսությամբ մենք 2026 թվականին պետք է գնանք մեր ժողովրդի մոտ եւ ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններով մենք պետք է եւս մեկ անգամ ստանանք ժողովրդի քվեն ոչ թե նրա համար, որ մենք կառչած ենք մեր աթոռներից, այլ նրա համար, որ կառչած ենք այս Հայաստանի Հանրապետությունից»,- ասել է նա:

«Մենք անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը համարում ենք բարձրագույն գործիք մեր երկրի, քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը, արդարությունը և երջանկությունն ապահովելու համար»,- ասել է նա։

«Ես համոզված եմ, որ հանրության մեջ այդ գաղափարախոսությունը դանդաղ, բայց հաստատուն կերպով արմատավորվում է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հետևյալի մասին է, որ մենք՝ բոլորս, ՀՀ ժողովուրդը, ՀՀ քաղաքացիները, ՀՀ պետական ինստիտուտները պետք է կենտրոնանան ահա այս Հայաստանի կարիքների վրա»,-ասել է նա:

«Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունները 2 բանի մասին կարող են խոսել՝ իրոք կա հրադադարի ռեժիմի խախտում կամ փորձում են էսկալացիա կամ էսկալացիայի ֆոն ստեղծել: Բոլոր դեպքերում մեր քաղաքական կամքը չէ եւ ես արդեն ասացի, որ մեր ՊՆ-ն հերքում է իրադրությունը: Եւ ես կարծում եմ, որ մենք ամեն անգամ կարողանանք պարզել իրադրությունը, վատ գաղափար չի լինի, որ հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձեւավորենք»,- ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ կողմերից կարող են ներգրավված լինել զինվորական դատախազները կամ այլ պաշտոնյաներ եւ իր կարծիքով սա աշխատող մեխանիզմ կարող է լինել:

800-ից ավելի արցախցիներ ցանկություն են հայտնել դառնալ բնակապահովման ծրագրի շահառու

Հասարակական գործիչ, Արցախի արհմիությունների ֆեդերացիայի ներկայացուցիչ Արա Ղահրամանյանն ասում է, որ ավելի քան 800 արցախցիներ արդեն ցանկություն են հայտնել դառնալ բռնի տեղահանվածների համար նախատեսված բնակարանային ծրագրի շահառու։

Միաժամանակ նա բացասաբար է գնահատել ՀՀ կառավարության առաջարկած բնակապահովան ծրագիրը՝ նշելով, որ «առաջադրված պայմանները չեն նպաստում արցախցիների կարիքների լուծմանը»։

«Հայաստանի քաղաքացիություն ընդունելու պայմանը պետք է հանվի, քանի որ արցախցիները վախենում են ամբողջությամբ կտրվել իրենց հայրենիքից և կորցնել վերադառնալու հնարավորությունը։ Հեռավոր բնակավայրերում բնակարան գնելու պայմանը նույնպես անընդունելի է, քանի որ շատ արցախցիներ արդեն որոշել են ապրելու վայրը, կարողացել են կազմակերպել իրենց կյանքը՝ գտնել աշխատանք, իրենց երեխաներին ընդունել դպրոցներ և համալսարաններ։ Ճիշտ չէ նաև այն պայմանը, որ միայն 10 տարի ապրելուց հետո միայն կարելի է դառնալ տան լիիրավ սեփականատեր։ Միանշանակ անընդունելի է, որ եթե ընտանիքի մեկ անդամ ունի անշարժ գույք, ապա ընտանիքի բոլոր անդամները զրկվում են պետական ​​աջակցություն ստանալու հնարավորությունից։ Օրինակ՝ մարդն իր պատանեկության ժամանակներից մեկ սենյականոց սեփականություն է ունեցել։ Հետո նա ամուսնացավ, երեխաներն արդեն չափահաս են, հիմա ծնողների հետ բոլորն ապրում են այս մեկ սենյականոց բնակարանում, բայց զրկված են ծրագրին մասնակցելու իրավունքից։

Ծրագիրը ձեռնտու է միայն բազմազավակ ընտանիքներին, ովքեր ցանկանում են զբաղվել գյուղատնտեսությամբ»։

Արհմիության ներկայացուցիչը հույս հայտնեց, որ կառավարությունը հնարավորինս արագ կհաստատի սոցիալական բնակարանների հարցը, քանի որ «նման ընտանիքները նույնպես շատ են»։

«Արցախում կային բազմաթիվ բազմազավակ ընտանիքներ, բայց կային նաև բազմաթիվ փոքր ընտանիքներ։ Հասկանալի է, որ միայնակները կամ տարեց ամուսնական զույգերը չեն կարողանա բնակարան գնել՝ օգտագործելով վկայագրերը»։

Ալվարդ Գրիգորյան

ԱՄՆ դավաճանում է ոչ միայն հայերին, այլեւ ինքն իրեն՝ նախագահ Վիլսոնին եւ նրա հիմնադրած աշխարհակարգը

Նախորդ շաբաթ Հայաստան ժամանած ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը բաց տեքստով հայտարարել է, որ «նոր աշխարհակարգը» Հարավային Կովկասի տարածաշրջանում ուղիղ կապված կլինի Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով առևտրային երթուղի կառուցելու եւ ռուսական ազդեցությունը կրճատելու հետ։

ԱՄՆ դեմոկրատական վարչակազմը, փաստորեն, դավաճանում է ինքն իրեն, քանի որ մեկ դար առաջ ԱՄՆ դեմոկրատ նախագահ Վիլսոնի առաջարկած «14 կետերն են» դարձել ժամանակակից աշխարհակարգի հիմքը։ Այդ կետերի մեջ էին նաեւ Ռուսիայի եւ օսմանյան կայսրությունների գաղութների ազատագրումը, ինչպես նաեւ «ազգերի ինքնորոշում» եւ «պետական ինքնիշխանություն» սկզբունքները։ Հենց նախագահ Վիլսոնն էր ներկայացրել Վճիռ, համաձայն որի Հայաստանին կարեւոր դեր էր հատկացվում տարածաշրջանում՝ ոչ մանր առեւտրային, այլ քաղաքակրթական։

Ռուսաստանն ու Թուրքիան օկուպացրեցին եւ սեպարատ պայմանագիր կնքեցին Հայաստանը բաժանելու մասին։ Պատմաբաններն ասում են, որ դա տեղի է ունեցել, քանի որ ԱՄՆ-ն այն ժամանակ դեռ գերտերություն չէր։

Հիմա, կարծես, գերտերություն է, բայց նպատակները ավելի են մանրացել՝ ինչ-որ ճանապարհի բացման համար նրանք պատրաստ են զոհաբերել քաղաքակրթություն։

Դա հնարավոր է, քանի որ Հայաստանի կառավարությունը կոչ է անում հայերին մոռանալ պատմական Հայաստանի մասին /քիչ հետո «պատմական» բառն էլ կհանվի/։

ԱՄՆ-ը 2023 թ․ սեպտեմբերի 17-ին մասնակցել է Պոլսում ՌԴ, Թուրքիայի եւ ԵՄ ներկայացուցիչների հետ գաղտնի ժողովին, որը եւ հաստատեց Արցախի օկուպացիան եւ բնիկ հայերի բռնի տեղահանումը։ Պայմանավորվել են, որ արմատները կհանեն Ռուսաստանի ձերքերով, եւ արեցին։ Ոչ մի երկիր, այդ թվում ԱՄՆ, չի դատապարտել «ուժային կարգավորումը», որը խոստովանել է Ալիեւը։

Արդյոք Ալիևի դեմ պատժամիջոցները մնո՞ւմ են սեղանին, Ջեյմս Օ’Բրայենն ասաց. «Մենք նշել ենք, որ անկախ քննություն ենք անցկացնելու սեպտեմբերին տեղի ունեցածի, նաև դրանից հետո շարունակվող հարաբերությունների շուրջ, և հիմա զբաղված ենք դրանով։ Պատասխանատու միջազգային կազմակերպությունները մուտք ունեն այդ վայրեր և կարող են մեզ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել»:

Մինչ այդ՝ անկախ քննության ավարտը, ըստ Օ՛Բրայանի, Վաշինգտոնում չունեն հստակ գնահատական՝ Ղարաբաղում տեղի ունեցածը գա՞ղթ էր, թե՞ էթնիկ զտում: Հարցին՝ համաձա՞յն է Վաշինգտոնը Ալիևի գնահատականին, որ ղարաբաղյան հակամարտությունն այլևս լուծված է, և անհրաժեշտ է հիմա լուծարել Մինսկի խումբը, փոխպետքարտուղարը արձագանքեց՝ դա մի հարց է, որի պատասխանը կողմերը պիտի տան։

Արմատները հանած են, հիմա եկել է մնացած Հայաստանի հերթը։ Ահա թե ինչ է ասել փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը Երեւանում՝ «Ազատության» հետ զրույցում․

«Սահմանազատման վերաբերյալ այս վերջին պայմանավորվածությունը որոշակի առևտուր էր. Հայաստանը գիտեր, որ պետք է հրաժարվի դրանցից, Ադրբեջանն էլ համաձայնեց սահմանազատման մի գծի, որը նրանք գիտեին, որ Հայաստանը կընդունի` Ալմա-Աթայի հռչակագիրը: Ուստի, յուրաքանչյուր կողմ գնաց փոխզիջման: Կարծում եմ, որ այս՝ նոր պահանջներ դնելու, ապա հավելյալ բանակցություններ անցկացնելու գործելաոճը ինչ-որ պահի պետք է դադարեցվի։ Ըստ իս՝ հաջող համաձայնագրի մոտավոր ուրվագիծն արդեն գիտենք: Եվ, հիմա, իսկապես, խնդիրն այն է, որ կողմերը ընդունեն՝ ժամանակն է համաձայնության գալ»։

«Մեր կարծիքով՝ սերնդի կամ գուցե մի քանի սերնդի ընթացքում մեկ անգամ լինող հնարավորություն կա Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով առևտրային երթուղի կառուցելու համար: Դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ դա կբացի ոչ միայն հիմնական առևտուրը, այլև նոր արդյունաբերությունները այդ երթուղու ողջ երկայնքով»։

«Ես նաև կարծում եմ, որ այժմ հիանալի պահ է, քանի որ այդ երթուղու երկայնքով ընկած երկրները ցանկանում են կրճատել ռուսական ազդեցությունը: Եվ ժողովրդավարական հանձնառությունը, որը մենք տեսնում ենք Հայաստանում, բարեփոխումները, որոնց հայ ժողովուրդը կրկին ու կրկին աջակցել է 2018 թվականից ի վեր, նշանակում են, որ Հայաստանը գտնվում է մի փուլում, երբ կարող է նման որոշում կայացնել»:

Բաքուն վերջին պահին հրաժարվել է մասնակցել Զելենսկու գագաթնաժողովին

Շվեյցարիայում Խաղաղության համաշխարհային գագաթնաժողովին մասնակցող երկրների թիվը վերջին պահին կրճատվել է։ Ադրբեջանն անսպասելիորեն հրաժարվեց մասնակցել միջոցառմանը, թեև նախապես խոստացել էր մասնակցել։ Այս մասին հայտնի է դարձել Շվեյցարիայի կառավարության հրապարակած մասնակիցների վերջնական ցուցակից, հայտնում է Dialog.UA-ն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ խաղաղության գագաթնաժողովին Ադրբեջանը կներկայացնի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունը։ Սակայն վերջին պահին այդ պլանները չեղարկվել են, հաղորդում է Dialog.UA-ն։

Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարի 22-ին՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի նախորդ օրը, Պուտինն ու Ալիևը ստորագրել են ռազմավարական համագործակցության համաձայնագիր։

Օրերս Բաքուն հայտարարեց Արցախից ռուսական զորքերի, համապատասխանաբար, եւ զենքի ամբողջական դուրսբերման մասին։ Ռուսաստանը, փորձագետների կարծիքով, զենքը Արցախից տեղափոխել է անմիջապես ուկրաինական ճակատ։ Սրանից հետո Բայրամովը ինչի՞ համար գնա Շվեյցարիա։

Մեկնարկում է արցախցիներին բնակարանային ապահովման ծրագրի դիմումների ընդունումը

Այսօրվանից մեկնարկում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը: Այդ մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարության Ֆեյսբուքի էջում։

«Բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները:

Դիմումներն ընդունվում են հետևյալ հղմամբ’ https://housing.socservice.am/

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ

Հիշեցնենք, որ ծրագրի առաջին փուլում կարող են ընդգրկվել՝

3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները.

զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները.

ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50 %-ի չափով լրացուցիչ վարկ»,- նշված է գրառման մեջ։

ԱԱԾ-ը արցախցիներին հորդորում է չմասնակցել ցույցերին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը առավել ակտիվ արցախցիներին հրավիրում է ծառայության շենք և տեղում հորդորում, իսկ ոմանց՝ նաև պահանջում ընդհանրապես չմասնակցել Հայաստանում կազմակերպվող հավաքներին։ Այս մասին հայտնում է  փաստաբան Ռոման Երիցյանը:

«Ընդ որում, նախապես կանչի նպատակը չեն պարզաբանում, խնդրում են ներկայանալ առանց փաստաբանի, տեղում պահանջում հանձնել հեռախոսները, իսկ խոսակցությունն էլ պահել գաղտնի»,- նշել է նա:

Եղանակը Հայաստանում

Լոռի

Հանրապետության տարածքում` հունիսի 15-ին երեկոյան ժամերին, 16-20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 15-ի ցերեկը, 16-ին՝ աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Ինչպես հայտնում է «Հայպետհիդրոմետ»-ը, Երեւանում հունիսի 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։  Հունիսի 16-20-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +33+35։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +25+29,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +25+28,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +30+32,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +24+27,

Լոռի՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +26+29,

Տավուշ՝ գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +28+33,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +25+28,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +28+33,

Արարատ՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +34+36,

Արմավիր՝ գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +34+36,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +25+28,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +33+36,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +33+36,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+29:

«Ծիլ» տիկնիկային ստուդիա. բեմադրություններ արցախյան ենթաբարբառներով

Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիան 44-օրյա պատերազմից հետո սկսել է ակտիվ գործունեություն ծավալել Արցախում, որի շնորհիվ արցախցի հարյուրավոր երեխաներ հնարավորություն ունեցան մի փոքր կտրվել իրականությունից և զգալ մանկության բերկրանքը։

Ստուդիայում անցկացվում էին տարատեսակ դասընթացներ՝ ուղղված մանուկների զարգացմանը․ ֆոտո դասընթաց, բեմական խոսք, հեքիաթաթերապիա, տիկնիկաթերապիա, ասեղնագործություն, կավագործություն, կերպարվեստ և ազգային երգ ու պար:

Ներկայացումների յուրահատկությունն այն էր, որ դրանք բեմադրվում էին արցախյան ենթաբարբառներով: Արցախում ստուդիայի սաների թիվը 100 էր, որտեղ կային երեխաների նաև Շուշիից և Հադրութից։ Նրա գլխավոր առաքելությունը երեխաներին ուրախություն պարգևելն է, և գիտակցելով սահմանամերձ գյուղերի երեխաների խոցելիությունը, «Ծիլ» ստուդիան ակտիվ հյուրախաղեր էր կազմակերպում սահմանամերձ գյուղերում` նաև իրականացնելով դասընթացներ տեղի երեխաների համար:

 

Նրանց ակտիվ գործունեությանը անգամ շրջափակումը և վերջին պատերազմը չխանգարեցին, քանի որ մինչև վերջին պահը Արցախում էին և երեխաներին հեքիաթ էին պարգևում:

Տեղահանվելուց հետո ՀՀ-ում ստուդիան մեծ դժվարությամբ վերաբացվեց և այժմ ունի 50 սան: Բոլոր դասընթացները և ներկայացումները ինչպես Արցախում․ այնպես էլ ՀՀ-ում իրականացվում են անվճար հիմունքներով: Իսկ թիմի անդամները ևս Արցախից են և կամավորության սկզբունքով աշխատում են ստուդիայի սաների հետ: 

Տեղահանվելուց հետո «Ծիլ» տիկնիկային ստուդիան չնայած բոլոր դժվարություններին ակտիվ հյուրախաղեր է ունեցել Սյունիքի սահմանամերձ գյուղերում, Լոռիում և Շիրակում:

Իսկ վերջերս առաջնախաղով հանդես եկավ Հրազդան տեղափոխված փոքրիկների համար` ներկայացնելով «Երեք խոզուկները» ինտերակտիվ ներկայացումը:

Իհարկե, նրանք ունեն խնդիրներ, որոնցից ամենակարևորը դասընթացների լիարժեք կազմակերպումն է։ Սակայն չեն ընկճվում ու շարունակում են իրենց կարևոր առաքելությունը՝ փորձելով վերագտնել իրենց ՀՀ-ում:

Քրիստինե Ալավերդյան

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ԼՂ հայրենակիցներին աջակցությունը կազմել է շուրջ 680 միլիոն դրամ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 2023 թվականի առաջին իսկ օրերից մեծածավալ օգնություն է տրամադրել շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի հայրենակիցներին, իսկ նույն թվականի սեպտեմբերի 19-ից հետո օրակարգային դարձավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային օգնության տրամադրումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում այս մասին ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

«2023 թվականի սեպտեմբերի 20-ից սկսած տեղահանության օրերին միայն Կոռնիձորում և Գորիսում հիմնադրամը և տեղական մարմինները, մեծամասամբ՝ Ֆրանսիայի մեր տեղական մարմինը, աջակցեցին 20 հազար ընտանիքի՝ հաղթահարելու դժվարին ճանապարհը՝ նրանց տեղում տրամադրելով սնունդ, ջուր և վառելիք։ Այնուհետև, արագ կազմակերպված ցանցային դրամահավաքի շնորհիվ 200 տոննա աջակցություն ցուցաբերվեց Հայաստան հասած ավելի քան 42 հազար տեղահանվածների. տրամադրվեցին մեծածավալ պարենային, հիգիենայի, անկողնային և կենցաղային պարագաներ»,- նշեց նա։

«Ընդհանուր առմամբ, եթե հաշվենք նաև 2022 թվականի ձմռան և 2023 թվականի գարնան ընթացքում շրջափակման մեջ գտնվող արցախցիներին տրված  աջակցությունը և նաև այս աջակցությունը, ծախսվել է 679 միլիոն 920 հազար դրամ կամ 1 միլիոն 722 հազար դոլար»,- եզրափակեց Արշամյանը։

Հայտնի չէ, արդյո՞ք Հայաստանի կառավարությունը որեւէ կարգավիճակով միացել է Վարդանյանի փաստաբանական խմբի քայլերին

Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավաբանական թիմը հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցող Էլիս Էդվարդսին, որտեղ շեշտել է Ադրբեջանի կառավարության կողմից խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին:

Դիմումը ներկայացնում ենք ստորեւ.

«Ադրբեջանում կալանավորված քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմը հունիսի 13-ին հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին՝ հորդորելով դատապարտել Ադրբեջանի կառավարության կողմից Ռուբեն Վարդանյանի դեմ իրականացվող խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը։

Չափազանց մեծ մտահոգություն է հարուցում այն, որ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը և միջազգային փաստաբանը տեղեկացել են, որ 2024 թվականի ապրիլին հայտարարված հացադուլի ժամանակ Վարդանյանին տեղափոխել են պատժախուց, զրկել են խմելու ջրի հասանելիությունից, քնելու և արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից։ Տեղեկություն չկա, թե որքան ուժեղ են եղել այդ ամենի արդյունքում նրան հասցված հոգեբանական և ֆիզիկական վնասները։

«Ռուբեն Վարդանյանը հայտնի մարդասեր և բարերար է, որը երկար տարիներ շարունակ պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները: Հատկանշական է, որ Ադրբեջանը նրան դիտարկում է որպես սպառնալիք, նրան փորձում են լռեցնել կամայական կալանքի միջոցով, իսկ վերջին շրջանում էլ՝ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի միջոցով: Եթե Ադրբեջանը ցանկանում է, որ իրեն լուրջ վերաբերվեն միջազգային հարթակում, և որ COP29-ը դառնա «Խաղաղության COP», ապա պետք է դադարեցնի Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքը և անհապաղ կերպով ազատ արձակի նրան և Լեռնային Ղարաբաղի մյուս քաղբանտարկյալներին», -ասել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը:

2024 թվականի ապրիլի 5-25-ը Ռուբեն Վարդանյանը հացադուլ էր հայտարարել՝ ի նշան բողոքի իր և մյուս հայ բանտարկյալների քաղաքական դրդապատճառներով հետապնդումների դեմ։ Ի պատասխան՝ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության նախաքննական մեկուսարանի պաշտոնյաները Վարդանյանին տեղափոխել են պատժախուց, որտեղ էլ նրան պահել են ողջ հացադուլի ժամանակ։ Մենախցում լույսը վառված է եղել շուրջօրյա, ինչն էլ հանգեցրել է անքնության և հյուծման։ Բացի դրանից, նրան ստիպել են երկար ժամանակ ոտքի վրա կանգնած մնալ և ավելի քան երկու օր զրկել են խմելու ջրից։ Ավելին, նրան թույլ չեն տվել լողանալ և փոխել հագուստը, չեն հատկացրել զուգարանի թուղթ, արգելել են գիրք կամ կարդալու որևէ նյութ վերցնել,  նա զրկված է եղել անկողնու սպիտակեղենից: Հատկապես մտահոգիչ է այն փասը, որ ո՛չ Վարդանյանի փաստաբանին, ո՛չ որևէ մեկին, այդ թվում՝ տեղի Մարդու իրավունքների պաշտպանին, չեն թույլատրել հացադուլի ժամանակ այցելել Վարդանյանին, իսկ նրա շփումն արտաքին աշխարհի հետ (օրինակ՝ ընտանիքի հետ հեռախոսազանգերը) դադարեցվել է։

Այս վերաբերմունքով, որը նպատակաուղղված է եղել հացադուլի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում  քաղաքական գործունեության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանության համար Վարդանյանին պատժելուն, Ադրբեջանը կոպտորեն խախտում է Խոշտանգումների դեմ կոնվենցիայով իր ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի՝ Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ վերանայված կանոնները: Ցավոք, Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքն ամենևին էլ զարմանալի չէ. Ադրբեջանը հայտնի է և լավ փաստագրված պատմություն ունի թե՛ քաղբանտարկյալներին ընդհանրապես, թե՛ մասնավորապես էթնիկ հայ կալանավորներին խոշտանգելու հարցում: Հաշվի առնելով Ռուբեն Վարդանյանի ազգային պատկանելությունը, Լեռնային Ղարաբաղի կառավարությունում նրա՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կարգավիճակը, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի բացահայտ քննադատությունը, ինչպես նաև նրան կալանքի տակ պահելը Պետական անվտանգության ծառայության ներքո (որը տխրահռչակ համբավ ունի էթնիկ հայերի խոշտանգումների հարցում), Վարդանյանը գտնվում է հետագա խոշտանգումների և դաժան վերաբերմունքի վերահաս վտանգի տակ:

«Մենք ցնցված էինք՝ իմանալով, թե ինչ սարսափների միջով է անցել հայրս։ Սարսափելի է անգամ մտածել, թե ինչ են անում Ադրբեջանում ոչ այդքան հայտնի բանտարկյալների նկատմամբ, որոնք նման միջազգային աջակցություն չեն ունեցել, ինչպես հայրս։ Հանուն Ադրբեջանում պահվող բոլոր քաղբանտարկյալների՝ լինեն հայեր, ադրբեջանցիներ կամ որևէ այլ ազգության ներկայացուցիչներ, նմանօրինակ անմարդկային վերաբերմունքը բանտարկլայների նկատմամբ պետք է դադարեցվի։ Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին՝ Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել և օգնել պաշտպանելու հորս կյանքը»,-նշել է Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը:

Բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ, ազգային կառավարություններ և միջազգային կառույցներ կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Լեռնային Ղարաբաղի մյուս քաղբանտարկյալներին։ Օրինակ՝ 2024 թվականի հունիսի 11-ին, ամերիկացի Սենատոր Էդ Մարքին՝ Սենատի բարձր ամբիոնից, կոչ էր արել ազատ արձակել բանտարկյալներին, առանձնահատուկ կերպով նշելով և դատապարտելով Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքը:

Հայտնի չէ, արդյո՞ք Հայաստանի կառավարությունը որեւէ կարգավիճակով միացել է փաստաբանական խմբի քայլերին։