Անցյալը մեզնից խլել չեն կարող. արցախյան հնագույն արտեֆակտները Դավիթ Սիմոնյանի ցուցահանդեսում

«Ամառ է, հանգստանում եմ,-ասում է արցախցի լրագրող Դավիթ Սիմոնյանը․-Այգու ծառերը ջրելու կարիք չկա, բալ ու թութ հավաքելու կարիք չկա, խաղողի վազ հյուսելու կարիք չկա, մանավանդ, որ ես արդեն այգի էլ չունեմ: Հայն ինչու տուն կառուցի իր հայրենիքում, եթե ի վերջո ամեն ինչ մնում է թշնամուն: Այս հիասթափության տրամաբանությամբ շատերն արդեն լքել են Հայաստանը… Ես հեռանալու տեղ չունեմ, առայժմ ապրում եմ անցյալով…

Հունիսի 13-16-ը նախատեսել եմ հնագույն զենքերի հավաքածուի ցուցադրությունը, բոլոր մանրամասները` պաստառում: Հրավիրում եմ բոլորին, ովքեր հետաքրքրված են մարդկության պատմությամբ: Կենդանի հաղորդակցությունն ավելի լավ է, քան ինտերնետը, և դուք կարող եք դիպչել ցուցանմուշներին և զգալ անցյալի էներգիան: Ցույց կտանք իմ «Կատարսիս» ֆիլմը: Այն մասին է, թե ինչպես է ամեն ինչ միաձուլվել»:

Նախկինում Դավիթ Սիմոնյանն ականազերծող էր, մաքրում էր Արցախի հողը: Իր կոլեգաների հետ միասին են ամբողջը պեղել: Հետաքրքիր գործիքները բրոնզից, քարից ու երկաթից են, որոնք իրարից տարբերվում են չափերով, ձևերով, օգտագործման նպատակներով:

«Քարանձավում ապրող մարդու առաջին գրիչն ենք գտել: Առաջին բլոգերի առաջին գրիչը»,- նշում է Դավիթն, ասելով, որ այն մոտավոր 10 հազար տարեկան է: Հաստ ածելիով գործիքները մոնղոլական են: Սկյութներին (Հյուսիսայի Մերձսևծովյան շրջաններում բնակվող ազգակից հնագույն ցեղերի ընդհանուր անվանումը) պատկանող զենքերը ավելի փոքր են, սուր ծայրով: Եռաթև զինատեսակները ավելի լայն կիրառություն են ունեցել: Ձիերի սպանդի համար նախատեսված զենքերը հատուկ լայնություն ունեին: Նախկինում կար ինքնապաշտպանության համար նախատեսված 2 ձևի սաղավարտ, մեկն ամբողջական էր, մյուսը` կտրվածքներով: Կենդանիների կաշիներն օգտագործում էին որպես սաղավարտ և դրան համապատասխան ընտրում էին զենքերը, որոնք կծակեին այդ սաղավարտը:

Ադրբեջանցիները սպառնում էին Հակարի կամրջում առգրավել հնագիտական պեղումները:

«Արցախը կորել է… Մեզնից գողացել են այսօրը  և վաղը, բայց երեկը դեռ մնացել է: Այդքան երջանիկ չապրեն մեր հողում, մեկ է…Մի օր վերադառնալու ենք…»,-ասում է լրագրողը:

Տաթև Ազիզյան

Դժվարությունները Ելենային չեն կոտրել

Ելենա Թումասյանը ծնվել և մեծացել է Բաքվում։ Ինչպես Ադրբեջանի ողջ հայ բնակչությունը, նա նույնպես դարձավ 1988 թվականից հետո տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների զոհը և բռնի տեղահանվեց։

«Թեև շատ փոքր էի, բայց լավ եմ հիշում այս իրադարձությունները։ Ագրեսիվ ադրբեջանցիների բազմությունը հավաքվել էր Լենինի հրապարակում, վանկարկելով «Կեցցե Բաքուն առանց հայերի», “Փա՛ռք Սումգայիթի հերոսներին» կարգախոսներ։ Այնուհետև մինչև ատամները զինված, արյան ծարավով նրանք գնուն էին կոնկրետ հասցեներով՝ հայեր փնտրելու։ Նրանք անխնա էին վարվում բոլոր նրանց հետ, ովքեր իրենց ճանապարհին էին, բռնաբարում ու ողջ-ողջ այրում հայ աղջիկներին, ծաղրում ու ծեծում էին անօգնական ծերերին ու երեխաներին։ Եվ այս ամենը համաշխարհային հանրության աչքի առաջ՝ բացարձակ անպատիժ»։

Բաքվից արտաքսվելուց հետո Ելենան տեղափոխվում է Ստեփանակերտ, որտեղ բոլորի հետ միասին վերապրել է պատերազմի ժամանակաշրջանի բոլոր դժվարությունները։ Արցախյան առաջին պատերազմում հաղթանակից հետո նրան թվում էր, թե բոլոր սարսափները հետեւում են։ Ելենան մտավ աշխատանքի և փորձեց շարունակել ապրել առանց հետ նայելու։

Սակայն 2016 թվականին նա ողնաշարի անհաջող վիրահատության է ենթարկվել, որից հետո նրա մոտ ախտորոշվել է Ստրուդելի հիվանդություն։ Ստեփանակերտի Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում, որը նրա երկրորդ տունն է դարձել, երկար բուժում և վերականգնում է անցել։ Այստեղ նա ուներ բազմաթիվ ընկերներ և բուժմանը զուգահեռ հետաքրքիր անցկացնում էր ժամանակը։

Ելենան ակտիվորեն մասնակցել է Կենտրոնի կազմակերպած բոլոր միջոցառումներին։ Հիվանդների և կենտրոնի անձնակազմի հետ նա մասնակցել է էքսկուրսիաների Արցախում և Հայաստանում։ Մեծ երախտագիտությամբ ու ջերմությամբ է հիշում Վերականգնողական կենտրոնում անցկացրած օրերը.

44-օրյա պատերազմը ևս մեկ անգամ ստիպեց հիշել ծանր անցյալը։ Բայց առանց կորցնելու հավատը լավագույնի հանդեպ, նա կարողացավ վերապրել նաև սա: 44-օրյա պատերազմի ավարտից հետո նա վերադարձավ Արցախ և բոլոր արցախցիների հետ միասին հաղթահարեց հետպատերազմյան շրջանի բոլոր դժվարությունները։ Ապրելով շրջափակման մեջ, առանց լույսի, առանց ջերմության ու սննդի, նա նույնիսկ վատ երազում չէր պատկերացնում, որ ի վերջո ստիպված է լինելու նորից թողնել տարիների ընթացքում ձեռք բերած ողջ ունեցվածքը և լքել հայրենիքը։

Այժմ Ելենան որդու հետ ապրում է Սպիտակում։ Նա գոյատևում է հաշմանդամության թոշակով, որը կրճատվել է տեղահանումից հետո։ Անցած փորձությունները ոչ թե կոտրեցին Ելենային, այլ ընդհակառակը նրան ավելի ուժեղ դարձրին։ Նա չի կորցնում հավատը Հայաստանի կազմում Արցախի ավելի լավ ապագայի նկատմամբ։

Արսեն Աղաջանյան

Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ կիրառվեց 2 ամիս ժամկետով տնային կալանք

Դատավոր Մասիս Մելքոնյանը ամբողջությամբ բավարարեց քննիչի միջնորդությունն ու Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ կիրառեց 2 ամիս ժամկետով տնային կալանք։ Այդ մասին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, Դավիթ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի վերաբերյալ։ Փաստաբանը դատարանին ներկայացրել է բացարկ, քանի որ վստահություն չունեն դատավոր Մասիս Մելքոնյանի նկատմամբ։

Փաշինյանն ու Շահրամանյանը միաձայն կոծկում են Պուտինի «ամոթը»

Նիկոլ Փաշինյանի և Սամվել Շահրամանյանի երեկվա «բանավեճը» այն մասին, թե ով է հանձնել Արցախը և միլիարդավոր դոլարների զենքերը վրադիր, «պատահաբար» տեղի է ունեցել այն օրը, երբ Բաքուն կամաց հայտարարել է Արցախից ռուս «խաղաղապահների» ամբողջական դուրսբերման մասին։ Եվ, ինչպես նկատել են վերլուծաբանները, պատահական չէր, որ դա տեղի ունեցավ հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրը։

Ո՛չ Փաշինյանը, ո՛չ Շահրամանյանը ոչ մի խոսք չասացին Ռուսաստանի մասին, որը երեկ ավարտեց Արցախի ֆիզիկական «հանձնումը» և հայկական զինատեսակների ամբողջական դուրսբերումը Արցախից։ Ըստ երևույթին, այդ զենքն էր Արցախի «գինը». Ալիևը, Էրդողանը, Փաշինյանը ԱՄՆ հսկողության ներքո Պուտինին «թույլ տվեցին» հայկական զենքը տեղափոխել Արցախից՝ ուկրաինացիներին սպանելու համար։ Պուտինը համաձայնել է կոծկել այդ զենքով «ամոթը»։

Փաշինյանը, ով բերանը փրփրած սպառնում էր դուրս գալ ՀԱՊԿ «պղպջակից», բայց Մոսկվայում Պուտինին խնդրում էր պահպանել ռուսական բազան Գյումրիում և ռուս «սահմանապահներին»՝ Հայաստանի սահմաններին, պետք է ոչ թե արցախցիներին մեղադրեր թուլության մեջ, այլ բարձրաձայներ Ռուսաստանի դերը, եթե նա իհարկե հանցակից չէ։

Սամվել Շահրամանյանը չպետք է ասեր, որ մինչև վերջին րոպեն Արցախի բանակը ենթակա է Երևանին, և որ Արցախի ղեկավարությունը մնացել է որպես կենդանի գրավ Արցախում, այլ պետք է խոսեր Ռուսաստանի դերի մասին, եթե իհարկե հանցակից չէ։

Ռուսական բազայից չէ՞, որ «գրավը» տեղափոխվեց Բաքվի բանտ։ Ո՞վ էր ստիպում արցախյան զորքերին զինաթափվել. հայ «ընդդիմադիր» և իշխանամետ պատգամավորները ոչ մի անգամ չհարցրին, թե արդյոք հայկական զորքերը կզինաթափվեին, եթե ոչ թե ռուսները, այլ ադրբեջանցիները նման պահանջ ներկայացնեին։ Գրեթե բոլոր կռվողներն ասում են, որ իրենց մոտ ռուսներն են եկել ու ասել, որ այլ տարբերակ չկա, պետք է զինաթափել։

Հիմա, երբ Պուտինը Արցախից հանել է ռուսական զորքերը եւ հայկական ողջ զենքը, և Արցախը սկուտեղի վրա ներկայացրել Բաքվին, հայկական պետությունների ղեկավարների միջև վիճաբանություն է սկսվում՝ Պուտինի ամոթը  և Փաշինյանի կողմից ձեռնարկվելիք քայլերը քողարկելու համար։

Սեպտեմբերի 19-ին Շահրամանյանի ստորագրած փաստաթուղթը նախերգանքն է Հայաստանի հանձնման մասին «խաղաղության» պայմանագրի, որը Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, ընդ որում նույն պայմաններով, ինչ Արցախում՝ Հայաստանի «լուծարում» և ռուսական զենքի դուրսբերում։ Դրա կողմնակիցները պետք է հասկանան, որ այդ զենքերը նույնպես փոխանցվելու են ուկրաինական ճակատ։ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և ԵՄ-ն այս մասին պայմանավորվել են 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Կոստանդնուպոլսում։

Հայկական քաղաքական դաշտը “զբաղված է” Փաշինյանի «մեղադրանքներին» պատասխանելով՝ Լիսաբոնի գագաթաժողով, կղերական-ֆեոդալիզմ, 5000-նոց նյութ և այլն, և այս «բառակռվի» մեջ ոչ ոք չի ասում՝ ում է հասել հայկական զենքը և ով է հանձնել Արցախը։

“1989-ի դեկտեմբերի 1-ի ձևաչափով” Հայաստանի ամբողջ ղեկավարությունը դեռևս նստելու է Պուտինի, Ալիևի և Արցախի և Հայաստանի հանձնման միջոցով աշխարհակարգը քանդելու ծրագրի այլ մասնակիցների հետ նույն մեղադրական աթոռին։ Իսկ Կիևում դեռ կհաշվարկեն, թե քանի ուկրաինացի է զոհվել այնտեղ տեղափոխված հայկական զենքից և ինչի մասին է եղել 2022 թվականի փետրվարի 22-ին Պուտինի և Ալիևի ստորագրած ռազմավարական պայմանագիրը։

Երբեք ՄԱԿ-ը կամ ԵԱՀԿ որոշում չեն ընդունել այն մասին, թե ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում

Այսօր, հունիսի 13-ին, Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Ազգային Ժողովում եւ հերթական անգամ փորձելով կոծկելԱրցախի կորստի համար իր պատասխանատվությունն ու վարած քաղաքականության աղետալի հետեւանքները, հանդես է եկել արցախյան խնդրի պատմության ապշեցուցիչ մի նոր՝ իր իսկ կողմից «կղերաֆեոդալական» կոչված վարկածով։

Համաձայն Փաշինյանի այդ նոր վարկածի, 1996 թվականին Լիսաբոնի ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի արդյունքներից մեկը եղել է իր իսկ բառերով՝ «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման միջազգայնորեն ընդունված սահմանադրությունը», որի համաձայն Լեռնային Ղարաբաղը պետք է մնար Ադրբեջանի կազմում։

Ըստ Փաշինյանի, Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման եւ ինքորոշման հասկացություններին վերաբերող այդ որոշումը «սխալ է հասկացվել հայկական իրականության մեջ», որովհետև «96-ին ինտերնետ չի եղել, … էլ. Փոստ չի եղել, սոցցանցեր չեն եղել» եւ «հայ հանրությունը հասանելիություն չի ունեցել այդ փաստաթղթին»։ Այնուհետեւ Փաշինյանը «բացատրել» է, որ դեռ 1996-ից ի վեր Հայաստանի «կղերաֆեոդալական էլիտան», որի մեջ նա ակնհայտորեն տեղավորել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, «…Լիսաբոնի փաստաթուղթը թաքցնելով և նենգափոխելով», «…Հայաստանի ժողովրդին խաբել է, մոլորեցրել է՝ իշխանությունը զավթելու  և պահելու համար…»։

Զարգացնելով այս «հայեցակարգը» Փաշինյանը նաեւ պնդել է, որ «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը «…ոչ թե կղերաֆեոդալական խաբեությանը դիմադրելու չհաջողված փորձ էր, այլ կղերաֆեոդալական խաբեության մի անբաժանելի մաս», ըստ էության մեղադրելով Տեր-Պետրոսյանին Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս քվոն պահելու նպատակով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու մեջ:

Փաշինյանը Տեր-Պետրոսյանին եւ Հայ Ազգային Կոնգրեսին մեղադրել է նաեւ 2020 թվականից ի վեր «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի դրույթներից հրաժարվելու, ըստ էության՝ սեփական սկզբունքներին դավաճանելու մեջ։

Այս ամենի կապակցությամբ հայտարարում ենք․

1. Լիսաբոնի մասին Նիկոլ Փաշինյանի ստերին բազմիցս ենք անդրադարձել, սակայն, հաշվի նստելով ընդդիմախոսի հատկապես համառ բթամտության փաստի հետ, ստիպված ենք կրկնել հետեւյալը։ 1996-ին ԵԱՀԿ-ն Ղարաբաղի հարցով միջազգային իրավունքի տեսակետից պարտադիր կիրառման ուժ ունեցող որեւէ որոշում չի ընդունել, որովհետեւ Հայաստանն, օգտվելով իր կանոնադրական իրավունքից, առաջարկված նախագծի վերաբերյալ կիրառել է վետո։ Ընդհանրապես, ո՛չ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից, եւ ոչ է՛լ Լեռնային Ղարաբաղի հարցում ՄԱԿ-ի ԱԽ-ից մանդատ ստացած ԵԱՀԿ-ն որեւէ որոշում երբեք չեն ընդունել այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում։ Ավելին, չգիտես ինչու, Փաշինյանը միշտ լռության է մատնում այն փաստը, որ ԵԱՀԿ-ի Բուդապեշտյան գագաթնաժողովը 1994 թվականին որոշում է ընդունել, որով Հայաստանի եւ Ադրբեջանի հետ իրավահավասար կարգավիճակ է շնորհել Լեռնային Ղարաբաղին՝ նրա ապագա վերջնական կարգավիճակը որոշելու հարցում, ըստ էության ճանաչելով Լեռնային Ղարաբաղը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ;

2. Հայաստանի կողմից կիրառված վետոյի գլխավոր արդյունքը եղել է այն, որ 1997 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությունը ներկայացրել է Փուլային լուծումը, որում որեւէ խոսք չկա Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա լուծելու մասին։ Սրա մասին Փաշինյանը նույնպես համառորեն լռում է։ Կարեւոր է հատկապես նշել, որ Փուլային լուծման առաջարկը ԵԱՀԿ ներկայացրած լուծումների տարբերակներից միակն է եղել, որը որպես բանակցությունների հիմք են ընդունել ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը։ Այն մերժվել ԼՂՀ իշխանությունների կողմից;

3. Փաշինյանը ստում է այն մասին, որ ԵԱՀԿ-ի գործող նախագահողի հայտարարությունը իբր թե հասանելի չի եղել հայկական հանրության համար։ Իրականում հայտարարությունը, ինչպես նաեւ Տեր-Պետրոսյանի պատասխանը, որը նույնպես դարձել է ԵԱՀԿ պաշտոնական փաստաթղթերի մաս, 1996-ին հրապարակվել եւ լայնորեն քննարկվել է Հայաստանի լրատվական միջավայրում։ Այն, որ վեց տարի շարունակ պաշտոնապես պատասխանատվություն կրելով Հայոց պետականության համար ճակատագրական նշանակություն ունեցող Ղարաբաղյան հարցի կարգավորման գործում, նիկոլական շրջապատում եւ ՔՊ-ական պատգամավորների միջավայրում դրան ծանոթ չեն եղել, ինչպես դա ցուցադրեց Փաշինյանը, ընդամենը վկայում է Փաշինյանի եւ նրա կուսակիցների տգիտության եւ անպատասխանատվության  մասին։

4. Նույնքան ստահոդ են նաեւ «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի դրույթներից հրաժարվելու մասին պնդումները։ Ինչքան էլ Փաշինյանը փորձի պնդել, թե այդ հոդվածում Տեր-Պետրոսյանն իբր պնդել է, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունն անհնար է, նման բան այդ հոդվածում ասված չէ։ Ավելին, 2016 թավականին հրապարակված «Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ» հոդվածում Տեր-Պետրոսյանը գրել է, որ Մինսկի խմբի վարած բանակցությունների մեջ պատշաճորեն ընդգրկվելու դեպքում, «կասկածից վեր է, որ միջազգային հանրությունը վաղ թե ուշ ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը»։ Նիկոլ Փաշինյանն է այն մարդը, որը «Արցախը Հայաստա՛ն է եւ վերջ» կարգախոսի ներքո տապալեց Մինսկի խմբի բանակցությունները՝ Արցախի եւ Հայաստանի համար բոլոր աղետալի  հետեւանքներով։ Նույնքան ծիծաղելի են Փաշինյանի պնդումներն այն մասին, թե իբր «Տեր-Պետրոսյանը և ՀԱՊԿ-ն ասում են, թե իրենք չեն ասել ու նկատի չեն ունեցել, թե տարածքները պետք է վերադարձնել»։ Իրականությունն այն է, որ Հայ Ազգային Կոնգրեսը միակն է, որ կողմ է եղել Մինսկի խմբի կողմից ներկայացված փոխզիջումային առաջարկների իրականացմանը, ներառյալ Լեռնային Ղարաբաղից դուրս գտնվող եւ Հայաստանի հետ կապ չհանդիսացող տարածքների վերադարձին։ Հակառակն ապացուցող որեւէ փաստ չի ներկայացվել եւ չի էլ կարող ներկայացվել։

5. «Պատերազմ,թե խաղաղություն» հոդվածի դրույթներին դավաճանելու եւ Ղարաբաղի հարցում ստատուս քվոն պահելու գործում Քոչարյանի եւ Սարգսյանի հետ համագործակցելու մասին խոսում է այն Փաշինյանը, որը 2007 թվականին հայտարարել էր, որ թիմակից է Տեր-Պետրոսյանին իր հոդվածի դրույթները ընդունելու պատճառով, իսկ 2015 թվականին հրապարակայնորեն մեղադրել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Սերժ Սարգսյանին հայ ժողովրդի դեմ գաղտնի դավադրություն կազմակերպելու եւ «Լավրովյան պլանով» Ղարաբաղից դուրս հինգ շրջանների վերադարձի հիման վրա Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու «հանցավոր» մտադրության մեջ։

Այս արձանագրումները շատ կարեւոր հարցեր են առաջացնում։ Դրանցից ամենակարեւորն այն է, թե արդյո՞ք մեր նորանկախ պատմության եւ միջազգային բանակցությունների մասին ճշմարտությունը նենգափոխող եւ աղավաղող,պաթոլոգիկ ստախոս ղեկավարը իրավունք ունի շարունակել կառավարել Հայաստանում։ Ինչո՞ւ է Փաշինյանը դիմել հեշտությամբ հերքվող այս ստերին եւ մանիպուլյացիաներին։ Փաշինյանի ավելի քան վեց տարվա կառավարումը Հայաստանի եւ Արցախի անվտանգությանն ավերից եւ աղետներից բացի այլ բան չի բերել։ Երկիրը գնալով խորանում է արտաքին եւ ներքին հակամարտությունների մեջ։ Փաշինյանին, ամենայն հավանականությամբ, այլ բան չի մնում, քան փորձել կոծկել այս իրողությունները, աղավաղելով եւ ջնջելով մեր բոլոր պատմական նվաճումների մասին հիշողությունը, ինչպես ռազմական, այնպես էլ՝ դիվանագիտության դաշտում։ Նրա գործողությունները, սակայն, միայն ավելի են խորացնում հակամարտությունը մեր հասարակության ներսում։ Սրա մասին վկայում են նաեւ հունիսի 12-ին նրա կողմից հրահանգված դատապարտելի, անհամաչափ ոստիկանանական գործողությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչի վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսն առաջիկայում հանդես կգա հատուկ հայտարարությամբ։

Այնպիսի տպավորություն էր, որ ռուսը հատուկ եկել էր, որ այդ ամենը հանձնվեր

Լալա Գալստյանի առավոտը Ստեփանակերտում բացվում  էր մարդկանց դեմքերի գեղագիտական խնդիրները շտկելով: Արցախում կոսմետոլոգ էր աշխատում իր սեփական գեղեցկության սրահում`  սկսած 1996 թ.: Ափսոսում է, որ իր մասնագիտությունը չի կարող ուղղել արցախյան բազմատանջ ժողովրդի ներքին խնդիրները:

Ծնողները ծանոթացել և ամուսնացել են Բաքվում: Լալան ծնվել է Երևանում, բայց մինչև 16 տարեկանը ապրել է Բաքվում: 1988թ. փետրվարին սկսված ջարդերի ժամանակ հանգրվանեցին Արցախում:

“Սովետական տարիներին Բաքվում ապրելը վտանգավոր չէր, թշնամանք չկար: Հիշում եմ մանկապարտեզը, դպրոցը, մեր սեփական տունը…Սումգայիթի իրադարձություններից հետո սկսվեցին վտանգները…Սումգայիթում պապիկիս քրոջն էին սպանել: Մտել են տուն ու 35 դանակային հարվածներ հասցրել: Նպատակային մտնում էին հայկական տներ: Հայրս միշտ ասում էր, որ սա մեր հայրենիքը չի, թուրքի երկիր է”, պատմում է Լալան, նշելով, որ  հարևան ադրբեջանցիները նույնիսկ հարգում էին իրենց և տուն մտնելիս հայերեն էին բարևում:

Բաքվում սովորել է մինչև 9-րդ դասարան: Սովետական տարիներին դպրոցում տալիս էին մաքսիմալ գիտելիքներ, բժշկությունն անվճար էր, բայց դեռ շատ բան չգիտեին…”Սահմանափակում էին մեզ: Սովորեցնում էին, որ Ամերիկան, Եվրոպան մեր թշնամին են: Իմ անձնական կարծիքն է, որ Սովետը արհեստական էր, պիտի փլվեր: Սահմանափակ էինք, ազատություն չկար, ընտրության իրավունք չկար, բայց կար հարգանք` մեծերի, ուսուցիչների հանդեպ”:

1990-ականները ցավով ու տխրությամբ է հիշում: Մութ ու ցուրտ տարիներ էին, որոնց ընթացքում էլ չէր մարում երջանիկ ապագա կերտելու հույսը: Լալան ամուսնացավ առանց հարսանիք անելու` ուտելիք համարյա չկար, քեֆ-ուրախություն անելու տրամադրություն էլ` զոհեր կային քաղաքում:

Թվում էր, թե արցախյան երկարակեցության մաղթանքները պիտի իրականանային, բայց պատերազմը չթողեց…Ամուսնական կյանքը դեռ չսկսած` ավարտվեց: 4,5 ամսից Լալայի ամուսինն անհայտ կորավ: Աննկարագրելի դժվար էր, բայց հավատում էին, որ կհաղթեն: Միասնականություն կար: Ես հպարտ էի, որ երեխայիս հայրը զոհվել է, որպեսզի մենք ապրենք ազատ հայրենիքում

Այդ արհավիրքներից հետո էլ որոշում կայացրեց մնալ Արցախում` կպած Արցախի հողին, ջրին, կայծակին, անձրևին, արևին․ “Երբ գնում ես ուրիշ երկիր, ոտքդ ինչքան էլ գետնին դնես, դու քեզ ուժեղ չես զգում: Հայրենիքդ սիրում ես, քանի որ այն քոնն է ու ամեն մարդ իրեն տեր է զգում”:

“Ապրիլյան քառօրյայի ընթացքում դեժավյու էր` կրկնակի ցավ, կորստի վախ. Ես մտածում եմ, որ մենք գերտերությունների ձեռքի խաղալիքն ենք: Հիմա իրենց ձեռնտու էր Ադրբեջանի կողքին կանգնել: Այսօրվա դրությամբ նավթն ու գազը հաղթեցին: 44-օրյա պատերազմում թոռնիկս 2 ամսական էր: Աղջկաս ընտանիքի հետ դուրս եկանք: Երկու ամիս մնալուց հետո` նոյեմբերի վերջին հետ եկանք Արցախ: Մենք հասկանում էինք, որ կորցնում ենք այն, ինչով ամբողջ կյանքում ապրել ենք: Կրկնակի փախստական եմ դարձել…”

Շրջափակման ամիսներին սկզբից լավատես էր. “Ես հասկանում էի, որ վերջն է… սա վերջն է: Հայրենիքի, հողի համեմատությամբ ունեցվածք կորցնելը  մանրուք էր: Սովին կարելի է դիմանալ, բայց տարածքները հերթով անցնում էին թշնամուն, իսկ ռուս խաղաղապահները ոչ միայն թույլ էին տալիս, այլև կարծես քաջալերում էին: Մենք էինք մեղավոր, որ թույլ տվեցինք մեզ հետ այսպես վարվեն: Այնպիսի տպավորություն էր, որ ռուսը հատուկ եկել էր, որ այդ ամենը հանձնվեր… Եթե այդպես չլիներ` Զախարովան չէր ասի` մենք կատարել ենք բոլոր պարտականությունները:

2023թ. սեպտեմբերը սպասելի էր: Երբ իշխանությունը փոխվեց, ես ինձ համար հասկացա, որ սա վերջի սկիզբն է, օգոստոս ամսից սպասում էի …Ուղղակի մտածում էի, որ հանգիստ, մեր ապրանքով դուրս կգանք, բավական ժամանակ կտան: Այնինչ` գողացան մեր վաստակը: Նրանք տոտալիտար են, սիրում են մենակ թալանել, գողանալ, նրանք գողացել են ինձնից ամեն ինչ… Ի՞նչ կարող ես բերել փոքր ավտոմեքենայում…

Տանը հրաժեշտ տալիս նկարել եմ տունս, ոչինչ չեմ հավաքել, ոչինչ չեմ վնասել: Մոռացել եմ երեխայիս փոքր տարիքի շորերը, 12 տարեկանից պահած բաղադրատոմսերի գիրքը, աղջկաս հարսանեկան շորը, օրագիրս, հայրիկիս գրած ոտանավորները…

Բաքվում ապրելիս մայրս միշտ հաճախում էր հայկական եկեղեցի: Աստծուն միշտ հավատում էր… Ես հասկանում եմ, որ նա երկար այսպես չի թողի, մի լույս կբացի, մի ճամփա ցույց կտա… Ամենաշատը Գանձասարում էի զգում Աստծո ներկայությունը… Շատ եմ ցավում, որ այնտեղ է …

Ստեփանակերտի ամենասիրելի տարածքն ինձ համար մարզադաշտի մոտակայքն էր: Ամուսնուս հետ այդտեղ շատ էինք քայլում:

Հույսն ընդհանրապես չպիտի կորցնենք: Մենք պիտի գործենք, ներդրում անենք, որ մեր ուզածը ստանանք: Ես այնքան եմ հայ ազգը սիրում, պիտի այստեղ մնանք, որ վերադարձի խթաններ ունենանք:

Ստեփանակերտի իմ տան մասին երազներ եմ տեսնում: Տներից շորերը թափել են, պատուհանները լրիվ բաց են…

Տաթև Ազիզյան

 

Սամվել Շահրամանյանը փակագծեր է բացում

«Այն հայտարարությունները, որոնք այսօր հնչել են Ազգային ժողովում, որեւիցե կապ չունեն իրականության հետ, ժողովրդի կարծիքով՝ դա հերթական մանիպուլյացիան է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Մի քանի հարցի կուզենայի անդրադառնալ, առաջինն այն հանգամանքին, որ արցախցիները եւ Արցախի կառավարությունը դիմացել են երկու ժամ, որից հետո խնդրել ենք դուրս գալ այնտեղից։ Դա այդպես չէ, արցախցիները դիմացել են 32 տարի, եւ 7 տարեկանից բարձր ցանկացած արցախցի երեխա տեսել է 3 լայնածավալ պատերազմներ»,- ասաց Շահրամանյանը՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին։

«Ինչ կապված է վերջին գործողությունների հետ, ես իմ ելույթներում նշել եմ, որ ժամեր անց մենք հասկացել ենք, որ մենակ ենք։ Եվ դիմադրել՝ 1-ը 12 հարաբերությամբ, Ադրբեջանի զինված ուժերին, հնարավոր չէր։ Եվ պետք էր փրկել կյանքեր։ Պետք էր ամեն քայլի գնալ ու փրկել կյանքեր, ինչը եւ Արցախի կառավարությունն արել է։ Ինչ վերաբերում է, որ մենք այնտեղ միլիարդավոր զենքեր ենք թողել՝ սարքին-կարգին, յուղած, ես ուզում եմ տեղեկացնել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է լավ իմանա՝ սպառազինությունը ում հաշվեկշռում էր գտնվում եւ ով էր պատասխանատու այդ սպառազինության համար, ո՞ւմ էր ենթարկվում Պաշտպանության բանակը։ Վերջերս նաեւ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն անդրադարձել է իր ելույթում այդ հարցին, նշել է, որ մինչև վերջին օրը պաշտպանության բանակը ենթարկվում էր Հայաստանի կառավարությանը եւ հանդիսանում էր Պաշտպանության նախարարության կառուցվածքային ստորաբաժանում։ Սա այն ճշմարտությունն է, որը մեր ժողովուրդը պետք է իմանա, ու չփորձեն մեղավորներ գտնել այդ հարցում»,- ասաց Շահրամանյանը։

Նա անդրադարձավ նաեւ Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որոնց Նիկոլ Փաշինյանը «դասալիքներ» անվանեց։ Սամվել Շահրամանյանն ասաց․ «Ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը գտնվում է Բաքվում, կենդանի պատանդ է մնացել եւ ապահովել մեր բնակչության դուրս բերումը։ Ավելի մանրամասն կանդրադառնամ մոտ ապագայում»։

Սամվել Շահրամանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արցախի ղեկավարությունը չլսեց իրեն։ Հարցին, թե ի՞նչ խորհուրդներ է տվել Նիկոլ Փաշինյանը, եւ արդյոք իրենք չեն լսե՞լ, Սամվել Շահրամանյանը պատասխանեց. «Մենք որեւիցե մեկին լսելու, չլսելու կարիք չունենք, մենք ունենք Սահմանադրություն, որի համաձայն մենք իրականացրել ենք քայլեր։ Ինչ վերաբերում է տեղահանման հետ կապված, ես նշել եմ, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո ունեցել ենք հետեւյալ իրավիճակը՝ բոլոր միջպետական ճանապարհները վերահսկվում էին ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Քաղաքացիական բնակավայրերը վտանգի տակ էին, քաղաքացիական բնակչությունը՝ նույնպես։ Օդանավակայանում ունեցել ենք տարբեր շրջաններից տեղափոխված 6000-ից ավելի քաղաքացիներ, որոնց հարցերը պետք է լուծվեին։ Եվ այն որոշումները, որոնք մենք կայացրել ենք, դա նաեւ մեր հասարակության եւ մեր ժողովրդի պահանջն է եղել։ Եթե մեր ժողովուրդը ցանկություն ունենար մնալ եւ Ադրբեջանի կազմում ինտեգրվել… Այս դուրս գալն էլ հանրաքվեի ինչ-որ տարբերակ է, իրենք իրենց կարծիքն արտահայտել են էս ձեւով՝ միասնական դուրս գալով»։

Անդրադառնալով հարցին, որ Փաշինյանը խոսում էր Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման մասին, ի՞նչ էր դա ենթադրում, Սամվել Շահրամանյանը պատասխանեց. «Փաշինյանը նաեւ շեշտում էր, որ նախորդ նախագահը, երեւի Արայիկ Հարությունյանի մասին է խոսքը, տեղյակ էր, թե ինչ պետք է աներ նշաձողը իջեցնելու համար։ Բայց ես Արցախում տեսել եմ բազմահազարանոց մարդկանց հավաքներ, որոնք հետ չէին կանգնում իրենց ինքնորոշման իրավունքից, իրենց կարգավիճակից։ Ես տեսել եմ նախագահներ, ովքեր տարիներով հայտարարում էին, որ ոչ մի կառավարություն չի կարող հետքայլ անել ժողովրդի որոշումից։ Եվ սա ապացույցն է նրա, որ երեւի հասարակությունը պատրաստ չէր այդ իջեցմանը»։

Արցախի նախագահը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին հայտարարություններին, ասաց. «Մեր համար Արցախի էջը փակված չէ, եւ պետք է գտնել մեխանիզմներ, որը թույլ կտա Արցախի հարցը ստանա արդարացի լուծում»։ Շահրամանյանը ապուշություն որակեց ՔՊ-ականների այն հայտարարությունները, թե արցախցիները «ցույցի 5 հազար դրամանոց մատերիալ են»։

Ինչի համար են սպանել լուսավոր երիտասարդին

Գիշերը սպանված երիտասարդը Արցախյան քառօրյա ու 44-օրյա պատերազմների մասնակից Մհեր Խաչատրյան էր։ Ընդամենը մեքենան արագ վարողի զգուշացրել է, որ փողոցում երեխաներ կան՝ հանգիստ վարի մեքենան։ Դրա համար 30-ից ավել փամփուշտ է ստացել։

Հայտնի չէ, թե Տավուշում “սահմանազատման” գործընթացից հետո ադրբեջանցիները որեւէ կետում նահանջե՞լ են

Կիրանց

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները հստակ չգիտեն, թե Տավուշում այսպես կոչված սահմանազատման գործընթացից հետո ադրբեջանցիները որեւէ կետում նահանջե՞լ են։ Ոսկեպարի բնակիչ, պատմաբան Նվեր Բեգլարյանը step1.am-ի հետ զրույցում ասաց․ «Մեզ թույլ էլ չեն տալիս մոտենալ, դա փակ ինֆորմացիա է։ Գուղացիները չգիտեն՝ ո՞նց են գծել, ի՞նչ են գծել, ոչ քարտեզ կա, ոչ թուղթ կա։ Փաստ է, որ Կիրանցի սահմանը Խորհրդային միության ժամանակ հաստատ Կիրանց գյուղիի մեջտեղով չի անցել, ոչ 1976 թվականի, ոչ էլ 1986 թվականի քարտեզներով։ Այդ սահմանազատում կոչվածն ընդամենը Ալիեւի պատվերով արված գործընթաց է։ Ըստ իս՝ սա այլեւս շարունակություն չի ունենալու, որովհետեւ որտեղ իրենց պետք էր, իրենք ստացան, իսկ ինչ պիտի տան, բնականաբար չեն տալու»։

Նվեր Բեգլարյանն ասաց, որ Ոսկեպարում մարդիկ հուսահատված են, այսպես կոչված սահմանազատման սյուները դրել են գյուղի եկեղեցուց 40-50 մետր հեռավորության վրա։ Գյուղացիները դեռ ադրբեջանցիներ չեն տեսել Ոսկեպարի տարածքում, բայց, մեր զրուցակցի խոսքով, Բաղանիս գնալիս ճանապարհից 100 մետր հեռավորության վրա ադրբեջանցիներն արդեն տեսանելի են։ «Հայկական նախկին դիրքերում, որտեղից մերոնք հետ են քաշվել, այնտեղ նստած են։ Եթե Խորհրդային միության ժամանակ հաստատ գիտեինք, որ Բաղանիսի ու թուրքերի սահմանը Բաղանիս գետով է անցնում, հիմա Բաղանիսի տարածքով է անցնում, ոչ թե գետով։ Փաստորեն եկել են, Բաղանիսի տարածքից ահագին վերցրել են»,- ասաց Բեգլարյանը։

Անդրադառնալով հարցին, թե գյուղերից արտագաղթ կլինի՞, ի՞նչ տրամադրություններ են մարդկանց մոտ, նա ասաց․ «Եթե այսպես կոչված անկլավների հարցն էլ առաջ բերեն, եթե գան ասեն՝ Ոսկեպարի վերեւի հատվածն էլ պիտի տանք, ի՞նչ ապրելու մասին է խոսքը։ Եթե Կիրանցում թուրքին տեսնեն, արտագաղթ կլինի։ Այսօր դեռեւս թուրքին Կիրանցի կենտրոնում չեն տեսնել, երբ կտեսնեն, այն ժամանակ կտեսնեք, թե արտագաղթը ոնց է լինում։ Ոչ մեկը թուրքի հարեւանությամբ չի ուզում ապրել, հետն էլ երեխա պահել»։

Նշենք, որ Ազգային ժողովում լրագրողները հարցրել էին Նիկոլ Փաշինյանին՝ ինչո՞ւ Բերքաբերի հողերը չեն վերադարձվել Հայաստանին։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ այսպես կոչված սահմանազատման գործընթացի շրջանակներում Հայաստանին կվերադարձվեն 33 գյուղերի կենսական նշանակության հողատարածքները։ Երեկ նա լրագրողների հարցին ի պատասխան ասաց«Այդ հատվածում սահմանազատում տեղի չի ունեցել»։ Փաշինյանը նաեւ չպատասխանեց հարցին, թե երբ են ադրբեջանցիները հետ քաշվելու ՀՀ տարածքներից։

Ռոզա Հովհաննիսյան

Զրոյական տեղեկանք․ արցախցիները չեն կարողանում տիրապետել իրենց գույքին

Արդեն մոտ մեկ ամիս է` արցախցիներից շատերը չեն կարողանում ստանալ գույքահարկի գծով պարտավորությունների բացակայության տեղեկանքը՝ ժողովրդին հայտնի զրոյականը։ Մեքենայի օտարման գործարք գրանցելու համար ՀՀ ճանապարհային ոստիկանությունը պահանջում է տեղեկանքը, իսկ քաղաքային համայնքների ղեկավարների կողմից այն տրամադրելու դեպքում ՀՀ իրավապահ մարմիններն ասում են՝ կեղծ է։ Արդյունքում հազարավոր մարդիկ չգիտեն ինչպես վարվել։

Մարիամ Մկրտչյանը դարձել է շախմատի մինչև 20 տարեկան աղջիկների աշխարհի փոխչեմպիոն

«Մարիամ Մկրտչյանը դարձել է շախմատի մինչև 20 տարեկան աղջիկների աշխարհի փոխչեմպիոն», – հայտնում է շախմատի ֆեդերացիան: Ֆեդերացիայի հայտարարության համաձայն ՝ «Մարիամը, չպարտվելով ոչ մի պարտիայում, 11 հնարավորից վաստակեց 9,5 միավոր և նվաճեց արծաթե մեդալ»։

Պետք է պարզել, թե ում կառավարություններն են պատասխանատու Արցախի հանձնման համար, և ովքեր են կանգնած 2018 թ․ հեղափոխության հետևում

Քաղաքագետ և սոցիոլոգ, Արցախի պետական ​​համալսարանի դասախոս Դավիթ Կարաբեկյանը Step1.am-ի հետ զրույցում մեկնաբանել է հունիսի 12-ին Երևանում Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունները։

«Ոստիկանության կողմից ցուցարարների դեմ հատուկ միջոցների կիրառումը պահանջում է հատուկ հետաքննություն՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ։ Բայց ընդհանուր առմամբ, բոլոր գործողությունները ցույց են տալիս, որ Հայաստանում ժողովրդավարության հաղթական երթի մասին միֆը փուչիկ է։

Բողոքի ցույցերը ճնշելու ժամանակ բռնության զանգվածային կիրառումը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության այլ տարածքների հանձնման ֆոնին ամբողջությամբ խարխլում է իշխանության լեգիտիմությունը և պահանջում է բարձրացնել կառավարության վաղաժամկետ հրաժարականի հարցը, քանի որ նրանց ծառայողական պարտականությունների շարունակությունը, ինչպես ցույց տվեց իրավիճակը, էական, անհաղթահարելի խոչընդոտ կդառնա օբյեկտիվ, արդար քննության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

Լավ կլինի նաև նոր հետաքննություն սկսել «Մարտի 1»-ի գործի և Արցախի  ու «Թուրանի դարպաս» նախագծի շրջանակներում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հավակնվող տարածքների հանձնման վերաբերյալ։

Պետք է պարզել, թե ում համար և հանուն ինչի է հանձնվել Արցախը և ում կառավարություններն են պատասխանատու 2020 և 2023 թվականներին Արցախի տարածքների հանձնման համար, ովքեր են կանգնած 2018 թվականի թավշյա հեղափոխության, ինչպես նաև Տավուշի գյուղերի եւ Հայաստանի այլ տարածքների հանձնման հետևում»։